ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ներսես Շնորհալի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ներսես Շնորհալի

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 17 апр 2014, 16:06

(45.78 кб) Просмотров: 155





Բանաստեղծ, երաժիշտ, աստվածաբան, Ամենայն հայոց կաթողիկոս
Ներսես Շնորհալին (Ներսես Դ Կլայեցի, 1166 թ-ից) միջնադարյան
Հայաստանի կիլիկյան հոգևոր-մշակութային դպրոցի ամենափայլուն և
համաքրիստոնեական քաղաքակրթության խոշոր ներկայացուցիչներից է:





Կենսագրություն

Ներսես Շնորհալին ծնվել է 1102թ օգոստոսի 13-ին Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս:

Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, միշտ եղել է 18 տարեկանում կաթողիկոս կարգված եղբոր՝ Գրիգոր Գ Պահլավունու կողքին: Նրանք ծրագրել էին հայրապետական աթոռը փոխադրել Անի, այնտեղ վերականգնել հայկական իշխանությունը: Սակայն Հայաստանի քաղաքական ծանր պայմաններում հնարավոր չի եղել իրագործել այդ ծրագիրը: Եղբայրները 1150 թ-ին Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն:
Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ժառանգությունը, որը մեզ է հասել գրեթե անկորուստ: Գրել է արձակ (ճառեր, թղթեր, մեկնություններ) և առավելապես չափածո (տաղեր, բանքեր, շարականներ, հանելուկներ, պոեմներ և այլն) երկեր: Արձակ գործերն առնչվում են հեղինակի եկեղեցական ու քաղաքական գործունեությանը և ունեն պատմական ու գրական մեծ արժեք:

Շնորհալու արձակի պսակը «Թուղթ ընդհանրականն» է, որը նորընտիր կաթողիկոսի անդրանիկ կոնդակն էր՝ ուղղված հայ ժողովրդին: «Թուղթ ընդհանրականը» ժամանակի Հայ եկեղեցու, հոգևորականության, աշխարհիկ խավերի կենցաղի ու բարքերի հայելին է, պատմական արժեքավոր վավերագիր ու գրական երկ, որն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը: Գրված է կուռ տրամաբանությամբ և դիվանագետի հմտությամբ, պարզ, հստակ ու պատկերավոր լեզվով:
Շնորհալին հայ քնարերգության մեջ առաջին չափածո պատմության, պատմահայրենասիրական ողբի, տիեզերական պոեմի, չափածո ներբողյանի, ուղերձի ու մաղթանքի հեղինակն է: Նա նաև մեր առաջին մանկագիրն է, մանկավարժական-ուսուցողական բանաստեղծության հիմնադիրը: Գրել է չափածո խրատների 2 շարք՝ անձնավորելով հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև 300-ից ավելի չափածո հանելուկ-առակներ՝ դառնալով հանելուկի՝ որպես գրական առանձին ժանրի ստեղծողը հայ գրականության մեջ:




«Սբ Ներսես Շնորհալի», խճանկար` Սբ Ղազար եկեղեցու առաստաղին
Image_5023.jpg
Image_5023.jpg (29.53 кб) Просмотров: 155





Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով.

Առավո՛տ լուսո, Բղխ՜ումն ի հորե,
Արեգա՛կն արդար, Բղխեա՜ ի հոգվույս
Առ իս լույս ծագեա՜: Բան քեզ ի հաճույս...


«Առավոտ լուսո»-ն միջնադարի լուսերգության գագաթնակետն է, որտեղ խտացված են բնության կատարելությունների հանդեպ մարդու անսպառ հավատը: «Նորահրաշ պսակավոր» ազգային-հայրենասիրական շարականում հեղինակը գովերգել է Ավարայրի հերոսներին՝ Մեծն Վարդանից մինչև նահատակված շարքային մարտիկները: «Հավատով խոստովանիմ» (1151 թ.) նշանավոր աղոթքը՝ բաղկացած օրվա 24 ժամերին համապատասխան տներից, համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է. թարգմանվել է 36 լեզվով: Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»:
Շնորհալու «Վիպասանություն» պոեմը (1121 թ.) առաջին չափածո պատմագրական երկն է: Պոեմը սիրվել ու տարածվել է ողջ միջնադարում՝ որպես հայոց պատմության և հայրենասիրության ուսուցարան: Նրա «Հիսուս որդի» (1152 թ.) պոեմը «Նարեկի» (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը) հետ եղել է հոգիները բուժող աղոթամատյան:
Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» (1145 թ.) քնարավիպերգական պոեմը, որտեղ պատկերված են 1144 թ-ին Եդեսիա (կամ Ուռհա) հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը: Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս և սգավոր այրի, որը հիշում է իր երանելի անցյալը, զոհված զավակներին, անիծում ոսոխներին և վրեժխնդրության կոչ անում: Հայրենասեր բանաստեղծը ողբում է ոչ միայն Եդեսիայի, այլև բուն հայկական քաղաքների անմխիթար վիճակը: Սակայն Շնորհալու ողբը հուսահատ չէ. նա հավատում է իր հայրենիքի հուսալի ապագային, վստահ է, որ քրիստոնյա աշխարհի օգնությամբ կթոթափվի մահմեդական լուծը:

Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով. ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը:
Հայ եկեղեցու պատմության մեջ Գրիգոր Լուսավորչից, Սահակ Պարթևից, Մեսրոպ Մաշտոցից ու Գրիգոր Նարեկացուց հետո ոչ ոք այնքան չի մեծարվել ու սիրվել, որքան Ներսես Շնորհալին՝ որպես սուրբ, հայրապետ ու մատենագիր: Ժամանակակիցներն ու հաջորդները նրան մեծարել են Երգեցող, Երկրորդ Լուսավորիչ Հայոց, Տիեզերալույս, Եռամեծ վարդապետ, Երանաշնորհ սուրբ և այլ պատվանուններով:
Սբ. Ներսես Շնորհալու հիշատակը Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ «Սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ:
Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան:




Հայ եկեղեցու
Սուրբ Ներսես Շնորհալու շքանշանը
Image_5022.jpg
Image_5022.jpg (30.5 кб) Просмотров: 155





«Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»:
Կիրակոս Գանձակեցի




«Չկա տեսակ մը հմտություն, հորում հաջողած չըլլա այս հռչակավոր Հայրապետը»:
Գուլիելմուս Վիլֆրուան
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз