ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Լև Տոլստոյ Նիկոլաևիչ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Լև Տոլստոյ Նիկոլաևիչ

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 06 мар 2014, 19:46

(17.32 кб) Просмотров: 80



Լև Տոլստոյը ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու
մտածողներից է: Նրա կրոնաբարոյական ըմբռնումների հիման վրա ստեղծվել է տոլստոյականություն կոչված փիլիսոփայական հոսանքը:




կենսագրություն

Լև Տոլստոյը սերել է ազնվականական տոհմից, ունեցել է կոմսի ժառանգական տիտղոս: Նախնական կրթությունն ստացել է տանը: 1841 թ-ից ապրել է Կազանում. 1844–47 թթ-ին սովորել է տեղի համալսարանի փիլիսոփայության, ապա՝ իրավաբանության ֆակուլտետներում: 1847 թ-ին, համալսարանը չավարտած, վերադարձել է հորից ժառանգած Յասնայա Պոլյանա: 1851 թ-ին մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ գործող բանակ՝ մասնակցելու լեռնականների դեմ ռազմական գործողություններին, իսկ Ղրիմի պատերազմի (1853–56 թթ.) ժամանակ կամավոր մասնակցել է պաշարված Սևաստոպոլի պաշտպանությանը (1854–55 թթ.), 1856 թ-ին պորուչիկի կոչումով զորացրվել է, ապա ճամփորդել Եվրոպայում:

Դեռևս առաջին գործի՝ ինքնակենսագրական եռերգության («Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն», 1852–57 թթ.) մեջ դրսևորվել են գրողի հոգեբանական ինքնավերլուծության խորությունը, անզիջում վերաբերմունքը կեղծիքի նկատմամբ, դասային նախապաշարմունքներից զերծ «բնական մարդու» իդեալի հաստատումը: Այդ վեպով Տոլստոյը դարձել է գրական հեղինակություն:

1855 թ-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ. մտերմացել է «Սովրեմեննիկ» հանդեսի աշխատակիցների, ծանոթացել դեկաբրիստական շարժման առաջնորդների (Նիկոլայ Նեկրասով, Նիկոլայ Չեռնիշևսկի), առաջադեմ գրողների (Իվան Տուրգենև, Իվան Գոնչարով) հետ:

Ղրիմի պատերազմների տպավորությամբ գրած «Սևաստոպոլյան պատմվածքներ» (1855–56 թթ.) ակնարկաշարում Տոլստոյը խոստովանում է, որ իր միակ գրական հերոսը ճշմարտությունն է. այն դարձել է նրա ողջ գրական գործունեության կարգախոսը: 1857 թ-ին Արևմտյան Եվրոպա ճանապարհորդությունից հետո նույն թվականին գրել է «Լյուցեռն» պատմվածքը, որտեղ քննադատել է բուրժուական երկերեսանիությունն ու սոցիալական անհավասարությունը:

1863–69 թթ-ին Տոլստոյը գրել է «Պատերազմ և խաղաղություն» քառահատոր վեպ-էպոպեան, որը նրա գեղարվեստական մտածելակերպի համապարփակ մարմնավորումն է: Վեպի հիմքում XIX դարի առաջին երկու տասնամյակների եվրոպական պատմության նշանակալի դեպքերն են, իսկ կենտրոնում՝ ռուս ժողովրդի՝ 1812 թ-ի Հայրենական պատերազմի հերոսական դրվագները: Բազմաճյուղ և բազմակերպար այս ինքնատիպ էպոսում ռուս ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձությունը գրողը ներկայացրել է պատմական վիթխարի համապատկերում՝ ազատորեն զուգակցելով ռազմաքաղաքական, կենցաղային, բնության և հոգեբանական տեսարաններ, պատմափիլիսոփայական դատողություններ՝ զերծ մնալով սոցիալ-հոգեբանական վեպի սովորական ձևերից: Այդ առումով՝ կատարյալ ու ամբողջական են գլխավոր հերոսներ Անդրեյ Բոլկոնսկու և Պիեռ Բեզուխովի կերպարները, որոնք, հրաժարվելով իրենց նեղ դասային, եսասիրական ձգտումներից, զինվորագրվում են ճակատագրի ու մարդու կյանքի իմաստնության ըմբռնման վեհ գաղափարին:

1862 թ-ին Տոլստոյը հրատարակել է «Յասնայա Պոլյանա» մանկավարժական հանդեսը, կազմել դասագրքեր, ընթերցարաններ (1871–75 թթ-ին), ուեզդում (վարչական միավոր) գյուղացի երեխաների համար հիմնել է դպրոց և դասավանդել այնտեղ. այդ աշխատանքը Տոլստոյի համար եղել է «պոետական փայլուն գործ, որից հնարավոր չէր պոկվել»:
1873–77 թթ-ին Տոլստոյը գրել է «Աննա Կարենինա» երկհատոր վեպը: Արտաքուստ «ընտանեկան վեպ» հիշեցնող այս երկում արծարծված են ռուսական հետռեֆորմյան կյանքի սոցիալ-տնտեսական ու գաղափարական-հոգեբանական ամենաբարդ հարցերը: Աննայի դժբախտ սիրո և կործանման սյուժետային հենքի վրա գրողը քննադատել է վերնախավի կենցաղն ու բարոյական ըմբռնումները, բացահայտել եկեղեցում և դատարանում տիրող կեղծիքն ու ապօրինությունները:

Ստեղծագործության վերջին շրջանում (1880–1910-ական թվականներ) ավելի են խորացել գրողի հասարակական ու գեղարվեստական մտածողության հակասությունները. մի կողմից՝ բուրժուաազնվականական պետության համաժողովրդական էության մերկացում, պաշտոնական եկեղեցու անողոք քննադատություն, մյուս կողմից՝ համընդհանուր սիրո և բարոյական կատարելագործման, հնազանդության, «չարին բռնությամբ չդիմադրելու» կրոնական նրբին քարոզ. վերջիններս հետագայում դարձել են տոլստոյականություն փիլիսոփայական հոսանքի հիմքը: Տոլստոյին իր հայացքների համար հալածել են և՜ հեղափոխական-ժողովրդավար գործիչները, և՜ եկեղեցին. 1901 թ-ին Սինոդի որոշմամբ նա հեռացվել է եկեղեցուց:

Վերջին շրջանի գործերում՝ «Իվան Իլյիչի մահը» (1884–86 թթ.) և «Կրեյցերյան սոնատ» (1887–89 թթ.) վիպակներում, «Խավարի իշխանություն» (1886 թ.), «Կենդանի դիակ» (1900 թ.) և այլ պիեսներում, գերիշխում են սոցիալ-հոգեբանական սուր բախումները, նկատվում է հասարակության բարոյական հիմքերի քննադատության խորացում: Տոլստոյի այս տարիների նշանավոր երկերից են «Հարություն» (1889–99 թթ.) վեպը և «Հաջի Մուրադ» (1896–1904 թթ.) վիպակը, որտեղ արտացոլել է ժողովրդական զանգվածների մեջ կուտակված ատելությունը ճնշման ու անարդարության դեմ և սոցիալական հեղաշրջման համար նրանց հասունացող գիտակցությունը: Հեղինակն այս և այլ խնդիրների (սովի դեմ՝ պայքար, մահապատժի դեմ՝ բողոք) անդրադարձել է նաև իր բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներում («Խոստովանություն», 1879–80 թթ., «Ո՞րն է իմ հավատը», 1882– 1884 թթ., «Մեր ժամանակի ստրկությունը», 1899–1900 թթ., «Չեմ կարող լռել», 1908 թ., «Կյանքի ուղին», 1910 թ., և այլն):

Տոլստոյը գրել է նաև գրաքննադատական հոդվածներ, որոնք, հատկապես «Ի՞նչ է գեղարվեստը» (1898 թ.) տրակտատը, ռեալիզմի տեսական հիմնավորման և պաշտպանության կարևոր էջեր են:

Գրողը երբեք անտարբեր չի եղել մարդկային տառապանքների հանդեպ, հոգեպես տանջվել է բարձր խավին իր պատկանելիության և լավ ապրելու հնարավորության համար: Կյանքի վերջին տարիներին Տոլստոյը որոշել է ապրել իր հայացքներին համապատասխան. 1910 թ-ի աշնանը նա գաղտնի հեռացել է Յասնայա Պոլյանայից, սակայն ճանապարհին՝ Աստապովո կայարանում, հիվանդացել է ու մահացել:

Տոլստոյական ավանդույթները յուրացրել և ստեղծագործաբար զարգացրել են ռուս դասական հեղինակներից Անտոն Չեխովը, Մաքսիմ Գորկին, Ալեքսանդր Ֆադեևը, Միխայիլ Շոլոխովը և ուրիշներ: Նրա ստեղծագործության վիթխարի ազդեցության մասին խոսել են Գի դը Մոպասանը, Անատոլ Ֆրանսը, Ռոմեն Ռոլանը, Թոմաս Մանը, Բեռնարդ Շոուն, Ջոն Գոլսուորդին, Ստեֆան Ցվայգը, Էռնստ Հեմինգուեյը և համաշխարհային այլ դեմքեր:

Տոլստոյի «Կենդանի դիակ», «Հարություն», «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» և այլ գործեր էկրանավորվել են:

Տոլստոյի տուն-թանգարաններ կան Յասնայա Պոլյանայում և Մոսկվայում, պետական թանգարան՝ Մոսկվայում, թանգարան՝ Լև Տոլստոյ կայարանում և այլուր:

Տոլստոյի գործերը հայերեն թարգմանվել են 1880-ական թվականներից: 1948–50 թթ-ին 10 հատորով հայերեն հրատարակվել են նրա գրեթե բոլոր երկերը՝ Պերճ Պռոշյանի, Երվանդ Օտյանի, Վահան Տեր-Առաքելյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների թարգմանությամբ: Նրա «Կենդանի դիակ» դրաման բազմիցս բեմադրվել է հայկական թատրոնում: Տոլստոյը նամակագրական կապ է ունեցել գրող Ատրպետի հետ, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանն ստեղծել է «Լև Տոլստոյը Յասնայա Պոլյանայում» (1916 թ.) կտավը: Գրողի կյանքի և ստեղծագործության մասին հոդվածներ են գրել Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Վահան Տերյանը, Ստեփան Զորյանը և ուրիշներ:


«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»:
Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի առաջին տողը


«...Նա (Տոլստոյը) պատկանում էր ամբողջ աշխարհին, համայն մարդկությանը»:
Վահան Տերյան,
բանաստեղծ


«Տոլստոյի ստեղծագործությունը հանրագումարն է այն ամենի, ինչ վերապրել է ռուս հասարակությունը ամբողջ XIX դարի ընթացքում: Տոլստոյը խորապես ազգային է, նա ապշեցուցիչ ամբողջությամբ իր հոգում մարմնավորում է ռուսական բարդ հոգեբանության բոլոր առանձնահատկությունները...»:
Մաքսիմ Գորկի,
ռուս գրող


«Տոլստոյը իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժն էր, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը...»:
Հովհաննես Թումանյան,
բանաստեղծ


«Լև Տոլստոյն իրոք մի արտակարգ հսկա է և մնում է չգերազանցված: Վիպական արվեստի մեջ ոչ միայն ռուս գրողները, այլև աշխարհի գրողներից և ոչ մեկը չի կարող հավասարվել նրան՝ իր ընդգրկումով, իր խորությամբ, իր ճշմարտաշունչ արվեստով»:
Ստեփան Զորյան,
գրող
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз