«ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ...»
Թատրոնում աշխատող, իրենց իսկ խոսքերով «կյանքն արվեստին նվիրաբերած» երիտասարդ կամ տարեց արվեստագետները հարցազրույցների ժամանակ հաճախ հնչեցնում են մի տարօրինակ արտահայտություն. «Թատրոնը հեքիաթ է»: Չգիտեմ՝ հեքիաթ ասելով ինչ նկատի ունեն, բայց նման բառակապակցություն լսելիս՝ անմիջապես փոխում եմ հեռուստացույցի ալիքը:
Թատրոնը հեքիաթ չէ, թեև «ընթանում» է հեքիաթի կանոններին համաձայն: Պարզապես, եթե հեքիաթում հերոսը բազմաթիվ զրկանքներ ու փորձություններ կրելով՝ հաղթում է չարին, թատրոնում տարիներ, նույնիսկ տասնամյակներ անց է երևում հաղթանակը բարի՝ է, թե չար...
Կարծում եմ կարելի է առաջ չանցնելով՝ ներս մտնել:
Ծառայողական մուտք: Թատրոնի «լինում է չի լինումը» սկսվում է հենց այս տեղից` աստիճանավաևդակից: Տարօրինակ է, բայց ներս ու դուրս անելու իմաստով, զգացողությունների ահռելի տարբերություն կա ծառայողական և գլխավոր մուտքերի միջև: Ծառայողական մուտքից ներս մտնելիս՝ դերասանը ենթագիտակցորեն պատրաստվում է «բեմական» աշխատանքին: Գլխավոր մուտքը միանգամայն այլ՝ ոչ աշխատանքային զգացողություն է պարտադրում:
Քանի որ խոսեցինք գլխավոր, այսինքն՝ հանդիսատեսի համար նախատեսված մուտքի մասին, նշեմ տարօրինակ մի իրականություն, որը, կարծում եմ, կհաստատեն թատրոնում երկար տարիներ աշխատած ադմինիստրատորներն ու տոմսավաճառները: Եթե տոմսագրքույկը բացելիս առաջին տոմսը տղամարդ է գնում, նշանակում է այդ ներկայացումը հանդիսատեսի պակաս չի ունենա: Կնոջ գնելու դեպքում՝ կիսադատարկ դահլիճից չես խուսափի: Դրությունը վատթարանում է, երբ կնոջ ձեռքով գնված առաջին տոմսից հետո, հերթական վեց թվանշան պարունակող որևէ տոմս (6, 16, 26, 66 և այլն) ևս «ընկնում» է իգական սեռի Ներկայացուցչի ձեռքը:
Ներկայացումն ավարտվում է: Գլխավոր մուտքից դուրս եկող դերասանը, եթե իհարկե ինքնաբավությամբ չի տառապում, միշտ տհաճ զգացողություն է ունենում: Ծառայողական մուտքը միստիկ քողի նման մշուշում է դերասանի և հանդիսատեսի միջև եղած տարածքը և երկու կողմերին ևս մեկ անգամ համոզում, որ թատրոնը, այնուամենայնիվ, «հեքիաթային» զգացողություն ունի:
Թատրոնը սկսվում է հանդերձարանից:
Երբեք հնարավոր չէ պարզել, թե ինչից և երբ է սկսվում-ավարտվում թատրոնը: Լինում են դեպքեր, երբ առաջին պատկերից-հնչյունից-բառից թատրոնը մարում է: Դահլիճ փոխանցվող էներգետիկ առաջին հոսքն անչափ կարևոր է:
Ներկայացումը ունի հիշողություն: Իհարկե, կան ներկայացումներ, որոնք սկլերոզով են տառապում, բայց սարսափելի է, երբ առանձին թատրոններ զուրկ են հիշողությունից: Խոսքս վատ կամ լավ ներկայացումների, հավանել-չհավանելու մասին չէ: Կան թատրոններ, որոնք ծնվում, գոյատևում են առանց հիշողության: Շենքից դուրս ես գալիս ու մոռանում դահլիճում ապրածդ:
Թատրոնի մասին հիշողությունը նրան ապրեցնող հիմնական ուժն է:
Բեմը զգում է ամեն ինչ, առաջին հերթին՝ անտարբերությունը:
Բազմամարդ տեսարաններ: Տհաճ ու հոգնեցուցիչ աշխատանք: Դերասանի ինքնահաստատման առաջին զգացումը բազմամարդ տեսարաններից ազատվելն է: Ասում են՝ նորեկը բեմին ծանոթանալու, բեմը զգալու համար պարտավոր է «մասովկաներում» խաղալ: Կասեք, այս կարծիքը դերասանին «ենթարկեցնելու», բազմամարդ տեսարանները լցնելու համար է: Չեմ վիճում, բայց նման տեսարաններում մասնակցությունն է որոշում դերասանի հետագա գործունեությունը: Եթե «մասովկաներում» դերասանն անլրջություն, ներկայացման հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, բեմը զգում է դա (մի՛ ծիծաղեք) և հետագայում, երբ այդ նույն դերասանին անհրաժեշտ է ինքնաարտահայտվել և հանդիսատեսի համակրանքը վաստակել, այնպիսի անբացատրելի, անսպասելի բաներ են կատարվում, որ ապշում ես: Երբեք չգիտես՝ բեմում մեկ վայրկյան անց ինչ կկատարվի:
Յուրաքանչյուր ներկայացում ունի իր տրամադրությունը: Եթե այսօր խաղացվելիք ներկայացմանը գալիս ես երեկ խաղացված ներկայացման տրամադրությամբ, համոզված եղիր, որ ականատես կլինես բեմի «տարօրինակություններին»:
Յուրաքանչյուր դերասան ունի սիրած և չսիրած դերեր: Արդեն ասացի, թե բեմն ինչպես է անտարբերությունը պատժում: Բայց դրամի հակառակ երեսն էլ կա: Եթե որևէ դեր շատ ես ուզում խաղալ և թատրոն ես գալիս չափից ավելի խանդավառությամբ, ներկայացումից հետո դատարկության ու հիմար տագնապի ապրում ես ունենում: Այսպիսով յուրաքանչյուր ներկայացում ունի իր տրամադրությունը և, նվազեցնելով կամ ավելացնելով, չպետք է խաթարես այն:
Բեմի «հեքիաթի» երեք բաղկացուցիչ մասերն են.
1. Մուտքի սպասումը:
Մուտքի սպասող դերասանը ամենամեծ որոնողն է, քանի որ նա ճշգրիտ պահին է սպասում: Այդ ընթացքում փորփրում է ներսը` ենթագիտակցորեն կամ գիտակցորեն հիշում տեսարանի մանրամասները (տեքստ, միզանսցեն, գործողություն, վիճակ), բայց գիտակցում, որ դեռ կուլիսում է: Պահը գալիս է: Մի վայրկյան շուտ մտար՝ վաղ կհայտնվես բեմում, կբարկացնես խաղընկերներիդ և կխաթարես տեսարանի տրամաբանությունը, մի վայրկյան ուշ մտար՝ կուշանաս, խուճապի կմատնես խաղընկերներիդ և կխաթարես ներկայացման տրամադրությունը:
2. Ժամանակ և տարածություն:
Թատրոնը այն բացառիկ վայրն է, որտեղ կարող ես ժամանակի և տարածության մեջ ճանապարհորդել, նոր դեռևս չբացահայտված տարածքներ հայտնաբերել կամ ստեղծել: Ասում են՝ Երկրագնդի վրա սպիտակ գծեր չկան: Կան... Լավ թատրոններն են, որտեղ դեռևս նոր տարածքներ են հայտնագործվում:
Դերասանի ամենամեծ երջանկությանը (մի բան, որը ոչ բոլոր դերասաններն են զգում) ճամփորդությունն է ժամանակի և տարածության մեջ:
Բեմական ժամանակը աշխարհի հրաշալիքների թվին կարելի է դասել:
3. Զգացողությունների պատճենահանում:
Յուրաքանչյուր ներկայացում ունի գրգիռներ: Յուրաքանչյուր դերասան յուրաքանչյուր ներկայացման հետ կապված ունի իր առանձնահատուկ գրգիռները: Երբեմն, երբ դերասաններն այդ մասին խոսում են, զարմանում ես: Նույն տեսարանում մեկը հիշում է վարդի հոտ, մյուսի մատն է ցավում, երրորդը միզելու ցանկություն է ունենում, թեև քիչ առաջ է պետքարան գնացել:
Նման երևույթը կարելի է համարել զգացողությունների պատճենահանում: Պիեսի բեմադրվելու ընթացքում հաճախ ինչ-որ անսովոր զգացողություն ես ունենում և հետո յուրաքանչյուր ներկայացման ժամանակ վերապրում:
Տարօրինակ սովորությունների մասին:
Թատրոնում արգելված է սուլել, արևածաղիկ չրթել: Ասում են՝ սուլոցը փախցնում է բարի մուսաներին: Արևածաղիկը ձախորդություն է բերում: Եթե դերը (տեքստը) վայր է ընկնում, անպայման պետք է նստես վրան, նոր վերցնես, այլապես կձախողվես: Նոր դեր փորձելիս կարևոր է հիշել առաջին ընթերցման զգացողությունը, որն ամենաճիշտն է լինում: Հեշտ ստացվող կերպարը հաջող չի ստացվում: Պետք է տառապես, գիշերները չքնես, քեզ անհաջողակ ու անտաղանդ համարես, նույնիսկ թատրոնը թողնելու մասին մտածես, որ վերջում կարողանաս ճիշտ խաղալ:
Մուտքից առաջ միմյանց «Նե պուխա, նե պեռա» ասելով` դերասանները ցրում են մութ ուժերի խարդավանքները: Վերջերս այդ արտահայտությունը փոխարինվել է «Աստված մեզ հետ» բառակապակցությամբ:
Ապշեցուցիչ են բեմի հոտն ու ձայները: Բեմիրերի սարքված, բայց «կենդանի» լինելը:
Դեկորացիաների «դեմքը»:
Դերասանները:
Ես ատում եմ, սիրում, գժվում, անիծում, նախանձում, օրհնում, հայհոյում...
«Թատրոնի մարդ» լինելու առաջին պայմանը զգացմունքների անորոշությունն է: Սերը առ մասնագիտությունը երբեմն այնքան մեծ է լինում, որ իր շրջանակներից դուրս գալով՝ խառնվում է մյուս զգացմունքներին: Ատում ու մի վայրկյան անց սիրում ես: Նախանձում, դավեր ես նյութում և նույն մարդու մոտ գնում ես մխիթարվելու... Ընկերոջդ խայթում, ասում ես, թե որքան անհաջողակ, բութ ու անշնորք է նա: Աննշան անախորժության դեպքում վճռում ես հեռանալ, բայց մնում ես: Մնում ես՝ ամենածանր դժվարություններն ու զրկանքները կրելով: Ինչի՞ համար՝ հաճախ ինքդ էլ չգիտես, չես հասկանում: Նույնիսկ ոչ թատերային ժամանակներում, դերասանի խղճին հավատարիմ մնալով, էժանագին ելույթներ չես ունենում, «խաղիկներ» չես տալիս: Դրա համար քեզ հպարտ ու միաժամանակ ճնշված ես զգում:
Դեռ չեմ տեսել մի դերասանի, որն իր խաղացած դերերից ու վաստակած փառքից գոհ լինի: Միշտ քիչ է, շատ լինելու դեպքում էլ՝ հոգնեցնող: Անկախ սեռից ու տարիքից, նախանձում ես ընկերոջդ, բայց ամբողջ կյանքդ ապրում ես նրա հետ կողք-կողքի՝ մի ընտանիքի նման:
Դերասանի մասնագիտությունն ընտրելիս, գրեթե բոլորը կուլ են գնում ծափեր-ծաղիկներ ստանալու գայթակղությանը: Ձգտում են դերասան դառնալ հարուստ, հանրաճանաչ և ազդեցիկ լինելու համար: Ցանկություններ, որոնք ընդհանուր եզրեր չունեն մեր մասնագիտության հետ:
Եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված ես լինում հեռանալ թատրոնից և բավականին գումար վաստակել կամ մեկնել արտերկիր՝ յուղ ու մեղրի մեջ թավալ տալու, միևնույն է, քեզ դժբախտ ես համարում: Չէ՞ որ համողված ես, որ թատրոնում մնալու դեպքում մեծ հաջողության կհասնեիր: Մնացողներն էլ երանի են տալիս գնացածների հաջողություններին ու բարեկեցությանը:
Կարծում եմ, կարողացա ձեզ համոզել, որ թատրոնը հեքիաթ չէ: Թեև, իրոք, «ընթանում» է հեքիաթի կանոններին համաձայն: Սարսափելի է, երբ մարդը ամբողջ կյանքն ապրելուց հետո է հասկանում, որ վերջը չար է, ինքը ոչ մի կապ չունի թատրոնի հետ:
Խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ մտքով.
Հեքիաթը թատրոնի հոգու մեջ է, ոչ թե մարմնի: Թատրոնի մարմինը, առանց հոգու, ցավոք կարող է ապրել ևս երեսուն-քառասուն տարի: Նման կիսամեռ վիճակից են ասպարեզ ելնում «իրենց կյանքն արվեստին նվիրաբերած» երիտասարդ կամ տարեց արվեստագետները, որոնք հարցազրույցների ժամանակ հաճախ հնչեցնում են «Թատրոնը հեքիաթ է» արտահայտությունը: