СТАНЬ VIP

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ

Сообщение Harutin » 12 окт 2010, 18:43

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ

Hovhannes Teqgyozyan.jpg
Hovhannes Teqgyozyan.jpg (6.67 кб) Просмотров: 3265

Hovhannes Teqgozyan.jpg
Hovhannes Teqgozyan.jpg (5.59 кб) Просмотров: 3146
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ

Сообщение Harutin » 12 окт 2010, 18:44

ԱՆԴՈՅԻ ՑԻՐԿԸ


Անդոն երկու սիրտ ուներ: Մինչև երեսունյոթ տարեկան դառնալը նրա կյանքում ամեն ինչ կարգին էր: Վաղ էին իմացել երկու սիրտ ունենալու մասին և բոլորն էլ Անդոյին վերաբերվում էին նորմալ` որպես աննորմալ մի մարդու: Տարօրինակ-բարի տղա էր Անդոն և եթե վրայի կեղտոտությունից ու քորից բորբոքված վերքերը չլիներին` անտեսանելի մեկը կլիներ: Անդոն մանկամսուրից գիտեր իր թափանցիկության մասին ու չէր նեղվում: Ցավոտ էին միայն մոր ապտակները: Մի քանի անգամ տեսել էր, թե ինչպես է որդին գուլպայի վրա խնչում, կամ լվացարանի մեջ չիշիկ անում: Մոր բառերը. « Այ տղա, հո դու ցիրկի կլոուն չե՞ս» կանխորոշեցին Անդոյի ուղին: Չէ, ծաղրածու չդարձավ, մանեժի բանվոր էր, հետո` լուսարարությամբ զբաղվեց... իբր:
Արտիստներից ամենահայտնիները, ասենք կոկորդիլոս վարժեցնող Օրիորդը, կամ մնջակատակներին սիստեմատիկաբար ծեծող ռեժիսորը, Անդոյին հաճախ էին գործի դնում: Ինչ ուզում էին` բերում էր, բայց էլի կոպտում ու վիրավորում էին:
Անդոն խմող էր: Դարդը մեկն էր. երկու սիրտ ունենալը: Հագնում էր իրեն նվիրած ծաղրածուների հին, «մոդայից» դուրս եկած շալվարներն ու վերնաշապիկները: Առնանդամի շրջանում մշտապես կեղտից փայլող բծեր էին երևում: Անդոն շատ էր սիրում պոռնո ֆիլմեր նայել: Էդ էր իր կյանքը, կրկեսը, օղին, պոռնոն...
Ապրում էր Կոնդի հոլիկներից մեկում: Մահճակալի սնարը համընկնում էր հարևանի տան զուգարանակոնքին, դրսի դուռն էլ` ա‎ֆիշներով էր կարկատած: Բայց ամենակարևորը գետնին կպած պատուհանն էր: Անդոյի կյանքը փողոցով քայլող անցորդների հետ հասունանում, հիմա էլ` ծերանում էր: Փոքր ժամանակ ժամերով հետևում էր եկող-գնացողի կոշիկներին: Մուլտ էր. նեյլոնե կարկատած վարագույրը թրթռում, գույնզգույն, երբեմն` հոտած կոշիկ-կենդանիների պատկերներով ու առագաստ-փեշերի կադրերով էր ճաղապատնեշը լցնում: Բայց մուլտը երկար չտևեց: Մի օր մայրը բարկացավ ու «Հո դու ցիրկի կլոուն չե՞ս» ասելով ` պատուհանին սև կտոր քաշեց: Անդոն չէր հասկացել, որ ինքն արդեն տասնչորս տարեկան է և դրսի պատկերները իրեն ուրիշ կերպ պետք է հետաքրքեն: Հիմա, այսքան տարիներ անց, կարող էր սև վարագույրը հանել, բայց չէր ուզում մորը բարկացնել: Մանավանդ մայրը վերջերս տարօրինակ ձևով մահացե՞լ, թե՞ հալվել էր: Չպաչեց, ասաց. «ցիրկում հերիք աշխատես, վրայիցդ բեգեմոտի հոտ ա գալիս», ու մկրատով օդը կտրատելով` Անդոյի պատուհանից երևացող ցնորքներից մի տարօրինակ կոլաժ սարքեց:
Անդոն մնաց մենակ` կրկեսի, օղու ու պոռնոյի հետ: Կրկեսը նրան հույս էր տալիս, հավատացնում, որ ինքը պետքական, հարգանքի արժանի մեկն է: Անդոն չլիներ` ո՞վ էր հայտնի արտիստների, ակրոբատների և, իհարկե, կոկորդիլոս վարժեցնող Օրիորդի համար ծխախոտ ու օղի բերելու: Բա Բարաբաս ռեժիսո՞րը, դրանց տուն հաց տանող կլինե՞ր:
Անդոն, սովորաբար, տանը չէր գիշերում: Ռեժիսորի առանձնասենյակում փակված` տեսամագնիտաֆոնը միացնում, պատերին կախված Հիսուսի ու հայտնի իլյուզոնիստների նկարները հանում, շրջում, պոռնոն միացնում էր: Հետո դարդից, որ ինքը երկու սիրտ ունի ու միանգամից կարող է երկուսին սիրել, դրա համար էլ ընկերուհի չունի, կոկորդիլոս-Օրիորդին հիշում, հարբում էր: Առավոտները քարտուղարուհին Անդոյին գտնում էր օղու ու քրտինքի հոտի մեջ` հատակին ընկած:
Ձմռանը պարզվեց, որ Անդոն գիշերելու տեղ չունի: Տան սև կտորով պաստառապատված պատուհանից դեկտեմբերյան քամին փչում, սարսռացնում էր խեղճի թափանցիկ մարմինը: Կրկեսում էլ էր ցուրտ: Բացի այդ` աշխատողներից ոչ ոք Անդոյին իր սենյակը մտնել չէր թողնում: Բոլորը գիտեին, թե նա երբ է վերջին անգամ լողացել: Իսկ այդ տխուր տարեթիվը, որը թափառում էր գարնան վերջի ու ամռան սկզբի միջև, իրոք սարսափազդու էր: Անդոն վերքերը քորում ու չէր հասկանում, թե ինչու կոկորդիլոս-օրիորդն իր բերած բուտերբրոտները չի ուտում:
Մի անգամ էլ, երբ կոտլետով ու տասնհինգ-քսան անգամ տաքացրած-սառած կարտո‎ֆիլով բրդուճն իր ազնիվ շնչով տաքացնելուց հետո աղջկան մեկնեց, սա էնպես կատաղեց, որ կոկորդիլոսին «‎ֆաս» տվեց խեղճի վրա: Էսքանից հետո Անդո արի ու չափը մի անցիր: Էդ Բարաբասի կաբինետն էլ փակ էր. բա էսպիսի օրով մարդուն կուլտուրական հանգստից կզրկե՞ն: Ինչ իմանար խեղճը, որ վրայից փչող սոխի, քյաբաբի ու քրտինքի հոտից քարտուղարուհին լեզվի արատ էր ստացել ու կակազելով ռեժիսորին խնդրել, որ իր ձեռքից սենյակի բանալիները վերցնի…
Վիրավորված ու գրգռված գիշերվա հազարին տուն հասենելով` երկու շիշ հավաքած օղին /կրկեսի բու‎ֆետում բաժակների մեջ մնացած արաղը Անդոյի համար հավաքում պլաստիկե շշերն էին լցնում/ գլխին էր քաշել: Պարզ է, որ առավոտյան չէր կարողացել վեր կենալ: Մի կերպ մահճալակի գլխավերևի պատը ծեծել, զուգարանակոնքին նստած հարևանի աղջկան լեղապատառ էր արել:
Անդոյին հիվանդանոց տարան: Գլխավոր բժիշկը գլուխն տմբտմացրեց.
-Այ տղա, էս ի՜նչ օրի ես հասել, հո դու ցիրկի կլոուն չե՞ս,- հետո ավելացրեց,-օրգանիզմդ թունավորված է ալկոհոլով, ազգականներ ունե՞ս, տղա ջան:
-Չէ, բայց կտեսենեք, թե ովքեր, ի՜նչ հանրաճանաչ մարդիկ են վաղվանից ինձ մոտ գալու...
-Ի՞նչ հիվանդություններ ես ունեցել...
-Ոչ մի...
-Բայց դու իսկական պարանոյիկ ես, երկու սիրտ ունես, հա՞...
Անդոն «Պ» տառով բառից ավելի թափանցիկ դարձավ: Նրան թվաց, թե բժիշկը գիտի պոռնոյի հանդեպ ունեցած իր համակարանքի մասին...
-Պիտի վիրահատնեք,-հին-տարօրինակ էկրանին Անդոն տեսնում էր իր ձախ սրտի աշխատանքը,- Աջդ նորմալ է: Ձախ սրտիդ ներսի պատը չկա, տեսնո՞ւմ ես… Էստեղի հյուսվածքները չգիտեմ կկարողանա՞նք վերականգնել: Մի խոսքով բախտդ բերել է, չես մեռի` աջով կապրես…
Անդոյի աչքերը շաղվեցին: Գլխավերևում ամրացված լուսարձակների փունջը նրան հմայում, քնեցնում էր: Անդոն նույնիսկ չհասցրեց ամաչել, երբ առաջարկեցին տրուսիկը հանել: Կիսափակ աչքերով խոսում էր Կոկորդիլոսի ու Փաթ տվածի հետ: Մեկ-մեկ էլ` Բարաբասի սենյակի Հիսուսին ու իլյուզոնիստներին էր հիշում: Երբ աչքերը կուլ գնացին, Անդոյի թափանցիկ մարմնի վրա լուսարձակները սկսեցին պտտվել, խաղալ: Խաղը սառն էր, այրող…
Անդոն աչքերը բացեց: Աշխարհը լվացած կտորի նման «մտել» էր: Ուրիշ կերպ նա չկարողացավ զգացածը բացատրել: Ինչ-որ, նեղացած-պստիկացած սենյակ, մի կիսակաղ մահճակալ ու իր շորերը` քյաբաբի հոտը վրան:
-Տղա ջան,-բժիշկն է,-երևում է դու ազգական-բարեկամ չունես…
-Ո՞նց չունեմ,-Անդոն նեղվեց, բայց միանգամից հավաքեց իրեն. վախենում էր ինքն էլ կտորի նման «մտնի», կիպանա,-բա՞, բա՞, բա՞…
-Տանը մաքուր շորեր կա՞ն…
Ուզում էր ասել. «կան», բայց վախեցավ բժիշկը, իլյուզոնիստական փոքրիկ ճամպրուկի մեջ, գտնի իր վիդեոսեքսուալ «հանրագիտարանը», որն ուսումնասիրելով` այդպես էլ չկարողացավ կյանքի կոչել:
-Չկան,- ասաց ու զգաց, որ մարմինը այլևս թափանցիկ չէ: Այսինքն` շորի կարիք չունի՞,- էսպես լավ է:
-Բայց դու չես կարող անընդհատ մերկ լինել: Շորերդ թափելու բան են, հասկանո՞ւմ ես:
Քրտինքը տվեց վրան: «Լավ է, որ քրտնում եմ»,- մտածես,- «Էդ ինձ կպաշտպանի»:
-Լավ, ես կզանգահարեմ Ձեր տնօրենին, հուսով եմ` կօգնի…
-Բժիշկ, իսկ եթե ես էլ մտնե՞մ…
-Ո՞ւր մտնես…
-Դե շորի նման մտնեմ, վերջանամ…
Բժիշկը ռեվանոլի մեջ թաթախված բամբակի նման թացացավ, ժպտաց:
-Մի վախեցիր, մարմինը էդպիսի հատկություն չունի…
Օրերն անցնում, ավելի ճիշտ «մտնում» էին: Լույսը առաստաղի վրայով գալիս-գնում էր, բայց ո՛չ Կոկորդիլոսը եկավ, ո՛չ փաթ տվածը, ո՛չ էլ` Բարաբասը: Չնայած մի բանով օգնեցին: Կրկեսից ծաղրածույի հին-մին, զոլավոր շոր գտան, բերեցին Անդոյին հագցրեցին: Թեև առավոտյան հավաքարար Մելպոմենեն մի էնպիսի կռիվ սարքեց,որ կորկորդիլոսը /Օրիորդը չէ/ վախից կերավ իր գործընկեր արագիլին: Պարզվեց Անդոյի նվերը այնպիսի հազվագյուտ կտորից էր կարված, որով հնարավոր էր փայլեցնել միայն Բարաբասի առանձնասենյակի հատակը…
-Այ էսպես լավ է,-ժպտաց բժիշկը,-բայց դու իսկական ցիրկի կլոուն ես, հա~…

Կլոո՜ւն… Էդ օրերի օրը, երբ լույսն արդեն «մտել» էր, նրանք եկան… Լա, լա, լա, լա, լա… Անդոյին սպիտակ-սպիտակ գրիմ արեցին ու պալատի մեջտեղում կանգնեցրին: Օդը հեղեղվեց նարինջներով, որոնցից ցայտող գույները ուրախացրին կիսակաղ մահճակալին: Անդոյին թոթափելով` նա բարձերին հավաքեց ու սկսեց բրեք-դանս պարել: Հետո` հանդիսավորությամբ սենյակ մտավ կաս-կարմիր մորուքով, օղու շիշը հեծած Բարաբասը: Փաթ տվածն էլ չուշացավ: Տեսամագնիտաֆոնը միացրեց ու սենյակի տաք նարնջագույնի մեջ պոռնո-տեսիլների ցուցադրություն կազմակերպեց: Գալիս էին ու գալիս` բաց, թափանցիկ, գույնզգույն, մեկը մյուսից` բոզոտ ու հմայիչ: Պարադը գլխավորում էր հրեշտակի թևերով Կոկորդիլոսը /այս դեպքում` Օրիորդը/: Լա, լա, լա, լա, լա, լա… Հետո` պատի Հիսուսի և հայտնի իլյուզոնիստների նկարները ժամանեցին: Սկսեցին Անդոյի համար հրաշքներ գործել… Բայց… Երբ Անդոն հրաշքի մասին մտածեց` հայտնվեց սարսափելի, մերկության հասնող թափանցիկ մայրը: Սև կտորը պատուհանից պոկեց ու ապտակելով` ղժժաց. «Էս ի՞նչ ես անում, հո դու ցիրկի կլոուն չե՞ս»: Անդոն անհասկանալի ցավից մղկտաց: Սենյակը կրկին սկսեց «մտնել»: Մարդիկ էլ «մտան»: Չէ, «չմտան»: Պատուհանից դուրս թռան ու օդի մեջ սկսեցին քայլել: Քայլել առանց մարմինների` միայն զգեստներով ու կենդանի կոշիկներով: Մի երկուսի շպարն աչք էր ծակում: Էլ ոչ մի մարմին… Շորերը օդում պտտվում, շրթներկները պաչպչվում, մանիկյուրները` զգում էին: Հետո զանգի ձայն լսվեց` հեռախոսի: Կոկորդիլոսի դեմքը հեռախոսի վրա երևաց ու.
-Բարև, Անդո…
-Բարև…
-Ի՞նչ ես անում…
-Պառկած եմ…
-Ո՞ւմ հետ, արա…
-Մենակ…
-Բոմժ, սիմուլյանտություն ես անո՞ւմ, հա՞… Քո հույսին մնացողը կմեռնի, մեռա, շուտ արա, վազի խանութ, մի հատ սիգարետ բեր…

…Սև պաստառի տեղը ապակի էր, հսկա ակվարիում, որի ետևում քայլող կոշիների ու փեշերի աշխարհ էր: Անդոն նայում էր ապակու մեջ լողացողներին ու ինքն իր մեջ ավելի էր մտնում: Կիպությունը զգում էր իր արդեն ոչ թափանցիկ մարմնի բոլոր ծակոտիներով: Նա մտածածը, ավելի ճիշտ մտածածի ծանրությունը չէր էլ հասկանում, պարզապես` «մտած» զգացողություններով ինչ-որ բան էր փորձում արտահայտել: Տարօրինակ միտք, որը չի վերծանվում, բայց անվերջ ապրվում է մեկ սիրտ ունենալու դեպքում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 22:57

Սիֆիլիս


Վեցին հինգ էր պակաս, երբ հիշեցի, որ հրավիրված եմ, ավելի ճիշտ` տեղ եմ գնալու։ Տեղը գիտեի, բայց առիթը հիշել չէի կարողանում։ Հոգեհանգի՞ստ էր, ծնո՞ւնդ, թե՞ Սուրբ Ծնունդ։ Տաք էր, ձյուն չկար, զգացողությունն էլ` ամանորյա չէր։ Սուրբ Ծննդի վարկածը բացառելով` կռվում էի հոգեհանգստի ու տարեդարձի միջեւ։ Ինձ առավելապես ժամը վեցն էր մոլորեցնում, որը հինգ րոպե անց համառորեն հիշեցրեց իր մասին։

Հասկացա, որ սենյակում մոմերը նոր են վառել։ Հոտի՞ց էր, թե՞ միջավայրի պարզ զսպվածությունից։ Երեքով էին` Նա, նա եւ նա։ Հետաքրքիր հնար չէր. սեղանի մոտ նստած էին Նանան եւ Էրիկը։ Վերջինիս շրթունքներին աղայավարի ցցված գլանակը տարեդարձի նժարը ծանրացրեց։ Սակայն հոգեհանգիստը առավելապես տուժեց ափսեների կարմրա-դարչնագույն նկարչությունից։ Իսկ ծնունդն իր հիմքերը վերջնականապես ամրագրեց հյուրերի վերջին շարժումները ֆիքսած աթոռների անկանոն դիրքերի շնորհիվ։ Ափսեների տաք-դարչնագույնն էլ ուրիշ, անամոթ գործողության մասին հուշեց. տուփը հանեցի ու շրթունքիս տակ բուսած ոսպաչափը դիմափոշիով կոծկեցի։ Նանայի աչքերը զարմանքից կլորացան.

- Հովիկ,- ասաց երեխայական քոքվածությամբ,- դու վերցրե՞լ ես ամուսնուս դիմափոշին։ Չգիտե՞ս, որ էդ անտերը ամեն վայրկյան կարող է պետք գալ։

Դիմափոշու քաղցր խեղդոցից հասկացա, որ քաղցած եմ։

- Նան, դպրոցում ի՞նչ կա,-հարցրեցի շրջանավարտի հոգատարությամբ։

- Հեչ, գնում-գալիս ենք, լսի, էս առաջին դասարանցիները տախտակ են, տախտակ... Մի հատ լավ էրեխա չկա։

- Հյուրերս մի ժամից են գալու,- Էրիկը, Նանայի տերթոդիկյան պոռթկումը սաստելով, բեղերը ծամեց։

- Ուրեմն ես առաջի՞նն եմ եկել...

Դուռը բացվեց ու կիսով` կապոնեական, կիսով` ռաբիս ժպիտը բերանին` ներս մտավ «Դարան» կինոսերիալի պապան` Հովակիմը։ Էդ դերասանի՞ն, թե՞ պապային հազար տարի է` ճանաչում եմ, բայց չգիտեմ` դերասա՞ն է, թե՞ պապա։ Երեւի իր կապոնեա-ռաբիս պատկերացմամբ` պապա-դերասան է։ Հովակիմը ներս մտավ, տոննայանոց հայացքով ճնշեց-ճզմեց Նանային, հետո` ինձ ու ատրճանակը հանելով` տուր թե կտաս Էրիկի քաչալ գլխին։ Մի տաս հատ կրակեց։ Վերջին փամփուշտը նազուտուզով քսվեց Նանայի ուսերը կոծկող փետուրե կարմիր թիկնոցին ու մտավ գրաֆինի ծծերի մեջ։ Սկզբում` կաթ-կաթ-կաթ, հետո գրաֆինի մեջ եղած կարմիրը, հատիկներն էլ հետը` կատաղեցին ու ժայթքելով` Նանային ոտքից-գլուխ կպչուն մորիով պատեցին։ Հովակիմը, մեղայա-ողբերգական շարժումով, զենքը գցեց սեղանին ու իմ կողմը նայելով` հարցրեց.

- Լա՞վ էր...

Բերանս չհասցրեցի բացել, երբ «հավալլա, հավալլա» գոռալով` վրայիցս մի տղա ցատկեց.

- Ստոպ։ Ֆանտաստիկ է, սուպեր, սեքսի։ Էս էլ նկարեցինք-պրծանք...

- Լավ,- Հովակիմն է,- բայց էս մարդուն, անունդ ո՞նց էր, հա, Էրիկին ինչի՞ սպանեցի, կինոյում ոնց որ կարգին-բարի մարդ էր...

Էրիկը, վեր կենալով, վզի վիրավորված-ամբիցիոզ շարժումով, շրջվեց հավալլայասեր ռեժիսորի կողմն ու.

- Նկարահանումն ավարտվե՞ց։ Փողս տվեք` գնամ...

Դուրս եկա։ Երեւանը սմքած պառվաբոզի էր նման։ Երբվանի՞ց` չեմ էլ հիշում, Բանջարանոցում եմ ապրում։ Մի քսան տարի առաջ իրականացված` ծառերի գենոցիդից հետո, երկու-երեք փողատեր սիֆիլիտիկներ ձորը առել, բոզոտ դղյակներ էին կառուցել։ Մի քանի անգամ տեսել եմ, թե ոնց են դրանց տներից կաս-կարմիր մազերով ու վառվող բդերով աղջկերքը թռնում, Մայր Հայաստանի սրին «հագնում»։

Բանալիս շորի տակ չէր։ Նանա ու Էրիկը նստած էին իմ կնճռոտ բազմոցին։

- Կներես,- Նանան խոսում էր պառավային անկեղծությամբ,- ցուրտ էր, դրա համար բանալին վերցրեցինք, կարելի էր չէ՞։

- Ծնունդդ շնորհավոր, ազիզ,- բեղ ծամող Էրիկն է։

- Ի՞նչ ծնունդ...

- Քո ծնունդը, մոռացե՞լ ես...

- Էրո, քեզ ասելու բան ունեմ, բայց չեմ հիշում, թե ինչ...

Կարմիրը ներսումս շատանում էր։ Ես հաստատ գիտեի, որ էդ կարմիրը ոչ մի կապ չունի արյան հետ։ Բայց ի՞նչ էի ուզում Էրիկին ասել, ինչ-որ կարմիր բան էր կամ կապված էր էդ գույնի հետ։

- Ի՞նչ կա,- Նանան, տանտիրուհու սիրով, սեղան էր «գցում»։

- Հեչ, ձեր մո՞տ, դպրոցում...

- Տնօրենին բռնեցին։

- Ինչի՞ համար...

- Գիտեի՞ր, որ արտասահմանում ապահովիչների գործարան ունի։

- Չէ հա...

- Համ էլ` սիֆիլիսով է հիվանդ, երեւի իր անպարկեշտ մտքերից է վարակվել։

- Բա էրեխե՞քը...

- Նոր առարկա են մտցրել։

- Ի՞նչ առարկա։

- «Հովակիմի լեքսիկոնը»։ Դու ի՞նչ ես անում, էլի վերանորոգման մե՞ջ ես...

- Չէ, ինչի՞...

- Նոր ունիտազ ես առել...

Բերանս չհասցրեցի բացել, երբ Նանան, փեշը բարձրացնելով, նստեց նոփ-նոր հեռուստացույցի վրա։ Հոտի կարմրությունը ինչ-որ բան հուշեց, բայց ի՞նչ, ի՞նչ էի Էրիկին ասելու` չհիշեցի։ Չհասցրեցի Նանային քշել, էկրանը փայլատակեց ու տունս հեղեղվեց «Երկու դինոզավր» հեռուստատեսային շոուի կարմրա-դարչնագույն լպրծունությամբ։

- Անջատի, անջատի էդ...

- Ինչի՞,- Նանան, իր ծննդաբերած հաղորդումից գոհ` նստեց կնճռոտ բազմոցին,- չիմանա՞նք, ով է հաղթելու։

- Դու սրանց դեմ ի՞նչ ունես,- Էրիկն է,- թող երգեն-ուրախանան, էլի։

- Քո թաղմանը կուրախանան։ Էդ կայքը դու ես սարքե՞լ։

- Ո՞րը...

- Հովակիմինը։

- Հա, լավը չի՞...

- Ընտիր... Նագանները ձեռներին վեց-յոթ տարեկան երեխաները ո՞նց կարող են վատը լինել։

- Հա, ի՞նչ անենք, փողը տվեցին-սարքեցի...

Մեջիս կարմիրը քիչ էր մնում` փսխեի, երբ պատուհանի փեղկերը բացվեցին ու ներս թռավ բոսոր մազերով ու վառվող բդերով իմ ամենաչսիրած դինոզավրը։ Էդ հաստաոռին տեսնելով` Նանան չդիմացավ, «բռավո, պրիմադոննա» գոռալով` ծնկի իջավ։ Նոր միայն նկատեցի, որ Նանայի բիբերը կարմիր են, մարմնի վրա էլ` սիսեռ-սիսեռ բշտեր են հայտնվել։ Դինոզավրը չիմացա` որտեղից մի լայնաբերան շլանգ հանեց ու հեռուստացույց-ունիտազիս մեջ կոխելով` «հեպիբըրդեյը» ոռնաց։ Հետո շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր նախագահներին ու Հռոմի պապերին։ Վերջում էլ` «Ոչինչ` բացի շոու-բիզնեսից» ղժժալով` ունիտազի պարունակությունը շփեց Էրիկի քաչալ գլխին։ Նոր հիշեցի, թե ինչ էի ասելու, բայց ուշ էր. բնակարանս հանրային պետքարանի էր վերածվել...

Սնդիկի կարիք զգացի... Ներսումս շատացող կարմիրից հասկացա, որ հրավիրված եմ։ Էս անգամ հաստատ տարեդարձ էր, նույնիսկ` հոբելյան։ Հսկա, հարյուր տեղանոց սեղանի մոտ նստած էին Նանան եւ Էրիկը։ Ուրիշ մարդ չկար։ Ես էլ նստեցի, մի աչքս ափսեին, մյուսը` պատուհանին։ Հասկացա, որ բոզոտ դղյակում եմ։ Պատուհանից երեւացող Մայր Հայաստանը ճանճսատկացնելիքով ընկել էր կարմրամազ դինոզավրերի ետեւից։ Դրանք էլ խեղճի հոգին հանում, թիկունքում թաքնվում, նստում էին քթին եւ ամենասարսափելին` հինգ րոպեն մեկ իրենց հիթերն էին ոռնում։

- Նան, տնօրենը մեռա՞վ...

- Ի՞նչ տնօրեն,- Նանայի աչքերն անկեղծորեն կլորացան։

- Ձեր...

- Չեմ հասկանում` ինչի մասին ես խոսում։

- Մեզ սպասարկող մատուցողուհին, նախքան ընթրելը, առաջարկեց խմել։ Կարմիրը կաթկթաց բերանիս մեջ` սրելով սնդիկի պահանջը։

- Էրո, նոր գործ գտա՞ր...

- Չէ, հնի վրա եմ։

- Բա չսպանեցի՞ն։ Նկատի ունեմ` սերիալում։

- Գիժ...

Դուռը դղրդյունով բացվեց ու կարմիր անսահմանության վրա դատավորների ու ատենակալների գիպսե դեմքերը երեւացին։

- Դուք Հովհաննես Թեք... Թըքգյոզյա՞նն եք,- դատավորի` սիսեռներով պատված բերանը լորձ
ու արյուն էր թքում։

- Այո...

- Դուք դատապարտված եք...

Նանան ու Էրիկն իրար անցան։ Աչքերս բացվեցին, սկսեցի քունքերով տեսնել։ Մի աչքիս մեջ դատավորի սիսեռոտ բերանն է, մյուսի մեջ` փողոցում թպրտացող եռագույնը։

- Բայց պատճա՞ռը, պատճառը ո՞րն է,- Նանան ու Էրիկը միաբերան էին խոսում,- Ախր, չի կարելի մարդկանց հենց էնպես դատապարտել։

- Դուք Էրի՞կն եք, դուք Նանա՞ն... Դուք էլ եք դատապարտված։

- Ո՞ր օրենքով...

- Դինոզավրերի, Հովակիմի պետականացված օրենքով։ Ինչո՞ւ եք զարմանում, փալասը մինչ օգտագործելն է հետաքրքիր։

Դատավճիռը Նանային մերկացրեց, խեղճ Էրիկն էլ, բեղերը ծամելուց, ստամոքսի խոց ստացավ։ Իսկ դրոշը բարձրանում էր։ Կրծքաբաց կինը, մարդկանց ալիքի վրա կանգնած` ձեռքերն ինձ էր երկարել։

- Դատավճիռն ի կատար պետք է ածվի ժամը վեցին։

Անասուն վեցն էլ հինգ րոպե անց հիշեցրեց իր մասին։ Մի աչքս մահապատիժն էր տեսնում, մյուսը` ազատությունը։ Դինոզավրի ձեռքին օղակն էր, Կնոջ ձեռքին` դրոշը։ Հաստաոռը «հեպիբըրդեյ» էր ոռնում, կինը` օրորոցային երգում, սիսեռոտ բերաններով դատավորները քարացել էին արնագույն պաստառի վրա, ժողովուրդն ալեկոծվում էր։ Պարան-լոմ-տանկ-քար-կրակոց-լուսին-գազ-ձյուն, ձյուն, ձյուն...

Կարմիրը շատանում էր։ Ես գիտեի՞, որ էդ կարմիրը ոչ մի կապ չունի արյան հետ։ Վերջը. Հաստաոռի կրունկը կպավ ոտքերիս տակի սլկան աթոռին։ Ձայնն անջատվեց։ Վեցին հինգ էր պակաս...

Առավոտյան քաղաքը զարհուրած էր։ Կարմիր մազերով ու վառվող բդերով Սիֆիլիսը փողոցներով քայլում, հավաքում էր ընկածներին` մեռածներին, ողջերին։ Բոլորին... Բո-լո-րին... Կարմիր բիբերով նայում էի եռագույնին ու մտածում։ Վաղը... Վաղը Սուրբ Ծնունդ է... Նայում էի ու մտածում, մը-տա-ծում... Կարեւորը մտածելն է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    1, 2, 3 Meriko » 01 май 2008, 00:14
    21 Комментарии
    15131 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    23 окт 2010, 00:01
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ
    Вложения Harutin » 01 окт 2010, 19:46
    1 Комментарии
    1275 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    01 окт 2010, 19:47
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ
    Harutin » 12 окт 2010, 18:11
    2 Комментарии
    1643 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 окт 2011, 14:39
  • Հովհաննես Պարույր
    xent » 28 ноя 2010, 12:29
    0 Комментарии
    619 Просмотры
    Последнее сообщение xent Перейти к последнему сообщению
    28 ноя 2010, 12:29
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 31 мар 2011, 21:27
    1 Комментарии
    2014 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    31 мар 2011, 21:28