ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:40

ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ishxan Stepanyan.jpg
Ishxan Stepanyan.jpg (5.91 кб) Просмотров: 502
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:41

ԱՆԱՎԱՐՏ ՆԿԱՐ ԿԱՄ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՀՈԳՈՒ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ



Ահռելիորեն մեծ և անհեթեթության աստիճան խայտաբղետ քաղաքի գինով, ծխախոտով և մեղքով հագեցած մի սենյակում կատարվեց այն անհամ և տափակ պատմություններից մեկը, որոնցով վիճակագրությունը երբեք չի հետաքրքրվում:
Խզվեց արտաամուսնական մի կապ…
Այդօրինակ կապերի խզման ժամանակ միշտ շահում է նա, ով առաջինն է հրաժարական տալիս: Ու քանի որ տղամարդը տարիքով շատ մեծ էր կնոջից, ապա մեծահոգաբար նրան զիջեց առաջնությունը: (ԷԺԱՆԱԳԻՆ ՊԱՆԴՈԿԻ ՅՈՒՂԱՆԵՐԿՈՎ ՆԵՐԿԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՄՈՏ ՆՍՏԱԾ Է ԿԻՆԸ: ԴԻՄԱՑԸ ՇԻՇ Է ԵՎ ԲԱԺԱԿ: ՄԱԶԵՐՆ ԱՆՓՈՒԹՈՐԵՆ ՀԱՎԱՔՎԱԾ ԵՆ ԳԱԳԱԹԻՆ: ԼՈՒՌ ՈՒ ՄՏԱՍՈՒՅԶ ՆԱ ՆԱՅՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԻՆ, ՔԱՆԶԻ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԻ: ՁԵՌՔԵՐԻՑ ԹԱԽԻԾ Է ԿԱԹՈՒՄ ԵՎ ԱՐԱԾ ԼՎԱՑՔՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԱԲՍԵՆԴ: ՎԵՐԱՑՈՒՄ: ԿՅԱՆՔԸ ԼՈՂՈՒՄ Է ՇՈՒՐՋԸ: ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ: ԴԱՌՆԱՀԱՄ ԲԵՐԱՆՈՒՄ…):
ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ… Այդ բառի հետ ասոցիացվող, ծանր քաշի ըմբշամարտի սրահներից փչող կասկածելի բույրերով համեմված քրտնահոտը տղամարդու մոտ թեթև սրտխառնուք առաջացրեց: Նա անկեղծորեն ուզում էր մաքրել իր հոգին ինքնաձաղկմամբ ու ինքնաստորացմամբ, սակայն եսակենտրոնության պահապան հրեշտակը (իսկ գուցե և գինին) հետաձգել էին պարտադրում սույն խիստ ուսանելի մտահղացման իրագործումը: Տղամարդը թոթվեց ուսերը:
Իր curriculum vitae – ում համանման կապեր քիչ չեն եղել և, հավանաբար, եթե միայն Աստված առողջություն և ժամանակ տա, կլինեն նաև ապագայում:
Տղամարդը փակեց աչքերը և ապարդյուն փորձեց պատկերացնել աղջկան: Զուր ջանքեր: Տարածության մեջ անձայն լողացող ակնոց, տեսավ և երշիկով ձվածեղ:
- Խեղճ աղջիկ,- անհիշաչար մտածեց նա,- իր անհեթեթ ինքնահավանության և սիրո հետ շփոթվող կենսաբանական թրթիռների պատճառով դաժանորեն պատժվեց Աստծուց անիծված այս մեծ քաղաքում, 16 տարեկանում ևս մեկով պակասեցնելով կույսերի առանց այդ էլ արագորեն նվազող քանակը: Իսկ այն լակոտը ՙամուսնություն՚ բառի հենց առաջին իսկ արտաբերումից դրսևորեց մինչ այդ երբեք չունեցած, ծնողների խորհուրդը լսելու գովելի հատկություն (մայրը սարսափում էր նրանց ամուսնանալու գաղափարից իսկ) և ակնթարթորեն արանքը ճղեց: Հետո եկավ ձեռքից-ձեռք անցնելու, լքելու և լքվելու, ստեր հորինելու, տագնապներից և տրիպերից բուժվելու, անփորձ տղեկներին գայթակղելու ու ծաղրելու, ինտելեկտուալ պահանջները որևէ փնթի արվեստանոցի անտաղանդ նկարներով զարդարված պատերի ներսում կասկածելի մաքրության թախտի վրա բավարարելու անխուսափելի ժամանակը:
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ…
Բորովիկովսկուց, Կորտասարից, Շոպենից ու ՙԼվՏրՑՐՈվՍՈ՚-ից կազմված մի նախանձելի խառնուրդ, որի բաղադրությունն ուսումնասիրելու սարսափը ամենահմուտ ալքիմիկոսին անգամ կստիպեր ինքնակամ գնալ դեպի ողջակիզման խարույկը, խառնուրդ, որում Մովսեսը վերջնականապես ազատվելով ավետյաց երկիրը զավթելու սևեռուն գաղափարից, իր պատվավոր տեղն է զբաղեցնում 12 առաքյալների կազմակերպած խորհրդավոր ընթրիքում: Տեսածն ու լսածը գիտելիք համարելու թոմսոյերական հավատ և դեռ Միքելանջելո ու մանկավարժություն վերլուծելու լիբիդոզային հավակնություն:
Հայելու մեջ տղամարդը մի զույգ հեգնական աչք տեսավ և կարմրեց (ՙպառակտվում ու ոխակալ են դառնում,- անտարբեր մտածեց նա՚):
Հետո եկավ նրանց ԺԱՄԱՆԱԿԸ:
Տղամարդը բավականին փորձված էր չափազանց կարճ շրջազգեստով ծանրակշիռ դարձած կանչող հայացքների իմաստը ըստ արժանվույն գնահատելու համար ու գիտեր, որ կիսամութ սրահում գինով, Դոստոևսկիով և Ֆրեյդով հագեցած զրույցը դեպի անկողին տանող ամենակարճ ճանապարհն է: Այսուհանդերձ, նա քնքշանքով էր հիշում աղջկան: Խեղճ, փոքրիկ, մոլորյալ զոհ: Նա մի պահ պատկերացրեց իրեն Աբրահամի դերում ու սարսափեց: Հիմարաբար: Հիմարաբար մտածեց, որ այդ պահին թփերում ոչ մի գառնուկ չի նկատել: (Այս անիծյալ հարբեցողությունը էքզիստենցիալիզմ է ծնում,- հեգնանքով մտածեց նա):
Տղամարդը հիշեց իրենց արտառոց կապը, որն իրենք ՙսեր՚ էին անվանում:
Պոռթկուն և փոթորկող գգվանքներ, գինի, ընկերների հետ անցկացրած իմաստությամբ և խմիչքով հագեցած զրույցների երկար ժամեր: Խանդ (՞): Փոխադարձ դավաճանություններ: Արցունքներ: Բացատրություններ: Երդումներ (կեղծ): Հետո նորից նույնը: Քսանօրյա բաժանման փորձությունը աղջկան հանգեցրել են ՀՈԳԵՎՈՐ (բա՞), նոր կապ որոնելու իմաստուն գաղափարին: Ոչինչ չէր ստացվել (խաղողը թթու էր): (Փոխադարձ կշտամբանքներ): ՙԵթե գտնում ես, որ քո սիրուհին լինելը մեծ պատիվ է, սխալվում ես՚ և կամ ՙես կարող եմ ավելի լավին ճարել՚:
Աստված իմ, ի՞նչ տրամաբանություն է`
ՄԻՍ ՃԱՐԵԼ, ԿՈՇԻԿ ՃԱՐԵԼ, ՍԵՐ ՃԱՐԵԼ:
Խելագարվել կարելի է:
Հաշտություն: (Խաբուսիկ, ուժերի վերադասավորման բարձրաձայն չասած համաձայնություն): Այս անգամ էլ բնությունը հաղթեց սրտին ու բանականությանը: Տղամարդը մի մեծ գավաթ կոնյակով ողողեց այդ մտքից հետո բերանում մնացած սրիկայության պարզորոշ համը: Տղամարդը մեծահոգաբար թույլ տվեց աղջկան առաջինը լքել իրեն: ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ: (ՏՂԱՄԱՐԴԸ ՏԵՍԱՎ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՑԻ ՊԱՏԻՆ ՓԱԿՑՎԱԾ ՊԻԿԱՍՈՅԻ ԱԲՍԵՆԴԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ ՍԵՎԵՌՈՒՆ ՆԱՅԵԼՈՎ ԻՐԵՆ ԻՐ ՆԵՂ ԱԿՆԱԽՈՐՇԵՐԻ ԲԱՑԱԿԱ ՀԱՅԱՑՔՈՎ, ԴԱՆԴԱՂՈՐԵՆ ԴԱՏԱՐԿՈՒՄ Է ԲԱԺԱԿԸ): Նույնիսկ կոնյակը ի վիճակի չէ մեղմելու այդ զարհուրելի բառի առաջացրած վեգետատիվ նյարդային համակարգի սոսկալի լարումը: Տղամարդը թույլ տվեց իրեն իջնելու ուրիշի սպիտակեղենը խառնշտողի մակարդակին և փորձեց պատկերացնել աղջկա ապագան:
Պարզունակ և հաստատուն տրամաբանությունը կստիպի նրան նետվելու որևէ արկածախնդրության գիրկը: Ո՜չ: Ոչ մի դեղնակտուց: Աղջիկը խզել է կապերը հասակակիցների հետ (գինիով և իմաստությամբ հագեցած զրույցների հետևանքը: Աղջիկը էվոլյուցիայի այն էտապում է, որ նրան թվում է, թե շատ բարձր է հասակակիցների հետ շփվելու մակարդակին իջնել համար: Հիմարություն: Հավանաբար նա կընկնի միջին տարիքի որևէ պրոֆեսիոնալ որսորդի ճանկը: (ՆԿԱՐԻ ԿԻՆԸ ԱԲՍԵՆԴԻ ԲԱԺԱԿԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԳԼԽՈՎ ՏԱԼՈՒ ՉԹԱՔՑՎԱԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑ):
Իսկ հետո կվերադառնա (vade retro, Satanas ) ու հիացմունքի արժանի պարզամտությամբ կպատմի ամեն ինչ (ՙԵս միշտ էլ պոռնոգրաֆիկ աստիճանի անկեղծ եմ՚) միամտորեն հավատալով, որ լիովին մաքրագործվել է մեղքերից: Հետո հիստերիա և կարծեցյալ հղիություն (կեցցե՜ Ֆրեյդը):
Սիրելի, փոքրիկ, միամիտ աղջիկ…
Դու նման ես այն մկնիկին, որն անկեղծորեն հավատում էր, թե հետապնդող կատուն անհունորեն սիրահարված է իրեն ու ջերմությամբ հավատում ես, թե Մարկես կարդալով կամփոփես աշխարհի իմաստությունը: Անսիրտ տատի կործանված փոքրիկ պոռնկուհու և Ռեմեդեոս Գեղեցկուհու միջինը… Նույնիսկ Մարկեսը գլուխը կկորցներ: Իմ լավ, սիրելի, իմ սպիտակ հիմարիկ…
Դու փակ աչքերով նետվեցիր այն աշխարհը, որը քեզ համար չէ ստեղված և հանուն րոպեական հաճույքի վաճառեցիր հոգիդ սատանային: Մնա ավելի լավ է քո ամորձատված հավատալիքների սահմանում, որտեղ էժանագին մտքերի և շինծու մելոդրամաների մրցվազքում քեզ գերմարդ կզգաս ու կվայելես երջանիկ անտեղյակության հազվագյուտ բարիքը: Չէ՞ որ քո և քեզպեսների սահմանափակ միտքը յոգիզմի գերիմաստության հետ բախվելիս միշտ էլ կարող է ծնել ԱԵՐՈԲԻԿԱՅԻ շիլափլավը: Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում կյանքից: Վայելիր այն առանց ավելորդ խորհրդածությունների: Չէ՞ որ մտքերը կնճիռներ են ծնում հոգում ու դեմքին, իսկ դրանք արագացնում են ձեռքից-ձեռք անցնելու ռիթմը:
(ՏՂԱՄԱՐԴԸ ԲԱԺԱԿ-ԲԱԺԱԿԻ ԶԱՐԿԵՑ ՊԻԿԱՍՈՅԻ ԱԲՍԵՆԴԻ ԵՐԿՐՊԱԳՈՒԻ ՀԵՏ, ՈՐԸ ՎԵՐՍՏԻՆ ԴԵՄՔՆ ԱՌՆԵԼՈՎ ԻՐ ՈՍԿՐՈՏ ՈՒ ԵՐԿԱՐ ՄԱՏՆԵՐԻ ՄԵՋ, ՎԵՐԱՑԱԾ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐ` ՆԱՅՈՒՄ ԷՐ ՀԵՌՈՒ՛-ՀԵՌՈՒ…):
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԻՇԽԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:42

ԼԱՓՏՈՒՐ ԽՈԶԸ


Անտառի բամբասասերների կողմից անհավատալիորեն ծաղկեցրած այս պատմությունը դարավոր կաղնիներն արմատախիլ անող քամու բերանն ընկած, թռավ հասավ օդի այն շերտերը, ուր աստղերը ժամադրվում են հավերժահարսերի հետ և ուր ոսկեփորիկ մեղուները ճշմարտության նեկտար են ժողովում իրենց երկնագույն փեթակներում: Հենց այդ մեղուներից մեկն էլ պատմեց ինձ այս պատմությունը:
Դարավոր անտառում, ուր գիշերները կարելի էր հանդիպել սպիտակազգեստ ուրվականների և ուր հեռուստացույցը դեռ դուրս չէր մղել անտառային կախարդների տնայնագործական հրաշք-հայելուն, ապրում էր Լափտուր խոզը իր բազմանդամ ընտանիքով: Իր անհագ ախորժակի շնորհիվ Լափտուր խոզը խժռում էր ոչ միայն անտառի սովորական բարիքները, այլև համարյա լափել վերջացրել էր այն բոլոր ախոյաններին, ովքեր ինչ-որ ձևով խանգարում էին իրեն: Մեծ, շատ մեծ իշխանություն ուներ Լափտուրն անտառում: Միայն նրա գրավոր թույտվությամբ էին թուխս նստում ագռավները և իրենց ստորերկրյա թունելները փորում խլուրդները, նրա հրամանով էր քուն մտնում Արջը և գիշերային իր թախծոտ երգերը երգում միայնակ Գայլը:
Լափտուրի տղաներից նրանք, ովքեր արդեն գոճի չէին, գտել էին իրենց տեղը կյանքում: Ավագ որդին նույնիսկ գիտական աստիճան ուներ: Ճիշտ է, չար լեզուները պնդում էին, թե նրա` «Ծառերի վնասակար թրթուրները» թեմայով դիսերտացիան գրել է փայտփորիկը, բայց դե չար լեզուներ որտեղ չկան: Մյուս որդին անտառի հարկային տեսչության պետն էր` գիրանալու անսահման հնարավորություններով: Նույն չար լեզուները տարածել էին, թե նա կապված է աղվեսների ընդհատակյա մաֆիայի հետ: Հաջորդ որդին անտառի հաշտարար դատավորն էր, մյուսը` խանութպան և այլն:
Լափտուրի թոռները` նրանք, որոնք դեռ գոճի էին, երաժշտության դասեր էին ստանում Սոխակից, զբաղվում մարմնամարզությամբ և մաթեմատիկայի ուսուցչին խոստովանում, որ չորս կաղինին գումարած մեկ կաղին կլինի հինգ կաղին, որոնցով սակայն, ցավոք փոր չի կշտանա: Մինչ նրանք տնքում էին դասերի վրա, Լափտուրի կինը գետաձիու նազանքով սենյակից սենյակ ճեմելով, գեղանի եղնիկների հետ քննարկում էր մոդայի վերջին նորույթները:
Լափտուրի Վարազ նախապապը, որը դատելով հին լուսանկարներից, ցից-ցից մազերով մի գեղջուկ էր, չվող արագիլներից լսելով այն մասին, որ Աֆրիկայում բոլոր փղերին կոտորել են իրենց ժանիքների համար, այնպես էր վախեցել, որ բախվելով ժայռին, կոտրել էր իր ժանիքները և տափակեցրել քիթը, այդ պատճառով էլ նրա բոլոր սերունդները ծնվում էին առանց ժանիքների և տափակ քթով: Ընտանեկան այս ավանդույթը պատմվում էր բոլոր հարմար առիթներով, հնարավորություն տալով տարին երկու անգամ ամենաթանկարժեք առողջարաններում ցեխի վաննաներ ընդունող Լափտուրյաններին մեծամտորեն քմծիծաղելու իրենց ռամիկ ու դյուրահավատ նախնու վրա:
Ահա այսպիսին էին Լափտուր խոզը և իր ընտանիքը: Չմոռանամ ասել, որ Լափտուրն ուներ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` առ այն, որ ինքը հուսալի ընտանիքի զավակ է, որ երբեք չի թավալվել մեղքի երերուն ճահիճներում, որ օտար անտառներում հարազատներ չունի, որ շատակերների համաանտառային մրցույթի դափնեկիր է և, նույնիսկ, որ հարազատ անտառի համար զոհված անհայտ հերոս է: Բա՛: Չկարծեք թե Լափտուրը սովորական խոզ էր, նրանցից, որոնց կոչումը միայն գիրանալն ու վերջում ապխտվելն է. նա ուրիշ խոզ էր…
Ասացինք, որ Լափտուրը մեծ իշխանություն ուներ անտառում: Նրա գրասենյակը գտնվում էր սոճիների մի գեղեցիկ պուրակում: Գրասենյակի ետևում գտնվում էր մի մեծ ճաշասենյակ, ուր և նա անցկացնում էր իր օրվա մեծ մասը և ահա թե ինչու:
Լափտուրի գրասենյակ էին գալիս շատ խնդրատուներ, իրենց հոգսերով, բողոքներով.
-Ուզում եմ թռչնաբուծական ֆերմայի վարիչ դառնալ,- խնդրում էր Աղվեսը:
-Պաշտպանեք ինձ ոչխարների ոտնձգություններից,- բողոքում էր Գայլը:
-Բարձր կաղնու երեքսենյականոց փչակը խնդրում եմ ինձ հատկացրեք,- ասում էր Սկյուռը:
-Թող ոչ ոք ինձ չհամարձակվի սողուն կոչել,- բորբոքվում էր Օձը:
Եվ նա նրանց պատասխանում էր միայն մեկ արտահայտությամբ.
-Լափ տո’ւր:
Եվ բերում էին, ով ինչ կարողանում էր:
Նապաստակը նրա համար բերում էր թարմ գազար ու վարունգ, Արջը` նոր քամած մեղր, նույնիսկ աղքատ այրի Կկուն, ոչինչ չունենալով, բերում էր իր ձագերին:
Ուրեմն զարմանալու ոչինչ չկա, որ Լափտուրը օրվա մեծ մասն անցկացնում էր գրասենյակին կից ճաշասենյակում:
Լափտուրը ի ծնե վախկոտ և փոքրոգի լինելով` միշտ շրջում էր Սափրագլուխ Շնագայլերի ոհմակով շրջապատված, որոնց պարտականությունն էր ծեծել լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին բողոքել իր իշխանության դեմ: Այդ հույժ անհրաժեշտ աշխատանքի դիմաց Լափտուրը մերթընդմերթ պարգևատրում էր նրանց կրծած ոսկորներով:
Մի անգամ Շնագայլը հևասպառ Լափտուրի գրասենյակն ընկավ հենց այն պահին, երբ նա ավարտելով իր փառահեղ ճաշը, բազմոցի վրա ատամները քչփորելով, պատրաստվում էր բժիշկների նշանակած առողջարար քունը մտնել:
-Հը, ի՞նչ կա,- դժգոհ մրթմրթաց Լափտուրը:
-Ձերդ խոզություն,- կմկմաց Շնագայլը,- անտառում ինչ-որ լուրեր են պտտվում…
-Էհ, անտառը դրա համար էլ անտառ է, որ լուրեր պտտվեն,- քնաթաթախ մրթմրթաց Լափտուրը,- լուրերով առայժմ ոչ ոք չի կշտացել:
Ճաշից հետո նա միշտ էլ փիլիսոփայաբար էր տրամաբանում:
-Բայց, ներեցեք, այդ լուրերը կպնում են ձեր արժանապատվությանը:
-Ի՞նչ,- ոտքի թռավ Լափտուրը:
-Եթե ցանկանում եք, ես կկանչեմ Կաչաղակին,- ետ-ետ գնալով, ամեն րոպե ծլկելու պատրաստ՝ ասաց Շնագայլը,- հիմար շատախոսը մի նամակ է բերել, մի շատ վատ, շատ վարկաբեկիչ նամակ: Անտառում խոսում են միայն այդ մասին:
-Տուր նամակը,- իրեն կորցրած խռնչաց Լափտուրը:
Նամակը գրել էր հեռավոր հարթավայրերի խոզաբուծարանում ապրող մեկը:
Ահա թե ինչ նամակ էր այդ:
«Մեծարգո և պատվարժան Լափտուրին, անտառի շատակերին, բոլոր խոզերից ամենաարժանավորին` ողջույն:
Հեռու-հեռվից լսելով Ձեր շատակերության համբավը, հետաքրքրվեցի Ձեզնով: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպե՞ս և որտեղի՞ց եք սնունդ ստանում աղքատ անտառում, ո՞վ է Ձեզ ուտելիք մատակարարում: Երկար խորհելուց հետո եկա այն եզրակացության, որ Դուք օտարերկրյա վարկեր գրպանող, անտառային խղճուկ որկրամոլ եք և ոչ թե աշխարհահռչակ շատակեր: Այդ համոզմունքից ետ կկանգնեմ միայն այն ժամանակ, եթե բարեհաճեք մրցել ինձ հետ գալիք կիրակի վաղ առավոտյան: Նամակիս կից ուղարկում եմ ախորժակի դեղ` մրցությանը նախապատրաստվելու համար:
Խոզաբուծական ֆերմայի պարծանք, միջազգային մրցույթների դափնեկիր, ամենակեր ու ամենագեր` Գերխոզունի»:
Նամակի բովանդակությունը, իսկ առավել ևս կից ուղարկած ախորժակի դեղը մինչև հոգու խորքը վիրավորեցին Լափտուրին: Երկար ժամանակ նա ոչինչ չէր ասում: Մտովի նա տեսնում էր անտառի բնակիչների ծուռ քմծիծաղը, կեղծ կարեկցական հայացքները և ավելի էր կատաղում.
-Ես դրան ախորժակի դեղ ցույց կտամ,- վերջապես որոտաց նա այնպես բարձր, որ նույնիսկ կաղնու տերևները դողացին:
Նշանակված օրը Լափտուրն իր շքախմբով ներկայացավ խոզաբուծական ֆերմա:
Երկու հսկայական տաշտերի մեջ լցված կերը ախորժելի բուրում էր: Լափտուրը նույնիսկ ախոյանին չնայելով` վրա պրծավ տաշտերից մեկին: Գերխոզունին կպավ մյուս տաշտին: Մնացած խոզերը դունչներն էին լիզում և որպեսզի իրենց մխիթարեն, ձևացնում էին, թե սպորտային ազարտի մեջ են: Աներևակայելի խռնչոց էր բարձրացել: Ոչ ոք նույնիսկ չնկատեց ֆերմայի հրացանավոր պահակի մոտենալը: Նրան անհանգստացրել էր անսովոր աղմուկը:
-Օհո, ոհմակին նոր խոզ է խառնվել: Եվ ինչ էլ գերն է,- կամացուկ ասաց պահակը: -Սպասիր, սա ախր անտառի վայրենացած խոզերից է:
Եվ նույն պահին նա հանկարծ հիշեց, որ խոզաբույծի աշխատանքը շատ ծանր է, որ ահա ինչքան ժամանակ ինքը կարգին խորոված չի կերել, որ վատ չէր լինի.. և պահակը ինքն էլ չզգաց, թե ինչպես քաշեց ձգանը:
Կրակոցը փայլատակեց, Լափտուրը վայր ընկավ, և նույն ակնթարթին չքվեցին-չքացան և՛ կերակրատաշտը, և’ խոզերը, և’ պահակը, և՛ այն անտառը, ուր Լափտուրն
այնքան լափ էր լափել:
Խոզարածները մի լավ խորոված սարքեցին: Տեսնել էր պետք, թե ինչպես էին ճթճթում Լափտուրի կողերը թեժ կրակի վրա: Մնացած միսը վաճառեցին քաղաքում: Միայն թե մարդիկ, ովքեր ուտում էին Լափտուրի մսից, նրա բնավորության գծերից ինչ-որ բան էին ձեռք բերում:
Եթե հանդիպեք տգետ, կաշառակեր, որկրամոլ, երեսպաշտ և այլ արատներ ունեցող
մարդկանց, գիտցեք, որ նրանք Լափտուրի մսից են կերել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0