Հրաչուհի » 28 июл 2013, 13:23
23:08
Կռունկ.
Թորոս Ալեքսանյան,
Երկնքի անսահման լազուր կապույտում,
Կռունկն է ճախռում՝ սլացքով աշխույժ,
Պտույտ է տալիս գլխիս վերևում,
Անվերջ երգում է ու կանչում քնքույշ։
–Լսում եմ քո ձայնը, քո երգը վճիթ,
Իմ սիրուն կռունկ, բարով տեսա քեզ,
Եկել ես հեռու հեռավոր երկրից,
Քարքարոտ երկրից՝ հին, արևակեզ։
Բերել ես թաքուն խաբրիկ մը նորից,
Սարից ու հանդից՝ ձայներ ու թրթիռ,
Երգում ես դու ինձ կարոտ ու կսկիծ,
Ախ կարյունի սիրտս, խաբրիկ մը ունիս դու իմ երկրից։
Թողել եմ էնտեղ ես սուրբ շիրիմներ,
Իմ ազնիվ ընկեր, թռչուն սիրասուն,
Ցավից խողխողված սգավոր հոգիս
Թաղել եմ էնտեղ ու փախել հեռուն։
Ու բամբ օրերիս թանձրի մեջից,
Նորից խոսեց իմ լալկված լեզուն,
Վիրավոր սիրտս նորից հառաչեց,
Լսելով քո երգը, իմ ղարիբ թռչուն։
Բայց ես չգիտեմ էլ խոսք ու խորհուրդ,
Լոկ հառաչանք ու ցավ է մռմռում իմ լեզուն,
Խավար են ու խուլ, թէ իմ աչք, թէ ունկ,
Մեռել է հոգիս, թաղել եմ էնտեղ ու փախել հեռուն։
Ախ գիտեմ, կռունկ, ինձ մի հիշեցրու,
Որ հողն հայրենյաց մնաց անմշակ,
Այգին հարազատ՝ անխնամ, անտեր,
Իսկ հայրական տունը դարձավ ավերակ։
Ու էնտեղ մայրս, հազար ցավերից հալումաշ, տկար,
Մեն միայն նստած դատարկ սենյակում,
Կարկամած սրտում անսահման կսկիծ,
Լացից ցամքած աչքերով նայում է հեռուն։
Եվ գերեզմաններ, շիրիմներ հարազատ,
Ախ ես պառկեյի էնտեղ, և ոչ թէ նրանք,
Կյանք չէ սա այլևս, մահից առավել դաժան է,–կռունկ,
Անսփոփ վիշտ է և հավերժ տառապանք։
Օվ իմաստուն հավք, դու գիտես հարկավ,
Թէ ինչ ձևով է պետք դիմել աստծուն,
Քանզի ընդունելի չէ նրան,կամ էլ չի հասկանում նա,
Աղտից ու ստից սաստիկ խաթարված մարդկային լեզուն։
Կամ էլ թէ ծերացել է նա, և խլացել արդեն,
Ու անհաղորդ է այլևս լսելիքը նրա
Խելագար ցավից սաստիկ ճչացող տառապյալ հոգուն,
Եվ սրտերին վշտալից ու արյունլվա։
Իսկ գուցե մահացե՞լ է նա, էլ չկա՞ աստված երկրիս վրա,
Կամ էլ երկնի բարձր եզերքում։
Եվ ա՞յդ է պատճառը, որ չար օձի նման,
Մեր կյանքերից ներս դժոխքն է սղոսկում։
Եթե սխալ եմ, ասա ինձ կռունկ,
Թէ երկրի վրա ու երկնքում անվերջ,
Ապրում է նա անսասան, հավերժ,
Իրենից իսկ բխող անշեջ լույսի մեջ,
Եվ որ իր կամքից անկախ, նույնիսկ ավազի մի չնչին հատիկ
Տեղից չի շարժվի էս երկրի վրա, կամ էլ օվկեանի ջրերում անվերջ,
Ու ենթակա են նրան բույս և կենդանի ու նաև մարդիկ,
Ինչպես որ ասված է հնուց մեզ հասած սուրբ գրերի մեջ,
Ապա քո ճշմարիտ, երգեցիկ լեզվով
Խոսիր նրա հետ, իմ հավք սիրասուն,
Փոխանցիր նրան հարցերս բազում,
Որ հանգիստ չեն տալիս իմ խռով հոգուն։
Ասա դու նրան, որ մի հայ պանդուխտ,
Սաստիկ հալածված սև բախտից տարտամ,
Հարցնում է քեզ օ՜վ ամենագութ,
Թէ ինչու՞ են այսպես անմեղ հոգիներն անվերջ տառապում։
Ինչու՞ են անձերը ցոպ ու անբարտավան, տմարդի, տգետ,
Քո լույս աշխարհում բազմացել անվերջ,
Ինչպես կարիճներ թունավոր ու նենգ, կամ էլ թէ որպես որդեր զզվելի,
Որ վխտում են ժանտ ու գարշահոտ, նեխած կեղտի մեջ,
Իսկ ինձ հարազատ անմեղ հոգիներ,
Իրենց փթթուն, ծաղիկ հասակում,
Արժանի չեղան լույսիդ ջերմության,
Ու պարկեցին էնտեղ՝ իրենց հողտապան պաղ շիրիմներում։
Հարցրու դու նրան, իմաստուն իմ հավք,
Ինչպե՞ս պիտի ես, այսքանից հետո, փառաբանեմ անունը նրա,
Չի պապանձվի՞ արդյոք այնժամ իմ լեզուն,
Երբ որ հորջորջեմ հանկարծ ես,–«տեր ողորմեա»: