ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ
Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:
Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,—
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:
ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում: