ՀՈՐՈՎԵԼԸ
Իմ մանկությունը վաղուց կորել է,
Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,
Բայց երբ հնչում է ձեր հորովելը,
Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:
Սրտագին երգերն ինձ միշտ թովել են,
Հրճվանք են տվել ինձ թևավոր,
Բայց նվիրական ձեր հորովելը
Բոլոր երգերից ջինջ է ու խոր:
Ես ամենքի չափ կյանքը գովել եմ
ՈՒ հաշտ եմ ապրել իմ բախտի հետ,
Ա՛խ հայրենաշունչ ձեր հորովելը
Կյանքի չափ քաղցր է և սիրավետ:
Ձեր փառքի համար փույթ չէ մեռնելը,
Իմաստուն հայրեր հայոց երկրի,
Ձեր հորովելը, ձեր հորովելը,
Ձեր հորովելը թող երկարի...
***
Հայաստան երկրի
Ջրվեժի ճերմակ համբույրից հետո
Սկանդինավյան ձերբազատ ձմռան
Կեսգիշերների առագաստավոր
Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին,
Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող,
Մի սարսուռ փռել չկարողացան:
Հայաստան երկրի
Տաքդեղի կարմիր հրդեհից հետո
Միջինաֆրիկյան միջօրեների
Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ,
Ինչ արին-չարին,
Շուրթերս վառել չկարողացան: