Генрих Бабаджанян » 10 май 2023, 21:35
.
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Այբուբենով մեր անթերի
Եկեք, նշենք գազանների.
Ա-ն արծիվն է, վեհ, բարձրագահ,
Բ-ն բորենին՝ չար ու ագահ:
Դ-ն դելփինն է խոր ծովերի,
Ե-ն եղջերուն, մեր ձորերի:
Զ-ն զեբուն* է սապատավոր,
Է- էլ էշն է սմբակավոր:
Ը-ն ընձուղտը՝ երկարավիզ,
Թ-ն թութակը՝ պոչը մի թիզ,
Ժ-ն էլ ժեռն է՝ սարյակը զեռ,
Ի-ն իբիսը՝ կտուցը կեռ:
Լ-ն լուսանն է՝ կատվի ցեղից,
Խ-ն էլ խոզն է՝ ելած ցեխից:
Կ-ն կապիկն է ու չալ կատուն,
Հ-ն հովազը՝ տեսքով հատու:
Ձ-ն էլ ձին է, երամակը,
Ղ-ն էլ՝ ղա-ղա՜ երգող սագը:
Ճ-ն ճայակն է ծովի ափին,
Մ- մամոնտն է՝ փղի պապին,
Յ-ն էլ՝ բրդոտ, հսկա յակը,
Ն-ն՝ շատ վախկոտ նապաստակը:
Շ-շ շնիկն է՝ հոտը հսկող,
Ո-ն ոչխարը՝ շնից հսկվող:
Չ-ն խավարում թռչող մուկ է,
Որսը թիթեռ ու մամուկ* է:
Պ-ն պախրան է՝ պոզերը սուր,
Ռ-ն՝ աֆրիկյան գորշ ռնգեղջուր:
Ս-ն շատ շքեղ սիրամարգն է,
Վ-ն վագրն է՝ ուժը վարգն է:
Տ-ն տատրակն է՝ թևերը չալ,
Ր- ն բառ չունի, խեղճ է, անճար:
Ց-ն էլ՝ ցինն է՝ հավք գիշակեր,
Փ-ն, փղին ո՞նց չհիշատակել:
Ք-ն էլ քաղն է՝ այծ է, նոխազ,
Օ-էլ օծն է, թունոտ սողան:
Այբուբենը՝ մեր անթերին,
Նշեց բոլոր գազաններին:
.