Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և
թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու
հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:
թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու
հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:
Կենսագրություն
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:
Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ-ին Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:
Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ...), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000...), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը:
Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:
406 թ-ին նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:
Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:
Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:
Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը՝ դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև ճառեր, քնարական բանաստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը:
Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ:
Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ՝ՀՀ -ում և ԼՂՀ-ում, հիմնարկներ ու կազմակերպություններ՝ ՀՀ-ում և Սփյուռքում:
Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
Հայ գրերի ստեղծումը
Մաշտոցը այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։
Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը
Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ.)։
Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.
1.հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
2.ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն
3.հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար
4.ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։
Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թ.) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Աստվածաշնչի թարգմանությունը
Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
Մաշտոցի առաքելությունն ու հիշատակը
Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում, ապաշխարհություն և ճանապարհ բազում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։
Որպես անհատ Մաշտոցը, Խորենացու վկայությամբ, գերազանցել է. «… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։ (Պատմություն Հայոց, 1968 թ.) Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատռեց» (Վարք Մաշտոցի, 1962 թ.)։
Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։
428 թ. Հայաստանի արևելյան մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը։ Քաղաքական տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մաշտոցի գյուտով ծնունդ առած հայոց դպրությունը արագ ծաղկեց որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությանը ձուլումից պատսպարող ուժ։
Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թ. Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։ Նրա անունով է կոչվում Օշականի գլխավոր փողոցը, միջնակարգ դպրոցը և Օշականում կա նրա անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է նրա շիրմի վրա։Օշականում գործում է նաև նրա անունը կրող երիտասարդաց և պատանյաց միություններ։
«Մտքով՝ ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա (Մեսրոպ Մաշտոցի) վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել»:
Մովսես Խորենացի,
պատմահայր
«Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը V դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»:
Հակոբ Մանանդյան,
պատմաբան