СТАНЬ VIP

ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:50

ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Karo Vardanyan.jpg
Karo Vardanyan.jpg (8.78 кб) Просмотров: 988
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:51

ՄԻ ԿՏՈՐ ԵՐԿԻՆՔ



1
Անցնող տարիների հետ ավելի ու ավելի նվիրական են դառնում մանկությանս այս կամ այն դրվագները պատկերող լուսանկարները: Օրերի թոհուբոհում շատ բան է մշուշվել, աղոտացել կամ իսպառ մոռացվել, սակայն շատ բան էլ անջնջելիորեն դաջվել է հիշողությանս մեջ և ամեն անգամ նորովի է պայծառանում` խունացած, արդեն երեսնամյա վաղեմություն ունեցող լուսանկարներս թերթելիս: Փորձում եմ ըստ ժամանակագրական կարգի դասդասել դրանք, դրանցով որոշակիացնել անփույթ ու անկազմակերպ մանկությունս, սակայն ամեն ինչ խառնվում է իրար, ընկերներիս ու իմ չարաճճի դեմքերը ամեն լուսանկարի հետ կտրում են ինձ իրականությունից, հիշեցնում ու վերհիշեցնում անցած-գնացած պատմություններ: Այդ պատմությունները վերարտադրելուն շատ է օգնում հնգամյա որդիս`իր անվերջանալի հարցերով, որ կամենում է ամեն ինչ իմանալ իմ մասին:
Լուսանկարներիս մեջ կա մեկը, որտեղ ոչինչ պատկերված չէ: Ավելի ճիշտ, այն պատկերում է արդեն գորշացած մի անսահմանություն` վրան ամպի քուլա հիշեցնող ինչ-որ հետք:
Որդիս ամենից շատ սիրում է հենց այդ լուսանկարը:

2
Երևանի ծայրամասերից մեկում գտնվող մեր փոքրիկ թաղում հետաքրքրությունների ու ժամանցի ընտրությունն այնքան էլ մեծ չէր: Դպրոցից վերադառնալուն պես արագ ճաշում էինք ու շտապում բակ` նոր արկածներ մտմտալու և դրանցով ազատ ժամանակը լցնելու: Մեր հետաքրքրությունների մեջ մեծ տեղ էին գրավում հարևան թաղերի մեր հասակակիցների հետ ֆուտբոլային մրցախաղերը, որոնք հաճախ ավարտվում էին ծեծկռտուքով: Այդ խաղերից ու ծեծկռտուքից հազվադեպ էինք հաղթանակած դուրս գալիս, որովհետև մեր թաղը փոքր էր, և մեր խումբն էլ բաղկացած էր ընդամենը վեց-յոթ հոգուց: Ամեն այդպիսի հանդիպումից հետո սկսում էինք տաք-տաք վիճարկել արդյունքները և մեր չարությունը թափում խմբի առավել թուլակազմ անդամների գլխին` գտնելով, որ հերթական ձախողումը հենց նրանց անճարակության հետևանքն է:
Նախատինքի ամենամեծ բաժինը, որպես կանոն, հասնում էր Համոյին: Վտիտ ու կարճատես մի տղեկ, ով ողջ խաղի ընթացքում այդպես էլ չէր կարողանում դիպչել գնդակին, որովհետև վազելիս շարունակ զբաղված էր քթից վայր սահող ակնոցը շտկելով: Իսկ տուրուդմփոցներին նրա մասնակցության մասին խոսք լինել չէր կարող: Իր կարճատեսության պատճառով Համոն վաստակել էր «Քոռ» մականունը. ցավոք, մանկական կոլեկտիվները շատ դաժան ու անողոք են իրենց ֆիզիկապես արատավոր անդամների հանդեպ: Սակայն Համոն հաճախ նաև արժանանում էր մեր շողոքորթություններին ու սիրաշահումներին, որովհետև ամեն հաջողված արկածից հետո մենք սիրում էինք խմբով լուսանկարվել, իսկ Համոն ուներ մի հնամաշ լուսանկարչական ապարատ և վարժվել էր լուսանկար երևակել:
Համոյի լուսանկարներում մեր դեմքերին նշմարվում է որոշակի լարվածություն: Տեսողական արատը նրանից մեծ ջանքեր էր խլում բոլորիս օբյեկտիվում տեղավորելու համար, և մինչ նա դա անում էր` մեր համբերությունը սպառվում էր, ու ծայր էր առնում խեղդված հիշոցների մի շարան, որի մեջ առավել գործածականը «քոռ անտեր» արտահայտությունն էր: Այդ լուսանկարներում Համոն չկա: Չկա, որովհետև ոչ մեկիս չէր վստահում իր «Սմենա» ապարատը, և լուսանկարողը միշտ ինքն էր: Այնուամենայնիվ, լուսանկարներս թերթելիս առաջին հերթին տեսնում եմ մեր առջև ցցված Համոյի խղճուկ կերպարանքը` իր ապարատը երկար-բարակ չարչարելիս:
Լուսանկարվելուն հաջորդող պահերը ամենից հետաքրքրականն ու խորհրդավորն էին: Ահա մենք Համոյենց մթնեցված նկուղում ենք, որտեղ լուսանկար երևակող մեր ընկերը անճարակ տղեկից մեր աչքում վերածվում էր ամենազոր հրաշագործի: Եվ երբ կախարդական լուծույթի մեջ սուզված թղթի վրա սկսվում էին ուրվագծվել մեր կերպարանքները, հուզմունքից ու հիացմունքից շունչներս կտրվում էր:
Եթե այսօր ես հեշտությամբ եմ վերարտադրում մանկությանս առանձին դրվագները, մեր հին թաղի նախնական պատկերը` իր ծուռումուռ պատերով, կարճլիկ տների տանիքներով ու հատուկենտ ծառերով, ապա մեծապես պարտական եմ Համոյին և նրա «Սմենա» ապարատին:

3
Մեր թաղի միապաղաղ առօրյան երեկոյան ժամերին սկսում էր աշխուժանալ: Դա նկատելի էր հատկապես այն օրերին, երբ հեռուստացույցով որևէ հետաքրքիր ֆիլմ կամ «Արարատի» հերթական խաղն էր ցուցադրվում: Այդ ժամերին գրեթե բոլոր ընտանիքներում արդեն հազարերորդ անգամ կրկնվում էր նույն տեսարանը: Ընտանիքի հայրը հայտնվում էր տան տանիքին ու սկսում եռանդով աջուձախ պտտեցնել ալեհավաքը` ականջը ներքևում կանգնած զավակի ձայնին, ով հորն էր փոխանցում հեռուստացույցի մոտ արձանացած մոր հրահանգները` «աջ», «ձախ», «վատ է», «շատ վատ է», «հիմա մի քիչ ոչինչ», «էլի խառնվեց». և այսպես շարունակ` մինչև ֆիլմի կամ խաղի ավարտը: Այս անվերջանալի տեսարանների պատճառն այն էր, որ մեր կարճլիկ փողոցը երկու ծայրից էլ ավարտվում էր բարձրահարկ շենքերով, որոնք մեզ համար անհասանելի էին դարձնում տեղական ու միութենական հեռուստաալիքների հեռարձակումները: Եվ վայ այն տղամարդուն, ով հերթական գոլի ժամանակ գտնվելիս էր լինում տանիքին: Այդպիսի պահերին մեր թաղի տղամարդիկ հասնում էին խելագարության, ինչն արտահայտվում էր ձեռքները դեպի այս կամ այն բարձրահարկը ուղղելով և դրանց նախագծող-կառուցողի հասցեին բիբլիական նզովքներ տեղալով:
Բնակիչներից առավել ձեռներեցները երբեմն-երբեմն ուշ գիշերով իրենց ալեհավաքներն այդ բարձրահարկերի տանիքներին էին տեղադրում և հաղորդալարերը մի շարք տների կտուրների վրայով բերում-հասցնում իրենց բակերը: Սակայն անվրդով հեռուստացույց վայելելու նրանց երանությունը տևում էր ընդամենը մեկ-երկու օր` մինչև այդ ալեհավաքները բարձրահարկերի բնակիչների կողմից հայտնաբերվելը: Եվ երբ որևէ հեռուստահաղորդում ընդոստ ընդհատվում էր` տունը լցնելով վաղուց ծանոթ էկրանային խժդժոցով` այլևս պարզ էր, որ բարձրահարկերի վերին հարկերի բնակիչները նկատել են ալեհավաքը, պոկել ու ցած շպրտել: Մեր այդ հարևանին մնում էր միայն իր ճղակոտոր ալեհավաքը տուն բերել կարկատելու և, որ ամենադժվարն էր, հարևան տների տանիքներին խճճված հաղորդալարը հավաքել:
Այո, մեր փողոցի բնակիչների համար հեռուստացույցը գրեթե նույն բանն էր, ինչ ռադիոընդունիչը: Այն տարբերությամբ միայն, որ ռադիոընդունիչի ձայնը կարելի էր տեղում կարգավորել, իսկ հեռուստացույցի միայն ձայնը ընկալելի դարձնելու համար հարկավոր էր պարբերաբար բարձրանալ տանիք: Եվ իզուր էին մեր դասընկերները շարունակ զարմանում, երբ դասամիջոցներին խնդրում էինք իրենց պատմել նախորդ օրը ցուցադրված ֆիլմի կամ մուլտֆիլմի բովանդակությունը: Իզուր էին մեր թաղամասում գործող միակ կինոթատրոնի տոմսավաճառներն ու հսկիչները զարմանում` գրեթե բոլոր սեանսներին մեր փողոցի բնակիչներին տեսնելով: Նրանք ի՞նչ իմանային, որ մեր փողոցի բնակիչները պարզապես կարոտ էին էկրանից անաղարտ պատկեր տեսնելու և անխաթար ձայն լսելու...

4
Մեր հարևան Սլավիկն աշխղեկ էր: Անկեղծ ասած, մենք այնքան էլ լավ չէինք պատկերացնում, թե դա ինչ է, բայց այն պետք է որ շատ կարևոր մի բան լիներ, որովհետև մեծերը միշտ ընդգծված հարգանքով էին խոսում դրա մասին, իսկ Սլավիկի տունն` իր սրբատաշ քարերով ու ազդեցիկ դուռլուսամուտով, շահեկանորեն տարբերվում էր թաղի մյուս տներից: Նույնիսկ նրա բակի հաստաբուն թթենին, որ խիտ սաղարթների մեծ մասը սփռել էր կողքի ավտոտնակի տանիքին, մեր աչքին փողոցի մյուս ծառերից ավելի գոռոզ էր թվում, իսկ նրա պտուղները` առավել քաղցր: Այդ հյութեղ պտուղների անդիմադրելի ուժն էր պատճառը, որ ամառները` թթի հասունացման օրերին, Սլավիկի ավտոտնակի տանիքը մեզ համար դառնում էր մի յուրօրինակ ուխտատեղի, որտեղից որքան էլ քշում էին մեզ, միևնույն է, հաջորդ վայրկյանին նորից աներես ճանճերի պես հավաքվում էինք այնտեղ:
Այդ տանիքը պետք է որ ամենից շատ տպավորված լինի իմ քաղցրակեր ընկերոջ` Բաբիկի հիշողության մեջ. ծանրամարմին մի տղա, ով մեր խմբի ամենաջերմեռանդ «ուխտավորն» էր: Երբ մի անգամ Սլավիկի պառավ մայրը, պատուհանից նկատելով ավտոտնակի տանիքին կատարվող հերթական վայրագությունը, սոսկալի վայնասուն բարձրացրեց, թթի վայելքից ինքնամոռացության մեջ գտնվող Բաբիկը չարձագանքեց վտանգին: Քիչ անց սթափվելով և տեսնելով, որ մենք արդեն փախել ենք, ողջ ծանրությամբ խուճապահար թրմփաց ներքևում կանգնած Սլավիկի «Վոլգայի» բեռնախցիկին` դրա վրա գոյացնելով մի պատկառելի փոս:
Սլավիկը ոչ միայն աշխղեկ էր, այլև չափազանց կասկածամիտ: Երբ օրերից մի օր այդ նույն Բաբիկը, երկար-բարակ նշան բռնելով ավտոտնակի վրա նիրհող կատվին, քարով խփեց-փշրեց դրանից բավականին այն կողմ գտնվող Սլավիկի տան պատուհանի ապակին, պատժվեց ոչ թե Բաբիկը կամ մեզանից որևէ մեկը, այլ... Սլավիկի աղջիկը: Անմեղ աղջիկը պատժվեց, որովհետև Սլավիկը մինչև վերջ մնաց այն համոզմունքին, որ կատուն ընդամենը պատրվակ է, իսկ Բաբիկն այդ կերպ կամենում էր դուրս կանչել աղջկան` զրույցի: Կատուներին հալածող Բաբիկն իրավունք ուներ ընդվզելու այդ անարդարության դեմ, բայց հոգու խորքում իրեն շոյված զգաց նման ռոմանտիկ դիտավորության մեջ կասկածվելու համար:
Սակայն այս պատմության մեջ կարևորը ոչ թե աղջիկն է կամ կատուն, այլ այն, ինչ հետագայում տեղի ունեցավ Սլավիկի ավտոտնակի տանիքին:

5
Մի օր հռնդյունով փողոց մտավ մի ծանր բեռնատար և փնչոց-ճռնչոցով արգելակեց Սլավիկի տան առաջ: Թափքից դուրս թռան բանվորները, սկսեցին բեռնաթափել այնտեղ դարսված երկաթե ձողերն ու անկյունակները և դասավորել ավտոտնակի տանիքին: Շուտով այնտեղ գոյացավ մետաղե մի ծավալուն բլուր: Հետո եկան եռակցող-վարպետներ, ու մեր թաղի ավանդական անդորրը լցվեց մուրճումետաղի դժոխային աղմուկով, եռակցման հրավառության ճռթճռթոցով: Մենք փորձում էինք գուշակել, թե ինչ է կատարվում այնտեղ` շարունակ մտաբերելով մեր տեսած ֆիլմերում կամ կարդացած արկածային վեպերում նկարագրվող արտասովոր կառույցները, սակայն ավտոտնակի տանիքին իջած խորհրդավորության մշուշն այդպես էլ չէր ցրվում: Բայց ինչ էլ որ կառուցվելիս լիներ, մենք արդեն ատում էինք այն, որովհետև տանիքին շինհրապարակ ազատելու նպատակով բանվորները հատել էին մեր սիրելի թթենու ճյուղերի մեծ մասը:
Օրեր անց վերջապես շինարարությունն ավարտվեց: Դրա արդյունքը մոտ քսան մետր երկարությամբ մի մետաղակուռ հրեշ էր, որի լայնանիստ մասը սկսվում էր ավտոտնակի տանիքից և շարունակ նեղանալով՝ ավարտվում Սլավիկի տան տանիքին: Սակայն դա էլ մեզ ոչինչ չէր ասում: Հաջորդ օրը բակ մտավ մի վերամբարձ կռունկ և պառկած հրեշին ճռնչոցով կանգնեցրեց ավտոտնակի տանիքին: Պարզվեց՝ դա աշտարակ է, որի ճնշող բարձրության տակ ընդամենը օրեր առաջ ցանկալի բարձունք համարվող ավտոտնակը կարծես միանգամից կքվեց ու կուչ եկավ: Եվ, ընդհանրապես, մեր ողջ թաղը մի տեսակ խեղճացավ անկոչ հսկայի ներկայությունից:
Երբ մյուս առավոտ բակ իջնելիս աշտարակի գագաթին նկատեցինք հպարտ մենության մեջ վեր խոյացած ալեհավաքը՝ վերջապես գլխի ընկանք, թե ինչ նպատակով է Սլավիկը մոգոնել իր անճոռնի հսկային: Այո, Սլավիկն իրեն ազատել էր մյուսների նման ամեն երեկո տանիք բարձրանալու և ալեհավաքը հուսահատ շուռումուռ տալու տանջանքից:
Աշտարակի շնորհիվ մեր աննշան փողոցը միանգամից դարձավ նշանավոր: Հարևան փողոցների մեր հասակակիցները սկսեցին նախանձել մեզ, իսկ անցորդները չէին կարողանում առանց քթի տակ խնդմնդալու անցնել դրա մոտով: Աշտարակի ներկայությունը թերևս ամենամեծ ոգևորությամբ ընդունվեց մեր թաղի աղավնիների կողմից, որոնք մի երկու ճանաչողական պտույտ գործելուց հետո հանդիսավորապես տեղավորվեցին ալեհավաքի թևերին՝ զգալի անհանգստություն ստեղծելով իրենց տերերի համար: Այդ խեղճ մարդիկ ստիպված էին ամեն օր ժամեր շարունակ թռչնային սուլոցներ ու դայլայլներ արձակել, որ իրենց թևավորներին վար բերեն:

6
Սլավիկի աշտարակաշինությունից անցել էին շաբաթներ, սակայն մեր խումբը դեռ չէր կարողանում հաշտվել դրա ներկայության հետ: Դեռ ավելի էինք չարացել դրա դեմ, որովհետև իրար հավատացրել էինք, թե Սլավիկն ու իր ընտանիքը ոչ միայն անվրդով վայելում են բոլոր ֆիլմերն ու մուլտֆիլմերը, այլև թուրքական ալիքներ են որսում և քաջ տեղյակ են աշխարհի գաղտնիքներից: Սակայն մեր անհաշտության հիմնական պատճառը դա չէր: Աշտարակը մեզ համար ամենից առաջ միակ բարձունքն էր, որը ֆիզիկապես չէինք հաղթահարել: Մեր թաղի բոլոր տների կտուրները նրանով էին մեզ համար հարազատ ու սիրելի, որ հարյուր անգամ եղել էինք դրանց բոլորի վրա: Մեր հանդգնությունը մեզ հասցրել էր նույնիսկ փողոցը շուրջկալած բարձրահարկերի տանիքները, ուր քարշ էինք տվել նաև Համոյին՝ լուսանկարվելու և դրանով բարձրահարկերի հետ մեր հաշտությունը ամրագրելու: Իսկ այս նոր բարձունքը կարծես վերևից չարախնդում էր մեզ վրա: Եվ մեր որոշումը չուշացավ:
Մագլցողը ես էի լինելու՝ որպես մեր արկածների մշտական նախաձեռնող ու կազմակերպող: Ու մի օր էլ ընկերներիս խրախուսական հայացքների ուղեկցությամբ սկսեցի վերելքը: Դեռ կեսին չհասած՝ գլուխս սկսեց պտտվել, իսկ ոտքերս բռնվեցին անզսպելի դողով: Սրտապնդվելու համար նայեցի ներքևում խմբված տղաներին, ինչից գլխապտույտս ավելի սաստկացավ: Ինձ թվաց՝ նրանք նկատել են իմ վեհերոտությունը և թերահավատությամբ լցվել: Այդ միտքն էր, որ ինձ ուժ տվեց մնացած մասը մի շնչով հաղթահարելու: Երբ արդեն աշտարակի գագաթից երկրորդ անգամ նայեցի ներքև՝ անսովոր վախից շունչս կտրվեց: Փորձեցի ինչ-որ բան ասել, բայց ձայնս դուրս չեկավ: Բարեբախտաբար, տղաների հաղթական ճիչերը գոտեպնդեցին ինձ: Աստիճանաբար հավաքեցի ուժերս և, ցույց տալու համար, թե իբր ոչ մի արտասովոր բան էլ չի եղել՝ բարձրաձայն ցանկություն հայտնեցի նման դիրքով լուսանկարվել: Ընկերներս անմիջապես գտան Համոյին և հրմշտելով մոտեցրին աշտարակին: Մինչ Համոն խարխափելով այս ու այն կողմից փորձում էր դիրքեր գրավել, իսկ տղաները, մատնացույց անելով աշտարակի գագաթը, քաշքշում էին նրան ու ցուցումներ տալիս, ինձ թվաց, թե մի ամբողջ հավիտենություն անցավ: Պետք է որ վերևից այդ տեսարանը շատ զվարճալի լիներ, սակայն ինձ համակած վախը թույլ չէր տալիս նկատել դա: Այն քողարկելու հույսով նույնիսկ բաց թողեցի մի ձեռքս և անվեհեր կեցվածք ընդունեցի: Վերջապես տղաները հավաստիացրին, որ Համոն չրխկացրել է ապարատի կոճակը, և ես սկսեցի իջնել: Այստեղ էր, որ իմ ու ընկերներիս համար առաջին անգամ բացահայտեցի, որ նման բարձրություններից իջնելը անհամեմատ ավելի դժվար է ու սարսափելի, քան բարձրանալը:

7
Հաջորդ վայրկյանին մենք Համոյենց ներքնահարկում էինք, ուր անհամբեր հայացքով փորձում էինք խավարի մեջ հետևել նրա գործողություններին: Երբ Համոն վերջապես ավարտեց անհրաժեշտ գործընթացը և լույսը վառելով՝ սպիտակ թուղթը սուզեց լուծույթի մեջ, մեր լարվածությունը հասավ գագաթնակետին: Մենք համոզված էինք, որ շուտով տեսնելու ենք այնպիսի մի լուսանկար, ինչպիսին մինչ այդ դեռ չէինք ունեցել: Ամենից անհամբերը, բնականաբար, ես էի: Ինձ շատ էր հետաքրքրում, թե արդյոք Համոյի «Սմենան» որսացե՞լ է այն սարսափը, որն այնքան վարպետորեն թաքցրել էի ընկերներիցս: Այդ լարված պահին տղաներից Արտոն, որ միշտ ձգտում էր ամեն ինչում ընդօրինակել ինձ, կիսաշշուկ հոխորտաց, թե հաջորդ անգամ ինքն է մագլցելու աշտարակը և լուսանկարվելու է ոչ միայն մի ձեռքը, այլև մի ոտքը պարզած: Մյուսները չընդունեցին մարտահրավերը: Նրանց անունից ինչ-որ կցկտուր քրթմնջոց արձակեց Աղվանը: Դա մոտավորապես նշանակում էր, թե այնքան էլ խելամիտ չէ մի լուսանկարի համար քսան մետրով Աստծուն մոտենալը:
Իսկ լուծույթի մեջ ընկղմված թուղթը համառորեն շարունակում էր ճերմակ մնալ: Ավելի ճիշտ, այն մի քիչ գունատվել էր և վերևի աջ անկյունում հայտնվել էր ինչ-որ գորշավուն հետք: Հանկարծ մի դավադիր կասկած սողոսկեց սիրտս, և երբ դեմքիս զգացի Համոյի մեղավոր հայացքը՝ այն ավելի ուժգնացավ: Կարծես սկսեցի գլխի ընկնել, թե ինչ էր տեղի ունեցել: Չուշացավ նաև տաքարյուն Արտոյի արձագանքը, ով ուժգին բամփելով Համոյի վզակոթին՝ գոչեց. «Քո՛ռ անտեր, էս օդ ե՞ս նկարել»:
Այո, մեր այս բացառիկ լուսանկարը վայրկյան առաջ տեսնելու անհամբերությունից մոռացել էինք, որ Համոն կարճատես է: Մոռացել էինք, որ նա դժվարությամբ էր մեզ լուսանկարում նույնիսկ երկու-երեք մետր հեռավորությունից: Խեղճ տղան դրա համար էր երկար-բարակ դիրքավորվում աշտարակի շուրջը՝ շարունակ շփոթվելով ընկերների կոպիտ հրահանգներից: Վերջապես իմ ձայնի ուղղությամբ նա անորոշ սեղմել էր ապարատի կոճակը՝ այն աղոտ հույսով, թե միգուցե աշտարակն ու ես պատահաբար կհայտնվենք կադրում: Սակայն դա տեղի չէր ունեցել: Ու մինչ ես սրտատրոփ քարացել էի աշտարակի գագաթին, Համոն նկարել էր մի կտոր երկինք՝ ամպի քուլայով:
Մեր հիասթափությունը վայրկյաններ տևեց: Պայթեց մի անզուսպ քրքիջ. չէ՞ որ մենք վաստակել էինք մի պատմություն, որը դեռ երկար պիտի զվարճացներ մեզ:
Այս պատմությունը համալրեց զվարճապատումների մեր հավաքածուն, իսկ ճերմակ լուսանկարն իր մշտական տեղը զբաղեցրեց իմ ալբոմում: Անտեղյակ մարդկանց համար դա ընդամենը թղթի մի կտոր է, իսկ ինձ համար՝ տասնամյակների հեռվում մնացած մի աշտարակ, որի գագաթին ծածանվում է իմ մանկության մի ծվենը:


8
Որդիս շատ է սիրում այս լուսանկարը: Սիրում է, որովհետև պատկերի բացակայությունը շարունակ բորբոքում է նրա մանկական երևակայությունը:
Հնգամյա զավակս ամեն անգամ մի նոր բան է ավելացնում իմ այս պատմությանը և հրճվում իր գյուտով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    1, 2, 3, 4Вложения Harutin » 24 окт 2010, 18:10
    30 Комментарии
    3057 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 окт 2010, 20:26
  • ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 23:13
    6 Комментарии
    693 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:20

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0