СТАНЬ VIP

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

Сообщение hasmikhasmik » 26 июл 2011, 20:54

ՀԵՔԻԱԹ ԵՐԵՔ ԹԶՈՒԿՆԵՐԻ, ՓԹՓԹԻԿԻ ՈՒ ԱՐՋԻ ՄԱՍԻՆ
Կար հեքիաթային մի լճակ:Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ:Լճակի կողքին աճում էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ արևը քիթը խոթեր անտառի խորքը,մեկ է,չէր կարողանում ամեն ինչ տեսնել.անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:
Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ խելացի երեխաների նման:Եվ քանի որ բոլորը իրար լավ էին հասկանում,այդ պատճառով էլ ապրում էին հաշտ ու համերաշխ:Միասին գնում էին անտառ,հատապտուղներ հավաքում,սնկեր հավաքում,մրգեր հավաքում,լճակից ձուկ բռնում:Ամեն ինչ այնքան հետաքրքիր ու հաճելի էր ստացվում:
Մի անգամ զուկներից մեկը տանձը զամբյուղի մեջ գցելու փոխարեն,գցեց Փթփթիկի գլխին:Դա Կապույտիկ թզուկն էր:Կապույտիկը շփոթվեց պատահածից,իսկ Փթփթիկը չնեղացավ,որովհետև նա դիտմամբ չարեց:Կապույտիկի շփոթմունքի վրա Փթփթիկը սկսեց ծիծաղել Կարմրիկի ու Կանանչիկի հետ միասին:Թզուկների հագուստները իրենց անունների նման էին:Կանաչիկն ուներ կանաչ գլխարկ,կանաչ կոշիկներ,մեջքին կապած կանաչ գոտի:Կարմրիկն ուներ կարմիր գլխարկ,կարմիր կոշիկներ,մեջքին կապած կարմիր գոտի:Կապույտիկն ուներ կապույտ գլխարկ,կապույտ կոշիկներ,մեջքին էլ պինդ կապած կապույտ գոտի:Անտառից հավաքած բերք ու բարիքով ծանրաբեռնված թզուկներն ու Փթփթիկը ուրախ-ուրախ ճամփա էին ընկնում դեպի տուն:Կարմրիկը նստում էր Փթփթիկի գլխին`Փթփթիկի ցանցավոր գլխարկի վրա,Կապույտիկը նստում էր Փթփթիկի մեջքի լիքը զամբյուղի վրա,իսկ Կանաչիկը նստում էր նրա ուսին:Ողջ ճանապարհին նրանք ուրախ երգում էին.
-Ընկերներ ենք մենք ուրախ,
Ապրում ենք հաշտ ու խաղաղ,
Միասին մի հարկի տակ
Ազնիվ,բարի ու շիտակ:
Թզուկներ թե Փթփթիկ,
Եղբայր ենք մենք մեկ մեկու,
Մեծ ենք ծնվել,թե փոքրիկ,
Չորս,երեք, թե մեկ- երկու:
Այսպես ուրախ երգելով նրանք չորսն էլ միաժամանակ տուն էին հասնում:Փթփթիկին հավասար հանգստանում էին թզուկներն ու հետո բոլորով գործի անցնում.եփում,թափում,ուտում,խմում:
Մի անգամ,այնպես պատահեց,որ թզուկները տանը մնացին,տանը գործ շատ կար անելու:Փթփթիկը մենակ գնաց անտառ օջախի համար վառելափայտ բերելու:
Նա նոր էր սկսել հավաքել ծառերի չորացած ճյուղերը,մեկ էլ դիմացը կանգնեց մի գորշ արջ:
-Ես քեզ պիտի ուտեմ,-ասաց արջը Փթփթիկին:Դրա համար դու ինձ հետ իմ տուն պիտի գաս:
Ինչ կարող էր անել Փթփթիկը:Նա շատ էր հեռու ընկերներից,թե օգնություն կանչեր:Մեկ է,նրանք չէին լսի:
-Լավ,կգամ,-ասաց Փթփթիկը արջին և նրա հետ առաջացավ անտառի խորքը:Բայց Փթփթիկը գիտեր,որ ընկերները կփնտրեն իրեն,երբ տեսնեն ուշանում է:Նա փորձեց խորամանկել արջին:
-Իմ կոշիկի մեկը քեզ պետք չէ,չէ,-հարցրեց Փթփթիկը արջին,-ես այն դեն եմ նետում:
-Ինձ պետք չի,կարող ես շպրտել,-պատասխանեց արջը:
-Մյուսն էլ կարող եմ դեն նետել:
-Կարող ես:
-Գուլպաներս էլ կարող եմ դեն նետել:
-Կարող ես:
-Շապիկս էլ:
-Շապիկդ էլ:
Մինչև հասան արջի բնակատեղին,Փթփթիկը կիսամերկ էր մնացել:
-Ես քեզ պիտի սպանեմ հետո ուտեմ:Ինչ կցանկանաս մեռնելուց առաջ,-դիմեց արջը Փթփթիկին:
Փթփթիկը նրան մեկնեց իր ցանցավոր գլխարկը,որ մոռացել էր մյուս հագուստների հետ թողնել ճանապարհին և դրանով մեկ ջուր ուզեց արջից:
-Լավ,-գլխարկը վերցնելով ասաց արջը,-բայց ջուր որտեղից տամ ես քեզ:
-Անտառի լճակից բեր,-ասաց Փթփթիկը:
-Այդ դեպքում մտիր այս պարկը,որ չփախչես,-չգիտես որտեղից մի պարկ բերեց արջը:
Փթփթիկը ստիպված համաձայնեց մտնելով պարկի մեջ:Արջը պինդ կապեց պարկի բերանը և Փթփթիկի համար գնաց ցանցավոր գլխարկով ջուր բերելու:Է,գլխարկով ջուր բերել կլիներ,այն էլ`ցանցավոր:Արջը ջուրը վերցնում էր,որ տանի,իսկ ջուրը չէր մնում`թափվում էր գլխարկի չորս կողմից:Այսպես ժամեր շարունակ:
Թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը տեսնելով Փթփթիկը ուշանում է`անհանգստացան:
-Մի բան պատահած չլինի,-ասաց Կարմրիկը:
-Պետք է գնալ նրա ետևից,-ասաց Կապույտիկը:
-Այո,այո,պետք է շուտ գնանք մեր ընկերոջ ետևից,-համաձայնեց Կանաչիկը:
Թզուկները մի մարդու նման դուրս եկան տանից:
-Վայ,-ձայնեց Կանաչիկը,գտնելով Փթփթիկի ձախ կոշիկը,-սա մեր Փթփթիկի կոշիկն է:
Մի քիչ էլ խորացան անտառում,գտան Փթփթիկի աջ կոշիկը:Հետո էլի առաջացան-գտան աջ գուլպան,հետո ձախ գուլպան:Անհանգստությունը պատեց թզուկներին ավելի ու ավելի:Արդեն կասկած չունեին,որ Փթփթիկին դժբախտություն է պատահել:Նրանք հասել էին արդեն արջի բնակատեղը:Հանկարծ լսեցին իրենց Փթփթիկի ձայնը.
-Կարմրիկը,Կապույտիկը,Կանաչիկը տեսնես որտեղ են,հասեն օգնության,-ինքն իրեն խոսում էր Փթփթիկը:
-Մենք այստեղ ենք,-համարյա միաբերան ասացին երեք թզուկները:Նրանք արագ-արագ քանդեցին պարկի բերանը բանտող պարանը:Փթփթիկը դուրս եկավ պարկից:Թզուկների ձեռքից վերցնելով հագավ թե կոշիկները, թե գուլպաները:Վարտիքը,վերնաշապիկը`բոլոր հագուսները հավաքել-բերել էին թզուկները:Հիմա նրանց պետք էր փախչել:Ընկերներով որոշեցին լճափի ավազով լցնել պարկը,բայց արջի աչքից հեռու ափից:Հետո ամուր կապեցին ավազով լի պարկի բերանը և ուրախ-ուրախ ճամփա ընկան դեպի տուն:
Արջը մինչև մութն ընկնելը փորձում էր ցանցավոր գլխարկով ջուրը տեղ հասցնել:Նա այնքան էր հետ ու առաջ արել,որ հոգնել էր:Հոգնած ու կատաղած Փթփթիկի վրա,նա այլևս որոշեց տուն գնալ և Փթփթիկին սպանել առանց ջուր տալու:Պարկի վրա արջը այնպես հարձակվեց,որ բերանն ու աչքերը ավազով լցվեցին`քիչ էր մնում խեղդվեր:Նա արջավարի ձայնը գլուխը գցեց,ոչինչ չհասկանալով կատարվածից:Արջը և հոգնած էր,և սոված էր,դեռ աչքերի մղկտոցն էլ մի կողմից:Նրա մռնչոցից անտառը ցնցվեց:Այդ օրվանից արջը Փթփթիկի անունը լսել չէր ուզում:Փթփթիկի անունը լսելիս փախչում էր անտառի շատ ու շատ խորքերը:Իսկ ընկերները`թզուկներ Կարմրիկը,Կապույտիկը ու Կանաչիկը մինչև հիմա էլ ապրում են անտառի տնակում մեծ ու փոքր եղբայրների նման:


ՊԻՆԳՎԻՆԻԿ ՎԻՆԸ

Ծնողներն իրար էին գլորում իրեն,երբ դեռ ձվի մեջ էր:Նրանք հերթով տաքացնում էին ձուն,որ ինքը ձվի ներսում չմրսեր:Նրանց փորի վրայի բնում շատ ապահով էր:Լսում էր,թե ինչպես են անուն փնտրում իր համար:
-Վին,Վին կանվանենք մեր պինգվինիկին,երբ նա դուրս գա ձվից,-առաջարկում էր մայրը:
Հայրը ուրիշ անուն չգտնելով` համաձայնում էր:Հետո ,հաջորդ օրը ամեն ինչ նորից էր սկսվում:
-Վին կանվանենք մեր ձագուկին ,-գտած ասում էր մայրը:
Ու նորից առանց հակառակվելու,- հա էր ասում հայր պինգվինը:Լսում էր,բայց ծնողներին արձագանքել չէր կարողանում,քանի որ դեռ ձվի մեջ էր:Երբ վերջապես ճեղքեց ձվի կեղևն ու լույս աշխարհ եկավ,արդեն անուն ուներ:
-Վին,-գորովալից ձայնում էր մայրը:
-Վին,-սիրալիր էր հայրը:
Վին պինգվինիկը շատ ուրախացավ,երբ աշխարհ մտավ ու տեսավ,որ մենակ չի:Նա բացի ծնողներից,տեսավ պինգվինիկների մի ամբողջ մանկապարտեզ:Նրանք բոլորն էլ իր նման բաց գույնի աղվամազով պատված մարմին ունեին:Իսկ աչքերի շուրջը սև շրջանակներ`իսկը ակնոցներ,իր ակնոցների նման:Հայր ու մայր պինգվիններն էլ նման էին նրանց հայրերին ու մայրերին`մեջքներին ասես մուգ գույնի թիկնոց կրեին,գլուխները ածուխոտ էին,իսկ կրծքավանդակից մինչև փորի տակը`ձյունագույն էր:
-Իսկը Պինգվինաշեն է այս սառուցյալ աշխարհը,-մտածեց Վինը:Հա,էլի, աչքը ինչքան կտրեր`սառույց էր ու ձյուն էր, ու մեկ էլ պինգվիններ-պինգվինններ:Ինչքան էլ մայրիկն ու հայրիկը նրան ստիպեին կրկնել Անտարկտիդա անվանումը,մեկ է,նրա համար այս վայրի անունը Պինգվինաշեն էր մնում:
Վաղուց քաղցած էր,ուտել շատ էր ուզում:Մայրիկն ու հայրիկն էլ էին քաղցած լինում:Մայրիկն ու հայրիկը հերթով էին գնում որսի ու վերադառնում` կտնառքում բերած ձկով կերակրում իրեն:Մի անգամ հայրիկը գնաց որսի ու չվերադարձավ:Ասում են կետերը նրանց ջրային թշնամիներն են:Էս համատարած սառույցների վրա էլ բևեռային սպիտակ արջերից պրծում չկար:Որ մանկապարտեզի վրա են հարձակվում,էլ չեն հարցնում` ով-ով է…
Աչքը ջուր կտրեց մոր վերադարձին սպասելով:Այս անգամ նա ուշանում էր:Վերադարձած մամաների մեջ Վինը իր մորը չգտավ:Ուզում էր տխրել.
-Չլինի կետի բաժին է դարձել,-դեռ չէր հասցրել մտածել բոլորի մեջ այդքան մենակ մնացած Վինը,մեկ էլ տեսավ ուրիշ մամաներ,որոնք կորցրել էին իրենց ձագուկներին, նկատել են իրեն:Նրանք խոշոր քայլերով գալիս էին դեպի Վինը:
-Վայ,վայ,վայ,-վախեցավ Վինը,-սրանք ինձ ոտնատակ կտան`իրենք էլ չհասկանալով ինչ են անում:Վինը սկսեց լեղապատառ փախչել:Նա փորձեց մտնել հանգիստ կանգնած մամաներից մեկի փորի տակ:Բայց այնտեղից գլուխը դուրս հանեց ուրիշ պինգվինիկ.
-Զբաղված է,-հասկացավ Վինը:Ու մեկ էլ զգաց,որ մեկն իրեն կոպտորեն ձգեց:Մի քանի ակնթարթ աչերի դեմ աշխարհը մթնեց,հետո մարմնին հաճելի ջերմություն զգաց:Զգուշորեն գլուխը դուրս հանեց:
-Ահա,այն վազող մամաները,-նկատեց Վինը,- ձեռնունայն ու գլխիկոր ետ էին գնում:Դե,նրանք շատ էին ուզում մայրիկ մնալ:Վինը հասկացավ,որ ինքը պաշտպանված է:Նրան կերակրեց պաշտպան պինգվինը:Այս նոր մայրիկը ասես իր մայրիկը լիներ`շատ հոգատար էր Վինի հանդեպ:Իսկ գուցե նա հենց իր մայրիկն էր:Իր անունն էլ գիտեր:
Վինը ինքնամոռաց ուրախ էր….

ԲԱՅՑ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՊԵՏՔ ԷՐ
Խոր աշուն էր:Երկինքը տխուր էր,արևը տխուր էր,աշխարհը տխուր էր:Բայց ուրախանալ պետք էր:Իսկ ուրախություն չկար:Տխուր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ ծեր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ նա ապրում էր մենակ:Դեռ աշնան սկզբին էին չորս ձագուկն էլ հեռացել նրանից,ընկերուհին էլ էր նրան լքել :Ու նա հիմա մենակ էր,տխուր էր ու ծեր էր:Նա հիմա մեն մենակ թափառում էր ամայությունից վհատված դաշտի մեջ:Եվ աշնան քամին գտնում էր նրան,և աշնան քամին պարում էր շուրջը,իսկ նա չէր ուզում պարել,իսկ նա տխուր էր,բայց ուրախանալ պետք էր:Եվ երկինքը սկսեց ձյունել,և փաթիլները պարում էին,և փաթիլները ամենուր էին,և փաթիլները ուրախ էին:
-Ծըվ,ծըվ ,ձյուն է գալիս,-ծվծվաց չգիտեր ով,չգիտեր որտեղ:-Իզուր է ձյուն գալիս,չեմ ուզում ձյուն գա,-շարունակեց ծվծվալ:Գնամ տեսնեմ ձյունն ինչքան կտևի,-որոշեց ծվծվոցը:
-Շեկլիկ աղվեսը մոռացավ, որ տխուր է,մոռացավ, որ ծեր է,մոռացավ, որ մենակ է:Նա կամաց կամաց գնաց դեպի ծվծվոցը:
Ա,հիշեց դաշտամկանը:Հիշեց,որ ինքը դաշտամուկ սիրում է,բայց դա նրան այնքան էլ չուրախացրեց:Կփորձի բռնել,կբռնի դաշտամկանը կուտի և վերջ,ոչ մի ուրախություն:
Բնից դուրս եկած դաշտամուկը սկսեց հաշվել ձյան փաթիլները:Նրանք այնքան շատ էին,որ նրա գլուխը սկսեց պտտվել:Ու հենց այդ պահին քիթ-քթի հայտնվեց Շեկլիկ անունով աղվեսը:Նա գլխապատառ սկսեց փնտրել տուն տանող ճամփան:
-Աջ ու ձախ,հետ ու առաջ ,երեք ու չորս,հինգ ու վեց,-այս ու այն կողմ վազվզելով ծվծվում էր դաշտամուկը:Երեք ու չորս ու հինգ ու վեց,աջ-ձախ,-հետևի թաթերի վրա կանգնած նրա հետևից պտտվում էր Շեկլիկ անունով աղվեսը:Նա այնպես կայտառացել էր,այնքան առույգացել,մոռացել էր,որ տխուր է,մոռացել էր,որ մենակ է,մոռացել էր,որ ծեր է:Նա ասես պարում էր:Այո,իհարկե,նա պարում էր:Ձյունածածկ արձակ դաշտի մեջ Շեկլիկ անունով աղվեսը պարում էր:Եվ Նա այլևս ուրախ էր:

ԻՄ.....
Բազում սխրանքների ու հաղթանակների խանդավառության թրթիռը սրտում հայրենական տուն էր վերադառնում Մարս անունով ասպետը:Նրա վերադարձի ճանապարհը անցնում էր կաղնուտով:Օդը մաքուր էր ու օրը խաղաղ:Ճանապարհից հոգնած ասպետը որոշեց մի փոքր դադար առնել :Նա ձին կապեց կաղնու ծառին,ինքն էլ պառկեց ծառի տակ ու ննջեց:Չէր հասցրել խոր քնել,երբ կանացի ծիծաղ ընկավ ականջին:Ծաղկաշոր աղջիկների մի խումբ` զամբյուղները թևներին գցած, մոտենում էին իրեն:Երբ աղջիկները ասպետին նկատեցին,վախեցած իրար անցան:
-Փախչենք,-ճչաց նրանցից մեկը:
-Սպասեք,ես ձեզ չեմ վնասի,-նրանց ճամփան կտրեց ասպետը:
Պարզվեց,որ նրանք մոտակա կալվածքից էին:Նրանցից մեկը,որ շատ գեղեցիկ էր,կալվածատիրոջ աղջիկն էր:Մարս անունով ասպետը աչքը չէր կարողանում կտրել նրանից:
-Այս գեղեցկուհին կարծես Աստծո պարգև լինի իմ բազում սխրանքների համար,-մտածեց Մարս ասպետը:Նա իմ բախտն է,ես նրան բաց չեմ թողնի:
Նա ձեռքն առավ ձիու սանձը և աղջիկների հետ ոտքով հասավ նրանց ապրելատեղին:Կալվածատիրոջ աղջիկը,ում անունը Վեներա էր ,նրան հրավիրեց կալվածք,ծանոթացրեց հոր հետ:Ասպետը պատմեց իր կատարած բազում սխրանքների մասին,ոչ մի րոպե աչքը չկտրելով Վեներայից:Մարս ասպետն էլ Վեներային դուր եկավ,միայն թե ոչ այնքան շատ,որքան իր երազների ասպետը:Իր երազների ասպետը թևավոր ձիու բաշը գրկած աստղակար երկնքի ճամփեքն էր չափում: Վեներան նրան էր սպասում և միայն նրան էր սիրում:Նրան անուն չուներ,որ Վեներան կանչեր:Նրան միայն ինքն էր ճանաչում և անչափ կարոտում էր:
Վեներայի հայրը ասպետին գիշերելու տեղ տվեց:Հաջորդ օրը ասպետ Մարսը Վեներայի հետ ամուսնանալու ցանկություն հայտնեց:Վեներայի հայրը դեմ չէր,նա հասցրեց մի գիշերվա մեջ իմանալ ասպետի ազնիվ հոգու և առաքինի լինելու մասին: Վեներային նա դուր էր գալիս,բայց նա իր ասպետը չէր:
-Նա քաջ ու ազնիվ է,հայրիկ,-ասում էր Վեներան,-բայց նա նման չէ իմ երազի ասպետին:
-Դու դեռ երեխա ես,-ժպտում էր նրան հայրը:Մարսը հենց քո երազի ասպետն է:
Երկար համոզելուց հետո,Վեներան համաձայնում է ամուսնանալ Մարս ասպետի հետ:
Մարս ասպետը շատ էր սիրում իր կնոջը:Նրանք երեխաներ են ունենում:Մարս ասպետը ամբոջ կյանքի ընթացքում ասպետավարի է պահում իրեն:Նա օգնում էր տնտեսության գործերում,երեխաների համար կյանքն ու հոգին չէր խնայում,երբեք կնոջը չէր նեղացնում:Իսկ Վեներան,Վեներան միշտ սպասում էր իր ասպետին:Անգամ, երբ ամուսնուն ասում էր` ես քեզ սիրում եմ,նա այդ խոսքերը իր եթերային ասպետին էր ասում:Նա թևավոր ձիու վրա նստած չէր հեռանում Վեներայի մտքից:
-Նա է իմ ասպետը,ու ես միշտ նրանն եմ,-մտածում էր Վեներան ու չէր էլ նկատում,թե ինչպես էր տարեցտարի ծերանում:Երեխաները,որ արդեն մեծ էին, թողնում են ծնողներին ու հեռանում:Վեներայի հայրը վաղուց չկար:
Իրենց երկրային կյանքը քիչ քիչ սպառվում էր,իսկ Վեներան դեռ իր երկնային ասպետին էր սպասում:Հոր կենդանության ժամանակ Վեներան լսում էր հորից,որ ինքը դեռ երեխա է:Միթե ինքը չմեծացավ,ինչու է դեռ երեխա մնում,-նա պատասխան չէր գտնում:
Մարս ասպետը սպիտակամորուս ծերունի էր դարձել,նրա համար դալուկ ու թոշնած Վեներան առաջվա պես թանկ էր ու գեղեցիկ:Մի օր ասպետը չկարողացավ այլևս բարձրանալ անկողնուց :Ծեր ոսկորներում սվսվացող քամի կար:Օրերը գնում էին,իսկ նա ավելի էր ծանրանում անկողնում:Երբ ժամը եկավ,նա Վեներային խոստովանեց,որ լքում է նրան ընդմիշտ:
-Երկրային օրերս սպառվել են,-ասաց նա կնոջը` չկտրելով նրանից խամրող հայացքը:
Երբ վերջին վայրկյաններն էին,որ նրանք միասին էին,հանկարծ Վեներան հասկացավ:Հասկացավ,որ նա է եղել իր երկնային ասպետը երկրի վրա:Վեներան անհուն ցավ ապրեց, նա ամուսնու կրծքին խոնարհեց գլուխն ու շշնջաց` ԻՄ:
-ԻՄ, -շարունակում էր շշնջալ Վեներան,կարծես հենց նոր գտած սիրելի անուն և նրա շշունջը ամուսնու հոգու հետ համբարձվում էր երկինք….


ԱՅԼԵՎՍ-ԽԱՇԽԱՇ
Եղավ այնպես, որ նույն այգում` հարևանաբար,կողք կողքի ապրում էին ցորենի հասկն ու կակաչը:
-Կակաչը գիտեր իր վառ գույնի մասին և իր գերող ուժի մասին:Նա հմայում էր իր տեսքով ու գրավում:Իսկ ցորենի հասկի կողմը չէր էլ ուզում նայել:
-Սա ինչ է ցցվել իմ կողքին,-նեղվում էր կակաչը և մտքովը չէր էլ անցնում բարևել ցորենի հասկին:
-Նա արժանի չէ իմ բարևին,-մտածում էր կակաչը գոռոզաբար:
Ցորենի հասկը խոնարհաբար բարևում էր,իսկ նա ձևացնում էր,որ չի նկատում:
Մի օր հասկն ասաց,որ ինքը լցված հատիկներ ունի,որ սպասված ու ցանկալի է:Կակաչը,որ կարծում էր,թե նա անպետքի մեկն է`զգաստացավ:
-Մի թե իրենից ավելի է կարևորում մարդն այս փշոտին,չէ որ ես ծաղիկ եմ,-չարացավ կակաչը ու այտերն այրվեցին:Մի թե այս բույսն ավելին կարող է լինել, քան իր ծաղիկն ու սերմնատուփը,-և նա քիչ մնաց պայթեր նախանձից:
Հիմա առավել ևս չէր ուզում նկատել հասկի գոյությունը,ինչ մնաց թե բարևեր:
-Ես կթմրեցնեմ մարդու միտքն ու մարմինը,կլինեմ քնաբեր նրա ցերեկներում և գիշերներում: Նրան մտքի մեջ միայն ես կլինեմ, նա կմնա գերված ինձանով,-որոշեց կակաչը:
Եվ այլևս նա դարձավ Խաշխաշ …

ՊԱՏԱՀՄԱՄԲ
Ամբողջ տունը տակն ու վրա արեց`աչքաուլունքը չկար ու չկար:Նորից նայեց տան անկյունները,որ աչքից հեռու էր ու աննկատ:Չէ,այնտեղ էլ չկար,ոչ մի տեղ չկար:Ագռավը սկսեց կռռալ.
-Էս ինչ տուն է,մի բան չես կարողանում դնել,դեռ չդրած`կորչում է:Որ մեկդ եք վերցրել,-դիմեց նա Ագռավուհուն ու ձագերին:
Ագռավուհու կռռոցը կիսաձայն փշրվեց կոկորդում:Ձագերը քննող հայացքով իրար նայեցին:
_Մոլոն է վերցրել,-հանկարծ բարձրաձայն հայտարարեց Կոլոն:
-Ես չեմ վերցրել,-նեղացավ Մոլոն:
-Դու ես վերցրել,բա ինչ եղավ տանից,-շարունակեց պնդել Կոլոն:
-Ուրեմն դու ես վերցրել,-համարձակվեց հուշել Մոլոն:
-Այ քեզ հիմար աղջիկ,-զայրացավ Կոլոն,-ու կտուցով խփեց քրոջ գլխին:
-Կըռռռ,-ցավից կռռաց քույրն ու սա էլ խփեց եղբոր մեջքին:
Բնի մեջ իրարանցում սկսվեց:Ագռավուհին ստիպված էր խառնվել` կարգի հրավիրելու համար երկու ձագին էլ կտցահարեց:Նրանք աշխարհից խռոված անկյուն քաշվեցին:Կորցրած իրի ափսոսանքը սրտի մեջ Ագռավը դուրս եկավ տանից:
Կոլոն ու Մոլոն չէին դադարում բացահայտ կասկածել մեկմեկու`կռռալ իրար վրա:Ագռավուհին ընկավ մտքերի մեջ`ով էր եկել-գնացել իրենց տուն,ով գողացած կլինի:
-Գուցե մոտիկ ընկերը տարավ,գայթակղվեց ու տարավ,-անցավ մտքով:
Փորձեց հիշել աչքաուլունքը`կարմիր-կապույտ գույներով ,կլոր ու փայլուն:Չէ,չէ,դեղին ու կանաչ ու կարմիր ու կապույտ…շատ սիրուն էր:Հա,երևի գայթակղվել են ու գողացել:Զայրույթի մի ալիք փոթորկեց սիրտն ու հոգին:Պետք չէ հապաղել,հենց հիմա կգնա ու ետ կբերի:Չտան`զոռով կվերցնի,թող փորձեն չտալ:Այնպիսի կռվտուք կսարքի նրանց բնում,այնպիսի իրարանցում, որ գողունը կմոռանան…
Չարացած դուրս թռավ բնից:
-Դուք ել ձեզ ընկեր եք համարում ,հա,-բարձր կռռաց նա,այնպես բարձր,որ աշխարհը լսի:Ետ տվեք մեր աչքաուլունքը,թե չէ երկինքը գլխներիդ կփլեմ:
Ընկերուհին ու ընկերը երիտասարդ զույգեր էին:Ոչինչ չհասկանալով նայեցին իրար:
-Ինչ ես հիմարացել ,ետ տուր մեր աչքաուլունքը,-կռռաց Ագռավուհին ու խփեց ընկերուհու աչքին:
Սա ցավից անզոր կռավոցով պահվեց իր զույգի թիկունքում:Սկսեցին պաշտպանվել ագռավուհու հարձակումներից:
-Ոնց թե դու իմ սիրելիի աչքին խփես`դե առ քեզ,ստացիր:
Ուժեղ հարվածից Ագռավուհին շշմեց:Հազիվ կարողացավ տան ճամփան գտնել:
Տանը նստած շարունակում էր դեռ կասկածել:Ով ասես մտքովը չէր անցնում,ով ասես կարող էր գողանալ աչքաուլունքը:Ախր այն շատ գեղեցիկ էր,աչք ծակելու չափ փայլուն ու գեղեցիկ:
-Իսկ եթե լճափին ապրող մարդն է տարել,-հանկարծ անցավ մտքով:Երեկ նրա բադերի ձվերից է գողացել :Գուցե իմացել է, եկել ու նա էլ իրենց աչքաուլունքն է գողացել,-մտածեց Ագռավուհին:Նրա դեմ մենակ չի գնա,կսպասի իր զույգին`միասին հարձակման ծրագիր կմշակեն:
Երբ Ագռավը եկավ տուն, Ագռավուհին անմիջապես հայտնեց տեղի ունեցած-չունեցածի մասին:Մարդու վրա հարձակվելու իր պլանը արձագանք չունեցավ:Ագռավը փորացավ ուներ ու տնքում էր ցավից:
-Դու ինչ է,չես ուզում ետ վերցնել մեր աչքաուլունքը,-կռռաց Ագռավուհին:
-Մի կռկռա,հանգիստ թող ինձ,-ցավից խեղճ-խեղճ ձայնեց Ագռավը:
-Ինչպես թե,-չկարողացավ հանգստանալ Ագռավուհին,-մեր աչքաուլունքը, հրաշք գույններով,աչք ծակող փայլով` հանգիստ թողնենք ուրիշին?:Ոչ մի դեպքում,ես թույլ չեմ տա:Ես կգնամ ու այն ետ կբերեմ տուն,-վճռական կռռաց նա:
-Մեռնում եմ ցավից,-Ագռավուհուն ձայնեց Ագռավը:Փորիս ցավից մեռնում եմ:Նոր հիշեցի`երեկ տուն գալիս, ճանապարհին… պատահմամբ… կուլ եմ տվել….
-Ինչն ես կուլ տվել,-չհամբերեց Ագռավուհին:
-Երեկ,մարդուց գողացած աչքաուլունքը` կտուցիս տուն գալիս, ճանապարհին… պատահմամբ կուլ եմ տվել…


ԱՊՐԵՍ , ԲՈԲԻ ….
Բոբին և Բաբան սովորում էին ծառ բարձրանալ:Բոբին արդեն կարողանում էր մագլցել տասնյակ մետրերով բարձր -բարձր ծառեր:
-Մեկ,երկու,այ այդպես:Ապրս Բոբի,Ապրես Բաբա,-խրախուսում էր մայր արջը:
Բոբին ու բաբան ստիպված էին մագլցելով բարձրանալ աշխարհի ամենաբարձր ծառը:
-Տեսնես ինչու է մայրիկը մեզ ստիպում այսքան չարչարվել,-սրտնեղվում էր Բոբին ու Բաբայից դանդաղ էր մագլցում ծառը:
-Վայ,էս ուր ենք հասել, հիմա ոնց պիտի գետնին իջնենք,-ծառի վերևից ներքև նայելով վախեցավ Բոբին:
Բոբին ու Բաբան զգուշորեն իջան բարձր-բարձր,աշխարհի ամենաբարձր ծառից:
Նրանք այնքան նման էին մայր արջին:Նրանց մորթն էլ գորշ գույն ուներ,ինչպես մայր արջի մորթը:Նրանք կարողանում էին գլորվել`չվնասվելով,կարողանում էին ծառ բարձրանալ,կարողանում էին մայրիկի հետ հատապտուղներ հավաքել:
Ջան,ինչ լավ էր,մայր արջը կիսել էր գետնին տապալված փտած մի ծառաբուն,հիմա Բոբին ու Բաբան էլ կմասնակցեն խուճապահար մրջյունների համտեսին:Ինչ կա որ,նրանց համար սովորական բան է մրջյուններ,բզեզներ,թրթուրներ,նույնիսկ գորտեր ու ձկներ ուտելը:Բոբին շատ հետաքրքրասերն էր,նա ինքն էլ էր պոկոտում ծառաբնի կեղևը:
-Այո,ստացվում է մրջյունների որսը:
Բոբին այնքան էր տարվել մրջյուններով,որ չնկատեց էլ ,որ մայր արջն ու Բաբան կողքից հեռացել են:Անսովոր խշխշոց լսելով Բոբին շրջվեց:Նրան էր մոտենում խոշոր մի գազան,որն իսկի նման չէր իր մորը :Նա ավելի խոշոր մարմին ուներ,նրա մորթը ավելի բաց գույնի էր:Աչքերի գույնը տեսնել Բոբին չէր էլ ուզում:Նա զգաց միանգամից,որ այդ կենդանին գազան է և մոտենում է,որ պատառոտի իրեն:Քիչ էլ`հիմա կհասնի Բոբիին ու կհոշոտի նրան:Բոբիի մտքովն էլ չանցավ վազել-գտնել մորը:Նա այնպիսի արագությամբ բարձրացավ աշխարհի ամենաբարձր ծառը, որ գազանը չհասցրեց բռնել նրան:
-Մըըռ, մըըռ,-սուր ձայնով կանչում էր Բոբին:
Չէ,մայրը նրան չէր լսում,թե չէ կհասներ օգնության:Բոբին ծառի վրա մնաց այնքան ժամանակ, մինչև այդ վայրենին հեռացավ:Նա իջավ ծառից ու վազեց մոր ու քրոջ մոտ,որ մոտերքում հատապտուղներ էին ճաշակում:Որքան շատ էր նա սիրում մորը,որքան քաղցր էր նա Բոբիի համար:Երբեք այդպես համով չէր կերել մայրական կաթը:Բոբին կատարվածի մասին ոչինչ չասաց մայր արջին ու Բաբային:Միասին այնքան երջանիկ էին….


ԵՐԱԶՆԵՐՈՎ ԱՊՐՈՂ ՈԶՆԻՆ

Լինում է մի ոզնի:Նա շատ էր սիրում երազել: Գիշերները, նա իր սուր-սուր փշերի տակից դուրս էր հանում պսպղուն քիթիկը ու հոտոտում էր շուրջը:Լուսնի շողերը այնպես էին դուր եկել նրան,որ ոզնին որոշել էր ունենալ մեջքին` փշերին առած:Ինչքան էր չարչարվել` ասեղների կծիկ դարձած գլորվելով լուսնի շողերի վրայով:Բայց մեկ է,նրանք փշերին չէին կպչում:Իսկ ոզնին ոնց էր երազում ունենալ այդ լուսե ասեղները:Նա ամեն գիշեր դուրս էր գալիս իր բնից `հավատալով,որ մի օր իրականություն կդառնա իր երազանքը:Գիշերները այնքան շատ ման եկավ ու երազեց,որ նրա համար սովորական բան դարձավ ցերեկային քունը :Նա որոշել էր,որ միայն լուսնի շողերի վրայով պիտի գլորվի:Բայց, այ քեզ բան,լուսնի շողերն ընկնում էին հատապտուղների վրա,տերևների վրա, գետնին ընկած պտուղների վրա:Սա ինչ հրաշք էր:Ոզնին գլորվելով տերևների վրայով,հատապտուղների վրայով,սնկերի վրայով` հավաքում էր մեջքի սուր-սուր փշերի վրա..Ու հետո այս ամենը իր բույնը տանելով` մի լավ ճաշում էր:Գիշերները ` մեկ -մեկ էլ նա մկներ էր բռնում, սովորության համաձայն:Երազանքով չեն կշտանում,բայց ոզնին երազանքի արծաթե ասեղներն ունենալու մտքից չէր հրաժարվում:Նրա փշերը` նույնիսկ ,տեղ-տեղ արծաթե երանգ էին ստացել: Նա ամեն գիշեր իր երազանքը իրականություն դարձնելու ցանկությունից գլորվում էր լուսնի շողերի ետևից:Իսկ արդյունքում`ոզնին պաշար էր հավաքում:Եվ ինքն էր կշտանում,և իր ձագերն էին կուշտ լինում:Նրան ոչ ոք չէր արգելում երազել,իսկ նա ապրում էր իր երազներով...


ՌԱՖԻԿ ՊԱՊԻԿՆ ՈՒ ՀԱՖԻԿԸ....

Հաֆիկ,-այսպես էր կանչում Ռաֆիկ պապիկը իր շանը:Երբ մեկը ձայն էր տալիս`Ռաֆիկ,Ռաֆիկ,շունը այնպես էր հաֆ,հաֆ անում,կարծելով թե կանչում են`Հաֆիկ,Հաֆիկ:
Հաֆիկը շատ էր սիրում տիրոջը:Ռաֆիկ պապիկն էլ իր հաֆիկ շանն էր շատ սիրում:Հաճախ էր նրա կապը քանդում,բայց պարանը միշտ ձեռքում էր պահում:Զբոսանքի էին գնում միասին:Հաֆիկը գիտեր,որ զբոսնելիս ոչ մեկի վրա չպիտի հաչի:Սա հո տուն պահպանել չէր:Հետո,այնպես հաճելի էր տիրոջ ստվերի տակ քայլելը:Ոչ մեկը քար չէր գցում:Գիտեին,որ անտեր շուն չէ:Մի անգամ Ռաֆիկ պապիկը առանց Հաֆիկի գնաց մոտակա թավուտը` օջախի համար կպչան բերելու:
-Հաֆիկ,տես,տունը մարդ չմտնի,-պատվիրեց Ռաֆիկ պապիկը:
Հարևանի կատուն շատ երեսառածի մեկն էր:Ոնց չէր սիրում Հաֆիկը նրան:Ոնց էր զայրանում,երբ հարևանը նրա հետ էր գալիս Ռաֆիկին հյուր:Առնում էր գոգին,փաղաքշում:Ոնց էր համբերում Հաֆիկը,որ չհարձակվի ու չգզգզի նրան:Ախր Ռաֆիկ պապիկը սաստում էր իրեն:Ասում էր`Հաֆիկ,նստիր տեղդ:
Հիմա այդ մլավանը չի տեսնում,որ տերը տունն իրեն է վստահել?? Այսպես անվախ,հաստատ քայլերով էս ուր է առաջանում:Վայ,տես է,թռավ նստեց Ռաֆիկ պապիկի պատուհանի գոգին:Հիմա տուն կմտնի,պատուհանը մոռացել է փակել Ռաֆիկ պապիկը:Դե չէ,կարող է բաց է թողել տունն օդափոխելու համար:Բա Հաֆիկը ինչի համար է էստեղ,որ պահպանի տունը գողերից ու սրա նման աներես կատուներից:
Այ,այ,այ,ոնց է չարացել Հաֆիկը:էլ ինչպես տեղը նստեր:Ոնց էր`հաֆ,հաֆ հաչում,իսկ կատվի պետքն էլ չէր:
-Կապիդ մնա,Հաֆիկ,-երևի մտածում էր կատուն ու պատրաստվում պատուհանից տուն մտնել:
Չէ,սա արդեն չափազանց վիրավորական էր Հաֆիկի համար:Նա ձենը գլուխը գցած այնպես էր թռչում աջ ու ձախ,որ կապը կտրեց:Կատուն սարսափահար պատուհանից ներս ցատկեց:Հաֆիկը թռավ նրա ետևից:Մի այնպիսի իրարանցում, մի այնպիսի մրցավազք սկսվեցՌաֆիկ պապիկի տանը,որ թող ու փախի:Հաֆիկը կատվի ետևից ընկած չտեսավ,թե վզի երկար պարանը ոնց կապվեց սեղանի ոտին,իսկ կատուն սեղանի երեսն էր լպստում:Շրջված կաթի շշից թափվող կաթը այնպես էր խմում, կարծես իր համար էր դրել Ռաֆիկ պապիկը:
Երբ Ռաֆիկ պապիկը տուն եկավ,ամբողջ տունը տակն ու վրա էր արած:Իսկ կատվի պետքն էլ չէր,դռնից դուրս սողաց կպչելով Ռաֆիկ պապիկի ոտքերին:Հաֆիկը տխուր հաֆ-հաֆ արեց կատվի վրա:
Ռաֆիկ պապիկը ամեն ինչ հասկացավ.
-Հաֆիկը`ավելի լավ,էլ ինչպես պահպաներ տունը:


ԲԱ ՅԵՍ ՋԱԹԵՑԻ....

Համոն`համով Համո էր:
-Համիդ մեռնեմ,-ասում էր տատիկը:
-Անուշս,-ասում էր մայրիկը:
-Քաղցրս,-ասում էր հայրիկը:
Համովս,սիրունս,քաղցրս...,-ամեն օր բոլորից լսում էր Համոն:Ախր նա տան ամենափոքրիկն էր,ամենասիրունն էր,ամենահամովն էր:Նրա լեզուն նոր էր բացվել,նրա խոսքն էլ համով էր իր նման:Համոյին ամեն ինչ կարելի էր,քանի որ դեռ հինգ տարեկան չկար ու մեծ չէր:Էվիտան կարծում էր,որ հինգ տարեկան երեխաները արդեն մեծ են:Ու քանի որ Համոն դեռ հինգ տարեկան չկար,կարող էր տանը հեծանիվ քշել:Հինգ տարեկան Էվիտան երբեմն հրում էր հեծանիվը,որ արագ գնա:Օգնում էր Համոյին,չէ որ քույրիկն էր:Մի անգամ ինչպես պատահեց,Համոն...չէ,հեծանիվը կպավ գետնին դրված ծաղկամանին:Ծաղկամանը շրջվեց ու կտոր կտոր եղավ:Համոն կատարվածից շփոթահար`չիմացավ ինչ անել:Չէ որ նա դիտմամբ չարեց:
-Ափսոս էլ էր,-ասում էր տատիկը:
-Ինչու կոտրեցիր,-հարցնում էր հայրիկը:
-Էլի կանես,-հարցնում էր մայրիկը:
Համով Համոն վիրավորանքից պռոշ արեց ու լաց եղավ:
Հաջորդ օրը` կոտրված ծաղկամանի մասին մոռացած,բոլորը Համոյին կանչում էին իրենց մոտ.
-Արի սիրեմ,անուշս-ասում էր տատիկը:
-Արի տեսնեմ,քաղցրս,-ասում էր հայրիկը:
Իսկ համով Համոն գլուխը կախ կանգնել էր նրանցից հեռու ու ոչ մեկի մոտ չէր գնում:
-Գնա,թող սիրեն,-ասաց մայրիկը:
-Բա յես ջաթեցի,-մեղավոր- մեղավոր ասաց համով Համոն...

ՇԵՆՔԻ ԿԱՏՈՒՆ
Կատուն սովորել էր,որ իրեն շենքի բնակիչները պիտի կերակրեն:Ծիտիկների հացը կտրել էր`նրանց բաժին հացի փշրանքն էլ էր հավաքում:Գալիս էր բակում կանգնում ու սկսում սրտակեղեք մլավել`մյաու,մյաու,թե սոված եմ` ինձ մի մոռացեք:Շենքի կատու էր դառել,շենքից հեռու չէր գնում: Դեռ կեսօր չկար,դեռ ճաշի ժամը չէր եկել,որ նրան ճաշի մնացորդներից բաժին հասած լիներ:Առավոտից ոչինչ չէր կերել ու անհամբեր սպասում էր` բակում աչքի ընկնելով: Շենքի կատուն այնպես քաղցած էր,այնպես էր ուտել ուզում,ու մեկ էլ շրըմփ` ուղիղ շենքի մուտքի մոտ, ընկավ ագռավի ձագն ու սկսեց իրեն նետել մուտքի կողմը:Ասես երկնքից ընկած կերակուր լիներ` հատուկ նրա համար:Նույն վայրկյանին գետնին նստեց մի յոթ `ութ ագռավ`սաթի պես սև գլուխներով,սև պոչերով , սև թևերով ու ծխամոխրագույն մարմիններով:Շենքի կատուն չհասցրեց ոստնել դեպի ագռավի ձագը,երբ ագռավներից մի քանիսը կտրեցին ճանապարհը,մի քանիսն էլ շրջափակեցին խեղճացած ձագին: Շենքի կատուն` բոլոր կատուների պես համառ,համառորեն փորձում էր առաջանալ դեպի իր բաժին որսը,երկնքից ընկած իր բաժին ճաշին հասնելու, ու… ագռավները խանգարում էին,հարձակվելով հեռացնում էին նրան ընկած ձագից :Ագռավների հարձակումից ետ-ետ գնալով` կատուն հարվածում էր թաթով`փորձելով նորից առաջանալ:Նրա թաթը արյունոտվել էր, բայց Շենքի կատուն շարունակում էր պաշտպանվել` հավատալով իր հաղթանակին:Ագռավներից մեկի կտուցը դիպավ կատվի աչքին:Շենքի կատուն ճչաց ու շուռ գալով փախավ: Երևի հենց այդ կտուցն էր,որ բաց էր թողել ձագին:Երևի օդում չաչանակություն էր արել:Իսկ գուցե ներքևում տեսնելով Շենքի կատվին,բացվել էր լեզուն ու կտուցից բաց թողել ձագին…. Ձագին շրջապատել էին սիրով,հավատարմությամբ:Վստահ,որ վտանգը հեռու է`ագռավներին հաջողվեց տանել ձագին…. Շենքի կատուն արդեն առաջվա տեսքը չուներ`ձախ աչքի կոպը ծալված էր մնում աչքի վրա, նրա մլավոցը հիմա ավելի շատ մղկտոցի ու լացի էր նմանվում :Բայց առաջվա պես նա գալիս էր ուտելու ու մնում էր` Շենքի կատու…

****
Аватара пользователя
hasmikhasmik (Автор темы)
Частый гость
Частый гость


Вернуться в Հեքիաթներ