СТАНЬ VIP

Մարո Երկնափեշյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:22

Մշկավանքի աղբյուրը պաղ,
Պատմություն է պոկված՝ ակից,
Ադամանդ է ձորը ընկած՝
Շերենշեի չօծված թագից...

Մշկավանքի աղբյուրը պարզ
Իշխաններ է ճանապարհել,
Կամ դշխոյի ծոցը՝ քրտնած
Ցողելու է աճապարել..․

Մշկավանքի աղբյուրն արծաթ՝
Գաղտնիքներ է հուշապատել,
Իշխանուհու սիրտը՝ ալմաստ,
Քարագործի մուրճն էր հատել...

Մշկավանքի աղբյուրը՝ քույր
Հովվուհուն է կանչել ձորից,
Արքայորդու ափը փափուկ,
Կուրծքը նրա շոյի նորից...

Ականջ անես, կպատﬕ բաց՝
Յոթ ամուրի եղբայրներից,
Կռվի- Գոլում նահատակված՝
Պատկառազդու քառսուն այրից...

Քանի ցեղ է տեսել վայրի,
Քանի՜ ազգեր՝ այլակրոն,
Որ եկել են Կողբն ավարի
Որ ավարեն խաչ ու կերոն...

Եվ Բացրելի սուրբ մատուռում,
Կույս Քալոյի հավատքից ջեռ,
Ժամանակը ետ էլ հոսի,
Պատﬔլու է նա էլի, դեռ.․․

Թե ՝ սրբազան Հայր Գրիգոր,
Մլքե, Սադուն, Արստակես...
Պիտի գան ու գնան հերթով,
Ու ճանապարհ պիտի տան ﬔզ:
2011
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:22

Երբ կանաչ շապիկով մի խլեզ
Սփրթնած հայացքով ինձ քննի,
Սիրուն է, թող մնա, չխփե՜ ս,
Ծնկանս իր համար թող քնի․․․

Մտքերը ծամելով է գալիս,
Նա հաստատ բան ունի ասելու,
Մանկության հուշերը իմ ՝ խալիս,
Թավշե թուխ գոգիս է դասելու․․․

Հանդի խակ խնձոր է պահելու
Դեզի տակ, ով գիտի՝ մերատա՜ նձ․․․
Ու հետո դեռ սիրտ է շահելու,
Մանկության ծիծաղով իմ՝ անսանձ...

Մտքիս մեջ շուտվանից մնացած
Համտեսի մրգեր կան շատ համեղ,
Սպասիր շշունջով ընկնեն ցած,
Մթի հետ՝ մեղավոր ու անմեղ...

Դեռ քիմքիս այդ համն է մնացած,
Կապ չունի դեզի հետ, խլեզի․․․
Կյանքիցս՝ մի պատառ հնացած,
Աշունքվա արևով խլեցի․․․

Գիրք 5-րդ
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:22

Հետգրության նման
Եկան սին հույսերը,
Առանց դիմախաղի,
Սրբագրված ու զուսպ,
Ինքնաբացարկ տված
Խռով հին հույզերը
Ձեռք բռնելու եկան
Անդեմ խոսքերով քուսպ․․․

Ինչ փորձեցի ասել
Անիմաստ է, ներեք,
Ոչ առնելիք մնաց,
Ոչ այլևս՝ տալիք,
Հետգրության նման
Շպրտեցի երեր,
Բառեր՝ հղկած, սիրուն,
Առանց ակնկալիք․․․

Բացած կյանքիս էջին
Կարգին երգ չգտա,
Մի քանի շող միայն՝
Աշնան արևներից,
Հետգրության նման,
Սեր, անունդ կտամ,
Եղյամի պես իջած
Արդեն՝ վերևներից․․․
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:23

***
Հին Վարդավառից
Մի բուռ ջուր մնաց երեսով տալու,
Բագիններիս մոտ
Պսակ դնելու նամուսը չունեմ,
Թե անձրևի է՜լ,
Աստվածներս են հոգեդարձ լալու,
Որ Մեծ Լեռան տակ
Թաթերս կտրած արալեզ- շուն եմ․․․

Արտս չեմ հնձել՝
Սահմանին ցանած ոսկեհատ գարու,
Ինչ է թե պիտի
Օրերից մի օր մասրաչափ լինի,
Սասունից գաղթած
Մի խոյ էր տվել պատերին հարու,
Ագռավաքարի
Ուղերձը առած մատաղ է հիմի․․․

Նուրին խռով է,
Որ թարմ սերուցքից գաթա չեմ թխել,
Կավե գուշի մեջ
Յուղ չեմ նվիրել, որ քսի սրտին,
Հազար տաճարի
Դուռ եմ կույրի պես հավատքով բախել՝
Խաչելության մեջ
Փրկություն փնտրող արյունոտ ստի․․․

Առասպելներից
Էլ ոչինչ չկա մեջս, հայեցի՛,
Ջրցանն է միայն
Պատվիս վրայի փոշին ցրելու,
Ցորենս հնձեմ,
Գնամ գտնելու վիշապի խեցին՝
Ծովից ծով ձգվող
Կաղնու անտառն եմ քիչ-քիչ ջրելու․․․

Վարդավառ օր է,
Վար ու կալս արած եզան ամլություն,
Ջուր ցողեք իրար,
Թող, որ օրհնվի սերմ ու անդաստան,
Իմ մեջ ճչում է
Կրակը նետված դևի համրություն,
Հին աստվածներիս գութը շարժելով՝
Հենց նոր ինձ գտա․․․

«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկիր․․․ »
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:23

Չմայրացա, մայր իմ, ես
Չմարմնացրի մոր հոգին,
Թողեցի իմ ցավը՝ կեզ,
Որ քո ներսում մորմոքի․․․

Խոտորվեցի ճամփին՝ կես,
Նվիրումով՝ սրտագին,
Որ տոնեի սիրո ծես,
Որ մնայի սրտի կին․․․

Ոչ կյանքի կին եմ արդեն,
Ոչ էլ՝ կյանքս ունի գին,
Մահն էր ծոցիս մեջ հարբել,
Երբ հարսնացա երկնքին․․․

«Ես քո խանդոտ սիրահարն եմ, երկիր․․․»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:24

***
Մենք երկուսս էլ, անշուշտ,
Լքված կղզիների նման,
Անհյուրընկալ կապրենք օտար սերերի դեմ,
Եվ անտարբեր, այսպես, սերերի դեմ օտար։
Մենք կարոտից ճաքող ծարավուտի նման
Կապրենք ամայացած,
Մինչև կյանքիս վերջին զանգակները հեռվում
Զնգա՜ն հոգեխռով,
Մինչև սիրտս վերջին ծաղկաթերթի նման մենիկ,
Քո նկարին ասի․
-Մնաս բարով․․․
Մենք երկուսս էլ, անգին,
Լքված կղզիների նման
Կապրենք ամայացած․․․

27․10․1985թ․
Էջմիածին
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:24

***
Մի քաղցր լավաշ՝
Ուրիշի տված,
Չիր, լավագույնս՝
Շաքարաքլոր,
Բոլորից թաքուն
Ծոցիդ մեջ պահած,
Ինձ էիր տալիս
Ու սաստում՝
Խելո՛ք…

Քո պուճուրն էի,
Տաշտաքերանքը,
Աղուն լցնողը՝
Էրկանքիդ աչքին,
Տաշտդ՝ ծանր ու լի
Հակին տվողը,
Հոգսիդ մեծ մասը՝
Փոքրիկ ուսերիս․․․

Հարսանիքներին
Չէիր գնում կարգին,
Միշտ ասում էիր՝
Ջահելիդ տեղն է.
Նոր շորդ մերն էր,
Հինն էր քո հագին,
Ինչի՞ց էր, որ միշտ
Քեզ լայն կամ նեղ էր․․․

Հիմա ես մեծ եմ,
Դու ես երեխա,
Դեռ նորդ թողած՝
Իմ հինն ես հագնում,
Ես եմ հոգ տանում,
Բայց թե տեղը գա,
Մայրիկ, դեռ խաշամ
Ծոցիդ եմ նայում․․․

Քո սուղ թոշակն է,
Կամ թե՝ տվածս,
Ո՞նց ես հավաքում՝
Բան չեմ հասկանում,
Ի՞նչ նվիրում է,
Մայրիկ, թվածս,
Ես չեմ ճանաչում
Քեզ իրականում․․․

Էլ չի քաղցրանում,
Կյանքս կոնֆետով՝
Թե հայրիկն էլ գա
Երազով կրկին–
Քիչ էլ թևիդ տակ
Տաքացրու, հետո,
Մայրիկ, հուշերիս
Ծնկները գրկիր․․․
2016
«Դարձ ի շրջանս յուր»
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:25

Հայրի՜կ․․․
Մարոյի շիրիմին կից, նրա հայրիկի՝ քեռի Գարեգինի շիրիմն է, որ գտնվում է հենց իրենց տան դեմ-դիմաց: Ձորակի մի լանջին տունն է, մյուս լանջին՝ ննջում են շիրիմները, կարծես հսկելով իրենց ձեռքերով կերտած տունը։ Քեռի Գարեգինի շիրիմաքարի հակառակ կողմում գրված է՝ ՀԱՅՐԻԿ․․․ Երբ աչքս ընկավ գրվածքին, մեկեն հիշեցի իմ առաջին այցը Մարոյի հայրական տուն։
Մարոն շրջապատում խոսում էր գեղեցիկ գրական հայերենով, սակայն չէի պատկերացնում, որ նա տանը նույնպես այդպես է խոսում։ Առաջին բանը որ ինձ անչափ զարմացրեց և հիացրեց, դա Մարոյի դիմելաձևն էր ծնողներին։ Առաջին անգամ երբ նրա շուրթերից լսեցի ՀԱՅՐԻԿ բառը, հազարապատիկ անգամ բարձրացավ աչքիս Մարոն, այն սերն ու գորվը, որ արտահայտում էր Հայրիկ ասելիս, ես երբևէ չեմ լսել որևէ մեկի շուրթերից․․․ Միևնույն պահին մտքիս մեջ խստորեն դատապարտեցի մեզ օտարամուտ բառը այսպես հարազատորեն ընդունելու և մասսայաբար օգտագործելու համար։
Բանաստեղծուհին մեծ սիրով ու գորովով էր շրջապատում ծնողներին, բայց առավել պաշտում էր հայրիկին՝ քեռի Գարեգինին։ Եվ, թեպետ նրան նվիրված բանաստեղծությունները ավելի քիչ են, քան մայրական մոտիվով գրվածները, բայց բազմաթիվ ստեղծագործույունների մեջ տեսնում եմ հայ հայրիկի նվիրական կերպարը։ Իր բանաստեղծություններից մեկում նա գրում է․
Հորս տղան էի,
Իզուր աղջիկ եղա,
Մի քիչ ուշ ծնվեի
Ի՞նչ կլիներ,
Մեկ է, ըստ էության
Միայն ընկեր չեղա,
Կողքին էի՝
Ինչ գործ որ կշիներ․․․
Ուզում եմ ասել՝ հայրիկի բառի այդչափ գորովալից լինելը հենց այնպես չէր։ Մարոն պաշում էր հայրիկին և ըստ էության նրա աջ թևն էր, իր փխրուն ու կանացի ուսերին կրում էր որդիական ծանր բեռը։ Ծնողների հոգսը քաշելուց զատ օգնում էր հորը ամեն ինչում՝ նույնիսկ պատ շարելիս և ցեխ շաղախելիս․․․
Եղա թասընկերն ու
Խորհրդատուն հպարտ,
Նաև՝ մորս ձեռքի
Փոքրիկ թաշկինակը,

Այո, նաև թասընկեր էր Մարոն, իսկ հայրը ամեն ինչում պիտի հաշվի առներ Մարոյի հեղինակավոր կարծիքը։ Մարոն էլ հարահաս էր, Հացը կթխեր, կլցներ պարկի մեջ ու շալակով կհասցներ Մշկավանք, ուր ծնողների ամառանոցն էր և նույն իրիկունն էլ մութ անտառով, մեն-մենակ կկտրեր կանցներ անտառամիջյան ահով, գել ու գազանով լի անտառի միջով, որ հաջորդ առավոտ հասցնի աշխատանքի գնալ։ Էլի ոչինչ, երբ լուսնյակ գիշերներ էին լինում, թեպետ խավար գիշերներն էլ արգելք չէին Մարոյի համար։ Նա գիտեր ամեն կածանի, ամեն մի կեռմանի, ծառ ու թփի կոորդինատները և աչքերը փակ կարող էր գտնել ճանապարհը։ Կատակով ասած՝ դա Մարոյի «զոնան» էր․․․
Ամեն մատս, ասին՝
Մի կին , մի տղամարդ,
Ու՞մ հարեհաս չեղա,
Ես՝ մենակս․․․․
Այո, Մարոյի ամեն մի մատը մի՛ կին, մի՛ տղամարդ էր․․․ Սա ինքնագովասանք չէ, Մարոն հրաշալի տնտեսուհի էր, ոչնչից կարող էր այնպիսի բաներ ստեղծել, որ հավատդ չէր գա, նա ստեղծագործում էր նաև ճաշ եփելիս, կերակուրն էլ յուրահատուկ ստեղծագործություն էր դառնում։ Մարոյի տոնական սեղանները, Մարոյի զարդարած տոնածառը, Մարոյի պատրաստած գինիները, բաստուրման, չրերը, չուչխելն ու մուրաբաները առանձնահատուկ էին․․․ երկար, շատ երկար կարելի է թվել Մարոյի կանացի նուրբ շնորհների մասին։
Ու՞մ հարեհաս չեղա,
Ես՝ մենակս․․․
Հիշում եմ, իննսունականների մութ ու ցուրտ տարիները, մարդկանց օգնում էր իր քրտնաջան աշխատանքից մաս հանելով շատ մարդկանց․․․ / Ով ուրանա՝ թող կուրանա /
Անգիր գիտեր, ճանաչում էր Հաայաստանի դեղաբույսերն ու անձամբ հավաքում էր։ Քանի քանի անգամ է իր խորհուրդներով օգնել ինձ ու շատ շատերին։ Հիշում եմ մի անգամ նա մահից փրկեց մի փոքրիկի, որին բժիշկները անհույս տուն էին ուղարկել։ Մարոն իր հավաքած դեղաբույսերով փրկեց փոքրիկին։ Մարոն ասում էր, որ իր հայրական տատը հեքիմ է եղել և այդ մի շնորհն էլ նրանից է ժառանգել։ Մարոյի հետաքրքրություններից շատերն էլ դառնում էին նաև իմ հետաքրքրությունը։ Նրա շնորհիվ ես էլ սկսեցի ուսումնասիրել ժողովրդական բժշկությունը։
Երբ հիվանդացել էր քեռի Գարեգինը, նա մտել էր բժշկի առանձնասենյակ և ասել․ « Քամի՛ր մինչև վերջին կաթիլ արյունս, միայն թե փրկիր հայրիկիս․․․» բժիշկը պատասխանել է, որ այլևս անիմաստ է արյան ներարկումը։ Մարոն ցավով ու ափսոսանքով էր պատմում այդ մասին, երբ խոսում էինք հեռախոսով։
Անձնուրացությունն ու նվիրումը Մարոյի արյան մեջ էր, կարող էր հոգին տալ և՛ ծնողների համար, և՛ լավ ընկերոջ համար, և հարազատի, և անծանոթի համար, եթե պետք էր, իր հողի ու ժողովրդի համար։ Ցավոք այդ աստիճան նվիրումները շատ հաճախ հանգեցնում էին խոր հիասթափության, ինչես որ պատահեց իր պայքարի ճանապարհին։ Այս մասին չեմ ուզում խորանալ, քանզի մի օր կտպագրվի նրա « Պայքար, պայքար մինչև վերջ․․․» ստեղծագործությունը, որտեղ անխնա կերպով ձաղկում է իր պայքարի ընկերներին, որոնց այնպես կուրորեն նվիրվել էր։
Ճի՞շտ ապրեցի, սխա՞լ,
Չեք իմանա,
Առանց սխալ ճիշտը
Կասե՞ք ո՞րն է լինում,
Կյանքի մարոյական փիլիսոփայություն․․․ «Առանց սխալ ճիշտը ո՞նց է լինում»

Հորս կորստյանը
Մի կերպ կդիմանամ,
Մորս մենությանը
Չեմ դիմանում․․․
Այստեղ արդեն խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են, ամեն ինչ ասված է և լռությամբ թող ամեն ոք յուրովի զգա ու մեկնաբանի քառյակի ինաստը․․․
/ Նինա Ալավերդյան /
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:26

***
Փոքրիկ մամխի մի թուփ,
Մի բույն` մոշահավի,
Ուրի՜շ աշխարհ արթուն,
Ու սեր՝ մրգահամի․․․

Ո՜նց եմ ձեզ նախանձում,
Էգ ու արու հավքեր.
Լինեմ մի սև թռչուն,
Բայց ունենամ ձագեր․․․

2015
« Դարձ ի շրջանս յուր »
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Մարո Երկնափեշյան

Сообщение Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:26

***
Տնից անտառ՝
Ճիշտ երեք լոք,
Երկար ճամփին՝
Խաչ ու մատուռ.
Քեզ պես չեն գա,
Գուցե այլոք
Դեպի սիրո
Դրախտադուռ․․․

Կծլվլան
Հազար ձենով
Թռչնանման
Հրեշտակներ,
Քեզ կփորձեն
Հազար ձևով
Տանել իրենց
Տաք փչակներ․․․

Մեկ կփռեն
Մամռե մի գորգ,
Մեկ՝ խաշամե
Խշխշան բարձ,
Կներքաշեն
Ծմակի խորք–
Քեզ կթվա՝
Կորա՜ր անդարձ․․․

Կրակ կտրած
Մի թրմի թուփ,
Մի մերկակոնք
Հավամրգի
Քեզ խելքահան
Կանեն՝ ընդհուպ
Մինչև գրկի
Մեղքը կրքի․․․

Ու տուն կգաս՝
Կես մարդ դարձյալ,
Ուրիշ քամի՝
Ունկերիդ մեջ,
Կիսով մի քիչ
Ֆավն դարձած,
Անտառներում՝
Դրախտամերձ․․․
2015
« Դարձ ի շրջանս յուր »
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз