СТАНЬ VIP

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 мар 2011, 23:39

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Karine Ashughyan 1.jpg
Karine Ashughyan 1.jpg (6.69 кб) Просмотров: 1210

Karine Ashughyan.jpg
Karine Ashughyan.jpg (6.4 кб) Просмотров: 1210
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԿԱՐԻՆԵ ԱՇՈւՂՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 мар 2011, 23:41

Մարդ եմ, էլի... մարդ եմ, չէ՞


«Ի՞նչ անեմ,- «Օպելի» մեջ կուչ եկած` մտածում էր Մերուժը,- որ Հակոբի ու Մանվելի ախպերներն են էսօր իրանց դավաճանել, Պողոսն ու Պետրոսը, մեր ու մանուկ են իրար ուրանում, ե՞ս ինչի վատ զգամ, մարդ եմ, էլի»։

Այդպես մտածելն օգնում էր։ Ցերեկը։ Բայց գիշերները հանգիստ չուներ, քունն աչքին մոտ չէր գալիս, գլուխը բարձին չէր մնում, ինքն իրենից զզվում ու ամաչում էր։ Լավ, այ մարդ, ինչո՞ւ հենց իրեն գտան։ Թե էդ լակոտն ո՞ւմ քաշեց. իր նման մի քանիսի հետ պահածոների գործարանի պահեստը թալանել ու հիմա գաղութից օրումեջ ահազանգում է` պապ, փրկի, պապ, ազատի։ Ո՞նց։ Ո՛չ աշխատանք ունի, ո՛չ ծանոթ ու փող։

- Մերուժ,- Հացագործյանի ձայնից մի թեթեւ վեր թռավ,- մի հատ էլ զանգի էդ տղուն, ասա` թող շուտ գա, տեղ եք գնում։

«Օպելի» մյուս ուղեւորը Հացագործյանին հիշեցրեց, որ ամենաքիչը 20-30 անուն է պետք։

- Էս մոտակա գյուղերից ում գիտես, մեկ-մեկ կասես, այ տղա, թե չէ` քո ասածներին մենք քեզնից լավ գիտենք,- արհամարհանքով նետեց Մերուժին։

-Բա Գագոյի հարցը ո՞նց կըլնի,- հազիվ կարողացավ արտաբերել։

- Մերուժ, տղուդ էրեսը չես տենա, ու հլը կարող ա` քեզ էլ բռնենք, եթե որոշես պարտիզան խաղալ,- սպառնաց Հացագործյանը։

- Ձեռս էլ փող չկա...,- էշ-էշ ասաց։

- Ի՞նչ,- սպառնալից հարցից Մերուժն ավելի կծկվեց։

Հովոն մոտեցավ` հարդարված, տեղ գնալու լավ տրամադրությամբ։

- Մերո՞ւժ,- հենց մոտեցավ մեքենային ու տեսավ «կայուն-իշխանամետ» երկու դեմքերին ու մանավանդ` ողորմելի-հիմար-իբր ժպտացող Մերուժին, ամեն ինչ գլխի ընկավ ու ցածրաձայն ավելացրեց. «Էս էր, հա՞, քո «խորոված ուտելու էթալը»։ Մեքենայի մեջ նստած` միայն մտածում էր մի բանի մասին` հանկարծ իրեն էլ Մերուժի օրը չգցե՞ն` ստիպեն ընկերներին ծախել։

...Միտինգներն արդեն սկսվել էին, ու քանի անգամ «Հայլուրով» լսեց, որ ցերեկները` 5, գիշերները` 10 հազար դրամ են տալիս միտինգավորներին` չհաշված երկնքից մանանայի պես թափվող պիցցա-քյաբաբ-խորովածը։ Արդեն համարյա որոշել էր, երբ Հացագործյանը կանչեց։

- Չէ, այ տղա,- հուսախաբ արեց Հացհարամյան մականունովը,- շատ-շատ խաչապուրի-պեռաշկի տան, փողի մասին էլ մոռացի, փողն ինձանից կստանաս ու` ոչ էդքան շատ։ Դու քո տղու համար ես էդ անում, հեր ես, չէ՞, չե՞ս ուզում` ազատվի, գաղութից պրծնի։ Քեզնից դժվար բան էլ չի պահանջվում` ուղղակի դառնում ես ընդդիմադիր, միտինգավոր։ Հիշողությունից լավ ես, չէ՞։ Կգաս, կասես` ով ինչ արեց, ով ինչ ասեց, մանավանդ` հատուկ հիշի Ռուսաստանից դժգոհների ու Ամերիկայի վրա հույս դնողների անունները, ընթացքում կարեւոր հանձնարարություններ կլինեն` կասեմ։

- Մերուժը մտածում էր` կնոջն ասի՞, թե՞ ոչ, բայց հենց երեկոյան Հացագործյանի հետ հանդիպման մասին երկու բառ ասաց, Վարդուշը վրա տվեց` այ տղա, հո չե՞ս հրաժարվել, ասեիր` ինչ պետք ա` կանենք, տո, հենց էլ ես էլ կգնամ միտինգ եւ քեզանից էլ լավ գործը գլուխ կբերեմ։

- Մի խոսքով, Մերուժն ու Վարդուշը ուրբաթ օրվա միտինգին ծայրից ծայր մասնակցեցին, անվերջ պախարակում ու անիծում էին իշխանավորներին, սրա-նրա հետ ահավոր ընդդիմադիր զրույցների բռնվում։ Բայց առաջին օրը, ճիշտն ասած, սոված ու հետեւաբար նաեւ տխուր էին տուն վերադարձել. Հացհարամյանի ասած խաչապուրին էլ չէին տեսել։ Երբ մի քանի օրից տղան գաղութից զանգել էր, թե` ի՞նչ կա-չկա, Մերուժն ու Վարդուշն իրար հերթ չտալով պատմել էին միտինգի մասին, ու տղան զարմացել էր` դո՞ւք ինչ գործ ունեք։

- Քեզ ենք ազատում, տղա ջան,- կարճ էին կապել։

- Հացհարամյանը չէր խաբել` դժվար գործ չէր, իրոք, գնում էին, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանում, զբաղվում, Հացհարամյանի առաջարկով նույնիսկ վրանաբնակ դարձան։ «Կարեւոր մոմենտը մոտենում ա»,- վստահեցրել էր ու լավ կանխավճար տվել, Վարդուշը վազեց մոտակա տոնավաճառ, մի երկու շոր-մոր առավ ու շատ գոհ էր։ Փետրվարի 26-ի` ամենաբազմամարդ հանրահավաքի օրը Վարդուշը Մերուժի հետ հրատապ քննարկեց իրենց հետագա անելիքների հարցը։

- Մերուժ, աչքիս` Լեւոնը հաղթելու ա, ու մենք խայտառակ ըլնենք. արի` էլ էդ Հացհարամյանի հետ գործ չունենանք, մեկ ա` վաղ-ուշ մեր գործը կբացվի։ Համ էլ ես իսկականից եմ ընդդիմադիր դարձել, հա, ի՞նչ ես ըտենց նայում։ Ես իսկականից ուզում եմ, որ էս երկիրը փոխվի, լավ, ասենք, էսօր ըսենց ազատեցինք մեր էրեխուն, բայց որ ամեն ինչ մնա նույնը, ինքն էլ աշխատանք չունենա, էլի նույն ղալաթը չի՞ անելու։

- Դու գիտես` ես անասո՞ւն եմ, հրե՞շ եմ։ Ես էլ եմ ուզում` ամեն ինչ ճիշտ ու մաքուր ըլնի, ես էլ եմ համոզված, որ ճիշտը էս պայքարն ա, մարդ եմ, չէ՞։ Բայց, մեկ ա, խելքս չի կտրում, որ սրանցից պրծնել կըլնի, այ Վարդուշ։ Հլը որ Հացագործյանի հետ կապը կպահեմ, մինչեւ տենանք` ինչ ա ըլնում։

Հացհարամյանը զանգեց մարտի 1-ի նախօրեին, ասաց` քեզ «պայոկ» եմ բերել, այ վրանաբնակ, էսինչ շենքի մոտ եմ, արի, տար։ Մերուժն իրոք ցնցվեց, երբ իմացավ` ինչ է բերել Հացհարամյանը, ու ինչ պիտի անի ինքը։ Նույնիսկ տատանվեց, մտածեց` թքի-հեռանա... Բայց սուսուփուս վերցրեց տոպրակն ու եկավ, իսկ գիշերը հյուր գնաց ու աննկատ փորձեց «նվերներ» դնել ընկերների վրաններում` ներարկիչ, ինչ-որ դեղեր ու «մանր-մունր» այլ բաներ։ Կեսը Վարդուշը «հաջողացրեց» ` պայմանով, որ գործը պրծնեն ու գնան տուն։ Վերջը որոշեցին, որ Վարդուշը գնա, իսկ Մերուժը մնա, որ կասկածի տեղիք չտան։ Համ էլ Հացհարամյանն ասել էր, որ ամսի 1-ն ամենակարեւոր առաջադրանքն է տալու, որից հետո, ասել էր, իմացիր` տղադ տանն է։ Վարդուշը շրջան գնացողների հետ գնաց տուն, Մերուժը մնաց տղերքի հետ` Գեղամի, Հակոբի, Հովիկի, Ռուբոյի, Հրանտի... Խարույկի մոտ խմբված էին, երբ Նախագահը մոտեցավ իրենց։ Ու էնքան մաքուր էր պահը, էնքան ազնիվ, որ Մերուժի սիրտը ծակեց, հազիվ էր իրեն զսպում, որ չմոտենա Նախագահին, չասի, թե այսօր ինչ է արել, ուզում էր ասել, որ ես` տականքս, վրաններն եմ մտել ու... Ուրեմն` մի ծրագիր կա, քանի ուշ չէ, մի բան մտածեք, մեղա, մեղա, ես ստիպված էի, ներողություն... Քանի ուշ չէ, դեռ ուշ չէ, երեւի...

- Ներողություն...

- Վա՞տ ես ,- անհանգստացած հարցրեց Նախագահը, - ի՞նչ է պատահել։

- Ներողություն... Ուղղակի ուզում եմ ասել, որ միշտ երազել եմ ծանոթանալ Ձեզ հետ...

- Հրաշալի է` ահա եւ ծանոթ ենք,- Նախագահի զարմանալի մեղմ ժպիտից Մերուժն ավելի տխրեց։

«Էս ինչ պատմության մեջ ընկա, Աստված ջան, ես քո հերն եմ անիծել, լակոտի մեկը, մեկ էլ որ ըսենց բան անի, օգնողը չեմ, թող գնա-կորի... Ես որ մարդ ըլնեմ, Լեւոնին կասեմ... Կամ գոնե տղերքին ասեմ, ռադս քաշեմ-էթամ»։

- Սասո՞ւնն ուր ա... Նիկոլը, Արամենք... Տղերք, Լեւոնն էսօր էլ ա մնալո՞ւ Ազատության հրապարակում։ Վաղն ի՞նչ ենք անելու...

- Վաղը Գարնան առաջին օրն ենք նշելու, Մեր Հաղթանակի եւ Ազատության օրը,- քիչ հեռվից լսվեց Նիկոլի խզված ու իրենց այնքան սիրելի դարձած ձայնը։

- Հեյ, Աստված...,- դուրս թռավ Մերուժի բերանից։

- Մերուժ, դու աչքիս «ալա-բուլա» ես էսօր։ Եթե էդքան վախենում ես, գնացող կա, հետը գնա տուն, այ ախպեր, մեռար վաշ-վիշ անելով,- Հովհաննեսն իրոք ջղայնացած խոսեց։

- Բան չկա, այ Հովո, ուղղակի որ Վարդուշը գնացել ա տուն, դրանից ա. մարդը կարոտել ա արդեն,- կատակեց Կարոն։

- Չէ, այ ցավդ տանեմ, չգիտեմ` խի, բայց անհանգիստ եմ։ Տղերք, ավելի լավ չի՞, որ Լեւոնը ստեղ չմնա, գիշեր ա, հազար շառ ու փորձանք կա... Էսօր հաստա՞տ մնալու ա։

- Վայ, հորս արեւ,- մի ջահել գոռաց,- հոպար ջան, դու գնա քնի։

...2 ժամ անց Մերուժը գոռում էր ցավից ու անզորությունից, ամբողջ մարմինը ջարդված-ջնջխված էր, երբ ձեռքը տարավ սոսկալի ցավացող աչքին, հասցրեց զարմանալ, որ աչքը դեռ կա ու չի կորել ազատազրկված Ազատության հրապարակում, մերձակա փողոցներում... Տղերքի հետ խուճապահար դես ու դեն էին փախչում որսահալած մարդակերպներից։

- Ես սրանց... Իսկականից եմ ասում` սաղ կյանքս պայքարելու եմ սրանց դեմ։ Թուրքից «բեթար» են, ես սրանց...

Մերուժը երբեք այսքան անկեղծ չէր եղել։ Դեռ շատ չէին հեռացել Ազատության հրապարակից, երբ թաքստոցից տեսավ, թե ոնց են «ձեւավորում», իսկականից Թատերական դարձնում հրապարակը։

«Ես քո... Հացհարամյան, բա էլ ինչի՞ էիր ինձ համոզում, որ էդ կեղտոտ գործն անեմ, էդ «զիբիլները» թաքուն դնեմ վրանների մեջ, բա որ բռնվեի՞... Ես քո... Վերջ, պրծավ, գրողին, թե տղես նստած ա... Ես պիտի պայքարեմ սրանց դեմ։ Էս ձեւի դաժանություն կինոյում էլ չեմ տեսել։ Էս ի՞նչ են անում»։

Ֆրանսիական դեսպանատան մոտ էր, երբ Հացհարամյանը զանգեց, ուզում էր չպատասխանել, բայց խոսեց։

- Հը, «քեռի», ի՞նչ կա,- ըստ պայմանավորվածության` ասաց,- ես լավ եմ, մի անհանգստացի, Վարդուշը տուն ա գնացել, տղերքն էլ կողքիս են։

- Այ տղա, ուշադիր լսի` ինչ եմ ասում,- լսվեց մյուս ծայրից,- մի քիչ հեռու գնա, ում կարաս, համոզի, որ հարձակվեն ոստիկանների վրա, խփեն, հայհոյեն, ավտո-մավտո ջարդեք-փշրեք, հետո կզանգեմ, կասեմ` ինչ անեք։ Խանութների վրա պիտի հարձակվեք, տղերք կան, կզանգեն, կմիանաս իրանց, ում կարաս, համոզի, թող միանան ձեզ, հետներդ գան։

- Ես...

Ընկերներին այդ պահից կորցրեց. գիտեր, որ լինելու բան չէ` գաղափարի ու պայքարի մարդիկ էին։ Զանգը երկար չսպասեցրեց. սափրագլուխ, սպիտակ գլխարկներով տղաների մի խմբի միացավ։

Զարմացավ ու չզարմացավ, որ իր նստած որդու նստած-դուրս եկած, նաեւ հենց այդ պահին պիտի որ նստած ընկերներին էլ տեսավ։

- Մերուժ ձաձա, «Գազելով» ենք, ինչ կարաս, բեր, կտանենք տուն։ Հեսա Գագոն ազատվի` քեֆ ենք անելու. էս սաղ պետք ա գալու։

Վարդուշը մինչեւ հիմա էժան-էժան` իրեն հայտնի «բանգլադեշի» գներով, ծախում է երեւի թանկուկրակ կոշիկներն ու մյուս ապրանքները։ Գյուղացիներն էլ, իբր գլխի չընկնելով, առան-տարան։ Մենակ ուտելիքն ու խմիչքը պահեց` հույսով, որ տղան ուր որ է` կազատվի, քեֆ կանեն։ Այ հենց այդ հանգիստ թվացող օրերին էր, որ տղերքին լուրեր էին հասել, ու Մերուժին կանչել էին լուրջ խոսակցության։

- Այ ախպեր, էդ լրիվ ուրիշ բան ա` մորքուրիս աղջիկն ա Գերմանիայից ուղարկել, ծախում ենք։ Էդ օրը ժամը 8-ց բռնել-տարել են միլիցա, ես ո՞ւր էի։
Մերուժը
չի սիրում հիշել ո՛չ ձմռան վերջին օրը, ո՛չ գարնան առաջին օրը, մանավանդ երբ դավադիր մութն ընկավ, եւ սեւ կսկիծը խառնվեց արյան կարմիրին, ասֆալտին թափված ուղեղին, օդին ու բոլորին... Չի ուզում, բայց նույն կրկնվող մղձավանջը գիշերներն ուղղակի խեղդում է նրան. ջնջխված գլուխներով 10 մարդ մոտենում է ու ասում` արի մեզ հետ, գնանք` մյուսներիս էլ տես. չէ՞ որ դու էլ էիր մոր ծնունդ...

«Օպելը» մի քանի րոպեից կանգ առավ, եւ ծանր լռությունը խզվեց միայն Հովիկի դառը խոսքով` «Մերուժ, ինչ մարդ ես»։ Մերուժն այդպիսի բառեր լսեց 23 տղամարդուց եւ 2 կնոջից, որոնցից մեկն արհամարհանքով ասաց` գետինը մտնես, մյուսը` գետինը չմտնես։

«Ի՞նչ անեմ, մարդ եմ, էլի։ Բա որ տղուս «սռոկը» ավելացնեին, ինձ ու Վարդուշին էլ բռնեին... Մարդ եմ, էլի... Իմ բաժին մեղքը կքավեմ, Աստված ջան, մենակ թե էլ էդ էրազը չտենամ, ես չգիտեի, ես որտեղի՞ց իմանայի, որ մարդիկ կզոհվեն, որ իմանայի, ի՞նչ պիտի անեի, Աստված ջան։

Թող միտինգներն սկսվեն, ես գիտեմ` ինչ կանեմ. Գագոյին էսօր-վաղը բաց կթողեն, է՞լ ինչից պիտի վախենամ, հլը թող Հացհարամյանը զանգի, նոր կիմանա, որ ես էլ եմ մարդ»։

Քանի օր էր` գնում-գալիս, Վարդուշին հարցնում էր` շաբաթվա որ օրն է։ Ուրբաթ վաղ առավոտյան, քանի որ հետո տրանսպորտ չէր լինի, Մերուժը գնաց Երեւան, ժամը 9-ին արդեն Մատենադարանի մոտ էր։ Չէր էլ զգացել` ոնց են ժամերն անցել. մենակ քայլում էր, ինքնիրեն խոսում։ Վարդուշի զանգից էլ առանձնապես վատ չզգաց. «Այ Մերուժ, ախր, էրեխեն տուն ա եկել, մարդ-մուրդ ա գալիս, դու չկաս, ես էլ գիտեմ` գնացել ես` դիմավորես, բերես. էս ո՞ւր ես»։

Շուրջն արդեն ահագին մարդ էր հավաքվել` բոլորի դեմքին վճռականություն ու կամք կար դրոշմված։ Եւ Մերուժը հանկարծ զգաց, որ կարոտել է այս հավատավոր-անկոտրում մարդկանց, ուզում էր գրկել ծանոթ-անծանոթ բոլորին ու գոռալ` ես ազատ եմ ու էսօր միտինգի եմ եկել մա-քուր։

Համառ զանգը ստիպեց բացել հեռախոսը։ Հացհարամյանն էր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение