***
Անի ջան, իմ Անի...
Ես հազար մի տեսակ
Նպատակ ունեի,
Մի այդքան պատվերներ
Ունեի, երբ եկա.
Նախ ասեմ՝ քեզ պիտի
Տասը բյուր պագեի,
Մի այդքան էլ ասեի ՝
Մեղա, մայր, մեզ մեղա՜...
Անի ջան, իմ Անի...
Տասը բյուր քար պիտի
Տանեի քեզանից,
Ամրակուռ պարսպից
Աշոտա, Սմբատա,
Այդքան բուռ ցամաք հող՝
Հենց միայն խորանից,
Խոնարհված՝
Հազար մեկ սրբատան...
Անի ջան, իմ Անի...
Քեզ պիտի ես ինձ հետ
Վերցնեի, տանեի,
Տասը բյուր կարոտած
Սրտերին՝ հովություն,
Չտարա, որ մեկը՝
Հենց այդ տասը բյուրից,
Օրերից մի օր գա,
Քեզ անի հովվություն...
Անի ջան, իմ Անի...
Մուրազո՜վ արյունն իմ
Քսեցի պատերիդ.
Քեզ մատա՜ղ ես լինեմ,
Քո ցավից համրանամ,
Միջնորդը լինեմ վեհ
Ոգուն մեր պապերի,
Տասը բյուր սրերով
Պարիսպդ ամրանա...
2016
«Դարձ ի շրջանս յուր»