ԲԶԿՏՎԱԾ ՍԻՐՏԸ
Այս պատմությունը երկու սիրող հոգիների մասին է, որը պետք է դրական ավարտ ունենար: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանցից մեկն իրեն ծեր է համարում, մյուսը` լքված: Տղամարդը ցանկանում է լքել կնոջը` նրան համարելով բավական երիտասարդ: Կինն անկեղծորեն խոստովանում է, որ չի ուզում կորցնել նրան` ասելով, որ վաղը նրանից առաջ կարող է ինքը մահանալ` դառնալով ինչ-որ խելագարի զոհ կամ գուցե բեռնատար մեքենան վրաերթ կատարի: Ու թեև տղամարդը հասկանում է, այնուամենայնիվ իրեն բավական ծեր համարելով մերժում է` ասելով, որ իրենք պետք է գիտակցեն միմյանց չսիրելու անհրաժեշտությունը: Հանդիպում են ևս մեկ անգամ: Տղամարդու միակ ցանկությունն այն էր, որ կինն իրեն ըմբռնումով մոտենար: Նորից նույն բառերն է ասում, գտնում հոգում եղած ամենաճիշտ խոսքերը, իսկ նա զարմացած լսում է` ասելով, որ կյանքը հավերժ չէ: «Նա միակ մարդն է, ով գոյություն ունի ինձ համար»,- ինքն իրեն ասում է կինը:
- Իմ մեջ ինչ-որ բան արդեն ավարտվել է, ինչ-որ բան վերջացել,- ասում է տղամարդը,- իսկ դու սքանչելի ես: Սիրտս կտոր-կտոր է լինում, գեղեցկուհի՛ս, պատրաստվում էի զանգահարել, սիրելի՛ս: Տեսնում ես, որքան ծիծաղելի եմ, ծերությունս նկատելի է նույնիսկ բառերի ընտրության հարցում: Այնուամենայնիվ ես խոսում եմ ոչ վաղ անցյալի պարերի, կոշիկների, սվիտերների մասին: Փորձի՛ր երբեմն: Եթե ես վաղը մահանամ, ո՞վ կլինի քո կողքին: Սիրտս մաս-մաս է լինում, նայիր, թե ինչ տեսք ունեմ: Ես հիսուն տարեկան եմ, դու` քսան: Այժմ գնա՛, խնդրում եմ: Թո՛ղ ձեռքս, սիրու՛նս, դու մեկ ուրիշը կգտնես, ավելի ուժեղ ու ամուր, որի կարիքն ունես և որին արժանի ես: Գնա՛, տեսե՞լ ես ինձ վազելիս: Ես տեսել եմ, անցյալ օրը, դանդաղ էիր վազում ինձ չկորցնելու համար: Հոգնել եմ: Հեռացի՛ր: Այո՛, գիտեմ, որ ինձ ես սիրում, մի՛ կրկնիր: Լռի՛ր: Դեռ չեմ մահացել, և այնուամենայնիվ ասում եմ` ո՛չ, հեռացի՛ր:
Նա հնազանդվեց: Հեռացավ:
Զգո՞ւմ էր արդյոք արյունը երակներում… Ընկնում է: Նրան նկատում են գլխավոր մայրուղու վրա: Փաստաթղթերի մեջ հայտնաբերում են մի ազգանուն, որին պետք էր զանգահարել բացառապես արտակարգ իրադրության դեպքում միայն, բայց երբ հեռախոսը զանգում է, տղամարդը չի պատասխանում. կարծում է նա է և չի ցանկանում, որպեսզի վերադառնա:
Կնոջ շունչը կտրվում է, երակները` վտանգված են: Խոսում են անոթների խցանման մասին: Գամելով վիրահատման սեղանին, պատրաստվում են ծակծկել, մեջքը ետ են տանում, գտնում սիրտը, ժամանակն է նրան վիրահատելու, փրկելու: Անշուշտ կարող է մահանալ: Վտանգավոր միջամտություն է: Բժիշկը ցնցվում է, պատրաստում է կարդիոգրամմայի ապարատը, որի բազմաթիվ էջերից արդեն պարզ է դառնում մահվան ելքով արդյունքը: Բժիշկը մեղք չունի, եթե կինը վիրահատման ժամանակ հանձնվում է: Պարզապես երբեմն այդպես էլ է պատահում: Պետք է դա իմանալ: Նա նախազգուշացնում է, խնամում, ապա համոզվում արդյունքի ճշգրտության մեջ:
«Ես մահանալու եմ»,- ինքն իրեն ասում է կինը:
«Առանց նրա կմեռնեմ»,- ինքն իրեն ասում է տղամարդը` չիմանալով, որ կինը պայքարում է ապրելու համար: Քայլելիս հառաչում է: Ձեռքերով գրկում նրա իրանը: Կարմրում է, մենակ է աշխարհում, ու հանկարծ մտաբերում է, որ մի օր նույնիսկ երգել է երիտասարդ երևալու համար: Դա մեքենայում էր: Իջեցրել էր ապակին ու դրսի կողմից ազատ ձեռքով թրխկացնում էր: Երջանիկ էր այդ ժամանակ:
Երիտասարդ կնոջ սիրտը ցանկացած ժամանակ կարող էր կանգ առնել: Երակը խցանվում էր: Նրան խնամում են մինչև վիրահատելը, բայց անօգուտ, կինն անտեղյակ է. նրանից թաքցնում են իրականությունը, ինչպես և տղամարդուց, որին նույնպես ոչինչ չեն հայտնել: Համենայն դեպս, նա շնչում է, երակն աշխատում է, թեև ոչ լիարժեք: Նա չի հակվում` զգալով, որ պետք չէ: Պատկերացնում է, որ երակը կարող է ընդհատվել ու մեկընդմիշտ հորիզոնական դիրք ապահովել:
Տղամարդը վերհիշում է ամեն բան ու մտածում միայն նրա մասին: Խմում է, բայց անօգուտ… չի օգնում: Խելագարվե՞լ էր արդյոք, երիտասարդացե՞լ, երբ ընկերների հետ նրան ընթրիքի էր հրավիրել: Մի՞թե կինն էր իրեն հաշիվ տալիս, երբ տղամարդուն անհարմար վիճակի մեջ էր գցում: Սեղանի տակ ծածուկ բռնում էր նրա ձեռքն ու ականջին շշնջում.
- Առա՛ջ, գնացինք, այժմ միայն քեզ հետ եմ ուզում լինել:
Նա գիտեր, որ դա երկար տևել չէր կարող:
Թույնը երակներում հայտնաբերելուց հետո, կինը տեղից չի շարժվում, ասես ոչինչ էլ չէր պատահել: Բայց գիշերն զգում է, որ սիրտը տագնապի ահազանգ է կանխորոշում, ինչ-որ տարօրինակ ու իրական զգացողություն, որն էլ նրա մահվան պատճառ է դառնալու:
Տղամարդը շարունակ խմում է, իսկ այն հարցին` արդյո՞ք իրեն լավ է զգում, պատասխանում է, որ կգերադասեր խմել երիտասարդ աղջկա արյունը:
- «Երիտասարդ աղջիկ»,- կրկնում է նա,- չեմ ճանաչում նրան…
Մինչդեռ շրջապատի մարդկանց կարծիքով վերջինս արդեն հանդերձյալ աշխարհ գնալու ճանապարհին էր: Նա խենթանում էր:
Նա ասես մեքենա լինի: Շարժիչ: Պոմպ: Ավելի շուտ կհանգչի, քան մենք կհասցնենք նորոգել: Կինն ուզում էր վստահ լինել իր ծեր տղամարդու հարցում, ուզում էր խոսել մի շարք մանրուքների մասին, բայց ոչ այնքան բացահայտ. փորձում էր խնայել նյարդերը: Իր կարծիքով վիրահատություն էր բաց սրտի վրա: Աղջիկը նրան է սպասում: Չի համարձակվում զանգել: Կարծում է, այդ ներքին ահազանգը կեղծ է, շատ կցածրանա, եթե նրան ասի, որ գուցե առաջինն ինքն է մեռնում: Այնուամենայնիվ այն, որ նա իրեն նույնիսկ կապտած երակներով էր գեղեցիկ համարելու, կասկածից վեր էր: Քթածակերն ասես մանյակ լինեին անկենդան պարանոցին: Թեև ալկոհոլի օգտագործման հանգամանքը լավ բալասան է վերքի համար, այնուամենայնիվ դեռ զգում է նրա համբույրների ազդեցությունը: Նա այնքան սիրված է եղել…
Մի օր նա այստեղ կվերադառնա: Թերևս ինքն այլևս այդտեղ չի լինի: Տղամարդը համբուրում է սավանը, այնուհետ դուրս գալիս տանից: Բանալին թաքցնում է դրսում:
Կինը խոստանում է, բայց ու՞մ… ո՞վ պետք է ուժեղ լինի ու պայքարի: Նա անընդհատ երկնքին է նայում և հոգին նրան հանձնում: Վախենում է մահանալ: Իրեն ուղեկցող չկա: Նա իրեն չի սպասի: Նամակ է թողնում, իբրև կտակ, որ իր չվերադառնալու դեպքում նամակը բնականաբար նրան հանձնեին, արցունքն աչքին, ձեռնոցը հագած, նվազ շնչառությամբ ասելով հետևյալը.
- Վերցրե՛ք, պահպանեք, պարո՛ն, լա՛ց եղեք, բայց մի՛ տառապեք:
Նա բացելու էր այն, այդ նամակը, բայց ոչ այնպես, ինչպես մյուսները, որոնք կնոջ մոտ էին վերադառնում քիչ քանակով, բայց մեծ ծրարների տեսքով, կարծելով, թե այդտեղ իր ապագան է բացահայտելու: Ի պատասխան ուղարկված նամակի, նա երբեք բառ անգամ չի գրում, նույնիսկ չի էլ բացում, որով մեղմորեն տեղեկացվում է հանդիպման չկայանալու մասին:
Տղամարդը քայլում է, խմում, ոտքերն ասես դանդաղ կտրվում են գետնից: Մազերն է պոկում, ապա դրանք պահում ձեռքերի մեջ, այնուհետ խցկում է գրպանները, ժամանակ առ ժամանակ հանում ու այտին դնում: Երբեմն պատահում է աչքերն ամուր փակած վիճակում զգում է երիտասարդ աղջկա բույրը: Բայց երբ շրթունքները մոտեցնում է, փոքր-ինչ բացում համբուրելու համար, շունչը կտրվում է: Սկսում է հազալ:
Բուժքույրը ժպտում է երիտասարդ աղջկան, անզգայացնողն ասում է, թե քնելու համար բավական է հաշվել մինչև տասը:
- Խոստանու՞մ եք,- հարցնում է աղջիկը: Վախենում է` արթնանա ընթացքում:
Տղամարդը քայլում է: Նրա մասին է մտածում: Նայում է ուրիշներին, ուրիշ զույգերին ու նրանց երեխաներին: Իրեն ինչ-որ բան է պակասում, ձեռքը դատարկ է: Իր ձեռքը: Խմում է: Թափառում: Խմում է, վերհիշում անցյալը, նորից է խմում, երերում ավազների մեջ: Իսկ մոտակայքում գտնվող երեխաները շարունակ հարցեր են ուղղում իրենց մայրերին. ցանկանում են իմանալ մահացե՞լ է արդյոք օրեր շարունակ հաճախ անտառում քնող փնթի պարոնը: Տարօրինակ է այդպես ծածկվելը` փաթաթվելով հին սավանի մեջ:
Մեկուսացման համար անհրաժեստ պարագաները պատրաստ են: Գալիս է պատգարակ փոխադրողը, վերցնում «սրտից վիրավոր» կնոջ շարժական անկողինը: Փոս փորելու և նրան այնտեղ իջեցնելու ժամանակն է:
Տղամարդու լայն բացած աչքերը զարմանք են արտահայտում: Տեսնում է իր վրա քնքշորեն հակված փոքրիկ երեխայի: Բռնում է ձեռքը: Սուր ցավ է զգում հատկապես աջ ձեռքում: Սիրտը կանգ է առնում հանկարծ…
Իսկ դրսում մի ուրիշ սիրտ է արյունաքամ լինում:
Ֆրանսերենից թարգմանեց ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ