ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:05

ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

Mila Haugova.jpg
Mila Haugova.jpg (22.72 кб) Просмотров: 819


ԴԻՄԱԿԱԶԵՐԾՈՂ ՊՈԵԶԻԱ

Մի­լա Հո­գո­վան (ծնվ. 14.06.1942, Բու­դա­պեշտ) Սլո­վա­կի­ա­յի ժա­մա­նա­կա­կից ամե­նահայտ­նի կին գրողն է: Հո­գո­վա­յի հայ­րը հա­լած­վել է քա­ղա­քա­կան այ­լա­կար­ծու­թյան պատ­ճա­ռով: Ավար­տե­լով Նիտ­րա­յի գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջը` Հո­գո­վան աշ­խա­տել է որ­պես գյու­ղատն­տես, ապա դա­սա­վան­դել է դպ­րո­ցում: 1968-ին քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րով մեկ տա­րուց ավե­լի թաքն­վել է Կա­նա­դա­յում: 1986-1996 թվա­կան­նե­րին խմ­բագ­րել է «Ռեմ­բո» գրա­կան ամ­սա­գի­րը, որից հե­տո զբաղ­վում է մի­այն ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով և թարգ­մա­նու­թյամբ: Բա­նաս­տեղ­ծա­կան 13 ժո­ղո­վա­ծու­նե­րի հե­ղի­նակ է, հրա­տա­րա­կել է 10-ից ավե­լի թարգ­մա­նա­կան գր­քեր: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը թարգ­ման­վել են բազ­մա­թիվ լե­զու­նե­րով, 3 ժո­ղո­վա­ծու տպագր­վել է Գեր­մա­նի­ա­յում, 1-ը` Ֆրան­սի­ա­յում:
Հո­գո­վա­յի պո­ե­զի­ան դի­մա­կա­զեր­ծող է: Նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը պա­տա­ռո­տում են այն դի­մա­կը, որի ետևում մշ­տա­պես թաքն­վել է մարդ­կու­թյան դեմ­քը: Նրա պո­ե­զի­ա­յի իմաս­տա­վո­րու­մը հիմն­վում է ոչ թե հա­մա­կար­գի փնտր­տու­քի, այլ` պատ­կե­րի որոն­ման վրա: Նրա բո­լոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում, կար­ծես, միևնույն կինն է, որ ող­բում է իր սի­րեց­յա­լի կո­րուս­տը` ար­տա­հայ­տե­լով մարմ­նա­կան և հոգևոր սի­րո, ֆի­զի­կա­կա­նի և մե­տա­ֆի­զի­կա­կա­նի ձևափո­խու­թյուն­նե­րը:
Նրա պո­ե­զի­ա­յում առ­կա են թե՛ Պե­նե­լո­պեն և թե՛ Ոդիսևսը: Պե­նե­լո­պեն է, որ նե­րամ­փոփ­վել է իր աշ­խար­հում և մի­ա­վո­րում է նախ­նա­կան ալ­ֆա-կ­նոջն իր ներ­սում եղած վեր­ջին կնոջ` իր դս­տեր հետ: Իսկ Ոդիսևսը ձեռ­նար­կում է մի այն­պի­սի ուղևորու­թյուն, որը ղե­կա­վար­վում է զգաց­մուն­քով:
Հո­գո­վա­յի սի­րեց­յա­լը բնու­թյունն է, նրա լե­զուն նավն է և մի­ա­վոր­ման շնոր­հը, որ գե­րա­գույն հրաշք է մարմ­նա­վո­րում: Նա փոր­ձում է ար­ձա­նագ­րել սի­րո էպո­սը, և տա­րօ­րի­նակ տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, թե նա հատ­վա­ծա­կան է: Իր կրկ­նագ­րում նա միևնույն հա­ղոր­դագ­րու­թյունն է ու­ղար­կում. սի­րե­ցեք զմի­մե­անս, ոչինչ ավե­լի գո­յու­թյուն չու­նի: Մի­այն սի­րո շնոր­հիվ կա­րող եք ար­գելք­նե­րը հաղ­թա­հա­րել:

ՎԱՀԵ ԱՐՍԵՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:06

ԱՆՏԻԿ

1
Ես Ալֆան եմ:
Անտիկ ցավերը ցնցուղ են
մարմնիս համար,
վիրավոր աստղերը
անհետանում են,
քունը շոյում է իմ դեմքը
միայն
մատի ծայրաշեղբով.
անմտորում պատկերներ,
անպատկեր մտորումներ:
ԴՈՒ ՑԱՎ ԵՍ ՊԱՏՃԱՌՈՒՄ:
Ես մայրն եմ մոր:
Ես դուստրն եմ դստեր:
Հիշողություն հիշողության մեջ,
որ անիմանալի է մեզ:

2
Կնոջ ձիգ դիմակից ներս
վատնիր քեզ,
տանջիր,
սպառիր ժամկետը,
իմաստնացիր:

3
Արդյո՞ք թևավոր աչքը
անխուսափելիորեն տղամարդունն է:
4
Ինչպե՞ս ազատագրվել
կնոջ փետուրներից:
Թևե՞րը կտրել:
Նվիրվե՞լ անմնացորդ:
Փաղաքշանքից խելագարվել:
Կորսվե՞լ հավերժի մեջ,
Լինե՞լ բանալի դռների համար բոլոր,
–Ներամփո՞փ, ասես խոլորձ:

5
Չարիքից է չարը ծնվում:
Ալֆան զարթնում է անփոփոխ. սրբազան
քարայրում նա կրակն է
պահում անմար: Վախվորած, նա իր ապրող

մարմնի վրա է զգում խրախճանքը սառցե բյուրեղների,
որ ի վերջո ծածկելու են երկիրն
ամբողջ:
Նա ոտքի է ելնում և կանչում է գիշերային
թռչուններին, հավերժորեն սովյալ գայլերին անձնվեր,
նա մոտենում է փարախին,
շոյում կոտոշածածկ հսկա ճակատները –
Իրականում իր էությունն է փաղաքշում,
կուլ տալիս ճիչը սեփական,
նա շոյում է իր դուրս ցցված որովայնը
և կքանստում, հավերժ կանացի կրակը
խոնարհում է նրա մարմինը:
Մենության պահին նա գրկում է իր ծնկները
ուսերի փոխարեն: Քուն մտնում արևածագից առաջ: Հետո
տղամարդը վերադառնում է:

6
Ալֆան մտնում է անցյալի դռնից ներս,
քայլում ժամանակին հակառակ, նա ընտրում է
մի բուռ լույս անապակ. պառկում
խոտ–ներքնակին, շուրջը գծում
մի շրջան և ասում, «Ահա‘, տունը»:
«Ամենը գալիս է ճիշտ ժամանակին», նա ասում է ինքն իրեն, «Այս խավար
ու ցուրտ գիշերը նույնպես»: Կյանքի մեկ տարի ևս:
Նա մտնում է անցյալ օրերի մեջ առանց շրջվելու,
նա ոչինչ չի աղերսում, ավելի ճիշտ ուղղակի
աղերսում է.
նա ցանկանում է օրեր անարատ,
ցանկանում է պտուղները լույսի:

7
Ալֆան գործի է դնում դյութանքն իր, նա կարիքն ունի
հավերժական սիրո: Բառն առաջին նա
քամուն է հանձնում, մատնում է թաքստոցը
օձի, մի բուռ մոլեխինդ է շաղ տալիս կրակի վրա,
ջուրն է նետում մատնախեղդ մատանին: Նա ձգում է սանձը
եռացող արյան, քմծիծաղում
հայելուն, արտասվում է խոտի
բարձի տակ, շարժվում է իրենից դեպ իրեն,
կողպում է էությունն իր,
ընտելանում է սեփական արյանը
և սպասում –

8
Ալֆան քնում է մինչ ճեղքվելը այգաբացի:
Նա արթնացնում է թռչուններին, ինքն իրեն, մարմրող
ածուխները,
կապակցում ոսկորները մաշված,
գունազարդում հոնքերը մեռյալների,
փափկեցնում է կավը մերկ ոտքերով
և նկարում պատկերն իր, թռչունների,
ոտնահետքերը մեռյալների, իր եղունգներով նա ճզմում է
ուռենու մանրաճյուղերը սրածայր,
ճզմում է ամբողջ ուժով.
նա թողնում է սպիներ, նա այսպիսին է:
Տղամարդը կգա նեղ կածանով
ձյան նման կթափանցի
նրա կոպերի տակ:
Նա կծածկի ամեն ինչ:
Տղամարդը հենց ձյունն է:

9
Պահպանել սպիներն այս: Հիշել
եղելությունը: «Գաղտնազերծել մեր ներսում ապրող
թռչնի ակնարկը վերջին…»:
Ծլարձակ սերմերը հզզում են երկրագունդը:
Սպասել ճեղքման ճշգրիտ պահին,
կանաչ ծիլը գրգռում է մաշկը խավարի:
Չունեմ մի քար, որ կհղկի
ձեռքերն իմ, ոչ էլ ջուր սովյալ, որ իմ
բերանն է փնտրում –

10
Միայն քամու ակնարկը թևերին,
միայն կանանց երկար թիկնոցները
սիրո կարմիր հետքերով,
նույնիսկ Աստվածն այդժամ զայրույթն իր մի կողմ կդներ
վերածվելով քամու թևավոր,
կանանց երկար թիկնոցներին կարմիր
հետքի կվերածվեր,
կվերածվեր դանակի երկսայր, թռչունի, որ
գրկախառնությանն է զոհաբերում թևերի ողջ ուժը,
և անդառնալի մի երգի –

11
Կանանց միակ սփոփանքը
երազն է:
12
Տղամարդու դեմք: Խոցված:
Խոցող: Հիշողություն:
Ցամաք խելագարություն: Այն կառչում է
բառերի վզաթոկից: «Ի՞նչ մեղք»:
Մի տուն անտանիք: Ահ, դեմք տղամարդու, որի մեջ
լույսն անջնջելի է,
բեկված որպես երազ վայրենի –
նե–ն լալիս է, վեր բարձրացնում սառը քարեր:
Հաջորդ պահին այն կդառնա ջերմ ու փայլուն:
Ջերմությունն այս մենք կպահենք երկար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:06

ԲՈՒՅՍԻ ՕՐԱԳՐԵՐԸ

1
Արճիճե փոքրիկ արձանիկ:
Մեռյալ կինը աղոթում է
արևի աստծուն:

2
Վեգետատիվ ետընթաց.
խորխորատներում փթթող ավազ:
Կենդանակերպի կորսված արոտներ:

3
Բառ, որ ձգվում է լույսի ուղղությամբ:

4
Ո՞ր կետից են բջիջներն իմ փոխակերպվում
բուսական հյուսվածքների:

5
Հիշիր, երբ մոռացությունը կրկին վերադառնում է
դու արդեն փոխակերպված ես:

6
Առարկաների լույսը մատների վրա է սևեռվում;
Շռայլություն: Ազդրերիդ տեղատվությունը խոնավ:

7
Շնչիր և արտաշնչիր: Դեռ թույլատրվում է: Անցյալի կապանքները
թուլանում են: Առարկաներ ձյան տակ
կորսված: Առարկաներ կորսված հրե լեզվակներում:

8
Մարմնիդ պտույտ–վերադարձը ծովով է անցնում.
մի՛ լսիր նրան, ինչն օտար է քո ներսում:

9
Նա մեզ անակնկալով է անակնկալի բերում:
Ժամանակի գալարներն իմ սակավ են: Մանկության
թավ անտառը: Ես նույն կրակին եմ հանձնում:

10
Ես պաշտպանում եմ ինձ առօրյա գողտրիկ մահերով:
Սերմը դեպ հյուսիս է շտապում: Ներքևի ծառերն աճում են
դեպի սեփական էությունը գլխավերևում տմբտմբացող լիալուսնի հայացքի ներքո:

11
Այսօր ավելի խավար է, քան երեկ: Հետս քեզ կքաշեմ
ներքև: Աղյուսի կտորտանք: Ափիս մեջ խրված
ծլեպ: Կրքի պակասից կրքոտված:

12
Փափագում եմ բառազուրկ մի աշխարհ: Խեղդելու համար
գաղափարները սառն ու վայրագ. Երկրագնդի վրա հանգչելու և
ամենայնը լսելու համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:06

ԵՐԿԱԿԻՈՒԹՅՈՒՆ

Ցանկանալ առանց ցանկության:

Ինձ պակասում է կիսա–թափանցիկ մի թաղանթ:

Մթության մեջ հոսող ռիթմին անգիտակից դիմադրություն:

Նժույգները մոտենում են սպառնալից փարախին:

Երեկոյան նրանք խաղաղվում և սուզվում են սեփական էության մեջ, մերկանում են գիշերվան ընդառաջ:
Կանանց մարմինները տարուբերվում են երկու ջրերի միջև:

Աղջիկն ընկղմվում է կնոջ մեջ հավիտեանս:
Փակվում մասամբ խավար տարածքում:

Երեկվա լույսը ջերմացնում է ներսը, լուսավորում:

Լիցքաթափումը կատոդի փողում որոշ պայմաններում որոշակի է:

Այն, ինչը ձայն է այստեղ, այնտեղ ձևափոխվում է գույնի:

Դա հնչում է հրեշտակի անվան նման:

Խարիսխն իմ պոկվում է զգայարաններիցս. ես` կործանված:
Այնտեղ ժամանակն անուժ է:
Խոսքն էր Նրա, որ ամբողջացրեց ինձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԻԼԱ ՀՈԳՈՎԱ

Сообщение Harutin » 29 окт 2011, 14:07

ԽՂՃՄՏԱՆՔ[mp3][/mp3]
երբեք–երբեք չե՞մ սպանել կամ նեղացրել կենդանիներին

արդյո՞ք Տերն ինձ փորձել է մինչ տանելիի իմ սահմանները

թռչնի թևերը դրոշմված են թերթաքարի էջերին

լռության մեջ ակոսված ցավը ապրեցնելու համար

քարն անկարող է արնահոսել, սակայն փայլել

կարող է

աննպատակ մի թափառումը, երբ ծնվում են մեծագույն ճշմարտությունները

ճանապարհի մետաղյա կաղապարը ձգվում է մինչև ձուլարան

մինչ մկանաթելերը մենակյաց սրտի, իրարից անջատ

նրանք դիմակայում են ճակատագրին,

ներթափանցում են անհատի հոգու բառաշերտը,

ցնցվում նրա սպառնալից դողէրոցքի մեջ


Անգլերենից թարգմանեց ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0