ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հովհաննես Թումանյան Թադևոսի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հովհաննես Թումանյան Թադևոսի

Сообщение:#1  Сообщение Karen » 20 янв 2014, 16:29

(38.42 кб) Просмотров: 639
(42.97 кб) Просмотров: 639
(63.59 кб) Просмотров: 639
(38.65 кб) Просмотров: 639

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869, Դսեղ - Մարտ 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՀՄԸ

Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց — Մամիկոնյան» կնքադրոշմը:
Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ:
Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը:

Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին:
Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:

Մեհրաբ (1740-1860)-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»:
Հովակիմ (Օվագիմ 1760-1855) – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը:

Հովհաննես աղա (Ուհանեզ 1795-1868)
1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:
Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:

Увеличить


Ասլան (1839-1898)- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Увеличить


Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:

Ռոստոմ — 1871-1915թթ.
Օսան – 1874-1926թթ.
Իսկուհի – 1878-1943թթ.
Վահան – 1881-1937թթ.
Աստղիկ – 1885-1953թթ.
Արշավիր — 1888-1921թթ.
Արտաշես – 1892-1916թթ.

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հովհ. Թումանյանը խիստ կանոնավոր կրթություն երբևէ չի ստացել: Նախնական գրաճանաչություն սովորել է հորից: Ութ տարեկան հասակում մի խումբ գյուղացիների հետ գրել-կարդալ է սովորում հորեղբոր` Գրիշկա բիձու նորաբաց «դպրոցում», որտեղ մատիտները արճիճից էին, թանաքը` կակաչ ծաղկից, որ աշակերտներն իրենք էին պատրաստում: Մի քանի ամիս այդտեղ սովորելուց հետո, 1877 թ. Սկսում է հաճախել գյուղում բացված Սահակ վարժապետի դպրոցը, որն իր «Ինքնակենսագրության» մեջ Թումանյանը շատ վառ ու պատկերավոր ձևով է նկարագրում: Դպրոցը Տեր-Թոդիկյան տիպի էր, որտեղ գործադրվող «մանկավարժական մեթոդներն» էին ծեծը վիրավորանքները` գիտելիքների չնչին պաշարի դիմաց: Տեր Սահակը երեխաներին «կառավարում էր գավազանավ երկաթյավ»: Դաժան ծեծից Թումանյանը զերծ է մնացել, քանի որ «վարժապետը քաշվում էր հորիցս, մանավանդ մորիցս էր վախենում»:

1879 թ. Տեր Թադևոսը որդուն տանում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ուսման տալու, սակայն տեսնելով սաների դեղնած դեմքերը, Հովհաննեսին ետ է բերում գյուղ: Նույն թվականի աշնանը, տեր Թադևոսը լսելով Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցի մասին, նրան փոքր եղբոր հետ ընդունել է տալիս այդտեղ`ուսումը շարունակելու:

Դպրոցի տեսուչը` Տիգրան Տեր-Դավթյանը, որ ժամանակի կրթված և զարգացած դեմքերից էր, Թումանյանի հոր մտերիմներից էր: Պատանի Հովհաննեսը սկզբնական շրջանում ապրում է ուսուցչի տանը, օգտվում նրա հարուստ գրադարանից: Ապագա բանաստեղծը սիրահարվում է տեսչի ավագ դստերը` Վերգինեին, որի այն խոսքին. «չլինի թե ինձնով տարված դասերիդ մասին մոռանաս», պատասխանում է իր առաջին սիրային «Հոգուս հատոր» ոտանավորով (1881 թ.): Այդ տարիներին Թումանյանը գրում է և՛ սիրային, և՛ հայրենասիրական, և՛ երգիծական բանաստեղծություններ: 1883 թ. ամռանը ցարական կառավարության հրամանով Փակվում են հայկական դպրոցները, և Թումանյանը վերադառնում է Դսեղ: Նույն թվականի սեպտեմբերին հայրը նրան տանում է Թիֆլիս, որն այդ ժամանակ խոշոր մշակութային կենտրոն էր և հայտնի էր հայկական դպրոցներով ու արվեստի օջախներով:

Սկզբում Տեր-Թադևոսը որդուն տալիս է կադետական դպրոց (Միջնակարգ զինվորական դպրոց ցարական Ռուսաստանում), որովհետև շատ էր ուզում, որ նա իր պապի նման հայտնի զինվորական դառնա, բայց շատ չանցած, չդիմանալով գիշերօթիկի փակ ու ծանր կյանքին, Թումանյանը թողնում է այն:
Այնուհետև ընդունվում է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան: Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում: Թումանյանի ուսուցիչներից էին ժամանակի հայտնի մտավորականներ. Վիպասան Ծերենցը (Հ. Շիշմանյան), Գ. Բարխուդարյանը (Շիլլերի թարգմանիչ), բանասեր Կ. Կոստանյանը, ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը և շատ ուրիշ հայտնի դեմքեր: Պատանի բանաստեղծի աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր նշանակություն են ունենում Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» վեպերը, Մ. Նալբանդյանի գեղարվեստական ստեղծագործություններն ու հոդվածները:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:
ՕԼԳԱ ՄԱՃԿԱԼՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ

Մեր հանդիպումը

1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, միհարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ.
-Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն:
Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան:

Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի:

Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում:
Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:

Увеличить


Մեր ծանոթությունը
1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը:
Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց.
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է:
Մայրս ցույց տվեց:
Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց:
Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել:

…Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին :
Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի:
Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»:

Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս:
Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը:

…Անցավ մի քանի օր, մեր տանը նորից սկսեցին խոսել Օհանեսին քահանա ձեռնադրելու մասին: Ամեն օր ասում էին, որ գնա եկեղեցի և ժամերգություն սովորի, իսկ նա չէր գնում ու չէր ուզում: Մի տարվա մեջ Թիֆլիսի բոլոր եկեղեցիներում եղավ, բոլորից էլ դժգոհ էր. մի տեղ քահանաները կռվում էին, մյուս տեղը, թե` հեռու է և այլն: Վերջը ղրկեցին վանքի եկեղեցին: Այնտեղ էլ չմնաց: Մի առավոտ պարսավ գրեց թեմի առաջնորդ` Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանի վրա և դրանից հետո հեռացավ կոնսիստորի ծառայությունից…

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Увеличить


ՄՈՒՇԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1889-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի արական գիմնազիայից հետո, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին: Ապա սովորել է նույն քաղաքի Սակրավորների ուսումնարանում: Զինվորական ծառայության է անցել Ալեքսանդրապոլում: 1916 թ. կամավորների կազմում մեկնել է Արևմտյան Հայաստան, զբաղվել որբերի խնդիրներով: Այնուհետև Թիֆլիսում անցել է ուսուցչության և զբաղվել այգեգործության ու պտղաբուծության վերաբերյալ գիտական աշխատանքով: 1937 թ. Խորհրդային իշխանությունների կողմից ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղ էլ զոհվել է: Մուշեղ Թումանյանն ունեցել է երեք երեխա` Անահիտ, Նադեժդա, Վիգեն:

Увеличить


ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1894-1918 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Սովորել է Լիսիցյան մասնավոր պանսիոնում, ապա Ներսիսյան հռչակավոր դպրոցում, այնուհետև նկարչության և քանդակագործության ուսումնարանում: Կերպարվեստի առաջին դասերն առել է մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանից: Արվեստի նկատմամբ մեծ սերը Արտավազդին հասցրեց Մոսկվա` Պ. Ի. Կելինի նկարչական ստուդիայում սովորելու: Մեզ են հասել Արտիկի գեղանկարչական մի քանի աշխատանքներ, չափածո, արձակ գործեր, արվեստաբանական վերլուծություններ և հոդվածներ, նաև պիեսներ կերպարվեստի հռչակավոր վարպետների մասին`«Վան Դեյք», «Տիցիան», «Ռուբենս» և այլն: Ի դեպ այդ պիեսներից մի քանիսն արդեն բեմադրվել են: Դսեղում բեմադրվել է նաև Արտավազդի կողմից պիեսի վերածված «Գիքորը» պատմվածքը, որին ներկա է եղել Հովհ. Թումանյանը: Արտավազդը նույնպես երբեմն հայտնվել է սիրողական բեմում, որպես դերասան:
Իր ժողովրդի համար ամենածանր ժամանակ նա մեկնեց Արևմտյան Հայաստան: 1918 թ.-ին 24 տարեկան հասակում զոհվեց Վանում: Արտիկի նահատակությունը մեկընդմիշտ ընկճեց Թումանյանին և մեծապես արագացրեց նրա մահը:

Увеличить


ՀԱՄԼԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1896-1938 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Ներսիսյան դպրոցից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժին, ավարտել 1924-ին: Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը: 1924-ին վերադառնալով Թիֆլիս, շարունակել է կուսակցական գործը: Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում, որպես ավագ գիտաշխատող: Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռ. Թագորից, (Մահիկը, Պարտիզպանը տպագրվել են Վիեննայում 1922-ին, Երևանում` 1955-ին և 1961-ին), նաև Պուշկինի ստեղծագործություններից: 1937 թ. Խորհրդային ռեժիմը ձերբակալեց նրան` հարազատների համար անհայտ թողնելով սպանության օրը և վայրը:
Համլիկն ուներ մեկ աղջիկ Նեկտար անունով:

Увеличить


ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1900-1939 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիան ավարտելուց հետո, 1917-ին անցել է կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ: 1933-ին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում: 1937-ին խորհրդային ռեժիմն Արեգ Թումանյանին աքսորել է և 1939-ի օգոստոսի 30-ին գնդակահարել: Գնդակահարված իր մյուս եղբայրների նման Արեգի մասունքների վայրն անհայտ է: Ունեցել է մեկ դուստր` Սուրման:

Увеличить


ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1891-1968 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թիֆլիսի երրորդ իգական գիմնազիան ավարտելուց հետո Աշխենն ուսանել է կանանցբարձրագույն դասընթացներում: 1911-ին ամուսնացել է իրավաբան Գևորգ Խատիսյանի հետ: «Դաշնակցությանգործի» դատավարությանժամանակ, 1912-ին Գևորգ Խատիսյանը Հովհ. Թումանյանի դատապաշտպանն էր: 1922 թ. Աշխենը տեղափոխվել է Ստեփանավան` քաղաքի գործադիր կոմիտեում աշխատելու, ապա` Երևան: 1925-ին Աշխենը Հանրային գրադարանին կից ընթերցասրահի վարիչն էր: Իսկ 1926-1933թթ. նույն գրադարանի տնօրենը: Աշխատել է նաև Հայկական հանրագիտարանում: Բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից ռուսերեն, այդ թվում և հոր «Գիքորը» պատմվածքը: Աշխեն Թումանյանը Երևանի Հովհ. Թումանյանի թանգարանի առաջին տնօրենն էր հիմնադրման օրից մինչև 1966 թ.:
Ունեցել է մեկ որդի` Հովհաննես անունով:

Увеличить


ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1892-1957 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Հովնանյան դպրոցն ավարտելուց հետո Նվարդն ընդունվել է Անդրկովկասյան համալսարանի պատմագիտության ֆակուլտետը: 1925-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Նյութական մշակույթի պատմության ինստիտուտում: 1943-ից մինչև մահ Նվարդը Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի ինստիտուտի գիտաշխատող էր: Նա իր հոր կյանքի և հոգևոր ժառանգության լավագույն ուսումնասիրողներից է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ: «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» ատենախոսության համար Նվարդ Թումանյանն արժանացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: Նվարդը Դսեղի տուն-թանգարանի հիմնադիրներից է և մեծ ներդրում ունի նաև երևանյան թանգարանի կազմակերպման գործում:

Увеличить


ԱՐՓԵՆԻԿ ԹՈԻՄԱՆՅԱՆ 1899-1981 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Գայանյան օրիորդաց դպրոցից հետո Արփենիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Սակայն շատ շուտով տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարական խորհրդի հայկական բաժնում: Որոշ ժամանակ անց նշանակվել է Լենինյան հանրային գրադարանի հայկական բաժնի գլխավոր գրադարանավար: Կյանքի վերջին շրջանում տեղափոխվել է Երևան: Գրադարանավարական գործի մեծ փորձն Արփենիկը ներդրեց իր հոր` Հովհաննես Թումանյանի անձնական բացառիկ գրադարանի մշակման գործում:

Увеличить


ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1898-1927 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Անուշը սովորել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Սիրել է դաշնամուր նվագել և ընթերցանությամբ զբաղվել: Գրել է ոտանավորներ ու քառյակներ: Նաև երկու պատմվածք` նվիրված իր հռչակավոր հորը: Անուշը Հովհ. Թումանյանի տասը զավակներից ամենից ռոմանտիկն ու երազկոտն էր: Նա ապրեց մի կարճ և ներքին հակասություններով պայմանավորված կյանք:

Увеличить


ՍԵԴԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1905-1988 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Եվ դա մի պատմական հանդիպման արդյունք է, որ տեղի ունեցավ մինչև աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհ. Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ Զորավարն առաջարկեց Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ` իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ` ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Թումանյանը չանտեսեց իր մեծ բարեկամի կամքը, բայց և կատարեց ի’ր ընտանիքի կամքը. նորածնին կոչեց Սեդա-Հայկանուշ:
Գայանյան դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում: Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

Увеличить


ԹԱՄԱՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ 1907-1989 թթ.
Ծնվել է Թիֆլիսում:
Թամարը նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում: Հետո սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1933-ին մտել է մեծանուն ճարտարապետ, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալ. Թամանյանի արվեստանոց: Թամարը ղեկավարել է թանգարանը 1966-1989 թթ.: Նա մտահղացավ և ի կատար ածեց թանգարանի մի անկյունում «Վերնատան» հուշասենյակը վերստեղծելու գաղափարը: Նրա ջանքերով է ստեղծվել նաև «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հնչյուններով:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ եղել է կենսական ու առաջնակարգ: Ներսիսյան դպրոցից հեռացավ առանց նույնիսկ չորրորդ դասարանն ավարտելու, հետագայում էլ, չնայած իր բուռն ցանկությանը, հնարավորություն չունեցավ շարունակելու ընդհատված ուսումը: Դեռ Ներսիսյան դպրոցում նա երազել է սովորել Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Իննսունական թվականների կեսերին բանաստեղծի գրական բարեկամները նրա իղձերն իրականացնելու նպատակով մշակում են բավականին հրապուրիչ մի ծրագիր: «Եթե քեզ ապահովացնենք, կերթա՞ս արտասահման ուսանելու, կհամաձայնե՞ս»,-հարցնում են նրան: «Ոչ թե կհամաձայնեմ,-պատասխանում է բանաստեղծը,- այլև ինձ շնորհապարտ կհայտնեմ ձեր առաջ, որովհետև դուք ուզում եք կատարել իմ ամենասուրբ երազը.այդ իմ էության իմ կյանքի խնդիրն է»:

Աղայանը աքսորավայրից Թումանյանին գրած մի նամակում խորհուրդ է տալիս ապահովություն ստանալու դեպքում գնալ ոչ թե Ղարաբաղ,- ուր որ ճանապարհորդելու ցանկություն էր հայտնել Թումանյանը,- այլ` Եվրոպա. «…Ապահովություն որ ստանաս, իսկույն վազիր Եվրոպա…փախի՛ր, փախի՛ր դեպի Եվրոպա: Ղարաբաղը չի փախչում… նորանոր տպավորություններով ամբարվելու համար թարմ հասակ է հարկավոր, որ այժմ ունիս, և պետք է շտապես: Չասես, թե լեզու չգիտես-գլխավորը լեզուն չէ, այլ աչքերը…»: «Եվրոպայի խնդիրը» կրկին արծարծվում է 1900 թ., երբեմնի «Հնգյակի» անդամներից մեկի` Արս. Ղլտճյանի կողմից:

Այդ առթիվ, նույն թվականի փետրվարի 19-ի նամակում Թումանյանը գրում է դառն հեգնությամբ լի հետևյալ տողերը. «Իսահակյանն ինձ պատմեց, թե դու մտածում ես գլուխ բերել իմ արտասահման գնալու գործը: Պետք է դարձյալ շնորհակալ լինեմ, որ այս տխուր օրերում ինձ երբեմն ծիծաղեցնում եք: Ար-տա~-սա~հ-մա~ն… Ցնորքները բանաստեղծներին են վայել, վարդապետ մարդը պետք է գործնական լինի , ինչպես եղած է միշտ: Ես չեմ կարողանում այս սահմանում ապրել, դու արտասահման ես ղրկում: Կամ գուցե մոռանում ես, որ Էջմիածնի Միաբանությունից մեծ մի ընտանիք կա իմ շալակին:
Ո՛չ, սիրելիս, այդ թող.այդ արդեն ուտոպիա է: Ես ավելի համեստ մի ցնորք ունեմ-գնալ մի երկու տարի մնալ Պետերբուրգ կամ Մոսկվա, բայց ամաչում եմ ասել…»: 1895 թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն` Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ -Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով:
Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Դրանք Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կազմակերպություններ էին:

Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, հասարակության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ:
Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»:
Ալեքսանդրապոլում Թումանյանը մի շաբաթ հյուրընկալվում է Իսահակյանի հայրենի հարկի տակ: «1895 թվի ձմեռնամուտին Օհաննեսը երևաց Ալեքսանդրապոլում,- պատմում է Իսահակյանն իր հուշերում:-Իջել էր հյուրանոց, ես տեղափոխեցի մեր տունը: Մի շաբաթ մնաց Ալեքսանդրապոլում: Գալիս էր Թիֆլիսից` Ախալցխայի և Ախալքալաքի վրայով, գնում էր Երևան, Էջմիածին: Ինչ որ միսիայով էր շրջում նա: Հայ կյանքը ալեկոծված էր արևմտահայերի ջարդերի սարսափելի լուրերով և ջարդերին ականատես, փախած հայ գաղթականների սրտակեղեք պատմություններով: Ամեն գիտակից հայ ծանր մտահոգություններ ուներ արևմտահայերի և հայկական հարցի ճակատագրի նկատմամբ:

Անշուշտ Օհաննեսի ուղևորությունը կապված պիտի լիներ այդ դրության վերաբերյալ գործերի հետ…Նա անվերջ տեսակցությունների մեջ էր քաղաքի ինտելիգենցիայի և հասարակության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվում էր գաղթականների վիճակով և տետրակներ էր լեցնում նրանց պատմածներով: Այդ օրերից մնում է ինձ մոտ մի թանկագին հիշատակ, մի թղթի կտոր` Օհաննեսի ձեռագիրը` «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, որ նոր էր գրել: Ձմեռվա ցրտերին Օհաննեսին ճանապարհ դրինք Երևան»:

Ավ. Իսահակյան

1896-ին, Արսեն Ղլտճյանին գրած մի նամակում, Թումանյանը ցանկություն է հայտնում մի նոր ուղևորություն կատարելու, տեսնելու գաղթականներին: «Ես սաստիկ ցանկանում եմ ճանապարհորդություն անել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում, և գյուղերում ու ճանապարհներին տեսնել պանդուխտներին: Թեև ձմեռը խիստ է, բայց ցանկությունս այնքան մեծ է, որ ոґչ մի ձմեռ արգելք չի կարող լինել. միայն փողի խնդիր կա: Տեսնենք ինչպես է լինում, թե չեղավ, շատ կվշտանամ»: Հավանորեն հենց «փողի խնդիրն» է արգելք եղել, որ բանաստեղծը չի իրականացրել իր այդ մտադրությունը:
Արամ Ինճիկյան (Թումանյանի կյանքի և ստեղծ. Պատմությունը 1869-1899 թթ.) «1901 թվի սեպտեմբերին Օհաննեսը Ալեքսանդրապոլ եկավ Աբասթումանից, ուր նա բժշկվում էր: Ճանապարհին կանգ էր առել Ախալքալաքում, այցելել էր Փարվանա լիճը, որի հայտնի լեգենդի մասին վաղուց ի վեր մտորում էր: Լսել էր Թմկաբերդի լեգենդը: Չէր կարողացել գնալ բերդը տեսնելու, սակայն Աբուլ լեռան լանջերից դիտակով նայել էր բերդին, որի բուրգերը հեռվից աղոտ ուրվագծվում էին:

Խանդավառ խոսում էր Թմկաբերդի ու Փարվանայի լեգենդների մասին. նրա երևակայության մեջ կամաց-կամաց կենսագործվում էին այդ չքնաղ պոեմները: Ալեքսանդրապոլում, իրար ողջագուրելուց անմիջապես հետո, Օհաննեսն ասաց.
-Անիում դեռ չեմ եղել, շատ եմ ուզում տեսնել, անպատճառ գլուխ բեր էդ բանը, շատ եմ խնդրում:
-Աչքիս վրա, դրանից էլ հեշտ բան ի՞նչ կա:

Մի երկու օր անց բանաստեղծ Հովհաննես Կոստանյանի հետ, որն իմ մորաքրոջ որդին էր, ճանապարհ ընկանք դեպի Անի: Կանգ առանք մեր տանը` Ղազարապատ գյուղում, հանգստանալու և մորս տեսնելու: Օհաննեսը մեր ջրաղացի վարպետին ու գյուղացիներին, որոնք հեքիաթներր և ժողովրդական երգեր գիտցողներ էին, հարցնում էր «Հազարան Բյուլբուլի» մասին, գիտեի՞ն արդյոք, և ուրիշ ֆոլկլորի նյութերի մասին: Ժամերով զրույց էր անում նրանց հետ և լսածները գրում տետրակի մեջ: Երկու գիշեր միայն կարողացանք մնալ մեր տանը, Օհաննեսը անհամբեր էր, ուզում էր շուտով տեսնել Անին: Մեր գյուղից մինչև Անի հազիվ 25կմ լիներ: Այցելեցինք Հոռոմոսի նշանավոր վանքին, որի նախագավիթը սքանչելի է:

Հովհ. Կոստանյանը մեզ նկարեց Աշոտ Ողորմած թագավորի դամբարանի աջ-ձախ կողմում:d Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին և բուրգերին. Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը, հայացքը շարունակ պարիսպներին:
-Ի՞նչ ես շտապում,-ձայնում եմ ես,-Սմբատ թագավորը դեռ քո գալու մասին լուր չունի:
Օհաննեսը դառնում, խոժոռ նայում է ինձ և լայն քայլեր նետում»:

Ավ. Իսահակյան

Հայաստանի խորհրդայնացման տարիներին անգնահատելի էր Թումանյանի կատարած դերը: 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով, բազմաթիվ այլ գործիչների հետ բանաստեղծը եկել է Երևան Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Նա հրաժարվում էր, խնդրում իրեն ազատ թողնել, որպեսզի գրականությամն զբաղվի», մտաբերել է հետագայում Լեոն: Սակայն շրջելով Երևանի փողոցներով, տեսնելով ծանր ու դաժան պատկերներ մյուս օրը ժողովի ժամանակ բանաստեղծն ասում է. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»:
Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջինն էր, որ Թումանյանը հասցրեց անել իր ժողովրդի համար:
Հայ ժողովրդի մեծ բանաստեղծի բազմափորձ ու իմաստուն կյանքի ճանապարհին արտասահմանյան ուղևորության շատ առիթներ են եղել, բայց միայն մեկ անգամ և այն էլ` իր կյանքի նախավերջին տարում, անհետաձգելի ու կենսականորեն անհրաժեշտ եղավ նրան ուղևորվելու արտասահման` Կ. Պոլիս, որն այն ժամանակ արևմտահայության խոշոր կենտրոն էր:

Այդ ուղևորությունը տեղի է ունեցել 1921 թ. հոկտեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի 22-ը: Մոտ երկամսյա այդ ուղևորությունը, իր ծրագրերով ու խնդիրներով, մեծ բանաստեղծի (սովետական շրջանի) հանրային քաղաքական գործունեության ամենանշանակալից փաստն է, որը բնութագրում է նրան որպես իր մայր ժողովրդի պատմական ճակատագրի հետ կենսականորեն կապված գրողի ու հասարակական գործչի: Նրա այս կարճատև ուղևորությունը բախտորոշ նշանակություն ունեցավ նորահաստատ կազմակերպության` ՀՕԿ-ի հետագա գործունեության համար, առանձնապես սփյուռքի հայությանը հայրենիքի հետ կապելու, նրանց միջև համագործակցություն հաստատելու խնդրում` ի նպաստ կիսավեր ու սովամահության ահեղ վտանգին ենթակա Մայր երկրի վերականգնման ու զարգացման գործին:

Թումանյանի ուղևորությունը նշանավորվում է նաև պոլսահայ գրական-գեղարվեստական կյանքի համար մի կարևոր նախաձեռնությամբ` Հայ արվեստի տան (Հայարտուն) կազմակերպումով: Պոլիսը արևմտահայ գրականության ու արվեստի ամենախոշոր կենտրոնն էր, բայց չկար մի ընդհանուր մարմին` կազմակերպություն, որը միասնական ծրագրերով համախմբեր բոլոր գրողներին ու արվեստագետներին ` նպաստելու ազգային գեղարվեստական մշակույթի զարգացմանը:
Թիֆլիսի Հայարտան օրինակով` Թումանյանի նախաձեռնությամբ 1921 թ. դեկտեմբերին հիմնադրված Պոլսի Հայարտունը այդ համախմբող կենտրոնն էր դառնալու: Թումանյանի գործունեությունը որպես ՀՕԿ-ի նախագահի տևել է ավելի պակաս, քան մեկ տարի, բայց անգնահատելի է նրա մատուցած ծառայությունը հայրենիքին, իսկ արտասահմանյան երկամսյա ուղևորությունը նրա հարուստ կյանքի ամենապայծառ էջերից մեկն է. «Ես միայն սկսեցի, հիվանդությունս խանգարեց…»,-տխրությամբ ասել է բանաստեղծը, որ ի վիճակի չի եղել շարունակելու իր սկսածը:
Թումանյանը Պոլսից վերադարձավ այլևս անբուժելի հիվանդ:

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Թումանյանի մուտքը հասարակական կյանքի ասպարեզ սկսվել է անցյալ դարի 80-ականների վերջերին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ սկիզբ էր առել հայ ժողովրդի ազատագրական շարժման վերելքը և առավել կազմակերպված բնույթ էին կրում ժողովրդի ազգային ինքնագիտակցության դրսևորումները: 80-ական թվականների կեսից Արևմտյան Հայաստանում հանդես են գալիս առաջին հայդուկները, որոնք իրենց գործունեությունը նվիրում են արևմտահայ ժողովրդի ազատագրության գործին:

Առաջանում են քաղաքական գաղտնի խմբակներ և ընկերություններ (1888-ին ստեղծվում է հնչակյան կուսակցությունը, 1889-ին «Երիտասարդ Հայաստան» խմբակը): Ազատագրական շարժման գաղափարական դրսևորումները կենտրոնանալով հատկապես հայաշատ Թիֆլիսում, ընդգրկում են տեղի առաջադիմական երիտասարդությունը, որը տոգորված ազգային-հայրենասիրական գաղափարներով, սպասում էր սատարելու արևմտահայ եղբայրակիցների փրկության գործին:

Թումանյանի առաջին ոտանավորներում աչքի է զարնում պատանի հեղինակի ազգային-հայրենասիրական ոգին ինչպես նաև հայդուկային որոշ տրամադրություններ, որոնց շուտով բանաստեղծը աշխատում է տալ գործնական բնույթ: Ընկերոջ` Անուշավան Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-87 թթ. բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ` Օլգա Թումանյանի հավաստմամբ, ամուսինը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի` Ալ. Գոլոշյանի հետ: 1888 թ. նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով` ետ էր մնացել: Սրանով չի վերջանում նոր հասարակական կյանք մտնող երիտասարդի կապը ազատագրական շարժումների հետ: 1890 թ. ամռանը Թումանյանը բանակցություններ է վարել առաջին ժողովածուն Մոսկվայում տպագրելու համար: Այդ մասին ճշգրիտ տեղեկություններ կան Մ. Բարխուդարյանի տպարանի աշխատակից Է. Ավետիսյանի` Թումանյանին ուղղած նամակներում ժողովածուն տպագրության ներկայացնելու հանգամանքների մասին, միաժամանակ վկայում, որ բանաստեղծն այդ միջոցին գաղտնի խմբակի անդամ է եղել:

Առաջին նամակը Թումանյանը գրել է 1890 թ. հունիսին, և բանաստեղծությունների տետրի հետ ուղարկել Է. Ավետիսյանին: Վերջինիս պատասխանած նամակում, գործնական բանակցություններից բացի , տեղյակ լինելով, որ Թումանյանը «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ է, հարցնում է. «Արդյոք ինչպե՞ս է շարունակվում ձեր ընկերության գործը, կամ թե գոյություն ունի՞, թե ոչ, խնդրեմ գրես»: Այս տպավորությունը Ավետիսյանը ստացել էր ոչ միայն Թումանյանի հայրենասիրական ստեղծագործություններից, այլև այն բանից, որ հեղինակը հարում էր գաղտնի քաղաքական կազմակերպության և քաջատեղյակ էր հայրենիքում տեղի ունեցող դեպքերի ընթացքին:

Նորաստեղծ գաղտնի կազմակերպությանը հարելու մասին գրված են ընկերոջ`Ան. Աբովյանին հղած նամակներում.-«Մկրտիչն ասաց, որ քեզ գրել է, թե Հովսեփ Արղությանին սպանել են, սուտ է բոլորովին, ես ընկերության մեջ եմ»: Հիշատակված ընկերությունը Դաշնակցություն կուսակցությունն է, իսկ Արղությանը «Երիտասարդ Հայաստան» գաղտնի քաղաքական խմբի անդամներից էր: Երբ 1890 թ. ամռանը ստեղծվում է Դաշնակցություն կուսակցությունը, որպես քաղաքական խմբակ «Երիտասարդ Հայաստան»-ը մտնում է այդ կուսակցության մեջ: Փաստերն հաստատում են Թումանյանի «Երիտասարդ Հայաստան» խմբակի անդամ լինելը, և հայտնի է նաև այդ խմբակի`դաշնակցությանը միանալը:

Թիֆլիսի հայ հասարակական մտքի վրա իշխողը «մշակական» երիտասարդությունն էր, որի մեջ մտնում էին մեծ մասամբ ժողովրդի ազատության գաղափարներով համակված մտավորականության տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Այդ կազմակերպության ազատագրական կոչերին հետևում էին նրանք, ում համար թանկ էր արևմտահայ ժողովրդի ազատագրումը, հայկական հարցի լուծումը:

Թումանյանի հասարակական գործունեության մեջ աչքի ընկնողն ամենից առաջ սկզբունքայնությունն է, ինքնուրույնությունը, անկախ նրանից` գործը որևէ կուսակցությա՞ն մեջ է, թե՞ այս կամ այն հոսանքին պատկանող պարբերականի: Այս իմաստով շատ հետաքրքրական են Թումանյանի հետևյալ խոսքերը «…ուրիշին հարգելուց առաջ ես ինձ եմ հարգում-իմ կարծիքս և իմ հասկացողությունս, ինչ չափով էլ որ կան: Ես իմ «եսը» ուրիշի ազդեցության չեմ զոհելու երբեք, բայց կհարգեմ ու կպաշտեմ մինչև անգամ, եթե կար մի հանրօգուտ միտք…»: Ապա .«ոչ մեկի զինվորը չեմ (Աստված փրկի, ազատի)»:

Թումանյանը լցված գործելու անսպառ եռանդով, միշտ ուղիներ է որոնել ծառայելու իր ժողովրդի ազատագրության գործին: Դրանով է բացատրվում 1895-ի նրա մասնակցությունը Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կոմիտեների աշխատանքին Թիֆլիսում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում և այլուր:

Քաղաքական հոսանքներին պատկանող երիտասարդության հետ Թումանյանը շփվում էր հասարակական ընկերությունների ժողովներում, մասնավորապես հրատարակչական ընկերության գրասենյակում, «Մուրճ»-ի և «Տարազ»-ի խմբագրատներում, նաև «որոշ կուսակցական գունավորում» ունեցող երեկույթներին, որոնց նա առավել հաճախ էր մասնակցում 90-ական թ. սկզբներին:
Թումանյանի այդ տարիների համագործակցությունից և ժամանակակիցների հուշերից երևում է, որ 1893-96 թթ. բանաստեղծը միառժամանակ համակրել և հարել է Հնչակյան կուսակցությանը: Ըստ ժամանակակիցների` Հնչակյան կուսակցությանն է հարել Ղ. Աղայանի ազդեցությամբ:

1895 թ. հունվարի 17-ի նամակում, ուղղված Ա. Ղլտճյանին, Թումանյանը հայտնում է, որ ընտրվել է «Հանգանակող և գործադրող կոմիտետ», որի հաստատությունը ուշանում է: 1895 թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն Բորժոմ – Ախալցխա – Ախալքալաք –Ալեքսանդրապոլ -Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով:
Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Թումանյանի հասարակական գործուն կյանքը դեռ 1890-ականներից չէր վրիպել Թիֆլիսի պահնորդական բաժնի գործակալների ուշադրությունից: Առաջին փաստաթուղթը, որտեղ հիշատակվում է Թումանյանի ազգանունը, թվագրված է 1901, հունիսի 7:

Այդ գրությամբ խնդրվում է ժանդարմական վարչություն ուղարկել Թիֆլիսի հայոց բարեգործական ընկերության անդամների և վարչության կազմի ցուցակը, նշելով 1900 թ. անվստահելի քաղաքացիների անունները: 1899 թ. կառավարչապետ Գոլիցինի հրամանով Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը լուծարքի է ենթարկվում, դառնալով միայն Թիֆլիսի բարեգործական կազմակերպություն, որոշակի սահմանափակումներով:

1899 թ. սեպտեմբերի 19-ին տեղի է ունենում վերակազմված ընկերության ընդհանուր ժողովը և վարչության ընտրություն, երբ ընկերությանը կրկին անդամակցվում է Թումանյանը, բայց այս անգամ ընտրվում է նաև վարչության փոխանդամ: Ընկերության վարչության մեջ եղել են Թումանյանի մտերիմները` Մարիամ Թումանյան, Ֆիլիպ Վարդազարյան, Արիստակես Զարգարյան (վարչության նախագահը Մ. Դոլուխանյանն էր), որոնց հետ ունեցած բանաստեղծի հաճախակի հանդիպումները, ժողովներին մասնակցելը հայտնի է եղել ժանդարմական վարչությանը: Թումանյանի անունը պահնորդական բաժնում կարող էր լինել նաև մեկ այլ պատճառով, քանի որ բարեգործական ընկերության գործունեությունը գաղտնի չէր:

Նույն ժամանակ` 1899-1900 թթ. ուսումնական տարում, աշակերտական «Ծիածան» գաղտնի ընկերության «մայր խմբի» հետ Թումանյանն իր բնակարանում պարապում էր հայ գրականություն: Ընկերությունը ստեղծվել էր այն ժամանակ, երբ գոլիցինյան հայտնի հրամանով դպրոցական ծրագրերից հանվել էին հայոց լեզուն, հայ գրականությունը, և հայ առաջադեմ շատ գործիչներ գաղտնի պարապմունքներով պատանեկությանը մերձեցնում էին մայրենի լեզվին և հայ մշակույթին, նրանց մեջ սերմանում ազգային արժանապատվության զգացում, նպաստում նրանց ազգային ինքնագիտակցության զարգացմանը:

Ամենայն հավանականությամբ այս գաղտնի դասերը ինչ-որ ձևով հայտնի են դարձել ոստիկանությանը, գումարվել Թումանյանի բարեգործական ընկերության հետ ունեցած առնչության փաստին և նրա անունը գրանցվել է 1900 թ. Թիֆլիսի քաղաքական կասկածյալների ցուցակում: 1900 թ. Թումանյանն անդամագրվում է նաև Երվանդ Լալայանի հիմնադրած Ազգագրական հրատարակչական ընկերությանը:

«Ազգագրական հանդեսի» համար ընտրված խմբագրական հանձնաժողովի նիստերը տեղի են ունեցել Լալայանի բնակարանում և վերջում վերածվել գրական երեկույթների: Երվանդ Լալայանի բնակարանում պարբերաբար հավաքվելու պատճառով 1902 թ. փետրվարյան մի գիշեր խուզարկվել են որոշ անդամների բնակարանները, բռնագրավվել են գրքեր, ձեռագրեր, նրանց էլ բանտարկել են: Նույն թվականի փետրվարի սկզբներին ոստիկանները հետապնդել են բանաստեղծին, հսկել տունը և համոզվել, որ փետրվարի 7-ից նա տանից դուրս չի գալիս: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը Թումանյանի բնակարանում ևս խուզարկություն է կատարվել և իբրև իրեղեն ապացույց վերցվել է մի գիրք: Թումանյանը չի ձերբակալվել հիվանդության պատճառով:

Օլգա Թումանյանի վկայությամբ, 1888 թ. ամուսնանալիս, երիտասարդ բանաստեղծը ունեցել է երկու գիրք. «Վերք Հայաստանի»-ն և «Հյուսիսափայլ»-ի մի համար: Ինչպես երևում է «խուզարկության արձանագրությունից», 10-12 տարվա ընթացքում Թումանյանն իր սուղ միջոցներով կարողացել է ստեղծել այն օրերի համեմատ մի պատկառելի գրադարան, բաղկացած ավելի քան 2000 գրքից, մեծ մասամբ հայերեն: Խուզարկուի այն հարցին, թե կա՞ն արդյոք անթույլատրելի գրքեր, Թումանյանը պատասխանել է, թե անտեղյակ է իր գրքերի լեգալ կամ անլեգալ լինելու մասին և ցույց է տվել Զարուբինի “Современные социалисты и революционеры” (1879, Петербург):

Սա մի գիրք է` գրված անցյալ դարի ռուս հեղափոխականների դեմ, որ պրոպագանդում է անխնա ոչնչացնել մատերալիզմն իր բոլոր տեսակներով: Թումանյանը դիտավորյալ է խուզարկուի ուշադրությունը հրավիրել հատկապես այդ գրքի վրա, իրենից քաղաքական մեղադրանքը հեռացնելու համար և հասնում է նպատակին. նույն թվականի ապրիլի 12-ին, համաձայն ստացած ծանուցագրի նա ներկայանում է IV քաղաքամասի պրիստավին և ետ ստանում, որպես ապացույց տարված գիրքը: Թումանյանը կասկածի տակ է եղել, որպես ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, պատճառը Լալայանների բնակարանների երեկույթներին սոցիալ-դեմոկրատ Գ. Ղարաբյանի (Արկոմեդ) մասնակցությունն էր, մի ազգանուն, որ լավ ծանոթ էր պահնորդական բաժնին:
Չնայած խուզարկությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, այս անգամ ևս բանաստեղծի անունը մնացել է կասկածելիների ցուցակում: Երկու անգամ կասկածելիների ցուցակում հայտնվելը չէր կարող ինչ-որ չափով չարգելակել նաև բանաստեղծի գրական գործունեությանը: 1903-ի աշնանը մահափորձ է կատարվում փոխարքա Գոլիցինի դեմ, որը թեպետ անհաջող է անցնում, բայց, հասկանալի է, ուժեղանում են ոստիկանական հետապնդումները:
1904 թ. այդ խառն օրերին Թումանյանը չէր կարող դուրս մնալ պահնորդական բաժնի գաղտնի գրություններից:

1903-ի դեկտեմբերից Թումանյանն իբր եղել է կուսակցական ակտիվ գործիչ և նույնիսկ տնօրեն գաղտնի տպարանի: Իրականությունն այն է, որ 1903-1904 թթ. արդեն հռչակված գրող լինելով, նա ընկերներ ու բարեկամներ ուներ գրեթե բոլոր կուսակցություններում: «Թումանյանը ամենքինն էր,-գրում է Խանոյանը,-նրան բոլորն էլ սիրում էին: Ինքն էլ խտրություն չէր դնում սրա ու նրա մեջ. նրա համար բոլորն էլ «մեր տղաներն» էին»: Չի բացառվում, որ նա կարող էր կասկածանքի ենթարկվել հենց իր այդ կարգի կապերի համար:

1905-ի փետրվարին, երբ սկսվեցին հայ-թուրքական ընդհարումները, Թումանյանն իր ամբողջ էությամբ նվիրվեց հարազատ ժողովրդի ինքնապաշտպանության և երկու հարևան ժողովուրդների հաշտեցման գործին: Բաքվի կոտորածից (1905 թ. փետրվարի 6-9) անմիջապես հետո հայ և թուրք մտավորականների որոշմամբ Թիֆլիսում կազմակերպվում է ցույց, որի նախապատրաստման առաջին շարքերում էր Թումանյանը: Ցույցերն արվում էին ոչ միայն հանուն անդրկովկասյան ժողովուրդների հաշտության. դա եղել է նաև որոշակի վերաբերմունքի դրսևորում ցարական կառավարության, կոտորածների կազմակերպիչների դեմ:

1905 թ. նոյեմբերի 22-ից ազգամիջյան սուր ընդհարումներ են սկսվում Թիֆլիսում, որից հետո Թումանյանն ընտանիքով տեղափոխվում է հայրենի Դսեղ և ամբողջովին նվիրվում Լոռու ինքնապաշտպանությանը:

Նոյեմբերի վերջերին տեղի է ունենում Բորչալուի թուրքերի հարձակումը Թիֆլիսի վրա, միաժամանակ ուժեղանում են բանվորական գործադուլները: Լոռում սկսվում են ագրարային շարժումներ, Հաղպատի գյուղացիները ապստամբում են տեղի կալվածատերերի դեմ: Ոստիկանությունը միմյանցից չէր տարբերում հեղափոխության տարբեր արտահայտությունները: Նրա համար միևնունն էին քաղաքի գործադուլավորը և իր կյանքը փրկելու համար զենք վերցնող հայ գյուղացին կամ սպիտակ դրոշակակիր բանաստեղծը: Ժողովրդի ինքնապաշտպանությունը համարվում էր տեռոր թուրքերի դեմ:

Եվ քանի որ Թումանյանն արդեն վաղուց «կասկածելի քաղաքացի» էր, պահնորդական բաժնում նրա անունը մտնում է «տեռորիստ հեղափոխականների» ցուցակի մեջ: 1905 թ. գրություններից մեկում հանդիպում ենք այսպիսի մի փաստաթղթի. “Краткий список лиц, вошедших в сферу наблюдения в г. Тифлисе с 1-го февраля по 2-ое марта 1905 года”: Ցուցակի մեջ մտնում են հայ, վրացի, ռուս, հրեա հեղափոխականներ, տարբեր կուսակցության պատկանող:
Յուրաքանչյուր անվան դիմաց գրված է կուսակցության պատկանելիությունը և ոստիկանության հսկողության մեջ նրանց տրված կեղծանունը. Թումանյանը հետապնդվում էր Жокей կեղծանունով: Հայտնի է, որ բանաստեղծը ինքնապաշտպանության գործին մասնակից էր Բաքվի կոտորածից անմիջապես հետո, տակավին գավառներում ընդհարումներ չսկսած: Նա հսկողության տակ էր

1905 թ. փետրվարի 1-ից, դեռ Բաքվի դեպքերից առաջ: Այստեղից և պահնորդական բաժնի վերոհիշյալ փաստաթղթերից հետևում է, որ բանաստեղծի 1908 թ. բանտարկության պատճառը չպետք է փնտրել միայն 1905-06 թթ. նրա գործունեության մեջ, դա միայն պատրվակ էր:

1905 թ. սեպտեմբերից գաղտնի գրությունում հաճախ է կրկնվում «Շմակովս» կեղծանունը. սա այն գործակալն է, որ հետևել է Թումանյանին հատկապես Լոռու, Բորչալուի շրջանում ու վայրիվերո, իրարամերժ տեղեկություններ ուղարկել բանաստեղծի մասին Թիֆլիսի ժանդարմական վարչություն: Մի տեղ Թումանյանն իբր միջնորդ է դաշնակցության ու գյուղական կոմիտեների, մի այլ տեղ` դատի է տրված դաշնակցությունից ինչ-որ գումար վատնելու համար, կամ Իսահակյանի հետ մասնակից է տեռորիստական խմբակի, Քոլագերան կայարանում նրա հրամանով սպանվել են երեք թուրք և այլն: Նման մի անհեթեթ մեղադրանք հիշատակվում է Թումանյանի զինվորական նահանգապետ Զոլոտարյովին ուղղած պաշտոնական նամակում, որ իբր թե «բանաստեղծը սպանել է խեղճ անտառապահին` կողոպտելու նպատակով»:
Նամակն անթվակիր է, բայց բոլոր տվյալներից երևում է, որ գրված է 1906-ի մայիսին, ճիշտ այն օրերին, երբ «Շմակովը» հետևում էր Թումանյանին Լոռու շրջանում: 1906 թ. մայիսի 18-ի գրության մեջ ներկայացվում է մի այլ «մեղադրանք». «Լոռու շրջանում նա, կարծես գեներալ-գուբերնատոր է, նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը և ոստիկանությունը: Նա շրջում է գյուղերում, դատ ու դատաստան տեսնում, տուգանում է գյուղերը… մինչև 500ռ….»:

Ճշմարտությունն այն է, որ Թումանյանն անխնա էր գողերի, ավազակների, խառը դրությունից օգտվող ու ամեն տեսակ օրենքներ ոտնահարող կալվածատերերի նկատմամբ: Բայց մատնիչը խորամանկ է, որպեսզի կարողանա պատճառաբանել Թումանյանի ազատ գործունեությունը, նրան համախոհ է հռչակում գավառի պաշտոնյաներին, հատկապես գավառապետին ու նրա օգնականին, պնդելով, որ վերջինները կաշառված են, Թումանյանի միջոցով դաշնակցությունից ստացել են 10.000 ռուբլի:

1906-ի մայիսի վերջերին Թումանայնն արդեն տեղյակ էր, որ իր գործունեությունից դժգոհ են Թիֆլիսի պաշտոնյաները և կարգադրություն է արված իր ձերբակալության մասին, բայց այդ լուրերին նշանակություն չտալով, բանաստեղծը շարունակում էր գործել Լոռիում, անձամբ շրջելով, աջ ու ձախ գրություններ ուղարկելով` պայքարում էր նույն սկզբունքայնությամբ:

1908 թ. դեկտեմբերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում սկսում են ձերբակալությունների: Զոհերը մեծ մասամբ հայ մտավորականներն էին, կուսակցական թե անկուսակցական, մոտ 160 հոգի`գրողներ, ուսանողներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, իրավաբաններ և այլն: Բոլորի մեղադրանքը մտնում էր նույն «Դաշնակցության գործ»-ի մեջ: Թումանյանը որդու` Մուշեղի հետ բանտարկվում է 1908 թ. դեկտեմբեր 23-ի լույս 24-ի գիշերը:
Բանտարկյալ Թումանյանի առաջին հարցաքննությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Թվարկելով իր անմեղությունն ապացուցող փաստեր, որոնք բոլորը կարելի է հաստատել պաշտոնական թղթերով, նամակներով, հեռագրերով ու կենդանի վկաներով, Թումանյանը գրում է, թե գործել է հեղափոխության եռուն շրջանում, և, չնայած դրան, առաջնորդվել է ոґչ կուսակցական մղումով կամ «…ոґչ ինչ-որ մեկին դուր գալու համար, այլ խորը գիտացությամբ ու մաքուր խղճով, դատելով իբրև գրող-բանաստեղծ, որը ծառայում է հանուն լավ և ազնիվ գործի: Այդպես եմ ես հասկացել ժողովրդի շահերը»:

Այս ցուցմունքները, ինչպես և փոխարքա Վորոնցով-Դաշկովին և Թիֆլիսի ժանդարմական վարչության պետին ուղղված խնդրագրերը, արժեքավոր վկայություններ են սկզբունքային մարդու և մեծ քաղաքացու մասին:

Սեփական և ազգային բարձր զգացողությամբ էր նա գրիչ վերցնում, առանց որևէ զիջում անելու դիմացինի պաշտոնին, չվախենալով իրեն շրջապատող բանտի պարիսպներից և սպառնացող ցրտաշունչ հյուսիսից: Հավատ սեփական անձի ու գործի նկատմամբ և լավատեսություն-սրանք էին առաջնորդում բանաստեղծին: Նա վրդովված էր, մանավանդ իրեն տրված «տեռորիստ» մեղադրանքից. «Դուք կարծում եք, որ ես ընդունակ էի ատրճանա՞կ օգտագործելու,-գրում է նա,-բայց ինչպե՞ս կարող էի ես չօգտվել մի զենքից` իմ բանաստեղծական տաղանդից և իմ գրչից, որոնք, հավատացեք ինձ, ավելի զորավոր են, քան բոլոր տեսակի ատրճանակները»: Խնդրագրերի մեջ Թումանյանը խնդրողի դերում չէ, այլ բողոքողի: Նա պահանջում է հայտնել իր մեղադրանքն ապացուցող բոլոր փաստերը, որպեսզի կարողանա մեկ-մեկ հերքել, հակառակ դեպքում ինքն էլ կարող է նմանվել այն մարդկանց, որոնք ամիսներով մնում են բանտերում և ապա անմեղ ճանաչվելով` ազատվում:

1909 թ. մարտ-ապրիլ ամիսներին Թումանյանին վերաբերող գաղտնի գրությունների վրա հայտվում է քննիչ Լիժինի անունը, որը հայտնի էր իր դաժանությամբ: Տեսնելով, որ ժամանակ է պետք համոզիչ մեղադրական գործ ստեղծելու համար, նա համաձայնություն է տալիս երաշխավորությամբ ազատելու մի քանի բանտարկյալների, այդ թվում Թումանյանին, իսկ Մուշեղ Թումանյանը հինգ ու կես ամիս Մետեխի բանտում մնալով` անպարտ է ճանաչվում: Բանտից ազատվելուց հետո, (1909 թ. հունիսի 13-ից) Թումանյանի վրա ավելի խիստ հսկողություն է սահմանվում: Պահնորդական բաժինը հաճախակի գրություններ է ստանում, որ “Жокей”-ը Թիֆլիսում է, և «շարունակում է հանցագործությունները». Օրինակ` հրաման է տվել տեռորիստներին «սպանելու մատնիչ Շահ-Աբաս Շահվերդովին», այսինչ օրը թաղման և ապա եկեղեցում հավաքույթի է գնացել Աղայանի, Փափազյանի հետ, կամ, իր տանը հյուրընկալելով Իսահակյանին, Ս. Հակոբյանին, բժիշկ Ա. Թադևոսյանին, զրուցել է աշակերտական կազմակերպություն ստեղծելու, բանտարկությունների պատճառով Գևորգյան ճեմարանում և Ներսիսյան դպրոցում ուսուցիչների պակասի մասին և այլն: Սրանք տարբեր գրություններից քաղված «փաստեր» են, որոնք հաղորդված են նրա ամեն քայլի մեջ մտածված հանցանշաններ և ստեղծող հատուկ մարդու միջոցով:

Իրականում ինչո՞վ էր զբաղված Թումանյանը: 1909 թ., օգոստոսի 16-ին, երբ բանաստեղծը երաշխավորությամբ ազատվել էր կալանքից, նա մեկն էր այն ինը մտավորականներից, որոնց հրավիրել էր Ավ. Արասխանյանը` «Գրականագետներին, գիտնականներին, մանկավարժներին օգնող հայոց ընկերություն» ստեղծող հիմնադիր ժողովին մասնակցելու: 1910 թ. ապրիլի 24-ին, Թումանյանը նույնպես ստորագրում է այդ ժողովի որոշած կանոնադրության նախագծի տակ:

Արդեն ամռանը բանաստեղծը ստանձնում է «Հորիզոն» օրաթերթի խմբագրությունը, և մի նոր թափով մտնում հրապարակախոսական գործունեության մեջ, շարունակում է պատրաստել «Լուսաբեր» դասագրքի տարբեր տարիները, «Հայ գրողներ» քրեստոմատիայի II հատորը և այլն: 1911 թ.հունվարին լուրեր են տարածվում պահնորդական բաժին, թե «Հորիզոն»-ի խմբագրատունը դաշնակցության ղեկավարների ժամադրավայրն է, և հունվարի 12-19-ը գաղտնի հսկողություն է սահմանվում խմբագրատան շուրջը: 19-ի ցերեկը խմբագրատուն են ներխուժում պահնորդական բաժնի գործակալները, խուզարկում, կալանավորում են Թումանյանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների: Կրկնվել են Թումանյանին տրված նախկին բոլոր մեղադրանքները` նոր խմբագրումով և հարստացած քննիչ Լիժինի երևակայության նոր պտուղներով:

Բանաստեղծի բնակարանում չորս ժամ տևած խուզարկության եզրակացությունը ցույց է տալիս, որ ոստիկանությունը զենք է փնտրել և գաղտնի նամակագրություն, որովհետև ըստ լրտեսական տվյալներ, իբրև թե Թումանյանն էր տնօրինում զենքի պահպանության գործը Թիֆլիսում և նրա տանն էր գտնվում դաշնակցության գաղտնի գրագրությունը: Այդպիսիք չհայտնաբերելով պահնորդական բաժին են տարվում մի փոքր դանակ, երկու բանալի, բանաստեղծի ձեռագրերը, ստացած նամակները և այլ նյութեր, որոնք հետո պաշտոնապես վերադարձվում են մեկ օր անց: Այնուամենայնիվ, Թումանյանին մեղադրելու համար հանցանշանների բացակայությունը չի արգելում, որ Պետերբուրգի կառավարական սենատի կարգադրությամբ, երաշխավորությամբ ազատված բանաստեղծը, 1911 թ. հոկտեմբերի 31-ին նորից ձերբակալվի և տեղափոխվի Պետերբուրգ: Այսպիսով, առանձին կարևորություն է ներկայացնում Հովհ. Թումանյանի և պահնորդական բաժնի փոխհարաբերության, բանտարկության և դատավարության պատմությունը:

Ուշագրավ է այն, որ բանաստեղծը հուսահատության, հոռետեսության, արածի նկատմամբ ափսոսանքի որևէ զգացում չի ունեցել: Նույնիսկ դատավարության օրերին, տակավին պարզ չէր, թե ինչ վախճան է ունենալու գործը, նա ունկնդիր էր, միայն իր ներքին ձայնին. «Լինել մաքուր ու արդար` էդ մեծ բան է: Դա տալիս է կայտառություն և ամեն, ամեն ինչ, և առողջություն»: Իհարկե Թումանյանի ցուցմունքների ու դատի ժամանակ իր` ՀՀ դաշնակցության անդամ լինելը ժխտող փաստարկներով չի կարելի որոշել նրա` այդ կուսակցության մեջ լինել-չլինելու հարցը: Բացի ժանդարմական վարչության նյութերից, առայժմ միակ վկայությունը Արշակ Ջամալյանի հուշն է այն մասին, որ Թումանյանը 1905 թ. ապրիլին դաշնակցության կովկասյան առաջին շրջանային ժողովին մասնակցել է որպես Թիֆլիսի կենտրոնական կոմիտեի անդամ: Սակայն նրան հետաքրքրողը միայն ինքնապաշտպանությունն էր, խաղաղությունը, որի սպիտակ դրոշը հակասում էր ցարական բյուրոկրատիայի` ժողովուրդների համար հնարած չար խաղին: Բանաստեղծը կարողացավ ապացուցել, որ ինքը միայն խաղաղության համար է գործել և Պետերբուրգի կառավարության սենատի հատուկ ատյանում 1912 թ. մարտի 20-ին ազատ ճանաչվելով, ապրիլին վերադարձավ տուն:

Չնայած պատերազմական դրությանը և քաղաքական հեղհեղուկ պայմաններին 1916-1917 թթ. մշակութային կյանքը Թիֆլիսում նոր վերելք է ապրում: Հայ գրողների ընկերությունն անհրաժեշտ է համարում մշակույթն իր մեջ կենտրոնացնող ընկերության ստեղծումը:

1917-ին հիմնադրվում է «Հայկազյան ընկերությունը» , որի ծրագիրը հետևյալն էր. հիմնել հայոց ակադեմիա, դնել հայկական համալսարանի հիմքը, զարգացնել հայագիտությունը, բազմակողմանի ուսումնասիրել և ի մի բերել Հայաստանի աշխարհագրությունը, պատմությունը, գրականությունն ու գեղարվեստը: Նյութապես ապահովել հայ գիտնականներին, գրողներին, գեղարվեստագետներին: Ընկերությունը ստեղծվեց, սակայն երկար չգոյատևեց. Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում, իր հետևանքներով նոր չարիք բերեց հայ ժողովրդին և հիմնովին խորտակեց Թումանյանի ծրագրերի իրականացման հնարավորությունը: Սակայն զուր չանցան նրա ջանքերը. հայկական համալսարանի հիմքը դրված էր: 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվեց առաջին հայկական համալսարանը:

1912 թ. ապրիլին Թումանյանի ղեկավարությամբ հիմնվում է «Հայ գրողների կովկասյան ընկերությունը», որի նախագահն է ընտրվում բանաստեղծը: Նա շատ ժամանակ ու եռանդ է տրամադրել «Ընկերությանը», զբաղվել գրական խնդիրներով և գրողների նյութական դրությունը բարելավելու հարցերով: Թումանյանի այս գաղափարը, որ գրականությանն ազգային պաշտպանություն է պետք, դառնում է նրա գործունեության նշանաբանը, հատկապես Հայ գրողների ընկերության շրջանում:
1914 թ. հոկտեմբերին, նախքան ռուս-թուրքական պատերազմի սկսվելը, Թիֆլիսում ստեղծվում է «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե», որը մշակութային և հոգևոր գործիչների մասնակցությամբ ծավալում է լայն գործունեություն:

1914-1915 թթ. Թումանյանի հասարակական ողջ գործունեությունը կապվում է հիշյալ ընկերության կենտրոնական կոմիտեի հետ: Այդ կոմիտեն իր հերթին ենթարկվում էր Հայոց ազգային բյուրոյին, որին Թումանյանն անդամակցում էր նրա գոյության առաջին օրից` 1912 թ. հոկտեմբերի 30-ի հիմնադիր ժողովից: Այդ օրերին Թումանյանի յուրաքանչյուր հոդված հայ զինվորին և ամբողջ ժողովրդին մղում էր ազատագրական պայքարի, ոգևորում նրանց հաղթանակի հավատով:

1917-1918 թթ. բանաստեղծը գլխավորում է մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Այդ տարիներին հայկական գրեթե բոլոր գավառներում գործում էին «Հայրենակցական միություններ», որոնց խնդիրն էր օգնել պատերազմից տուժածներին և գաղթականներին, հավաքել հանգանակություններ, վարել բանակցություններ տարբեր կազմակերպությունների հետ աջակցելու համար: Աշխատանքը կենտրոնացնելու և ճիշտ կազմակերպելու նպատակով 1918 թ. մարտին Թիֆլիսում ստեղծվեց «Հայրենակցական միությունների միություն», որի խորհրդի անդամ ընտրվեց Թումանյանը:

1921 թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալ.Մյասնիկյանի հրավերով բանաստեղծը եկել էր Երևան` Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա խնդրում է իրեն ազատ թողնել գրականությամբ զբաղվելու համար, սակայն շրջելով Երևանի փողոցներով տեսնելով ծանր ու դաժան պատկերներ` բանաստեղծն այսպես է ասում. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջին էր, որ Թումանյանը հասցրեց անել հայրենիքի համար:

Թումանյանը և ողբախնամ գործը

Հայ ժողովրդի պատմական ծանր և բացառիկ ճակատագիրը խորը հետք է թողել հայ գրողների, մշակույթի գործիչերի և ընդհանրապես մտավորականության կենսագրության վրա: Պատճառներից մեկը թերևս այն է, որ հայրենասիրությունը նրանց համար եղել է կենսակերպ: Հայոց մեծերն իրենց կենսագրության և ստեղծած արժեքների վրա կրում են հայրենի դժվարին պատմության կնիքը` սկսած Խորենացուց ու Եղիշեից, մինչև միջնադարյան տաղերգուներ, մինչև Աբովյան, Րաֆֆի և ուրիշներ: Սակայն այս ոսկեղենիկ շղթայում առանձնահատուկ է Հովհ. Թումանյանի զբաղեցրած տեղը` իր անձնական կյանքով և ստեղծագործությամբ: Եթե իրոք ժողովուրդը կարողանում է ծնել այնպիսի բացառիկ զավակներ, ովքեր իրեց հարազատ ժողովրդի ճակատագրական, օրհասական պահերից դեռ շատ առաջ, միայն իրենց հայտնի եղանակներով` նյարդերով, արյունով, մաշկով և վերջապես հոգու աչքերով կարողանում են տեսնել արհավիրքը, ապա Թումանյանը մեկն էր այդ հազվագյուտ տեսանողներից, ամենատեսներից: Նա էր, որ դեռ 1913 թ. գրում էր. «…թուրքերը հայկական հարցը վճռելու են բնաջնջումով և թուրքը նրան բաց պիտի թողնի միայն վերջին շնչի հետ… Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»:

Ապագա հանճարեղ բանաստեղծը դեռ վաղ պատանեկան տարիներից արդեն համակված էր ազգային վշտով և ազատագրական գաղափարներով: Այլապես ինչը պիտի ստիպեր ընդամենը 15 տարեկան պատանուն գրել այսպիսի տողեր.
Ինչու՞ ես տխուր
Թշվառ Հայաստան
Է՞ր է վիզդ ծուռ
Մայր իմ սիրեկան,
Խոցալից սրտով
Մայր իմ Հայաստան:

Թումանյանն ինքն ընտրեց իր ճանապարհը` ամբողջ ներաշխարհով, հոգով-սրտով կապվելով հարազատ ժողովրդի ճակատագրին, նրանից այլևս չբաժանվելու պայմանով: Եվ օրինաչափորեն էլ նրա ստեղծագործական ոգու բռնկումներն էլ համընկնում են հայ ժողովրդի ազգային կյանքի համեմատաբար բարենպաստ ժամանակներին: Սակայն, դժբախտաբար մեծ գրողը ստեղծագործական կյանքի ընթացքում երջանիկ շրջափուլեր քիչ է ունեցել: 1905-1907 թթ. ռուսական հեղափոխության հետևանքներից եղան հայ-թուրքական ընդհարումները: Եվ արդեն կյանքում առաջին, բայց ոչ վերջին անգամ, բանաստեղծը մասնակիցը և ազատամարտիկը եղավ իր պաշտելի ժողովրդի ճակատագրի տնօրինման սրբազան գործի: Նա գրիչը փոխարինեց ճերմակ դրոշակով` արյունալի ընդհարումներին վերջ դնելու առաքելությամբ:

1914 թ., երբ պայթեց առաջին համաշխարհային պատերազմը, հայ ժողովրդին և նրա բանաստեղծ զավակին սպասում էին էլ ավելի զարհուրելի, դժոխային ժամանակներ: Թումանյանն այդ օրերին ընտանիքի, հարազատների և մտերիմների հետ գտնվում էր Ձաղվերում: Նա շուտափույթ վերադառնում է Թիֆլիս և անդամակցում 1914 թ. հոկտեմբերին ստեղծված «Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե»-ին: Եվ այսպես շարունակաբար Թումանյանը պիտի իրականացներ հայրենիքին ծառայելու իր առաքելությունը:

Հոգու ամենանուրբ և ամենասուրբ թելերով կապված լինելով իր ժողովրդին, բանաստեղծը հիրավի դարձավ այն հազվագյուտ կանխատեսողներից մեկը, որը դառնորեն գուշակեց հային բաժին պահված պատմության եղերական էջերից մեկը. Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ. իրականացված Մեծ Եղեռնը: Երբ Թիֆլիս հասավ կոտորածի լուրը, Թումանյանը հիվանդ, հոգեպես և ֆիզիկապես քայքայված, դստեր` Նվարդի հետ մեկնեց Էջմիածին` սեփական ձեռքերով հոգալու գաղթականության խնամքի խնդիրները: Թումանյանին ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այդ օրերի մղձավանջը. «Դա մի պատսպարան էր, ուր հավաքվում, լցվում էին սովամահի ճանկերից խլած երեխաներ… Ահա հազարավոր մայրերի ոսկրացած բազուկների ու ձեռների անտառը…, որ ամեն կողմից առաջ էին հրում անթիվ, անհամար մանկական կմախքներ, որ դեռ շնչում էին…»:

Այս ամենը մտովի պատկերացնելն անգամ այսօր սահմռկեցուցիչ է, իսկ ի՞նչ էր զգում բանաստեղծի հոգին… Կա մի հայտնի լուսանկար, որ ցուցադրվում է Թումանյանի թանգարանում` «Թումանյանը և իր դուստր Նվարդը որբերի հետ Էջմիածնում, 1915 թ.», որտեղ բանաստեղծն ընդամենը քառասունվեց տարեկան է, բայց նման է պատկառելի ծերունու… Մեկնաբանություններն ավելորդ են:

Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:

Երեխաներից շատերը նրան հայրիկ էին անվանում: Թումանյանի գրառումներից. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) հայրիկ ես որբ եմ, նա հեր ունեմ, նա մեր» : «…Որ ասում էին նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից-էնտեղից գլուխ էին բարձրացնում. –Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»
Շատ հուզիչ և ուշագրավ են Թոթովենցի հուշերը. «Թումանյանը վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. –Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը… Թումանյանը պատասխանում է.-Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»: Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը:

Թումանյանը մեծ ջերմությամբ ու երախտագիտությամբ է մտաբերում, այդ մղձավանջային օրերին, անսահման անձնվիրությամբ որբախնամ գործին նվիրված հայ կանանց: «…Հիշում եմ էն մանկական կմախքների խիտ-խիտ ու երկար շարքերը, երբ կերակրելու համար նստեցնում էին վերահսկող տիկիններն ու օրիորդները, որոնք ազատարար ոգիների նման, անդադար պտտվում էին նրանց վրա, ոտից գլուխ ճերմակ վերնաշապիկներ հագած, ցավից ու անտանելի ծանր օդից ու հոտից գունատված, դալկացած տիկիններն ու օրիորդները…»:

Այդ պահապան հրեշտակների թվում էր նաև Թումանյանի դուստրը` Նվարդը, որն արհամարհելով ամեն մի դժվարություն, կյանքին սպառնացող վտանգը (քիչ չէր գաղթականության մեջ մոլեգնող համաճարակային հիվանդություններից մահացող գթության քույրերի թիվը) անձնվիրաբար ծառայում էր իր ժողովրդի փրկության գործին: Եղբորը` Արտիկին գրած նամակից. «Հայրիկն ու ես պատրաստվում ենք, հիմա գնալու ենք Երևան: Որբանոցի երեխաներից հարյուր քսանհինգ հոգի պիտի փոխադրել Երևան, քառասուներեք ծծկեր երեխա կա, պահող չկա: Գաղթականներն արդեն ցրվում են. որբերը նորից շատացել են… Ճեմարանը հիվանդանոց են դարձրել: Հայրիկը շատ գոհ է… հոգնել է, բայց գործը կիսատ թողնել չի կարող»:

Հայրենասեր բանաստեղծի զավակները միմյանց չէին զիջում իրենց նվիրվածությամբ ու հայրենիքի ճակատագրի մտահոգությամբ: Ավագ որդին` Մուշեղն էլ ահազանգում էր Իգդիրից, որտեղ ընթանում էին պատերազմական գործողություններ: Նա նամակներից մեկում գրում է, որ որբ հայ մանուկներին կազակներն իրենց մեջ էին բաժանում, և դա կարծես արդեն սովորական երևույթ էր դարձել: Նա սրտի ցավով գրում է. «…Երեխաներին որդեգրում են և ռուսացնում… Հայ ազգը ուրիշ տեսակ զոհաբերության առաջ է կանգնած, մի նոր տեսակի թալանի առաջ է կանգնած, երեխաների թալա~ն…»: Ամենայն Հայոց Բանաստեղծի զավակներն այլ կերպ մտածել ու գործել չէին կարող:

Էջմիածնի դժոխքում Թումանյանը դստեր հետ մնաց մոտ երկու ամիս: Նա շատ դժգոհ էր հոգևորականությունից և զանազան կոմիտեներից, որ չէին կարողանում արագ կազմակերպել աշխատանքներն ու ժամանակին օգնություն ցույց տալ գաղթականությանը: Այդ պատճառով էլ գրեթե ամբողջությամբ իր վրա է վերցնում այդ դժվարին գործը: Թե որքան ծանր է եղել այդ օրերին Թումանյանի վիճակը, պատկերացում ենք կազմում Լեոյի գրառումներից. «Հովհ. Թումանյանը այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»:

Ազգի բանաստեղծը իրավունք չուներ գժվելու, որովհետև պիտի մի օր, անսահման երժանկությամբ արձանագրեր. «…Հիշում եմ և էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, ոմանք զվարթ երգում են խմբով, կատակներ անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում: Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքով»:

«... Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով»:
Վալերի Բրյուսով


«Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն:
.... Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»:
Ավետիք Իսահակյան

2 людям это нравится.
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз