СТАНЬ VIP

ՀԵՔԻԱԹՆԵՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Генрих Бабаджанян » 18 фев 2017, 12:31

.
ՏԽՈՒՐ ԱՂՋԻԿԸ ԵՎ ՉԾԱՂԿՈՂ ՁՈՐԸ
Հեքիաթ

Մի փոքրիկ գյուղում ապրում էր Նարե անունով մի աղջնակ: Նա շատ տխուր էր լինում և պատճառը ոչ ոք չէր իմանում, նույնիսկ նրա ծնողները:
Այդ տխրության միակ պատճառը լինում է այն, որ արդեն երկու գարուն ձորում չէին ծաղկում մանուշակները, խատուտիկները, երիցուկները, երեքնուկները, կակաչները և ուրիշ այլ ծաղիկներ: Նարեից բացի ոչ ոք չէր նկատում դա, որը նրան ավելի էր վշտացնում: Իսկ թե ինչու՞ չէին ծաղկում, Նարեն չէր իմանում:
Նա ամեն օր թախծոտ աչքերով գնում էր ձորը, խոսում ծաղիկների արմատնետի և տերևների հետ ու վերադառնում տուն:
Մի անգամ երազում գալիս է հրաշագեղ Բարուհի փերին և ասում,-
-Նարե, քո և քո սիրած ձորի ծաղիկների տխրության պատճառը այն է, որ կախարդ Չարուհին առևանգել է ձեր ուրախությունը:
-Իսկ ինչպե՞ս վերադարձնեմ ես իմ և ձորի ծաղիկների ուրախությունը:
-Դու պիտի նախ հորինես երգեր, երգես նրանց համար: Հետո ձորի ծաղիկները կվերադարձնեն քո ուրախությունը:
-Չարուհու ինչի՞ն է պետք մեր ուրախությունը,- հարցնում է Նարեն:
- Որպեսզի իր կյանքը ապրի երջանիկ և ուրախ ձերի հաշվին:
-Բայց չմոռանաս, որ դու ունես միայն հինգ օր և ամեն օր պիտի երգես միայն մի երգ, իսկ մեծահասակները այդ մասին չպիտի իմանան:
Երբ Նարեն արթնանում է քնից, որոշում է նախառաջին երգը հորինել մանուշակների մասին և երգել նրանց համար:
Նարեն հորինում է այս երգը և երգում

ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐԻ ԵՐԳԸ

Մանուշակներ, մանուշակներ,
Երկնակապույտ, վառ աչուկներ,
Ելե'ք քնից ՝ ինչպես հուրի,
Կապանքներից ձեր բարուրի:

Կրկներգ.

Ձեր բույրը նուրբ,
Նուրբ եք և դուք:
Սիրելիներ,
Սիրելիներ,
Բացեք շուտ ձեր
Աչքերը լուրթ՝
Չմնան մութ:
Չմնան մութ:

Գարունն է տաք իջել ձորը,
Բարությամբ է բացվել օրը:
Բացվեք աչքեր վառ, կապուտակ,
Դեղնած հոնու թփերի տակ:

Կրկներգ.

Բույն է շինում լորը հանդում,
Անցած տարվա փափուկ հարդում,
Դուրս է ելել ոզնին բնից,
Դուք էլ ելեք ձեր խոր քնից:

Կրկներգ.

Երգում է Նարեն իր երգը, բայց մանուշակների չեն բացվում, որովհետև երգը ոչ մի հմայք, գրավչություն չի ունենում: Նստում է ձորում մի քարի և հուսահատությունից լացում:
Նրա լացը լսում է փոքրիկ գառնարած Արան և մոտենում:
-Նարե, ի՞նչ է պատահել, ինչու՞ ես լալիս:
Նարեն նրան պատմում է ամեն ինչ :
-Երգիս մեջ ինչ-որ բան պակասում է, չգիտեմ ինչպես լրացնեմ այդ պակասը,- ասում է Նարեն:
-Արի այսպես անենք՝ ես նվագեմ իմ սրնգի վրա, իսկ դու՝ երգիր:
Այդպես էլ անում են: Երգը ստանում է նոր երանգներ, հմայք, հնչեղություն և լցվում ձորը: Թռչունները ձայնակցում են նրանց իրենց երգով ու դայլայլով: Տեղի է ունենում հրաշքը՝ բացվում են ձորի բոլոր մանուշակները:
Բնից ելնում է ծեր Ոզնին և հոտոտելով օդը ասում,-
-Այս ինչ չքնաղ բույր կա օդի մեջ, վաղուց այսպիսի գարուն չի եղել: Ո՞վ էր երգում այն չքնաղ երգը:
-Այդ Նարեն էր երգում,- ասում է Արան:
-Իսկ ո՞վ էր նվագում սրինգը:
-Արան, գառնարած Արան: Նա շատ լավ է նվագում,- ասում է Նարեն:
-Շատ ապրեք, երեխաներ,- ասում է Ոզնին,- ամեն ինչ լավ եք կատարել: Ես ապրում եմ այն փշոտ մասրենու տակ: Եթե օգնության կարիք լինի, ինձ կանչեցեք, ես ձեզ կօգնեմ,- ասում է Ոզնին և հեռանում:

Հաջորդ օրը, երբ այդեն պատրաստ էր «Խատուտիկների երգը», Նարեն գնում է ձորը, բայց Արային չի գտնում: Շրջում է ձորը վերից վար, կանչում, բայց ոչ մի տեղ չկա, նույնիսկ գառները չեն երևում: Վերադառնում է գյուղ, իր հետ վերցնում Արայի եղբայր Արգամին: Փնտրում են երկուսով, բայց Արան ոչ մի տեղ չկա ու չկա:
-Գնանք իմ ծանոթ Ոզնուն հարցնենք, նա կարող է իմանալ:
Գալիս են մասրենու թփի մոտ:
-Ոզնի՜, Ոզնի, դուրս արի շուտ, շատ եմ խնդրում,- աղաչում է Նարեն:
Ոզնին դուրս է գալիս բնից, տեսնելով Նարեին, շատ է ուրախանում:
-Ինչ լավ է դուք եկաք,- ասում է նա,- կախարդ Չարուհին բանտարկել է Արային և գառներին Սպիտակ քերծի տակ գտնվող քարանձավում:
-Ոզնի, Սպիտակ քերծի տակ քարանձավ չկա:
-Կա, միայն մարդիկ այդ քարանձավի տեղը մոռացել են: Այդտեղ Չարուհին թաքցնում է իր գերիներին, որոնց ջահեությունը և ուրախությունը նույնպես առևանգում է: Այնտեղ շատ կենդանիներ և թռչուններ կան բանտված:
-Բայց ինչպե՞ս ազատենք Արային և մնացած բոլոր կենդանիներին,- հարցնում է Արգամը:
-Ո՞վ է, այս տղան,- հարցնում է Ոզնին:
-Արգամն է, Արայի եղբայրը:
-Սպիտակ քերծի ամենավերևում գրված է քարանձավը բացելու կախարդական խոսքերը: Այնտեղ բարձրանալը և կարդալը շատ է դժվար:
-Ես կբարձրանամ,- ասում է Արգամը:
-Միայն զգույշ եղեք,- պատվիրում է Ոզնին:
Արգամը մեծ չարչարանքով բարձրանում է քերծի գագաթը, գտնում գրված բառերը և կարդում. «Իմ այս այցին Սպիտակ քերծի սիրտը բացվի»:
Արգամը իջնում է և բարձրաձայն ասում,-
- Իմ այս այցին Սպիտակ քերծի սիրտը բացվի:
Հենց այդ պահին ճռնչալով հետ է գնում սպիտակ սալաքարը և բացում քարանձավի մուտքը:
Նախ այնտեղից դուրս են թռչուն հարյուրավոր հավքեր, թիթեռներ, հետո դուրս են գալիս կենդանիները, վերջում՝ Արան:
Բոլորն էլ անչափ գոհ են լինում, շնորհակալություն են հայտնում Նարեին և Արգամին:
-Արա,- ասում է Նարեն, քանի դեռ արևը մայր չի մտել, երգենք «Խատուտիկների երգը»: Մութ ընկնելուց հետո խատուտիկները չեն բացվի: Նրանք բացվում են արևածագից մինչև մայրամուտ, հետո փակվում են:
Նարեն երգում է, իսկ Արան՝ նվագում.

ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ

Խատուտիկներ դեղնափետուր,
Ու՞ր եք կորել, որտե՞ղ եք, ու՞ր:
Արևն արդեն ելել հանդես,
Մեզ է նայում նա ժպտերես:

Կրկներգ .

Բացիր դեմքդ,
Բացիր տեսքդ,
Խատուտիկ,
Ասա՝ բարև
Խատուտիկին
Քեզ մոտիկ:
Ունես դեղին
Մի մեծ գլուխ,
Մի ոտիկ,
Ասա՝ բարև
Խատուտիկին
Խորոոտիկ:

Երբ մայր մտնի արևն լուսե,
Որին հսկա ամպն է ուսել,
Մայրամուտի լուսերից բորբ
Դուք կդառնաք մի լուսամփոփ:

Կրկներգ.

Հետո՝ ծեգին, նոր խատուտիկ
Մայր արևին կանի մտիկ,
Եվ կբացվեն դեղնապարուր
Խատուտիկներ հարյուր-հարյուր:

Կրկներգ.

Երգը ավարտելուց հետո բացվում են ձորի բոլոր խատուտիկները: Հանդը ստանում է իր նախկին ոսկերանգ պայծառությունը: Օդը լցվում է թարմությամբ և անուշ բույրով: Ձորը գեղեցկանում է, դառնում ավելի հմայիչ և հարազատ:
-Ինչ լա՜վ է, Արա, որ բացվեցին ձորի խատուտիկները: Ես գիշերը կհորինեմ «Երիցուկների երգը,- ասում է Նարեն՝
-Կարելի՞ է ես էլ վաղը երգեմ ձեզ հետ,- հարցնում է Արգամը:
-Իհարկե, կարելի է,- ասում է Նարեն:
Վաղը մեր փոքրիկ հերոսներին սպասում են նոր փորձություններ:
*
Առավոտյան երիցուկների երգը արդեն պատրաստ էր, ինչպես խոստացել էր Նարեն: Կեսորին նա ըստ պայմանավորվածության պիտի գնա ձորը, որտեղ Արան գառներ է արածացնում: Այդ նույն ժամին այնտեղ պիտի լինի նաև Արգամը:
Ձորը իջնելիս Արգամը հանդիպում է մի կնոջ, որը նույնպես գնում է ձորը տանող ճանապարհով:
-Բարև, տղա ջան: Այդ ու՞ր ես շտապում:
-Բարև, տիկին: Գնում եմ ձորը:
-Ի՞նչ կա ձորում, որ խաղը թողած գնում էս այնտեղ:
-Այնտեղ պիտի երգենք:
-Իսկ ինչու՞ այնտեղ եք երգում և ոչ տանը:
-Որպեսզի բացվեն ձորի բոլոր ծաղիկները: Ահա թե ինչու:
-Ես քեզ մի գաղտնիք ասեմ, այնպես էլ արա, և մինչև քո ընկերների հետ երգելը կբացվեն ձորի բոլոր ծաղիկները,- ասում է անծանոթ կինը:
-Ի՞նչ պիտի անեմ,- ոգևորվում է Արգամը:
-Ձորի մենավոր կաղնու մոտ կտեսնես երիցուկների մի փոքրիկ թփուկ: Կկանգնես նրա կենտրոնում և կգոչես.
«Բացվե'ք, բացվե'ք երիցուկներ,
Բացե'ք, բացե'ք աչքերը ձեր»:
Անմիջապես ձորը կլցվի հազարավոր ծաղկած երիցուկներով: Միայն ընկերներիդ չասես, թող դա նրաց համար հաճելի անակնկալ լինի:
Արգամին դուր է գալիս այդ առաջարկը և այդպես էլ անում է: Ոտքը հենեց-որ դնում է երիցուկների մեջ և անմիջապես հայտնվում մի խոր ու մութ հորի հատակին:
Երկար սպասելուց հետո Արան և Նարեն սկսում են փնտրել Արգամին:
Որպեսի շատ ժամանակ չկորցնեն, գնում են Ոզնու մոտ:
-Ոզնի, ասա, հո վատ բան չի պատահե՞լ Արգամի հետ:
-Պատահել է: Նենգ Չարուհին նրան գցել է մենավոր կաղնու մոտ գտնվող հորը: Նրան այնտեղից հանելու համար երկար պարան է հարկավոր,- ասում է վշտացած Ոզնին:
-Թոկ ես ունեմ,- ասում է Արան,- ձին միշտ օրուկ եմ տալիս երկար պարանով, երբ արոտի եմ բերում գառները:
-Դե', վազեցեք շուտ: Արգամը կվախենա մութ հորի մեջ,- կարգադրում է Ոզնին:
Արգամին հորից հանելուց հետո հորի հատակին տեսնում են մի օձ:
-Վայ, օձը,- վախից գոռում է Նարեն,- Արգամ քեզ չի խայթե՞լ:
-Ոչ, ես նրան չեմ էլ տեսել:
-Ինձ էլ հանեցեք այս հորից: Ինձ այստեղ է նետել նենգ Չարուհին ,- ասում է օձը:
-Ինչու՞,- զարմանում են երեխաները:
-Նա պահանջում էր ինձանից, որ ես սովորեցնեմ թույն շինելու գաղտնիքը, որպեսզի նա թունավորի մարդկանց: Ես հրաժարվեցի և նա ինձ նետեց այս հորը:
-Ես հիմա կիջեցնեմ պարանը, իսկ դու փաթաթվիր նրան: Մենք քեզ կհանենք հորից:
Օձը ազատվելուց հետո շնորհակալություն է հայտնում երեխաներին և ասում,-
-Բույնս գտնվում է Սպիտակ քերծի մոտ գտնվող մամռապատ քարի տակ: Եթե իմ օգնության կարիքը լինի, եկեք, կանչեցեք, ես ձեզ կօգնեմ:
-Երգելու ժամանակը անցնում է, Նարե: Բեր հորինած երգդ նորից վերհիշենք և երգենք: Մեր օրերի և երգերի թիվը սահմանափակ է:
Արան նվագում է, իսկ Նարեն և Արգամը երգում են

ԵՐԻՑՈՒԿՆԵՐԻ ԵՐԳԸ

Իմ թաց աչքերից արցունք է ծորում,
Վաղուց չեմ տեսել ձեզ Լոռու ձորում:
Այրում է սիրտս կարոտի լեղին,
Թող բացվեն ձեր նուրբ սրտերը դեղին:

Կրկներգ.

Երիցուկներ հայոց երեկրի,
Ձեր սրտերը ոսկով ներկվի:
Թերթերը ձեր լույս են բերում,
Ծաղկեք հավերժ մեր լեռներում:


Թեկուզ քարոտ է մեր գյուղի ձորը,
Սակայն մեղմ է շատ քամու օրորը:
Կարոտել են ձեզ թիթեռ ու զատիկ,
Ծաղկեցեք, բացվեք հատիկ առ հատիկ:

Կրկներգ.

Թող չքվեն հավերժ կախարդները չար,
Արածեն ձորում գառներ ու ոչխար,
Երգեն հավքերը առավոտ ծեգին,
Կարոտ չմնանք սոխակի երգին:

Կրկներգ.

Հրաշք է տեղի ունենում, ձորը լցվում է հազարավոր խատուտիկներով: Նրանց շուրջը թռվռում են թիթեռները, մեղուները: Ձորը գեղեցկանում է և կենդանանում, որովհետև խոր քնից արդնացել են խատուտիկները:
-Նարե, գիտես՞, որ խատուտիկը ունի բուժիչ հատկություններ: Տատս ասում է, որ հակաբորբոքային է, կանխում է արյունահոսությունը, հականեխիչ է:
-Ինչ լավ է, Արա: Կհավաքենք և կտանենք տատիկների համար:
-Նարե, չմոռանաս, վաղը Կակաչների երգը» պիտի երգենք,- հիշեցնում է Արգամը:
-Չեմ մոռանա, անհոգ եղեք,- պատասխանում է Նարեն:
-Նարե, զգույշ կլինես, Չարուհին փորձում է խանգարել մեզ ամեն գնով,- զգուշացնում է Արան:
Դեպի նոր փորձություններ, իմ փոքրիկ հերոսներ:

Չորրորդ օրն է, չոր՛րորդ երգի օրը: Ավելի է լարված նախորդներից:
Ձորը չի գալիս այս անգամ Նարեն: Արան և Արգամը շատ են անհանգստանում և որոշում են նորից գնալ Ոզնու մոտ:
-Ոզնի, դուրս արի շուտ,- կանչում է Արան:
Ծեր ոզնու տեղը դուրս է գալիս մի փոքրիկ ոզնի և ասում,-
-Պապիկին այսօր մի կին բռնեց, դրեց մի երկաթե վանդակի մըջ և տարավ:
-Ու՞ր տարավ,- հարցնում է Արան:
-Գնաց դեպի Սպիտակ քերծը:
-Վազիր իմ հետևից, Արգամ:
Վազելով հասնում են Սպիտակ քերծի քարանձավը:
- Իմ այս այցին Սպիտակ քերծի սիրտը բացվի,- շնչակտուր սասում է Արան:
Քարանձավը բացվում է, բայց այնտեղ ոք ոք չկար:
-Երևի հորի մեջ է Ոզնին, կամ նարեն,- սաում է Արգամը:
Հորը նույնպես դատարկ է:
Նստում են մենավոր կաղնու տակ, որպեսզի որոշեն իրենց անելիքը:
Հանկարծ կայծակից գոյացած կաղնու փչակից լացի ձայն են լսում:
-Նարեն է լացողը,- ասում է Արան: Օգնիր բարձրանամ ծառը:
Կանգնում է Արգամի ուսերին և վեր մագլցում: Փչակում տեսնում է եկաթե վանդակի մեջ Նաերին և ծեր Ոզնուն:
-Ես հիմա ձեզ կազատեմ,- վստահորեն ասում է Արան:
-Չես կարող, այս վանդակը երկաթե մեխերով գամված է փչակի հատակին, իսկ կողպեքը Չարուհին հետել է Սպիտակ քերծի խոր ճեղքերից մեկը:
-Ես նորից կբարձրանամ Սպիտակ քերծը,- ասում է Արգամը:
-Կբարձրանաս, բայց կողպեքը չես կարողանա հանել Ժայռի ճեղքից:
-Մեզ կօգնի օձը,- բացականչում է Նարեն:
-Վազեք Օձի մոտ,- կարգադրում է Ոզնին,- ժամանակ քիչ ունենք:
Մամռոտ քարի մոտ, արևի տակ մեջքն է տաքացնում Օձը:
-Օձ, Ոզնին և Նարեն բանտարկված են, փակված երկաթե վանդակի մեջ: Բանալին գտնվում է Սպիտակ քերծի ճեղքերից մեկում, կարող ես գտնել և բերել,- իրար ինդհատելով ասում են տղաները:
-Անհոգ եղեք, իմ փոքրիկ բարեկամներ, ամեն ինչ կանեմ, կգտնեմ բանալին:
Օձը սողալով բարձրանում է քերծը և անհետանում նրա ճեղքերում:
Դժվար է գտնել այն, ինչի տեղը չգիտես: օձը ուշանում է: Երեխաների համբերությունը դժվարությամբ է դիմանում:
Վերջապես հայտնվում է օձը, բերանի մեջ մի փայլուն մետաղ:
-Գտել է,- ուրախությունից ճչում է Արգամը:
Շնորհակալություն, Օձ, Դու իսկական ընկեր ես,- ասում են տղաները և վազում դեպի Մենավոր կաղնին:
Արան նորից մագլցում է ծառը, Բացում Վանդակի կողբեքը: հետո նարին և Ոզնուն զգուշությամբ իջեցնում են ծառից:
-Արգամ, դու գտիր գառներին, իսկ ես պայուսակս և սրինգը,- կարգադրում է Արան:
Շատ չանցած բոլորը իրենց տեղերուն էին և մեր փոքրիք հերոսները սկսեցին երգել


ԿԱԿԱՉՆԵՐԻ ԵՐԳԸ

Տարիներ առաջ կարմիր էր ձորը,
Կարմիր ձորի մեջ կարմիր էր օրը,
Ձորը դառնում էր, բազմերանգ նարոտ,
Թողեցին սիրտս կակաչի կարոտ:

Կրկներգ,
Կակաչների, կարկաչների
Դաշտ անթերի,
Էլ չմնաք դուք չարերի
Կամքին գերի,
Էլ չլինեք նենգ ու չարին
Կյանքում գերի,
Դուք արյունն էք,
Դուք ավյունն եք
Հերոսների:

Թող այս խոր ձորում առուն կարկաչի,
Հագենա ջրով սիրտը կակաչի,
Թող այս խոր ձորը մնա բազմերանգ,
Կակաչի կողքին կյանքը կանաչի:

Կրկներգ.

Ես միշտ այցի գամ կակաչներիդ բյուր,
Դառնամ ձեզ ընկեր, կարեկից մի քույր,
Ձեզնով հմայվեն և աչքեր և սիրտ,
Կանգ առնեն այստեղ քամիները բիրտ:

Կրկներգ.

-Կակաչների դաշտը մի ուրիշ հմայք ունի, հատկապես՝ երբ նա քո առաջ բացվում է մի ակնթարթում,- ասում է Ոզնին:
Մանուշակների, խատուտիկների, երիցուկների հետ միասին նրանք դաշտը դարձրին մի հիասքանչ անսահմանություն:
Տեսարանը իրոք անկրկնելի է: Մի տեսակ հարազատություն է թովում կակաչներից: Նրանք նման են հեռացած բարեկամների և ծանոթների:
Նրանց մեջ և սեր կա, և թախիծ, և մտերմություն:
-Երեխաններ,- ասում է Ոզնին,- չմոռանաք, որ վաղը վերջին օրն է՝ վերջին երգի օրը: Չարուհին մեզ չի ների, ամեն ինչ կանի, որպեսզի այս գեղեցկությունը նորից անհետանա, իսկ Նարեն մնա տխուր և երբեք չժպտա: Ձեզ ցանկանում եմ համբերություն և խիզախություն: Մենք չգիտենք, թե ինչ փորձություն է մեզ սպասում վաղը, բայց եղեք պատրաստ ամեն ինչի:
-Պատրաստ ենք,- միաձայն ասացին երեխաները:

*
Գիշերը անտանելի ծանր է եղել երեխաների համար: Երգը հորինելուց հետո նրանց աչքերին քուն չէր գալիս: Գիտեին, որ օրը պիտի լինի ամենադժվարը:
Դրա համար էր հորինած երգը նման աղոթքի:
Օրը բացվեց: Արան գառները տարավ ձորը: Սրինգի վրա նվագեց երգի երաժշտությունը: Նարեն մի քանի անգամ կարդաց երգի խոսքերը, հետո մտքում երգեց: Արգամը արթացավ, երկար պառկած մնաց անկողնում, փորձելով գուշակել սպասվող փորձությունները:
Արգամը և Նարեն միասին իջան ձորը: Այդպես ավելի ապահով կլինի, որոշել էին դեռ երեկոյան:
Օրը խաղաղ էր, պայծառ, բայց չգիտես, թե որտեղից հայտվեց մի ահավոր հողմապտույտ, որը իրարից անջատեց երեխաններին և թվում էր, որ հիմա նրանց երկինք կտանի:
Մի կերպ հասնում են պայմանավորված տեղը, բայց իրար չեն տեսնում և ձայները չեն հասնում իրար :
Գնալ Ոզնու մոտ խորհուրդ հարցնելու միտքը նախ ծագում է Նարեի գլխում, հետո տղաների:
-Այդ հողմապտույտը հենց ինքը Չարուհին է: Նա ձեզ խանգարելու է և չի թողնելու իրար գտնեք,- ասում է Ոզնին:
Հետո երբ հայտնվում է Արան, նրան կարգադրում է Սպիտակ քերծի մոտ խառույկ վառել և այնտեղ սպասել Արգամին և Նարեին:
-Ծառի չոր ճյուղից ջահ պատրաստիր և մոտդ պահիր: Չարուհին վախենում է կրակից:
Հետո Նարեին և Արգամին պատվիրում է,-
-Արայի վառած խարույկից ջահեր վառեցեք և պատրաստ եղեք հողմապտույտի հայտնվելուն: Ջահերը ձեզ կպաշտպանեն:
Երեխաները ծառերի, թփերի տակ պատսպարվելով հայտնվում են Սպիտակ քերծի մոտ, որտեղ արդեն պատրաստ էր Արայի վառած խարույկը:
Չարուհի-հողմապտույտը հայտնվում է Սպիտակ քերծի մոտակայքում, բայց վախենում է մոտենալ երեխաներին, տեսնելով կրակի բոցերը:
Արան ջահը ձեռքին գնում է դեպի հողմապտույտը: Նրան հետևում են Արգամը և Նարեն:
-Ես իմ ջահը հենց հիմա կնետեմ դեպի հողմապտույտը, բայց դուք պահեցեք ձերը, որ չկարողանա մոտեմալ մեզ, եթե ես վրիպեմ,- ասում է Արան:
- Լավ, այդպես էլ կանենք, բայց դու զգույշ եղիր,- խնդրում է Նարեն:
Արան ինչպես նիզակ նետում է իր ջահի ուղիղ հողմապտույտի կենտրոնը: Բռնկվում է մի կապտավուն բոց, որի միջից դուրս է գալիս Չարուհին և հարձակվում Արայի վրա:
Դեռ երկու քայլ չարած ճչում է և անշնչացած ընկնում գետնին: Հետո փոքրանալով դառնում մի բուռ հող: Երբ սարսափած երեխաները մոտենում են դեպքի վայրին, տեսնում են Օձին:
-Օձ, դու չես վնասվե՞լ,- հարցնում է Նարեն:
-Ոչ, վնասվել է Չարուհին, ես նրան խայթեցի:
-Մենք հաղթեցինք չարին, - բացականչում են բոլորը, այդ թվում նաև Ոզնին:
-Ոզնի, դու էլ ես այստե՞ղ,- հարցնում է Նարեն:
-Այո, ես միշտ էլ ձեր կողքին եմ եղել: Ինձ կախարդել է Չարուհին, դարձրել ոզնի:
Այդ խոսքերից հետո մի պայծառ լույս է բռնկվում և հայտնվում է Նարեի երազի չքնաղ փերի Բարուհին:
-Երեխաներ, երգելու ժամանակն է: Եթե չերգեք ամեն ինչ կկորցնենք,- ասում է նա:
Նարեն երգում է, Արգամը ձայնակցում, Արան նվագում: Հնչում է

ԵՐԵՔՆՈՒԿՆԵՐԻ ԵՐԳԸ

Օրը բացվի առ ու տուրքով,
Ձորը լցվի երեքնուկով,
Բարև տանք ու առնենք բարև,
Ասենք՝ ողջույն, չքնաղ Արև:

Կրկներգ.

Սիրի-սիրի,
Ո՞վ ու՞մ սիրի,
Ո՞վ, ու՞մ պաշտի,
Ծաղիկ դաշտի:
Սիրի-սիրի,
Սիրի-սիրի,
Թող մարդը միշտ
Մարդուն պաշտի,
Դարը անցնի
Առանց վշտի:

Հողը բուրի ինչպես խունկը,
Ձորում բացվի երեքնուկը,
Դաշտը լըցվի ցող ու շաղով,
Թռչունների անուշ տաղով:

Կրկներգ.


Կարմիր լինի երգի հանգը,
Երեքնուկի նուրբ երանգը,
Ձորը ծաղկի հազար գույնով,
Չար չծնվի մահու թույնով:

Կրկներգ.

Երգը ավարտելուց հետո ծաղկում են բորոր երեքնուկները իրենց նուրբ վարդագույն երանգներով:
Չորս կողմը ծաղիկներ են, ամեն ծաղիկ իր գույնով ու երանգով:
Ձորը գեղեցկանում է դառնում մի իսկական դրախտավայր:
-Նարե, դու արդեն ժպտում ես, դու ուրախացել:
-Այո, ես շատ ուրախ եմ, Արա և Արգամ: Շնորհակալություն ձեզ: Առանց ձեր օգնության ոչ մի բան չէր ստացվի: Դուք ինձ շատ օգնեցիք: Առանց ձեզ ձորը չէր ծաղկի, իսկ ես կմնայի աշխարհի մանատխուր աղջիկը:
-Այստեղ բոլորն էլ մասնակցել են, օգնել իրար,- ասում է Արան:
-Բարուհի, ինչի՞ց է, որ այսօր ծաղիկները անչափ շատ են,- հարցնում է Արան:
-Դա նրանից է, որ այսօր ծաղկել են նաև անցած տարիներին չծաղկած բոլոր ծաղիկները:
Այստեղ ավարտվում է այս հեքիաթը: Եղեք բարի և միշտ բարի գործեր արեք, օգնեցեք իրար, որովհետև առանց բարի գործերի աշխարհում ոչ մի ծաղիկ ծաղկում:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Генрих Бабаджанян » 26 дек 2017, 19:58

.
ՀԵՔԻԱԹ ԱՄԱՆՈՐԻ

Լինում է:
Մի փոքրիկ գյուղում կար փոքրիկ, բայց շատ գեղեցիկ մի տուն: Այդ տան ոչ միայն արտաքին տեսքն էր գեղեցիկ, այլ նաև՝ ներսը, որովհետև այնտեղ ապրող ընտանիքի բոլոր անդամները շատ բարի էին, իրար սիրում և օգնում էին: Այդ սիրուց և բարությունից էր նրանց բարեկեցիկ կյանքը:
Ընտանիքում կար չորս երեխա՝ Հովիկը, Հայկը , Անահիտը,
Լուսինեն, հայրը՝ Սերոբը և մայրը՝ Սրբուհին:
Մի անգամ՝ Նոր տարվա նախօրին Սերոբը ասում է Սրբուհուն,-
- Գնում եմ քաղաք: Տանեմ մի քիչ յուղ, պանիր ու ձու ծախեմ շուկայում, քաղաքից երեխանների համար նվերներ գնեմ ու գամ:
-Չմոռանաս հետ գալուց անտառից մի եղևնի բերես: Վաղը Նոր տարի է, բայց դեռ զարդարելու եղևնի չունենք,- խնդրում է փոքրիկ Անահիտը:
-Իհարկե, անպայման կբերեմ: Կեսօրին տանը կլինեմ,- ասում է հայրը:
Կեսօրին Սերոբը չի գալիս տուն: Կեսօրից հետո՝ նույնպես:
Տնեցիները անհանգստանում են, բայց համոզված են, ընտանիքի հայրը գալու է բոլոր դեպքերում:
-Մայրիկ, շուտով մութը կընկնի, բայց հայրիկը դեռ չկա,- ասում է տսաչորսամյա Հովիկը: - Ես գնամ անտառից մի եղևնի կտրեմ, բերեմ, քանի դեռ մութը չի ընկել: Հայրիկը չի հասցնի անտառ գնալ:
-Ոչ մի տեղ չես գնա,- ասում է մայրը: Դրսում անձրևախառը ձյուն է գալիս, իսկ ցուրտը գնալով ուժեղանում է:
-Մայրիկ, ես արդեն մեծ եմ և մի ժամ չանցած տանը կլինեմ,- ասում է Հովիկը:
Հովիկը վերցնում է հոր փոքրիկ կացինը և ճանապարհ ընկնում դեպի անտառ:
-Շատ եմ խնդրում, զգույշ եղիր,- խնդրում է մայրը, որդուն ճանապարհ դնելով:
Անտառ չհասած հանկարծ կածանը վերջանում է: Փլզման հետևանքով քարն ու ցեխը փակել են ճանապարհը:
Փորձում է շրջանցել հողակույտը, բայց նկատում է օձերի մի կծիկ՝ ցեխոտ, ձյունախառը, որը ուր-որ է ձորը կգլորվի:
-Ինչ սարսափելի տեսարան է,- ահը սրտում ինքն իրեն ասում է Հովիկը,- նման են տատիս բրդե նարոտների կծիկին:
Վախից մարմնով մի սարսուռ է անցնում, մարմինը փշաքաղվում է:
Որոշում է հետ դառնալ, փախչել այդտեղից:
Հանկարծ Հովիկը լսում է մի անսովոր ձայն,-
-Ցուրտ է, այս օձերը կսառչեն և կսատկեն, հարկավոր է մի բան անել: Օգնիր, փրկիր նրանց:
Նայում է չորս կողմը - ոչ ոք չի երևում: Դա ավելի է վախեցնում նրան և թվում է վախից արյունը կպաղի երակներում:
-Օգնիր, մի վախեցիր, մեղք են,- կրկնվում է խնդրանքը:
-Իհարկե, հենց հիմա կօգնեմ,- դողդոջյուն ձայնով պատասխանում է նա և գործի անցնում, առանց ավելորդ հարցերի:
Հովիկը հողից ցցված վեմի տակ, որտեղ չոր էր և ձյուն ու անձրև չէին գալիս, կացնի շեղբով սկսում է փոս փորել: Երբ արդեն համապատասխան փոսը պատրաստ էր, սառած օձերի կծիկը զգուշորեն գլորում է փոսը, հետո թփերի տակ երևացող չոր խոտը հնձում կացնի շեղբով, խաշամի հետ միասին փռում, ծածկում օձերին և վրան հող լցնում:
-Շնորհակալություն քեզ, մեր բարի փրկարար,- երախտապարտորեն ասում է ձայնը:
-Հույս ունեմ, որ այդ ծածկոցի տակ տաք կլինի, իսկ օձերը ողջ կմնան մինչև գարուն,- ասում է Հովիկը:- Իսկ հիմա ես պիտի գնամ Ամանորի համար եղևնի փնտրելու:
-Այս ճանապարհով ինչքան էլ գնաս, եղևնի չես գտնի,- նորից է լսվում ձայնը:
-Իսկ որտե՞ղ կարելի է գտնել,- հարցնում է Հովիկը:
-Ես այս օձերի տոհմապետն եմ: Շրջվիր, կտեսնես մի կարմիր լույս, որը և կուղեկցի քեզ: Իմ ձայնը կլսես և նա քեզ ցուցմունքներ կտա: Դու մեզ բոլորիս փրկեցիր մահից: Մենք քեզ երախտահատույց կլինենք: Հետևիր ինձ:
Հովիկը հետևում է կարմիր լույսին: Քիչ հետո տեսնում է մի փոքրիկ եղևնուտ, որտեղ կային շատ գեղեցիկ եղևնիներ: Չի հավատում աչքերին, որովհետև այստեղով անցել է և ոչ մի եղևնի չի եղել:
-Կտրիր՝ որը քեզ դուր է գալիս,- ասում է ձայնը:
-Չեմ կարողանում կացինը բռնել, ձեռքերս սառել են,- հուսահատված ասում է տղան:
-Մոտեցիր կարմիր լույսին: Նա քեզ կտաքացնի:
Հովիկը մոտեցնում է սառած ափերը կամիր լույսին և զգում մի աննկարագրելի ջերմություն: Տաքանալուց հետո կտրում է մի գեղեցիկ եղևնի և ճանափարհվում դեպի գյուղ:
-Շնորհակալություն, դու շատ բարի որվական ես: Արդեն մութը ընկնում է, ես պիտի գնամ տուն: Տնեցիները երևի անհանգստանում են:
-Իհարկե, տուն գնալու ժամանակն է: Դու առանց այդ էլ շատ ուշացար: Ես քեզ կուղեկցեմ: Հետևիր կարմիր լույսին:
Հովիկը նորից է գնում կարմիր լուսի հետևից՝ արդեն առանց որևէ երկյուղի: Կարծես մի շատ լավ ընկերոջ հետ է, այլ ոչ թե օձի ուրվականի ներկայությամբ:
Մի քչ գնալուց հետո լույսը կանգ է առնում և ասում,-
-Տեսնու՞մ ես այն մութ անձավը:
-Տեսնում եմ:
-Մտնենք, այնտեղ քեզ նվեր է սպասում,- առաջարկում է լույսը:
Մտնում են անցավի խորքը: Հովիկը այնտեղ տեսնում է մի փոքրիկ սահնակ, վրան մի գունազարդ արկղ:
-Եղևնին դիր սահնակին և արկղի հետ միասին տար ձեր տուն: Արկղը միայն տանը կբացես,- կարգադրում է լույսը:- Ես քեզ կուղեկցեմ մինչև գյուղ: Դե, հետևիր ինձ, գնացինք:
Երբ հասնում են գյուղ, լույսը թառում է Հովիկի ուսին, շոյում նրա այտը և ասում,-
-Քեզ բարի ճանապարհ և շնորհակալություն, իմ խիզախ և բարի ընկեր: Հիշիր, որ օձերը խայթում են միայն պաշտպանվելու համար: Մենք ձեռքեր և ոտքեր չունենք, մեր թույնն է մեզ պաշտպանում: Կասես քո բոլոր ընկերներին և բարեկամներին, թող քայլելիս զգույշ լինեն և ոչ մի օձ նրանց երբեք չի խայթի: Բարի ճանապարհ քեզ և բարի Ամանոր ձեր ընտանիքին:
Այս խոսքերից հետո լույսը անհետանում է:
Դեռ տուն չհասած Հովիկին դիմավորում է իրենց սպիտակ շունը՝ Սիպտակը և ուրախությունից թռչկոտելով նրան ուղեկցում է տուն:
Մայրը, եղբայրը և քույրերը շատ են ուրախանում, որ տան տղամարդկանցից մեկը վերջապես տուն եկավ:
Հայկը եղևնին ամրացնում է փայտե պատվանդանին, իսկ քույրերը սկսում են զարդարել եղևնին: Հովիկը հիշում է նվեր ստացած արկղի մասին և գնում է տուն բերում:
-Այս ի՞նչ արկղ է,- զարմացած հարցնում են տնեցիները:
-Սա ինձ նվիրել է մի բարի կախարդ,- պատասխանում է Հովիկը:
Երբ բացում է արկը, բոլորը ափշում են զարմանքից: Այն լի էր անչափ գեղեցիկ տոնածառի զարդերով և խաղալիքներով: Քույրերը ոգևորված կախում են այդ զարդերը ծառից և ասում հիացմունքով,-
-Ինչքա՜ն գեղեցիկ են: Կարծես կախարդական լինեն:
Այդ պահին նորից են լսվում բակից եկող Սիպտակի ուրախ վնգստոցը և հաչը:
-Հայրիկն է,- ուրախացած բացականչում է Սրբուհին:
Բոլորը վազում են դեպի բակ հայրիկին դիմավորելու:
-Երեխաներ, ես ամեն ինչ բերել եմ, ինչ խոստացել եմ, բացի՝ եղևնուց,- տխրությամբ ասում է Սերոբը:
-Հովիկը բերել է և եղևնի, և դեռ տոնածառի շատ գեղեցիկ զարդեր,- ասում է Լուսինեն,- մենք արդեն զարդարում ենք տոնածառը:
-Այս բոլորը ինձ նվիրել է մի բարի կախարդ,- կարծես արդարանալով նորից է կրկնում Հովիկը:
Երբ տոնածառը արդեն զարդարված էր, Լուսինեն արկղի հատակին տեսնում է մի փոքրիկ տուփ:
-Հովիկ, այս ի՞նչ տուփ է արկղի հատակին,- զարմացած հարցնում է Լուսինեն, ցույց տալով այն բոլորին:
Երբ Սրբուհին բացում է տուփը, բոլորը զարմանքից ապշում են: Այնտեղ կային բազմաթիվ ոսկուց և թանկագին քարերից պատրաստած տարբեր տեսակի զարդեղեններ՝ ականջօղեր, ապարանջաններ, մատանիներ, թակագին քարեր և մի բացիկ: Մայրը և քույրերը ուրախությունից գրկում են Հովիկին, համբուրում նրան: Բոլորը երջանիկ էին: Նվերները թանկարժեք էին և անսպասելի:
Հետո կարդում են բացիկի գրությունը, որտեղ, ահա, ինչ էր գրված. «Բարությունը Բարությամբ է հատուցվում»:
«Բարությունը ծնում է Հոգատարություն»:
«Հոգատարությունը ծնում է Սեր»:
«Սերը ծնում է Բարություն»:
«Բարությունը բարությամբ է հատուցվում և այսպես շարունակ»:
Այդ պահին գյուղական այդ փոքրին տունը նման էր աստվածային մի սուրբ մատուռի: Բոլորը ուրախ էին և երջանիկ:
-Սիրելիներս,- ասում է Սրբուհին,- արդեն սեղանը պատրաստ է և շուտով Նոր Տարին կգա: Եկեք, նստեցեք սեղանի շուրջը, բոլորս հոգնածղ ենք և քաղցած: Իսկ սեղանին աշխարհի ամենահամեղ ուտելիքներն էին:
Բայց հրաշքները դեռ չէին վերջացել: Երբ պատից կախած ժամացույցից ղողանջում են կեսգիշերային զարկերը, վառվում են տոնածառի բոլոր զարդերը: Լույսերը անչափ գեղեցիկ էին և բազմերանգ: Իրոք, որ կախարդական:
-Շնորհավոր մեր բոլորիս Նոր Տարին,- ասում է Սերոբը: - Թող միշտ բոլորի տներում այսպիսի ուրախ օրեր լինեն և երջանիկ մարդիկ ապրեն: Շնորհավո՜ր Ամանորը:
-ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր,- բացականչում են երեխաները և Սրբուհին:
Հետո սկսում են երգել ավանդական տոնական երգը և ձեռք ձեռքի տված բոլորը միասին պարում են իրենց սիրած շուրջպարը:
.
Ախ, ի՜նչ ուրախ Նոր տարի է,
Ախ, ի՜նչ արդար Սուրբ Ծննունդ,
Կյանքը սիրով լի, բարի է,
Սերն էլ գանձ է ու սննունդ:

Կրկներգ.

Հե՜յ, Սուրբ ծնունդ, Ամանոր,
Բարիք բերեք ամեն օր,
Որ քիչ լինի չարիքը,
Որ քիչ լինի կարիքը,
Որ նվերներ ստանանք,
Չմոռանանք տալիքը:

Ի՜նչ շատ ուրախ Ամանոր է,
Հավատք է՝ սուրբ ու արդար,
Բարիքն այսօր թարմ ու նոր է,
Սեր է ծորում անդադար:

Կրկներգ.
.
Պարելուց, ուրախանալուց հետո Սերոբը ասում է բոլորին,-
-Գնանք, քնենք, որպեսզի վաղը առավոտյան ժամանակին կարողանանք շնորհավորել մեր պապիկների և տատիկների Նոր տարին:
Երեխաները գնում են իրենց երազների հեքիաթային աշխարը, որը նման է հեքիաթի մի ուրիշ հեքիաթում:
Իսկ Աստված նայում է վերևից և բոլորին ցանկանում,-
-Խաղաղությու՜ն ամենեցուն:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Генрих Бабаджанян » 14 мар 2018, 12:55

.
ՄՈՒՆ ՈՒ ԳԻՆ
Հեքիաթ

Երկու մրջյուն՝ Մուն ու Գին,
Քնից ելան դեռ ծեգին՝
Գնան հանդերը շաղոտ,
Ուր ծաղիկներ կան շողոտ,
Եվ խոտեր կան շատ երկար,
Ծաղկի սերմեր ու նեկտար:

Այսպես ամեն առավոտ՝
Ամպամած, թե արևոտ:

Ցորեն գտավ խիզախ Մուն,
Ճամփա ընկավ դեպի տուն:
Գին էլ գտավ մի հաղարջ,
Ու գլորեց՝ դեպ առաջ:

Շատ էր ուժեղ փոքրիկ Մուն,
Նա շուտ եկավ, հասավ տուն:

Բեռը մեծ էր, Գին տկար,
Ճամփին՝ հազար փոս ու քար:
Մինչև բույնն իր նա գտնի,
Օրը կանցնի, կմթնի:
Կմնա Գին մութ հանդում,
Որտեղ սար կա ու անդունդ:
Եվ սողուններ գիշատիչ,
Հավք, գազանի ձայն ու ճիչ:

Եկավ հանկարծ բարի Մուն՝
Աշխատասեր, աննկուն,
Կանգնեզ քաջի պես արի
Խաղարջի մոտ վիթխարի:

-Այստեղ ի՞նչ ես փնտրում դու:
Խիզախ մրջյուն, փոքրիկ Մու:

Մուն մոտեցավ, ասաց,- Գի,
Իմ լավ ընկեր, իմ անգին,
Գիտեմ, շատ ես դու հոգնել,
Ես ուզում եմ քեզ օգնել:
Դու կլինես շնչահեղձ,
Հաղարջը այս շատ է մեծ:
Որ մինչ մութը,- ասաց Մուն,-
Այս հաղարջը տանենք տուն:
Մեր ողջ ցեղը՝ մրջնածին,
Սպասում է քո դարձին:
Մեր բնազդն է ասում մեզ՝
Գոին, Չոին, ինձ ու քեզ,
Ցրտին, քամուն ու կեծին
Օգնենք փոքրին և մեծին,
Որ չմնան հադերում,
Մութը չընկած հասնեն տուն:
Դու օգնել ես ինձ երեկ,
Չեմ մոռանա ես երբեք:

Եվ ձեռքերով իր անխոնջ
Գրկեց ուսերն ընկերոջ:

-Ունեմ բարի, մի լավ իղձ՝
Լինել ազնիվ, ոչ թե՝ պիղծ:
Տես, ինչքան է լավ հնչում՝
Բարի ընկեր – լավ մրջյուն:

-Անչափ գոհ եմ, իմ լավ Մու,
Որ օգնում ես՝ հասնեմ տուն:
Լավ ընկերը՝ կարեկից,
Կտա քեզ իր կորեկից,
Կօգնի ուժով ու հույսով.
Գործը հեշտ է երկուսով:
Մենք օգնում ենք իրարու,
Բնազդ ունենք մենք բարու:

Դուք էլ, իմ լավ մանուկներ,
Եղեք Մուի պես ընկեր,
Մաքուր պահեք ձեր հոգին,
Եղեք ազնիվ՝ ինչպես Գին:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Генрих Бабаджанян » 01 апр 2018, 18:23

.
ԷՇԻ ՔՈՒՌԱԿԸ
Հեքիաթ

Կիսահասուն
Մի անասուն՝
Խեղճուկրակ
Էշի քուռակ
Իջավ ձորը՝
Մի շատ խորը:

Ձորը մթին,
Ճամփան խրթին,
Նա գլորվեց
Ու մոլորվեց:

Անտառը մութ,
Կածանը ութ,
Որո՞վ գնա,
Որու՞մ մնա:
Միտք չի ծորում
Այդ խոր ձորում:
Ուղեղը խակ,
Ինքն էլ քուռակ:

Կանչեց մորը,
Կանչեց հորը.
-Իա՜, եկե'ք,
Ինձ տուն տարեք:
Այդ որտե՞ղ եք,
Մի լուր հղեք:
Չզռացին
Տված հարցին
Ոչ մայր էշը,
Ոչ հայր էշը,
Ոչ մի արխար,
Ոչ մի պախրա:

Քիչ արածեց,
Լցրեց փորը,
Նորից կանչեց
Հորն ու մորը:
Արձագանքեց
Միայն ձորը:

Ու փնտրեցին
Մոլորվածին
Փեսա, քավոր՝
Զույգ ձիավոր,
Քույր, քեռակին,
Որ շուտ գտնեն
Այդ քուռակին:
Եղան ձորում,
Եղան քոլում,
Քերծի տակին,
Աղբրի ակին:
Չկար գոմում,
Չկար ձորում,
Ոչ բոստանում,
Ոչ փոստակում:

Գտան խեղճին
Օրվա վերջին:
Տուն բերեցին
Ու հանձնեցին
Հիմար գեշին
Իր մայր էշին:
Եվ մայր էշը,
Եվ հայր էշը
Ուրախացան,
Երջանկացան,
Հետո իրենց
Գործին անցան:

Իսկ քուռակը՝
Այդ միակը,
Իր աննման
Էշ հոր նման
Շուտ մեծացավ,
Մեծ էշ դարձավ:

Այս հեքիաթում
Բարին հաղթում,
Մտքով խոսուն
Այս է ասում.
-Ահա որն է
Կարևորը.
Որ լավ անցնի
Ժամն ու օրը,
Լսեցեք ձեր
Հորն ու մորը:
Մի գնացեք
Հեռու ձորը:
Ձորում վայրի
Բույն կա գայլի
Եվ էշ լափող
Հազար այլի:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Генрих Бабаджанян » 01 фев 2019, 15:17

.
ՎԵՍԻԿՆ ՈՒ ՔԼՈՐԻԿԸ
Հեքիաթ

Լինում է, չի լինում Հավաշատ գյուղի մոտ գտնվող Աղվեսաձորում
Վեսիկ անունով մի աղվես է լինում: Որ ասեմ՝ շատ խորամանկ և զգույշ – չեք հավատա: Խորամանկներից խորամանկն է լինում:
Մի օր Վեսիկը քնից ելնում է, կերակրում իր փոքրիկ ձագերին և բնից դուրս գալուց ասում,-
-Ձագեր ջան, գնում եմ Հավաշատ գյուղը մի հավ բերեմ, կամ՝ աքլոր: Դուրս չգաք բնից:
Գնում է շատ զգույշ՝ ինչպես հարկն է, հոտոտելով գյուղ տանող կածանը:
Ո՞վ գիտի, հանկարծ մի հավ, կամ բադ է մոլորվել, շուտ կբռնի և բույնը կտանի: Գնում է և երգում.
*
Ես Վեսիկն եմ փափկամազ,
Քայլվածքով մեղմ, նազենազ
Գյուղ եմ գնում աքլորի՝
Հիմարի, կամ մոլորի:

Եկե՛ք, հավքեր չաղացած,
Ձեզ գարի տամ աղացած:

Գյուղ չհասած տեսնում է փոքրիկ դռնակով մի գեղեցիկ վանդակ: Առաջին անգամ է տեսնում այդպիսի մետաղե ցանցով գեղեցկություն: Ճաղերը կանաչ գույնի, դռնակը սպետակ և այն էլ բաց: Վանդակից էլ մի այնպիսի անուշ հոտ է գալիս, որ Վեսիկի գլուխը պտտվում է: Նայում է և ի՞նչ, տեսնում է մի կտոր թարմ միս: Պտտվում վանդակի շուրջը, բայց ոչ մի վտանգ ու սադրանք չի նկատում: Որոշում է նախ այդ միսը անուշ անի, հետո մտնի գյուղ: Հենց մտնում է վանդակը, դռնակը շըրխկ՝ փակվում է: Վախից աջ ու ձախ է նետվում, բայց ելք չի գտնում խեղճը:
-Լավ,- ասում է ինքը իրեն,- մահից առաջ այս միսը գոնե ուտեմ:
Ուտում է:
Այդ պահին շատ մոտ գտնվող հավանոցի Քլորիկ անունով աքլորը վերջին անգամ ծուծրուղու է երգում ու գնում դեպի բոստանը՝ քջուջ անելու:
Բոստանի վերջում տեսնում է վանդակը ընկած աղվեսին:
-Վեսիկ քույրիկ, այդ ի՞նչ ես անում վանդակում,- հարցնում է:
-Այս վանդակում մի քիչ ցորեն ու գարի ունեմ պահած, իրարից ջոկում եմ: Ներս արի մի քիչ կեր,- խորամանկում է Վեսիկը:
Հիմար Քլորիկը հավատում է այդ խաբեփային:
-Բա ո՞նց մտնեմ վանդակը:
-Կտուցով բարձրացրու այն երկաթե ձողը, կբացվի:
Քլորիկը այդպես էլ անում է: Վանդակը բացվում է, Վեսիկը Քլորիկին բռնում է ու փախչում դեպի անտառ: Բայց դեռ անտառ չմտած հանդիպում է Այլիկ անունով գայլին:
-Այդ որտեղի՞ց այդ կարմրակատար ու չաղլիկ աքլորը, Վեսիկ քույրիկ:
-Հավագյուղից...:
Հենց բերանը բացում է թե չէ, Քլորիկը Վեսիկի երախից դուրս է թռչում ու փախչում դեպի գյուղ:
Այստեղ հեքիաթը վերջանում է:
Երկնքից երեք ձու ընկնում՝ մեկը ձվաձեղի, մեկը ամլետի, մեկն էլ թերխաշի համար:
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Сообщение Генрих Бабаджанян » 18 апр 2023, 08:57

.
ԿԱՄ ԷՇԸ ԿՍԱՏԿԻ...
Հեքիաթ

Մի անգամ էշի քուռակը գալիս է մոր մոտ եւ ասում,-
-Իյանա, այն մեծ կտորի վրա գիտե՞ս ինչ է գրված:
-Չգիտեմ, քուռակս, ի՞նչ է գրված:
-Այն էն երկու մարդկանցից մեկը ասաց, որ գրված է, «ԱՊԱԳԱ ԿԱ ԱՊԱԳԱ»:
Մյուս մարդն էլ ասաց, որ մինչեւ այդ ապագան գա, կամ էշը կսատկի, կամ՝ էշատերը: Ապագան ի՞նչ է:
-Ապագան, դա երբ քո քուռակի, քուռակի, քուռակը իմ արածի չափ բեռ տեղափոխի:
-Իսկ ի՞նչ է լինելու, որ մենք սատկենք:
-Մեր տեղը ուրիշ էշեր են լինելու: Էշերի պակաս երբեք չի լինում:
-Իսկ եթե մեր տերը մեզանից շուտ սատկի, այն ժամանակ ինչ կլինի:
- Կամ ուրիշ տեր ունենանք, կամ՝ գայլի բաժին կդառնանք:
-Բայց լավ, եթե եւ մենք սատկե՞նք, եւ մեր տե՞րը:
-Մի նոր տեր կծնվի: Աստված աշխարհը անտեր չի թողնի:
-Այդ նոր տերը որտեղի՞ց է էշեր գտնելու:
-Ոչ մի տեղից: Էշերը իրենք են գալու:
-Ստացվում է, որ եւ էշերն են հավե՞րժ, եվ տերե՞րը:
-Այո, կյանքը այդպես էլ շարունակվելու է՝ ԱՊԱԳԱ ԿԱ ԱՊԱԳԱ:

Հ.Գ. Երկնքից երեք փալան ընկան, մեկը մայր էշին, մեկը՝ քուռակին, մեկն էլ՝ ԱՊԱԳԱՅԻ էշին:

2022 թիվ
.
Аватара пользователя
Генрих Бабаджанян (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник



Вернуться в Հեքիաթներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение