СТАНЬ VIP

Հովհաննես Թումանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:36

ՔԱՋ ՆԱԶԱՐ :)
Текст:
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ` անունը Նազար: Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում: Էնքան էլ վախկոտ, էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած` նրա հետ էր դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս` տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար:
Էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի` տեսնում է ճըրքճըրքան լուս-լուսնյակ գիծեր` ասում է.
-Ա´յ, կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է... Սիրտս ասում է` վեր կաց գնա Հնդկաստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու...
Կնիկը թե.
-Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...
Նազարը թե.
-Ա´նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:
Որ շատ կռվում է` կնիկը տուն է մտնում, դուտը փակում:
-Հո´ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի:
Էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: Ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում` մինչև լուսը բացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում: Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի - ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են` ձեռը տանում է երեսին զարկում: Որ երեսին զարկում է` ճանճերը ջարդվում են առաջին թափվում:
-Վա´հ, էս ինչ էր... – մնում է զարմացած:
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց` չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:
-Վա´հ,- ասում է, -ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացել... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...
Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:
-Տե´րտեր, օրհնյա ի տեր:
-Աստված օրհնի, որդի´ս:
-Տե´րտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է` իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համարի, մի փալասի կտորի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Ու տալիս է իրեն:
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում:

2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:
Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: Էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է` էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է` էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում...
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը – թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի մի թփի միջից, ամեն մի քարի ետևից` որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ - ականջդ ոչ լսի:
Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում, թե չէ` կանգնում է.
-Վայ,- ասում է,- ո՞նց թե իմն էլ էստեղ էր հատել. կա չկա` էս ավազակներ են...
Ձին թողնում է, ընկնում ճամփի տակի անտառն ու` երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում` փախչում:
Բախտդ սիրեմ, Քաջ Նազար, գոռգոռալով գալիս է տեսնում է մի թամքած ձի ճամփի մեջտեղը իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր չամփեն:

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն` իրեն: Ո՞ւր գնա, ո՞ւր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:
-Բարի օր ձեզ:
-Ա´յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:
Համեցե´ք հա, համե´ցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը – թե ուտելիք, թե խմելիք:
Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը: Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով` բանը մնում է վերի ծերին նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը` չորրորդին. էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե` բա չես ասիլ, նորեկ ղոնախն ինքը.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
-Քաջ Նազարն է հա..., -բացականչում է պարծենկոտի մինը: -Ինչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի...
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:
-Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,- զարմանքով հարցնում են անծանոթները:
-Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ` ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ ածխարհքն իմ ծառան է ու իմ ծառան:
-Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:
-Շնորհքն էլ հենց սրա մեջն է´, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես` ջարդես հազար, թե չէ լավ թրով - ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում:
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմնում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ. ասում է` մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր...
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում:
Բարով եկար, հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կփըրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջդը Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար:


4

Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանաչ դաշտ: Էս կանաչ դաշտում ձին թողնում է իր արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում:
Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս` որ մի մարդ է եկել իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել: Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Վայ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի´ ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում` գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած` էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են` բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռցում ու խնդրում են.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում. այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ` օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է` մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես...
Էստեղ Նազարը շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նրան: Ինչ ասեկ կուզի` հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:

5

Էս շամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդ վրա: Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ: Իհարկե Քաջ Նազարը կսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար:
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե` ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա: Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի վարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ո՞վ կտա - հոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց ես ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնում – լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը´մբշփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած` էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում:
Մարդիկ մին էլ տեսնում են, վա´հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է:
-Հա´յ-հարա´յ, եկեք հա, եկեք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե´ք հա, տվե´ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հռհռոցով հարձակվում են` խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:
Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: -Ափսո´ս, -ասում է,- ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... Էնքան պետք է քշեի որ...
Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ` ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում:

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կլինի քեզ հավասար,
Ով Քաջ Նազար:

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասարմ
Ով Քաջ Նազար:

Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ով Քաջ Նազար:

Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար
Ով Քաջ Նազար:

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն:

-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նման էր:

-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր:

-Արեգակ նոր շաղեծաղ,
Էն ո՞ւմ նման էր:

-Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ-յարն էր:

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հայ կարմիր,
Կապեն կարմիր, հայ կարմիր,
Գոտին կարմիր, հայ կարմիր,
Սոլեր կարմիր, հայ կարմիր,
Թագուհին կարմիր, հայ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարիր թագվորին արև:

Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր:

6

ու մի´ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրենց չեն տվել` ուրիշի հետ են ամուսնացրել` զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում` հրաման են խնդրում:
Պատերազմի անունը որ լսում է` սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Առաջ են ընկնում, բռնում են, խնդրում, թե` ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն: Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով,- կեցցե´ Քաջն Նազար... մա´հ թշնամուն...
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած` խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի` թշնամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է միկ ծառի փաթաթվի, դու մի´ ասիլ` ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են` էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս,- փա´խի, որ փա´խ, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...
Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը:
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով ու կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված:
Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում1 են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ պաշտոն է տալիս: Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ:
Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում` ծիծաղում է, ասում է.
-Ինչ քաջություն, ինչ խելք, ի՞նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա...
Եվ ասում են` մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:

arman tovmasyan это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հովհաննես Թումանյան

Сообщение Армине » 05 сен 2008, 12:37

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Текст:
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում.
-Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
-Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է` սկսում է սուգ անել.

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. գնա´ մի տե´ս, քույրդ ընչի´ ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է` ձենն ավելի է բարձրացնում:
-Արի´, արի´, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:
-Ի նչ Կիկոս:
-Բա չես ասիլ`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,- գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է.
-Աղջի´, մի գնա տես քույրերդ ի նչ եղան: Գնացին, ետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում` երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
-Քա´, ընչի՞ եք լաց ըլում:
Մեծ քույրը թե` բա չես ասիլ`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,- սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ` երեք աղջիկն էլ կանչում են.
-Արի´, արի´, անբախտ տատրի, տե´ս թոռանդ գլուխն ինչ է եկել:
-Ի նչ թոռ, ա´յ աղջկերք, ի՞նչ է պատահել:
Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա´յ մեր`

Գնացի մարդի,

Ունեցա որդի,

Գդակը պոպոզ,

Անունը Կիկոս.

Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին...

Վա՜յ Կիկոս ջան,

Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել:
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է` մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
-Արի´, արի´, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
-Ինչ Կիկոս, ինչ եք ասում,- զարմանում է մարդը:

Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա՜յ հեր`

Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...

-Վա՜յ, Կիկոս ջա՜ն,- ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք:
Սրանց մեջի խելոքը հերն է լինում: Ասում է.
-Ա´յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ինչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա: Դու մի´ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

Nina Minasyan это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:38

ՏԵՐՆ Ու ԾԱՌԱՆ
Текст:
Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ: Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում: Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն: Վճռում են` փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի մոտ ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն:
Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում:
Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը: Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային: Ասում է` մինչև էն ժամանակը թե դու բարկանաս - դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ - ես տամ:

-Ես որ հազար մանեթ չունեմ որտեղի՞ց տամ,- ասում է ծառան:
-Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես:
Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի: Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց: Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով:
Ասում է` լավ, համաձայնում է:

Պայմանը կապում են ու մտնում ծառայության:
Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում արտը հնձելու:
-Գնա՛, -ասում է,- քանի լուս լուս է` հնձի, որ մութն ընկնի` կգաս:
Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն: Տերը հարցնում է.
-Էդ ո՞ւր եկար:
-Դե արևը մեր մտավ, ես էլ եկա:
-Չէ՛, էդպես չի: Ես քեզ ասել եմ` քանի լուս է, պետք է հնձես: Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ: Սա ինչ պակաս է լուս տալի...
-Էդ ո՞նց կլինի...- զարմանում է ծառան:
-Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,- հարցնում է տերը:
-Չէ՛, չեմ բարկանում... ես միայն ասում էի` հոգնած եմ... մի քիչ հանգստանամ... կըզկըզում է վախեցած ծառան ու գնում նորից հնձելու:
Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում: Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի: Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում:

-Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ... – սկսում է հայհոյել հուսահատված:
-Հը՞, դու բարկանո՞ւմ ես,- կանգնում է գլխին հարուստը: Երբ ո՞ր բարկանում ես, մեր պայմանը պայման է: Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին:
Ու պայմանի ուժով ստիպում է, որ ծառան կա՛մ հազար մանեթ տուգանք տա, կա՛մ տասը տարի ձրի ծառայի:
Ծառան մնում է կրակի մեջ: Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր: Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն:
-Հը՛, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը: Ու մեծ ախպերը նստում է, գլուխն էկածը պատմում, ինչպես որ պատահել էր:
-Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ:
Վեր է կենում հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա է մտնում է՛լ նույն հարուստի մոտ:
Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է:
-Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն: -Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի կծառայեմ:
-Լա՛վ,- ուրախանում է հարուստը: Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության:
Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը: Տերը դուրս է գնում, տուն է գալիս, էս ծառան դեռ քնած է:
-Ա՛յ տղա, դե վեր կաց է՛, օրը ճաշ դառավ:
-Հը՞, բարկանո՞ւմ ես դու...- գլուխը վեր է քաշում ծառան:
-Չէ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը. միայն ասում եմ` պետք է արտը գնանք հնձելու:
-Հա, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում:
Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել: տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխներն է հագնում:
-Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի է՜...
-Հ՜ը, հո չե՞ս բարկանում:
-Չէ՜, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել` ուշանում ենք...
-Հա՜, էդ ուրիշ բան է. թե չէ` պայմանը պայման է:
Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում:
-Էլ ինչ հնձելու ժամանակ է,- ասում է ծառան,- տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք` հետո:
Նստում են, ճաշն ուտում: Ճաշից հետո էլ ասում է` մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞: Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն:
-Տո, վեր կաց է, մթնեց, է՛, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց... Վա՜յ քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ... Էս ինչ կրակի մեջ ընկա... –սկսում է գոռգոռալ հուսհատված տերը:
-Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,- գլուխը բարձրացնում է ծառան:
-Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում թե` մթնել է, տուն գնալու ժամանակն է:
-Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես. վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ:
Գալիս են տուն: Տեսնում են հյուր է եկել:
Ծառային ղրկում են թե` գնա ոչխար մորթի:
-Ո՞րը:
-Որը կպատահի:
Ծառան գնում է: Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե` հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց: Էս հարուստը վազում է, տեսնում է` ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է: Գլխին ըալիս է, գոռում.
-Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր...
-Դու ասիր` ՙո՛ր աչխարը պատահի՛, մորթի՚, ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի – ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել,- հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես...
-Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ...
-Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ:
Հարուստը մտածում է ինչ անի, ոնց անի, որ էս ծառայից ազատվի: Պայման է կապել մինչև մին էլ գարնան` կկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն...
Միտք է անում միտք, մի հնար է մտածում: Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ ՙկուկու՚ կանչի: Ինքը գալիս է ծառային տանում թե` արի գնանք անտառը որսի: Հենց անտառն են մտնում, թե չե, կինը ծառի վրայից կանչում է - ՙկուկո՛ւ, կուկո՛ւ...՚:
-Ըհը՛, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ...
Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորմանակությունը:
-Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարովա էս եղանակին, ձմեռվա կեսին կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում:

Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ի՞նչ կկու է...
Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը: Տերը գոռալով ընկնում է առաջը.
-Վա՜յ չզարկես, աստծու սիրուն... սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը...
-Հը՞, չլինի՞ թե բարկանում ես...
-Հա՛, ախպեր, հերիք էր. արի` ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ: Իմ դրած պայմանն է - ես ել պետք է տուժեմ: Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը` թե ՙմարդ ինչ անի, իրեն կանի՚:
Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:39

ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ
Текст:
Մի փոքրիկ, սիրունիկ աղջիկ է լինում: Բոլորը սիրում են նրան, բայց ամենից շատ տատիկն է սիրում ու ոչ մի բան չի խնայում: Մի անգամ էլ տատիկը կարմիր թավշից գլխարկ է նվիրում. շատ է սազում նրան, այնքան շատ, որ աղջիկը գլխից չի ուզում հանել և երբեք էլ ուրիշ գլխարկ չի դնում: Դրա համար էլ աղջկա անունը մնում է Կարմիր լխարկ:

Մի անգամ մայրն ասում է.

- Կարմիր գլխարկ, տատիկը հիվանդ է, վերցրու էս կարկանդակն ու գինին, տար, տատիկը ուտի, լավանա: Շուտ դուրս արի տնից, դեռ շոգը չի ընկել, համ էլ ճանապարհից չշեղվես, կարգին կգնաս, հանկարծ վեր չընկնես շիշը ջարդես, տատիկին բան չմնա: Իսկ երբ ներս մտնես, նախ կբարևես և ոչ թե կնկնես պուճախները:
- Ամեն բան կարգին կանեմ,- ասում է Կարմիր գլխարկն ու հրաժեշտ տալիս մորը:

Տատիկի տունը անտառում է լինում` գյուղից մի կես ժամվա ճամփի վրա: Հենց որ Կարմիր գլխարկը անտառ է մտնում, մի գայլ է հանդիպում նրան: Կարմիր գլխարկը չի իմանում, թե դա ինչ չար գազան է, ու բոլորովին չի վախենում:

- Բարև, Կարմիր գլխարկ,- ասում է գայլը:
- Շնորհակալություն բարի խոսքի համար:
- Էս մութուլուսին էդ ո՞ւր ես գնում էդպես:
- Տատիկիս մոտ:
- Իսկ գոգնոցիդ միջինն ի՞նչ է:
- Գինի է ու կարկանդակ, երեկ ենք թխել, ուզում ենք տատիկին մի բանով ուրախացնել, հիվանդ է, թող ուտի, որ առողջանա:
- Կարմիր լխարկ, իսկ որտեղ է ապրում տատիկդ:
- Այ էնտեղ` անտառում, մի քառորդ ժամ էլ պիտի գնամ. երեք մեծ կաղնիների տակ է նրա տնակը, իսկ մի քիչ ներքևում պնդուկի թփուտներն են, երևի կիմանաս,- ասում է Կարմիր գլխարկը:
- Ի´նչ լավ աղջիկ է,- մտածում է գայլը,-քաղցր պատառ կլինի ինձ համար, ավելի համով, քան պառավը, բայց որպեսզի երկուսին էլ ճանկս գցեմ, պետք է խորամանկ գործեմ:

Ու նա սկսում է քայլել Կարմիր գլխարկի հետ:

- Կարմիր գլխարկ, տես ի´նչ սիրուն ծաղիկներ են, ինչի՞ չես նայում շուրջդ: Մի՞թե չես լսում թռչունների ծլվլոցը: Էնպես ես գնում, ասես դպրոց ես շտապում: Անտառում շատ հաճելի է ժամանակ անցկացնելը:

Կարմիր գլխարկը նայում է ու տեսնում, թե արևի շողերն ինչպես են խաղում ծառերի վրա, շուրջը գեղեցիկ ծաղիկներ են, և մտածում է.

«Լավ կլինի տատիկի համար մի ծաղկեփունջ քաղեմ, դա էլ հաճելի կլինի նրա համար, դեռ վաղ է, կհասցնեմ ժամանակին վերադառնալ»: Եվ նա շեղվում է ճամփից ու մտնում անտառի թավուտը, սկսում ծաղիկներ քաղել: Մի հատ պոկում է ու մտածում. «Էն մեկն ավելի սիրուն է», վազում է էն մեկն էլ է քաղում: էդպես գնալով խորանում է անտառում: Իսկ գայլն էդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ տատիկի տուն ու դուռը ծեծում:

- Ո՞վ է:
- Ես եմ` Կարմիր գլխարկը քեզ համար գինի ու կարկանդակ եմ բերել, դուռը բաց:
- Քաշիր սողնակը,- կանչում է տատիկը,- ես շատ թույլ եմ, չեմ կարող ոտքի կանգնել:

Գայլը սողնակը քաշում է, դուռն անմիջապես բացվում է: Նա զգույշ ներս է մտնում, մոտենում տատիկի անկողնուն ու կուլ տալիս նրան: Հետո հագնում է տատիկի շորը, գլխին գնում նրա գլխարկը, պառկում անկողնում ու վարագույրը քաշում:

Իսկ Կարմիր գլխարկը շա´տ ծաղիկներ է քաղում, երբ էնքան է քաղում, որ էլ չի կարողանում ձեռքին պահել, հիշում է տատիկին ու բռնում տան ճամփան: Նա զարմանում է, որ դուռը կիսաբաց է տեսնում: Իսկ երբ ներս է մտնում, ամեն ինչ շատ տարօրինակ է թվում:

Մտածում է. «Տեր աստված, ինչո՞ւ է էսպես սարսափելի, միշտ էնպես լավ եմ զգացել ես տատիկի տանը»: Ու նա բարձր-բարձր ասում է.

- Բարի լույս,- բայց պատասխան չի ստանում:

Էդ ժամանակ մոտենում է սւնկողնուն, ետ քաշում վարագույրը, տեսնում` պառկած է տատիկը, գլխարկը քաշել է աչքերին ու էնքան տարօրինակ տեսք ունի, էնքա¯ն տարօրինակ:

- Վա´յ, տատիկ ջան, էդ ինչ մեծ-­մեծ աչքեր ունես:
- Որ քեզ լավ տեսնեմ:
- Վա´յ, տատիկ ջան, իսկ ինչո՞ւ են ձեռքերդ էդքան երկար
- Որ քեզ լավ գրկեմ:
- Վա´յ, տատիկ ջան, ի´նչ մեծ բերան ունես:
- Որ քեզ հեշտ կուլ տամ: -Ասում է գայլն ու անկողնուց դուրս պրծնում և տեղնուտեղը կուլ տալիս Կարմիր գլխարկին է:

Գայլը կուլ է տալիս ու էլի պառկում անկողնում, քնում, սկսում բարձր խռմփացնել: Էդ ժամանակ որսորդն անցնում է տան մոտով: «Էս ինչ ուժեղ է խռմփացնում էս պառավը, կարող է որևէ բանի կարիք ունենա, մի ներս մտնեմ, տեսնեմ»,-մտածում է նա ու ներս մտնում: Մոտենում է անկողնուն, տեսնում` գայլն է պառկած:

- Ա´, ահա թե որտեղ ես դու, հին չարագործ,- ասում է որսորդը,- վաղուց եմ քեզ փնտրում:

Եվ արդեն ուզում է կրակել հրացանից, բայց մտածում է, թե կարող է տատիկին նոր է կուլ տվել ու դեռևս հնարավոր է փրկել: Նա չի կրակում, մկրատն առնում է ու քնած գայլի փորը սկսում բացել: Երբ մի քանի կտրվածք է անում, տեսնում է` կարմիր գլխարկ է երևում, մի քիչ էլ որ բացում է, Կարմիր գլխարկը դուրս է թռչում ու ճչում.

-Վա´յ, ոնց վախեցա, ի´նչ մութն էր գայլի փորում:

Հետո դուրս է գալիս պառավ տատիկը` ողջ ու անվնաս, հազիվ է շնչում:

Կարմիր գլխարկը շուտ մեծ-մեծ քարեր է հավաքում, բերում լցնում գայլի փորը: Էդ ժամանակ գայլն արթնանում է, ուզում է փախչի, բայց քարերը շատ ծանր են լինում, նա վեր է կենում ու հենց էդտեղ էլ փչում շունչ:

Երեքն էլ շա´տ-շա´տ գոհ են մնում: Որսորդը մշակում է գայլին ու մորթին տանում տուն: Տատիկը ուտում է Կարմիր գլխարկի բերած կանդակը, խմում գինին ու առողջանում, իսկ Կարմիր գլխարկը մտածում է. «Սրանից հետո էլ ոչ մի անգամ առանց մայրիկի թույլտվության չեմ շեղելու ճանապարհս»:

Պատմում են, որ մի ուրիշ անգամ էլ, երբ Կարմիր գլխարկը էլի կարկանդակ է տանելիս լինում տատիկի համար, մեկ ուրիշ գայլ է պատահում նրան և ուզում է շեղել մեծ ճանապարհից, բայց Կարմիր գլխարկն էս անգամ զգուշանում է, գնում իր ճանապարհով ու երբ տեղ է հասնում, տատիկին պատմում է, որ ճանապարհին մի գայլ է հանդիպել, ասել է «բարև» ու էնպիսի չար հայացքով է նայել իրեն, որ եթե մեծ ճանապարհի վրա չլիներ, որտեղ անցուդարձ անողները շատ են, կուտեր իրեն:

- Որ էդպես է,- ասում է տատիկը,- արի փակենք դուռը, չկարողանա ներս մտնել:

Մեկ էլ իսկապես գայլը ծեծում է դուռն ու ասում.

- Տատիկ, դուռը բաց արա, ես Կարմիր գլխարկն եմ:

Տատիկն ու Կարմիր գլխարկը ոչ ձայն են հանում, ոչ էլ դուռը բացում: Էդ ժամանակ գորշ ավազակը մի քանի անգամ թաքուն պտտվում է տան շուրջը, ապա ցատկում տանիքին ու էնտեղ սպասում, մինչև որ երեկոյան Կարմիր gլխարկը վերադառնա տուն. նա մտադիր է լինում թաքուն հետևել աղջկան ու մութը տեղը բռնել ուտել: Բայց տատիկը իմանում է գայլի մտադրությունը: Նրանց տան առաջ քարե մեծ գուռ է լինում: Տատիկն ասում է.

- Կարմիր գլխարկ, վերցրու դույլը, երեկ երշիկ եմ եփել, ջուրը տար լցրու գուռի մեջ:

Կարմիր գլխարկը ջուրը կրում է, տանում բերնե բերան լցնում գուռը: այլը երշիկի հոտ է առնում, հոտոտում է օդը, նայում ներքև ու ձգում վիզը, որ էլ իրեն չի կարողանում պահի, ընկնում է ուղիղ գուռի մեջ, խեղդվում:

Իսկ Կարմիր գլխարկը հանգիստ վերադառնում է տուն, ու էդ օրվանից ոչ ոք այլևս չի նեղացնում նրան:

Nina Minasyan это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:40

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍ
Текст:
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է` ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին:
Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե` մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ` ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է` հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնացնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը:
Ասածն արած է:
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում – թրը՜խկ, հա թրը՜խկ: Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի±նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով չամփա է ընկնում դեպի տուն:
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է` գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի. բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը: Ի±նչ անի, ի±նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում. քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի:
Դու մի՜ ասիլ` Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում` էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հաբաքում է, առնում գնում:
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չըկա: Մնում է տկլոր կանգնած:
Միտք է անում. ՙԻ¯նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո¯ւր գնամ՚:
Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է` էսպես տկլոր որ գնամ մեր տունը – տանըցիք ի±նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ` էնպես գնամ կնկանս մոտ:
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:
Դո՜ւ մի ասիլ` էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա. հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում:
Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կոսմից վրա են տալիս: Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են` մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա` սա սատանա է:
Բավական տեղ ղըչըրղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները: Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով` խեղճ Փանոսը գնում է կորչում:
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ` ՙՓանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել՚: Գեղահավան հավաքվում են գնում. գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված – ինքը չկա:
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:
-Ա՜յ մարդ, էս հագուստը ո±րտեղից է ընկել քզ մոտ:
-Թե` ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում` ՙՓանո¯ս, Փանո¯ս՚, Փանոսը չկա:
Վճռում են, որ Փանոսը խեղդվել է:
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:40

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
Текст:
Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում:
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
-Բարի օր քեզ, ա´յ խանութպան,
Մեղըր չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ:
-Ունեմ, ունեմ, չոբան ախպեր,
Ամանըդ ու՞ր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սհաթին քաշեմ տամ քեզ:
Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քասշում. մին էլ հանկարծ
Մի կաթիլ մեղրը ծորում է ցած:
-Տը՜զզ: Էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի:
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում...
Բայց հենց կատվի զարկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ
Հաֆ է անում,
Վեր է կենում,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շպրտում:

-Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա´յ սատկես դու, շան որդու շուն,
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր` թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալիս կատվի կողքին:

-Վա՜յ, ձեզ մատաղ, ասլան շունըս,
Իմ ապրուստը՜ս, տեղը՜ս, տունը՜ս...
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան, ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես...
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում:

-Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությու՜ն...
Ու թաղից թաղ, տանից տուն
Ձեն է տալիս մեկը, մյուսին.
-Հա՜յ, օգնությու՜ն... Ըսպանեցի՜ն...

Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով-
Էլ հերն ու մեր,
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղերք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Ինչ իմանաս էլ` ո´վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է` տուր թե տալիս.
-Տո´, կոպիտ արջ, տո´, վայրենի,
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ սպանես...

Մին ասում են` տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձգում,
Իր շան կողքին երկար ու մեկ:
-Դե, ձեր մեռելն եկեք տարեք:
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
-Հե՜յ, օգնեցե՜ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն...

Ինչպես շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,
Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՜հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ-
Դեպի դուշման գյուղը մոտիկ:
-Տո´, էսպես էլ անիրավ գյու՜ղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են` քաշում սըրի:
Թու՜ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին...

Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք...
-Հա՜յ, հու՜յ, առա՜ջ, դե ձեզ տեսնե՜մ...

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա´ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին,
Գետնին հավասար:
Դու մի ասիլ, մեկը մեկից
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի:
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հրովարտակ
Ժողովրդին իր հըպատակ.
-Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական-
Ամեն շարքին
Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին:
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ, մեր իսկ կամքին,
Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի:

Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
-Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և՜ չար, և՜ նենգ,
Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշտը կապած:
Արդ` ակամա մենք ըստիպված,
Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի-
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա:
Ու ըսկսեց կըռիվն ահեղ:
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ:
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ...

Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,
Դաշտերն անցան:

Ու, կըռիվը չդադարած,
Սովը եկավ համատարած:
Սովը եկավ- սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ...
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:41

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Текст:
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:Էս մարդ ու կնիկ իրար հավանելիս չեն լինում:
Մարդը կնկան է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:

Կնիկը բարկանում է.

-Ա՛, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել. հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:

-Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:

Կնիկը հանգստանում է, տանում է պահում:

Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

-Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի:

Տղեն կանգնում է.

-Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա° ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:

-Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:

-Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամանչո՞ւմ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...

-Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում:

-Դե արի տար:

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը ծալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

-Հա՛, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:

-Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...

-Ա՛յն էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ խայտառակ արի, շալակը տվի տարավ:

-Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես – հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:

-Այ էն կողմը:

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անու, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:

Գալիս է հասնում իրեն:

-Բարի օր, ախպերացու:

-Աստծու բարին:

-Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:

-Անցկացավ:

-Ի՞նչ ուներ շալակին:

-Եղ ու բրինձ:

-Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:

-Բավականին ժամանակ կլինի:

-Որ ձին քշեմ` կհասնե՞մ:

-Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորսը ոտը կփոխի – մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս – նա երկու ոտով` մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

-Բա ի՞նչպես անեմ:

-Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:

-Հա՜, էդ լավ ես ասում:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:43

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
Текст:
Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր ե դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի: Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում:
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
-Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Պառավն ասում է.
-Դե գնա իմ կաթը բեր:
Աղվեսը գնում է կովի մոտ:
-Կովիկ, կովիկ, կա´թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Կովն ասում է.
-Դե գնա ինձ համար խոտ բեր:
Աղվեստը գնում է արտի մոտ.
-Արտիկ, արտիկ, խո´տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Արտն ասում է.
-Դե գնա ինձ համար ջուր բեր:
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:
-Աղբյուր, աղբյուր, ջո´ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Աղբյուրն ասում է.
-Դե գնա կուժ բեր:
Աղվեսը գնում է աղջկա մոտ:
-Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Աղջիկն ասում է.
-Դե գնա ուլունք բեր ինձ համար:
Աղվեսը գնում է չարչու մոտ:
-Չարչի, չարչի, ուլո´ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Չարչին ասում է.
-Դե գնա ինձ համար ձու բեր:
Աղվեսը գնում է հավի մոտ:
-Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Հավն ասում է.
-Դե գնա ինձ համար կուտ բեր:
Աղվեսը գնում է կալվորի մոտ:
-Կալվոր, կալվոր, կո´ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթն է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:44

ՈՍԿՈւ ԿԱՐԱՍԸ
Текст:
Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը` իրենց պապերից, նրանց պապերն էլ` իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը: Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը` հողատիրոջ մոտ:

- Հեյ, աչքդ լուս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:
- Չէ´. ախպե´ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը:
- Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է: Սկսում են վիճել. սա ասում է` քունն է, նա թե չէ` քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ: Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ` աչքերը չորս է բաց անում: Ասում է.

-Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել - իմն է:
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում - ի՞նչ ոսկի - կարասը լիքը օձ...

Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:

- Չէ՜, թագավորն ապրած կենա, -գոռում են խեղճերը,- մեզ ինչո՞ւ ես սպանում. լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե` ճշմարիտ, ոսկի է:

-Վա՜հ, -զարմանում է թագավորը: Ասում է` երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: Վեր է կենում մին էլ գնում:
Կարասը բաց է անում,- դարձյալ մեջը լիքը օձ:

Էս ի՜նչ հրաշք է, ի՜նչ միտք ունի,- չեն հասկանում:
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:
-Բացատրեցեք,- ասում է,- ո´վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնում - կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում - ոսկի: Էս ի՞նչ կնշանակի:
-Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,- ասում են իմաստունները: - Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես տեսնում:

Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու:-Լա´վ, - ասում է,- դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին:-Իհարկե հողատիրոջը,- ձայն է տալի վարող գյուղացին:
-Չէ, վարողինն է,- մեջ է մտնում հողատերը: Ու նորից սկսում են կռվել:
-Լա´վ, լա´վ. կացե´ք,- կանգնեցնում են իմաստունները,- ի՞նչ ունեք դուք - տղա կամ աղջիկ:

Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ: Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց: Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը: Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին:
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 12:45

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
Текст:
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուլ Ալ Ռաշիդ թագավորը: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ` շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում: Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով: Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում: Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում: Ներս է մտնում տեսնում` դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տամ տերն ու երաժիշտները: Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում:
-Խաղաղություն ձեզ, ո°վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիծն ու խոնարհություն է անում տան տիրոջը:
-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տան տերը: Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը:
Գիշերվա մի շամին տան տերը երաժիշտերին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում: Երբ երաժիշտները հեռանում են` դերվիշտ տան տիրոջը հարցնում է.
-Անունդ ի՞նչ է, բարեկամ:
-Հասան:
-Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի¯նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը:
-Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,- պատասխանում է տան տերը: -Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել: Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, որը մի չնչին բան եմ վաստակում: Երեկոները բերում են մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար: Նստում ենք, ուրախանում: Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է` ավելի լավ:
-Անպակաս լինի քո ուրախությունը, ո°վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարալ աղբյուրն էլ կտրի` ի՞նչ պիտի անես:
-Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:
-Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի:
-Է¯հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից... կամ ի՞նչ են արել նրան փինաչիները: Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք. այժմ քնենք, դերվիշ բաբա: Աստված ողորմած է. քեֆ անողին քեֆ չի պակսին: Աշխարհքի բան է` ինչպես բռնես` էնպես էլ կերթա:
-Լա°վ, աստված տա, որ էդպես լինի,- բարեմաղթում է դերվիշը, ու քնում են:

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է: Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում են, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու: Զանցառուների գլուխները կթռչեն:
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում:
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարու Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու: Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը: Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից: Ներս է մտնում:
-Օ¯, բարով, բարով, դերվիշ բաբա. համեցեք, նստիր քո տեղը:
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր:
Կեսգիշերին երաժիշտներն իրենց վաչձն առնում են հեռանում: Մնում են տան տերն ու հյուրը:
-Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա:
-Ի՞նչ պատահեց:
-Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն: Էսօր թագավորը հրաման հանեց - մեր արհեստն արգելեց...
-Ի՞նչ ես ասում,- զարմանում է հյուրը: -Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր:
-Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում: Օրական ինչ ածխատում եմ` մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը` երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում:
-Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի` էն ժամանակ ի՞նչ ես անելու:
-Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի: Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար: Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ: Մի° վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ:
-Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,- բարեմաղթում է դերվիշն ու հեռանում:

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու: Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը:
Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում:
Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու: Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը: Դարձյալ ուրախության և երգի ձայներ: Ներս է մտնում:
-Ա¯, դերվիշ բաբա¯, համեցե¯ք, համեցե¯ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք: Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել:
-Իհարկե, ուրախությունը ավելի լավ է: Ամենքս էլ մեռնելու ենք, ո°վ կարող է թող ուրախանա,- բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին:
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վաչձն առնում են ու հեռանում: Մնում են դերվիշն ու տան տերը:
-Հասան ախպեր, էսօր ի°նչ լսեցի. ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք:
-Ի¯նչպեոս չէ, ի¯նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին: Ա°խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես` մյուս օրը կատարվում է:
-Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում: Ո՞րտեղից ես գտել էս փողը:
-Երանի թե մարդու պակասը փողը լինի: Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա: Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս. բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը: Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա:
-Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու,- բացականչեց դերվիշը:
-Վա°հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշմարտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞:
-Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,- պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին:

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը:
-Էստե՞ղ է կենում քեֆ անող Հասանը:
-Ես եմ,- պատասխանեց զարմացած Հասանը:
-Թագավորի հրամանով հետևիր մեզ:
Ուղիղ պալատը տարան Հասանին: Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել: Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև: Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը: Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե` գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու:
Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու:
Գնաց մոտեցավ Հասանի տանը: Ականջ դրեց: Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաշժտությունը: Հասանը քեֆ է անում դարձյալ: Ներս մտավ:
-Դերվի¯շ, դերվի¯շ, քո տունը չքանդվի, արի է°. երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել:
-Ի¯նչ ես ասում:
-Աստված վկա:
-Եվ երևի շատ փող է տվել...
-Չէ¯, ինչ փող. մի գրոշ չտվին: Դատարկ տուն ղրկեցին:
-Հապա որտե՞ղից ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում:
-Նստի°ր, ասեմ որտեղից: Մի թուր են կապել մեջքս: Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե` հո ես մարդ չեմ սպանելու: Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի` եկա տուն: Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի: Լավ եմ արել, չէ՞, դերվիշ. ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր:
-Հա°, հա°, հա°,- ծիծաղեց դերվիշը: -Լավ անելը` լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե` կտրի էս հանցավորի գլուխը` ի՞նչ ես անելու:
-Բերանդ բարի բաց արա, ա°յ չարագուշակ դերվիշ,- բարկացավ Հասանը: _Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել...
Ու շատ վշտացավ Հասանը: Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի:
Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի:
-Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը:
-Ապրած կենաս, մեծ թագավոր,- պատասխանեց սարսափած Հասանը,- ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող: Փորձված մարդիկ ծատ կան քո պալատում. հրամայիր մի ուրիշը կտրի...
-Ես քեզ եմ հրամայում,- սաստեց թագավորը,- եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի: Հանի° թուրդ...
Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.
-Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես: Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը...
Ասավ, դուրս քաշեց թուրը... Փա¯յտ: Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած: Էստեղ Հարուլ Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև: Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե° ուրախություն սիրող Հասանին, թե° թագավորին: Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին: Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով հռչակեդց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս, ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
3 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз