ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
ՀԱՐՈՒԹ ԿԲԵՅԱՆ
Ուժասպառ ու դատարկ աշխատասենյակում ականջները տրամադրել էր մենախոսող խոսակցին, ու փոքր-ինչ արտահայտված անտարբերությամբ սպառված էր ձևանում:
Կողքինն անդադար մենախոսում էր ու բամբասանքով ինքնահաստատվելու ճիգեր թափում:
Սպասում էր, ենթադրում, որ մի կողմ քաշված ծանր օրը, որ լի էր անսպասելի հայտնագործություններով, դեռ առջևում է:
Սպասում էր:
Դուռը բացվեց, ու ներս մտան: Առաջին պահին ոչ մի արտասովոր բան չզգաց: Այլ կերպ էր պատկերացնում: Չզարմացավ նույնիսկ, երբ ականջների տիրակալը նրա հին ծանոթներից դուրս եկավ, մոտեցավ, համբուրեց:
Այն ամենը, ինչ կատարվեց, կարծես մի անգամ արդեն տեսել էր: Սարսափելի ծանոթ էին նույնիսկ կիսաթանձր, ծխեցված սենյակում հնչած բառերն ու արտահայտությունները:
Մի պահ ցանկություն ունեցավ այդ ամենից փախչել:
Փախավ, ասաց իջնեմ սուրճ պատրաստեմ:
Երբ իջնում էր աստիճաններով, ճանապարհին հետաքրքիր զգացում ապրեց:
Դեժավյու,– մտածեց ու մտքերը փորձեց զբաղեցնել հիշողության անհամար ֆայլերը քչփորելով: Երկար ման չեկավ: Գտավ առավոտյան հիշողությունների ֆայլում:
Երբ մի հոգնած շաբաթ աշխատանքի էր իջնում ու ճանապարհին ընկալում էր միայն շրջապատի պատկերները, նկատեց նրա դեմքը: Ականջները խցանել էր ռադիոյի ականջակալներով ու հիշողության մեջ տպում էր քաղաքի առանձին պատկերներ:
Գայիշնիկ, մուրացկան, ինչ-որ նախարարի մեքենայի համարներ, աղջիկներ, երբեմն գեղեցիկ, տատիկներ ու պապիկներ: Բուրմունքը Հռոմում, միանանք աշխարհի բուրմունքին, մերն ուրիշ ա...
Հենց այդ պատկերային ճամփորդության ժամանակ էր, որ առաջին անգամ տեսավ նրան:
Նա կանգնած էր խաչմերուկի անկյունում: Երկու ձեռքով բարձրացրել էր օձիքն ու փորձում էր ցրտից պաշտպանել նուրբ ականջները: Կիսաբաց բերանը ցրտից դողում էր, ու գոլորշին, համեստորեն շոյելով նրա քիթն ու աչքերը, բարձրանում էր վեր: Աչքերը շփոթված թարթում էր ու, երբ մեքենաներն էին մոտենում, կկոցում էր աչքերը:
Ես նրա պատկերը դաջեցի միայն մի վայրկյան: Գուցե դա նույնիսկ վայրկյան չէր: Գուցե դա ընդամենը մի քանի փոքր ակնթարթներ էին, որ տեսա ու փախան: Մի պահ ուզում էի շրջվել ու նայել նրան, բայց մտածելս երկար տևեց, ու այդպես էլ չշրջվեցի ու նրան ևս մեկ անգամ չտեսա:
Սուրճը եռաց, ու ձեռքս հազիվ հասավ, որ քիչ առաջ լպստած-փայլեցրած գազօջախը չմխտռեի: Հենց այդ ժամանակ ներս մտան նրանք: Շատացել էին: Ճանապարհին մի երկուսն էլ էին միացել նրանց:
Սուրճը լցրեցի բաժակներն ու մոտեցրի սեղանին: Այդ ժամանակ նա իր նուրբ, սպիտակ մատներով ծխախոտի տուփից հանեց մի գլանակ:
Խոսում էին: Դեսից-դենից խոսեցին մի կես ժամ: Ես չէի խոսում:
Հետո երկու անցանկալի օտար մարմինները հավանաբար հասկացան, որ ավելորդ են, ու գործերը պատճառաբանելով՝ համեստորեն մեզ լքեցին: Մնացինք մենք մերոնցով՝ չորսով:
Կարծես դրան միայն ես չէի, որ սպասում էի, բոլորը մի տեսակ թեթևացած շուևչ քաշեցին, երբ օտար մարմինները հեռացան: Չնայած չորսից մեկն ընդհանրապես ծանոթ չէր մյուս երկուսին, բայց, այնուամենայնիվ, թեթևացանք:
Նա երբեմն ծխում էր:
Երբեմն հավաքում էի կնոջ նրկայությունից դողացող քաջությունս ու նայում էի աչքերին: Նա թույլ չէր տալիս ներս մտնել, բայց մի քանի վայրկյան պահում էր ինձ նախաշեմին, ապա արագ շեղում էր հայացքն ու ինձ թողնում դրսում: Ես պոչս ներս քաշած շան պես հեռանում էի, ապա շրջվում և կրկին մոտենում դռանը: Թակում էի այն համառորեն ու նորից դուրսը մնում: Նա ամեն անգամ ամեևակարևոր պահիև հեռացնում էր հայացքը:
Իր նուրբ մատներով շոյում էր մազերը, ու աչքերով կրակում ճակատիս: Երբեմն այնքան խորն էր վերքը, որ ցանկություն էր առաջանում փախնել, հեռանալ որքան հնարավոր է հեռու, ձյուներից այն կողմ, ուր ինձ չէր հասնի նրա հայացքը:
Անդադար ծխում էի, փորձելով թաքցնել շփոթմունքս, որ ձնագնդի պես թափ ու քանակ էր հավաքում և վաղ թե ուշ ինչ-որ մի տեղ բախվելու էր:
Երբ կոնյակը լեզուն բացեց, սկսեց խոսել: Խոսում էր դանդաղ, համաչափ, ն նրա ամեն արտաբերած բառը ես մշակում ու փորձում էի տեղավորել գիտակցության անկյուններում: Քիչ անց հասկացա, որ գիտակցությունս մթագնել է:
Սիրում եմ քեզ,- գրեցին աչքերս:
Կարդաց, չգիտեմ:
Կոնյակ, ծուխ, սպիտակ մատներ, շփոթված մազափունջ ու բաց աչքեր:
Մի պահ խանդեցի: Աչքերը շատ բաց էին: Բայց այնքան, որ լարվելու ու կենտրոնանալու դեպքում կտեսնեիր դրանց ողջ պարունակությունն ու մերկությունը:
Սպիտակ վիզ, ծուխ, շփոթված մազափունջ, որ համառորեն իր տեղն էր փնտրում, ու մատները նրան փորձում էին օգնության հասնել, իզուր:
Նստած ենք:
…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Նստած ենք:
Սիրում եմ քեզ, գրեցին աչքերս:
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..
Սիրում են քեզ, գրեցին աչքերս:
Կարդաց, չգիտեմ:
Նստած ենք:
……………………………………………………………………………………………………...............................................................................Սպիտակ վիզ, ծուխ, շփոթված մազափունջ, որ համառորեն իր տեղն էր փնտրում ու
……………………………………………………………………………………………………
...........նուրբ, սպիտակ
մատներով............................................................................
ծխախոտի
……….................................................................................................................Նստած
ենք……………………………………………………………………………………………………..............................................................................................................
Սուրճը եռաց, ու ձեռքս հազիվ հասավ, որ քիչ առաջ լպստած-փայլեցրած գազօջախը չմխտռեի: Հենց այդ ժամանակ ներս մտան նրանք: Շատացել էին: Ճանապարհին մի երկուսն էլ էին միացել նրանց:
Երբեմն հավաքում էի կնոջս ներկայությունից դողացող քաջությունս ու նայում էի աչքերին:
Թակում էի այն համառորեն ու նորից...............