ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հայաստանի Հանրապետության տոներ և հիշատակի օրեր

Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայաստանի Հանրապետության տոներ և հիշատակի օրեր

Сообщение:#1  Сообщение Karen » 11 фев 2014, 21:02

(21.59 кб) Просмотров: 4375
(16.33 кб) Просмотров: 4375
(27.86 кб) Просмотров: 4375

Հայաստանի Հանրապետության պետական տոներ

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2001 թ-ի հուլիսին) Հայաստանում սահմանվել և նշվում են հետևյալ տոները.

Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են:
Բանակի օր. հունվարի 28, 1992 թ-ին այդ օրը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ոչ աշխատանքային օր է:
Սուրբ Վարդանանց տոն. բարի գործի և ազգային տուրքի տոն է, նշվում է Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Կանանց տոն. մարտի 8, միջազգային տոն է, նշվում է 1911 թ-ից՝ գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ Կլարա Ցետկինի առաջարկությամբ: Ոչ աշխատանքային օր է:

Մայրության և գեղեցկության տոն. ապրիլի 7, սահմանվել է Հայ եկեղեցու Ավետման տոնի հիման վրա: Խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի սուրբ հղիության ավետման օրը:
Աշխատանքի օր. մայիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1890 թ-ից՝ որպես աշխատավորների միջազգային համերաշխության օր: Ոչ աշխատանքային օր է:

Երկրապահի օր. մայիսի 8, սահմանվել է 2002 թ-ին՝ Շուշիի ազատագրման (1992 թ-ի մայիսի 8–9) առթիվ:
Հաղթանակի և խաղաղության տոն. մայիսի 9, ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ ժողովրդի տարած հաղթանակի օրն է: ՀՀ-ում տոնվում է` ի նշանավորումն այդ հաղթանակում հայ ժողովրդի մասնակցության: Ոչ աշխատանքային օր է:
Հանրապետության տոն. մայիսի 28, 1918 թ-ի այդ օրը վերականգնվել է Հայոց անկախ պետականությունը, և հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ոչ աշխատանքային օր է:

Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հունիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1950 թ-ից: Տոնի խորհուրդը աշխարհի երեխաներին պատերազմի վտանգից զերծ պահելն է, նրանց առողջությունը պահպանելը, պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը:
Սահմանադրության օր. հուլիսի 5, 1995 թ-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է ՀՀ սահմանադրությունը: Ոչ աշխատանքային օր է:

Գիտելիքի, գրի և դպրության օր. սեպտեմբերի 1, նշվում է նոր ուսումնական տարվա սկիզբը:
Անկախության տոն. սեպտեմբերի 21, 1991 թ-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով հռչակվել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ոչ աշխատանքային օր է:
Ուսուցչի օր. նշվում է հոկտեմբերի 5-ին: Ոչ աշխատանքային օր է:
Թարգմանչաց տոն. նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը և հայ դպրության սկիզբը:

Հիշատակի օրեր

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24, նշվում է Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915 թ-ի այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել են շուրջ 800 հայ մտավորականներ, որոնց մեծ մասը դաժանաբար սպանվել է կամ զոհվել աքսորի ճանապարհին: Ոչ աշխատանքային օր է:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտեմբերի 7, նշվում է 1988 թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի շուրջ 25 հզ. զոհերի հիշատակը:

ՀՀ-ում նշվում են նաև մայրենի լեզվի, Երևանի, երգիծանքի և հումորի, մամուլի, ռադիոյի, թատրոնի, թանգարանների, 1988 թ-ին Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության, բռնադատվածների հիշատակի և հիշարժան այլ օրեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տոներ

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքով (ընդունվել է 2009 թ-ի հուլիսին) ԼՂՀ-ում սահմանվել և նշվում են հետևյալ տոները.
Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են:
Արցախի վերածննդի օր. փետրվարի 20, 1988 թ-ի այդ օրը սկսվել են Լեռնային Ղարաբաղի անկախացման ցույցերը:
Մայրենի լեզվի օր. փետրվարի 21:
Հայրենիքի պաշտպանի օր. փետրվարի 23:
Կանանց միջազգային օր. մարտի 8: Ոչ աշխատանքային օր է:
Մայրության և գեղեցկութան տոն. ապրիլի 7: Ոչ աշխատանքային օր է:
Աշխատավորների համերաշխության միջազգային օր. մայիսի 1: Ոչ աշխատանքային օր է:
Հաղթանակի տոն. ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր. մայիսի 9: Ոչ աշխատանքային օր է:
Հայաստանի առաջին հանրապետության օր. մայիսի 28: Ոչ աշխատանքային օր է:
Երեխաների պաշտպանության միջազգային օր. հունիսի 1:
Գիտելիքի և դպրության օր. սեպտեմբերի 1:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր. սեպտեմբերի 2: Ոչ աշխատանքային օր է:
Թարգմանչաց տոն. նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օր. դեկտեմբերի 10: Ոչ աշխատանքային օր է:

Image_5692.jpg
Image_5692.jpg (19.85 кб) Просмотров: 4375


Հիշատակի օրեր
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24: Ոչ աշխատանքային օր է:
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր. հունիսի 29:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտեմբերի 7:

Image_5694.jpg
Image_5694.jpg (29.75 кб) Просмотров: 4375


Հայկական ժողովրդական և եկեղեցական տոներ
Ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներն են, որոնք սկզբնավորվել են հիմնականում նախաքրիստոնեական շրջանում և հետագայում հարմարեցվել քրիստոնեական տոնացույցին՝ պահպանելով հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ և արարողակարգեր:
Եկեղեցական տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, Սբ Խաչին, սրբերին, ազգային նշանավոր դեմքերին ու իրադարձություններին:

(21.59 кб) Просмотров: 4375


Ամանորը՝ Նոր տարին, ժամանակագրական առումով առաջին ժողովրդական տոնն է: Մինչև XIX դարը հայերը տարվա սկիզբը համարել են Նավասարդը, որը շարժական տոն էր և նշվել է օգոստոսից մինչև հոկտեմբեր–նոյեմբեր ամիսները:
XIX դարում, ըստ Սիմեոն Ա Երևանցու տոնացույցի, Նավասարդը փոխարինվել է Ամանոր-Նոր տարով, որն էլ դարձել է տարվա սկիզբ, ամրագրվել հունվարի 1-ով՝ իբրև անշարժ տոն:

Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Ջրօրհնեք և Մկրտություն անշարժ տոնը հունվարի 6-ին է. խորհրդանշում է Հիսուսի ծնունդն ու մկրտությունը: Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է: Հորդանան գետում Հիսուսի մկրտության խորհրդով և նախնյաց ծեսի (հնում այդ օրը մարդիկ որևէ իր են գցել հոսող ջրի մեջ՝ միաժամանակ կարևոր մի բան մտքներում պահելով, որովհետև ջուրը մաքրում է հողն ու մարդկանց) նմանությամբ Հայ եկեղեցում հունվարի 6-ին՝ Սբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Տերունական Խաչն ընկղմում են ջրի մեջ:
Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների խորհրդավոր երազների կատարման տոնն է, նրանց ճակատագրի նախագուշակը: Կատարվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը:

Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, կատարվում է փետրվարի 14-ին (նշվում է փետրվարի 13-ի երեկոյից): Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ:

Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ: Տոնի խորհուրդը խարույկ վառելն է. կրակը խափանում է չարը: Խարույկի վրայով ցատկում են երիտասարդները, նորապսակները, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, և նորահարսները մայրանան: Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Բարեկենդանը Մեծ պահքին նախորդող երկշաբաթյա տոնախմբությունների՝ ժողովրդական պարերի, թատերախաղերի, հարսանիքների ու խնջույքների ժամանակահատված է: Ավետում է բնության զարթոնքի սկիզբը: Առանձնանում են հատկապես երկրորդ շաբաթվա հինգշաբթին և վերջին՝ Բուն բարեկենդանի օրերը: Հինգշաբթին հանգուցյալների հիշատակության հատուկ օր է, Հայ եկեղեցու տոնացույցում հիշատակվում է որպես Վարդանանց նահատակության օր:

Մեծ պահք/Մեծ պասն սկսվում է Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից: Այն 7- շաբաթյա ինքնաքննության, մաքրության ու ժուժկալության ժամանակաշրջան է, որի ընթացքում սովորաբար ուրախ հանդիսություններ, նշանադրություն և հարսանիք չեն անում: Ընդունված է հատուկ սահմանափակումներով՝ միայն բուսական կերակրատեսակներով սնվելու կարգ:
Ծաղկազարդ/Ծառզարդարը Մեծ պահքի 6-րդ կիրակին է, ազդարարում է բնության զարթոնքը: Գլխավոր արարողությունն առաջին ծաղկող ծառի՝ ուռենու և նորածիլ կանաչի օրհնությունն է: Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին արմավենու և ձիթենու կանաչ ճյուղեր փռելով: Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր:

Մեծ պահքի 7-րդ՝ Ավագ շաբաթը Հիսուսի տնօրինական վերջին խորհուրդների հայտնության շաբաթն է: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Ավագ շաբաթ՝ երեկոյան, եկեղեցում կատարվում է Ճրագալույցը, Սբ Պատարագի ժամանակ ավետվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Սուրբ Զատիկը՝ Հայ եկեղեցու տաղավար տոներից երկրորդը, շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ: Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Զատկի տոնով:
«Զատիկ» նշանակում է զատվել, ազատվել չարչարանքից: Նախապես եղել է հեթանոսական տոն: Քրիստոնեության շրջանում Զատիկը միավորվել է Քրիստոսի հրաշափառ Հարության հետ, որը բովանդակում է անընկճելի կյանքի խորհուրդ, իսկ ձուն, որից կյանք են առնում շատ ու շատ շնչավոր էակներ, այդ տոնի խորհուրդն է: Ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյան հեղումը Տիեզերքի փրկության համար: Սուրբ Զատկի, ինչպես և մնացած բոլոր տաղավար տոների հաջորդ օրը հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց:

Համբարձումը Հարությունից հետո 40-րդ օրը Հիսուս Քրիստոսի երկինք համաբարձվելու և Հոր աջ կողմը նստելու հիշատակության օրն է: Կոչվում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի օր, Ծաղկամոր կիրակի: Այն երիտասարդների ճակատագրերը գուշակելու տոնն է:

Վարդավառը Հայ եկեղեցու երրորդ տաղավար տոնն է. նշվում է Սբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին: Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ Վարդավառը համընկնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին: Ժողովրդական տոնը շատ ավելի հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ: Մարդիկ զարդարվում են վարդերով և այլ ծաղիկներով, միմյանց վրա ջուր են ցողում, սպիտակ աղավնիներ են թռցնում երկինք՝ պապակ հողի համար անձրև խնդրելով: Օրվա ծիսական պտուղը խնձորն է, որը եկեղեցում օրհնվում է և այդ օրվանից թույլատրվում է ուտել:

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է: Հայ եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի են բերում առաջին անգամ քաղած խաղողը, որպեսզի օրհնվի (այստեղից էլ` տոնի ժողովրդական անունը՝ Խաղողօրհնեք), միաժամանակ դա նվիրաբերություն է Աստվածածնին: Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը:

Խաչվերաց տոնը (կոչվում է նաև Սուրբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) Հայ եկեղեցու վերջին՝ հինգերորդ տաղավար տոնն է. նշվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը: Մարդիկ այցելում են մերձավորների շիրիմներին: Այդ օրն ընդունված է ուլ խորովելը: Քրիստոնեության շրջանում տոնը կապվել է Սբ Խաչի գերությունից դարձի (վերադարձի) պատմության հետ՝ ստանալով նոր խորհուրդ:

Բոլոր ժողովրդական տոներն ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, արտասանություններով, որոնք մշակել ու ժողովրդին են ներկայացրել բանաստեղծները, կոմպոզիտորները, գեղանկարիչները և ուրիշներ: Լավագույն օրինակ է Համբարձման տոնի նկարագրությունը Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում:

(54.59 кб) Просмотров: 4375
(15.12 кб) Просмотров: 4375


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Հոդված 1. Ծննդյան տոներ եւ Ամանոր՝ նշվում են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն):

Հոդված 2. Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին:

Հոդված 3. Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 4. Մայրության, գեղեցկության եւ սիրո տոն՝ նշվում է ապրիլի 7-ին:

Հոդված 5. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 6. Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 7. Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:

Հոդված 8. Հաղթանակի եւ խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 9. Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 10. Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:

Հոդված 11. Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 12. Գիտելիքի, գրի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

Հոդված 13. Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Հոդված 14. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Հոդված 15. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

Հոդված 16. Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի եւ ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Հոդված 19. Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները եւ հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի մարտի 16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ:

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

6 օգոստոսի 2001թ.
ՀՕ-200
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали


Вернуться в Հայաստանի Հանրապետություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз