Մարո Երկնափեշյան
« ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԱՐԵՎԱԳԻՐ»
Կարդում է
Վաչե Մոսինյանը
...................
ՉՈՒՂԱՐԿԱԾ
ԲԱՐԵՎԱԳԻՐ
Բարև՜ , բարի օր, իմ աղա տղա,
Իմ ուսյալ տղա,
Իմ քաղաքդաստու՜ր, իմ օրհնյալ տղա,
Խաղատներում , սրճարաններում
Էդ ջահել կյանքդ մաշող շան տղա․․․
Տղա , իմ տղա,
Ես եմ , հա, ես եմ, քո հերն եմ, տղա,
Քո մանկությունը
Էս ծործորանքիս դրած ու կրած,
Հասունությունդ դեռ մինչև հիմա
Կոտրած ուսերս սև եղիր արած,
Լծկան եզան պես,
Ցելի մեջ տեղը ծնկերս ծալած,
Հերդ եմ տղա,
Շեն քաղաք պահող քո գե՜ղ- հերդ եմ,
Քո գեշ հերդ եմ,
Դու մայրաքաղաք,
Ես անտեր մի գեղ,
Բայց դե հերդ եմ․․․
Էլ մերդ չկա՜․․․
Քո տված ջրին ,
Քաղաքից բերած մի բուռ շաքարին ,
Շաքարից քաղցր՝ քեզ կարոտ գնաց՜․․․
Սրտի հովություն,
Սրտի սով տղա,
Որ գաս ման չգաս․․․
Մերդ որ չկա , հոր տուն էլ չկա,
Խալլու Բաբոյի լիուլիճ բախչից
Սարգսախնձոր գողացող չկա,
էլ Ձորի թաղի սառը ախպրից
Ջուր տանող էն թուխ
Աղջիկը չկա․․․
Որ մերդ չկա,
Մենակ եմ տղա,
Առանց տաքիլլեթ ու առանց խորակ,
Միտքս ծմակած,
Աչքս խվարած,
Բայց,տիրոջը փառք, որ գոնե դու կաս,
Ես էլ հերդ եմ ու դու տղես ես․․․
Ասեմ, ․
Էս ամսից մինչև էն ամիս
Թոշակս հազիվ չոր հաց է առնում,
Նպաստ չեն տալիս,
Մի ցռան մոզի ունեմ ՝ անալափ
Խեծվիպուտով եմ շան հալի պահում,
Որ քելեխհացիս ոտ ու ձեռ չընկնես․․․
Չեն տալի․․․
Բա խի՞ ․․․
Դու մոզի ունիս․․․
Ես գեղ եմ տղա,
Ես գեշ եմ տղա,
Բայց դու, էս կոտրած
Չոր բիլակներով դարձար մե՜ծ քաղաք,
Իմ թրքակոլոլ կալոշներովը ուսում ստացար,
Այ էս կուրենի խանի պես գնդված
Մեջքով ես քաղաք․․․
Մտահան արիր․․․
Չէ հիշել էլ ես, մեմեն հիշել ես ,
Քանի մերդ կար, գալ- գալ չորացրած
Ավլուկ էր ղրգում, թացան ու էփած,
Շատ վախտ փշեջուր՝ հոնի չրի տեղ,
Որ մանկությանդ հոտը չկորչի,
Հորդ տան ծուխը հանկարծ չկտրի․․․
Հիշում ես դեռ, չէ,՞
Ամեն նոր գործի մտնելու համար
Հոնի կամ թթի արաղ ղրկեցինք,
Որ ջոջիդ տայիր, աչքը մտնեիր․․․
Թթնին կտրեցի ,
Հոնին էլ արդեն փեչի փայ դառավ,
Էդ հեչ , մենք լե՝ հեչ․․․
Դու՝ քաղաք, մենք՝ գեղ․․․
Հմի ասում եմ․
Շունը, որ շռի
Սլուլակիցը ձորի թաղ կհասնի ,
Այ էդքան տեղը էլ կարում չեմ, որ
Մի հանգի գնամ,
Տաս տեղ նստում եմ,
Էլ ծունկը չունիմ,
Արմունկից բռնող վեր քաշող չունիմ,
Ով էլ կա՝ ինձնից բեթար օրի է,
Իմ քաղաք տղա,
Էլ նամակ չկա, նամակս տանող բերող էլ չկա,
Գրում եմ լենհե ,
Մինչև քի հասնի ,
Ես մորդ եդնեն հաց տարած կլնիմ․․․
Ես գիտեմ, կգաս,
Կազինոներում, լրբատներում
Վերջին կոպեկդ երբ թափթաղ կանեն,
Երբ քեզնից էլած լակոտն էլ քեզ պես
Ուրիշ մի քաղաք գնացած կլի,
Մորդ դրած էն գինազողի ու շիշվիկի թթուն
Մոթալ պանիրը , փթռուկը, գինին,
Որ միտդ կընկնի․․․
Կգաս․․․դեռ կգա՜ս․․․
Ու թե բանա գաս,
Մի հիսնանոց բալոնի միջին
Մորդ վախտվանից տանձի արաղ կա,
Քու դպրոցական շորի ջեբումը
Մի քանի ամսեն թոշակ կա, բալես,
Գիտեմ, որ ձեռիդ փող չի ըլելու,
Մերդ որ չկա , հաց թխող չունիմ,
Համա ամբարում դեռ ալյուր ունիմ,
Վրեն թութուն կա, որ ցեց-մեց չընկնի,
Բան չկա , փեչին լավաշ կթխես ,
Սոված չմնաս․․․
Իմ քաղաք տղա, իմ օրը հատավ,
Քոնը լուսանա․․․ էգուց վայ թե գա՜ս․․․
2016
Մարո
Երկնափեշյան