Հրաչուհի » 28 июл 2013, 14:12
ԾԽԱԽՈՏԻ ՔՈ ՏՈՒՓԻ ՄԵՋ
Չգիտեմ, թե քանի մոխիր-մտածմունք կա
Ծխախոտի քո տուփի մեջ,
Բայց դու վառի’ր,
Հերթով վառի’ր ու մտորի’ր,
Հաշվի’ր հերթով.
Կորցրածդ գտածիդ հետ
Դրանք կեռիր ու կամրջիր,
Ու համոզվիր քո որոշման
Հանգուցախախտ արդյունքի մեջ,
Վառի’ր, վառի’ր, վառի’ր հերթով,
Ծխիր տուփը ծխախոտի,
Մեկը` եղած սիրո մասին,
Մյուսը` չեղած ատելության,
Մեկը` հուշի հետգրության,
Տառապանքի, համբերության,
Ծխի’ր հանուն իմ տանջանքի,
Ազնվության տարօրինակ
Եղելության, վառի’ր հերթով,
Քո սահմանած թախիծը թող
Քուլա-քուլա քեզնից անձա~յն
Անհետանա,
Ծխի’ր, վառի’ր, լիցքաթափվի’ր,
Կորցրածդ գտածիդ հետ
Զուգահեռի’ր,
Արդարացի’ր քո որոշման
Տարորոշիչ արդյունքի մեջ,
Վառի'ր լրիվ և չթողնես և ո'չ մի հատ,
Վառի’ր հերթով և անընդմեջ,
Որ հորդեն դուրս քո էության փակ խորքերից
Բացասական ամեն անբան
Միտք ու լիցքեր,
Վառիր հիմա’, միայն այսօր
Դու անտեսի’ր չարաբաստիկ
Նիկոտինի վնասը մեծ,
Միայն ես եմ քեզ խանգարել,
Ում սիրել ես, երկրպագել,
Միայն ես եմ քեզ խանգարել,
Որ նվիրել եմ ու նվիրվել,
Բաշխել եմ ինձ ծխախոտիդ
Հատիկների բյուրաքանակ
Քառակուսին,
Եվ այս ո~ւմ եմ մեծ թվերով
Զարմացնում ես,
Ինքդ գիտես` սիրել եմ քեզ
Հիմարի պես` անկեղծ, շիտակ,
Թե լռել ես, ես եմ խոսել,
Մանկան նման անբովանդակ,
Որ դու հանկարծ չբարկանաս,
Չխռովես, չհեռանաս...
Ա~խ, ո~ւր էր թե հասկանայի
Ու իմ հոգում կուտակածը
Ծխախոտիդ հատերի պես
Մեկիկ-մեկիկ նվիրեի,
Ոչ թե այսպես հեղեղվեի
Ու իմ սիրով ողողեի:
Լսի’ր, չասես և ո’չ մեկին,
Որ սիրել եմ քեզ անմեկին
Անծայրածիր ու մեծ սիրով,
Եթե ասես, կծիծաղի նա
Քեզ վրա և ո’չ թե իմ,
Որ ծխովդ քուլա-քուլա
Քո էության փակ խորքերից
Դուրս ես փչում
Հսկա բաժին երջանկություն,
Վառի’ր, ծխի’ր, խորհի’ր, դատի’ր,
Չխենթանա~ս...
27.10.08
ԱՐՈւՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ