ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Մուրացան ( Գրիգոր Տեր-Հովհաննիսյան )

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մուրացան ( Գրիգոր Տեր-Հովհաննիսյան )

Сообщение:#11  Сообщение Vard » 06 апр 2010, 23:01

Գթության քույրեր
Մաս-2
Текст:
—Այդ ձեր հաստա՞տ կարծիքն է, — հարցրի ես:

—Եվ անփոփոխելին, — պատասխանեց խոսակիցս:

—Իսկ դո՞ւք ինչ եք ասում, — դարձա ես տիկնոջը:

—Ես էլ այդ կետում համամիտ եմ ամուսնուս: Այս պատասխանը գրգռեց իմ հետաքրքրությունը:

—Ներեցեք, որ անհամեստ մի հարց առաջարկեմ, — ասացի ես, — դուք երկուսդ էլ խոսում եք իբրև հիասթափվածներ, բայց չէ երևում, որ այդ հիասթափությունը դուք լինեիք ներշնչած իրար, ասացեք խնդրեմ, ո՞վ է դարձրել ձեզ փորձառու:

—Տեսա՞ր, բարեկամ, բռնվեցար, — նկատեց տիկինը ամուսնուն ծիծաղելով:

—Անկեղծորեն դրված հարցին` կարելի է միշտ անկեղծորեն պատասխանել, — խոսեց վերջինս պարզությամբ. — ես, բարեկամ, առաջ ամուսնացած էի մի երիտասարդ, քնքուշ ու գեղանի աղջկա հետ, որ սնվել ու կրթվել էր այն ռեցեպտներով, որոնք այժմ ամեն տեղ համարվում են moderne. նա յուր ուզածին պես ապրեց ու սիրեց, այդ պատճառով էլ տանջվեց և մեռավ, թողնելով ինձ ժառանգություն վշտերի հետ միասին և մեծ փորձառություն: Իսկ Վերա Վասիլևնան ունեցել է դարձյալ մի ամուսին, որ պատկանում Է եղել «ապրել-գիտցող»–ների կարգին, նրա սկզբունքն Է եղել` սիրո հաշվով տանջել, ազատության անունով շղթայել և հանցանքներով արդարանալ, նա Էլ դիպվածով մեռել և կնոջը թողել Է ժառանգություն` դարձյալ փորձառություն: Եվ ահա մի գեղեցիկ օր մենք հանդիպեցանք իրար և ստացած ժառանգություններս հաշվելով, կշիռը գտանք հավասար: Մենք ամուսնացանք և այդ օրից ի վեր ապրում ենք խաղաղ և անվրդով: Մեր կյանքը թեպետ չունի արտաքին փայլ, բայց լի Է ներքին հանգստությամբ: Երբեմն միայն տեղի են ունենում մեր մեջ փոքրիկ վիճաբանություններ, այդ Էլ այն պատճառով, որ ես առաջ ծայրահեղ ազատամիտ լինելով` հանգուցյալ կնոջս շնորհիվ դարձել եմ պահպանողական, իսկ Վերա Վասիլևնան` սկզբում լինելով պահպանողական, մեռած ամուսնու ջգրու դարձել Է ազատամիտ: Բայց այդ վեճերն. Էլ երկար չեն տևում, խելոք ամուսինս, հենց որ տեսնում Է թե իմ պահպանողականությունը համառում Է, իսկույն յուր ազատամտությունը ծալում մի կողմն Է դնում: Այդ բանը տեսնելով` շատ անգամ էլ ինքս եմ իմ համոզմունքը ծալում և այսպիսով խաղաղությունը մնում Է մեր մեջ մշտատև:

Այժմ ես արդեն գիտեի թե` ովքե՞ր են իմ դրացիները և թե ինչո՞ւ երիտասարդը կապել Է յուր բախտը պառավի հետ: Այս խնդիրն այլևս չէր հետաքրքրում ինձ, բայց նրանց խոսածները միանձնուհու մասին մտածել տվին ինձ երկար, թեպետ չկարողացան համոզել թե` արդարև, այդ գեղեցկուհին լավ բան է արել, որ հեռացել է աշխարհից և փակվել կուսանոցում:

Որքան էլ աշխարհը լցված լինի չարիքներով, որքան էլ բարին հազվագյուտ լինի նրա մեջ, այնուամենայնիվ, կյանքը այնքան հրապույրներ ունի, որ աստուծո լույսը տեսնող և նրա ջերմությունը վայելող մարդ արարածը, մանավանդ եթե նա չէ հանդիպել վշտերի և չէ կրել փորձության որևէ ծանրություն, անկարող է չտենչալ վայելել այն ամենը, ինչ որ ուրիշները վայելում են յուր աչքի առաջ և ինչ որ իրեն թվում է այնպես քաղցր ու երանական:

Այս մտածությունը այնպես հուզեց իմ հետաքրքրությունը, որ ես կամեցա անպատճառ ծանոթանալ գեղեցիկ միանձնուհուն և ուղղակի նրա հետ խոսել այս նյութի մասին: Թե որքա՞ն պատշաճ էր իմ այդպիսի վարմունքը, ես, իհարկե, այդ մասին չէի մտածում, որովհետև իմ ցանկությունը հետաքրքրությունս գոհացնելն էր: Երբ այս հայտնեցի Իվան Իվանիչին, նա ասաց.

— Հարցրեք, ինչ կամենում եք, եթե կպատասխանե, լավ. եթե ոչ, ի՞նչ եք կորցնում:

Այս միջոցին միանձնուհին շարունակելով գործել գուլպան` մեկ-մեկ էլ նայում էր մեր կողմը, կարծես գուշակելով, որ յուր մասին է մեր խոսքը:

—Թույլ կտա՞ք, քույրիկ, հարցնել թե դուք ո՞ր միաբանությանն եք պատկանում, — դիմեցի ես նրան ֆրանսերեն: Միանձնուհին իսկույն ժպտաց և գործը դնելով գոգում, կես քաշվելով ու կես շփոթվելով, պատասխանեց.

—Ներողություն, պարոն, ես լավ չեմ խոսում ֆրանսերեն...

— Իսկ գերմաներե՞ն.

— Ինչպե՞ս չէ. ես գերմանուհի եմ, — ասաց նա և խոսքի մնացորդը շարունակեց գերմաներեն, որից ես ոչինչ չհասկացա:

Բայց Իվան Իվանիչը առաջ անցավ և սկսավ թե՛ խոսել ինքը և թե՛ թարգմանել մեր հարց ու պատասխանին:

Շուտով պարզվեցավ որ «միանձնուհի» կարծածս «գթության քույր» է եղել և պատկանում է Ս. Բերնարդյան կաթոլիկ միաբանության, որ Եվրոպայի շատ կետերում ունի յուր բաժանումները, իսկ կենտրոնական քաղաքներում յուր ինստիտուտները, ուր ընդունելով որբ ու աղքատ աղջիկներ, նրանց սնուցանում ու դաստիարակում է և պատրաստում հատկապես «գթության քույրերի» պաշտոնի համար: Դրանցից նա խումբերով ուղարկում է կարիք եղած տեղը, ինչպես օրինակ, պատերազմի դաշտը, վարակիչ հիվանդությամբ բռնված տեղեր, հասարակաց հիվանդանոցները և նույնիսկ մասնավոր տներ: Այդ բոլոր տեղերում նրանց պաշտոնն է հսկել հիվանդներին, խնամել նրանց, օգնել բժիշկներին և շատ տեղ, ուր նրանք բացակայում են, կատարել նրանց պաշտոնը, որի համար և իրենք ունենում են մասնավոր պատրաստություն: Ընդհանուր աղետների ժամանակ գթության այդ քույրերը ծառայում են ձրիաբար, իսկ եթե մասնավոր տեղերում ստանում են վարձ, կամ պարգև, նրանք այդ ղրկում են ինստիտուտի գանձարանին, ըստ որում իրենց ծախքերը հոգում է միաբանությունը:

Այս բացատրությունները տալու ժամանակ, գթության քույրը շարունակ ժպտում էր, որից նրա դեմքը հետզհետե կենդանանում և ավելի ևս գեղեցկանում էր, նրա խաժակն աչքերը, որոնք արևելյան փիրուզն էին հիշեցնում, ամեն մի ժպտի հետ շողում էին նոր լույսով, և երբ ուսուցիչը թարգմանում էր յուր խոսքերը, նա հառում էր վրաս աչերը այնպես ակնապիշ, որ կարծես այդ հայացքով կամենում էր լրացնել թերին այն բացատրոլթյանց, որ տալիս էր ուսուցիչը, թեպետ ինքը ռուսերեն ոչ միայն չգիտեր, այլև գուցե կյանքում առաջին անգամն էր լսում:

Իմ հարցին, թե` այդ զբաղմունքը չէ ձանձրացնում իրենց, նա ժպտալով պատասխանեց.

—Բարի գործ անելուց կարելի՞ է ձանձրանալ:

—Ինչո՞ւ չէ, թե բարիք ստացողները ապերախտ են գտնվում:

—Մենք չենք սպասում, որ երախտագետ լինեն մեզ: Բարիքը պետք է գործել ոչ թե նրա համար որ մարդիկ այդ իմանան, այլ նա, որ երկնքումն է: — Այս ասելով նա աչքերը ուղղեց վերև այնպիսի մի ջերմեռանդությամբ, որ անկարելի էր ենթադրել` թե հավատը չէ խոսում նրա մեջ:

—Եվ այդ ձեզ, ուրեմն, գոհությո՞ւն է պատճառում:

—Անսահման:

—Բայց ինձ թվում է թե` գոհ կարելի է լինել այն բարի գործից, որ մարդ կատարում է ինքնաբերաբար, առանց ուրիշներից ներշնչված լինելու, մինչդեռ դուք այդ դեպքում կատարում եք միայն ձեր մեծերի հրամանը: Շարունակ հրաման կատարելու մեջ անկարելի է զգալ ճշմարիտ գոհություն:

—Մեր գլխավորները հարաբերություն ունին արտաքին աշխարհի հետ. նրանք են հետաքրքրվում ու տեղեկանում թե` ո՞րտեղ կա արդյոք կարիք մեր օգնության և այդ տեղերն էլ մեզ ուղարկում են, իրավ է, մենք չենք հարցնում թե, ինչ տեղ է այն, ուր մենք գնում ենք, կամ ի՞նչ մարդիկ են, որոնց պիտի օգնենք, որովհետև գիտենք որ ամեն տեղ էլ հիվանդը կարոտ է խնամքի ու օգնության: Բայց թե կամենանք, կարող ենք չգնալ. վասնզի այդ անել` մեզ չեն ստիպում, այլ առաջարկում են: Սակայն որովհետև մենք սիրում ենք գործը, որի համար պատրաստված ենք, ուստի սիրով էլ նվիրվում ենք նրան: Իրավ է, հաճախ մեր աշխատությանց հետ կապված են լինում նեղություններ, պատահում է, նույնիսկ որ դրանք լինում են կարի դժվարատար, բայց երբ տեսնում ենք թե` այդ նեղությունների շնորհիվ մահամերձը կենդանանում, վիրավորը բուժվում, ջրահեղձը կյանք է առնում, երբ տեսնում ենք թե` մեր խնամքի շնորհիվ` ամիսներով հիվանդ բանվորն ու արհեստավորը ձգում են անկողինը և դեպի իրենց անօգ ու հուսահատ ընտանիքը դառնալով` նորից ձեռք առնում զավակների համար հաց հայթայթելու արդար աշխատությունը, երբ տեսնում ենք թե` մեր անդուլ ջանքերով կարողանում ենք ազատել համաճարակի ձեռքից բազմաթիվ զոհեր և այդպիսով ամուսնուն` դարձնում ենք յուր կինը, մորն` յուր զավակը, քրոջն` յուր եղբայրը, որդվույն իրենց հայրը, երբ պատերազմի դաշտում, հայրենիքի պաշտպանության համար կռվող ու վիրավորվող զինվորներից մեկին ուշաբերում, մյուսի` վերքն ենք կապում, երրորդի այրվող շրթանցը մի պուտ ջուր ենք մոտեցնում, կամ վրաններում պառկած հարյուրավոր հիվանդներին հսկում ու խնամում ենք, որպեսզի կարողանանք հուսո և երկյուղի մեջ ապրող ծնողներին դարձնել իրենց զավակները, կամ նորատի հարսներին` ցանկալի ամուսինները, այդ ժամանակ, պարոն, մենք զգում ենք այնպիսի մեծ երջանկություն, այնպիսի անսահման երանություն, որի նմանը հազիվ թե երևակայել կարողանա նա, ով չէ եղել մեր պաշտոնում և չէ ապրել մեր զգացմունքներով...: Արդ, ձեզ եմ հարցնում, այսպիսի գործ կատարելուց կարելի՞ է ձանձրանալ:

Այս խոսքերն ասելիս` գթության քրոջ դեմքը շիկնել, իսկ աչքերը փայլում էին իբրև զույգ գոհարներ: Թվում էր թե` նրա մեջ դեռ չէ մարած այն հուրը, որ սրտերը ջերմացնում և բարձրին ու վեհին հասնելու ձգտումը զորացնում է մարդու մեջ: Պետք էր ուրեմն մի գրգիռ, որ այն բոցավառվելով` երեվան հաներ յուր գոյությունը, որ մինչև այն ծածկված Էր խաղաղ դեմքի և խոնարհ սքեմի տակ, և այդ գրգիռը եղավ իմ հարցը: — Բայց մի՞թե այդպես էր, արդյոք չէի՞ սխալվում ես: Եթե ճիշտ է, որ կանայք կարող են լալ, երբ կամենան, ապա ուրեմն նրանք կարող են, նաև, շիկնել, կամ աչքերը վառել, երբ այդ հարկավոր է` որոշ տպավորություն անելու համար: Այս դեպքում, ուրեմն, ավելի լավ է ճշտել, քան հափշտակվել, մտածեցի ես և շարունակեցի իմ դիտողությունները:

— Բայց դուք, հարգելի քույր, մոռանում եք այն, որ չեք ապրում ձեզ համար. չեք ճաշակում կյանքի քաղցրություններից ոչ մինը: Ի՞նչ զվարճություն է կապված լինել միշտ հիվանդների մահճին, լսել շարունակ նրանց հեծությունները, տեսնել նրանց տանջանքը, վկա լինել այն ամենին, ինչ որ հերքում, բացասում է կյանքի քաղցրությունը, կամ ծաղրում նրա գոյության նպատակը: Այդպիսով դուք սովորում եք նայել կյանքի վրա ինչպես մի ծանր բեռան, որ երբևիցե պետք է դեն ձգել` նրա ճնշումներից ազատվելու համար: Վասնզի ձեր շուրջը տեսնելով միշտ տխրություն, կսկիծ ու հառաչանք, մոռանում եք թե` աշխարհում կարելի է ապրել և ուրիշ տեսակ. թե հիվանդների ու հիվանդանոցների մթնոլորտից զատ` կա և ուրիշ մթնոլորտ, ուր մարդ արարածը կարող է շնչել թարմ և առողջարար օդ, լինել ինքնիշխան, գործել` ինչ կամենում է և ոչ թե` ինչ որ հրամայում են. կարելի է հաճախ ազատ լինել հոգսերից, պարտավորություններից. կարելի է խոսել, ծիծաղել, բարեկամների հետ զվարճանալ և հետևապես, վայելել կյանքի քաղցրությունները այն չափով, ինչ չափով որ բնությունը իրավունք է տվել ամեն մեկին վայելելու. միով բանիվ, աստուծո ստեղծած այս սիրուն աշխարհում կարելի է ապրել այնպես, ինչպես որ, ահա, մենք ամենքս ենք ապրում:

Գթության քույրը իմ խոսքերի թարգմանությունը ուսուցչից լսելուց հետո` վրաս ձգեց այնպիսի մի հայացք, որ, կարծես, հանդիպել էր աստվածամարտ մի հերետիկոսի, որից կամ պետք էր իսկույն ևեթ փախչել, կամ աշխատել, որ նա դառնա ուղիղ ճանապարհ:

Այդ ես գուշակեցի ուղղակի նրա դեմքից և, մանավանդ, աչքերից, որոնք այժմ ինձ վրա նայում էին անվստահորեն: Եվ գուշակությունս սխալ չէր:

—Ինչո՞ւ է պարոնը այդպես բաներ խոսում, մի՞թե քրիստոնյա չէ, — հարցրեց նա ուսուցչին միամիտ պարզությամբ:

—Նա հայ է, — պատասխանեց վերջինս, կարծելով թե դրանով ամեն բան ասաց:

—Ռումի՞ն, — հարցրեց գթության քույրը Armenier և Rumänier բառերը շփոթելով իրար հետ:

—Ոչ, հայ եմ ասում. հայ, — կրկնեց ուսուցիչը:

—Հա՞յ... Հայերն ի՞նչ ազգ են:

—Ինչպե՞ս թե ի՞նչ ազգ, մի՞թե չգիտեք, — զարմացավ ուսուցիչը:

—Ոչ չգիտեմ, — խոստովանեց կինը անկեղծորեն:

— Սրանք հին ազգ են, ապրում են Փոքր Ասիայում:

— Բայց ի՞նչ հավատ ունեն. մահմեդակա՞ն են...:

Ուսուցիչս սկսավ ծիծաղել և երբ թարգմանեց ինձ նրա խոսքերը, ասացի.

— Հայտնեցեք գթության քրոջը` որ երկրագնդի վրա գտնված բոլոր ազգերից առաջ` հայերն են քրիստոնեություն ընդունել, (այստեղ, իհարկե, թույլ տվի որ ազգասիրությունը Աբգարի շրջանը համարե հայկական), ես էլ, ուրեմն լինելով այդ ազգի զավակը, եմ, միևնույն ժամանակ, ճշմարիտ քրիստոնյա:

—Բայց միթե քրիստոնյան կարո՞ղ է ասել այն, ինչ որ դուք ասացիք, — հարցրեց նա ջերմությամբ:

—Ես ի՞նչ ասացի:

—Ասացիք թե պետք չէ օգնել ուրիշին, թե մենք աշխարհում մեզ համար պիտի ապրենք: Մինչդեռ Քրիստոս հակառակն է պատվիրել: Նա հրամայել է բարի անել ոչ միայն եղբորն ու բարեկամին, այլև թշնամուն: Նա պատվիրել է սիրել ընկերին, օգնել աղքատին, խնամել հիվանդին...:

—Ես հակառակ չեմ այդ պատվերներին, միայն թե ասում եմ, որ այդ ամենն անելով հանդերձ, մարդ չպետք է մոռանա իրեն: Եթե ունեցած բարիքիդ մի մասը տալիս ես ուրիշին, մի մասն էլ դու վայելիր: Այստեղ Քրիստոսի պատվերի դեմ ոչինչ չկա: Նա ասել է` սիրիր ընկերդ, ինչպես քո անձը, բայց չէ ասել` սիրիր քո անձից ավելի: Եվ սակայն դուք այդպես եք անում: Բնությունը ձեզ ստեղծել է առողջ, գեղեցիկ, ապրելու և վայելելու ամեն կարողություններով օժտված, բայց դուք նրա տված բարիքը ոչնչացնում, առողջությունը վատնում, գեղեցկությունը խամրեցնում եք հիվանդանոցների նեխված պատերում: Օգնեցեք տկարին, խնամեցեք հիվանդին. բայց դուք էլ ապրեցեք, դուք էլ վայելեցեք. հակառակն անելու մեջ` անկեղծութուն չեմ տեսնում:

—Սխալվում եք, պարոն, մենք անում ենք այն, ինչ որ մեր խիղճը, մեր ներքին մարդն է մեզ թելադրում: Ուրիշներին բարիք անելով` մենք արդեն զգում ենք մեզ անհունապես երջանիկ, այդ պատճառով էլ ուրիշ կենցաղ չենք պտրում:

Այս միջոցին մյուս կողմի նստարանից մի ձայն կանչեց գթության քրոջը: Վերջինս որ խոսելու հետ միասին գործում էր և գուլպան, դրեց այն նստարանի վրա և մոտենալով ձայնողին, որ նույնպես գթության քույր էր, բայց ոչ իրեն պես գեղեցիկ, սկսավ հետը խոսակցել:

Չնայելով որ ես հակաճառում էի, այսուամենայնիվ, գթության քրոջ խոսքերը հենց իմ սրտի խոսքերն էին, — այդ իմ սիրած գաղափարն Էր` նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկությունը. բայց ես, իսկապես, չէի հավատում խոսակցիս, չէի համարում նրան անկեղծ. որովհետև, (ի՞նչ մեղքս թաքցնեմ) միշտ թերահավատությամբ եմ վերաբերվել այն ամենին, ինչ որ կաթոլիկական կնիք է կրել յուր վրա: Այդ պատճառով էլ, երբ նա հեռացավ, ասացի ռուս ծանոթներիս.

—Գիտե՞ք, ես չեմ հավատում սրան: Այն ամենը ինչ սա ասաց այժմ, սովորած խոսքեր են, կրկնված, երևի, հազար անգամ: Կաթոլիկ ներշնչողները ունին որոշ հանգանակներ, որ բերան են անել տալիս իրենց հետևողներին: Պետք է կարենալ սրանց ներսը թափանցել, լսել այն` ինչ որ փակ սիրտն է ասում...

—Ինչո՞ւ եք այդպես կարծում, — ընդհատեց ինձ Վերա Վասիլևնան, — ինչո՞ւ չեք ընդունում, որ նա խոսում է ճշմարտությունը, ասում է այն, ինչ որ զգում է, ինչին որ հավատում է:

— Բնական օրենքները խոսքով բռնաբարելը հեշտ է, բայց գործով նույնն անելը դժվարին, եթե չասեմ անհնարին: Ով որ կամենում է բնության ձայնը խեղդել յուր մեջ, պետք է օժտված լինի ուժեղ կամքով, անսպառ կորովով: Ես չեմ տեսել կին, որ կարող լիներ այդ բարեմասնություններով պարծենալ: Եթե դեպքը բերե, որ այս գթության քույրը ստիպված լինի կռվել աշխարհային հրապույրների դեմ, հավատացած եմ որ նա կընկնի առաջին թեթև հարվածից իսկ:

Եվ իմ խոսքերի հիմնավոր լինելը ապացուցանելու համար համառոտ կերպով պատմեցի այն ամենը, ինչ որ լսել ու իմացել էի Վարշավի ճանապարհին` ինձ ուղեկցող ռուսի ու լեհացու ծանոթ գթության քույրերի մասին:

—Անշուշտ սա ևս նրանցից մինն է, միայն տարբեր տարազով ու զատ երկնքի տակ, — եզրակացրի ես ի վերջո:

—Մեծ զանազանություն կա նրանց և սրա մեջ, — նկատեց Վերա Վասիլևնան` իմ պատմությունը լսելուց հետո: — Նրանք, որ գթության քույր լինելու ուխտ են արել և ապա դրժել այդ ուխտին, ուրիշ կերպ վարվել չէին կարող, որովհետև մանկությունից ի վեր սովորած լինելով ապրելուն ու վայելելուն, որոշել են աշխարհից հեռանալ այնպիսի ժամանակ, երբ անսպաս մի ձախորդություն արգելք է եղել նրանց` ցանկացած չամփով նույն կյանքը վայելելու: Դա եղել է ոչ թե համոզմունքի, այլ հուսահատության որոշում: Եվ այդ պատճառով էլ` երբ դեպքը նորեն այնպես է բերել, որ նրանք հաճույքը տեսել են աչքի առաջ, փարել են նրան բոլոր ուժով, որովետև սկզբից պատրաստված են եղել դրա համար: Այդպիսի ուխտերը անկեղծ լինել չեն կարող: Նրանք նմանում են այն խոստումներին, որ անում են արբեցողներն և ծխողները, երբ սովորության այլանդակությունը զզվեցնում է վերջապես թե իրենց և թե շրջապատողներին: Եվ նրանք հաճախ զսպում են իրենց զարմանալի համբերությամբ, բայց առ ժամանակ. որովհետև հենց որ խմելու կամ ծխելու հրապուրիչ առիթ է ներկայանում, իսկույն նոր ուժով անձնատուր են լինում հին մոլությանը, առանց, նույնիսկ տված խոստումը հիշել կարենալու: Այս քույրերը սակայն, ուրիշ մարդիկ են: Սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ատել հեշտությունը և ապրել բարի գործի համար: Այդ իսկ պատճառով պետք է կարծել, որ այս քույրը ևս խոսում է անկեղծորեն, հավատում է յուր ուխտի սրբությանը, հավատարիմ էլ կմնա նրան, ինչ գայթակղություն էլ որ հանդիպե իրեն` ընտրած ճանապարհի վրա:

Իվան Իվանիչը համամիտ էր կնոջը, բայց ես` ոչ: Իմ կարծիքն այն էր, որ սա ևս, յուր շատ քույրերի նման, կվճարե բնությանը նրան հասանելի հարկը, հենց որ առիթը ներկայանա. հետևապես, պետք չէր խտիր դնել սրա և առաջինների մեջ:

Եվ որովհետև գիտցածս պատմություններից զատ` իմ մասին էլ այն կարծիքն ունեի թե` բավական շատ եմ ապրել աշխարհում և, ուրեմն, ճանաչում եմ կանանց այնքան, որ նրանց հոգեբանությունը քննելիս կարող եմ սխալներ չանել, ուստի քաշվեցա իմ անկյունը և սկսա դիտել գթության քրոջը, որ նորեն վերադառնալով` նստել էր տեղը և գործում էր գուլպան... իմ մեջ մի անզուսպ ցանկություն էր ծնվել` հետևել նրան շարունակ` ձեռք բերելու համար գեթ մի փաստ, թեկուզ ամենաթույլ, որ կարողանար արդարացնել նրա նկատմամբ ունեցած իմ համոզմունքը: Այս իսկ պատճառով այժմ ես նրան դիտում էի մի նոր և առանձին հետաքրքրությամբ, աշխատելով որսալ նրա աչքերի հայացքը, հուսալով թե` նրանց մեջ կարող եմ կարդալ յուր սրտի թաքուն շշունջներից մինը... Չէ՞ որ երբեմն կարելի է, նույնիսկ, պատմություններ կարդալ ուրախ կամ թախծալիր, թովիչ կամ ցանկասեր, հպարտ կամ փաղաքուշ հայացքների մեջ, մանավանդ երբ նրանց ընկերանում են նմանատիպ ժպիտներ...: Այս ճանապարհորդության ժամանակ ես շատ էի զբաղվել նման դիտողություններով և արդյունքը նշանակել հուշատետրիս մեջ. այս անգամինն էլ կավելանար եղածների թվին, եթե արժանի լիներ ուշադրության:

Իվան Իվանիչն ու յուր կինը չէին զբաղվում այժմ մեզնով. նրանք բացել էին պաշարի զամբյուղը և նախաճաշում էին: Գթության քույրը աչքերը գուլպային հառած և մի խաղաղ ժպիտ շրթունքներին` շարունակում էր գործը, երբեմն միայն ինձ, հարևաններիս, կամ ել ու մուտ անողներին նայելով: Իսկ ես` դիտում, մտածում և, միևնույն ժամանակ, դարձյալ զմայլվում էի նրա գեղանի դեմքով, երկնային աչքերով և նուրբ շուրթերի այն խաղաղ ժպիտով, որ թեպետ համար, բայց թվում էր թե` խոսում է շարունակ:

Բայց ի՞նչ էր խոսում, ի՞նչ կարող էր խոսել...:

— Ա՛խ, եթե հոգին ականջ ունենար և ժպտի թաքուն շշունջը լսեր... մտածում էի ես և ինչո՞ւ բնությունը չէ զարգացրել մեր մեջ մի վեցերորդ զգայարանք, որով կարողանայինք սրտի և հոգու խորքերը թափանցել: Այն ժամանակ, իհարկե, գոյություն չէին ունենալ կեղծիքն ու դիմակը, սուտ ժպիտն ու սուտ արցունքը և ոչ էլ ճշմարտությունը ճանաչելու համար` կստեղծվեր հոգեբանությունը, որը որքան էլ ճգնում է ճշտությամբ վերլուծել հոգեկան երևույթները, դարձյալ շատ դեպքում մնում է անծանոթ բուն ճշմարտությանը, վասնզի ճանապարհ չունի ենթակայական սահմանից դենը անցնելու:

Այս մտածության ժամանակ, գթության քրոջ կծիկը քսակի միջից ելնելով` գլորվեց հատակի վրա: Հենց այն է ուզում էի խոնարհիլ ու առնել, բայց նա առաջեց ինձ և կծիկն առնելով քսակը դրավ:

— Այժմ արդեն տեսնում եմ որ անշնորհք ասպետ, եք. ժպտալով նկատեց Վերա Վասիլևնան, որ թեպետ զբաղված էր երշիկ կտրելով, բայց և այնպես, կնոջ հատուկ սրատեսությամբ նշմարեց թե մեր կողմը ինչ նոր բան անցավ:

— Ուզում էի վերցնել, բայց ինքն շտապեց, — արդարացա ես:

—Գիտեմ, ուզում էիք... բայց օրինավոր ասպետը ոչ թե ուզում է, այլ կատարում է: Այդպիսով աշխարհում դուք ետ կմնաք:

—Ոչինչ էլ չի կորցնիլ, — նկատեց Իվան Իվանիչը, առանց հայացքը հեռացնելու ձվից, որ կճպում էր ձեռքին:

—Մի սիրուն կնոջ հաճույքը վաստակելը քի՞չ բան արժե քո կարծիքով:

—Ավելի քիչ, քան այս ձուն, — նկատեց ամուսինը և ձուն կիսեց ատամներով:

Բայց գթության քույրը չէր նայում մեզ ու շարունակում էր գործել:

Գնացքը կանգ առավ մի կայարանի առաջ, ուր ի միջի այլ ուղևորների ներս մտավ մեր վագոնը մի երիտասարդ, համակրելի դեմքով գերմանուհի, յուր երկու սիրուն տղաների հետ, որոնք նմանում էին երկվորյակների, որովհետև երկուսն էլ միահասակ էին, դեմքի նույն գծերով, կապույտ աչիկներով և խարտյաշ, գանգրավոր մազերով: Գթության քույրը նրանց տեսնելուն պես` թողեց իսկույն գործը և ուրախությունն ինչպես արևի շող նրա դեմքը լուսավորեց: Ինձ այնպես թվաց` թե` մտնողները յուր ազգակիցներն էին, վասնզի իսկույն առավ տղաների ձեռքը և մինչև որ մայրը տեղ կգտներ նրանց համար, ինքն սկսավ շոյել ու գգվել փոքրիկներին, տալով նրանց շուտ-շուտ զանազան հարցեր և զվարճանալով նրանց պատասխաններով:

Իմ տված հարցին թե` մտնողները յուր ազգակիցնե՞րն են, գթության քույրը պատասխանեց.

— Ոչ, բայց ես առհասարակ շատ եմ սիրում մանուկներին... 0՛հ, շա՛տ: Հապա, նայեցեք, կարելի՞ է միթե չսիրել...:

Այս ասելով նա ավելի մոտ քաշեց տղաներին, որոնք, արդարև, նմանում էին զույգ հրեշտակիկների, գգվեց նրանց, ողջագուրեց և երբ մայրը եկավ փոքրիկներին տանելու, ասաց նրան.

— Ինչո՞ւ մեզ մոտ չեք նստում. այստեղ էլ կարելի է տեղ գտնել...դուք հրաշալի զավակներ ունիք... ես հիացած եմ նրանց վրա, ա՛խ, ի՛նչ սիրունիկներն են, — և նա նորից շոյեց նրանց մազերը:

Գերմանուհին ժպտաց և, ըստ երևույթին գոհ, որ յուր տղաները արժանացել են գթության քրոջ հիացմունքին, թույլ տվավ որ նրանք մնան վերջինի մոտ, բայց տղաները չմնացին և հետևեցին մորը:

Գթության քույրը, խաղաղ ժպիտը դեմքին, նայեց նրանց ետևից մի քանի վայրկյան և ապա խոր հառաչելով` ձեռքն առավ յուր գործը:

—Այս ամենը հո տեսա՞ք, — հարցրի ես հարևաններիս, որոնք արդեն վերջացրել էին նախաճաշը:

—Ի՞նչ պատահեց որ տեսնենք, — հարցրեց ուսուցիչը:

—Այն` թե ի՞նչ տպավորություն արին այս տղաները մեր քրոջ վրա:

—Ի՞նչ տպավորություն արին:

—Նա հիացել, հափշտակվել էր նրանցմով, սիրտը կարծես թուլանում էր...

—Հա, ի՞նչ կա որ, այդպիսի երեխաների վրա ամենքը կհիանան, — խոսեց տիկինը:

—Բայց դուք ասում էիք թե սրանք մանկությունից սովորում են հեռու մնալ կյանքի հրապույրներից, ուրեմն և վարժվում են չգրավվել նրանցմով:

— Հա, ասում էի. ի՞նչ գտաք դուք դրա մեջ իմ խոսքերը հերքող:

—Այս տղաները նույնպես, իրենց տեսակում, հրապույրներ չէի՞ն. ինչո՞ւ այդ խեղճ կինը չկարողացավ անտարբեր մնալ դեպի նրանց:

—Չեմ հասկանում ձեզ:

— Ինչո՞ւ չեք հասկանում, նրանք ուղղակի կերպարանափոխեցին այս կնոջը, հենց որ ներս մտան. սրա սիրտը հրճվեց, դեմքը պայծառացավ և երբ սկսավ ողջագուրել նրանց, թվում էր թե գտնվում է անհուն երանության մեջ. բայց նա տխրեց ու հառաչեց, երբ տղաները հեռացան:

—Եվ այդ ամենից ի՞նչ եք հետևցնում դուք:

—Այն թե` մարդկային սրտի մեջ բնության դրած զգացմունքները անկարելի է խլել արհեստական ճանապարհով. և ով որ, ուրեմն, այդպիսի փորձ է անում, նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մի բռնաբարող, միաբանությո՞ւն լինի դա, թե՞ հասարակ անհատ: Ես պարզ տեսա թե ինչպե՞ս այս քույրն, իբրև կին, կցանկանար ունենալ գեթ մինն այն հրեշտակներից, սիրել նրան, գգվել, նրա թոթովանքով զվարճանալ... Տեսնում եք, ուրիշի զավակը չեն տալիս իրեն, նա, ամենաշատը կարող է նրանով զվարճանալ մի վայրկյան. հետո խլում են և նա դրա համար հառաչում է թաքուն... Սա հիշածս հրապույրների դեռ մի օրինակն է և այն` ոչ զորեղ տագնապ պատճառողը... Բայց կյանքը դեռ որքա՛ն հրապույրներ ունի, որոնց չէ կարող դիմադրել սիրտը, եթե հանդիպե նրանց յուր ուխտի ճանապարհին:

—Եվ ուրեմն...

—Ուրեմն աշխարհում չեն կարող լինել «գթության քույրեր», բայց միշտ կլինին պարզ քույրեր, գթոտ մայրեր և սիրող ամուսիններ: Հետևապես պետք է թույլ տալ կանանց լինել այն, ինչի համար որ բնությունը ստեղծել է նրանց:

Այս միջոցին նորեն գետին գլորվեց գթության քրոջ կծիկը. ես դարձյալ փորձ արի վերցնելու, բայց դարձյալ անհաջող, գթության քույրը ավելի արագ շարժվեց:

— Դեռ ես իմ կյանքում` ասպետության անընդունակ` այսպիսի մարդ չեմ տեսած. ինչպե՞ս կարելի է չկարողանալ` վերցնել գետնից մի կծիկ, որ ընկնում է այսպիսի գեղեցկուհու ձեռքից, — երգիծաբանեց Վերա Վասիլևնան. — փիլիսոփայելու փոխարեն ավելի լավ է սովորի` ծառայել սիրուն կանանց, — ավելացրեց նա ու կարկաչեց:

Գթության քույրը ևս նայում էր մեզ ու ծիծաղում, թեպետ չէր հասկանում թե ինչի՞ մասին է մեր խոսքը:

Բայց ահա երրորդ անգամ գլորվեցավ կծիկը և հասավ մինչև վագոնի դուռը:

Այս անգամ արդեն արագ ոտքի ելա և կծիկն առնելով` բերի գթության քրոջը, որն ընդունեց այն քաղցրաժպիտ շնորհակալությամբ:

— Վերջապես... — ասաց տիկինը:

— Այո՛, վերջապես... բայց գիտե՞ք ինչ պիտի ասեմ ձեզ:

—Ի՞նչ:

—Այս կինը ո՛չ միայն հրապույրներից փախչող չէ, այլ նույնիսկ նրանց եռանդով պտրողն է: Ես պարզ տեսնում եմ, որ սա ուղղակի կոկետություն է անում... կծիկը նա դիտմամբ է գլորում հատակի վրա:

—Դուք վիպագրո՞ղ եք, — հարցրեց հանկարծ Վերա Վասիլևնան:

—Ինչի՞ համար եք այդպես կարծում, — հետաքրքրվեցա ես:

—Որովհետև ես ունիմ այդպիսի մի ազգական, որ աչքի առաջ եղած ամենապարզ երևույթներին տալիս է խիստ բարդ բացատրություններ, վասնզի ա՛յն հավատն ունի թե որովհետև վիպասանը, միևնույն ժամանակ է և հոգեբան, ուրեմն անկարելի է որ շատ բաներ չտեսնի այնտեղ, ուր հասարակ մարդը ոչինչ չէ տեսնում:

Տիկինն այս խոսքերն արտասանեց այնպիսի մի ծաղրական տոնով, որ ես ոչ միայն կուշտ ծիծաղեցի, այլև խոստովանեցի թե` արդարև ես էլ երբեմն վիպագրելու փորձեր եմ անում:

— Ուրեմն այժմ ինձ համար հասկանալի է ձեր կասկածը. բայց եթե դուք վեպ գրելու փոխարեն` սովորեք գուլպա գործել, այն ժամանակ կտեսնեք, որ թելի կծիկը հաճախ ինքնիրեն ելնում է քսակից և գլորվում հատակի վրա (մանավանդ եթե թելը հավասար չէ ոլորած), առանց որ գործողը մտածեր այդ վայրկենին կոկետության մասին: Այդ պատահում է, նաև, այն պառավներին, որոնք վաղուց մոռացել են թե կոկետ են եղել մի օր:

Բայց ինչ էլ որ չասեր Վերա Վասիլևնան, այսուամենայնիվ, գթության քույրը վտանգի մեջ էր դնում իմ հավատը. որովհետև, հազիվ թե մենք լռեցինք մի վայրկյան, և ահա կծիկը նորեն գլորվեց հատակի վրա:

«Այս արդեն չափից դուրս է», մտածեցի ես, թեպետ իսկույն էլ գնդիկը որսալով տվի քրոջը, որ դարձյալ ընդունեց քաղցրաժպիտ շնորհակալությամբ:

— Այս անգամ այլևս դուք չեք համոզիլ ինձ, — ասացի ես տիկնոջը, որ հանգիստ ծիծաղում էր. — այս կինն ուղղակի խաղ է անում ինձ հետ. այժմ ես կփորձեմ ավելի մոտենալ նրան:

Այս ասելով` մոտ քաշեցի պայուսակս, որի մի աչքը լցրած էի Վենետիկի պատվական դեղձերով և պատրաստվում էի նրանցով հյուրասիրել գթության քրոջը, որով և, գուցե մի քիչ էլ նրա բարեկամությունը վաստակել: Բայց շոգեմեքենան սուլեց, որ նշան էր թե արդեն մոտենում ենք կայարանին: Պետք էր ուրեմն դիտավորությունս հետաձգեի մյուս ելքին: Սակայն վագոնի պատուհանի մոտ հնչեց կոնդուկտորի սուր, առաձգական ձայնը «Գրաա՛ց»: Գթության քույրը վեր թռավ:

— Մենք ուրեմն հասանք, — ասաց նա, և արագ յուր գործը ամփոփեց:

— Դուք Գրա՞ց պիտի իջնեք, — հարցրի ես:

—Այո, Գրաց. — պատասխանեց նա հակիրճ և ձեռքերը ձգեց դեպի վերին դարակը յուր կապոցն այնտեղից առնելու համար:

—Ահա՛, ծառայելու հարմար միջոցը. ինչո՞ւ չեք օգնում, — խոսեց Վերա Վասիլևնան:

— Սրա հեռանալն ինձ շփոթեց, բայց պետք է օգնել, — ասացի ես և բարձրացա նստարանը, որպեսզի քրոջ կապոցը դարակից իջեցնեմ:

Բայց ի՞նչ կապոց. երկար ու լայն մի տոպրակ էր դա, կապարի ծանրությամբ, քաշում էի, քաշում և չէր շարժվում տեղից:

— Թողեք, խնդրեմ, ես ինքս կառնեմ, — ասում էր գթության քույրը: Բայց ես մի կերպ վար իջեցրի ծանրոցը, որ երևի յուր մեջ պարունակում էր գթության քրոջ բոլոր շարժական գույքը:

Գնացքը կանգ առավ: Բայց ինչպես շատ կայարաններում, նույնպես և այստեղ ոչ մի, բեռնակիր ներս չեկավ իրեղենները դուրս հանելու: Ստիպված էի ծառայությունս շարունակել, որովհետև քույրը ինքն էր կամենում դուրս հանել այդ կոշտ ծանրոցը, որ անկարելի էր թույլատրել: Այսուամենայնիվ, մինչև որ տոպրակը հանեցի վագոնից և հասցրի պլատֆորմը, հոգիս դուրս եկավ:

Այստեղ էին արդեն գթության քրոջ ուրիշ ընկերուհիները, իրենց իրեղեններով, որոնց և մոտեցրի մեր քրոջ գույքը:

Պլատֆորմը, սակայն, այնպիսի դիրք ուներ, որ կառքերը նրան չէին կարող մոտենալ: Ես սպասում էի թե ահա, ուր որ է, կգա մի բեռնակիր, որին և կհանձնեի բերածս ծանրոցը: Այդ պատճառով կանգնած սպասում էի և միևնույն ժամանակ, օգուտ քաղում այդ վայրկյաններից, որպեսզի մի վերջին անգամ էլ կուշտ նայեմ գեղեցիկ քրոջը, բնության այն հրաշակերտին, որ բոլորովին անգիտակ յուր գեղեցկության զորությանը, կանգնած էր մյուսների հետ իբրև մի անտեր ու խղճուկ արարած...: Եվ սակայն հենց այստեղ, կաթոլիկության ստրուկ այդ խմբի մեջ, ես. առաջին անգամ նրան ճանաչեցի լավապես: Մի, կին, որ յուր հետ քարշ է տալիս կոշտ կտավից կարած, գռեհիկ տեսքով և միայն մշակի ուսին վայել այդպիսի մի տոպրակ, նա չէ կարող լինել ոչ կոկետ, ոչ պչրող և ոչ էլ բնությունից իրեն տված հարստության արժեքը գիտցող էակ:
Բայց ի՞նչ էր նա իսկապես:

Մինչդեռ այս մտքերում խորասուզված` ակնապիշ նայում էի գեղանի քրոջը, նա հուշիկ մոտեցավ. կրկնեց յուր շնորհակալությունը և քաղցր ժպտալով խնդրեց ինձ թողնել տոպրակը, որի ծայրից դեռ բռնած` սպասում էի բեռնակրի:

Ես ետ չքաշվեցա և շարունակում էի նայել նրա սիրուն երկնագույն աչերին:

Ի՞նչ հասկացավ նա այդ բանից, և որի՞ տեղ դրավ ինձ, չգիտեմ. նա տարավ ձեռքը գրպանը և հանելով այդտեղից յուր աղքատիկ պորտմոնեն հանեց նրա միջից մի փոքրիկ արծաթ փող և պարզելով դեպի ինձ` քաշվելով ու շիկնելով ասաց.

Pardon...je n’en ai plus... (ներեցեք, ավելին չունիմ):

Ես իսկույն թողեցի քսակը և ապուշ կտրած նայում Էի գեղեցկուհուն, որ անգիտության ու վարանման այդ վայրկենին դարձել Էր ավելի հրապուրիչ:

Այս կինն, ուրեմն, ոչինչ չէր հասկացել այն ամենից, ինչ որ ես արել էի... նա, մինչև անգամ, գաղափար չուներ այն մասին, թե մարդիկ սովոր են ծառայություն անել կանանց, կամ այդ պատրվակով` հետևել յուր նման գեղեցկուհիներին... նա չգիտեր թե` ինչ զորություն ունին յուր խաժակն աչքերը և ի՞նչ հրապույր յուր անմեղ ժպիտը... Բայց նա գիտեր, տեսել էր, որ բեռնակիրներ կան աշխարհում, որոնք ծանրոցներ են տեղափոխում և դրա համար էլ ստանում մի քանի սու: Ուրեմն ես ևս, որ, առ ի չգոյէ բեռնակրի, հանձն էի առել յուր տոպրակը բերել մինչև պլատֆորմ և որ այժմ կանգնած սպասում էի մի բանի, նշանակում է թե սպասում էի ոչ թե կառքի, կամ բեռնակրի, և կամ վերջին անգամ իրմով զմայլվելու, այլ դրամական վարձատրության...

Եվ մինչդեռ նա ձեռքը պարզած` նայում էր ինձ և իսկապես զարմանում թե` ինչո՞ւ չեմ փողն ընդունում, ես գլուխս շարժեցի և մի վերջին անգամ էլ հիացման հայացքս ուղղելով իրեն, ճշմարիտ հուզմամբ բացականչեցի. — O santka simplikitas (ո՛վ սուրբ պարզություն):

Երբ դարձա վագոն և պատմեցի ուղեկիցներիս գթության քրոջ արածը, Իվան Իվանիչը ուրախ-ուրախ ծիծաղեց, մինչդեռ կինն ասաց.

— Դրանից ավելի լավ դաս ոչ ոք չէր կարող տալ ձեզ. դադարեցեք այսուհետև գաղտնիք որոնել այնտեղ, ուր չկա այդպիսին:

— Իրավունք ունիք, տիկին, — հարեցի ես. — իրավ որ շատ անգամ ճշմարտությունը կանգնած է լինում մեր առաջ, բայց մենք նրան որոնում ենք անհայտության խորշերում, այս դասը երբեք չի պիտի մոռանամ ես:

— Ուրեմն համոզվեցաք, որ այս գթության քույրը չէր նմանում նրանց, որոնց պատմությունն արիք:

— Այլև հավատացի թե` արդարև աշխարհում կարող են լինել «գթության քույրեր», եթե միայն նրանք չապրեն այն մթնոլորտում, ուր ծնվել ու սնվել են հիշածդ քույրերը...:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз