ԽՈՍՈՂ ԱՐՁԱՆԸ
1955 թվականին Բաղդադ քաղաքում հաճախում էի «Մարքազիա» պետական դպրոցը: Քաղաքի լավագույն ուսուցիչներն այնտեղ էին դասավանդում: Քաղաքի հին եռամյա դպրոցներից էր` հիմնադրված 1928 թվականին: Ասում էին, որ Իրաքի Ֆայսալ I թագավորը դասընթացներ է անցկացրել այդ դպրոցում: Այն միասեռ էր, մի երևույթ, որ տիրում է Իրաքում մինչև այսօր:
Սովորություն էր դարձել ուսումնական տարվա ավարտին տոնախմբություն կազմակերպել, ցուցադրել արվեստի դասարանների ավարտական գործերը, մարմնամարզական որոշակի խաղեր, պարգևատրել շնորհալի աշակերտներին և ամենավերջում աշակերտների ուժերով փոքր դահլիճում թատրոն ներկայացնել: Հրավիրվում էին ծնողները, իսկ աշակերտները ներկայանում էին հագած իրենց լավագույն հագուստները: Տոն էր աշակերտության համար, բոլորի տրամադրությունը բարձր էր, ի վերջո, սկսվում էին սպասված եռամսյա ամառային արձակուրդները:
Դահլիճում աշակերտների պարգևատրությունից հետո ներկաներն անհամբեր սպասում էին վարագույրների բացվելուն և ներկայացման սկսվելուն:
Նախորդ տարիների բեմադրությունների մասին շատ ասեկոսեներ էին եղել, խաղացող աշակերտները գնահատվել էին: Այնպես որ, դահլիճում ազատ տեղեր չկային: Աշակերտներին իրավունք տրվեց նստել գետնին: Շոգ ու տոթ էր սրահը, և սպասումը երկար էր թվում:
Վերջապես վարագույրները բացվեցին: Բեմի վրա հայտնվեցին «դերասանները»: Անհայտ գրողից թարգմանություն էր, ֆրանսիական հեղափոխության հետ կապված մի պիես: Շատ պարզունակ մի սենյակ էր: Բեմից հնչում էին ազատության, արդարության, եղբայրության կոչեր, դատապարտում էին անկար ղեկավարներին: Սկզբում խոր լռություն էր տիրում, ապա մի անգամ ևս ազատություն բառը հնչելուց հետո ինչ-որ մի հեռու անկյունից ծափահարող եղավ, և լռությունը խախտվեց: Ամբողջ դահլիճը ծափահարում էր: Ծափահարությունները թեժանալու հետ բեմի խոսակցությունն ավելի էր թեժանում, հեղափոխական զգացումները բոցկլտում էին: Մի քանի ոգևորված աշակերտներ ոտքի կանգնեցին և գոչեցին` կեցցե՛ ազատությունը: Դահլիճը պատասխանում էր. «Կեցցե՛, կեցցե՛, կեցցե՛, կորչի՛ իմպերիալիզմը, կորչի՛, կորչի՛, կորչի՛...»:
Անկասկած, դպրոցի տնօրինությունն անհանգստացավ, որ իրենց կազմակերպած հանդեսը քաղաքական ցույցի է վերածվում: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ էին 52 թվականի ուսանողական ցույցերը Բաղդադի փողոցներում, որտեղ մի քանի տասնյակ ուսանողներ սպանվեցին ոստիկանների կրակոցներից:
Բեմադրության երրորդ բաժնում հերոսը սպանվում է զինվորի կրակոցից, ընկնում է հատակին, և վարագույրը փակվում է:
Տրամադրությունները տխուր ու բարկացկոտ էին, պայթուցիկ լռություն էր տիրում: Բոլորը հուզված էին, ոմանք էլ հուզված չէին, բայց ձևանում էին հուզված…
Այս դպրոցը անցյալ պատմության մեջ մասնակից էր դարձել իր ցույցերով 1947-ին, 1952-ին,1954-ին, աշակերտները վտարվել էին դպրոցից, իսկ ոմանք էլ` ձերբակալվել աշակերտության ցույցը կազմակերպելու մեղադրանքով:
Հիշողությունները թարմ էին, հույզերը` խոր…
Վարագույրները բացվեցին նորից…
Բեմի վրա դրված էր մի սեղան` մինչև հատակը սպիտակ շորով ծածկված: Եվս մի փոքրիկ սեղան ծածկված էր սպիտակ շորով, որպես արձանի պատվանդան, որի վրա կանգնած էր մեր նահատակված հերոսը` սպիտակ շորերով: Սպիտակ էին շալվարը, շապիկը, ձեռքերն ու երեսը: Սուրը ձեռքին ուղիղ կանգնած էր փակ աչքերով: Նահատակված հերոսի արձանի մոտ էլ կատարվում էր պիեսի վերջին գործողությունը, կարծես ժողովուրդը հիշում է իր հերոսին:
Դահլիճով շշուկ անցավ… Ներկաներն արագությամբ հասկացան, որ դպրոցի աղքատ միջոցներով հնարավոր չէր նման բան բեմադրել: «Ռեժիսորը» հմուտ միջոցի էր դիմել. «Համ էժան էր, համ` նման» ասացվածքի պես:
Հուզված աշակերտությունը, շունչը պահած, լսում էր արձանի մոտ կանգնած «դերասանների» զրույցը: Ներկաները հազիվ կարողացան իրենց ուշադրությունը կենտրոնացնել խոսքի վրա, մեկ էլ «արձանը» սկսեց շարժվել. տատանվում էր աջ ու ձախ: Արձանը, որի հայացքն ուղղված էր հորիզոնին, բացեց աչքերն ու դիմեց ներքևի դերասաններին` ընկնելու եմ: Դերասանները կարծես չլսեցին: «Արձանը» ավելի բարձր ձայնով խոսեց. «Տո՛, ասում եմ` ընկնելու եմ», ու տատանվեց:
Հերոս «արձանի» ձայնը բոլորը լսեցին, և տրամադրությունները 180 աստիճանով փոխվեցին, սկսվեց հռհռոց, ծիծաղ, բացականչություններ…
Վարագույրները փակվեցին… Դահլիճում բախվում էին ազատության տենչը, հուզմունքն ու «խոսող արձանի» պատճառած ծիծաղելի վիճակը: Շատերն էին շփոթված և չգիտեին` տխուր բարկացկոտ հույզերի հետ մնայի՞ն, թե՞ ծիծաղեին:
Վարագույրը կրկին բացվեց: Մի ակնթարթում շփոթված վիճակից ազատվեցին այն հանդիսականները, ովքեր զայրանում էին իրենց մտավոր աշխարհում և մասնակից դարձան դահլիճի պոռթկացող ծիծաղին: Ծիծաղում էին իրենց ողջ մարմնով, ոսկրամկանային համակարգով, թոքերով և աղեստամոքսային համակարգով…
Բեմադրությունը կիսատ չմնալու և չորրորդ ու վերջին գործողությունը շարունակելու համար բեմադրիչն արագ լուծում էր գտել: Երբ վարագույրները բացվեցին, «արձանը» պատվանդանի վրա կանգնած դիրքից նստել էր աթոռին, սուրը պարզել առաջ: Սպիտակեցրած երեսի վրա սև աչքերը բաց էին, դեմքն ուներ զարմացած արտահայտություն, շփոթված նայում էր հռհռացող դահլիճին:
Վիճակն ավելի վատթարացավ: Ժողովուրդն սկսեց ծիծաղել շնչասպառ` արցունքոտ աչքերով, երբ «արձանը» սկսեց փռշտալ. սպիտակ կավճից պատրաստած ներկը գրգռել էր քթանցքերը… Վարագույրները նորից փակվեցին: Այս բեմականացումը հիշվեց շատ երկար ժամանակ և հիշվում է հիմա` կես դար հետո: