ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Արաբական արշավանքները և Հայաստանը։ Արաբական ցեղերը հնագույն ժամանակներից ի վեր բնակվում էին Արաբական թերակղզում: Արաբները հիմնականում զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ, մասամբ էլ երկրագործությամբ։ Նրանք ապրում էին մեկուսացած կյանքով և հաճախ պատերազմում միմյանց դեմ։ 630թ. Մուհամմեդին հաջողվեց արաբական ցեղերին միավորել մեկ միասնական պետության՝ խալիֆայության մեջ։ Դրանում մեծ դեր խաղաց արաբների նոր կրոնը` մահմեդականությունը (իսլամ)։ Այն քարոզում էր հնազանդություն պետության ղեկավարին՝ խալիֆին, և հանուն հավատի պատերազմ (ջիհադ) ընդդեմ այլահավատների, այսինքն` ոչ մահմեդականների։ Մահմեդականության դրոշի ներքո արաբական ռազմատենչ ցեղերի միավորմանն ու Արաբական խալիֆայության ստեղծմանը հաջորդեցին արտաքին նվաճումները։ Դրանց նպաստեց այն, որ Բյուզանդական կայսրությունն ու Սասանյան Պարսկաստանը միմյանց դեմ մղած երկարամյա պատերազմների հետևանքով զգալիորեն թուլացել էին։ Արաբները 636թ. Բյուզանդիայից խլեցին Ասորիքն ու Միջագետքը, իսկ հաջորդ տարի վերջ տվեցին Սասանյան Պարսկաստանի գոյությանը։ Դրանից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին Բյուզանդիայի կողմից նշանակվեց ամբողջ Հայաստանի իշխան և սպարապետ։ Նրա նստավայրն Աղթամար կղզին էր։ Արաբները դեպի Հայաստան կազմակերպեցին մի քանի արշավանքներ։ Դրանք հետախուզական ու ավարառուական նպատակներ էին հետապնդում։ Առաջին անգամ նրանք 640թ. աշնանը մտան Տարոն և հայոց փոքրաթիվ ուժերի դիմադրությունը ճնշելով հասան Կոգովիտ։ Դրանից հետո արաբական զոր- Արաբ զինվոր քերը, անցնելով Հայկական Պար լեռնաշղթան, մտան Արարատյան դաշտ: Մեկօրյա կռվից հետոնրանք գրավեցին գրեթե անպաշտպան Դվինը։ Թեոդորոս Ռշտունին այդժամանակ զորքով գտնվում էր Նախճավանում և չհասցրեց օգնության հասնելքաղաքին։ Արաբները Դվինը կողոպտեցին ու ավերեցին։ Նրանք սպանեցին 12 հազար հոգու և հարուստ ավարով ու 35 հազար գերիներով հետ դարձան։ Թեոդորոս Ռշտունին իր փոքրաթիվ ուժերով Կոգովիտում փորձեց արաբներին հակահարված տալ, բայց հաջողության չհասավ։ Արաբները մեծ ուժերով կրկին ներխուժեցին Հայաստան 643թ.: Նրանք,առանձին զորախմբերի բաժանվելով, սկսեցին ասպատակել Գողթն ու Նախճավան գավառները։ Երբ արաբական մի զորամաս մտավ Արտազ գավառ, Թեոդորոս Ռշտունին բյուզանդական զորքերի հրամանատար Պրոկոպիոսին առաջարկեց թշնամու դեմ համատեղ գործել։ Սակայն վերջինս հայոց սպարապետին մերժեց և արաբներին ճակատամարտ տվեց միայն իր զորքով, բայց պարտվեց։ Արաբներն այս անգամ էլ անկորուստ հետ դարձան։ Արդարանալու համար Պրոկոպիոսն իր պարտության մեղքը գցեց Թեոդորոս Ռշտունու վրա։ Հայոց զորավարը ձերբակալվեց և ուղարկվեց Կոստանդնուպոլիս։ Սակայն որոշ ժամանակ անց նա ոչ միայն արդարացվեց, այլև հաստատվեց իր իրավունքներում և ուղարկվեց Հայաստան։
Արաբական զորքերը երրորդ անգամ Հայաստան ներխուժեցին 650թ.։ Նրանք, երեք զորախմբի բաժանվելով, ասպատակեցին ոչ միայն Հայաստանը, այլև Աղվանքը։ Քանի որ բյուզանդական զորքերը հեռացել էին, հայերն արաբների դեմ պետք է գործեին մեն-մենակ։ Ահեղ թշնամու դեմ անհավասար պայքարը դարձյալ գլխավորում էր Թեոդորոս Ռշտունին։ Արաբները մի քանի բերդեր անհաջող պաշարելուց հետո հարձակվում են Արծափ բերդի վրա ու գրավում։ Նրանք մտադիր էին կոտորել գերված բազմաթիվ հայերին։ Սակայն Թեոդորոս Ռշտունին կանխեց նրանց։ Նա իր զորամասով հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց թշնամու 3 հազար զինվորների, այդ թվում` երկու զորապետի։ Այդուհանդերձ` Այրարատ, Տայք ու Վասպուրական արշաված արաբական զորախմբերը մեծ ավարով ու բազմաթիվ գերիներով հետ դարձան։
Հայ-արաբական պայմանագիրը։ Չնայած արաբների՝ այս անգամ ևս Հայաստանից հեռանալուն` պարզ էր, որ նրանց բուն նպատակն առաջիկայում Հայաստանի նվաճումն էր։ Այդ հանգամանքը հայ աշխարհիկ ու հոգևոր վերնախավին ստիպում էր ստեղծված ծանր վիճակից դուրս գալու ելք գտնել։ Հայոց վերնախավի մի մասը, բյուզանդամետ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գլխավորությամբ, սին հույսեր էր կապում Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն Բյուզանդիան ոչ միայն ի վիճակի չէր ապահովելու Հայաստանի անվտանգությունը, այլև համառորեն փորձում էր հայերին Ներսես Գ Տայեցի քաղկեդոնականություն պարտադրելով ձուլել: Այդ ամենը լավ էր հասկանում հայոց վերնախավի մյուս մասը, որը գլխավորում էր Թեոդորոս Ռշտունին։ Նա, քաջ գիտակցելով արաբական վտանգի լրջությունը, դիմեց համարձակ, բայց ճիշտ հաշվարկած քայլի։ Թեոդորոս Ռշտունին 652թ. հարուստ ընծաներով գնաց Դամասկոս։ Նա այնտեղ բանակցեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ, իսկ շատ չանցած` խալիֆ դարձած Մուավիայի հետ։ Կնքվեց հայ-արաբական պայմանագիր, և Հայաստանը որոշակի պայմաններով ընդունեց արաբական գերիշխանությունը։ Հայաստանը երեք տարի հարկ չէր մուծելու, իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու։ Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին պահելու 15-հազարանոց այրուձի։ Այն պաշտպանելու էր Հայաստանի ու Այսրկովկասի սահմանները, իսկ հար կեղած դեպքում` կռվելու հօգուտ արաբների։ Խալիֆայությունը պահպանելու էր Հայաստանի ներքին ինքնավարությունը։ Հայաստան արաբական պաշտոնյաներ ու զինվորականներ չէին մտցվելու։ Արտաքին հարձակումների դեպքում արաբները պաշտպանելու էին երկիրը։ Հայ-արաբական պայմանագիրը, չնայած երբեմն խախտվելուն, մեծ դեր խաղաց։ Դրա շնորհիվ, ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VIII դարի սկիզբը պահպանեց իր փաստական անկախությունը։
Հայաստանն Արաբական խալիֆայության կազմում։ Հայաստանին ու Այսրկովկասին տիրելու համար արաբա-բյուզանդական մրցակցությունն ավարտվեց Արաբական խալիֆայության օգտին։ Արաբական մեծաթիվ բանակը խալիֆի եղբայր Մուհամմեդի գլխավորությամբ ներխուժեց Հայաստանև, անհամար չարիքներ պատճառելով, 701թ. վերջնականապես գրավեց երկիրը։ Արաբները նվաճեցին նաև Վրաստանն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ։ Այս տարածքներից կազմվեց վարչական մի միավոր, որը կոչվեց Արմինիա։ Նման անվանման պատճառն այն էր, որ նրա տարածքի մեծ մասը Հայաստանն էր։ Սկզբում Արմինիայի կենտրոնը Դվինն էր, ապա` Պարտավը։ Արմինիան գլխավորում էր խալիֆի նշանակած կուսակալը, որին հայերն անվանում էին ոստիկան։ Նա պարտավոր էր երկիրը հնազանդ պահել, պաշտպանել արտաքին հարձակումներից և ապահովել հարկերի լիակատար ու ժամանակին հավաքումը։ Հայաստանի կյանքում ազդեցիկ դեր էր խաղում նաև Հայոց իշխանը։ Նա պարտավոր էր ապահովել հայ նախարարների հնազանդությունը և հարկերի կանոնավոր հավաքումը։ Հայոց իշխանի բացակայության դեպքում նրան փոխարինում էր սպարապետը։ Սպարապետի դերը կարևորվում էր նաև նրանով, որ հայոց այրուձին մասնակցում էր արաբների ռազմական գործողություններին։ Հայոց իշխանի և սպարապետի պաշտոնների առկայությունը փաստում էր, որ Հայաստանը որոշ ինքնավարություն ուներ։ Այդ պաշտոնները ժառանգական չէին, բայց գլխավորապես տնօրինվում էին Բագրատունիների կողմից։ Նրանք նույնիսկ հաճախ համատեղում էին այդ երկու կարևոր պաշտոնները։ Շարունակում էր կարևոր դեր խաղալ նաև Հայոց կաթողիկոսը։ Նա ոչ միայն տնօրինում էր դատական գործը, այլև կատարում էր դիվանագիտական հանձնարարություններ։ Թե՛ սպարապետը և թե՛ կաթողիկոսը պաշտոնավարում էին Հայոց իշխանի համաձայնությամբ։ Արաբները Հայաստանին տիրելուց հետո երկրի ամբողջ ունեցվածքը հայտարարեցին խալիֆայության սեփականություն։ Դրան հետևեց հարկերի աստիճանական ծանրացումը։ Սկզբում հարկը գանձվում էր ըստ ծխերի, այսինքն` գերդաստանների։ Հարկերն ավելացնելու նպատակով 725թ. Հայաստան ուղարկվեց Հերթ անունով մի արաբ պաշտոնյա։ Նա անցկացրեց մարդահամար (աշխարհագիր), որին հետևեցին հարկաչափերի ավելացումը և նորերի սահմանումը։ Դրանով չբավարարվելով` Հերթը ծխահարկը փոխարինեց գլխահարկով։ Այն պարտավոր էին վճարել 15-60 տարեկան բոլոր տղամարդիկ։ Հարկերը սկսեցին գանձվել նաև դրամով, որի պակասը բնակչության վիճակն ավելի վատացրեց։ Հարկերը վճարածներին, զանազանելու համար, ստիպում էին կապարե հատուկ կնիքներ կրել։ Հարկերը վճարել չկարողացողները կամ ստիպված իրենց էին վաճառում, կամ էլ փախստական դառնում։ Արաբները վարում էին կրոնական անհանդուրժողականության քաղաքականություն։ Հոգևորականությունը ևս սկսեց հարկեր վճարել։ Վանքերն ու եկեղեցիները կամ ունեզրկվում էին, կամ էլ հաճախակի կողոպտվում։ Արաբները Հայաստանի առավել բարեբեր շրջանները, սեփականացնելով, բնակեցնում էին արաբական տարբեր ցեղերով։ Այդ ցեղերը շատ շուտով ստեղծեցին ինքնուրույն իշխանություններ՝ ամիրայություններ։ Դրանք, ինչպես նաև Հայաստանի քաղաքների արաբական կայազորները, հաճախ էին ոտնձգություններ կատարում բնակչության նկատմամբ: Ուստի բնակչությունը հարկադրված էր հեռանալ պաշտպանության համար բարենպաստ, բայց տնտեսական գործունեության համար անբարենպաստ լեռնային վայրեր։ Հայության մի մասն էլ տարագրվում էր՝ առավելապես Բյուզանդական կայսրության տարբեր շրջաններ։ Ընդ որում, հայրենիքից հեռանում էին ոչ միայն ազնվականները, այլև հասարակ բնակիչները։ Արաբական նվաճողներն ամեն կերպ փորձում էին քայքայել հայոց նախարարական համակարգը։ Նախարարը պարտավոր էր արաբական իշխանություններին հպատակություն հայտնել, կնքել համապատասխան պայմանագիր և հողահարկ վճարել։ Դրանով չբավարարվելով` արաբական իշխանությունները հաճախ խլում էին նրանց տիրույթները և հանձնում արաբ վերաբնակիչներին։ Արաբները հատկապես անբարյացակամ էին Մամիկոնյան և Կամսարական նախարարական տների նկատմամբ։ Պատճառն այն էր, որ դրանք հաճախ էին ըմբոստանում արաբների դեմ։ Սակայն հայոց նախարարական համակարգը գոյատևեց։ Բագրատունիները, Մամիկոնյանները, Սյունիները, Արծրունիներն ու Արցախի նախարարները հնարավորինս պահպանեցին իրենց տնտեսական ու ռազմական հզորությունը։ Դա նրանց թույլ տվեց գլխավորել արաբական նվաճողների դեմ ազատասեր հայ ժողովրդի անզիջում պայքարը։
Հակաարաբական ապստամբությունները։ Հայաստանի առաջին ոստիկան Աբդուլլահը ոչ միայն ծանր հարկեր էր սահմանել ու կրոնական հալածանքներ սկսել, այլև մտադիր էր ոչնչացնել հայ նախարարներին։ Տեղեկանալով արաբ ոստիկանի նենգ մտադրության մասին` Հայոց իշխան Սմբատ Բագրատունին ելք գտնելու նպատակով 703թ. հայ նախարարների գաղտնի ժողով է հրավիրում։ Ժողովականների թվում էր նաև Թեոդորոս Ռշտունու որդի Վարդը։ Տեսնելով, որ այլ ելք չկա, նախարարները որոշում են իրենց 2000-անոց այրուձիով հեռանալ բյուզանդական սահմաններ։ Նրանք մտադիր էին այնտեղ ուժերը համալրել կամ էլ Բյուզանդիայի կայսրից օգնական ուժեր ստանալ։ Երբ նախարարներն իրենց այրուձիով հասնում են Մասիսի լանջին գտնվող Ակոռի ավան, նրանց սկսում է հետապնդել արաբական 5000-անոց զորքը։ Հայկական այրուձին շարժվում է առաջ և ամրանում Երասխի ափին գտնվող Վարդանակերտ ավանում։ Շուտով այնտեղ է հասնում նաև արաբական զորքը։ Հայ նախարարներն արաբներին առաջարկում են չխոչընդոտել երկրից իրենց հեռանալուն: Արաբները մերժում են: Հայկական այրուձին հաջորդ առավոտ հանկարծակի հարձակվում է թշնամու վրա։ Ցրտաշունչ ձմեռային գիշերն անօթևան անցկացնելու պատճառով մարտունակությունը կորցրած և հանկարծակիի եկած արաբները ջախջախվում են։ Կենդանի մնացածները փորձում են սառցակալած Երասխի վրայով փախչել, սակայն սառույցը ջարդվում է, և շատերը խեղդվում են։ Արաբներից կենդանի են մնում միայն 300-ը, այն էլ Շուշան իշխանուհու գթասրտության շնորհիվ։ Սակայն արաբները հետագայում դա չգնահատեցին։ Այս հաղթանակից հետո Սմբատ Բագրատունին զինակից նախարարների հետ հաստատվում է Տայքում։ Վարդանակերտի ճակատամարտից հետո ոգևորված հայերը, Արծրունիների ու Կամսարականների գլխավորությամբ, արաբների դեմ փայլուն հաղթանակներ տարան նաև Ռշտունիքում և Վանանդում։ Ապստամբները սպանեցին արաբ ոստիկանին։ Դրանից հետո խալիֆայությունը հայերի դեմ ուղարկում է մեծաթիվ բանակ, և ապստամբությունը ճնշվում է։ Հայերի դիմադրական ներուժը թուլացնելու նպատակով արաբական իշխանությունները 705թ. դիմում են ոճրագործության։ Նախճավանի արաբ կառավարիչ Կասիմը հայոց այրուձին հաշվառելու և ռոճիկ վճարելու պատրվակով նախարարներին հրավիրում է իր մոտ։ Սակայն նրանց փակում են Նախճավանի ու Խրամավանի եկեղեցիներում և ողջակիզում։ Հայ նախարարական դասը սոսկալի հարված ստացավ, շատ ընտանիքներ ամբողջությամբ ոչնչացան: Այդուհանդերձ` 703թ. ապստամբությունն անհետևանք չանցավ։ Այն ամրապնդեց հայ ժողովրդի մարտական ոգին։ Խալիֆայությունն իր հերթին առժամանակ մեղմ քաղաքականություն որդեգրեց։ Նորանշանակ ոստիկանն էլ երկրից հեռացած նախարարներին կոչ արեց վերադառնալ և ճանաչեց նրանց ժառանգական իրավունքները։ Արաբական խալիֆայությունում 740-ական թվականներին սկսվում են գահակալական կռիվներ։ Ստեղծվում է խառնակ վիճակ, որից օգտվելով` հայերը 748թ. ապստամբում են։ Ապստամբության գլուխ են անցնում Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրները։ Սակայն շուտով խալիֆի հրամանով Դավիթը ձերբակալվում ու սպանվում է։ Գրիգորի շուրջը համախմբվում են մի շարք նախարարներ։ Նրանց ճնշման ներքո ապստամբությանը հարում է նաև Հայոց իշխան ու սպարապետ Աշոտ Բագրատունին։ Ապստամբները, միմյանց հավատարմության երդում տալով, ընտանիքներով տեղափոխվում են Տայք։ Նրանք հույս ունեին Պոնտոսում գտնվող բյուզանդական զորքերից աջակցություն ստանալ։ Այս նպատակով Գրիգոր Մամիկոնյանը կապ հաստատեց բյուզանդական կայսեր հետ։ Շուտով պարզվեց, որ ապստամբության մասնակից նախարարները միաբան չեն։ Գրիգոր Մամիկոնյանը գտնում էր, որ պետք է Բյուզանդիայի օգնությամբ տապալել արաբական տիրապետությունը։ Աշոտ Բագրատունին, որն իբրև Հայոց իշխան ու սպարապետ պատասխանատու էր երկրի համար, այլ կերպ էր մտածում: Նա գտնում էր, որ պետք է ոչ թե ապստամբել, այլ արաբներից զիջումներ կորզելով` երկրում հնարավորինս տանելի դրություն ապահովել։ Թե՛ Գրիգորը և թե՛ Աշոտն ունեին իրենց կողմնակիցները։ Այդ տարակարծություններն Աշոտ Բագրատունուն դրդեցին իր համակիր նախարարների հետ հեռանալ Բագրևանդ ու գործակցել արաբների հետ։ Սակայն Գրիգոր Մամիկոնյանն իբրև ուխտազանցի Աշոտին գերեց և կուրացնել տվեց։ Աշոտ Բագրատունին ստիպված թողնում է քաղաքական ասպարեզը։ Գրիգոր Մամիկոնյանը 749թ. մահանում է, որից հետո արաբները ճնշում են ապստամբությունը: 774-775թթ. Հայաստանում տեղի ունեցավ նոր, նախորդներից ավելի հզոր ապստամբություն։ Դրդապատճառները հարկերի խիստ ավելացումն ու ժողովրդի վիճակի առավել ծանրացումն էին։ Ուստի պատահական չէ, որ ապստամբությանը հարեցին նախարարական շատ տներ։ Ապստամբության ազդանշանը տվեց Արտավազդ Մամիկոնյանը։ Նա, ջոկատ հավաքելով, գնում է Դվին և խալիֆայության թշնամիների դեմ պայքարելու պատրվակով զինում իր ռազմիկներին։ Արտավազդն այնուհետև շարժվում է Կումայրի և այնտեղ գտնվող արաբ հարկահաններից խլելով հավաքած հարկերը` իր ջոկատով հեռանում է հյուսիս։ Նրան հետապնդող արաբներին հաջողվում է հետ վերցնել հարկերի մի մասը, և նա հարկադրված անցնում է Եգերք, այնուհետև` Բյուզանդիա։ Դրանից հետո ապստամբությունը մեծ թափ է ստանում։ Համաժողովրդական այդ ընդվզման գլուխ է անցնում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա Տարոնում կոտորում է շահատակություններով զբաղվող արաբ պաշտոնյաներին։ Այնուհետև Մուշեղն ամրանում է անառիկ Արտագերս ամրոցում։ Շուտով նրա հռչակը տարածվում է երկրով մեկ: Մուշեղն իր զորաջոկատով ոչնչացնում է արաբ հարկահաններին, ապա Խարս և Բագավան գյուղերի մոտ հաղթում ու հալածում արաբական զորքերին։ Բագավանի ճակատամարտից հետո Դվինի արաբական կայազորը վախենում էր դուրս գալ քաղաքից։ Ապստամբների շարքերը գնալով ստվարանում են։ Ապստամբությանը հարում են նոր նախարարներ, այդ թվում` հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին։ Ապստամբական ուժերի թիվը հասնում է 5 հազարի։ Շատերը կարծում էին, թե արաբական տիրապետության վախճանը մոտ է։ Սակայն ոչ բոլոր նախարարներն էին մասնակցում ապստամբությանը, իսկ խալիֆայությունը պատրաստվում էր համապատասխան քայլերի՝ ճնշելու այն։ Ապստամբները դիմեցին վճռական գործողությունների։ Նրանք որոշեցին գրավել բյուզանդական սահմանագլխին ընկած Կարինը։ Ռազմավարական առումով շատ կարևոր այդ քաղաքը լավ ամրացված էր։ Այն պաշտպանվում էր արաբական կայազորի կողմից։ Հաջողության դեպքում խալիֆայությունը մեծ հարված կստանար, իսկ ապստամբներն իրենց թիկունքում կունենային արաբներին թշնամի Բյուզանդիան։ Ապստամբները 774-775թթ. ձմռանը Կարինը պաշարելով` քարանետ մեքենաներով արաբական կայազորին մեծ վնասներ պատճառեցին, բայց քաղաքը գրավել չկարողացան։ Դվինի արաբական կայազորն այդ ընթացքում չէր հանդգնում օգնության հասնել Կարինում պաշարվածներին, սպասում էր գարնանը խալիֆի ուղարկելիք զորքին։ Խալիֆը 775թ. գարնանն Ամիր զորավարի գլխավորությամբ 30-հազարանոց լավ սպառազինված ու մարտունակ զորք ուղարկեց Հայաստան՝ ճնշելու ապստամբությունը։ Այն հասավ Խլաթ և այնտեղ բանակեց։ Ապստամբներն անհեռատես քայլ կատարեցին, երբ փորձեցին գրավել Արճեշ բերդաքաղաքը և հաստատվել այնտեղ։ Երբ նրանք շարժվեցին Արճեշ, բերդաքաղաքի մերձակայքում դարանակալ հարձակման ենթարկվեցին իրենց երթուղուն քաջատեղյակ արաբների կողմից։ Մեծաքանակ ու լավ զինված արաբների և վատ զինված ու անվարժ ապստամբների բախումն ավարտվեց արաբների հաղթանակով։ Ապստամբները ծանր պարտություն կրեցին` տալով 1500 զոհ։ Նրանց մի մասը խեղդվեց Վանա լճում։ Արճեշի ճակատամարտից հետո արաբական զորքը շարժվեց Կարինը պաշարածների դեմ։ Այն բանակեց Բագրևանդ գավառի Արձնի գյուղի մոտ։ Չնայած ապստամբները մոտ էին Կարինի գրավմանը, բայց լսելով Արճեշի աղետի լուրը` դադարեցրին պաշարումը։ Նրանք կարող էին անվտանգ անցնել Բյուզանդիա կամ էլ շարունակել անհավասար պայքարը։ Ըստ Ղևոնդի՝ նրանք գերադասեցին «իրենց անձերի մահը, քան մեր երկրի կորուստը» և Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Արձնի` թշնամուն ընդառաջ։ Ճակատամարտը տեղի ունեցավ 775թ. ապրիլի 24-ին Արձնի գյուղի մոտ։ Թշնամին քանակապես ու սպառազինությամբ անհամեմատ գերազանցում էր ապստամբներին։ Սակայն հայերը չերկնչեցին և վաղ առավոտյան հարձակման անցան։ Սկզբում հաջողությունը հայերի կողմն էր,բայց թշնամու վեցակի քանակական գերակշռությունն աստիճանաբար զգացվեց։ Արաբները մեծ կորուստներով հետ մղեցին հայերի գրոհը և հակահարձակմամբ հաղթանակի հասան։ Զոհվեցին 3 հազար հայեր, այդ թվում`բազմաթիվ նախարարներ։ Նրանց թվում էին ապստամբության ղեկավար Մուշեղ Մամիկոնյանը և հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին։
Չնայած պարտությանը` 774-775թթ. համաժողովրդական ապստամբությունը ցնցեց խալիֆայության հիմքերը և հայ ժողովրդի մեջ հավատ ներշնչեց վերջնական հաղթանակի նկատմամբ։ Սակայն նախարարական շատ տներ թուլացան, իսկ Մամիկոնյաններն ու Կամսարականները երկրի քաղաքական կյանքից գրեթե դուրս մղվեցին։ Բագրատունիներն ու Արծրունիները գնալով հզորացան և խոհեմորեն գլխավորեցին ազատասեր հայ ժողովրդի համառ պայքարը հանուն անկախության։
Հայաստանի ինքնավարության վերականգնումը։ 850-855թթ. ապստամբությունը։ Արաբական խալիֆայությունը գնալով թուլանում էր։ Դրանից օգտվելով` IX դ. սկզբներից հայ իշխանական (նախարարական) տները հզորանում էին։ Հատկապես ուժեղացան Բագրատունիները, որոնք բաժանվել էին երկու ճյուղի՝ Շիրակի ու Տարոնի։ Նրանք իրենց տիրույթներն ընդլայնեցին գլխավորապես ի հաշիվ Մամիկոնյանների ու Կամսարականների կալվածքների։ Բագրատունիների հաջողությունները պայմանավորված էին նաև Հայաստանում հաստատված արաբական ամիրայությունների դեմ անզիջում պայքարով։ Բագրատունիների վերելքը կապված է նշանավոր իշխան Աշոտ Բագրատունու անվան հետ։ Նա կրում էր Մսակեր մականունը։ Արաբական իշխանությունները 804թ. Աշոտ Մսակերին նշանակեցին Հայոց իշխան։ Նա էլ իր եղբայր Շապուհին կարգեց հայոց սպարապետ։ Աշոտ Մսակերի նստավայրը Բագարանն էր։ Այդ ժամանակ հզորանում էին նաև Արծրունիների, Սյունիների և Արցախի իշխանական տները։ Դրանք Բագրատունիների հետ տիրում էին երկրի մեծ մասին։ Կրճատվել էր նաև խալիֆայությանը տրվող հարկերի չափը։ Ընդ որում, հարկը կանոնավոր չէր վճարվում։ Աշոտ Մսակերին 826թ. հաջորդեց ավագ որդին` Տարոնի տեր Բագարատը։ Նա ստացել էր Հայոց իշխանից ավելի բարձր իրավունքներ ունեցող Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը։ Աշոտն անգամ փորձում էր դառնալ ոստիկան։ Բագարատի եղբայրը` Շիրակի տեր Սմբատը, դարձել էր հայոց սպարապետ։ Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը դարձել էր ինքնավար երկիր։ Արաբական խալիֆայությունը չէր հաշտվում Հայաստանի ինքնավարության հետ։ Այն վերացնելու և հարկերը ծանրացնելու նպատակով խալիֆը 849թ. Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի՝ Աբուսեթին։ Համաձայն ընդունված կարգի` Բագարատ Բագրատունին պարտավոր էր անձամբ դիմավորել նորանշանակ ոստիկանին։ Սակայն նա բավարարվեց թանկարժեք ընծաների հետ հարկերը նրան ուղարկելով։ Աբուսեթը, տեսնելով, որ ուժի դիմելը վտանգավոր է, հետ դարձավ։ Մինչ այդ նա երկու զորավարների հրամայել էր ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնի գանձել հարկերը։ Սակայն Աբուսեթը թերագնահատել էր հայոց ուժերը։ Բագարատ Բագրատունին և Վասպուրականի տեր Աշոտ Արծրունին միացյալ զորքով ջախջախեցին ու վռնդեցին արաբներին։ Այդ քայլով նրանք բռնեցին բացահայտ պայքարի ուղին։ Հայաստանից հեռանալով՝ Աբուսեթն իր հետ տարավ տեղի մահմեդական վերաբնակիչների բողոքագրերը հայ իշխանների դեմ։ Զայրացած խալիֆը 850թ. Աբուսեթին կրկին մեծ զորքով ուղարկում է Հայաստան՝ հրամայելով հնազանդեցնել երկիրը: Սակայն Աբուսեթը ճանապարհին մահանում է։ Նրան փոխարինում է որդին՝ Յուսուֆը։ Նա ասպատակում է Վասպուրականը և փորձում ծուղակը գցել Աշոտ Արծրունուն, բայց չի կարողանում։ Ապա իր մոտ Խլաթ է կանչում Բագարատ Բագրատունուն՝ խոստանալով Արմինիայի ոստիկանի պաշտոնը։ Երբ Բագարատը գնում է Յուսուֆի մոտ, ձերբակալվում է և շղթայակապ ուղարկվում խալիֆայության մայրաքաղաք՝ Բաղդադ։ Դրանից հետո Յուսուֆը ավերում է Տարոնը, իսկ բնակչությանը` կողոպտում կամ գերեվարում։ Երբ Յուսուֆն իր հրոսակներով ձմեռում էր Մուշ քաղաքում, Խութ և Սասուն գավառների քաջարի լեռնականները ոտքի են ելնում։ Նրանք Խութեցի Հովնանի և Բագարատի երկու որդիների գլխավորությամբ հարձակվում են արաբների վրա և ջախջախում։ Յուսուֆը թաքնվում է Մուշի եկեղեցում, սակայն սպանվում է։ Սասունցիների այս ընդվզումն ընկած է «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսի հիմքում։ Ապստամբությունը գնալով ծավալվում է։ Այն ընդգրկում է նաև Արմինիայի մյուս երկրները։ Խալիֆն ապստամբությունը ճնշելու հրամանով 852թ. գարնանը հսկայական բանակով Հայաստան է ուղարկում նենգ ու դաժան թուրք զորապետ Բուղային։ Նրան հրամայվել էր հայոց իշխաններին շղթայակապ Բաղդադ բերել և տիրանալ նրանց կալվածքներին։ Բուղան մտնում է Տարոն, դաժան հաշվեհարդար տեսնում Բաղեշի, Խութի և Սասունի բնակչության հետ և ձերբակալում ապստամբության ղեկավարներին։ Դրանից հեոտ Բուղան շարժվում է դեպի Վասպուրական։ Սակայն վասպուրականցիները նախ` Աշոտ Արծրունու, ապա` նրա եղբայր Գուրգենի գլխավորությամբ համառորեն դիմադրում են։ Վասպուրականցիները 852թ. Արյան լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթում են Բուղայի զորքին, որն ունեցավ 1800 զոհ։ Արաբական բանակը փախչում է Վասպուրականից։ Բուղան 853թ. գարնանն արշավում և ավերում է Սյունիքը։ Նա այնտեղից շարժվում է դեպի Արևելյան Վրաստան, սակայն պարտվում է տեղի լեռնականներից։ Բուղային հերոսաբար դիմադրում են նաև Արցախի հայերը։ Մասնավորապես` Քթիշ ամրոցի պաշտպանները Եսայի իշխանի գլխավորությամբ մեկ տարի շարունակ դիմակայում են Բուղայի զորքին։ Վասպուրականցիներն իրենց հերթին Գուրգեն Արծրունու գլխավորությամբ ջախջախում ու վռնդում են արաբական զորաջոկատները։ Բուղան հարկադրված ճանաչում է Արծրունիների իշխանությունը Վասպուրականում։ Նա, այդպես էլ իր նպատակին չհասնելով, 855թ. Հայաստանից հետ է կանչվում։
850-855թթ. ապստամբությունը Հայաստանում հակաարաբական ամենահզոր ու երկարատև ելույթն էր։ Այն լրջորեն խարխլեց արաբական տիրապետության հիմքերը։ Հայաստանն ամրապնդեց իր ներքին ինքնուրույնությունը: Նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Բագրատունիների գլխավորությամբ պետականության վերականգնման համար։
Ղեվոնդ պատմիչը` Շուշան իշխանուհու գթասրտության մասին «(Արաբների) մի փոքր մասը` մոտավորապես 300 մարդ, փախուստի դիմելով` ապավինեց տիկին Շուշանին: Սրանց իր զորքով հետապնդեց Սմբատ(Բագրատունին), կամենալով փախստականներին սրի անցկացնել: Նրան ընդառաջ ելավ տիկին Շուշանը և բազում աղերսանքով ու խնդրանքով փրկեց նրանց` մերկ, բոկոտն, հետիոտն և վիրավոր վիճակում, որոնց վերցնելով իր մոտ,վերքերը կապեց, առողջացրեց և հանդերձներ հագցրեց: Տվեց նաև գրաստ և առաքեց արաբների իշխանի մոտ»:
Ղեվոնդ պատմիչը` արաբական հարկահանության մասին «Այս ժամանակներում հույժ ծանրացավ հարկապահանջության լուծը մեր Հայոց աշխարհի վրա: Հայոց համայն երկիրը դրվեց անհանդուրժելի թշվառության մեջ: Երկրում վերջացավ արծաթի արդյունահանումը, և ամեն ոք, տալով ունեցած ամբողջ ինչքը, իր անձի փրկության գինը չէր գտնում: Չարաչար կտտանքով, գելարաններով, կախաղաններով ու դառն տանջանքով մարդկանց կեղեքում էին:Պահանջում էին հարկը վճարել արծաթով, այն էլ` ըստ ամեն մի գլխի, որի հետևանքով մարդիկ զրկվում էին ամենայն ունեցվածքից»:
Թովմա Արծրունին` Յուսուֆի սպանության մասին «Բայց ինքը՝ կարծեցյալ մարզպանը, փախավ ընկավ մեծ եկեղեցին... Եվ այն ժամանակ նա սարսափից դողահար՝ թաքնվեց գմբեթում։ Մեկնազենները շրջապատեցին եկեղեցին, նրանցից ոմանք բարձրացան մինչև գմբեթի փորվածքը, և ինչ-որ մեկը աշտեով հարվածեց (Հովսեփի) թիկունքի մեջտեղը և դուրս հանեց թևատակից՝ թոքերի միջով։ Նա փչեց շունչը և թաղվեց էշի պես»։