
- 0_64734_ed71c416_M.jpg (19.65 кб) Просмотров: 571
ԿենսագրությունԿոստանտին Աղապարոնի Օրբելյանը ծնվել է
1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում: Կոստանտինի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան դեռևս վաղ մանկուց: Կոստանտինի ավագ եղբայրը`
Գարին, հաճախ ստեղծագործում էր դաշնամուրով և լսողությամբ կատարում էր այն ժամանակ արդիական համարվող երգերի մեղեդիները: Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ հնգամյա կրտսեր եղբայրը հեշտությամբ նվագում էր Գարիի կատարմամբ հնչած երաժշտությունը:
Ընդունակ տղային ընդունեցին
Բաքվի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների դպրոց: Սակայն Կոստանտինին վիճակված չէր երկար ուսանել:
1936 թվական… երկրում տիրող արյունալի հալածանքները հարվածեցին նաև Օրբելյանների ընտանիքին. ձերբակալվեց, այնուհետև գնդակահարվեց հայրը`
Աղապարոն Սուլթանի Օրբելյանը, երկու տարի անց`
1938 թվականին, ձերբակալվեց և
5 տարով ստալինյան ճամբարի դատապարտվեց մայրը`
Սոֆյա Միքայելի Աթարբեկովան: Նրան արդարացրին միայն
1953 թվականին: Գարին և Կոստանտինը մնացին միայնակ` միաժամանակ դառնալով հասարակության աքսորյալներ,
«ազգի թշնամիների զավակներ»:
Կոստանտինին անմիջապես հեռացրեցին
«հեղինակավոր» երաժշտական դպրոցից: Սակայն անհրաժեշտ էր որևէ կերպ գոյություն պաշտպանել: Գարին ընդունվեց դպրոց` որպես ուսուցիչ, իսկ
11 ամյա Կոստանտինը գումար էր վաստակում` մարզային
«Буревестник»-ի մարմնամարզիկներին նվագակցելով:
1940-ին Գարիին զորակոչեցին բանակ: Մեկ տարի անց սկսվեց պատերազմը:
1942 թվականին Կոստանտինին` որպես դաշնակահար և ակորդեոնահար ընդունեցին
8-րդ օդաչվական կորպուսի ջազային բաժին, ուր ձևավորվեց այն ժամանակահատվածի համար լավ երաժշտական խումբ:
14 ամյա երաժիշտը դարձավ զինվորական նվագախմբի սանը: Մի օր հյուրախաղերով ժամանեց Երևան: Հայ ջազ երաժիշտներն իրենց համար
«բացահայտեցին» երիտասարդ ստեղծագործողին: Տաղանդավոր երաժշտի վրա ուշադրություն դարձրեց և որոշեց իր խումբ հրավիրել Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադիր և ղեկավար Արտեմ Այվազյանը: Իրենց համատեղ աշխատանքի սկզբն Օրբելյանը միշտ հումորով է մտաբերում:
Հեռուստածրագրով հենց իր`
Այվազյանի կողմից կանչվելով` Կոստանտինը շտապեց մաեստրոյի մոտ այնպես, ինչպես կար` ոչ այնքան ներկայանալի տեսքով: Հանդուգն բնավորությամբ հանդերձ, նա մի միանգամից մի քանի քննադատական դիտողություն արեց Հայաստանի նվագախմբի վերջին ելույթի վերաբերյալ: Այվազյանը, լսելով երիտասարդին, յուրովի ընդունեց մարտահրավերը և առանց նախնական փորձերի և նախապատրաստության, Օրբելյանին անմիջապես
«դուրս բերեց» էստրադա հերթական համերգի ժամանակ: Սակայն Կոստանտինը ոչ միայն չշփոթվեց, այլև ապացուցեց, որ ունակ է նվագել և ստեղծագործել բավական բարդ իրավիճակներում: Օրբելյանին հրավիրեցին նվագախումբ: Այդ տարիներին Հայաստանի էստրադային նվագախումբը համարվում էր խորհրդային լավագույն անսամբլներից մեկը, որն աչքի էր ընկնում պրոֆեսիոնալիզմով, ելույթների վառ թատերականությամբ և հայկական ազգային երաժշտության կողմնորոշմամբ: Ինչպես կարծում է Օրբելյանը, հենց այդ ժամանակ հաստատվեց իր հետագա գործունեության հիմքը:
1945 թվականից ի վեր Կոստանտին Օրբելյանը սկսում է փորձարկել իրեն ոչ միայն որպես դաշնակահար, այլև` կոմպոզիտոր: Նվագախմբի համար նա կատարում է ժողովրդական երգերի մշակումներ և ստեղծագործում սեփականը, որոնցից առաջինն է
«Օրորոցայինը»: Որպես ջազի լավագույն կատարող` Կոստանտինը հռչակ է ձեռք բերում ոչ միայն Հայաստանում, այլև` արտերկրում:
1948 թվականին Մոսկվայում նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ Օրբելյանին աջակցեցին այն ժամանակվա երաժշտական աշխարհի աստղեր
Ա. Ցֆասմանը և Վ. Լյուդվիկովսկին, որը հետագայում դարձավ Կոստանտինի ընկերը: Նույն թվականին Օրբելյանն ստանում է հանրահայտ Ուտյոսովի ջազային գործունեության մեջ ընդգրկվելու առաջարկը: Որքան էլ որ հեռանկարները գայթակղիչ էին թվում, Կոնստանտինը հրաժարվեց` հօգուտ Այվազյանի առաջարկի` ստանձնել Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորի պաշտոնը: Չնայած այդ տարիներին ԽՍՀՄ-ը փակ էր ջազի համար, վերջինիս մասին որոշակի հոսք այնուամենայնիվ տեղի էր ունենում: Կոստանտինը, ինչպես և այդ տարիների երաժշտամոլները, սպառնալով իր իսկ ազատությանը, ապօրինի կերպով արևմտյան երաժշտության սկավառակներ էր ներկրում:
Կոստանտինը կատարեց նաև
Ա. Խաչատրյանի «Գարուն Երևան» երգի ջազային մշակումը և ամբողջովին ջազի վերափոխեց Ա. Խաչատրյանի
«Սուսերով պարը»: Ցնցող էր Ֆրանսիայից Օրբելյանի կողմից հրավիրված տաքարյուն երգիչ
Ժակ Դուվալյանը: Արդյունքում նվագախմբի նոր ծրագիրը փայլուն հաղթանակով ավարտեց հյուրախաղերը Մոսկվայում, Թբիլիսիում և Բաքվում:
1956 թվականը նշանակալի տարի էր Կոստանտինի համար: Երիտասարդ երաժիշտը դարձավ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: Առաջինն իրականացրեց ժամանակակից ջազի և ազգայինի միահյուսման սկզբունքները: Նույն թվականին հյուրախաղերի ժամանակ Օրբելյանը ծանոթացավ Միշել Լեգրանի հետ:
1957 թվականին իր ծննդյան օրվա առթիվ Կոստանտինն ստացավ իր կյանքի ամենաթանկ նվերը. զարմանալի կերպով գտնվեց նրա եղբայր Գարի Օրբելյանը, որին զոհված էին համարում:
1960 թվականի վերջին Օրբելյանը վճռեց որոշ ժամանակով թողնել նվագախումբը, որի հետ առնչվող ծանրաբեռնվածությունը թույլ չէր տալիս ավարտել ուսումը: Դիմպլոմային աշխատանքի համար տրամադրված տարվա ընթացքում Օրբելյանը գրեց սիմֆոնիա: Յուրաքանչյուր երաժշտի համար դա ստեղծագործական կյանքի գագաթնակետն է, և Կոստանտինի կոմպոզիտորական կյանքում դարձավ ամենաերջանիկ իրադարձությունը: Օրբելյանին հատուկ տաքարյուն ու միաժամանակ մեղմ երաժշտությունը զմայլեց ինչպես երաժիշտներին, այնպես էլ` ունկնդիրներին: Օրբելյանի սիմֆոնիան բազմիցս հնչել է Երևանում և Մոսկվայում:
1962 թվականին շնորհեցին Մոսկվայում կայացած երիտասարդ կոմպոզիտորների Համամիութենական մրցույթ-փառատոնի բարձրագույն պարգև: Այնուհետև սիմֆոնիան ձայնագրվեց և կատարվեց
Պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից`
Յուրի Արանովիչի ղեկավարությամբ: Հետագայում այն հնչեց նաև բազմաթիվ այլ երկրներում:
1961 թվականին Կոստանտին Օրբելյանը կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադարձավ նվագախումբ: Հայկական ջազը դուրս եկավ միջազգային բեմահարթակ:
1966 թվականին Չեխոսլովակիայում Խորհրդային Միության մշակութային ծրագրի շրջանակներում կայացավ նվագախմբի առաջին հյուրախաղն արտերկիր: Հաջորդ տարի նվագախմբին ջերմ ընդունեցին Լեհաստանում: Այն ժամանակ Օրբելյանը գրում էր գործիքային
«նորարար» ջազ երաժշտություն: Նրա
«Պոլիֆոնիկ պրելյուդը»`
4 տրոմբոնների և ալտ – սաքսոֆոնների համար, ընդգրկվեց մեծ ջազ – նվագախմբերի երգացանկում, այդ թվում` հանրահայտ Չեխական նվագախմբում` Կարլ Վլախի ղեկավարությամբ: Օրբելյանի պիեսն արժանացավ մրցանակի 1968 թվականին Չեխոսլովակիայի ռադիոյում անցկացված ջազային կոմպոզիցիաների մրցույթի ժամանակ: Կոստանտին Օրբելյանը զուգահեռաբար չէր մոռանում նաև լուրջ երաժշտության մասին:
1968 թվականին ծնվեց սիմֆոնիկ նվագախմբի համար գրված
«Տոնական նախերգանքը», որը հետագայում արժանացավ մրցանակի սիմֆոնիկ լավագույն ստեղծագործությունների Համամիութենական մրցույթի ժամանակ:
1969 թվականին Օրբելյանը գրեց
«Անմահություն» բալետը (Խորեոգրաֆիկ սիմֆոնիա)` ջազային կոմպոզիցիաների հեղինակի համար անսպասելի ողբերգական ստեղծագործություն` պատում պատերազմի մասին: Բալետը բեմադրվեց
2 կատարմամբ`
Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի բեմում (ք. Երևան)
1969 թվականին (դիրիժոր Ա. Ոսկանյան, խորեոգրաֆիան` Մ. Մարտիրոսյանի) և
1975 թվականին (դիրիժոր
Ա. Քաթանյան, խորեոգրաֆիան`
Ա. Ասատրյանի): Երկրորդ կատարումը նվիրված էր Հայրենական Մեծ Պատերազմի Հաղթանակի
30 ամյակին` առ այսօր պահպանվելով թատրոնի երգացանկում: Բեմադրությունը թատրոնի հյուրախաղերի ժամանակ ջերմորեն ընդունվեց մոսկովյան և պետերբուրգյան հանդիսատեսի կողմից: Երևանյան ներկայացումը, ներառյալ իր բոլոր ստեղծողներն և երաժշտության հեղինակը, արժանացավ 1-ին մրցանակի Հաղթանակի
30ամյակին նվիրված երաժշտական ներկայացումների Համամիութենական մրցույթի ժամանակ (
1975թ.):
1978 թվականին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնը նույնպես իրականացրեց ՙԱնմահություն¦ ստեղծագործության սեփական բեմադրությունը:
70 ականներից ի վեր Հայաստանի նվագախումբը հռչակ ձեռք բերեց ԽՍՀՄ-ում և արտերկրում: Նվագախումբը ելույթ ունեցավ աշխարհի լավագույն բեմերում հանրահայտ ջազ նվագախմբերի հետ համատեղ: Ելույթները հաճախ մրցակցային բնույթ էին կրում: Հայ երաժիշտներն առաջին անգամ այդպիսի փորձություն անցան
1973 թվականին ԳՖՀ-ում Խորհրդային մշակույթի օրերի ժամանակ: Նրանք ստիպված էին վեց ժամվա ընթացքում հերթով նվագել ամենահանրահայտ նվագախմբերից մեկի` Քյոլնի ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի հետ
Վերներ Մյուլլերի ղեկավարությամբ: Հանդիսատեսն ու մամուլը համակարծիք էին. հայ կատարողները գերազանցեցին արտերկրյա գործընկերներին:
1975թ.-ին Հայաստանի էստրադային նվագախումբը խորհրդային ջազային նվագախմբերից առաջինն էր, որ մեկնեց ջազի հայրենիք` ԱՄՆ: Հայ ջազմենները
25 համերգներով հանդես եկան Ամերիկայի խոշորագույն քաղաքներում: Եզրափակիչ համերգը կայացավ Նյու Յորքի
«Լինքոլն-Սենթր»-ում: Առաջին իսկ համերգից հետո նվագախմբի մասին լուրերն անմիջապես տարածվեցին ողջ երկրով:
«Հայկական նվագախումբը հերքում է խորհրդային ջազի արգելումն ու ստվերային գոյությունը» (Նյու Յորք Թայմս): Կ. Օրբելյանի ղեկավարությամբ նվագախումբը մենակատարների հետ ցուցադրեց երաժշտական բարձրակարգ ներկայացում սեփական ստեղծագործության հարուստ երգացանկով, ինչպես նաև կատարելով համաշխարհային հռչակ վայելող ջազային այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Դյուկ Էլինգթոնը, Ռեյ Չարլզը և այլք:
«Բիգ-բենդ-ջազի ինքնատիպ գործիքավորումները բոլոր առումներով չեն զիջում այն լավագույններին, որոնց հետ մշտապես առնչվում են Վուդի Հերմանի, Սթեն Քենթոնի, Քաունթ Բեյսիի կամ Թեդ Ջոնսոնի – Մել Լյուիսի նվագախմբերը» (
«Սան Ֆրանցիսկո էկզեմիներ»): Հանրահայտ ջազ քննադատ
Ջոն Վասերմանը, հայ երաժիշտների ելույթն անվանելով
«արևելյան հմայքով համեմված ջազ», նշեց, որ
«մշակութային առումով ելույթը նույնքան կարևոր, եթե ոչ առավել նշանակալից էր, քան օրինակ, Մեծ Թատրոնի կամ Լենինգրադի կիրովյան բալետի ելույթները»: Ամերիկյան հյուրախաղերը եզրափակվեցին հսկայական հանդիսավոր մեծարմամբ: Ի պատիվ հայկական ջազի` կայացավ ընդունելություն Միավորված ազգերի կազմակերպությունում, որին ներկա էին ամերիկյան ջազի աստղերը:
1976 թվականին Հայաստանի ջազը հրավիրվեց Ֆրանսիա: Նիցա – Մարսել – Լիոն հյուրախաղերը եզրափակվեցին
11 համերգներով Փարիզի այնպիսի հեղինակավոր համերգային դահլիճներում, ինչպիսիք են
«Պլիել»-ը և
«Ելիսեյան դաշտերի թատրոն»-ը: Օրբելյանական ջազի ՙարևելյան¦ կոլորիտն իրեն մեծ հռչակ ապահովեց նաև Արևելքում: Նվագախումբն այցելեց արևելյան գրեթե բոլոր տարածաշրջանները: Եվ բազմաթիվ երկրներում հանդես եկավ ավելի, քան մեկ անգամ: Նվագախումբը բուռն ընդունեցին Հնդկաստանում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Աֆղանստանում, Իրաքում, Քուվեյթում, Սիրիայում, Լիբանանում (միայն Բեյրութում`
44 համերգ լեփ լեցուն դահլիճներում): Նվագախումբը հյուրախաղերով հանդես է եկել նաև Աֆրիկայում` Քենիայում և Եթովպիայում: Հաշված ժամերի ընթացքում ցանկացած ազգային մշակույթի երաժշտական համար պատրաստելու Օրբելյանի շնորհը, ընդհուպ մինչև եվրոպական ջազի համար բավական բարդ եթովպիական մեղեդիների մշակումները, հիրավի, հիացմունքի էին արժանի: Եթովպացիները երկար բաց չէին թողնում հայկական ջազը` անթաքույց զմայլվելով, թե ինչպես էին երաժիշտները վերարտադրում եթովպացիներին դեռևս օրորոցից ծանոթ երգերը: Նվագախումբը բազմաթիվ հյուրախաղերով հանդես է եկել նախկին սոցիալիստական երկրներում, ինչպես նաև մասնակցել է մի շարք փառատոնների. ԳԴՀ Բալթիկ երկրներ,
«Ոսկե Օրփեոս» Բուլղարիայում:
11 տարի շարունակ Կոստանտին Օրբելյանը
«Ոսկե Օրփեոս»-ի ժյուրիի անդամ էր: Հայկական ջազը փայլուն արդյունքներով հանդես եկավ նաև
1977 թվականին Բելգրադում կայացած ջազ փառատոնի ժամանակ: Հայ երաժիշտների մրցակիցներն էին ամերիկյան ամենահանրահայտ խմբերը` շեփորահար Ֆրեդի Հաբբարդի և դաշնակահար
Ջորջ Դյուկի ջազ-անսամբլները: Օրբելյանի նվագախմբի ելույթները վերածվեցին սենսացիայի: Արդյունքում Հայաստանի պետական էստրադային նվագախմբին Բելգրադում շնորհեցին Գրան-պրի մրցանակ: Եվ ևս երեք անգամ նվագախումբը դարձավ Լեհաստանում, ԳԴՀ-ում և ԳՖՀ-ում կայացած միջազգային ջազ փառատոնների դափնեկիր:
Հայաստանի պետական էստրադային նվագախումբը
36 տարի ղեկավարելու ընթացքում Կոստանտին Օրբելյանը ոչ միայն պահպանեց երկարակյաց-նվագախումբը: Անցած տարիների բիգ բենդից Հայաստանի նվագախումբը վերածվեց ջազային ժամանակակից նվագախմբի` մշտապես նրբորեն զգալով այնպիսի անորսալի և փոփոխական ուղղությունը, ինչպիսին ջազն է: Եվ այս ամենը` շնորհիվ Օրբելյանի կողմից նվագախմբի ներսում ժամանակին իրականացված բարեփոխումների, գործիքային կազմի ձևափոխումների, երգացանկի մշտական թարմացման և կատարողականության փոփոխման, ինչպես նաև` ջազային իմպրովիզացիաների ոգին որսացող կատարողների բծախնդիր ընտրության: Կոստանտին Օրբելյանն անբացատրելի կերպով կարողանում է զգալ շնորհալի կատարողներին: Զուր չէ նվագախմբի մասին
«տաղանդների գանձարան» բնութագրումը: Այդ ընթացքում նվագախումբը համաշխարհային հռչակ ձեռք բերեց: Ընդլայնվեց երգացանկը. ժողովրդական երգերի պարզ մշակումներից և պարերից ընդհուպ մինչև ամենաժամանակակից և ամենաբարձրակարգ գործիքային կատարումները:
Երաժիշտները կատարում էին
Բադ Րիչի, Քաունթ Բեյսիի, Թեդ Ջոնսոնի, Ա. Խաչատրյանի, Ա. Այվազյանի, Ա. Բաբաջանյանի, Ա. Հարությունյանի և այլոց ստեղծագործությունները: Նվագախումբը հյուրախաղերով հանդես եկավ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններում և տարածաշրջաններում. Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Մերձբալթյան երկրներում, Պովոլժյեում, Անդրկովկասում, Կենտրոնական Կովկասում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Մոլդովայում և այլուր: Միայն Մոսկվայի
«Ռոսիա» Կենտրոնական համերգասրահում Օրբելյանի նվագախումբը ելույթ է ունեցել
14 անգամ անընդմեջ: Արտերկրյա հյուրախաղերն, այսպիսով, դարձան նվագախմբի գործունեության անբաժանելի մասը: Հայաստանի էստրադային նվագախումբը հանդես եկավ մոլորակի ամենատարբեր ծայրերում, ելույթ ունեցավ աշխարհի 40 երկրներում:
Համերգային գործունեությունից զատ, Կոստանտին Օրբելյանն արդյունավետ աշխատանքներ էր ծավալում նաև որպես կոմպոզիտոր:
1972 թվականին հայտնվեց Բադ Րիչի
«Ընկնող աստղերի» պարաֆրազը (այլ անվանումը` «Արևամուտ»): Նույն ժամանակ Օրբելյանը փորձարկում էր ջազային զանազան ոճերում, այդ թվում` նոր ուղղություն համարվող ջազ-ռոքում`
«Սևանյան արևածագ», «Եկեք Զանգեզուր» (հայկական ոճով կոմպոզիցիաներ,
1981թ.),
«Օլիմպիական Մոսկվա» (
1982.),
«Երազ» (իմպրեսիոնիստական ջազ,
1982թ.),
«Վոկալիզ» (այլ անվանումը`
«Վարիացիաներ ձայնի համար նվագախմբի հետ», 1982թ.)`
«բիբոպ» ոճի ջազային կոմպոզիցիան,
«Սրընթաց շարժիչ» (ամերիկյան
«թեժ ջազ», 1986թ.): Այս բոլոր ստեղծագործությունները, անխոս, խորհրդային ջազային գործիքային երաժշտության նվաճումների շարքում են: Դա լուրջ ջազ է:
1989 թվականին` ավելի քան
30 տարի հետո, Օրբելյանը` ի հարգանս
Ա. Այվազյանի, հիշողությամբ (պարտիտուրան չէր պահպանվել) վերականգնեց Ա. Այվազյանի
«Հայկական ռափսոդիան»: Այդուհետ վերջինս սկսեց կրկին հնչել համերգների ժամանակ: Հայաստանի նվագախմբի երգացանկում առաջին անգամ հնչեց Ա. Բաբաջանյանի` «Նոկտյուրն» նոր ստեղծագործությունը, որի կատարումն ամեն անգամ բուռն հիացմունք էր առաջացնում ունկնդիրների շրջանում:
Կոմպոզիտորի կողմից փորձված երաժշտական ուղղությունների շարքում նշանակալի տեղ է գրավում նրա ստեղծագործական երգային գործունությունը: Տարբեր ժամանակահատվածներում հանրահայտ հեռուստատեսային մրցույթի դափնեկիր դարձան Օրբելյանի
«Երջանկության հարյուր ժամ», «Կեչու շրշյունը», «Արևիկ», «Գալիս ես» ստեղծագործությունները: Միջազգային մրցանակների արժանացան
«Սիրում եմ քեզ, իմ Մոսկվա» (Հունգարիա),
«Գալիս ես» (ԳԴՀ-ում և Չեխոսլովակիայում կայացած հանրահայտ երգերի փառատոնի դափնեկիր): Չեխոսլովակիայում թողարկվեց պոպուլյար երգերի «Կեչու շրշյունը» ձայնասկավառակը: Ֆրանսիական հանրահայտ
«Շարլ դյու Մոն» ընկերության կողմից թողարկվեց
«Իմ Երևան», «Երևանը և գարունն իմ սրտում» երգերի ձայնասկավառակը: Օրբելյանին են պատկանում
«Սիրահարների և պարողների աշխարհ», «Երգել, նշանակում է ապրել», «Երջանկության հարյուր ժամ», «Կեչու շրշյունը», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու նա չես, ով ինձ պետք է», «Հիշեցեք» և որոշ այլ ստեղծագործություններ: Առանձնահատուկ դասակարգման կարելի է հատկացնել նաև կոմպոզիտորի`
«Ճանապարհ դեպի կրկես» և «2-Լեոնիդ-2» կինոֆիլների համար գրված երաժշտությունը: Կոստանտին Օրբելյանը հանդիսանում է բազմաթիվ համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր: Նա բազմիցս հրավիրվել է միջազգային ջազ մրցույթների` որպես ժյուրիի անդամ:
1979 թվականին խորհրդային երաժշտական մշակույթում ունեցած նշանակալի ներդրման համար` Կոստանտին Օրբելյանին շնորհեցին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում: Կոստանտին Օրբելյանը` ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ (
1956թ.-ից), ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության վարչության անդամ, Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության քարտուղար (
1983թ.-ից), ԽՍՀՄ Պետհամերգի էստրադային երաժշտության Միության նախագահ (
1987թ.), էստրադային երաժշտության վարպետների Ասոցիացիայի նախագահ, Համամիութենական երաժշտական ընկերության վարչության փոխ-նախագահ, ԽՍՀՄ Մշակույթի նախարարության էստրադայի գծով Գեղարվեստական խորհրդի անդամ: Կոստանտին Օրբելյանին շնորհվել է Ժողովուրդների բարեկամության շքանշան,
«Պատվո Նշան», Կիրիլ և Մեֆոդիա բուլղարական և հայկական Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշաններ:
2006թ.-ին հայկական և խորհրդային մշակույթի զարգացման խնդրում ունեցած իր ներդրման համար` Կոստանտին Օրբելյանին շնորհվեց Ոսկե Խաչ Ռուսաստանում Հայերի Խորհրդի գերագույն շքանշանը:
Դժվար էր աշխատել
90-ականներից սկսած…. Կան հանգամանքներ, որոնց դեմ դյուրին չէ պայքարել: Փլուզվեց ԽՍՀՄ-ն, Երևանում իսկ հոգսախեղդ մարդկանց համար երաժշտությունն արդեն առաջնային չէր. տնտեսական ծանր դրություն, գոյություն առանց հոսանքի և ջրի:
1992 թվականին Կոստանտին Օրբելյանը մեկնեց Սան Ֆրանցիսկո: Ներկայումս աշխատում և բնակվում է Լոս Անջելեսում: Վերջին ժամանակներս նա գրել է գործիքային և վոկալ ջազային ստեղծագործություններ: Օրբելյանը
«կարոտել» է նաև մեծ երաժշտությունը` այն անվանելով
«մարդկային տրամադրության ամենօրյա, ամենժամյա տեղեկագիր»: Վերջին տարիներին Լոս Անջելեսում թողարկվել է
8 նոր խտասկավառակ` ներառյալ ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար, հանրամատչելի և ջազ երաժշտություն: