СТАНЬ VIP

Հայ ժողովրդական հեքիաթներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:12

ԷԾԻ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Ժամանակով մի մարդ կար։ Դրան ուներ մի կնիկ, մի հատ էլ էծ։ Էլ բան չուներ։ Էծը կթում էին, ուտում։ Օրերի մի օրը դրա կնիկն ասեց.

— Տար էծը ծախի, համ էծը բեր, համ փողը բեր։

— Այ կնիկ,— ասեց մարդը,— ես ո՞նց էծը ծախեմ, որ համ էծը բերեմ, համ էլ փողը։

— Ոնց ուզում ես արա,— ասեց կնիկը,— հո առանց կաթի չենք մնալու։

Մարդը ծոծրակը քորեց, էծն առաջ արեց քշեց քաղաք: Առավոտ էր, մարդն ընկավ քուչեքը բղավելով,

— Էծ եմ ծախում, լավ էծ եմ ծախում։

Խաշ ծախողը նոր էր դուքանը բաց արել, խաշ էր ծախում։

— Ի՞նչ տամ էծիդ,— հարցրեց։

— Մի աման խաշ տուր, էծը տամ քեզ։

— Որ էդպես ա,— ասեց խաշատանը,— արի կեր։

Էս մարդը նստեց, մի աման խաշը ախորժակով կերավ, մատները լիզեց, էծն առաջ արավ, որ գնա։

Խաշ ծախողը դրա յախիցը բռնեց

— Էդ ո՞ւր ես քշում իմ էծը։

— Մի աման խաշ ես տվել,— ասեց մարդը,— ուզում ես էծս ձեռիցս առնե՞ս։

Նա սրան ուշունց տվեց, սա՝ նրան, կռվեցին։ Ժողովուրդ հավաքվեց, ասեցին.

— Ամոթ չի՞, խի՞ եք կռվում։

— Այ ժողովուրդ,— ասեց իծատերը,— էս անիրավը մի աման խաշ ա տվել, ուզում ա տասը-տասնհինգ մանեթանոց էծը ձեռիցս առնի։

Էս ու էն կողմից բամփեցին խաշ ծախողի գլխին.

— Ամոթ չի,— ասին,— մի աման խաշի համար ուզում ես էդ խեղճ մարդի էծը ձեռիցը առնե՞ս։

Իծատերը բեղերը սրբելով, էծը քշեց գնաց, «էծ եմ ծախում, այ լավ էծ եմ ծախում»։

Գաթա ծախողը ձեն էր տալիս բազարում.

— Այ լավ գաթա, տաք-տաք գաթա, ուտողը գիտի, չուտողն ի՞նչ գիտի։

Իծատերը ձենը բարձրացրեց.

— Այ լավ էծ, այ չաղ էծ, կթողը գիտի, չկթողը ի՞նչ գիտի։

— Ի՞նչ տամ էծիդ,— հարցրեց գաթա ծախողը։

— Իմ փորով մին գաթա տուր, ուտեմ,— ասեց էծատերը,— էծը տամ քեզ։

— Որ էդպես ա, արի կեր։

Մարդը նստեց գաթան անուշ արավ իր փորովը մեկ, փշրանքներն էլ հավաքեց բերանը գցեց, էծը քշեց, որ գնա։ Գաթա ծախողն ասեց,

— Էդ ո՞ւր ես տանում իմ էծը։

— Իմ էծն ա,— ասեց էծատերը,— ուր ուզում եմ, տանում եմ։

— Բա գաթեն խի՞ կերար, որ էծը չես տալիս ինձ։

— Անխիղճ, անիրավ, մի կտոր գաթա ես տվել կերել եմ, ուզում ես էս եքա էծը ձեռիցս առնե՞ս։

Կռվեցին։ Իրար տվին։ Մարդիկ հավաքվեցին՝ էդ ի՞նչ ա, ինչի՞ եք կռվում։

— Այ ժողովուրդ,— ասեց իծատերը,— մի կտոր գաթա ա տվել, կերել եմ, ուզում ա էս եքա էծը ձեռիցս առնի։

— Տո, բա դու ամոթ չունե՞ս,— ձեն տվին գաթա ծախողին էս ու էն կողմից գլխին բամփեցին, էծը խլին, տվին տիրոջը՝ գնաց։

Գնաց, գնաց, բազարի մեկել ծերին տեսավ հալվաչին հալվեն գլխին դրած գոռում ա,

— Հալվա, այ լավ հալվա, այ քաղցր հալվա` ուտողը գիտի, չուտողն ի՞նչ գիտի։
Մարդն էլ էն կողմիցը գոռաց.

— Էծ եմ ծախում, էծ, այ լավ էծ, այ չաղ էծ, կթողը գիտի, չկթողը ի՞նչ գիտի ։

— Ինչ տամ էդ էծիդ.

Թե.

— Մի փոր հալվա տուր ուտեմ, էծը տամ քեզ։

— Հա , որ էդպես ա, արի կեր։

Մարդը հալվեն փորով մեկ կերավ, կշտացավ, բեղերը սրբեց պատռած չուխի թևերով, էծը քշեց որ տանի, հալվաչին յախիցը բռնեց։

Էլի խոսք ու կռիվ, իրար տվին, կռվեցին, էլի մարդիկ գլխներին հավաքվեցին, էծը խլեցին հալվաչու ձեռիցը, տվին իծատիրոջը, դուրս բերին բազարիցը։

Իրիկնացել էր, մթնել։ Տեսավ, հրենիկ մի տուն, ասավ,

— Ես պետք ա մնամ էդ տանը։ Կես գիշերով ո՞ւր գնամ։

Մտավ էդ տան գոմը, ուզեց քնի, մին էլ տեսավ, որ դրանց դուռը ծեծեցին, մի կնիկ դուրս եկավ, դուռը բաց արեց։ Էս իծատերը տեսավ, որ տուն մտնողը խաշ ծախողն էր։ Սա մատը կծեց, ասեց.

— Էստեղ մի բան կա, սպասենք տեսնենք սրա վերջն ինչ կլի։ Մի քիչ էլ անց կացավ, դուռը մեկ էլ ծեծեցին։

— Վո՜ւյ, մարդս կլի,— ասեց էն կնիկը,— գնա մտի գոմը, թե չէ մարդս որ գա, քեզ տեսնի, կտա կսպանի։

Խաշ ծախողը վռազ մտավ գոմը, դիպավ իծատիրոջը.

— Ո՞վ ես, որ էկար էստեղ,— ձեն տվեց իծատերը։

— Սուս, ես եմ, մի գռռա։ Ի՞նչ ես անում էստեղ։

— Էծ եմ ծախում։ Էծ, այ լավ էծ, այ չաղ էծ...

— Ձենդ կտրի՛։ Իծիդ գինը ի՞նչ ա։ — Տասը մանեթ։

— Առ տասը մանեթդ, ձենդ կտրի։

Իծատերը փողը դրեց ծոցը, թինկը տվեց խաշ ծախողին, մթամ քնում ա։ Դուռն էլի ծեծեցին։ Հիմի էլ գաթա ծախողը տուն մտավ։ Մի կես ժամ անց, որ դուռը նորից ծեծեցին, էս գաթա ծախողը գլխապատառ իրան գցեց գոմը դիպավ իծատիրոջը։

— Էդ ո՞վ ես։ Ինչի՞ ես ինձ խփում։

— Ձենդ կտրի, հանկարծ դիպա, ի՞նչ ես անում էստեղ, անամոթ, սուտասան։

— Ամոթովն ու դրուստ խոսողը դու ե՞ս, որ մտնում ես ուրիշի կնկա ծո՞ցը, ես էծ եմ ծախում։ Է՜ծ, այ լավ է՜ծ, այ...

— Ձենդ կտրի՛, ես կառնեմ էծդ, ի՞նչ ա դրա գինը։

— Տասնհինգ մանեթ։

Իծատերը փողն առավ, դրեց ծոցը, ոտները մեկնեց, պառկեց գոմի դռան առաջին։ Խռմփում ա, մթամ թե քնած ա։

Դրանց դուռը էլի ծեծեցին։ Էս անգամ հալվաչին տուն մտավ։

— Տենաս, էդ անառակ կնիկը քանի սիրեկան ա պահում,— միտք էր անում իծատերը։ Մինչև սա մտքումը հաշիվ էր անում, դուռը նորից ծեծե-

ցին, էս հետ գոմի դուռը շրխկալեն բաց էլավ ու հալվաչին լեղապատառ իրան ներս գցեց, դեմ ընկավ էծ ծախողի ոտներին ու երեսի վրա փռվեց գետին։

— Էծս կառնե՞ս, թե գռռամ, էն կնկա մարդը գա ձեր ջանին։

— Ամա՜ն, մի՛ գոռա,— աղաչեց հալվաչին,— էծիդ գինն ի՞նչ ա, ասա տամ։

Քսան մանեթը դրեց ծոցը, թինկը տվեց, դողը բռնած հալվաչուն ասեց՝ տեսնես սրա վերջը ի՞նչ ա լինելու։

Վե՞րջը... վերջը էս կնկա մարդը էկավ տուն։ Ճամփից եկած, բեզարած, նստեց մի թիքա հաց կերավ, ասեց,

— Այ կնիկ, քնելու վախտն ա, ամա էթամ գոմը, տավարին մտիկ տամ, գամ քնենք։

— Տո, բա մեղք չե՞ս,— ասեց կնիկը,— ճամփուց էկած, ջարդված, բեզարած ես, էդուց կգնաս գոմը։ Տավարդ հո չի սատկիր:

— Ո՞նց կլինի,— ասեց մարդը,— առանց տենալու ո՞նց քնեմ, անլիզու անասուն են, բալի մի բան պակաս ա։

Ասեց ու մտավ գոմը։

Իծատերը գոռաց,

— Էդ ո՞վ ես։

Էս մարդը մնաց սառած.

— Ես էս տան տերն եմ։ Դու ո՞վ ես, որ իմ գոմումը իմ վրեն գոռում ես։

— Ես էծ ծախող եմ։

— Տո, հեռ լսողանց, քու էսենցն ու էնենցը,— ասում ա տանտերը,— խի՞, էս էծ ծախելու տեղ ա, էս բազա՞ր ա։

Սա թե՝

— Բազար չի, ինչ ա։ Բա էն խաշ ծախողը, գաթա ծախողը, հալվա ծա խողը էստեղ ի՞նչ են՝ անում, որ բազար չի։

— Ես դրանց դատը էգուց կտեսնեմ,— ասեց մարդը,— իմ լիրբ կնկանն էլ դրանց հետ։ Ի՞նչ տամ,— ասեց,— որ մարդի բան չասես, ինձ չխայտառակես։

— Քսանհինգ մանեթ։

— Առ, — ասեց,— էս քսանհինգ մանեթը, էծդ էլ գլխովդ դիպչի, առ կորի էստեղից։ Ամա թե մեկին էլա պատմես տեսածդ, իմացի, ես պատվով, փափախս գլխիս մարդ եմ՝ թիքա-թիքա կանեմ քեզ։

* * *

Իծատերը եկավ տուն, էծն էլ բերեց, փողն էլ բերեց, տվեց կնկանը։ Թե էն լիրբ կնկա ու նրա երեք սիրեկանների գլուխը ինչ բերեց էն փափախ դնող մարդը, էդ էլ հո ինքներդ գիտեք, էլ ինչ ասեմ։

* * *

— Դե բոլոր հարսներն էլ հո էն գոմատիրոջ կնկա նման չեն։ Շատ համեստ ու պատվական հարսներ էլ կան։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:13

ՀԱՐՍԸ ԽԵԼՔԻ Ա ԳԱԼԻ

Текст:
Մի մարդ ու մի կնիկ են լինում, ունենում են մի տղա։ Տղի տարիքը, որ հասնում ա, պսակում են սրան, հարս բերում տուն, միտք են անում, թե տանը մի ջուխտ ձեռ կավելանա, գործները կհեշտանա, ձեռ ու ոտ անող, էփող-թափող կլինի։

Ամա էս ջահել հարսը, որ ասես, մատը մատին լի խփում. ուտում ա, խմում, ցերեկը պառկում հանգստանում, գիշերն էլ մտնում մարդի ծոցը քնում։ Ամեն բանին բանգետ ա, տունն ավլելուն անգետ ա։ Չէ որ թամբալի համար շաբաթումը յոթ կիրակի կա։

Սի օր, էրկու օր, իրեք օր, մախլաս, մի ամիս։ Հերն ու մերը ձեն չեն հանում, չունքի չեն ուզում, որ իրենց որդու ու նրա կնկա միջին անհամություն լինի։ Ամա դե, ասիլն էլ ա ցավ, չասիլն էլ։

Միտք են անում թե ո՞նց հասկացնեն հարսին, որ ախր տանը գործ անիլ ա պետք, մերն ասում ա.

— Ալևոր,— ասում ա,— ես վեր կունեմ ավելը, տունը մթամ թե ավլելու, դու ավելը ձեռքիցս կառնես, կասես, էդ քու տարիքին հասած կնկան չի սազի, թող, ես կավլեմ։

Ես էլ կասեմ՝ էդ ո՞նց ա, որ իմ տարիքին չի սազի, բա դու ինձանից տարիքով մեծ ես, քեզ կսազի՞։

Էդպեսով, մեր հարսը գլխի կընկնի, մեր՝ ձեռիցը ավելը կառնի, ինքը կավլի։

Էգսի օրը, որ հարսը ակուշկի առաջին նստած ծամոն ծամելով, քուչովը գնացող-էկողին ա թամաշ անում, սկեսուրն ասում ա.

— Էրկու օր էլավ, էս տունը չի ավլվել, մեր ավելը հրեն դռան տակին ա, վեր՝ ունեմ, — ասում ա,— ավլեմ։

Վեր ա կենում, ավելը վեր ունում, մթամ թե՝ ավչի։ Էստեղ սկեսրարը ավելը ձեռիցը խլում ա, ասում.

— Դա ի՞նչ քու անելու բանն ա, որ ուզում ես անես։ Տարիքդ առած կնիկ ես, էդ քեզ հեչ սազական չի։ Թող, ես կավլեմ։

— Վո՜ւյ, քոռանամ ես,— ասում ա սկեսուրը,— բա տուն ավլելը քու բանն ա՞։ Թող, ես կավլեմ,— ասում ա ու ավելը մարդու ձեռիցը խլում։

Սա՝ հա՛, նա՝ չէ՛։ Ես պետք ա ավլեմ, չէ՝ ես պետք ա ավլեմ։ Հարսը մտիկ ա տալիս սրանց, ճմլկոտելռվ, ծամոնը բերանին ծոր տալով ասում ա.

— Բա, էդ ի՞նչ ա, որ դրա համար կռիվ եք անում իրար հետ։ Մի օր թող մեկդ ավլի, մի օր էլ՝ մեկդ։

Տղեն, որ տուն մտած ա լինում, էս որ լսում ա, ասում ա.

— Շատ խելոք ես ասում,— ասում ա,— ամա առ,— ասում ա,— էս մեր ավելը տալիս եմ քեզ փեշքեշ, տար հորանցդ, մորդ ձեռը տուր, թող քեզ ավլիլ սովորացնի,— ասում ա,— մինչև լավ չսովորես, ետ չգաս մեր տունը, մնա հորանցդ տանը։

* * *

Էս իմ պատմածն էլ իսկական էլած բան ա։

Մեզ էն տղի մերն ա պատմել իրենց գլխի էկածը։ Հարսի անունն էլ շատ լավ գիտեմ, համա դեռ չեմ ասի, որ չխայտառակվի աշխարքով մեկ։ Բալքի ինձ լսելուց հետո խելքի ա գալիս։

Էստեղ տատս վեր կացավ թե.

— Էդ ի՞նչ ես ասում, ալևոր,— ասում ա,— դու ուզում ես, թե հասած, մարդու գնացած կնկանը նոր տան գործ անիլ սովորացնես։ Ասում ա,— բան չի դառնալ։ Աղջկան էրեխությունիցը պետք ա բան անիլ սովորացնես։

— Դու էլ ես դրուստ,— ասեց պապս,— ամա, ո՞վ գիտա, բալքի խելքի գա էն ջահել հարսը։

— Որ խելքի գա լավ ա, խելքով մարդը ամեհի գազանին էլ կարա հաղթի, դե լսեք մի հեքիաթ էլ պատմեմ մարդու խելոք արարմունքի մասին։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:14

ԱՌՅՈԻԾԻ ՈՒ ԿԱՏՎԻ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Մի աղքատ մարդ ա լինում՝ անունը Շաբո։ Սրա ունեցածը՝ հագի շորն ա լինում, մի կացին ու մի կատու։ Էս Շաբոն ամեն օր անտառն ա գնում, մի շալակ փետ կոտրում, բերում ծախում, իրա գլուխը պահում։ Կատուն էլ՝ մուկ բռնելով ա կշտանում։

Մի անգամ էլ, կատուն հետևիցը գալիս ա ծմակը փետ անելու։ Մի ծառ ա գտնում, սկսում ա ճղատել, ամա ծառը խլոտ ա լինում, դժվար ա ճղվում, շատ ա չարչարվում էս խեղճ Շաբոն, բայց դե փորձված մարդ, սեպեր խփելով, իրա բանը առաջ ա տանում։

Սրա կատուն էլ, դես դեն ընկած, քոլի մուկ ա բռնում ուտում։ Էսպես, մկների բներ ման գալով, կատուն հեռանում ա մարդուց։ Մին էլ տեսնում ա հրեն, դեմը կանգնած ա մի առյուծ։

Էս առյուծը, զարմացած նայում ա կատվի գլխին, ոտներին, ջանին, ու ասում,

— Կատու ախպեր, դու ոնց որ մեր ազգիցը լինե՞ս։

Կատուն, թե,

— Հա, ձեր ազգիցն եմ։

— Բա որ մեր ազգիցն ես, էդ ո՞նց ա, որ էդքան պուճուր ես։

— Առյուծ ախպեր,— ասում ա կատուն,— գիդում չեմ, բանն ինչումն ա, ամա, տր դու էլ մարդու ճանկը ընկնես՝ դու էլ կպուճուրանաս։

— Կատու ախպեր,— ասում ա առյուծը,— մարդը էդ ի՞նչ բան ա, որ քեզ էդքան պուճուրացրել ա։

Կատուն թե՝ թե ուզում ես տեսնես, արի գնանք, տես։ Էրկուսով գալիս են Շաբոյի մոտ։

— Բարի օր, մարդ ախպեր,— ասում ա առյուծը։ Մարդը թե,

— Աստծու բարին։

— Մարդ ախպեր,— ասում ա առյուծը,— լսել եմ, շատ ուժով ես, արի կոխ բռնենք։

Շաբոն մին վախում ա, թե՝ ո՞նց ազատվեմ սրա ձեռիցը, մին էլ միտք ա անում, թե՝ բա խելքը մարդուն ինչի համար ա տված։

— Առյուծ ախպեր,— ասում ա Շաբոն,— դու ուժով ե՞ս։

— Հա, շատ ուժով եմ,— ասում ա առյուծը։

— Դե, որ ուժով ես,— ասում ա Շաբոն,— մի ոտդ դիր էս ծառի ճեղքումը, տեսնեմ ուժդ ինչքան ա։

Առյուծի ոտը դնում ա էն դժվար ճղվելիք ծառի ճեղքի մեջը թե չէ, Շաբոն սեպին խփում ա, սեպը դուրս ա պրծնում, առյուծի ոտը պինդ հուպ տալիս։ Դես ա ընկնում գազանը, դեն ա քաշում՝ բան չի դառնում։

Մարդը կացինն առնվում ա՝ տուր թե կտաս գազանի գլխին։

Առյուծը ձեն ա տալիս։

— Կատու ախպեր, որ քու չափ պուճուրանամ, բաց ա թողնելո՞ւ ինձ։

— Քու տունը քանդվի,— ասում ա կատուն,— որդիան ա բաց թողնելու, էնա սպանել ա պրծել։

Էսպես, մարդը իրա խելքի շնորհիվ համ գազանի ձեռիցն ա ազատվում, համ էլ կաշվիցը քուրք կարում, ձմեռները ջանը տաքացնում։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:15

ՀՆՁՎՈՐՆԵՐԸ

Текст:
Մի ամառ օր, մեր Օհանեսն ու իր տասներկու տարեկան տղեն գնում են արտը հնձի։ Մի քիչ որ հունձ են անում, սովածանում են, նստում են հաց ուտելու։ Էրկուսն էլ զոռ ուտող, հերը՝ տղիցը, տղեն՝ հորիցը բեթար ուտող են լինում։

Վերջը, որ մի օր լավ-լազաթին, կուշտ ու կուռ ուտում են, տղեն ասում ա.

— Ապի, համա թե կերանք հա՜։ Բա էսքան էլ ուտել կլինի՞։

Հերը թե՝

— Բա դե ի՞նչ կա զարմանալու, ես մի աժդահա մարդ, ղոչաղ, ասլան, ուտող, դու էլ հրես մի եքա տղա, ասլան Բալասի, ուժով, համ էլ լավ ուտող։

Բերանները սրբում են, գերանդիները ձեռներն առնում, համա հենց մի քիչ հնձում են, բեզարում են։ Տղեն թե՝

— Ապի՝ բեզարել եմ, մի քիչ դինջանանք։

Հերը թե՝

— Հա, այ որդի, ես էլ եմ բեզարել՝ դինջանանք։

Նստում են մի կուշտ էլ դինջանում, մին էլ, որ վեր են կենում, տեսնում են արտի ծերիցը մի թիքա են հնձել մենակ։

— Ապի,— ասում ա տղեն,— բա էս ո՞նց ա, ինչի՞ ենք էսքան քիչ հնձել։

Հերը թե՝

— Ապին քե մատաղ, բա դե ոնց անենք։ Ես մի պառավ, ալևոր մարդ, դու էլ մի քորփա երեխա։ Սրանից ավել ո՞նց հնձեինք։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:16

ՔՅՈԽՎԻ ԱՂՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
— Որ էս բանը կատարվեց,— սկսեց պապս,— ես դեռ հլա նոր վերևիս պռոշը աղվամազած տղա էի։

Մեր գեղի քյոխվեն մի սիրուն աղջիկ ուներ։ Էնքան սիրուն, որ գեղի ջահելները խելքամաղ էին լինում նրա համար։ Ամա աղջիկը մեկին էլա հավան չէր կենում՝ սրա աչքն ա շիլ, նրա քիթն ա ծուռ, էս մեկի բոյը կարճ ա, էն մեկելը լոլող ա։

— Ա՛յ մազդ կտրած, — ասում ա մերը, — աղջիկը գնալով հո չի պստիկանում։ Հրես դառել ես ղառթացած թուփ՝ մնացել տանը։ Էդպես հո չի լինի, բալա ջան, մեկին էլա հավան կաց՝ պրծի։

— Չէ, ա՛յ մեր,— ասում ա՝ աղջիկը,— մատանիքը մատովը պիտի, սիրածն էլ սրտովը։ Ես իմ սրտովը պետք ա ուզեմ։

— Ուրեմն, էսքան ջահելներիցը մեկն էլա քու սրտովը չի՞։

— Չէ, իմ սրտովը չի։

— Դե, մնա տանը,— ասում ա մերը,— թթու դնենք։

Հենց էդ տարին հեռու մի գեղից մի որբ ու աղքատ տղա ա գալիս, դառնում ա քյոխվին մշակ։

Հիմի արի տես, որ էդ տղեն մի շատ էլ սիրուն չի լինում, որ ասեմ, ամա դե ո՞վ կհասկանա աղջկա սիրտը։ Աղջիկը սրան որ տեսնում ա՝ խելքը կորցնում ա։ Տղեն էլ ի՞նչ ասիլ կուզի՝ սիրուն աղջիկ՝ ո՞նց չի սիրի։ Դառնում են ծամոն՝ կպչում իրար։

Աղջկա հերն՝ ու մերն էլ ի՞նչ իմանան թե սրանք Ասլի-Քյարամ դառած՝ պատահում են իրար մի օր հնձանումը, մեկել օրը՝ խոտի դեզերի տակին, ես ի՞նչ իմանամ՝ էստեղ-էնտեղ։ Քանի գնում, ավելի են տաքանում։

Կարճ ասենք՝ աղջիկը էրկուհոգիս ա դառնում։

Էդպես բանը տեսնելու համար տղամարդը քոռ ա, ամա կնիկարմատը՝ սատանա։ Մերը տեսնում ա, որ աղջիկը օրեց-օր փոխվում ա, փորն էլ քանի գնում՝ տռզում ա։

— Աղջի,— ասում ա,— քեզ մի բան ա պատահե՞լ։

Աղջիկը կարմրում ա, լիզուն լալկում, գլուխը կախ ա գցում, էդպես բանը, աղջկերքը աստծուց կթաքցնեն, ամա ուզած-չուզած ո՞ւմն ասեն չասեն, մորը պետք ա խոստովանեն` հայտնի բան ա։

— Վո՜ւյ սև կապես դու,— խփում ա ծնկներին մերը,— հիմի հորդ ի՞նչ պատասխան տանք, աղջի։

Մերը մնում ա մոլոր՝ մարդուն ասի՝ չի լինի, չասի՝ չի լինի։ Էդ խայտառակությունը ո՞նց ծածկի, որ գեղ-գեղովի չիմանան։ Քյոխֆեն իրիկունը քեֆը տեղին տուն ա գալի։

— Այ մարդ,— ասում ա կնիկը,— քեզ մի բան պիտի ասեմ։

— Էրկուսն ասա, քյոխվակին։

— Բա չես ասիլ,— ասում ա կնիկը,— էս գիշեր մի լավ երազ եմ տեսել։ Մթամ թե, մի թոռ ա էլել մեզ՝ էն տեսակ սիրուն, էնպես նախշուն, ոնց որ մեր աղջիկը։ Էս մեր թոռանը ես էի առնում ձեռս, խաղացնում, խնդում, մխիթարվում նրանով, դու էիր առնում ձեռդ՝ խաղացնում, խնդում, մխիթարվում նրանով։

— Երազդ բարին կատարի, քյոխվակին,– ասում ա քյոխվեն,— տո, տնաշեն, աղջիկդ մնացել ա տանդ թթու դրած, դու երազումդ թոռ ես տեսնում։ Վայ թե փեսին էլ ես տեսե՞։
— Հախ ասծու, տեսել եմ,— ասում ա կնիկր,— բա փեսա չունեցած, թոռը որդիան լինի։

— Էն ո՞վ էր տեսածդ փեսեն։

— Քու արևը վկա,— ասում ա կնիկը,— մեր մշակն էր։

— Ինչ ասի՞ր,— գոռում ա քյոխվեն ու վեր թռչում տեղիցը։

Նոր էստեղ կնիկը բացեիբաց պատմում ա, թե ինչն ինչոց ա։ Քյոխվեն կատաղում ա, խանչալը վեր ա ունում, որ գնա աղջկան էլ, տղին էլ սպանի, ամա կնիկը մարդու ոտքերն ա ընկնում, լաց ու կոծ անում, աղաչում-պաղատում, էնքան՝ մինչև մարդը մի քիչ փափկում ա։

— Կանչի էն հարամ լակոտին։

Տղեն գալիս ա, կանգնում քյոխվի առաջին,

— Տո, հարամ կաթնակեր,— ասում ա քյոխվեն,— համ իմ հացն ուտես, համ իմ պատվի հետ խաղա՞ս։ Ո՞նց ես, որ հրես փորդ թափեմ։

— Քյոխվա,— ասում ա տղեն,— ինչի՞ ես արնի տակ ընկնում։ Ես սիրում եմ քո աղջկան, քու աղջիկն էլ ինձ ա սիրում։ Ես էլ չեմ իմանում, թե ոնց պատահեց էդ բանը։ Մեր աչքերը մթնել էին, մեր խելքը թռել էր գլխներիցս։ Որ խաբելու լինեի, հարամ կաթնակեր՝ լինեի, կառնեի գլուխս, կփախչեի։ Ամա, հրես, առաջիդ կանգնած եմ։ Հիմի դու գիտես՝ էս իմ դոշը, էդ էլ քու խանչալը։

— Այ մարդ,— մեջ ա ընկնում կնիկը,— դու էլ լավ գիտես, որ մեր մշակը ոսկի տղա յա։ Դու չէի՞ր, ամեն օր նրա գովքն անում ինձ։ Հիմի որ էդքան լավն ա, բա ինչքան լավը կլինի, որ մեր փեսան դառնա։ Համ փեսա, համ որդի կունենանք։ Դրանց ճակատի գիրն էլ էդ ա՝ ի՞նչ անենք։

— Ճիշտ ա,— ասում ա քյոխվեն,— ամա էդ բանը, որ պսակվելուց հետո պատահեր, էլ չէինք խայտառակվի աշխարքով մեկ։

— Քու բանը չի,— ասում ա կնիկը,— դու ինձ էրկու ոսկի տու, ես դրա ճարը էնենց կգտնեմ, որ ջուրը իր ճամփովը գնա։

Վերա ունում էրկու ոսկին, գնում ա տերտերի մոտ։ Տերտերը, էնտեղ բազմած, գառան մսով փլավ ա ուտելիս լինում, եղը միրքիցը ծլլալով։ Քյոխվի կնկանը որ տեսնում ա, թևքերով եղոտ բերանն ու միրուքը սրբում ա, զկռտում ու`

— Քյոխվա կին,—- ասում ա,— խեր լինի, էս ո՞ր խաչիցն ա, էկել ես մեր տունը։

— Տեր-հայր, մեռնեմ կարգիդ,— ասում ա քյոխվի կնիկը,— քու ոտի հողն ենք, չունքի դու ամեն օր խոսում ես վերնային աստծու հետ, ամա մենք մեղքի միջին թաղված ենք։ Փորձանք ա էկել մեր գլուխը։

— Ի՞նչ փորձանք, քյոխվակին։

— Քեզանից թաքցնեմ, աստծուց ի՞նչ թաքցնեմ, էսենց, էսենց, էսենց բան։

— Յա՜,— զարմանում ա տերտերը,— էդ հո օրինաց դեմ բան ա։

— Մենք էլ գիտենք, որ օրինաց դեմ ա, ամա, որ պատահել ա, ի՞նչ ա, գնանք ջո՞ւրն ընկնենք։ Ուզում ենք, որ վռազ պսակես դրանց, լինեն հալալ մարդ ու կնիկ, որ մենք չխայտառակվենք։

— Էդ լինելու բան չի, օրշնած,— ասում ա տերտերը,— էդ չի լինի։

Օրինաց դեմ ա, քյոխվակին, ես կարա՞մ ասծու գրած օրենքը ջնջեմ։

— Մեռնեմ ասծուն,— ասում ա Քյոխվի կնիկը,— դու որ էդ բանը անես, աստված քեզ ի՞նչ ա անելու։

— Ինձ կպատժի, օրշնած, դժոխքը կգցի։

Կնիկը էրկու ոսկին դնում ա տերտերի բուռը, ասում ա,

— Ուրեմն, քյոխվի խոսքը քեզ համար հե՞չ ա։

— Օրշնած,— ասում ա տերտերը,— ո՞նց ասիր դու էդ խոսքը։ Բա, խի չէիր ասում, որ էդ քյոխվի կամքն ա։ Ես նրա խոսքը գետնովը չեմ տա։ Էդ լինելու բան ա։ Քեզ մի տանջի, քյոխվակին, ինչ եղել, եղել ա։ Դու ժամանակին պետք ա աչքդ պահեիր, որ էս բանը չպատահեր։ Նոր էլ ի՞նչ։ Աղջիկն ու տղեն բամբակ ու կրակ են, որ իրար կպան, կվառվեն։

— Այ, սև գար,— ասում ա քյոխվա կինը,— բամբակին էլ, կրակին էլ, որ էս փորձանքը մեր գլխին չբերեին։

— Մի անիծի, քյոխվակին,— ասում ա տերտերը,— աստված ողորմած ա։ Ամեն փակ՝ դուռ բաց անողը աստվածն ա։ Մի բան կանենք։ Դե վեր կաց, գնա, հարսանիքի թադարեք տես, ես դրանց կպսակեմ։ Վաղուց ա,— ասում ա,— ձեր տան քուֆթեն ու տոլմեն չեմ կերել։

Դե, էնա, վերջը սրանց պսակում են, հարսանիք անում, խաղ ասում, պար գալի։ Ամա ինչդար աղաչում են՝ նորահարսը պար չի գալի։

— Ինչդար համեստ աղջիկ ա,— ասում են հարսանքավորը, մնացել ա նստած տեղը, ոչ էրեսը շանց տվեց, ոչ բոյ ու բուսաթը։

Է, բոյն ու բուսաթը շանց տալու բա՞ն էր, որ շանց տար։

Կարճ կտրեմ՝ հարսանիքից շատ չանցած, հարսը ծունկը գետին ա տալիս բերում մի ղոչ տղա։ Գեղցիքը շատ են զարմանում,

— Աղբեր,— ասում են,— աշխարքիս օրենքը էն ա, որ ինն ամիս, ինն օր, ինն սհաթ, ինն րոպեն պետք ա թամամի, որ կնիկը էրեխա բերի։ Էս ո՞նց էլավ, քյոխվի աղջիկը վռազեց, բեռը վեր դրեց։ Տեր հայր,— ասում են,— դու ամեն օր աստծու հետ խոսում ես, աստոծն էդ բանին հոժար ա՞։

— Հոժար ա,— ասում ա տերտերը,— հոժար ա, հլա մի բան էլ էվել։ Ինչի՞ եք զարմանում։ Ձեզ օրինակ սուրբ գրքի միջի գրածը, Աստվածը երկնքումը կամեցավ՝ խեղճ Մարիամը գետնին, միամիտ, բանից բեխաբար էրկուհոգիսացավ, Քրիստոս ծնեց։ Դրա վրա չզարմացաք, նոր էկել եք զարմացել էս անմեղ հրեշտակ-աղջկա վրա՞...

Մեռնեմ աստծու կամքին։ Էտենց ա։

* * *

Դուք տերտերներից պատմեցիք, մի տերտերից էլ ես պատմեմ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:17

ԿՆՁՄՆՁՈՒԿԸ

Текст:
Իմ ջահել վախտը, մեր կողմերում մի տերտեր կար, հայ գիդի, հա՜... անումը մտքիցս ընկել ա... ինչ որիս ա, սա մի շատ ջահել ու սիրուն կնիկ ուներ, ու շատ էլ խանդոտ էր էս տերտերը։

Գլխին շատ խելք չուներ, ամա էնքան հասկանում էր, որ ինքը՝ տարիքավոր մարդ, կնիկը՝ ջահել ու սիրուն, մին էլ տեսար, մի սիրեկան ճարեց իրա համար։

Տերտերը էդ ահը սրտումը, ինչ ասես ինքն էր անում՝ ջուրը, հացը, էլ ի՞նչ ասեմ, տան ամեն բանը ինքն էր տանում-բերում, շինում-թափում։ Չէր թողնի, որ իրա տունը մտնի ծանոթ յա հարևան, ղոնաղ յա բարեկամ։

Դե, պարզ ա էլի, ի՞նչ կլիներ էդ խեղճ ջահել կնկա հալը՝ տարիքոտ ու խանդոտ տերտերը կողքին, տունը՝ շեն, ամա ինքը միջին բռնավորի պես փակված...

Մի օր էլ գեղամիջում հավաքված մի դաստա օյինբազ ջահել տղեք մարջ են գալի, թե՝ ղոչաղը նա յա, ով որ կարենա տերտերի տունը ղոնաղ ընկնի, նրա սիրուն կնկանը տեսնի, խանդոտ տերտերի գլխին օյին խաղա։

Էս տղերանցից մեկը մարջ ա բռնում՝ թե ես կանեմ։

Էգսի օրը, էս տղեն կերուխումի լավ թադարեք ա տեսնում, խուրջինը լցնում, ուսը գցում, մռութը վրա կոխած, գալիս տերտերի դուռը ծեծում։

Էդ իրիկուն էլ, երկինքը թխպոտած, մի փիս էլ շաղ ա վեր գալիս։

Տերտերը քրթմնջալով դուրս ա գալիս տանից, դուռը բաց ա անում, թե

— Էդ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում։

— Տեր հայր,— ասում ա տղեն,— ղարիբ մարդ եմ, հեռու տեղից եմ գալի, բեզարած-ջարդված եմ՝ թող դարպասի հետևին նստեմ դինջանամ, մին չի տենամ գլուխս ի՞նչ ա գալի։

— Այ տղա,— ասում ա տերտերը,— էսքան տարի ես մի ղոնախ էլա պահած չեմ իմ տանը։ Էգուց խալխն իմացան, ի՞նչ կասեն։

— Տեր հայր,— ասում ա տղեն,— քեզ մատաղ, բա էս կես գիշերին, էս բուք ու անձրևին, ես ո՞ւր գնամ։ Բա աստված չունե՞ս դու։ Թող գամ դարպասի հետևը նստեմ, որ գոնյա գյուլլի ու գազանի փայ չդառնամ։ Լուսը բացվի, նոր վեր կենամ՝ գնամ։

Տերտերը տեսնում ա ճար չկա, ասում ա.

— Դե արի, դարպասի հետևը նստի։

Ւնքը տուն ա մտնում, թե

— Այ կնիկ, բա չես ասիլ, մեզ ղոնախ ա էկել, հրեն դարպասի մոտ նստած։

— Ա տեր,— ասում ա կնիկը,— էսքան տարի մենք ղոնախի էրես չենք տեսել, հիմի նոր ղոնախ ես բերել, թողել դարպասի մոտ, անձրևի տակ։ Բա դու խիղճ ու ամոթ չունե՞ս, բա դու աստված չո՞ւնես, իմացողը ի՞նչ կասի։

— Դե լավ, լավ,— ասում ա տերտերը,— հերիք ա լեզվիդ տաս, գնամ բերեմ, թող... հաշտումը նստի։

Գալիս ա տղին թե.

— Այ ղոնախ, արի հաշտումը նստի, չթրջվես։

— Տեր հայր,— ասում ա տղեն,— նեղություն մի քաշի, էհ՜, էստեղ էլ յոլա կգնամ։
Ամա տերտերը, որ զոռում ա, տղեն վեր ա կենում, մտնում դրանց հաշտը։

Տերտերն ու տերտերակինը նստում են հացի, տերտերակինն ասում ա.

— Ա տեր, էն տղին բերել ես թողել հաշտումը, բա դու հայ-քրիստոնյա չե՞ս։ Թող գա, մեզ հետ հաց ուտի, էլի գնա մնա հաշտումը։

Տերտերը գալիս ա, որ տղին տուն տանի, տղեն թե.

— Ի՞նչ նեղություն եք քաշում, տեր հայր, բան չկա, ես էստեղ մի հանգի յոլա կգնամ։

— Չէ,— ասում ա տերտերը,— վեր կաց գնանք, հրեն տիրուհին չարանում ա վրես։

Տղի ուզածն էլ ի՞նչ ա։

Բերում ա, խուրջինը բաց անում՝ էլ միս, էլ հավ, էլ գաթա, էլ կաթնահունց, էլ արաղ, էլ գինի։ Նստում մի լավ քեֆ են անում՝ պրծնում, մինչև կես գիշեր զրից ու մասլահաթ անում, նոր վեր կենում քնում։

Գիշերը էս տղեն վեր ա կենում, կժի միջի ջուրը վեր ածում դռանը, հետո սկսում հազալ, զկռտալ, տնքալ։

— Էդ ի՞նչ ա եղել, այ ղոնախ,— հարցնում ա տերտերը։

— Ոչինչ, տեր հայր,— ասում ա տղեն,— նեղություն մի քաշի, շատ ծարաված եմ, ուզեցի, թե ջուր խմեմ, էն էլ իմ քոռ բախտիցը կժումը ջուր չկա։ Ինչ արած մի հանգի կդիմանամ։

— Չէ, օրշնյալ,— ասում ա տերտերը,— ծարավ հո չե՞ս մեռնելու, կուժն առնեմ, էթամ ջրի: Դարպասի դուռը կողպի, որ ետ գամ, քեզ ձեն կտամ, կգաս, բաց կանես։ Ամա, օրշնյալ, անունդ ասա՝ ի՞նչ անուն ձեն տամ։

— Տեր հայր,— ասում ա տղեն,— անունս համ դժվար ա, համ էլ լավը չի։ Ես որ ծնվել եմ, տատմերս ասել ա՝ էս ի՞նչ ղաշանգ բալա յա, ասես նոր ծլած կնձմնձուկ լինի։ Էդ անունով էլ կնքել են ինձ։ Ասում ա ու մտածում, թե տղերքը ինչքան են ծիծաղելու, որ լսեն էդ կանաչեղենի անունը։

Տերտերը կուժն առած, վռազ գնում ա ջրի, ետ գալի՝ դարպասի դուռը կողպած, ղոնախի անունն էլ, թարսի նման մտահան ա արել։ Այ քեզ խաթա։ ճարը կտրած դուռը ծեծում ա ու ձեն տալիս՝

— Ղոնախ, ղոնախ, դուռը բաց արա։

Տղեն օթախիցը ձեն ա տալիս՝

— Տո, քու ղոնախի հերն էլ, քու հերն էլ, շան տղա, էս կես գիշերին ի՞նչ ես էկել քունս հարամ անում։

— Մեղա աստծու,— մտածում ա տերտերը,— շաղվել եմ, համ մութ ա, համ էլ թունդ էր էն զահրումար արաղը, գլուխս ա ընկել, ուրիշի դուռն եմ ընկել։
Սրա-նրա դուռն ու դարպասը ծեծելով ման ա գալի, մարդկանց զարթնացնում, հետն էլ լավ ուշունց ուտում։

— Էսա լիսանում ա,— մտածում ա տերտերը,— ինձ որ մարդ տեսնի, կուժը ձեռիս ճամփին կանգնած, ի՞նչ կասի։ Գնամ մեր դարբնի մոտ, բանիմաց մարդ ա, բալի էն ղոնախի, ոտը կոտրեր մեր տունր չգար, անունն իմանա՞։

— Ա տեր,— ասում ա դարբինը,— խեր լինի ի՞նչ ա պատահել, էս վախտի կուժը ձեռիդ, ի՞նչ բանի ես։

— Մի ղալաթ եմ արել, ախպեր,— ասում ա տերտերը,— էսքան տարի, կնկանս պատճառով, տանս ղոնախ չեմ պահել։ Էս իրիկուն մեկը դուռս թակեց։ Սատանեն մտավ դամարս՝ մեղքս էկավ, տուն տարա, մնաց կնկանս հետ, ես գնացի ջրի, որ ետ էկա, դուռը փակ, ղոնախի անունն էլ մտահան եմ արել, թե ձեն տամ՝ դուռը բաց անի։ Հիմի էկել եմ, որ դու անունն ասես։

— Ա տեր,— ասում ա դարբինը,— բա ես ի՞նչ իմանամ քու ղոնախի անունը։

— Բան չկա,— ասում ա տերտերը,— դու ինչ կանաչեղենի անուն գիտես ասա, ես գիտեմ որն ա։

— Դե, ի՞նչ ասեմ,— ասում ա դարբինը,— կանաչեղենը էս ա էլի՝ քինձը, կոտեմը, ռեհանը, թարխունը, ավելուկը, բանջարը, էլ ո՞րն ասեմ՝ կնձմնձուկը...

—- Հա՜, հենց էդ ա որ կա, օղորմի հորդ։

Վռազ գալիս ա, դարպասի դուռը թակում, ձեն տալի.

— Կնձմնձուկ, բաց արա։

Էս տղեն, իրա գործը պրծած, դուռը բաց ա անում, տերտերի ձեռիցը կուժն առնում, տուն բերում, հետո թե`

— Դե, տեր հայր, շատ շնորհակալ եմ, ես գնամ։

— Շատ էլ լավ կանես, օրհնյալ, բարի ճանապարհ, ամա խնդրում եմ՝ օչովի չասես, որ տերտերի տանը ղոնախ ես էլել։

Դե էլ ի՞նչ երկարացնեմ։

Էս տղեն գալիս ա, հնգերտանցը ամեն ինչ պատմում։

— Թե չեք հավատում, գնացեք դարբնին հարցրեք։

Դարբինն էլ սրանց մարջ գալու խաբարը իմացած ա լինում։ Նորից մի բոլ քահ-քահ ծիծաղում են, հետո նստում մի լավ քեֆ անում, վերջն էլ տերտերի գլխին էկածը աշխարքով մեկ անում, տերտերին խայտառակում։

* * *

Դուք տերտերներիցը պատմեցիք, հիմի ես պատմեմ մեր գեղի գժերիցը։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:18

ԱՄԱՉԿՈՏ ՀԱՐՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Մի ջահել, նորապսակ հարս ա լինում։ Էս հարսը շատ համեստ ու ամաչկոտ ա լինում։ Մի օր էս հարսը օթախն ավլելու վախտը, որ կռանում ա թե թախտի տակն էլ աւվլի, բիրդան քամի ա բաց թողնում: Ամոթու կարմրում ա, ուզում ա թե գետինը մտնի, յարաբ հու մարդ չիմացավ։ Մին էլ շուռ ա գալիս, տեսնում, որ հրեն, իրենց էծը բաց դռնովը մտել ա օթախը, իմացել ա...

— Վո՜ւյ, էծ ջան, ղուրբանդ լինեմ,— ասում ա ամաչկոտ հարսը,— թե ուզում ես, ես քեզ կպաչեմ, մենակ թե սկեսրարիս էս բանը չասես։

Դե էծը՝ էծ ա, էլի իրա համար միրուքը տմտմբացնում ա։

— Չէ, չէ, էծ ջան, մի ասի, առ, կուզե՞ս քամարս քեզ տամ, մենակ թե մի ասի,— աղաչում ա հարսը, հանում ա մեջքիցը իրա քամարը՝ կապում էծի փորին։

Էծը քամարն ի՞նչ անի, ավելի ա գլուխը փախս տալի։

Հարսը տեսնում ա, որ էծը վճռել ա խաբարը տանի սկեսրարին.

— Ի՞նչ անեմ տեր աստված,— ասում ա,— առ, էս վրիս շալն էլ առ, մենակ թե չասես, ես ամոթու կմեռնեմ, ես ամոթու գլուխս կսպանեմ,— շալն էլ ա գցում էծի մեջքին։

Էհ, թե հավին նալը, թե էծին՝ շալը։ Էծը ուզում ա գլուխը շալիցն ազատի։ Խեղճ հարսի սիրտը քիչ ա մնում, թե տրաքի.

— Էլ ուրիշ բան չունեմ,— ասում ա,— էս մի հուլունքն ա մնացել վզիս, էս էլ առ, կապեմ վզիդ, մենակ թե սուս կենաս։

Էս էծը շշկլված, ուզում ա հարսի ձեռիցն ազատվի, գլխով տալիս ա, վեր գցում հարսին, պոզով դեյրի փեշը պատռում։

Հենց սրանց ղալմաղալի վախտը տուն ա մտնում սկեսուրը.

— Աղջի էս ի՞նչ խաբար ա։

Հարսը պատմում ա, թե ինչ ա պատահել։

— Վույ, քոռանամ ես, — ասում ա սկեսուրը,— օրը ցերեկո՞վ, ամա՜ն, մենակ թե ալևորը չիմանա, տանով-տեղով խայտառակվեցինք-գնացինք։

Հիմի հարս ու սկեսուր, էրկուսով են չոքում էծի առաջին, համա ինչ անում են, չեն անում, էծը գլուխը տմբացնում ա, յանի թե՝ չէ որ չէ, պետք ա, որ խաբարը տանեմ։
Էս աղաչանք-պաղատանքի վախտը տուն ա գալիս սկեսրարը.

— Էս էծին խի՞ եք թողել օթախը,— ասում ա,— այ հարսի, մի թաս ջուր տուր, ճաշվա էն աղի կողակը սիրտս վառեց։

Արի տես, որ էծը հիմի գնացել, ջրի կժի կողքին ա կանգնել։

— Աղջի, չէ՞ ասի ջուր տուր, խմեմ։

Հարսը էծի վախիցը քարացել ա, տեղումը մնացել։

— Ի՞նչ ա պատահել մեր հարսին, այ կնիկ, խի՞ չի ինձ ջուր տալի։

— Ալևոր,— ասում ա սկեսուրը,— քեզանից թաքցնեմ, աստծուց ի՞նչ թաքցնեմ, էսօր,— ասում ա,— օթախը ավլելու վախտը մեր հարսը, որ կռացել ա, թե թախտի տակն ավելի, բիրդան քամի ա բաց թողել։ Էծը էդ բանը լսել ա։ Ինչ արինք, չարինք, ճար չելավ, էծը կանգնել ա պպին՝, թե չէ որ չէ, պետք ա պատմեմ սկեսրարիդ։ Խեղճ հարսը իրա քամարն էլ, շալն էլ, հուլունքն էլ տվել ա էծին, համա ճար չի լինում։ Հիմի խեղճը վախենում ա էծիցը, որ մոտենա կժիցը ջուր ածի, տա քեզ։

Սրանց միջի խելոքը կեսրարն ա լինում.

— Նոր էլ ի՞նչ,— ասում ա,— բանը բանից անց ա կացել։ Օրը ցերեկով թախտի տակին ասի՞ր, էդ ես փորձած չունեմ։ Վախիլ մի հարսի, հրես ես էթամ մեր գրբացի մոտ, տենանք թե էդ պատահմունքը բարի՞ն, թե չարին կատարի,— ասում ա ալևորը, գնում գրբացի դուռը։

— Էսօր,— ասում ա,— մեր հարսը օրը ցերեկով օթախը ավլելիս որ կռացել ա, թե թախտի տակն էլ ավլի, բիրդան մի քամի ա բաց թողել, հիմի, հորդ օղորմի, մի գիրդ թաց արա, տենանք թե էդ պատահածի բարի՞ն կատարվի, թե՞ չարին։

Սրանց գրբացն էլ շատ խելոք ու իմաստուն ա լինում։

— Այ տնաշեն,— ասում ա,— էստեղ ի՞նչ կա, որ հլա գիր էլ բաց անեմ։ Հայտնի բան ա՝ նայած քամուն, թե որ լազաթին, ձենով ա էլել բարին կկատարի, թե հու չէ՝ անձեն ա ելել չարին կկատարի։

Ալևորը վռազ ետ ա գալի տուն, հարց ու փորձ ա անում կնկանը, իմանում ա, որ հարսը քամին զիլ ձենով ա բաց թողել, մարդ ա ղրկում զուռնաչոնց ետևից։ Դե իրանք էլ, աստծու տվածից, ունևոր օջախ։ Կեր ու խում,

քեֆ ու ուրախություն են սարքում։ Քանի որ էդ տեսակ պատահածը բարին պետք ա կատարի։

Սրանց տան տղեն, էդ ամաչկոտ հարսի մարդը իրիկնադեմ հանդիցը որ տուն ա գալիս, զուռնա դհոլի ձենը ականջն ա ընկնում։

— Էս ի՞նչ խաբար ա մեր տանը,— հարցնում ա դռանը հավաքված հարևաններին։

—Բա դու իշի ականջումը քնա՞ծ ես,— ասում են հարևանները,— հրեն սաղ աշխարքը դիտի, որ քու կնիկը օրը ցերեկով օթախն ավլելու վախտը որ կռացել ա, թե թախտի տակն էլ ավլի, բիրդան զիլ ձենով քամի ա բաց թողել։ Գրբացն ասել ա, որ էդ տեսակ պատահածը բարին կկատարի։ Դրա համար ա, որ մեծ քեֆ ու ուրախություն են սարքել։

Խեղճ տղեն էս որ՝ լսում ա.

— Տեր աստված,— ասում ա,— շատ գիժ եմ տեսել, ես էլ մի շատ խելոքներիցը չեմ, ամա մեր տան գժերը դիմանալու բան չեն։ Գլուխս առնեմ գնամ,— ասում ա,— մի ուրիշ տեղ, տենամ ուրիշ շաշեր էլ կա՞ն, թե հլե մենակ սրանք են։

Սա էլ տուն չի մտնում։ Ճամփեն ծռում ա ու ճամփա ընկնում, թե ո՞ւր, ինքն էլ չգիտի։ Մին էլ էն ա տեսնում, որ մութը վրա կոխեց։

— Տեր աստված,— ասում ա,— ի՞նչ անեմ, մենակ, կես գիշերով, էս գողի-ավազակի տարին, ճամփի միջին... էս ո՞ւր եմ ընկել...

Մի քիչ տեղ էլ որ անց ա կենում, ըհը՛, հրենիկ մի տան ճրագ ա էրեվում։ Դու մի ասի, իրա դառը մտքերովը տարված, սա չի իմացել, որ հարեվան գեղն ա ընկել: Մոտկանում ա առաջին տան դուռը ծեծում, թե՝

— Ղոնախ չե՞ք ընդունի։

— Խի՞ չենք ընդունի,— ասում են,— ղոնախն աստծունն ա։

Մախլաս, գլխներդ էլ ինչ ցավացնեմ։ Էս մարդը էստեղ գիշերը ղոնախ ա մնում։ Առավոտը, որ լիսը բացվում ա (բարին բացվի ձեզ վրա, ձեր որդկերանց վրա), սա վեր ա կենում, որ էրեսը լվանա, որ նոր մարդու էրևա (դե, հու չէր կարող անլվա «Բարի լիս» ասի («աստծու բարին» լսի), համա արի տես, որ կժի միջին ջուր չի լինում մնացած։

— Աղջի, աղջի, — ձեն ա տալիս աղջկանը տանտիրուհին,— մի աղջկավարի, թռի ջուր բեր, որ մեր ղոնախը լազաթին լվացվի։ Դե քեզ տեսնեմ, թեզ արա։

Էս աղջիկն ա: Սա որ գալիս ա մենձ ծառի տակի ախպրի կուշտը, ինքն իրեն միտք ա անում թե`

— Հիմի ես, որ մարդի գնամ, ունենամ մի տղա, անումը դնեմ Կիկոս, գդակը պոպոզ, գա վեր էլնի էս ծառին, վեր ընկնի քարին։ Նստում ա էստեղ ու լաց լինում, «Վայ Կիկոս ջան, վա՜յ...»։ Դե, ի՞նչ մեր լիներ, որ լաց չլիներ։ Մոր սիրտ ա՝ քար հո չի՞։

...Իհարկե, դուք իսկույն հասկացաք, որ սա այն ժողովրդական հեքիաթի սկիզբն է, որ մեր անմահ Հովհաննես Թումանյանը մշակել ու դարձրել է «Կիկոսի մահը»։ Իհարկե կարդացել եք։ Կարող է պատահի, որ ինձանից էլ լսած լինեք... էնա դիտեք ինչով ա վերջանում։

Հիմի ետ դառնանք, գանք ո՞ւմ, ետ դառնանք գանք Կիկոսանց։ Էստեղ Կիկոսի քելեխն են ուտում։ Ամաչկոտ հարսի մարդն էլ նրանց հետ նստած ա։ Թամադեն վեր ա կենում խոսքը տալիս Կիկոսի պապին։

— Այ ժողովուրդ,— ասում ա Կիկոսի պապը,— տղա-թոռ կորցնելը հանաք բան չիմանաք, ամա ի՞նչ արած,— ասում ա,— աշխարքի օրենքն ա, ծնվիլը որ կա՝ մեռնիլն էլ կա։ Հիմի լաց ու կոծով Կիկոսին հո չենք կենդանացնի։ Անուշ արեք,— ասում ա,— անուշ արեք Կիկոսի օղորմաթասը, որ նրա անարատ, անմեղ հոգին երկնքումը աստծու գոքին նստած հրեշտակների հետ ծափ տա, պար գա, ծիծաղի...

Էստեղ թամադեն բերանը սրբում ա, բեղերը սրում, ոլորում, աչքերը չռում ա դեպի երկինք.— Պատվելի սեղանակիցներ,— ասում ա,— վերև աստված, ներքև՝ մենք։ Բա էսքան էլ խելոք, էսքան էլ ճարտար լիզո՞ւ։ Բերնիգ ղուրբան, Կիկոսի պապ։ Էկեք, պատվելի սեղանակիցներ,— ասում ա,— առաջի բաժակը խմենք օղորմածիկ Կիկոսի խելքի ծով պապի կենացը, չունքի ամեն օջախի մեջ, որ մի խելոք մարդ չլինի, էն տունը չի կառավարվի...

— Վա՛յ ձեր տունը քանդվի,— ասում ա ամաչկոտ հարսի մարդը,— ես իմ գժերիցը փախա, եկա ընկա էս գժերի ձե՞ռը։ Ես հենց գիտեի մենակ մերոնք են՝ շաշ, մեզանից շաշերն էլ կա՞ն։ Ջահանդամը, դե որ բանը էդպես ա, լավն էն ա գնամ մեր տուն։ Իմ հալալ, անմեղ, անարատ, ամաչկոտ կնկա մոտ, մեր գժերի մոտ։ Մեկ չի՞։ Գիժը գիժ ա էլի...

* * *
— Համա դե, հայտնի բան ա, հարս էլ կա` հարս էլ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:19

ԱՐԴԱՐ ՊԱՏԻԺ

Текст:
Իմ ջահել ժամանակ, մեր հարևան թուրքի գեղումը մի մոլլա կար։ Էս մոլլեն հարևանի կնկա սիրեկանն էր։ Էս կնկա մարդն էլ գիդեր էդ բանը, տղեն էլ։ Ամա մարդը շատ հավատացյալ էր, միշտ աչքը երկինք գցած, հույսը՝ ալլահին, թե, «ծուռը ճամփով գնացողի պատիժը ալլահը կտա»։ Տղեն մի օր ասեց հորը.

— Այ հեր,— ասեց,— ես էդ մոլլին յա կխեղդեմ, յա թե՝ կսպանեմ։

— Այ որդի, այ անհավատ,— ասեց հերը,— դու դուզ ճամփով գնա, ծուռ ճամփով գնացողի պատիժը ալլահը կտա։

Տղեն շատ սպասեց, որ ալլահը մոլլի պատիժը տա՝ չտվեց։ Մի օր էլ էս տղեն մի մեծ բութիլ արաղ վեր կալավ, մոլլի ետևից էլավ, բարձրացավ մինարեթը։ Հենց որ մոլլեն ձեռը դրեց ականջին ու «Ալլահ» կանչեց, տղեն բռնեց մոլլի ձեռիցը, ասեց.— մոլլա, հլա մի մտիկ տու ներքև, տես էն ի՞նչ ա։

Մոլլեն, որ մոտկացավ ղրաղին, էս տղեն քաշեց մոլլի ոտիցն ու շուռ տվեց մինարեթից ներքև, էնենց, որ մոլլեն գետնին կպավ լավաշի պես։

Մեջիթ էկողները տեսան մոլլին, հրես գետնին փռված՝ էս ի՞նչ բան ա,— ասին,— էս ո՞նց ա պատահել,— ասին,— բարձրացան մինարեթը, ի՞նչ տեսնեն, հրես արաղի դատարկ բութուլը, ասին՝ տեղն ա էդ տեսակ մոլլին։ Շարիաթը արգելում ա հավատացյալներին գինի ու արաղ խմել։ Շարիաթի օրենքը պղծողի պատիժը ինքը ալլահն ա տվել։

Էստեղ հերն ասավ որդուն,

— Տեսա՞ր,— ասավ,— տեսա՞ր, որդի, ալլահը ո՞նց պատժեց մոլլին։

— Այ հեր,— ասեց որդին,— որ պատիժը ալլահին էր մնացել, մոլլեն դեռ շատ էր ապրելու կնգանդ հետ։

* * *

Տերտերն ու մոլլեն որ կան, տիրացուն էլ հետները պետք ա լինի։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:21

ԻՄԱՍՏՈԻՆ ՏԻՐԱՑՈԻՆ

Текст:
Մի տիրացու ա լինում։ Սրան ունենում ա մի կնիկ ու մի տուն լիքը էրեխեք։ Դրենց գեղումը ամենաաղքատն ա լինում։ Մի օր կնիկն ասում ա.

— Այ մարդ, տեսնում ես կարում չենք ապրենք, գնա տերտերի ձեռն ու ոտն ընկի, բալքի մի էրկու խզմզորիկ անի տա քեզ, գնաս կնանոնցը ասես.— գրբաց եմ, բալի մի բան տան՝ ապրենք։

— Այ տնաքանդ,— ասում ա տիրացուն,— գիր չգիտեմ, գրի սևն ու սպիտակը շոկում չեմ, գնամ ի՞նչ անեմ։

— Բան չկա,— ասում ա կնիկը,— աստված ողորմած ա, հալբաթ մի բան դուս կգա, գնա։

Էս նազարը գնամ ա տերտերին աղաչանք անում, տերտերն էլ մի էրկու խզմզորիկ ա անում, փալասի մեջ փաթաթում.

— Գնա,— ասում ա,— այ տնաքանդ, էրեխեքդ սոված կոտորվում են, բալքի մի կտոր հաց տանես նրանց։

Տիրացուն էդ գրերը վեր ա ունում ու գնում։ Գնում ա, գնում, մի ծմակում, թալի կես տեղը տեսնում ա՝ հրես մի ուղտ բարձած՝ նստած ա։ Վախում ա թե մոտ գնա, ասում ա.— Ո՞վ գիտի ի՞նչ ա վրեն բարձած, տերը դուրս կգա, խայտառակ կանի։
Գնում ա իր ճամփովը, մին էլ մի քանի մարդ սրա ճամփեն կտրում են,

— Դու ի՞նչ բանի ես էստեղ, ո՞վ ես, ի՞նչ մարդ ես։

Նրա թուք ու մուքը կպչում ա, ամա սիրտ ա առնում.

— Ես գրբաց եմ,— ասում ա։

Ասում են.

— Աստված ա ղրկել քեզ մեր հավարին։ Գրբաց ախպեր, գիրդ բաց արա, տես թե մեր կորած ուղտը որդի ա։

Սա փալասը բաց ա անում, գրին երկար մտիկ ա տալիս, թե.

— Հրեն ձեր ուղտը թալումը նստած դինջանում ա։ Ասում են.

— Ընդի շատ ենք մտիկ արել չկա։

Ասում ա.

— Գնացեք, թե էնտեղ չլինի, էկեք իմ աջու ձեռը կտրեցեք։

Էնա գնում են ու գտնում։ Էն էլ գիտենաք, որ էս ուղտի վրին թագավորի խազինեն ա լինում բարձած։ Էս գրբացին պատվով բերում են թագավորի մոտ.

— Հրես,— ասում են,— թագավորն ապրած կենա, էս իմաստուն մարդը գտավ ուղտը, խազինեն վրեն բարձած։

Թագավորն ասում ա.

— Դե սրան բաց չթողնեք, սա թող մնա ինձ մոտ, գնացեք սրա կնկանն ու էրեխանցն էլ բերեք։

Գնում են՝ բերում, մի օթախ են տալի սրանց, ինչ որ պետք ա ապրուստի համար, էլ մալ ասես, ոչխար ասես, տալիս են սրանց՝ ապահովում։

Թագավորի կնիկը իմանում ա, որ էդպես իմաստուն մարդ ա էկել, ղրկում ա իրա աղախնուն գրբացի ետևից, ասում ա.

— Իմ թանկագին մատնիքը կորել ա, թող գա գտնի, ինչ ուզի կտամ.

— Հիմի որ գլուխս կկտրեն,— ասում ա գրբացը,— տունդ քանդվի, այ կնիկ, ախր ես ո՞վ, գրբացն՝ ով։ Մի բան էլա չգիտեմ։ Գնամ ի՞նչ ասեմ։

— Վախիլ մի,— ասում ա կնիկը,— աստված ողորմած ա, գնա։

Հիմի տես՝ բանից դուրս ա գալիս, որ մատնիքը գողացել ա էն կրակի էկած աղախինը։
Սա իրա ոտով գալիս ա ընկնում գրբացի ոտները,

— Գլխիդ ու արևիդ մատաղ, մատնիքը ես եմ վերկալել, հիմի ամաչում եմ, թե իրան տամ։ Որ գիրդ բաց անես, իմ անունը տաս ու մատնիքը գտնես, թագավորը գլուխս կտրիլ կտա։ Ինչ ուզում ես՝ կանեմ, հուր-հավիտյան կլինեմ քեզ պարտական՝ ինձ սպանիլ մի տա։ Լավն էն ա մատնիքը կոխենք չոլախ ղազի բերանը, թող կուլ տա, հետո դու որ կգաս, գիրդ բաց կանես, կասես՝ հրեն մատնիքը չոլախ ղազի փորումն ա։

Էն կրակի էկած աղախինը հենց էտենց էլ անում ա։

Գալիս են թագուհու մոտ, գրբացը մտիկ ա անում իրա գրին, ասում ա.

— Թագավորի կնիկը ապրած կենա, դու գլուխդ լվանալու վախտը, մատնիքը, որ հանել ես մատիցդ, վեր ա ընկել գետնին, հրես ձեր չոլախ ղազն էլ կտցել ա, կուլ տվել։
Վեր են ունում մորթում չոլախ ղազը, մատնիքը փորիցը հանում։ Գրբացին թագուհին ջոկ, թագավորը ջոկ բոլ-բոլ փողեր են տալիս։ Թե մինչև էդ բանը կարիք չունեին, հորես դենը թագավորի լայաղ են ապրում։

Անց ա կենում մի առ ժամանակ։

Էդ գեղում մի ժամ են շինում։ Մնում ա, որ էդ ժամը, ոնց որ կարգն ա՝ խաչով, խաչվառով օծեն, մի քանի տավար ու ոչխար են մորթում, ամեն տեսակ կերակուրներ, արաղ ու գինի պատրաստում, որ օծելուցը հետո գեղով-ժողովրդով քեֆ անեն, աստծուն փառք տան, որ արժանացրել ա մի թազա ժամ էլ ունենալու։

Գրբացին էլ բերում են, վերին թարքին նստացնում, որ սա էլ խալխի առաջին, օծելուց հետո, թազա ժամը օրհնիլ տա։ Ամա դե էս ջրի տարածի բերնումը, լիզու չկա, ինչ ասի։ Մին էլ որ ետ ա մտիկ տալի, տեսնում ա, խալխը լցվել են ժամը, խեղճի սիրտը ուզում ա, թե պատռվի.

— Ես կփախչեմ,— ասում ա,— ջհանդամը, թե հետո ինձ կսպանեն։ Վեր ա թռչում տեղիցն ու փախչում։

Դրան որ փախչելիս տեսնում են, ժողովուրդը դուրս ա դառնում, որ դրան բռնի։ Հենց բոլորը դուրս են գալիս թե չէ, ժամը չոքում ա, փուլ ա գալիս։

Գալիս են գրբացի ձեռն ու ոտն ընկնում.— Էսքան խալխին դու փրկեցիր մահից,— ասում են,— քեզ պես գրբաց ու իմաստուն մարդ թե ճարվի աշխարքիս էրեսին, էլի դու ես, որ կաս։

Հիմի էն գյուղում ը սա դառնում ա թագավորին բարեբար մարդ։

* * *

Դե կացեք մի գրբացի հեքիաթ էլ ես ասեմ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:25

ԹԱՄԲԱԼԸ

Текст:
Ժամանակով մի հարուստ մարդ ա լինում, սրան ունենում ա մինուճար մի տղա։ Էս էրեխուն շատ են սիրում, նրա ամեն ուզածը կատարում։ Տան մեծ ու պստիկի համար նրա խոսքը օրենք ա լինում։ Թե ուզածը չկատարեին, էդ էրեխեն մի լաց ու վայնասուն էր գցում, որ տանով-տեղով, հարևաններով ականջները բռնում էին, որ նրա ձենը չլսեն։ Դե, գիտեք էլի. «Էրեխին հարցրին՝ ինչի՞ ես լաց լինում, ասավ խոսքս անց ա կենում, դրա համար»։

Էս տղեն քանի մեծացավ դառավ իրա ասածի, համ էլ թամբալ, հետն էլ խորամանկ տղա։ Դե որ ամեն ուզածը կատարում էին, էնքան էր թամբալացել, որ ալարում էր կերածը ծամի։ Տղի պսակվելու վախտը որ հասավ, հերը տղի համար մի խելոք աղջիկ առավ, պսակեց՝ իրա մնացած ումբրը տվեց տղին, պառկեց ու մեռավ։

Հիմի էլ էս տղեն կամ կնկա ծոցիցը դուրս չէր գալիս, կամ զարթնելուն պես վռազ մտնում էր թունդիրը, ամառ-ձմեռ թունդիրի միջիցը չէր դուրս գալիս, թե.- Վա՜յ, ես մրսում եմ, վա՜յ ես կմրսեմ, կմեռնեմ։

Հոր թողած կարողությունը մի քանի վախտ կերան պրծան՝ մնացին սոված։ Տղին ճար չէր լինում թունդիրիցը դուրս բերել, որ մի աշխատանք անի՝ օղլուշաղը պահի։

Խելոք կնիկը էրկու օր սրան քաղցած պահեց, վրա իրեք օրը, մի բուռ չամիչ վեր կալավ, չամիչը շաղ տվեց՝ սկսած թունդիրի շրթիցը՝ մինչև տան դուռը՝ ինքը տապ կացավ։ Տղեն կանգնեց թունդիրի միջին, որ դինջանա, տեսավ չամիչ ա թափած, ձեռը գցեց, կամաց-կամաց հավաքեց կերավ, որ տեսավ ձեռը էլ չի հասնում, դուրս էկավ թունդիրիցը, հավաքելով հասավ դռանը, դուռը բաց արավ, որ էնտեղ էլ հավաքի, կնիկը դուռը ներսիցը պինդ փակեց։

Տղեն ձենը գլուխը գցեց.

— Վայ, ոտներս ցուրտը տարավ, վայ, ես էս ա մրսեցի՝ մեռա, այ կնիկ, դուռը բաց արա, հրես մեռնում եմ։

— Ձենդ կտրի թամբալ շուն,— ասում ա կնիկը,— էս ամառվա տաք օրը ի՞նչ ունես մրսելու։ Բոլ էլավ, հոգիս կերար, չեմ թողնի թունդիրը մտնես, դու մեռնես դուռը բաց չեմ անի, գնա աշխատանք արա, բեր օղլուշաղը պահի։

Ճարը կտրած էս մարդը մնում ա դուրսը, ման ա գալիս քուչեքումը։ Մին էլ տեսնում ա՝ ըհը՛, մի սիրուն աղլուխ ա վեր ընկած։ Վեր ա ունում, տեսնում ա, որ էդ աղլուխը թագավորի աղջկա աղլուխը պետք ա լիսի։

Դու մի ասի թագավորի աղջիկը իրա քառասուն աղախիններով գալիս ա բախլեն ման գալու։ Աղլուխը հանում կախ ա տալի ծառի ճղնին, քամին էլ վեր ա ունում քշում։

Տղեն աղլուխը բերում ա կնկանը, կնիկն ասում ա,

— Ոչ ես կարամ կապեմ գլխիս, ոչ էլ դու կարաս ծախես։ Էս թագավորի աղջկա աղլուխն ա։ Տար տուր թագավորին, մի բան փեշքեշ կտա, մի երկու օր հաց կառնենք կուտենք։

Էս տղան դուրս ա գալիս քուչեն, մի հարմար տեղ ա ման գալի, տենում ա` պատը ճաքած ա, աղլուխը կոլոլում ա կոխում ա էդ ճաքը, մին էլ լսում ա, որ դալալը ձեն ա տալիս,— ով որ թագավորի աղջկա աղլուխը գտել ա, թող բերի տա, բերողը քսանհինգ մանեթ կստանա։

Տղեն ասում ա դալալին, թե,

— Ես գտել եմ։

Դալալը թե.

— Աղլուխը տու վաղը տամ։

Ասում ա,

— Քեզ ինչի եմ տալիս, կտանեմ, թագավորին կտամ։ Երկուսով իրար հետ գնում են հասնում թագավորի պալատը։

— Աղլուխը տու,— ասում ա թագավորը,— տու, որ փողը տամ։

Տղեն ասում ա.

— Ինձ որ՞դիան ա աղլուխը։

Թագավորը թե,

— Բա ինչի՞ ես եկել։

Տղեն թե,

— Ես ռամ գցող եմ։ Ռամս կգցեմ` կգտնեմ։

Թագավորը թե,

— Յանի դու էդքան շնո՞րհք ունես։ Դե գցի տեսնենք։

Տղեն ձեռի միջին մտիկ արեց, ասավ,

— Աղլուխը ֆլան քուչի պատի ճեղքումն ա։ Թագավորը դալալին ղրկեց, որ բերի, ասեց,

— Թե դուզ էլավ, փեշքաշ կտամ քեզ։

Թագավորը աղլուխը որ տեսավ, զարմացավ, ասեց,

— Երևելի իմաստուն ես դու, բա մինչև հիմի որդի՞ էիր, որ քու անունը չէի լսել։

Սա թե.

— Ես մի քյասիբ մարդ եմ, իմ անունը ի՞նչ պետք ա լսեիր։

— Էսօրվանից,— ասեց թագավորը,— դու իմ վեզիրն ես, իմ պալատում պետք ա լինես։ Քու ամսականն էլ կլինի քսան ու հինգ ոսկի, կեր, խմի, քեֆ արա։

Տղեն վեր ա կենում, գալիս տուն, կնկանն ասում ա,

— Աչքդ լիս։

Կնիկն ասում ա.

— Հը, ի՞նչ խաբար ա:

Մարդն ասում ա,— Էլ ի՞նչ խաբար պետք ա լի, հիմի ես թագավորի վեզիրն եմ, իմ ամսականը քսան ու հինգ ոսկի ա, հիմի որ պետք ա լավ ուտեմ, խմեմ, քեֆ անեմ։
Մի քանի ժամանակ մարդ ու կնիկ իրանց քեֆին ապրեցին, մին էլ թագավորը մտածեց,

— Արի մի հատ էլ փորձեմ սրա իմաստությունը։– Կանչում ա տղին, թե,— գնանք բաղը ման գալու, դու աջ գնա, ես ձախ։

Թագավորը մի վարդ ա պոկում, բռի միջին պահում,

— Ինչ ա՞ բռիս միջինը, իմացիր։

Տղեն տեսնում ա, որ էս ա գլուխը կտրելու են կնկա պատճառով, կնկա անունն էլ Գյուլի ա լինում, ասում ա,

— Ա՜խ, Գյուլի, Գյուլի։

Թագավորը բուռը բաց ա անում, ասում ա,— Դու ո՞նց իմացար, ար բռիս միջինը գյուլ էր։

Տղեն ասում ա.

— Որ իմաստուն չլինեի ո՞նց կիմանայի։

— Որ էդքան իմաստուն ես,— ասում ա թաղավորը,— ամսականդ շինեցի երեսուն ոսկի։

Նորից անց ա կենում մի քանի ժամանակ, հիմի արի տես, որ թագավորի խազինեն յոթ հոգի կտրում են, ամեն մեկը մի ջվալ ոսկի են տանում։ Թագավորը կանչում ա իր իմաստուն վեզիրին, ասում ա,

— Խազինեն կտրել են, յոթ ջվալ ոսկի են տարել, յա պետք ա գտնես, յա թե չէ գլուխդ կտրիլ կտամ։

Տղեն ասում ա,— Քառասուն օր ժամանակ տուր, կգտնեմ։

— Լավ,— ասում ա թագավռրը,— տվի քառասուն օր։

Տղեն իր օրն ու գլուխը վայ տալով գալիս ա տուն,— Այ կնիկ, ասում ա, հորդ տունը քանդվի, ոնց որ դու իմ տունը քանդեցիր։ Ինձ հմա սուս ու փուս խելոք վեր ընկած էի թոնրի միջին, գլուխս կերար, մի բուռ չամչով խաբեցիր, դուրս արիր տանիցս։ Թագավորի խազինեն կտրել են։ Ասում ա, յա պտի գտնես, յա գլուխդ կտրիլ կտամ։ Բա, ես ո՞նց գտնեմ, վեզրի կնիկ Գյուլի խանում։ Թեզ արա, հաց գցի ուտեմ, մի քիչ քնեմ, վեր կենամ գիշերով գլուխս առնեմ փախչեմ։

Կնիկը վեր կացավ, յոթ ձու խաշեց, բերեց դրեց մարդի առաջը։

Հենց էդ վախտն էլ, թագավորի խազինի գողերը, յոթ հոգի, իմանում են, որ թագավորը թամբահ ա արել էս վեզրին՝ գտնելու, գալիս են կտուրը, որ ականջ դնեն, տենան՝ իրանց անումը տալիս ա՞։ Յոթ հոգուց վեցը նստում են ղրաղ, մեկն էլ գալիս ա երդիկի մոտ պպզում։ Տեսնում ա ձեն ու ձուն չկա, վեր ա կենում, որ գնա, հենց էդ վախտը իմաստուն վեզիրը ձվի մեկն ուտում ա, ասում.

— Էս մեկը գնաց։ Էս էլ մի բան չի։

Գողը լսում ա, համ զարմանում ա, համ վախից դողացնում, ընկերներին ասում ա,

— Վեզիրը իմացավ։

Հիմի էլ մեկել ընկերն ա մոտկանում երդիկին՝ վեզիրը էլի մի ձու յա ուտում, ասում,—

— Էս էլ երկուսը գնաց, սա էլ մի բան չէր.

Սա գնում ա ասում.— դրուստ որ իմաստուն մարդ ա, իմացավ գալն ու գնալը։

Էսենց յոթն էլ էկան-գնացին, տեսան որ իմաստունը իմացավ նրանց գալն ու գնալը։ Իրար միչի խորհուրդ արին, վեր եկան ներքև, վեզիրի դուռը ծեծեցին, յոթն էլ ընկան վեզիրի ոտները, թե.

— Վերև աստված, ներքև դու, մեզ ազատի, թագավորի խազինեն մենք ենք կտրել։

— Ես լավ գիտեմ, որ դուք եք կտրել, համա որ էկաք ոտներս ընկաք, ձեր անունը չեմ տա, կասեմ՝ ես ռամ եմ գցել, գտել եմ։ Դուք գնացեք, մի ջվալ ոսկին ձեզ, վեցը բերեք։

Գողերը ուրախացան, գնացին վեց ջվալ ոսկին շալակեցին, բերին դրին վեզիրի տանը։ Վեզիրը առավոտը հենց լիսը բացվեց, վեր կացավ գնաց թագավորի մոտ ասեց.

— Գտել եմ թագավորն ապրած կենա, հրեն մեր տանն են ջվաները, ղրկի բերել տու։

Թագավորը շատ ուրախացավ, ասեց.

— Դու քառասուն օր ժամանակ էիր ուզել, ո՞նց էս գիշեր գտար։

— Ռամ գցեցի, գտա, էլ ո՞ւր եմ քառասուն օր մնում։

— Իրեք ջվալը քեզ,— ասավ թագավորը,— իրեքը բեր մեզ։ Բոլ ա։

Համբալները շալակեցին բերին։ Թագավորն ասաց.

— Որ էդքան իմաստուն ես, քու ամսականը շինում եմ քառասուն ոսկի։ Տղեն թագավորին գլուխ տվեց, գնաց իրա տունը, կնկանն ասեց.

— Քոռ բախտը սրանով իրեք հետ ինձ ազատում ա գլուխս կտրելուց, հիմի ամսականս դառել ա քառասուն ոսկի, էդ մեզ բոլ-բոլ ա։ Հիմի մի բան մտածենք, ի՞նչ անենք, ո՞նց անենք, բալքի գլուխներս ազատենք։

— Դե, ի՞նչ մտածենք,— ասեց կնիկը,— ես ինչ գիտեմ՝ ինչ ասեմ։

— Այ կնիկ,– ասավ,— արի ես ինձ դնեմ հիվանդությունը,— ասեմ.— իմաստությունս հիվանդությունը տարավ։

— Լավ ասիր,— ասեց մկնիկը,— բերեց տեղաշորը գցեց, մարդուն տեղով, բարձով, պառկեցրեց։ Խաբարը գնաց թագավորին, թե վեզիրը հիվանդացել ա։

Թագավորը ինչքան հեքիմ ղրկեց՝ չկարացին ճար անին, վեր կացավ իրա ոտքովն էկավ նստեց վեզիրի մոտ։ Վեզիրը աչքով արեց, կողքի մարդեքը քաշվեցին, նոր թագավորը հարցրեց, թե.

— Քու ցավի անունը ի՞նչ ա, հեքիմները բան չեն հասկանում։

— Թագավորն ապրած կենա, էս իրեք անգամ էլ փորձանքը որ պատահում ա քեզ, ես ռամ եմ գցում, օգնում եմ քեզ, համա հիմի, արի տես, որ չարքերը ասում են ինձ.

— Մենք թագավորին ուզում ենք վնաս տանք, դու խի՞ չես թողնում։ Էս քանի գիշեր ա հավաքվում են, ինձ էն ծեծն են տալի, էն օրն են գցում, որ վրես հալ չի մնացել։ Գլխիս էնքան են տվել, որ իմաստությունս կորել ա։

— Վա՜յ, վա՜յ, — ասեց թագավորը,— քու տունը չքանդվի, հո մարդի չե՞ս ասել, որ իմաստությունդ կորել ա։ Կնկանդ էլ բան չասես, թե չէ հենց էն օրը աշխարքը կիմանա։ Քու իմաստությունը կորցնելը, լավ ա, որ մենակ ես ու դու գիտենք. թող ուրիշները կարծեն թե դու էլի իմաստուն ես, որ քու ահիցը գողութչուն չանեն։ Էս էլ իմանաս՝ էսօրվանից քու ամսականը հիսուն ոսկի ա։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Օտար հեղինակների հեքիաթներ
    1, 2 Армине » 05 сен 2008, 12:31
    19 Комментарии
    130492 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    05 окт 2008, 23:57
  • ՀԵՔԻԱԹՆԵՐ
    Генрих Бабаджанян » 18 фев 2017, 12:31
    5 Комментарии
    11319 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    18 апр 2023, 08:57