Генрих Бабаджанян » 08 окт 2021, 08:38
.
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ա ՏԱՌԻ ՄԱՍԻՆ
.
Ա
Անտառ մտավ Ա տառը,
Արևոտվեց անտառը,
Մտավ այգին Արամենց,
Արևոտեց, արևեց:
Արևոտիր, Արեգակ,
Արարատյան աշխարհը:
Ա
Արարել է Մաշտոցը
Այբուբենն ու Ա տառը,
Հիմա հավերժ անխոց է
Հայոց մտքի տաճարը:
Ա
Այբուբենն եմ, ահա, բացել,
Առաջինը Ա տառն է,
Հայոց աշխարհն է իմացել՝
Նա մեր գրի տաճարն է:
ԱՅԲԻՆ
Ողջու՜յն, ողջու՜յն,
Մեր Այբուբեն,
Ողջու՜յն, Ա տառ,
Ողջու՜յն, Այբ:
Դու մեր խոսքում,
Բառում ամեն,
Պաշտում է քեզ
Ամեն հայ:
Դու մեր կյանքի,
Կամքի Արաքս,
Մեր տաղ, մեր երգ,
Էպոս, ասք,
Դու մեր Արև՝
Վառ, անարատ,
Մեր վեհ փառքի
Արարատ:
Ա
Ա-ն եմ, Այբ-ն եմ Այբուբենի,
Ավյունն եմ ես հայի գենի:
Անդուլ աղբյուրն Արագածի,
Այգն աշխարհի՝ արևածին:
Արյունն եմ քաջ, վեհ այրերի,
Անունն՝ անահ մեր հայրերի:
Ա
Արևն անգին՝
Արև-Արփին,
Այգ արարեց,
Ազդարարեց .
Այսուհետև
Արշալույս է
Արփիաթև:
.