ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:46

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Levon Khechoyan.jpg
Levon Khechoyan.jpg (4.79 кб) Просмотров: 5508
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:47

ԱՅԳԻՆ


Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկա­տեց։ Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց՝ թմբի բարձրությունը փորին հասավ։

Նա իր դեմ՝ նորածագ պայծառ լույսի և թանձր ստվերների մեջ, ավելի ուշ տեսավ՝ արևածաղկի հատիկների մեծության, հողի երե­սին շաղ եկող, սև պեծկլտացող մեջքերով մրջյուններին, որոնք գետնի տակից զարկող ջրի նման դուրս էին թափվում Ելենը չշարժվեց, նայում էր, թե ինչպես են նրանք թմբի բարձունքից իջնելուց հետո որոշակի կարգ պաշտպանելով միավորվում՝ անանձրև կարծր հողի վրա բացած հունով հոսում այգու խորքերը։ Նա այդպես որոշ ժամա­նակ կանգնած մնաց, հետո գնաց նրանց ետևից։ Չհասած խնձորենիներիև՝ ուշադրություն դարձրեց արձագանքին, որն ուղեկցում էր իր բոլոր քայլերին դեռ այն պահից, երբ երկաթե ատամներով փոց­խը դրեց, գնաց, թմբի կողքին կանգնեց։ Ելենն առավոտյան լռության մեջ, միաժամանակ, կրծող հազարավոր մրջյուններից ելնող ձայնի արձագաևքն էր լսել։ Նա մի ծառից բռևեց, մտածեց, որ նրանք շատ են վերև-ներքևում Քաղաքապետարանի երկու աշխատակից իրենց ձեռքով երկաթե դարպասի դռան սողնակը բացելով՝ ներս էին մտել, բարևելով եկան։ Տանը, երբ Ելենը գույքահարկը վճարեց, նկատեց, որ անդորրագիրը լրացնող տղայի մի ձեռքը հաշմված է: Այնուհետև դարպասի դուռը կրկին իրենք բացել-փակելով՝ գնացին։

Սաղարթախիտ ծառն ամբողջովին տերևազուրկ էր։ Ելենը տար­բեր կողմերից եկող ստորգետնյա անցուղիներ տեսավ։ Մերկ ճյու­ղերի ոստերին գնդված՝ դեղնակարմիր խեժ էր բոցկլտում: Նա նկատեց, որ մրջյունները երթուգալով, քանոնի ճշգրտությամբ ու­ղիղ, արմատից միևչև գագաթը ածելու պես կտրել եև ծառի կեղևը։ Նրանց շարասյունը բացվածքի միջով շարժվելիս կարգապահության էր ենթարկվում՝ մի եզրով կեռ ծնոտների մեջ տերևաթերթեր բռնածներն էին գալիս, մյուսով՝ բեռներն արդեն մրջնանոց հասցրածները վերադառնում։ Ելենը ծառի կողքին կանգնեց, որը՝ փորը սեղմած, չորս կողմը ձկնկիթ շաղ տված կապտավուն ձկան նման, խոտերի մեջ կիսակարմիր խնձոր էր թափել, նրանց վրա կնճիթավոր ճպուռներ, կանաչաթև ճանճեր էին շրջում։ Մտածեց, որ տարվա այդ ամսին խնձորները թթու են լինում։ «Տեսնես մրջյունների ինչին է պետք՝ ծառն այդպես դատարկելը»,– մտքում ասաց Ելենը։

Զարմանում էր՝ նրանք իր այգում առանց իրեն հաշվի առնելու՝ անտարբեր, արագ անցնում էին կողքով։

Ելենը հանկարծ սկսեց բահով խոնավության և արմտիքի հոտ ունեցող մրջնանո­ցը քանդել։ Երբ կանգնեց, նկատեց, որ մրջյունների մնացած մասը հեռանում է այգու խորքերը՝ դեսուդեն փախչելով ներծծվում ամենուր։

Բահը գցեց տանից լսվող հեռախոսազանգն ընկալելուց հետո։ Լսափողը վերցնելու պահին գլխի ընկավ, որ զանգը շատ երկար է հնչել: Հակոբի մոր հետ խոսեց։ Նա հարցնում էր՝ արդյոք Ելենն էլի լուր չունի Հակոբից։ Կամ՝ արդյոք հեռախոսով որևէ բան պարզել հնարավոր չէ։

Ելենն ասաց, որ կամ զանգերն են անպատասխան մնում, կամ էլ լավագույն դեպքում, եթե այնտեղ լսափողը վերցնում էլ են` ինչ-որ բան հասկանալն անհնար է։

Նա մայրուղով անցնող խոշոր բեռնատարի շարժիչի հռնդյունից սթափվեց, մտածեց, որ մի քիչ էլ նստած մնար՝ կքներ, բայց դրսում արդեն մութ էր, գլխի ընկավ, որ բազմոցին լավ էլ երկար քնած էր եղել։

Ելենը հեռախոսը ծնկներին դրեց, հեռուստահաղորդում դիտելով՝ մի քանի ընկերուհիների հետ շատ խոսեց։ Վերջում նրանք Հակոբի վերաբերյալ համարյա նույն հարցերը տվեցին։ Ելենը մեխանիկորեն անգիր արած միանման նախադասություններով պատասխանեց։

Նա առավոտյան այգի գնաց։ Տեսավ՝ մրջյունները դարձյալ դուրս են գալիս գետնի տակից, իրար պոչի շարվելով՝ հոծ մարմին դառնում, արևի տակ շողշողալով՝ հո­սում են դեպի ծառերը։

Ելենը գազօջախին եռացող թեյնիկն արագ քայլքով տարավ՝ քլթքլթացող ամբողջ ջուրը դատարկեց մրջնանոցի անցքից ներս։ Տպավորված էր միանգամից ամենուր տի­րող լռությունից։ Նա աղմուկն ավելի ուշ՝ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ ընկնելու հետ լսեց, մտածեց, որ կարող է՝ հենց կափարիչի խոտերի մեջ գլորվելն էր։

Տեսավ, թե ինչպես են մրջյունները ուրիշ անցքերից դուրս թափվում։ Սի քանիսը տեղ չհասցրած տերևաթերթերն են դեռ բռնած՝ բնազդով իրենց հետ դեսուդեն փախցնում։

Ելենը դատարկ թեյնիկը գցեց՝ լցնելուց ետադարձ գոլորշին ձեռքն այրել էր։ Նա հասցրեց նկատել իր ստվերը, որը կեսով ցանկապատին էր թռել, մյուս կեսով ցատկել էր ավտոտնակի պատին։ Կրկին լսեց նույն աղմուկը, որը քիչ առաջ թեյնիկի կափարիչը խոտերի մեջ գլորվելուն էր նմանեցրել։ Այգու կեռնեխը խխունջ որոնելով՝ շրջում էր թփերի տակ։

Նա ձեռքի երեսին այրվածքի համար քսուք քսեց։ Բազկաթոռի մեջ ոտքերը տակը ծալած՝ ծխախոտ ծխելով սուրճ խմեց։ «Ո՛չ կեռնեխն էր, ո՛չ էլ խոտերի մեջ գլորված թեյնիկի կափարիչը՝ պարանի վրայի լվացքին զարկող քամին է աղմկում»,– գլխի ընկավ Ելենը։ Նա սպիտակ ակացիաների կողքով անցավ, մի շուրթը կոնքին դրած՝ պլաստիկե թասի մեջ հավաքեց սպիտակեղենը։

Քնելուց առաջ լազերային նվագարկիչի ձայնը մինչև վերջ բարձրացրած՝ մի շատ լավ օպերա լսեց։

Ելենը բազկաթոռի մեջ գիշերվա երեքին-չորսին արթնացավ, լսեց, թե ինչպես է ցեմենտի գործարանից՝ ամայի դաշտերի ու մանր բլուրների միջով երկաթգծերին զարկ­վելով, հեռանում հարյուր հազարավոր տոննանոց ծանր գնացքը, ամառային չոր հո­ղը դողէրոցքով և լուսադեմի նոսր օդն ալիքվելով արձագանքում էին նրա հռնդոցին։

Անկողին տեղափոխվելու ճանապարհին խոհանոցում ջուր խմեց, այդ ընթացքում վերջնականապես արթնացավ, հասկացավ, որ ոչ թե գնացքը՝ իրականում փոթորկոտ քամին է անցնում քաղաքամերձ կարմիր լճի վրայով։

Նա միջքաղաքային կոդ հավաքեց՝ Հակոբի հետ կապվելու համար, համաչափ ազդանշաններ գնացին, սակայն այնտեղ լսափողը չվերցրին։

Ելենն անկողնում երկար գիտակցում էր, որ չի կարողանում քնել։ Առավոտյան, մայրուղուն զուգահեռ, ջրատարի խանդակ փորող բուլդոզերի շերեփով քարերի վրա թխկթխկացնելուց արթնացավ։ Նա ծխելով ու սուրճի բաժակը ձեռքին՝ գնաց այգի։ Մրջյունները, թելի վրա շարված ուլունքների նման, ուղղագիծ ձգվել էին ծառից մինչև թումբը։ Նրանք, ծնոտների մեջ բարձր բռնած, տերևաշերտեր էին տանում, արևի տակ փայւատակամ էին սև օբսիդիանե կողերը։ Ելենը մտքի մեջ ասաց. «Ինչի են դատարկում այգին»,– զարմանում էր՝ («Ինչու՞ են եկել»)։

Նա հայելու դեմ մազերը սանրելու հետ՝ մտքով կրակ անցկացրեց, միաժամանակ, հրկիզման մասին մտածեց։ Բայց լավ չէր հիշում, թե տանը բենզին ունեին, սակայն սպիտակ նավթ ունենալը՝ հաստատ գիտեր։

Ելենը փողոցում առանձին-առանձին մի քանի ծանոթների հանդիպեց, զրուցեցին։ Նրանցից մեկը մինչև լուսաֆորը ուղեկցեց։ Հարցնում էր, թե հո փոստ չի գնում, որ առավոտյան ինքն արդեն եղել է։ Հայտնեց, որ իմացել է՝ գիշերը տարբեր տեղերից չորս-հինգ հեռագրեր են ստացվել՝ գուցե այնտեղից էլ լինի։ Ելենը մտածեց, որ Հակոբից հեռագիր ստանալը քիչ հավանական է, ասաց շատ ուրիշ գործեր ունի, բայց հենց հարմար պահ գտավ, փոստ էլ կմտնի։ Մինչև ավտոբուսի կանգառը ծանոթը կողքով էր քայլում։

Անասնաբուժական դեղատունը թունաքիմիկատների խանութի հետ նկարչական դպրոցի կողքին՝ չորս քարերի վրա դրված «Ուրալ» մեքենայից հանված թափքում էր գտնվում: Ելենը խանութին և ծառին կից, մի քառակուսի մետրանոց, մետաղե ցանցով ցանկապատի մեջ պառկած՝ քնկոտ նոխազին նկատեց։

- Սա ի՞նչ է անում այստեղ,– հետաքրքրվեց նա։

Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը պատասխանեց, որ գյուղերից բերվող այծերին հղիացնելու համար է պահվում։

- Հասկանալի է,– ասաց Ելենը:

- Այծերին արտասահմանյան սպերմայով արհեստական բեղմնավորելը գյուղացու վրա թանկ է նստում: Հիմա այծի պանիրն ու այծ պահելը մոդա է դարձել։

Ելենը զարմանում էր, թե ինչ պարտադիր էր՝ անասնաբուժական դեղատան տիրոջ այդքան մանրամասնորեն գյուղացու դժվարությունների, այծերին թանկ կամ էժան սպերմայով բեղմնավորելու և մոդայիկ պանրի մասին իրեն պատմելը:

Այդպես նրանք մի որոշ ժամանակ խոսում էին։ Նոխազը երբեմն-երբեմն աչքերն էր բացում, հոնի հատիկների նման կարմիր վառվող բիբերով չորս կողմը դիտում։ Ելենը միայն այդ ժամանակ նկատեց՝ մետաղալարե ցանկապատին կարկատանի պես կպցրած, կանաչ գուաշով գրված ստվարաթղթե ցուցանակը, որ հայտարարում էր՝ «Չմոտենալ՝ խփող է»։

Նա նախազգուշացումը կարդալուց հետո տեսավ նոխազի ոչ սովորական՝ համաչափ ետ շրջված սլացիկ պոզերը։

Այնուհետև, աշխատակցուհին, որ ելենի ծանոթն Էր, գյուղատնտեսը դուրս եկավ։

Հասմիկն ասաց, որ ոչ թումբ քանդելը, ոչ Էլ եռացրած ջուրն Է օգնում։

Անասնաբուժական դեղատան և թունաքիմիկատների խանութի տերը գնաց ներս։ Ելենը ցանկապատի ցանցից բռնեց։

Հասմիկն ասաց.– Նրանց մանրությանը նայելով՝ երբեմն մեզ թվում Է, թե բույնը մոտերքում Է։ Այնինչ՝ նրանց հասնել ոչ միշտ Է հնարավոր... Ելենը ներսից տղամարդու և կնոջ խոսակցության ձայներ լսեց, երբ կենտրոնացավ, Հասմիկը բացատրեց, որ ավագ աղջկան սակավամտության պատճառով դպրոց չի տվել՝ առավոտից իրիկուն հեռուստացույցի ալիքներն Է ետ-առաջ տալիս։ Աղջկան ամեն օր աշխատանքի բերելը խանութի տիրոջ հետ կոնֆլիկտի պատճառ Է։

Այնուհետև Հասմիկն ասաց՝ իրականում նրանց բույնը գտնել գրեթե չի հաջող­վում, հատկապես, երբ այն կարող Է բետոնե կառույցի հիմքերի տակ կամ տասը մետր խորության վրա լինել, երբեմն` նույնիսկ հողաշերտեր կտրելով, գրունտային ջրերին են հասնում։ Թեյնիկով եռացրած ջուր լցնելը կամ բահով թումբ քանդելը ծի­ծաղելի Է անգամ։ Ելենը չընդհատեց։ Հասմիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միայն նրանց մի չնչին մասն Է ոչնչացվում, իսկ այդ ընթացքում, մյուս ստվար զանվածը հարյուր, հարյուր հիսուն մետր հեռու Է. «Ձեր տան կողքի մայրուղու տակով անցել՝ հարևանի այգու ունեցվածքը բերելու Է գնացել»։ Հասմիկը բացատրեց՝ ծառից ծառ, այգուց այգի ինչ բարդ կառույցներով ստորգետնյա անցուղիներ են ձգում, որոնք կարելի Է իսկական լաբիրինթոսի հետ համեմատել։

Նա ներսում խանութի տիրոջը վճարեց թունաքիմիկատների համար։ Այդ ժամանակ էլ տեսավ փոքրիկ գլխով, կոճակի պես շրջանաձև դեմքով երեխային։

Ելենը դրսում կանգնած մնաց մետաղե ցանցով ցանկապատի մոտ՝ բաց դռնով նայում Էր կիսամութ դեղատան ներսը՝ այն հավանակաև տեղին, որտեղ դեռ նստած կլիներ սակավամիտ երեխան՝ բութ մատը ծծելով:

Նա շուկայից մի երկու կիլոգրամ լոլիկ գնեց, վաճառողուհու հետ երկար խոսեցին:

Ելենը երբ աղցան Էր պատրաստում, միջանցքում հեռախոսը զնգում էր։ Նա գնում էր, որ լսափողը վերցնի, սակայն արդեն գիտեր, որ այնտեղից է։ Ելենը ճիշտ էր գուշակել՝ նրանք էլ էին հաստատում, որ այդպես է։ Ինչքան էլ նա ցանկանում էր՝ իր տված հարցերին կոնկրետ պատասխան ստանալ, իզուր էր, չնայած որ այդ ամենը Հակոբի հետ էր կապված։ Պարզապես այնտեղին հասկանալն անհնար էր։

Այդ ընթացքում Հասմիկը եկավ, թակեց մետաղե դարպասները։ Ելենը դուրս եկավ, Հասմիկը ցատկեց թափքից, երկուսով բացեցին ճռնչացող դռները, նա սանձից բռնած՝ ձիուն քաշեց ներս, ֆուրգոնը մտավ, Ելենը դարպասները տեղը դրեց, գնաց ետևից։ Հասմիկը արձակել՝ տնքտնքացող ձիուն արածելու համար տանում էր այգու խորքը, դնչկալի մի կողմից թացած սանձի կաշեփոկով կապում էր ծառից։ վերադարձավ, գնաց ֆուրգոնի ետևը, կիսաշրջազգեստը հանեց։ Ելենը եկավ, արմունկով հենվեց անիվին։ Հասմիկը կռացավ՝ բանվորական տաբատը հագնելու: Ելենը նկատեց դեռահասի հետույքը։ Հասմիկը ուղղվեց, մազափունջը դեմքից ետ գցեց: Տպավորվել էր կարմիր, առաձգական վարտիքից դուրս մնացած ազդրերի փայլատակած ճերմակը։ Ելենին քսվելով աևցավ, ֆուրգոնի հակառակ կողմից անվաճաղերը ոստնելով՝ մագլցեց վեր։ Երկու հարյուրական լիտրանոց տակառների մեջ պահեց ծորակին միացրած ռետինե փողրակը։ Ելենը նստեց բետոնե ելուստին։ Հասմիկը ֆուրգոնի փայտե նստատեղի տակից ցելոֆանե տոպրակը հանեց։ Սպիտակ դեղափոշին հավասար բաժնեմասերով տակառների մեջ էր դատարկում՝ անասնաբուժական դեղերի վատ առևտրից գանգատվելով, միաժամանակ, թունաքիմիկատը լուծելու համար, հարիսա եփող խոհարարի նման՝ փայտով փայլատակող ջուրը տակառների մեջ անընդհատ կլոր Էր պտտեցնում:

Ելենը հարցրեց.– Ինչի՝ են այգին դատարկում, ի՞ևչ են ուզում։

Հասմիկը ութ հարյուր լիտր նեոցեդոլով թունավորած ջուրը մրջնանոցի անցքից ներս հոսեցրեց։ Անցավ մյուս մետաղե տակառի ետևը, ռետինե փողրակը կախեց մեջը, ասաց, որ նրանք Էլ կենսատարածք են ցանկանում ունենալ։ Ապրելու տեղի համար են եկել։ Նա ցամաքած փողրակի ծայրը բերանը դնելուց առաջ լավ սրբեց ափի մեջ ու մի քանի անգամ քաշեց։ Ելենն ասաց, որ զգույշ մնա։ Հասմիկը շտկվեց, մեջքով դարձավ նրա կողմը, թքեց խոտերի մեջ, հավատացրեց, որ դեռ երբեք այդպիսի բան չի պատահել, որ անգամ մի կաթիլ ջուր կուլ տա։ Պարզաբանեց, որ ռետինը տհաճ համ ունի, փողրակն Է լեղի։

Այնուհետև Ելենին ասում Էր, որ մրջյունները մարդու չափ հին են, ով գիտի՝ երկրագնդի ո՞ր կետից են սկսել շարժվել, անհաշվելի դարերի ընթացքում հարյուր հազարավոր կիլոմետրեր են կտրել, ով զիտե՝ քանի օվկիանոսներ են լողացել, քանի անապատներով են անցել, քանի սերունդներ են կորցրել ճանապարհներին, որ հասնեն այստեղ։

Ելենն ուզում Էր ինչ-որ բան ասել, սակայն չէր կարողանում ընդհատել՝ մեկ տակառների, մեկ էլ ֆուրգոնի ետևն էր անցնում։ Այդ ընթացքում հեռվում մի քանի անգամ ձիու փայծաղը ղռղռաց։

Հասմիկը ելենին թմբի մոտ կանչեց, մրջյունը բրնձահատիկի չափ սպիտակ թրթուրը բերանին փախչում էր։ Ասաց, որ հասցրել են, եթե իրենք չմիջամտեին՝ մի քանի օրից նոր մրջյուն կծնվեր, մի ուրիշ ընտանիք կստեղծվեր, երկրորդ, երրորդ մրջնանոցները կբուսնեին այգում։ Այն ժամանակ ավելի դժվար էր լինելու առաջն առնելը։

Այգու խորքից վրնջաց ձին։ Հասմիկը գնաց այնտեղ ու նրա սանձափոկի մեջ խճճված ոտքն արձակեց։ Երբ նա վերադարձավ, Ելենն արդեն հիշել էր՝ ինչ էր ուզում ասել մրջյունների մասին։

- Եթե եկել են, ըստ երևույթին նրանց համար ոչ մի օրենք գոյություն չունի,– ասաց նա։ – Բայց որտե՞ղ էին նրանք, երբ իրենցից էլ առաջ այստեղ առաջացավ ջուրը և հողը։ Փոշեհատիկ էին, երբ հորիզոնում աճում էր մեծ լեռը։ Ընդհանրապես չկային, երբ կառուցվում էր իրենց առանձնատունը։ Ուր էին, երբ Հակոբի հետ մշակեցին հողը։ Աներևակայելի հեռուներում էին, երբ այգու վրայով առաջին անգամ անցան տան էլեկտրալարերը։ Որտեղ էին, երբ այստեղ սկսվեց կյանքը։

Ելենն իր դիմաց մրջյուններ տեսավ, որոնք գետնի տակից բոլոր անցքերով դուրս էին նետվում։ Փախչում էին՝ սպիտակ բոժոժները բերաններն առած։ Վերջից ելնողները թրթուրներն էին փախցնում, սակայն նրանք կամ բեռի ծանրությունից, կամ թունաքիմիկատի ազդեցությունից կորցրել էին հավասարակշռությունը, հանկարծ իրենք իրենց առանցքի շուրջն էին դարձդարձիկ պտտվում։ Ելենն սկսեց նայել, թե ինչպես են մրջյուններն ընկնում, ինչպես են դուրս ելնողներն անընդհատ նվազում, հետո միանգամից դադարեց շարժումը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Сообщение Harutin » 15 окт 2010, 21:48

ՇԱԲԱԹ, ԿԻՐԱԿԻ


Հարութը գիտեր` այլմոլորակայինը ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնային:
Հարութը ցանկանում էր, որևէ պատրվակ բռնելով, տղաներին, բուժքրոջը կարճ ժամանակով սենյակից ինչ-որ տեղ ուղարկել:
Այլմոլորակայինն էլ, կարծես, դիտավորյալ էր այդ պահն ընտրել, որ նրանք էլ ներկա գտնվեին:
Տղաները նրա հետ զրուցում էին` թշշացող հանքային սառը ջուր խմելով: Հարութը նկատեց` վեց-յոթ հոգու ադամախնձորները քրտնած բկների միջով միանգամից բարձրացան-իջան:
Այլմոլորակայինը դատարկած բաժակը շրջեց պլաստիկ շշի վրա: Հայտնեց, որ երկնքից` հեռավոր մոլորակից է եկել, որտեղ Հարութին շատ լավ են վերաբերվում: Ասաց, որ ժամանել է միայն մի հարց ճշտելու` Հարութը ցանկանու՞մ է արդյոք հետագայում դարձյալ ապրել երկրագնդի վրա:
Հարութը տղաների, բուժքրոջ ներկայությամբ հենց այդ հարցին էր ամաչում պատասխան տալ, որովհետև նրանց առաջնորդելիս շատ անգամ էր հաստատուն ասել, որ չպետք է երերուն լինել` մոլորակը, հողը, երկիրը, որտեղ ապրում են, շատ է փխրուն, որ իրենք նրա առաջադիմության, կեցության համար են պայքարում:
Հարութը, այլմոլորակայինի հետ միայնակ մնալու համար, կողմնակի բաներից խոսելով` ժամանակ էր ձգում. գուցե հոգնած տղաները թարմանալու կամ որևէ ուրիշ պատճառով սենյակից դուրս գային:
Ասաց, որ ամեն մի դարաշրջան արատավոր է եղել` հիվանդագին մտածողության դրսևորումներով ամայացրել, ժողովրդաթափ է արել հողագունդը, դրանից է բխում անցած ժամանակների կործանարար ազդեցությունը հետագա կյանքերի վրա: Ողջ աշխարհը խորքում` հորինվածքի մեջ, չարություն, անկում է:
,- ասաց այլմոլորակայինը: Ասաց, որ այդպիսին է այն վայրը, որտեղ ապրում են մարդիկ` ժողովուրդը ժողովրդին ոչնչացնելու բնազդով:
Սակայն նա դեռ վաղուց գիտեր, որ այլմոլորակայինը հենց այդ հարցը տալու համար է ժամանել:

Երբ Հարութին մոմլաթե անջրանցիկ թիկնոցի մեջ դրած` (բժիշկն էլ հետները) չորս կողմից բռնել, արծաթափայլ լճի ափով էին վազեցնում, որ հասցնեին սանիտարական ուղղաթիռին, Հարութը հանկարծ գլաքարերի վրայով վազող տղաների հաստ ներբանների համաչափ դոփյունը առնելու հետ միաժամանակ, վախեցած գորտի, թե սպիտակ սագի ջրերը ճողփացնելը լսելու հետ միաժամանակ, տիեզերածավալ երկնքի` կապույտ-ճերմակ ամպերով, ջրերի վրա արտացոլվելը նկատելու հետ միաժամանակ, պոմպակայանի ամբողջ ցանկապատի ալնվերջանալի երկայնքով ծաղկած դդումի դեղին ծաղիկներով խիտ ծածկված լինելը տեսնելու հետ միաժամանակ` առաջին անգամ այլմոլորակայինին տեսավ. փոխնիփոխ, վազքից ուժասպառ տղաներին էր օգնում: Կողմնորոշող, ճիշտ խորհուրդներ էր տալիս` բացված անցքից անդադար դատարկվող լյարդի գործունեությունը պահպանելու և կարճ նոպաներից զարկվող Հարութին ուշաթափությունից ետ բերելու համար:

Ուղղաթիռում էլ Հարութի կողքին էր, սենյակում էլ ասաց, որ վախենալ պետք չէ, նրա հետ ոչինչ էլ չի պատահի, մինչև ծերություն կապրի:
Բայց միաժամանակ ցանկանում էր, որ Հարութը նաև տրված հարցին կոնկրետ պատասխաներ, որովհետև ինքը դրա համար էր ժամանել:
Ոչ թղթախաղի սեղանի շուրջ գիշեր կարճող տղաներն էին քնում, ոչ էլ բուժքույրն էր որևէ պակաս բանի պատճառով սենյակից բացակայում, կարծես, դիտավորյալ բոլորն էլ ականջներն իրենց կողմն էին պահել, սպասում էին Հարութի հրաժարվելուն:
Հարութն ստիպված էր նրանց ներկայությամբ այլմոլորակայինին ասել, որ ոչ` չէր ցանկանա մյուս անգամ երկրագնդի բնակիչ լինել: Սկզբից մի, հետո մյուս աչքից արցունք գլորվեց: Այլմոլորակայինը մատների տաք թմբիկներով մաքրեց նրա թաց այտը:

Մինչ այդ, անընդհատ մի հոգի էր, բայց գնալու պահին կարծես նրա միջից մեկն ընկավ, դարձան երկուսը: Ասաց, որ օգնականն է, որպեսզի գիշերը անցանկալի միջադեպեր չպատահեն, ապահովության համար կմնա Հարութի հետ:
Օգնականը ծնկին դրած թղթապանակի թերթերին գրառումներ էր կատարում: Միաժամանակ շատ էին խոսում: Հարութը չէր խաղաղվում: Գիշերն անքնությունից չտանջվելու համար` օգնականը թուղթ, գրիչ տվեց, որ ում ցանկանա` նամակ գրի: Ասաց, որ դրանից հանկարծ չվախենա, շատերին է թուղթ-գրիչը հոռետեսության հասցնում, սակայն Հարութի հետ ոչինչ էլ չի պատահի, համարյա մինչև միջին տարիքը կապրի:
Հարութը զարմացավ` ինչու՞ , էն էլ համարյայով, այդ ի՞նչ տարիք է որ: Ավագ այլմոլորակայինը մինչև խոր ծերություն է խոստացել: Ասաց, որ թյուրիմացություն է, այստեղ սխալմունք կա, գուցե խոսակցություններ են եղել, որին օգնականը չի մասնակցել, այդ պատճառով էլ շփոթի մեջ է ընկած, լավ չգիտի ճշմարտությունը: Ինքը հենց հիմա կամենում է այլմոլորակայինի հետ հանդիպել:
Օգնականը բացատրեց, որ նա արդեն ճանապարհին է, այնքան էլ ճիշտ չէ` տագնապի մեջ գցել, տեղ չհասած ետ կանչել: Հազար ու մի բան կարող է մտքով անցնել, սպասել է պետք` առավոտյան գա, Հարութն ինչքան ուզում է հարցեր կտա, կխոսի նրա հետ, կշտկեն տհաճություն պատճառող խնդիրները:
Հարութը գիտեր` միևնույն է, գիշերը կողքից կողք տրորվելով է անցկացնելու, միայն բացվող օրվա լույսին վստահելով կարող է քնել: Օգնականի` նամակ գրելով գիշեր կարճելու առաջարկությունը վատ միտք չէր:
Անկյունի սեղանին թղթախաղով զբաղված տղաներն ընդհատեցին պրեֆերանսը, ետ ընկան աթոռներին, ծագած վեճը լրիվ ուրիշ բանի պատճառով էր, սկզբում սպիտակ խալաթի խորը կտրվածքից նշմարվող կանգուն ստինքներով բուժքրոջ, հետո էլ ահազանգով տագնապած սենյակ հասած բժշկի հետ էին Հարութի պատճառով անընդհատ անհասկանալի լեզվով շատ բարձրաձայն վիճում:
Հարութին խանգարում էին, որ կենտրոնանա նամակի վրա: Ցանկանում էր անվանական նկատողություն անել, զարմանալի բան էր, կորցրեց որևէ մեկի դեմքը պատկերացնելու կամ բառերով արտահայտվելու ունակությունը: Նրանց հիշելու համար ինչքան էլ դեմքերն օժտում էր իրեն հայտնի` արևահար, քամուց դաբաղված` սև նշաններով` ձգտելով այդպիսի հատկանիշներով տեղը բերել տղաներին, միևնույն է, ոչ մեկին չպատկերացրեց: Մտքում չէր կարողանում ճանաչել անգամ, ամենավերջում տեսած դեմքը, նույնիսկ` բժշկին, որ հենց նոր սենյակ էր մտել, դաստակը բռնել` անհանգստացած զարկերակն էր որոնում:
Ոչ մեկի վրա դեմք չկար:
Օգնականը միջամտեց, ասաց, որ Հարութը իզուր ժամանակ և ջանքեր է վատնում` շուրջը եղածներին հիշելու կամ նրանց խոսակցությունը հասկանալ փորձելու համար, ավելի խելամիտ կլիներ` քանի լույսը չի բացվել, ավարտեր նամակը:
Հարութն առաջին տողը կարդաց, հասկացավ, որ կնոջը չէ` վարորդի աղջկան` իրենից տարիքով փոքր Նորային է գրում...

Այստեղ համատարած ձյուն է: Մեր շրջանակաձև ակոսով օղակած դիրքերից և խորը ձյան միջից հղի կնոջ մերկ փորի նման դուրս է ցցվել վերցված քաղաքը:
Այստեղ հարցերը, պատասխանները նույնն են, անգամ` դեմքերը, թռչունների չուն, բնության բոլոր անցքերով անցնող օդի հոսելը, փողոցներով քշվող ցելոֆանե սև տոպրակները, թափառող սևազգեստ որբևայրի կանայք, ամեն բան, մեկը մյուսի կրկնակն է, ողջ գրաված քաղաքը արձագանքի նման կրկընվում է ինքն իր պատկերով ևս մի քանի անգամ...
Հետո շատ խորը ձյուն եկավ, անշշուկ լռություն է ամենուր... Օգնիր ինձ, ասա` ի՞նչ է մեր սերը. ես գիտեմ` ասես դեռ կանաչ այն ցորենի դաշտը լինի, որտեղ մի անգամ մեջքիդ տակ տափակեցրած հասկի ցողունների վրա մերկ կանգնած, խոշորացած աչքերդ լիալուսնին հառած, իմ հաջորդ տիրելուն սպասելով` շնչասպառ էիր լինում, ասես` երկնքում թռչող գորգի վրա լինեիր:
Մենք պետք է խոսենք, որովհետև երբեմն այս գավառական քաղաքի երեք-չորս բարձրահարկերն էլ...

Հարութը հանկարծ դռան սաստկացող թակոց լսեց: Անտանելի աղմուկի պատճառով դադարեցրեց գրելը: Ուզում էր հասկանալ` այդ ինչ բան էր` ո՛չ ժամանակ առ ժամանակ քաղաքի տակ արթնացող երկրաշարժը, ո՛չ էլ անձրևաջրերի հետ խոնավ լեռներից պարբերաբար գլորվող քարերն էին ունակ այդ ուժով երերացնել իր մահճակալը, կարծես` դաշտային խորդուբորդ ճանապարհով մեքենան հատակը քարերին քսելով գնար:
Աստիճանաբար գլխի ընկավ, որ ոտքի եղունգների տակից մինչև մազերի ծայրը, ամեն մի բջջի մեջ սիրտն է այդպես կանգնում, հետո նորից մեկեն սկսում շրմփալով դմփդմփալ...
Սակայն օգնականը, որ այդ ամբողջ ժամանակ կողքին էր նստած, Հարութին ասաց, որ նա միայնակ չէ, հուսադրեց` չվախենալ, շարունակել նամակը, նրան վերապահված է երիտասարդությունը, ոչինչ էլ չի պատահի:
Հարութը բնական պահանջը թեթևացնելու համար միզեց բուժքրոջ վերմակի տակ մտցրած տափակ գիշերանոթի մեջ:
Զարմացավ (): Ինչպե՞ս թե` երիտասարդությունը, անընդհատ կարճացնում է: Էլ չլռեց, խոսում էր, բուժքույրը օգնականի թիկունքից Հարութին սաստելու համար մատը շուրթերին դրեց, որ զայրույթով չխոսի:
Հարութը ոչ մի բան չէր նկատում: Լռեց միայն, երբ սառնարանն աշխատեցնելու համար ռելեն շրխկաց: Սակայն քիչ անց, նույն տոնով, օգնականից պահանջեց, որ անմիջապես այլմոլորակայինին կանչի:
Օգնականը բացատրեց, որ արդեն ուշ է, այդ ժամին այլմոլորակայինը չի աշխատում, այնքան էլ ճիշտ չի լինի ժամանակից դուրս նրան անհանգստացնելը: Ցավոք, վաղն էլ կիրակի է, պարզ չէ` այցելություններ կկատարի՞, թե՞ կգերադասի հանգստանալ: Եթե վերադառնա, թող Հարութը հանգամանորեն խոսի իրեն հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ, ինքը չի կարծում, թե ուշ կլինի:
Հարութը հունից ավելի ելավ, երբ արտահայտությունը լսեց, ուրեմն նա դեռ կիրակնօրյա հանգիստն էլ պիտի վայելի, երբ իր նկատմամբ ճակատագրական անարդարություն է կատարվում և երբ որ այնտեղ` հեռավոր մոլորակի վրա էլ իր հանդեպ այդքան գութ ունեին, գնահատում և ուշադիր էին:
Օգնականն ասաց, որ ինքը հավատում է` Հարութը բոլոր անորոշությունները վաղը կպարզի նրա հետ, խորհուրդ տվեց` նամակը շարունակել, որովհետև ուր որ է լուսանալու է, պետք չէ ասելիքը կիսատ թողնել, գրելով էլ կխաղաղեցնի զայրույթը:
Օգնականը ոչ մեկին չխնդրեց, գնաց-եկավ, սառնարանից ջուր բերեց: Մի ձեռքով, ծորացող կաթիլները վրան բերնեբերան լցված, թաց շիշը բռնած, մյուս ձեռքով` Հարութի ծոծրակի տակից գլուխը բարձրացրած, բուժքրոջ հետ խոսելով` խմեցնում էր: Հարութը, սառցի բյուրեղները մեջը, հինգ-վեց լիտրանոց քրտնաթոր պլաստիկ շշից հո չէր խմում, հո չէր խմում, խմում-խմում էր, ջուրը չէր վերջանում:
,- մտքում ասածը ուղեղի մեջ լսեց Հարութը:
Մինչև նորից գրելուն անցնելը` երեքով շատ էին խոսում: Հետո շարունակեց նամակը:

...Արծաթ գիշեր... քարայծեր` ետառաջ գնալ-գալով, նրանց հարվածները... վերցված քաղաքը` ջրծաղիկի նման նրա վրա բացված բոլոր անցքերը, ձյունախառն փոթորիկը անցնում է նրանց միջով... Ձորերը` հոսող կապտավուն մշուշը, նրա մեջ դժվար է նշմարվում որևէ բան...:

Ընդհատեց գրելը` կարևոր մի շունչ խուլ հեռվում էր: Ինչքան երկար էր նրա մասին Նորային գրում, այնքան ավելի անբնական էր թվում նկարագրածը...
Հարութը չկարողացավ շարունակել` առաստաղից կախված մերկ լամպի կարմրավուն լույսը ճերմակ փայլատակումներով ծածկվեց, դիմացի պատին դդումի անհամար, պայծառ դեղին ծաղիկներ տեսավ:
:
Սակայն մի քանի ակնթարթ չէր անցել` դարձյալ մթնեց:
Հարութին թվաց, որ եղանակին հետևելու համար, հավանաբար, բուժքո՞ւյրը, թե՞ տղաներից որևէ մեկը շերտավարագույրն է բացել-փակել: Եթե լուսացած չլիներ, օգնականը իրենից չէր վերցնի նամակը և հայելու դիմաց հագուստը կոկելով` չէր պատրաստվի գնալուն:
Հարութը գիտեր, որ արդեն լուսացել է, սկսեց այլմոլորակայինին սպասել` թեկուզ կիրակի է, սակայն վստահ է` ուր որ է կգա, հանգստյան օր չի վերցնի, անհնար է, որ լքի, որովհետև հեռավոր խոշոր մոլորակի վրա հատուկ նշանակություն էին տալիս իր անձին և առանձնակի վերաբերմունք, խիղճ ունեին իր կյանքի նկատմամբ:
Որովհետև տիեզերքի մեջ` երկինք-գետնի արանքում, նկատել էին Հարութին ընկած` ինչպես ավազահատիկի չափ փոքրիկ մի կետի, առանց օգնության չէին թողել:
Սակայն Հարութին զարմացնում էր`սենյակի դարձյալ սաստիկ մութ լինելը, միաժամանակ, դիմացի պատի դդումի բազում թանձր դեղին ծաղիկներով ծածկված տեսնելը:
Պահանջեց, որ բացեն պատուհանի շերտավարագույրը: Դարձյալ հրե գունդը ներս ընկավ, դեղձանիկագույն անհամար լուսեղեն պղպջակներ լողացին աչք ծակող կայծկլտոցով:
Հարութը փայլատակող ճենապակե սպիտակ լույսի մեջ այլմոլորակայինին նկատեց. մահճակալին` ոտքերի տակ էր նստած, նա մատը տարավ շուրթերին, հասկացրեց, որ խոսել պետք չէ:
Հարութը, միաժամանակ, զգում էր, որ նաև մութ է, որովհետև դեմքին ոտք ու թևերով մի բան դիպավ, մտածեց, որ կարող էր միայն թանձր խավարի միջով թռչող խոշոր` արագիլի չափ, գիշերաթիթեռի հպում լիներ:
Շրջվեց դեպի պատը: Լռություն իջավ:
Արդեն տասնհինգ րոպե էր` Հարութը լքված, կողքի վրա դարձած, ընկած էր խոշոր լեռան տակ, ոչ ոք չկար. տասնհինգ րոպեում մարմինը ցամաքել, մինչև վերջին կաթիլն արտահոսել էր, չորս կողմը լճակ էր գոյացել:
Ամենուր լռություն էր իջել` թե՛ լեռան ստորոտին, թե՛ գագաթին, թե՛ նրանից էլ վեր. նույն լռությունն էր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0