СТАНЬ VIP

Հովհաննես Թումանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 22:12

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

Текст:
Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենում` անունը Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած: Բանն ինչ կանեմ` կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի` քնեմ:

Հարևանները անունը դնում են անբան Հուռի: Ինչ մերն է` աղջկանը հովելով ման է գալի. – լիդրը գզող, լիդրը մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով` հուրի-հրեղեն, մատները ոսկի:Էս գովասանքը գնում է մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է` իմ ուզածն էլ հենց սա է, որ կա:
Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում տալիս կնկանը, թե` ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք:
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս է լսում, որ գորտերը կռկռկում են:
-Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
-Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,- ձեն է տալիս անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ` կգզե՞ք...
-Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:
-Դե գզեցեք, մանեցեք: Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:
Գնում է, մի քանի օրից ետ է գալի:
Գորտերը էլի կռկռում են.
-Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
-Աղչի Փե՛փել, Կեկել դե մանածը բերեք:
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:
-Վո¯ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար:
Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.
-Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք: -Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում` մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է ասում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում` իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:
-Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:
Թե` բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է: Մարդը ո¯նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում, նստում են քեֆի:

Զոքանչը խորամանակ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում գլուխ տալի բզեզին: Ասում է.
-Բարով եկար, մորքուր ջան, ո¯նց ես, ո¯րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...
Փեսեն մնում է զարմացած: Ասում է.
-Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում – մորքո՞ւրս որն է...
Զոքանչը թե. -Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ, էս բզեզն իմ մորքուրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ. էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում: Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 22:17

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
Текст:
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

-Քուչի´ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը:

-Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին:

-Հապա մինչև ե՞ րբ պետք է այսպես մնանք. արի´ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՜ւ...

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

-Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց:

-ՎարիԲ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

-Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը:

-Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը: - Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ի՞նչ լավ էր` պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք:

-Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք:

Ո՞րտեղ է ընկերդ:
-Էն թփի տակին:
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը» մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՞նց փախավ:

-Կա´ց. աղվե´ս ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 05 сен 2008, 22:19

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Текст:
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին` ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր:

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղարջը չկա:

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում` մի աղվես է ընկել մեջը:

-Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: -Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: -Ինձ մի սպանի,- ասում է, -մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալիս թագավորի մոտ:

-Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք:

-Չախչախ թագավորն ո՞վ է,- զարմացած հարցնում է թագավորը:

-Դու դեռ չես ճանաչում,- պատասխանում է աղվեսը: -Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք. հետո կճանաչես:

Կոտն առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: -Օֆ,- ասում է,- զոռով չափեցինք:

-Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,- մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:

Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:

Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:

-Օֆ,- ասում է,- մեռանք մինչև չափեցինք:

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում:

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում:

Անց է կենում մի քանի օր: Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում:

-Դե գնացեք,- ասում է,- շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:

-Վա¯յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել,- ասում է վախեցած ջաղացպանը: -Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... Հիմի ես ի՞նչ անեմ...

-Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ,- հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:

Վազելով ընկնում է պալատը: -Հայ-հարա¯յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Չամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ ծատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանոսւմ, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգին: Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ - էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա¯ն. շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում:

-Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը: -Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:

-Չէ, դրանից չի,- պատասխանում է աղվեսը: -Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե¯ղ, էս որտեղ...

Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում` որին ձեռք տա կամ ինչպես ուտի:

-Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը:

-Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և, վերջապես, ի¯նչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի,- պատասխանում է աղվեսը հառաչելով:

-Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,- խնդրում է թագավորը: -Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:

Ու քեֆ են անում, ուտում,խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք են անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:

Հարսանիքից հետո թագավորը աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:

-Կացե°ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,- ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:

-Էս ո՞ւմ նախիրն է:

Ասում են. –Շահ-Մարինը:

-Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք` Չախչախ թագավորինը, թե չէ` վայն եկել է ձեզ տարել:

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:

-Էս ո՞ւմն է:

-Շահ-Մարինը:

Հովիվներին էլ նույնն է ասում:

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:

-Էս ո՞ւմ արտերն են:

-Շահ-Մարինը:

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում:

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:

-Էս ո՞ւմն են:

-Շահ-Մարինը:

Խոտ հարողներին էլ նույնն է ասում:

Հասնում է Շահ-Մարի պալատին:

-Շահ-Մար, ա Շահ-Մա°ր,- գոռում է հեռվից վազելով: -Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:

-Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,- հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:

-Փախի°, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աեջևից ու ետևից անհամար ձիավորներ:

Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:

-Էս ո՞ւմ նախիրն է,- հարցնում են ձիավորները:
-Չախչախ թագավորինը,- պատասխանում են նախրապանները:

Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:

-Էս ո՞ւմն է,- հարցնում են ձիավորները:
-Չախչախ թագավորինը,- պատասխանում են հովիվները:

Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:

-Էս ո՞ւմ արտերն են:
-Չախչախ թագավորինը:

Հասնում են խոտհարքներին:

-Էս ո՞ւմն են:
-Չախչախ թագավորինը:
-Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:

Էսպեսով աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 06 сен 2008, 00:30

ԽՈՍՈՂ ՁՈւԿԸ
Текст:
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ: Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար: Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը:

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում: Էս շալակատարը գետափին նստած` նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
-Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա` սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում` թե չէ...
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
-Լսի՛,- ասում է,- մարդ ախպեր: Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ: Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը: Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են: Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում. շունչս կտրում է ջրից դուրս: Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում: Էնպես եմ ուզո՜յւմ, էնպես եմ ուզո՜յւմ... Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ...
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով: Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը:

-Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը: Թող չտխրեն քու ընկերները: Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ:
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա:
-Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ... Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից. գնա սովից մեռի:
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում:
-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ... – տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն:

2

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ հրեշ` առաջը մի գեղեցիկ կով:
-Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է հրեշը:
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը:
-Լսի՛, բարեկամ,- ասում է հրեշը,- էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվա ժամանակով: Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք: Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգազմ ձեզ հարց կտամ: Թե հարցիս պատասխանեցիք – իմ կովը ձեզ լինի, թե չէ` երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ: Համաձայն ե՞ս:
-Մի բան որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալը էլ աստված ողորմած է: Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի...
-Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն:
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում: Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին. և ահա հասնում է նշանակված օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա:
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի` ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա հրեշի միտքը:
-Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ հրեշի հետ գործ բռնի... հրեշի հետ հաշիվ ունենա... հրեշից լավություն ընդունի... – հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար: Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում:
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ:
-Բարի իրկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր:
-Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է: Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր: Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ - իր գերին ենք: Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք: Հիմի մեզ ինչ անի` մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի:
-Բան չկա, որտեղ դուք` էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը:
Համաձայնում են. հյուրը մնում է:
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է: -Ո՞վ է: -Հրեշը: Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք: -Ինչ պատասխան. սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած:
-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը:
-Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս հրեշը:
-Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը:-Ո՞րտեղից ես եկել:-Ծովի էն ափից:
-Ընչո՞վ ես եկել:
-Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:
-Ուրեմն ծովը պստիկ է եղել:
-Ի՜նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:
-Ուրեմն արծիվը ճուտ է եղել:
-Ի՜նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:-Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ:

-Ի՜նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:-Ուրեմն նապաստակը ձագ է:

-Ի՜նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել:-Ուրեմն մարդը թզուկ է:

-Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ:-Ուրեմն խուլ է:

-Ի՜նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի` նա կլսի:Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ:Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքով մին են լինում: Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը:
-Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը...
-Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը:-Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու...

-Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի – չի կորչի: Ես հենց էն խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր... - ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 15 сен 2008, 13:07

ՈՒԼԻԿԸ

Текст:
1

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի... Գնա՛... Չեմ ուզում քեզ...»

Ու գայլը հեռանում է, գնում։

3

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

— Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛... Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛...

— Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 15 сен 2008, 13:08

ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸ

Текст:
Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսնի կտոր, անունն էլ Լուսիկ։

Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։

Սա տեսնում է, թե ինչպես ամենքը սիրում են Լուսիկին, ու նախանձը, օձի նման բույն է դնում սրտի մեջ։ Սկսում է Լուսիկին բամբասել ու լացացնել ամեն օր, ամեն օր...

Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը միրգ, մի ուրիշ անգամ հագուստ։

Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից:

Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է, ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։

Մտածում է, մտածում է. ու մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։

Որ տեսնում է մարդը գալիս է, սկսում է լաց լինել։

— Ա՛յ,— ասում է.— էս էլ քո սիրած քույրը, տանը ինչ ունեինք-չունեինք՝ ջարդեց։

— Բան չկա, այ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն էլ առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։

Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ։ Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։

— Ա՛յ,— ասում է,— էս էլ քո սիրած քույրը, քու էն լավ ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ արել։

Մարդը ասում է.

— Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։

Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անցկացավ, ավելի է կատաղում իրեն կրծում։

Մի գիշեր էլ քնած ժամանակը իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը։

Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում.

— Վա՜յ, երեխես, երեխես...

Տանըցիք վեր են թռչում, տեսնում են երեխեն օրորոցում մորթած։ Մնում են սարսափած, սասանած կանգնած։ Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինիլ...

Հարսն ասում է.

— Էլ ո՞վ պետք է լինի, էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք, ում գրպանում արնոտ դանակը գտնենք, նա կլինի։

Համաձայնում են։ Ման են գալի, ու... արնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից։

Մնում են քար կտրած, բայց էլ ի՞նչ...

— Է՛ս էլ քո սիրած քույրը,— ճչում է չար կինը ու երեսը պոկում,— երեխես, երեխես...

Առավոտը լուսի հետ աշխարհքով մին լուրը տարածվում է։ Ժողովուրդը վրդովվում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում, ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը։ Դատում են վճռում, կռները կտրում են ու էնպես, կռնատ տանում, հեռացնում, կորցնում են հեռո՜ւ, հեռո՜ւ անտառներում։

Էսպես կռնատ, մեն-մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ։

Օրերից մի օր թագավորի տղեն էս անտառը որսի է գալի։ Որսի շները անտառում էս ու էն կողմն են ընկնում, մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել։

Թագավորի տղեն, իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել, ու սկսում են շներին հիս անել։

— Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի,— ձեն է տալի աղջիկը ծառի փչակից,— ես մարդ եմ, գազան չեմ։

— Թե մարդ ես, դե դուրս արի։

— Չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ։

Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալիս իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա։ Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա. դուրս է գալիս մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես։ Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում։

— Ո՞վ ես դուն, սիրուն աղջիկ, ի՞նչ ես շինում էս անտառում, ինչո՞ւ ես մտել ծառի փչակը...

— Ես մի էսպես աղջիկ եմ. աշխարհքումը մի ախպեր ունեմ, բայց ախպերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ...

— Ախպերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ,— ասում է արքաորդին ու առնում է Լուսիկին տանում իրենց տունը։

Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ։

— Թե սրա հետ կպսակվեմ, լավ, թե չէ հո՝ ինձ մի փորձանքի կտամ։

Հերն ու մերն ասում են.

— Ա՛յ որդի, աշխարհքի աղջիկները հո վերջացել չեն. թագավորի աղջիկներ կան, նազիր-վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ... Էդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ո՞վ է, որ դու դրան ուզում ես։

— Չէ՜, որ չէ...

Հերն ու մերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն, իրենց որդուն էդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ։

Խելոք մարդիկ ասում են.

— Մարդ ու կնկա բախտը որ կա՝ սրտիցն է։ Ձեր տղի բախտն էլ, երևի, էդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան։ Աստված դրանց համար էլ էդպես է բարի տեսել։

Էս որ լսում են՝ հերն ու մերն էլ համաձայնվում են, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տդեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ։

Միառժամանակ անց է կենում, էս թագավորի տղեն գնում է հեռու երկիր։ Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի՝ իրեն տեղեկություն գրեն։ Պատվիրում է ու գնում։

Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն, շարմաղ, ոսկեգանգուր տղա է ծնում։

Թագավորն ու թագուհին էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում։ Աչքալուս են գրում, նամակը տալիս են սուրհանդակին, ուղարկում են։ Դու մի ասիլ, էս նամակը տանողը գնում է ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ։ Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե՝ հապա, էսպես-էսպես մի բան է պատահել ու հիմի աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին։

Չար հարսը էստեղ գլխի է ընկնում բանը։ Գիշերվա մի ժամանակը վեր է կենում, էս մարդի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ հապա չես ասիլ, քո գնալուց ետը կինդ ծնեց՝ մի շան լակոտ բերավ... էսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ. հիմի քեզ իմացնում ենք՝ գրի ինչ անենք, ինչ չանենք։

Սուրհանդակը էս նամակը տանում է տալի թագավորի տղին։ Կարդում է թագավորի տղեն ու շա՜տ-շատ վշտանում։ Հորն ու մորը նամակ է գրում, թե իմ բախտն էլ երևի էդ է եղել, ինչ որ աստված տվել է՝ իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ։

Գրում է, նամակը տալիս սուրհանդակին, ետ ղրկում։ Էս սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատունը ու էլի գիշերը մնում է նրանց մոտ։

Չար հարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում, սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շան լակոտը դոշիցը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ ինձ մի փորձանքի կտամ։ Հերն ու մերը էս նամակը որ ստանում են, մնում են զարմացած։ Ասում են.

— Էս ի՞նչ բան է. ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե՝ դուրս արեք...

Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր՝ պետք է կատարեին։

Բերում են երեխին կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են անում։

Երեխեն դոշիցը կապած՝ Լուսիկը գնում է լալով։ Անց է կենում խոր ձորեր, մութ անտառներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր, ամայի անապատ։

Էս անապատում՝ ծարավ, ջրչոր՝ գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչն էլ աստված գիտի, հասնում է մի ջրհորի։ Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է։ Կռանում է թե ջուր խմի՝ երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում։ Հանկարծ ետևից մի ձեն է գալի.

— Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՛ վախիլ, հանի...

Ետ է նայում, տեսնում՝ սպիտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է.

— Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։

— Հա´նի, հա´նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի... Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է ծերունի չկա, աներևութացել է։

Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք։ Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը։

Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է, ու էլ տուն չի մտնում, դռնից ետ է դառնում, գնում է աշխարհքե-աշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի։

Գնում է ման գալի, էս կողմը հարց ու փորձ, էն կողմը հարց ու փորձ, մի տեղ պատահում է մի մարդու։

— Բարի օր։

— Աստծու բարին։

— Ո՞ւր առաջ բարի։

— Իմ քրոջն եմ ման գալի։

— Դէ մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան... երեխիս եմ ման գալի։

Ընկերանում են, գնում են ման գալի, մի տարի, երկու տարի երեք տարի, ոչ տեղն են իմանում, ոչ տեղեկություն։ Էս թագավորի տղեն վերջը գալիս մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տուն ու տեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան։

Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։

Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է.

— Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին։ Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են. հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա։

Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե՝ մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք։

Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է.

— Քուններս չի տանում, քույրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անցկենա։

— Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ,— պատասխանում է աղքատը,— ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեք։

— Լավ, էդ պատմի։

Ու աղքատ կինը սկսում է պատմել։

— Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում, մի քույր մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։

Տանտիկինը էն կողմից բարկանում է.

— Հը´, սկսեց գլխիցը դուրս տալ։

— Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի.— նեղանում է մարդը։— Պատմի, քույրիկ, դու պատմի...

Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը.

— Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում՝ կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ՝ մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։

— Հը, դե տեսեք ինչ է ասում է՛ս անզգամը...— կրկին մեջ է ընկնում տանտիկինը։

— Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ. թող լսենք, տեսնենք ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։

Աղքատ կնիկը շարունակում է.

— Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը, տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը...

— Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր երեխին մորթի,— ճչում է տանտիկինը։

— Ի՞նչ ես ընդհատում,— գոռում է մարդը կնոջ վրա։— Թող պատմի, չե՞ս տեսնում՝ ինչ հետաքրքրական բան է պատմում։

Աղքատը շարունակում է.

— Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ...

Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։

Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե՝ «քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել...»

— Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա,— կատաղում է տանտիկինը։

— Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում,— խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։

Աղքատը շարունակում է.

— Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե՝ «Նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքին կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը»։ Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են տանջվում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած է. երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում։

— Էս ո՞րտեղից եկավ էս շունը,— աղաղակում է տանտիկինը։

— Բավական է,— գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն։— Պատմի, քույրիկ, հետո՞... հետո՞...

Աղքատը շարունակում է.

— Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում...

— Սուտ է ասում,— գոչում է տանտիկինը։

Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ աղքատ կինը հասնում է վերջին.

— Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը... Ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար...

— Վա՜յ...— ուշաթափվում է տանտիկինը։

— Լուսիկ ջա՜ն... մի՞թե դու ես...— վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը,— Լուսիկ ջան...

— Հա, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան, և ահա չար հարսը...

Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։

Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ Էն լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում են՝ երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 15 сен 2008, 13:13

ԳԵՂԵՑԿՈՒՀԻ ՎԱՍԻԼԻՍԱՆ

Текст:
Լինում է չի լինում մի վաճառական, տասներկու տարվա պսակված է լինում, ունենում է միայն մի աղջիկ, անունը Գեղեցկուհի Վասիլիսա։ Վասիլիսայի ութ տարին լրացած մերը մեռնում է։ Մեռնելիս աղջկանը կանչում է, ասում է.

— Լսի՛ր, Վասիլի՜սա, միտդ պահիր ու կատարիր իմ վերջին խոսքը։ Ահա ես մեռնում եմ ու իմ մայրական օրհնության հետ էս տիկնիկն եմ թողնում քեզ։ Միշտ մոտդ ու հետդ կպահես էս տիկնիկը, ոչ ոքի ցույց չես տալ, իսկ մի ցավ կամ վիշտ ունեցած ժամանակդ կերակուր կտաս իրեն, կկերակրես ու խորհուրդ կհարցնես։ Կուտի ու քեզ կասի, թե ինչ ճար ու հնար անես քո ցավին։

Ասում է, աղջկանը համբուրում ու մեռնում։

Կնոջ մահից հետո, ինչպես սովորություն է, վաճառականը սուզ է պահում, հետո սկսում է մտածել, որ նորից ամուսնանա։ Ու ամուսնանում է մի մեծ այրի կնոջ հետ։ Էս այրին էլ ինքը հասակն առած կին է լինում, համարյա թե Վասիլիսային հասակակից էլ երկու աղջիկ է ունենում։

Վասիլիսան իրենց տեղի առաջին գեղեցկուհին է լինում։ Խորթ մերն ու իր աղջիկները նախանձում են նրա գեղեցկության վրա ու շատ բանի դնելով չարչարում են, որ աշխատանքից նիհարի, արևից ու քամուց սևանա։ Մի խոսքով՝ օր չեն տալի։

Վասիլիսան էս ամենը տանում է անտրտունջ ու, ընդհակառակը, օրն-օրի վրա լցվում, լավանում է. այնինչ խորթ մերն ու իր աղջիկները իրենց ներսի չարությունից հալվում են, մաշվում ու նիհարում, թեև ամբողջ օրը ձեռները ծալած, աղջիկ-պարոնների նման տանը նստած են լինում։

Ոչ ոք էլ չի իմանում սրա գաղտնիքը։ Չեն իմանում, թե էս բոլորը Վասիլիսայի մոր թողած տիկնիկն է անում։

Բաժին կտային, Վասիլիսան ամենալավ պատառը կպահեր իր տիկնիկի համար։ Իրիկունը, երբ ամենքը կպառկեին քնելու, նա իր նկուղում կփակվեր ու տիկնիկի հետ կխոսեր.

— Տիկնիկ ջան, ա՛ռ, ա՛նուշ արա,
Իմ սև դարդին ա՛կանջ արա։
Հորս օջախումը ապրում եմ ես
Միշտ անխնդում ու լուռ էսպես։
Իմ խորթ մերը խաթուն-խանում
Ինձ աշխարհքից դուրս է անում։
Ասա՛, հո՛գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ։

Տիկնիկը կուտեր, խորհուրդներ կտար, կմխիթարեր, առավոտն էլ նրա բան ու գործն էլ ինքը կաներ։ Վասիլիսան իրեն համար դինջ ու հանգիստ կնստեր ծառերի շվաքներում, ծաղիկ կքաղեր, ռւ մին էլ էն կտեսներ, որ իր մարգերը քաղհանած են, բանջարեղենը ջրած, ջուրը բերած, կրակն արած։

Էսպես մի քանի տարի անց է կենում։ Վասիլիսան մեծանում է, հասնում, դառնում հարսնացու։ Ամեն կողմից փեսացուները խնամախոսներ են ղրկում նրան ուզելու, իսկ խորթ մոր աղջիկներին հարցնող չկա։ Չար կինը ավելի է կատաղում, ու բոլոր եկողներին մի բերան էն է պատասխանում՝ թե մեծերից առաջ փոքրին չեմ կարող մարդու տալ։ Խնամախոսներին էսպես ճամփու է դնում ու բռնում Վասիլիսային ծեծում, ջարդում, ջիգրը նրանից է հանում։

Մի անգամ էլ էս վաճառականը առևտրական գործերով ուրիշ աշխարհ է գնում։ Խորթ մերն ուրիշ տուն է փոխվում։

Իսկ էս նոր տան կողքին մի մութն անտառ է լինում, էն անտառում էլ բնակվելիս է լինում մի Կախարդ պառավ, որ ոչ ոքի մոտ չի թողնում, մարդկանց էնպես է ուտում, ոնց որ հավի ճուտեր։ Խորթ մերը ամեն մի դատարկ բանի համար շարունակ անտառն է ղրկում իր աչքի փուշ Վասիլիսային, թե ինչ է՝ Կախարդի ճանկն ընկնի։ Բայց տիկնիկը միշտ Վասիլիսային ճամփա է սովորեցնում, չի թողնում Կախարդի որջին մոտենա, ու ամեն անգամ էլ Վասիլիսան ողջ-առողջ վերադառնում է տուն։

Էսպեսով հասնում են աշունքը։ Մի աշունքվա իրիկուն մերը երեք աղջկա ձեռքն էլ գործ է տալի, էն էլ՝ դաս։ Մինը պետք է ժանյակ գործեր, մյուսը գուլպա աներ, Վասիլիսան էլ պետք է մաներ։ Էս կախարդը տան բոլոր ճրագները հանգցնում է, մենակ մի մոմ է թողնում վառած ու ինքը պառկում է քնի։

Աղջիկները բանում են։ Բանելու ժամանակ որ մոմի պատրույգն էրվում է, խորթ մոր աղջիկներից մինը մաղաշն (ունելիքը) առնում է՝ իբրև թե մոմի քիթը կտրի, ուղղի։ Ուղղելու փոխարեն, իբրև թե հանկարծ, լույսը հանգցնում է։ Դու մի՛ ասիլ՝ մերն է սովորեցրել, որ էդպես անի։

— Հիմի ի՞նչ անենք,— ասում են աղջիկները։— Լույս չկա, դասներս էլ կիսատ են։

— Ի՞նչ պետք է անենք, պետք է մինս ու մինս գնանք Կախարդ պառավից կրակ բերենք։

— Ինձ իմ ձեռի ասեղներն էլ են լույս տալիս, կրակն ի՞նչ եմ անում, ինչ ուզում է լինի, ես չեմ գնալ,— ասում է ժանյակ գործող աղջիկն ու տեղը պինդ նստում։

— Ես էլ չեմ գնալ,— էն կողմից վրա է բերում մյուս քույրը, որ գուլպա էր գործում,— ինձ իմ միլերի լույսն էլ է բավական։

— Դե՛ վեր կաց դու գնա,— միաձայն կանչում են երկուսն էլ ու դուրս են հրում Վասիլիսային։— Գնա՛ Կախարդ պառավից կրակ առ բեր։

Վասիլիսան վեր է կենում գնում իր նկուղը, պահած ընթրիքը դնում է տիկնիկի առաջն ու ասում.

— Տիկնիկ ջա՛ն, ա՛ռ, ա՛նուշ արա,
Իմ սև դարդին ա՛կանջ արա։
Ինձ ղըրկում են կրակ բերեմ չար պառավից,
Չար պառավը կուտի հո ինձ...
Ասա, հո՛գիս, էս ցավի դեմ
Ես ի՞նչ անեմ, ես ո՞նց անեմ։

Տիկնիկը որ ուտում է պրծնում, աչքերը ջուխտ մոմի պես վառվում են, ասում է.

— Մի՛ վախենար, Վասիլիսա. ուր որ ղրկում են՝ գնա, միայն թե ինձ հետդ պահիր։ Ես որ հետդ լինեմ, պառավը քեզ բան չի անիլ։

Վասիլիսան վեր է կենում, տիկնիկը գրպանն է դնում ու ճամփա ընկնում դեպի մութն անտառը։ Գնում է, բայց ոչ մեռած է, ոչ կենդանի, հետը գնում է, հետը դողում։ Մին էլ էն է տեսնում՝ մի սպիտակ ձիավոր ցոլաց ու անցավ, ինքը սպիտակ, հագինը սպիտակ, ձիու սարքը սպիտակ, ու սկսեց ծեգել։

Մի քիչ էլ գնում է, տեսնում՝ հիմի էլ մի կարմիր ձիավոր անցավ, ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էստեղ էլ արևը բացվեց.

Օր ու գիշեր գնում է Վասիլիսան, մին էլ մյուս օրվա իրիկունը դուրս է գալիս էն բացատը, որտեղ կանգնած է լինում Կախարդ պառավի խրճիթը։ Խրճիթի չորս կողմի ցանկապատը մարդկային ոսկորներից և էստեղ-էնտեղ վրեն ցից հանած մարդկային գանգեր։ Դարպասի սյուների փոխարեն մարդկային ոտներ, փակիչի տեղը՝ ձեռներ, կողպեքի տեղակ՝ ատամները վրեն ծնոտներ։

Սարսափից մարում է Վասիլիսան ու տեղն ու տեղը քարանում մնում։ Եվ ահա դարձյալ մի ձիավոր, ինքը սև, հագինը սև, տակինր սև. քշած գալիս է ու Կախարդի դռանը չքվում, տեղն ու տեղը անհետանում։ Ու վրա է հասնում գիշերը։ Բայց ցանկապատի վրա ցից հանած գանգերի աչքերը լույս են տալի մթնում, ու բացատն էնպես է լուսավորվում, ոնց որ թե ցերեկ լիներ։ Վասիլիսան ահից ու սարսափից դողում է, բայց չի իմանում որ կողմը փախչի, մնում է մեխված։

Հանկարծ անտառից մի զարհուրելի աղմուկ է տարածվում, ծառերը ճռճռում են, խաշամը խշխշում է. դու մի՛ ասիլ՝ Կախարդ պառավն է, անտառից դուրս է գալիս։

Գալիս է սանդի մեջ մտած, թակով թակելով, ջարդելով ու հալածելով, ավլով հետքը սրբելով։ Գալիս է դռանը կանգնում, չորս կողմի վրա հոտոտում ու իրեն-իրեն վռչում.

— Թո՛ւհ, թո՛ւհ, թո՛ւհ, մարդ-մարդահոտ է գալիս... ո՞վ կա էստեղ...

Վասիլիսան էն կողմից ահ ու դողով մոտենում է, խորը գլուխ է տալիս ու ասում.

— Ես եմ, նա՛նի ջան, իմ խորթ մոր աղջիկներն ինձ ղրկել են քեզ մոտ կրակի։

— Լա՛վ, լա՛վ,— ասում է Կախարդը,— ճանաչում եմ ինչ պտուղներ են։ Դե ինձ մոտ կացի ու աշխատի։ Որ ինձ մոտ կենաս ու աշխատես, կրակ կտամ նրանց համար, թե չէ՝ քեզ էլ կուտեմ։

Հետո դառնում է իր դարպասին ու ճչում.

— Հե՜յ բացվեցեք, ամուր փակեր, ետ գնացե՛ք, լեն դարպասնե՛ր...

Դռները իսկույն բացվում են։ Կախարդը սուլելով ներս է մտնում, Վասիլիսան էլ ետևից, ու բոլորը նորից փակվում են։

Ներս են մտնում թե չէ, Կախարդ պառավը իր թախտի վրա ձգվում է ու Վասիլիսային ասում.

— Հապա մի էստեղ բեր կրակի կողքին ինչ որ կա, սոված եմ, ուզում եմ հաց ուտեմ։

Վասիլիսան ցանկապատի գանգերից մարխը վառում է ու իրար հետևից բերում ուտելիքները պառավի առաջը շարում։ Ուտելիքն էնքան է լինում, որ տասը ոոգի ուտեին հերիք կաներ։ Ներքնատնից էլ գինի, արաղ է բերում, ու պառավը նստում է ընթրիքի։ Բոլորն ուտում է, խմում, Վասիլիսային թերմացքից մի քիչ բան է թողնում ու վռչալով պառկում է քնի։ Քնելուց առաջ գլուխը վեր է քաշում, Վասիլիսային ասում.

— Լա՛վ մտիկ արա հա՜, առավոտը որ ես կերթամ, դուռը կսրբես, խրճիթը կավլես, ճաշը կեփես, լվացքը կանես, հետո կերթաս հորից մի թաղար ցորեն կհանես, կընտրես, սև տրիճը կջոկես։ Միայն թե տե՛ս, ամեն բան արած լինի էնպես, ինչպես ասում եմ, թե չէ՝ քեզ կուտեմ։

Պատվիրում է ու քնում։ Վասիլիսան պառավի թերմացքը տանում է դնում է իր տիկնիկի առջև, հետն արտասուք է թափում, հետն ասում.

— Կե՛ր, տիկնի՛կ ջան, անո՛ւշ արա,
Իմ սև դարդին ա՛կանջ արա։
Չար պառավը իմ ուժից վեր
Տվել է ինձ ծանըր գործեր.
Անեմ՝ էնքան ես ուժ չունեմ,
Չանեմ՝ կուտի, ես ի՞նչ անեմ...
Տիկնիկը պատասխանում է.

— Մի՛ վախենար, սիրուն Վասիլիսա։ Հաց կե՛ր, աղոթի՛ր ու քնիր։ Լույսը կգա՝ բարին հետը։

Առավոտը ծեգին զարթնում է Վասիլիսան, տեսնում է պառավն արդեն վեր է կացել, լուսամուտից դուրս է նայում, ու գանգերի աչքերը հետզհետե մարում են։ Ահա ցոլաց և սպիտակ ձիավորն ու լույսը բացվեց։ Պառավը դուրս ելավ, սուլեց, հայտնվեցին սանդը, թակն ու ոտնավելը, ցոլաց կարմիր ձիավորը՝ արևը ծագեց։ Ու պառավը մտավ սանդի մեջ, թռավ գնաց, թակով թակելով, ջարդելով, փշրելով ու քշելով, ոտնավլով հետքը սրբելով ու ավլելով։

Վասիլիսան էլ ետ մնում է մենակ։ Ման է գալիս պառավի տունը, աչք է ածում ամեն անկյուն ու մնում է զարմացած ամեն բանի լիության վրա։ Ապա սկսում է միտք անել, թե ի՛նչպես անի, որ պառավի պատվերը կատարի։ Մին էլ տեսնում է ամեն բան կատարած, պատրաստ, ու տիկնիկը ցորենի միջի վերջին տերեփուկներն է ջոկում։

— Քեզ միայն էն է մնում, որ կերակուրն եփես, Վա՛սիլիսա,— ասում է տիկնիկը ու մտնում գրպանը։

Իրիկնադեմին Վասիլիսան սեղանը բաց է անում ու սպասում է պառավին։ Սկսում է մթնաժոռել։ Դարպասի առջև սևին է տալիս սև ձիավորն ու ակնակիր մութը կոխում է գետինը։ Միայն գանգերի աչքերն են, որ վառվում են խավարում։

Ապա անտառն սկսում է ճռճռալ ու խաշամը խշխշալ. պառավը գալիս է։ Վասիլիսան դուրս է գալի դեմը։

— Հը՜, ամեն բան պատրա՞ստ է, թե չէ։

— Պատրաստ է, նա՛նի ջան, արի՛ քո աչքովը տես,— պատասխանում է Վասիլիսան։

Պառավը ներս է մտնում տեսնում ամեն բան պատրաստ ու կատաղում է, որ բարկանալու բան չկա։ Ասում է.

— Դե՛ լա՛վ,— ու ճչում է.— իմ ընկերնե՛ր, իմ աջ ձեռնե՛ր, եկեք, տարեք, իմ աղունն աղացեք։

Էս ձենի վրա երեք ջուխտ ձեռքեր են հայտնվում, ցորենն առնում տանում։

Պառավն ուտում, է կշտանում, սկսում է պառկել ու Վասիլիսային նոր հրամաններ է տալիս, ասում է.

— Էգուց էլ էն կանես, ինչ որ էսօր արել էիր, ու բացի դրան՝ հորիցը մի թաղար խաշխաշի սերմը կհանես ու հողը կջոկես հատիկ-հատիկ։ Չեմ իմանում, թե ո՛վ է հղղն ու խաշխաշն իրար խառնել։

Ասում է, երեսը պատին անում ու խռմփացնում։

Վասիլիսան գնում է դարձյալ տիկնիկին ուտեցնում ու հարցնում.

— Աղոթի՛ր ու քնիր, Վասիլիսա,— պատասխանում է տիկնիկը.— լույսը կգա՝ բարին հետը։ Ամեն բան պատրաստ կլինի վաղը։

Առավոտն էլ ետ իր սանդն է մտնում պառավն ու գնում, իսկ Վասիլիսան իր տիկնիկի հետ ամեն բան անում են վերջացնում։ Պառավն իրիկունը վերադառնում է, մտիկ է տալիս ու կանչում.

— Իմ ա՛ջ ձեռներ, իմ ընկերնե՛ր, եկեք, տարեք, խաշխաշից յուղ հանեցեք ինձ համար։

Իսկույն հայտնվում են երեք ջուխտ ձեռներ, խաշխաշն առնում են տանում։

Ապա պառավը ընթրիքի է նստում, իսկ Վասիլիսան լուռ կանգնած է առաջին։

— Ինչո՞ւ չես խոսում,— հարցնում է Կախարդը,— էնպես լուռ ու մունջ կանգնել ես, կարծես թե բերանումդ լեզու չկա։

— Չեմ համարձակվում խոսել, նա՛նի ջան,— պատասխանում է Վասիլիսան.— իսկ եթե դու հրաման ես տալի խոսելու, մի բան կհարցնեմ։

— Հարցրո՛ւ, միայն թե իմացած եղիր՝ լավ չի, որ ամեն բան իմանաս, շատ իմանաս՝ շուտ կպառավես։

— Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, նա՛նի ջան, ինչ որ աչքով տեսել եմ։ Էստեղ գալիս ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս՝ ինքը սիպտակ, հագինը սիպտակ, տակինը սիպտակ, էն ո՞վ է էն ձիավորը, նա՛նի ջան։

— Էն իմ պայծառ օրն է,— պատասխանում է Կախարդը։

— Հետո տեսա մի ուրիշ ձիավոր՝ ինքը կարմիր, հագինը կարմիր, տակինը կարմիր, էն ո՞վ է։

— Էն էլ իմ կարմիր արևն է։

— Իսկ էն սև ձիավորն ո՞վ է, որ քո դարպասի դռանը վրա հասավ. ինքը սև, հագինը սև, տակինը սև։

— Էն էլ իմ մութը գիշերն է։ Երեքն էլ իմ հավատարիմ ծառաներն են։

Վասիլիսան էստեղ հիշում է երեք ջուխտ ձեռներն ու լռում։

— Էլ ինչո՞ւ չես բան հարցում։

— Էս էլ հերիք էր, նա՛նի ջան։ Չէ՞ դու ինքդ ասիր՝ թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ։

— Լավ ես անում, որ էն ես հարցնում՝ ինչ որ դուրսն ես տեսել, էն չես հարցնում, ինչ որ ներսն ես տեսել։ Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքիրներին ուտում եմ։ Դե կա՛ց, հիմի էլ ես քեզ հարցմունք անեմ։ Դու էդ ի՛նչպես ես կարողանում անել ու հասցնել էսքան գործը, որ ես քեզ հանձնարարում եմ։

— Իմ մոր օրհնանքն ինձ օգնում է, նա՛նի ջան,— պատասխանում է Վասիլիսան։

— Ո՞նց թե... դու օրհնած ես, հա՜... Դե էստեղից դո՛ւրս գնա կորի դու, օրհնված աղջիկ։ Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ։

Ասում է ու խրճիթից դուրս քշում, դարպասից դուրս հրում, ցանկապատի վրա վառվող աչքերով գանգերից մինն էլ մի ձողի ծերն է անց կացնում ձեռը տալի, թե՝

— Էս էլ քեզ կրակ՝ քու խորթ մոր ու իր աղջիկների համար։ Չէ՞ որ նրանք քեզ կրակի են ղրկել ինձ մոտ, որ իրենց համար կրակ տանես։

Ու վազում է Վասիլիսան, վազում է դեպի տուն։ Ձեռքի գանգը ճամփին լույս է տալի մինչև ծեգը ու ծեգին հանգչում։ Մյուս օրն իրիկունը վերջապես տուն է հասնում։ Որ հասնում է, ուզում է ձեռքի գանգը դեն գցի, մտքումն ասում է՝ մինչև հիմի երևի արդեն կրակ կլինեն արած։ Էս մտքի մեջ՝ մին էլ հանկարծ գանգից մի խուլ ձեն է գալի, «ինձ դեն մի՛ գցիլ, տար քո խորթ մոր մոտ»...

Տանն էլ մտիկ է տալիս, տեսնում է մութը, կրակ չի երևում, գանգը հետը ներս է տանում։

Խորթ մերն ու իր աղջիկները Վասիլիսային որ տեսնում են՝ սկզբում ուրախ հանդիպում են, պատմում են, թե էն օրվանից, ինչ դու գնացել ես՝ մեր տանը դեռ կրակ չի վառվել։ Մենք չենք կարողացել կրակ անենք, հարևաններից էլ ինչքան բերել ենք, տուն ենք հասցրել թե չէ՝ հանգել է։

— Հիմի քո կրակը վառ կմնա,— ասում է խորթ մերը։ Գանգը ներս են տանում թե չէ՝ աչքերն էնպես են նայում խորթ մորն ու իր աղջիկներին, որ էրում են, կրակում։ Ուզում են թաքչեն, բայց ուր որ թաքչում են, աչքերը ամեն տեղ հետևում ու նայում են նրանց, էրում, կրակում են նրանց։

Ու լուսադեմին խորթ մերն ու իր աղջիկներն արդեն էրվել, ածուխ էին կտրել, միայն Վասիլիսային էր, որ ոչինչ չէր եղել։

Առավոտը Վասիլիսան գանգը հողում թաղում է, տան դուռն ամուր կողպում, ինքը գնում է քաղաք, մի անորդի պառավի խնդրում է, որ մոտը կենա, մինչև, իրեն հերը օտարությունից գա։ Պառավը սիրով ընդունում է իր աղջկա նման, Վասիլիսան էլ նրան սիրում, պատվում է իր մոր պես, մոտը ապրում է ու սպասում։ Պարապությունից որ հոգնում է, մի օր էլ պառավին ասում է.

— Էսպես պարապ-սարապ նստելուց հոգնում եմ, նա՛նի ջան, ի՛նչ կլինի գնաս վուշ առնես բերես, մանած անեմ։

Պառավը գնում է, վուշ է առնում բերում։ Վասիլիսան նստում է մանած անում, էնքան բարակ ու նուրբ, ոնց որ մազ։ Մանածն անում է պրծնում, հիմի պետք է գործի։ Բայց էն տեսակ տորք չի գտնվում, որ էն մանածին գա, ոչով էլ չի կարողանում շինի։ Վասիլիսան էլ ետ իր տիկնիկին է խնդրում։ Տիկնիկն ասում է.

— Գնա՛ ինձ համար մի հին տորք բեր ու մի մաքոք, մին էլ մի քիչ ձիու ձար, ես քեզ ոամար ամեն բան շինեմ։

Վասիլիսան գնում է գտնում ինչ որ հարկավոր է, տալիս է տիկնիկին, ինքը քնում։ Առավոտը վեր է կենում, տեսնում տիկնիկը մի հիանալի տորք է շինել։

Վասիլիսան կտավը հինում է, նստում է գործում ու ձմեռվա վերջը արդեն պատրաստ է լինում մի կտավ, որ ասեղի ծակովն անց կկենար։ Գարունքը կտավը ճերմակացնում են, ու Վասիլիսան պառավին ասում է.

— Նանի ջան, տար էս կտավը ծախի, փողը բեր՝ քեզ լինի։

Պառավը կտավին մտիկ է անում՝ մնում է բերանը բաց։ Ասում է.

— Աղջիկ ջան, էս կտավը թագավորին վայել կտավ է։ Արի տանեմ պալատը՝ տեսնեմ։

Էս կտավն առնում է պառավը, գնում թագավորի պալատի մոտերքը պտտվում։ Թագավորը նկատում է, որ մի պառավ իր պալատի մոտերքը պտտվում է, ասում է.

— Ի՞նչ ես ուզում, ա՛յ նանի։

Պառավը թե՝ թագավորն ապրած կենա, ես քեզ վայել մի էն տեսակ ապրանք եմ բերել, որ ուզում եմ դու տեսնես։

Թագավորը հրամայում է պառավին ներս բերեն։ Պառավին որ ներս են բերում, թագավորը կտավը տեսնում է՝ էստեղ էլ սրա բերանն է մնում բաց։ Ասում է.

— Ի՞նչ է սրա գինը, ա՛յ նանի։

Թե.— Սրան գին չունի, թագավորն ապրած կենա, քեզ նվեր եմ բերել։

Թագավորը շնորհակալություն է անում, ինքն էլ իր կողմից պառավին է նվերներ տալիս ու արձակում։

Ուզում են կտավիցը թագավորի համար շապիկ կարեն. բերում են ձևում, բայց էնպես կարող չեն գտնում, որ կարի։ Ման են գալիս ման, վերջը թագավորն էլ ետ էն պառավին է կանչում, թե՝

— Ա՛յ նանի, ոնց որ էս կտավը գործել ես, էնպես էլ պետք է կարես, թե չէ ուրիշ կարող չկա։

Պառավն ասում է.

— Թագավորն ապրած կենա, ոչ ես եմ մանել ու գործել էս կտավը, ոչ էլ ես կարող եմ կարել։ Մի որդեգրուհի ունեմ տանը, էս նրա ձեռի գործն է։

— Լավ, որդեգրուհիդ լինի։ Տար տուր նրան, թո՛ղ նա կարի։

Պառավը վերադառնում է տունՎասիլիսային պատմում ինչ որ պատահելէր։

— Ես էլ գիտեի, որ էս գործը, վերջը ինձ էր հասնելու,—ասում է Վասիլիսան։ Փակվում է իր սենյակում ու սկսում է կարել։ Գիշեր-ցերեկ է անում, կարում, պատրաստում, տալիս է պառավին, թե՝ տար տուր թագավորին։

Պառավը շապիկն առնում է տանում պալատը, տալիս թագավորին, իսկ Վասիլիսան երեսը լվանում է, գլուխը սանրում, հագնվում, զուգվում, նստում լուսամուտի առաջն ու սպասում։ Սպասում է թե տեսնի ի՛նչ պետք է լինի։

Մին էլ էն է տեսնում, որ թագավորի մարդիկը գալիս են դեպի պառավի տունը։ Գալիս են, ներս են մտնում ու հայտնում, թե ո՞վ է կարել թագավորի շապիկը, թագավորն ուզում է նրան տեսնի ու ինքը իր ձեռքով վարձատրի։

Վասիլիսան վեր է կենում, գնում թագավորի առաջին կանգնում։ Թագավորի տեսնելն ու սիրահարվելը մին է լինում։

— Էլ ես քեզանից ձեռը քաշողը չեմ, սիրուն Վասիլիսա,— ասում է թագավորը։— էսօրվանից դու իմն ես, ես էլ քոնը, էսօրվանից իմ կյանքի ընկերն ու իմ աշխարհքի թագուհին ես դու...

Ասում է, ձեռիցը բռնում, բարձրացնում, նստեցնում իր կողքին ու սկսվում է հարսանիքը։ Վասիլիսայի հերն էլ վրա է հասնում, աղջկա բախտավորությունը որ տեսնում է, ուրախանում, աշխարհքովը մին է լինում, ու էն մնալն է, որ մնում է աղջկա մոտ։ Իր մերացու պառավին էլ չի մոռանում Վասիլիսան. բերում է պալատ, պահում է իրեն մոտ, իսկ տիկնիկից չի բաժանվում մինչև մահը ու միշտ, ամեն տեղ պահում է իր գրպանում։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 15 сен 2008, 13:26

ԾԻՏԸ
Текст:
Լինում է, չի լինում մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է.

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է.

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։

Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։

Ասում են.

— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է թռչում։

Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է.

— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղը ասում է.

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 15 сен 2008, 13:28

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ
Текст:
Երկու ախպեր են լինում, մինը խելոք, մյուսը հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում ետ բերում։ Ձմեովա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս թիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ... ավերակի արձագանքը կրկնում է.

— Հե՜յ... հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞...

Ավերակը ձայն է տալիս.

— Հա՜...

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս...

— Քա՞նի մանեթ կտաս։

— Տա՜ս...

— Հիմի կտա՞ս, թե չէ։

— Չէ՜...

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜։

— Արի՜...

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև։

— Հը՜,— ասում է,— մորթել ես կերել, հա՜։

— Հա՜...

— Չաղ է՞ր, թե չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜...

— Սկի՜ ...

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում։

— Այ էդպես... բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք...

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։

— Ավերակի։

— Հետո, փող տվա՞վ։

— Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի...

— Հերիք է, հերիք,— ընդհատում է դատավորը.— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի...— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում։

Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հեքիաթներ

Сообщение Армине » 15 сен 2008, 13:30

ԱՆԽԵԼՔ ՀԻՄԱՐԸ

Текст:
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,— հարցրեց գայլը։

«Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»։

— Դե որ գնաս աստծու մոտ,— խնդրեց գայլը,— ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

«Լա՛վ»,— ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն սոջկա։

— Ո՞ւր ես գնում, ախպեր,— հարցրեց աղջիկը։

«Գնում եմ աստծու մոտ»։

— Երբ որ աստծուն տեսնես,— աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

«Կասեմ»,— խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,— հարցրեց չոր ծառը։ «Գնում եմ աստծու մոտ»։

— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,— խնդրեց չոր ծառը,— աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց մինչև, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

«Բարի օր»,— ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

— Բարով եկար,— պատասխանեց աստված,— ի՞նչ ես ուզում։

«Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան եմ տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են»։

— Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,-ասաց աստված։

«Էլ բան ունեմ ասելու, տե՛ր»,— ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

— Ինձ համար ի՞նչ ասաց աստված — հարցրեց չոր ծառը։ «Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ»,— պատմեց մարդը։

— Էլ ո՞ւր ես գնում, արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

«Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,— պատասխանեց աղքատը,— աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց ու գնաց։

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

— Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

«Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես»։

— Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,— թախանձեց աղջիկը ճամփորդին։

«Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը, աստված ի՞նչ ասաց։

«Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

«Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս»։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ