СТАНЬ VIP

Հայ ժողովրդական հեքիաթներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:26

ԹԵ Ի՞ՆՉ ԷՐ ՆՐԱ ՈԻԶԱԾԸ

Текст:
Մի մարդ ու մի կնիկ են լինում։ Էդ մարդը ու կնիկը շատ լավ ու սիրով են ապրելիս լինում։ Ամա անց ա կենում մի առժամանակ, սատանեն մտնում ա էս մարդու փորը։ Ընկնում ա վատ ընկերների հետ, իրեն գինուն ա տալիս, սկսում ա հարբած տուն գալ։ Կնկա հետ կռիվ-ղալմաղալ անել, աման-չաման իրար գլխով տալ, ջարդել։

Կնկա օրը սևանում ա։ Արտասունքը չի չորանում նրա աչքերին, ամա համբերում ա, բալքի մարդը խելքի գա, թարգ տա խմելուն։ Մարդի ամեն ուզածը կատարում ա, մենակ թե նորից կռիվ ու ղալմաղալ չանի։

Մի օր մարդը բազարում ձուկ ա առնում, տալիս մի էրեխու ձեռ, ղրկում տուն։

— Կասես,— ասում ա,— վռազ պատրաստի, գնամ տուն՝ ուտեմ։ — Բա չասե՞ց, թե ոնց պատրաստեմ,— հարցնում ա կնիկը.

— Չէ, բան չասեց, ձալո։

Խեղճ կնիկը մնում ա տարակուսած, ասում ա.

— Տեր աստված, ո՞նց անեմ։ Ի՞նչ տեսակ պատրաստեմ։ Էս ա կգա, մի մահանա կգտնի, էլի կսկսի ղալմաղալ անել։

Մտիկ ա անում, թե ձկներիցը ի՞նչ կարելի ա պատրաստել։ Վեր ա ունում էս ձկներից մի քանիսը խաշում, մի քանիսը՝ եղով տապակում, մի քանիսն էլ շամփրի վրեն խորովում։

Էս ամենը անում ա, պրծնում, դարսում ամանների մեջ, մի մաքուր աման էլ դնում ա սուփրին, որ մարդը ձկան ոսկորը դնի։

Հիմի, արի տես որ՝ սրանց տան շունն էլ, նոր ծնած ա լինում։ Քոթոթներից մեկը, մրթմրթալով, հոտ քաշելով գալիս ա... էդ մաքուր ամանի միջին պպզում ա... կեղտոտում։

Մարդը, որ դուռը ճռռալեն բաց ա անում, էս, խեղճ կնիկը ահ ու սարսափից էլ չի իմանում ի՞նչ անի, վռազ վեր ա ունում մի ուրիշ աման ու էն կեղտոտած ամանը ծածկում։

Մարդը տուն ա մտնում հարբած, նոթերը կիտած, ասում ա.

— Ձուկ էի ղրկել, ի՞նչ արիր։

Կնիկը բերում է խաշած ձուկը, դնում առաջին։

— Ես քեզ ասել էի, որ ձուկը խաշե՞ս,— ասում ա մարդը,— էդ խաշածը տար հորանցդ տուն, թող նրանք ուտեն։

Կնիկը սուս ու փուս խաշած ձուկը վեր ա ունում, տապակած ձուկն ա դնում մարդու առաջ։

— Էս ի՞նչ ես բերել,— ասում ա մարդը,— էս տղամարդու ուտելու բան ա՞, որ առաջիս ես դրել։ Ուրեմն ես կնիկարմա՞տ եմ, որ եղով տապակած ձուկն ուտեմ։ Չէ՛, չէ՛, դու ինձ ասա՝ ես կնիկարմատ եմ, ես կնիկարմատ եմ։

Խեղճ կնիկը ձենը փորը գցած, արտասունքը կուլ տալով տապակած ձուկը վեր ա ունում՝ շամփուրով ձուկն ա դնում մարդու առաջ։

— Իյա՜,— ասում ա մարդը,— էս ի՞նչ տեսա, ուրեմն,— ասում ա,— դու որբեվերի ես, մարդդ մեռել ա՞, որ ինքդ ես խորոված անում։ Ես չէի կարա գամ տուն՝ խորովեմ։ Ինչի՞ ես, ուրեմն, գդակ չո՞ւնեմ իմ գլխին։ Կնիկարմատի ձեռը, որ շամփրին դիպավ, էն շամփրի խորովածը հարամ ա։ Էն լավ էր` շան ք... տայիր ինձ։

Կնկա համբերությունը հատնում ա։

— Առ,— ասում ա,— առ, որ էդ ես ուզում, առ անուշ արա, բալի խելքի գաս։

Մարդը մեկ շշմում ա, մին էլ, որ տեսնում ա, որ ամանի միջինը դրուստ, որ՝ շան կեղտ ա, կատաղում ա, ուզում ա կնկանը ծեծի։

Ամա կնիկը դուրս ա պրծնտւմ տանից, հարևաններին կանչում, հավաքում մարդու գլխին.

— Էկեք, — ասում ա,— էկեք մեր դատը տեսեք, ի՞նչ ա,— ասում ա,— իմ մեղքը, որ ուզում ա ինձ ծեծի։

Հարևանները տուն են թափում, մարդ ու կնկա մեջ ընկնում, քննում են բանի էությունը, խելք-խելքի են տալի, դատ են կտրում։

Հարևաններից մեկը, մի տարիքով մարդ (չէ՞ տարիքով մարդը խելոք կլինի) ասում ա.

— Իսկական տղամարդ որ ասել են,— ասում ա,— էդ տղամարդը դու ես, որ կաս, դու շատ բախտավոր ես, —ասում ա։— Ո՞ւր ա մեզ էնքան բախտ,— ասում ա,— որ մեր կնանիքը, մեր ուզածը տեղն ու տեղը կատարեն։ Քու կնիկը ոչ թե ծեծի՝ այլ սիրո ա արժանի։

Մի պառավ կնիկ էլ, գլխին հավաքած հարսն ու աղջիկ.

— Տեսա՞ք,— ասում ա,— տեսաք ինչդար խելոք ա էն կնիկը։ Տան տղամարդը, որ չափն անց ա կացնում,— ասում ա,— համը հանում, վռազ ճարեք,— ասում ա,— շան էն բանիցը առաջը դրեք, որ խելքի գա։

Էդ էր ու էդ։ Էն օրվանից մարդը խելքի ա գալի, թարգն ա տալի գինուն, նորից մարդու կերպարանք առնում, հաշտ ու սիրով ապրում են հնազանդ, իրա ամեն ուզածը րոպեական կատարող կնկա հետ։

* * *

Էս իմ պատմածը հեքիաթ չգիտենաք։ Սա իսկական պատահած բան ա։ Մինչ օրս էլ մեր գեղումը, մարդ, որ անտեղի դիպչում ա կնկա խաթրին, ասում են.

— Դրա առաջը դրեք շան էն բանը՝ ձեռաց խելքի կգա։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:27

ԳՈՄՇԻ ՊՈԶԸ

Текст:
Մի մարդ իրեք տղա ա ունենում։ Էս տղերքը որ մեծանում են, պսակվում՝ ամեն մեկն իրա կնկա խելքին ընկած բաժանվում են, խլում են հոր ու մոր ձեռից ապրուստը, տուն ու տեղը, գոմն են անում նրանց.

— Էս էլ ձեզ բոլ ա,— ասում են։

Մի քանի ժամանակից հետո խեղճ մերը չի դիմանում դարդին, մեռնում ա։ Հերը շատ ա դարդ անում, — ախար,— ասում ա,— մենք ի՞նչ մեղք ունեինք արած աստծու դեմ, որ մեր տղերքը, այ կոտորվեն դրանք, էդքան աննամուս դուրս էկան, խեղճ կնիկս դարդից մեռավ, ես էլ— հրես, նրա օրն եմ ընկնելու։

Կանչում ա մեծ տղին, թաքուն բերում գոմը,

— Դուք իմ տղերքն եք,— ասում ա,— իմ ջիգյարն եք, դուք աննամուս դուրս էկաք՝ ձեր հորն ու մորը տերություն չարիք, ձեր մորը դարդիցը մահվան դուռը հասցրիք, դուք արիք, ես՝ անիլ չեմ։ Ես չեմ ուզում, որ իմ աշխատածը ջուրը մաղվի կորչի, շուն ու գելի փայ դառնա։ Տեսնո՞ւմ ես էս քարը, սրա ետևի գոմշի պոզը ես սվաղել եմ պատի մեջը, մենակ ծերն ա էրեվում։ Իմ ոսկին էդ պոզի միջին ա պահած, էս բանը մենակ քեզ եմ ասում, չունքի դու իմ մեծ տղեն ես, ես էս ա կմեռնեմ, մեռնելուցս հետո էն ոսկին քեզ եմ կտակում։

Մեծ տղեն որ լսում ա էս բանը, հորը տանում ա տուն, կնիկը սկեսրարին լողացնում ա, հագցնում, ուտացնում, Էն տեսակ պահում, որ ասվիլ չի։

Մեծից հետո հերը կանչում ա միջնեկին, ասում ա էն՝ ինչ որ մեծին։

Հետո էլ էդ ամենը ասում ա պուճուր տղին։ Էս տղերքը ոսկու անունը որ լսում են, հորը իրար ձեռքից են խլում, պատվում, ազիզ պահում, նրանցից ամեն մեկը հենց իմանում ա, թե հերը մենակ իրան ա ասել կտակը, պայմանն էլ էնպես ա, որ մինչև հոր մեռնելը պոզին ձեռ տալու իրավունք չունեն։

Տղերքը միտք են անում, թե հերները ալևոր մարդ ա, էսօր-էգուց կմեռնի, իրանք ոսկու տեր կդառնան, ամա արի տես, որ (մեռնեմ աստծու դիվանին) սրանց հերը կտակն անելուց հետո ապրում ա նորից էլի մի քսան տարի։

Հայտնի բան ա՝ բոլորս էլ մահկանացուներ ենք, սրանց հերն էլ. մեռնելուց առաջ ջոկ-ջոկ կանչում ա տղերանցը— Հու մի՞տդ ա կտակը։ Վռազ կգնաս կհանես, օտարի ձեռք չդիպչի էն գոմշի պոզին։ Փառքդ շատ ըլի տեր աստված, որ էսպես ինձ սիրող տղա ունեմ։

Էհ, էս հերը մեռնում ա, տղերքը բերում են սրան պատվով, առոք-փառոք թաղում։ Գերեզմանի գլխին կանգնած տղերքից ամեն մեկը միտք ա անում, թե տեսնես ինչքա՞ն ոսկի ա թողել հերը։

Թաղում են թե չէ՝ մեծ տղեն ափալ-թափալ առաջ ա ընկնում գոմը, հենց էն ա, ուզում ա պոզը պատիցը հանի, մին էլ տեսնում ա՝ գոմի դուռը բաց էլավ ու միջնեկ ախպերը ներս մտավ։ Սրանք մինչև իրար էրեսի մտիկ տալով սառչում են կանգնած տեղներում, գոմն ա մտնում պուճուր ախպերը։ Սրանք մի աչքով իրար էրեսի են մտիկ տալիս, մի աչքով՝ պատի միջի պոզին։ Մեծ ախպերը ասում ա,

— Մեր հորը թաղեցինք պրծանք, հիմի բան ու գործի վախտ ա։ Ո՞ւր եք եկել պարապ-սարապ էստեղ հավաքվել։

Ասում են.

— Բա դո՞ւ ուր ես էկել։— Էնա գլխի են ընկնում, որ իրեքն էլ կտակի համար են էկել։

Մեծ ախպերն ասում ա.

— Մեծը ես եմ, ոսկին օրենքով ինձ ա հասնում։

Սա՝ հա, նրանք՝ չէ, սա՝ հա, նրանք՝ չէ, խոսքներն իրար ա հասնում, կռվում են, իրար տալի արնալվա անում։ Սրանց տուր ու դմփոցի ձենի վրա սրանց կնանիքն են գոմը թափվում։

Մեծ տղի կնիկն ասում ա.

— Ձեններդ կտրեցեք, հրես լսեք իմ խոսքը։ Քանի որ կտակը իրեքիդ ջոկ-ջոկ խոստացել ա, ես հրես բաց կանեմ ու իրեքիդ էլ հավասար փայ կանեմ։

Ասում ա ու քարը ետ ա տանում՝ գոմշի պոզը հանում։ Իրեք տղա ու իրեք հարս վրա են ընկնում էդ գոմշի պոզին, տեսնում են՝ պոզը դատարկ ա։ Մինել, ըհ՛ը, միջիցը մի թղթի կտոր՝ վեր ընկավ։

— Ի՞նչ եք քար կտրել տեղներումդ,— ձեն ա տալիս մեծ ախպոր խելոք կնիկը,— ոսկին էս պոզի միջին ո՞նց տեղ կաներ, թղթումը գրած կլինի, թե որտեղ ա պահած ոսկին։

Սրանց միջի գրաճանաչը մեծ տղի կնիկն ա լինում.

— Կարդա, կարդա,— հավաքվում են էս հարսի գլխին։ Թուղթը բաց են անում կարդում.

— Ով էս թուղթը առաջին անգամը կարդա, էս պոզը մտնի նրա...

— Ի՞նչ, ի՞նչ, — հարցրեց հեքիաթ լսողներից մեկը, ես չհասկացա, մին էլ ասա։

— Թամամ խոսքը,— ասավ հեքիաթ պատմողը,— մենակ էշին կասեն, դե լսի, մին էլ ասեմ՝ Ով ես թուղթը առաջին անգամ կարդա, էս պոզը մտնի նրա ...:

Ըստեղ էննենց մի ծիծաղ վեր էլավ, որ օրորոցի էրեխեքն՝ էլ զարթնեցին ու լաց էլան, կողքի գոմի կովերն էլ բառաչեցին։

— Դե, ամեն բանը չափով կանեն, որ համով լինի։— ասեց պապս,— վեր կացեք քնենք, էգուցվա ձմռան գիշերը էլի հեքիաթ կասենք։

Ոնց որ ասել ենք պապի խոսքը մեզ համար օրենք էր, սուս ու փուս մտանք տեղներս։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:28

ՃԼԵՐՔԸ

Текст:
Մի մեր ու մի տղա են լինում։ Սրանց ունեցած-չունեցածը մի ջուխտ եզն ա լինում։

Արի տես, որ մի օր մերը դժվար հիվանդանում ա։ Տղեն գլխովը պտիտ ա գալի,

— Ի՞նչ կուզես այ մերա, բալի մի բա՞ն կուտես, այ մերա։

— Սիրտս միս ա ուզում,— ասում ա մերը,— թե եզը կմորթես, էնա նրա միսը կուտեմ, թե հու չէ, բան էլա չեմ ուտիլ։

Տղեն տարակուսում ա՝ թե.

— Բա վար անելու վախտը որ էկավ, ես մի եզով ո՞նց վար անեմ, այ մերա։

— Շատ սրտով միս ուտիլ եմ ուզում,— ասում ա մերը,— վար անելու վախտը որ գա, աստված ողորմած ա, հալբաթ մի դուռը բաց կանի մեզ համար։

Դե, տղեն շատ ա սիրելիս լինում մորն էլի, չի կարենում խաթրը կոտրի, եզը մորթում ա, միսը ուտեցնում հիվանդ մորը։ Մերը կամաց-կամաց լավանում ա, ոտի ա կանգնում։

Օրեր են, գալիս են՝ անց են կենում։

Վար անելու վախտը որ հասնում ՝ ա, էս խեղճ տղեն մնում ա անճար անօգնական, ախար, մի եզով ո՞նց վար անի։

— Էդ ի՞նչ ա, այ որդի,— հարցնում ա մերը,— էդ խի՞ ես նոթերդ կիտել։

— Այ մերա,— ասում ա տղեն,— բա հիմի ես ի՞նչ անեմ։

— Դարդ մի անիլ,— ասում ա մերը,— դու գութան սարքի, մի թայն էլ ինձ լծի։

Դե, խեղճ տղեն ի՞նչ աներ, աղքատ մարդու օրը սև լինի, անճարը կուտի բանջարը, լծում ա մորը եզան հետ, որ վար անի։

Հենց էդ վախտը թագավորը որսից ետ գալիս ա լինում, էս որ տեսնվում ա, շատ զարմանում ու չարանում ա.
— Կանչեցեք,— ասում ա,— էդ տղին։ Կանչում են։
— Այ աղա,— ասում ա թագավորը,— դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, մորդ դրել ես լծի տակ, որ վար անե՞ս։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես երկու եզ ունեի, մերս որ դժվար հիվանդացավ, ասեց, մի եզը մորթի, սիրտս միս ա ուզում։ Ես էլ խաթրիցը էլա ոչ, մորթեցի, կերավ՝ աստծանով լավացավ, ոտի կանգնեց։ Հիմի տեսա, որ առանց վար անելու ձմեռը սոված ենք մնալու, հենց ինքն ասաւվ՝ «լծի ինձ», ես էլ լծեցի։

— Շատ ապրես, որ մորդ խոսքը գետնովը չես տվել,— ասում ա,— հիմի մորդ վեր թող,— ասում ա թագավորը,— ես մի խամ բուղա ունեմ, թե կարաս սովորացնես՝ արի տամ քեզ։

Տղեն հետը գնում ա, տեսնում ա ի՞նչ, մի ազազիլ բուղա բան ա, որ թագավորը իսկի չի կարում սրան բանացնի։ Մի հնարով սրան կապ են անում բռնում։

Տղեն բերում ա բուղին գոմը, քիփլիկ կապում գոմումը, փորիցն էլ, պոզերիցն էլ, իրեք օր, իրեք գիշեր սոված ու ծարավ ա պահում։ Բուղեն հալից ընկնում ա։ Նոր էստեղ տղեն բերում ա մի թաս ջուր ա տալի, մի բուռը խոտ, տանում ա, եզան հետ լծում։ ՝Քիչ-քիչ ջուրն էլ ա շատացնում, խոտն էլ, էնա բուղեն սովորում ա, կարգին գութան ա քաշում եզան հետ։

Խաբարը հասնում ա թագավորին.

— Բա չես ասիլ, թագավորն ապրած կենա, էն քու ազազիլ բուղեն, եզան կողքին՝ լծան տակ իրա համար գութան ա քաշում։

— Հլա մի էդ տդին կանչեցեք,— ասում ա թագավորը,— թող գա էստեղ։

Կանչում են։

— Այ տղա,— ասում ա,— էդ ո՞նց արիր, որ դրա հախիցը էկար, բան անիլ սովորացրիր։

— Դե, էնա սովորացրի էլի,— ասում ա տղեն։

— Բաս, որ էդպես ա,— ասում ա թագավորը,— ես մի աղջիկ ունեմ, արի տամ քեզ, հարսանիք անենք, տար քեզ կնիկ։ Ի՞նչ կասես սրան։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ի՞նչ պետք ա ասեմ, դու որ տաս՝ ես էլ կառնեմ, խի՞ չեմ առնի որ։

Էհ, թագավորի աղջկա վայել հարսանիք են անում, գնում են աղջիկը բերում են տուն։ Դու մի ասիլ, սա մի ճլերք, թամբալի մեկն ա լինում, կպչում ա նստած տեղիցը վեր չի կենում։

— Էս ի՞նչ ա, այ որդի, որ բերիր մեր գլխին,– ասում ա մերը։

— Բան չկա, այ մեր,— ասում ա որդին,— ես դրան ճամփի կբերեմ, կհայացնեմ։ Դրան,— ասում ա,— Հաց ու ջռւր չտաս։ Բանն ո՞վ անի ես ու դու, հացն ո՞վ ուտի՝ ես ու դու։

Մեր ու որդի ուտում են, նրան տալիս չեն։

Մի օր, էրկու օր էտենց մնում ա, վրա իրեքը ճլերքը վեր ա կենում, իրա տակն ու ղրաղը ավլում, էլ ետ նստում։

Իրիկունը մերը տղին որ պատմում ա, տղեն ասում ա.

— Դե, դրան մի կտոր հաց տու, մի քիչ էլ ջուր։ Մերը տալիս ա։

Էգսի օրը աղջիկը վեր ա կենում, օթախի կեսը ավլում ա, ետ նստում իրա տեղը։

— Դե որ էդպես ա,— ասում ա տղեն,— բեր այ մեր, մի հացի կեսը տու, ջուրն էլ ավելացրու։

— Վույ, գրողը տանի սրանց,— մտածում ա աղջիկը,— իմ հոր տանը, առանց բան շինելու, ամեն բան էլ ուտում էի։ Հիմի սրանց տանը մինչև բան չեմ շինում, ցամաք հաց էլ չեն տալիս։

Մեկել օրը վեր ա կենում էս աղջիկը, տունն էլ ա ավլում, դուռն էլ։

— Այ մերա,— ասում ա տղեն,— դե հիմի մեզ հետ բարեբար հաց կտաս էդ աղջկան։
Դե, էլ ի՞նչ ասեմ։

Դրանից եդը էս աղջիկը խելքի ա գալի, ամեն օր վեր ա կենում, տուն ու դուռը մաքրում, ջուրն ա գնում, տան ամեն բանն անում, շփշփում։ Օրվա մի օր թագավորն ասում ա.

— Մեր ճլերքին տվինք էն տղին, հլա գնանք՝ տենանք, ի՞նչ դառավ։

Մի լավ խուրջին ա սարքում՝ գնում տեսության։

Աղջիկը շատ ուրախանում ա, շփշփալեն գալիս ա, հոր ձիու գլուխը բռնում, հորը վեր ա բերում, տուն տանում։

Կեսուրը քաշում ա ձին կապելու։ Դրանք միս են լինում եփած էդ օրը։ Աղջիկը բերում ա սխտորը տալի հորը, ասում ա.

— Այ հեր կլպի, որ իրիկունը քեզ հաց տան, թե հու չէ, սրանք քեզ հաց չեն տալ։

Թագավորը բեղի տակին ծիծաղում ա, կամաց-կամաց կլպում ա սխտորը։

Կեսուրը ետ ա գալի տեսնում ա թագավորը սխտոր ա կլպում.

— Վո՜ւյ քոռանամ ես,— ասում ա,— աղջի, էդ խի՞ ես սխտորը խնամուն տվել, որ կլպի:

— Բա մինչև բան չշինի, դուք հաց կտա՞ք դրան, ինձ տալի՞ս էիք, որ։

— Աղջի, ձենդ կտրի,— ասում ա կեսուրը,— Էդ ի՞նչ ես ասում։

— Խնամի, մի նեղանա հարսիցդ։ Դե, դուզ ա ասում, էլի,— ասում ա թագավորը,— թե անբան մարդը, թե անասունը։ Ապրի իմ ղոչաղ փեսեն, որ աղջկանս խելքի ա բերել։ Դե հիմի էկեք իսկական հարսանիքը մին էլ նորից անենք, թագուհին էլ գա, տենա իրա աչքովը, որ մեր աղջիկը էլ էն չի։

Էհ, նորից նոր հարսանիք են անում, ուրախանում, աշխարքով մին լինում։ Նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին...

Հա, ի՞նչ էի ուզում ասել, հա...

...Աստված ձեր թոռներին էլ պահի՝ մի աղջիկ-թոռն էլ ես ունեմ։ Էս հեքիաթը ես որ պատմեցի, ասեց.

— Պապի, դու ուզում ես ինձ աշխարքով մեկ խայտառակ անե՞ս։

— Չէ։— ասի,— Բալիկ ջան, դու հո խելոքացել ես, տեսար որ անունդ չտվի։ Ես իմ խոսքի տերն եմ, դու որ խելոքացել, լավ աղջիկ ես դառել, էլ խի՞ եմ անունդ տալի։ Չէ, վախիլ մի, չեմ տա։ Իմ ցավն ուրիշ ա։ Ես ուզում եմ, որ մեր հարևանի աղջիկը՝ քու էն լավ ընկերուհին լսի ու թագավորի աղջկա նման խելոքանա, դու նրան ասա, ես մի քիչ էլ կհամբերեմ, թե խելոքացավ՝ լավ, թե հու չէ՝ անունն էլ գիտեմ, ազգանունն էլ ու թե ո՞ր ուսումնարանի, ո՞ր դասարանումն ա կարդում, էդ հու գիտեմ։

Ձեզանից թաքցնեմ, աստծանից ինչ թաքցնեմ, հրես ծոցատետրումս մի քանի ճլերքի անուն կա, որ գրել են ինձ նրանց ծնողները, թե խելքի էկան՝ լավ, թե հու չէ՝ ուզեմ-չուզեմ... Դե, հու հասկացաք, էլի։ Պետքա հեքիաթիս մեջը գցեմ նրանց անունները։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:29

ԽՂՃՈՎ ՏՂԵՆ

Текст:
Եղել ա չի եղել մի հեր, մի տղա։ Տղեն որ պսակվում ա, մի սիրուն աղջիկ ա բերում հարս։ Սիրուն, որ ասում եմ, է՛, շատ սիրուն։ Ամա դե, հայտնի բան ա, նոր տուն բերած հարսը չկտրած ձմերուկ ա՝ կլեպին թամաշ անելով, շատ անգամ փորձված մարդն էլ ա խաբվում։ Արի տես որ՝ էս սիրուն կլեպ հարսը դուրս ա գալիս շատ անզգամ, կապը կտրած, կռվարար, աստծու կրակ։ Ամեն օր ալևոր սկեսրարի հետ կռվում ա, նրա էրեսին թքում, նրան անպատվում, էնենց անառակ, լկտի բաներ անում ու ասում, որ լսողը ականջները կփակի։

Ալևորի օրը թե մի օր չի լինում, էլածն էլ մթնում, սևանում ա, երբ խեղճ մարդը աչքերից զրկվում՝ կուրանում ա։ Առանց փետի չի կարենում ոտը ոտի առաջին դնի, չի կարենում մի բան էլա անի։

Մի օր էլ կնիկը ասում ա տղին։

— Ես էդ քոռին էլ չեմ կարա պահի, տար դրան մի տեղով կորցրու արի։

— Ի՞նչ ես ասում, այ կնիկ,— ասում ա տղեն,— իմ ծնողին, իմ հորը ես ո՞ւր տանեմ կորցնեմ։

— Պտի տանես, կորցնես,— ասում ա կնիկը,— թե չես տարե-կորցրե, էն օրը կգցեմ քեզ, էնենց օյին կխաղամ գլխիդ, որ աշխարքում խաղք ու խայտառակ կլինես։
Տղի սիրտը մռմռում ա, կսկիծը ջանն ա առնում, ամա ի՞նչ՝ տղեն իր տունը իրա ձեռովն ա քանդել, որ հենց առաջի օրվանից կնկա գյամը չի քաշել, նստացրել ա գլխին ու թողել, որ իր գլխին էլ, հոր գլխին էլ պոպոք ջարդի։ Հիմի նրա գյամը քաշվիլ չի։ Ճարն ի՞նչ։

Հորը խաբում ա թե՝ գնանք մի քիչ ման գանք։ Ալևորին տանում ա սարը, որ սպանի, ամա ձեռը թուլանում ա, չի կարենում դանակ քաշի հոր վրա, բերում, նստեցնում ա մի քարայրում։

— Էս ո՞ւր ենք էկել, որդի,— հարցնում ա ալևորը։

— Էս չոբանների բինեն ա,— ասում ա տղեն,— դու էստեղ կաց սպասի, ես էս ա կգամ։
Էն գնալն ա, որ գնում ա։

Հերը շատ ա սպասում, տեսնում ա, որ տղեն ուշացավ, մի ձեռը փետին, մի ձեռը պատին դեմ տալով, դուրս ա գալիս, նստում մի քարի։

— Վայ ինձ,— ասում ա,— էրեխուս բան ա պատահել, վայ թե նրան գելերը կերան, թե չէ ինչի՞ պիտի էսքան ուշանար։ Արևը մեր մտնելու վրա ա։

Մին էլ մարդկանց ձեն ա շների հաչոց ա հասնում ականջին։

— Յարաբ, էս ովքե՞ր են, տեր աստված, չլինի իմ էրեխեն մի փորձանքի ա էկել։

Էրկու չոբան են մոտկանում սրան։ Չոբաններից մինը հարցնում ա.

— Պապի, դու էստեղ ի՞նչ ես անում։

— Ւ՞նչ իմանամ, այ բալա մ,— ասում ա ալևորը,— տղես ասեց գնանք սարը, քիչ ման գանք։ Էկանք հասանք էստեղ, ասեց՝ ես մի դուրս գնամ գամ։ Չեմ գիտա ինչի ուշացավ՝ գելերը կերան, չարի էկավ էրեխես՝ ի՞նչ իմանամ, չկա։ Արևդ ապրի, մի ձեն տու, կանչի, բալի իմանա գա։

Չոբանը ձեռը դնում ա ականջին՝ մին, էրկու, տասը ձեն տալի կանչում, ամա ձենը, դնգդնգալով ետ ա գալի, հասնում իրան, ձեն տվող չկա։

— Դու սոված կլինես, պապի,— ասում ա չոբանը, արի մեզ հետ հաց ուտենք։ Հացը բրթում ա նոր կթած կաթի մեջ, մի փետի գդալ էլ դնում ալևորի ձեռը՝ «Համեցեք, անուշ արա»։

Որդուն կորցրած հոր բողազովը հաց կգնա՞։

Ալևորը չի ուզում չոբանների խաթրը կոտրի՝ մի էրկու գդալ ուտում ա ետ քաշվում.

— Կուլ չի գնում,— ասում ա,— ողորմի ձեր անցավորաց, մի դես ու դեն ման էկեք, էլի ձեն տվեք, կանչեք, բալի գտնեք իմ էրեխուն։

Չոբանները գնում են դես ու դեն ման գալի, կանչում, ձեն տալի` թե տղա ես դրե էնտեղ՝ արի տար, չկա ու չկա։

— Պապի,— ասում են,— քու տղեն քեզ խաբել ա, բերել ա էստեղ, ինքը թողել՝ փախել ա:

— Չեմ հավատա,— ասում ա ալևորը,— տղեն ո՞նց կթողնի քոռացած հորը սարումը անտեր, ինքը կգնա տո՞ւն։ Էդ հավատալու բան ա՞։

Մեծ չոբանը խելոք, բանիմաց մարդ ա լինում։ Գլխի ա ընկնում, որ էստեղ կնկա մատը կա խառը,

— Պապի,— ասում ա,— մի բան հարցնեմ, ամա չնեղանաս՝ քու հարսը հնազանդ, պատվավոր կնիկ ա՞, թե՞ անզգամ, կապը կտրած։

— Քեզանից թաքցնեմ՝ աստծուց ի՞նչ թաքցնեմ,— ասում ա ալևորը,— կապը կտրած կատաղած շանից բեթար։

— Հա, էդ ա որ կա,— ասում ա չոբանը,— էդ քու հարսն ա զոռել տղիդ, որ քեզ տանի, սպանի, յա կորցնի, ամա տղեդ սպանիլը չի ղմշել թողել փախել ա։

— Ւ՞նչ ասեմ, այ բալամ,— ասում ա ալևորը,— ասածդ խելքի մոտիկ բան ա, բալքի էտենց ա։ Ջհանդամը իմ գլուխը, մենակ թե տղես սաղ սալամաթ տուն հասած լինի։

— Դու դարդ մի անիլ, պապի։ Մենք քեզ կպահենք,— ասում ա չոբանը,— դու մեր հերը կլինես, մենք՝ քու որդիքը։

Ալևորը թող մնա չոբանների մոտ, մենք գանք խաբարը տանք ումնի՞ց, խաբարը տանք ալևորի տղիցը։

Տղեն որ հորը խաբում, թողնում փախչում ա, գալիս տուն, սիրտը կոտրած բան չի գալի աչքին, դարդախորով ա լինում։

— Ես էս ի՞նչ արի, ոնց արի,— ասում ա,— չէ՞ ես մարդ էի, հո գազան չէի՞, անբան անասուն չէի, չէ՞ որ հորս սիրում էի, ո՞նց քոռացրեց ինձ իմ անզգամ կնիկը, ոնց իմ սիրտը մեռցրեց, որ ես նրա ուզածը կատարեցի։

Քիչ ա մնում խելքը կորցնի։

— Հը՞, ի՞նչ արիր, — հարցնում ա կնիկը,— տարար՝ կորցրի՞ր:

Տղեն դարդ ու ցավից տնքում, ձեն չի հանում։

— Խլացել ե՞ս,— ասում ա կնիկը,— Քեզ եմ հարցնում ի՞նչ արիր:

— Տարա սպանեցի՝ թողի էկա։

Անզգամ դու անզգամ կնիկ՝ ի՞նչ ասի, որ լավ լինի.

— Փառք քեզ, աստված,— ասում ա,— ես լավ ազատվեցի էն քոռ ալևորին պահելուց։

Էս խոսքի վրեն, տղեն ասես նոր խելքի ա գալի, տեսնում ա, որ կնիկը, չէ թե սիրելու՝ սպանելու ա արժանի։ Վրա ա պրծնում կնկանը, մազերիցը բռնում, գետնովն ա տալի, ոտի տակը գցում՝ տուր թե կտաս, շինում աղցան։

Ամա չի հանգստանում, խեղճն՝ իրան ուտում ա, կսկիծը ջանն ա առնում։ Ոչ կարենում ա քնի, ոչ կարենում ա ուտի, լղարում, հալից ընկնում ա, մնում ա վրեն կաշին ու ոսկորը։

Մի օր էլ լիսը դեռ չբացված, վեր ա կենում՝ ընկնում սարը, որ բալքի հորը գտնի։ Տեսնում ա, հրենիկ էրկու չոբան, ոչխարի սուրուն առաջ արած, քշում են արոտատեղը։

Տղեն բարով ա տալի սրանց, բարով ա առնում, հարցնում.

— Էստեղարենք մի ալևոր տեսած չեք լինի՞։

— Ի՞նչ ալևոր։

— Աչքերից զուրկ, խեղճ ու կրակ մի ալևոր, իմ քամբախտ հերն ա, ես էլ նրա էվել քամբախտ տղեն եմ։ Ես էնենց մի բան եմ արել, որ լսված ու տեսնված չի աշխարքիս երեսին։ Նոր, հիմի եկել եմ, նրան եմ ման գալի։

Էստեղ աղեն մին-մին, կարգով պատմում ա իր գլխի էկածը, ոնց որ ես պատմեցի։

Մեծ չոբանը ականջը կախ լսում ա, ամա ջահել չոբանը՝ տաքարյուն տղա, մահակը քաշում ա, որ տղին տեղն ու տեղը խփի, սպանի՝ ընկերը սրա ձեռը բռնում ա.

— Համբերի,— ասում ա,— սպանելով բան չի դառնա։ Այ, տղա,— ասում ա,— ասենք թե քու հերը սաղ-սալամաթ ա, ու մեր կշտին ա, տանելու ես տուն, որ նորից էն անզգամը նրան տանշի, չարչարի՞։

— Չէ,— ասում ա տղեն,— էդպես բան չի լինի, ու չի լինի։ Որ արեց՝ կսպանեմ։

— Շատ միամիտ ես,— ասում ա չոբանը,— որ սպանեցիր քեզ քշելու են տաժանքի՝ գնալդ կլինի, ետ գալդ՝ չէ։ Տանդ մնացած անզգամ կնիկը էլի էն անզգամն ա. անզգամին մենակ մահ-գերեզմանը կհաղթի... Վեր կաց, հլա մի գնանք հորդ մոտ, մի տեսնենք՝ նա ի՞նչ ա ասում։

Վեր են կենում, գալիս չոբանների բինեն՝ հրենիկ հերը քարին նստած, դարդոտ, վիզը՝ ծուռ, ձեռը ծոցին։ Տղի ձենը որ լսում ա՝ փշաքաղվում ա, շունչը՝ կտրվում.

— Բալա ջան, էդ դու ե՞ս, դու էստեղ ե՞ս, դու սաղ-սալամաթ ե՞ս։ Ընկնում են իրար վզով փաթաթվում, մին կարոտից լաց լինում, մին ուրախությունից՝ ծիծաղում։ Չոբաններն էլ չեն կարենում իրենց պահեն՝ նրանց լացի հետ լաց են լինում, նրանց ծիծաղը հետ՝ ծիծաղում։ Մի քիչ որ սրտները տեղն ա ընկնում, տղեն ասում ա՝

— Վեր կաց, այ հեր, վեր կաց, շնորհակալ կենանք էս իմ չոբան ախպերներին, գնանք մեր տուն։

— Չէ, բալա ջան,— ասում ա հերը,— իմ մի ոտը էստեղ ա, մեկելը՝ գերեզմանումը՝ էսօր կամ, էգուց՝ չկամ: Գնա քու կնկա հետ, ձեր քեֆին ապրեք, մենակ թե՝ հաշտ ու սիրով եղեք իրար հետ, իմ ուզածը էդ ա։

Տղեն ընկնում ա հոր ոտները, նրա ձեռն ու ոտը պաչում, աղաչանք, պաղատանք անում, լաց լինում, էնքան լաց լինում ու վայ տալիս իր գլուխը, որ աչքերն ուռչում են ու ձենը կտրվում։ Չոբաններն էլ մի կողմից են մեջ ընկնում, մի հնարով վեր են ունում ալևորին բերում տուն։

Էլ ի՞նչ ասել կուզի, որ տղեն, տեղնուտեղը դուրս ա անում տնից էն չար ու անզգամ կնկանը։

Մենակ թե, չգիտեմ, էն տղեն թազա կնիկ առավ իր համար, թե՞ չէ։

Առաջվա կնկա ահն ու սարսափը սրտին՝ վայ թե էլ չպսակվի։

* * *

Պապս հեքիաթը որ թամամցրեց, մեր հարսներից մեկը՝

— Հայրիկ,— ասեց,— բա էդ տեսակ բան կարող ա՞ որ լինի։ Էդ էլած բան ա՞, թե շինած հեքիաթ ա։

— Էլած բան ա։

— Բա որ էլած բան ա,— ասեց հարսը,— էլ ինչի՞ ես ասում՝ «էլել ա չի էլել»։ Էնա միանգամից ասա՝ «էլել ա», ու էն անբախտ ալևորի էլ, նրա անզգամ հարսի էլ, նրա անխելք տղի անումն էլ տուր, որ բոլորն էլ իմանան։

— Ալևոր,— ասեց տատս,— դրա պատասխանը թող ես տամ։

— Ասա, Հերիքնազ,— ասեց պապս,— դու ինձանից լավ կասես։

— Հարսի ջան,— ասեց տատս,— ջահել ես։ Աշխարքը դեռ փակ ա քու աչքին։ Ձեր լսածը իսկական պատմություն ա, ամա, արի տես, որ էն տեսակ անզգամ հարսներն ու կնկա փեշի տակին խելքները կորցրած տղեքը՝ մեկն ու էրկուսը չեն, ո՞ր մեկի անունը տաս։

Հայտնի բան ա, ժամանակները փոխվել են։ Պառաված, հալից ընկած հորն ու մորը հիմի ոչ սպանում են, ոչ էլ կորցնում սարերումը, ամա էնենց են անտեր անտիրական թողնում, որ միանգամից սպանեին, էն լավ կլիներ։

Սկեսրարիդ հեքիաթները շատերն են լսում։ Ականջ ունեցողը՝ կիմանա, խիղճ ունեցողը՝ կհասկանա։

* * *

Էս իմ տատի սիրած խոսքն ա. «թող որ ականջ ունեցողը՝ իմանա, խիղճ ունեցողը՝ հասկանա»։

* * *

Մի ուրիշի էլի էդ տեսակ հեքիաթ էլ պատմեմ ձեզ, լսեք։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:31

ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ

Текст:
Ասում են, որ մի մարդ ա եղել, սրան ունեցել ա մինուճար մի տղա։ Հերը որդուն աչքի լսից ավել ա սիրել, ինքը չի կերել, որդուն ա տվել, ինքը ծարավ ա մնացել, շուրը որդուն ա հասցրել, ինքը չի հագել, որդուն ա հագցրել։ Էդպես սուրբ-սուրբ անելով, հույսը աստծուն տված, տղին մեծացնում ա, պսակում, մուրազին հասցնում։

Օրերը գալիս են իրար ետևից, գալիս են անց են կենում, գնում։ Տղեն տարիք ա առնում, հերն ավելի մեծանում, պառավում ա, աչքի լիսը խավարում, ձեռնուոտից ընկնում ա, չի կարենում մի բան էլա անի։

Տղեն տեսնում ա, որ հերը իրա վզին բեռ ա դառել, էլ երկար չի մտածում։ Մի ջվալ ա վեր ունում, էդ ոտ ու ձեռից ընկած հորը գցում ա մեջը, շալակում, տանում իրանց սարը, էնտեղ մի քերծով վեր գցում։

Ժամանակը չէ՞ որ գալիս ա, անց ա կենում, գնում։ Էս իրա հորը քերծովը վեր գցած տղի ժամանակն էլ ա հասնում, սա էլ հոր նման պառավում, ձեռուոտից ընկնում ա։

Հիմի սրա տղան ա։ Տեսնում ա, որ հերը ծանրություն ա տալիս իրան, գցում ա ջվալի մեջ, շալակում բերում սարը, քերծովը վեր գցի, ասում ա,

— Ապեր, էստեղ կաց, ես էս ա գալիս եմ։

— Որդի,— ասում ա հերը,— ես գիտեմ, թե ինչի համար ես բերել ինձ էստեղ։ Ամա տեղը էս չի, էն կողմն ա տեղը, էն քերծովը վեր գցի, ես իմ հորը, հրեն այ, էն քերծովն եմ վեր գցել։

Հոր խոսքերը որ լսում ա տղեն, ոնց որ՝ թե ուշքի ա գալիս, մտածում ա՝ թե որ ժամանակը գա, ինքն էլ պառավի, հալից ընկնի, իրա տղեն էլ պետք ա բերի սարի քերծովը վեր գցի, բան հոգի անի։

Սուս ու փուս վեր ա ունում հոր ձեռը պաչում։ Մենակ մի բան ա ասում.

— Ապի,— ասում ա,— թե կարաս բախշի իմ էս արարմունքը։

— Այ որդի,— ասում ա հերը,— մեղավորը դու չես։ Ես որ իմ հորը իմ ձեռովը չսպանեի, հիմի իմ որդին ինձ էստեղ չէր բերի։

Տղեն լավ հասկանում ա հոր խոսքերն էլ, իր աններելի արարմունքն էլ։ Հորը բերում ա տուն, պատվով պահում-պահպանում։ Երբ որ ժամանակը գալիս ա, հերը մնացած ումբրը որդուն ա տալի՝ մեռնում ա։ Տղեն մեծ պատվով թաղում ա հորը ու իրա երեխանցն էլ սովորացնում մեծի պատիվը պահելը։

— Հայրիկ,— ասեց մեր մեծ հարսը,— մի քանի տարի առաջ Հալեպ քաղաքի պատմությունն էիր արել, ի՞նչ կլինի, որ մեկ էլ ասես։

— Քյոսի, թոփալի ու քոռի պատմությո՞ւնը։

Լավ։ Պատմեմ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:32

ՔՅՈՍԻ, ԹՈՓԱԼԻ ՈԻ ՔՈՌԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Текст:
Ժամանակին մի վաճառական կար։ Իրա մեռնելու վախտը կանչեց տղին, ասեց,
— Որդիս, որդե առուտուրի կգնաս՝ գնա, Հալեպ քաղաքը մի գնա։

Հերը մեռավ, տարան թաղեցին։ Տղեն էկավ տուն.

— Այ, մեր,— ասեց,— ես պիտի գնամ Հալեպ քաղաքը։

— Այ որդի,— ասեց մերը,— չէ՞ քո հերը քեզ ասեց Հալեպ քաղաքը չգնաս։

— Ճար չկա,— ասեց տղեն,— պիտի գնամ, չունքի շիմշատ փետը շատ թանկ է ծախվում Հալեպումը։

Տղեն առավ քառասուն ղաթրի բեռ շիմշատ փետ, բարձեց, աստծու անունը տվեց, ընկավ ճամփա։

Գնաց, շատ ու քիչը աստված գիտի, մոտկացավ Հալեպ քաղաքին։ Քաղաքի դարպասները փակ էին, չունքի ուշ էր, մութն ընկել էր։ Էստեղ, քաղաքից դուրս մի խան կար։ Էդ խանիցը դուրս եկան, մոտեցան բեռներին իրեք հոգի, մինը՝ թոփալ, մինը՝ քյոսա, մինն էլ՝ քոռ։

— Ուշացել եք,— ասին,— քաղաքի խաները փակ կլինեն։ Գիշերը մնացեք մեր խանումը, առավոտը կգնաք քաղաք։

Բեռները վեր ածեցին։ Թոփալը մի բեռ շիմշատը տակովն արեց, գողացավ տարավ, կեսը՝ լցրեց օջախը, կեսն էլ դրեց թախտի տակը։ Մտան խանը, հաց կերան, խմեցին, խոսացին։ Քյոսեն ասեց՝

— Խեղճ մարդ, անտեղի էսքան ճանապարհ ա կտրել, էսքան ծախս ա քաշել, մինչի հասցրել ա էստեղ։

— Մեր վառելիքը շիմշատն ա էլի,— վրա բերեց թոփալը,— հրեսիկ օջախն էլ, թախտի տակն էլ դրանով լիքն ա,— ամա,— ասեց,— աստված ողորմած ա, հազարիցը մի հետ էկել ես Էրևանից՝ հասել Հալեպ, մեր քաղաքի համար անպատվություն կլինի, — ասեց,— որ դու դառ ու դատարկ ետ դառնաս։ Հենց էս բադիովը յոթ բարդիա ոսկի կտամ քեզ, քո ծախսդ էլա դուրս գա։

Տղի քեֆը շատ խարաբ էլավ, տեսավ, որ վնասի մեջ ա, ամա էլ ի՞նչ, հո հետը չէր տանելու քառասուն բեռ ապրանքը։

— Ջհանդամը,— ասավ,— գնամ քաղաքն էլա տենամ, թե չէ որ տուն գնացի, չե՞ն ասի թե` գնացիր Հալեպ քաղաքը՝ ի՞նչ տեսար։

Գնաց, մտավ քաղաքը, դես ման էկավ, դեն ման էկավ, վերջը մտավ մի դուքան, տեսավ մի ալևոր առուտուր ա անում։

— Բարի հաջողում,— ասեց։

— Բարով, հազար բարին եկար, ղարիբ ախպեր։ Ո՞րտեղից ես։

— Ես,— ասեց,— Էրեվանցի եմ, Փարպի գեղիցն եմ։

— Բա ի՞նչ գործով ես էկել։

— Էկել եմ,— ասեց,— քաղաքը ման գալու։ Ու բիրդան հարցրեց՝ քեզ շիմշատ փետ կունենա՞ս։

— Ինչքա՞ն։

— Մի տասը փութ,— ասեց,— հինգ փութ։

— Չէ,— ասեց ալևորը,— էստեղ Հալեպումը, հինգ ու տասը փթով շիմշատ չի լինի, որ շատ լինի չորս-հինգ գրվանքա կլինի։ Շատ էլ թանկ ա` մսխալը՝ հինգ մանեթ։

Տղեն էս որ իմանում ա, քիչ ա մնում խելքը կորցնի.

— Ապի,— ասում ա,— բա իմ քառասուն բեռ շիմշատը, հրեն էն խանումը բռնված ա։— Նոր ըստէ մին-մին պատմում ա իրա գլխին էկածը։

— Մի ճար արա,— ասում ա,— ապի, բալքի իմ բեռներս ազատեմ։

— Էդ շատ դժվար ա,— ասում ա ալևորը,— դրանք իրեք ընկեր են Քյոսեն, Թոփալն ու Քոռը, դրանք շատ մարդ են թալաներ էլի թե քեզ կարենա մի ճար անի, կանի էն խանի խոհարարը։

Էրևանցին վռազ էկավ խոհարարի մոտ՝

— Վերև աստված,— ասեց,— ներքև՝ դու։ Ես իմ ձեռը գցել եմ քու փեշը, կամ ձեռս կտրի, կամ փեշդ։

Խոհարարը սրա պատմությունը որ լսեց, մեղքն էկավ, ասեց.

— Էս անիծած Քյոսեն, Թոփալն ու Քոռը մեր Հալեպ քաղաքի անունը խայտառակում են։ Գիշերը կգնաս,— ասեց,— էն մի օթախը, օջախի ծակը բաց կանես՝ ականջ կդնես, ինչ որ պետք ա կիմանաս։

Տղեն գիշերն էկավ, օջախի ծակը բաց արեց, ականջը դեմ տվեց, մին էլ ըհը՛... Թոփալը, Քյոսեն ու Քոռը, գուշակ-գրբացն էլ հետները մտան կողքի օթախը՝

— Գուշակ-գրբաց,— ասին,— Էրևանցին քառասուն բեռ շիշմատ ա բերել, քառասուն բեռին մենք յոթ բադիա ոսկի պիտի տանք։ Քառասուն բեռը ինչքա՞ն ոսկի կբռնի, մենք ինչքան կհարստանանք։

— Նա Էրևանցի ա,— ասեց գուշակ-գրբացը,— դուք որ էդքան գիտեք, նա ձեր ութ չափը կիմանա. բալքի նա ասեց՝ յոթ բադիա ոսկի չեմ ուզում, յոթ բադիա լու եմ ուզում, որդիան կտաք էդքան լուն։

— Այ ձեր տունը շինվի,— ասեցին,— նա էդքան ոնց կմտածի, որ ասի։

Համա էրևանցին ծակովը լսում ա, հա՜։ Առավոտը որ լիսը բացվեց, սա վեր կացավ, գնաց տանուտերի կուշտը՝— ես էսօր,— ասեց,— տասը օր ա էկել եմ, իմ քառասուն բեռը դրանք բանդ են արել, կանչեք, տենանք ի՞նչ են տալի, ես տան ու տեղի տեր եմ, վեր կենամ գնամ։

Տանուտերը կանչեց Քյոսին ու Թոփալին՝

— Էս մարդին,— ասեց,— ինչ որ տալու եք, խի՞ չեք տալի, որ գնա։

— Յոթը բադիա ոսկի,— ասին,— պարտական ենք դրան տալու։ Հրեսիկ՝ տանք։
Էրևանցին էստեղ շուռ էկավ, թե՝

— Ես փողի ու ոսկու կարոտ չեմ։ Ես հազարավոր ոչխար ու տավար ունեմ։ Ամա չոբաններս քնով են ընկնում, ապրանքս ծնելու վախտը վնասվում ա։ Յոթը բադիա ոսկու տեղակ, թող ինձ տան յոթ բադիա լու, որ չոբաններս էլ չքնեն։ Չորսը էգ, իրեքը որձ։

Հալեպ քաղաքի տանուտերը շատ արդար, համ էլ շատ խելոք մարդ էր.

— Իրավունք ունի,— ասեց,— էրևանցին, իրա ապրանքն ա, կուզի ոսկու կտա, կուզի՝ լվի։ Իմացած կամ,— ասեց,— Ապարան անունով մի գեղ կա, էնտեղ ի՞նչն ա շատից շատ՝ լուն, տները լվերով լիքն են։ Բռնեք բերեք, էս պատվական մարդու ուզած հախը տվեք՝ ձեր ապրանքը տարեք։

Հալեպի տանուտերի խոսքը՝ խոսք էր։ Ո՞վ կարեր, «չէ» ասի, տեղնուտեղը գլուխը կթռցներ։

Էդ իրեք ընկերները ի՞նչ անեին։ Գնացին հասան Ապարան, տեսան որ դրուստ՝ ի՞նչն ա շատ՝ լուն։ Լվերի ձեռիցը՝ ճար ու իլլաջ չկա։ Գիշերը մինչև լուս քուն չի գալի սրանց աչքին, (չունքի անսովոր են լվակծուկի)։ Տո, անքուն մնալը ջահանդամը՝ սրանք նոր իմացան, որ լու բռնիլը ամեն մարդու հունար չի։

Էդ զահուրմար լվի մի հատը մինչի բռնում դնում էին բադիյի մեջը, որ տենան ո՞րձ ա, թե՝ էգ, էն մեկելը բադյի միջիցը դուրս էր թռչում։

Հալից ընկան էս խեղճերը, լվոտվեցին, ջանները քոր ու քոս ընկավ, տեսան, որ բան չի դառնում՝ քոռ ու փոշման ետ դառան Հալեպ քաղաքը։ ... Ըստեղ ես, մինչի նրանք Հալեպու քաղաքը կհասնեն՝ էրևանցու գլխի էկածը մի կողմ թողած, մի էրկու խոսք եմ ուզում ասեմ Ապարանու մասին։

Այո, դրուստ ա՝ կարելի ա որ, հին ժամանակ Ապարանում լուն շատ լիներ էլած, ու էդ պատճառով հեքիաթասանի բերանն ա ընկել, համա հիմի լուն ո՞վ ա ավել էնտեղ։ Հենց ես ինքս քանի անգամ էլած կամ Սպիտակի գեղարենքումը, քանի անգամ անուշ-անուշ խռմփացել եմ իմ լավ բարեկամների տներումը Ապարանու էն զով, լիսն յակ գիշերներին։

Չէ՞, մի օր հոգի ունեմ տալու, ես ո՞նց ասեմ թե Ապարանում լու տեսել եմ՝ տեսած չկամ։

Թե որ էսպես առաջանանք, շատ կարելի ա, որ էսօր-էգուց մեր գեղերումը լվի քոքը էնպես կտրվի, որ էրեխեքը մենակ գրքի միջի նկարներով ճանաչեն, թե լուն ի՞նչ տեսակ ջանավար ա։

Հիմի ետ դառնանք Հալեպ քաղաքը։ Թոփալը, Քյոսեն ու Քոռը հասան էստեղ, ասին՝ ոնց լինի մենք էդ էրևանցու հախիցը պետք ա գանք։

Սրանք մի մարդ գտան, լավ փող տվին ձեռը, ասին՝

— Էդ էրևանցին ինչ տեղ գնա հաց ուտելու, դու էլ կմտնես էնտեղ, ինչ որ նա կուզի, դու էլ կուզես, կնստեք, կխմեք, կուտեք, մասլահաթ կանեք, վերջը դրա մտքինը կիմանաս, կգաս մեզ կասես։

Գլխներդ էլ ինչ սավառնեմ, էն մարդը հացի ա նստում էրևանցու հետ ու նրա ամենայն հանգամանքը իմանում, գալիս տեղեկացնում են իրեքին։

Էգսի օրը, քուչումը, Քոռը էրևանցու առաջը կտրեց՝

— Վայ, բարո՛վ, բարով,— ասեց,— Մարտիրոս ջան— Հերդ, մերդ ո՞նց են, էն ֆլան հարևա՞նը, էն մեկել ազգակա՞նը։ Գոհություն աստծո,— ասեց,— ոնց որ փափագով ուզում էի քեզ տենայի, հիմի տեսա։ Ախր քեզնից առնելիք ունեմ, Մարտիրոս ջան։ Էն վախտը, որ ես ձեր տանը նոքար էի, դու նոր էլար մորիցդ, աչքիդ մինն էլ փուչ էր, ես իմ մի աչքը հանեցի, դրի քո աչքի տեղը։ Հիմի, Մարտիրոս ջան, իմ աչքը ետ եմ ուզում, հանի տուր ինձ։

Էս ի՞նչ ա ասում, ո՞նց թե տուր ինձ։

Էլ ի՞նչ ասեմ, բանը հասավ դիվանի։. Տանուտերը ասեց,

— Ախպեր, ո՞վ կհասկանա էս վաճառականների բանը, ինչ ասես կառ՛նեն ու կծախեն։

Կանչեց էրևանցուն.

— Էս մարդը,— ասեց,— ասում ա՝ քո աչքի մեկը սրանն ա, հիմի ուզում ա, ի՞նչ ես ասում։

Էրևանցին էստեղ մի օր ժամանակ խնդրեց։ Գիշերը մտավ էլ ետ էն օթախը, օջախի ծակը բաց արեց, ականջը դեմ տվեց, ըհը՜, իրեքն էլ գուշակ-գրբացին խոսացրին։

— Էրևանցին,— ասեց Քոռը,— Թոփալի ձեռիցը պրծավ, Քյոսի ձեռիցը պրծավ, տենանք իմ ձեռիցը ո՞նց ա պրծնելու։

— Նա էրևանցի ա,— ասեց գուշակ-գրբացը,— դուք նրա հետ չեք կարա։

— Էլ նա ի՞նչ կարա անի,— ասաց Քոռը,— որ իմացավ, թե աչքը պիտի հանեն, կթողա, կփախչի։

— Խի՞ ա փախչում,— ասեց,— գուշակ-գրբացը,— կասի, «Շատ լավ, իմ մի աչքն էլ հանեք, Քոռի էն մի աչքն էլ հանեք, դրեք կշեռքը՝ կշռեք, թե որ բարեբար լինի, տվեք նրան։

Էգսի օրը, էրևանցին հենց էտենց էլ ասեց Հալեպի տանուտերին.

— Բերեք,— ասեց,— իմ աչքն էլ հանեք, Քոռի էն մի աչքն էլ, դնենք մի կշեռքի, կշռենք, թե որ բարեբար էլավ, նրանն ա, տվեք նրան։

Քոռը էս որ լսեց, վեր կալավ Թոփալին ու Քյոսին ու էն գնալն էր, որ գնաց, մինչև հիմի էլ էրևանցու անունը որ լսում են՝ իրեքն էլ դող են ընկնում։

Նոր էստեղ էրևանցին շիմշատի բեռները ծախում ա իսկական գնովը։ Մի բեռն էլ փեշքաշ ա տալի խոհարարին։ Դե, առանց նրա խրատի, ո՞նց կարեր հաղթի էն իրեքին, ճամփա ա ընկնում դեպի Էրևան։

...Մինչև Մարտիրոսի Էրևան հասնելը, մի վկայություն էլ տամ էրեվանցիներին։ Ձեր լսածը ճշմարիտ պատմություն ա։ Ես էլ եմ տեսած Հալեպ քաղաքը, մի զարմանալի քաղաք ա, մեջը լիքը ամեն տեսակի մարդկերանցով։ Դե, մեծ քաղաքի օրենքն ա՝ լավն էլ կպատահի, վատն էլ։ Յանի մեր Էրևանումը չկա՞ն Քյոսա, Թոփալ ու Քոռ, որ լավ մտիկ անենք, կտեսնենք։

* * *

— Ալևոր,— ասեց տատս, — դու իրեք Հալեպցուց ագահության մասին պատմեցիր, արի սրանց թողնենք Հալեպում, ես ձեզ բերեմ հասցնեմ Մսրա Մելիքի թագավորությունը։

— Ասա, Հերիքնազ, ասա, դու ասա, ես մի քիչ դինջանամ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:33

ՍԱՄՎԵԼԻ ԱՌԱԿԸ

Текст:
Մեզանից շատ առաջ, որ սուտ չասեմ, վեց յոթ հարիր տարի առաջ, Ղրիմի կողմերում Սուրբ Խաչ անունով մի հայի քաղաք ա լինում։ Էս քաղաքում մի ոսկերիչ ա ապրելիս լինում իրա ընտանիքովը։ Գործը լավ ա գնում, ամա էնպես ա պատահում, որ իրեք տարի իրար վրա սովի տարի ա գալի, սա էլած-չելածը ծախում ա, վերջը հասնում էն տեղը, որ տնով-տեղով մնում են հացի կարոտ։

Սրանց ընտանիքի մեծ տղեն` Սամվելը, շատ խելոք ու աչքաբաց էրեխա է լինում, վանքի վարժարանումը կարդացած, վարդապետներից շատ բան սովորած, շատ բանի էլ իրա խելքովը հասած։

Ղրիմի Կաֆֆա քաղաքը մեծ եսիրաբազար ուներ։ Ամեն կիրակի էս բազարում եսիր էին ծախում, եսիր էին առնում, սիրուն աղջիկներ Մսրա հարեմների համար, սիրուն տղերք մամլուկների համար, ուժով տղամարդիկ՝ սև աշխատանքի համար։

Սամվելը ասավ ծնողներին.

— Տեղներս շատ նեղ ա, տարեք ինձ եսիր ծախեք, էդ փողովը մեր ընտանիքը մի քիչ կապրի, մինչև տեսնենք, թե, ի՞նչ ա գալի մեր գլուխը։

Ճարահատյալ Սամվելի ծնողները գալիս են Կաֆֆայի եսիրանոցը՝ որդուն ծախելու։ Մոտ էկավ Մսրա-Մելիքի վեզիրը, լավ նայեց, հավան կացավ Սամվելին,

— Ի՞նչ գործ կարող ես անել, ի՞նչ ա հունարդ։

— Ես ոսկերիչի տղա եմ,— ասավ Սամվելը,— Լավ եմ հասկանում ոսկեղենից ու ակնեղենից, ես շատ լավ եմ հասկանում ձիերից ու ուրիշ տանու անասուններից։ Լավ եմ հասկանում մարդկանց ո՞վ ու ի՞նչ լինելը, նրանց արարմունքից ու նիստ ու կացից։

Սամվելին առնում են ու ուղարկում են Մսրա-Մելիքին։ Հենց էդ վախտ էլ Մելիքին բերում են մի հրաշալի ձի։ Մեկն ասում ա, թե ձին հրեղեն՝ ա, մեկելն ասում ա՝ երկնային ա, մի ուրիշն էլ թե՝ ծովային ա։

Մելիքը հարցրեց.

— Սամվել, էս ձին ի՞նչ ձի ա։

— Թագավորն ապրած կենա,– ասեց Սամվելը,— էս ձին ոչ հրեղեն ա, ոչ երկնային ա, ոչ ծովային։ Բան չունեմ ասելու, էս ձիուն՝ ոչ ուտես, ոչ խմես՝ մենակ թամաշ անես։ Ամա թագավորն ապրած կենա, էս ձին շատ լավը կլինի մենակ ձմռան ու աշունքվա ցուրտ ու հով ժամանակին։ Ամառվա շոգը որ ընկավ, էս հրաշալի ձին սանձն ու կապը կտրելու ա, գնա մտնի ջուրը գոմեշների հետ, մնա ջրումը, մինչև իրիկվա հովը։

Մելիքը Սամվելի ասածին ուշ չդարձրեց, էս ձիու տիրոջը մեծ փող տվեց ու ձին առավ։ Աշունքին, ձմռանը ձին շատ լավ էր, ամա որ՝ շոգը նեղեց, էս ձին ընկնում էր գոմեշների հետ ջուրը և ճիպոտով էլ տայիր, ջրից դուրս չէր գալիս մինչև իրիկվա հովը։

Մելիքը տեսավ, որ Սամվելի ասածը հաստատվեց, հրամայեց, որ էդ օրվանից եսիրի հացին մի կես գրվանքա հաց ավելացնեն։

Անց կացավ էլի մի ժամանակ։ Մելիքի համար բերին Հնդկաստանի կողմերից մի հատ մեծ, շատ թանկագին քար, չտեսնված մի ակն։ Քարը շատ սիրուն էր, լավ պսպղում ու ցոլք էր տալիս, ամա Մելիքը կասկածի մեջ էր, կանչեց Սամվելին։

Սամվելն ասեց,

— Էս քարի միջին որդ կա։ Ես գիտեմ, թագավորն ապրած կենա, դու ինձ չես հավատա, քարը կես անիլ տու կտեսնես։

Ոսկերիչ կանչեցին, բերին քարը կես արին, որդը միջիցը դուրս էկավ։

Մելիքը շատ զարմացավ.

— Էսօրվանից,— ասավ,— էդ եսիր Սամվելի հացին մի կես գրվանքա հաց էլ ավելացրեք։

Օրերն էկան անց կացան։ Մելիքն ասեց՝ արի սրան մի լավ փորձեմ մինչև վերջը.

— Սամվել,— ասավ,— դու գիտուն ես, դու լավ ես ճանաչում մարդ-արարածին, դու ասա մի տեսնեմ՝ ես ո՞վ եմ, ի՞նչ արարած եմ։

— Դու թագավոր ես,— ասեց Սամվելը, լավ էլ մարդ ես, համա թագավորական ցեղից չես, քու մեջը թագավորական՝ արյուն չկա։ Դու ցիգանի ծագում ունես։

Մսրա-Մելիքը կատաղեց.

— Էս րոպեին սրան կախ տվեք։

Սամվելը դարձավ Մելիքին, թե.

— Թագավորն ապրած կենա, դու ինձ միշտ էլ կարող ես կախել։ Ես մենակ խնդրում եմ, որ իմ ասածի մասին մորիցդ հարցնես։

Մելիքի մերն ասեց.

— Այ որդի, դու գիտես, որ քեզանից մեծ վեց քիր ունես։ Մեր հույսը յոթի ծնունդի վրա էր, ուզում էինք տղա զավակ ունենայինք, որ հորդ մահիցը եդը նստեր Մսրա գահին։ Ամա իմ քոռ բախտիցը վրա յոթը ծնունդս էլի աղջիկ բերի։

Հերդ լավ բարեկամ ցիգաններ ուներ, որ շատ անգամ մեզ ղոնաղ էին գալիս, տասը-տասնհինգ օրով մնում մեզ մոտ, հորդ հետ ուտում, խմում, քեֆ անում։ Հենց իմ աղջիկը բերածս օրը ցիգաններից մեկի կնիկը տղա էր բերել։ Հերդ մեծ փող տվեց էդ կնկա մարդուն, իմ աղջիկը տարան նրան տվին, տղին բերին տվին ինձ։ Էդ ցիգանի տղեն դու ես, որ կաս, իմ կաթով ես քեզ սնել մեծացրել եմ։ Հիմի էս բանը գիտենք մենակ ես ու դու։ Մեռնելուցս առաջ ասեցի քեզ, հոգիս թեթևացրի, ամա դու սուս կաց, թե չէ գահը ձեռիցդ կընկնի։

Մելիքը շատ զարմացավ Սամվելի իմաստության ու խելոքության վրա, հրամայեց որ էդ եսիրի հացը օրեկան մի կես գրվանքա էլ ավելացնեն։

Անց ա կենում մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս, Մսրա-Մելիքը չի հանգստացնում, ուզում ա իմանա Սամվելը ո՞նց, ինչի՞ցը հասկացավ ձիու ինչ լինելը, անգին քարի միջի որդը, իրա՝ ցիգանի ցեղից լինելը։

— Սամվել,— ասեց,— քու տված իրեք պատասխանն էլ դրուստ դուրս էկան։ Հիմի դու ինձ հասկացրու, ո՞նց իմացար էդ բաները։

— Թագավորն ապրած կենա,— ասեց Սամվելը,— ձիու ատամներիցը ես հասկացա, որ նա առանց ծնողի մեծացած քուռակ ա եղել, գոմեշի ծիծ ա ծծել, ատամներն էլ գոմեշի ատամ են դառել ու գոմեշի ատամ մեծացել։ Ակի միջի որդը պարզ բան ա. էդպես մեծ քարը թաց, խոնավ տեղից ա հանված, դե խոնավ տեղումն էլ անպատճառ որդ կլինի։ Քարի միջի որդը, որ ուշադիր նայող լիներ աչքով էլ կջոկվեր։

— Էդ, ասենք էդպես, բա ո՞նց իմացար իմ ցիգանի ծագում ունենալս։

— Ամեն անգամ դու մի կես գրվանքա հաց էիր ավելացնում իմ եսիրական հացին։ Թագավորական ցեղի մարդը իմ իրեք պատասխաններից ամեն մեկի համար ինձ եսիրությունից կազատեր, կնստեցներ իրա կողքին, որ խելոք խորհուրդով օգնեի երկիր կառավարելուն։

— Էսօրվանից,— ասեց Մսրա-Մելիքը,— դու ազատ ես, էլ եսիր չես, դու իմ աջ կռանը պետք ա նստած լինես։ Հալալ ա քու կերած կաթը։ Մարդ ղրկենք, քու հերն ու մերը երեխանցը թող բերեն մեր քաղաքր, քեզ հետ իրանց քեֆին ապրեն։

* * *

«Սամվելի առակը» էս ա, որ կա։ Որտեղից որտեղ, յոթ հարիր տարվա տակիցը, սարեր ու ձորեր կտրել, գետեր ու ծովեր են անցել մինչև որ հասել են մեր երկիրը, պատմել են պապիս, պապս էլ ինձ, ես էլ հիմի ձեզ պատմեցի։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:34

ԻՐԵՔ ԱԽՊՈՐ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Ժամանակով իրեք ախպեր են լինում։ Իրեքն էլ շատ խելոք ու գիտուն են լինում։ Մի օր սրանք գնում են Բաղդատ, ճամփին պուճուր ախպերն ասում ա.

— Էս ճամփովն,— ասում ա,— մի ուղտ ա գնացել, մի աչքը քոռ ու առաջի ատամներն էլ թափած են եղել։

— Էդ ճիշտ ա,— ասում ա միջնեկ ախպերը,— համ էլ ուղտի բեռի մի կողմում ցորեն ա եղել, մյուս կողմում՝ մեղր։

— Էդ էլ ա ճիշտ,— ասում ա մեծ ախպերը,— ուղտին էլ նստած ա եղել մի էրկուհոգիս կնիկ։

Էսպես խոսելով, մի քիչ տեղ, որ անց են կենում, մին էլ տեսնում են, որ մինը հևիհև վազելով եկավ հասավ սրանց։

— Ձեզ ղուրբան,— ասում ա,— ուղտս կորել ա, չեք տեսե՞լ իմ ուղտը։

— Էն, որ մի աչքը քոռ ա ու առաջի ատամներն էլ թափա՞ծդ— հարցնում ա պուճուր ախպերը։

— Հա, ա՜։

— Բեռի մի թայումը ցորե՞ն էր, մեկելումը` մե՞ղր,–– հարցնում ա միջնակ ախպերը։

— Հա, հա՛։

— Ուղտի վրեն էրկուհոգիս կնիկ էր նստա՞ծ,— հարցնում ա մեծ ախպերը։

— Հա՛, հա՛, հա՛, հենց էդ ա։ որ կա,— ասում ա ուղտատերը, էդ իմ կնիկն էր ուղտին նստած։

Աղաչանք պաղատանք ա անում, որ ասեն, թե ի՞նչ էլավ էդ ուղտը, համա իրեք ախպերն էլ միաբերան ասում են, թե չեն տեսել էդ ուղտը։

Ուղտատերը չի հավատում։ (Ախր ո՞նց հավատա մարդ)։ Գնում ա խալիֆին գանգատ.

— Խալիֆն ապրած կենա,— ասում ա,— էս մարդիկը մին-մին նկարագրեցին իմ ուղտը, գիտեն, թե վրեն ինչ էր բարձած, համա ասում են, թե չեն տեսել ուղտս։

— Թե որ ուղտը չեք տեսել,— հարցնում ա խալիֆը,—որտեղի՞ց գիտեք էդ նշանները։

— Խալիֆն ապրած կենա,— պատասխանում ա պուճուր ախպերը,— որ ուղտի մի աչքը քոռ էր ու առաջի ատամները էլ վեր թափած, ես հասկացա նրանից, որ ուղտը արածելիս ա եղել ճամփի մի կռնից, խոտի մեջտեղն էլ թողած՝ կրծել ա երկու կողքիցը.

— Որ բեռի մի թայը ցորեն էր, մեկելը՝ մեղր, խալիֆն ապրած կենա, ես հասկացա նրանից, որ ուղտի անց կացած ճամփին մի կռնից ճանճեր էին նստած, մեկել կռնիցն էլ ծտեր էին թռչկոտում,— պատասխանում ա միջնեկ ախպերը։

— Որ ուղտի վրեն, երկուհոգիս կնիկ ա եղել նստած, ես հասկացա նրանից, որ էստեղ՝ որ կնիկը վեր ա էկել ուղտիցը՝ գետնին ձեռների տեղն էրևում ա, խալիֆն ապրած կենա,– ասում ա մեծ ախպերը։ Ոտի կանգնելիս, երկու ձեռը գետնին են դեմ տալիս մենակ երկհոգիս կնանիքը։

Խալիֆը մնում ա զարմացած, էս ի՞նչ իմաստուն մարդիկ են, կանչում ա սրանց պալատը՝ ճաշի։ Լավ պատիվ ա տալի, ու իրա պալատականին ասում։

— Սրանց տակը դեռ շատ բան կլի, աչք ու ականջ պահի վրներին։ Ճաշից հետո, էս իրեք ախպորն էլ տանում են մի ջոկ օթախ, որ սրանք հանգստանան։ Պալատականն ականջը դեմ ա անում դռանը, որ իմանա, ի՞նչ են խոսում, ի՞նչ չեն խոսում իրարու հետ, մին էլ, ըհը՛.

— Փլավը, որ մեզ պատվեցին, շատ լավն էր, համա ափսոս, որ բրինձը մեռլահոտ էր տալի,— ասեց պուճուր ախպերը։

— Միսն էլ պակաս միս չէր, ամա ափսոս, որ մի քիչ շան հոտ ուներ,— ասեց միջնեկ ախպերը։

— Մեր խմած գինին էլ շատ պատվական գինի էր, ամա ափսոս, որ մարդու արնի համ ու հոտ ուներ։

Պալատականը գլխապատառ վազեց խալիֆի մոտ, թե՝ խալիֆն ապրած կենա, էսենց, էսենց, էսենց բան են խոսում էն մարդիկը։

Խալիֆը կատաղում ա, արինը աչքերն ա առնում, թե ո՞նց թե ինձ հետ կերած-խմածին էդպես խոսք ասեցին։ Ասեց՝ էս րոպեին քննություն արեք, հետո ես գիտեմ արդարի ու մեղավորի դատը։

Քննություն արին էն րոպեին, ի՞նչ պարզվեց։ Արի տես, որ փլավ գցած բրինձի արտի տակին, վաղ ժամանակ գերեզմաններ են եղել էս մեկ, փլավի մսացու գառը նորածին օրերին շան ծիծ ա ծծած եղել , էս էրկու, սրանց խմած գինու խաղողը քամելու վախտը մշակը ոտը կտրել ա ու նրա արինը խառնվել ա քամածին։

Նոր էստեղ խալիֆը կանչում ա էս իրեք գիտնական ախպորտանցը, էլ ինչ պատիվ, էլ ինչ փեշքաշներ, էլ, էլ, էլ ինչ ասեմ։ Ուղտատիրոջն էլ մի ուղտ ա փեշքեշ անում, որ սիրտը կոտրած չմնա, ասում ա` դե հիմի գնա։ Թե որ կնիկդ քեզանից էր պատճառավոր, կգա, քեզ կգտնի, թե հու չէ, լավն էն ա, որ հենց ինքն ա կորել։ Բա՜։ Տեսնաս ո՞ւր կլինի կորած էն ուղտը։

* * *

— Էդպես ա,— ասեց պապս, ժողովրդի խելքին, փորձին, նրա սուր աչքին հասնող քիչ կլինի։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:35

ԱՆԶԱՎԱԿ ՀԵՐ, ՅՈԹ ՈՐԴՈՑ ՏԵՐ

Текст:
Մի կտրիճ մարդ ա լինում։ Սա ունենում ա մի սիրուն, համեստ ու հավատարիմ կին, ամա ո՞վ կհասկանա աստծու բանը։ Սրանք յոթ տարի պսակված՝ մնում են անժառանգ։ Էս մարդը սրտի նեղությունիցը, թողնում ա տուն ու տեղը, ընկնում ա աշխարքե-աշխարք, պատահածին պատմում իր դարդն ու ցավը։ Ամենն էլ խղճում են սրան, ասում ա.

— Աստվածը ինձանից էրես ա դարձրել. ինչքան աղաչեցի, ինչքան մատաղ արի՝ չօգնեց։

Վերջը սրան պատահում ա մի դերվիշ, դառնում են ճամփի ընկեր, զրից անելով՝ երկար ճամփեն կարճացնում։ Էս մարդը դերվիշին էլ ա պատմում իր դարդը, գնում են՝ շատ ու քիչը աստված գիտի, անց են կենում մեծ ու պստիկ գեղեր, շեն քաղաքներ, վերջը հասնում են մի էն տեսակ քաղաքի, որի պատերը, շենքերը, տներն ու դռները նորաշեն են, բայց միջին ապրող չկա, ամեն ինչ ամայի ա։ Հասնում են մի մեծ շենքի, տեսնում դռան առաջին մի շեղջ ոսկի, մի շեղջ էրծաթ ա կիտած։

Դերվիշը հարցնում ա.

— Թե որ աստված էս քաղաքը քեզ տա, բայց զավակ չտա, դու քաղաքը կընտրե՞ս, թե՞ զավակը։

Մարդը թե՝ քաղաքը կուզեմ։ Դերվիշն ասում ա.

— Թե, որ աստված էս ոսկին ու էրծաթը քեզ տա ու զավակ չտա, դու ոսկին ու էրծաթը կընտրես, թե՞ զավակը։

Մարդը թե՝ ոսկին ու էրծաթը։

Նոր էին դուրս էկել քաղաքի մեկել դռնովը, տեսան՝ հազարավոր մարդիկ սպանած-կոտորած, նրանց կնանիքն ու էրեխեքը գերի առած՝ քշում են երկրից դուրս։ Թշնամու զորքը թափվեց ոսկու ու էրծաթի վրա, առան, թալանեցին, կրակ տվին քաղաքը, տեղումը մնաց նրա մոխիրը։

Մարդը իր աչքովը տեսավ էս զուլումը։

Գնացին հասան մի պալատի, որ արևի տակ շողշողում էր անգին քարերով զարդարված, շուրջ բոլորը՝ մեղրահամ մրգի ծառեր ու անուշահոտ ծաղիկներ։ Քառասուն ոտք մարմարե սանդուղքով վեր ելան, աչք պիտի լիներ, որ միջի արք ու փառքը տեսներ ու խելքահան լիներ. լուսարձակ ոսկե սները, սարքած-պատրաստ կեր ու խումի սեղանը, գոհար ու մարգարտի աման-չամանով։

Չորս կողմը ման էկան, մարդ չկար։

Դերվիշը էլ ետ հարցրեց.

— Թե, որ աստված էս բոլորը տա քեզ ու զավակ չտա, դու էս բոլո՞րը կընտրես, թե զավակը։

Մարդն ասեց.

— Իմ սիրտը կպավ էս հարստությանը։

Ման գալով էկան ներքև, բակի միջին՝ մի ծով-հավուզ էրծաթի շղթայով քաշած, էստեղ-էնտեղ՝ փղի ոսկորից նստարաններ շարած, հավուզի միջին՝ ձկներ, ծառերի ու թփերի վրեն՝ ամեն տեսակի հավք ու թռչունք թառած ծլվլում են, շուրջ բոլորը ռանգ-ռանգ անուշահոտ ծաղիկներ, մի կռանը՝ շարբաթի կարմիր շատրվան, մեկել կռանը՝ դեղին շատրվան։

Էս դրախտի միջին մի արեգակի նման սիրուն աղջիկ էր նստած, մարգարտե շապիկը հագին։

Դերվիշը էս հետ էլ հարցրեց.

— Թե, որ աստվածը կամենա էս աղջիկը քեզ կին տա, նրա հերն էլ իրա ունեցած-չունեցածն էլ հետը քեզ բաժինքի տեղը տա, բայց զավակ չտա, դու ո՞րը կընտրես՝ էս ամե՞նը, թե՝ զավակը։ Մարդն ասեց.

— Քառասուն զավակ ունենամ, քառասուն կնիկ՝ բոլորին կթողնեմ, թե էս աղջիկը ինձ առնի։

Սրանք հենց որ դուրս էկան էդտեղից, մին էլ վրա տվին ձիավորները, թրավորները։ Նրանց մեծը ձեն տվեց.

— Աղջկա հորը սըպանենք, ծառաներին կոտորենք, աղջկան տանենք։

Ամեն ինչ ավերեցին, փչացրին, ջարդ ու փշուր արին, շենքն ու շինվածքը կրակ ավին, էրեցին։ Մինչև մարդը ուշքի եկավ, ամեն ինչ վերջացած էր. մենակ թեթև քամին էր դես ու դեն ցրում կրակի տակի մնացած մոխիրը։

— Տեսա՞ր, ինչ էր ու ինչ եղավ,— ասեց դերվիշը մարդուն։–— Շատ ունենալուն, մեծ ունենալուն, գեղեցիկ ունենալուն. էս ա, էս իրեք բանին տիրապետելուն դեմ ա թշնամին ու աշխարքը։ Չափը անցկացնողի գլխին ուշ թե շուտ էս փորձանքը պետք ա պատահի։ Դու շատ սխալ ես,— ասեց,–— դու չգիտես էն քաղցրությունը, որ մարդը վայելում ա իրա չափավոր վիճակի մեջ, իրա տանը, իրա համեստ ու հավատարիմ կնկա հետ։ Զավակն ա աշխարքի ամենամեծ մխիթարանքն ու երանությունը։ Աստված գիտեր քու սիրտը, դրա համար ա, որ զավակ չի տվել քեզ։ Էս բոլորը տեսնելուց հետո,— ասում ա դերվիշը,— գնա փառք տու քու աստծուն՝ աստվածը կարող ա զավակ տա քեզ։

Էդ օրվանից էս մարդու աչքի փառը վեր ընկավ, հասկացավ աշխարքի խերն ու շառը. մտածեց, տեսավ, որ անցկացրած յոթը տարումն էլ տանջվում էր նախանձից, որ ուրիշները որդիք, ժառանգ ունեն, ինքը՝ չունի, էլած հարստությունը գնալու ա կորչի։

Մարդը՝ կես մարդ էր։ Հիմի իսկական, խելոք մարդ դառավ։ Գոհ մնաց իր օր ու կյանքից: Օրենը յոթ անգամ փառք էր տալիս իր աստծուն։ Աստվածն էլ, մեռնեմ նրա արդարությանն ու զորությանը, քաղցր աչքով նայեց վերևից։ Էս մարդու համեստ ու հավատարիմ կնիկը յոթ անգամ, իրար հետևից ծունկը գետինը տվեց, յոթ հատ թառլան տղա բերեց։

Կատարվեց դերվիշի խոստացածը՝ աստվածը զավակներ տվեց։

Էսպես էլավ էս պատմությունը, որ
Կար մի անժառանգ անզավակ հեր
Աստծով դառավ յոթը որդու տեր։

* * *

Հարստությունը, շատ անգամ մարդուն քոռացնում ա, մարդավարությունը կորցնել ա տալիս, համա հալալ կաթնակեր մարդը իրա մարդավարությունը չի կորցնում։

Այ, պատմեմ, լսեք։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:35

ՈՍԿՈԻ ԱՐՏԸ

Текст:
Էս հեքիաթը ես մեր մեծերից եմ լսել, սրանք էլ իրանց պապերից, պապերն էլ հայտնի բան ա, իրանց մեծերից։

Պռոշ թագավորի օրով էրկու դրկից-հարևան են լինում։ Սրանցից մեկի եզները ձմեռը սատկում են, սա չի կարում ինքը վար անի, էն մեկել հարևանը սրա արտի էրեսը մի տարի ժամանակով առնում ա, որ ինքը նրա արտումը վար անի, ցանի, հունձը հավաքի։

Գարունքը, որ բացվում ա, սա գութանը լծում ա, սկսում ա վար անել, գութանի խուփը բիրդան մի պղինձ ոսկի ա հանում։ Սա լծկանը թողած արորում, վազում ա հարևանին թե.

— Աչքդ լուս, քու արտի միջիցը մի պղինձ ոսկի դուրս եկավ, արի տար։

— Չէ,— հակառակում ա հարևանը,— ես արտի էրեսը ծախել եմ քեզ, քու գութանի խուփն ա հանել, էդ քու բախտն ա։

Սա՝ հա, նա՝ չէ, սա՝ հա, նա՝ չէ։ Հարևանները չեն կարողանում հաշտվել, ճարները կտրած գալիս են Պռոշ թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա ոսկին գտնողը,— ես էս մարդի արտի էրեսը առել եմ, իմ գութանի խոփը սրա արտիցը մի պղինձ ոսկի ա հանել։ Ասում եմ արի, քու ոսկին առ, չէ, ասում ա, ես արտի էրեսը ծախել եմ քեզ, քու խոփն ա հանել, քու բախտն ա։ Հիմի, մնացել ենք շիվար, մեզ մի խելք սովորացրու։

— Քանի՞ տարով ես արտի էրես առել,— հարցնում ա Պռոշ թագավորը։

— Մի տարով, թագավորն ապրած կենա,— ասում ա ոսկի գտնողը։

Թագավորն դառնում ա արտի տիրոջը, թե.

— Այ մարդ, դո՞ւ ինչի չես վերցնում ոսկին։

-— Թագավորն ապրած կենա,— ասում ա արտի տերը,— ասեմ թե ինչի։ Օղորմի քու անցավորաց, օղորմածիկ իմ հերը, որ մեռնում էր, ինձ կանչեց, ասեց. «Ես էս ա մեռնում եմ, ժամանակը կգա, դու էլ պետք ա մեռնես։ Ինչ կանես-չանես, ամա ուրիշի մալ ու դովլաթին աչք չդնես։ Մի բուռ հող, մի կտոր տախտակ, մի գազ էլ կտավն ա մարդու բաժինը»։ Բարի անունը ավելի երկար կապրի, քանց չար անունը։ Հիմի թագավորն ապրած կենա, ղորթ ա, հողն իմն ա, ամա աշխատանքը իմ հարևանինն ա։ Դրա համար ա, որ չեմ վերցնում ոսկին։

Պռոշ թագավորը ընկնում ա մտածմունքի մեջ, վերջը, թե.

— Ոսկի գտնող, դու էլ ես արդար, արտատեր՝ դու էլ։ Իմ կարճ խելքով էնպես պետք ա անեք, որ ոչ քու սիրտը դառնանա, ոչ նրա։ Դու ի՞նչ ժառանգ ունես։

— Մինուճար մի տղա, թագավորն ապրած կենա,— ասում ա ոսկին գտնողը։

— Բա դո՞ւ, արդար հարևան։

— Ես էլ՝ մի աղջիկ, թագավորն ապրած կենա։

— Աստված ա ձեզ օգնել, էլ ի՞նչ ասեմ,— ասում ա Պռոշ թագավորը։ Որ էկել եք իմ ոտքը, ես չէ թե՝ իմ աստծու վճիռն եմ տալի.

— Գնացեք, պսակեք ձեր տղա-աղջիկը, ոսկին տվեք նրանց, թող իրանց քեֆին ապրեն, ձեզ էլ օրհնանք ու օղորմի տան։

— Հը, ի՞նչ կասեք։

— Ես հոժար եմ,— ասում ա ոսկին գտնողը։

— Ես էլ եմ հոժար,— ասում ա արտի տերը։

Հարևանները ուրախ սրտով գալիս են տուն, իրանց որդկերանցը պսակում, իրեք օր, էրեք գիշեր հարսանիք անում։

Թե մինչև էդ դրկից-հարևան էին՝ հօրես դենը դառնում են ոնց որ հալալ ախպեր։
Արտի անունն էլ դնում են՝ ոսկի արտ։

* * *

— Դե, հարևան էլ կա, հարևան էլ:
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Օտար հեղինակների հեքիաթներ
    1, 2 Армине » 05 сен 2008, 12:31
    19 Комментарии
    130094 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    05 окт 2008, 23:57
  • ՀԵՔԻԱԹՆԵՐ
    Генрих Бабаджанян » 18 фев 2017, 12:31
    4 Комментарии
    11216 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    01 фев 2019, 15:17