Генрих Бабаджанян » 03 дек 2015, 09:23
ՈՂՋՈՒՅՆ, ՆՈՐ ՏԱՐԻ
Հազար լույս կա տոնածառին՝
Ամանոր է, նորն է տարին:
Անցած տարին արդեն հուշ է,
Նորն են՝ ծառն ու Ձյունանուշը:
Լափլանդիայից՝ ծովի ափի,
Եկավ բարի Ձմեռ պապին՝
Կախարդական գավազանով՝
Չարին, վատին խարազանող,
Խիտ մորուքով ճերմակ, ճերմակ,
Տաք մուշտակով՝ ինչպես վերմակ:
«Շատ նվերներ բերեցիր մեզ,
Հազար ողջույն, Նոր Տարի, քեզ»:
ՄԵՐ ԵՂԵՎՆԻՆ
Մեր եղևնին՝ հավերժ կանաչ,
Տոնածառ է պարտաճանաչ:
Շուրջպարի է կանչում նորից
Մանուկներին՝ իր լավ ճանաչ:
-Է՜յ, մանուկներ, եկեք,- ասաց
Ձյունանուշը ծամերն հյուսած,-
Կանչենք հյուր գա Ձմեռ պապին
Նվերների պարկը ուսած:
Ու լսվեցին կանչեր ու ճիչ,-
-Ձմեռ պապի, մտի'ր դահլիճ:
Պապը եկավ, բաժանեց մեզ
Նվերներ իր պարկի միջից:
Ձմեռ պապին՝ մեզ լավ ճանաչ,
Իր գործն արեց պարտաճանաչ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Տոնածառ իմ, տոնածառ,
Այդքան սիրուն ու պայծառ,
Քեզ պես չքնաղ, երևի,
Ծաղկած ծառն է հարավի:
Ավետաբերն ես հույսի,
Սուրբ Ծննուդի Հիսուսի,
Եվ բարության՝ անթերի,
Եվ լույսով լի սրտերի:
Տոնածառ իմ, տոնածառ,
Վառիր լույսերդ պայծառ,
Ձմեռ պապը գա մեզ հյուր
Նվերներով բազմաբյուր:
Բերի մրգեր, խաղալիք,
Վառ ապագա՝ սիրով լիք,
Իմաստություն և խրատ՝
Պատգամներով լի, առատ:
Թող նոր տարին այս գալիք
Գա առանց ցավ ու չարիք,
Իսկ մենք ասենք աշխարհին,-
-Շնորհավո՜ր Նոր Տարին: