«L’IMPREVU»
- Նոր հասած պոժոլե ունինք, - հայտնեց սպասյակը, արձանագրեց պատվերը ու, խոնարհիլ ձևացնելով` հեռացավ:
Նույն ճաշարանն էին, «Աննախատեսելի» նույն հացատունը: Դիմացի կնոջ հետ բառերը կÿենթարկվեին հատուկ դիազննության, վայրին անունը ամեն անգամ ալ կը ստանար մասնավոր ուշադրություն։ «Լ՚Էմփրէվյու»...: Ծիծաղելի էր պարզապես։ Ի՞նչ տեղի կÿունենար հոն որ կարենար դուրս նկատվիլ սովորականի հանգամանքեն: Նույն հաճախորդներն էին, նույն ճաշացուցակը, նույն համեմները։ Ի՞նչն էր ներշնչման ակը անվանակոչումի անոր հեղինակին։ Քիչ անդին, պառի բաժնին մեջ, նույն շիշերը, շարված Սեն Տընիի մայթախիճներուն պես, մեջընդմեջ կÿիջնեին, կը գոհացնեին գավաթներ ու, քիչ մը թեթևցած` կը վերադառնային իրենց դիրքերուն, նոր հաճախորդներ սպասելով։ Զանազան ու գույնզգույն այդ հեղուկները, ինչպես ամեն տեղ, պերճախիճներու նման, կը գործածվեին մեկ նպատակի։ «Անննախտեսելի...»: Հեռավոր, շատ հեռավոր տեղ մը, աննշան փողոցի մը մեկ խուլ անկյունը, հնակարկատ մը իր խանութը Էլիզե կոչած էր: Երկու հաստատություները, առանց ոչինչ կորսնցնելու, կրնային փոխանակել իրենց անունները ու ոչինչ պիտի փոխվեր: Ո՛չ առաջինին պիտի դիմեին մարդիկ իրենց մաշած կոշիկներուն համար, ոչ ալ երկրորդին` սոված երախ գոհացնելու։
- Եթե կարելի է, սառնարանեն չըլլա քամամպեռը։
Առաջին հանդիպումեն բավական ժամանակ անցած էր, շուրջ մեկ հղության ժամանակաշրջանի երկարությամբ։ Ոմանք բերք հասցուցած էին, ուրիշներ` պատրաստված դպրոցական քննություններու։ Ոչինչ փոխված էր աշխարհի հավասարակշռութենեն: Կը շարունակեր թավալիլ անիկա անտարբեր ու ուշադիր մարդոց բոլոր քայլերուն: Իսկ «Աննախատեսելի»-ն վերածվելով հանդերձ հասարակ տեղիքի, հանդիպման սովորական վայրի, երբեմն խորհրդածելու կը մղեր սա հաճախորդը։
Բայց ի՞նչ գործ ունեին իրարու հետ կինն ու երիտասարդը: Աղվոր համով հեղուկը սկսած էր շեշտել գույներու տարբերությունը։ Երկրորդ սափորը հասած էր կեսին, իսկ քանակության մեծ մասը իջած էր կնոջ կոկորդեն։ Մետրոյին մեջ ծանոթացած էին։ Շնորհիվ կաթիլ մը ջուրի: Դիպվածն էր ճարտարապետը հանդիպումին: Թացիկ առաստաղեն նստարանի մը վրայ իջնող կաթիլը պիտի արատավորեր անծանոթ կնոջ սպիտակ զգեստը, երբ շնորհիվ երիտասարդի դիպուկ միջամտության, փորձանքը չէր պատահած ու փրկված էր կնոջ հանդերձանքը: Ժպիտով գեղեցկացած շնորհակալության` երիտասարդը պատասխանած էր ուրվագծային խնդուքով մը։ Բայց պատահականությունը կրկին կը շրջեր մայթերուն վրա, երբ կը հանդիպեին դարձյալ: Այս անգամ կրնային խոսիլ հին ծանոթներու պես, հիշել անցյալի կաթիլ մը հուրը, բառ փոխանակել տեղալիք անձրևներուն մասին: Պաշտոնականությունը, սակայն, հաղթական կը հռչակվեր ու տեղքայլը նոր հրահանգ չէր ստանար։ Երրորդ առիթ մը իր մեջ կը պարփակեր մոտեցման արարողությունը ու նույնիսկ կը պարտադրեր որոշ մտերմություն մը: Գավաթ մը սուրճ խմելու Ժամանակը բավարար կÿըլլար կնոջ` ճաշարան ու թատրոն հրավիրելու երիտասարդը։ Այսպես, Եկուր քովս նստե ըսելու, կատակելու համարձակորեն։ Առաջին իսկ առիթին դիտած էին երեք պիես, մեկը մյուսին ետևեն, դադարներով։ Թատրոն-ընթրիք, թատրոն-սուրճ, թատրոն-գարեջուր: Մեկը բանաստեղծություններ արտասանած էր, երիտասարդր չէր կրցած գնահատել զանոնք, կինը դիտած էր կեդրոնացած, վերացած նույնիսկ ու հետագային տասը անգամ կրկնած, թե շատ սիրած էր։ Մեկ հոգի չէր, երեք հոգի էին: Լուսարձակը կանգ կÿառներ մեկուն վրա ու ան կÿարտասաներ: Երկրորդ պիեսը երկուքին ալ անտեսումին ենթարկվելե ետք, երրորդը խաղցված էր մեկ դերակատարով, խնայողությամբ: Հրեայի մը մասին էր, ծերուկ ու լքված։ Առավել խանդավառված էր կինը, բայց երիտասարդին ճամարտակելը տեսնելով` հուսախաբ եղած, գոչած էր.
- Հաջորդ անգամ ավելի զգուշությամբ կÿընտրենք կտորները:
Հաջորդ անգամ, հաջորդ անգամներ ալ պիտի ըլլային։ Անշուշտ:
- Քամամպեռ մըն ալ կարելի՞ է։
Ո՛չ կակուղ էր, ոչ ալ չափազանց կարծր քամամպեռը։
- Առանձի՜ն եմ...
Քանի մը ումպով գինին իջած էր իրեն վերապահված տեղը, վերածված զգայնության, վերածված մտածումի, պարագայի ու կացության և եկած դուրս, հարուստ բառի մը ծպտումով: Սակայն երիտասարդը անկարող կը զգար մեկնաբանելու բառին իսկական տրամադրությունը: Կը փորձեր մտնել հայտարարության հետևող լռության լաբիրինթոսին մեջ, կը մնար հոն պահ մը, պատեր, բայց դուրս կու գար առավել խառնշտկված մազերով։ Կինը գիտեր, որ դիմացի երիտասարդը ամուսնալուծված էր, կÿապրեր առանձին, շրջուն վաճառորդ էր հանրագիտարանի: Կինը գիտէր այս բոլորը առաջին իսկ հանդիպումին, մինչ չորրորդ կամ հինգերորդ հանդիպումին է, որ երևան եկած էր կնոջ ամուսնացած ըլլալը, ճաշարանապետ ամուսին ունենալը:
- Չի՞ հարցներ, թե ուր կÿերթաս...
- Ո՞վ։
- Ամուսինդ...
- Ոչ:
- Որու հետ կ՚երթաս...
- Վստահություն ունի վրաս:
Իսկ ի՞նչ կը նշանակեր առանձնության մասին սա հառաչանքը։ Ի՞նչ ըսել կÿուզեր կինը, որուն հիմա աջին նստած էր, ուրիշ օր ձախին, ուրիշ անգամներ ալ դիմացը:
«Առանձի՜ն եմ...»։
Ցուրտ էր: Կնոջ մուշտակին մեջ մխրճելով բազուկը երբ ավելի մոտեցավ երիաասարդը, սառն շեշտով մը`
- Կը վախնաս, որ փախցնե՞ն զիս, - գոչեց։
Օ՜, անշուշտ որ չէր վախնար: Չէ՞ որ միասին ճաշած էին քանի մը անգամ, թատրոն գացած, վիճած, մտերմացած: Ուրեմն` անիմաստ էին այս բոլորը: Կատակ: Բայց նույնիսկ եթե փախցնեին, ոչինչ կրնային ընել, որովհետև մերկություն չունեցող կին մըն էր ան։ Ոչ ոք կրցած էին սիրել, ոչ ոք կրնար սիրել: Մտահոգիչ եղած էին կնոջ խոսքերը: Հապա ամուսի՞նը, հապա մանչո՞ւկը: Հապա Ռիլքեյի բանաստեղծություննե՞րն ու հրեան...: Ուրեմն` երիտասարդն ալ ոչ ոք էր, ամուսինն ալ ոչ ոք էր:
Ու հիմա «Առանձի՜ն եմ»` «Աննախատեսելի» ճաշարանի կարմիր ծածկոցով մեկ սեղանին վկայությամբ:
Ժամանակը կը մոտենար առօրյա սպառումին, ցուրտը սաստկություն կը փոխեր, երիտասարդը բազուկը կÿազատագրեր կամավոր թակարդեն ու կը տրտմեր:
- Տաքսի՜...
Այր մարդու մը նման, ձեռքը ճոճելով օդին մեջ, կառք մը կանչած էր կինը: Լա՛վ որ կանգ կ՚առներ վարորդը, զբաղած չէր ու կը հեռացներ զայն: Ելեկտրոնիկ խաղալիքի մը առջև անճրկած մանուկի մը նման, երիտասարդը չէր գիտեր ինչ ընել կին-խաղալիք այդ բարդության դիմաց: Թող տաքսին առներ հատուկ առաքելություն ու հեռացներ հաճախորդը դեպի անգտանելի թաքստոց մը:
Նոր հրավերի մը առջև վայրկյան մը իսկ տատամսած չէր երիտասարդը: Որոշումը, սակայն, վերջնական էր: Ոչ մեկ քայլ պիտի առներ ո՛չ ճաշարանը, ո՛չ թատրոնը, ո՛չ իսկ սինեման: Ո՛չ լույսը պիտի շահագործեր, ո՛չ մութը: Թատրոնը շատ բան չէր ըսեր իրեն, բայց չէր հաջողեր նաև ինքզինք ազատել կնոջ հմայքի քաշողութենեն: Բոլորն ալ անոր անցքովն է, որ կը հետաքրքրվեին, վերջը միայն նայվածք մըն ալ շնորհելով իրեն, պարզապես հասկնալու համար, թե ո՞վ էր վիճակահանության բախտավորը: Ու պաղպաղակ կÿուտեին, ինք երկու հատ կÿուտեր, կինը հիացած զինք կը դիտեր, երրորդ մըն ալ կÿառաջարկեր, կը մերժվեր սակայն, Պոպուրկ կը մտնեին, մերկ արձաններ կը դիտեին, անճոռնի արձաններու դիմաց կինը կը կենար պահ մը, պահեր, կը քալեր արագ, կը վերադառնար, կրկին կը նայեր պաստառներուն, ապա կÿերթային թատրոնը փնտրելու: Ազատության մասին էր այս անգամ ներկայացումը: Զայն բռնաբարողներուն դեմ։ Կրկին շատ մարդ չկար բեմին վրա։ Երկու հոգի, վերջը երեք, գրող մը, գարեջուրի գործարանի մը տեսուչը։ Անզուգական գարեջուր խմող էր տեսուչը: Ամեն ոք ազատ էր ուզած անձին հետ տեսակցելու, անշուշտ ագատ էր: Այսպես կը խոսեր տեսուչը ու բանվորի վերածված գրողը ազատ էր խոսելու ուզածին հետ։ Բայց ո՞վ էր այդ Քոհուդը...: Անշո՛ւշտ որ ամեն ոք ազատ էր ուզած անհատին հետ հարաբերելու, բայց այդ Քոհուդը, օ՜, այդ Քոհուդին հետ պետք չէ խոսեր...: Անշո՛ւշտ որ ազատ էր ուզածին հետ տեսակցելու...
- Ես քու հտպիտդ եմ, - ըսավ վերջապես երիտասարդը ջղագրգիռ, երբ քանի մը հավելյալ հանդիպումե ետք, ոչինչ պատահեցավ երկուքին միջև:
- Ո՛չ, դուն հտպիտս չես:
Ի՞նչն էր հապա։ Եթե հտպիտը չէր, խաղալիքն էր ուրեմն։ Եթե խաղալիքը չէր, ուրիշ բան էր, հազար տեսակ բան էր, բայց ոչ բնականը:
- Ի՞նչդ եմ հապա...
- Չե՞ս հավատար այր-կնոջ բարեկամության: Դուն իմ բարեկամս ես:
- Անշուշտ, անշուշտ... այր ու կնոջ բարեկամությունը, այր ու կնոջ բարեկամությո՞ւնը ... այր-կնոջ բարեկամությունը աշխարհի ամենեն բնական բանը կը նկատեմ...
Ու հանդիպեցան կրկին։ Ճաշարան գացին միասին, Լ՚եմփրեվյու գացին միասին, Սեն Ժերմենի Ֆլոր սրճարանը նստեցան միասին: Պիցցա կերան Քարթիե Լաթեն, քուսքուս` Ֆոլի Պերժերի մոտ։ Կինը միշտ ալ ընտրեց ակնառու սեղաններն ու գիրքերը։ Ու, վերջապես, երիտասարդը կրցավ հասկնալ, թե կը շահագործվեր պարզապես։ Կանխամտածված ծրագիր մը ուներ կինը: Անոր փնտրածը գայթակղությունն էր:
- Եթե մեզ միասին տեսնեն, դուն կրնաս ամուսին մը կորսնցնել, ես...
- Եթե միասին տեսնեն մեզ, դուն կորսնցնելիք ոչինչ ունիս, իսկ Ժան-Պիեռը շատոնց դադրած է ամուսինս ըլլալե:
- Բայց շվարումի կը մատնես զիս...
- Ինչո՞ւ: Որովհետև ճաշարանն կ՚երթամ հետդ, սինեմա՞ կÿերթամ հետդ, թանգարա՞ն կÿերթամ հետդ...: Վստահ եմ չես հավատար նման բարեկամության: Արդեն ծամածռություն ըրիր այդ օր, երբ...
- Եթե այդպես է, ինչո՞ւ ամուսինդ ալ չÿընկերանար մեզի:
- Ըսի որ շարունակ զբաղած է, բայց եթե շատ կը փափագիս...
- Այո, ինչո՞ւ չէ...
Չէր բերած սակայն: Անշո՛ւշտ որ պիտի չբերեր։ Կիները միշտ ալ ուրացումներ կը սիրեն ընել իրենց իսկական ցանկություններուն մասին: Այլապես ինչո՞ւ ուղղակի աչքերուն մեջ նայելով հայտնեց, թե առանձին կը զգար ինքզինք: Մա՛նավանդ ինչո՞ւ ըսավ, թե ամուսինը դադրած էր ամուսինը ըլլալե...: Ինչո՞ւ շարունակ նոր առաջարկներ կը բերեր: Ինչո՞ւ այս բարեկամությունը չէր իրագործեր ոևէ անձի հետ։ Միլիոնավոր մարդոցմով կը վխտար փապուղին: Վայելուչ երիտասարդներ կային հոն։ Բայց իրա՞վ է, թէ չէր կրնար սիրել: Ծիծաղելի էր սակայն բարեկամության գաղափարը։ Չէր կրնար հավատալ նման բարեկամության մը։ Օր մը անպայման պիտի փոթորկեր անոր ներաշխարհը։ Ամենեն ճարպիկ գողն իսկ օր մը անպայման պիտի իյնար ոստիկանի մը ձեռքը: Ու ասիկա պիտի ըլլար ալքոլի մեղսակցությանբ կամ առանց անոր մասնակցության: Չեր կրնար ըլլալդ որ զգացումներ չխայտային այդ աչքերուն ետին, այդ կուրծքերուն տակ։ Զգացումե պարպված մեկը չէր կրնար նման կենսահորդ խնդուք ունենալ։ Հավանաբար ոչ ոք կրցած էր զգայնություններ պեղել անոր էության մեջ։ Արդեն վերջին հանդիպումին կը խուսափեր ուղղակի աչքերուն մեջ նայելե։ Երիտասարդը պահ մը կը կարծեր, որ կինը ուներ իր տարփածուն: Ուրեմն` կÿորոշեր խզվիլ: Որևէ պատրվակով։ Առանց պատրվակի նույնիսկ: Երկու հայտագիր իրարմե անջատող երաժշտություն չէր ինք։ Արդէն ի՞նչ կրնար ըլալ մետրոյի պես հասարակ վայրի մը ներկայացուցած պատեհությունը: Խավարեն լույս սպասելու միամտությունը անհեթեթ պիտի ըլլար։ Եթե օր մը հանրագիտարան ծախելու համար զարկած ըլլար անոր դուռը, հրավիրվեր ներս, նստեին քով քովի, ստեղծվեր պահը ու իրենք...: Իսկ մետրոյի առաստաղեն կաթող մգլոտած ջուրը, որ զիրենք հանած էր իրարու դեմ, չէր կրնար անելեն ավելի ելք մը ցույց տալ: Այր ու կնոջ բարեկամության ալ հավատալու պատրաստություն չուներ: Բարեկամությունը կÿըլլար երկու այրերու միջև, կÿըլլար մինչև իսկ շուն ու կատվի միջև, չէր ըլլար նույնիսկ երկու կիներու միջև:
Պետք էր գործնական ըլլար այլևս։ Դրական կամ ժխտական։ Կա՛մ կը խորանար կապը, կամ ալ...: Տեղքայլի ճահճացումը անտանելի սկսած էր ըլլալ: Արդեն պիտի չկարենար ավելի երկար ապրիլ առանց սիրո: Նման մտածում մըն ալ իմացած էր կնոջմեն։ Երբ ոչ ոք կարենալ սիրելու հայտարարություն կÿըներ հանդիպումի մը ու հաջորդին կը խոսեր սիրո կարևորության մասին, ինչպե՞ս կը հաջողեր ան այս երկվության մեջ: Ինչպե՞ս հասկցած էր, թե առանց սիրո կարելի չէր ապրիլ, երբ ինք զրկված էր այդ կարողութենեն: Գիրքերե՞ն սորված էր, թե թատրոնեն: Բայց համոզիչ էր նաև անոր շեշտը, երբ կբ խոսեր տարրական զգացումներու մասին: Այս բոլորին ետին հանելուկ մը պահված կը մնար:
- Հետաքրքրական չեն ձեռքերս։
Վերջին հանդիպումին էր: Անգամ մը ամուսնալուծված, բազմաթիվ սերեր ապրած, համոզելը իր արհեստը ըրած երիտասարդը չէր հաջողած անցնիլ կնոջ բարձրացուցած պատվարը: Երբ ուզած էր անոր ափը շոյել գուշակություն ընելու պատրվակով, հանդիպած էր անոր անտեղիտալիության: Չկամության:
- Գիտե՞ս ինչպիսի հիմար մըն ես...
Կինը պատասխանած չէր ու նայվածքը դարձուցած դեղին մոխրամանին: Չափազանցություն մը կար այս բոլորին մեջ: Կինը կրնար մեկ խոսքով վերջ տալ այս բոլորին: Կատակերգության վերածված էր ամեն ինչ: Կÿուզեր պահել բարեկամությունը, պահպանել զայն, բայց թեթ տղան կÿուզեր խզվիլ, դյուրին էր։
- Այո, հիմար մըն եմ...
- Իսկ գիտե՞ս նաև երգը, որ կ՚ըսե. «Հիմա՛ր, կը սիրեմ քեզ...»:
Երիտասարդը անմիջապես սպասյակը կը կանչեր։ Ոչ մեկ ցոլք կար կնոջ դեմքին վրա։ Անտաբբերությունը պաշարման վիճակ հաստատած էր հոն: Հավանաբար այլևս կինը տեսնել չուզեր զինք։
Բայց կը հանդիպեին կրկին։ Իսկ երիտասարդը տակավ կը կորսնցներ հոգիին անդորրը: Ինք ոչինչ ունեցած էր խորհրդավոր։ Ոևէ աղջկա հետ։ Միշտ ալ պարզ եղած էին իր կապերը: Արդեն խաղ մըն էր սերը, իսկ մեկը մյուսին խաղալիք: Մարի-Ժանին հետ ալ կրնար ամբողջ կյանք մը բոլորել, եթե զավակ մը ունենային առօրեայի տաղտուկները անհայտացնող: Բայց սա ծանոթությունը կը խուսափեր բոլոր վերլուծումներեն։ Բացատրություն մը փնտրե՞ր հանրսգիտարանի քսաներկու հատորներուն մեջ: Ո՛չ ըսած էր քանի մը անգամ ու հուսացած հանդարտիլ: Խնդրած էր անգամ մըն ալ չհեռաձայնել: Բայց դիպվածը կրկին անգամ զիրենք դեմ հանդիման բերած էր մետրոյի մայթին վրա: Անմեկնելի համակրանք մը կար բոլոր երևույթներուն ետին։ Ոևէ աղջկա հետ երիտասարդը այսքան ուժեղ թրթռացումներ ունեցած չէր: Ինք ալ թերևս կնոջ պես էր։ Ինք ալ թերևս մինչ այդ սիրած չէր: Մակերեսային եղած էին բոլոր կապերը: Արկածախնդրական պարզապես: Թերևս ինք ալ կնոջ պես կը սպասեր մեծին անհասանելիին ու անկարելիին: Ու մինչ երիտասարդը գտած ըլլալ կը կարծեր իրը, կինը կը շարունակեր տարբեր բովանդակություն տալ հարաբերության: Տարբեր էր սակայն այս կնոջ հետ։ Անոր պես առանձին չէ՞ր ինք ալ: Կը սիրե՞ր զայն: Սահմանումի չենթարկվող ապրում մը կը խլրտար մեջը: Ամուսնացած կի՞ն մը պիտի ըլլար իսկական սերը: Ինչո՞ւ առաջին իսկ օրեն հայտնած չէր ամուսնացած ըլլալը: Ինչո՞ւ արտոնած էր, որ երիտասարդին մեջ ծնին ու աճին տարբեր զգացումներ։ Բայց մա՛նավանդ ինչո՞ւ ոչ իսկ մեկ անգամ կրցած էր նույնիսկ երևակայությամբ մերկացնել կինը ու անոր հետ մտնել անկողին: Ինչո՞ւ չէր հաջողեր երևակայել անոր մերկությունը։ Կին մըն էր ան զգեստներով ծնած, ու պիտի շարունակեր ապրիլ զգեստներով, առանց բաղնիքի, առանց անկողինի:
- Ի՞նչ պիէս է:
- «Նո մեն՚զ լենտ»:
Արդեն ի՞նչ կարևորություն կրնար ունենալ թատերախաղին անունը, ի՞նչ պիտի կարենային փոխել զայն խաղցողները երիտասարդին որոշումեն: Ժամադրությունը ծանոթ փողոցի մը անկյունն էր: Նախ պիտի ընթրեին սակայն: Իսկ ճաշարաններեն մեկը շատ լուսավոր էր, մյուսը չափազանց տխուր: Տեղ մը բավարար թիվով մարդ չկար, ուրիշի մը փայլքը վանողական էր: Վերջապես համեստ հացատուն մը կը հյուրասիրեր զիրենք:
- Բայց ինչո՞ւ տխուր ես նկարին մեջ։
- Որովհետև սիրահարված եմ։
- Ի՜նչ լավ...
- Շաբաթ օր ալ հրավիրված եմ...
Կնոջ աչքերը արտասովոր փայլք մը կը ստանային, բայց կը մթագնեին շուտով։ Ուրեմն բոլոր զգացումներն ալ առկա էին անոր մեջ։ Նախանձին ստվերն է, որ անցած էր, արագ, շատ արագ քայլերով։ Ահա ինչ կը նշանակեր կտրուկ ըլլալ կնոջ մը հետ։ Երբ կը գիտնար, թե ինչ կը ներկայացներ այր մարդու մը համար, հանկարծ կը վերածվեր անգիտակիցի ու միամիտի: Պետք էր գրգռել անոր հետաքրքրությունը, դավադրել ու հարվածել: Ահա իսկական թատերախաղ մըն ալ կը խաղցվեր հոն, կնոջ դեմքին վրա: Տրտմություն մը իջած էր անոր տրամադրության: Արդեն երիտասարդը նախաճաշակ մը ունեցած էր ուրիշ օր, երբ հայտնած էր, թե ներկա պիտի ըլլար պաշտոնակիցի մը ծննդյան տարեդարձին: Կինը ըսած էր, թե պարել չէր գիտեր, չէր ալ սիրեր, բայց հաջորդ հանդիպումին, ուզած էր մանրամասնորեն գիտնալ, թե ինչ պատահած էր հավաքույթին, ինչ ըրած էին, մա՛նավանդ որու հետ պարած էր ու խոսած:
- Քանի անգամ ըսի քեզի, որ երբ միասին կÿելլենք, չեմ ուզեր, որ այսքան շպարվիս:
- Այդ մեկը իմ գիտնալիքս է, հետո ամուսինս չես։
- Եթե ամուսինդ չեմ, պատճառ մըն ալ ավելի: Իրավունքներս ունիմ, կարծեմ։
- Ոչ մեկ իրավունք:
Քիչ ետք դիտվելիք պիեսին անունը անպայմանորեն կը վերաբերեր սա կնոջ: «Նո մեն՚զ լենտ»։ Եթե հոն կը խոսվեր ոչ ոքի պատկանող հողի մասին, դիմացը ուներ կին մը, որ ոչ ոքի պատկանած էր, ոչ ոքի կը պատկաներ ու ոչ ոքի պիտի պատկաներ: Կարելի էր ամուսնանալ, զավակ ունենալ, շարունակել ամուսնացած ըլլալ, բայց չպատկանիլ ոչ ոքի։ Իսկ այդ կինը ոչ ոքի կը պատկաներ: Ոչ իսկ տարփածուի մը: Կը պատկաներ թերևս բարեկամության գաղափարին: Բայց շատ օդային էր այդ մտածումը։ Անբնական բան մը կար այս բոլորին մեջ: Բարեկամությունը բավարար չէր նման կապ փրկելու։ Բարեկամության քովի լարը սիրո լարն էր, իսկ անոր քով պրկված կը մնար ատելության, նողկանքի, խաղքության լարը։ Եթե երիտասարդին աչքերուն մեջ ուռճացող զգացումը անտարբեր կը թողուր կինը, որ կÿուտեր մեծ ախորժակով, նախընտրելի պիտի ըլլար օրինակ առնել անկե ու ապսպրել երկրորդ պնակ մը:
- Գեր-կեղծավոր ենք երկուքս ալ...
Թատրոնի մուտքին խճողում կար, իսկ կնոջ մոտիկությունը կը դժվարացներ երիտասարդին շնչառությունը։ Անգիտակից այդ քաջալերանքը պետք է անտարբեր թողուր զինք։ Կնոջ բարեկամության դիմակին ետին բան մը կար կծկված, առիթին սպասող: Մարմնական խարույկով է, որ պիտի ջերմանար սերը ու հասուննար: Երբ ոչ ոքի պատկանող հողով հետաքրքրվողները ներսն էին, վարագույրը կը բարձրանար, լույսը կը մարեր: Անհանգարտ բազուկ մը վերջապես քաջությունը կÿունենար իջնելու աթոռի մը քամակին, կը սահեր դեպի առաջ ու կը հանգչեր հոն։ Չէր համարձակեր ավելի առաջ երթալու: Արդեն հաղթանակ մըն էր կատարվածը։ Կեցվածքի ամբողջական փոփոխություն մը։ Երկար պահ մը ետք, բազուկը կը վերադառնար փորձութենեն, երկու ձեռքեր կը սեղմվեին սրունքներու միջև ու կը մնային այդպես, կը շարունակեին մնալ այդպես: Երիտասարդը դեմքը կը դարձներ դեպի կինը ու կը ժպտեր: Բազուկը, այս անգամ ավելի մեծ համարձակությամբ զինված, կը վերադառնար երազված դիրքին ու կը մնար հոն, նույնիսկ երբ սրահը կը լուսավորվեր:
- Ելլենք բան մը խմենք, ծարավ, եմ, սոսկալիորեն...
Կինն էր: Ծարավ, էր, սոսկալիորեն ծարավ...
- Բան մը պիտի ըսեմ, խոսք տուր, որ պիտի չխնդաս:
Հակառակ գիտակցության, թե, ոչ մեկ խոստովանանք պետք է ընել կնոջ, երիտասարդը չէր կրնար դիմադրել ու կը զոհեր սկզբունքը պահի պահանջքին:
- Ըսե:
- Նախ խոսք տուր:
- Ամեն անգամ, որ հայելիին մեջ կը նայիմ դեմքս դիտելու, քու դեմքդ է, որ կը տեսնեմ...
Կինը չէր կրնար զսպել խնդուքը ու կը վարակեր նաև երիտասարդը:
- Խոսք տվիր, որ պիտի չխնդաս:
- Բայց չար չէ խնդուքս...
- Գիտեմ:
Դադարեն ետք լույսերը կը մարեին կրկինք, բայց կինը չէր արտոներ, որ երիտասարդի բազուկը կրկնե փորձությունը: Քրտինքի կայլակներ կը կազմվեին ճակատին վրա: Բեմը անվերջանալի փոխասացություններով խճողված էր: Երկուքին ալ աչքերը բաց էին, բայց երկուքն ալ չէին հասկնար, թե ինչ տեղի կÿունենար հոն: Ի՞նչ հողի մասին էր խոսքը: Կրկին հուսախաբ էր երիտասարդը: Սակայն պետք է այլևս հասկնար: Մինչև ե՞րբ պիտի տագնապեր ու տվայտեր խաբկանքի մեջ: «Ոչ ոքի պատկանող կինը...»։ Ահա խորագիրը ուրիշ թատերախաղի մը։ Ինչո՞ւ չէր կրնար ըմբռնել, որ կին մը կրնար ոչ ոքի պատկանիլ: Կրնար ծնիլ, մեծնալ, անցնիլ սովորական ու անսովոր բոլոր ճամփաներեն ու պատկանիլ ոչ ոքի: Ինչո՞ւ հայելիի մասին ակնարկություն ըրավ ու եղավ ծիծաղելի: Ի՞նչ հասկցավ կինը ակնարկութենեն: Բայց կնոջ ոչ ոք կարենալ սիրելը գոնե պետք չէ վերաբերեր երիտասարդին։ Ամբողջ կյանքե մը ետք ո՞վ կրնար ըսել, թե նման խոշոր քաղաքի մը մեջ, նույն անհատին կրցած էր հանդիպիլ չորս անգամ, պատահականորեն: Անշո՛ւշտ որ բան մը կÿենթադրեին պատահական այդ հանդիպումները:
- Գարեջուր մը առնենք:
Առաջարկը կուգար երիտասարդեն, բայց կը մերժվեր: Ուշ էր: Պետք է վերադառնար: Կինը պետք է վերադառնար իր տունը, իսկ երիտասարդը սթյուդիոյի մը առանձնության, հոս-հոն ցանցնված բրոշյուրներուն: Պիտի վերադառնար առանց հիշատակի, առանց սպիի: Բայց արդէն ի՞նչ կÿակնկալեր կնոջմե մը, որ հստակորեն հայտնած էր հանգանակը: Մա՛նավանդ` որ անոր մեջ միս, ոսկոր ու էություն տարբաղադրված էին բոլորովին անսովոր համեմատությամբ: Ու այս բոլորեն ետք, երիտասարդը չէր կրնար մերժել մեկ նոր առաջարկ.
- Աղվոր ֆիլմ մը կա: Կÿուզեմ հետդ դիտել:
Պատասխանը անշո՛ւշտ որ դրական պէտք է ըլլար:
- Ինչո՞ւ...։ Չէ՞ որ...
- Հասկցիր այլևս:
- Մտիկ ըրե, անիմաստ է ըրածդ, ծիծաղելի: Քանի՞ անգամ պիտի ըսեմ, որ...
- Լավ, ո՞ր ֆիլմը։
Նախ պիտի ընթրեին Լ՚Էմփրէվյու, ապա գիտեին քննադատներու հանձնարարած լեհական մեկ ֆիլմը: Օրվան գործառնութենեն գոհ եղած էր երիտասարդը: Կրցած էր չորս հաճախորդ ապահովել ու նոր մրցանիշ հաստատել ինքն իրեն համար:
Ու կը հասներ ժամանակին: Կրկին խճողված էր հացատունը։ Նույն հաճախորդներն էին, նույն փողկապները: Նույն հեղուկներն ու ջահերը: Ամեն ինչ սովորական էր: Բայց, բայց ո՞վ էր կնոջ հետ նստողը: Հետը նստող մը չկա՞ր: Կար: Ո՞վ էր ան: Նո՞ր ծանոթություն մը։ Ի՞նչ բեմադրություն էր սա։ Իսկապես ո՞վ կրնար ըլլալ փոքր մորուքով այդ մարդը։
- Ծանոթացիր, ամուսինս...
Երիտասարդը կÿանճրկեր։ Շշմած էր պարզապես: Կատակերգության մը ժխտական հերոսը դարձուցած էր զինք կինը։ Ո՞վ...: Ամուսի՞նը...: Բայց ի՞նչ գործ ուներ ան երկուքին միջև: Ի՞նչ համարձակություն էր այս...: Ի՞նչ ոտնձգություն։ Բայց ի՞նչ կÿուզեր փաստել կինը: Որ բարեկամությո՞ւնն է իրենց ունեցածը։ Այո, երիտասարդը օր մը պահանջած էր, որ ամուսինն ալ ընկերանար իրենց, բայց գործնական կատակն ալ որոշ սահմանե մը անդին էր վերածվեր դավադրության, խաբեության: Սադրանքի պարզապես։ Ի՞նչ ըներ, երկարե՞ր ձեռքը, ի՞նչ պատասխաներ: Ու հազիվ կը կակազեր.
- Կը ներեք, եկա ըսելու, որ այս գիշեր պիտի չկարենամ ընկերանալ ձեզի, անձնական, շատ հատուկ պատճաոով...: Ուրախ եմ, շատ ուրախ ձեզի ծանոթանալուս...
Մինչև ո՞ւր կրնար տանիլ այդ մետրոն։ Անպայմա՛ն որ տեղ մը վերջ պիտի տաներ անոր վազքուղին, պիտի վերադառնար անիկա նույն ուղղությամբ ու անոր մայթերուն վրա կրկին պիտի հանդիպեին ուրիշ մարդիկ, անոնք ևս պիտի ընթանային անհավատության, թերահավատության ու տարակուսանքի ուղիներեն: Իսկ այդ ամբոխներուն մեջեն պիտի գտնվեին ընտրյալներ, որոնք պիտի հասնեին նոր պոժոլեի օրերուն, դուրս գային փապուղիի լուսավոր վտանգներեն, այս անգամ մտնեին «Փորձություն» ճաշարանը ու, ինչպես երկաթուղիի զույգ գիծերը, կյանքը ընթանար իրենց վրայեն:
Հաջորդ առտու, կանուխեն կը հնչեր երիտասարդին հեռաձայնը: Երկար ժամանակ պետք կÿըլլար ալքոլով ծանրացած մարմինը հանելու անկողինեն։ Քիչ ետք, կրկին կը հնչեր անիկա:
Միայն կինը կրնար ըլլալ այդ ժամուն:
- Կը ներես երեկվան համար: Առաջարկեցի վստահ ըլլալով, որ կր մերժէ, բայց, ինչպես տեսար, չմերժեց ու եկավ...: Վերջապես, պետք է մնայիր, պետք չէ այդպես մեկնեիր...: Անգամ մը ևս...:
Ցուցամատի փոքրիկ հպում մը բավարար կÿըլլար չեզոքացնելու հաղորդակցությունը: Գիտեր ըսվելիքը...: Անգամ մը ևս փաստեցիր, որ չես հավատար այր ու կնոջ բարեկամության: Ուրիշ ի՞նչ կրնար ըսել...: Այր ու կնոջ բարեկամությո՞ւնը, ա՜, այր ու կնոջ բարեկամությունը, մանավանդ ամուսնալուծված մարդու և մերկություն չունեցող կնոջ բարեկամությունը աշխարհի ամենեն բնական բանն էր, անշուշտ ամենեն նորմալ բանն էր: Երբ կը հասներ բաղնիք ու հուրը կը ժայթքեր գլխուն, երիտասարդը գյուտ մը կÿըներ: Ճաշարանին անունն էր, որ կը ցատկեր աչքերուն, անոր Աննախատեսելի ցուցանակը։ Այս դեպքով ան կÿարդարացներ անունը: Ուրեմն ամեն բան սովորական չէր հոն։ Երիտասարդին կը մնար ճաշի համար հաջորդ ժամադրութունը առնել հեռավոր տեղ մը, աննշան փողոցի մը մեկ խուլ անկյունը գտնվող հնակարկատի խանութը, որ Էլիզե կը կոչվեր: Իսկ թե կինը վերջնապես կը ջնջվեր միտքեն ու հոգիեն, կը մնար վերաքննելի...