ՎԻՍԵՆԹԵՆ ԹՌՉՈՒՄ Է ԴՐԱԽՏ
(Հեքիաթ)
Վիսենթեին բոլորը ճանաչում էին, որովհետև նա տխմար բիձուկ էր, կարճլիկ գաճաճ՝ երկար գզգզված մորուքով, որի թավուտներում ձկնաթեփեր ու մամուռի կտորներ էին խրված: Նրա ոտքերը կարծես երկու ծուռումուռ ճյուղեր լինեին, իսկ կիսատ ձեռքերը, դեռ գոտկատեղին չհասած, ավարտվում էին: Բայց դա Վիսենթեին ամենևին չէր խանգարում, ծուռումուռ ճյուղերով լավ էլ վազում էր, արագ հասնում գետափ, խճճված մորուքը նետում ջուրն ու սպասում: Մի քանի րոպե, ու ծերուկը հազիվ բարձրացնում էր քրտինքից կարմրած գլուխը, ու տասնյակ ձկներ, բերանները բացուխուփ անելով, խլվլում էին նրա մորուքի ծանծաղուտներում:
Հետո գաճաճը փոքրիկ մատները մխրճում էր մորուքի մեջ, ամուր բռնում սահող ձկներին ու հերթով խցկում գրպանները: Ձկները դեռ թպրտում էին, իսկ Վիսենթեի գրպանները` պար գալիս: Գաճաճը գոհ էր իր կյանքից, այնքան գոհ, որ բոլորը երբեմն նախանձում էին նրա տխմարությանը:
«Տեսնես տխմարությունը երջանկությո՞ւն է, թե՞ դժբախտություն»,- մտածում էին Բոլորը, ու մի մասը խղճահարությամբ, մյուս մասն էլ արհամարհանքով նայում Վիսենթեին:
Իսկ Վիսենթեն վազելով սարն էր մագլցում, գագաթին նիրհող մի ամպ բռնում, որսած ձկները լցնում ամպի մեջ ու նրան երկինք թողնում: Ամպը մի քիչ լողում էր երկնքի կապույտում ու հանկարծ պայթում՝ ձկներին անձրևի պես մաղելով ցած:
- Նորից տեղ չհասան, տեղ չհասան...: Հիմա ի՞նչ կմտածի իմ մասին: Չէ՛, չէ՛, Վիսենթեն անշնորհակալ չէ: Վա՛յ ձկներ, վա՛յ ձկների անձրև:
Լաց էր լինում ծերուկն ու վշտից գալարվում:
- Ո՞ւր է անձրև, ա՛յ տխմար,- զայրանում էր Բոլորի միջից մեկը,- ի՞նչ ես անտեղի գոռգոռում:
Իսկ Վիսենթեն դեռ գալարվում էր ու պատմում Բոլորին, թե ինչպես են պայթում բոլոր ամպերը, որովհետև ամպերը շշմած են ու ամբողջ օրը սարերի վրա թիկնած` նիրհում են:
- Խե՜ղճ Վիսենթե,- ոմանք խղճում էին նրան, իսկ ոմանք էլ արհամարհանքով ասում,- ի՛նչն է խեղճ, աչքին ինչ ուզի, երևում է, կուզի` ոսկե պալատում կապրի, կուզի` գետից ոսկե ջրահարս կբռնի, տխմարը մեզանից երջանիկ է:
Բայց Վիսենթեի ուզածն ուրիշ էր: Պետք է ամեն գնով դրախտ հասներ: Արդեն գիտեր, թե ինչպես՝ Երկրից մի փոքրիկ հողակտոր կպոկեր ու կթռչեր: Դրա համար էլ իր տան բակում մի շրջանակ էր գծել ու հիմա էլ, ամբողջ օրը հողի ու փոշու մեջ խրված, փորում էր:
- Ի՞նչ ես անելու դրախտում,- ծաղրում էին նրան Բոլորը:
- Ուզում եմ Աստծուն շնորհակալություն հայտնել:
- Որ քեզ վրա ծիծաղել ու տխմար արարա՞ծ է խզբզել:
- Նրա համար, որ ապրում եմ,- լուրջ-լուրջ պատասխանում էր Վիսենթեն, թափ տալիս փոշոտ մորուքն ու շարունակում փորել:
- Չէ՛, Վիսենթեն իրոք տխմար է,- համոզվում էին Բոլորն ու գնում իրենց գործին:
Բայց հանկարծ մի օր լսվում է Բոլորի միջից ինչ-որ մեկի ձայնը.
- Նայե՛ք, Վիսենթեն դրախտ է թռչում,- ու Բոլորը, իրենց գործերը թողած, սկսում են վազել գաճաճի հետևից,- կանգնի՛ր, Վիսե՛նթե, այդ ո՜ւր-ո՜ւր-ո՜ւր...:
Վիսենթեի մորուքն ուռել, հսկա առագաստ էր դարձել, իսկ փոքրիկ հողակտորը, որի վրա նստած թռչում էր, կարծես ծուռումուռ նավ լիներ: Նրա գրպանները նորից պարում էին, ինքն էլ ծուռումուռ շրթունքներով ժպտում: Վերջապես ձկներն Աստծուն կնվիրաբերի ու շնորհակալություն կհայտնի, որովհետև վաղուց հասկացել էր, որ տխմարներն էլ իրենց ձևով են երջանիկ, որ իրեն իզուր չեն խզբզել:
Բայց հանկարծ կղզին օդի մեջ կանգնում է ու սկսում ճոճվել: Գաճաճը ճյուղե ոտքերով իսկույն գրկում է հողակտորը, ամուր ճանկում, որ հանկարծ վայր չընկնի:
Ամբողջ գյուղը` թե՛ նրանք, ովքեր խղճում ու թե՛ նրանք, ովքեր արհամարհում էին Վիսենթեին, գաճաճի մորուքից բռնված բարձրանում էին վերև:
- Այդ ու՞ր եք գալիս, սա իմ երազանքն է, իմ կղզին, դուք ի՞նչ ունեք Աստծուն ասելու, դուք իմ պես խզբզված չեք:
- Հետո՞ ինչ,- բղավում էին Բոլորը ու իրար հրմշտելով բարձրանում վեր,- մի բան կգտնենք Աստծուն ասելու ու հետո ի՞նչ իմանաս` որ խզբզոցն է ավելի ճիշտ ու կատարյալ: Կխնդրենք մեզ էլ քեզ պես խզբզի, մենք էլ ենք ուզում երջանիկ լինել:
Երբ Բոլորն արդեն գլուխ-գլխի հավաքված լցվել էին կղզու վրա, հանկարծ փոքրիկ հողակտորը ծանրությունից տնքում է, ճառագայթաձև ճաքճքում, փշրվում ու փոշիանում: Բոլորն անձրևի պես ընկնում են ցած, հետո ոտքի են կանգնում, թափ տալիս իրենց ու այնպես հանգիստ հեռանում, կարծես ոչինչ չի էլ եղել:
- Ո՞ւր է իմ կղզին, ո՞ւր կորավ իմ երազանքը, անխիղճնե՛ր, ի՞նչ եք ուզում ինձնից:
- Ի՞նչ կղզի, ա՛յ տխմար, էլի խենթացա՞ր,- զայրանում է Բոլորի միջից մեկը,- հերի՛ք է գոռաս, ոչ մի կղզի էլ չկա:
Իսկ ծերուկը դեռ շարունակում էր գոռալ ու գալարվելով լաց լինել:
- Մեկ է, գնալու եմ, ինչ ուզում է լինի, գնալու եմ, էնտեղ էլ գետ կլինի, էնտեղ էլ ձկներ կբռնեմ:
Այդ օրը ծերուկ գաճաճն էլ տանից դուրս չեկավ: Երջանիկ ժպիտով անշարժացած` պառկել էր փայտե մահճակալին: Միայն ձկնաթեփերով խառնված մորուքն էր անսովոր տարուբերվում՝ փոքրիկ ձկնիկ էր խճճվել ուռկան-մորուքի ծանծաղուտներում: Իսկ երբ երեկոն իջավ, երկնքում մի ամպ որոտաց, մեծ ու փոքր ձկներին անձրևի պես մաղեց ցած: Բոլորը զարմացած դուրս էին եկել ու նայում էին այդ անսովոր տեսարանին:
- Վիսենթեն դրախտում է,- շշնջաց Բոլորի միջից ինչ-որ մեկը, ու Բոլորը սկսեցին Բոլորի հետ փսփսալ,- դրախտո՜ւմ է, դրախտո՜ւմ, ի՜նչ երջանիկ է տխմարը…: