СТАНЬ VIP

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Сообщение Harutin » 26 сен 2010, 19:36

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Hambardzum Hambardzumyan.jpg
Hambardzum Hambardzumyan.jpg (6.43 кб) Просмотров: 1203
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Сообщение Harutin » 26 сен 2010, 19:37

ՈՒՍՈՒՑՉԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ


Երևանի Շենգավիթ համայնքի տասնինը փողոցի քառասունչորսերորդ համարի տանը մահանում էր Սանչոն` պառկած այն նույն մահճակալին, որ երեսուն տարի իր ամուսնական անկողինն էր եղել, և որի վրա ինքն ու կինը ստեղծել էին իրենց չորս աղջիկներին: Հիվանդության առաջին երկու շաբաթը կինը շարունակել էր նրա կողքին քնել, բայց հետո Սանչոն ցանկացել էր առանձնանալ. նա զգացել էր իրենից տարածվող հիվանդության և մոտալուտ մահվան գարշահոտը և չէր ցանկացել կնոջը տհաճություն պատճառել: Սանչոն հիմա շատ էր կարոտում կնոջ ջերմ մարմինը և նրանից արձակվող տաք բույրը: Արդեն երկու ամիս էր, ինչ Սանչոյին ցավազրկող դեղերն ու հիշողություններն էին ապրեցնում: Ամեն օր նա նոր մանրամասներ էր վերհիշում իր ապրած կյանքից, և օրերը տարբերվում էին իրարից, ու անկողնուն գամված միապաղաղ կյանքը տանելի էր դառնում: Օրվա մի քանի ժամը հիշողությունների գիրկն էր ընկնում, իսկ մնացած մասը, եթե ցավազրկող դեղերի ազդեցության տակ քնած չէր լինում, փորձում էր իրեն առույգ պահել. աղջիկների ու կնոջ հետ կատակներ էր անում, բայց միշտ էլ դրանք տխուր ու ոչ տեղին էին ստացվում, և, թեև աղջիկներն ու կինը ժպիտով կամ ծիծաղով արձագանքում էին նրան, հասկանում էր, որ նրանք էլ ի՛ր համար են խաղում: Հիվանդանոցից գալուց հետո, երբ կինը խոհանոցից սկուտեղով նրա համար սուրճ էր բերել, իսկ Սանչոն, որին բժիշկներն արգելել էին ծխել, հին սովորության համաձայն իր վերջին ծխախոտն էր մատների արանքում տրորել, սուրճ բերող կնոջ աչքերում արցունքներ նկատելով` արգելել էր իր հիվանդության պատճառով արտասվել, և կինն ու աղջիկները նրա ներկայությամբ փորձում էին տխրության ու վշտի նշաններ ցույց չտալ: Սանչոն գիտեր, որ կինն ու աղջիկները խոհանոցում թաքուն արտասվում են, բայց ձևացնում էր, թե չգիտի, և այդ մասին նրանց հետ չէր խոսում: Երբեմ ն նա շատ էր ուզում գրկել իր սիրելիներին ու նրանց հետ միասին արտասվել, բայց զսպում էր ցանկությունը: Չէր վախենում թույլ երևալուց` վախենում էր, որ իր այդ արարքով ավելի կվշտացնի նրանց: Սանչոն իրեն շատ մեղավոր էր զգում. ոնց էլ հաշվարկում էր` հիմա իր մահը հեչ ձեռնտու չէր, բոլոր խնայողությունները թաղման ու ցավազրկողների վրա էին ծախսվելու: Ամենից շատ փոքր աղջկա առաջ էր իրեն մեղավոր զգում. աղջիկը նշանված էր ու, եթե Սանչոյի հիվանդությունը չլիներ, նրա հարսանիքն էր լինելու:

Արևը հնոցում շիկացած ածխի պես թեժ էր: Ինքը ցեխով ու աղյուսով պարիսպ էր շարում: Երեք կողմի պատերը շարել-վերջացրել էր ու չորրորդն էր բարձրացնում: Հագի ճերմակ շապիկն ու ջինսե շորտը թրջվել, կպել էին մարմնին: Տաք, կծող քամի էր փչում, ու ամբողջ մարմինը մղկտում ու հոգնածությունից ջարդվում էր: Քրտինքը քունքերի ու քթի վրայով ծորալով թափվում էր ցեխի դույլի մեջ և դրանից շաղախը ջրիկ էր ստացվում: Ներքևում` պարսպապատ տարածության կենտրոնում` լայն, մեծ արևանոցի ստվերի մեջ, նստել էին կինն ու աղջիկները: Երբ մի քանի քար էր մնացել, որ պարիսպն ավարտվի, պատը քանդվեց, ու աղյուսները ներքև թափվեցին: Հեռվից լսվեց ձիու առույգ խրխնջոցը: Արևի պայծառ ճառագայթները կուրացնում էին: Ինքը կկոցած աչքերով նայեց հեռուն և տեսավ լեռան կանաչ ստորոտին կանգնած շողշողացող զրահներով հեծյալին: Ուզում էր գնալ հեծյալի մոտ, բայց պարիսպը քանդվել, գործը կիսատ էր մնացել, և ինքն արագ աղ յուսները իրար վրա էր շարում, ուզում էր գործն արագ ավարտել, նոր գնալ: Գործը զարմանալի արագությամբ առաջ էր գնում, բայց հենց որ պատն ավարտելուն մի քանի քար էր մ նում, այն նորից փլվում էր: Շնչահեղձ էր լինում:

Սանչոն աչքերը բացեց և սկսեց ագահորեն շնչել: Անկողնու շուրջը ահագին մարդ էր հավաքվել: Կինն ու աղջիկներն էին, մեծ աղջիկների ամուսիններն ու փոքրի նշանածը, եղբայրը, պառավ՝ իննսունամյա հորաքույրը, գյուղի բարեկամ ներն ու հարազատները, հարևանները: «Ուրեմն վիճակս ծանր է»,- նրանց տեսնելով` մտածեց Սանչոն: Նրանց ներկայությունից նեղվում էր, իրեն անբնական պահում: Կարծես առաջին անգամ բեմ դուրս եկած դերասան լիներ, աշխատում էր չսխալվել, իր դերը ճիշտ կատարել, բայց ի տարբերություն դերասանների` նրան տրված չէր փորձի հնարավորությունը: Ինչո՞ւ էին նրանք եկել, ինչո՞վ կարող էին օգնել, ինչպե՞ս ինքն իրեն պիտի պահեր: Կինը, Սանչոյի անկողնում նստած, թաշկինակով նրա երեսի քրտինքն էր սրբում: Նայում էր կնոջն ու խղճում նրան. աչքերի տակ կապույտ շրջանակներ էին հայտնվել, մազերը գրեթե ամբողջությամբ ճերմակել էին, վարդագույն, նուրբ մաշկը գունազրկվել էր, ու նոր կնճիռներ էին հայտնվել, հոգնած, անքուն աչքերը ջրակալած էին և երևում էր, որ հազիվ է լացը զսպում:
-Քրտինքի մեջ կորել ես, այնքան ծանր էիր շնչում, որ մտածեցի…,- ասաց կինն ու թաշկինակի մյուս երեսով աչքերը սրբեց:
-Չէ, ես չեմ շտապում, գյուղի մեր բարեկամ ներին ասա` մի քիչ շուտ են եկել,- ցածր աձայն ասաց Սանչոն ու ժպտաց:
-Թրաշիդ համար ջուր եմ դրել, որ տաքանա, գնամ բերեմ:
Գոհարը փրփուր քսեց ամուսնու երեսին և սկսեց սափրել: Նման պահերին Սանչոն իրեն անօգնական ու անզոր էր զգում և նյարդայնանում էր, բայց հաճելի էր կնոջ հոգատարությունն ու խնամքը: Երեխայի պես դժկամությամբ ենթարկվում էր կնոջ հրամաններին և հիշում իր տեսած երազը: Աչքերի առջև հառնում էր երազի ասպետը` լագանատիպ սաղավարտը գլխին, հաստ ապակիներով ակնոցը` երկար քթին, երկար, ուղիղ կզակով ու շող շողացող զրահներով: Ասպետը նրան ինչ-որ մեկին էր հիշեցնում, բայց որքան էլ ջանում էր, չէր կարողանում մտաբերել թե ում:
-Վաˉյ, Թադևոս, նորից կտրեցի,- ասաց Գոհարը:
-Ոչինչ, սպին գեղեցկացնում ա տղամարդուն,- խորհրդավոր ժպտաց Սանչոն:
Գոհարը նույնպես ժպտաց` միաժամանակ ձեռքի ածելիով սպառնալով ամուսնուն: Խոնավ սրբիչով Սանչոյի երեսը սրբելով` Գոհարը նրա երեսին օծանելիք ցանեց և փոքրիկ թուղթ կպցրեց վերքի վրա:
Սանչոյի ցավերը սկսվել էին: Եկավ նրանց հարևան բուժքույր Գայանեն և ցավազրկող ներարկեց: Սանչոյի մարմինը թմրեց, գլխի ցավերը մեղմացան… Նա հանձնեց իրեն թմբիրին և ճանապարհորդեց դեպի անցյալ:

Հայրն աշխատում էր իրենց դարբնոցում: Ինքը դարբնոցի դռան մոտ կանգնած՝ հետևում էր նրա աշխատանքին: Սիրում էր նայել հորը՝ աշխատելիս, տեսնել, թե ինչպես են երկաթից ծնվում իրերը: Ինչ-որ խորհրդավոր ու հրաշալի բան կար դրա մեջ, և հայրն էլ սովորական մարդ չէր թվում: Ինքը գիտեր հոր ձեռքի մուրճի ծանրությունը, հորից թաքուն փորձել էր աշխատեցնել և գետնից հազիվ էր կտրել, բայց միևնույն է, հոր մկանուտ ձեռքերը այնքան հեշտությամբ էին բարձրացնում, իջեցնում, որ թվում էր` ինքն էլ կարող է, եթե ոչ հիմա, ապա աշնանը՝ երբ որ դպրոց գնա: Հայրն աշխատանքով տարված՝ չէր նկատել իրեն և, երբ մուրճը ցած դրեց, դռան մոտ տեսնելով` ժպտաց, ձեռքով ճակատի սև քրտինքը սրբեց ու աչքով արեց: Ինքն էլ հորը ժպտաց ու այդ պահին ուրախություն և հպարտություն զգաց: Իրենց տունն ու դարբնոցը գյուղի ծայրին էր, որից հետո սկսվում էին ցորենի արտերն ու արոտավայրերը: Ներքևում փռված, դեղինի ու կանաչի տարբեր երանգներով ներկված հողակտորներից բաղկացած դաշտը կարծես տարբեր կտորներից կարված գորգ լիներ: Իրենց հողակտորում միայնակ ծերացող, կիսով չափ չորացած վայրի տանձենու մոտ արածում էին դպրոցի գրադարանավարի ու ուսուցչի ծեր, նիհար ձին ու իրենց էշը: Բիլ երկնքում ժպտում էր մայրամուտի նարնջագույն արևը, և լեռան գագաթին թառած կաթնագույն ամպի ծվենները ոչինչ չէին սպառնում: Հանդից գյուղ բերող ճանապարհով իրենց տուն էր գալիս պարոն Միքայելը` դպրոցի գրադարանավարն ու ուսուցիչը, որը մի քանի տարի առաջ էր գյուղ եկել և մենակ էր ապրում: Նրա սուր քիթն ու երկար կզակը, հաստ ապակիներով ակնոցը, լայնեզր գլխարկն ու կոստյումը, ձեռնափայտն ու իծամորուքը գյուղացիների ծաղրուծանակի առարկան և նրա մեկուսացման պատճառն էին դարձել: Նա միայն հոր հետ էր շփվում, և միայն հայրն էր հարգում նրան: Հայրը սիրում էր նրա պատմությունները, նա սիրում էր հոր քաշած գինին, և նրանք գրեթե ամեն օր տան բակում` թթենու ստվերի տակ նստած խմում ու զրուցում էին: Հաճախ նրանցից քիչ հեռու նստած՝ լսում էր նրանց զրույցներն ու պարոն Միքայելի պատմությունները. ինչպես հոր աշխատանքի մեջ, դրանցում էլ ինչ-որ հրաշալի ու անհասկանալի բան կար, որ գրավում էր իրեն:
Երբ պարոն Միքայելը մոտեցավ իրենց, հայրն արդեն փակել էր դարբնոցի դուռը: Հայրն ու պարոն Միքայելը գլխով միմյանց բարևեցին և քայլեցին դեպի թթենու ստվերի մեջ դրված սեղանը: Մայրը տանից դույլով ջուր, օճառ ու սրբիչ բերեց: Հետո, երբ հայրն արդեն լվացվել էր, Մայրը ցամքոցով խնամքով սրբեց հոր ձեռքերն ու երեսը: Հայրը գնաց մառան գինի բերելու, իսկ պարոն Միքայելը սեղանի մոտ տեղավորված ծխում էր:
Մութն ընկել էր: Հայրն ու պարոն Միքայելը մի քանի սափոր գինի դատարկել էին ու դեմ-դիմաց նստած` լուռ ծխում էին: Պարոն Միքայելը ճոճվելով բարձրացավ աթոռից ու երբ շրջվեց, որ տուն գնա` տեսավ իրեն փոքրիկ աթոռի վրա նստած:
-Սանչո, զավակս, քեզ հետաքրքի՞ր են մեր զրույցները,- հարցրեց նա լայնեզր գլխարկը գլխին դնելով:
Ինքը գլխով դրական պատասխան տվեց.
-Որտեղի՞ց գիտեք այդքան բան:
-Արի ինձ հետ` ցույց կտամ,- ասաց պարոն Միքայելը և նայեց հորը:
Հայրը ձեռքով գնալու նշան արեց, և պարոն Միքայելն իր ձեռքը բռնելով` քայլեց դեպի իր տուն: Երբ մտան տուն, և նա վառեց լույսը, ինքը հարյուրավոր գրքեր տեսավ. գրքեր` պահարանների մեջ, գրքեր` սեղանի վրա, գրքեր` արկղերի մեջ դարսված, գրքեր` շարված հատակին ու պահարանի գլխին:
-Արի քեզ բան եմ ցույց տալիս,- ասաց պարոն Միքայելը ու մոտեցավ սեղանին:
Նա սեղանից հաստափոր մի գիրք վերցրեց ու սկսեց թերթել այն: Ինքը՝ գրքերի այդ անծանոթ աշխարհում մոլորված, կանգնել էր ու չգիտեր ինչ անել:
-Մոտ արի, արի Սանչոյի նկարը տես,- ասաց պարոն Միքայելն ու ժպտաց:
Երկու տարի առաջ պարոն Միքայելն էր իրեն Սանչո անվանել, որից հետո Սանչոն դարձել էր իր անունը, և միայն մայրն էր իրեն Թադևոս կոչում: Երբեք չէր հանդիպել մեկ ուրիշի, որ այդ անունն ունենար և կարծում էր, թե պարոն Միքայելն այդ անունը հատուկ իր համար է հնարել: Ինքը մոտեցավ պարոն Միքայելին և սկսեց նրա հետ գրքի նկարները նայել: Հետո, երբ էշի վրա նստած, ծիծաղաշարժ Սանչոյի ու քաջ ասպետի գրքում եղած բոլոր նկարները տեսել էին, պարոն Միքայելը երկար խոսեց. սկզբում ՝ տխուր ու անտարբեր, հետո աստիճանաբար ոգևորվելով ու ջղայնանալով, վերջում ՝ ինքնամոռաց եռանդով: Նա ինչ-որ կարևոր ու իր համար անհասկանալի բաներից էր խոսում: Երբ վերջացրեց, մի պահ լռեց, հետո բռնեց իր ձեռքն ու աչքերի մեջ նայելով՝ հարցրեց.
-Սանչո, զավակս դու ինձ հավատում ես:
Ինքը նրա ասած ներից ոչինչ չէր հասկացել, բայց այնքան ոգևորված ու համոզված էր խոսել, այնքան վստահ էր եղել իր ասածների ճշմարտացիությանը, որ չէր կարող չհավատալ և գլխով դրական պատասխան տվեց: Պարոն Միքայելը ակնոցներն աչքերից հանեց, թաշկինակով սրբեց ապակիները, ակնոցը դրեց աչքերին ու ասաց.
-Մարդիկ կուրացել են, բայց ես ու դու հո տեսնում ենք:
Հետո նա նկարներով մի մանկական գիրք նվիրեց իրեն ու ճանապարհեց դեպի դուռը:
-Հա,- ասաց ինքը և քայլեց դեպի տուն:
Երբ համարյա իրենց տան մոտ էր հասել, շրջվեց ու տեսավ բաց դռան շեմքին կանգնած պարոն Միքայելի ուրվագիծը:
Այդ գիշեր պարոն Միքայելի տունը և նրա բոլոր գրքերը հրդեհվեցին, իսկ նրան այլևս գյուղում չտեսան: Տանը հայրն ու մայրը ցածրաձայն ու կարծես վախեցած էին խոսում պարոն Միքայելի մասին, հատկապես ընդգծված զգուշավորությամբ էին արտասանում «արգելված գրականություն» և «հակասովետական պրոպագանդա» բառերը: Խոտի դեզի վրա պառկած՝ աստղերին էր նայում: Սիրում էր նայել աստղերին ու երազել: Ուզում էր մոտիկից տեսնել դրանք, շոշափել, շուռումուռ տալ: Ամեն անգամ երկինք նայելիս մի պահ թվում էր, որ աստղերն ուր որ է ցած կթափվեն, և ինքը դրանք կհավաքի մեծ կողովի մեջ ու կբաժանի իր ծանոթներին, մորը, հորաքրոջը, հարևանի աղջկան` Լուսինեին, բայց աստղերն այդպես էլ ցած չէին թափվում, և մնում էր մեկ տարբերակ, որ ինքը հասնի դրանց: Մի քանի անգամ թռչելու փորձ էր արել` խոտի դեզի վրայից թռել ու թևերը թռչունի պես թափահարել էր, բայց բոլոր փորձերն էլ ծանր մարմ նական վնասվածքներով էին ավարտվել: Ինքը կարծում էր, որ անհաջողությունների պատճառը իր ավելորդ քաշն է, և վազքի ու դիետայի միջոցով փորձում էր դրանից ազատվել: Աստղերին նայելիս, չգիտես ինչու, միշտ պարոն Միքայելին էր հիշում ու նրա մասին էր մտածում: Գուցե պատճառն այն էր, որ միշտ ցանկացել էր նրան աստղերի մասին հարցեր տալ, բայց երկինք թռչելու անհաջող փորձերից հետո հայրն արգելել էր աստղերով հետաքրքրվել, և ինքը վախեցել էր նրա հետ խոսել:
Խոտի դեզը վառվում էր: Հայրը փորձում էր փրկել դեզի մոտ սարքված պետքարանը. տան պղինձների մեջ հավաքված ջուրը դույլերով բերում ու խոտի վրա էր լցնում: Բոցե լեզվակները ձգվում էին դեպի աստղերը, և ինքը քիչ հեռու կանգնած՝ հմայված նայում էր այդ տեսարանին: Մի քանի րոպեում խոտի դեզը մեծ մոխրակույտի վերածվեց: Հայրը փրկված պետքարանի մոտ, մետաղյա դույլի վրա նստած՝ ծխում էր ու նայում մոխրակույտին:
-Մոտ արի, դո՞ւ ես վառել,- հարցրեց հայրը:
-Չէ, ես չեմ:
-Քանի անգամ եմ ասել` լուցկու հետ չխաղաս:
Ինքը չնկատեց հոր ձեռքի բարձրանալ-իջնելը, զգաց նրա կոշտ մատների հպումը և հաջորդ պահին արդեն գետնին էր` ձեռքը արմունկից մինչև ուսը կովի թարմ թրիքի մեջ: Հայրը կռացավ, որ բարձրացնի, բայց ինքն արագ բարձրացավ և վազեց: Կանգ առավ գոմի դռան մոտ: Արագ վազքից շունչը կտրվում էր: Որպեսզի հայրն իր արցունքները չտեսնի, մտավ գոմ: Հայրն անտեղի ապտակել էր, ինքն ինչ-որ մեկի հետ խոսելու, հարազատ մեկի մխիթարանքի կարիքն ուներ: Աչքերը սովորեցին մթին և տեսավ պատուհանի մոտ կանգնած խոշոր, թախծոտ աչքերով էշին: Աչքերի շուրջ հավաքված ճանճերին ու խոշոր բոռերին քշելու համար էշը գլուխը թափահարեց ու բարձր զռաց: Ինքը մոտեցավ էշին, գրկեց նրա վիզը և սկսեց հեկեկալով պատմել, թե ինչ է եղել: Պատմելու ընթացքում էշը հավանության նշան տալով գլուխը վեր ու վար էր անում, կարծես ասում էր` ես քեզ հասկանում եմ: Երբ պատմությունն ավարտեց, տեսավ, որ իր բարեկամի աչքերից էլ են արցունքներ հոսում: Ինքը գոմից դուրս եկավ, գողեգող մտավ մառան, մի մեծ հաց ու պանրի կտոր վերցրեց և գոմ վերադառնալով` ինքն ու էշը միասին ընթրեցին:
Մեքենայի ետնապակու միջից նայում էր իրենց փակ տանն ու դարբնոցին: Տաքսու վարորդն ազդանշան տալով շտապեցնում էր հորն ու մորը, որոնք վերջին ճամպրուկներն էին բերում: Հարևանին վաճառված իր էշը, սովորույթի համաձայն, իրենց հողակտորում տնկված տանձենու մոտ էր արածում: Իր համար ամենադժվարը էշի հետ բաժանումն էր:

Սանչոն արթնացավ, բայց աչքերը չբացեց. փակ աչքերով մտածում էր: «Ի՞նչ կա այն աշխարհում, կա՞ արդյոք այն աշխարհը, թե՞ իր մարմ նի մահը իր մահն է». արդեն որերորդ անգամ ինքն իրեն հարցնում էր Սանչոն ու պատասխանը չէր գտնում: Ամբողջ կյանքը քրտնաջան աշխատանքի մեջ էր անցել, բայց միշտ էլ կարծել էր, որ ինչ-որ բան սխալ է, որ ինքն ավելիին է արժանի, և հիմա անկողնում պառկած մտածում էր` արդ յո՞ք անտեղի չանցավ իր կյանքը: Երբ հիշում էր կնոջն ու աղջիկներին, մխիթարվում էր ու զարմանում իրեն այցելած մտքերի վրա, նման մտքեր ունենալու համար ինքն իրեն մեղավոր էր զգում:

Պառավները գլուխները լուսամուտներից հանած՝ հավանաբար իրենց մասին էին խոսում: Ռուս տղերքի մի մասն իրենց խառնված` գժություն էին անում, իսկ մյուսները քիչ հեռու կանգնած՝ նախանձով ու չարությամբ նայում էին: Իր հետ աշխատանքի եկած տղաները, դույլերը ձեռքներն առած, ընկել էին աղջիկների ետևից: Իր վրա ծիծաղացող, տկլոր երեխաներով շրջապատված Մաշան շուրթերը հավաքել ու նեղացած տեսք էր ընդունել, բայց աչքերը փայլում էին: Ինքը, մեղավոր ժպիտը երեսին, շփոթված կանգնել ու չէր համարձակվում դույլի մեջ մնացած ջուրն էլ նրա վրա լցնել: Իրեն այդպես շփոթված տեսնելով, Մաշան զվարթ ծիծաղեց, ձեռքով ջրելու թույլտվություն տվեց ու ափերով դեմքը ծածկեց: Փարթամ կրծքերին թափված մազերից ջրի կաթիլներ էին ցած թափվում, ափերի արանքից երևում էին ժպտացող շուրթերը, մարմնին կպած թաց շրջազգեստը նրա ձևերն էր ընդունել: Մաշային գրկելու անզուսպ ցանկություն ուներ և, դույլը ցած գցելով, մոտեցավ նրան, ձեռքերի վրա բարձրացրեց և սկսեց պտտվել: Մաշան ծիծաղում էր և մի ձեռքով վզից կախված, մյուսով կուրծքն էր ծեծում:
Ինքը ճամպրուկներն էր դասավորում, իսկ Մաշան, ծածկոցով փաթաթված, նստել էր անկողնուն` գլխահակ, լուռ ու անհաղորդ: Եթե մեղադրեր, ապտակեր, մի երկու հատ ափսե ջարդեր պատի վրա, գուցե իրեն այդքան մեղավոր չզգար: Հենց սկզբից Մաշային ասել էր, որ կին ու երեխաներ ունի, բայց այնպիսի զգացողություն ուներ, թե խաբել է նրան: Եթե նամակը չստանար, չիմանար, որ կինն իր ու Մաշայի մասին իմացել և երեխաներին վերցնելով տանից հեռացել է, գուցե մի քանի ամիս էլ նրա մոտ մնար, բայց միևնույն է, մի օր լքելու էր, և նամակը հարմար առիթ էր:
Մեքենայով գնում էր աներոջ տուն, որպեսզի կնոջն ու երեխաներին տուն բերի: Մեքենան մտավ թունել, և առջևում միայն մութն էր:
Ծարավը ստիպեց նրան, որ աչքերը բացի ու կնոջից ջուր խնդրի: Գոհարը բաժակով ջուր բերեց ու իր ձեռքով խմեցրեց: Անկողին ընկնելուց հետո Սանչոն իրեն հայելու մեջ չէր տեսել, ձեռքով դեմքը շոշափելով ենթադրել էր, թե ինչ փոփոխությունների կարող է ենթարկված լինել, բայց վախեցել էր հայելու մեջ սեփական դեմքը տեսնել: Հիմա ճշմարտությունը տեսնելու ցանկություն ու համարձակություն ուներ, և կնոջը պատվիրեց հայելի բերել: Գոհարը մոլորված կանգնել և չգիտեր ճիշտ կլինի՞ արդ յոք հայելին բերելը: Սանչոն տիրական նայեց կնոջը և աչքերով հաստատեց պահանջը:
Հիվանդության ավերածությունը սպասածից ավելին էր: Դեմքը հյուծվել, մաշկը դեղնել ու այտոսկրերը ցցվել էին, և միայն աչքերն էին ճանաչելի դարձնում իրեն: Սանչոն այնքան նայեց հայելու մեջ, մինչև որ հաշտվեց իր արտացոլանքի հետ, մինչև որ ինքն իրեն ճանաչեց այդ պատկերի մեջ:
-Գիշե՞ր ա, թե՞ ցերեկ,- հարցրեց Սանչոն` հայելին կնոջը տալով:
-Գիշեր:
-Անձրև կգա՞:
-Չէ, երկնքում շատ աստղեր կան:
Սանչոն կնոջից ծխախոտ ուզեց: Գոհարը չէր ուզում բերել, սակայն նորից ամուսնու տիրական հայացքն ու ներողամիտ ժպիտը ստիպեցին ենթարկվել:
-Մի՛ ծխիր, բժիշկն արգելել է, քեզ վնաս է,- ասաց Գոհարը` ծխախոտն ու գազայրիչը Սանչոյին տալով:
Սանչոն ծխախոտը շրթունքների արանքը դրեց, գազայրիչը վառեց, մոտեցրեց ծխախոտին և կրակը հանգցրեց:
-Էս օրվանից ծխելը թողնում եմ,- ասաց Սանչոն` ծխախոտը բռի մեջ ջարդելով: -Մոտ արի, Գոհար, ուզում եմ քեզ գրկել, թույլ եմ, բայց ձեռքերիս մեջ դեռ բավական ուժ կա` քեզ գրկելու համար:
Սանչոն գրկեց կնոջը և ճակատը համբուրեց: Նա ձեռքով կանչեց անկողնու մոտ խմբված աղջիկներին և նրանց էլ գրկեց: Իրար փաթաթված՝ լալիս էին, ու թեթևություն էր իջնում վրաները, կարծես մի ծանր բեռից ազատված լինեին:
-Կարծում եք` չգիտե՞մ, որ խոհանոցում թաքուն լաց եք լինում,- ասաց Սանչոն` շարունակ ժպտալով:
Փոքր աղջիկը լացի միջից ծիծաղեց և մնացա ծներին էլ վարակեց: Իրար փաթաթված՝ դեռ չցամաքած աչքերով ծիծաղում էին: Սենյակում հավաքված մարդիկ ապշած նայում էին նրանց և չէին հասկանում, որ նրանք վերջապես ազատագրվել էին հիվանդության բերած կեղծիքից:
Սանչոյի ցավերը նորից սկսվեցին, և նա փոքր աղ ջկան բուժքրոջ ետևից ուղարկեց: Գայանեն ուշանում էր, ցավերը սաստկանում էին, և նա վախենում էր կորցնել ինքնատիրապետումը: Կարծում էր` ազատվել է բոլոր կապանքներից, բայց ամենաամուր կապանքը իր մարմինն էր:
Գայանեն եկավ և ցավազրկող թմրանյութը ներարկեց: Մի քանի րոպե անց Սանչոն զգաց թմրանյութի ներգործությունը. ցավն աստիճանաբար մեղմացավ, տհաճ մտքերն ու զգացողությունները հեռացան ու հաճելի թմբիր իջավ վրան: Նա փակեց աչքերը: Մարմինը չէր զգում ու անկշռելիության զգացողություն ունեցավ: Ականջների մեջ լռություն էր և աչքերի առջև մութ:
Լսվեց ձիու առույգ խրխնջոցը, և ներս մտան հեծյալ ասպետն ու իր էշը: Մեծ քթով ու երկար կզակով, լայնեզր գլխարկ ու հաստ ապակիներով ակնոց դրած ասպետը մոտեցավ իրեն ու մեկնեց ձեռքը: Ինքը բռնեց նրա ձեռքը, բարձրացավ անկողնուց ու թռավ էշի փալանի վրա: Կանացի ճիչեր ու լացի ձայներ լսվեցին: Ինքն ու ուսուցիչը գետնից կտրվեցին, ինչպես մշուշի միջով անցան առաստաղը և նրանց առջև բացվեց աստղազարդ երկինքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԴԻԱՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
    Вложения Harutin » 03 окт 2010, 08:57
    2 Комментарии
    930 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    20 дек 2010, 21:10