СТАНЬ VIP

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:46

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Hovhannes Melqonyan.jpg
Hovhannes Melqonyan.jpg (4.61 кб) Просмотров: 1276
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 01 окт 2010, 19:47

ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ՄՐՋՅՈՒՆՆԵՐ

(Հուշապատմվածք)


Հազար ինը հարյուր յոթանասունմեկ թվականի հունիսի տասնյոթի առավոտը՝ բանաստեղծներից ո՞վ էր… ինձ զանգահարեց ու ասաց. «Պարույր Սևակը, ասում են, ավտովթարից մահացել է…»:
Ականջներիս մեջ ավազ մաղվեց՝ խուլ ղժժոց ընկավ: Ո՞վ էր զանգահարողը… Հիշեմ էլ՝ անունը չեմ տա: Առաջներում բոթաբերին գլխատում էին, ես՝ անունը չեմ տա: Չեմ տալու:
Օրն այնպես արևոտ էր, արևը երկնքից մեծ էր ու այնքան պայծառ էր, սակայն իմ աչքին այդ պահին և հիմա էլ ատելի դարձան իմ բնակարանի պատուհանները պաշարած արևի շռայլ ճաճանչները, երկնքի անհոգ ցնծությունը և տանս սև գույնի հեռախոսը, որ նմանեցրի չարախոս ջադուի գլխաշորի: Այդպես՝ նույն կերպ ատում են այն մարդկանց, որոնք մեռելատանը խոսում են բարձր ու ժպիտով և գերեզմանոցում ծիծաղում են՝ խախտելով շիրիմների քար լռությունը, իսկապես էլ քար,- և չեն կարդում տապանաքարերի վրա եղած ունայնության քարոզները՝ փորված գրերով ու մակարդված մամուռներով: Անեծքի խոսքեր եկան ընկան լեզվիս՝ փշրված ապակիների պես. «Երանի առավոտը չբացվեր, միայն մթներ, անմիջապես մթներ-…Եվ չլիներ արևոտ ու պայծառ»: Մտածեցի՝ ինչո՞ւ են միջակ բանաստեղծություններում այդպիսի բառերն այնքան տեղին հնչեցրել, որ դրանք հին, մաշված գորգի նախշերի նման դարձել են անգնահատելի, անգին, ինչպես «Ես իմ անուշ Հայաստանի» տողի մեջ անուշ բառը, ինչպես Պարույր Սևակի «իմ փառապանծ, իմ տառապած» երկտողի մեջ փառապանծ բառը…
Իմ բնակության վայր Աջափնյակից ավտոբուս նստեցի՝ ականջներիս մեջ զնգացին Չարենցի երկու տողի խոսքերը. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա…»: Հասա Մարշալ Բաղրամյան պողոտա 3՝ Գրողների տուն՝ Հայաստանի գրողների միություն, որը ժամանակին իր շարքերից հեռացրել էր Չարենցին՝ այդպիսով համաձայնություն տալով, որ ապա բանտում դեղազրկությամբ սպանեն, վտարել էր Բակունցին՝ կողմ քվեարկելով, որ ապա Հայաստանի չեկայում հաստիք ունեցող մի ռուս կամ ռուսացած դահիճ գնդակահարի և իր հետ եղած հայուկ մարդուկներով, գերեզմանը կոխկրտելով, անհայտության հողին հավասարեցնի, իսկ տարիներ անց, երբ Բակունցին արդարացրին, ռուսական մամուլից տեղեկանալով, թե ինքը ինչ մեծ գրողի է գնդակահարել, այս «վաստակած հանգստի անցած» դահիճը եկավ Երևան և փորձեց հիշողությամբ գտնել իր զոհի գերեզմանի տեղը՝ խավարած աչքերով ու թառամած հիշողությամբ նա հասավ «Արարատ» կոնյակի գործարանի մատույցները, սակայն ճշգրիտ տեղը չգտավ: Գուցե ոգելից դարձած հայոց խաղողի այս տաճարի գավիթո՞ւմ կամ հիմքի մե՞ջ է հայ արձակի հանճարի աճյունը, և սա նրա տաճար-հուշարձանն է… Երեսնական կռապաշտ թվականներին եկեղեցիները եթե չէին քանդում, պահեստներ էին դարձնում ՝ գմբեթից խաչը, խորանից խունկը հանում, գմբեթին մուրճ ու մանգաղ կամ կարմիր աստղ էին ցցում և մեջը համայնական դաշտերի բարիքն էին լցնում… Այդպես էլ Բակունցի շիրիմոսկորների վրա բրգացած շինության մեջ հիմա կոնյակի տակառներ են դարսված…
Դեռ կգա Տիգրան Մեծի զարմով մի ընտրյալ նախագահ, այդտեղից հանել կտա կոնյակը՝ իր ֆրանսիացի տերերով, և այդ շենքը կդարձնի Ակսել Բակունցի մատուռ եկեղեցի:
Տա Աստված այդպես լինի: Այդպես կլինի:
Հունիսի տասնյոթին, Պարույր Սևակի մահվան բոթն առնելով, ինչո՞ւ հիշեցի Չարենցի եղերական վախճանը, Բակունցի սրտակեղեք գնդակահարությունը… Աներկբա է իմ պատասխանը իմ հարցին՝ մեծերը նման լինելով իրենց ապրած կյանքով, առավել քան նման են լինում իրենց վերապահված մահով… Երբ փաստացի ապացույցները դեռևս ի հայտ չեն՝ չկան, մարդու հոգու զգացողությունը և սրտի վկայությունը անսխալական ապացույցներ են: Իզուր չէ, որ իմ ժողովրդի խոսքի մեջ հազարամյակներից եկած մի այսպիսի արտահայտություն կա՝ «սիրտս վկայում է…»: Այդ օրը սիրտս վկայում էր, որ ավտոաղետը ոչ թե պատահական էր, այլ՝ պարտադրված, իսկ հիմա վկայում է ոչ թե սիրտս, այլ նորին համառություն ապացույցը:
Գրողների տան մուտքի առաջ և հարակից մայթին խուռներամ բազմություն կար՝ գունդուկծիկ դառած մի խումբ իր մեջ էր առել Շիրազին, արանք գտնելով՝մոտեցա շվարած, շփոթված բանաստեղծին՝ մի թևը կոտրված արծվի նման ոստյուններ էր անում, որ թռչի՝ չէր կարողանում, արմատից հատված ծառի նման շարունակ այսուայնկողմ էր թեքվում, թվում էր՝ ուր որ է կտապալվի: Երբ Շիրազի աչքին ընկա, ձեռքը ինձ պարզելով՝ ասաց. «Արի, արի էս թիկնեղ Վազգենի հետ ինձ թիկունք էղեք, էստեղից հանեք… Գիտեմ էսոնք մեղրի պես ինձ սիրող, Պարույրին սիրող են, բայց չիդեն, օր մեղրի մեջ էլ մարդուն կարելի է խեղդել…»: Ես Շիրազի առջևն ընկած, Վազգեն Առաքելյանը ետևը՝դուրս եկանք բակից, ապա մայթով բարձրացանք երեքով, Շիրազը մի ձեռքով բռնեց իմ ուսը, մյուսով՝ Վազգենի, հայացքով ցույց տվեց քիչ այն կողմում երևացող կոմկուսի կենտկոմի շենքը և ասաց. «Տեսաք՝ ինչ եղավ, ինչպես սիրահոժար նրան պարզեցին գիլյոտինին… Հազար մեղք կա սոցսիստեմի ճտին: Ափսոս Պարույրը, դեռ ինչեր կտար… Թևակոտոր արծվի պես զարկվեց իր դարի ու ժամանակի քարե կրկիտ-կծծի անկամորդ սրտերին, անուղեղ գլուխներին ու փշրվեց էնոր նուրբ, բյուրեղյա հոգին… Բայց բանաստեղծները մահ չունեն: Գրել եմ. «Յոթն անգամ է մորից ծնվում բանաստեղծը բազմատանջ, թեկուզ հազար անգամ թաղեն՝ իր մազն էլ մահ չունի»: Նկատեցի՝ Շիրազը մայթի անցորդներին չէր նայում և ոչ էլ մեզ՝ ինձ ու Վազգեն Առաքելյանին, հայացքը վեր պարզած էր խոսում՝ Աստծո հետ էր խոսում, զգացի նաև, որ մեղքի շորշոփ, զղջումի շփոթմունք կար Շիրազի դեմքին. երկուսն էլ կ յանքում իրարից հեռու էին պահում՝ չեղած բանից խռովածի պես, նույնիսկ հանդիպելիս իրար չտեսնելու էին տալիս, իբր իրար չեն նկատել, ինչպես որ մարդու մի աչքը չի տեսնում մյուսին: Նույն օր ու արևի մեջ ապրող, նույն չկամության ու հալածանքի հաստ պատերին զարկվող այս երկու բանաստեղծները նման էին կամուրջներ չհանդուրժող երկու հորդ գետերի, որոնք նույն հունով չհոսելով՝ հոգևոր նույն ծովին էին հասնում և, հիրավի, ծովային միասնության մեջ էին, ծովաշունչ էին և գաղափարական կալանքի մեջ գտնվող սովետահայ պոեզիայում ըմբոստության ալիքներ էին բարձրացնում և բռնության ապառաժները սասանում…
Հաջորդ օրը՝ հունիսի տասնութի առավոտյան, ես այն սգավոր վայրում էի, որտեղ սղոցվել-կացնահարվել էր Պարույր Սևակի կյանքի ծառը՝ անտառի շանթարգել մի կաղնի, բունը՝ յոթ հազար և քառասունյոթ տարեկան…Կաղնի՝ «անտառից պոկված, մենակ ու մռայլ… Ցցված բարձունքի վրա…»: Իսկ անտառը՝ ծառերի ամբոխը, ներքևում էր՝ ջրառատ, քամիներից, հողմերից ու կայծակներից ապահովված… Եվ ահա ներքևի այդ քաղցր մեղկության միջից անտառը հայացքը գցում է բարձունքի կաղնուն. «Ինչպես չի սիրում անտառը նրան, ինչպես է ծաղրում, քրքջում վրան, ինչ է թե հսկան այս թզուկների կամքին ու կյանքին չի կարողանում իրեն ենթարկել… Ինչ է
թե նրանք չեն կարողանում իրենց նեղվածքում սրան բանտարկել…Եվ չի հասկանում
անտառը հիմար, թե ծառն այդ ինչ է անտառի համար, կաղնին՝ անտառի կանաչ շանթ
արգել…»:
Շանթարգել կաղնին հունիսի տասնյոթին բնակոտոր ընկել էր…
Վթարի վայրում ճանապարհային տեսուչները չափում, գծում ու գրառում ներ էին անում: Իրավապահներ, քննիչներ և պետանվտանգության ծպտյալներ կային, որոնք ինձ նման «դեպքի վայրում» հայտնվածների աչքերին եղած կասկածանքի ապակե փայլփլանքները ցրելու համար բացատրություններ էին տալիս, թե վթարն ինչպես է եղել, և գլխավոր մեղավորն ինքը՝ ավտոմեքենա վարող Պարույր Սևակն է՝ իր անփորձությամբ:
Ես նայում էի ոչ թե նրանց պղնձագույն աչքերին, այլ նրանց դեղին ուսադիրներին զետեղված պղնձե աստղերին, որոնք արևից շլացուցիչ պսպղում էին ու աչք ծակում: Վթարավայրի խանձված խոտերին ու փշերին և ցրիվ ընկած մամռոտ որձաքարերին տեղ-տեղ լերդած արյան սև պուտեր ու բծեր կային, որոնցից շատերը նման էին կամ նմանեցրի կեռված հարցական նշանների: Աչքս ընկավ՝ կռացած մի կին հավաքում էր արյունոտված որձաքարերը և դնում պայուսակը:

Մութը՝ անասեղ՝ կարկատանել է մեր աչքերն անգամ,
Իր գույնն է խառնել մեր ալ արյանը,
Կարմիր արյանը,
Որ չորանալիս սևանում է միշտ,
Եվ չոր արյամբ էլ մութն է շատանում…

Ինչպես երեխա ժամանակ գյումրեցի իմ հասակակիցների հետ Արփաչայում լողանալիս՝ գտածս խեցին էի դնում ականջիս, որ ձայներ լսեմ, սևացած արյան դաջվածքով մի որձաքար վերցրի, սեղմեցի ականջիս և լսեցի Պարույր Սևակի ձայնը. «…Միամիտ եմ դառնում նորից՝ հավատում եմ արդարության ու թվում է, թե ես պիտի իմ… բնական մահով մեռնեմ…»:
Այս տողերը կամեցա լսել և լսեցի: Եվ եղավ՝ աչքերիս մլարը պատեց, երևի ամռան արևի տակ երկար մ նալուց էր, վերև նայելիս՝ բան չէի տեսնում, ստիպված էի հայացքս գետնին պահել և տեսնում էի վթարի վայրում չափագրումներ անողների անաչք, անականջ, անհոգի ստվերները միայն, որ սողեսող այս այն կողմ էին անում, սողում էին լերդ արյունով սեպագրված հողուքարերին…
Ստվերները սողում են, ստվերները սողուն են: Սողուն են… Եվ ես ինքս ինձ ասի՝ արի
կլինի զոհասեղան այս վայրից գլուխս առնեմ հեռանամ, գնամ Չանախչի… Գնամ այն տունը… Գնամ այն տունը… Ես գրավոր կակազ եմ, հուզում նալից տողեր գրելիս բառերն ու արտահայտությունները հաճախ կրկնում եմ… Ես գնացի այն տունը, որ իմ պատկերացմամբ պետք է որ փլված լիներ, սակայն փլված չէր… Եթե խիղճ ու հոգի ունենար, պետք է որ փլված լիներ, սակայն խիճ ու քարից էր և փլված չէր…
Տեսա՝ տան դռնից դուրս եկավ Պարույրի հայրը՝ Ռաֆայելը, որին ինքը կոչում էր ամի: Տունը փլված չէր, տան տերն էր փլված՝ Ռաֆայել ամին, և նա փլված քայլերով գնում էր այգու աջակողմը, ծիրանի ծառի կողմը…
Գնաց կանգնեց իր հոր տնկած ծիրանի ծառի կողքին, ոտքերը խրվեցին բահած փխուր հողի մեջ, և նա իմ աչքին նմանվեց ճղազուրկ ծառի, որը կայծակից զարկվել էր ու անձրևից մարվել և հիմա ածխացած կանգնած էր բնի վրա՝ տերևակալելու և ծաղկելու հույսը իսպառ կորցրած: Տան առջևում և այգու շվարած ծաղիկների ու ծառերի մեջ ով ասես չկար՝ գյուղի հարևան ծերունիներ՝ մազմորուքի մեջ, խռիվ հոնքերի տակ առանց լացի արցունքոտված աչքերով… Թևաթափ կանգնած մորուքավորների կողքին Երևանից եկած և տեղական պաշտոնյաներ կային, և ես նրանց փողկապները նմանեցրի մորուքների,- այդպես կամեցա,- և հիշեցի, որ առաջներում իրենց ասած խոսքի ճշմարիտ լինելը հաստատելու համար երդվել են մորուքով, իսկ ստախոսներին պատժել են՝ նրանց մորուքը կտրելով… Իսկ եթե այս փողկապավորները Պարույր Սևակի «Եղիցի լույս» գրքի կալանողներն են կամ նրանց մատը խառն է այդ չար գործին, ինչպե՞ս պատժել…
Աչքս ընկավ պատի տակ դրված իշոտնուկին, որի տակ ընկած էին մանգաղ և ոչխար խուզելու մկրատը. մտքումս ասացի. «Ես ոչխար խուզելու այս մկրատով կկտրեի սրանց փողկապները, մորուք չունեն, որ կտրեմ, ի՞նչ անեմ…»: Մի՞թե սրանք չեն, հենց
սրանք են, որոնց ճակատներին Պարույր Սևակը նրանց բնորոշիչ խարանն է դրել իր խանձիչ խոսքերով.

Այս ահեղ դարը ինքը ինձ ծնեց
Եվ… քանի անգամ կործանել ջանաց
Իր այն աչքաբաց բիճերի ձեռքով,
Որ նրա աչքի յուղն էին կերել,
Եվ ուզում էին ինձ՝ հարազատիս,
Խորթ ցույց տալ նրան…

Նկատելով օդերևութաբան Ռաֆիկ Կարապետյանին, որին տարիներ առաջ հանդիպել էի այստեղ՝ Չանախչիում, Պարույր Սևակի հորենական տանը, մոտեցա և մատնացույց անելով հագած-կապած փողկապավորներին՝ հարցրի. «Ո՞վ են փողկապավոր ընկերները, ինչո՞ւ են ծառից ծառ, մարգից մարգ անցնում ՝ տրորելով խոտ ու ծաղիկները… Այ, մեկն էլ, տես, մի վարդ պոկեց՝ հոտոտո՞ւմ է, կարո՞ղ է ուտում է…»: «Եկել են՝ գերեզմանի տեղը տեսնեն… Այ, էն ծիրանի ծառը… Պարույրի Ղազար պապի տնկածն է, դրա տակն են թաղելու»,- ասաց չանախչեցի Ռաֆիկը և նորից այնպես համրորեն լռեց, որ ես որոշեցի՝ այլևս հարցեր չտալ, թող լռի և թող բոլորը լռեն, մինչև անգամ ինձ ատելի դարձած թռչնային ծլվլոցները դադարեն… Միտս եկան «Անլռելի զանգակատան» տողերը. «Իսկ մի թռչուն ողջ ժամանակ ձայնն է փորձում հիմար-հիմար երգի համար…»:
Եվ մի անգամ ևս հիշեցի Չարենցի հոգեպարար մորմոքը՝ ի~նչ աստվածային զգացողությամբ է ասել. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա…»:
Տեր-Ղազարի տնկած ծիրանի ծառի մոտ բոլորակ կանգնածները նույնպես գլխիկոր ու լուռ էին, իսկ մեկը՝ արևահար դեմքով մի գ յուղացի մարդ, մուրճն առած՝ չորս ցցերը խփում էր հողին՝ այն կետերում, որ նախապես չափված էին և ապա ցցերը թելերով կապեց իրար, և տեսանելի դարձավ մի մեծ ուղղանկ յուն, որտեղ գերեզմանի փոսն էր փորվելու…
Գերեզմանի փոսեր կան, որ անմահություն տանող ճանապարհի վրա բացվող դռներ են, այս փոսը ևս այդպիսին է… Գուցե՞ ասածս խոսքը սրտի մխիթարանք է, վերքի սպեղանի, անհուսության սփոփանք, վերջավախճանի անտեսում, ունայնության ունայնություն… Ինչ էլ լինի, ինչ էլ ասես, կյանքը քաղցր է, և ինչպես պարսիկ մեծ բանաստեղծն է ասում, «ընկած երկու անգոյության արանքում», ծննդից անդին և մահից անդին անգոյություններն են…
Չիմացա ինչպես մութն ընկավ՝ գիշերը դարձավ կեսգիշեր, մեկիկ-մեկիկ մարեցին գյուղի տների լույսերը, միայն Պարույր Սևակի հոր տան լույսերը վառ մնացին…
Գիշերվա խավար լռության մեջ անաստղ երկնքի գմբեթին մի ամպ որոտաց: Պատի տակ դրված իշոտնուկին կողքիս նստած Ռաֆիկ Կարապետյանը ձեռքս ափի մեջ առնելով՝ ասաց. «Գնանք, մեր տանը քնիր…»:
Կայծակը զարկեց… Ռաֆիկի պատուհանից տեսա՝ Ուրցասարի կատարի սև ամպին հրե մի մկրատ դիպավ՝ երկու կես արեց, կայծակի շողարձակումից մթնած ապակիները կուրացուցիչ կարմրեցին, և իմ ննջող աչքերի մեջ մրմուռ ընկավ… Ես բռունցքներովս աչքերս տրորեցի և ելա նստեցի անկողնուս մեջ, որ նայեմ տեսնեմ հաջորդ կայծակը և դրանից հետո մյուս կայծակները…
Կայծակներ նայեմ, նայեմ կայծակներին, որոնք իրենց ծուռումուռ գծագրությամբ նման են իրար, ինչպես նույն մարդու ստորագրությունները տարբեր թղթերի վրա նման են իրար… Եվ ինձուինձ ասի. «Կայծակներն էլ Բարձրյալի ստորագրություններն են երկնքի կամարին… Երևի Երկնավորը իր ցասում նալից որոտներով է կարդում մեղավոր աշխարհին ուղղված իր պատժավճիռները և կայծակներով ստորագրում ՝ հաստատում…»:
Ով գիտե՝ այդպե՞ս է: Բայց ես այդ գիշեր կամեցա և հավատացի, որ այդպես է:
Առաջին իսկ կայծակորոտին տանը կից գոմից հորթի մղմղուն մի բառաչ լսեցի, որ այնքան բարակ էր, կթվար՝ գառան մայուն է: Նորածին հորթ է,- մտքումս ասացի,- երևի մի քանի օրական, առաջին անգամ ն է երկնքի որոտ լսում… Իմ հորթ, իմ հորթուկ, դեռ հորթանոցում ես, դեռ թելերի հանգույցներին շարված մատղաշ սեզերով ու ծաղիկներով են աչքերդ կապում, դեռ ինչ փշոտ արոտներ են քեզ քշելու, դեռ ինչ որոտներ կլսես այս չարի աշխարհում, այս չար աշխարհում, իսկ կգա մի օր, մի վերջին օր կգա, մի վաղ առավոտ՝ արևը չծագած քեզ գոմից կհանեն՝ կացինը գլխիդ կիջեցնեն, դանակը բկիդ կդնեն,- այդպիսին է այս աշխարհը: Եվ ոչ միայն անասուններիդ նկատմամբ են մարդիկ այդպես դժնի դաժան դժոխաբար վարվում, այլև իրար, իրար, իրար… Իրենց եղբայրների նկատմամբ ևս, բա, իմ հորթուկ եղբայր,- այս է աշխարհը, այսպիսին է աշխարհը, այնպես որ, կայծակի զարկից մի՛ վախենա, դու վախեցիր քո պարանոցը շոյող ձեռքից՝ շոյելուց հետո սուր խանչալն է առաջ ու ետ անելու կոկորդիդ և հորդող արյան մեջ, ահա, անհաշիվ մրջյուններ են մրջնալող տալիս, տեսել եմ, պատահում է մորթ անելու տեղում մրջնաբներ են լինում… Արյան մեջ ընկած, արյուն տեսած մրջ յունները՝ այդ աշխատասեր ու բարի միջատները, ասում են՝ բնույթով փոխվում են և սկսում են իրար հոշոտել…
Այդպե՞ս է, թե՞ ուղղակի իմ երևակայությունը ծայրահեղորեն պայծառացավ այս պահին…
Եվ ասում են՝ այս արյունազօծ արյունարբուներն իրենց հատիչ ծնոտներով երկու կես են անում պատահած մյուս բոլոր մրջ յուններին և ահա ծայր է առնում մի մրջնակուլ մրջնապատերազմ, որ տևում է երեք դար, մինչև որ տեղի ունենա բազմաստիճան սերնդափոխություն…
Է~յ, ձեզ եմ ասում. արյուն մի՛ թափեք մրջնաբների վրա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
    1, 2, 3 Meriko » 01 май 2008, 00:14
    21 Комментарии
    15139 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    23 окт 2010, 00:01
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ
    Harutin » 12 окт 2010, 18:11
    2 Комментарии
    1646 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 окт 2011, 14:39
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ
    Вложения Harutin » 12 окт 2010, 18:43
    2 Комментарии
    3268 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 22:57
  • Հովհաննես Պարույր
    xent » 28 ноя 2010, 12:29
    0 Комментарии
    620 Просмотры
    Последнее сообщение xent Перейти к последнему сообщению
    28 ноя 2010, 12:29
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ
    Вложения Harutin » 31 мар 2011, 21:27
    1 Комментарии
    2019 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    31 мар 2011, 21:28