ՀԱՐԱԽՈՒՄ
Չմտածեք, թե հարուստ կյանքի փորձ, խոր գիտելիքներ ու հզոր ինտելեկտ ունեցող մարդու տպավորություն եմ ուզում թողնել, հակառակը` ուժերս համեստ են, միտքս` կարճ, քնարս՝ կոտրված: Առաջիկա բոլոր վեհ գաղափարներն ու առողջ մտքերը գողացված են, ընդ որում ՝ գողացված մի՝ համարյա անգիտակից վիճակում գտնվող մարդուց, որին թվում էր, թե կյանքի համեստ դասեր է տալիս իր վաղեմի ընկերոջը:
Կոդավորման հաջորդ օրն էր: Բայց, նախ բացատրեմ, թե ինչ բան է կոդավորումը: Ալկոհոլային ուժեղ կախվածություն ունեցող մարդու երակին ամրացվում է սպիրտի հետ անհամատեղելի մի դեղանյութի սրվակ: Դրանից հետո, խմիչքի առաջին իսկ համտեսման ժամանակ, նա զգում է մոտավորապես նույնը, ինչ թյուրիմացաբար չմորթված հավը` գրիլում:
Համաձայն Դարվինի տեսությանը, ողջ են մնում լավագույն հարբեցողները:
Նրանցից ամենաարժանավորն էլ հենց իմ վաղեմի ընկերն է` բանասեր Բոլշը, առաջին մտածող ճագար, վաղամեռիկ Կարախանի մարզիչը: Չգիտեմ, Կարախանի հերոսական մա՞հն էր պատճառը, Բոլշի անհաջողություննե՞րը (իսկ գուցե հաջողություննե՞րը) անձնական կյանքում, բայց նկարագրվող ժամանակներում նա շշից կտրվում էր հազվադեպ և տհաճությամբ: Հարուստ անցյալ ուներ, հատկապես` ալկոհոլային առումով ամենահամեստ հաշվարկներով` 600 խումար, 200 հարախում, երկու կոդավորում… Այդպիսի ստաժ ունեցողը միանգամայն կարող է նույնիսկ Օմար Խայամին հոկտեմբերիկ անվանել, ուր մնաց ինձ նման թշվառականին, ուստի բարոյական իրավունք չունեմ նեղանալու նրա վիրավորանքներից, նամանավանդ որ այդպիսիք չեն եղել:
Կրկնում եմ, կոդավորման հաջորդ օրն էր: Առավոտյան Բոլշին թվացել էր, թե սրվակը սխալ է ամրացված, և նա որոշեց ստուգել կոդավորումը ճի՞շտ է արված, թե՞ ոչ: Բաժակի պարունակությունը դեռ ստամոքսին չհասած, «տկլոր, աշխույժ խմբակով» Բոլշին այցելեցին Բոսորագույն մղձավանջներն ու Տհաճ երրորդությունը, իսկ հետո եկավ Մրդոն…
Այս բոլորն, իհարկե, տուժողի պատմածներից գիտեմ, բայց եթե խոսքը նման այցելուների մասին է, հավաստիացնում եմ ձեզ, եղե՛լ է, քանզի դա հորինելու համար նույնիսկ Լեոնարդո դա Վինչիի երևակայությունն անզոր է:
Կեսօրին զանգեց Ժոռը ու խնդրեց այցելել Բոլշին, ասելով, որ ինքը չի կարող, տատը լավ չի (թռչնագրիպ են կասկածում): Իմ այն տագնապալի հարցին, թե ի՞նչ է պատահել, հետևեց կարճ պատասխան՝ նույնը:
Դուռը ծեծելու կարիք չեղավ. բնակարանը, խորդանոցը, պահարաններն ու սառնարանը դռնբաց էին: Բաց էին նաև պատուհանները: Պարզ է. փակ տարածության վախ է եղել (կլաուստրաֆոբիա), ուրեմն` բոսորներն այցելել են: Ամենակարևորը սկզբում պատուհանները փակելն է. Բոսորագույն մղձավանջները կարող են տանել ցանկացած ուղղությամբ…
Խոհանոցում Բոլշը ոգևորված ինչ-որ բան էր պատմում Մուստանգին և շատ ուրախացավ նոր զրուցակցի հայտնվելով.
-Նայիր ու լսիր, Կարեն, երբ ես դեսպան էի Կոպենհագենում…
-Բո՛լշ, դեսպան էլ ե՞ս եղել…
-Բա քո կարծիքով Կոպենհագենում ի՞նչ էի անում, ախմա՛խ, մի՛ ընդհատիր, ձենդ կտրիր ու լսի՛ր: Երբ ես դեսպան էի Կոպենհագենում, առաջին անգամ ծանոթացա աբսենտ խմողների հետ, հետաքրքիր ժողովուրդ են…
-Աբսենտը ո՞րն է, Բոլշ:
-Օշինդրի օղին: Չզտվածն անվանում են պերնո: Մի անգամ էլ ընդհատեցիր` Մուստանգին գլխովդ կտամ: Սարսափելի դառը համ ունի. համարյա անտանելի, բայց դրա ստաժավոր խմողներն անջատվելիս ոչ թե մեզ պես կանաչ սողուններ ու միջատներ են տեսնում, այլ Կապույտ փերուն: Եթե ուշադիր դիտես Պիկասոյի «Աբսենտի սիրահարը» կտավը, կզգաս, որ այդ կինն արդեն տեսնում է Կապույտ փերուն…
-Կոպենհագենում դեսպան եղածս ժամանակ ես ամեն առավոտ շշի մեջ դառը օշինդրի մի քանի տերև էի գցում, որ ընդմիջման ժամանակ տեսնեմ Կապույտ փերուն, բայց օղին մաքուր չէր, թե ինչ, փերու փոխարեն գալիս էր Մրդոն, որի հետ բախումների պատճառով էլ ինձ շուտով ազատեցին դիվանագիտական աշխատանքից: Ու հիմա, որ մեկի մասին ասում են, թե խմիչքի զոհ դարձավ, ես մտքումս ծիծաղում եմ. ո՞ր խմիչքի, ա՛յ թշվառականներ, իսկի տեղյա՞կ եք, թե ո՞ւմ էր ուզում տեսնել մարդը: Ուսումնասիրիր և կարծիք տուր: Իսկ հիմա գնա՛, մեռյալ ժամ է, քնեմ… Ցուցակը մի ազդեցիկ ցանկ էր. երկու սյունակով.
ՑԱՆԿԱԼԻ ՏԵՍԻԼՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՄԻՉՔ
1. Պայծառ ապագա 1. Օղի «Սմիրնով»
2. Ծաղկած բալենի (սակուրա) 2. Սակե (բրնձի օղի)
3. Մասիսը` մյուս կողմից 3. Թթի օղի
4. Քաջ զինվոր Շվեյկ 4. Սլիվովիցա
5. Լեոնարդո դա Վինչի 5. Գրապա (խաղողի օղի)
6. Ծովիցծով Հայաստան 6. Հոնի օղի
7. Էրիխ Մարիա Ռեմարկ 7. Կալվադոս (խնձորի օղի)
8. Համաշխարհային ոգին և Հեգելը 8. «Շպիր» օծանելիք
9. Համաշխ. ոգին առանց Հեգելի 9. «Տրոյնոյ» օծանելիք
Տանը լիտրի չափ Վրաստանից ուղարկած չաչա կար, ու մինչև լույս Լեոնարդո դա Վինչիի հետ պայքարի արդյունավետ միջոց էինք փնտրում հարբեցողության և, մասնավորապես, նրա ծանր ատրիբուտ հարախումի դեմ:
-Ուշադիր լսիր, Մուստա՛նգ, ալկոհոլային մղձավանջներին նվիրված իր հուշերի երկրորդ հատորում Բիձեն հիշատակում է մի չինացի իմաստունի, որը չարքաշ աշխատանքի գծով երկրի բազմակի չեմպիոն էր: Իր ողջ գիտակից կյանքում նա բրինձ էր աճեցրել, գոմեշին լծած արորով վարում էր, ցանում, քաղում, կալսում և այլն. լուսաբացից մինչև ուշ գիշեր: Միակ ուրախությունը կյանքում իր աճեցրած բրնձի օղին էր, որ հարևանն էր քաշում: Ի վերջո, երբ օգտագործվող օղու ծավալը գերազանցեց բոլոր թույլատրելի սահմանները, ծեր իմաստունը մղձավանջներ ունեցավ, որոնք ոչ միայն սարսափելի էին, այլև ձանձրալի, որովհետև մեկ բրինձ էր տեսնում, մեկ` արոր, մեկ էլ գոմեշի քամակը, միայն այդ բոլորի կանաչ լինելն էր հաստատում, որ ծերունին սպիտակ տենդի գրկում է… Բիձեն մեծություն է, Մուստանգ. աղքատիկ կյանք ունեցածի տեսիլներն էլ են աղքատ: Ո՛չ Բոսորագույն մղձավանջները կգան, ո՛չ Տհաճ երրորդությունը կայցելի… Դե, Մրդոյի մասին էլ չխոսեմ:
Ճիշտ ես ասում, Կարեն, Մրդոն փոքրամարմին է, բայց դինոզավրը մնում է դինոզավր, նամանավանդ` գիշատիչը… Քո այն թեզը, թե նախամարդիկ և դինոզավրերը ժամանակային առումով չեն համընկել, և հոմո էրեկտուսը առաջացել է դինոզավրերի անհետացումից միլիոնավոր տարիներ անց, անհերքելի է, ավելին ասեմ` իրեն հարգող ոչ մի տարբոզավր թույլ չէր տա, որ կողքին ինչ-որ մարդիկ թփրտան, կպատառոտեր անկախ նրանից` փոքր համայնքներո՞վ են ապրում, թե՞ խոշոր: Բայց մնանք դարվինիստ. նախամարդը նախորդներ է ունեցել, որոնց գեներում այն աստիճան խորն է դրոշմվել վախը դինոզավրի նկատմամբ, որ վերջինիս անհետացումով այն չի ջնջվել և, տրանսֆորմացված, շարունակում է ապրել մեր մեջ` վիշապավախության տեսքով:
-Լավ լսիր, Մուստա՛նգ. եթե մի պահ ենթադրենք, որ գերեզմանը արգանդ է, ապա նույն պահին մարդկության պատմությունը դառնում է պատի ժամացույց, որի ճոճանակի երկու մեռյալ կետերի միջև ընկած ժամանակահատվածը մի մարդու կյանք է. լի ցավով և հուսահատությամբ, հասկանո՞ւմ ես: Սպասիր, էդ ո՞ւր փախար, ա՛յ անասուն, հլը հե՛տ արի…
Պարզ է մի բան. սթափ վիճակում գտնվող հասարակ մահկանացուն չի կարող այս աստիճանի խոր և յուրօրինակ մտքեր ունենալ` այսպիսի հաճախականությամբ… Ուրեմն՝ բնակարանում թաքցրած խմիչք ունի, և բժշկի ու իմ այցելությունների արանքում հասցնում է սեփական բուժում անցկացնել «սեպը սեպով են հանում» հին կարգախոսին հլու ու հարախումի կանաչ մարգագետիններում շրջելիս, երբեմն տեսնում է իր նախապապին ու Մրդոյին, Մուստանգի ձագերի հետ խաղալիս: