СТАНЬ VIP

Ջուզեպպե Վերդի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ջուզեպպե Վերդի

Сообщение Tatev Hayrapetyan » 21 мар 2014, 17:17

(98.79 кб) Просмотров: 1238
(35.23 кб) Просмотров: 1238



Կենսագրություն

Ջուզեպպե Վերդին ծնվել է 1813 թվականին (ինչպես և Ռիխարդ Վագները՝ հետագայում նրա գլխավոր մրցակիցը և գերմանական օպերային դպրոցի առաջնորդ կոմպոզիտորը), Լը Ռոնկոլեում, Բուսետոյից ոչ հեռու (Պարմի դքսություն)։ Կոմպոզիտորի հայրը՝ Կարլո Վերդին ուներ գյուղական մի պանդոկ։ Մայրը՝ Լուիջա Ուտտինին մանող բանվորուհի էր։ Վերդին դժվար մանկություն է ունեցել։ Ընտանիքը խեղճ էր ապրում։ Գյուղի եկեղեցում նա մասնակցում էր պատարագի մատուցմանը։ Նոտաճանաչություն ձեռք բերել և երգեհոն նվագել սովորել է Պիետրո Բայստրոկիի մոտ։ Տեսնելով որդու առաջադիմությունը երաժշտության ասպարեզում, ծնողները Ջուզեպպեին սպինետ նվիրեցին (սպինետը ստեղնաշարային նվագարան է՝ կլավեսինի նման)։ Այս խիստ անկատար գործիքը կոմպոզիտորը պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում։
Երաժշտության մեջ շնորհալի պատանուն ուշադրություն դարձրեց Անտոնիո Բարեցցին՝ մի հարուստ վաճառական հարևան Բուսետո քաղաքից։ Նա հավատում էր, որ Վերդին կդառնա ոչ թե պանդոկապան կամ եկեղեցական երգեհոնահար, այլ մեծ կոմպոզիտոր։ Բառեցցիի խորհրդով տասնամյա Վերդին տեղափոխվեց Բուսետո՝ ուսման։ Այսպես սկսվեց նոր, կյանքի էլ ավելի դժվար շրջանը՝ պատանեկությունն ու երիտասարդությունը։ Կիրակի օրերը Ջուզեպեն գնում էր Լը Ռոնկոլե, որտեղ երգեհոն էր նվագում պատարագի ժամանակ։ Վերդիի համար կոմպոզիցիայի դասատու էլ հայտնվեց՝ Ֆերնանդո Պրովեզին, ով Բուսետոյի «Ֆիլհարմոնիկ հասարակության» տնօրենն էր։ Պրովեզին Վերդիին սովորեցնում էր ոչ միայն կոնտրապունկտ (մեղեդային երկու կամ ավելի ձայների համադրում), այլև լրջորեն զբաղվում էր նրա նոտա կարդալով։ Ջուզեպեի ուշադրությունը կենտրոնացնում էր համաշխարհային գրականության վրա՝ Շեքսպիր, Դանթե, Գյոթե, Շիլլեր։ Նրա ամենասիրած ստեղծագործություններից էր իտալացի մեծ գրող Ալեսանդրո Մանձոնիի «Նշանվածները» վեպը։
Միլանում, ուր Վերդին գնաց քսան տարեկան հասակում՝ կրթությունը շարունակելու նպատակով, նրան կոնսերվատորիա (այսօր կրում է Վերդիի անունը) չընդունեցին՝ դաշնամուր վատ նվագելու պատճառով։ Բացի դրանից կոնսերվատորիայում տարիքային սահմանափակում կար։ Վերդին սկսեց կոնտրապունկտի մասնավոր դասեր ստանալ՝ միաժամանակ անցկացնելով միջոցառումներ և պարզապես համերգներ։ Շփվելով Միլանի հասարակության վերնախավի հետ, նա որոշեց թատերական կոմպոզիտորի լուրջ գործունեություն ծավալել։
Վերադառնալով Բուսետո՝ Վերդին ամուսնացավ Մարգարիտա Բարեցցիի հետ։ Նրանց երկու երեխաները մահացան դեռ մանուկ հասակում:





Ճանաչում

Վերդիի օպերայի առաջին բեմադրությունը («Օբերտո, կոմս Բոնիֆաչո») Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում հաջող անցավ, ինչից հետո թատրոնի իմպրեսարիո (պրոդյուսեր) Բարտոլոմեո Մերելլին Վերդիին առաջարկեց նոր պայմանագիր՝ երկու օպերայի համար։ Դրանք էին «Արքա մեկ ժամով» (Un giorno di regno) և «Նաբուկո» (Նաբուգոդոնոսոր - Nabucco) օպերաները։ Սակայն “Նաբուգոդոնոսորը”, որ առաջին անգամ ներկայացվեց 1842 թվականին, նրան ճանաչում բերեց։ «Նաբուգոդոնոսորին» հաջորդեցին միանգամից մի քանի օպերաներ, այդ թվում «Լոմբարդցիները խաչակրաց արշավանքներում» և «Էռնանի», որոնք ներկայացվեցին և հաջողություն ունեցան Իտալիայի մի քանի քաղաքներում։
1847 թվականին «Լոմբարդցիները»՝ վերափոխված և վերանվանված «Երուսաղեմ», ներկայացվեց Փարիզի օպերայում։ Դրա հետ կապված կոմպոզիտորը հետևեց բեմադրման փարիզյան ավանդույթներին, և «Երուսաղեմը» դարձավ Վերդիի «մեծ օպերա» ոճի առաջին ստեղծագործությունը։





Վարպետը


38 տարեկանում Վերդին սիրավեպ ունեցավ երգչուհի (սոպրանո) Ջուզեպինա Ստրեպոնիի հետ։ Նրանք ամուսնացան միայն 11 տարի անց, իսկ նրանց համատեղ կյանքը մինչ ամուսնությունը հաճախ դիտվում էր որպես սկանդալային այն վայրերում, որտեղ նրանք ապրում էին։ Ջուզեպինան շուտով դադարեց ելույթ ունենալ, և Վերդին հետևելով Ջոակինո Ռոսինիի օրինակին, որոշեց կարիերան դադարեցնել կնոջ հետ։ Նա հարուստ էր, հանրաճանաչ և սիրահարված։ Հնարավոր է՝ հենց Ջուզեպինան համոզեց նրան շարունակել օպերաներ գրել։ “Հանգստից հետո” Վերդիի գրած առաջին օպերան դարձավ նրա առաջին գլուխգործոցը՝ «Ռիգոլետոն»։ Օպերայի լիբրետոն, գրված Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» պիեսի մոտիվներով էական փոփոխության ենթարկվեց գրաքննության արդյունքում և կոմպոզիտորը մի քանի անգամ մտադրվեց թողնել աշխատանքը, մինչև վերջապես օպերայի ստեղծման ավարտը։ Առաջին բեմադրությունը տեղի ունեցավ Վենետիկում 1851 թվականին և ունեցավ խոշոր հաջողություն։
«Ռիգոլետոն» հավանաբար երբևէ գրված լավագույն օպերան է։ Վերդիի արտիստիկ շռայլությունը նրանում արտահայտված է լիովին։ Հիանալի մեղեդիներով հագեցած ամբողջ պարտիտուրան, ձայնային ելևէջումները հնչում են իրապես երկնային գեղեցկությամբ, չկրկնվելով, բազմաթիվ արիաներն ու նվագախմբի կատարումները հետևում են միմյանց երաժշտական հանճարի այս անդադար տոնակատարության մեջ, խթանում են ապրումները՝ միահյուսելով ողբերգականն ու կատակերգականը։
Վերդիի հաջորդ նշանավոր օպերան՝ «Տրավիատան» արավեց և բեմադրվեց «Ռիգոլետոյից» երկու տարր անց։ Սրա լիբրետոն գրվեց Ալեքսանդր Դյումա – որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսի հիման վրա։
Այնուհետև հաջորդեցին ևս մի քանի օպերաներ, որոնց շարքում այսօր հաճախ կատարվող «Սիցիլիական ժամերգություն»-ը (Les vêpres Siciliennes, գրված Փարիզի օպերայի պատվերով), «Տրուբադուր»-ը (Il Trovatore),, «Դիմակահանդես»-ը (Un ballo in maschera), «Ճակատագրի ուժը» (La forza del destino, գրված Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնի պատվերով), «Մակբեթ»-ի (Macbeth) երկրորդ հրատարակությունը։ 1869 թվականին Վերդին գրեց «Libera Me»-ն՝ Ջոակինո Ռոսինիի հիշատակին նվիրված Ռեքվիեմի համար (մյուս մասերը գրել էին ժամանակի ոչ այնքան հայտնի իտալացի կոմպոզիտորները)։ 1874 թվականին գրող Ալեսանդրո Մանձոնիի մահվան կապակցությամբ Վերդին գրեց իր Ռեքվիեմը՝ դրան միացնելով նախկինում գրած «Libera Me»-ի վերափոխված տարբերակը։
Վերդիի վերջին նշանավոր օպերաների մեկը՝ «Աիդա»-ն նրան պատվիրվել էր Սուեզի ջրանցքի բացման առթիվ։ Ըստ որոշ տվյալների՝ երբ տոնակատարության կազմակերպիչներն առաջին անգամ դիմեցին կոմպոզիտորին, նա հրաժարվեց պատվերն ընդունելուց։ Կազմակերպիչները Վերդիին զգուշացրել են, որ նույն առաջարկով կդիմեն Շարլ Գունոյին։ Վերդին հույս է հայտնեց, որ Գունոն կհամաձայնի օպերա գրել։ Եվ միայն երբ կազմակերպիչները սպառնացել են, որ պատվերը կստանա Ռիխարդ Վագները, Վերդին համաձայնել է ծանոթանալ պայմանագրի կետերին։
Վերդին և Վագները, յուրաքանչյուրը լինելով իր ազգային օպերային դպրոցի առաջնորդը, չէին սիրում միմյանց։ Ամբողջ կյանքում նրանք երբեք չհանդիպեցին։ Վագների և նրա երաժշտության մասին Վերդիի գրած մեկնաբանությունները պահպանվել են փոքր քանակով, որոնք անբարյացակամ են («Նա միշտ բոլորովին անտեղի ընտրում է չտրորված արահետ՝ փորձելով թռչել այնտեղ, ուր նորմալ մարդը պարզապես գնում է ոտքով՝ հասնելով շատ ավելի լավ արդյունքների»)։ Այնուամենայնիվ, Վերդին իմանալով Վագների մահվան մասին՝ ասել է. «Ինչ տխուր է… Այդ անունը մեծ հետք թողեց արվեստի պատմության մեջ»։ Իսկ Վագներից հայտնի է միայն մեկ արտահայտություն՝ Վերդիի երաժշտության մասին։ Լսելով Ռեքվիեմը, մեծ գերմանացին՝ մշտապես պերճախոս, միշտ շռայլ, բայց ոչ շողոքորթող մյուս շատ կոմպոզիտորների մասին արած մեկնաբանություններում, ասել է. «Ավելի լավ է՝ ոչինչ չասել»։ «Աիդա»-ն մեծ հաջողությամբ բեմադրվեց Կահիրեում 1871 թվականին։






Մթնշաղ

Հաջորդ տասներկու տարին Վերդին շատ քիչ աշխատեց՝ դանդաղորեն խմբագրելով իր նախկինում գրած մի քանի ստեղծագործություններ։
«Օթելլո» օպերան՝ գրված Վիլյամ Շեքսպիրի պիեսի հիման վրա, բեմադրվեց Միլանում 1887 թվականին։ Այդ օպերայի երաժշտությունն «անվերջանալի է»։ Այն չի պարունակում իտալական ավանդական օպերայի՝ արիաների բաժանումն ու վոկալ երաժշտական կաղապարները։ Այս նորարարությունը կատարվել էր Վագների օպերային բարեփոխումների ազդեցությամբ՝ վերջինիս մահից հետո։ Բացի դրանից՝ դարձյալ Վագների բարեփոխումների ազդեցությամբ Վերդիի ուշ շրջանի ոճը բարձրացավ վոկալ երաժշտական առավել բարձր մակարդակի։ Դա օպերան դարձրեց ավելի իրատեսական, չնայած վախեցնում էր իտալական ավանդական օպերայի երկրպագուներին։
Վերդիի վերջին՝ «Ֆալստաֆ» (Falstaff) օպերան, որի լիբրետոն կոմպոզիտոր և լիբրետոների հեղինակ Արիո Բոյտոն գրեց Շեքսպիրի «Վինձորի չարաճճի կանայք» (Merry Wives of Windsor) կատակերգության ֆրանսերեն թարգմանության հիման վրա, որը կատարել էր Վիկտոր Հյուգոն։ Այդ կատակերգության փայլուն պարտիտուրան ավելի հարազատ էր վագներյան «Մեյստերզինգերամ» օպերային, քան Ռոսինիի ու Մոցարտի կատակերգական օպերաներին։ Եռուն մեղեդին թույլ է տալիս չդանդաղեցնել սյուժեի զարգացումը և ստեղծում է շիլաշփոթի տպավորություն, որն այնքան հարազատ է շեքսպիրյան կատակերգությանը։ Օպերան ավարտվում է յոթհնչյուն ֆուգայով, որով Վերդին լիովին ցույց է տալիս կոնտրապունկտին տիրապետելը։
Կաթվածահար լինելով նա կարողանում էր ներքին լսողությամբ կարդալ Պուչինիի «Բոհեմ», «Տոսկա», Լեոնկավալոյի «Ծաղրածուները», Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերաների պարտիտուրաները։ Բայց այն, ինչ նա մտածում էր այդ օպերաների մասին՝ գրված իր ուղղակի և արժանի ժառանգների կողմից, մնաց անհայտ։ Վերդին մահացավ 1901 թվականի հունվարի 27-ին։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ