ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 сен 2010, 19:51

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Merujan Ter-Gulanyan.jpg
Merujan Ter-Gulanyan.jpg (8.92 кб) Просмотров: 693
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 сен 2010, 19:53

Ընկած թուղթը
/վեպ/
Գլուխ առաջին


Թագադիր Ասպետ իշխան Սահակ Բագրատունին այդպես էլ չէր իմանալու, որ իր ցեղի անցյալ փառքը մի օր թագավորական խույր է կրելու և դա լինելու է իր նահատակությունից չորս հարյուր տարի հետո: Չէր իմանալու նաև, որ Մովսես փիլիսոփային գրած իր առաջարկ-նամակը դառնալու է Բագրատունյաց թագավորության բանալին:

Իշխանը հաստատ չգիտեր նաև, որ իր սերմը աշխարհում դեգերելու է երկու հազար տարի շարունակ` լուծվելով ժամանակի հուսահատ ու կենդանի ջրերում: Ու շատ ավելի ուշ նրանք աշխարհ էին վերադառնալու այլակերպ հոգիները դրսում, մարմինները ներսում, և տեսնողները չէին ճանաչելու նրանց, քանզի մոռացել էին բագրատունյաց վագրը, որը երկու հարյուր տարի իր թաթը չիջեցրեց երկրի գնդի վրայից:

Այնինչ, ազգերի հոգևոր ջրերի խորքերում ապրում էր Լեգեոն ձուկը, որի պոչը այնքան երկար էր, որ ձուկն իր պոչը չէր ճանաչում և տեսնելիս ուզում էր կծել: Իսկ երբ կծեր, աշխարհը խորտակվելու էր: Եվ եղան ազգեր, որոնց հետ պատահեց այն բանը ու վաղորդյան մշուշի պես նրանք տարալուծվեցին ժամանակների խաբուսիկ զրնգոցների մեջ ու վերացան աշխարհի երեսից:

Իսկ Քրիստոսից հետո, հայոց կյանքի հինգերորդ դարում, եղավ այնպես, որ Հայկ ցեղի ներսում ապրող նախաջրհեղեղյան հոգնած ձուկը մի օր տեսավ իր պոչը, ու երկրում սկսվեցին եղբայրասպան պատերազմներ:

Բայց մինչ այդ, ինչը գրեթե մոռացվել էր, թագավորասպան Անակ Պարթևի որդի Գրիգորը երկրում հռչակվեց սուրբ: Եվ օտարամուտ հրոսակների իր ամբոխով սկսեց կենդանի տաճարների կոտորածը, ջարդը, ջնջելով,քերելով գիր ու մագաղաթ, արևելքի հեռու խորքերից բերած կավահամ փոշու տակ թաղելով հինգհազարամյա աստվածների գլխատած մարմիններն ու խոսքը: Եվ զարմանալի կրքով բռնկված սկզբից ավերեց Տեր աստծո տաճարը, որպեսզի գրի հետ ջնջվեր նաև ժողովրդի հիշողությունը: Հընթացս ավերեց նաև Միհր աստծո տաճարը տապալելով նաև մարմարյա շքեղ պատվանդանը` ձոնված սպասվող-գալիք Աստծուն, ասել է թե`Քրիստոսին:

Այդ շրջանում երկրում ընդհանրապես զարմանալի և տարաշխարհիկ բաներ էին կատարվում.զգայուն հոգիները անհասկանալի երազներ էին տեսնում, իսկ երազահանները չէին կարողանում մեկնաբանել, բացատրել դրանք: Եվ հիշտեք գիշերներին բոլոր տներում մի ճրագ վառ էին թողնում, որ ամեն շաբաթ այդ օրը իրենց հարազատներին այցելող մեռյալների հոգիները չմոլորվեին տան մթության մեջ: Սկզբից այդպես կանչում էին հին աստվածների հոգիները, որոնք վաղուց արդեն մեռել էին, բայց մարդիկ կարոտում էին նրանց: Այդ գիշերներին նաև ջուր չէին խմում, որ մեռյալների հոգիները չծարավեին: Եվ այդ աննպատակ, անհանգրվան օրերի մեջ հաճախակի էին դառնում ջրհեղեղն ու երաշտը.հունդը չէր հասցնում հասկ դառնալ, իսկ խորշակն ավերում էր այգիները.ծիրանը թափվում էր կաթնակորիզ, տերևները այրված ձեռքերի նման սմքում, կուչ էին գալիս` մետաղաձայն խշխշալով շարունակվող քամիների առաջ: Եվ երկնքից անձրև աղերսելով` կանայք եզների տեղակ լծվում էին արորին ու ցամաքած ջրին հակառակ վարում էին առուն: Լարումից ուռում-փքվում էին կանանց վզի երակները, ու թեև արորի մաճը բռնում էր գյուղի տատմերը, միևնույն է, անձրև չէր գալիս:

Տերը չկար, և ամբարիշտ հոգիները իրար մեջ բաժանում էին անղեկ-անառագաստ երկիրը և չէին սարսում նույնիսկ Աստծուց: Խամրում, գունաթափվում էին նաև պայծառատես այրերի հոգիները և, չուզենալով ապրել ահագնացող ստի մեջ, նրանք թողնում էին քաղաքներն ու շեները ու փույթով հեռանում առանձնություն:

Ջնջվել էր ու այլևս չկար հների խոսքն ու գործը սահմանողը: Եվ Արտաշատ մեծ քաղաքի կամուրջները դանդաղ սուզվում էին Արաքս գետում, ու չկար մեկը, որ տեսներ:

Այո՛, թագադիր Ասպետ իշխան Սահակ Բագրատունին չգիտեր և այդպես էլ չէր իմանալու տարանցիկ հայացքից թաքնված երկրի ներքին տագնապը: Քանի որ ինքը պատերազմների մեջ էր և օտարներից էր պաշտպանում մարմրող երկրի`հայրերից մնացած ժառանգական սահմանները` երկրի ներսը թողած օտարամուտ սրբերին: Իշխանը չգիտեր և ափսոս, որ այլևս չէր իմանալու, քանզի զոհվեց Ճարամանայի ճակատամարտում, Քռի ափին` այդպես էլ չհասցնելով մինչև վերջ կարդալ Մեվսես փիլիսոփայի` իր իսկ պատվիրած ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Նա ընկավ, երբ հաղթական ճակատամարտն արդեն ավարտվում էր: Գլխին արծաթափայլ շքեղ սաղավարտ` զարդարված գունեղ փետրափնջով, արևի տակ շողշողացող զրահի ձախ կողմում, ուղիղ սրտի վրա փոքրիկ անցքով, որը ճակատագրի աչքն էին համարում և որտեղից զոհվողները հռչակվում էին սրբազան զոհեր: Եվ եղավ այնպես, որ թշնամու գտավ այդ սրտաչափ բացվածքը, և իշխանն ընկավ վարգող ձիուց` ապրողների հիշողության մեջ` դառնալով սրբազան զոհ…

Բայց այդ ամենը պատահելու էր շատ ավելի ուշ, տարիներ հետո, երբ իշխանը, անցնելով փառքի և հարստության հաստատված սահմանը, պատրաստվում էր հռչակվել թագավոր: Արքայական խույրն արդեն նրա ձեռքին էր, մնում էր բարձրացնել ու դնել գանգրահեր, շքեղ մազերով գլխին…Այո, դա այդպես եղավ:

Իսկ հիմա իշխանը Վաղարշապատի իր դղյակում, հին մատյանների մեջ խճճված, արդեն մի քանի օր սպասում էր Մովսես փիլիսոփային և չգիտեր, թե որտեղ է նա:

Գիտեր միայն մի մարդ, որ հիմա նստած էր խոխոջացող առվի ափին, ոտքերը կախած սառը, զուլալ ջրի մեջ ու նայում էր դեմը փռված կանաչ աշխարհին: Հագին խարազանահյուս խիտոն էր` ետ գցած ծանր կնգուղով: Երկար, ալեխառն մազերը, որ թափված էին ուսերին, ճակատի վրա կապված էր դաբաղած կաշեփոկով , մորուքը կարճ էր ու խնամված: Նա նիհար էր, բայց կապույտ աչքերի հայացքը ջահել էր ու միջնաթափանց: Նրա կողքին տասնչորս-տասնհինգ տարեկան երկարամազ մի գեղեցիկ պատանի էր նստած:

Բայց այդ պատանին ես չէի, Դավիթն էր` մազերը նույն ձևով կապած, ավազագույն խիտոնը հագին: Այդ ժամանակ ես ուրիշ տեղում էի, հեռու Կապադովկիայում` Կորեմեի հովտում, սպասում էի, որ մի օր իմ տեսած երազի հետ ինձ կկանչեն:

-Երբ ես ուսանում էի Եգիպտոսում, ուր գրեթե երբեք անձրև չի գալիս, մեր հեռավոր երկրի անձրևներն արթնացնում էին քնից,-ասաց տարեցը` շփելով ջրի սառնությունից սպիտակած ոտքերը,-ինչպես ատամնացավն է զարթնեցնում գիշերը և հոգիդ նվվում է անպաշտպան…ու ես երկար չէի կարողանում քնել, Դավիթ, անձրևները անհանգստացնում էին ինձ, ինչպես մոր նամակները` Ալեքսանդր Մեծին:

Տարեցը շրջվեց, շոյեց տղայի մազերը, հետո կիսաձայն, ասես ինքն իր ներսում, կրկնեց.

-Այո, ինչպես ատամնացավ:

Նրանք զրուցում էին` նստած տաքացած սալ քարերին, մեջքով դեպի Սուրբ Կեռը և ուշադիր նայում էին ամռան տապից վետվետուն մշուշի մեջ անհստակ երևացող քաղաքներին ու շեներին: Ձախ կողմում Արագած լեռն էր, ներքևում `Արաքսը` ծածկված չսրված դաշույնի նման մշուշի կապույտ շեղբով: Հեռու հորիզոնում, ուր Գեղամա լեռները քսվում էին երկինքներին, ճերմակ-փրփուր ամպեր էին ծնվում:

-Նայի՛ր, Դավի՛թ, ձուկը, քո բախտն է,-ասաց տարեցը` թփթփացնելով տղայի մեջքին:

Տղան արդեն տեսել էր ձուկը և, չլսելով տարեցի խոսքը, վեր թռավ նստած տեղից և բոբիկ ոտքով հարվածեց ջրին, ճոխփացող ջրի հետ առվից դուրս թռավ մի մեծ ոսկեփայլ ձուկ ու հուսահատ թպրտաց ծաղկած խոտերի մեջ: Տղան շտապեց անցնել առվի հակառակ ափը, բայց ուշացավ, ձուկը թպրտալով թռավ ու նորից ընկավ ջուրը` արծաթի խամրող փայլեր թողնելով ծաղիկների վրա:

-Բախտդ գնաց խառնվեց ծովերին,-ժպտաց տարեցը` մոտ քաշելով ծանր մեծ մախաղը,-ուրախ ձուկ էր, մի տարեկան ուրախ ձուկ…

Տղան շփոթված երկար կանգնեց հակառակ ափին` նայելով ջրերի խորքը, և ուրիշ ձուկ չգտնելով, վերադարձավ ու զգուշությամբ անցնելով առուն կանգնեց:

-Ձիավորներ են գալիս,-ասաց նա` մատով ցույց տալով եկողներին:

Տարեցը շրջվեց, հետո դանդաղ վեր ելավ տեղից, ոտքերին քաշեց հունական մույկերը և, ձեռքը դնելով ճակատնին, նայեց տղայի ցույց տված ուղղությամբ, նա միջահասակ էր ու թիկնեղ:

Երկու թեթևազեն հեծյալ էին մոտենում` արևի տակ փայլեցնելով գոտիներից կախված կարճ անպատյան թրերը, գլուխներին` կաշվե կլոր սաղավարտ:

Հեռվում` ինչ-որ տեղ, երևի Սուրբ Սարի ճողվածքում, ամպրոպ ճայթեց. գուցե թե Նոյի ձայնն էր, չհասկացվեց , և առվի կարկաչը հայտնվեց ավելի լսելի:

Հեծյալները լուռ մոտեցան կանգնածներին և զինականներից մեկը, որը թերևս ավագն էր, հստակ, հատու ձայնով հարցրեց.

-Ինչ՞ մարդիկ եք, որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում:

Տղան ավելի մոտ կանգնեց տարեցին ու նայեց նրան:

-Ուխտավորներ ենք,-ուսերն ուղղելով ասաց տարեցը,-գալիս ենք Վասպուրականից, գնում Վաղարշապատ,-հետո ձեռքը դրեց տղայի ուսին ու մոտ քաշեց իրեն,-իսկ այս պատանին իմ զարմիկ Դավիթն է:

Ավագ զինականի ձին փռնչաց ու խեթ-խեթ նայեց գետնին ընկած մախաղին:

-Ի՞նչ եք տանում ձեզ հետ,-ձայնին խստություն տալով` հարցրեց ավագը ու ձիու վրայից կռանալով ճարպկորեն վերցրեց հյուսկեն պայուսակը և անմիջապես էլ ետ դրեց գետնին,-ի՞նչ կա մեջը, ինչու՞ է այդքան ծանր,-կասկածանքով տարեցին նայելով հարցրեց ավագը:

-Մատյաններն են, գրքեր են մեջը,-դեմքին թափված ալեխառն մազերը ետ տանելով` ասաց տարեցը, հետո մի պահ մտածեց ու ժպտաց, կապույտ աչքերում ոսկե փայլերը խաղացին,-գիրքը առհասարակ ծանր բան է, եթե մեջը նաև խելացի բաներ են գրված լինում:

Լռություն իջավ, և առվի ձայնը նորից մոտեցավ ու քսվեց նրանց` զովության հեռավոր տարտամությամբ:

-Մեծն իշխանի հրամանով մենք երկու օր է փնտրում ենք մի մարդու,-ձիուց իջնելով և յուրովի փոխված ձայնով ասաց ավագը,-նրա անունը Մովսես Փիլիսոփա է, կարող է լինել, որ դու ես այդ մարդը:

Տարեցը առաջ եկավ ու լայն ժպտալով ձեռքը պարզեց զինականին:

-Այո, ինձ այդպես են անվանում, ես Մովսեսն եմ,-ասաց:

Հեռվում Գեղամա սարերի վրա հավաքված ամպերը սպասեցին, խորհեցին և, իրենց ներսում անձրև չգտնելով, դանդաղ գունատվեցին և անէացան հավերժ կապույտի մեջ:

Ավագ զորականը զինվորական պատիվ տվեց Մովսեսին և խոնարհեց գլուխը նրա առաջ: Մյուս զինվորը փութով ցած թռավ ձիուց և կրկնեց ավագի ողջույնը:

-Ձեր ջորիները սպասում են Արտաշատի կամրջի մոտ` պահակատանը,-զեկուցելու պես ասաց անսպասելիությունից շփոթված ավագը,-Մեծ իշխանը սպասում է քեզ Վաղարշապատում:

Սև խոշոր աչքերով ձին շարունակ հոտ էր քաշում գետնին դրված պայուսակից և անհանգիստ դոփում էր տեղում:

-Դուք գնացեք,-մի պահ մտածելուց հետո ասաց Մովսեսը,-Արտաշատը մոտ է, մենք քայլելով կիջնենք,-հետո նայեց Դավիթին ու խորհրդավոր ժպտաց,-մենք կգանք, համ էլ ուզում եմ իմ զարմիկին մոտիկից ցույց տալ մարդու երկիրը:

Զորականները նայեցին իրար, կրկին պատիվ տվեցին Մովսեսին, հետո վերցնելով ուխտավորների ծանր պայուսակները` դանդաղ իջան լանջն ի վար:

-Մենք ձեզ կսպասենք Արտաշատի կամրջի մոտ,-ասաց ավագը:

Ուխտավորները կանգնած երկար նայում էին, թե ինչպես զորականները, ձիերին մի տեսակ թեք նստած, հարմար արահետ էին փնտրում գետափ իջնելու:

-Ահա և վերջացավ մեր ուխտագնացությունը, զարմիկս, շուտով տեղ կհասնենք և ամեն բան կփոխվի,-ասաց Մովսեսը` ձեռքը դնելով Դավիթի ուսին,- մեծ քաղաքներում, շատ մարդկանց մեջ խոսելը դժվար է, դատարկության մեջ` հեշտ,-նա մի պահ մտածեց ու շարունակեց,-եթե, իհարկե, Աստված քեզ չի լսում:

Արաքսի վրա փռված մշուշի կապույտ շեղբը նոսրացել, ծածկվել էր արևի տակ փայլեցնելով մեծ գետերի ողորկ մեջքը:

-Այո, եթե Աստված քեզ չի լսում,-կրկնեց նա:

-Բայց չէ որ դու ասում ես, թե Աստված ամեն տեղ է, ուրեմն լսում է,-ասաց տղան:

-Իհարկե լսում է, եթե ուզում է լսել,-ասաց Մովսեսը, հետո նայելով մշուշի շեղբից ազատվող գետին ու թփթփացնելով տղայի ուսը, անսպասելի զվարթ ձայնով ասաց,-գնացինք, զարմիկս, Աստված շշուկն էլ է լսում, եթե ուզում է: Ձեռնափայտդ մի մոռացիր, գնացինք:

Նրանք զգուշությամբ անցան մամռապատ, սլկուն քարերի վրայով և, դուրս գալով առվի հակառակ ափը, իջան լանջն ի վար` դեպի խաղացկուն մշուշի մեջ երևացող քաղաքը: Թեև գետն իր մեջ առնում-խեղդում էր ափամերձ ձայները, բայց մեծ քաղաքի խուլ, անորոշ աղմուկն արդեն հասնում էր նրանց:

Ուխտավորները գնում էին արահետով, որ հազիվ նշմարելի էր խոտ ու ծաղկի մեջ, և ուշադիր հետևում էին դիմացը փռված մեծ քաղաքին: Իսկ ավելի ներքևում, երբ արդեն հստակ երևում էր գետը, Մովսեսը կանգնեց և քննախույզ նայեց շուրջը:

-Հնում այս տեղերով լայն ճանապարհ էր անցնում, հետո այդ ճանապարհը մաշվեց , մաշվեց ու դարձավ արահետ,-ասաց նա` ձեռնափայտով ցույց տալով շուրջը,-հիմա, ինչպես տեսնում ես, այդ արահետն էլ չկա, մեծերի ոտնահետքերը ջնջվել են:

-Ի՞նչ ճանապարհ էր դա,-հարցրեց տղան` ակնածանքով նայելով Մովսեսին:

Մովսեսը երկար ժամանակ լուռ էր և չէր թվում, թե մտածում է: Հետո նայելով Դավիթին` անսպասելի պաթոսով ասաց.

- Դա Արարատի Մեծ Քրմի գաղտնախորհուրդ տաճարը տանող ճանապարհ էր, քչերին էր վիճակված այդ ճանապարհով անցնել:

Մովսեսի ձայնում հպարտություն կար, դեմքն անսովոր ներշնչված էր, կարծես ինչ-որ մեկն այդ պահին նրա ներսում մոմ վառեց:

-Այդ ճանապարհով անցնում էին միայն ընտրյալները,-շարունակեց նա,- ինքը, զարմի՜կս, Մեծ Քուրմը մարդկային ճակատագրերի ու վիշապների տիրակալն էր, երբ մեր արևն իր մոլորակների հետ գտնվում էր խոյի համաստեղությունում…ուրիշ ժամանակներ էին:

Տաք, թրթռացող մշուշի հետ ներքևից գալիս ու ավելի լսելի էր դառնում մեծ քաղաքի անորոշ, անխոսք աղմուկը: Արդեն հստակ երևում էին առանձին շենքեր և հազար տարի մեծ գետի ջրերին ցած նայելուց կամուրջների հոգնած, կամարակապ աչքերը:

-Արի մի պահ նստենք,-ասաց Մովսեսը,-այս քաղաքի մասին քեզ բան ունեմ ասելու:

Նրանք կողք-կողքի նստեցին թեք լանջին և երկար ժամանակ լուռ էին:

-Սա մեր հին փառքի ու մեծ ափսոսանքի քաղաքն է, մեր վրավորանքի քաղաքը, Դավիթ:

-Ինչու՞ վիրավորանքի,-զարմացավ տղան:

-Որովհետև մեր անհեռատես նախնիները արևելքի Հռոմը կորցրին և ահա այսօր մեր դիմաց կուչ է եկել ցեցը կերած պարիսպներով մի մահացող քաղաք,-ասաց Մովսեսը:

Դավիթը հանկարծ զվարթացավ ու, ծնիկ գալով, դասը լավ սերտած աշակերտի պես ասաց.

-Ես քաղաք եմ առանց պաշտպանական պարիսպների….ինչպես Սուրբ գրքում է ասված:

Մովսեսը տխուր ժպտաց ու մոտ քաշելով զարմիկին` համբուրեց ճակատը:

-Այո, ինչպես Սուրբ գրքում…Դու մի օր մեծ փիլիսոփա կդառնաս, Դավիթ:

Նրանց թիկունքում, լեռան անդունդներից ամպրոպի դղիրդ, մարդկային թառանչանք լսվեց, կարծես մեկը օգնության էր կանչում: Դավիթը վախեցած ոտքի կանգնեց, նայելով Սուրբ լեռան ճողվածքի կողմը.

-Ի՞նչ է սա,-կիսաձայն հարցրեց նա:

-Նստիր, մի վախեցիր,-հանգիստ ասաց Մովսեսը,-դա շղթայված Արտավազդ թագավորի ձայնն է, նրան երևի զայրացրեց, որ ես այդպես արտահայտվեցի իր քաղքաքի մասին:

Նրանց դեմով դանդաղ, ծանրաքայլ անցավ կովերի նախիրը` հսկա սև ցուլի առաջնորդությամբ, որի քթին բրոնզե օղակ կար: Ձիավոր նախրապանները ձեռքով ողջունեցին նստածներին: Ավելի ներքևում, անմիջապես գետի ափին, կարմիր հագած մի աղջնակ իր համար պարում էր մի քանի հորթերի ու գառների առջև: Երևի հովվուհի էր:

-Նայիր, բլուրի վրա քաղաքի միջնաբերդն է, կողքին` Խորվիրապը,- ասաց Մովսեսը` ձեռնափայտը պարզած քաղաքի կողմը:

-Ուրեմն այդտեղ է ճգնել Մեծ Լուսավորիչը,-հայտնագործություն անողի պես հուզվեց տղան:

-Այո, այդտեղ,-ասաց Մովսեսը,-այդտեղից էլ սկսվել է հետագա ամեն ինչը, որի մասին հիմա շատերը մոռացել են…

Այո, շատերը վաղուց մոռացել էին, կամ չէին ուզում հիշել, թե ինչպես քրքրված խիտոնի քղանցքներում անապատի փոշի` Տրդատ թագավորի մոտ եկավ Անակի որդի Գրիգորը: Նա եկավ որպես աշխարհաթող ճգնավոր և խոսեց Քրիստոսի անունից և մի օր էլ ապաստանեց Խորվիրապում, որ ինքնախոշտանգումներով արժանանա Աստծո լույսին: Իսկ հետո արդեն, անկեղծ ասաց, երբ արդեն ուշ էր, չգիտեմ ինչից ուշ, բայց հաստատ ուշ էր, անընդհատ շարժման ու ժամանակների ծալքերում հարմարավետ տեղավորված մատենագիրները հորինեցին հրաշապատում հեքիաթներ, որ լուսավորեն ի սկզբանե լույսի մեջ ապրող ժողովրդին:

Այո, անցնող տարիների թնջուկներում շատերը մաղուց մոռացել էին…շատերը, բայց` ոչ բոլորը, ոչ բոլորը…և խուլ, անլույս գիշերներին Խորվիրապի անթափանց պատերի միջով, ինչպես կավե կժերի շշունջ, դուրս էր հոսում սարսափելի գաղտնիքը , մի գիշերային եղելություն, վաղուց անցած ու մոռացված խորհրդավոր հանդիպման չջնջված ու կենդանի պատկերը, երբ Գրիգոր ճգնավորին այցելեց սպիտակ բուռնուսով փաթաթված մի անծանոթ.

-Ո՞վ ես դու,-տարօրինակ հյուրին նայելով` վախեցած հարցրեց Գրիգորը:

-Մի վախեցիր,-հանգիստ ձայնով պատասխանեց հյուրը,-ես Ոմնն եմ, բաբելոնացի Ոմնը, եկել եմ քո մոտ գործով, քեզ նվեր եմ բերել,-շարունակեց նա և մոմի թրթռացող լույսի տակ Գրիգորին մեկնեց մի մեծ ոսկեդրամ.

- Վերցրու, քեզ խոշտանգելով դու չես կարող կատարել այն հանձնարարությունը, ինչի համար ուղարկվել ես այստեղ, վերցրու դրամը:

Գրիգորը հրաժարվեց`կասկածանքով նայելով դրամը մեկնած երկար եղունգներով, անսովոր մազմզոտ ձեռքին:

-Մի խորշիր, ես այս դրամը քեզ չեմ տալիս, դու կարող ես մանրել ու բաժանել աղքատներին,-ասաց անծանոթը`մի քայլ մոտենալով:

Գրիգորը երկար լռեց` ուսումնասիրելով անծանոթին, հետո կիսաձայն ասաց.

-Աղքատների համար շնորհակալ եմ, վաղը կբաժանեմ նրանց:

-Ես դեռ ամեն ինչ չեմ ասել,-ձայնն ավելի ցածրացնելով` ասաց այցելուն,-առավոտյան, երբ լումայափոխի մոտ կմանրես ոսկեդրամը, մի լումա պահիր քեզ:

-Շնորհակալ եմ, գթասիրտ անծանոթ,-ասաց Գրիգորը:

-Ինձ գթասիրտ անծանոթ մի անվանիր,-սրտնեղեց այցելուն,-իմ անունը Ոմն է:

-Շնորհակալություն, Ոմն,-շփոթված ասաց Գրիգորը:

-Ահա հիմա ճիշտ է,-գովեց այցելուն,-չմոռանաս մի լումա պահել քեզ, ես վաղը էլի կգամ,-ասաց նա ու անմիջապես անհետացավ այնպես, ինչպես հայտնվել էր:

Հաջորդ օրը, ուղիղ կեսգիշերին, հայտնի չէ որտեղից, անաղմուկ նորից հայտնվեց խորհրդավոր այցելուն: Գրիգորը մի պահ վախեցավ, հետո տիրապետելով իրեն, ձեռքերը փորի վրա խաչած, խոնարհ սպասեց:

-Դու ուրախացրի՞ր աղքատներին,- հարցրեց այցելուն, հետո մտածեց ու կարծես ինքն իր համար ասաց,-այդպիսի բաներ էլ են պատահում, երբ աղքատներն ուրախանում են:

-Ես բոլորը բաժանեցի, ինչպես դու ասացիր, միայն մի լուման պահեցի ինձ, շշուկաձայն ասաց Գրիգորը ու շրջվեց դեպի պատը,-ահա այստեղ է, իմ քրքրված ուսապարկում:

Գրիգորի շարժումից մոմի նվազ բոցը տագնապալի թրթռաց, երերաց ու չհանգավ, որից այցելուի ստվերը անհավանական չափերով երևաց մութ պատերին:

-Ահա,-ասաց Գրիգորը` գետնից վերցնելով մաշված ուսապարկը, հետո անմիջապես էլ ետ դրեց տեղը ու զարմանքով նայեց այցելուին,-չեմ հասկանում` ինչու է այսքան ծանր:

-Բաց արա պարկը,-հրամայական ասաց այցելուն,-և նայիր ներսը:

Գրիգորը կռացավ, ձեռքերը մտցրեց պարկի մեջ ու քարացավ.

-Պարկը լիքը ոսկի է,-կերկերուն ձայնով ասաց նա,-առավոտյան ես միայն մի լումա էի թողել այստեղ:

Այցելուն, դեմքն անընդհատ ստվերում պահելով, խնդաձայն ասաց.

-Այո, ոսկի է, մի վախեցիր, դա նույնպես քեզ համար չէ, դու դա պետք է բաժանես ուրիշներին, ում ճանաչում ես ու վստահում:

-Դու ինձ փորձությա՞ն ես ենթարկում,-հարցրեց Գրիգորը:

-Ոչ, ասաց բուռնուսավորը,-քեզ վաղուց են փորձել, երբ գաղտնի հանձնարարությամբ ուղարկում էին այստեղ:

Խորը, խոնավություն փչող հորի մեջ լռություն իջավ, կարծես զրուցակիցները այլևս չկային: Միայն մոմի նվազ լույսից երկու ստվերներ էին թրթռում պատերի վրա: Հետո ստվերներից մեկը մյուսին շշուկով ասաց.

-Այս ոսկու հետ քեզ մի ամբողջ երկիր եմ տալիս տնօրինելու, վերցրու պարկը:

Մյուս ստվերը ձեռքը քսեց անխնամ մորուքին ու երկար լռելուց հետո կմկմաց.

-Ես եկել եմ այստեղ իմ հոր մեղքերը քավելու, նա սպանել էր Տրդատ թագավորի հորը`Խոսրովին, ես մի խեղճ ճգնավոր եմ:

Բուռնուսավոր ստվերը մի պահ ճոճվեց պատի վրա և հանկարծ այնպես ծիծաղեց, որ թնդաց հսկայական հորը, ձայնի թափից ուշաթափվեցին պատերի ճեղքերում բուն դրած սարդերը, գլխիվայր կախված, քնած չղջիկներն արթնացան խուռներամ և երկար ժամանակ ճախրում էին անտեսանելի վերևներում: Մոմի հուսահատ լույսը շարունակում էր մարմրել, բայց չէր հանգում:

-Քո Անակ հայրը ընդամենը մի թագավորի սպանեց, իսկ դու և քո տոհմը երկրի երեսից պետք է ջնջեք, իսպառ վերացնեք այս երկրի թագավորությունն ու պատմությունն ընդհանրապես,-զարմանալիւ փոխված ու խաղաղ ձայնով շշնջաց բուռնուսավոր ստվերը, կարծես քիչ առաջ ինքը չէր ծիծաղել,-նրանք խանգարում են մեզ:

Մյուս ստվերը, որ դեռ ուշքի չէր եկել անբնական ծիծաղի թողած ցնցումից, կերկերուն ձայնով կակազեց.

-Ես…ես դա չեմ կարող անել…Աստված ինձ չի ների:

Բուռնուսավոր ստվերը նորից ճոճվեց պատի վրա և անշարժացավ.

-Խորհուրդ կտամ Աստծո անունը անտեղի չհնչեցնել,-ասաց նա, հետո միանգամից հատու, հրամայողի պես շարունակեց,-դու ասացիր, որ այստեղ շատ բարեկամներ ունես, որոնց վստահում ես, ուրեմն վերցրու այդ ոսկին և մեկ առ մեկ բաժանիր նրանց` իշխան թե շինական, քուրմ թե քրմի զավակ, և ասա նրանց, որ ամեն այն, ինչ առավոտյան դու արեցիր: Ոսկին կարող են վատնել գինետներում, ինչպես ուզեն, բայց իրենց քսակներում անպայման մի-մի լումա պահեն, և երբ հաջորդ օրը քսակները կլցվեն ոսկով, ինչպես քո քրքրված պարկը, թող իրենք էլ քո անունից բաժանեն իրենց մտերիմներին. և այդպես շարունակ, մինչև որ քեզ հռչակեն այս երկրի հոգևոր առաջնորդ,-բուռնուսավոր ստվերը մի պահ լռեց, և մութ վերևներից, ինչպես փշերի մեջ հնչող քամու ձայն, իջավ, իջավ ու զրուցակից ստվերներին հասավ վախեցած չղջիկների անտեսանելի թռիչքը: Մոմի լույսը նորից թրթռաց: Երկու ստվերներն էլ լուռ էին: Հետո բուռնուսավոր ստվերը դանդաղ, կարծես պարելով նորից ճոճվեց պատին:

-Իմ գնալու ժամն է,-մի տեսակ տխուր ասաց նա,-ոչինչ չմոռանաս, քեզ և քո տոհմին հարյուր երեսուներեք տարի եմ տալիս այդ գործն ավարտելու. ճիշտ է, քեզ տրված ժամանակը շատ է, բայց գործի կարևորությունն է դա պահանջում:

Հետո մի շարժում արեց, որ կարծես հրաժեշտ էր տալիս, ու դանդաղ սահելով պատն ի վեր, խառնվեց մութին ու անհետացավ: Քիչ ավելի ուշ, հայտնի չէ որտեղից, թերևս մութ վերևներից, նորից լսվեց նրա ձայնը.

-Երբ քեզ այս երկրում սուրբ կհռչակեն, չմոռանաս հին բարեկամիդ:

Ձայնը խուլ արձագանքեց ահռելի ձորի մեջ` կրկին անհանգստացնելով չղջիկներին:

Անցավ մի կարճ պահ, և հորի հատակին մնաց միայն մի ստվեր` ծնկի իջած հալվող, վերջացող մոմի առջև` դիմացը ոսկով լցված քրքրված պարկը: Եվ ստվերն աղոթում էր…

-Այո, Դավիթ,-շարունակելով ուշադիր քաղաքին նայել` խոսեց Մովսեսը,- հիմա շատերն են մոռացել մեծ փոփոխությունների ժամանակները, երբ ավերվում էին մեր նախնյաց հավատի տաճարները, ջնջվում բնիկ աստվածների խոսքն ու գործը,- Մովսեսը տնքաց ու, կարծես չուզենալով, վեր ելավ նստած տեղից:

-Գնացինք,- ասաց նա տղային,-մեզ այնտեղ սպասում են, մնացյալի մասին հետո կխոսենք, ափսոս մեր բնիկ աստվածները…

Մովսեսի վերջին խոսքերից Դավիթի ներսում հարց արթնացավ, բայց նա չհամարձակվեց հնչեցնել:

-Վասպուրականից մինչև այս գեղեցիկ հովիտը դու քո աչքով տեսար, ես դա արեցի, որ դու մանրամասն տեսնես Մարդու երկիրը,- Մովսեսը ձեռքը դրեց տղայի ուսին, հետո խնդաձայն, կապույտ աչքերում ոսկե կայծեր, շարունակեց,-որ երբ մի օր մեծ փիլիսոփա դառնաս` չմոռանաս Մարդու հայրենիքը:

Գետափին, ուղիղ կամուրջի դիմաց կարմիր հագած աղջնակը շարունակում էր գառ ու հորթեր առջև: Կեսօրը մոտենում էր, սարերի վերեվում նորից ամպեր էին հավաքվում:

Հազիվ երևացող արահետով նրանք արագաքայլ իջան գետը, և երբ արդեն հասել էին կամրջին, Մովսեսը կրկնեց.

-Այո, որպեսզի չմոռանաս, քանզի անցյալը մոռացող ժողովուրդն ապագա չունի,- հետո մի պահ մտածելով շարունակեց,-թեև միայն անցյալի փառքով ապրող ժողովուրդը նույնպես ապագա չի կարող ունենալ:

Նրանց կողքով արդեն բեռնված սայլեր էին անցնում:

Գրաստապանները բարձրաձայն գոռգոռում, հրմշտելով ճանապարհ էին բացում իրենց համար: Քաղաքի աղմուկը տաքացած աղբի ու պարիսպների հին հոտով միանգամից խուժեց նրանց վրա ու առավ իր մեջ: Դարպասի բարձր կամարի տակով վազելով նրանց մոտեցավ արդեն ծանոթ ավագ զինականը: Մյուս զինվորը իր ետևից քաշելով բերում էր արդեն թամբած ջորիներին, որոնց մեջքին օրորվում էին գրքերով լցված ծանր ուսապարկերը:

-Ամեն ինչ պատրաստ է,-դարձյալ զեկուցելու պես ասաց ավագը, եթե չեք ուզում քաղաքում հանսգտանալ, կարող ենք հիմա ճանապարհ ընկնել, մեծն իշխանը սպասում է:

-Ավելի լավ է` միանգամից շարժվենք,-ասաց Մովսեսը, հետո խնդաց,-իշխանները չեն սիրում սպասել:

Նրանք նստեցին ջորիները և, երբ փորձում էին շրջանցելով բեռնասայլերը դուրս գալ կամարի տակից, կանացի մի աղեկտուր ճիչ կտրատեց կեսօրվա տաք օդը` խլացնելով ամեն աղմուկ: Բոլորը սարսռած նայեցին իրար:

-Երեխա՜ս… Երեխա՜ս, բորենին տարավ, փրկե՜ք երեխայիս:

Կամարի տակ ու կամրջի վրա ամենայն շարժում կանգ առավ, բոլորը հուզված նայում էին իրենց շուրջը: Ծնկները ծեծելով` կամարի տակից դուրս թռավ մի հերարձակ կին ու սայթաքելով ընկավ վախեցած գրաստի ոտքերի տակ:

-Երեխա՛ս, երեխա՛ս,-ընկած տեղից ճչում էր կինը,-փրկե՜ք երեխայիս:

-Երևի դիվահար է,-հասցրեց մտածել Դավիթը ու նույն պահին էլ լսեց իր դիմաց կանգնած սայլապանի վախեցած գոռոցը.

-Ահա, ահա բորենին, իմ սայլի տակ է, փրկե՜ք երեխային:

Աղմուկ բարձրացավ:

-Ի՞նչ բորենի, ո՞րտեղ,-բոլորը շփոթված հարցնում էին իրար:

-Ահա, իմ սայլի տակ է,-նորից գոռաց սայլապանը,-բռնել երեխայի ձեռքը` բաց չի թողնում:

Եվ այդ պահին էլ բոլորը միանգամից լսեցին երեխայի լացի ձայնը:

-Փրկե՜ք,-գոռում էր կինը,-փրկեք…

Ավագ զինականը տարակուսած նայելով Մովսեսին, ցած թռավ ձիուց ու կարճ թուրը ձեռքին կռացավ սայլի տակ: Լսվեց բորենու վայնասունը` խառնված երեխայի լացին, ու բոլորը քարացան: Վիրավոր բորենին անմիջապես դուրս թռավ սայլի տակից` խրտնեցնելով գրաստներին ու ուղտերին, հետո իր իսկ արյունից խեդվելով` գազանը հոլի նման պտտվեց իր շուրջը, ու թպրտալով ընկավ գետնին: Պատռված կոկորդից ու բաց ժանիքներով բերանից արյուն էր հոսում, խոշոր ատամները լորձախառը դեղին էին:

-Փրկե՛ք երեխայիս, փրկե՜ք,-վրահաս լռության մեջ նորից լսվեց կնոջ ձայնը:

Ավագ զինականը դուրս եկավ սայլի տակից` գրկին` երեք տարեկան կիսամերկ մի երեխա: Երեխայի ծամծմված ձեռքից արյուն էր գալիս: Նա խոշոր, գրեթե ոչինչ չտեսնող աչքերով, սարսափած նայում էր շուրջն ու առողջ ձեռքով խփում մերկ ծնկին:

-Երեխա՜ս, երեխա՜ս…-, արդեն ավագ զինվորականի կողքից լսվեց ողբացող կնոջ ձայնը,-փրկեցիք… փրկեցիր,- լացից խեղդվելով ճչած կինը ու զինականի ձեռքից խլելով երեխային` սեղմեց կրծքին ու վազեց դեպի քաղաք:

Վախեցած անասուններն ու մարդիկ ետ էին քաշվել ու զարմացած նայում էին բորենու անշարժ դիակին: Ավագ զինականը ձիու պոչով, հանգիստ, սովորական շարժումով սրբեց թրի արյունոտ շեղբը ու, կախելով գոտուց, նայեց Մովսեսի անթափանց դեմքին: Նա լուռ էր և չէր թվում, թե հուզված է, միայն աչքերն էին քարացած:

-Ջուր ուզո՞ւմ ես,-բեկված ձայնով հարցրեց Դավիթը` բացելով գոտուց կախված փայտյա տափաշիշը:

Մովսեսը բացակա հայացքով նայեց տղային, հետո, կարծես չուզենալով, վերցրեց շիշն ու խմեց մինչև վերջ` ջուրը թափելով մորուքին ու կրծքին:

Զինականները սովոր շարժումով նստեցին իրենց ձիերը ու շրջվելով նայեցին Մովսեսին:

-Գնացինք,-փոխված, ոչ իր ձայնով ասաց Մովսեսը:

Հավաքվածները հարգանքով ճանապարհ տվեցին չորս հեծյալներին, որոնք շրջանցելով կամրջին հարող կիսավեր պարիսպը, դուրս եկան Վաղարշապատ տանող մայրուղին: Ոչ ոք չէր խոսում: Միայն ձի ու ջորիների ոտքերի տակ կափկափում էր ճանապարհի սալհատակը, որից ճամփորդների լռությունն արդեն դառնում էր անտանելի: Ընթանալով Մովսեսի կողքից` Դավիթը մի քանի անգամ նայեց նրա անհաղորդ դեմքին ու, դժվարությամբ իր մեջ համարձակություն հավաքելով, հարցրեց.

-Բորենին ինչպե՞ս էր հայտնվել քաղաքում:

Մովսեսը շրջվեց, երկար, ուշադիր նայեց տղային, ցանկացավ ասել` չգիտեմ, բայց հետո հստակ, բոլորին լսելի ձայնով ասաց.

-Տերը չկա, տերը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ
    1, 2 Harutin » 10 окт 2010, 07:35
    11 Комментарии
    1049 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    10 окт 2010, 07:40

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0