.
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Նրանցն էլ կսովորենք,
Բայց մերը հայերենն է:
Օտարը ոնց հոլովենք -
Մեր լեզուն հայի սերն է:
Աղոթք է, բահ է ու տաշտ,
Կանթեղ է մեզ տուն բերող,
Աղբյուր է, ցորենի դաշտ
Եվ երգ է սրտեր գերող:
Մեր լեզուն իղձ է ու կամք,
Շաղախն է տան ու բերդի,
Դա մենք ենք: Քանի դեռ կանք -
Ուղին է հավերժ երթի:
Մեր լեզուն սրբություն է՝
Տաճարն է մեր ինքնության,
Քնքշանք, նրբություն է
Եվ սուրն է լինելության:
.