ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ՀԱՆԱՊԱՏԻ
Սաստիկ շոգ էր: Ինձ թվաց, թե օդափոխիչը կանգ է առել, բայց պտտվում էր: Արդեն երկու ամիս էր՝ սևազգեստ ամպը դատավարություն էր անցկացնում, բայց չէր շտապում դատավճիռ կայացնել:
Ծարավ էի: Սառը ըմպելիքի կարիք զգացի: Փաստաբանական խորհրդի գրադարանից դուրս եկա ու սկսեցի պապին փնտրել: Ոչ մի տեղ չկար: Գրագիրներն էլ չգիտեին՝ որտեղ է: Աստիճաններից արագ իջնելով՝ պարետի մոտ գնացի ու հարցրի.
- Պապին ի՞նչ է պատահել:
- Չգիտեմ, աղջի՛կս, ես նրան չեմ տեսել: Գո՞րծ ունես հետը,- հարցրեց պարետը:
- Զովացուցի՛չ պատվիրեք:
Վերադարձա գրադարան, մի գիրք վերցնելով՝ նստեցի, բայց չկարողացա կարդալ: Չգիտեմ ինչու՝ անհանգիստ էի պապի համար:
Ծիծաղս եկավ: Պապը ո՛չ ազգականս էր, ո՛չ ընկերս: Կարգին ծանոթ էլ չէի հետը: Ուրեմն, ինչո՞ւ եմ մտածում նրա մասին:
- Մտքերո՞վ ես ընկել:
Վանիի ձայնը լսելով՝ ցնցվեցի:
- Ի՞նչ հանցագործի մասին ես մտածում,- հարցրեց Վանին՝ դատապաշտպանի սև թիկնոցը հանելով:
Ես լուռ էի:
- Չլինի՞ թե ինչ-որ մեկին սրտիդ ցանկապատից ներս ես թողել,- կրկին հարցրեց Վանին:
Բարկացա:
- Ինչե՞ր ես խոսում,- ասացի լուրջ տոնով:
- Մի՛ բարկացիր, ուղղակի կատակում էի:
Ես սկսեցի գիրքը թերթել: Մի րոպե հետո ասացի.
- Այսօր պապը չի երևացել:
- Ուրեմն, դա՞ է պատճառը: Մոտերքում կլինի,- ասաց Վանին:- Մենք՝ օրենքի մարդիկս, չպետք է այդքան նրբասիրտ լինենք: Ինչո՞ւ ես քեզ տանջում ծերուկի մասին մտածելով: Նա ընդամենը քո կլիենտներից մեկն է:
- Ճիշտ ես ասում: Որպես դատապաշտպան ես չկարողացա նրա համար արդարության հասնել: Այդ միտքն ինձ անընդհատ տանջում է:
- Այդպես զգացմունքային լինելով՝ մեր մասնագիտության մեջ դժվար է հաստատուն դիրք գրավել,- ասաց Վանին:- Ինձնի՛ց օրինակ վերցրու: Այսօր ես դատը տանուլ տվեցի: Իմ պաշտպանյալին դատապարտեցին: Բայց հոգս չէ:
Վանին իրեն միշտ անհոգ ու ու կատակասեր էր ցույց տալիս:
- Լսի՛ր, մնացած մասնագիտությունների պես սա ևս փող վաստակելու միջոց է: Մեզ պետք է միայն մեր հոնորարը հետաքրքրի, իսկ պաշտպանյալն արդարության հասավ թե ոչ, մեր գործը չէ: Արդարության մասին մտածելով՝ հոգիդ խաղաղություն չի գտնի: Դատը վերջանալուց հետո պաշտպանյալիդ պիտի մոռանաս:
Վանին տեղից վեր կացավ:
- Մի դատ էլ ունեմ,- ասելով՝ թիկնոցը հագավ ու գնաց:
Ես համաձայն չէի Վանիի հետ: Պապի մասին հիշողություններն անընդհատ տանջում էին ինձ: Ճերմակ, երկար մորուքով, օդի մեջ ծածանվող մազերով, հնամաշ հագուստով, մեծ թաշկինակն ուսին... այսպիսին է պապը: Բայց երբ առաջին անգամ հանդիպեցի պապին, նա այդպիսին չէր: Նրա պողպատե մարմինը տեսնելով՝ մտածեցի, թե մոտ քառասուն տարեկան է, բայց վաթսունն անց էր: Ճերմակ, կոկիկ հագուստով էր:
Մեր հանդիպումը տարօրինակ հանգամանքներում տեղի ունեցավ: Հորս փաստաբանական գործերից մեկի հետ կապված՝ առաջին անգամ դատարան էի ոտք դրել: Նոր էի իջել ավտոմեքենայից ու մոտեցել աստիճաններին, երբ «Արդարությո՛ւն հաստատեք, աղջի՛կս, արդարությո՛ւն հաստատեք» ասելով՝ ինչ-որ մեկը ոտքերս ընկավ: Ես, հանկարծակիի եկած, կանգ առա:
- Օգնեցե՛ք, ի սեր Աստծո: Նրանք զավթել են իմ հողն ու ունեցվածքը: Ես ամեն ինչից զրկվել եմ, աղջի՛կս,- բողոքեց ծերունին:
Ես այնպես ցնցվեցի, ինչպես անմեղ մարդը կցնցվեր՝ պետական մեղադրողի կողմից սխալ մեղադրանք լսելով:
- Արի գնա՛նք,- ասաց Վանին,- սա նրա համար սովորական բան է: Բոլորի մոտ նույն երգն է երգում: Խելագար է:
- Աղջի՛կս, ես խելագար չեմ: Հավատացե՛ք: Օգնեցե՛ք արդարության հասնել:
Նրա արցունքներն ընկան ոտքերիս: Վանին ինձ քաշեց տարավ:
- Գործարան կառուցելու նպատակով կառավարությունը նրա հողը վերցրել է,- ասաց Վանին,- այդ հողակտորի փոխարեն ուրիշն է ուզում: Խելագա՛ր:
Տուն վերադառնալուց հետո էլ այդ մարդը մտքիցս դուրս չէր գալիս: Տեսնես ի՞նչ խնդիրներ ունի: Առանց լուրջ պատճառի այդ վիճակում չէր հայտնվի: Ցանկացա խոսել հետը: Մեր տուն կանչեցի:
- Աղջի՛կս, ես Նադիպուր գյուղից եմ,- ասաց նա,- մեկ ակր հող ունեմ: Դա է ինձ կերակրում: Բայց մեր գյուղում որոշել են ինչ-որ գործարան կառուցել: Հողի կարիք ունեն: Դրա համար էլ իմ հողն են զավթել:
- Հենց այդքա՞նը: Դա անօրինական չէ:
- Անօրինական չէ՜: Եթե մեր հողը խլում են, հապա ո՞նց ապրենք:
- Ձեզ փոխհատուցում չի՞ հասել:
- Հասել է՝ տասնհինգ հազար րուպյա:
- Ընդամե՞նը,- ապշեցի:
Ես հիշեցի, որ հայրս հինգ տարի առաջ Նադիպուրից էլ հեռու մի վայրում հինգ ակր հող էր ձեռք բերել: Մեկ ակր հողի համար դրանից շատ ավելի մեծ գումար էր վճարել:
- Լա՛վ, իսկ տասնհինգ հազարը ստացե՞լ եք:
- Է՜հ, աղջի՛կս, որ ստացել ենք՝ ի՞նչ օգուտ: Ուղիղ կեսը որպես տոկոս վճարեցի՝ մյուս կեսը ստանալու համար: Մնացած փողով ինչպե՞ս ապրեմ:- Պապը լաց եղավ:- Մայր հողի ողորմածությամբ գոյատևում էինք, բայց դա էլ շատ համարեցին: Ծեր մարդ եմ: Հողագործությունից բացի այլ փեշակ չունեմ: Յոթ հազարով ի՞նչ կարող եմ անել:
Աչքերս լցվեցին: Չգիտեի՝ ինչ պատասխանել: Ինձ թվաց, թե այս հարցն են տալիս այն հազարավոր մարդիկ, ովքեր գործարանի պատճառով իրենց հողերն են կորցրել: Պապի պատմածից ազդված՝ մի օր գնացի Նադիպուր: Պատկերն այնպիսին էր, ասես գործարան կառուցել որոշողները դեռևս չեն գրավել այս հողերը: Պապը մի թիզ անգամ անմշակ հող չուներ: Երևում էր, որ ոռոգման խնդիր չկար. դաշտը զմրուխտ կանաչ էր:
Տեսնելով ինձ դաշտի եզրագծով շրջելիս, քսան-քսանհինգ հոգի մոտեցան: Մտածեցի՝ գյուղացիները, քաղաքից եկվորի տեսնելով, ուզում են հետը խոսել:
- Չէ՛, աղջի՛կս,- ասաց պապը,- իմ ընտանիքն է: Մեզ բոլորիս կերակրողն էլ հողագործությունն է: Ուրիշ փեշակ չունենք:
Ես նորից նայեցի նրանց դեմքերին. նրանք թշվառ դրության մեջ էին:
- Այս աղջիկն ո՞վ է,- հարցրի:
- Սարասվատին է՝ մեծ թոռնուհիս:
- Իններորդ դասարանում եմ սովորում, օրիո՛րդ,- ասաց աղջիկը:
- Ուսման մեծ սեր ունի,- ասաց պապը,- ուսուցիչը շատ գոհ է, պետությունը կրթաթոշակ է նշանակել:
Տուն վերադառնալուց հետո էլ պապի գերդաստանն աչքիս առաջ էր: Գործարանը փոթորկի պես ներխուժեց պապի հովվերգական կյանք: Ապրուստի միջոցից զրկվելով՝ վաղն այս ընտանիքը կհայտնվի փողոցում: Գոյություն պահպանելու համար ստիպված ինչերի ասես որ չեն դիմի՝ կա՛մ գող կդառնան, կա՛մ՝ խռովարար: Եվ ո՞վ է պատասխանատու այս ամենի համար:
Ես ըմբոստացա: Որոշեցի. պետք է օգնել նրանց, թույլ չտալ փողոցում հայտնվել, զրկվել հանապազօրյա հացից: Խոսեցի հորս հետ՝ հույս ունենալով օգուտ քաղել նրա փաստաբանական գործունեության քսանհինգամյա փորձից: Բայց նա մերժեց՝ ասելով, որ նմանօրինակ գործերի ձեռք զարկելով՝ անհնար կլինի մասնագիտական առաջխաղացում ունենալ:
- Բայց չէ՞ որ դա արդարացի չէ,- ըմբոստացա,- ի՞նչ ապագա է սպասում այդ խեղճերին:
- Բայց առանց գործարաններ բացելու երկիրն ինչպե՞ս առաջընթաց կապրի,- հարցրեց հայրս:- Հզոր գործարանների համար տարածքներ են հարկավոր:
- Ճիշտ ես ասում: Գործարանների համար տարածքներ են հարկավոր, բայց պարտադիր չէ, որ բերքատու ու մշակված հող լինի:- Հայրս հարցական հայացքով նայեց ինձ:- Երկրում հողատարածքներ կան, որտեղ մոլախոտ անգամ չի աճում: Դրա՛նք կարող են օգտագործել:
- Ճի՛շտ ես,- համաձայնեց հայրս,- բայց մենք չենք դա որոշողը:
Մի րոպե երկուսս էլ լռեցինք: Հետո հայրս ասաց.
- Սատյա՛, մենք մի բան կարող ենք անել. որպես փոխհատուցում ստացած գումարի ավելացման համար կարող ենք գործ հարուցել:
- Միայն այդքա՞նը:
- Միայն այդքանը:
Ես անմիջապես գործ հարուցեցի: Դատարանը որոշեց ավելացնել փոխհատուցվող գումարը: Ես պապին կանչեցի: Եկավ:
- Աղջի՛կս, ինչի՞ս է պետք այդ գումարը,- տարօրինակ ժպիտով ասաց նա,- ես այդ գումարով ամբողջ կյանքում կարո՞ղ եմ ապրել:
- Ո՛չ:
- Ինձ փող պետք չէ, աղջի՛կս, ապրուստի միջոց է պետք: Փողը թող իրենց պահեն:
- Դա անհնար է:
- Ինչո՞ւ,- թվաց, թե պապը բարկանում է,- հողն անօրինաբար զավթողներին կառավարությունն ինքն է լիազորագիր տվել: Որպես փոխհատուցում ավելի լավ կլիներ անմշակ հող տար: Ես իմ աշխատանքով այն բերրի կդարձնեի ու կապրեի:
Մտածեցի. «Ճի՛շտ որ: Պապի պես մարդիկ անապատն էլ եդեմական այգի կդարձնեն»:
Պապն առանց փողերը վերցնելու թողեց գնաց: Վեց ամիս անց Վանիից իմացա, որ պապն ավտոկայանատեղում բեռնակիր է դարձել:
Մեկ տարի անց կրկին հանդիպեցի պապին: Հորս հետ շուկա էինք գնացել: Մեքենայի մեջ նստած էի, երբ բանջարեղենով լի զամբյուղը ձեռքին պապը հորս հետ մոտեցավ: Ինձ ճանաչեց:
- Այդ դո՞ւ ես, աղջի՛կս:
- Ինչպե՞ս եք, պա՛պ: Ինչո՞ւ եք բեռնակրություն անում:
- Ինչ-որ գործ պե՞տք է անել ապրելու համար:
- Իսկ որդինե՞րդ ու թոռնե՞րդ...
- Բոլորն այս ու այնտեղ են ցրվել աշխատանք որոնելու:- Պապը թաշկինակով սրբեց աչքերը:- Չգիտեմ էլ՝ որտեղ են:
Խիղճս տանջեց: Քսան րուպյանոց մեկնեցի:
- Ես փողի կարիք չունեմ,- ասաց պապը,- դեռ ուժերս հերիքում են: Կաշխատեմ, կապրեմ:
- Սա Ձեզ համար չէ,- փոխեցի խոսակցության թեման,- տվե՛ք Սարասվատիին, իր համար մի բան կգնի:
- Է՜հ, աղջի՛կս, ո՞նց...- Հանկարծ պապը լաց եղավ:- Ես ցանկանում էի, որ նա ուսումը շարունակի: Գործարանը նրա կյանքն էլ խորտակեց:
- Ի՞նչ է պատահել:
- Տասներորդ դասարանն ավարտելուց հետո արտասահմանցիների հանրակացարանում աշխատանք գտավ:
- Դա հո լավ է:
- Ասում ես՝ լա՞վ: Նրան այնտեղ պատվազուրկ արեցին: Ինքնասպանություն գործեց՝ ջրհորը նետվելով,- հեկեկաց պապը՝ զամբյուղով դեմքը ծածկելով:
- Հանգստացե՛ք, պա՛պ, հանգստացե՛ք...
- Ուրիշ էլ ի՞նչ կարող եմ անել: Էլ ոչ մի բանի պիտանի չեմ: Նախնիներիս թողած ժառանգությունը ձեռքիցս խլեցին. նայելով մնացի:
Ամբողջ օրը պապը մտքիցս դուրս չէր գալիս:
Վեց ամիս անց պապին դատարանում տեսա: Նիհարել-մաշվել էր:
- Ուժս էլ չէր պատում ծանր բեռներին, աղջի՛կս: Դրա համար էլ թեթև գործերով եմ ուզում գլուխս պահել,- ասաց պապը:
Դատարանի աշխատողներին զովացուցիչ ըմպելիք, թեյ ու սուրճ էր մատակարարում: Մեկ-երկու րուպյա թեյի փող էին թողնում:
- Սատյա՛, քնե՞լ ես:
Վանին, ուսս ցնցելով, արթնացրեց ինձ:
- Ի՞նչ է պատահել:
- Բոլոր աշխատողները դուրս են վազում: Ասում են՝ ինչ-որ մեկն ընկել է դատավորի մեքենայի տակ: Գնա՛նք, տեսնենք:
Արագ բակ իջանք: Դարպասի մոտ ամբոխ էր հավաքվել: Վանին ամբոխը ճեղքեց: Մոտեցանք: Պապն էր:
- Խեղճը մահացել է,- ասաց Վանին:
- Պապը չի մահացել,- ասացի,- պապին սպանել են: Արդյունաբերական առաջընթացին զոհ գնաց:
Վանին երևի խոսքերս չլսեց: Նայեցի նրան: Եթե կողքս կանգնած Վանին չլսեց այս խոսքերը, ապա արդյունաբերական առաջընթացի ուղիով խանդավառությամբ սլացող պետությունն ինչպե՞ս կլսի:
Հինդիից թարգմանեց ԳԱՅԱՆԵ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ