Կարինե Կարինե » 02 фев 2019, 17:50
Հատված Մտասևեռումից....
--------------------
Ծերացել ես , դժվար է
Արդեն քեզ պահելը,
Չուլ ու փալասդ առ,
Ծերանոց եմ տանում,
Թվում է ճիշտ են հենց
Նման պահերը,
Ավելին, փրկում եմ
Քեզ ինձնից դրանով....
Եվ լքում եմ երկիր,
Առանց ետ նայելու,
Թիկունքս ծակում է
Աղերսիդ մախաթը,
Դեռ երկար եմ այսպես
Առանց թի նավելու,
Չեմ կտրի ափ քաշող
Ցանցերն ու թաղանթը...
Ես խաբում եմ, թե չեմ
Հեռանում քեզնից,
Մինչ դու իմ ետևից
Նույնիսկ ջուր ես լցնում,
Տես, իմ սիրտն եմ կախում
Ահա, դռնից,
Բանալին ինչպես նոր
Անձնագիրն եմ վերցնում...
Գնում եմ հեռվից
Ճշտելու ինքս ինձ,
Թե քո ինչն եմ երկիր
Լինելու ես հետայսու,
Քո անունն եմ հետս
Տանում, ուրիշ ոչինչ,
Իմ ազգության դիմաց`
Իբրև ստույգ հարցում...
Ու սրանից հետո
Ուրիշ հետո չկա,
Չի լինի ոչ սահման
Ոչ պահանջ, ոչ վեճ,
Ուրիշ մեռելային
Մի լռություն կգա,
Կասի` ցուցված տեղում
Բութդ սեղմիր ու վերջ....
Չէ, չի ասի... իբր
Արդեն դու ով ես որ....
Ինչ քոնը չէ իբր
Վաղուց արդեն իմն է,
Բայց որտեղից -որտեղ
Մեջս խրտնած մի ցուլ
Կմռնչա էհե~յ հայ եմ
Կյանքի հիմն եմ...
Ու կփնտրեմ ես քեզ,
Ամեն սահմանին մերձ,
Ամեն հող ու ջրում,
Քարը ճեղքած մի հասկ,
Քելե լաո, քելե,
Երթանք էրգիր, կասեմ,
Ուր մեզ հայհոյում է
Անքաղաքակիրթ մի ազգ...
-------
Ու ետ կգամ, երկիր,
Աշխարհի համն առած,
Աշխարհի փայլն առած`
Կեղծ ու շինծու,
Ուսիս թևավորվող
Արծվաճտեր թառած,
Որ չկրծի գենդ
Ամեն որդ ու ճիճու...
Իմ մեջ ապրող հայը,
Որ չի չի ծախվել փողին,
Ներքաշվել է իմ մեջ,
Մե՜ ծ թռիչքից առաջ,
Պիտի իջնի նորից
Քո սնարքի կողին`
Արքայկան քունդ
Հսկող թռչնագազան...