СТАНЬ VIP

Միքայել Նալբանդյան Ղազարի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Միքայել Նալբանդյան Ղազարի

Сообщение Karen » 31 янв 2014, 21:21

(77.15 кб) Просмотров: 460

Գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ Միքայել Նալբանդյանը հայ ռեալիստական գրականության հիմնադիրներից է: Նա խոր հետք է թողել հայ հասարակական մտքի և ազգային գաղափարախոսության ձևավորման վրա:

Միքայել Նալբանդյանը 1837–45 թթ-ին սովորել է Նոր Նախիջևանում` ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848–53 թթ-ին աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում (Քիշնև) որպես քարտուղար, 1853 թ-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանում քննություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարանում աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854–58 թթ-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1860 թ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան:

1858 թ-ից Նալբանդյանը Ստեփանոս Նազարյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ տպագրվել են նրա հրապարակախոսական, քննադատական հոդվածները, վեպերը, գրական լեզվին և այլ հարցերի նվիրված աշխատությունները:

Նալբանդյանը 1860 թ-ին մեկնել է Հնդկաստան՝ հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ժառանգությունն ստանալու նպատակով: Ուղևորության ընթացքում եղել է Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում, հանդիպել է հայ մշակույթի մի շարք գործիչների, Իտալիայում՝ գարիբալդիականների, Լոնդոնում՝ ռուս վտարանդի հեղափոխականների (Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Միխայիլ Բակունին) հետ: Նրա նպատակը համաեվրոպական ազատագրական շարժման մեջ նաև հայ ժողովրդի ազատագրության հարցն ընդգրկելն էր: Այս տեսակետից Նալբանդյանն առավել կարևորել է ազգերի ազատագրական պայքարը ցարական Ռուսաստանում՝ համոզված, որ կայսրության փլուզումն ազատագրություն կբերի բազմաթիվ ազգերի, այդ թվում՝ հայերին:

1862 թ-ին Նալբանդյանը վերադարձել է ուղևորությունից, մասնակցել «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվել է` Լոնդոնում ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվել Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: 1865 թ-ին, արդեն թոքախտով հիվանդ, աքսորվել է Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը, որտեղ էլ մահացել է:

Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է («Երկու տող», 1861 թ., «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», 1862 թ., «Հեգելը և նորա ժամանակը», 1863 թ., և այլն). վերլուծել է ժամանակի ազգային-հասարակական կյանքի երևույթները, արծարծել տնտեսական, քաղաքական, մշակութային, փիլիսոփայական հարցեր: Նա արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները քննել է համազգային շահերի ու հեռանկարների տեսանկյունից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ չի ժխտել եկեղեցու դրական դերը հայոց պատմության մեջ:

Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, կրթության և դաստիարակության ոլորտում բացառիկ դեր հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ պայքարել է աշխարհաբարի ամրապնդման և զարգացման համար, բանտում սկսել է գրել աշխարհաբարի քերականությունը:

Հայ իրականության մեջ առաջինը Նալբանդյանն է կարևորել քննադատության նշանակությունը գրականության զարգացման համար («Կրիտիկա «Սոս և Վարդիթերի», 1863–64 թթ.), քննել է պատմության ու գրականության փոխհարաբերությունները, գեղեցիկի հիմնախնդիրը, նրա ըմբռնման պատմական փոփոխությունները և այլ հարցեր: Նա է հայ գրականություն ներմուծել ֆելիետոնի ու պամֆլետի ժանրերը:
Նալբանդյանի «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1857 թ.), «Մեռելահարցուկ» (1859 թ.) երկերը հայ վիպագրության անդրանիկ օրինակներից են:

Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհն ու քնարական մտորումները: Բանաստեղծական բարձր ներշնչանքի արտահայտություն են հատկապես «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» բանաստեղծությունները: «Ազատություն» բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձևավորվում որպես գաղափար: «Մանկության օրերը» ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության.

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին,
Արյուն ու կրա՜կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:


Նալբանդյանը սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության զինվոր և գաղափարի նահատակ: Նրա կերպարին անդրադարձել են արվեստում և գրականության մեջ:
Միքայել Նալբանդյանի անունով ՀՀ-ում կոչվել են փողոցներ, դպրոցներ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, գյուղ՝ Արմավիրի մարզում, Երևանի Օղակաձև զբոսայգում կանգնեցվել է նրա հուշարձանը: Հայաստանի գրողների միությունը սահմանել է Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակ:

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա... և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը
Հովհաննես Թումանյան


Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու:
Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին:
Միքայել Նալբանդյան


«Իտալացի աղջկա երգը» Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն էր՝ «Մեր հայրենիք» անվամբ, որը, որոշ փոփոխություններով, 1991 թ-ից դարձել է նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության օրհներգը:


Մ. Նալբանդյանը XIX դարի 60-ական թվականների որոտն է ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը: Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի և ալեկոծության, բերեց փոթորիկ և մաքրեց հասարակական կյանքի օդը:
Դերենիկ Դեմիրճյան


Հղումներ ՝
Միքայել Նալբանդյան - բանաստեղծություններ
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Կենսագրություններ