
(534.92 кб) Просмотров: 9417
ԿենսագրությունՋեկ Լոնդոնը (իսկական անուն-ազգանունը` Ջոն Գրիֆիթ) ծնվել է
1876թ. հունվարի 12-ին Սան-Ֆրանցիսկոյում: Նոր ազգանունն ստացել է երբ նրա մայրն ամուսնացել է
Ջոն Լոնդոնի հետ:
Երկրում տիրող ծանր սոցիալական վիճակը ստիպում են նրան վաղ հասակում անցնել աշխատանքի: Դպրոցական տարիքում նա փող էր վաստակում թերթ վաճառելով: Այնուհետև ստիպված թողնում է ուսումը և սկսում աշխատել որպես գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան:
Ինքնուրույն պատրաստվելով և հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները նա ընդուվում է
Կալիֆորնիական համալսարան, սակայն 3-րդ կիսամյակից հետո ուսման համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով լքում է այն:
Ապագա գրողը կրթվել է կյանքի համալսարանում, որն էլ հետագայում օգնել է նրան ներկայացնելու իրականության տարբեր բնագավառներ, կերտելու տարբեր խավերի մարդկանց համոզիչ կերպարներ:
1897թ., երբ
Ալյասկայում ոսկի է հայտնաբերվում, շատերի նման նա նույնպես
«ոսկու տենդով» բռնված հյուսիս է մեկնում: Նրան այնտեղ հարստանալ չի հաջողվում, բայց փոխարենը ստեղծագործելու համար նա բավականաչափ հարուստ նյութ է կուտակում:
1899թ.-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք այնուհետև զետեղվել են
«Գայլի որդին» (1900), «Նրա նախնիների աստվածը» (1901), «Սառնամանիքի զավակները» (1902) և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև
«Ձյուների դուստրը» (1902) վեպը,
«Նախնիների կանչը» (1903) և
«Սպիտակ ժանիք» (1906) վիպակները:
Սառցապատ, գերանակապ տներով բնակավայրեր, սարսափելի սառնամանիք, բևեռային երկար գիշերներ, վիճաբանություններ, որտեղ հաղթում է ամենաուժեղը, մահացու վտանգներով լի կյանք. այսպիսի պայմաններում էին ապրում ու մաքառում այս երկերի հերոսները` սպիտակամորթ ոսկեխույզներն ու բնիկ հնդկացիները: Լոնդոնի հերոսները խիզախ անհատներ են, որոնց բնավորությունները ձևավորվում ու կոփվում են բնության արհավիրքների դեմ պայքարում: Նրա այդ շրջանի գործերի գլխավոր թեման ոչ թե պայքարն էր ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:
Լոնդոնի երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի: Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում էլ ավելի հարստանալու` ոտնահարելով ամեն ինչ: Լոնդոնն այդ թեման արծարծել է նաև
«Ժամանակը չի սպասում» (1910), «Երկաթե կրունկ» (1912), «Լուսնի հովիտը» (1913), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916) վեպերում:
Կյանքի վերջին տարիներին Լոնդոնը հարբեցողությամբ էր զբաղվում և ծանր հիվանդ էր:
1916թ. նոյեմբերի 22-ին նա ինքնասպան է լինում
Սան-Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող
Գլեն-Էլլեն քաղաքում:
Գրական գործունեության հազիվ
20 տարիների ընթացքում Ջեկ Լոնդոնը հասցրել է
3 վեպի,
20 պիեսի և ավելի քան
200 պատմվածքների հեղինակ դառնալ: Նրա ստեղծագործություններն էլ իր կյանքի նման բազմազան և բազմաժանր են:
Լոնդոնի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, մեծ մասն էկրանավորվել են: Գրողի երկերը
12 հատորով լույս են տեսել նաև հայերեն`
1965-75թթ.:
Լոնդոնի գրական ոճը էական ազդեցություն է ունեցել
20-րդ դարի մի շարք հայտնի գրողների, այդ թվում նաև
Էռնեստ Հեմինգուեյի վրա: