Արևը նոր էր մայր մտել, նրա փեշերի հրաբորբոք ծոպերը դեռ փռված էին անուշ մրափող սարերի հաստլիկ-փամփլիկ թշերին: Արևելքում երկինքը մուգացել էր այնքան, որ նայողին սարսուռով էր պատում, ու, կարծես, սառնության վանող հոտ էր գալիս: Հորիզոնամերձ երկինքը փիրուզով էր ներկվել, որ, խորանալով, երանգ-երանգ փոխվում և վեր էր ածվում թանաքի: Այդ հսկայական կտավի ներքո, գարնան ոսկեշողիկ արևի ջերմաջերմ համբույրներից դեռ տաք քարերի վրա նստած միջատները, ասես, մայրամուտը դիտել, սքանչացել ու մոռացել էին հեռանալ ու դառնալ բնիկները:
Ցերեկվա համերգը շարունակում էին զանազան ճռճռռոցներն ու սվսվոցները, հեռվից հոսող ու իրար խառնվող կռկռոցները, որ այնպես հմտորեն արդեն բյուրավոր տարիներ զրնգալով` այդ սարերի օրրերգն էին դարձել, բայց ամեն անգամ հնչում էին նոր քաղցրությամբ` իրենց մեջ պահած ամեն մի ծաղից մի քիչ նեկտար, մի քիչ բուրմունք կամ թույրերի խայտաբղետ ներդաշնակություն:
Սարերից սահող թեթև հովերի օրորի տակ քաղցր նինջ էր իջնում ծառերի շյուղերին, որ քնում էին, կարծես, գիտենալով արդեն — երազում մեղվիկների ցանուցիր եղած պարսը դարձյալ գուրգուրելու է իրենց աչիկները:
Երկնքի սևացող պաստառին մի գերբնական զորության վրձին սկսեց նկարել հատուկենտ կետեր, որոնք հետզհետե զվարթանալով` սկսեցին փայլփլել ու շողշողալ:
Արևմուտքը արդեն չէր թվում այնքան թեժ ու շիկացած:
Արևելքում աշխուժորեն պար էին բռնել գիշերվա առաջին չարաճճի դստրիկները: Խորհրդավոր մի քամի, կարծես, աստղերից պոկված, իջավ ու մեղմիվ շոյեց վաղուց քնած ծեր շանը, սահեց գորշ իշուկի ականջների արանքով, քսվեց թմրությամբ արբած թռչունների կտուցներին ու, գգվելով իր ճամփին հանդիպած ամեն ծիլ ու խոտի, քնած ճանճի թե քարացած սարդի, հոսեց-ցրվեց չորսբոլորը` զրնգալով գողտրիկ-գողտրիկ:
Երկնքում սկսված այն աստղային թատրոնը խաղաղ գրկել էր Երկրին պատած հանդարտությունը:
Բայց հանկարծ երկնքում հայտնվեցին հազարավոր անծանոթ աստղիկներ, այլ փայլփլող մարմիններ, չլսված ու չտեսնված, որոնց սկավառակերը պատված էին գույնզգույն խազերով, աստղային փոշու ամպիկներ, որ պայծառ ու չքնաղ էին ադամանդի` արևի տակ շաղ տված փոշուց ավելի: Այդ բոլոր հիասքանչ կախարդանքը այնքան շատացավ, որ, ասես, այդ նրբագեղ հսկաներն ու լուսապայծառ կայծիկները նեղվում էին երկնքում: Սակայն կայծկլտում էին, զարդարում հողածին բոլոր արարածների կաթնածոր ու մեղրահոս երազները, փայփայում նրանցից թշվառագույններին…
Ու ամբողջ Տիեզերքով հավաքված` պտույտ էին գալիս այն փոքրիկ կապույտ գնդիկի շուրջը, որ գեղեցկագույնն ու ամենաթանկն էր այդ հոգեզմայլ երևույթի մեջ…
2009, Մոսկվա