СТАНЬ VIP

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:23

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Hrant Matevosyan.jpg
Hrant Matevosyan.jpg (5.43 кб) Просмотров: 20866
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 04 окт 2010, 07:24

ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ


Նվիրվում է Գուրգեն Մահարուն, ուրիշ չավ բան չունի հեղինակը Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անա¬խորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել եմ, և սիրտս թաքուն սպասում Է ծեծին։ Գու¬ցեև Էությունս լցվում Է որևէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտոցի պես։ Չգիտեմ։ Եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես դարանած քաղցկեղ է, պատժի սպասում է, քիթը մտած փոշեհատիկ Է, որ սպասում Է մի ճառագայթ արևի – հա՜պչ... Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածու¬ներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի։ Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում Է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հար¬վածային ուժի հետ։ Պարզ է, որ տոհմով կծիծաղեցնեինք աշխար¬հի բոլոր գյուղերին։ Պարզ է, որ հիմա մեր ծիծաղը պետք է գյու¬ղում պատեպատ խփվելիս լիներ ամպրոպի արձագանքի պես։ Տոհմում կա մի Մացակ, քսանհինգ տարեկան, նոր ամուսնացած, շատ քնող։ Կա նաև մի աքաղաղ, անուն՝ կունենա, երեխաները դրած կլինեն, ես չեմ հիշում։ Անունը դնենք Սուլթան։ Հենց որ այս Մացակն ամուսնացավ ու քնից ուշ էր վեր կենում, այս Սուլթանը սկսեց թռչել պատշգամբի բազրիքին ու` ծուղրուղու, Մացակը քնած է... Այնքան էր կանչում, որ Մացակը ներսից պատասխանում էր՝ զահրումար... Հետո սկսեց տատիս համոզել, թե հիվանդ է, մինչև աքաղաղի միս չուտի՝ չի առողջանա։ Իսկ տատս պատասխանում էր. -Քո հասակի տղաները գյուղ են կառավարում։ -Դո՛ւ գիտես։ Մացակը շարունակեց ուշ արթնանալ, իսկ Սուլթանը՝ գյուղով մեկ հայտարարել, թե Մացակը, ծուղրուղու, ընդամենը մի կին ունի, բայց քնած է, իսկ ինքը, ծուղրու¬ղու, երեսուն կին ունի, բայց շուտ է արթնա... Հենց այդտեղ էլ Մացակը նրան բռնեց։ Տրուսիկով, մազերը խառը, մի աչքը կպած՝ դուրս եկավ ու բռնեց։ -Կմորթեմ, Մացակ ջան,– իրար անցավ տատը,– ամառվա աշխատանքը վերջա¬նա՝ կմորթեմ։ -Դո՛ւ գիտես,– ասաց Մացակը։ Եվ պարզվեց, որ Սուլթանը, չնայած ծիրանիին, սուտակե թագին և արքայական մյուս բաներին, սուրբ մզկիթ կտուցից զատ, իր վրա մի ուրիշ անցք ունի՝ ղումաշով ծածկած, իսկ Մացակը դրա մոտավոր տեղը գիտե։ Մացակը երկար ետ էր տալիս ղումաշե դարսերը, իսկ Սուլթանը արքայա¬կան բարկությամբ ծղրտում էր ինչ-որ բան. եթե տոհմի երեխաները ներկա լինեին՝ ճշգրտորեն կթարգմանեին նրա մավրիտաներենը. մեծերս մերթ այս էինք հասկանում, մերթ այն. երևի Սուլթանը գլխատման հրաման էր տալիս, երևի հայտարա¬րում էր իր անձեռնմխելիության մասին ի գիտություն, մեկ էլ կարծես թե որոշակի¬որեն ասաց, «չհամարձակվե՛լ»։ Չգիտեմ, միայն թե «չ» տառն ու հրամայական շեշ¬տը կային։ Այդպես, տարբեր բաներ։ Ով գիտե, այդ արքաները այնպես են խոսում բարկացած ժամանակ, որ մարդու թվում է, թե բառաչում են և ընդհանրապես չեն իմացել խոսել։ Իսկ Մացակն իր գործին էր. հսկաների արքան թզուկների նվեր բեր¬ված արքային տնտղում էր ըստ ամենայնի։ -Հրես։- Եվ Մացակը ժպտաց խնամքով թաքցված գողություն բացահայտող քննի¬չի ժպիտով։ Հիմա Սուլթանը հաշտություն էր աղերսում, հարեմը թողնում է Մացակին, ննջա¬րանի սահմաններում կոճիկափող չի փչում, դառնում է վասալ-արքա, կղա, կղա, կըղղ, եթե ուրիշ սուլթաններ փորձում են անհաճո ձայներ հանելով խանգարել Մացակի արքայական քունը, Սուլթանը ջարդում է նրանց թագը և ծվատում է նրանց ծիրանին, ծկղա... -Այդ մասին շուտ պիտի մտածեիր,– ասաց Մացակը։ Եվ պարզվեց, որ Սուլթանը, կտուցից զատ, մի ուրիշ անցք ունի, և պարզվեց, որ մեքենայի յուղիչով կարելի է յուղել նաև այդ անցքը, չնայած մեքենայի անցք չէր։ Որտեղից որտեղ։ Կեցցե՛ Մացակը։ -Կղա, կղղա, կըղ...– Սուլթանը հիմա բողոքում էր այնպիսի վհատ ձայնով, որ երևում էր ոչինչ չէր անի, կգանգատվեր, ամենաշատը... -Դե հիմա այնքան կանչիր...– Մացակը նրան շպրտեց պատշգամբից ներքև ու գնաց քնելու։ Սուլթանը քայլ փոխելով երկար մտածում էր, թե ինչ կատարվեց իր հետ, վիզը ձգելով շուրջն էր նայում՝ մեկնաբանում սպասելով ուրիշներից, ախար այդ արքա¬ները մտածելու կողմից խեղճ են. առանց խորհրդականի չեն կարողանում մտածել։ Այդպես էլ Սուլթանը չհասկացավ, թե ինչ էին արել իրեն, ու այնքան էր երեսառած, որ չխրատվեց, թռավ բազրիքին, թևերը շխշխկացրեց և ուզեց կանչել՝ ծուղրուղու։ Երևի նաև՝ Սացակը քնա-ծէ... Բայց օդը դուրս եկավ ոչ թե կտուցից, այլ այն մյու¬սից, յուղած տեղից, և դուրս եկավ ամենևին էլ ոչ գեղգեղալով, այլ ֆըսս... Նա այն¬քան հիմարն էր, որ դեռ կարծում էր ծուղրուղու է կանչում, ու Մացակը ներսում ականջները փակում է ու հիմա պիտի ասի՝ զահրումար... ...Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկաթյամբ իմ մեջ մի բան ուռչում է, վարակե¬լով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե ան¬ցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բա¬նում խանգարել եմ, և սիրտս թաքուն սպասում է ծեծին։ Գուցեև էությունս լցվում է որևէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտո¬ցի պես։ Չգիտեմ։ եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես դարանած քաղցկեղ է, պատժի սպասում է, քիթը մտած փոշեհատիկ է, որ սպասում է մի ճառագայթ արևի - հա՜պչ... Ահա՛։ Մացակը սրամտել է, իսկ տատիս շրթունքները պահվող ծիծաղից չեն կնճռոտվում։ Տատս, ընդհակառակը, ասում է. -Գետինը մտիր, գետինը... քո հասակի տղաները գյուղ են ղեկավարում։ Այդ ճիշտ է։ Նրա հասակի տղաներից մեկը օրերս դարձավ ֆերմայի վարիչ։ Մացակն ու այդ տղան ծնվել են մի օր, դպրոց են ընդունվել միասին։ Լավ էին սո¬վորում, երկուսն էլ գերազանցիկ էին։ Արտաքինով նման չէին, բայց ինչ-որ տեղ, թվում էր, խարդախություն կար և նրանք մի հորից էին, այնքան որ արարքներով նման էին իրար։ Դեռ տարբերությունը միայն այն էր, որ Մացակը հանձնարարված ոտանավորի մի բառը հանկարծ փոխում էր, հացը, օրինակ, դարձնում էր երշիկ, կամ մի տողն էր փոխում՝ այսքան ուրախ կյանքը մեր ասելու փոխարեն հավաք¬վեցին քեռի, աներ էր արտասանում, իսկ այդ տղան լսում էր, հետո լուրջ առարկում. «Սխալ ես ասում, երշիկ չէ, հաց է»։ Մինչև հանրահաշվի հանդիպելը փո¬խադրվում էին միասին։ Հանրահաշվի դասարանում այդ տղան մնաց, առաջին քա¬ռորդին, քանի դեռ չգիտեր առարկայի լրջությանը, սովորում էր, ոչինչ, գնահատա¬կանը «4» էր. երկրորդ քառորդին ասում էր.– Բայց ուժեղ գիտություն է, չէ՝...– և ցուցամատերով ականջները փակած՝ նայում էր դասագրքի մեջ մի տառի. -Պլյուս։ Նայիր, հետաքրքիր է, չէ, պլյուս... Երկրորդ քառորդում գնահատականը «3» էր։ Երրորդում «2» էր, չորրորդում՝ «1»։ Յոթերորդ դասարանում այդ տղան նստեց երկու տարի, ութերորդում երեք տարի, իսկ իններորդում ասում էր ցածր դասարանցի իր հետ կռվողներին. -Հասիր իններորդ՝ լեզուդ նոր երկարացրու։ «Պատերազմի պատճառները։ Պետք է տարբերել հետևանքը պատճառից»։ Տասներորդում այդ տղան այնքան սովորեց, մինչև դասընկերները գնացին ինս¬տիտուտ, վերադարձան դպրոց, նրան դաս տվեցին։ Իսկ նա դեռ ձեռք էր բարձրացնում հարց տալու ուսուցիչներին, որոնք հիմա իր հասակակիցներն էին. -Ընկեր Հակոբյան, ինչու չենք ասում բայդեր, այլ ասում ենք դերբայ։ «Դերբայ - բայդեր»,– ասում էր նա մտահոգ։ Պատահում էր ընկերները անեկդոտ էին պատմում, սա լուրջ լսում էր ն վերջում գլուխը դրական շարժում.– Այո՜... Իսկ Մացակը յոթերորդում հանրահաշիվն այնպես հեշտ վերց¬րեց, ասես էստաֆետի փայտիկ էր՝ վազելիս ձեռքն առավ։ հվ ընդ¬հանրապես նա դպրոցն այնպես շտապ վերջացրեց, որ մարդիկ չհասցրիև տեսնել, թե նրա ձեռքին ո՛ր դասարանի դասագիրք է: Մարդիկ չհասցրին նկատել նրա խելոքությունը։ Արագ լուծել էր՝ Մացակինն էր, անսխալ թելադրություն էր՝ Մացակինն էր, պատերազմը,– պատճառ է, հետևանք է, պատրվակ է,– բոլոր կողմերով վերլուծել էր՝ Մացակինն էր, տեսուչ եկած ժամա¬նակ դասարանը փրկել էր՝ Մացակինն էր։ Բայց այդ ամենը Մացակը շատ էր թեթև անում, լուրջ չէր անում, կարծես ամեն ինչ լեզվին էր, նա հենց միայն դուրս էր հանում, չէր մտածում, մանավանդ որ աչքերից մեկն էլ ահագին շիլ է դեպի դուրս։ Իսկ այդ տղան մտածում էր. դեմքը լուրջ էր և այևքան էր լուրջ ու այնպես էր մտածում, որ թվում էր, թե տեսուչի եկած ժամանակ դասարանը փրկել է՝ նրանն էր, պատերազմը վերլուծել է՝ նրանն էր, և Մացակի խնդիրներն էլ նա էր լուծել, ընկերասիրություն էր արել, իսկ իրենը, ընկերոջը փրկելու համար, դիտմամբ խառնել էր. գրել էր, ջնջել էր, տակը, իբր մտքի ետևից ըևկած, մարդու գլուխ էր նկա¬րել և այդպես էլ հանձնել քննող ուսուցիչներին։ Եվ նայելով նրա դեմքի լրջությանը, մարդ համոզված կռահում էր. -Դու կգնաս փիլիսոփայության ֆակուլտետ, այնպես չէ՞։ Իսկ Մացակի դեմքին նայելով մարդ ասում էր. -Հիմա պարտադիր ուսուցում է, դու ինչու դպրոց չես գնացել։ Հետո երկուսն էլ անասնապահական ֆերմայում էին աշխատում։ Կաթի պահեստապետն ամեն օր այդ տղային ասում էր. -Այսօր քո նախրի կաթը քիչ է։ Ի՞նչ է պատահել, հիվանդ ես:– Եվ ամեն օր պահեստապետին թվում էր, թե նախորդ օրը այդ տղա¬յի նախրի կաթը ռեկորդային է եղել և վաղն էլ պիտի լինի։ Իսկ Մացակին ասում էր. -Վայ թե ջուր ես խառնում։- Եվ յուղայնությունն ստուգող գործի¬քը թափ էր տալիս, տնտղում էր տակից, գլխից, գործիքին չէր հա¬վատում։- Դու ջուր խառնած կլինես,- ասում էր Մացակին։ Կենտրոնից եկել էին Մոսկվա ցուցահանդեսի տանելու Մացա¬կին. դեմքով նրան չգիտեին, փնտրել էին ցուցակներում ամենա¬բարձր արդյունքը, գտել էին այդ թվերը, իսկ դրանց դեմը գրված էր եղել Մացակ։ Եվ գրասենյակում դիմելով այդ տղայիև, շրջկոմի ներ¬կայացուցիչն ասաց. -Ուրեմն, ընկեր Մացակ, պատրաստվեք վաղը թռչելու։ -Մացակը ես եմ,– ասաց Մացակը։ -Օ՜...– բարեհոգի ժպտաց այդ ընկերը,- դա ինձ ծանոթ բան է. ես գիտեմ, որ ամեն գյուղ ունի իր ծաղրածուն։ Եվ չնայած այն տղան ամենևին էլ Մացակ չէր- գնաց ցացահանդես։ Եվ ոչ միայն ցուցահանդես։ Նրա գործերն ուղարկեցին հեռա¬կա ինստիտուտ։ Դրա հետ՝ դարձրին ֆերմայի վարիչ։ Դրա հետ՝ հանդիսավոր նիստերին նախագահության մեջ է լինում։ Եվ կտես¬նեք, որ այնտեղ, ինստիտուտում, նրա լրջությանը նայելով, դասա¬խոսները կտանեն ստացիոնար։ Իսկ ստացիոնարի վարչությունը նրան կպահի ասպիրանտ։ Նա հենց դոկտորացու է։ Այդ ամենն ստացվում է ինքն իրեն, ոչ ոք նրա իշխանավոր քե¬ռին չէ, այդ տղան ոչ ոքի չի քծնում։ Պարզապես իր համար լուրջ կա։ Մի բան, որ պակասում է Մացակին։ Ասենք, Մացակը մեղավոր չէ. աչքը դրսի վրա շիլ է։ Բայց այն էլ մտածենք, որ եթե շիլ աչքը այդ աղայինը լիներ, մեր պատկերացմամբ լրջությունը շիլաչք կլի¬ներ։ Պարզապես հարկավոր է ամեն ինչ բարձրացնել տնքոցով, իջեցնել՝ տնքոցով, քո բանը չէ, ձեռք չես տալիս՝ նորի՜ց տնքալ, չե¬ղած տեղն էլ տնքա՜լ։ ...Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան ուռ¬չում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողու¬թյուն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարում եմ, ու սիրտս թաքուն սպասում է ծեծին։ Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածու¬ներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի: Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հար¬վածային ուժի հետ։ Դժբախտությունն այն է, որ աշխարհը լուրջ է, մտածում է, մտա¬ծելու ջիղը զարգացել է ըմբիշի թիկունքի պես, իսկ ծիծաղի ջիղը դարձել է ճգնավորի թև։ Տոհմին հարս եկածները եթե ունևոր տնից եև լինում, մեզ մոտ սկզբում իրենց լավ են զգում, որովհետև իրի¬կունները տոհմը նստում է բազմոցին, թախտին, սեղանի շուրջ և սկսում գյուղին ծաղրանկարել. քաշում-կախում է մեկի քիթը, մեկի բերանը պատռում-հասցնում է ականջատակերը, իսկ ականջներն այնպես է ձգում, որ գլխարկի կողքերից դրանք բարձրանում են և գլխից շատ վերև են լինում, շարժվում են օդում, տոհմը մեկին այն¬քան արագ է խոսեցնում, որ բառերը կպչում են իրար, արանք չեն ունենում, պատահում է մի բառի տառը թռչում-տեղավորվում է մի ուրիշ բառի մեջ,– և այդ հարսը մտածում է, որ ընկել է արքունիք։ Հետո այդ հարսը տեսնում է, որ այն արագախոսը, ճիշտ է, խոսքը խճճում է, բայց նախագահ է, այն մյուսը, ճիշտ է, օդում ճոճվող ականջներ ունի, բայց ավանակ չէ. պարզապես ականջները շարժե¬լով բաներ է կրում իր տուն, իսկ կախքիթը վերստուգիչ հանձնաժո¬ղովի նախագահ է. թերաչափումներ է գտնում և դժգոհում, կաշառ¬վում է և դժգոհում, դժգոհ-դժգոհ՝ ծիծաղում է բոլորի վրա։ Եվ տոհ¬մին հարս եկածը սպասում է մերոնք նստեն բազմոցին, թախտին, սեղանի շուրջ՝ ծաղրանկարելու գյուղին, ու ջղային ճչում է. -Իսկ դուք ինչ եք։ Աշխարհը թալանած տանում են, իսկ սրանք նստել են՝ սրա քիթը, սրա բերանը, սրա ականջները... Ձեր ականջներին, ձեր ականջների՜ն նա¬յեք... Ականջավորները հենց դուք եք եղել, ես միամիտ... Ունևոր տներից հարս եկածները մաղձից երկու տարում ծերանում են, լինում են գյուղի ամենակռվարարները և մեռնում են երեսունյոթ-քառասուն տարեկանում՝ լե¬ղապարկի հիվանդությունից, խպիպից, ջղային քորից, իսկ իրենց՝ մեռնողների կարծիքով նրանց սպանում է փողոտվող աշխարհի դիմաց մեր տոհմի քարե դեմ¬քը։ Իսկ եթե հարս եկածը որևէ հովվի, որևէ չիբուխ քաշող ջրաղացպաևի, ճեպընթա¬ցի սլացքն անտարբեր դիտող սլաքավարի կամ որևէ խաղաղ որսորդի աղջիկ է լի¬նում, նստում է տոհմի մեջ, թախտին ու ծիծաղում, ու ասում.– վա՜յ ծիծաղու մե¬ռանք... Այդպես այդ սլաքավարի կամ խաղաղ որսորդի աղջկանով մեր տոհմը հարստա¬նում է։ Նրանք մեր տոհմը հարստացնում են ծիծաղող երեխաներով։ Չպետք է կարծել, թե ունևոր տներից հարս եկածներն այդպես անհետ կորչում են՝ թողնելով այս աշխարհում միայն մի հողաթումբ, որ օր-օրի հավասարվում է գետնին։ Նրանցից ծնվածները լինում են մի քիչ մաղձոտ, մի քիչ ծաղրածու, եր¬բեմն հայհոյում են, երբեմն ծիծաղում։ Իսկ ընդհանրապես թողնում են այն մարդու տպավորությունը, որի ձեռքերը քոր են գալիս կռվի համար, բայց այդպես էլ չի խառնվում տուրուդմփոցին։ Նրանցից մեկը հիմա բանտարկված է գողության պատճառով։ Իսկ մինչև այդ ծիծաղում էր գողության, հետապնդման, հարցաքննության ու հետախույզ շան վրա։ Ետևից պատը քանդել, մտել էր խանութ, վերցրել էր մթի մեջ ինչ պատահել էր՝ մի արկղ լվացքի սև սապոն, մի արկղ կոնյակ, մի կիլոյի չափ մանրադրամ և բաճկոն՝ իր վրայից մի չորս-հհնգ համարով մեծ։ Այսքանը։ Համենայն դեպս այսքանը գտնվեց գոմաղբի մեջ։ Իսկ խանութի աշխատողն ասում էր, թե տարել են տասնչորս-տասնհինգ հազարի ապրանք։ Գողանալը՝ գողանալ։ Շա¬տերն են շատ բան գողանում, բայց այնպես են մարդամեջ ելնում, կարծես քիչ առաջ է վերջացել իրենց շքանշանով պարգևատրմաև արարողությունը։ Իսկ մեր տոհմեցու ծաղրածուական ջիղը բռնեց գողության հենց հաջորդ օրը։ Խմեց կոնյակ¬ներից մեկը, հագավ-կորավ բաճկոնի մեջ, գրպանը մանրադրամ լցրեց այնքան, որ բաճկոնն այդ կողմից կախվել, քսվում էր գետնին, ու բռնեց երեխայի թաթիկը, տա¬րավ խանութ. «Ո՞ր քաղցրից ես ուզում, պապան աղքատ չէ»։ Հարցաքննությունը իրեն պատռում էր, թե եղածը օճառ, մանրադրամ, բաճկոն ու կոնյակ է, շան որդին չէր ասում գլխավոր պահուստի տեղը, հետո ցույց տվեց խանութի աշխատողի փորը։ Սա նստել էր պետական կորստի համար վշտացած, սրիկաների դեմ զայրա¬ցած և մեղադրողի խոսքերի հետ շարժում էր գլուխը՝ շեշտեր էր դնում արդարու¬թյան խոսքերի վրա։ Բայց մեր տոհմեցուն սա ուրիշ կերպ էր երևում։ Մեր տոհմե¬ցին հասկանում էր, որ իրեն հեգնում է խանութի աշխատողը. «Դու ինչ գող ես, ախ¬պերս, միանգամից վերցրել ես մի կիլո կոպեկ, իհարկե՛ կբռնվես։ Պետք է վերցնել օրական մի քանի հատ կոպեկանոց, քիչ-քիչ, քիչ-քիչ։ Վերջում էլի մի կիլո է լինում, բայց չի երևում։ Վերջում տասնհինգ հազար է լինում։ Է, ախպերս...»։ Տոհմեցին չհամոզեց, որ չունի գլխավոր պահուստ, կատաղեց, հայհոյեց, հոգնած վեր ընկավ աթոռին և ղրանից հետո ծիծաղում էր, քննիչի հարցերը ասում էր քննիչից շուտ և հռհռում էր, ապա ասաց, որ մինչև հետախույզ շուն չբերեն՝ պահուստի տեղը չի ասի. «Ես այդքան հասարակ գող եմ, որ առանց շան վեր եք կացել եկել»։ Ապա որսաց նրա համբերության հատնելա պահը և կանխեց. «Ինչ եք կարծում, ծեծելու ժամանակը չէ՞»։ Խանութի աշխատողի մասին տոհմն այնպես էր դատում, ինչպես տոհմեցին, տոհմն ուզում էր նրա երեսին մամլակ շպրտել, երբեմն՝ կոտրել դատավորի ան¬հասկացող գլուխը, բայց ոչինչ էլ չկարողացավ անել և տվեց գողացված տասնհինգ հազարը, որը էր ամբողջ տոհմի կովերը, հարսների մատանիները, «Սոնա. 1905» և «Պախրա» խալիները, «Սիրամարգ» կարպետը, ինքնաեռը, կարի մեքենան և բարձերից մի երկուսը։ Եվ այդ թալանին դեմ տվեց իր ծիծաղը։ -Ո՞ւմ վրա եք ծիծաղում... ինքներդ ձեզ վրա եք ծիծաղում։ Ո՞վ էր։ Հարսներից մեկը, որ տրորում էր մատանու տե¬ղը։ Նրա և՛ հայրն էր սլաքա¬վար, և՛ ինքն էր ականջ ձգող–երկարացնող, բայց թե ինչու էր մաղձոտում, աստված գիտե: Նա ասում էր, որ դա գորիլաների հոտ է և ոչ թե տոհմ, ասում էր, թե բավական էր հարցաքննվելիս, երկու ժամն ի՞նչ է, երկու ժամ լուրջ մարդու տեսք պահել, որպեսզի վնասը հատուցեր վնասողը և ոչ թե այդ, այդ, այդ... սապոնը, ավա¬նակը, այդ սապնի գողը։ Նա ճիշտ էր ասում։ Բայց ծիծաղե¬լի են այդ ծաղրածուները, երբ փորձում են վշտանալ, լրջա¬նալ, մտածողի տեսք ընդունել, գործարարի պես շտապել՝ անել այնպիսի բաներ, ինչ անում են լուրջ մարդիկ։ Նա, այդ ծաղրածուն, մտածում է, շտապում է և կարծես վատ չի մտածում և շտապելիս գործա¬րարից ետ չի մնում։ (Բայց տղայական ինչ-որ ցանկություն է առաջանում մեջդ՝ ծալած ցուցամատով նրա քունքին տկտկացնել հը՛, մտածում ես, մտածի՛ր, մտածի՛ր,–կամ փո¬ղոցում վազել այդ շտապող մարդու ետևից ու կանչել, ծաղրածու, ծաղրածու... Վախթանգի երեխան ծանր հիվանդ էր. Վախթանգը ոռնում էր, կարմրած աչքերը դուրս էին թռչում, իսկ բրիգադիրը եկել ասում է. -էլի լակե՞լ ես... Մարդ է ծնվում մեր տոհմում, մարդ է մահանում- ոչ ոք չի իմա¬նում այդ. գուցեև իմանում են, բայց լուրջ չեն համարում, թատրոնի պես մի բան են համարում։ Միայն մենք ենք նկատում մեր երեխա¬յի բլբլոցը, քայլելը, խելոքությունը, սիրունությունը- դրսի աշխարհը մեր երեխայի միայն ծնունդն է արձանագրում, որպեսզի քսան տա¬րի հետո տանի զինծառայության, դրսի աշխարհը մերոնցից միայն արդեն պատրաստիների հետ գործ ունի։ Դալիս է- գնա աշխա¬տանքի, ասում է և տալիս է մի անուն, որ ծննդյան վկայականի անունը չէ,– Նազար, Մացո կամ այդպիսի մի բան, որ պրիստավի անունը չի եղել, հեղկոմի նախագահի անունը չի եղել և ներկայիս կարգին մարդկանցից որևէ մեկի անունը չէ, այլ մի որևէ դարբնի, ջրաղացպանի և էլի այդպիսի մարդկանց, որոնք աշխարհի ուղար¬կած թալանի հրավիրող բոլոր իմպուլսները խլացնում են իրենց չախչախի աղմուկի մեջ և գլուխը կախ իրենց գործին են մնում։ Ջուրն ու չախչախը քիչ է՝ նրանք կիսով չափ խուլ են լինում, խլու¬թյունը քիչ է՝ նրանք բամբակ են խցկում ականջները,– և գայթակղող ոչ մի իմպուլս չի հասնում նրանց գիտակցության խորքերը։ Նրանք լինում են ամենալավ պատմողը։ Այդ նրանք պետք է հնարած լինեն այն հեքիաթը, որի մեջ գայլն ու մաքին միասին արածում են, և հո¬տի մոտ շուն չկա։ Եթե նրանց անունը Տիգրան է՝ աշխարհը Տիգո է ասում, եթե Մացակ է՝ Մացո է ասում, և ինչքան էլ կարճ լինի անու¬նը՝ աշխարհը մի բան դեն է գցում, որովհետև ինքն աշխարհը թա¬լանի վազելուց առաջ որոշ բաներ կորցրել է և բոլորին է ուզում իր պատկերին բերել, այն վատ կնոջ հավակնությամբ, որի քիմքին չի գալիս անարատությունը։ Սա նորություն չէ, պատմություն ունի։ Եվ այդ պատմությունը գնում-հասնում է Տիգրան Մեծի օրերը, Տիգրան Մեծի պալատը։ Պա¬լատն ունեցել է լարախաղաց և ծաղրածու, հնարում եմ ես։ Ծաղրա¬ծուն եղել է մեր տոհմի պապը։ Լարախաղացը լրջությամբ, լարված, ճակատին քրտինք՝ ձողով անցել է լարի վրայով։ Նրան ոսկեդրամ են նվիրել։ Հետո լարի վրա ցատկռտել է ծաղրածուն՝ առանց ձողի, ծիծաղեցնելով, երբեմն ցույց տալով թե ընկևում է, գուցեև ծիծաղեց¬նելու համար ընկնելով, հետո նորից է վազել՝ երբեմն լարի վրայով, երբեմն տակով։ Բայց որովհետև ևա դրած է եղել էծի միրուք և քթին քսած է եղել մուր- նրան նետել են փտած արքայախնձոր։ Եվ մեր պապի ժպիտի մեջ կաթել է առաջին կաթիլ թույնը։ Մաքուր, տաք, առատ արյան պես ժպիտը վարարում է մեր երակներում, մի կաթիլ թույնը շատ է քիչ մեզ թունավորելու համար։ Բայց աշխարհի հի¬վանդ լեղապարկը, ամեն անգամ, երկու հազար տարի անընդհատ, թույն է կաթել մեր արյան մեջ, և հիմա ծիծաղում է մի սերունդ, որի աչքերը չեն ծիծաղում։ Եվ ատամներն են առատ, երբ բացվում են ծիծաղելու, և ձայնն է զրնգալեն կոտորակվում, բայց աչքերից նա¬յում է դառնությունը։ Ինչպիսի իմունիտետ ենք կորցնում։ Եվ՝ այդպես՝ առանց ծիծա¬ղի, կյանքը երկու օրում մեզ կուտի քաղցկեղի պես։ 2. Ես ուզում եմ պատմել, թե ինչպես էր Վախթանգն անհաջողու¬թյանը դեմ տալիս իր ծիծաղը։ Բայց սկզբից պայմանավորվենք, որ 1950-ին մենք ապրելիս ենք եղել վատ, թեկուզև, ճիշտ է, 1950-ը 1917-ից հետո է ընկնում։ Բանն այն է, որ Վախթանգը հենց 50-ին վերջացրեց միջնակարգ դպրոցը։ Եվ որովհետև դպրոցում նրան միշտ գովել էին՝ մտածում էր համալսարանի մասին։ Եկավ, որ գնանք վկայականը վերցնենք։ Հայրս՝ ծաղրածուների մեր տոհմի ամենաուրախը, ձեռ առավ. -Բան–ման սովորե՞լ ես, թե՝ թուղթ է, էլի, ստանում ես։ -Սովորել եմ,– ասաց Վախթանգը։ Հայրս մի հատուկ կասկածանքով նայեց նրան։ Այդ հայացքը նշանակում էր. չես սովորել՝ չես սովորել, ինձ ինչո՞ւ ես խաբում։ -Ապացուցե՞մ,– հարցրեց Վախթանգը։ Ես յոթերորդ դասարանում էի, երկրաչափություն էի սովորում, և ասացի. -Աքսիոմաներն ապացուցման կարիք չեն զգում։ -Ճիշտ է,– ասաց Վախթանգը,– չապացուցենք։ Բայց նույն պահին էլ նրա աչքերը ճպճպացին, այդ նշանակում էր, թե գտնվել էր չօգտագործված մի սրամտություն, մի հիանալի բան, որ ով գիտե որ անկյունում ընկած ժանգոտում էր։ -Հայրիկին ապացուցենք։ Երկու տարեկան եղբորս մոտ մենք գետնին մի բաժակ ջուր թա¬փեցինք չլչլալով, և երեխան կծկվեց, ապա լաց եղավ։ Եվ հայրս, Վախթանգը, ես տեսանք, որ երեխան տակը թացացրել է, տակին, ոտքերի արանքում, մի փոքրիկ լճակ էր սարքել նրա ջուրը։ -Բան էր, էլի, եղավ։– Հայրս նայեց պապին ու մեզ աչքով արեց։ Պապն այնտեղ ակնոցը քթին մի լուրջ բանի էր։ Մենք ջրամանը բարձրացրինք մեր գլխից վեր և չռչռալով թափեցինք ամբողջ ջու¬րը։ Կարգին անձրևի ձայն էր գալիս։ Պապը փնտրեց ձեռնափայտը, շփոթվեց, չտեսավ ձեռնափայտը ոտքի մոտ դրած և ոչ էլ սպասեց մենք իրեն տանք- գայթելով, կուզիկ-մուզիկ գնաց։ Այնքան էր շտա¬պել, իրեն այնպես էր կորցրել, որ հետո մի կես ժամ մտածում էր, թե ինչն էր եղել ձեռքի գործը։ Ու երբեմն հեռու կասկածով նայում էր մեր կողմը։ -Դե նրանք երեխաներ են, նրանց հետ կպատահի,– ասաց հայրս, և երևաց, որ ուզում է փորձն իր վրա փորձենք։ -Լավ,– ասացինք մենք,– դո՛ւ գիտես, ով որ զղջա՛ց...– և նրա աչ¬քերին Նայելով՝ ձեռքներս տարանք մեծ կժին։ -Կորե՛ք, հիմարի տղերք,– ոտքը գետնին խփեց հայրս։ -Ոչի՛նչ,– ասացի ես հորս,– կուժը՝ մեզ կարգելես։ Բայց հո մի օր անձրև կգա, մի¬անգամից կսկսի անձրև գալ, կտեսնենք, թե ոնց ես վազում պապի ճանապարհով... Ճանապարհին, գնալիս, ուրախ էինք հորս ծիծաղեցնելու համար, իսկ գալիս նրա համար էինք ուրախ, որ ուսուցիչները միաբերան պնդում էին, թե ցանկացածդ բուհի դռները բաց են Վախթանգի առջև։ Ուրեմն՝ համալսարան էր, մարմարե սանդուղքներ, ոսկեշրջանակ ակնոցով պրոֆեսորներ և Վախթանգը՝ մաքուր վերնաշապիկով։ Եվ սև փայլով կոշիկներ։ Կոշիկներ, որովհետև մենք տրեխով էինք, տրեխը ծակ էր, և քարը քերծեց Վախթանգի ոտքը։ Եվ որովհետև Վախթանգն արդեն մեր մտքում կոշիկով ու սպիտակ վերնաշապիկով էր- ծիծաղեցինք տրեխի վրա։ Ախար նա, այդ տրեխը, ին¬քը ծակ էր, տակ բոլորովին չուներ, բայց քիթը տնկել էր, կարծես ինքը չէր ծակը։ Հա¬մալսարան, ուրեմն համալսարան։ Վախթանգը կլինի երրորդ կուրսեցի՝ ես կընդուն¬վեմ։ Միասին կնստենք ուսանողական գիտական խորհրդի նիստին ու սարսուր խոս¬քեր կշպրտենք սխալ-սխալ բաներ ասողին։ Պրոֆեսորը կժպտա մեզ.– ճիշտ է և դի¬պակ,– կասի պրոֆեսորը։ Դուռը բացեցինք, նրա հայրը՝ իմ հորեղբայրը, նստել էր, ապակու կտորով կաշի էր մաքրում։ Մայրը բուրդ էր գզում։ Պատերը սվաղած չէին։ Առաստաղը տախտակած չէր։ Հատակը գետին էր։ Գոմ էր, տուն չէր։ Եվ կարպետի եղջերուն զարդ չէր, անասուն էր. առջևը խոտ լցրու, և գոմը իսկական գոմ կլինի։ Աստված իմ... Դա հին օրերի ոչխարած չես, որ ապրեիր հեքիաթների ու կովերի հետ, գոմը տաք լիներ,– և դա քեզ թվար արքա¬յություն, երազ չունենայիր, տեսածդ կով լիներ և երազիդ մեջ էլ կով ու կով լիներ։ Արքա¬յին պատկերացնեիր փափախով, առջևը ուտելու դնեիր բրթած կաթ, ինչ-որ բնազդով զգայիր, որ կաթը քիչ է ու ասեիր.– Լավաշով կաթ և արքայական ուրիշ բաներ։ Դու գիրք ես կարդացել, անուններ գիտես, մոտավոր չափերով գիտես Երկիրը, ամեն օր լսում ես ատոմային ռումբի մասին, որի ուժգնությունը քեզ դուր է գալիս, դու կինոնկար ես տեսնում, կինոնկարի գույներն այնքան վառ են, որ աչքերդ շաղվում են, դու կարողանում ես հեռավոր ճրագ Մարսը քո մտքով մոտեցնել քեզ ենթադրելու հա¬մար նրա վրա ծովեր, դաշտեր, լեռներ կարմրին տվող մշուշի մեջ,– և բանից պարզ¬վում է, որ դրանք երազի մեջ են եղել, դու դրանց մեջ չես, քոնը մրոտ պատերով տուն է, կաշի է, ապակիով քերիր, թափիր մազը,– խըրթ, խըրթ, խըրթ,– որպեսզի տրեխ հագնես, հորթ պահելու գնաս, որպեսզի Մարսը դառնա հեռավոր ճրագ։ -Հրեն հա, եզնարածի աստղը դուրս է գալիս... -Երեխաս վկայականն ստացավ,– ասաց մայրը։ -Ես կգնամ սովորելու,– ասաց Վախթանգը։ -Ստացար,– ասաց հայրը։ -Ես կգնամ սովորելու։ -Ոտքիդ չափսը բեր վերցնեմ,– ասաց հայրը։ -Ես կգնամ սովորելու։ -Բեր ոտքդ չափեմ,– ասաց հայրը։ -Ինձ պետք չի, ես կոշիկ եմ հագնելու, ով որ հագնելու է՝ նրա ոտքի չափսը վերցրու: -Շատ լավ կաշի է,– ասաց հայրը,– մեջքի շերտն է, երկու ամիս կդիմանա։ -Ես կգնամ սովորելու։ -Ո՛տքդ։ Վախթանգը ոտքը չտվեց։ -Ո՛տքդ։- Հայրը կաշին փռեց Վախթանգի առջև։- Ոտքդ դիր։ Լավ կաշի է։ Վախթանգը ոտքը չդրեց։ Հայրը շուրջն էր նայում՝ կնոջը, ինձ, պատերին... հետո կրկին կնոջը, ինձ, պատերին։ -Լավ կաշի է,– շփոթված ասաց նա և գլուխը հակեց։ Դրանից հետո գլուխն այլևս չբարձրացրեց։ Շրջապատում չկար այն հաստա¬տուն բանը, որից հնարավոր լիներ բռնել, պատերը, դե, մրոտ պա¬տեր էին, կինը նրան նայում էր նրա պես խեղդվողի հայացքով, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա հիմա, տասը-տասներկու տարի հետո ենթադրելով, պետք է որ իմ և՛ խղճահարությունը գար, և՛ ատեի նրա խեղճությունը, և՛ զզվեի այդ խեղճությունից, ինչպես այն հսկայից, որին ոջիլն ուտում է։ Նա պատերազմին ոտքի տակ էր տվել ամ¬բողջ Եվրոպան, դպրոցականներիս ու դասագրքերի հետ վիճում էր Գերմանիայի պարտության պատճառների վրա, նա մի բուռ մեդալ ու շքանշան էր բերել իր հետ, եթե բռնցքում էր եզանը՝ եզը ծնկի էր գալիս,– և հիմա կուչ էր եկել տրեխացվի վրա՝ խը՛րթ, խը՛րթ, խը՛րթ... Ձեռքերը ղողում էին, մատը ծակհց։ Եվ արյունը ծծելով հաշ¬վել սկսեց, թե կովը կծախի, կհանի երեք հազար ռուբլի, հազար հինգ հարյուրը Վախթանգին կոշիկ-բաճկոնի, հազար հինգ հարյու¬րը ուտելու, մինչն հունվար... Կովը կծախի, կհանի վեց հազար ռուբ¬լի, երկու հազար հինգ հարյուրը կոշիկի, բաճկոնի, վերարկուի, երեք հազար հինգ հարյուրը ուտելու, մեկ տարի։ Մնացած չորս տարր՞ն։ Կովը կծախի, կհանի տա՛սը հազար ռուբլի, էդ քեզ գնաց¬քի՛ փող, հագուստի՛ փող, հացի՛ փող, այդ քեզ երեք տարվա կյանք... Իսկ մնացած երկու տարին... Կովը ծախեց, շատ բարի, հանեց մեկ միլիոն ութ հարյուր քառասուն հագար վեց հարյուր իննսունչորս ռուբլի, բարի, կովի փողը հինգ տարի լիուլի բավականացրեց, Վախթանգը պրոֆեսորների հետ վիճեց, հաղթեց... Իսկ տանը, տա¬նը երեխա կա, երեխամայր կա, կարտոֆիլը քի՛չ է նրանց համար... -Ո՛տքդ,– գոռաց հորեղբայրս,– լակո՛տ... Վախթանգը տվեց ոտքը։ Հայրը վերցրեց նրա ոտքի չափսը, ձևեց կաշին և սկսեց ծակոտել։ Եվ անընդհատ ներքև, կաշվին նա¬յելով։ Վախթանգը դուրս գնաց։ Ես կանգնել նայում էի։ Հիմա, տա¬սը-տասներկու տարի հետո ենթադրելով, հորեղբայրս մեծացավ, դարձավ վիթխարի, դարձավ բրոնզ, քայլեց Եվրոպայի երկրների վրայով, կանգնեց Բեռլինում՝ բարձր, մեծ, հպարտ ու փայլփլաց թուխ բրոնզի փայլով, և արձանագործը նրա պատվանդանին փո¬րեց իր անունը։ -Այս արյունն ի՞նչ է ուզում ինձանից,– ասում էր հորեղբայրս մա¬տը ծծելով։ Կինը նավթ բերեց, նավթով կտրեց արյունը։- Ինչու ես նայում, տղաս,– ասում էր հորեղբայրս,– տրեխ չունես, հա... Վախթանգին նախանձում ես, հա... Գործեցի, քեզ համար էլ գործեցի... Կաշին շատ լավն է, եթե մաշեցիր։ Դու չես մաշի, երեխան կմեծա¬նա կհագնի՝ նա էլ չի մաշի... Ես դուրս գնացի։ Վախթանգն այգում էր, աչքերը թաց էին։ -Ինչու ես լաց լինում,– ասաց Վախթանգն ինձ։ -Իսկ դո՞ւ։ -Իմը կոտեմից եղավ։ -Ուր է՜ կոտե՜մ... կոտեմ չկա՜... կոտեմը նոր է ծլելու... -Եթե լիներ, ուտեի՝ կոտեմից կլիներ։ -Դե գնա, է, փիլիսոփա... Վախթանգի աչքերը ճպճպացին.– Դու լաց լինելիս ոնց որ քուռակ զռա,– և ցույց տվեց իշուկի չափը՝ փոքրիկ, բրդոտ, դնչիկն սպիտակ... Ի՜նչ ծիծաղելի ու սիրելի բան է այդ քուռակը զռալ փորձելիս։ Բոլորովին չի կարողանում, բոլորովին աղավաղում է ինչպես եղբայրս է աղավաղում «հակահեղափոխական» բառը.– Հափահեկա... Հետո մենք գնացինք տատից խնձոր գողանալու։ Մառանի դուռը բաց էր։ Բայց որ¬պեսզի իսկական գողություն լիներ՝ մտանք պատուհանից։ Եվ որպեսզի իսկական գո¬ղություն լիներ՝ վերցրած երեք-երեք խնձորները պահեցինք ծոցներիս մեջ և ուզում էինք դուրս գալ պատուհանից, որպեսզի իսկական գողության լիներ։ Վախթանգը մինչև կեսը մարմինը դուրս քաշեց ու մնաց։– Գնա,– ասացի: Քացով հայտնեց, որ չխոսեմ։ Դռնից դուրս եկա՝ տեսնեմ ինչ է եղել - տատս կանգնել էր այնտեղ և իրար էին նայում հեքիաթի դարանած տղայի և արտը տրորող ձիու պես։ Իրարով հիացած: Հետո տատը ժպտաց անատամ բերանի ժպիտով։– Մի փետ տուր,– դարձավ ինձ։ Ես քրքջացի, որովհետև չալիկը ձեռքին՝ ասում էր մի փետ տուր: -Գող կատվին բռնեցի՜... Մի փե՛տ տուր քեզ ասում եմ... -Եվ տատը փնտրեց ու գտավ չալիկն իր ձեռքին։ Մտավ մառան ու մառանից տուր թե կտաս Վախթանգի անձեռքագլուխ շալվարին։ Ախար նրա գլուխը գլխարկով և ձեռքերը թևքերով պատուհա¬նից դուրս էին, և միայն գոտկատեղից ներքևն էր ներսը։ -Ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ, առ քեզ, -խփում էր տատը, իսկ ես լրացնում էի– որ մյուս ան¬գամ անձեռագլուխ չգաս գողության, որ մյուս անգամ անձեռագլուխ չգաս գողության, անձեռագլուխ չգաս գողության... Վախթանգն իրեն ձգում էր, չէր կարողանամ դուրս գալ։ Իսկ երբ տատն արդեն հոգ¬նում էր, Վախթանգն իրեն քաշեց, դուրսը թրմփաց և ծիծաղելով փախավ։ -Գող շուն... Հետո տատս շուռ եկավ ինձ, ու պարզվեց, որ մի տանտեր է ու մի գող է, ու մի դուռ է, տանտիրոջ ձեռքին փայտ կա, իսկ գողը վախկոտ նապաստակ է, իսկ միակ դուռը բռնված է տանտիրոջից։ -Դո՛ւ այստեղ ի՞նչ ես անում...- տատը վրա բերեց չալիկը, ես ինձ աջ գցեցի, փայ¬տը ջարդեց ձախ պատի տակի պուլիկը, տատը վրա բերեց չալիկը, ես ինձ ձախ գցե¬ցի, փայտը ջարդեց աջ պատի տակի պուլիկը, տատը վրա բերեց չալիկը, ես առաջ փռվեցի, իսկ փայտը ջարդեց ետնապատի տակի պուլիկը, տատը վրա բերեց չալիկը, ես ետ շպրտվեցի, և փայտը ջարդեց դռան տակի պուլիկը։ Բոլոր պուլիկները ջարդվե¬ցին։ Երբ կոտրվեց ձախ պատի տակինը, տատս ասաց.– Ոչինչ, կկոծկեմ, էլի կլինի հին պուլիկը։ Երբ երկրորդը կոտրվեց, տատս ասաց.– Ոչինչ, կկոծկեմ, կլինի նույն պու¬լիկը։ Երբ բոլոր պուլիկներն էին ջարդվել՝ տատս լաց եղավ, ասաց.– Այդքան կոծիկ որտեղի՞ց... այդքան կոծիկ չունեմ... այդքան կոծիկ չունեմ... այդքան կոծիկ չունեմ... -Տա՜տ... Նա պատերազմում կորցրել էր ախպոր յոթ տղա, մեկ ախպեր, չորս որդի ու տասնմեկ թոռ։ 1943-ին Թիֆլիսի հիվանդանոցից իր ձեռքով բերեց փոքր տղայի դիակը, մխիթարանքի խոսքեր էր մրմնջում հարսնացվին և խառնում էր հոգեհացի ճաշը կրա¬կին: Նա հետո սուր կարոտով հիշում էր փոքր որդուն, չոքում էր գզրոցի առջև, հանե¬լու լուսանկարը, իսկ նրանք՝ կորսվածների լուսանկարները քսաներեքն էին, տատը փոքր որդու լուսանկարին չէր հասնում, հանում էր քսաներեքից որևէ մեկին ու օրոր¬վելով մրմնջում։ -Տա՜տ... -Այդքան կոծիկ չունեմ, այդքան կոծիկ չունեմ... Այսքանը կոծկել կլինի... Նա բռնել էր դռան տակին ջարդված պուլիկի կտորը և օրորվելով մրմնջում էր։ -Այ տատ... …………………………………………………………………………………… Հետո ես ուզում էի դուրս գալ, գտնել Վախթանգին. ես հասա դռանը, տատը չալիկով փակեց ճա¬նապարհը։ -Պատուհանից։ Դու Վախթանգից թանկ չես։ Պատուհանից։ Ես կասեմ դպրոցից քեզ հեռացնեն, գո՜ղ կատու... Այն ժամանակ, տասներկու տարի առաջ, 1950-ի Վախթանգի չսովորելու տարին, Վախթանգն ու ես մեր շներին կռվեցրինք։ Նրանք ատամները բացած գռմռում էին, վրա չէին գալիս, ու մենք նրանց հրե¬ցինք, գցեցինք իրար վրա։ Խառնվեցին իրար, գուն¬դուկծիկ դարձան, չէր երևում որն է որի ոտքը, պո¬չը, գլուխը, որն է տակին, որը վրային, և մի այնպի¬սի ծկլթոց եղավ, որ նայելու դուրս եկավ ամբողջ թաղը։ Համալսարան, իհարկե, չգնաց։ Ոմանք գնում են համալսարան, ոմանք չեն գնում։ Գնացողները մե¬կընդմիշտ կոշիկ են հագնում, իսկ չգնացողներին, եթե 1950 թիվ է, բավարարում է տրեխն էլ։ Մեծ դժբախտություն չէ։ Մարդիկ քսաներեք հարազատ են կորցնում, բայց դարձյալ իրենց պինդ են պահում՝ որպեսզի հիշողությունները քսաներեքի մասին ապաստարան ունենան։ Հարկավոր է պարզապես շներին կռվեցնել, գողություն-գողություն խաղալ, պայմանական ռեֆլեքսը փորձ և մարդկանց վրա փոքրից մեծ,– և տրեխը կոշիկ է թվում, կոշիկը տրեխ է թվում։ Նույնիսկ անկարևոր չի թվում, թե կաշին փորատակի՞ է, քիչ կդիմանա, թե մեջքի զոլ է։ Համենայն դեպս մենք մեր տրեխներից գոհ էինք։ Մի երեք ամիս հագնում էինք՝ չէին ծակվում, մի երեք ամիս էլ կարկատանով էինք հագնում։ Մոտ յոթ ամիս։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Сообщение Harutin » 22 окт 2010, 00:02

ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի, վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։

Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ. չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՛ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։

Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի1 տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի։

Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրանում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։

Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր։ Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով։ Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց։ Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ–տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու։

Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։ Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու։ Կայծակի հոտն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր։ Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ։ Զին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում։ Ձին մտածում էր, որ բլուրների մյուս Երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան։

“Բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,— մտածում էր պառավ ձին,— արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ”։

Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում։ Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել։ Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց։

Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ուկնդրեց լռությունը։ Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ։ եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները։ Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը։ Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները։ Հովտում, համենայն դեպս, վտանգ կար։ Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել։

Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ։ Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում։

Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ուկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը։ Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու։ Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր։ Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին։ Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց։

Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը։ Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները։ Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը։ Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը։

Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։ Ժայռը նիրհում էր։ Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր։ Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրութից դողում էր։ Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել։ Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ։

Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը։ Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը։ Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում։ Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը։ Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին։

Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը։ Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու Երկար ցատկով զատվեց գայլը։

Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը։ Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան։

Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց։ Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել։ Տապալվեց ու ելավ միանգամից։ Նրան տապալել էին հուժկու թափն ու պարանը։ Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ։

Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր։ Իսկ պարանը խեղդում էր մորը։ Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ։ Քուռակը ճչաց ու վեր ցատկեց։

Բլուրների մյուս երեսին լըսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սեվադունչ Թոփուշ շունը։

Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին։ Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով։ Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել։

Բլուրների մյուս երեսին լըսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը։ Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խտղտվեցին։

Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց։ Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ։ Զին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց։ Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից և ձին շուռ եկավ։

Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ։ Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը։ Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ։ Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել։ Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով։ Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին։

Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու։ Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր։ Գայլը նետվեց միանգամից։ Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ։

Արդեն Երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով։ Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում։ Հոգնածությունից նրանք խլացել էին։

Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին։ Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին... բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին արդեն–արդեն խոնարհվում էր։

— Այ տղա, հե՜յ,— կանչեցին դիմացի բլուրներից,— էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ... շներն ո՞ւր են, հե՜յ...

Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել։ Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց։ Գամփռ շները սրվեցին ու նայեցին։ Գամփռ շները տեսան ու թռան... Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը։ Սևադունչ Թո փուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր, այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի։ Բողարը հիմա գնում էր հաչելով։ Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից Երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ դանդաղում։

Երթ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց։ Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ։

Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգն երի ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս։ Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել։ Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը։

Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախորդություն կպատահի։ Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ... Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները։ Թաթը բռնել էին։ Թաթն ազատելու ուժ չկար։ Գայլն ուզում էր քնե՜լ, քնել։ Կռվելու ուժ չկար, գայլն ուզում մեռնել, հանգստանալ։ Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն։ Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ։

Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց։ Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին։ Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը։ Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու։ Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին։ Գայլը հազիվ կարողացավ չնկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է։

— Այ տղա, հե՜յ... էդ ով ես, հե՜յ... հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՛յ... — կանչեցին դիմացի բլուրներից։

Ձին հազիվ էր կանգնած մնում։ Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր։ Ձին զգում էր , որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց։ Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր։ Ձին փուլ Եկավ։ Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում։ Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց։ Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել։ Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։

Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել։ Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել։ Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ աո քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ. մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս, փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր։

Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը։ Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին։

Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքերը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը։ Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը։

Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև պառավ կարմիր ձիու շուրջը։ Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ։ Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր։ Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը։

Սև այդ շրջանակը այդպես սև մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ։ Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է։

Երթ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ուկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ։ Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով։

Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած, մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը։

— Վերջացա՞վ։

— Վերջացավ։ — Ոչ։

— Ինչո՞ւ ոչ։

— Ձի մայրիկը թող չմեռնի։

— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ։ Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին։ Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ “Այ տղա, հե՜յ”, այդ հովիվը Երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին։

— Հետո, ինչպե՞ս պահեցին։

— Մի ուրիշ ձիու կաթով։

— Ոչ, մայրը թող չմեռնի։

— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով։

— Ասե՞մ թող ինչ լինի։

— Ասա։

— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի։

— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ։

— Ձին ինչու մեռավ։

— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց և զզվանքից ու կատաղությունից։

— Քայլի՛ց էր զզվել։

— Այո, գայլից։

— Շները գայլին թող խեղդեն։

— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևանդունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի։

— Փոքրիկ հովիվը դու՞ էիր։

— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր։

— Հիմա քուռակը մեծացնլ է, կապա՞ծ է կանաչ հովտում։

— Իր կարմիր մայրիկին հիշում է։

— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում Են։

— Դե նորից պատմիր։

— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց ու թաղվեց կանաչ գեւոնի մեջ։ Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին “մտրուկ” են ասում... այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ։ Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0