СТАНЬ VIP

Հայ ժողովրդական հեքիաթներ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:56

ԱՆԴԱՐԴ ՄԱՐԴ ՉԿԱ

Текст:
Մի որբեվերի կնիկ ա լինում։ Սրան ունենում ա մինուճար մի տղա։ Մերը էս տղին աչքի լուսից ավելի ա սիրում։ Տանջվում, չարչարվում, քարին ա քսվում, մինչև տղին մեծացնում մի ջիվան, մի շատ խելոք տղա ա դարձնում։

Տղեն էլ մորն ա շատ սիրելիս լինում, պատվում, նրա խոսքը միշտ կատարում։ Ամա դե, էրկու երանի մի տեղ չի լինի։ Ո՞նց ա պատահում, ո՞նց չի պատահում, աստծու դատաստանը ո՞վ կիմանա, էս տղեն շատ ծանդր հիվանդանում ա։ Ինչ անում են, չեն անում, դրան դեղ ու դարման չի լինում։ Քանի գնում, ավելի ա վատանում, մահվան դուռն ա հասնում։

Հիվանդը չի հիվանդ, հիվանդի տերն ա հիվանդ։

— Տեր աստված,— մղկտում ա մերը,— դու ի՞նչ տեսակ աստված ես, բա ո՞ւր ա քու արդարությունը, բա դու խի՞ չես իմ հոգին առնում, բա դու ո՞նց ես հոժար կենում, որ որդին մոր առաջին մեռնի։

Տղեն վեր ա ունում մոր ձեռը բերնին դնում պաչում.

— Ականջդ մոտկացրու ինձ,— ասում ա,— բան ունեմ ասելու։ Ես, էս ա, մեռնում եմ,— ասում ա,— վերջին կամքս եմ հայտնում։ Երդում կեր,— ասում ա,— որ իմ կամքը կկատարես։ Մեռլահացիս սուփրին,— ասում ա,— էն մարդկանց կնստեցնես, որ ոչ մի դարդ չունեն, ցավ չունեն, սրտումը յարա չունեն։

Ասում ա ու մոր ձեռին շունչը տալիս, հանգչում։ Տղեն մեռնում ա. ազգականով, բարեկամով, հարևանով տանում են թաղում, ետ գալիս մեռելատուն, որ ինչպես կարգն ա, հաց ուտեն, օղորմաթաս խմեն։

Նստում են, տեղավորվում։ Էստեղ մերը վեր ա կենում, թե`

— Այ ժողովուրդ,— ասում ա,— ինչ որ ասելու եմ, լսեք, չնեղանաք։ Իմ որդու վերջին կամքն էր, որ էս մեռլահացի սուփրին էն մարդը նստի, ով ոչ մի դարդ չունի, ոչ մի ցավ չունի, սրտումը յարա չունի։

Մերը էս խոսքը որ ասում ա, բոլորը իրար ետևից դուրս են գալիս տանից։ Մի մարդ էլա չի մնում։

Էս խեղճ սգվոր կնիկը մին շշկլվում ա, իրան կորցնում, մին էլ հանկարծ ընկնում ա գնացածների ետևից, զոռով տուն բերում։

— Ետ էկեք, բոլորդ էլ ետ էկեք,— ասում ա,— ես նոր գլխի ընկա,— ասում ա,— որ իմ որդին խնայել ա ինձ, չի ուզեցել, որ սիրտս դարդիցը պատռվի, իրա վերջին կամքովը ուզեցել ա հասկացնի ինձ, որ աշխարքիս էրեսին անցավ, անդարդ մարդ չկա։

* * *

Դրուստ, որ էդպես ա, չկա։ Ամա ամեն որդի կորցրած մեր չի կարենում դիմանալ դարդին։

Էստեղ ձեռքը բարձրացրեց ու խոսք խնդրեց մեր տան ամենափոքր թոռը, որ համ շատ էր սիրում տատի ու պապի հեքիաթները, համ էլ շատ գրքի սեր ուներ։

— Տատի,— ասեց մեր հոկտեմբերիկ թոռը,— հիմի ոնց որ դու ես ասում, սազական կլի՞, որ ես կարդամ էն, որ քեզ համար կարդացի։

— Կարդա, բալիկ ջան, սազական կլի։

— Ուրեմն թոռդ էնքան առաջացել ա, որ կարդում ա քեզ համա՞ր։

— Այ, տնաշեն,— ասեց տատս,— նա ո՞ւմ թոռն ա, որ չառաջանա։ Մամունակները փոխվել են։ Ես ու իմ ալևորը չորս էրեխու տեր էինք, որ նստացրին մեզ «կորչի անգրագիտությունը» մեծահասակների դասարանում։ Էս թոռս, որ աչքը բաց արեց, տունը լիքն էր գրող-կարդացողով։ Առաջին դասարանը, որ գնաց, արդեն վարժ կարդում էր։ Կարդա բալիկ ջան, կարդա։

Տղան վազեց բերեց գիրքը, բաց արեց, հանդիսավոր նայեց բոլորին, և բարձրաձայն, ինչպես դասարանում, կարդաց՝ Հովհաննես Թումանյան, Կենդանիների կյանքից՝ «Մայրը»։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Եվ էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բույնը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչռվ հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ինչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել, ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցումը կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ճվճվալով դեղին կտուցները դուրս հանեցին բնից։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ։

— Փի՛շտ, փի՛շտ,— վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենը այնպես արագ կատարվեց, որ անկարելի եղավ մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք, հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, որ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

* * *

— Չելավ, չելավ,— ասեց պապս,— քանի գնացինք ավելի տխուր բաներ ասեցինք ու լսեցինք։ Ուրախ բան ասեք-լսեք, սրտալի ծիծաղեք։

Հարևանի դարդոտած կնիկը թե.

— Մարդի սիրտը ուրախ պիտի, որ բերանը ծիծաղի։

— Հրես ես ձեզ էնպեսը պատմեմ, որ ծիծաղելուց կշտանաք։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:57

ԽԱԲԱՐԲԶԱՆ ՃՆՃՂՈԻԿԸ

Текст:
Դուք իսկի իմացած կա՞ք, որ ծիտը լիզու առնի մարդի նման խոսի,— հարցրեց պապս։ Դուք կասեք՝ «չէ»։ Ես էլ չէի հավատում։ Համա արի տես, որ՝ տեղը որ նեղանա, ծիտը լիզու կառնի, կխոսի։ Այ լսեք, պատմեմ ձեզ։

Մեր գեղցի Սիմոնը մի օր վար անելիս ա լինում, տեսնում ա ակոսի միջին մի ճնճղուկ քուջուջ ա անում, փափախը գցում ա վրին, ճնճղուկը բռնում։

Խեղճ ճնճղուկի սիրտը ուզում ա թե տրաքի, ամա վախիցը լիզու ա առնում.

— Սիմոն,— ասում ա, ինձ որ բաց թողնես, քեզ մի էնպես բան կասեմ, էնպես բան կասեմ, որ շնորհակալ կմնաս։

Սիմոնը թե.

— Բաց եմ թողնելու, բա հու քեզ չեմ ուտելու, ասա տեսնեմ, ի՞նչ ես ասում։

— Սիմոն,— ասում ա ճնճղուկը,— էսօր ճաշդ ո՞վ ա բերելու։ Սիմոնը թե.

— Իմ կնիկը, էլ ո՞վ։

— Դե որ կգա,— ասում ա ճնճղուկը,— կնկանդ աչքերին մի լավ, սուր-սուր մտիկ կանես, թե իրան կորցրեց, կարմրեց, գիտենաս, որ էսօր ծուռ ա ման էկել, իրա հալալը՝ հարամացրել ա, թե հու չէ՝ անմեղ ա։

— Տա, այ ճնճղուկ, դու ի՞նչ գիտես մեր տան անց ու դարձը,— հարցնում ա Սիմոնը։
Ճնճղուկը թե.

— Ձեր կտրի տակին մի ճնճղուկի բույն կա։ Էդ բնի միջի ճնճղուկն ա ասել հրոխպորս կնկանը, հրոխպորս կնիկն էլ ասել ա տալին, տալն էլ ինձ։ Երդում կրակ եմ կերել, որ մարդի չեմ ասիլ, համա դե տենում ես էլի, ինչքան նեղ ա տեղս, ո՞նց չասեի։

Սիմոնը էս որ իմանում ա, էն ա հո իրան ուտում ա մինչև կեսօրին կնիկը հաց ա բերում նրա համար։ Սուր-սուր մտիկ ա անում կնկա աչքերի միջին, կնիկը իրան՝ կորցնում ա, կարմրում, սփրթնում։

— Այ կնիկ,— ասում ա Սիմոնը,— դու էսօր ծուռ ես ման էկե, քու հալալը հարամացրել ես։

— Քա, վո՛ւյ, էդ ով ասեց,— ծվում ա կնիկը։

— Մեր կտրի տակի ճնճղուկը,— ասում ա Սիմոնը։

Կնիկն սկսում ա լաց լինել, թե սուտ ա, էդպես բան չի եղել, համա էլ ուր, իրեն մատնել էր արդեն։ Համ լաց էր լինում, համ մտքումը ասում.

— Հիմի կաց տես ինչ սև եմ բերում գլխին, լիզուն կտրեմ գցեմ շանը, հարամ լինի էն կուտը, որ տվել էի նրան, թե ինչ ա սուս անի։

Էլ ի՞նչ ասեմ, էնա գիտեք էլի մեր Սիմոնի կրակ խասիաթը, ի՞նչ կուտացներ կնկանը։

Կնիկն էլ տուն հասնելուն պես, վեր ա ունում ցախավելը, ինչքան կտրի տա կին ծտի բուն կա քար ու քանդ ա անում...

Հիմի հո տեսաք, որ ծիտը լիզու ունի։ Անմեղ էրեխանցն ու միամիտ կնանոցը ըտենց են խաբում էլի, որ ասում են թե. «ծիտը խաբար բերեց»։

* * *

Երբ որ մի կուշտ ծիծաղեցին էս հեքիաթի վրա, պապս ասեց.

— Դուք լավ եք ճանաչում մեր Սիմոնին էլ, նրա կնկանն էլ։ Անունները որ փոխեք, հրեն էրկուսն էլ մեր գեղումն են։ Զարմանալին էն ա, որ էդ Սիմոնի կնիկը համ «ծուռ ա ման էկել, իրա հալալը հարամցրել ա, հետն էլ էնքան միամիտ ու շաշ ա եղել, որ հավատացել ա ծտի խաբար բերելուն»։

* * *

Էստեղ խոսքը նորից պտիտ էկավ, հասավ պապիս կողքին նստած, նրա ընկերներից մեկին, սա թե.

— Ես ձեզ իսկական մեր գեղումը պատահած բան պատմեմ, որ հիմի բերնե բերան ընկած հեքիաթ ա դառել։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:58

ՔԱՎՈՐԸ ԷԴՊԵՍ ԲԱՆ ՉԻ ԱՆԻ

Текст:
Գեղացիք հասկացնում են մեկին՝

— Այ մարդ,— ասում են,— աչքդ բաց արա, տես, քու կնիկը հրեն քավորիդ հետ նստում վեր ա կենում։

Գեղացին չի հավատում,

— Քավորը էդպես բան չի անի, աչքովս էլ տեսնամ՝ չեմ հավատա։

— Էհ, մի հավատա, մենք հու ասեցինք, մնացածը դու գիտես։

Օրվա մի օր էս մարդը խուրջինը ուսն ա գցում, գնում քաղաք, ամա կիսաճամփին ոնց ա լինում, միտքը փոխում ա, ետ ա դառնում գեղը։

Գալիս ա, մտնում ա տուն, ի՞նչ տեսնի, հրեն իրա կնիկն ու քավորը տեղաշորում, իրանց քեֆին պառկած են։

— Յա,— ասում ա,— տեսնես էն ո՞վ ա պառկած կնկանս հետ։

— Ես եմ, սանահեր ջան,— ասում ա քավորը,— ես եմ, ղուրբան քեզ։

— Ջանմ,— ասում ա գեղացին,— ժամումը իմ գլխին խաչ ես բռնել, իմ էրեխանց կնունքի քավերն ես էլել։ Բա ո՞նց էիր կնկանս ասում. «իմ քուր, իմ բերնի սրբութին», բա աստծուց չե՞ս վախենում։

— Յա, սանահեր ջան,— ասում ա քավորը,— էդ ասելու խոսք էր, որ ասիր, ինչի՞ ես անհավատ եմ, որ աստծուց չվախենամ, ինչի՞ իմ ճակատին մեռոն չի՞ եղել քսած։ Իրավունք ունես, սանահեր ջան, գլխիդ խաչ եմ բռնել, էրեխանցդ կնունքին քավոր եմ եղել, էդ էլ իրավունք ունես։ Սանամորս «իմ քուր, իմ բերնի սրբութին» եմ ասել, էդտեղ էլ իրավունք ունես։ Որ դու իմ կնկան՝ քու քավորակնկան չես ասել՝ «իմ քուր, իմ բերնի սրբութին», ես նեղացե՞լ եմ։ Ախպեր ջան, դե արի ծուռը նստենք, դուզ խոսենք, էս կնիկը քու կնիկը չի, իմ կնիկն ա...

— Յա՜։ Քավոր...

— Համբերի սանահեր, հալբաթ քու կնիկն ա, ես էս խոսքի օրինակի համար ասի. էս իմ կնիկն ա, ասենք թե մնացել ա մենակ, վախից դողում ա խեղճ գառը, է՜, դու կթողեիր, որ մենակ ահից մեռներ, չէի՞ր գա իրա մոտ, սիրտ չէի՞ր տա նրան։

— Յա, ինչի՞ որ, քավոր ջան, ես ի՞նչ ա, մարդ չեմ, էդքանը չե՞մ հասկանում։

— Է, օղորմի ծնողացդ հոգուն, ուրիշ ի՞նչ ունես ասելու։

Էստեղ կնիկը ձենը գլուխն ա գցում.

— Ղուրբան լինես դու էս տեսակ քավորին։ Գիշերս էկավ տուն, ասի. «Քավոր աղա, մնա իմ մոտ, մենակ եմ, մարդս գնացել ա քաղաք, էս գիշեր չի գալու, վախենում եմ»։ Քավոր աղեն իմ խոսքը գետնովը չտվեց, մնաց, հիմի դու պետք ա նրա ձեռը պաչես, որ ինձ մենակ չի թողել...

— Կնիկ ջան,— ասում ա գեղացին,— դու էլ իրավունք ունես, ախր, ասում էի չէ՞ քավորը էդպես բան չի անի։ Էլեք տեղաշորից, կնիկ ջան, հաց գցի, ճամփա եմ եկել սոված եմ, համ էլ էնա քավորս էլ մեր տանն ա, մի թաս գինի խմենք քավորիս հետ...

Ասում են, որ էդ աստծու գառը գեղացին մինչև օրս էլ հավատացած ա, որ նրանց միջին բան չի եղել, ու եփ որ խոսք ա ընկնում, ասում ա.

— Քավորը էդպես բան չի անի, որ աչքովս էլ տեսնամ, չեմ հավատա։

— Ալևոր,— ասեց տատս,— կնիկ արմատներին տնազ դնելու, խայտառակ հեքիաթներ ասելու մեջ դու հայտնի ուստա ես։ Քու ասածը հերիք չէր, պակասն էլ ընկերդ ավելացրեց։ Ամա չկարծեք թե մենակ ձեր խոսքն ա անց կենում, մենք էլ խոսք ունենք ասելու։

— Հերիքնազ,— ասեց պապս,— Չլինի նեղացա՞ ր մեզանից։

— Բանիդ կաց, հեքիաթիցը խելոք մարդը չի նեղանա, ես հո շաշ չեմ, որ նեղանամ։ Հեքիաթ ասողին՝ լսող պիտի, լսողն էլ պիտի հասկանա, թե ո՞ւմ, ինչի՞ համար ա ասվում հեքիաթը։ Հլա մի մտածի, թե էն ինչի՞ցն էր, որ մեր կնանիքը, հարսներն ու աղջիկները, ավելի շատ ծիծաղեցին ձեր հեքիաթների վրա, քանց թե դուք՝ տղամարդիկդ։ Էդ նրանից էր, որ էստեղ ոչ Սիմոնի կնկա նմանը կա, ոչ էլ լիրբ քավորակնկա նմանը։

— Տղամարդու փափախը դիք պահողը,— շեշտով ասաց տատս,— կնիկն ա։ Աստծու շինած տունը անպետք կնիկը կքանդի։ Արժանավոր կնկա շինած տունը՝ աստված էլ չի քանդի։ Դե, հիմի դուք սուս արեք, թազա հեքիաթների տուտը ես եմ բաց անում։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 20:59

ՋՈՒԼՀԱԿԻ ԿՆԿԱ ՀԵՔԻԱԹԸ

Текст:
Լինում ա չի լինում, Բաղդատ քաղաքումը մի թագավոր ա լինում։ Մի օր սա ասում ա իր վեզրին`

— Այ վեզիր, արի հլա մի սարսաղ հրաման տամ ես, տենամ խալխը կկատարի՞։

— Կամքը քունն ա,— ասում ա վեզիրը,— ոնց ուզում ես, էնենց էլ արա։

Ու մին էլ մի հրաման ա դուրս գալի քաղաքով մեկ, թե ոչ ով չհամարձակվի գիշերով իր տանը լուս վառի։ Լուս վառողին ցցի վրա կնստացնեմ։

Մութն ընկնելուս պես թագավորը հրամայում ա, որ ման գան քաղաքի միջին, տենան հո մի տեղ էլ ա լուս չկա՞ վառած։

Թագավորի մարդիկը ինչքան ման էկան ոչ մի տեղ վառած լուս չտեսան, էնա քաղաքի ծերն էին հասել, մին էլ ըհը՛, մի տան միջի լուս ա երևում։

Ուսուլով մտան նեքսև, թաք կացան, ի՞նչ տեսնեն՝ հրենիկ ջուլհակը նստած բանում ա դազգահի առաջին, կողքին էլ կնիկը ճախարակով թել ա մանում։ Ականջ դրին, թե ինչ են խոսում.

— Այ մարդ,— ասեց կնիկը,— աչքերս գնում են, քունս տանում ա։

— Բեր գլուխդ դիր ծնկանս քնի,— ասեց մարդը։

Կնիկը դրեց գլուխը մարդու ծնկանը՝ քնեց։ Մի քիչ վախտ որ անց կացավ, մարդը զարթնացրեց կնկանը,

— Այ կնիկ,— ասեց,— դու հիմի նստի քու ճախարակին, ես մի քիչ աչքս կպցնեմ,— ասեց ու գլուխը դրեց կնկա ծնկանն ու քնեց։

Տեղնուտեղը իմաց տվին թագավորին, թե սաղ քաղաքի միջին մենակ մի ջուլհակի տանն էր լիս վառած։

— Բերեք ինձ մոտ էդ ջուլհակին,— հրամայեց թագավորը։ Էն րոպեին գնացին բերին։— Դու էդ քա՞նի գլխանի ես, որ չես կատարում իմ հրամանը։ Չէ՞ ես հրամայել էի,— ասեց,— որ գիշերը քաղաքումը ոչ ով լիս չվառի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա ջուլհակը,— ես աղքատ մարդ եմ, իմ ապրուստը՝ իմ ձեռի աշխատանքն ա, ես որ օր ու գիշեր չաշխատեմ՝ մի կտոր հացի կարոտ կմնամ։

— Լսի, ինչ ասեմ քեզ,— ուզում ա սրան թագավորը փորձի,— էրեվում ա, որ դու լավ մարդ ես։ Ափսոս չի որ ջուլհակություն անես, գնա կնկանդ սպանի, արի դարձիր իմ վեզիրը՝ կեր, խմի, քեֆ արա մինչև կյանքիդ վերջը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա ջուլհակը,— որ իմ փեշակն էլ ձեռիցս խլեն, ես իմ կնկա մի մազին չեմ կպչի։

— Դե, գնա, ջահանդամը, գլուխդ քարը, որ լավությունը չես ուզում,— դուրս ա անում սրան թագավորը։— Մարդուն փորձեցի,— տենաս սրա կնիկը ի՞նչ տեսակ իսան ա։

Ջուլհակի կնկանն են կանչում պալատը՝— թագավորն ապրած կենա,— ասում ա ջուլհակի կնիկը,— եկել եմ։

— Ես գիտեմ դու լավ կնիկ ես,— ասում ա թագավորը,— բա մինչև երբ պիտի մաշվես ճախարակիդ առաջին ու աղքատ ջուլհակի հետ ապրես։

— Բա ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա։

— Ի՞նչ անեմը որն ա,— ասում ա թագավորը,— գնա, սպանի մարդուդ, արի քեզ շինեմ ինձ թագուհի, ապրի ինձ մոտ քու քեֆին... բա մեղքը չե՞ս դու։

— Հավատա՞մ ասածիդ, թագավոր։

— Հավատա՞մը ո՞րն ա, թագավորը իրա օրումը սուտ չի ասի։

Էս կնիկը որ դուրս ա գնում պալատից, թագավորը ասում ա. «չլի՞ էն սարսաղը դրուստ որ սպանի ջուլհակին», մարդ ա ղրկում ետևից, թե գնացեք, տեսեք որ էն տան լիսը վառած մնա։

Կնիկը տուն ա գալի թե չէ, լավ սրում ա դանակը, դնում ծոցը ու նստում ճախարակին։ Քունը որ նեղում ա մարդուն՝

— Այ կնիկ,— ասում ա,— դու մանի, ես մի քիչ աչքս կպցնեմ։

— Արի,— ասում ա կնիկը,— գլուխդ դիր ծնկանս՝ քնի։

Հենց որ մարդը քնում ա, էս կնիկը դանակը հանում ա ծոցիցը, մարդու գլուխը կտրում, դենը դնում ու լիսը հանգցնում։

Խաբարը բերում են թագավորին, թե էն տան լիսը հանգավ.

— Ախ,— ասում ա թագավորը,— ափսոս, որ իմ պատճառով սպանվեց էն անմեղ մարդը։ Ես ուզեցի փորձեմ մարդուն էլ, կնկանն էլ, ես ի՞նչ իմանայի, որ էն տեսակ հալալ մարդին, էդ տեսակ հարամ կնիկ կունենա։

Առավոտը, որ լուսը բացվում ա, բարին բացվի ձեր գլխին, ձեր որդկերանց գլխին, ջուլհակի կնիկը չադիրը գցում ա գլխին, գալի թագավորի պալատը`

— Հրես,— ասում ա,— թագավորն ապրած կենա, էկել եմ։

— Ինչի՞ համար ես էկել։

— Բա դու չասի՞ր ինձ՝ գնա, սպանի մարդուդ, արի՝ կդառնաս իմ թագուհին։

— Շատ լավ ես արել, որ քո ոտովն ես էկել, առանց իմ կանչելուն,— ասում ա թագավորը, ու ձեն տալի դահիճին։— Էս րոպեին էդ կնկա գլուխը թռցրու։

Կնկա գլուխը կտրում են։ Ամա թագավորը չի կարենում հանգստանա.

— Այ քամբախ լինի,— ասում ա,— էս տեսակ աշխարքը, թե որ է՞ս ա կնկա սերն ու հավատարմությունը։ Այ դրանց քոքը կտրվի։— Կանչում ա իրա վեզիրին.

— Ես գնում եմ որս անեմ,— ասում ա,— Բալի մի քիչ սիրտս հանգստանա։ Վեր կունես պալատական դահիճներին, կգնաս, առաջ իմ կնանոնց գլխները կկտրես, կգնաս քու տան միջի կնանոնց գլուխները կկտրես, վերջը, ինչքան կնիկարմատ կա քաղաքի միջին, մինչև երկու տարեկան աղջիկ երեխանցը, բոլորին կկոտորես, կվերջացնես։ Որ որսիցը ետ դառնամ, մի կնիկ ի՞նչ ա տեսնեմ՝ գլուխդ կտրել կտամ։

Թագավորն էր՝ ձիուն մի ճիպոտ տվեց, գնաց, խեղճ վեզիրն էլ, գլուխը կորցրած, սիրտը կոտրած, աղլուխը դրեց աչքերին ու մղկտալով, լաց լինելով, գնաց տուն։

Էս վեզրին մի ալևոր հեր ուներ։

— Էդ ի՞նչ ա որդի,— ասեց,— ինչի՞ ես լաց լինում։

— Այ հեր,— ասեց վեզիրը,— թագավորը կատաղել ա։

— Պատճառն ի՞նչ ա։

— Հավատալու բան չի, հեր,— ասեց վեզիրը,— ախր անզգամի մեկը, մի ջուլհակի կնիկ սպանել ա իր մարդուն, դրա վրա էլ, թագավորը հրամայել ա ինձ, որ կոտորեմ բոլոր կնանոնցը, առաջ իրա ընտանիքի, հետո մեր տանու, վերջն էլ՝ սաղ քաղաքի միջի, ընենց որ մի կնիկարմատ էլա մահից չպրծնի։ Որսիցը ետ եկավ, տեսավ մի սաղ մնացած կնիկ՝ գլուխս կկտրի։

— Այ որդի,— ասաց հերը,— մեկ ա, վաղ, թե ուշ մեռնելու ես, լավն էն ա` հիմի մեռնես, որ էդքան կոտորվածների մեղքը վիզդ չառնես։ Համա, դեռ համբերի մինչև իրիկուն թագավորը որ ետ էկավ որսիցը, ինձ տար նրա մոտ, ես մի էրկու խոսք կասեմ նրան, թե կարացի, կփրկեմ կյանքդ, թե չէ՝ նոր թող գլուխդ կտրի։

Վեզիրը բռնեց հոր ձեռիցը, տարավ նստեցրեց պալատի դռանը։ Թագավորը որսից ետ եկավ, տեսավ քաղաքը լիքն ա կնանոնցով, ո՞նց թե, բա իրա հրամանը չեն կատարե՞, ոտը գետնով տվեց՝— դահիճ,— գոռաց, շուռ եկավ, որ վեզիրի գլուխը թռցնել տա, տեսավ վեզիրի ալևոր հերը դռանը նստած ա։

Ալևորը ուզեց ոտի կանգնի, համա թագավորը էլ ետ նստացրեց նրան,

— Դու,— ասեց,— իմ օղորմածիկ հոր վեզիրն ես եղել։ Քեզ սազական չի իմ առաջ ոտի կանգնես։

Ըստե, ալևորը թե՝

— Իմ թագավորի որդի թագավոր, իրավունք տուր ինձ,— ասավ,— մի երկու խոսք ասեմ։

— Իրավունքը քունն ա, վեզիր-պապի, ասա,— ասեց թագավորը, նստեց ալևորի կողքին։— Ասա, ես լսում եմ։

— Իմ թագավորի որդի թագավոր,— ասեց ալևորը,— իմացած լինես, որ ժամանակին ես ղաչաղ ավազակապետ եմ եղել, քառասուն ղաչաղի գլուխ կանգնած։ Օղորմածիկ քու հերը չկարեցավ իմ հախիցը գա, վախիցը, ինձ իրա վեզիր նշանակեց։ Էն գնացած, անցկացած ղաչաղ օրերիցս մի օր, հայ գիտի, հա՜, որդի՞ են իմ ջահել օրերը... հա՛, էն էի ասում, մի օր ճամփին մի ջահել ձիավորի ռաստ էկա, անբեղ անմորուք, կլիներ տասնհինգ տարեկան, ոչ ավել։ Էս ձիավորը սազ էր ածում, խաղ ասում, ու հետն էլ լաց լինում։ Ձիս քաշեցի, մոտեցա սրան։

— Ձիուցը վեր արի,— ասի,— ձիդ էլ շորերդ էլ տուր ինձ, դու գնա, հեռացի, մեղքս էկար, կյանքդ քեզ եմ բախշում։

Սա իսկի տերը չելավ, կասես իրեն չեն ասում, ըստե ես չարացա ու ինչքան ուժումս ուժ կար, խփեցի նրա մեջքին գուրզովս, ամա իսկի էրեսիս էլ մտիկ չարեց։ Վրա իրեք անգամը, որ խփեցի սրան, նոր ձիու գլուխը թեքեց իմ կողմը։

— Դու,— ասեց,— շա՞տ պետք ա զահլես տանես,— բռնեց իմ ձիու նոխտիցը, ինձ գետնով տվեց, ուզում էր սպանի, ես ոտներն ընկա, աղաչեցի՝

— Աստծու սիրուն,— ասի,— այ ջիվան, ինձ մի սպանի, մահ-հավիտյան քեզ ծառա կլինեմ։

— Նո՞ր խելքի եկար,— ասաց,— վեր կաց գնանք։

Վեր կացա, նստեցի ձիուս, էրկուսով գնացինք։ Գնացինք հասանք մի լեռ քարափի, սրա ծերպին մի մեծ ամարաթ կար, վերի աշտարակով։ Էս ջիվանը խուրջինից քառասուն հատ մեծ ու հաստ մեխ հանեց։

— Հիմի,— ասեց,— ես էս մեխերը պատին խփելով կբանցրանամ մինչև ամարթի գլուխը։ Մի սհաթ ինձ կսպասես, թե էկա՝ էկա, թե հու չէ՝ ձիս կառնես կգնաս, աստված քեզ հետ։

Ասեց՝ մեխերը պատին խփելով բարձրացավ, հասավ պալատի գլուխը ու չքվեց։ Մի սհաթ չանցկացավ, վեր էկավ ներքև, ձեռին մի տղամարդու արնոտ, նոր կտրած գլուխ։ Էս գլուխը գցեց մի պարկի մեջ, պարկը կապեց ձիու թարքին՝

— Վեր, գնանք,– ասեց։— Որ մոտկացանք քաղաքին, սա ճամփեն ծռեց դեպի գերեզմանոցը, կանգնեց մի թազա գերեզմանի մոտ, տոպրակի միջիցը էն կտրած գլուխը հանեց ու խփեց գերեզմանի քարին՝

— Հրես,— ասեց,— ազիզ ջան, քու դուշմանի գլուխը, դու հանգիստ քնի, ես քու վրեժը հանեցի։ Համա քու մահից ետը, ես էլ ինչի ապրեմ։

Էս ասիլն ու խանչալը հանիլը մեկ էլավ։ Մինչև ես հասկացա, թե ինչ ա ուզում անի, նա խանչալը խրեց իրա ջանը, ընենց, որ ծերը մի չորս մատ դուրս էկավ միջքիցը։

— Լսի ինձ,— ասեց,— ես կնիկ արմատ եմ, էս գերեզմանն էլ իմ մարդու գերեզմանն ա։ Ես սպանեցի իմ մարդու դուշմանին, նրա գլուխը կտրեցի, բերի մարդուս մատաղ։ Աստծու անունով աղաչանք եմ անում քեզ, հանի խանչալս, նրանով փորի մարդուս գերեզմանը, ինձ թաղի նրա կողքին, մեր՝ դուշմանի գլուխն էլ մեր ոտքերի տակին, հող վրա տու մեզ վրա։ Գնա, քեզ հալալ համ իմ ձին, համ մեր դուշմանի սաղ հարստությունը` դու նրա տեղը լավ գիտես, նոր էնտեղ էինք...

— Իմ թագավորի որդի թագավոր, տեսնում ես,— ասեց ալևորը,— էս իմ ասած կնիկն էլ էր կնիկ, ջուլհակի կնիկն էլ էր կնիկ։ Ամեն տեսակ կնիկ կա աշխարքի էրեսին։ Հիմի դու ուզում ես մի անզգամ կնկա պատճառով բոլորին կոտորե՞ս։ Լավ, ասենք թե կոտորիլ տվիր մեր քաղաքի կնանոնցը, դրանով աշխարքի երեսիցը կնանոնց քոքը հո չի կտրվի։

Էստեղ թագավորը խորը մտածմունքի մեջ ընկավ, Վերջը թե՝

— Հա, վեզիր-պապի, դու արդար ես։ Բախշում եմ քեզ վեզիր որդուդ գլուխը։

Էստեղ ա սազական մեր օղորմածիկ պապերի խոսքը, թե, «Ամեն սարսաղ հրաման չեն կատարի»։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:01

ԱՇՈԻՂԻ ՍԵՐԸ

Текст:
Մի ջահել-ջիվան, ամա շատ աղքատ տղա յա լինում։ Էս տղեն սիրահարվում ա մի հարուստ մարդու աղջկա։ Աղջիկն էլ ա սիրահարվում էս տղին։ Ամա աղջկա հերը ոտը գետնովն ա տալիս, թե էդ աղքատ տղին ես աղջիկ չեմ տա։

— Ախր ի՞նչի չես տա,— ասում ա կնիկը,— որ իրար սիրել են, թող առնեն իրար, ինչի՞ ես հոգուդ մեղք անում։

— Չէ որ չէ,— ասում ա մարդը,— իմ խոսքը խոսք ա։ Կնիկը ձենը փորն ա գցում, տազ անում։

Տղեն, որ իմանում ա աղջկա հոր ասածը, հենց իմանում ա գլխին կրակ վառվեց։ Ւնչ անում ա, չի անում՝ բան չի դառնում։ Մին ուզում ա իրա գլուխը մահի տա, մին ուզում ա աղջկա հորը տա՝ սպանի, ամա ձեռիցը ինչ կգար։ Զոռը հարստի կողմն էր։ Սերը սիրտն ընկած՝ հալվում մաշվում ա։ Ուզում ա, թե գժվի։ Օրվա մի օր ալևոր աշուղ ա գալիս դրանց կողմերը։ Շատ անուշ երգեր ու խաղեր ա ասում, լսողին խելքից հանում։
էս տղեն ընկնում ա աշուղի ոտը, թե.

— Աշուղ պապի, ես վառվեցի-խորովվեցի, ինձ սազ ածել սովորացրու, որ գնամ սազ ածեմ, խաղ ասեմ, դարդս լամ ու գլուխս վայ տամ։

— Լավ,— ասում ա ալևոր աշուղը,— համա պետք ա իմանամ դարդդ ի՞նչ ա։

Էդ ջահել տղեն սիրտը բաց ա անում աշուղին, մին-մին պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի։

Ալևոր աշուղը մի խոր ախ ա քաշում, իր ջահելությունը միտը բերում։

— Լավ,— ասում ա,— որդի, որ էտենց ա, արի՝ սովորացնեմ։

Անց ա կենում մի ամիս, մի տարի, էս ջահելը էնպես սազ ածել ու երգել ա սովորում, որ նրան լսելիս, չէ թե մարդիկ՝ քարերն էլ են լաց լինում։

Էս տղեն ա՝ հեռանալ կա, մոռանալ չէ, սազը թևին գցած, ընկնում ա գեղե-գեղ, քաղքե-քաղաք, ամեն տեղ իրա սերը երգում, սազ ածելով իրա դարդը մարդկանց պատմում։

Վերջը, հեռու-մոտիկ, գալիս ա հասնում թագավորանիստ քաղաքը։ Թագավորը տեսնում ա՝ հրես մի ջահել-ջիվան տղա էկավ, սազը ձեռն առավ, էնպես մի ածեց ու խաղ ասեց, որ լսողի սիրտը մղկտացրեց։

Թագավորը ղրկում ա նազիր-վեզիրին, սրան բերել ա տալիս իր պալատը.

— Այ տղա,— ասում ա,— ասա մի տեսնենք, ի՞նչ ա քու դարդը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— Ի՞նչ ասեմ քեզ, իմ դարդը՝ սարերից ծանդր ա, ծովերից խոր։ Դու ինչ կարաս անես։

Թագավորը ունքերը կիտում ա, միրուքը ձեռն առնում, ոտից գլուխ չափում էս ջահել տղին, թե,

— Այ տղա, թագավորը որ չկարենա, ո՞վ կկարենա։ Ասա, տեսնենք դարդդ ի նչ ա։

Էստեղ թագավորի հրամանով տղեն պատմում ա իրա դարդը։

— Նազիր,— ասում ա թագավորը,— մարդ ղրկեք, բերեք էդ աղջկան, տեսնենք էդ ի՞նչ աղջիկ ա, որ էս տղեն էսպես յարա-փարա գովում ա աղջկան։ Տեսնենք դրո՞ւստ ա ասածը։

Աղջկան բերում են... Թագավորը սրան որ տեսնում ա, մտքումն ասում ա՝ «Բա, էս տեսակ սիրուն, ջահել-ջիվան տղեն սիրահարվի էս աղջկա՞ն»։

— Այ տղա,— ասում ա ,— է՞ս ա քու սիրած աղջիկը։

— Հա, թագավորն ապրած կենա, հենց էդ ա։

— Այ աղա,— ասում ա թագավորը,— տո տնաքանդ, ի՞նչ ես գտել էդ աղջկա մեջ, որ գիշեր-ցերեկ էրվում վառվում ես սիրուց։ Էդ աղջիկը, որ ինձ հարցնես, մի բուռ ալիր չարժի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— արի մեր աչքերը հանենք, իմ աչքերը դնենք քու աչքերի տեղը, էն վախտը կտեսնես, որ էդ աղջիկը քեզ կերևա աշխարհի ամենասիրուն աղջիկը։

Թագավորը շատ զարմանում ա պատասխանի վրա։ Խորը մտածմունքի մեջ ա ընկնում։ Վերջը տեսնում ա, որ տղի ասածը խելոք ու ճշմարիտ ա։

Նոր էստեղ սրանց առոք֊փառոք պսակում ա, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում, ջահելներին իրենց մուրազին հասցնում, ինքն էլ նրանց հետ ուրախանում, աշխարքով մին լինում...

Սրա վրա յա ասած էլի, մեր պապենական խոսքը, թե,

«Աչքը կտեսնի՝ սիրտը կսիրի»։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:02

ԹԱԳԱՎՈՐԻ ԿՆԿԱ ԽՐԱՏԸ

Текст:
Էս, որ պատմելու եմ ձեզ, զատկի ազիզ կիրակի օրն ա լինում։ Մարդու մեկը թագավորի դռնովն անց կենալիս տեսնում ա, որ հրեն թագավորի կնիկը խաս ու ղումաշ հագած-կապած, զուգված–զարդարվա ծ նստել ա պատուհանի առաջ.

— Ախ,— ասում ա,— էրնեկ սա իմ կնիկը լիներ... Թագավորի կնիկը էս որ լսում ա, ձեն ա տալի, թե,

— Այ տղա, հլա մի արի վերև։

Էս մարդու թուք ու մուքը կպչում ա, ասում ա, «էս ա որ կա, նեղացել ա իմ խոսքի վրա թագուհին, ի՞նչ պետք ա լինի իմ ճարը»։ Գալիս ա դողդողալեն կանգնում թագավորի կնկա առաջ, թե,

— Թագուհին ապրած կենա, ի՞նչ կհրամայես։

Թագավորի կնիկը, բաց արած սուփրիցը իրեք հատ ռանգ֊ռանգ ներկած ձու ա դնում էս մարդու առաջը, թե,

— Էս ձվերից, որի ռանգը քեզ դիր ա գալիս, էն վեկալ։ Էս մարդը ներկած ձվերից մեկը ջոկում ա, ՛որ վեր ունի՝

— Համբերի,— ասում ա թագավորի կնիկը, վեր ա ունում, իրեք ձուն էլ կպճում ա, դնում էդ մարդու առաջ, թե.

— Դե հիմի, որ ձուն որ դիր ա գալի քեզ, էն վերկալ։

Էս մարդը մնում ա շվարած։

— Թագուհին ապրած կենա,— ասում ա,— ես ո՞րը վեր ունեմ, իրեքն էլ աչքիս մի տեսակ են երևում։

Նոր էստեղ թագավորի կնիկն ասում ա,

— Աշխարքի կնանիքն էլ ձվերի պես էն, նրանց ռանգ-ռանգ շորերը որ չլեն` բոլորը մեկ են։ Հրես ես թագավորի կնիկ եմ, դու էլ «ախ» ես քաշում, «էրնեկ» տալի, համա, որ էս շորերը վրիցս հանեմ, ես էլ քու կնկա պես մի կնիկ եմ։ Կնկանդ թողած ուրիշ կնկա աչք մի գցի՝ ուրիշի հարսը սիրուն կերևա անփորձ մարդի աչքին։

Լիս գա հոգուդ, տատի ջան։ Էս խրատ-հեքիաթը ես իմ տատիցս եմ լսել։ Հիմի էլ ձեզ պատմեցի, որ դուք էլ ձեր տղերանցը պատմեք։

Ամա դե, խելոքին՝ խրատ, անխելքին մկրատ։ Խելոքն էն ա խրատը հասկանում ա, ամա անխելքը կարծում ա, թե ներկած կլեպի տակին էլ՝ ձուն ուրիշ ռանգի ա։ Հա շորեր ա, որ հանում ա կնանոնց վրիցը։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:03

ՕՁԱՄԱՆՈԻԿ, ԱՐԵՎԱՄԱՆՈԻԿ

Текст:
Մի թագավոր ա լինում։ Էս թագավորը, տարիներ են անց կենում, մնում ա անզավակ, թագուհին էրեխա չի բերում։ Էլ ինչ հեքիմ ասես, որ չեն բերում, էլ ինչ գիր ասես, որ չեն անում, խաչ ու սրբատեղի չի մնում, որ չգնան ու մատաղ չանեն՝ ոչինչ չի օգնում։

Մի օր էլ սա, որ գնում ա որսի, տեսնում ա հրեն մի օձ իր մանր ճուտերի հետ տաքանում ա արևի տակին։ Սա երկար մտիկ ա տալիս մեծ ու պստիկ օձերին, սիրտը փուլ ա գալի, աղի արտասունք ա թափում.

— Տեր աստված,— ասում ա,— դե, գանգատ չեմ անում, ամա մի օձի չափ էլ ա պատիվ չունե՞մ քու առաջին՝, որ էսքան տարի ինձ անզավակ ես թողնում, տանջում։

Էս օձը իրա ճտերովը սրա մտիցը չի ընկնում։ Տուն ա դնում, թե դուրս ա գալիս, օձի ճտերը աչքի առաջին են։ Անց ա կենում մի առ ժամանակ, էս թագուհին էրկու հոգիս ա լինում, ժամանակն էլ որ հասնում ա, ծունկը գետնին ա տալիս ու բերում ա մի զավակ, ամա ի՞նչ զավակ, ոչ էդպես ծնունդ տեսնող ա էլել, ոչ էդ տեսակ ծնունդի մասին՝ իմացող։ Տերը փրկի ու ազատի էդ տեսակ քանբախտությունից, ծնված տղա զավակի կեսը մարդ ա լինում, կեսը՝ օձ։

Թագավորը քիչ ա մնում խելքը կորցնի դարդից, ասում ա. «Աստված ինձ պատժում ա նրա համար, որ ես համարձակվեցի գանգատ անել նրանից»։ Հրամայում ա, որ էդ կես տղա, կես-օձին տանեն քաղաքիցը դուրս մի հորի մեջ գցեն, բայց խելոք, բանիմաց մարդիկ ասում են.

— Թագավորն ապրած կենա, քու ժառանգը թող հորումը ողջ մնա, մի սպանի նրան։ Էստեղ աստծու մատն ա խառը։ Աստվածը (մեռնեմ նրա սուրբ զորությունին), ուզեցել ա քու հպարտությունը կոտրի։ Կարող ա պատահի, որ դու խոնարհ աղոթքով սիրտը բաց անես, ո՞վ գիտի աստծու դատողությունը, կարելի ա ժամանակով օձ-պոչը կտրվի, զավակդ թամամ մարդ դառնա։

Հեքիմները վճռում են, որ էդ Օձամանուկին, քանի նա մատղաշ ա, պետք ա շաբաթը մի ջահել աղջիկ տան ուտելու։

Օձամանուկը, որ մի քիչ էլ մեծացավ, հերթը հասավ մի աղքատ մարդու աղջկա, որ պետք ա գցեին հորը՝ Օձամանուկին կեր։

Հիմի արի տես, որ էդ աղքատ մարդն էլ առաջին կնկանը թողել, մի որբևերի կնիկ էր առել նրա աղջկա հետ։ Կնիկն ուզում ա, որ առաջ խորթ աղջկան գցեն Օձամանուկին կեր, հետո՝ իր հարազատ աղջկան, մարդն էլ ուզում ա՝ առաջ խորթ աղջկան գցեն, հետո իր հարազատին։ Շատ ասում են, խոսում, կռիվս տալիս, ամա դե հայտնի բան ա, որ մարդ ու կնկա կռվի մեջ՝ կնկա խոսքն ա անց կենում։

Էս աղքատ մարդու հարազատ աղջիկը դառն արտասուք ա թափում, աղոթք անում աստծուն էլ, սրբերին էլ։ Մին էլ գիշերը էրազ ա տեսնում, մի ձիավոր ա գալիս (դե էն ա սուրբ Սարգիսը կլիներ, էլի) ասում ա.

— Վախիլ մի, հորդ ասա, թող քեզ կապի գոմշի կաշվի մեջ, իրեք կուժ էլ կաթ դնի հետդ, մի դանակ ու քեզ պարանով կախ տա հորը։ Օձամանուկը քեզ ձեն կտա. «Դուրս արի գոմշի կաշվից, որ քեզ ուտեմ»։ Դու էլ իրեք անգամ կասես. «Դուրս արի, դուրս արի, դուրս արի օձի շապկիցը, որ քեզ կաթնով լողացնեմ»։ Օձը չարությունիցը շապիկը կպատռի, միջիցը դուրս կգա Մանուկ։ Դանակով կապը կտրի, դուրս արի գոմշի կաշվիցը, օձին կաթով լողացրու։

Առավոտը աղջիկը պատմում ա հորը գիշերվա երազը։ Հերն էլ տեր աստված ձեն տալով, բերում աղջկան հորիցը կախ ա անում։

Դե, էլ ինչ ասեմ, ամեն ինչ էնպես ա լինում, ոնց որ էրազումն էր տեսել։ Օձը մանուկ ա դառնում, ամա աղջիկը, որ պարանը կտրում ա, վեր ա ընկնում, բերանը դիպչում ա քարի, առաջի ատամներից մեկը կոտրվում ա (էս կոտրած ատամը միտներդ պահեք՝ մեզ պետք կգա)։

Աղջկա հերը, թագավորը, թագուհին, պալատականները գալիս են աղջկան ու Մանուկին հանում են հորիցը, բերում են պալատը, յոթ օր յոթ գիշեր հարսանիք են անում, պսակում են աղքատ մարդու աղջկանն ու Մանուկին, Մանուկի անունն էլ էդ օրվանից մնում ա Օձամանուկ։

Օրերը գալիս են, անց են կենում։ Պատահումա, որ Օձամանուկը պատերազմ ա գնում, գնալուց առաջ ասում ա մորը,

— Չլինի որ հարսդ տանից դուրս գա։ Խորթ մերը, որ կանչի` չթողնես որ գնա։

— Չեմ թողնի,— ասում ա թագուհին,— ամա հարսի խորթ մոր փորումը հազար սատանա յա խաղում։ Նախանձից տրաքում ա, որ էդ բախտը ոչ թե իր, այլ խորթ աղջկանն ա ընկել։

Էրեսանց սեր ու կարոտ ա ցույց տալի հարսի խորթ մերը, մարդ ա ղրկում թե.

— Աչքներս ջուր կտրեց մեր էրեխուն սպասելով, թողեք գա, մեր սրտի կարոտը առնենք, մեր աչքը կշտանա նրանցով։

Թագուհին չի կարում հակառակի, թող ա տալիս, որ հարսին տանեն հորանց տուն։ Խորթ մերն ու իրա աղջիկը վեր են ունում հարսին, թե՝ գնանք գետը լվացք անելու։ Հանում են հարսի շորերը, լվանում, նստում են ջրի ափին, յանի թե հանգստանալու, մին էլ էդ անիծվածները խփում են հարսին, գլորում գետը, գետն էլ թշշալով ու խշշալով տանում ա գցում ծովը։

Ալիքների հետ կռիվս տալով էս խեղճը հասնում ա ափին, անմարդաբնակ մի տեղ, մարդու, անասունի նշանակ չի էրևում։ Նստում ա, փառք տալի աստծուն, որ խեղդվելուց ազատվեց, փափուկ խոտերից մի բան ա հյուսում, որ տկլոր ջանը ծածկի, առաջ ա գնում, գնում ա մի քիչ տեղ էլ, մին էլ, ի՞նչ տեսնի, եղեգնով ու ծառի ճղերով ծածկած մի պուճուր տաղավար, մեջը մի իգիթ ա քնած։ Կինը նստում ա կողքին։

Արևը որ մեր ա մտնւում, էս իգիթը զարթնում ա, աչքը կնկանն ա դիպչում, կարծում ա, թե սատանայական տեսիլք ա, երեսը մի քանի անգամ խաչ ա հանում, տեսնում ա որ չ` չի հալածվում.

— Ո՞վ ես դու,— հարցնում ա,— ինչի՞ համար ես եկել հասել էստեղերանքը։

Աղջիկը իր գլխի էկածն ա պատմում։ Կտրիճն էլ իր գլխի եկածը։

— Ես,— ասում ա,— մի երևելի հարուստի որդի եմ, ոչ մի բանս պատկաս չէր, ինչ ուզում էի, անում էի, իմ օրումը ոչ մեր տանը, ոչ էլ քաղաքումը ինձ «չէ» ասող չի էլել։ Ես հենց գիտեի, թե ինչ ուզեմ, էն րոպեին պիտի կատարվի։ Պատահեց, որ իրեք օր՝ իրար վրա որս չընկավ ձեռս, շատ սրտնեղեցի, մտքիս գրի, որ մեկել օրը արևը ծագելուն պես նետով խփեմ արևի ճակատին թող ընկնի երկնքիցը, թող խավարը տիրի երկրին, քանի որ ես որս չեմ գտնում, որ ուզածիս պես քեֆ անեմ։ Նետուաղեղը ձեռս առա, նշան բռնեցի...

Արևը գլուխը երկնքից ցույց տվեց, մի բոցեղեն լույս խփեց էրեսիս ու աչքերիս։ Մի կրակոտ ձեռ բռնեց մազերիցս, բերեց վեր գցեց էս ամայի տեղը, վեր գցեց ու անիծեց, որ արև չտեսնեմ, օրվա լույսը չվայելեմ։ Էս ա իմ օրը, ցերեկները քնում եմ, եթե տաղավարիցը դուրս գամ` կմեռնեմ։ Գիշերներն եմ դուրս գալիս, իմ ուտելիքի ու ապրուստի հոգսը քաշում։

Էդ օրվանից հետը էս կինը ցերեկներն էր աշխատում, էն կտրիճն էլ՝ գիշերները։ Օձամանուկի հետ ապրած կինը հիմա Արևամանուկի հետ ա ապրում։

Ժամանակին էս կինը հղիանում ա։

Արևամանուկը (հիմի կտրիճի անունը դառավ Արևամանուկ) վեր կացավ թուղթ գրեց իր հորն ու մորը, թե.— Ահավասիկ ձեր հարսը, ձեզ եմ ուղարկում
նրան, պահեցեք ձեզ մոտ, բայց ինձ չփնտրեք, ես արև չեմ կարող տեսնել, մեր քաղաքը, մեր տունը չեմ կարող մտնել, եթե գամ՝ անպատճառ կմեռնեմ, ես անիծված եմ։

Արևամանուկը գիշերներով բերում ա կնկանը հասցնում իրանց տունը՝ ինքը ետ դառնում։ Հերն ու մերը որդու ողջության թուղթը կարդալով, չեն դիմանում, ուզում են գնան բերեն որդուն, ամա հարսը համոզում ա, որ չգնան, նրա մահի պատճառը չդառնան։

Հարսի օրերը թամամում են՝ ծունկը գետնին ա տալիս, բերում ա մի լավ տղա։ Էրեխուն դնում են օրորոցը, օրորում ա հետն էլ իր գլխին էկածը խաղ շինած՝ օրոր ասում։ Ժամանակ առ ժամանակ գիշերները օրոր ասելիս դրսից էլ ա օրոր լսվում։ Հարսը գիտի, որ էդ Արևամանուկն ա, որդու սիրուցը ինքն էլ գալիս ա «օրոր» ասում, բայց չի կարենում տուն մտնի։

Հարսի կեսուրն ու կեսրարը մտածում են, թե էդ գիշերները հարսի հետ փոխնեփոխ խաղ կանչողը կարող ա հարսի սիրողը լինի։ Քննում են, դատում։ Հարսի ճարը որ կտրվում ա, ասում ա.

— Էս էկող կանչողը ձեր որդին ա, որ իր զավակի սիրուց գալիս ա ձեն ա տալիս, օրոր ա ասում, ամա թե նրան բռնեք, ներս առնեք կմեռնի։

— Սուտ ա ասում,— ասին,— էստեղ մի օյին կա՝ բռնենք էդ եկողին, թե որ մեր որդին ա՝ կարոտներս կառնենք, թե որ օտար մարդ ա հարսը իր հախը կստանա։

Մի գիշեր էլ դրսից ձեն առնելուն պես վրա են թափվում, բռնում՝ տեսնում են, հա՛, իրանց որդին ա.

— Թողեք ինձ,— ասում ա,— ես փախչեմ, արևը չծագած, որ իմ տաղավարի մեջ չլինեմ՝ կմեռնեմ, հավատացեք, չէ՞ ձեզ գրել էի, ես անիծված եմ։ Թողեք ինձ, փախչեմ, հասնեմ տեղս։

Մինչև դես, մինչև դեն, լուսացավ, արևի ծագելուն պես մարդը իր հորն ու մոր աչքի առաջ վեր ընկավ մեռավ։ Բայց հոգին դեռ մեջն էր։ Ասին՝ իրիկունը, որ արևը մեր մտնի, ուշքի կգա, կսաղանա։ Արևն էլ մեր մտավ, իրիկունն էլ հասավ, ամա էս մարդը էդպես էլ մնաց։ Տունը դառավ մեռելատուն, լաց ու կոծը բռնեց ամենին ու, ամենից շատ էս մարդու հորն՝ ու մորը, որ պատճառ էլան էս բանին։ Կնիկն էլ, հո, էլ ասվիլ չի, էրեխեն ձեռին, վայ էր տալիս իր օր ու կյանքը։

Ախր, ի՞նչ անեն, ոչ թամամ մեռած ա՝ տանեն թաղեն, ոչ էլ կենդանի ա, որ ձեռիցը բռնեն, ոտի կանգնեցնեն՝ մի ճար, մի դեղ անեն։ Քարերը ձեռքերն էին առել խփում էին գլխներին, թե էս ինչ արինք մենք, մեր ձեռովը մեր որդուն սպանեցինք։ Էս ցավ ու դարդի մեջ մի քանի օր անց ա կենում։

Մի սրա մերը էրազումը մի ձեն ա լսում.

— Վեր կաց,— ասում ա էդ ձենը,— էրկաթի տրեխներ հագի, էրկաթի գավազան ձեռդ առ՝ գնա արևելքի կողմը, որտեղ տրեխներդ ծակվեն, գավազանը մաշվի էնտեղ կգտնես որդուդ ցավի դարմանը։

Մոր սիրտը քիչ ա մնում տրաքի.

— Փառքդ շատ, աստված,— ասում ա,— կարող ա իմ աղոթքը տեղ ա հասել։

Լուսը լուսանում ա թե չէ, վեր ա կենում էրկաթի տրեխներ ու էրկաթի գավազան շինել տալիս, ճամփա ա ընկնում, գնում։ Գնում մի տարի, էրկու տարի, հինգ տարի, տասը տարի։ Սև ու սպիտակ մարդկանց աշխարքը կտրում՝ անց ա կենում, գնում ա հասնում աշխարքի վերջը՝ ոչ հավք ու թռչուն ա երևում, ոչ անասուն ու գազան։

Հեռվից մի ապարանք ա տեսնում, որ կապույտ մարմարից էր շինած, գնում ա դրա կողմը։ Նստում ա որ մի քիչ շունչ աոնփ, տեսնում ա որ տրեխները ծակվել են, գավազանն էլ մաշվել ա. միտն ա ընկնում էրազում լսածը՝ հենց էստեղ ա, որ պետք ա իմ որդու ցավի դարմանը գտնեմ։ Ներս ա մտնում ապարանքի դռնովը, իրար միջով անցնում տասներկու բակ, ամեն բակի չորս կողմը կամարակապ։

Աստղերը հանգիստ քուն են մտնում։ Բակերում շատրվան ու ավազան։ Ոչ ծառ կա, ո՛չ կանաչ, ո՛չ հավք, ո՛չ անասուն, ո՛չ էլ ուրիշ արարած։ Մեջտեղի բակի ավազանի վրա ոսկեղեն պալատ կա, վրեն՝ մարգարիտի անկողին փռած, անկողնում, լույսերի մեջ՝ ինքը լուսեղեն մի թագուհի։ Արևամանուկի մերը թագուհուն որ տեսնում ա, հիացմունքից բերանը բաց ա անում, խելքը գլխիցը գնում ա։

Թագուհին քաղցր ձենով հարցնում ա.

— Պարզ ա, դու խնդիրք ունես որ էսքան չարչարանք ես քաշել, հասել ես էստեղ, ի՞նչ ա դարդդ, ասա, մի վախենա։

— Մայր եմ ես, ծնող եմ ես,— ասում ա կինը,— էկել եմ որ իմ որդու արևը, նրա կյանքը ինձ դարձնես, որ մի ճար անես։

Ու ամեն ինչ պատմում ա թագուհուն, ոնց որ ես ձեզ պատմեցի։

— Տղեղ չար տղա ա,— ասում ա թագուհին,— ես էլ մայր եմ, Արեգական մայրն եմ։ Իմ որդուս արևով երկինք ու երկիր ա լուսավորվում։ Քու որդին ուզեց նետով խփի, սպանի նրան։ Անիծյալ ա քու որդին, Արևից զուրկ պիտի մնա. ապրի՝ ու չպիտի ապրի, մեռնի՝ ու չպիտի մեռնի։

— Թագուհի,— ասում ա կնիկը,— դու էլ ես մայր, դու գիտես թե ի՞նչ ցավով ենք ծնում մեր զավակներին, ի՞նչ ցավ ու տանջանք ենք քաշում մինչև մեծացնում՝ ոտքի ենք կանգնացնում։ Նրան փրկելու համար էսքան ճամփա եմ կտրել։ Քու զավակի արևի համար մի ճար արա։— Նորից աղերսում ա կինը, ընկնում թագուհու ոտները, լաց լինում.

— Թե ճար չես անելու, հենց էստեղ ինձ տուր՝ սպանի, իմ որդու քամբախտությունը ես էլ չեմ կարա տենամ։

Արևամոր սրտումը գութը շարժվում ա, վեր ա կենում, ասում.

— Շատ անարժան զավակներ իրենց մայրերի շնորհիվ արև են վայելել, թող քու զավակն էլ իրա մոր համար ապրի։ Հիմի դու գնա, ծածկվի էն աստղերի հետևը, որդիս գալու ա, չլինի թե էրևաս։ Երբ որ ավազան կմտնի կլողանա, կպրծնի, կգա կաթս ծծելու, դու նրա ավազանի ջրիցը մի կուժ վեր առ, տար ցանի որդուդ վրա՝ կառողջանա...

Մի քիչ հետո գալիս ա Արեգակը՝ բոցերով պատած, մտնում ավազանը, աստղերը արթնանում են, ոտքի կանգնում պատվի բռնած։ Արևամայր թագուհին գրկում, վեր ա հանում ջրից իր որդուն, պառկեցնում ա իր կողքին ու սիրով գուրգուրանքով ծիծ տալիս մշտամանուկ Արեգակին։

Աստղերը ելնում են երկնքի երեսը, Արևամանուկի մայրը մի կուժ ջուր ա առնում ավազանիցը, դուրս գալիս պալատիցը, ուրախ, հույսը սրտում, թև առած, ետ գնում իր էկած ճամփովը, հասնում իր որդուն, Արևաջուրը ցանում վրեն՝ որդին վեր ա կենում, կանգնում ողջ ու առողջ։

Էս հրաշքի ձենը գնում ա հասնում աշխարքե-աշխարք։ Հեռու տեղերից գալիս են, հավաքվում թագավորներ ու իշխաններ, գիտնականներ, որ իրանց աչքով տեսնեն էն տղին ու էն մորը՝ իրենց ականջով լսեն նրանց պատմածը։.

Հիմի արի տես, որ էկածներից մեկն էլ Օձամանուկն է լինում (հո միտնե՞րդ ա՝ ով ա)։ Սա որ պատերազմից տուն էր եկել, մորիցը իմացել էր, որ իր կնկանը խորթ մերը տարել կորցրել ա։ Հիմի եկել էր Արևամանուկին տեսնելու ու նրա մորը խնդրելու, որ ոնց որ իր որդու համար ճար գտավ, կարելի ա իր կորցրած կնկանը գտնելու համար էլ մի ճար գտնի։

Արևամանուկն ու իր մայրը Օձամանուկին բերում են իրենց տունը, պատիվ տալիս, սեղան նստացնում։ Սա, հաց ուտելու վախտը պատմում ա իր գլխին էկածը, թե ոնց կորավ իրա կնիկը։ Տան հարսը, ոնց որ կարգն ա, ծառայություն ա անում սեղանին ու նրա պատմածը լսում։ Մին էլ հարսը որ կես բերան ծիծաղում ա, ոսկի ատամը, որ դրել էր կոտրածի տեղակ՝ երևում ա (միտներդ ա ո՞նց էր կոտրվել)։ Օձամանուկը էդ որ տեսնում ա, հացը մոռանում ա։ Աչքերը չորս արած նայում ա, քննում, տեսնում, որ սա իրա կնիկն ա։

Հիմի ո՞նց անեն, էս կնիկը Արևամանուկի կնիկն ա, ամա նրանից առաջ էլ Օձամանուկի կնիկն ա եղել։ Շատ են տալիս, առնում, վերջը, բարեկամաբար, որոշում են աղի բլիթ ուտեցնեն կնկանը, ձիանը նստեն, գնան դաշտ։ Կնիկն էլ էրեխեն ձեռին գնում ա սրանց հետ, չի ուզում ոչ մեկի խաթրը կոտրի։ Պայման են դնում որ կնիկը ջուրը ում ձեռից խմի՝ նրա հետ մնա։

Էս, կնիկը շատ ա ծարավում, որ էլ չի կարում դիմանա, էս ա, ուշը պիտի գնա, ձեն ա տալիս՝ Արևամանուկ, Արևամանուկ։ Արևամանուկը վեր ա գալիս ձիուց ու վռազ մեկնում ա ջուրը, ամա կնիկը կանչում ա՝ Օձամանուկ, Օձամանուկ։ Սա էլ ա վեր գալիս ձիուցը, ջուրը մեկնում ա կնկանը։ Կինը կանգնում ա էրկուսի մեջտեղը, էրեխուն տալիս ա Արևամանուկին, ասում ա.

— Առ էս էրեխուն, դու սրա հերն ես, բայց Օձամանուկի հետ ես պսակով եմ կապված՝ ես նրա ձեռքի ջուրը կխմեմ։

Խմում ա Օձամանուկի ձեռի ջուրը ու գնում նրա ետևից։

էսպես ա վերջանում էս հեքիաթը, որ ոչ լսողն ա հավատում իր ականջներին, ոչ տեսնողը՝ իր աչքերին։ Բայց ում սիրտը մաքուր ա, անմեղ ու անարատ ա՝ նա շատ կսիրի էս հեքիաթը, անունը մաներիդ պահեք՝ «Օձամանուկ, Արևամանուկ», որ ուրիշներին էլ դուք պատմեք։

* * *

— Հերիքնազ,— ասեց պապս,— էդ քու պատմած կնանոնցը պետք ա սրբության տեղ պաշտեն, համա դե...

— Դե որ ի՞նչ, էլի ի՞նչ ես բեղիդ տակին պահել։

— Ոչինչ, ամա տեղն ընկած վախտը մարդ որ ուզած խոսքը չասի՝ փորը կպատռի։

— Դե լավ, ասա, որ փորդ չպատռի։

— Ուզում եմ ասեմ, որ կնիկ էլ կա՝ կնիկ էլ։ Լսեք՝ պատմեմ։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:05

ԱՆԶԳԱՄ ԿՆԻԿԸ

Текст:
Լինում ա, լի լինում մի մարդ, մի կնիկ։ Սրանք շատ աղքատ ու անճար են լինում։ Մարդը գնում էր սրա-նրա մոտ, մշակություն անում, մի քանի շահի աշխատում, բերում ընտանիքը պահում։

Համա կնիկը էնենց մի անզգամ, էնենց մի աստծո էրեսիցը թափած, էնենց մի տնաքանդ էր, որ, որ... էլ չեմ կարա ասել։

Աստծու օրը մարդի հոգին հանում էր՝ «Ինձ համար էս առ, էն առ, էս բեր, էն բեր, էս չթին հավան չեմ, էն չթիցր բեր»։

Էսենց խեղճ մարդին գժվացրել էր, թողել։ Խեղճ մարդը մեռնում էր կնկանը խրատելով՝ «Այ կնիկ, ախր էսենց չի լինի, տեսնում ես, օրեն հացի մուրացկան ենք, զոռով ենք ծերը ծերին հասցնում, գլուխ պահում»։

Համա ո՞ւմ ես ասում, անզգամ կնիկը էլի իրա էշն էր քշում։ Կնիկդ որ լավը լինի, մի գնա հարսանիք, տանդ ամեն օր հարսանիք ա ու հարսանիք, թե կնիկդ վատը լինի, մի գնա մեռլատուն, տունդ ամեն օր մեռլատուն ա ու մեռլատուն։

Վերջը, որ էս խեղճ մարդու հոգուն հասնում ա, տեսնում ա՝ ճար չկա, որոշում ա գլուխն առնի, կորչի, բալքի էդ անզգամ կնկա ձեռիցը պրծնի։ Օրվա մի օր վեր ա կենում էդ մարդը՝ տնից փախչում։

Գնում ա, գնում ա, գնում, շատ ու քիչն աստված գիտի, դուրս ա գալիս մի չոր ամայի տեղ։ Մեկ էլ տեսնում ա հրեն գետնին մի կլոր քար։ Ասում ա, տեսնես էս ի՞նչ բան ա։ Ճռնչալեն էդ քարը ետ ա գցում, տեսնում ա՝ տակին մի խոր անտակ հոր, էն սհաթին քարը էլ ետ գնում ա հորի բերնին։

— Էս լավ էղավ,— ասում ա,— սրանից էլ լավ տեղ չկա, գնամ անզգամ կնկանս բերեմ, գցեմ էստեղ, բալքի միանգամից ազատվեմ նրա ձեռիցը։

Գալիս ա տուն։

— Այ կնիկ,— ասում ա,— էսենց, էսենց, էսենց բան։ Էսօր գնացել էի հանդը ցախ հավաքելու, տեսա գետնին մի կլոր քար, բարձրացրի քարը, ինչ տեսնեմ՝ մի մեծ հոր, մեջը լիքը խազինա՝ էլ ոսկե մատնիքներ, էլ մարգարիտներ, էլ մարջաններ ու հազար ու մի թանկագին քարեր՝ էնենց են պսպղում, որ մարդի քեֆ են բերում։

— Ճի՞շտ,— հարցնում ա կնիկը։

— Չիշտը ո՞րն ա։ Չես հավատում, գնանք տես։

Մարդ ու կնիկ վեր են կենում, մի էրկու պարան էլ հետները վեր ունում, ընկնում ճամփա։ Գալիս են, գալիս, հասնում էդ հորի մոտ։ Մարդը քարը բարձրացնում ա, դե գիտի իր կնկա թարս բնույթը, չէ՞։

— Այ կնիկ,— ասում ա,— բեր պարանը կապենք իմ միջքին, կախվեմ հորը, ինչ կա չկա, հավաքեմ, դուրս գամ։

— Չէ, ինչի՞— հակառակում ա կնիկը,— դու գնաս, լավ բաները վերցնես, փիսերը թողաս ինձ։ Ես պիտի կախ ընկնեմ։

Մարդն էլ հենց էդ էր ուզում։ Բերում ա պարանը, կապում կնկա մեջքը, կախ անում հորը։ Հենց որ հասնում ա անտակը, մարդը պարանի ծերը ձեռիցը բաց ա թողնում, քարը էլի դնում հորի բերնին, որ դուրս չգա։

Վեր ա կենում, գալիս տուն։

Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ։ Մարդն ասում ա՝ «գնամ տենամ էն անզգամը ինչ օրի ա, մեռա՞վ, սա՞ղ մնաց»։ Գալիս ա, գալիս, հասնում հորի մոտ։ Ականջ ա դնում, ի՜նչ տեսնի, հորի միջիցը մի էնենց դժվըժոցի, մի էնենց ղալմաղալի, մի էնենց հարայ-հրոցի ձեն ա գալի, որ աստված փրկի-ազատի։

Քարը մի քիչ դեն ա տանում թե չէ, տեսնում ա էն տեղից ձեն տվին.

— Աստծու սիրուն, այ հողածին, ինչ կլինի՝ էդ քարը դեն գցես, մի էստեղից դուրս գանք, էս անզգամ կնկա ձեռիցը պրծնենք, հալբաթ մենք էլ մի օր քու լավության տակիցը դուրս կգանք։

Էս մարդի մեղքը գալիս ա, դե, գիտի իրա կնկան, հորի բերանը բաց ա անում, սատանեքը գլխապատառ, դուրս են պրծնում, շնչակտուր, հորի չորս բոլորը կանգնում։ Սատանաներին որ տեսնում ա էս խեղճ մարդր, վախլությունիցը քիչ ա մնում լեղին պատռի։

— Մի վախենա, մի վախենա, հողածին,— ասում ա սատանաներից մեծը,— մի վախենա, դու որ մեզ էսենց մի լավություն արիր, էն անզգամ կնկա ձեռիցը պրծացրիր, պիտի քո լավության տակիցը դուրս գանք։ Հրես,— ասում ա,— ես կգնամ կմտնեմ թագավորի աղջկա փորը։ Ինչ դեղ-դարման անեն, ինչ հեքիմ բերեն, չեմ դուրս գա։ Էս որ կլսես,— ասում ա,— վեր կկենաս, կգնաս թագավորի մոտ «Թագավորն ապրած կենա,— կասես,— ես քո աղջկան կլավացնեմ»։ Հենց որ դու մտնես աղջկա օթախը, ես դուրս կգամ աղջկա փորիցը, աղջիկը կլավանա, կլինի ոնց որ մորեն մեկ։

Սատանեն էս ասում ա՝ աներևույթ լինում։ Անց ա կենում մի վախտ։ Խաբարը հասնում ա էս գեղը, թե՝ բա չեք ասի, էսենց, էսենց բան. թագավորի աղջիկը գժվել ա, քառասուն տակ նրա ձեռն ու ոտը կապել են, գցել մի օթախ, աշխարքումն էլ հեքիմ չի մնացել, բերել են՝ լավանալու ճար չկա։

Էս մարդը էս որ լսում ա, վեր ա կենում, գնում թագավորի մոտ։

— Ինչի՞ ես էկել, այ մարդ,— հարցնում ա թագավորը։

— Ես հեքիմ եմ,— ասում ա,— էկել եմ աղջկանդ լավացնեմ։

— Թե լավացրիր,— ասում ա թագավորր,— ինչ ուզես՝ կտամ։

Սրան տանում են աղջկա օթախը։ Տեսնում ա, հրեն աղջկա ձեռ ու ոտը քառասուն տակ կապկպած։ Սա մոտենում ա աղջկանը, սուտ-մուտ գիր-միր անում, ինքն իրան փնթփնթում՝ իբր թե աղոթք ա անում։ Սատանեն սրան որ տեսնում ա, դուրս ա գայթիս աղջկա փորիցը, հետո էս մարդուն ասում,

— Տես,— ասում ա,— էստեղից գնում եմ Հնդստանի թագավորի աղջկա փորը մտնեմ։ Համա չլինեմ-չիմանամ գաս էնտեղ, հա , թե չէ, իմաց կաց նրան կթողեմ, քո փորը կմտնեմ։

— Չէ,— ասում ա,— հո չեմ գժվել, գալիս եմ՝ ի՞նչ անեմ։ Սատանեն թողնում ա, գնում իր սատանությանը։

Մարդը աղջկա կապերը ետ ա անում, բերում թագավորի մոտ։ Աղջիկը լավանում ա, լինում ոնց որ մորեն մեկ։ Թագավորը ուրախանում ա, դառնում աշխարքով մեկ։

— Այ տղա,— ասում ա,— ի՞նչ կուզես, որ տամ։

Սա թե՝

— Թագավորն ապրած կենա, ինչ տաս՝ համաձայն եմ։

— Բաս որ էտենց ա,— ասում ա թագավորը,— իմ աղջիկը տալիս եմ քեզ։ Տար, մորդ կաթի պես քեզ հալալ ա. չունքի դու չլինեիր՝ նրան լավացնելու ճար չէր լինի։

Թագավորը բերում ա աղջկանը սրան ա տալի, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք, կեր ու խում անում, ուրախանում։

* * *

Արի հիմա սրան թողանք էստեղ, գանք խաբար տանք՝ ումի՞ց։ Խաբարը տանք սատանիցը։

Սատանեն գնում ա մտնում Հնդստանի թագավորի աղջկա փորը։ Հնդստանի թագավորը աշխարքումն էլ հեքիմ չի մնում՝ բերել ա տալիս, չեն կարում լավացնեն։

Վերջը խաբար են տալիս Հնդստանի թագավորին, թե՝ ֆլան թագավորի փեսեն, էսենց, էսենց, էսենց գլուխ հեքիմ ա։ Թե լավացնի՝ նա կլավացնի, էլ մարդ չէ։

Հնդստանի թագավորը էն սհաթին մարդ ա ղրկում էդ թագավորի մոտ։

Սա գալիս ա, հասնում էս թագավորի պալատը, գլուխ տալի, ձեռները դոշին դնում՝ էնտեղ կանգնում։

— Բարի լինի,— ասում ա թագավորը,— էդ ինչի՞ ես եկել։

Սա թե՝

— Թագավորն ապրած կենա, Հնդստանի թագավորի աղջիկը գժվել ա։ Քառասուն տակ ձեռ ու ոտը կապել են, ճար չի լինում։ Լսել ա, որ քո փեսեն էսենց, էսենց, էսենց գլուխ հեքիմ ա, կանչում ա, որ նրան լավացնի։ Թե հու չէ...

Խեղճ փեսեն մնում ա երկու ջրի արանքին, չի իմանում ինչ անի, չգնա՝ երկու թագավորի արանքը կռիվ դուրս կգա. Գնա՝ վախում ա սատանեն աղջկանը թողնի, գա մտնի իրա փորը։ Միտք ա անում, միտք՝ «Ջհանդամը,— ասում ա,— կգնամ, ինչ կլինի՝ կլինի»։

Էս փեսեն Հնդստանի թագավորի ղրկած մարդու հետ վեր ա կենում ընկնում ճամփա։ Գալիս են, գալիս են, գալիս, շատն ու քիչը աստված գիտի, մի օր, երկու օր, իրեք օր, մի շաբաթ, հասնում են Հնդստան։

Փեսեն գնում ա դուզ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ձեռները դոշին դնում՝ էնտեղ կանգնում։

— Ֆլան հեքիմը դու ես,— հարցնում ա Հնդստանի թագավորը։

— Հա, թագավորն ապրած կենա, ես եմ,— ասում ա։

— Իմ աղջկանը կարա՞ս լավացնես։

— Բանն աստված,— ասում ա,— թագավորը ողջ լինի։

Էս մարդին տանում են թագավորի աղջկա օթախը։ Տեսնում ա՝ հրեն աղջիկը քառասուն տակ կապկպած ա։ Սատանեն սրան որ տեսնում ա, աղջկա փորի միջիցը ձեն ա տալիս։

— Այ մարդ, չէ՞ ես քեզ ասեցի՝ չգաս, դու ոնց սիրտ արիր, էկար։

Սա թե՝

— Սո՛ւս, սատանա ախպեր, ես հո չեմ էկել սրան լավացնեմ. էկել եմ քեզ իմաց տամ, որ էն անզգամ կնիկը հորի միջիցը դուրս ա էկել, քո հետևիցը ման ա գալի, լսել ա, որ էկել ես Հնդստան, ինքն էլ վեր ա կացել, էկել քո հավարին։ Ճար ունես՝ տես։

— Ամմա՜ն, աստծու սիրուն,— ձեն ա տալիս սատանեն,— բաս որ էտենց ա՝ դուրս գամ էստեղից փախչեմ, գնամ ուրիշ երկիր, քանի էն անզգամ կնիկը չի եկել ինձ գտել։

Սատանեն էս ասում ա թե չէ, թագավորի աղջկա փորիցը դուրս ա գալիս, փախչում։

Աղջիկը լավանում ա, լինում ոնց որ մորեն մեկ։ Նոր էդ մարդը աղջկա կապերն արձակում ա, տանում թագավորի մոտ։

Թագավորը ուրախանում ա, աշխարքով մեկ ա լինում։ Բերում ա էդ մարդին իրա քաշովը մին ոսկի ա տալիս, ճամփում էլ ետ իրանց երկիրը։

Բա՜։

Աստված ազատի լսողանց՝ անզգամ կնկա ձեռիցը։ Ամա՜ն։

* * *

— Ալևոր,— ասեց տատս,— չկարծես, որ ես մենակ կնանոնցն եմ պաշտպանում, հրես մի հեքիաթ էլ պատմեմ մի ուրիշ կնկա մասին։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:09

ՄԱՐԴ ՈԻ ԿՆԿԱ ՊԱՅՄԱՆԸ

Текст:
Մի գեղացի մարդ ա լինում, մի կնիկ։ Սրանք շատ լավ ու սիրով են ապրելիս լինում, ամա մարդու քոռ բախտիցը էս կնիկը հիվանդանում, մեռնում ա։ Մարդը երկար ժամանակ նոր կնիկ չի առնում։

Ես որդիա՞ն գտնեմ իմ օղորմածիկ կնկա նման լավ կնիկ, ամա մին էլ նստում ա ինքն իրան հետ խոսում,

— Այ մարդ,— ասում ա,— առանց կնկա տունը տուն չի՝ կրակ տուր ու վառի։ Մենակ ապրիլ չի լինի։ Պետք ա պսակվեմ ես։ Կյանքիս համն ու լազաթը կորել ա։ Մի խոսակից չկա, որ հետը զրից անեմ։ Անպսակ մնալը մենակ աստծուն, Քրիստոսին ու սրբերին ա վայել։

Էս մարդը ճանապարհ ա ընկնում, գնում գեղե-գեղ, շենից-շեն ման գալի, որ իր ուզածով մի լավ կնիկ ճարի։ Վերջը մի ջահել, սիրուն որբվերի կնիկ ա գտնում, հետը պսակվում՝ գնում իրա տուն։

Կնիկն ասում ա.— Պսակի տակին տերտերը չթողեց, որ ես ուզածս ասեմ, ամա ուզում եմ, որ գիտենաս։ Ես մի փիս խասիաթ ունեմ, տարվա միջին երեք օր իմ խանմությունս բռնում ա, էն օրերին ես ոչ մի բանի ձեռ չեմ տա, ոչ մի բան չեմ անի, խանում-խաթուն դառած ինձ համար ման եմ գալիս։

— Այ կնիկ,— ասում ա մարդը,— ես էլ քեզ պես եմ է. տարվա մեջ իրեք օր էլ իմ գժությունն ա բռնում։ Որ բռնում ա է, աստված հեռու տանի, ամեն ինչ կոտրատում եմ, ջարդ ու փշուր անում։ Ով էլ, որ էդ վախտը կողքիս լինի, տալիս եմ մահակով, ծեծում, աղցան անում։— Համ ասում ա, համ էլ մտածում.— «թող մի իրա խանմությունը ցույց տա, նոր ես դրա հախիցը կգամ»։

— Դե ո՞նց անենք,— ասում ա կնիկը,— պետք ա յոլա գնանք՝ ես քու գժությունը կտանեմ, դու էլ իմ խանմությունը։

Էսպես իրար խոսք են տալիս՝ ապրում։ Մարդը տեսնում ա, որ էս կնիկը սիրուն ու ջահել ա՝ ամա թամբալություն ա անում։ Մտածում ա՝ մի քիչ համբերեմ, թե չփոխվեց, նոր սրան խելքի կբերեմ։

Անց ա կենում մի առ ժամանակ։ Մարդը հնձվորներ ա բերում, որ արտը հնձեն։

Կեսօրին մարդ ա ղրկում տուն, որ կնիկը կերակուր էփի, ճաշ բերի հնձվորներին։ Կնիկը էդ ղրկածին ասում ա.

— Գնա մեր մարդին ասա, որ խանմությունս բռնել ա, դեռ գիշերվանից ա էկել։ Մարդս թող մեր հարևանի կնկանը ճաշ պատրաստել տա։

Մարդը էս որ լսում ա՝ կատաղում ա՝ մի լավ կակող հոնի ճիպոտ ա վեր ունում, վռազ հասնում ա տուն, դեռ ոտը շեմքին չդրած, գոռում ա.

— Այ կնիկ, բա ես ո՞նց անեմ, էս անտեր գժությունս բռնել ա։— Ասում ա ու ընկնում կնկա ջանին, մի լավ, քու հավանած, ճիպոտածեծ տալի։

Կնիկը ճղճղում ա, բղավում.

— Հա՜յ, մեռա, վա՜յ, օգնեցեք։

Հարևաններն ասում են.

— Էս մարդը մի օր չի նեղացրել իրա օղորմածիկ կնկանը։ Հիմի թազա կնկանը երևի դաս ա տալի։–– Ասում են ու քաշվում ղրաղ։

— Աստծու սիրուն,— ասում ա կնիկը,— բոլ էլավ, սրանից դենը ես իմ խանմությունն եմ թարգ տալի, դու էլ թարգը տու քու գժությունը։

Էդ ա լինում ու՝ էդ։ Դրանից հետո ո՞ր կնկա «խանմությունը» կարող ա բռնի։

* * *

Բա՜, էդպես ա կարգը՝ խելոք, համեստ կնկանը մարդը կսիրի, կխնայի, կպատվի, ամա թե որ ջահել, սիրուն կնկա սանձը բաց թողիր՝ գլխիդ կնստի։

Մեր պապերի ասած խոսքն ա. խամ, ջահել ձիու գյամը քաշած պետք ա պահես, թե չէ էդ ձին տրճկի տալով քեզ էլ գետնովը կտա, իրան էլ կվնասի։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор

Հայ ժողովրդական հեքիաթներ

Сообщение Vard » 10 апр 2010, 21:10

ԳՐՔԻ ԱՆՈԻՆԸ

Текст:
Լինում ա չի լինում մի ջահել, սիրուն հարս ա լինում։ Սա մի ջահել սիրուն տղի ա սիրում։

Էս հարսի մարդը մի օր գնալու ա լինում հարևան գեղը։

— Այ կնիկ,— ասում ա,— ես գնացի, գիշերը գալ չեմ։ Վախես ,ոչ, դուռը պինդ փակի ու քնի։

— Լավ, այ մարդ,— ասում ա կնիկը,— բա հու աշուղ չեմ դառնալու, նեյնիմ-նեյնիմ անեմ։ Վեր եմ ընկնելու քնեմ, որ էրազումս քեզ տեսնեմ։

Էս հարսը մարդին որ ճամփու ա դնում, շորերը վեր առնում գնում ջուրը լվացք անելու։ Էնքան բանդ ա լինում էստեղ, մինչև ռաստ ա գալի իր սիրած տղին։

— Ջանս,— ասում ա,— շիգյարս, արևս, աշխարքս, էս իրիկուն կգաս մեր տուն՝ մարդս գնացել ա էն ֆլան գեղը։

— Կգամ, բա չեմ գա,— ասում ա աղեն,— կգամ կարոտս կառնեմ։

Էս տղի ձեռին մի գիրք ա լինում։

— Մատաղ եմ քեզ,— ասում ա կնիկը,–– քու էդ գրքին էլ մատաղ, քեզ էլ, այ իմ ուսումնական կարդացող։ Էդ գրքի անունը ի՞նչ ա, մատաղ եմ քեզ։

— Քեզ էլ մատաղ,— ասում ա տղեն,— ջանիդ էլ մատաղ, բոյիդ էլ մատաղ, աչքերդ ուտեմ, պռոշներդ ուտեմ, թշերդ, վիզդ ջանդ, ինչ ունես չունես ամենն էլ ուտեմ։ Էս գրքի պատմությունը կարճ չի ասվի։

— Դե, որ էտենց ա,— ասում ա կնիկը,— մատաղ եմ քեզ, իրիկունը որ գաս կպատմես։

Շորերը լվանում ա, չորացնում, ծալում, հավաքում։ Համա ուշք ու միտքը էն տղեն ա, իսկի չի իմանում, թե ո՞նց ա թրթռալի գործ անում։ Իրիկնադեմ հավ ա մորթում, ձվածեղ ա անում, փլավ գցում, մառանիցը գինի քաշում։

Ճրագները նոր վառած՝ էս տղեն տուն ա մտնում, ձեռի գիրքը դեն շպրտում ու սիրտները կրակ ընկած սիրեկանները սկսում են պաչպչվել, իրարու խտիտ ընկնել, սեր են կոտրատում, էլ ես ի՞նչ իմանամ, ինչ խոսքեր, ինչ հնարք...

Էս կնիկը մի լավ սուփրա ա բաց անում, սրանք էրկուսով նստում են ուտում, խմում, քեֆ անում, իրար կենաց խմում, կենացի մեջ էլ, պաչպչվում, էլ ետ իրար խտիտ ընկնում։

Մին էլ դրսից ձիու ոտի շփլթոց ա գալիս։ Սրանք գլխի են ընկնում, որ էկողը էս կնկա մարդն ա, կերած-խմածները գլխներին հարամ ա լինում։ Ամա, կնիկ դու կնիկ, էն րոպեին սիրեկանին սունդուկի մեջ ա կոխում, խուփը վրա բերում, կողպում, բալանիքը գցում իրա ջեբը։

Գալիս ա դուռը բաց անում, ուրախ-ուրախ մարդի վզովն ա ընկնում, պաչպչորում։

— Այ մարդ,— ասում ա,— սիրտս վկայում էր, որ գալու ես, հենց իմանաս մեկն ականջիս փսփսում էր` մարդդ էս ա ճամփին ա, տուն ա գալիս այ գլխամեռ, մի վեր թռի տեղիցդ, ձեռ ու ոտ ընկի՝ էփի-թափի, մարդուդ համար մի հաց գցի, որ ճամփից բեզարած-ջարդված գա, նստի մի կուշտ ու կուռ ուտի, վայելի ու քեզ ավելի սիրի։

Մարդը շատ ուրախանում ա, մտքումը ասում, «Բախտ որ ասում են, դե էնա էս ա էլի, բախտը հո պոզով-պոչով չի լինում։ Էս ինչքան ա սիրում ինձ էս իմ կնիկը։ Համա ես ուրախությունս ցույց չեմ տա, թե չէ գլխիս կնստի։ Ես հու շաշ Պետին չեմ, որ կնկանս էրես տամ»։

Սրանք նստում են հաց ուտելու, մարդը իշտահով խժռում ա, չի տեսնում թե ի՞նչ ա կնկա հալը։ Կնիկ դու կնիկ, վեր ա ունում հավի ջինաղը,— Այ մարդ,— ասում ա,— արի էս ջինաղը քաշենք, ով որ տանուլ տա, էս կես գիշերով գնա բաղիցը խնձոր քաղի, բերի։

Մարդը թե,

— Ի՞նչ եմ ասել, արի խաղանք, կնիկարմատը իրա օրումը ինձ կարալ չի տանի։

Գլուխներդ ի՞նչ ցավացնեմ՝ էրկուսն էլ շատ են դես ու դեն անում, հազար ու մի ֆանդ ու ֆիլ բանացնում, ամա ոչ մեկը չի կարենում մեկելին խաբի։ Կնկա սիրտը ուզում ա թե տրաքի, մին սփրթնում ա, մին կարմրում, աչքերը դառել են բաստուրմա կերած կատվի աչքեր՝ էնենց պեծին են տալի, պսպղում։

Վերջը.

— Այ մարդ,— ասում ա կնիկը,— քեզանից թաքցնեմ՝ աստծուց ի՞նչ թաքցնեմ, ինչ դուզ ա՝ դուզ ա, էս պատրաստությունը, որ տեսնում ես, քեզ համար չեմ արել, իմ սիրեկանի համար եմ արել։

Մարդը էս որ չի լսում, հենց իմանում ա, թե գլխին թոխմախով տվին, սփրթնում ա, լիզուն կապ ընկնում.

— Բա ո՞ւր ա սիրեկանդ։

Կնիկը ջիբիցր հանում ա բանալիքը, մեկնում մարդուն, թե՝ հրե՛ս, էն սնդուկումն ա։

Մարդը վրա յա պրծնում բանալիքին, կնկա ձեռիցը խլում, կնիկը ասում ա՝ տարած։

Էս մարդը շշմում ա, տեղն ու տեղը թուլանում ա, դառնում էփած բանջար, բանալիքն էլ ձեռիցը վեր գցում։

— Տեսա՞ր,— ասում ա կնիկը,— տեսար ոնց տարա գրազը։ Դե, վեր կաց, գնա բաղիցը խնձոր քաղի բեր։ Վեր կաց, վեր կաց։ Պայմանը՝ պայման ա։

— Այ կնիկ,— ասում ա մարդը,— էս կես գիշերով, էս դառը մթնովը բաղը գնում եմ ի՞նչ անեմ։ Էգուց առավոտը կբերեմ կուտես։

— Վա՜յ իմ սև օրին,— ձեն ա տալի կնիկը,— էս էր մենակ ինձ պակաս, բա էնքան վախլուկ ես, որ մթնիցն էլ ես վախո՞ւմ։ Ես որ գիտենայի, թե դու էդքան վախլուկ ես, ես քեզ մարդի կգայի՞։

Ես քեզ նման մթնիցը վախեցողը չեմ, հենց էս րոպեին գնամ տերտերին ու քյոխվին զարթնացնեմ, ոտները ընկնեմ, աղաչեմ-պաղատեմ, որ ինձ բաժանեն էս տեսակ մարդիցը։

— Այ կնիկ ի՞նչ էլավ քեզ,— ասում ա մարդը,— ձենդ կտրի, էսա սաղ գեղը գլխներիս ես հավաքելու։ Գնամ ախպեր, գնամ բաղը խնձորի։ Մեղավորը ե՛ս եմ, ախր ո՞վ էր ինձ ասում, թե կնիկարմատի հետ գիշերով ջինազ քաշի։

Մարդը դուրս ա գնում թե չէ՝ կնիկը բաց ա անում սունդուկը, տղին հանում միջիցը, նորից էլի պաչպչում, խտիտն ընկնում։

— Ջանիդ ու արևիդ մեռնեմ,— ասում ա,— այ իմ ուսումնական, այ իմ թառլան կարդացող տղա, բա էկար մոտս, սերի կրակն ընկանք ու խոսքով էլանք. բա ախր չասեցիր, թե ի՞նչ ա քու գրքի անունը։

— Այ իմ սիրունիկ, անուշիկ, թութուշիկ,— ասում ա տղեն,— էս գրքումը գրած ա քեզ նմանների մասին, գրքի անունն էլ էս ա. «Կնկա խորամանկությունը»։ Էս գիշերվա մեր գլխի էկածն էլ որ գրեմ, պակասը կթամամի։

Էս տղեն վեր ա ունում, մին-մին, ոնց որ ես ձեզ պատմեցի, էս օյինը գրում իրա գրքի մեշ, որ ուրիշներն էլ կարդան ու կարդացածը ուրիշներին պատմեն։

Ես էլ կարդացի ու հրես, ձեզ պատմեցի։
Аватара пользователя
Vard
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հեքիաթներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Օտար հեղինակների հեքիաթներ
    1, 2 Армине » 05 сен 2008, 12:31
    19 Комментарии
    131424 Просмотры
    Последнее сообщение Армине Перейти к последнему сообщению
    05 окт 2008, 23:57
  • ՀԵՔԻԱԹՆԵՐ
    Генрих Бабаджанян » 18 фев 2017, 12:31
    5 Комментарии
    11517 Просмотры
    Последнее сообщение Генрих Бабаджанян Перейти к последнему сообщению
    18 апр 2023, 08:57