СТАНЬ VIP

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:16

Մաս 73


Հունվարի 3-ին ուժեղ ձյուն սկսվեց և տեղաց քառասունութ ժամ։ Արուսյակը հաճախակի բացում էր դուռը և մտահոգ երկնքին էր նայում։ Հետո մի քիչ դադար եղավ, սակայն այդ ժամանակ էլ քամի բարձրացավ և սկսեց քշել գետնին կիտված ձյունը։ Ձնաբուքը փակում էր տեսադաշտը, և Արուսյակը ավելի նյարդային էր դառնում։
— Փոթորի՞կ է,— հարցրեց Վարդանը։— Սակայն դու պետք է սովոր լինես դրան։
— Երեխաները...
— Քանի՞սն են։
— Ինը հոգի։ Նրանք Գորեմեի հին եկեղեցում են։ Մեթյուզ քահանան պետք է գար նրանց հետևից, և ես վախենում եմ, որ չկարողանա։
— Կարելի՞ է որևէ բան անել։
— Այս պահին՝ ոչինչ։ Երեխաները դեռ երկու օրվա ուտելիք ունեն։ Հարկավոր է տեղեկությունների սպասել քահանայից։
Քանի որ շրջանում որբանոց չկար, Արուսյակը հավաքում էր բոլոր լքված երեխաներին և ժամանակ առ ժամանակ Մեթյուզ քահանան, կամ նրա գործընկերներից որևէ մեկը գալիս էին նրանց հետևից և բաշխում էին տարբեր հաստատությունների միջև։ Արուսյակն ու Քերիմը հայտնաբերում էին իրենց փոքրիկներին գյուղերում և քաղաքներում, ուր նրանք մուրում էին, իսկ ոմանց էլ ուղարկում էին իրենց հույն բարեկամները, երբ հայտնաբերում էին այդ երեխաներին։ Պատահում էր նաև, որ զույգը մեկ պարկ ցորենով «գնում» էր երեխաներին գյուղացիներից, որոնք նրանց տանջում կամ անխղճորեն շահագործում էին։
Հաջորդ օրվա լուսաբացին Քերիմը քահանայից հեռագիր ստացավ, ուր նա հայտնում էր, որ ինքը ձյան պատճառով մնացել էր Ակսարայում և կառք ու ձիեր գտնելուն պես պետք է գնար Նեվշեհիր։ Այդտեղից ճանապարհը, անկասկած, անանցանելի կլիներ և հարկավոր էր այնտեղ հասցնել երեխաներին։
— Նեվշեհի՜ր,— բացակւսնչեց Արուսյակը բարկացած։— Դա Գորեմեից տասը կիլոմետր հեռու է։ Այս պայմաններում... Նրանք ստիպված կլինեն ոտքով գնալ։
Քերիմն անհամբեր շարժում արեց.
— Մենք ընտրություն չունենք։
— Իսկ նրանք ի վիճակի՞ են— հարցրեց Վարդանը։
— Մեծ մասը հյուծված է, ոմանք՝ հիվանդ,— ասաց Արուսյակը մտահոգ տեսքով։
— Քանի՞ տարեկան են։
— Երեքից տասներկու տարեկան։
Արուսյակի ձայնում որոշակի լարում էր զգացվում։ Քերիմը լավատես ձևացավ.
— Զրկանքները ամրապնդել են նրանց ոգին։
— Անհրաժեշտության դեպքում մենք կգրկենք ամենափոքրերին ավելացրեց Վարդանը։— Բացի դրանից, մենք հետներս ավանակին կտանենք։
Նրանք վճռեցին, որ Նեվշեհիր հասնելով, նրանք պետք է երեխաների հետ մնային մինչև միսիոների ժամանումը։ Սպասումը կարող էր մի քանի օր տևել, իսկ Քերիմը չէր կարող այդքան ժամանակ բացակայել առանց Ուրգուպի բնակիչների հետաքրքրասիրությունը շարժելու։ Դա նրան տխրեցնում էր։ Արուսյակը նրան հավաստիացրեց, որ ինքն ու Վարդանը գլուխ կհանեին։
— Ես կգամ և կկերակրեմ անասունն ամեն առավոտ,-ասաց Քերիմը։
Երիտասարդ կինը տաք շորեր հանեց իր սնդուկից։
— Եթե շտապենք, կարող ենք Գորեմե հասնել կեսօրին, իսկ Նեվշեհիր՝ մինչև գիշեր։ Գնացեք ավանակին բարձեք, իսկ ես կմիանամ ձեզ գոմում։
Բրդյա թիկնոցն ու մորթե գլխարկը հագնելով, Վարդանը դուրս եկավ Քերիմի հետ։ Երեխաների նկարագրությունը հուզել էր նրան, իսկ անսպասելի արկածը՝ գրգռել։
— Ի՞նչ հեռավորության վրա է Գորեմեն։
— Երեք ժամվա ժանապարհ է,— պատասխանեց ուսուցիչը։– Միգուցե չորս՝ այս զզվելի եղանակին։
— Իսկ հետո մի տասը կիլոմետր երեխաների հե՞տ։
— Այո։
Նրանք արդեն բարձել էին ավանակին, երբ եկավ շալի մեջ փաթաթված Արուսյակը։ Նա շալվար էր հագել, որը երևում էր սև շրջազգեստի և վերարկուի տակից։ Նրանք երկու մեծ պայուսակների մեջ բրդյա հագուստ, ծածկոցներ և ուտելիք տեղավորեցին. բլղուր, ղաուրմա, այծի պանիր, սոխ, ընկույզ և ծիրանի չիր։ Արուսյակը լամպի կանթն անցկացրեց կապոցներն ու մի խուրձ խոտը պահող պարաններից մեկի միջով։ Ոտքը ձյան վրա դնելուն պես ավանակը կանգ առավ, և նրանք ստիպված եղան մահակ բանեցնել նրան տեղից շարժելու համար։
Երիտասարդ կինը շանը տանը փակեց, դուրս բերեց հրացանն ու փամփուշտները և տվեց Վարդանին։ Նրանք Քերիմից բաժանվեցին ճանապարհին։ Նա գնաց դեպի գյուղը, իսկ զույգը շարժվեց ձյունածածկ դաշտով, որը կորչում էր տեսադաշտից, երբ քամին քշում էր ձյունը։ Արուսյակը բռնել էր ավանակի երասանը, իսկ Վարդանը հրացանն ուսին հետևում էր նրանց։ Սառը քամին սուլում էր ծառերի ճյուղերի մեջ, հարվածում էր դեմքին, կտրում էր նրանց շնչառությունը, մտնում էր հագուստի տակ։ Չնայած վատ տեսանելիությանը, երիտասարդ կինը վստահ առաջ էր շարժվում անկանոն հողակտորների լաբիրինթոսում, որոնք միմյանցից բաժանվում էին քարակույտերով։ Սարերի գագաթներին ձյուն չկար, սակայն հեղեղատների խորքում հաստ շերտով ձյուն էր կիտված։ Նրանք դադար առան, քամուց պատսպարվելով մի ժայռի հետևում։ Ավանակի մռութն ու մորթը եղյամով էր պատվել, և Արուսյակը նրա գլուխը շոյեց։
— Քաջ կենդանի։ Այս երեկո կկարողանաս մի բոլ հանգստանալ։
Կենդանին, անտարբեր մնալով փաղաքշանքին, սկսեց ձյուն ուտել ծարավը հագեցնելու համար։
— Չե՞ս մրսում,— հարցրեց Վարդանն իր ընկերուհուն, որը նրան էր սեղմվել։
Արուսյակը կկոցել էր աչքերը, քանի որ արցունքները սառել էին նրա թերթևանունքների վրա։ Վարդանը ձեռնոցները հանեց, ափերի մեջ առավ Արուսյակի դեմքր և զգուշորեն փչեց նրա դեմքին՝ կարմրած քիթն ու այտերը տաքացնելու համար։ Արուսյակը փորձեց ժպտալ, սակայն նրա հոնքերի միջև գոյացած կնճիռը չհարթվեց։
— Ես մտածում եմ երեխաների մասին։ Նրանք հագուստ գրեթե չունեն,— շշնջաց նա։
— Մենք բրդյա հագուստ ունենք, ծածկոցներ։ Մի բան կհնարենք։ Փոքրերն ավանակին կնստեն։ Ես կապոցները կվերցնեմ։ Ավելի մեծերը կօգնեն փոքրերին։
Վարդանի վստահ տոնից կինը հանգստացավ ու ժպտաց։
— Հետո, Արամը կա։
— Արա՞մը։
— Տասնչորս տարեկան տղա է, որին Քերիմը հանդիպել է անցած ամառ։ Նա հրաժարվեց որբանոց գնալ և այդ ժամանակից օգնում է մեզ։
— Համարյա թե տղամարդ է,— ասաց Վարդանը։— Ուրեմն մենք երեքով կլինենք։
Նրանք շարունակեցին ճանապարհը և քիչ անց մուտք գործեցին անսովոր մի երկիր։ Սպիտակ տուֆից ծխնելույզներ, բազալտե սև սյուներ, անկանոն կոներ, տափակ քարերով պսակված կոթողային բևեռներ, անցումների և խանձահովիտների լաբիրինթոսներ՝ հանքաքարերի մի աշխարհ, որը գոյացել էր հրաբխային ապարների քայքայումից, անիրական մի պատկեր, ուր քամու բվոցը կարծես քարերից ելներ։ Կապադովկիա՜։ Առաջին քրիստոնյաները շարունակել էին բնական ուժերի գործը և ժայռերի մեջ եկեղեցիներ, վանքեր և ամբողջ գյուղեր էին փորել։
Նրանց դիմաց բացվեց Գորեմեի գոգը՝ մի միջանցք էր, ուր սուլելով խուժում էր քամին։ Ոսկեգույն ժայռի երկու ծայրերում բացվածքներ կային։ Չնայած իրավիճակին, Վարդանը, տեսնելով այդ գրեթե առասպելական վայրերը, Անատոլիայի հնագույն քրիստոնեական հուշարձանները, չէր կարողանում զսպել իր բնական հետաքրքրասիրությունը։ Մարդիկ թաքնվում էին այստեղ արաբ թալանչիներից խույս տալու համար, իսկ վերջիններիս գնալուց հետո դուրս էին գալիս այստեղից իրենց գյուղերը վերականգնելու և իրենց հողը նորից ծաղկեցնելու համար։ Նույնիսկ այսօր էլ մարդկային ձեռքերով փորված այդ անձավները ապաստանում էին հալածվածներին։
— Այստեղ է,— ասաց Արուսյակը։
Ուղղահայաց լանջի վերևում նա երեք զուգահեռ բացվածքներ ցույց տվեց։ Աջ բացվածքում մի ուրվագիծ երևաց։
— Քույրիկ,— կանչեց ուրախ մի ձայն։
— Արա՜մ։
Տղան դուրս թռավ, արագ իջավ լանջով և վազեց եկվորներին ընդառաջ։ Նա Վարդանին շփոթել էր Քերիմի հետ, և նրա դեմքին անվստահություն հայտնվեց օտարի ներկայությունից։ Նրա երկար մազերը խճճված էին, քիթը կեռ էր, իսկ շրթունքները՝ բարակ։ Նա մերթ Արուսյակին էր նայում, մերթ Վարդանին, կարծես բացատրություն էր հայցում։ Արուսյակը նրանց ներկայացրեց։ Արամը մի քանի վայրկյան զննեց Վարդանին ձեռքը նրան մեկնելուց առաջ։ Նա պաշտոնական տոնով ասաց.
— Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, պարոն Վարդան։
— Ես նույնպես, պարոն Արամ,— պատասխանեց Վարդանը լուրջ տեսքով։
Նրա հագի գործած սև հագուստը մեծ էր վրան, և դրանից նա շատ նիհար էր թվում, սակայն ձեռքն ուժեղ էր։ Հորից մնացած միակ հիշատակը՝ կեռ դաշույնը, կախված էր նրա գոտուց։ Արուսյակը բացատրեց, թե ինչու էին իրենք եկել։ Մինչև Նեվշեհիր գնալու անհրաժեշտության մասին իմանալով, նա պատասխանեց.
— Ես այդպիսի ճանապարհորդություններ շատ եմ կատարել։
Գաղտնի կերպով խանդելով, նա ուզում էր տպավորություն թողնել Արուսյակի վրա, որը, ինչպես ինքը գիտեր, սիրահարված էր Վարդանին։
— Ինչպե՞ս են երեխաները:
Տղայի դեմքր մռայլվեց.
— Փոքրիկ Անուշը շատ հիվանդ է։ Նա ոչինչ չի ուզում ուտել և ջերմություն ունի։
— Հիմա կտեսնենք,— ասաց Վարդանը, ավանակի երասանը թփին կապելով։
Արամը նրան առաջնորդեց կամարաձև սրահով եկեղեցին, որի պատերը զարդարված էին հնությունից կիսով չափ ջնջված որմնանկարներով։ Գետինը ծածկող ձյան բարակ շերտի վրա հետքեր կային, որոնք տանում էին դեպի շինության խորքը, որը պետք է որ վերնատունը եղած լիներ։ Երկրորդ մութ սրահում, որից հավաբնի հոտ էր գալիս, Արամը մոմ վառեց։ Փոքր օջախի մոտ փայլեցին շուրջը հավաքված և միմյանց շատ մոտ նստած երեխաների ինը զույգ աչքերը։
Ցնցոտիներով մի աղջիկ, հազիվ երեք կամ չորս տարեկան, նետվեց նորեկների մոտ։ Նա բոբիկ էր։ Լացելով՝ նա դեմքը թաքցրեց Արուսյակի փեշի մեջ։ Կինը գրկեց նրան։
— Անուշ... Անուշ... մի լացիր, ես այստեղ եմ։
Գլուխն Արուսյակի ուսին դնելով, երեխան ուշադիր Վարդանին էր նայում լայն բացված աչքերով և դրանից նրա շագանակագույն ծիածանաթաղանթը շատ փոքր էր թվում մտահոգիչ կերպով դեղնած եղջրաթաղանթի վրա։ Վարդանը նկատեց նրա փոս ընկած այտերը, ցայտուն դարձած այտոսկրերը և բարակ ձեռքերն ու ոտքերը։ Նա հազաց խորը և խռպոտ հազով։ Վարդանը ժպտաց նրան, սակայն նա արագորեն դարձրեց գլուխը։
Մնացած երեխաները խմբվեցին նրանց շուրջը։ Նրանք, ովքեր արդեն մի քանի շաբաթ էր, ինչ ճանաչում էին Արուսյակին, իրենց ուրախությունն էին արտահայտում նյարդային ծիծաղով, կամ էլ խոսում էին նրա ուշադրությունը գրավելու համար։ Մնացած երեք երեխաները, որոնք եկել էին նախորդ շաբաթ, մի կողմ էին քաշվել և լռում էին, անվստահ հայացքներ գցելով։ Նրանք Արամին էին նայում, որին իրենք իրենց ավագ եղբայր կամ ղեկավար էին համարում, իմանալու համար, թե ինչպես իրենց պահեին։ Վարդանը ցնցվեց, մտածելով, որ այս երեխաների մանկությունը գողացել էին։ Սակայն նրանց աչքերից զգացվում էր, որ նրանք սիրո, վստահելու և խնամված լինելու կարիքն ունեին։
Արուսյակին երեխաների հետ թողնելով՝ Վարդանն ու Արամը գնացին ավանակին բեռնաթափելու։ Ուսին մի պարկ դնելով՝ Արամը թեթևակի քամահրանքով հարցրեց.
— Դուք թափառաշրջիկ երաժի՞շտ եք, ինձ այդպես են ասել։
Վարդանը չկարողացավ ժպիտը զսպել, կասկածելով, որ տղան այդ զբաղմունքը առնական չէր համարում։
— Նախկինում ես մայոր էի բանակում։
Արամը հիացական սուլոց արձակեց, ցույց տվեց գոտուց կախված դաշույնը և հայտարարեց զրնգուն ձայնով.
— Սա հորս հիշատակն է։ Մի քիչ էլ որ մեծանամ, ֆիդայի կդառնամ իմ ընտանիքի վրեժն առնելու համար։ Դուք ինձ կրակել կսովորեցնե՞ք։
— Այն, ինչ դու անում ես Արուսյակի հետ, ավելի կարևոր է, քան վրեժխնդրությունը, Արամ։ Եթե մարդ սպանես, ապա քո հարազատները չեն վերակենդանանա։
Տղան գերադասեց չպատասխանել և գնաց դեպի եկեղեցին։ Արուսյակը պարկերի մեջ դրեց այն ուտելիքը, որ մնացել էր անձավում, մի կաթսա և ամանեղեն։ Վարդանն ու Արամը բրդյա լաթերով փաթաթեցին այն երեխաների ոտքերը, որոնք կոշիկ չունեին։ Ցնցոտիները վատ էին պաշտպանում ցրտից, ուստի երեխաները փաթաթվեցին գորշ ծածկոցների մեջ, որոնք նրանք ձեռքերով պետք է իրենց վրա պահեին։
Քամին չէր թուլացել ու ամպեր էին կիտվել։
— Ձյուն է գալու,— ասաց Արուսյակը, որը գրկել էր Անուշին։
Հիվանդ երեխան չուզեց, որ Վարդանը նրան ավանակի վրա նստեցներ։
— Մի պնդիր,— ասաց Արուսյակը։— Ես նրան կգրկեմ, իսկ երբ կհոգնեմ, դու նրան կվերցնես։
Վարդանը երկու ամենափոքր երեխաներին նստեցրեց ավանակի վրա։ Քարավանը կազմավորվեց։ Արամը վարում էր ավանակին և նրա համար արահետ էր բացում, նրանց էր հետևում Արուսյակը, որը ճանապարհն էր ցույց տալիս, իսկ Վարդանը պարկերն ուսին հետնապահն էր։ Նրա դիմացից գնում էին գորշ փոքր էակներ, որոնք կռացել էին քամու դեմ պայքարելու համար։ Նրանք նման էին ծեր մրսկան կանանց՝ իրենց շալերի տակ։ Ծածկոցների արանքներից երևում էին ընթացքը չդանդաղեցնելու համար մանր արագ քայլով գնացող երեխաների կարճլիկ ոտքերը։
Երբ նրանք դուրս եկան Գորեմեի գոգից, քամին ավելի թույլ թվաց։ Ճանապարհի առաջին ժամը արագ ռիթմով անցավ։ Նրանք դադար առան փլված կտրով փարախի դեռևս կանգուն պատի հետևում։ Բոլորը խմբվեցին միմյանց տաքացնելու համար։ Վարդանը ծիրանի չիր բաժանեց։
— Երբ տեղ հասնենք, մեծ խարույկ կվառենք,— ասաց Արուսյակը, որը, խմբի կենտրոնում կանգնած, շփում էր երեխաների ձեռքերն ու ականջները։— Ինչպե՞ս եք։ Բոլորդ կկարողանա՞ք շարունակել։
Լսվեցին «այո» բացականչություններ, և Վարդանը հիացավ այդ դողացող երեխաների համառությամբ։ Նրանք շարունակեցին ճանապարհը։ Վարդանը գրկել էը Անուշին։ Նա կիսաբաց էր արել իր վերարկուն և երեխային պարուրել էր դրանով, իսկ նրա ականջին օրորոցային էր երգում.
Քուն եղիր, բալաս, աչքերդ խուփ արա,
Նխշուն աչերուդ, քուն թող գա վրան...
Քիչ անց Անուշը դադարեց դողալուց։
Կամաց-կամաց նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը։ Կար միայն այդ սպիտակ անսահմանությունը, որը չէր սպառվում քայլերից։ Հոգնած երեխաները քարշ էին տալիս ոտքերը, սակայն ոչ մեկը չէր բողոքում։ Այդուհանդերձ, անհրաժեշտ եղավ նրանց հանգստանալու հնարավորություն տալ։ Քիչ անց սկսեց ձյուն տեղալ։ Շատ թեթև բյուրեղներ էին, որոնք քամին քշում էր հորիզոնական ուղղությամբ և շպրտում էր ճանապարհորդների դեմքերին՝ ցավեցնելով մաշկը։ Առաջ շարժվելն ավելի դժվար էր դարձել։
Մի երեխա ընկավ։ Վարդանը կռացավ և փորձեց ոտքի կանգնեցնել նրան, սակայն վեց կամ յոթ տարեկան տղան հրաժարվում էր շարժվելուց և շշնջում էր, որ ինքն իրեն լավ էր զգում և ուզում էր քնել։ Անուշին Արուսյակին հանձնելով, Վարդանը գրկեց տղային, որն այլևս քայլելու ուժ չուներ։ Այս երեխան ավելի ծանր էր, և Վարդանը հոգնություն զգաց։ Նրա հագուստը թրջվել էր քրտինքից, իսկ սառնամանիքը այն քարացնում էր, քամուց շունչը կտրվում էր, սակայն այս փոքրիկը, որը կառչել էր իրեն, նույն քաշն ուներ, ինչ Թովմասը, և Վարդանն ինքն իրեն ասաց, որ եթե պետք լիներ, ինքն այդպես, երեխային գրկած կգնար մինչև աշխարհի ծայրը։ Օրն իր ավարտին էր մոտենում, ադամամութն էր ընկնում։
Արուսյակը ոգևորված ճիչ արձակեց.
— Մենք համարյա թե հասել ենք։ Ես տեսնում եմ մուտքը։
Առաջին սրահի քանդված լուսամուտներից քամի էր ներս խուժում։ Երեխաներից մի քանիսը գետնին նստեցին։
— Վեր կացեք,— ասաց Արուսյակը, որը լամպն էր վառում։— Այստեղ ցուրտ է։
— Որտե՞ղ ենք,— հարցրեց Վարդանը։
— Հին վանք է, որը մենք երբեմն օգտագործում ենք։ Ակսարայի ճանապարհը անցնում է դիմացի բլրի հակառակ կողմով։
Նա դանդաղ էր խոսում, կարծես դժվարանար բառեր գտնել, սակայն ժպտաց Վարդանին նրա թևը սեղմելով.
— Մեզ կհաջողվի։
Արամը, որը ծանոթ էր վայրին, ավանակին տարավ հարակից սենյակը։ Արուսյակը երեխաներին առաջնորդեց դեպի ժայռի մեջ փորված աստիճանները։ Մեկ հարկ իջնելով, նրանք հայտնվեցին խաչաձև հատակագիծ ունեցող մեծ քարանձավում, որի պատերը վերևում կամար էին կազմում։ Լամպի թույլ լույսի ներքո երևացին Քրիստոսի կյանքի դրվագները ներկայացնող որմնանկարներ և սրբապատկերներ։ Բացառությամբ առաստաղի, ուր մրի շերտ էր երևում, որմնանկարների գույներն այնքան պայծառ էին, որ կարելի էր կարծել, թե դրանք նոր որմնանկարներ էին և ոչ թե ինը-տասը հարյուրամյակի վաղեմություն ունեին։ Լայնակի նավի երկու կողմերում բացվածքներ կային։ Դրանք ժայռի մեջ արված միջանցքներ էին։
— Իսկական ստորգետնյա քաղաք է,— բացատրեց Արուսյակը։— Հանկարծ չկորչեք։
Երեխաները լուռ էին ու շփոթված։ Վարդանը մտածեց, որ անհրաժեշտ էր նրանց հանել այդ ընկճված վիճակից և նրանց համար քիչ թե շատ հարմարավետ պայմաններ ստեղծել։ Իսկ հետո կզբաղվեին փոքրիկ Անուշով։
— Մենք այստեղ կքնենք,— ասաց Վարդանը՝ ցույց տալով վերնատան ծայրում գտնվող խորանը։— Հիմա խարույկ կվառենք և ճաշը կտաքացնենք։
Արուսյակը մտահոգ էր.
— Կրա՞կ։ Վտանգավոր չէ՞։ Մենք ճանապարհի մոտ ենք։
— Գիշերը ծուխը չի երևա։
— Մենք կխեղդվենք,— առարկեց Արամը խեղճացած տոնով։
Վարդանը ցույց տվեց մրի շրջանակը խորանի առաստաղին և սևացած փոքր գոգավորությունը հատակին։
— Այստեղ արդեն կրակ վառել են։ Նայիր առաստաղի թեքությանը. ծուխը դուրս կգա աստիճանավանդակով։
Արամը զարմացավ, որ նախորդ այցելությունների ժամանակ ինքը չէր նկատել այդ մանրամասները և ներքուստ հիացավ Վարդանով, որն այդ ամենը նկատել էր առաջին հայացքից։ Նա ուզում էր նույնպես իր աչքաբացությունը ընդգծել.
— Նոր մենք անցանք գետնին տապալված բարդու մոտով։
— Գնանք և դրա ճյուղերը կտրենք,— ասաց Վարդանը ձեռքը նրա ուսին դնելով։
— Կարո՞ղ եմ ձեզ հետ գալ,— հարցրեց մոտ տասը տարեկան մի տղա։
Նա դիմում էր Արամին, որին համարում էր իր ղեկավարը։ Հրաժարվելով մինչ այդ իր բանեցրած իշխանությունից, Արամը հարցական հայացք նետեց Վարդանի վրա։
— Դու ուժեղ ես,— պատասխանեց Վարդանը, գլխով անելով։— Արի, անունդ ի՞նչ է։
— Արտո։
Արուսյակը ջերմ նայեց հեռացողների հետևից, հետո ծափ տվեց՝ մնացողների ուշադրությունը իր կողմը գրավելու համար.
— Եվս մեկ փոքր ջանք։ Մենք հիմա մահճակալները կպատրաստենք։
Մութն արդեն ընկել էր, և ավելի ցուրտ էր։ Վարդանն ու նրա երկու օգնականները հետևում էին իրենց թողած հետքերին, որը ձյունը կամաց-կամաց ծածկում էր։ Հինգ րոպեից նրանք հայտնաբերեցին քամուց տապալված ծառը։ Արամի դաշույնը պետք չեկավ, քանի որ ցրտից սառած ճյուղերը հեշտությամբ էին կոտրվում։ Նրանք չորս անգամ քարանձավ ճյուղեր տարան և մի քանի օրվա վառելիք հավաքեցին։ Վերադարձի ճանապարհին Վարդանը տղաներին ցույց տվեց, թե ինչպես կարելի էր ճյուղերով հարթեցնել այն հետքերը, որ իրենք թողել էին ձյան վրա։ Մնացածը կաներ քամին։
Ծածկոցները փռված էին խորանում, և երեխաներից շատերը պառկած էին։ Արուսյակը ջուր էր բերել ներքևի հարկի սանդուղքի տակ դրված ամանից և պատի տակ էր շարում մթերքը։ Արթուն երեխաներին Վարդանը բացատրում էր, թե ինչպես են խարույկ վառում։ Նա հանում էր ճյուղերի խոնավ կեղևը, ճյուղերը կոտրում էր և տաշեղ էր դարձնում։ Երբ մի խուրձ չոր խոտը վառվեց, կրակը թուլացավ և քիչ էր մնում հանգչեր, հատկապես որ խոշոր ճյուղերից ջուր էր հոսում։ Սակայն կրակը հաղթեց, և շուտով խարույկն ուրախ ճարճատում էր ու լուսավորում խորանը։ Նավթը խնայելու համար Արուսյակը լամպը հանգցրեց։ Նրանք եռոտանի սարքեցին ամուր ճյուղերից և կրակի վրա կախեցին ջրով լի կաթսան։
Ապա արթնացրեցին քնած երեխաներին և բոլորին նստեցրեցին կրակի շուրջը։ Տղաները բնազդաբար խմբվել էին Վարդանի շուրջը, իսկ աղջիկները՝ Արուսյակի։ Ջերմությունն աստիճանաբար պարուրեց երեխաների մարմինները, նրանց մկանները թուլացան, իսկ աչքերը կյանքով լցվեցին։ Վարդանը խարույկից բարձրացող ծխի միջով Արուսյակին նայեց, որը սոխ էր կտրում և կարոֆիլ էր մաքրում։ Նրանք սիրահարված հայացք փոխանակեցին։ Անուշը պառկած էր իր ութը տարեկան քրոջ՝ Գյուլինարի գրկում և, բորբոքված աչքերով հետևելով Արուսյակին, անդադար հազում էր։
— Իսկ եկեղեցում կարելի՞ է խարույկ վառել,— հարցրեց մի տղա՝ մատով ցույց տալով որմնանկարները, որոնց վրա պարում էին իրենց ստվերները։
— Այո,— պատասխանեց Վարդանը,— քանի որ այս եկեղեցին շատ վաղ շրջանից չի ծառայում որպես այդպիսին։
— Աստված այլևս այստեղ չի՞ բնակվում։
— Նա ապրում է ամենուր, նույնիսկ մեզնից յուրաքանչյուրի մեջ։
Մի աղջնակ լուրջ տեսքով ասաց.
— Զարմանալի է, բայց մենք դա չենք զգում։
Մեծերը ծիծաղեցին և նրանց հետևեցին փոքրերը, որոնք, այդուհանդերձ, չէին հասկանում այդ ուրախության պատճառը։ Արուսյակը ոչխարի միսը կտրտում և գցում էր կաթսայի մեջ եռացող բլղուրով ջրի մեջ։ Նա գիտակցում էր, որ երեխաները, որոնք շաբաթներ շարունակ մենակ էին ապրել, մեծերի հետ շփվելու կարիք ունեին, և Վարդանին հարց տվեց, որի պատասխանն ինքը գիտեր.
— Իսկ ինչո՞ւ են մարդիկ ժայռի մեջ փորել այս եկեղեցին։
Երիտասարդ կնոջ աչքերր պերճախոս էին, և Վարդանը դիմեց երեխաներին.
— Թշնամիներից պաշտպանվելու համար։ Այդ ժամանակաշրջանում թալանչիների հրոսակները հարձակվել էին շրջանի վրա։ Մարդիկ փախչում էին իրենց ստորգետնյա քաղաքները, մուտքը փակում էին ժայռաբեկորներով և հանգիստ ապրում էին այստեղ։ Նրանք եկեղեցիներ ունեին, խանութներ, կացարաններ և, անկասկած, դպրոցներ։
Նա նրանց մանրամասնորեն պատմեց Կապադովկիայի առաջին քրիստոնյաների, որմնանկարները նկարելու տեխնիկայի, նույնիսկ քարի մասին, որ ժամանակին ժայթքել էր հրաբուխների խառնարաններից։ Նրանք լուռ լսում էին՝ գերվելով այդ հին պատմություններով, որոնք այնքան նման չէին իրենց գոյությանը, որի գերագույն նպատակն ամիսներ շարունակ վերապրելն էր։ Վարդանը նրանց աչքերում գիտելիքի ծարավ տեսավ, նույն ծարավը, որ տեսել էր Հալեպի որբանոցի սաների աչքերում, և դա ջերմացրեց նրա հոգին։ Երբ նա լռեց, Արուսյակը մի երգ երգեց, որը նրանցից շատերը լսել էին և որի բառերը ոմանք գիտեին։ Հետո մի տղա, որին երգն իր մորը հիշեցրեց, հարցրեց վախվորած.
— Որբանոցն ի՞նչ է։
Առանց նրան խնայելու Արամը թունոտ պատասխանեց.
— Ծնողներին կորցրած երեխաներին պահելու վայր։
Տղայի աչքերն արցունքով լցվեցին։ Ուղիղ կտրած մազերով նրա ձվաձև դեմքը կաղինի էր նմանվում։
— Որբանոցը,— ուղղեց Վարդանը,— տուն է, ուր երեխաները սիրված և հարգված են։ Նրանք մահճակալներում են քնում և կուշտ ուտում են, նրանք սովորում են և նախապատրաստում են իրենց ապագան։
Նա նկարագրեց այն որբանոցը, որն ինքն այցելել էր Հալեպում, և պատասխանեց հարցերի տարափին, որ նրա վրա տեղացին երեխաները։ Այդ վայրը, ուր իրենք այլևս սոված չէին լինելու, չէին մրսելու և չէին վախենալու, նրանց դրախտ թվաց։ Գյուլինարը, որն օրորում էր իր կրտսեր քրոջը, խոսեց.
— Իսկ ձեր ծնողներն արդեն մահացե՞լ են։
— Այո, շատ վաղուց։ Սակայն ես որդի ունեմ՝ Թովմաս, որը ձեր տարիքին է և որի մասին ես ոչինչ չգիտեմ շուրջ երկու տարի։ Կուզենայի հավատալ, որ նա որբանոցում է, ուր նրանով զբաղվում են։
Երեխաները նկատեցին Վարդանի հուզմունքը, և ծանր լռություն տիրեց։ Մթնոլորտի լարումը պարպելու համար Արուսյակն ուրախ ասաց.
— Ճաշում ենք։
Նա կրակից վերցրեց կաթսան, որն ախորժալի բուրմունք էր տարածում։ Քանի որ ընղամենը երկու թաս և չորս բաժակ ունեին, ապա սկզբում փոքրերին կերակրեցին։ Յուրաքանչյուրը ինքն էր ախորժալի ապուրը լցնում իր համար, իսկ Արուսյակը հետևում էր, որ ամեն մեկն իր բաժինը ստանար։ Ամենամեծ երեխաները և երկու մեծահասակները իրար մեջ բաժանեցին մնացած ապուրը։ Բոլորի տրամադրությունը բարձր էր և երբ երեխաներից մեկը հանկարծակի գխտաց, լիաթոք ծիծաղեցին։ Արուսյակն Անուշին գիրկն էր վերցրել և գդալով կերակրում էր նրան։ Երեխան դժվարությամբ էր կուլ տալիս և խեղդվում էր հազի նոպաներից։ Արուսյակը աղերսող հայացքով նայեց Վարդանին։ Վարդանը պատասխանեց.
— Հիմա կնայենք։
Արամը բաշխում էր քնելու տեղերը, և դա ընթանում էր ոչ առանց բողոքների, քանի որ ոմանք ուզում էին իրար կողքի պառկել, ոմանք ուզում էին կրակին ավելի մոտ լինել, ոմանք էլ մութ խորանից հեռու։ Մի կողմ քաշված՝ Վարդանը քննում էր Անուշին, որին գրկել էր Արուսյակը։ Շապիկը բարձրացնելով, նա ականջը դրեց երեխայի դուրս ցցված կոդերին՝ թոքերը լսելու համար։ Նա չոր խզզոցներ լսեց, որոնք ոչ մի լավ բան չէին կանխագուշակում, իսկ երբ երեխան խորն էր շնչում, գլգլոց էր լսվում, կարծես թոքը ջրով լցված լիներ։ Պլևրի՞տ։ Թոքաբո՞րբ։ Վարդանը հաստատ չգիտեր։ Երբ երեխային հարցրեց, թե նրա որ տեղն էր ցավում, նա ցույց տվեց գլուխը, կոկորդը և կրծքավանդակը։ Վարդանը շոյեց երեխայի այտը և ժպտալով ասաց, որ նա կլավանա։
Արուսյակին չխաբեց նրա առերես լավատեսությունը, սակայն կինը գերադասեց սպասել, որ իրենք մենակ մնային, նրա իրական կարծիքն իմանալու համար։ Նա երեխային հանձնեց ավագ քրոջը։
Խորանում ջերմաստիճանը նորմալ էր, քանի որ կամարաձև պատերը հետ էին մղում տաք օդը։ Ծածկոցների մեջ փաթաթված երեխաները արդեն քնում էին։ Արամը իր և երկու մեծահասակների համար տեղ էր պահել խորանի մուտքի մոտ՝ մտածելով, որ իրենց մարմինները կպաշտպանեին երեխաներին ցրտից և մթից։
— Մենք հիմա կաղոթենք,— ասաց Արուսյակը բարձր ձայնով։— Աղոթենք բացակաների համար, փառք տանք Աստծուն, որ սոված չենք, և խնդրենք, որ նա մեզ պահապան լինի։
Նա սկսեց «Հայր մեր»–ը երգել։ Շուտով նրան միացան երեխաների նուրբ ձայները և Վարդանի տենորը։
— Մենք խոսելիք ունենք,— ասաց Արուսյակն Արամին, որը պառկում էր։– Մենք երկար չենք բացակայի։
— Բարի գիշեր,— ասաց տղան, որի աչքերը փակվում էին։
Առանց լամպը վերցնելու, նրանք գնացին երկայնակի նավի աջ թևը դուրս եկող միջանցքով։ Շատ շուտով խարույկի լույսը կորավ, և լիակատար մթության մեջ նրանք առաջ էին շարժվում պատերից բռնվելով։
— Ես լավ եմ ճանաչում այս վայրը,— շշնջաց Արուսյակը, որն առջևից էր գնում։— Մենք մեկ այլ սրահ դուրս կգանք։
Հանկարծ պատն ընդհատվեց։ Վարդանն իր հրահանը վառեց, որի լույսի ներքո երևացին Արուսյակի փայլուն աչքերը, իսկ նրա հետևում որմնանկարի սրբի խամրած աչքերը։ Երբ հրահանը մարեց, մթությունն էլ ավելի անթափանց թվաց։ Արուսյակի ձեռքն իջավ Վարդանի ուսին։
— Ինձ ճշմարտությունն ասա։ Անո՞ւշը։
— Նրան պետք է բժիշկը քննի։
Այդ խոսքերին լացակումած մի հառաչ հետևեց։
— Ես գիտեմ, որ դա անհնար է,— շարունակեց Վարդանը տխուր ձայնով։— Եվ բացի դրանից, դա օգուտ չի տա։
— Ինչո՞վ է նա հիվանդ։
— Կարծում եմ, որ թոքաբորբ է։ Հաշվի առնելով նրա վատ ֆիզիկական վիճակը, նա բուժվելու չնչին հնարավորություններ ունի։
Արուսյակը փարվեց Վարդանին։ Վարդանը գրկեց նրան և շոյեց արցունքներից թրջված նրա դեմքը։
— Մենք ոչինչ չենք կարող անել։ Միայն աղոթել։
— Իսկ եթե նրան տանեմ իմ տո՞ւնը։
— Ուշ է։
Կծկվելով Վարդանի գրկում՝ նա լաց էր լինում, իսկ Վարդանը շոյում էր նրա մազերը։ Երբ նա հանգստացավ, շշնջաց.
— Ես միայն Անուշի համար չեմ լացում... Շատ դժվար է, Վարդան, ամեն անգամ ավելի դժվար է լինում նրանցից բաժանվել։ Եթե նույնիսկ ընդամենը մի քանի անգամ եմ նրանց տեսնում, ես կապվում եմ նրանց։ Դու զգացիր, թե նրանք որքան կարիք ունեն սիրո։ Ես չեմ կարողանում ինձ համոզել։ Կուզենայի բոլորին ինձ մոտ պահել, սիրել նրանց, երջանկություն պարգևել։
— Ես հասկանում եմ։ Սակայն դու ինքդ քեզ պետք է համոզես, որ այսպես վարվելով դու տասնյակ երեխաների հնարավորություն ես տալիս նոր կյանք սկսելու։
Նա նորից զգաց Վարդանից երեխա ունենալու ցանկությունը, սակայն ինչպես և ուրիշ անգամներ, չհամարձակվեց այդ ցանկությունն արտահայտել։ Մի փոքրիկ տղա, որը կունենար իր հոր գայթակղիչ աչքերը, կամ էլ մի փոքրիկ աղջիկ, որի մեջ ինքն իրեն կճանաչեր։ Նա գլուխը ձգեց և խավարի մեջ փնտրեց տղամարդու շուրթերը, գտավ և ինքնամոռաց համբուրեց։
Արամն առաջինն արթնացավ, թեժացրեց ածուխները, որոնք դեռ տաք էին մոխրի տակ, փայտ գցեց օջախը և առանց աղմկելու հեռացավ։ Նա ջուր հավաքեց և վերև տարավ ավանակին տալու համար։ Լույսը բացվել էր, արևը փայլում էր ձնածածկ բնապատկերի վրա, իսկ մի ագռավ կռռալով անցնում էր երկնքով։ Երկու տարի ընդհատակում ապրելու ընթացքում ձեռք բերած զգուշավորությամբ նա դուրս եկավ, ուշադիր զննեց նեղ հովիտը և հորիզոնը փակող բլուրը։ Ոչինչ չէր շարժվում։ Նա վար իջավ։
Վարդանն օջախին ջուր էր տաքացնում։
— Բարև, Արամ։ Լա՞վ ես քնել։
— Սատկած էշի պես։ Տաք է, և ամպերը ցրվել են։ Մեթյուզ քահանան միգուցե այսօր էլ գա։
Արթնանալուն պես Արուսյակը շտապեց Անուշի անկողնու մոտ։ Նա երեխային վերցրեց քրոջ գրկից, որը դեռևս քնած էր, և նրան կրակի մոտ տարավ Վարդանին ցույց տալու համար։
— Նայիր նրա կարմիր այտերին,— բացականչեց նա ուրախ ձայնով։— Դա լավ նշան է։
Վարդանը ձեռք տվեց Անուշի ճակատին։ Ջերմությունը բարձրացել էր։ Նրա անկանոն շնչառությունը և թոքերի խզզոցներն ավելի նկատելի էին։ Նա ասաց մտահոգ ձայնով.
— Դժբախտաբար այդ կարմրությունը հաստատում է, որ թոքաբորբով է հիվանդ։ Սա նույնպես։
Նա ցույց տվեց աղջկա վզի և շապիկի վրա չորացած խորխի հետքերը, որոնք ժանգի գույն ունեին։ Արուսյակը սարսափելով դարձրեց գլուխր և սեղմեց ատամները։ Վարդանը շոշափեց փոքրիկ հիվանդի մեջքր և նկատեց, որ երեխայի ողնաշարն ու վիզը լարված էին։ Դրանք արդեն մենինգիտի ախտանիշներ էին։ Անուշը բացեց աչքերը։
— Գլուխդ ցավո՞ւմ է։
Երեխան գլխով արեց։
— Ավելի՞, քան երեկ։
Դարձյալ երեխան գլխով այո արեց։ Թույլ հազալով՝ նա Վարդանին էր նայում իր սառած աչքերով, և նա հասկացավ, որ երեխան դադարել էր պայքարելուց և որ նա անձնատուր էր լինում հիվանդությանը։ Նրան խաբելն անիմաստ էր, նա բնազդաբար զգում էր, որ ինքը չէր ապաքինվելու և որ կյանքը մարում էր իր մարմնում։ Վարդանը փորձեց աչքերով արտահայտել այն գորովը, որ փոքրիկն իրեն ներշնչում էր, և երեխան կարծես զգաց դա, որովհետև նա ձեռքը մեկնեց դեպի Վարդանի մորուքը։ Վերջինս համբուրեց նրա ոսկրոտ ձեռքերը, և նա նրան գեղեցիկ թվաց՝ չնայած իր նիհարությանը և աչքերի տակի կապտուկներին։ Այտերի կարմրությունը նրա դիմագծերին կենսունակության պատրանք էր հաղորդում, որից նրա մարմինը արդեն զուրկ էր։ Վարդանը լուռ կատաղություն էր զգում նրան օգնելու անկարողությունից և որպեսզի երեխան չզգար իր հոգեվիճակը, դարձավ դեպի Արամը, որը նստած էր կրակի կողքը.
— Ջուրը եռո՞ւմ է։
Արուսյակը տեսավ Վարդանի ու Անուշի միջև տեղի ունեցած լուռ երկխոսությունը և հասկացավ դրա իմաստը։ Այդ երեխան, որին ինքն իր կրծքին էր սեղմում, մեռնելու էր։ Նա սկսեց լուռ աղոթել։
Վարդանը թուրմ սարքեց և Արուսյակը փորձեց այն խմեցնել Անուշին։ Թուրմը երեխայի կատիկը թռավ և նա հետ տվեց։
— Նա դողում է,— ասաց Արուսյակը։
Վիճակն ավելի բարդ էր։ Երեխան ջղաձգվում էր։
— Պառկեցրու նրան և մոտը մնա։ Մնացածներով ես կզբաղվեմ։
Վարդանը բլղուր պատրաստեց և կերակրեց երեխաներին։ Հետո նրանց տարավ դեպի դուրս նայող սրահը, որպեսզի մաքուր օդ շնչեին։ Գյուլինարը հրաժարվեց նրանց հետևել՝ չցանկանալով բաժանվել հիվանդ քրոջից։
— Հարկավոր է սրանց զբաղեցնել,— ասաց Վարդանն Արամին։
Տղան խաղ կազմակերպեց, և նրանք աչքակապուկ խաղացին, որից նույնիսկ Արամը հաճույք ստացավ։ Վարդանը նույնպես մասնակցեց խաղերին, և երբ երեխաները հոգնեցին, նա նրանց հանելուկներ էր ասում և շուտասելուկներ էր սովորեցնում։ Կեսօրից հետո Անուշն անշարժացավ։ Հիվանդությունն ավելի արագ էր զարգանում, քան կանխատեսել էր Վարդանը։ Արուսյակը նստած էր հոգեվարքի մեջ գտնվող փոքրիկի կողքին ողբացող Գյուլինարի հետ միասին։
Այդ երեկո, երբ բոլորն արդեն քնել էին, Վարդանն արթնացրեց Արամին։
— Ոչ մի խոսք։ Ինձ հետևիր։
Տղան լուռ ենթարկվեց։ Երբ աստիճաններին էին հասել, Վարդանը լամպը վառեց, և նրանք իջան ստորգետնյա քաղաքի ամենաստորին հարկը։
— Ի՞նչ է պատահել, պարոն։
— Փոքրիկը մեռնում է։ Մենք պետք է փոս փորենք։
Նրա ձայնը մռայլ էր, և դա զարմացրեց Արամին։ Արամը չէր հասկանում, թե ինչպես նրա պես մարդը կարող էր ազդվել գրեթե անծանոթ երեխայի մահից։ Վարդանը սեղմեց նրա ուսը։
— Իսկական տղամարդը, Արամ, զգացմունքներ ունեցող մարդն է։ Կարեկցանք, խղճահարություն, բարեկամություն, սեր... Այն մարդը, որին ոչինչ չի հուզում, հրեշ է դառնում, լավագույն դեպքում անասուն։ Այնպիսին, ինչպիսիք են քո կարծիքով քո թշնամիները։ Երբեք այս բանը չմոռանաս։
Հետևելով Վարդանին, որը զննում էր սրահները հարմար տեղ գտնելու համար, Արամը մտածում էր այն խոսքերի մասին, որ նոր լսել էր։ Նա զգում էր, թե ինչպես էր հալչում դառնության անտարբերությունը, որ ինքը կռել էր երկու տարիների ընթացքում, և վախենում էր, որ ամեն ինչ ավելի դժվար կլիներ իր համար։
Վարդանն ընտրեց երկար միջանցքի վերջում գտնվող անձավը։ Դանակի ծայրով նա գետնին փոքր ուղղանկյունի գծեց, որը մի քիչ ավելի մեծ էր, քան Անուշի հասակը, և սկսեց հողը փորել՝ օգտագործելով դանակի շեղբը։ Արամը չէր շարժվում։
— Դու չե՞ս փորում։
— Ինչո՞վ։
— Քո դաշույնով։
Տղան սարսափեց։ Իր հոր զենքո՛վ։
— Քարը փափուկ է և տաշվում է, ինչպես հացը։ Իսկ հետո ես շեղբը կսրեմ։
Արամը, դժկամությամբ, գործի անցավ։
— Իմացիր, որ սիրած մարդուն թաղելն ավելի դժվար է, քան թշնամուն սպանելը։
— Դուք որևէ մեկին սպանե՞լ եք, պարոն։
— Փառք Աստծու ես երբեք առիթ չեմ ունեցել։
— Ես չէի վարանի։ Ես կոչնչացնեմ բոլոր մարդասպաններին։
— Ինքդ մարդասպան դառնալո՞վ։
— Արդարությունը վերականգնող դառնալով։ Դա ուրիշ բան է։
— Այն ոստիկանները, որոնք այդքան հայերի են սպանել, նրանք էլ կարծում էին, որ ճիշտ էին վարվում։
Արամը չպատասխանեց և սկսեց ուժգին հարվածել քարին։ Նա կամաց-կամաց տաքացավ և հանեց իր գործած բաճկոնը։
— Դու որտեղի՞ց ես,— հարցրեց Վարդանը։
— Դեմերեկի մոտակայքից։
Առանց Վարդանի հարցերին սպասելու, նա հատու նախադասություններով պատմեց իր պատմությունը։ Ոստիկանները նրան տարել էին գյուղի բոլոր տղամարդկանց հետ, որոնց թվում էին նրա եղբայրները, հայրը և հորեղբայրները։ Երբ նրանք սարերն էին բարձրացել, ոստիկաններր բոլորին հավաքել էին մի ժայռի տակ գնդակահարելու։ Երբ սկսել էին կրակել, հայրը նրան գետնին էր գցել, իսկ ինքն էլ ընկել էր վրան։ Նա միակն էր, որ ողջ էր մնացել և, հոր արնով շաղախված, սպասել էր մինչև գիշեր փախչելու համար։ Առավոտյան հասել էր իրենց գյուղի մոտակայքը և տեսել էր, որ կանանց ու երեխաներին քշել էին։ Հարևան գյուղերի բնակիչները թալանում էին այն, ինչ ոստիկանները չէին կարողացել տանել, իսկ ոմանք էլ իրենց ընտանիքներով տեղափոխվում էին դատարկված տները։
Նա փախել էր սարերը, ուր նա սնվել էր վայրի մրգերով և նրանով, ինչ կարողացել էր փախցնել ագարակներից։ Ձմռանը նա մուրում էր գյուղերում։ Մեկ այլ տղա իր քրոջ հետ միացել էին նրան։ Ի վերջո, հասել էին Կապադովկիա, ուր նրանք աշխատում էին իրենց թաքցնող հույների դաշտերում։ Այդ ժամանակ էր, որ Արամը ծանոթացել էր Քերիմի և Արուսյակի հետ։ Եվ այդ ժամանակից նա նրանց օգնում էր հայտնաբերելու հայ որբերին, նրանց միսիոներներին հանձնելու համար։
Վարդանը շոյեց նրա գլուխը.
— Քո հայրը հպարտ կլիներ քեզնով։
Արամը գլուխը դարձրեց, որպեսզի Վարդանը չտեսներ իր աչքերին հայտնված արցունքները։ Նրանք փորեցին այնքան, մինչև փոսը մեկ մետր խորության հասավ։ Փոսի մոտ հավաքված խճով նրանք կծածկեին մարմինը։
Վերադառնալով եկեղեցի, Վարդանը մոտեցավ Արուսյակի անկողնուն։ Նա քնած չէր։ Կողքի վրա պառկած, գլուխը ծալված թևին դրած, նա հսկում էր Անուշի քունը։ Վարդանին թվաց, որ երեխայի զարկերակը շատ թույլ էր, շնչառությունը գրեթե աննկատ։ Նա, անկասկած, կոմայի մեջ էր։
— Դու պետք է փորձես հանգստանալ,— շշնջաց Վարդանն Արուսյակի ականջին։— Ես նրան կհետևեմ։
Նա նստեց և որոշ ժամանակ ձեռքը պահեց երիտասարդ կնոջ գլխին, սակայն քունը տարավ և նա պառկեց։ Մի քանի ժամ անց Արուսյակն արթնացավ.
— Վարդան,— շշնջաց նա,— Վարդան։
Արուսյակի դողդոջուն ձայնից և նրա այլայլված դեմքից Վարդանր հասկացավ, որ Անուշը մահացել էր։ Նրանք երեխայի մարմինը խորանը տարան։ Արուսյակը հանեց երեխայի շորերը և լվաց նրա մարմինը։ Նա զգուշորեն լվանում էր մաշկը, և նրա շարժումների մեջ այնքան ջերմություն և սեր կար, կարծես իր հարազատ երեխան լիներ։ Նրա արցունքները ցամաքել էին։
— Կարծես հրեշտակ լինի։
Մի ճիչ նրան ստիպեց վեր թռնել։
— Անու՜շ։ Անու՜շ։
Գյուլինարը վատ երազ էր տեսել և արթնացել ու հիմա քրոջն էր փնտրում։
— Նրան այստեղ բեր,— խնդրեց Արուսյակը Վարդանին։
Աղջիկը լաց եղավ՝ նետվելով դիակի վրա, և այն համբույրներով ծածկեց։ Գյուլինարը կորցրել էր անցյալի, իր մորթված ընտանիքի հետ իրեն կապող վերջին թելը և այսուհետ նա միայնակ էր աշխարհում։ Արուսյակն ու Վարդանը նրան հնարավորություն տվեցին արտահայտելու իր վիշտը, հետո երիտասարդ կինը նրան իր գիրկն առավ մխիթարելու համար.
— Մի լացիր, Անուշը դրախտում է։ Այսուհետ նա հոգ կտանի քո մասին։
— Հիշիր, թե ինչպես էր նա տանջվում,— ասաց Վարդանը։— Հիմա նա երջանիկ է։
Արուսյակը գրկից թողեց աղջկան.
— Հիմա մենք նրան կհագցնենք։
Գյուլինարը զսպեց լացը և օգնեց Արուսյակին։ Նրա ականջին հնչեցին մոր բառերը, որոնք նա ասել էր, երբ ոստիկանները տանում էին նրան. «Գյուլինար, հոգ տար Անուշի մասին։ Ես քեզ սիրում եմ»։ Նա սրբեց աչքերը և խաչեց Անուշի ձեռքերը։ Վարդանը մարմինը դրեց մաքուր ծածկոցի վրա և փաթաթեց երեխային, բաց թողնելով միայն դեմքը։ Նրանք երեքով ծնկի իջան աղոթելու համար։ Հետո նստեցին հանգուցյալի մոտ։ Վարդանն ու Արուսյակը նստած էին Գյուլինարի կողքին և ձեռք ձեռքի էին տվել իրենց հուզմունքը կիսելու համար։
— Նա գեղեցիկ է,— ասաց Գյուփնարը։— Կարծես քնած լինի։
Նա մի պահ լռեց, հետո երազկոտ ձայնով ասաց.
— Անուշը երբեք չէր տրտնջում։ Հիվանդությունից առաջ նա շատ էր ծիծաղում։ Երբ մենք ագարակապանի մոտ էինք ապրում, նա ինձ օգնում էր խոհանոցում... հավերին խնամելիս... պարտեզը ջրելիս։
Դեռ երկար ժամանակ նա պատմում էր քրոջ մասին, ոչ այնքան երկու մեծահասակների, որքան իր համար։ Նրանք այդպես նստած մնացին մինչև լուսաբաց։
Իմանալով իրենց ընկերուհու մահվան մասին, երեխաները տարբեր ձևով իրենց պահեցին։ Շատերը լաց եղան, ոմանք զսպություն ցուցաբերեցին, միգուցե թաքուն թեթևություն զգալով, որ մահն իրենց կողքով էր անցել։ Վարդանը երեխայի մարմինը տարավ այն սրահը, ուր նրանք գերեզման էին փորել։ Արամը քայլում էր նրա առջևից լամպով լուսավորելով ճանապարհը, իսկ մնացածները հետևում էին Վարդանին։ Քանի որ մեռոն չկար, նրանք ծիսական լվացումները ջրով արեցին։ Խաչի նշաններ արեցին մահացած աղջկա ճակատին, ձեռքերին և ոտքերին, իսկ Արուսյակն աղոթեց։ Երբ ծածկոցի մեջ փաթաթած մարմինը դրեցին փոսի մեջ, Գյուլինարը չկարողացավ զսպել իր վիշտը և սկսեց բարձրաձայն ողբալ։ Արուսյակը նրան հետ տարավ եկեղեցի։
Մնացած երեխաները, ձեռք ձեռքի տված նայում էին քարե գերեզմանում պառկած գորշ մարմնին և չէին կարողանում աչքերը հեռացնել այն էակից, որն անհայտանում էր առհավետ։
Անհրաժեշտ էր իմաստավորել այդ մահը։ Վարդանը սկսեց խոսել հանպատրաստից.
— Տեր ամենակարող Աստված, մենք հավաքվել ենք այստեղ, քո առջև, որպեսզի Քեզ հանձնենք մեր քրոջը՝ Անուշին։ Վերցրու նրան Քո հովանու տակ, որպեսզի նա ապրի հավերժ, հրեշտակ լինի քո հրեշտակների շարքում։ Իսկ դու, Անուշ, որ երջանիկ ես, քանի որ միացել ես քո ծնողներին, դու, որ այլևս երբեք չես տառապի սովից, ծարավից, ցրտից, այլ անսահման երջանիկ կլինես, միջնորդիր Քրիստոսի առջև, որ մենք վայելենք խաղաղություն, հրճվանք ու սեր։ Ամեն։
Նա մի բուռ խիճ լցրեց փոսի մեջ, իսկ երեխաները հետևեցին նրա օրինակին։ Երբ փոսը լցվեց, նա պատին արձանագրություն փորագրեց իր դաշույնով և ասաց.
— Մենք բոլորս կորցրել ենք մեր սիրած էակներին։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանց հիշատակը մարի մեր հոգում։ Մենք պետք է ապրենք, երկար ապրենք, քանի որ մահացածներն ապրում են մեր միջոցով։ Երբեք չմոռանաք փոքրիկ Անուշին։ Երբ դուք հուսահատվեք, մտածեք նրա մասին, որր չունեցավ արևը նորից տեսնելու ձեր երջանկությունը։
Տապանագիրը հետևյալն էր. «Անուշ Մակարյան։ Տիրոջ հրեշտակ, 1913-1917»։ Վարդանն ինքնակամ կերպով մոտավոր տարեթիվ էր գրել, որը կհամապատասխաներ փոքրիկի տարիքին։ Վերև բարձրանալուց առաջ երեխաներից շատերը մատով հպվեցին փորագրված տառերին, կարծես հիշողության մեջ դրանք վառ պահելու համար։
Երբ Վարդանը եկեղեցի եկավ, Արուսյակի հետ մի տղամարդ կար, որը կռացել էր Գյուլինարի վրա և խոսում էր նրա հետ։
— Մեթյուզ քահանան է,— ասաց Արամը։
Քահանան մոտ վաթսուն տարեկան տղամարդ էր, բարձրահասակ և հավանաբար նիհար, քանի որ վերարկուն շատ լայն էր վրան։ Մորթե գլխարկի եզրերը բոլորում էին նրա շատ բաց հոնքերով վարդագույն դեմքը։ Նուրբ գծագրություն ունեցող նրա շրթունքները կարծես ժպտային, իսկ մոխրագույն աչքերը շատ բարի էին։ Արուսյակը նրան նախ ներկայացրեց երեխաներին, հետո նրան մենակ թողեց Վարդանի հետ, իսկ ինքը զբաղվեց երեխաներին ճամփորդությանը նախապատրաստելով։
Վարդանի ձեռքը սեղմելուց հետո միսիոները այլևս նրա թևը բաց չթողեց և նրան տարավ եկեղեցու խորքը։
— Պարոն Պալյան, շատ ուրախ եմ վերջապես ձեզ հանդիպելու համար։
—– Ես նույնպես, պարոն Մեթյուզ։
— Ափսոս, որ մենք չհանդիպեցինք Հալեպում։
— Ես էլ եմ ափսոսում։ Ձեզ համար թե՞յ պատրաստեմ։
— Մի անհանգստացեք։ Կառքում թերմոս կա։ Ես պետք է անհապաղ մեկնեմ։ Ցավոք, մենք հնարավորություն չենք ունենա իրար լավ ճանաչելու։
Վարդանին դա տխրեցրեց, քանի որ հենց սկզբից նրանց միջև համակրանքի զգացում էր ծագել։ Եվ դա զարմանալի չէր, քանի որ, Արուսյակի կարծիքով, իրենք շատ նման էին բնավորությամբ։
— Մենք այլ հնարավորություններ էլ կունենանք, պարոն քահանա։
— Անկասկած, կամ այստեղ, կամ Հալեպում։ Կինս ասաց, որ դուք մտադիր եք շարունակելու ձեր հյուրախաղերը դերվիշների նվագախմբի հետ։
— Ես այնքան կուզենայի ավելի օգտակար լինել։
Քահանան զգաց Վարդանի անբավարարվւսծությունը և հակաճառեց.
— Ձեր արածն արդեն իսկ նշանակալից է։ Ձեր հոդվածները օգնում են արտասահմանում մարդկանց խիղճն արթնացնելուն։ Ավելին, ձեր հաղորդած տեղեկությունների շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել որբերին։ Ի դեպ, ես տեղեկություններ ունեմ Նաիրիի՝ այն աղջկա մասին, որին դուք հանդիպել էիք Ադանայում։ Նա այժմ Բեյրութում է ապրում։
Չնայած անցած ամիսներին, Վարդանը պարզորոշ տեսավ փոքրիկ մուրացկանին, որը կանգնած էր ճամփեզրին։ Ինքը հոդված կգրի նրա մասին և նրա միջոցով կխոսի բոլոր որբերի մասին։
Նրանք հասան մինչև սանդուղքը և դանդաղ քայլերով վերադարձան խորանի մոտ, ուր Արուսյակը հագցնում էր փոքրերին։
— Ի՞նչ նորություններ կան պատերազմից, պարոն քահանա։
— Արդեն երկու ամիս է՝ ոչ մի նորություն չկա։ Ինչպիսի աղետ մարդկության համար։ Սակայն դեռ ամեն ինչ կորած չէ։ Մենք նոր աշխարհ կկառուցենք։ Ավելի շուտ՝ սրանք։
Նա ցույց տվեց երեխաներին։ Վարդանը պատասխանեց.
— Թող Աստված օրհնի ձեզ այն ամենի համար, ինչ դուք անում եք մեր ժողովրդի համար։
— Աստծու սպասավորի իմ պարտքն է դա, պարոն Պալյան, ես ընդամենը իմ պարտքն եմ կատարում։
—— Մենք պատրաստ ենք,— հայտարարեց Արուսյակը, փոքրերին նրանց ընդառաջ բերելով։
— Ինչ մեծ սիրտ ունի այս կինը,— շշնջաց միսիոները։
— Իսկապես...
Քարանձավի մուտքի մոտ նրանց էր սպասում ծածկած մի սայլ, որին երկու ձի էին լծված։ Արամը, ավանակի հետ, կանգնած էր սայլի կողքին։ Ավանակը փալանված և բարձված էր։ Հուզված երեխաները հրաժեշտ տվեցին բոլորին, հատկապես Արամին, և սայլի մեջ նստելով, ծածկվեցին այծի մորթիներով և սայլի մեջ եղած գորգերով։ Նրանք վախով էին գնում դեպի անհայտություն՝ իրենց հետևում թողնելով այն մարդկանց, ովքեր իրենց սիրում էին։
— Դուք միայնակ չեք,— ասաց Վարդանը։— Հետագայում դուք միմյանց համար քույրեր և եղբայրներ կլինեք։
Նա մտածում էր Տեր Գևորգի խոսքերի մասին. «Մենք խաշնարած շներ ենք»։ Իր ճանապարհն ընտրված էր։ Մինչ պատերազմի ավարտը իր կյանքը լինելու էր այնպիսին, ինչպիսին եղել էր նախորդ տարի՝ շրջիկ երաժշտի կյանք։ Գրել, այո՛, սակայն ավելի շուտ օգնության ձեռք մեկնել փոքրիկ Թովմասներին և Նաիրիներին։
Սայլը կիսաշրջան կատարեց դեպի արևմուտք շարժվելու համար։ Մեթյուզ քահանան վերջին անգամ նրանց ձեռքով արեց։ Արցունքն աչքերին, Արուսյակը բղավեց երեխաների հետևից.
— Դուք բոլորդ երջանիկ կլինեք։
Վարդանը ձեռքն անցկացրեց նրա ուսով և թեթևակիորեն թափ տվեց.
— Քո շնորհիվ, Արուսյակ։ Եվ Արամի շնորհիվ, այս երիտասարդի, որը պատվով է կրում իր նախնիների անունը։
Տղայի դեմքը փայլեց հպարտությունից, և նա շոյեց իր դաշույնի պատյանը։
Երեխաները ձեռքով արեցին քահանայի սայլից, հետո այն անհայտացավ բլրի հետևում։
— Տուն վերադառնանք,— ասաց Արուսյակը հուզված։
Արամն ավանակի հետ առաջ անցավ, իսկ Վարդանն ու Արուսյակը, գրկախառնված, հետևեցին նրան։

ԳԼՈՒԽ 14


Մաս 74


1917 թ. մարտ ամսին բրիտանական էքսպեդիցիոն զորաբանակը, գեներալ Մոդի հրամանատարությամբ, շարժվեց Տիգրիսի հոսանքն ի վեր, հետ մղեց օսմանյան զորքը, գրավեց Բաղդադը և միացավ ռուսական կասպյան բանակին, որր գրավել էր Պարսկաստանի հյուսիսը։
Միասնական պլանով նախատեսվում էր շարժվել դեպի Անատոլիայի հարավը, որը պետք է ուղեկցվեր ռուսական զորքի հարձակումով Սվասի ուղղությամբ։ Միաժամանակ ցարական Սևծովյան նավատորմիղը շարժվում էր դեպի Բոսֆոր՝ Կոստանդնուպոլիսը գրավելու։ Սակայն իրադարձաթյունները այլ կերպ զարգացան։ Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, և Նիկոլայ Երկրորդը հրաժարվեց գահից։ Ռուսական զորքը, որը լավ դիրքեր էր գրավել ամենուր, կազմալուծվեց։ Զորքը չէր ենթարկվում սպաներին, զինվորները զանգվածաբար դասալքում էին տուն վերադառնալու համար։ Արևմտյան Հայաստանը, որը նոր էր ազատագրվել, լքվեց իր պաշտպանների կողմից։
Ռըզա բեյը տագնապով էր հետևում այդ իրադարձություններին, ամեն օր կապվում էր շրջանի ռազմական պարետի գլխավոր շտաբի հետ նորություններ իմանալու համար։ Եթե ռուսական բանակի կազմալուծումը Կովկասյան ճակատում նրան հանգստացնում էր, ապա բրիտանացիների ներկայությունը Բաղդադում ծայր աստիճան մտահոգում էր։ Արաբների ապստամբության դեպքում Սիրիայում և Պաղեստինում տեղակայված օսմանյան զորքը կբարոյալքվեր և անգլիացիները կարող էին հարձակում ձեռնարկել։ Կար նաև Ալեքսանդրետի ծոցում դաշնակիցների ափ իջնելու վտանգը, որը հազիվ մեկ օրվա ճանապարհի վրա էր գտնվում Այնթապից։ Իսկ երբ ապրիլին Միացյալ Նահանգները պատերազմ հայտարարեցին կենտրոնական կայսրություններին և Օսմանյան կայսրությանը, Ռըզա բեյը հոգու խորքում հասկացավ, որ դա ժամանակի հարց էր. մի քանի ամիս, ամենաշատը մեկ տարի, և երկիրը պարտություն էր կրելու։
Կոստանդնուպոլսից եկող հրամանները պահանջում էին խոչընդոտել միսիոներների գործունեությանը և փակել նրանց մանկատները։ Ռըզա բեյը վճռել էր չկատարել նրանց հրամանները, հասկանալով, որ երիտթուրքերի դարաշրջանն ավարտվում էր։ Ուստի ինքը պետք է խնայեր օտարերկրացիներին՝ ապագա հաղթողներին, և միևնույն ժամանակ Կոստանդնուպոլսի իր ղեկավարները պետք է կարծեին, որ իր պատրաստակամությունը չէր նվազել, քանի որ Ռըզա բեյն ուզում էր պահպանել իր պաշտոնը մինչև պատերազմի ավարտը։ Երբ դաշնակիցները կտիրանային շրջանին, նրանք կարիք կունենային բարձրաստիճան պաշտոնյաների, այդ շրջանը կառավարելու համար։

Մաս 75


Տաղավարը ծածկող խաղողի վազերի հովանու տակ Մարոն օրորում էր Նուրհանին, որն ինչպես միշտ քնած էր կուրծք ուտելուց հետո։ Մատների ծայրերով նա սրբում էր քրտինքը նրա խիտ շագանակագույն մազերով ծածկված գլխից։ Իր վեց ամսական որդու կլորիկ և վարդագույն դեմքի մեջ հրեշտակային բան կար, և երբ Մարոն մտածեց, որ նա կարող էր չլինել մի թուրմի պատճառով, ներքին դող զգաց։ Նա համբուրեց նրա այտը, և երեխան, իր սովորության համաձայն, արթնանալով ուրախ գղգղաց։ Ընտանիքի բոլոր անդամները, Բույուկ խանումը ներառյալ, որն ընկրկել էր այդ նոր թոռան հմայքի առջև, համարում էին, որ Նուրհանը հազվադեպ հանդիպող ծիծաղկոտ երեխաներից էր։ Նա երբեք չէր լալիս, միայն երբեմն հրամայական ճիչեր էր արձակում հասկացնելու համար, որ քաղցած էր։ Նա շատ ժիր և կենսունախ երեխա էր։
Պիրի խոջայի դասին մզկիթ շտապող երեխաների ձայները լսելով, Նուրհանը գլուխը դարձրեց դեպի պարտեզը։ Թովմասը, որն անջատվել էր խմբից, մոտեցավ մորը տաղավարում։ Թովմասին տեսնելով՝ Նուրհանը սկսեց թռչկոտել և գղգղալ։ Մարոն ասաց.
— Տես, ինչպես է ուրախանում եղբայրդ քեզ տեսնելով։
Թովմասը թեթևակիորեն ժպտաց ծամածռության նմանվող ժպիտով և մատը մեկնեց Նուրհանին, որն այն բռնեց իր թաթիկով։ Թովմասը տանել չէր կարողանում, երբ Մարոն այդ երեխային անվանում էր «եղբայրդ»։
— Ուզո՞ւմ ես գրկել,— հարցրեց Մարոն՝ մատների ծայրերով հարդարելով Թովմասի մազերը։
Թովմասը ժխտական շարժում արեց և հեռացավ սեղանից պիստակ վերցնելու համար։
Քանի որ Թովմասը ոչինչ ցույց չէր տալիս, Մարոն չէր գուշակում, թե ինչ ողբերգություն էր ապրում որդին ամիսներ շարունակ։ Այն հազվադեպ դեպքերը, երբ նա խռովկանություն կամ անհամբերություն էր ցուցաբերում, Մարոն վերագրում էր խանդին և համարում էր, որ դա մոր սրտում իր տեղը կորցնելու բնական վախ էր, որ զգում էր իր առաջնեկը։ Նա փորձում էր նրան հանգստացնել որքան իր խոսքերով, նույնքան իր վարքագծով, և համոզել, որ նա պահպանել էր իր առաջնայնությունը։
Թովմասին մոր կողմից վերագրվող խանդը գոյություն չուներ, քանի որ այն հետին պլան էր մղել մեկ այլ, ավելի հզոր զգացմունք։ Նուրհանի գոյությունը նրան մշտապես հիշեցնում էր, որ Մարոն դավաճանել էր Վարդանին։ Մայրը դադարել էր սպասել իր հորը, փաստորեն լքել էր նրան, ինչպես մի օր կարող էր լքել նաև իրեն։ Նա դարձել էր Ռըզա բեյի կինը, և պահեր էին լինում, երբ ինքն ատում էր մորը։ Կամ էլ փորձում էր նրան ատել։ Դա ավելի շուտ բարկություն էր նրա դեմ, սրտնեղություն, որը միահյուսվում էր նրա հանդեպ սիրո հետ։ Չկարողանալով զանազանել այս զգացմունքները, նա շփոթված վիճակում էր։ Նա ամաչում էր։ Ամաչում էր մոր դեմ ուղղված իր չար մտքերի համար, ամաչում էր մորից։ Նա կուզենար ներել մորը և ներում ստանալ։ Երբեմն այդ ամենը խեղդում էր նրան, և նա կուզենար բղավել այդ ամենը Մարոյի երեսին, սակայն չէր կարողանում արտաբերել բառերը։ Այդ բառերը շատ ծանր էին, շատ ցավագին։ Նա չէր կարող հանդուրժել, որ մայրը դադարեր իրեն սիրելուց։
Ռըզա բեյն ու Սաֆիյեն գալիս էին դեպի տաղավարը։ Թովմասը դուրս եկավ մյուս կողմից և գնաց դեպի ջրավազանը, սակայն կանգ առավ քիչ հեռու մի թփի հետևում։
— Տես, ինչպես է Նուրհանը մեզ աչքերով հետևում,— հպարտությամբ ասաց Ռըզա բեյը իր առաջին կնոջը, երբ նրանք անցնում էին խաղողի թփերի տակով։— Այդ հետաքրքրասիրությունը խելացիության նշան է։
Սաֆիյեն բռնեց երեխայի ձեռքը, որը ջանք գործադրելով կանգնեց։ Կինը հիացավ.
— Ինչ ուժեղ Է։ Նա շատ առնական տղամարդ կդառնա։
Մարոն հակաճառեց ծիծաղելով.
— Թույլ տուր վայելեմ նրա այս քաղցր տարիքը, այն այնքան շուտ է անցնում։
Սաֆիյեն համաձայնեց գլխի շարժումով։ Այն ժամանակը, երբ նրա երեխաները դեռևս խանձարուրում էին, շատ հեռու էր։ Նրան թվում էր, որ ինքը բավարար չափով չէր վայելել այդ ժամանակը, որ անգիտակցաբար բաց էր թողել մտերմության այդ առաջին ամիսները, որոնք հետագայում անհնարին էր կյանքի կոչել։ Նա թաքուն մի նախանձ էր զգում, երբ տեսնում էր Մարոյին որդու հետ, և այդ զգացումը կենդանացնում էր նրա հոգում նորից հղիանալու ցանկությունը։ Մի՞թե ինքը չափազանց ծեր էր երեխա ունենալու համար։ Սակայն նա զգում էր, որ իր մարմինը լի էր կյանքով, բավականաչափ լի էր կյանքով, որպեսզի դրա մի մասը պարգևեր փոքրիկ մի էակի։
Ռըզա բեյը գրկեց Նուրհանին և նրան թռցրեց, հետո ծիծաղեցրեց նրան վիզն իր բեղերով խուտուտ տալով։
— Որդիս,— հարցրեց նա գաղտնապահ տոնով, սակայն բավականաչափ բարձրաձայն, որպեսզի երկու կանայք լսեին նրա խոսքերը,– կարողացե՞լ ես համոզել մորդ, որ նա ինձ հետ ամուսնանա։
Այս խոսքերն արտասանելիս Ռըզա բեյը սևեռուն հայացքով նայեց Մարոյին, որը դադարեց ժպտալ և ոչ արեց գլխով։
Թփի հետևում թաքնված Թովմասը ափի մեջ սեղմել էր իր հոր կնիքի պատյանը։ Վրդովված՝ նա տուն մտավ, մյուս մուտքից դուրս եկավ բակ և վազեց դեպի ախոռ։ Ատամները սեղմած, որպեսզի ախոռապանները չնկատեին իր վիշտը, նա թամբեց իր ձին։ Նրա շարժումները կտրուկ էին, և դրանից կենդանին նյարդայնացավ։ Ձիուն դուրս բերելով, նա նստեց թամբին և քառատրոփ սլացավ պիստակի ծառերի շարքերի միջով։ Նա ընթացքը դանդաղեցրեց միայն ձիթենիների այգուն հասնելով, որն ավելի բարձր էր տեղադրված, քան Ինջիրլի գետի հովիտը։ Նա իջավ լանջով, անցավ Ռըզա բեյի դաշտերով, շրջանցեց օդանավակայանը և հասավ գետին։ Դա կալվածքի սահմանն էր։
Նա լուռ լալիս էր։ Նա վախեցել էր իր արարքից և մի պահ մտածեց վերադառնալու մասին։ Պետք չէր վերադառնալ։ Իր մայրը կպատժվեր... Նա կտանջվեր և կփնտրեր իրեն։ Ինքը նրան կասեր, որ ուզում էր հոր մոտ գնալ, իսկ նա խղճի խայթ կզգար և միգուցե կհասկանար այն, ինչ ինքը չէր կարողանում ասել։
Նա անցավ ծանծաղած գետը։ Մյուս ափը ծածկված էր այգիներով, հետո վեր էին խոյանում քարքարոտ լեռները։ Լեռներից այն կողմ անապատն էր։
Մարոն կարծում էր, որ Թովմասը Ռըզա բեյի երեխաների հետ էր, և իրեն հաշիվ տվեց նրա բացակայության մասին միայն ճաշի ժամանակ։ Նրան փնտրեցին տանը և շրջակայքամ, մինչև ախոռապաններից մեկից իմացան, որ նա ձիով էր գնացել։ Առաջին անգամ էր, որ Թովմասը տնից գնացել էր առանց մորից թույլտվություն խնդրելու, և այդ հանգամանքը շատ անհանգստացրեց Մարոյին։
— Մի անհանգստացիր,— ասաց Ռըզա բեյը հանգստացնող ձայնով։— Թովմասը հմուտ է ձիավարության մեջ, կալվածքն էլ լավ գիտի։ Մութն ընկնելուն պես տուն կվերադառնա։
Նրանք կանգնած էին տան շեմին։ Մարոն երկնքին նայեց, ուր կարմրին էին տալիս ամպերը։ Շուտով մութն ընկնելու էր։
— Դա նրան նման չէ,— հառաչեց նա։— Արդյոք, ի՞նչ է պատահել։
Մարոյի ձայնում տագնապ էր զգացվում։ Ռըզան նրա ձեռքին հպվեց.
— Մենք նրան կգտնենք։ Եվ ես նրա ականջները կքաշեմ, այդ լակոտի։
— Ես ձեզ հետ եմ գալիս,— հայտարարեց Մարոն։
— Իմաստ չունի,— պատասխանեց Ռըզա բեյը վճռական տոնով։— Տանը մնա Նուրհանի հետ։
Ալթանն ու Քենանը, որոնք բանվորներին էին հարցուփորձ արել, բարձրանում էին սանդուղքով։ Մեծը ձեռքի շարժումով հորը հասկացրեց, որ իրենք ոչ մի արդյունքի չէին հասել։ Քենանը, որին շատ էր հուզել իր լավագույն ընկերոջ անհետանալը, հորն ասաց.
— Կարո՞ղ եմ ձեզ հետ գալ։
Ռըզա բեյը մերժեց.
— Ոչ, շուտով մութը կընկնի, և դու կարող ես մոլորվել։ Մի անհետացածը մեզ լրիվ բավական է։ Թովմասը քեզ որևէ բան ասե՞լ էր իր մտադրությունների մասին։
— Ոչ, հայրիկ։
— Դուք շատ մտերիմ եք... Պատկերացում ունե՞ս, թե ուր կարող էր գնալ։
Քենանը մտածեց այն վայրերի մասին, ուր իրենք սիրում էին խաղալ և որոնք շատ մոտ էին այնտեղ ձիով գնալու համար։ Նա բացասական պատասխան տվեց։ Նայելով Ալթանին, որը տուն էր մտնում, հայրը ասաց.
— Ձիերին թամբել տուր և մարդկանց զգուշացրու, որ դուրս գալու պատրաստվեն։ Դու էլ կգաս։
Ճաշը բաց թողնելու հեռանկարից դժգոհ մնալով, Ալթանը դժկամությամբ գնաց դեպի ախոռը։ Այս Թովմասը պետք է միշտ իր կյանքը թունավորեր։
Ռըզան Մարոյին տուն ուղեկցեց և պատվիրեց հանգիստ մնալ։
— Մենք նրան շատ շուտ կգտնենք։
Մարոն դողում էր և ասաց խուլ ձայնով.
— Ես զգում եմ, որ նրան ինչ-որ բան է պատահել։
Ռըզան նրան զգուշորեն հանդիմանեց.
— Հիմարություններ մի ասա, դու մեր գլխին դժբախտություն կբերես։
— Հետ բերեք նրան, Ռըզա բեյ,— աղերսեց նա՝ կառչելով նրա թևից։— Հետ բերեք նրան։
Ռըզա բեյն իր մարդկանցից յուրաքանչյուրին ցույց տվեց այն ուղղությունը, որտեղ պետք է որոնեին, և նրանք բաժանվեցին։ Ալթանը պետք է հետազոտեր օդանավակայանի շրջակայքը։ Տարածքը հսկող ոստիկանները նրան հարգանքով ընդունեցին։ Նրանք ոչ ձի հեծած, ոչ էլ հետիոտն երեխա չէին տեսել։ Ալթանը նրանց հետ մի բաժակ օղի խմեց և մի քանի ծխախոտ ծխեց։
Ավելի շատ հոր վախից, քան խղճի դրդմամբ, տասնհինգ տարեկան պատանին շարժվեց գետի երկայնքով։ Նա վճռել էր ոստիկանների տեսադաշտից հեռանալուն պես մի քիչ քնել և ձեռնունայն վերադառնալ կալվածք։ Մայր մտնող արևի թեք ճառագայթների տակ խճի վրա ձիու սմբակների հետքեր էին երևում, որոնք իջնում էին դեպի ջուրը։ Տղան անցավ գետը և մյուս ափին դարձյալ հետքեր հայտնաբերեց։ Հետքերը դեպի սարերն էին տանում և նա առաջ էր շարժվում՝ ջանալով դրանք տրորել։ Ավելի հեռու, քարերի մեջ հետքերը կորչում էին։ Ալթանը, մայր մտնող արևից կարմրած ժայռերով, մագլցեց մինչև գագաթը։ Նրա դիմաց սփռված անապատը թաղված էր ադամամութի մեջ, իսկ հորիզոնի մոտ երկինքը վառ կապույտ երանգ էր ստացել։ Այդ ապուշ Թովմասը գնացել էր դեպի անապատ և այնտեղ կորչելու էր։ Նա այնտեղ էլ կմնար։ Ալթանը մի բոլ ծիծաղեց կալվածք վերադառնալուց առաջ։ Նա վճռել էր իր հայտնագործության մասին ոչ մեկին չասել։
Մարոն, չկարողանալով իր սենյակում մնալ,Նուրհանին հանձնել էր Էմինեի խնամքին, իսկ ինքը հետ ու առաջ էր քայլում նախասրահում։ Սաֆիյեն ամեն ինչ արել էր նրան հանգստացնելու համար և, սպառելով փաստարկները, լուռ նրան էր նայում։ Պիրի խոջան արդեն վաղուց ազդարարել էր երեկոյան աղոթքի ժամը, երբ ձիավորները հետ եկան։ Նրանց ջանքերն ապարդյուն էին անցել։ Մարոն սկսեց հեկեկալ։ Սաֆիյեն գրկեց նրան և ինքն էլ լաց եղավ։
— Լա՜վ, լա՜վ, կանայք,— ասաց Ռըզա բեյը կենսախինդ տեսքով,— մի բարդացրեք իրավիճակը։
Հոգու խորքում նա վստահ չէր, սակայն կանանց հանգստացնելու համար թվարկեց չհուսահատվելու բոլոր պատճառները։
— Եթե Թովմասին մի բան պատահած լիներ, նրա ձին տուն կվերադառնար։ Նա պարզապես մոլորվել է։ Բաց երկնքի տակ անցկացրած գիշերը վտանգավոր չէ ութ տարեկան պինդ և ճարպիկ տղայի համար։ Ի դեպ, նա գուցե և օթևան է խնդրել որևէ գյուղացուց, որը նրան տուն կբերի առավոտյան։ Եվ բերողը լավ պարգևի կարժանանա։
— Վստա՞հ եք,— հարցրեց Սաֆիյեն։
— Իհարկե։
Մարոն հարցրեց.
— Դուք որոնումները կշարունակե՞ք լույսը բացվելուց հետո, Ռըզա բեյ։
— Այո, աղունիկս։ Գյուղացիները կփնտրեն կալվածքում, իսկ հեծյալները շրջակայքում։ Ես ոստիկանության օգնությունը կխնդրեմ։ Գավառապետի որդին շատ շուտ կհայտնաբերվի։
Ռըզայի վստահությունը մի քիչ հանգստացրեց Մարոյին, որը թույլտվություն խնդրեց իր սենյակը հեռանալու։ Երբ Ռըզան մենակ մնաց իր առաջին կնոջ հետ, ասաց.
— Նրան մի քանի կաթիլ ափիոն տուր, որպեսզի կարողանա քնել։
— Ինձ թվում է, որ դուք ավելի անհանգստացած եք, քան ցույց եք տալիս։ Ես չե՞մ սխալվում։
— Դու ինձ շատ լավ ես ճանաչում, իմ քնքուշ Սաֆիյե։ Ես այս փախուստից ոչ մի լավ բան չեմ սպասում։ Սակայն թող սա մեր մեջ մնա։ Էմինեին կուղարկես մոտս, որ սուրճի թուրմի մեջ կարդա։
Չնայած ափիոնի լուծույթին, Մարոն չկարողացավ քնել։ Նուրհանը բռունցքները սեղմած քնած էր մոր անկողնում։ Երեխային չխանգարելու և, հատկապես, իր առաջնեկին իրեն ավելի մոտ զգալու համար, Մարոն պառկեց Թովմասի մահճակալին։ Ի՞նչ էր նրա մտքով անցել։ Այս արարքի ոչ մի նախանշան չկար։ Մարոն հիշում էր վերջին օրերը, նույնիսկ վերջին ամիսները և չէր գտնում այնպիսի մի իրադարձություն, որը իրեն ճիշտ ուղու վրա դուրս բերեր։ Նա մահճակալի մոտի սեղանից վերցրեց Արմենի գլխարկը և մեքենայաբար թափ տվեց։ Տեղահանությունից գրեթե երկու տարի էր անցել և այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Թովմասը մոռացել էր այդ ողբերգական իրադարձությունը։ Դրա հետևանքները նրա վարքագծում չէին զգացվում։ Հետևաբար նրա փախուստը դրա հետ կապված չէր։ Ինչ վերաբերում էր այս տունը լքելու ցանկությանը, ապա Մարոն չէր պատկերացնում, թե ինչպես իր որդին կարող էր այն պահպանել, քանի որ նա ոչինչ չգիտեր այն միակ վայրի՝ Կոստանդնուպոլսի մասին, ուր իրենք կարող էին գնալ։ Իսկ Մարոն արդեն վաղուց ոչինչ չէր ասում Թովմասին այդ ծրագրի մասին նրա հոգեկան անդորրը չխաթարելու համար։ Եթե նույնիսկ ինքը շարունակում էր փայփայել այդ հույսը, ապա դա իր գաղտնիքն էր, և նա չգիտեր, թե ինչպես պետք է այն իրագործեր հիմա, երբ կար Նուրհանը։ Եղբոր նկատմամբ խանդի զգացումը, եթե այն կար, բավարար չէր այդպիսի արարքի համար։ Ոչ, նա երջանիկ էր այս տանը իր ընկերներ Էմելի ու Արիֆի, իր ձիու և խաղալիքների հետ։
Մարոն նայեց շուրջը։ Նրա հայացքը կանգ առավ լուսամուտի գոգին դրված փայտե օդանավի, Միջերկրականի ափից Ռըզայի բերած խխունջների, արճճե զինվորների վրա։ Երևի Թովմասը հոգնել էր Վարդանին սպասելուց և գնացել էր նրան ընդառաջ։ Սակայն նա չափից ավելի ողջամիտ էր այդպիսի բան անելու համար։ Մարոյի գլխում ծագեց այն միտքը, որ ինքը մեղքի իր բաժինն ուներ այդ արարքի մեջ, սակայն անմիջապես վանեց այդ միտքը և դուրս եկավ պատշգամբ։ Գիշերը մեղմ էր և լի էր միջատների ձայներով։ Հենց կալվածքի վերևում՝ երկնքում մի աստղ էր փայլում, կարծես ուղեցույց լիներ, որը պետք է օգներ Թովմասին հետդարձի ճանապարհը գտնելու։
Որտե՞ղ էր նա։ Մարոն մտովի զրուցում էր նրա հետ, հաստատում էր իր սերը, աղաչում էր վերադառնալ, կամ, ավելի շուտ, մնալ այնտեղ, ուր որ գտնվում էր, և սպասել Ռըզա բեյին, որը նրան հետ կբերեր։ Նրան չէին պատժի։ Հակառակը, տոնախմբություն կկազմակերպեին նրա վերադարձի կապակցությամբ, և Մարոն զգալ կտար, թե որքան էր նրան սիրում։ Միգուցե ինքն անուշադրության էր մատնել նրան։ Միգուցե նա հասկացել էր իր և Ռըզայի հարաբերությունների էությունը։ Մինչև լուսաբաց Մարոն ինքն իրեն նույն հարցերը տվեց, խղճի խայթը բորբոքեց և խթանեց իր վախը։
Լույսը բացվելուն պես Մարոն հույսով լցվեց և գնաց Ռըզա բեյի դուռը թակելու։ Ոչ մի պատասխան։ Նա անկասկած ամբողջ գիշերն անց էր կացրել Լեյլայի մոտ, ինչպես վերջերս հաճախ էր անում։ Մարոն իջավ խոհանոց, ուր տեղեկացավ, որ տերը գրասենյակում էր և խնդրել էր, որ իրեն այնտեղ նախաճաշ մատուցեին։ Մարոն սկուտեղը տարավ գրասենյակ։ Գրասենյակի դռան մոտ Աբդուլան, աթոռին նստած, դաշույնով եղունգներն էր մաքրում։ Տղան շտապեց ոտքի կանգնել և Մարոյի գալու մասին զեկուցելուց առաջ ասաց Մարոյին.
— Երազ եմ տեսել, որ ես եմ գտել ձեր որդուն, խանում։
Մարոն իրեն ստիպեց ժպտալ.
— Թող քո երազը բարի նշան լինի, Աբդուլա։
Կանխատեսելով, որ այդ օրը ինքը չէր կարողանալու աշխատել, Ռըզա բեյը մի քանի անհապաղ գործեր էր անում։ Նա ոտքի կանգնեց Մարոյին համբուրելու համար և հարցրեց, չնայած նրա աչքերի տակի կապտուկները և դրանց կարմրությունը իր հարցի պատասխանն էին.
— Գոնե մի քիչ քնե՞լ ես։
Մարոն գլուխը թափ տվեց։
— Ես արթնացրի ոստիկանապետին,— ասաց նա անհոգ տոնով,— սակայն համոզված չեմ, որ մենք նրա կարիքը կունենանք։
Տեսնելով, որ չէր կարողանալու Մարոյին ուրախացնել, նա շարունակեց.
— Ամեն դեպքում ոստիկանության բոլոր պահակակետերը կնախազգուշացվեն հեռագրատան միջոցով, և ոստիկանները կսկսեն փնտրել մեր որդուն։ Հենց հիմա ես կզանգահարեմ փաշային, որպեսզի նա ինձ տրամադրի զինվորների մի գունդ։
— Ես գնահատում եմ այն ամենը, ինչ դուք անում եք, Ռըզա բեյ,— ասաց Մարոն՝ սուրճը մատուցելով։
— Իմացիր, Մարո, որ ես ջանք չեմ խնայի։ Թովմասն իմ որդին է, ինչպես դու իմ կինն ես, և ես ուզում եմ, որ դուք երկուսդ էլ երջանիկ լինեք այս տանը, որը ձեր տունն է։
Մարոն աչքերն իջեցրեց և չհակաճառեց։
Որոնումները, որոնք արդյունք չէին տվել առաջին օրը, շարունակվեցին հաջորդ օրերի ընթացքում։ Երեխային փնտրում էին շրջանի բոլոր գյուղերում և քաղաքներում։ Ոչ ոք չէր տեսել նրան, իսկ գավառապետի խոստացած մեծ պարգևատրությունը ընդամենը առաջացրեց արժեք չունեցող տեղեկությունների հոսք։ Իր ազդեցությունն օգտագործելով, Ռըզա բեյը հասավ նրան, որ հետաքննություն տարվեց նաև հարևան գավառներում, Սիրիայի հյուսիսային բնակավայրերում և ծովափին։ Սակայն քաղաքներում և գյուղերում այնքան լքված երեխաներ կային, այնքան երեխաներ կային որբանոցներում, որ տղա երեխա գտնելու հնարավորությունները զրոյի էին հավասարվում։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչո՞ւ Թովմասը չէր ներկայանում ոստիկանատուն կամ զինվորական պահակակետ, ինչո՞ւ չէր ներկայանում որպես Այնթապի գավառապետի որդի։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա թաքնվում էր։
Ժամանակն անցնելու հետ Մարոյի տագնապը վերածվում էր անհուն հուսահատության և միայն Նուրհանի գոյությունը, նրան խնամելու անհրաժեշտությունը թույլ չէին տալիս Մարոյին բարոյալքվել։ Այն միտքը, որ Թովմասը մենակ, ութ տարեկան հասակում հայտնվել էր պատերազմող երկրում, ուր մոլեգնում էին համաճարակները, սովն ու ատելությունը, նրան անտանելի տառապանք էր պատճառում, և նա անընդհատ աղոթում էր, որպեսզի որևէ մի գթասիրտ էակ նրան օգության հասներ։ Շաբաթների ընթացքում նրա հույսը նվազում էր, և աղոթքը դարձել էր Մարոյի միակ մխիթարանքը, միակ միջոցը դիմանալու մեղքի դաժան զգացողությանը, որը նրան այլևս չէր լքում։ Այժմ նա Թովմասի փախուստի միայն մեկ պատճառ էր տեսնում, այն հարաբերությունները, որոնք գոյություն ունեին իր և Ռըզա բեյի միջև։ Երեխան կարծել էր, որ ինքն այլևս չէր սիրում Վարդանին, որ ինքը նոր կյանք էր սկսել մեկ այլ տղամարդու հետ։ Իսկ ինչո՞ւ նա պետք է այլ կերպ մտածեր։ Մարոն իրեն մեղադրում էր, որ չէր կանխատեսել որդու նման արձագանքը և անհրաժեշտ չէր համարել նրան բացատրել ամեն ինչ։ Դա իր մեղքն էր։
Последний раз редактировалось Lusine1101 03 май 2017, 00:05, всего редактировалось 7 раз(а).

Angel L это нравится.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:17

Մաս 76


Տպագիր թերթիկները դողում էին Ռըզա բեյի ձեռքում։ Նա երկրորդ անգամ էր կարդում։ Հոդվածը, որը հրատարակվել էր Միացյալ Նահանգներում և թարգմանվել էր գերմանական հետախուզական ծառայության կողմից, կրում էր «Նաիրի» վերնագիրը։ Այն ստորագրված էր. «Վարդլան Պալյան՝ Անատոլիայից»։
«Իր փոքրիկ ձեռքը մեկնած, ութ տարեկան մի հայուհի կանգնած մուրում էր Անատոլիայի Ադանա քաղաքը տանող ճանապարհի եզրին։ Հյուծված, կեղտոտ, ցնցոտիներով պատված Նաիրին աշխարհին է նայում խամրած աչքերով, ուր սարսափը դուրս է մղել կյանքի փայլը։ Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ այն պահից ի վեր, երբ ոստիկանները սպանեցին իր ընտանիքի բոլոր անդամներին։ Նա գիտի միայն, որ ինքն այլևս չպետք է խոսի իր մայրենի լեզվով, որ ինքը պետք է թաքցնի իր հայուհի լինելը, պետք է թաքցնի նույնիսկ իր անունը։
Նա չի հասկանում, որ իր հարազատները զոհ են գնացել պանթուրանիզմի գաղափարին։ Իսկ ո՞վ կկարողանար դա հասկանալ։ Կարո՞ղ է արդյոք քաղաքակիրթ մարդն ընդունել, որ ռասիստական գաղափարախոսությունը պահանջում է հարյուր հազարավոր անմեղների սպանությունը։
Նաիրին չգիտի «Իթթիհատ» բառը, ինչպես նաև Թալեաթ, Էնվեր, Ջեմալ անունները, որոնք սակայն պատասխանատու են իր դժբախտությունների համար։ Նա տեսել է միայն ոստիկանների դեմքերը, որոնք կատարում էին Կոստանդնուպոլսից երկիրը ղեկավարողների անմարդկային հրամանները։
Միգուցե նա տեսե՞լ էր, թե ինչպես է անցնում Գանի բեյի՝ Ներքին գործերի նախարարության այդ բարձրաստիճան պաշտոնյայի, կառքը, որը եկել էր Անատոլիա հայերի բնաջնջումը կազմակերպելու համար։ Այդ միջոցն է ընտրել կառավարությունը «հայկական հարցը» մեկընդմիշտ լուծելու համար։
Երեխան անտեղյակ է քաղաքական խնդիրներից, նրա գերխնդիրն է վերապրել ևս մեկ օր այնպես, ինչպես նա վերապրել է իր հարազատների մահվանից հետո, ինչպես շաբաթներ շարունակ քայլել է տափաստաններով, ինչպես նա վերապրում է արդեն երկու տարի աշխատելով լուսաբացից մինչև գիշեր գյուղացիների մոտ, որոնք նրան քշում են բերքահավաքն ավարտվելուց հետո։
Այդքան փորձությունները պետք է որ սպառեին նրա կենսունակությունը, սակայն աղջնակի սրտում դեռ վառվում է թույլ կրակը և այն կթեժանա, եթե նրան բաժին ընկնի մի քիչ սեր։ Եվ հրաշքը տեղի ունեցավ։ Օտար մի միսիոներ վերցրեց նրան իր հովանավորության տակ և այսօր, մանկատանը, նա վերստին բացահատում է «հույս» բառի իմաստը։
Սակայն Նաիրիի պես լքված երեխաները բազում են։ Եվ ողջ մնալու համար ստիպված կլինե՞ն նրանք արդյոք մոռանալ, որ իրենք հայ երեխաներ են։ Մի կտոր հաց ստանալու համար նրանց մեկնած ձեռքերը մեղադրանք են, որ նետված է Կոստանդնուպոլսի կառավարության հասցեին, դա մարտահրավեր է, որը նետված է մարդկային խղճին. Ի՞նչ եք դուք անում մեզ համար»։
Ռըզա բեյը ծալեց թերթիկները և բղավեց.
— Պետրի՛։
Աբդուլան մտավ և խոնարհվեց։
— Ես Պետրիին եմ կանչում,— ասաց գավառապետն անհամբեր։
— Նա քաղաք է գնացել, բեյ էֆենդի։
— Վերադառնալուն պես թող ինձ մոտ գա։ Ինձ կոնյակ տուր։
Շիշն ու բաժակները գտնվում էին ցածր պահարանում։
Պատանին զգալով, որ տերը բարկացած էր, հուզմունքից մի քիչ կոնյակ թափեց։ Ռըզա բեյը նստել էր լուսամուտի առջև, բազկաթոռին և չնկատեց ծառայի անշնորհքությունը։ Աբդուլան սկուտեղը մատով սրբեց, իսկ այնուհետև մատը լիզեց։
— Կարո՞ղ եմ հեռանալ, Ռըզա բեյ,— ասաց նա բաժակը մատուցելուց հետո։
Ռըզա բեյը ձեռքի շարժումով նրան ազատ արձակեց։ Նա ծխախոտ վառեց, որն անմիջապես հանգցրեց ջղային շարժումով։ Նորից այս Պալյանը։ Միշտ նա։ Այն, որ Միացյալ Նահանգներում տպագրված այս հոդվածը կարող էր որոշ իրարանցում առաջացնել մայրաքաղաքի կառավարական շրջաններում, Ռըզա բեյին չէր հուզում։ Սակայն հոդվածի բովանդակությունը նրան հուզում էր, քանի որ նա անտարբեր չէր այդ երեխայի ճակատագրի հանդեպ, քանի որ Թովմասը, որին նա անկեղծորեն սիրում էր, հավանաբար այդ երեխաների թվում էր։ Ահա վեց ամիս էր, ինչ իրենք լուր չունեին նրանից։ Մարոն հուսահատված էր, և դա անդրադառնում էր տան մթնոլորտի վրա, ուր յուրաքանչյուրը կարծես սգի մեջ լիներ, որը երբեք չէր ավարտվելու։
Եվ այդ դժվար պահին իրեն միայն այս անիծյալ Պալյանն էր պակասում։ Ո՞վ գիտի, միգուցե նա իմացե՞լ էր, թե որտեղ էր ապրում իր նախկին կինը։ Միգուցե նա հանդիպե՞լ էր Թովմասին և կազմակերպել նրա փախուստը Մարոյի հետևից գալուց առաջ։ Պալյանն անկասկած կեղծ ինքնության տակ էր հանդես գալիս։ Նա կարող էր լինել այն մուրացկանների ամբոխում, որն ամեն օր հավաքվում էր կալվածքի դարպասի առջև։ Նա կարող էր հայտնվել որպես բեռնակիր կամ բերքահավաքի համար վարձվող բանվոր։
Ռըզան խմեց կոնյակը, ինքն իրեն ասելով, որ արդեն զառանցում էր։ Ամեն դեպքում նա չէր կարող հանգիստ լինել։ Բոլշևիկները, որոնք իշխանության էին եկել Ռուսաստանում, խաղաղության բանակցություններ էին սկսել Օսմանյան կայսրության հետ, և դա կարող էր բերել պատերազմի ավարտին։ Այդ դեպքում Պալյանին ավելի հեշտ կլիներ հայտնաբերել իր կնոջն ու նրան հետ պահանջել։ Անկասկած, այդ վտանգը մեծ չէր, սակայն Ռըզան ուզում էր դրանից խուսափել։ Մարոն, նա այդ բանը հենց սկզբից էր զգում, իրեն չէր պատկանելու ամբողջությամբ, գուցե իր կրոնի և իր եվրոպական դաստիարակությա՞ն պատճառով, և օտար էր մնալու իր տանը։ Թովմասի փախուստից հետո, մխիթարանքի և ջերմության կարիք զգալով, նա ավելի էր մտերմացել Ռըզայի հետ, սակայն Ռըզան չգիտեր, թե ինչ դիրքորոշում կունենար Մարոն, եթե հայտնվեր նրա ամուսինը։ Ռըզան պետք է ազատվեր այդ մարդուց զինադադարից առաջ։
Երբ մի կես ժամ հետո Պետրին եկավ, Ռըզա բեյը նրա համար թարգմանեց հոդվածը։
— Տեսնո՞ւմ ես, նա չի մահացել, ինչպես դու կարծում էիր։
— Հետո ի՞նչ,— պատասխանեց Պետրին, որն այդ հարցին թեթևամտորեն էր վերաբերվում,— ո՞վ է նրա ստերին հավատալու։ Գանի բեյը պահանջե՞լ է նրան բռնել։
— Հարցը դրանում չէ։
— Այդ դեպքում ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք անհանգստանում։
Մի քանի վայրկյան Ռըզա բեյը նայում էր իր օգնականին և մտածում էր, թե արդյոք ինքը պե՞տք է նրան վստահեր իր գաղտնիքը։
— Նստիր,— ասաց նա՝ ցույց տալով իր դիմացի բազկաթոռը։
Այս համարյա բարեկամական տոնը, որին Պետրին սովոր չէր, զարմացրեց նրան, և նա գուշակեց, որ ինչ-որ լուրջ գործ կար, և մրմնջաց.
— Դուք գիտեք, որ ես անսահման նվիրված եմ ձեզ, Ռըզա բեյ։
— Վերցրու,— ասաց Ռըզա բեյը՝ ցույց տալով սեղանին դրված ծխախոտի տուփը։
Պետրին ծխախոտ վերցրեց, վառեց և սկսեց ծխել, քաղաքավարությունից ծուխը մի կողմ փչելով։ Վերջապես Ռըզան խոսեց մտերմիկ տոնով.
— Այս մարդու գոյությունն ինձ համբերությունից հանում է, քանի որ նա Մարոյի ամուսինն է։ Ես ուզում եմ վերջնականապես նրանից ազատվել։
Նրա օգնականի դեմքը պայծառացավ.
— Այդ դեպքում Մարոյին որպես խայծ օգտագործենք, նրա ամուսնուն ծուղակը գցելու համար
Ռըզա բեյը նրա վրա արհամարհական հայացք նետեց, Պետրին կարմրեց։ Ամենայն հավանականությամբ իր առաջարկը դուր չէր եկել տիրոջը։ Նա երևի վախենում էր սիրուհու կյանքը վտանգել։ Գուշակելով Պետրիի մտքերը, Ռըզան բացատրեց.
— Մարոն չպետք է իմանա, որ նա ողջ է։
— Ա՜ ... Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել։
Բարկանալով, որ Պետրին հնարամտություն չէր ցուցաբերում, Ռըզա բեյն ասաց չոր տոնով.
— Այս հոդվածները ինքը չի տանում արտասահման։ Նա գործակիցներ ունի, միսիոներներ, դիվանագետներ, չգիտեմ։ Նա անկասկած կապ է պահպանում այն հայերի հետ, որոնք չեն տեղահանվել։
— Անկասկած։
Ռըզա բեյը ձեռքը սեղանին խփեց.
— Փնտրիր։ Բոլոր գործերդ մի կողմ դիր ու գտի՛ր։
— Ինչ միջոցներով, կարևոր չէ՞։
— Ինձ համար միևնույն է, միայն թե զգույշ եղիր։ Ազատիր ինձ նրանից, Պետրի, և քո կարողությունը ձեռքումդ է։
Հիանալով վերջին խոսքերից, որոնք դեռևս հնչում էին նրա ականջին, Պետրին ոտքի կանգնեց և խոնարհվեց։

Մաս 77


Տեսնելով տափաստանին փոխարինելու եկած ցաքուցրիվ եղևնիները, Վարդանը հասկացավ, որ մոտենում էին Աֆիոն–Գարահիսարին, այն քաղաքին, ուր ինքը ծնվել ու մեծացել էր։ Ահա և գետը՝ Ակարը, որը հոսում էր երկաթգծին զուգահեռ և ուր ինքը մանուկ հասակում ձկնորսությամբ էր զբաղվել։ Նա իջեցրեց բաժանմունքի լուսամուտը և գլուխը դուրս հանեց, բնապատկերով հիանալու և վարած հողի հոտը զգալու համար, որը նրա հիշողության մեջ կապված էր իր հարազատ շրջանի աշնան հետ։
Նա հիշեց հորը, որն արաբական ազնվացեղ ձի հեծած, հսկում էր հողը վարող բանվորներին։ Նա իր որդիներին՝ Նուբարին ու Վարդանին բացատրում էր աշխատանքի ընթացքը և նրանց էր վստահում իր գաղտնիքները դաշտերում կակաչի առատ բերք աճեցնելու վերաբերյալ։ Վարդանը տասներկու տարեկան էր և արդեն գիտեր, որ ինքն իր կյանքը չէր անցկացնելու այս քամոտ սարահարթում։ Այն օրվանից, որ ինքն այցելել էր իր քեռորդիներին Կոստանդնուպոլսում, նա երազում էր մայրաքաղաքի և դրա նավահանգստի նավերի մասին, որոնց միջոցով կարող էր աշխարհին ծանոթանալ։
Բաժանմունք ներխուժող քամին արթնացրեց Հակիին, որին գնացքի միապաղաղ ընթացքը քնեցրել էր։ Մնացած երաժիշտները զբոսնում էին միջանցքում թմրած ոտքերը մարզելու համար։ Տեսնելով, որ իրենք մենակ էին, Հակին նորից հարցրեց, և դա արդեն երկրորդ անգամ էր այն պահից, ինչ նա իմացել էր, որ Վարդանը ծագումով Աֆիոն-Գարահիսարից էր՝ ափիոնի մայրաքաղաքից:
— Ի՞նչ ես կարծում, ինձ համար ափիոն կարո՞ղ ես ճարել։ Չե՞ս մոռանա։ Վերավաճառելու համար եմ ուզում։
— Կփորձեմ, Հակի, սակայն ոչինչ չեմ խոստանում։ Դա այնքան վաղուց էր։ Գուցե ոչ մի ծանոթ չի մնացել։ Հատկապես, որ դաշտերի մեծ մասը հայերի էր պատկանում, որոնց անկասկած քշած կլինեն։
— Երկիր լցված օտար զինվորների շնորհիվ ես կկարողանայի կարողություն դիզել։
— Քեզ այլևս չի հուզո՞ւմ, որ քո երկիրը պարտվել է։
— Դա իմ պատերազմը չէր։ Կան մարդիկ, որոնք հարստացել են այս պատերազմի շնորհիվ, հիմա իմ հերթն է։ Եթե դու ուզենայիր, մենք միասին կաշխատեինք և կհարստանայինք։ Շուտով դու ստիպված չես լինի թաքնվել...
Վարդանը զսպեց զարմանքի շարժումը և ձևացավ, որ չի հասկանում։
— Ի՞նչ ես ուզում ասել։
Հակին խորհրդավոր ժպտում էր։ Նա աչքով արեց և, ստուգելով, թե արդյոք մարդ չկա միջանցքում, շշնջաց.
— Ես վաղուց եմ գուշակել, որ դու այն մարդը չես, որ ներկայանում ես։
— Իսկ ո՞վ եմ ես այդ դեպքում։
Հակին ուսերը թոթվեց.
— Ինձ համար ավագ ընկերս ես, և դա ինձ բավարարում է։
Փաշազադե Շահիր Միթադի վերադարձը ընդհատեց խոսակցությունը։ Քանի որ Հակիի խոսքերում սպառնալիք չկար, այլ ավելի շուտ համակրանք, Վարդանը հանգստացավ։ Նա դերվիշին հարցրեց.
— Որտե՞ղ ենք նվագելու, վարպետ։
— Թլփատման տոնախմբությանը, Ուդի Յաշար։ Ինձ ասել են, որ այդ տոնախմբությանը շատ բարձրաստիճան սպաներ են մասնակցելու, նույնիսկ մի գեներալ։ Մենք պետք է մեզ լավագույնս ներկայացնենք, քանի որ նրանք պետք է որ մռայլ լինեն։
— Ինչո՞ւ,— հարցրեց Վարդանը, կարծես չգուշակելով։
— Ես դրա հաստատումն եմ ստացել գերմանացի մի ինժեներից. Թալեաթ փաշան հրաժարական է տվել մեծ վեզիրի և նախարարի պաշտոնից։ Իզեթ վաշան նշանակվել է կաբինետի ղեկավար, որի խնդիրն է խաղաղության բանակցություններ վարելը։ Սա տխուր պահ է կայսրության համար։
Վարդանը բավարարվեց գլխով անելով։ Նա զարմացած չէր։ 1918 թ. հոկտեմբերի կեսերին բոլորն անխուսափելի էին համարում օսմանյան բանակի պարտությունը։ Անկասկած, Կոստանդնուպոլսի ղեկավարների հրաժարականը նրան ուրախացնում էր, սակայն Իթթիհատի հին անդամներից մեկի՝ Իզեթ փաշայի նշանակումը ցույց էր տալիս, որ ոչինչ դեռ չէր փոխվել։
Դժվար էր գուշակել, թե ինչ կբերեր հայերին խաղաղությունը։ Արդյո՞ք դաշնակիցները կկատարեին հայերին տված խոստումը անկախ Հայաստանի վերաբերյալ։ Ոչինչ հաստատ չէր։ Ամեն ինչ բարդանում էր 1918 թ. մայիսի 28-ին հռչակված անկախ Հայաստանի գոյությամբ։ Այդ անկախությունը, որը կարելի էր դիտարկել որպես երազած մեծ հայրենիքի ստեղծման առաջին փուլ, ուրախացնում և միևնույն ժամանակ անհանգստացնում էր Վարդանին, ինչպես և իր հայրենակիցների մեծամասնությանը։ Հայերը հայտնվում էին շատ փոքր՝ նախկին Արևելյան Հայաստանի տարածքի վրա, որը մի կողմից պաշարված էր օսմանցիների կողմից, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի։ Փոքր երկիր, որը շրջափակված էր Օսմանյան կայսրությամբ, Պարսկաստանով, Ադրբեջանով և Վրաստանով, որոնք նրան կտրում էին արտաքին աշխարհից։
Վարդանը հասկանում էր, որ այն բանից հետո, երբ բոլշևիկները հետ էին քաշվել, իր հայրենակիցներին ոչինչ չէր մնում անել, քան Անատոլիայի իր դարավոր հողերից զրկված այդ Հայաստանի անկախությունը հռչակելը։ Կամավորական ջոկատները քաջաբար պաշտպանել էին Արևմտյան Հայաստանի հողերը, որոնք լքել էր ռուսական բանակը։ Նրանք պայքարում էին ավելի լավ զինված և մեծաքանակ թշնամու դեմ և ստիպված էին նահանջել՝ թողնելով Երզնկան, էրզրումը, Տրապիզոնն ու Վանը։ Օսմանցիների առաջխաղացումը պատճառ էր դարձել նոր ջարդերի և, հասնելով իրենց վերջին պաշտպանական գծերին, հայերը դիմադրել ու պարտության էին մատնել իրենց հակառակորդին Ղարաքիլիսայում և Սարդարապատում, նրանց ծանր կորուստներ պատճառելով։ Այդ հաղթանակները, որոնք բարձրացնում էին բնաջնջման փորձից սարսափած ժողովրդի ոգին, ընդամենը դադար էին։ Ավանդական թշնամին կանգնած էր նորանկախ երկրի սահմաններին, որը բազում դժվարություններ էր կրում։ Նա պետք է կերակրեր և օթևան տար փախստականներին, որոնք ամեն ինչ կորցրել էին։
Գնացքն անցավ պարսպի մոտով և, սուլելով, ազդարարեց իր մուտքը կայարան։ Ամպած երկնքի տակ մզկիթներն ու շենքերը գորշ էին թվում։ Հորիզոնին երևացող բլրի վրա վեր էր խոյանում հին ամրոցի տպավորիչ ուրվագիծը, որի պատվին էր, միգուցե, քաղաքը Կարահիսար (սև պարիսպ) անվանումը ստացել։ Վարդանի սիրտն ուժգին բաբախում էր, և նա ուշադիր զննեց կառամատույցում հավաքված ամբոխը, փնտրելով որևէ ծանոթ ուրվագիծ կամ դեմք։ Շոգեքարշի բաց թողած գոլորշին ծածկեց մարդկանց։
«Անատոլու» իջևանատանը, ուր հանգրվանել էր նվագախումբը, նախաճաշի ժամանակ Փաշազադե դերվիշը հայտարարեց, որ կեսօրից հետո երաժիշտերը ազատ էին։ Իրենց սենյակում, ուր ըստ ավանդույթի նրանք միասին էին, Հակին նայեց Վարդանին, որը պատրաստվում էր դուրս գալու, և ասաց.
— Քանի որ սա քո ծննդավայրն է, կարծում եմ, որ դու սովորականից ավելի կարիք ունես մենակ մնալու։
Վարդանն այս քաղաքում չպետք է տեսներ դիմադրության հետ կապված որևէ մեկի և հույս չուներ ծանոթների հանդիպելու, իսկ ուրվականներով բնակեցված քաղաքում միայնակ զբոսնելը նրան չէր հրապուրում։
— Հակառակը, Հակի, քո ներկայությունն ինձ համար հաճելի կլիներ։ Միայն մեկ պայմանով, որ հարգես իմ լռությունը և, հատկապես, որ ինձ շատ հարցեր չտաս։ Պահանջածս շատ չէ՞։
Հակիի դեմքը պայծառացավ.
— Ուդի, իմ աղաբեյ, դու կարող ես ինձնից ամեն ինչ պահանջել, բացի այն, որ ես այլևս երբեք կանանց չհամբուրեմ։ Ես ձկան պես համր կլինեմ և, եթե դու հանդիպես քո ազգին և քո հավատքին պատկանող մարդկանց, կհեռանամ, որպեսզի դու նրանց հետ հանգիստ խոսես։
Ուրեմն նա գիտե՜ր։ Վարդանն ուզեց հակաճառել, սակայն Հակին նրան լռելու նշան արեց.
— Ես վաղուց եմ գուշակել։ Դու իմ եղբայրն ես, Ուդի, իսկ քո գաղտնիքը սրբազան է ինձ համար, և ես կգերադասեմ, որ ինձ պատառ-պատառ անեն, քան կմատնեմ։
Վարդանը, հուզվելով, գրկեց նրան.
— Թող օրհնյալ լինի այն օրը, երբ ես քեզ ճանաչեցի։
— Ինչպե՞ս են քո լեզվով բարեկամ ասում։
— «Ընկեր»։ Իսկ դու իմ ընկերն ես, Հակի։
Նրանք հասան քաղաքի առևտրական թաղին, ուր արհեստավորներն ու վաճառականները տեղաբաշխված էին ըստ իրենց մասնագիտությունների։ Նրանք անցան ածխագործների, թիթեղագործների, դերձակների, գորգագործների և մետաքսավաճառների, կոշկակարների և, վերջապես, հրուշակագործների շարքերով։ Այստեղ, ինչպես և Փոքր Ասիայի բոլոր շուկաներում, աչքաբաց վաճառականները կանգնած էին իրենց խանութների առջև, նայում էին անցորդներին, նրանց ապրանք էին առաջարկում և միշտ պատրաստ էին գինն իջեցնել հանուն սիրուն աչքերի, բարեկամության կամ էլ առաջին հաճախորդը լինելու առիթով։ Այստեղ, ինչպես և այլուր Անատոլիայում, հայերին պատկանած խանութները փոխել էին իրենց տերերին։ Շատ հույն վաճառականներ նույնպես իրենց տեղն էին զիջել թուրքերի կամ քրդերի։
Վարդանն ու Հակին հասան համեմունքների շարքին, ուր բրնձի, շաքարի ու աղի պարկերը, նշի, սիսեռի, չրեղենի զամբյուղները զբաղեցնում էին մայթը և հասնում էին մինչև երթևեկելի մասը։ Վարդանը կանգ առավ մի հին խանութի մոտ, ուր մի տասը տարեկան տղա նստած էր ձեթի մեծ ամանի վրա։
— Բարև, Համիդ էֆենդին այստե՞ղ է։
— Նպարավաճառը մի քանի ամիս առաջ մահացել է։
— Ա՜,— արեց Վարդանը շփոթված։
— Իմ հայրը գնել է խանութը նրա այրուց։
Խանութից դուրս եկավ ալեխառն բեղերով և գրեթե անտեսանելի հոնքերով մի մարդ։ Նրա կլոր աչքերը մի այցելուից մյուսին էին անցնում, և նա չէր վստահում։
— Ի՞նչ եք ուզում Համիդ էֆենդիից։ Պատահաբար նա ձեզ փող պարտք չէ՞ր։
— Հանգստացեք,— պատասխանեց Վարդանը։– Նա իմ հին բարեկամն էր, որի հետ ես կրոնական դպրոց էի հաճախում։ Հանգստություն նրա հոգուն։
— Մենք ձեզ իզուր չենք անհանգստացրել,— ասաց Հակին։— Թզի չիրն ի՞նչ արժե։
Քաղաքի կենտրոնական հրապարակի շագանակենիների տակ տղամարդիկ նարդի էին խաղում և նարգիլե ծխում։ Հակին նախանձով նայեց օղու շշերին, սակայն չհամարձակվեց ընկերոջն առաջարկել սրճարան այցելել։ Մզկիթն անցնելուց հետո նրանք մտան հայկական թաղի նեղ փողոցները։ Առաջին հայացքից թվում էր, թե ոչինչ չէր փոխվել Վարդանի վերջին այցելությունից հետո՝ ինը տարի առաջ։ Բոլոր փայտե տների ճակատները սպիտակ էին ներկված, սակայն մեծ մասի ներկը թափվել էր։ Այգիների մեծ մասը գրավել էին մոլախոտերը։ Աղբյուրի մոտ կանգնած էր հին ծառը, իսկ կողքի խանութից նոր թխված հացի բուրմունքն էր գալիս։ Յուրաքանչյուր տան մոտ Վարդանը մի անուն էր հիշում, սակայն հիմա այդ տներում անծանոթներ էին ապրում։ Այստեղ Սուրբ Ստեփանոս եկեղեցու դիմաց նստում էր Աղավնի խաթունը իր թոռան՝ Սուրենի հետ։ Հիմա նրա տեղում նստած էր քողածածկ ծեր մի կին, որը հսկում էր եկեղեցու գավթում խաղացող մի խումբ երեխաների։
Վարդանը հրեց եկեղեցու դռան ծանր փեղկը։ Նրա քթին խփեց թրիքի ծանր հոտը։ Պատերը կչկչոցներ և մկկոցներ էին արձագանքում։ Նա գնաց դեպի վերնատուն գառների ու հավերի մոտ, որոնք քուջուջ էին անում հատակը ծածկող հարդի և թրիքի մեջ։ Սրբապատկերները, սուրբ սեղանն ու նստարաններն անհայտացել էին, պատերի որմնանկարները ներկով էին ծածկել, իսկ գունավոր ապակիները կոտրել էին օդափոխության համար։ Հավաբու՜ն։ Ահա թե ինչի էր վերածվել այն եկեղեցին, ուր նա մկրտվել էր։
Հանկարծ նա մտովի երեսուն տարի հետ գնաց։ Դա Ավագ շաբաթի պատարագից անմիջապես առաջ էր։ Բեմի առջև կանգնած Վարդանը շարականներ էր արտասանում, որոնք նա անգիր էր արել։ Նա գիտեր, որ ծնողներն իրեն հպարտությամբ էին ունկնդրում՝ մայրը կանանց հատկացված շարքում, իսկ հայրը մյուս կողմում տղամարդկանց հետ։ Հետո բոլոր լամպերը վառվեցին՝ փայլեցնելով վարդանախշերի և սրբապատկերների ոսկին, իսկ վերևի սրահում երգչախումբը սկսեց երգել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» շարականը։ Վարդանը գրպանից հանեց Զատկի ներկած ձուն, այն կոտրեց՝ խփելով ավազանի եզրին և ագահաբար կերավ, այդպիսով վերջ դնելով անվերջանալի պահքին։ Դա շտապողական արարք էր, քանի որ նա պետք է քաղցած մնար մինչև հաղորդվելը։ Քահանան նկատել էր նրա արարքը, այդուհանդերձ նրա բերանը դրեց նշխարքը՝ Քրիստոսի մարմինը։ Վարդանը պարզորոշ հիշում էր այն միտքը, որը զբաղեցնում էր նրա ուղեղը, ինչպե՞ս կարող էր Քրիստոսը մեռնել ամեն տարի և հարություն առնել երկու օր անց։ Այսօր նա գիտեր, որ մարդիկ կարող են հազար անգամ մեռնել և շարունակել ապրել։
Նա Հակիին գտավ եկեղեցու դիմաց։ Հենց այդ պահին մի մարդ անցավ, որն արագորեն գլուխը դարձրեց եկեղեցին չտեսնելու համար։ Վարդանը հասցրեց նրան ճանաչել։ Դա Պարունակ Ավագյանն էր՝ ժամագործը։ Քողածածկ երկու կանանց ուղեկցությամբ նա գնում էր դեպի հարևան փողոցը, ուր տներն ավելի մեծ ու հարմարավետ էին, իսկ պարտեզներն ավելի ընդարձակ։ Վարդանը մի տղայից հարցրեց նրա ով լինելը։
— Օրալ էֆենդին է՝ ժամագործը։ Ավագ քույրս դարձել է նրա երկրորդ կինը։ Ուզո՞ւմ ես քեզ տանեմ նրա մոտ։ Նա շատ լավ ժամագործ է։ Եթե քեզ հետ լինեմ, նա գինը կիջեցնի։
— Մեկ ուրիշ անգամ։ Ես շտապում եմ, շնորհակալություն։
Հետևելով որոշ հայրենակիցների օրինակին, Ավագյանն ուրացել էր, հրաժարվել լեզվից և փոխել անունը՝ փրկվելու համար։ Վարդանը չէր դատապարտում նրան և որոշեց չխռովել նրա հոգեկան անդորրը, որը փուխր էր, եթե Վարդանը դատեր եկեղեցու մոտով նրա անցնելու ձևից։
Յուրաքանչյուր փողոց, հրապարակ ու ծառ հիշողություններ էր արթնացնում Վարդանի հոգում։ Նրան թվում էր, որ ինքը երազի մեջ էր, որ ինքը քայլում էր մի ճանապարհով, որը երբեք չէր լքել, և յուրաքանչյուր քայլ, բազմաթիվ արձագանքներ էր ծնում, կարծես քայլեր իր ոտնահետքերով։ Այստեղ էր դատարկված դպրոցը, ուր նա սովորել էր առաջին տարիներին, իր հայրենի տունը կանգնած էր այդտեղից մեկ կիլոմետրի վրա։ Նա մտովի արտասանեց հայկական այբուբենը և հիշեց հորը, որն իրեն այն սովորեցրել էր, երբ ինքը երեք տարեկան էր։ Ամբողջ մի ամառ անհրաժեշտ եղավ տառերը հիշելու համար, իսկ հետո նա այբուբենն արտասանում էր ամեն հարմար առիթով, իր հորեղբայրների, հորաքույրների և բոլոր հյուրերի առջև, նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր գալիս էին իր հոր հետ գործերը քննարկելու համար։
Երբ նրանք քաղաքից դուրս էին գալիս շրջանում հայտնի հանքային ջրի աղբյուրը այցելելու համար, Հակին մրմնջաց.
— Դու, երևում է, շատ երջանիկ մանկություն ես ունեցել, որ այդքան հուզվում ես։ Ինձ համար բոլորովին հետաքրքիր չէր լինի վերադառնալ իմ գյուղը։
—– Քո վարքագիծն ավելի իմաստուն է, քան իմը։
Հակին երկու ծխախոտ փաթաթեց և մեկն ընկերոջը տվեց։ Նրանք լուռ քայլեցին մոտ տասնհինգ րոպե։ Տներ հազվադեպ էին հանդիպում, իսկ հետո իրենց տեղը զիջեցին դաշտերին։ Վարդանը կարճ ճանապարհով գնաց։ Դա նեղ արահետ էր, որն անցնում էր մի բլրով և որը նրանց դուրս բերեց տոհմական հողերի մոտ։ Դաշտերը ձգվում էին մինչև հորիզոն։ Դրանք բաժանվում էին բարդիների շարքերով, որոնք տերևաթափ էին լինում։ Դաշտերից շատերը, ուր ժամանակին ափիոն էին մշակում, խոպանի էին վերածված, իսկ որոշ տեղերում էլ մշակման աշխատանքները ուշացրել էին։ Միայն երեք գութան էր աշխատում, մինչդեռ երբ այս հողերը պատկանում էին Պալյաններին, երբեմն երեսուն գութան միաժամանակ վարում էին հողը։
Վարդանը հիշեց բոլոր այն զգացմունքները, որ ինքն ունենում էր հողը վարելիս, ափերի մեջ սեղմած գութանի կոթերի դողն ու ցնցումները պատրանք էին ստեղծում, որ այն կենդանի էակ էր, զորեղ լինելու զգացողությունը, երբ ակոսը ուղիղ էր ստացվում։ Նրա հայրը պահանջում էր, որ իր որդիները մասնագիտանային հողագործության մեջ, նույնիսկ եթե հետագայում պետք է ղեկավարեին ուրիշներին։ «Տերը պետք է ավելի լավ հողագործ լինի, քան իր բանվորները»,— ասում էր նա։ Եվ տարվա եղանակների փոփոխության հետ Նուբարն ու Վարդանը էտում էին մրգատու ծառերը և խաղողի վազերը, ցանում էին, ջրում էին, հնձում էին, սովորում էին կակաչների սերմնատուփերի վրա կտրվածքներ անել, դրանցից ափիոն ստանալու համար հյութ կորզել։ Չնայած երբեք ցանկություն չէր ունեցել կալվածքին նվիրվելու, այնուամենայնիվ նա հաճույք էր ստանում սովորելուց, երբ ուսանում էր Կոստանդնուպոլսի համալսարանում, երբեմն երազում տեսնում էր, թե ինչպես էր հնձում, գերանդին աջից ձախ թափահարելով։ Հիմա էլ, փակելով աչքերը, նա լսեց հնձվող խոտի սոսափյունը գերանդու շեղբին, հնձած խոտի հոտը, թևերի ու մեջքի ցավը։
Վարդանը շարունակեց ճանապարհը։
— Դու հեռու ես, եղբայրս,— ասաց Հակին քայլելով նրա կողքին։
— Շատ հեռու։
Նրանք շարժվեցին գետափի խոնավ մարգագետնի եզրով։ Երբ նա պատանի էր, այս մարգագետնի վրա քուրդ բանվորների հետ ձիարշավներ էին կազմակերպում։ Երկու թիմի բաժանվելով, հեծյալները նիզակների փոխարեն երկար փայտեր վերցնելով, ձիամարտեր էին վարում։ Չնայած Նուբարը բարձրահասակ էր և ուժեղ, նա ոչ մի հակում չուներ սպորտի հանդեպ և գերադասում էր զբաղվել կալվածքի կառավարմամբ ու մշակել զարգացման ծրագրերը: Այդուհանդերձ, նա գալիս էր դիտելու այդ մրցումները և հպարտանում էր Վարդանի ճարպկությամբ։
Ծառերի հետևում երևաց սրբատաշ քարից կառուցված երեք հարկ և պատշգամբ ունեցող տպավորիչ շենքը, և Վարդանը հուզված կանգ առավ։ Լուսամուտներին ճաղեր տեղադրելու փոխարեն, տան նոր տերը դրանք պարզապես կանաչ էր ներկել։ Վարդանը հիշում էր յուրաքանչյուր սենյակի կահավորությունը, յուրաքանչյուր լուսամատից բացվող տեսարանը։ Նա լսում էր անհայտացած ձայները, տեսարաններն ու պատկերները խառնվել էին նրա գլխում, հայրը, մայրը, եղբայրը, քեռորդիները, որոնք գալիս էին ամռանը, Մարոն, որը պաշտում էր այս տունը, այնտեղ տրված տոնախմբությունները։ Եթե աշխարհում կար մի վայր, որը ամենահարազատն էր, ապա դա այս տունն էր, սակայն հիմա նա իրեն օտար էր զգում։
Տան մոտից ավանակ հեծած մի ծերունի էր գալիս։ Երբ նա հավասարվեց Վարդանին, վերջինս ճանաչեց Օսմանին, որն արդեն իսկ Պալյանների խոհարարն էր, իր ծնվելուց առաջ։ Նրա մեջքը կորացել էր, իսկ դեմքը տխուր էր։ Նա ոտաբոբիկ էր, հագուստը կեղտոտ էր և մաշված։ Կկոցելով աչքերը՝ նա նայեց այդ օտարականներին։ Համոզված լինելով, որ ծերունին իրեն չէր ճանաչի, Վարդանը ողջունեց նրան.
— Թող Ալլահը ձեզ օրհնի։
— Թող ձեզ էլ օրհնի,— պատասխանեց Օսմանը, սանձը քաշելով։
— Ո՞ւմ են պատկանում այս դաշտերը։
— Էկրեմ էֆենդուն։
— Մուխթարի՞ն։
— Նա այլևս մուխթար չէ, նրան ոստիկանապետ են նշանակել։ Սա նրա տունն է։
Վարդանն ուզում էր անցյալի մասին հիշողություններ լսել առանց բացահայտելու իր ով լինելը։
— Ես այստեղով շատ վաղուց եմ անցել։ Խոզ գողացած մի մարդ էին բռնել, և մարդիկ ուզում էին նրան ծեծել, սակայն այս տան տերը նրանց թույլ չտվեց։
— Հիշում եմ...— ասաց Օսմանը գետնին նայելով։— Տան տերը բարի և արդարացի մարդ էր, շատ մեծահոգի և գթասիրտ։ Եվ չնայած գյաուր էր, Ալլահը բարեգութ էր նրա նկատմամբ։ Այդ ժամանակ ես խոհարար էի այս տանը, լավ աշխատանք էր։ Հիմա ես այծ եմ արածեցնում։ Այս տարիքո՜ւմ։ Այսպես երբեք չէր լինի Պալյանների ժամանակ։
— Նրանց ի՞նչ պատահեց։
— Բեյը, որի մասին ասացի, վաղուց մահացել է, իսկ կինը նրան է հետևել քիչ անց։ Հետո նրանց տղան էր՝ Նուբար աղան, որը կառավարում էր կալվածքը։ Նա նույնքան լավն էր, որքան հայրը։ Սակայն նա հեռացավ, երբ պատերազմը սկսվեց։
— Նա իր կալվածքը վաճառե՞ց Էկրեմ էֆենդուն։
— Ի՞նչ ես ասում։ Նա գնաց առանց նախազգուշացնելու, շտապելով կյանքը փրկել։ Նա խելացի մարդ էր...
Ծերունին լռեց և անհանգիստ հայացք գցեց տան կողմը։ Նա ավանակին խթանեց ու ավելացրեց.
— Սակայն այս ամենը հետաքրքիր չէ ձեզ պես օտարականներին։ Առայժմ։
Նա վախենում և անկասկած ափսոսում էր, որ սիրտը բացել էր օտարականներին։
Նրանք նրան առաջ թողեցին և վերադարձան քաղաք։ Հակին բռնեց Վարդանի ուսը.
— Դու ապրե՞լ ես այդ պալատում։ Ես, որ կուշտ չեմ կերել մանուկ հասակում, չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպիսին է եղել քո մանկությունը։ Պետք է որ սարսափելի լինի այդ ամենից հետո հայտնվել ճամփի եզրին, ունենալով որպես ունեցվածք միայն մի ուդ։
— Ավելի վատ է, երբ կորցնում ես անունդ կրելու իրավունքը։
— Պալյան, այո՞։
Վարդանը գլխով արեց։
— Դու ինձ էլի կպատմե՞ս։
— Ի՞նչ։
— Ամեն ինչ։ Թե ի՞նչ էիք ուտում, ինչպիսի՞ն էին քո ծնողները, թե ի՞նչ էիր անում։
Վարդանը ցածրաձայն ծիծաղեց.
— Երեխա ժամանակ ես պետք է որ քեզնից այնքան էլ չտարբերվեի։ Անկասկած, մենք կընկերանայինք, եթե հարևաններ լինեինք։

Մաս 78


Հետևելով ավանդույթին և Ղուրանի գթասրտության պատվիրանը կատարելու նպատակով, Մետին բեյը՝ գավառի վալին, հավաքել էր իր տանը աղքատ ընտանիքների տղաների՝ իր որդու հետ միաժամանակ թլփատելու համար։ Իր հյուրերով՝ հիմնականում համազգեստ կրող օսմանյան բարձրաստիճան սպաներով շրջապատված, նա բազմել էր մեծ սեղանի գլխին։ Մեկ այլ, նույնքան շքեղ սպասավորված մի սեղան, դրված էր սենյակի խորքում և դրա շուրջը նստած էին ավելի համեստ դիրք գրավող մարդիկ և այն երեխաների հայրերը, որոնք միջոցներ չունեին իրենց տղաներին թլփատելու համար։ Սեղանի առջև շարված էին տասներկու մահճակալներ, ուր պառկած էին մոտ տասը տարեկան տղաներ սպիտակ գիշերանոցներով և սատինից կարված կապույտ գլխարկներով։ Նրանք տագնապով սպասում էին, որ վարսավիրը կատարեր ծիսական շարժումը, որից հետո նրանք տղամարդ և իսկական մահմեդական կդառնային։
Դերվիշները տեղավորվեցին սենյակի ծայրում կանգնեցված բեմի վրա, և Վարդանը, իր գործիքը լարելու ընթացքում, ուսումնասիրեց հյուրերին։ Տանտիրջ աջ կողմում նա զարմանքով հայտնաբերեց Հալիթ փաշայի կլորիկ դեմքը։ Բացառությամբ ճերմակող մազերի, գեներալը չէր փոխվել Սվասում տեղի ունեցած իրենց վերջին հանդիպումից հետո, երբ նա փրկել էր Վարդանին կախաղանից։ Վարդանը ուշադիր նայում էր ընկերոջը և չնկատեց Փաշազադե Շահիր Միթադի նշանն ու ուշացումով սկսեց նվագել, իր վրա գրավելով հյուրերի ուշադրությունը։ Մի քանի վայրկյանով նրա և գեներալի հայացքները հանդիպեցին։ Գեներալը նրան չճանաչեց մորուքի և դերվիշի հագուստի պատճառով։
Արարողությանը ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար Փաշազադեն սամա կատարեց։ Սովորաբար նա այդ բանը չէր անում, երբ նվագախումբը ելույթ էր ունենում մասնավոր տներում։ Տղաները, ինչպես և նրանց հայրերը, ապշած նայում էին այդ ֆիզիկական կերպարանափոխությանը, տպավորվելով կրոնավորի զմայլված դեմքից, և նրանց թվաց, որ նա հաղորդակցվում էր Աստծու հետ։ Գավառապետը, շոյվելով, պարից հետո դերվիշին քսակ հանձնեց։
Նվագախումբը սկսեց աշխարհիկ երաժշտություն կատարել, սկզբում թեթև և ուրախ, որը խորացավ և լրջացավ, երբ վարսավիրը սկսեց թլփատել տղաներին։ Տղաները սեղմում էին ատամները և իրենց քաջաբար էին պահում, իսկ հայրերի դեմքերը փայլում էին։ Հայտնվեցին պորտապար կատարող երեք պարուհիներ, որոնք գալարում էին իրենց մարմինները տղաների առջև, կարծես փորձելու համար նրանց առնականությունը։ Չնայած տարած տառապանքին, նոր թլփատված տղաները չէին կարողանում աչքերը կտրել այդ կիսամերկ մարմիններից, իսկ տղամարդիկ հրճվում էին նրանց հետաքրքրասիրությամբ։ Վարսավիրն իր գործը վերջացրեց, և հյուրերը ընծաներ և դրամ տվեցին տղաներին, նրանց մաղթելով երկար կյանք, առողջություն և անկեղծ հավատ, ինչպես նաև նրանց պատվիրեցին համեստ ու գթասիրտ լինել։
Դրան հետևեց անվերջանալի մի ճաշկերույթ, որի ընթացքում երաժիշտները զվարճացնում էին հյուրերին անդադար նվագելով, մինչդեռ մի խումբ երիտասարդ ծառաներ պտտվում էին հոլի պես հյուրերին սպասարկելու համար, բազմաթիվ երթեր կատարելով խոհանոցից ճաշասրահ և հակառակը։ Քանի աղքատ երեխաների հայրերը ուրախ քեֆ էին անում, պատվավոր հյուրերի սեղանի մթնոլորտը ավելի լուրջ էր, և դրա շուրջը նստած մարդկանց դեմքերին որոշակի լարում էր զգացվում։ Տանտիրոջ և սպաների միջև աշխույժ խոսակցությունը տարվում էր ցածրաձայն և այն տպավորությունն էր ստեղծվում, որ նրանք հաճախ հարցնում էին Հալիթ փաշայի կարծիքը։ Վերջինս վստահ տեսքով ինչ-որ բաներ էր հաստատում, պնդում էր ինչ-որ մանրամասների վրա, իր խոսքերն ուղեկցելով ձեռքերի շարժումներով։ Նրա այդ շարժուձևը Վարդանին հիշեցրեց երիտասարդ պատգամավոր Հափթին, երբ նա ուզում էր համոզել իր զրուցակիցներին։ Նրանք, անկասկած, խոսում էին ռազմական իրավիճակից և Օսմանյան կայսրության ապագայի մասին։ Վարդանը շատ կուզեր լսել նրանց խոսքերը։
Ճաշկերույթից հետո հյուրերը ցրվեցին պարտեզում, իսկ երաժիշտները շտապեցին սեղանների մոտ և սկսեցին ճաշակել այն ուտեստներն ու խմիչքը, որոնք սպասավորները բերել էին նրանց համար։ Սեղանը թողնելով՝ Վարդանը Հալիթ փաշայի հետևից պարտեզ դուրս եկավ, նրան մոտենալու մտադրությամբ։ Սակայն զինվորականներն ու զավառապետը խմբված էին տաղավարում և աշխույժ վիճում էին։ Վարդանը տուն վերադարձավ այն հույսով, որ ավելի հարմար առիթ կներկայանա։
Դերվիշը նրան հանդիմանանքով դիմավորեց.
— Դու մեզ ավելի լավ կատարման ես վարժեցրել, Ուդի Յաշար։ Գլուխդ որտե՞ղ է։ Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե այսօր դու քանի անգամ ես սխալ նվազել։
Վարդանը մեղավոր տեսք ընդունեց։ Զուռնաչի Օսմանը, որին խմած օղին խանդավառ էր դարձրել, բացականչեց.
— Վիճակն է՛լ ավելի վատթարացավ, երբ պարուհիները ներս մտան։
Նրա կատակը լիցքաթափեց մթնոլորտը, և նույնիսկ Փաշազադեն բարձրաձայն ծիծաղեց։
Արևը մայր էր մտնում։ Երաժիշտներին հրավիրեցին տեղ գրավել պարտեզի խորքում կանգնեցված ծածկի տակ։ Հյուրերն արդեն տեղավորվել էին գետնին փռած գորգերի ու բարձերի վրա։ Կենտրոնում ցածր սեղանի վրա պղնձյա սկուտեղ էր դրված։ Սպասավորները շշեր, ջրով կժեր և նարգիլեներ էին բաժանում։ Նվագախումբը սովոր էր նման տեսարանների և Փաշազադե Շահիր Միթադը ստիպված չէր ճշտելու, թե ինչ էին իրենք նվագելու։ Երաժշտության հենց առաջին հնչյունների հետ, որոնք որպես ազդանշան էին ծառայում, երերալով ներս եկան երեք պարուհիները, և տղամարդիկ նրանց դիմավորեցին բացականչություններով։ Նրանցից մեկը կանգնեց սկուտեղի վրա, իսկ մյուս երկուսը դանդաղ և մանր քայլերով շրջան կատարեցին նստած հանդիսատեսի առջև։ Նրանց ոտքերի կոճերին ամրացված ապարանջանների զնգզնգոցին հավելվում էր նրանց ափերի մեջ ամրացված կաստանիետների չխկչխկոցը։ Ծալապատիկ նստած տղամարդիկ մասնակցում էին զգայականության այդ փառաբանմանը գլուխների շարժումներով, որոնք համընկնում էին կանանց կոնքերի շարժումների հետ։ Կախարդվելով բարդ շարժումների համակարգով, նրանք պատկերացնում էին այն պատմությունը, որ պատմում էին պարուհիներն իրենց ձեռքերի, աչքերի, պորտի և ամբողջ մարմնի միջոցով։ Յուրաքանչյուր գալարում, յուրաքանչյուր դիրք իր ուրույն նշանակությունն ուներ, նույնիսկ ռիթմը իմաստավորված էր։ Խմիչքից տաքացած տղամարդիկ ավելի պահանջկոտ էին դառնում և ցանկանում էին, որ պարուհիները մերկանային։ Քողերը վայր ընկան, և զգայական կանչն ավելի բացահայտ դարձավ։ Հերթով նրանք հանեցին իրենց լայն շալվարները և կարճ շապիկները, որոնք թաքցնում էին նրանց ստինքները։ Լրիվ մերկ վիճակում, նրանք թույլ տվեցին, որ հանդիսատեսները օղին լցնեն իրենց փորին և լեզվով հավաքեն կոնքերով հոսող խմիչքը։
Հալիթ փաշան ցրված հայացքով էր հետևում ներկայացմանը և թաքուն հետևում էր ուդահարին, որի սևեռուն հայացքը նրան հետաքրքրել էր։ Ի՞նչ կարող էր իրենից ուզել այդ մարդը։ Ի վերջո, գեներալը ինչ-որ ծանոթ բան գտավ այդ աչքերում, որոնք բարեկամաբար էին իրեն նայում։ Գոհ մնալով, որ կարողացել էր Հալիթ փաշայի հետաքրքրասիրությունը շարժել, Վարդանը շրջվեց, որպեսզի իր վարքագիծը չգրավեր մնացածների ուշադրությունը։ Ծածկի տակ ուտեստներ մատուցեցին, և տոնախմբությունը տևեց մինչև լուսաբաց։ Դա իսկական փորձություն էր պարուհիների և երաժիշտների համար։
Հրավերքի վերջում Հալիթ փաշան օգտվեց այն պահից, որ գավառապետը զրուցում էր մի գնդապետի հետ, և մոտեցավ Վարդանին։ Նա նրան դրամ մեկնեց և ցածրաձայն հարցրեց.
— Կարո՞ղ է, մենք արդեն հանդիպել ենք։
Վարդանը հրաժարվեց դրամից.
— Դու ինձ արդեն ոսկի տվել ես Սվասում։
Այդ ձա՜յնը։ Գեներալի աչքերը չռվեցին։
— Այ քեզ բա՜ն,— բարբաջեց նա։— Այ քեզ բա՜ն։
Նրա ապշած դեմքի արտահայտությունն անմիջապես անհայտացավ, և նա հայացք նետեց գավառապետի վրա, որը նրան էր սպասում վրանի մուտքի մոտ։ Դրամը մեկնելով՝ նա բարձրաձայն ասաց.
— Վերցրեք, սիրելիս։ Դուք իմ կենացը կխմեք ձեր գործընկերների հետ։
Հետո շշնջաց.
— Ժամը իննին, կառավարական շենքում։
Վարդանը գլուխը խոնարհեց և պատասխանեց բոլորի համար.
— Օրհնյալ լինեք ձեր մեծահոգության համար։ Թող ձեր կյանքը երկար ու երջանիկ լինի։
Գեներալը շրջվեց և միացավ գավառապետին։ Երաժիշտները խմբվեցին Վարդանի շուրջը։
— Ցույց տուր,— ասաց Հաֆիզ Իսմայելը։— Ոսկի՞ է։
— Ուրեմն գնանք խմելու, ինչպես մեզ պատվիրեց փաշան,— հայտարարեց Հակին, որին պարուհիների ներկայությունը գրգռել էր։— Մենք պետք է մի հասարակաց տուն գտնենք այս քաղաքում։
Последний раз редактировалось Lusine1101 03 май 2017, 01:06, всего редактировалось 5 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:20

Մաս 79


Ուղիղ ժամը իննին Հալիթ փաշան Վարդանին էր սպասում կառավարական շենքի նախասրահում։ Նա նրան ուղեկցեց առանձնացած մի սրահ, որ նրա համհարզը սուրճ մատուցեց։ Առաջին հարկի այդ սենյակի բարձր լուսամուտները նայում էին այգուն, ուր սոճիներ էին աճամ և երբ քամին շարժում էր վարագույրները, ապա սենյակ խեժի հաճելի բուրմունքն էր թափանցում։ Երբ համհարզը հեռացավ, Վարդանն ու Հալիթը գրկախառնվեցին։
— Չես կարող պատկերացնել, ինչպես ապշեցի, երբ ձայնդ լսեցի, Վարդան։ Ի՜նչ երջանկություն է քեզ ողջ տեսնելը։
— Դա քո շնորհիվ է, Հալիթ փաշա, և ես նորից քեզ շնորհակալություն եմ հայտնում դրա համար։ Ուրախ եմ, որ կաշիդ չես թողել ռուսական ճակատում, ինչպես վախենում էիր երեք տարի առաջ։
— Պետք է կարծել, որ իմ ժամը չէր եկել, բարեկամս։
Գեներալը բաց չէր թողնում Վարդանի ուսերը և ժպտում էր։
Ծանր կոպերով շագանակագույն աչքերի տակ զգալի այտուցներ կային, որոնք նրա աչքերը նմանեցնում էին բարի մեծ շան աչքերի։ Նրա հոգնած դեմքը նրան խոնարհ տեսք էր տալիս։
— Գտա՞ր ընտանիքդ։
— Դժբախտաբար, ոչ։
Հալիթ փաշան տխրեց։ Նա գերադասեց Վարդանին չասել, որ նրա ազատագրության գինը գնդապետ Իբրահիմի կյանքն է եղել։ Նա Վարդանին առաջարկեց նստել։
— Պատմիր, թե քեզ ինչ է պատահել Սվասից հետո,— խնդրեց նա։
Քանի նրանք սուրճ էին խմում, Վարդանը հակիրճ պատմեց իր գլխով անցածը 1915 թ. հուլիսից հետո, առանց թաքցնելու իր հայրենակիցների ճակատագրին վերաբերող հոդվածների հրապարակումը արտասահմանում։
— Ի՜նչ սարսափելի սխալ է կատարել մեր կառավարությունը,— բացականչեց Հալիթ փաշան։— Բարեբախտաբար պատերազմն ավարտին է մոտենում։ Երեկ ես լուր ստացա Հալեպի գրավման մասին։ Սիրիան ամբողջությամբ անգլիացիների և ֆրանսիացիների ձեռքում է, և նրանք շարժվում են դեպի Անատոլիա։ Նրանց զորքերը շարժվում են դեպի Թրակիա և այս պահին միգուցե գրավել են Կոստանդնուպոլիսը։ Սա Օսմանյան կայսրության վերջն է։
— Կարելի է կարծել, որ դա քեզ ուրախացնում է...
— Կայսրությունն այլևս կենսունակ չէր։ Հարկավոր է փոխարենը ստեղծել Թուրքիա՝ մեզ մնալիք տարածքներով։ Կոստանդնուպոլիս և, իհարկե, Անատոլիա, ոչ ավելին։
— Թուրքիա թուրքերի համար,— մրմնջաց Վարդանը։
— Ոչ,— չհամաձայնեց Հալիթ փաշան։– Արդի մի պետություն, ուր բոլոր ազգերը ներդաշնակ կապրեն։
— Հիմա հեշտ է ասել, երբ հայկական փոքրամասնությունը փաստորեն ոչնչացվել է։
Հալիթ փաշայի ուսերը հակվեցին։
— Իմացիր, որ ես անկեղծորեն ափսոսում եմ այս ահավոր հանցագործության համար։ Պատասխանատուները կկրեն իրենց պատիժը։
Նա դեպի դուռը նայեց, ցածրաձայն շարունակելուց առաջ.
— Աֆիոնում հավաքված սպաները շարունակությունն են նախապատրաստում։ Քեմալ փաշայի հետ մենք ուզում ենք գահընկեց անել սուլթանին և աշխարհիկ հանրապետություն հիմնել: Ես գնալու եմ Կոստանդնուպոլիս։ Արի ինձ հետ, Վարդան, մենք կվերսկսենք այն պայքարը, որը տանում էինք մինչև 1909 թիվը։ Այսօր մենք հաջողության կհասնենք։
— Ես այլևս չեմ կիսում այդ հավատը, Հալիթ փաշա։ Եվ ես երբեք չեմ կարողանա ինձ տանը զգալ մի երկրում, որի հողը շաղախված է իմ հայրենակիցների արյունով։
— Սակայն սա քո երկիրն է, և դու ոչինչ չես կարող դրա դեմ անել։ Դու աֆիոնցի ես։ Դու պոլսեցի ես։
— Այսուհետ ես ընդամենը հայ եմ։
Նրա Մեծ Հայքի և Հալիթի Անատոլյան Թուրքիայի մասին երազանքներն իրարամերժ էին։ Երկու պետություններն էլ պետք է հավակնություն ունենային Կովկասյան լեռներից արևմուտք ընկած հողերի՝ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի նկատմամբ։ Գեներալը նույնպես դա գիտեր։
— Կարող է՝ դու ուզում ես գնալ Հայաստանի Հանրապետությո՞ւն։ Իրավիճակն այնտեղ օրհասական է։ Տնտեսությունը քայքայված է, ամեն ինչ կորցրած հարյուր հազարավոր գաղթականներ, համաճարակներ, սով։ Չհաշված, որ սահմաններն անորոշ են, և ցանկացած պահի այնտեղ կարող են նոր ընդհարումներ տեղի ունենալ։ Հավատա ինձ, Վարդան Պալյան, այդ Հայաստանի ապագան հարցականի տակ է։
— Իսկապես, ամեն ինչ հնարավոր է։ Մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում։ Դարերի ընթացքում հայերն առաջին անգամ կարող են երազել հայրենիքի մասին։ Ես իմ կարեցածը կանեմ, նույնիսկ եթե իմ բաժինը շատ համեստ լինի, որպեսզի դա իրականանա։
Հալիթ փաշան կզակը տրորեց և գլուխը թափ տվեց.
— Ես քեզ հետ խոսում եմ հանուն մեր հին բարեկամության և...
Հանկարծ դռան փեղկը աղմուկով բացվեց։ Դռան մեջ կանգնած մի մարդ ատրճանակն էր թափահարում։
— Ինչպիսի հուզիչ հավաքույթ։
Սկզբում Վարդանը չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում, հետո ճանաչեց այն մարդուն, որն իրեն վիրավորել էր Մալարիայի տեղահանվածների ճամբարում։ Սա այն մարդն էր, որը եկել էր Արուսյակի տուն։ Նա արագորեն վեր թռավ բազկաթոռից։
— Ոչ մի ավելորդ շարժում,— հրամայեց զինված մարդը՝ կողպելով դուռը։
— Ինչպիսի հանդգնություն,— բղավեց Հալիթ փաշան, կարմրելով։— Ես քեզ մահակներով ծեծել կտամ, իսկ հետո կբանտարկեմ։
— Լռիր, դավաճան։ Օսմանյան գեներալ, որը համագործակցում է թշնամու լրտեսի հետ։ Քեզ պես մարդկանց պատճառով է, որ մենք պարտություն ենք կրում։
Պետրին մի քանի քայլ առաջ եկավ և Վարդանի վրա հաղթական հայացք նետեց.
— Վերջապես դու իմ ձեռքում ես։
— Ի՞նչ եք ինձնից ուզում,— հարցրեց Վարդանը ժամանակ շահելու համար։— Ես ոչ մի հանցանք չեմ գործել։
Տղամարդը, որը կանգ էր առել մի քայլի վրա թիկունքը լուսամատին արած, բարձրաձայն ծիծաղեց։
Հալիթ փաշան ուզեց պատյանից հանել ատրճանակը, սակայն Պետրին նրան կանխեց և երկու անգամ կրակեց նրա կրծքին։ Նույն պահին մի ճկուն մարմին դուրս թռավ վարագույրի հետևից։ Դաշույնը փայլեց, և խրվեց Պետրիի թիկունքը, որը ցավից ճչաց և վայր գցեց զենքը։ Հարձակվողը հարվածեց երկրորդ անգամ, և Պետրին գետնին տապալվեց։ Միջադեպը տևեց տասը վայրկյանից էլ պակաս։
— Պարոն Վարդան։
Արա՜մ։ Տղան, այլայլված դեմքով, կանգնած էր Պետրիի գլխավերևում, որը տնքում էր և պարզել էր ձեռքերը հարվածներից պաշտպանվելու համար։
— Դե սատկի՞ր,— բղավեց տղան դաշույնով նորից հարվածելով իր հակառակորդին։
Մարդիկ դուռն էին ծեծում և պահանջում էին, որ բացեին։ Վարդանը մոտեցավ Հալիթ փաշային և հավաստիացավ, որ նա մահացել էր։ Հուզված Վարդանը փակեց նրա աչքերը։ Ժամանակն անցնում էր։ Նա բռնեց Արամի թևից և հետ քաշեց նրան Պետրիից։
— Արա՛գ։ Պետք է փախչել։
Լուսամուտը գետնից առնվազն երկու մետրի վրա էր։ Սոճիների փշերի խալին խլացրեց նրանց անկման աղմուկը։ Ծառերի ցածր ճյուղերը թաքցնում էին նրանց։ Ներսում Պետրին օգնության էր կանչում, իսկ դուռը ցնցվում էր հրացանների կոթերի և ոտքերի հարվածներից։
— Ինչո՞ւ թույլ չտվեցիք, որ ես այդ խոզի վերջը տայի,— նեղացած հարցրեց Արամը, երբ նրանք վազում էին դեպի այգին երիզող փողոցը։
— Պետք է մաշկներս փրկենք։ Գցիր այդ դաշույնը։
Փողոցում նրանք քայլի անցան և խառնվեցին անհոգ ամբոխին, իսկ հետո մտան մի նեղ ծառուղի, որն այնքան նեղ էր, որ միայն մեկ ավանակ կարող էր անցնել։ Վարդանն իր հինգ մատի պես գիտեր քաղաքը, և մի քանի րոպե անց նրանք հասան Ակար գետի ափը, ուր նրանք կարող էին թաքնվել լքված պահեստում։ Զարմանքից Վարդանը մի քիչ կոպիտ հարցրեց.
— Ի՞նչ ես անում այստեղ։
Արամն ընկճված պատասխանեց.
— Այս տիպը Ուրգուպ էր եկել։ Նա Այնթապում մի հայի էր տանջել և տեղեկություններ էր ստացել ցանցի մասին։ Նա ուզում էր իմանալ, թե որտեղ ես դու։ Նա և նրա մարդիկ ծեծեցին ինձ ու Արուսյակին, սակայն մենք ոչինչ չասացինք։ Հետո...
Նա բացեց իր ձախ ձեռքը ծածկող վիրակապը, և Վարդանը սարսափով տեսավ, որ նրա չորս մատները հատված էին։ Վերքերը թարախակալել էին։
— Նրանք մատներս հատ—հատ կտրեցին, որպեսզի Արուսյակին ստիպեին խոսել։ Երրորդ մատի վրա ես ուշաթափվեցի։ Երբ սթափվեցի, Արուսյակը արնաշաղախ պառկած էր գետնին։ Նրանք նրան...
Նրա ձայնը կտրվեց, և Վարդանը տղային իրեն սեղմեց։ Արամը մի քիչ լաց եղավ պատմությունը շարունակելուց առաջ.
— Տղամարդիկ գնում էին։ Լսեցի, որ նրանք ասում էին, որ ձեր հետևից Աֆիոն-Գարահիսար պետք է գան։ Քերիմն ինձ դրամ տվեց, որ գամ ձեզ նախազգուշացնեմ։
Նա չկարողացավ շարունակել։
— Մնացածը հետո կպատմես,— ասաց Վարդանը, որը զսպում էր հուզմունքը, որպեսզի մտածեր, թե ինչ էր անելու հիմա։
Սակայն նա այնքան ընկճված էր, որ գլուխը չէր աշխատում։ Արուսյա՜կ, այդքան մեղմ, այդքան կենսախինդ... Այլանդակված մարմինը երկրորդ պլան էր մղում երիտասարդ կնոջ պայծառ դեմքի, ծիծաղող շուրթերի և սիրահարված հայացքով սև աչքերի հիշատակը։ Նա մահացել էր իր պատճառով։ Վարդանը հեռու քշեց այդ միտքը և հիշողության մեջ կարողացավ վերականգնել նրա ձայնը։ Նա լսեց նրա երգը և տեսավ խալու դազգահին հանգույցներ անող նրա արագաշարժ, ձեռքերը։
Քիչ անց Արամը նրան կտրեց իր ցավագին մտքերից։ Նրա դեմքն այլևս փոքր տղայի դեմք չէր, այլ անհամար փորձություններով անցած տասնվեց տարեկան երիտասարդի դեմք։ Նա կտրուկ ձայնով հանդիմանեց.
— Դուք չպետք է խանգարեիք ինձ նրա վերջը տալու։ Ես երդվել էի, որ կսպանեմ այդ հաստ խոզին։
— Նա անպայման կմեռնի քո հասցրած վերքերից,— հաստատեց Վարդանը ոչ այնքան համոզված։— Դու վրեժխնդիր եղար Արուսյակի համար և փրկեցիր իմ կյանքը։ Դու քաջ ես, Արամ։
Տղան հենց այդ խոսքերն էր ուզում լսել։ Լուրջ տեսքով նա ձեռքը դրեց Վարդանի ուսին, որի հետ առաջին անգամ խոսեց իբրե հավասարը հավասարի.
— Ես գիտեմ, թե որտեղ է քո կինը։ Հաստ խոզը գլուխ գովեց. «Ես փնտրում եմ լրտեսին և նրան կբռնեմ։ Նրա կնոջը մենք Այնթապում ենք պահում»:
Վարդանը քարացավ, կարծես հարված ստացած լիներ.
— Նրա խոսքե՞րն են։ Այնթա՞պ։
— Այո։ Տղամարդու անունն է Պետրի, նա աշխատում է Այնթապի գավառապետի մոտ։
— Մարո՜։ Թովմա՜ս,— ասաց Վարդանը, որը խոսք չէր գտնում իր զգացմունքներն արտահայտելու։
Նա համբուրեց Արամի այտերը։
— Արամ, որդիս, բարեկամս... Որքա՜ն դաժան կարող է լինել ճակատագիրը։ Դու բերել ես ամենավատ և ամենալավ նորությունները միաժամանակ։ Իմ տխրությունն ու ուրախությունն իրար չեզոքացնում են, և ես չգիտեմ, թե ինչ մտածեմ։
Տղան սառն էր։ Այս վերջին շաբաթվա ընթացքում, Աֆիոնի ճանապարհին, նա երկար մտածել էր, թե արդյոք ինքը պե՞տք է ասեր Վարդանին այն, ինչ գիտեր նրա կնոջ մասին, քանի որ ինքը պաշտում էր Արուսյակին և անթույլատրելի էր համարում, որ Վարդանը նրան անմիջապես մոռանար մեկ այլ կնոջ պատճառով։ Սակայն նա գիտեր, որ Արուսյակը չէր ցանկանա, որ նա այդ լուրը գաղտնի պահեր։
— Գուցե դու պետք է մտածեիր այս իրավիճակից դուրս գալու մասին,— պատասխանեց Արամը սառը տոնով։
— Մենք միասին ենք այս իրավիճակում։
— Կարող ես համարել, որ ես մեռել եմ։ Ես ֆիդայի եմ, ես իմ կյանքը զոհաբերել եմ։
Վարդանը բռնեց նրա մազերից, թափ տվեց նրա գլուխը և խիստ տոնով հանդիմանեց.
— Քո առջև դեռևս ամբողջ մի կյանք կա և դու պետք է ապրես։ Հայաստանը քո սերունդների կարիքն ունի, ինչպես նաև քո քաջության և աշխատանքի։ Անիմաստ զոհաբերություններ պետք չեն։ Արդեն իսկ շատ մարդ է մեռել։
Արամը, վիրավորված տեսքով, ազատվեց Վարդանի ձեռքից և գլխարկը հագավ։
— Ես այլևս երեխա չեմ։
— Ճիշտ է։ Երեք տարի է դու անում ես այն, ինչ շատ տղամարդիկ չէին կարողանա։ Ես երջանիկ կլինեմ, եթե դու իմ գործընկերը դառնաս։
Արամը գլխով արեց։ Չնայած աքլորանում էր, սակայն շփոթված էր։ Վարդանը մտածում էր՝ իր մորուքով խաղալով։
— Հարկավոր է շտապ հեռանալ այս քաղաքից։ Քեզ չեն փնտրում, հետևաբար կգնաս «Անատոլու» իջևանատունը և կհարցնես Քամանչա Հակիին։
— Նա թուրք է,— հակաճառեց Արամը։– Նրան չի կարելի վստահել։
— Պետք չէ այդպես ընդհանրացնել։ Նա իմ լավագույն բարեկամն է և մեզ կօգնի։ Ասա նրան, որ իր աղաբեյը կանչում է իրեն։ Թող ածելի բերի։ Զգույշ եղիր և ուշադիր, որ քեզ չհետևեն։
Արամը վերադարձավ ավելի քան երկու ժամ անց։ Նա ստիպված էր եղել սպասել, որ ոստիկանները հեռանային իջևանատնից, որպեսզի ինքը կարողանար մոտենալ Հակիին։
— Նրանք հարցեր էին տալիս երաժիշտներին քո մասին,— բացատրեց Հակին,— հատկապես ինձ, քանի որ ես քո բարեկամն եմ։ Բնականաբար ես չասացի, որ գիտեի, որ դու հայ ես և լրտես։
— Ես լրտես չեմ,— հակաճառեց Վարդանը։
— Ինձ համար միևնույն է։ Նրանք քեզ մեղադրում են Հալիթ փաշայի սպանության և մեկ այլ անձի սպանության փորձի մեջ։
— Սուտ է։
— Դա էլ ինձ համար միևնույն է։ Եթե դու նրան սպանել ես, ուրեմն ծանրակշիռ պատճառ ես ունեցել։ Միևնույն է դու իմ «ընկերն» ես։
Վարդանը նրա ձեռքը սեղմեց։
— Գիտեի, որ կարող եմ քեզ վրա հույս դնել։ Կարո՞ղ ես փախչելու հնարավորություն գտնել ինձ համար։
Ժպտալով՝ Հակին նրան հանձնեց մաշված հագուստների մի կապոց։
— Սրանով դու գյուղացու նման կլինես, իսկ ոստիկանները մորուքավոր երաժիշտ են փնտրում։
Հագուստի կապոցում ածելի և կոտրված եզրերով կլոր հայելի կար։ Արամը գետից ջուր բերեց սափրվելու համար։
— Ես վերջապես կտեսնեմ, թե դու ինչի ես նման,— ասաց Հակին, բռնելով հայելին։
Նույն բանն էր մտածում նաև Վարդանը, և այն ընթացքում, որ ածելին սափրում էր նրա այտերը և կզակը, նա տեսնում էր, որ ժամանակը իր հետքն էր թողել իր դիմագծերի վրա։ Կզակի երկու կողմերում մաշկը թեթևակիորեն թուլացել էր, և դա գիրության պատրանք էր ստեղծում, չնայած դեմքի մնացած մասերը նիհարել էին։ Դեմքի ճերմակությունը հակասության մեջ էր արևահարված այտոսկրերի, քթի և ճակատի հետ, և Վարդանն ինքն իրեն գիրացած թվաց։ Դեմքի կնճիռներն ավելի խորն էին, աչքերը շրջապատող կնճիռների սարդոստայնն ավելացել էր, նույնիսկ մազերն ավելի էին սպիտակել։
— Փոխվեցիր,— պարզապես ասաց Հակին։
Վարդանը շփեց մերկացած մաշկը, որն ավելի զգայուն էր օդի թարմության հանդեպ։ Հակին նրան հանձնեց դեղնած և ճմռթված մի թերթիկ։
— Սա քեզ պետք կգա։ Այստեղ լուսանկար չկա։ Պարզապես գրված է, որ իմ անունն է Հակի Չելեբի և որ ես ծնվել եմ Բոդրումում։
— Շնորհակալություն, բայց դու ի՞նչ ես անելու առանց փաստաթղթերի։
— Մի բան կանեմ։ Փաշազադեն կերաշխավորի ինձ։
— Եթե Կոստանդնուպոլսում հայտնվես, ինձ հարցրու Բերայի գլխավոր փողոցի դեղատանը։ Ես քեզ երբեք չեմ մոռանա, Հակի, եղբայրս։ Ուդս լավ կպահես։
Հակին համբուրեց Վարդանին և նրա աչքերի մեջ նայեց, չկարողանալով խոսել: Հետո, առանց հետ նայելու, նա հեռացավ արագ քայլերով։
Վարդանը սպասեց մինչև երեկո։ Դեմքի ճերմակ մնացած մասերը հողով սևացնելուց հետո նա դուրս եկավ թաքստոցից։ Չնայած ոստիկանության պարեկներին, նրանք Արամի հետ առանց դժվարության հեռացան քաղաքից։ Նույն երեկո մի գյուղացի և նրա որդին Կոստանդնուպոլիս մեկնող բեռնատար գնացքն էին նստում։ Գնացքի պետին փող տալով, նրանք տեղավորվեցին մկկացող գառներով լի մի վագոնում, ծածկվեցին չոր խոտով, պատերի ճեղքերից փչող քամուց պաշտպանվելու համար։
Վարդանն անթարթ նայում էր բրդի մի փնջի, որը մնացել էր տախտակների արանքում և որն այնպես էր թրթռում, կարծես պատռված դրոշ լիներ։ ժամեր շարունակ նա կծկված մնաց, չկարողանալով գեթ մի բառ արտաբերել և ողբալով Արուսյակի մահը։ Եթե նույնիսկ նա լաց եղավ, ապա առանց վկաների, քանի որ Արամը խորը քնած էր:

ԳԼՈՒԽ 15


Մաս 80


Մարմարա ծովի ափով անցնելով՝ գնացքը կանգ առավ «Հեյդար փաշա» կայարանում, որը Բաղդադի երկաթգծի վերջին կանգառն էր և գտնվում էր մայրաքաղաքի ասիական մասում։ Ճանապարհորդներից, զինվորականներից, շրջիկ վաճառականներից և բեռնակիրներից կազմված խայտաբղետ ամբոխի միջով անցնելով, Վարդանն ու Արամը շտապեցին դեպի նավամատույցը։ Գորշ ջրից այն կողմ երևում էր Կոստանդնուպոլսի եվրոպական մասը, որը Վարդանն իր մայրենի քաղաքն էր համարում, այդ աշնանային գորշ օրը խորհրդավոր տեսք ուներ։
Կոստանդնուպոլիս։ Այս երեք տարիների ընթացքում որքան էր նա երազել այս քաղաքի մասին։ Նա համակվեց տարօրինակ մի զգացումով՝ ոգևորություն և ափսոսանք, ուրախություն և տագնապ։ Այս կարճ ժամանակահատվածում այնքան իրադարձություններ էին տեղի ունեցել, որ նա դեռևս չէր հասցրել դրանք գիտակցել։ Արուսյակի սպանության բոթը, Մարոյի ու Թովմասի ողջ լինելու լուրը, Հալիթ փաշայի սպանությունն իր աչքի առաջ։ Երկու օր առաջ Աֆիոնում գնացք նստելիս նրա գլխում խռնված մտքերին հիմա ավելացել էր իր հարազատներին՝ Տիրանին, Մեսրոպ քեռուն, Արփինե մորաքրոջը, Լուսիկ քույրիկին տեսնելու տագնապով երանգավորված երջանկությունը։ Պատերազմն ավարտվել էր, սակայն այդ իրադարձությունը, որին այդքան տղամարդիկ և կանայք սպասել էին անհամբերությամբ, չէր ուրախացնում Վարդանին։ Մարոն ու Թովմասը Այնթապի գավառապետի «պատանդն» էին, ըստ Պետրիի խոսքերի, և քանի դեռ նրանք չէին վերադարձել մայրաքաղաք իր մոտ, Վարդանը չէր կարող զգալ, որ նոր կյանք էր սկսվում։
— Ո՞ւր ենք մենք գնում,— հարցրեց Արամը Վարդանին և նրան իրականության գիրկը վերադարձնելու համար հպվեց նրա թևին։
Տղան շփոթված էր և նույնպես ապագայի մասին էր մտածում, չհասկանալով, թե այդ ապագայում ինչ էր իրեն սպասում։ Նա մոլորված և, հատկապես, անպաշտպան էր զգում իրեն այդքան մեծ ամբոխի մեջ։
Վարդանը մի նավամատույցի մոտեցավ, ուր նավավարները, նավակներում նստած, հաճախորդների էին սպասում։ Նրանց քանակով էր պայմանավորված կատարված ուղերթների հաճախականությունը Կոստանդնուպոլսի եվրոպական մասից ասիականը։ Վարդանը լսեց, որ նրանք քննարկում էին մի քանի օր առաջ Մուդրոսում կնքված հրադադարը։ Կապիտուլյացիայի պայմանները նրանց ավելի քիչ էին հուզում, քան օտար զինվորների ներկայությամբ պայմանավորված աշխատանքի ծավալի ավելացումը։
Աղքատ գյուղացու հագուստի շնորհիվ, Վարդանը պայմանավորվեց խելամիտ գնով մինչև Ղալաթիա նավարկելու մասին, սակայն զգուշավոր նավավարը սկզբում ուզեց դրամը տեսնել։ Նրանք տեղավորվեցին թեթև և երկու կողմից սրածայր նավակի մեջ, որը կանաչ և դեղին էր ներկված, իսկ ծայրերում վիշապներ էին պատկերված։ Նավավարը, հակված ուսերով, ժամանակից շուտ ծերացած դեմքով պինդ մի տղամարդ էր, որը թիավարում էր անհոգ տեսքով։ Նավակն արագ էր շարժվում նաև հոսանքի շնորհիվ։ Մարմարա ծովում՝ Բոսֆորի նեղուցում հածանավեր էին կանգնած։ Արամը, տեսնելով հսկա հրանոթները, զարմացավ.
— Երկաթե՞ նավեր։
— Ռազմանավեր։ Տեսնո՞ւմ ես նրանց դրոշները։ Այս մեկը բրիտանականն է, այն մեկը՝ ֆրանսիականը, իսկ այն մեկն էլ՝ իտալականը։
Նավակն անցավ տարբեր չափեր ունեցող բեռնատար նավերի, շոգենավերի արանքով։ Արամը ձեռքը ջրի մեջ ընկղմեց, որպեսզի համոզվեր, որ այն աղի էր, ինչպես ասել էր Վարդանը։ Հիացած, նա չէր հասցնում ամեն ինչ տեսնել, և նրա ոգևորությունը փոխանցվեց նրա ուղեկցին։ Կոստանդնուպոլիսը փռված էր իր յոթ բլուրների վրա և դեպի երկինք էր մեկնում մինարեթների իսկական մի անտառ։ Թոփգափուի պալատը, որը կառուցված էր բարձունքներից մեկի վրա, ամենաբարձրն էր։ Ոսկեղջյուրից պաղ քամի փչեց, ցրեց մառախուղի քողը, լավացնելով տեսանելիությունը, և Բոսֆորի ափին երևաց սուլթանի մյուս պալատի՝ Դոլմաբախչեի սպիտակ մարմարապատ ճակատը։ Պալատի շուրջը բլուրներին կառուցված տները կարծես իրար վրա կիտված լինեին։
— Ի՞նչ է սա,— հարցրեց Արամը, ձեռքով ցույց տալով այգիներով շրջապատված Թոփգափուին։
— Սուլթանի պալատը։ Դրանից ձախ Սուրբ Սոֆիան է, բլրի հետևում, իսկ աջից «Արևելյան էքսպրեսի» «Սիրկեջի» կայարանն է։
Տղան սարսռաց։ Սուլթա՜ն։ Սուլթանը, որի անունն իրենց գյուղի մարդիկ դողդոջուն ձայնով էին արտասանում։ Այն սուլթանը, որը իրենց բոլորին կյանք պարգևելու կամ սպանելու իշխանությունն ուներ։ Արամը գիտակցեց, որ ինքը շատ ավելի հեռու էր գտնվում իր ծննդավայրից, քան ինքը կարծում էր։ Ոչ, դա ուրիշ աշխարհ էր, այլ իրականություն, որի մասին ինքը գաղափար չուներ։ Նա իր հուզմունքն արտահայտեց խուլ ձայնով ասված նախադասությամբ.
— Ես չէի կարծում, որ քաղաքն այսքան մեծ կարող է լինել։
Այդ նախադասությունն արտասանելու տոնից Վարդանը հասկացավ, թե որքան շփոթված էր իր ուղեկիցը։ Նա տղայի ձեռքը վերցրեց իր ափի մեջ.
— Դու վախենալու բան չունես։ Ես քեզ կամաց-կամաց կծանոթացնեմ քաղաքի հետ և մի օր այն քեզ համար նույնքան հարազատ կդառնա, որքան ձեր գյուղը շրջապատող հանդերը։ Դու կտեսնես, որ սա հազար ու մի երազի քաղաք է, ուր ամեն ինչ հնարավոր է։ Տե՞ս։
Նա ցույց տվեց մի օդանավ, որը թռչում էր նեղուցի ջրերի վրայով։ Արամը, որը երբեք ինքնաթիռ չէր տեսել, հայացքով հետևեց, մինչև այն անհետացավ։ Իրեն հիացրած այդ միջադեպը էլ ավելի սրեց նրա տագնապը։
— Ի՞նչ է ինձ սպասում։ Կապադովկիայում ես միշտ էլ կարող էի աշխատել որևէ գյուղացու մոտ։ Այստեղ...
Վարդանը ձեռքը դրեց նրա ուսին։
— Դու միայնակ չես։ Իմ ընտանիքն ու ես, մենք քեզնով կզբաղվենք։
Նավակը բռնեց Ոսկեղջյուրի ուղղությունը և անցավ Ղալաթիայի կամրջի տակով։ Կամրջի բազրիքին հենված հետաքրքրասերների մեջ շատ էին օտար զինվորները, և նրանց ներկայությունը ջերմացրեց Վարդանի հոգին։ Նրանք ափ իջան և գնացին դեպի Ղալաթիայի աշտարակը։ Մեքենաներ, ձիակառքեր, ավանակներ և հետիոտներ, բոլորն էլ խռնվել էին փողոցներում։ Կլոր հրապարակի կենտրոնում, հարթակի վրա կանգնած ոստիկանը փորձում էր կարգավորել երթևեկությունը ձեռքի շարժումներով և սուլիչի ձայնով։ Չնայած աղմուկին, լսվում էին շոգենավերի շչակների ձայները։
Կոստանդնուպոլիսը չէր փոխվել Վարդանի վերջին՝ 1913 թ., այցելությունից ի վեր։ Մարդկանց վարքագծում և փողոցների մթնոլորտում չէր զգացվում, որ պատերազմ էր եղել, որ Անատոլիայում ջարդեր էին տեղի ունեցել։ Չնայած կապիտուլյացիային, առևտուրն ու գործարարությունը, ինչպես միշտ, համակարգում էին Կոստանդնուպոլսի կյանքը։ «Անարգ Բյուզանդիոն»— այսպես էին անվանում քաղաքը դարեր առաջ։ Այն այնքան էր հարմարվել նվաճողների ներկայությանը, որ ձուլում էր դրանց։ Եթե ֆրանսիացի և անգլիացի զինվորականների ներկայությունը ոմանց թշնամանքն էր հարուցում, ապա բնակիչների մեծամասնությունը ուրախությամբ էր ընկալում եվրոպացիների ներկայությունը, որը նպաստում էր համընդհանուր բարեկեցությանը։
Մայրաքաղաքը միշտ էլ եղել էր հրաշքների և գաղտնիքների քաղաք, խարդավանքների, կրքերի և Արևմուտքի ու Արևելքի հանդիպման վայր, չգործող մի հնոց, ուր ազգերն ու լեզուները խառնվում էին, սակայն չէին ձուլվում։ «...Ուր ամեն ինչ հնարավոր էր»: Վարդանը հիշեց այս բառերը, որ քառորդ ժամ առաջ ինքն ասել էր Արամին և զգաց, որ ոգեշնչումը հետին պլան էր մղել այն զգացմունքները, որոնք մինչ այդ տիրացել էին իր հոգուն։
Նրանք հասան Յուկսեկ Բանդըրըմ։ Դա մի փողոց էր, որը սանդուղքի էր նմանվում և երիզված էր խանութներով, որով բարձրանալով, նրանք հասան բարեկեցիկ Բերա թաղամասը, ուր հիմնականում ապրում էին հայեր, հույներ, հրեաներ և եվրոպացիներ։ Կենտրոնական փողոցը իր բազմալեզու ցուցանակներով գիշերային ակումբներով, թանկարժեք իրերի խանութներով, ռեստորաններով և հրուշակարաններով մայրաքաղաքի գլխուղեղն էր։ Այստեղ Փարիզի վերջին նորաձևության նմուշներով հագնված նրբագեղ կանանց կողքին կարելի էր տեսնել չարսավների մեջ փաթաթված կանանց, իսկ եզրավոր գլխարկները, նրբաթաղիք գլխադիրները, ֆեսերը և գլխակապերը խաղաղ գոյակցում էին։ Արամը հառաչեց.
— Ապշեցուցիչ է։ Ես չգիտեմ, թե արդյոք ես կկարողանա՞մ ընտելանալ այս ամենին։
— Դա շատ շուտ տեղի կունենա,— պատասխանեց Վարդանը ցրված։
Սա այն թաղամասն էր, ուր ինքն ապրել էր մի ժամանակ և չէր կարողանում չմտածել այն մասին, որ ինքն ու Մարոն գրեթե ամեն երեկո զբոսնում էին այս մայթերով և գնում էին «Մարկիզայի մոտ» հրուշակարանը թխվածք ուտելու և թեյ խմելու։ Նա պարզորոշ հիշում էր Մարոյի ձեռքի ծանրությունն իր ձեռքի վրա, նրա քայլվածքի ռիթմը, որին ինքը հարմարվում էր, նրա ձայնի տեմբրը, երբ նա ցածրաձայն քննարկում էր հանդիպած մարդկանց։ Ապագայի մասին իրենց երազանքները... Վարդանն արագացրեց քայլերը, կարծես փորձելով փախչել իր մտքերից։
Քիչ անց նրանք հասան Ղալաթասարայի վարժարանին, Վարդանը շարունակեց ճանապարհը ուղղահայաց նեղ փողոցով և առանց վարանելու կանգ առավ այն շենքի առջև, ուր ապրում էր իր քեռորդի Տիրանը։ Արամը գերադասեց ներքևում մնալ, իսկ Վարդանն արագ բարձրացավ և, հասնելով բնակարանի դռանն ու հետևելով ժամանակին իրենց սահմանած պայմանական նշանին, երեք երկար զանգ հնչեցրեց, իսկ հետո՝ երկու կարճ։ Մի թուրք բացեց դուռը և պատասխանեց, որ ինքն արդեն մի քանի ամիս ապրում էր այդ բնակարանում։ Նա չգիտեր, թե ուր էր տեղափոխվել նախկին վարձակալը։ Հիսաթափված՝ Վարդանն իջավ այն հույսով, որ Տիրանին գոնե չէին ձերբակալել իր գործունեության համար։ Արամը նստել էր սանդուղքի առաջին աստիճանին և հոգնած տեսք ուներ։ Ճանապարհորդությունը բեռնատար վագոնով երկար էր տևել և դժվարին էր, իսկ նրանք քայլել էին ավելի քան մեկ ժամ։
— Ուզո՞ւմ ես մի քիչ հանգստանանք,— հարցրեց Վարդանը, որը նույնպես հոգնածություն էր զգում։— Դու երևի քաղցած ես։
— Ես կարող եմ շարունակել,— պնդեց տղան, որը չէր ուզում բեռ դառնալ իր ընկերոջ համար։
Ձիակառքը նրանց տարավ մեկ այլ ուղերթով դեպի Ղալաթիայի կամուրջը, որով նրանք անցան և հասան Ենի Ջամի մզկիթի մոտ։ Դերձակի արհեստանոցի և գորգերի ու մետաքսեղենի խանութների միջև ծվարած Մեսրոպ Մեսրոպյանի տպարանը գտնվում էր մի նեղ փողոցում, մզկիթի հարևանությամբ։ Վարդանը հուզմունքով նայեց ցուցափեղկին, որի վրա կարմիր տառերով գրված էր՝ «Մեսրոպյան և որդիներ, տպագրիչներ»: Ապակու հետևում ցուցադրված խունացած թանաքով և արևից դեղնած թերթերով տպագրության օրինակները հնարավորություն չէին տալիս տեսնել տպարանի ներսը։ Ի՞նչ էր ինքն այնտեղ տեսնելու։ Բաբախող սրտով Վարդանը հրեց դուռը, և զանգի ծլնգոցը ազդարարեց նրա մուտքը։ Նույն սուր զնգոցը, ինչպես առաջ։ Գրասեղանի մոտ նստած Լուսիկ քույրիկը հաշիվներն էր ստուգում։ Նա աչքերը բարձրացրեց և ապշեց։ Նա մի քիչ գիրացել էր, և նրա նիհար դեմքը այժմ կլորիկ էր դարձել։ Մոտ երեսուն տարեկան էր, սակայն ավելի երիտասարդ էր թվում՝ նոր սանրվածքի շնորհիվ։
— Վարդան,— բացականչեց նա։
Գրիչն ընկավ նրա ձեռքից և կեղտոտեց հաշվեմատյանը՝ մի մեծ լաքա թողնելով։ Աղմուկով հետ հրելով աթոռը, Լուսիկը վազելով մոտեցավ եղբորը և նետվեց նրա գիրկը։
— Վարդան, Վարդան,— կրկնում էր նա միաժամանակ ծիծաղելով և լացելով։– Ինչպիսի երջանկություն, ինչպիսի երջանկություն։
Վարդանը նրան ջերմորեն գրկեց և ինքն էլ սկսեց հուզմունքից ծիծաղել։
— Այո, սա երջանկություն է։ Ես միշտ հույս եմ ունեցել, որ այս օրը կգա։ Դու գեղեցկացել ես, Լուսիկ։ Ինչպես են հայրդ, մայրդ, Տիրանը։
— Լավ։
— Ես մտա Տիրանի բնակարանը։
— Նա ստիպված էր տեղափոխվել, ոստիկանության պատճառով։
Նա հոնքերը կիտեց և հարցրեց անվստահ.
— Մարո՞ն, Թովմա՞սը։
Վարդանը մռայլվեց։
— Ողջ են, փառք Աստծու։ Ես դեռ չգիտեմ, թե որտեղ են, բայց շուտով մենք կտեսնենք նրանց։
Երիտասարդ կինը, թեթևացած, հոգոց հանեց, չնայած եղբոր մտահոգ ձայնը նրան զարմացրեց։ Նա մի քիչ հեռացավ և հայացք նետեց գրասենյակն արհեստանոցից բաժանող վարագույրի վրա։
— Այստեղ մնա, ես հայրիկին զգուշացնեմ։ Նրան հարկավոր է խնայել։
— Ի՞նչ է նրան պատահել,— հարցրեց Վարդանը մտահոգ։
— Նա սրտի երկու նոպա է տարել տեղահանությունների սկզբից ի վեր։ Հիմա իրեն ավելի լավ է զգում, սակայն չպետք է հուզվի։ Սպասիր այստեղ։
Նա անհայտացավ արհեստանոցում, իսկ Վարդանը նշան արեց Արամին, որը խելոք կանգնած էր դռան մոտ։ Երկու րոպե անց վարագույրը մի կողմ թռավ, և Մեսրոպ քեռին ներս եկավ փնթփնթալով իրեն հետևող դստեր վրա։
— Խնայե՜լ, խնայե՜լ։ Այսպիսի հուզմունքը օգտակար է ինձ համար, միայն լռությունն է, որ կրծում է իմ սիրտը։
Քեռին, որը պետք է որ յոթանասուներկու տարեկան լիներ, նիհարել էր և կորցրել այն գիրուկ տեսքը, որը նա բարեկեցության նշան էր համարում, իսկ գլուխը գրեթե ամբողջությամբ ճաղատ էր։ Նա ձեռքերը պարզեց և գրկեց Վարդանին առանց մտահոգվելու իր կեղտոտ գոգնոցի և թանաքոտ ձեռքերի մասին։
— Տղա՜ս։ Ի՛մ սիրելի զարմիկ։ Փառք Աստծու։ Հազար փառք Աստծուն։ Լուսիկն ասաց, որ Մարոն ու Թովմասը շուտով մեզ կմիանան։ Աստված լսեց իմ աղոթքները։
Վարդանը գերադասեց չհերքել կնոջ և որդու հնարավոր վերադարձի մասին ակնարկը։ Քեռին հետ-հետ գնաց, հանեց ոսկե շրջանակով ակնոցը և արցունքները սրբեց։
Վարդանը նկատեց, որ աչքերի տակ այտուցներ ուներ և շատ գունատ էր։
— Հերիք է վրաս բժշկի պես նայես,— ասաց Մեսրոպը ծիծաղելով։— Ես երբևէ այսքան առողջ չեմ եղել։
— Այդպես եմ նայում, որպեսզի համոզվեմ, որ սա երազ չէ, որ ես իսկապես Կոստանդնուպոլսում եմ։
Քեռին կրկին գրկեց իր զարմիկին և մի կուշտ լացելով շշնջաց.
— Աստված հրաշք է գործել։
Երկար հոգոցներից հետո նա թաշկինակով աչքերը սրբեց և ներողություն խնդրեց.
— Տարիքն ինձ կնոջ պես լալկան է դարձրել։
Եվ նա նորից ծիծաղեց և Վարդանին զննեց ոտքից գլուխ։
— Դու չես փոխվել, որդիս։ Ընդամենը մի քիչ նիհարել ես։ Քունքերիդ սպիտակն ավելացել է։ Այդպես չէ՞, Լուսիկ։
Լուսիկը հաստատեց։
— Վարդանը մեր ընտանիքի ամենագեղեցիկ տղամարդն է։
Իրեն օտար զգալով այդ ընտանեկան տեսարանի ընթացքում, Արամը գնաց սենյակի խորքը, մի կողմ քաշեց վարագույրը և մի հայացք նետեց արհեստանոցի կողմը։ Տպագրիչ մեքենայի կտկտոցը էլ ավելի հստակ լսվեց։ Արամին նկատելով՝ Մեսրոպը հրամայական տոնով ասաց.
— Ա՛յ տղա, քարշ մի եկ այստեղ։
— Սա իմ ուղեկիցն է,— ասաց Վարդանը, գնալով նրա հետևից և նրան ներկայացնելով հարազատներին։— Քեռի ձեզ եմ ներկայացնում Արամին, որին ես իմ որդին եմ համարում։ Գիտեք, նա հերոս է։ Նա փրկել է բազմաթիվ որբերի, և ես իմ կյանքով նրան եմ պարտական։
Մեսրոպ Մեսրոպյանը գրկեց տղային և համբուրեց.
— Բարի գալուստ, Արամ։ Դու կարող ես քեզ համարել մեր ընտանիքի անդամը։
Արամը, շփոթված, գլխով արեց։ Նա կարմրեց, երբ Լուսիկը սեղմեց ձեռքը և նրան «Արամ եղբայր» անվանեց։
— Ես փակում եմ տպարանը,— հայտարարեց Մեսրոպ քեռին։– Մենք գնում ենք խմելու և քեֆ անելու։ Լուսիկ, գնա եղբորդ հետևից, և մեզ միացեք տանը։
Նրանք տաքսի վերցրեցին՝ նախապատերազմյան մի «Սիտրոյեն», որի որոշ մասերը պակասում էին, Հարբիյե թաղամասը, ուր ապրում էին Մեսրոպյանները, գնալու համար։ Զառիթափ փողոցի վրա կային համեմատաբար նոր տներ և մի քանի՝ առնվազն երկու հարյուր տարեկան փայտյա գորշ տներ փայտե ճաղերով լուսամուտներով, որոնք հնարավորություն էին տալիս մահմեդական կանանց դուրս նայել առանց դրսից երևալու։ Թուրք ընտանիքները շարունակում էին իրենց նախնիների տներում ապրել, չնայած շրջապատում հիմնականում հայեր էին բնակվում։
Արփինե մորաքույրը, որն է՛լ ավելի էր գիրացել, իսկ մազերը լրիվ ճերմակել էին, նրանց բուռն ընդունեց։ Նա չխնայեց ոչ ուրախության բացականչությունները, ոչ օրհնանքները Աստծու և նրա բոլոր սրբերի հասցեին, խառնեց ծիծաղն ու արտասուքը, հարցը հարցի վրա տվեց առանց պատասխանների սպասելու և ուզեց ամեն ինչ միանգամից անել, խմիչք մատուցել, ճաշը պատրաստել, Վարդանին ու նրա պատանի բարեկամին կարգին հագուստ տալ։ Նա, որ սովորաբար շատ հանգիստ էր և այնքան գործունյա, որ ընդունում էր հանպատրաստից եկած հյուրերին այնպես, կարծես նրանց սպասում էին, այսօր շփոթված էր թվում։ Նա դես ու դեն էր գնում, ինչ-որ գործեր էր ձեռնարկում և կիսատ թողնում, գնում էր դեպի խոհանոց, հետո ճանապարհի կեսից հետ էր գալիս ասելու համար այն, ինչ մոռացել էր։ Մեսրոպը նրան ստիպեց կանգ առնել, նրան մղեց դեպի բազմոցը, իսկ ինքը գնաց կոնյակի շիշը և բաժակները բերելու։ Ծեր կինը նստեց զարմիկի կողքին, շոյեց նրա մազերը և բազմիցս համբուրեց։ Հետո սեղմեց նրա ձեռքերը և այդպես լուռ նստեց՝ նրան նայելով։ Երանելի մի ժպիտ կերպարանափոխել էր նրան։
Վարդանը աչքը պտտեց հյուրասենյակով։ Թավշյա երկու բազմոցները, մի քանի աթոռները, գրադարակները, ցածր սեղանները դրանց վրա կիտված թերթերով, մեծ պարսկական գորգը և լուսամուտների դիմաց դրված բույսերը թաղարների մեջ. ամեն ինչ այնպես էր, ինչպես ինքը հիշում էր, սակայն նա տարօրինակ և տհաճ մի զգացողություն ուներ, կարծես այդ պահն ինքն արդեն ապրել էր։ Միգուցե այն պատճառով, որ շատ էր սպասել այդ պահին։
— Պարգևը դեռ Նյու Յորքո՞ւմ է,— հարցրեց նա ճնշող լռությունը խախտելու համար։
— Նա անդամագրվել է Արտասահմանյան զորաբանակին և կռվել է Սիրիայում ֆրանսիացիների հետ։
— Նուբարից նորություններ կա՞ն։
— Եղբայրդ ու նրա կինը դեռևս Երուսաղեմում են։ Նրանք մեզ հայտնել են, որ կգան Ամանորից հետո։
— Ես շատ եմ ուզում նրանց տեսնել,— հառաչեց Վարդանը մտածկոտ։
— Մարոն ու Թովմասն այդ ժամանակ մեզ հետ կլինեն, չէ՞։
Քեռին եկավ շիշը ձեռքին, իսկ Արամը բյուրեղապակյա սկուտեղի վրա դրած բաժակներ էր բերում։ Վարդանն օգտվեց նրանց հայտնվելուց՝ բացատրություններից խուսափելու համար։ Ծեր կինը մտահոգված տեսքով իր զարմիկին էր նայում և պատասխանի էր սպասում։ Մեսրոպը բոլորին խմիչք լցրեց.
— Ես բաժակ եմ բարձրացնում Մարոյի ու Թովմասի մոտալուտ վերադարձի համար,— ասաց Արփինեն, Վարդանին խոսեցնելու նպատակով։
— Այն պահի կենացը, երբ մենք բոլորս միասին կլինենք,— ավելացրեց Մեսրոպը, որը լսել էր իր կնոջ հարցը հյուրասենյակ մտնելիս։
Վարդանը լուռ խմեց, հետո նայեց ազգականներին և խոսեց ջանալով թաքցնել հուզմունքը.
— Անկեղծ լինելու համար... Ես գիտեմ միայն, որ Մարոն ու Թովմասը ապրում են Այնթապի վալիի մոտ։ Ի՞նչ պայմաններում, ես ոչինչ դրա մասին չգիտեմ։
— Նրանք բանտարկյալ են,— ասաց Արամը, որի լեզուն կոնյակից բացվեց։ Նրա քինոտ ձայնը զարմացրեց բոլորին և նրանք շրջվեցին տղայի կողմը, որը կանգնած էր լուսամուտի մոտ։ Ծեր մարդու և նրա կնոջ շփոթված տեսքից, իսկ Վարդանի կատաղած հայացքից Արամը հասկացավ, որ ավելի լավ կլիներ, եթե չբացահայտեր իր ատելությունը։ Այնթապի հիշատակումը նրան Պետրիին հիշեցրեց և արնաշաղախ Արուսյակին։ Նա շրչջվեց և աչքերը փողոցին հառեց։
— Արամը ճիշտ է ասում,— համաձայնեց Վարդանը։— Ես կասկածում եմ, որ նրանց այնտեղ են պահում իրենց կամքին հակառակ։
— Այդ մարդը պետք է թույլ տա նրանց հեռանալ,— մռնչաց Մեսրոպ քեռին բռունցքը բազկաթոռի արմնկակափն իջեցնելով։— Հիմա, պատերազմի ավարտից հետո, նա ստիպված կլինի։
— Այո, և ես կջանամ, որ դա որքան կարելի է ավելի շուտ տեղի ունենա։
Վարդանի ձայնը այնքան վճռական հնչեց, որ նրա խոսքերին խորը լռություն հետևեց։ Բոլորը մտածում էին ասվածի մասին և փորձում պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել Մարոյի և նրա որդու վիճակը օսմանյան գավառապետի տանը։ Խոսակցությունը շարունակելու համար Արփինե մորաքույրը մեղմորեն ասաց.
— Կարևորն այն է, որ երկուսն էլ ողջ են, որ նրանք ջարդերին զոհ չեն գնացել։ Կարևոր չէ, թե ինչպես...
Նա ուշադիր նայեց զարմիկին։ Հայացքը շատ պերճախոս էր։ Վարդանը գլխով արեց.
— Դուք իրավացի եք, Արփինե մորաքույր։
Մեսրոպը խմեց իր կոնյակը և ամփոփեց.
— Աստված այնքան գթասիրտ է, որ մեզ իր հովանու տակ է առել այս փորձությունների ընթացքում։ Նա խնայեց մեր ընտանիքը և դա իսկական հրաշք էր։ Միայն քո զոքանչը...
— Խեղճ կին,— շշնջաց Վարդանը, որի աչքի առաջ հայտնվեց Ազնիվ խանումը՝ իր խիստ սև շրջազգեստով, ամեն առավոտ իրեն թեյ մատուցելիս։

Մաս 81


Անցած տարիները չէին զրկել Տիրանին պատանեկան եռանդից, որը նրա հմայքի հիմնական մասն էր կազմում։ Ճակատի կնճիռները նրան լուրջ տեսք էին տալիս, նա գլխահակ էր քայլում, կարծես մտքերի մեջ խորասուզված լիներ։ Սակայն հենց որ սկսում էր խոսել, նրա շագանակագույն աչքերը բոցավառվում էին, նա ձեռքերն էր թափահարում, իսկ երբ լսում էր իր զրուցակցին, նրա ճակատը նորից կնճռոտվում էր, և նա հաճախակի ձեռքը տանում էր դեպի իր քթի ծայրը։
Քեռորդիները, նույն տարիքի լինելով, իրար որպես եղբայր էին ընկալել և կիսել ամեն ինչ. խաղերը արձակուրդների ժամանակ, սիրային արկածները վարժարանում սովորելիս, իսկ հետո քաղաքական գործունեությունը։ Նրանց հանդիպումն այնքան հուզական էր, որ նրանք չէին կարողանում խոսել։ Բոլորի հուզված հայացքի ներքո նրանք գրկախառնվեցին և բարձրաձայն ծիծաղելով միմյանց մեջքին էին թփթփացնում։
— Եղբայրս,— վերջապես ասաց Տիրանը։— Հենց սկզբից ես գիտեի, որ նրանց ձեռքերը կարճ էին քեզ հասնելու համար։ Քո նամակը... Օ՜, քո նամակը, երկու տարի առաջ։ Իսկ հետո քո հոդվածները։ Սակայն կարո՞ղ ես ինձ ասել, թե ինչու էիր քո անունով ստորագրում։
Հիմա, որ նա ուշքի էր եկել, հարցերը խռնվում էին նրա գլխում։ Նա շտապում էր իմանալ, թե ինչ էր կատարվել Վարդանի հետ։
— Ինչո՞ւ չէիր ընտրել քո սովորական ծածկանուններից մեկը,— նորից հարցրեց նա։
— Ուզում էի բոլորին իմաց տալ, որ ողջ եմ։
— Դու ինձ շփոթության մեջ չես գցի։ Դե լա՜վ, Վարդան, խոստովանիր, որ այդպիսով դու մարտահրավեր էիր նետում կառավարությանը։
— Ես դրա մասին մտածելու սիրտ չունեի։ Գուցե դրանում մի քիչ սադրանք կար։
— Ես գիտեի,— հաղթական տեսքով ասաց Տիրանը։
Մինչ Արփինե մորաքույրն ու Լուսիկը ճաշ էին պատրաստում, տղամարդիկ հյուրասենյակում դանդաղորեն դատարկեցին կոնյակի շիշը։ Վարդանը ստիպված եղավ նորից բացատրել, թե որտեղ էին Մարոն ու Թովմասը։ Տիրանր հայհոյեց, իսկ հայրը վրդովված հայացք նետեց նրա վրա։ Նա ասաց.
— Ես կօգնեմ, որ դու նրանց Պոլիս բերես։ Անհրաժեշտության դեպքում կդիմեմ ընկերներիս օգնությանը։
Այս երեք տարիների ընթացքում Տիրանը կարդացել էր Վարդանի բոլոր հոդվածները և անհամար վկայություններ տեղահանության մասին, սակայն ուզում էր, որ եղբայրը նկարագրեր այն ամենը, ինչի վկան ինքը եղել էր։
Վարդանը հակաճառեց.
— Պահն այնքան էլ հարմար չէ, չե՞ս կարծում։
— Տիրան, դու անուղղելի ես,— ասաց Մեսրոպ քեռին խիստ տոնով։– Դու երբեք չես տարբերում, թե ինչն է պատեհ, ինչը՝ ոչ։ Այսօր մենք տոնում ենք մեր երջանկությունը։ Դժբախտությունների մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ։
Տիրանը, որը սովոր էր այդ հանդիմանություններին, չպատասխանեց։ Հոր հիվանդությունից հետո նա խուսափում էր նրա հետ վիճելուց։
— Ճիշտ է, կարելի է և հետաձգել։
Սակայն նա չէր կարողանում իրեն զսպել և երբ Մեսրոպը խոհանոց գնաց, նա հայտարարեց.
— Մենք շատ աշխատանք ունենք անելու, Վարդան։ Թուրքերը պետք է պատասխան տան։
— Ուզում ես ասել՝ սուլթանի կառավարությունը։ Շատ թուրքեր կան, որոնց շնորհիվ ես այսօր այստեղ եմ։
— Այո, ես դա էի ուզում ասել՝ Թալեաթը և նրա հրոսակախումբը,— ասաց Տիրանը, որը չէր սիրում, երբ իր սխալներն էին բռնում։– Օգնության կապակցությամբ... Ուրգուպի այդ կինը... ինչպես է նա։
— Արուսյակը...— ասաց Վարդանը դողդոջուն ձայնով։— Նա մահացել է։
— Ինչպիսի՜ դժբախտություն։
Արամը լարվեց և գունատվեց։ Նա չէր կարող հանդուրժել, որ Վարդանը այդ ողբերգության մասին կիսատ-պռատ խոսեր և գրգռվեց.
— Նրան տանջել էին, դրանից է մահացել։
Վարդանը նշան արեց լռելու, սակայն Արամը անթարթ նայում էր Տիրանին, հանձին որի նա հետաքրքրված ունկնդիր էր գտել։ Նա պահանջ էր զգում պատմելու այն ամենը, ինչ խեղդում էր իրեն։
— Ես նրա համար վրեժխնդիր եղա իմ դաշույնով,— ասաց նա ձեռքը թափ տալով։
— Պատմիր ինձ,— խնդրեց Տիրանը, նրան իր կողքին նստեցնելով։
Վարդանը վեր կացավ և գնաց լվացվելու։ Արամի հետ մենակ մնալով, Տիրանը, որը ոգեշնչվել էր Արամի պատմածներից, հարցուփորձ արեց նրա ընտանիքի մասին, այն մասին, թե ինչպես էին նրանք Արուսյակի ու Քերիմի հետ միասին փրկում որբերին Կապադովկիայում։ Տիրանը, որը անհագ էր, բազմաթիվ հարցեր էր տալիս։ Նրա ձայնի մեջ նախանձ էր զգացվում, հայացքում մի տեսակ տենդ կար, քանի որ ինքը ափսոսում էր, որ չէր մասնակցել այդ իրադարձություններին։
Երբ Մեսրոպը վերադարձավ հյուրասենյակ, Արամը խոսում էր ձեռքերը թափ տալով, և ծեր մարդը նոր նկատեց տղայի ձեռքի վիրակապը, քանի որ մինչ այդ Արամը ձեռքը գրպանում էր պահում։
— Դու վիրավորվա՞ծ ես,— անհանգստացավ նա։
— Մեծ բան չէ։
Տիրանը պնդեց, որ Արամը ցույց տար իր վերքը, և տղան, ամաչելով, ցույց տվեց։ Մեսրոպն ու նրա որդին այլայլվեցին սարսափից, կարծես չորս հատված մատներով ձեռքը խտացումն էր այն սարսափելի պատմությունների, որ նրանց պատմել էին։
— Նրան հարկավոր է հիվանդանոց տանել,— բացականչեց Տիրանը։— Վերքը բորբոքված է։ Վարդանը չի՞ նկատել։
Արամը պաշտպանեց իր բարեկամին.
— Այո, նկատել է, բայց ավելի կարևոր էր կյանքներս փրկել։
Նա նորից վիրակապեց ձեռքը և, աքլորանալով, ասաց.
— Սա վաղուցվա վերք է և կարող է մեկ օր էլ սպասել։ Ես այլևս ցավ չեմ զգում, բայց սովից մեռնում եմ։
Այդ խոսքերից Մեսրոպ քեռին, որը մատով արցունքն էր սրբում, ծիծաղեց։ Նա թփթփացրեց տղայի ուսին.
— Սա այն մարդկանցից է, որոնց ես սիրում եմ։ Դու գոհ կլինես, տղաս, իմ կինը գերազանց խոհարար է։
Ճաշասենյակի սեղանն արդեն գցված էր։ Արփինե մորաքույրը լավագույն սպասքն էր դրել։ Նրանք խաչի նշանն արեցին և տան տերն աղոթեց բացակաների համար։ Լուսիկը լոլիկով և դափնետերևով պատրաստված ձուկ բերեց։ Արամը ախորժակով էր ուտում՝ առանց հետևելու վարվեցողության կանոններին, և ոչ մեկի մտքով չանցավ նրան նկատողություն անել։ Հակառակը, Մեսրոպը նրան նորանոր ուտեստներ էր առաջարկում և ստիպում էր, որ բոլորից էլ վերցներ։ Արփինեն հետևում էր տղային նույն մայրական հայացքով, ինչպես և իր որդուն ու զարմիկին։ Քեռին խոսում էր իր տպարանի մասին և ասում էր, որ պատվերները կրկին շատացել էին տարիների անգործությունից հետո, և նա տեղեկություններ էր հաղորդում թաղի այն հայերի մասին, որոնց Վարդանը ճանաչում էր։ Նրա կինն ու Լուսիկը ձայնակցում էին նրան, Տիրանը խուսափում էր իրեն հետաքրքրող ասպարեզից՝ քաղաքականությունից խոսելուց, և դրանից զրույցը շատ թեթև էր, կարծես պատերազմը նոր չէր ավարտվել։
Նրանք բոլորն ուզում էին ամեն ինչ մոռանալ և նոր կյանք սկսել, սակայն Վարդանն իրեն այդ շռայլությունը չէր կարող թույլ տալ։
Այս ճաշկերույթը նրան կրկին հիշեցնում էր, որ իր համար ոչինչ ավարտված չէր, և եթե նա պատասխանում էր տան տերերին կամ գլխով էր անում, ապա թաքցնելու համար, որ ինքը նրանց ուշադիր չէր լսում։ Մարոյի բացակայությունն այդ պահին նա գրեթե ֆիզիկապես էր զգում։ Չէ՞ որ իրենք այնքան անգամ էին ճաշել այդ սեղանի շուրջ և Մարոն նստում էր Արամի նստած տեղում։ Չնայած ինքը շատ ուրախ էր կրկին Մեսրոպյանների տանը սեղան նստելու, սակայն չէր կարողանում կենտրոնանալ։ Նա հիշում էր Սվասի իր տան ճաշասենյակը, Թովմասի տարեդարձի ճաշկերույթը, որը փաստորեն իրենց համար հրաժեշտի ճաշկերույթ էր, գրամոֆոնի երաժշտությունը, որը ոչ ոք չէր լսում, երգող Մարոյի հիասքանչ ձայնը, տան դռանը կապված պոնիի մասին մտածող Թովմասի երջանիկ դեմքը, Ազնիվ խանումի, Արմենի, Արաքսիի տխուր աչքերը...
— Ինչի՞ մասին ես մտածում, եղբայր,— ջերմորեն հարցրեց Լուսիկը՝ հպվելով նրա ձեռքին։
Վարդանը ցնցվեց և ներողություն խնդրեց այդ բացակայության համար։
— Դու շատ հոգնած ես, իսկ մենք քեզ ձանձրացնում ենք մեր զրույցներով,— ասաց Արփինե մորաքույրը։— Ուզո՞ւմ ես գնալ և պառկել։
— Ինձ ձեր թանկագին ներկայությունից, էլ չասած ձեր շատ համեղ ուտեստներից զրկելո՞ւ համար,— պատասխանեց Վարդանը՝ իրեն ստիպելով ծիծաղել։— Երբե՛ք:
Տիրանն իր ծնողներին և քրոջը պատմեց Արամի քաջագործության մասին, որը հարձակվել էր ատրճանակով զինված տղամարդու վրա Վարդանի կյանքը փրկելու համար։
— Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է,— բացականչեց Արփինե մորաքույրը վախեցած։— Այդքան փոքր և այդքան քաջ։
— Ես տասնվեց տարեկան եմ,— հակաճառեց Արամը,— և ֆիդայի եմ։
Մեսրոպ քեռին գունատվեց և վայր գցեց պատառաքաղը։ Տիրանը հիացած սուլեց և գրգռված ձայնով ասաց.
— Արամի պես երեխաների գոյությունը ապահովում է մեր ապագան։ Ես խմում եմ Հայաստանի կենացը։
— Տիրան,— նրան կարգի հրավիրեց մայրը, աչքերով Մեսրոպին ցույց տալով, որը բարկանում էր։– Դրա ժամանակը չէ։
— Ֆիդայի, ֆիդայի,— փնթփնթաց քեռին անտրամադիր։– Բռնությամբ հնարավոր չէ ոչինչ անել։
Նա խորը շունչ քաշեց հանգստանալու համար, բարձրացրեց բաժակը, և նրա օրինակին հետևեցին բոլորը։ Նա շարունակեց վճռական ձայնով.
— Այո, ես խմում եմ Հայաստանի կենացը։ Բայց իմացեք, զավակներս, որ բռնության և զենքի վրա հույս դնելը սխալ է։ Ի վերջո, հաղթանակում է այն երկիրը, որն ունի աչքի ընկնող և բանիմաց սերուցք, և ոչ այն երկիրը, որն ավելի մեծ բնակչություն ունի կամ բանակ։
Տիրանը համաձայն չէր։
— Իսկ ի՞նչ կասես մերոնց հաղթանակների մասին օսմանյան բանակի դեմ ռուսական ճակատում։ Նրանք մեզնից հարյուր անգամ շատ էին։
Հայրը փնթփնթաց.
— Իսկ ինչպե՞ս կարող է մի բուռ մարդ կանգնեցնել մեծ բանակը, ի՞նչ ես կարծում։ Որովհետև նրանք ավելի լա՞վ էին զինված։ Ո՛չ։ Որովհետև նրանք տոգորված էին գաղափարով։ Այդ հաղթանակները, որոնց մասին խոսում ես, հաստատում են իմ խոսքերը։ Ի՞նչ ես կարծում, Վարդան:
Վարդանն ուսերը թոթվեց։ Արփինեն հայացքով նրան աղերսում էր միջամտել։ Վարդանը չէր սիրում որպես դատավոր հանդես գալ իր քեռու և եղբոր վեճերի ժամանակ, ինչպես հաճախ էր պատահում անցյալում։
— Պետք է խոստովանեմ, որ լավ չեմ հասկանում, թե ինչն է ձեզ հակադրում։
Տիրանը մի կողմ հրեց իր ափսեն և, բացատրելով, սկսեց քարտեզ նկարել վուշե սփռոցի վրա.
— Ես ասում եմ, որ մենք պետք է պայքարենք մեր երազած Մեծ Հայքը նվաճելու համար։ Անատոլիայի հայկական գավառները չի կարելի թողնել այն մարդկանց, ովքեր ոչ մի իրավունք չունեն դրանց տիրանալու։ Հայրիկը, հակառակը, համարում է, որ մենք պետք է բավարարվենք այսօրվա Հայաստանով՝ Արևելյան Հայաստանով, այն պատճառաբանությամբ, որ արդեն իսկ շատ արյուն է հեղվել։
Մեսրոպ քեռին մատը սեղանին խփեց.
— Հինգ դարերի ընթացքում մենք վերջապես երկիր ունենք, որի մասին կարող ենք ասել, որ մերն է։ Կարևոր չէ, որ այն փոքր է, այն մերն է, և դա բավական է, որ ամբողջ աշխարհի հայերն իրենց որբ և անհայրենիք չզգան։ Չի կարելի վտանգել այն, ինչ ունենք, ձգտելով նվաճել այլ տարածքներ։
Նա լռեց և նայեց զարմիկին՝ սպասելով իր կարծիքի հաստատմանը։ Տիրանը նույնպես սպասում էր Վարդանի պատասխանին։ Վարդանը պատառը կուլ տվեց և մի կում գինի խմեց մտածելու ժամանակ ունենալու համար։ Նրա կարծիքով, ինքը հիասթափեցնելու էր և՛ մեկին, և՛ մյուսին։
— Մեսրոպ քեռի, դուք ինչ-որ չափով իրավացի եք։ Մեր ժողովրդի համար շատ կարևոր է, որպեսզի վերջապես գոյություն ունենա այդ անկախ Հայաստանը, որը ոգեշնչման աղբյուր է յուրաքանչյուրիս համար։ Դա շատ փոքր ձեռքբերում է, որը պետք է ամրապնդել, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող ապագայում ավելի մեծ հավակնություններ ունենալ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Անատոլիայի հայկական գավառները, ինչպես նաև Կիլիկիան մեզ հանձնվեն։ Իհարկե, հաղթանակած դաշնակիցների հետ բանակցությունների միջոցով։ Հնարավո՞ր է դա, արդյոք։ Միայն ապագան ցույց կտա։
— Սողոմոնի վճիռ,— հայտարարեց Լուսիկը, որը հրճվեց, տեսնելով, թե ինչպես հոր և Տիրանի վեճը ոչ ոքի ավարտվեց։
Մեսրոպը Տիրանին նայեց գրեթե աղերսող հայացքով, սակայն դիմեց Վարդանին.
— Տիրանն ուզում է այնտեղ գնալ։ Ես ապարդյուն կերպով նրան ասում եմ, որ այնտեղ կռիվ է, սով, համաճարակներ...
— Յուրաքանչյուրը պետք է կարեցածն անի իրավիճակի բարելավման համար,— հետադարձեց Տիրանը։— Ինձ թվում է, որ ես օգտակար կլինեմ այնտեղ։
Հայրը հոգնած ձայնով ասաց.
— Ինձ թվում է, որ Կոստանդնուպոլսում շատ բան կա անելու։ Պետք է հասնել այն բանին, որ դաժանությունների պատասխանատուները պատժվեն, որ Մարոյի և Թովմասի պես գերության մեջ հայտնված կանայք ու երեխաները ազատ արձակվեն, որպեսզի բաժանված ընտանիքները վերամիավորվեն, պետք է զբաղվել որբերով, պետք է պահանջել ողջ մնացածների ունեցվածքի վերադարձը։
— Դրանով զբաղվող շատ մարդ կա, հայրիկ։
Մեսրոպը շարունակեց փաստարկել.
— Հիմա, երբ Օսմանյան կայսրությունը պարտվել է, կկատարվեն այն բարեփոխումները, որոնք մենք միշտ պահանջել ենք։ Անհրաժեշտության դեպքում արևմտյան տերությունները դրանք կպարտադրեն կառավարությանը և սուլթանին։ Հավասարություն, դավանանքի ազատություն, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, նույն օրենքները բոլոր քաղաքացիների համար։
— Ես դրան չեմ հավատում,— ամփոփեց Տիրանը։– Կտեսնեք, պանթուրանիզմին փոխարինելու կգա ազգայնամոլությունը, և մեզ համար ոչինչ չի փոխվի։
Վարդանը ոչ մեկի կողմը չէր ուզում բռնել, հատկապես որ ճիշտ մտքեր կային և՛ մեկի ասածներում, և՛ մյուսի, սակայն պակասում էին տարրեր, որոնք թույլ կտային կանխատեսել այն շրջադարձը, որ կարող էր անել պատմությունը առաջիկա ամիսների և տարիների րնթացքում։ Եվ, բացի դրանից, նա գիտեր, որ անիմաստ էր փորձել հաշտեցնել Մեսրոպի և նրա որդու տեսակետները։ Բավական էր, որ մեկը մի տեսակետ հայտներ, ապա մյուսը անմիջապես հակառակը կասեր։ Չնայած անսահման սիրուն, որը միավորում էր նրանց, նրանք միշտ հակադրվել էին միմյանց, անկասկած այն պատճառով, որ իրար շատ նման էին։ Նրանք միայն մեկ հարցում էին համամիտ եղել՝ հակասություններից խուսափելու միակ միջոցը Տիրանի առանձին ապրելն էր։
— Իսկ եթե ուրիշ բանից խոսենք,— առաջարկեց Արփինե մորաքույրը։– Վարդանն ու նրա պատանի բարեկամը նոր են եկել։
Մեղավոր ժպտալով՝ Մեսրոպն ու Տիրանը համաձայնվեցին։ Դրանից հետո զրույցն ընթացավ զգուշավորությամբ։ Խոսեցին պատերազմի և այն փոփոխությունների մասին, որոնք տեղի կունենային ամբողջ աշխարհում, սակայն ինչ-որ կեղծ բան կար, երբ խոսում էին Օսմանյան կայսրության անկման մասին առանց հիշատակելու Հայաստանը։
Ճաշի ավարտին որոշվեց, որ Արամը պետք է մնար Մեսրոպյանների տանը, ուր տղաների սենյակն ազատ էր, իսկ Վարդանը գնար Տիրանի մոտ։
Последний раз редактировалось Lusine1101 03 май 2017, 02:09, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:23

Մաս 82


Բերայի կենտրոնական փողոցի գիշերային կյանքի մարելուն պես, զարթնեց Կոստանդնուպոլիսը իր աշխատավորների, բեռնակիրների, արհեստավորների ու խանութպանների հետ, որոնց երկար օրը հազիվ էր բավականացնում իրենց ապրուստը վաստակելու համար։ Երթևեկության աղմուկը, որը բաղկացած էր սայլերի ճռռոցից և մեքենաների շարժիչների պայթյուններից, խրխնջոցներից և մեքենաների շչակներից, արթնացրեց Վարդանին։ Նրան մի քանի վայրկյան անհրաժեշտ եղավ՝ հիշելու, որ գտնվում էր իր քեռորդու նոր բնակարանում, նախկին բնակարանից երկու փողոց այն կողմ։ Հարկադրված լինելով տեղափոխվել, Տիրանը չէր ցանկացել շատ հեռանալ կենտրոնական փողոցից, որի աշխուժությունը նրան անհրաժեշտ էր։
Մթության մեջ մոտ տասը զույգ աչքեր նայում էին Վարդանին։ Դրանք հայ գործիչների լուսանկարներն էին՝ զորավարներ, գրողներ և փիլիսոփաներ, որոնք քեռորդին փակցրել էր իր հյուրասենյակի պատերին։ Հյուրասենյակը կահավորված էր մի բազմոցով, որի վրա քնել էր Վարդանը, կարմիր փայտից պատրաստված մի ցածր սեղանով, որի վրա լրագրեր էին կիտված, և երեք տարբեր ոճի աթոռներով, իսկ այդ լուսանկարները հյուրասենյակի միակ զարդն էին։
Չնայած նրանք մինչև ուշ գիշեր խոսել էին ձերբակալությունից հետո Վարդանի հետ տեղի ունեցածի մասին, վերջինս չկարողացավ քնել։ Նա շտապում էր գործի անցնել Մարոյին ու Թովմասին ազատելու համար։ «Պահել»... Ի՞նչ էր թաքնվում իրականամ այդ բառի տակ։ Արդյոք նրանց ձերբակալել էին իրեն ձեռք գցելու համա՞ր։ Դժվար էր պատկերացնել։ Ամենատրամաբանական բացատրությունը Մարոյի հիասքանչ գեղեցկությունն էր... Վարդանը հեռու քշեց այդ միտքը և կենտրոնացավ ձեռքի տակ եղած միջոցների վրա, որոնք կօգնեին իր հարազատների ազատագրության գործին։ Մարոյին հեռագիր ուղարկելու մասին նույնիսկ չէր կարելի մտածել։ Հեռագիրը նրան չէր հասնի և միայն կարող էր նախազգուշացնել գավառապետին, որը հնարավորություն կունենար նրանց տեղափոխելու, իսկ հետո ասելու, որ ինքը ոչնչից տեղյակ չէր։
Փոքրիկ խոհանոցին հարող ճաշասենյակում Տիրանը սեղանն էր գցում։ Վարդանը միացավ նրան։ Մինչդեռ քեռորդին նախաճաշում էր, կլանելով հաց, պանիր, մուրաբա և ձիթապտուղ, Վարդանը սովորականի պես բավարարվեց թեյով։ Նա Տիրանի հետ կիսեց իր հոգսերը Մարոյի և Թովմասի կապակցությամբ։
— Դժբախտաբար ընկերներիցս ոչ մեկը չի կարող օգնել,— պատասխանեց Տիրանը մտահոգ տեսքով։— Մեծամասնությունը թաքնվում է սուլթանի ոստիկանությունից։ Լավ կլիներ, եթե դու կապվեիր «Ռոբերտ վարժարանի» դեկանի հետ։ Նա Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի նախագահն է և, անկասկած, կկարողանա քեզ օգնել կամ գոնե խորհուրդ տալ։
— Ես նրա մոտ կգնամ հենց այսօր։
— Իսկ հետո ի՞նչ ես մտադիր անել։
— Արամին հիվանդանոց պետք է տանեմ։
— Դրա մասին չեմ հարցնում, Վարդան։ Առաջիկայում։
— Դեռևս չգիտեմ։ Մինչև Մարոն ու Թովմասն այստեղ չլինեն...
— Մենք քո կարիքն ունենք։ Դու անհատականություն ես, Վարդան։ Պատերազմի ընթացքում քո գրած հոդվածները բարձրացրել են քո վարկը հայության շրջանում։
— Եվ անկասկած անցանկալի են դարձրել կառավարության աչքերում։ Ուդի Յաշար դերվիշին փնտրում են սպանության համար և ես չգիտեմ՝ ոստիկանությունը չի՞ բացահայտել, թե ով էր թաքնվում այդ անվան տակ։ Հիմա տեղաշարժվում եմ մի թուրք բարեկամի փաստաթղթերով։ Այս պահին ես գերադասում եմ աննկատ մնալ։
— Մեր գործին օգնելու այլ միջոցներ էլ կան։
— Դրա մասին կխոսենք մեկ այլ անգամ, խնդրում եմ։ Այս առավոտ գլուխս խառն է, և միակ մտահոգությունս կնոջս և որդուս գտնելն է։
Նախաճաշից անմիջապես հետո Վարդանը կառք վարձեց Արամին Յեդիկալեի հայկական կենտրոնական հիվանդանոց տանելու համար, որը գտնվում էր Մարմարա ծովի ափին։ Երկար ճանապարհը դուր եկավ տղային, որին ամեն ինչ զարմացնում էր. տարբեր ազգերի բազմությունը, հնի և նորի խառնուրդը, ավտոմեքենաները և, հատկապես, եվրոպական հագուստով կանայք, որոնց ոտքերը բաց էին մինչև սրունքները։ Երկու ժամ սպասելուց հետո, քանի որ հիվանդների և վիրավորների բազմությունը խռնվել էր հիվանդանոցի միջանցքներում, մի վիրաբույժ մաքրեց և այրեց Արամի ձախ ձեռքի վերքերը։ Երբ նրանք դեպի ելքն էին գնում, Վարդանը հանդիպեց Շանթ Թագվորյանին՝ համալսարանական մի ընկերոջ, որր բժիշկ էր։
— Մենք անձնակազմի կարիք ունենք,— ասաց Շանթը։— Կարիք ունենք նաև լավ դեղագործի։ Դու ազա՞տ ես։
Զարմանալով այդ առաջարկությունից՝ Վարդանը մի պահ վարանեց.
— Մտածել է պետք...
Քանի որ Շանթը շատ զբաղված էր և ժամանակ չուներ քննարկումների, պայմանավորվեցին միասին ճաշել հաջորդ օրը։
Կառք նստելուց առաջ Վարդանն ասաց իր երիտասարդ ընկերոջը.
— Այս մաքուր վիրակապով և բաճկոնով շատ պատկառելի տեսք ունես։
Արամը փքվեց սիրամարգի պես։
— Նկատեցի՞ր, տիկին Արփինեն կտրել է մազերս։ Նա շատ բարի է իմ նկատմամբ։ Պարոն Մեսրոպը նույնպես։
— Իսկ Լուսիկ քույրի՞կը։ Նա քո դուրը գալի՞ս է,—— հարցրեց Վարդանը կատակով։
— Դե... Նա... Նա իսկական օրիորդ է։
Կեսօրից հետո Կոստանդնուպոլիս վերադառնալով, Վարդանն ու Արամը նստեցին Բեբեկ՝ Բոսֆորի ափին գտնվող մեկ այլ արվարձան մեկնող մի փոքր շոգենավ։ Նրանք ափ իջան Բեբեկի փոքր հրապարակի մոտ և ճանապարհը շարունակեցին ոտքով։ Որքան մոտենում էին ամերիկյան վարժարանին, այնքան Վարդանի անհամբերությունը հանդարտվում էր։ Նա բազմիցս էր անցել այս ճանապարհով, երբ Տիրանի հետ շտապում էին դասի, և նա հիշում էր հատվածներ իրենց բոցաշունչ վեճերից։ Այդ ժամանակաշրջանում իրենք իդեալիստներ էին, համոզված, որ փոխելու էին աշխարհը։ Քառասունմեկ տարեկանում Վարդանը գիտակցում էր, որ ինքը եղել էր իրադարձությունների խաղալիքը և ոչ թե դրանց հրահրողը։ Անկասկած դա բոլորի ճակատագիրն էր. հարվածներ ստանալ, հակահարված տալ, վերապրել։ Տիրանը կարծես դեռևս չէր ընդունում այդ իրողությունը։
— Գեղեցիկ է,— ասաց Արամը Վարդանի ուշադրությունը գրավելու համար։
Այս նոր աշխարհից շփոթված տղան ուզում էր որևէ հարազատ ձայն լսել։ Օրը պարզ էր, տեսանելիությունը՝ լավ։ Վարդանը ցույց տվեց նեղուցի անատոլիական ափի հին պարիսպներից այն կողմ ընկած սարերը։
— Այդ ուղղությամբ են գտնվում Աֆիոնը, Ուրգուպը։
Տղան թուքը կուլ տվեց.
— Հեռու է...
Վարդանը բռունցքով նրան բոթեց։
— Կտեսնես, դու երջանիկ կլինես այստեղ։
— Մեսրոպ քեռին ինձ առաջարկեց որպես աշակերտ աշխատել իր տպարանում, չնայած ես միայն մեկ աշխատող ձեռք ունեմ։
— Դա քո դուրը կգա՞։
— Չգիտեմ։ Պետք է ապրուստը վաստակել։
Մտնելով ամերիկյան վարժարանի դարպասից ներս, նրանք դուրս եկան ոլորապտույտ ճանապարհից և սկսեցին բարձրանալ հետիոտնի համար նախատեսված աստիճաններով։ Բավականին զառիթափ բարձունքը հաղթահարելուց հետո նրանք հասան պատատուկով պատված շենքերին, որոնք երիզում էին ֆուտբոլի դաշտը։
— «Ռոբերտ վարժարան»,— բացականչեց Վարդանը շնչակտուր։— Ես այստեղ սովորել եմ, Արամ։ Դու չէի՞ր ուզենա սովորել։
— Ես գրել-կարդալ սովորել եմ մեր գյուղի դպրոցում։ Դա բավական է։
— Գրել-կարդալ իմանալը բավական չէ։ Դու խելացի ես և եթե սովորես, կարող ես մասնագիտություն ունենալ, կդառնաս կարևոր մարդ և կամուսնանաս «իսկական օրիորդի» հետ, ինչպես դու անվանում ես նրանց։
Տղան գլուխը հպարտորեն բարձրացրեց։
— Ես արդեն տղամարդ եմ և չեմ ուզում տարիներ անցկացնել դպրոցի դասարանում փակված։
Վարդանը չպնդեց՝ մտածելով, որ դեռ կվերադառնա այդ խնդրին։ Քանի նրանք սպասում էին Ուոշբորն Հոլի հնացած փայտյա դռան մոտ, Արամը հետաքրքրությամբ հետևում էր պատանիներին, որոնք ֆուտբոլ էին խաղում գիմնազիայի առջև գտնվող հարթակին։ Քարտուղարուհին որպես Հակի ներկայացած Վարդանին ուղեկցեց երկրորդ հարկ, ուր գտնվում էր դեկան Մակ Ջիլի գրասենյակը։
Սենյակը, ուր Վարդանը բազմիցս էր մտել, փաստորեն չէր փոխվել քսան տարիների ընթացքում։ Կաղնեփայտից պատրաստված հին ապակեպատ գրապահարանները, նույն կաշվե մաշված բազկաթոռները, ծանր օդը։ Նույնիսկ վարագույրները փոխելիս պահպանել էին մուգ կանաչ գույնը։ Դեկան Մակ Ջիլը՝ ալեհեր մազերով և թարմ դեմքով մոտ հիսուն տարեկան մի մարդ, Վարդանին ընդունեց խիստ դեմքով։ Նրա կարծիքով, սև կոստյում հագած այցելուն կարող էր միայն գաղտնի ոստիկանությունից լինել կամ էլ բարձրաստիճան պաշտոնյա։
Դեկանը զուսպ ձևով թուրքերեն ողջունեց Վարդանին, իսկ վերջինս անգլերեն պատասխանեց.
— Ես ժամանակին սովորել եմ ձեր վարժարանում, երբ դեկանը դոկտոր Բլեյկն էր՝ 1896 թ.։ Հակի Չելեբին իմ անունը չէ, ես հայ եմ։
Հետաքրքրվելով՝ դեկան Մակ Ջիլը ասաց քաղաքավարի տոնով.
— Ես երջանիկ եմ ընդունելու նախկին աշակերտի։ Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել, պարոն...
— Պալյան։ Վարդան Պալյան։
Հոնքերի թեթևակի շարժումից Վարդանը գուշակեց, որ իր անունը անծանոթ չէր դեկանին։ Դա կարող էր միայն օգնել իրեն։ Նա շարունակեց.
— Դուք Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի նախագահն եք։ Մենք գնահատում ենք այն օգնությունը, որ ամերիկացիները ցույց են տալիս հայերին, հատկապես որբերին։
— Մեր միջոցները սահմանափակ են, իսկ կարիքներն՝ անսահման,— հառաչեց դեկանը։— Հուսանք, որ պատերազմի ավարտի հետ գործը կկարգավորվի։
— Այո, հույսը կարող է վերածնվել։
Սեղանին կիտված փաստաթղթերը ցույց տալով՝ Վարդանը շարունակեց.
— Ձեր ժամանակը թանկ է, և ես կանցնեմ իմ այցելության նպատակին։ Իմ խնդրանքն անձնական բնույթ ունի։ Իմ կինն ու ինը տարեկան որդիս պատանդ են պահվում Այնթապում գավառապետ Ռըզայի կողմից։
— Պատա՞նդ,— ասաց դեկանը հոնքերը կիտելով։— Միգուցե ապաստան է տվել տեղահանությունից փրկելու համար և այդ դեպքում գավառապետը նրանց Կոստանդնուպոլիս կուղարկի ձեզնից նամակ ստանալուն պես։ Պատա՞նդ, դուք համոզվա՞ծ եք։
— Այո։
Մակ Ջիլն ուղղվեց և առաստաղին նայեց՝ կզակը տրորելով։ Վարդանը հասկացավ, որ իր դեմարշն արդյունք չէր տալու։
— Ինչպիսի ցավալի պատմություն,— հառաչեց դեկանը։– Նման դեպքերը բազում են։ Տեղահանությունների հետևանքով բաժանված, սակայն ողջ մնացած ընտանիքները միացնելը երկար և դժվարին գործ է։ Ձերոնք գոնե ողջ են, և դուք պետք է փառք տաք Աստծուն։
— Ես դա արդեն արել եմ,— պատասխանեց Վարդանը՝ վատ թաքցնելով անհամբերությունը։– Իսկ այն, որ հիմա ուզում եմ նրանց տեսնել, դա արդեն չափից ավելի՞ է։
— Իհարկե, ոչ։ Սակայն ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, պարոն Պալյան։ Սեր կոմիտեն շատ բան անել չի կարող։ Երկրի ներսում իրավիճակը բարդ է և անկայուն։ Պարզ չէ, թե ում ձեռքում է իշխանությունը, ո՞վ է որոշումներ ընդունում։
— Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ձեր կոմիտեն ոչինչ չի անի,—— հարցրեց Վարդանը մի քիչ չոր տոնով։
— Ոչ։ Մեր միսիոներներից մեկը կգնա Ռըզա բեյ գավառապետի մոտ, սակայն շատ հույսեր չկապեք դրա հետ։ Եթե գավառապետը պահում է ձեր կնոջն ու որդուն, նա մեր էմիսարին պարզապես դուրս կվռնդի։
— Ես ձեզնից շատ շնորհակալ եմ ինչ-որ փորձ անելու համար։
Դեկան Մակ Ջիլը գրանցեց անուններն ու մանրամասները և Մեսրոպ Մեսրոպյանի տպարանի հասցեն։
— Ես ձեզ տեղյակ կպահեմ։ Սակայն համբերությամբ զինվեք, քանի որ հաղորդակցությունը շատ դանդաղ է։
Դեկանն իրեն նեղություն չտվեց Վարդանին մինչև գրասենյակի դուռը ուղեկցելու և, նրա ձեռքը սեղմելով, ասաց.
— Ձեր փոխարեն ես կդիմեի բրիտանացիներին։ Այնթապի շրջանը նրանց հսկողության տակ է։ Փորձեք հանդիպել դեսպանատան քարտուղար պարոն Դևիդ Պուտնամին։
— Շնորհակալություն տեղեկության համար, պարոն դեկան։
Անկարևոր թեմաներով կարծիքների փոխանակումից հետո Վարդանը հրաժեշտ տվեց Մակ Ջիլին։ Նա խորը հիասթափություն չէր ապրում, քանի որ հասկանում էր, որ իր հարազատներին ազատագրելը հեշտ գործ չէր լինելու։ Արամը նրան էր սպասում նախասրահում, ուր նա ուսումնասիրում էր վարժարանի հիմնադիրների դիմանկարները։
— Ովքե՞ր են այս մարդիկ։
— Ձախից՝ պարոն Ռոբերտը աջից՝ պարոն Համլինը։ Նրանք հիմնադրել են այս վարժարանը, որպեսզի քեզ պես տղաները կարողանան կրթություն ստանալ և ղեկավար դառնալ։
Արամը ծամածռվեց.
— Ես հեղափոխական կլինեմ, քո քեռորդի Տիրանի պես։
— Նա՞ է գլուխդ այդ միտքը մտցրել։
Տղան ստել չէր կարողանում, և Վարդանը որոշեց խոսել քեռորդու հետ։
Երբ նրանք հեռանում էին, մահմեդական գերեզմանոցի վերևում գտնվող դարատափով և դարպասի մոտով, Համլին Հոլի դիմաց գտնվող աշտարակի զանգն ազդարարեց դասերի ավարտը։

Մաս 83


Հաջորդ օրն առավոտյան Վարդանը ներկայացավ Ինգլիզ Սարայի՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, որը գտնվում էր Ղալաթիասարայի խաչմերուկում։ Ոչ այնքան վաղուց Օսմանյան կայսրության մայրաքաղաքը վերադարձած անգլիացիները դեռևս լրիվ չէին տեղավորվել, և այգում զինվորների հսկողության ներքո մեքենաներ էին կանգնած։ Մարդիկ, որոնցից շատերը հայերեն էին խոսում, հերթ էին կանգնել վիզա ստանալու համար։ Վարդանը մոտեցավ դռնապանին, որը չէր համոզվում և պնդում էր, որ նա պետք է նախապես պայմանավորվեր հանդիպման մասին։ Վարդանն ասաց, որ ինքը գալիս էր Մակ Ջիլի կողմից շատ կարևոր գործով։ Շփոթված ծառայողը որոշեց դիմել իր վերադասներին։ Մի քանի րոպե անց նա ժպտալով վերադարձավ և ուղեկցեց Վարդանին կապույտ պաստառներով պատված նախասրահը, ուր փակցված էր Գևորգ Հինգերորդի դիմանկարը։
— Պարոն քարտուղարը ազատվելուն պես ձեզ կընդունի։ Իսկ մինչ այդ որևէ բան կցանկանայի՞ք։ Խմի՞չք։ Թե՞յ։ Սո՞ւրճ։
Վարդանը հրաժարվեց, սակայն քիչ անց ափսոսաց, քանի որ ստիպված եղավ սպասել երեք քառորդ ժամ։ Դևիդ Պուտնամը վերջապես եկավ։ Կարճ կտրած ալեխառն մազերով, շիկահեր բեղերով՝ նա նախկին զինվորականի չոր շարժուձև ուներ, սակայն խոսում էր բարյացակամ տոնով և ջերմ ձայնով։ Նա թեյ հյուրասիրեց իր այցելուին և անթարթ լսեց նրա պատմությունը։ Վերջում գլխով արեց և իր համակրանքն արտահայտեց պարզապես ասելով.
— Այ քեզ պատմություն։
Հետո նա գլանատուփ հանեց գրպանից, որի վրա փորագրված էր՝ Թագավորական նավատորմիղ.
— Ծխախո՞տ։
Հրահանը գրպանը դնելով նա ասաց.
— Դուք դեռևս դիմում չեք գրել, սակայն ենթադրում եմ, որ դուք հույս ունեք մեր օգնությամբ հասնելու ձեր կնոջ և որդու ազատ արձակմանը։ ճի՞շտ է։
— Ազատ արձակմա՞նը,— զարմացավ Վարդանը։— Նրանք հանցագործներ չեն։ Նրանք պատանդ են։
— Ես հենց դա էլ ուզում էի ասել,— պատասխանեց Դևիդ Պուտնամը, անհարմար զգալով։— Հավատացեք, պարոն Պալյան, որ ես ցավում եմ ձեր դժբախտության, ինչպես նաև ձեր ժողովրդի դժբախտությունների համար։
— Շնորհակալություն, պարոն Պուտնամ։ Դուք ճիշտ եք կռահել, ես հույս ունեմ, որ Նորին պայծառափայլության հպատակները կմիջնորդեն Այնթապի գավառապետի մոտ։
— Կփորձենք, սակայն դա այդքան էլ հեշտ չէ։ Նա գավառապետ է։
Դեսպանատան քարտուղարի ձայնի մեջ որոշ անվստահություն կար, որը զարմացրեց Վարդանին։
— Ձեր բանակը վերահսկում է այդ շրջանը, այդպես չէ՞։
— Վերահսկել, դեռ վաղ է այդպես ասել։ Մենք նոր-նոր հաստատվում ենք Կիլիկիայում, և մեր մարդիկ այնտեղ շատ զգույշ են։ Սուլթանի բանակը դեռևս զորացրված չէ, օսմանյան պաշտոնյաները մնում են իրենց պաշտոններին, կատարյալ խառնաշփոթ է։ Գավառապետ Ռըզան ազդեցիկ մարդ է, և մենք նրա կարիքն ունենք։
— Հետևաբար դուք նրան խնայելու եք։
— Այո,— պատասխանեց Դևիդ Պուտնամը խորամանկ ժպտալով։
Վարդանը սեղմեց բազկաթոռի արմնկակալները ինքնատիրապետումը չկորցնելու համար, սակայն չկարողացավ թաքցնել իր վրդովմունքը։
— Այդ մարդը մասնակցել է հայերի տեղահանություններին, որոնք ջարդերի պատճառ են դարձել։ Նա նույնիսկ այդ տեղահանությունների կազմակերպիչն էր իր գավառում։ Եվ դուք համագործակցո՞ւմ եք նրա հետ։
Քարտուղարը հանգստացնող շարժում արեց.
— Մենք այլ ելք չունենք... այս պահին։ Պատերազմի հանցագործները կպատժվեն, ինչպես դաշնակիցները տեղյակ էին պահել Բարձր դռանը հենց սկզբից։ Իսկ Ռըզա բեյի հանցագործ լինելը կպարզեն դատավորները։ Ամեն դեպքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների այդ մարդը հովանավորել է ձեր հայրենակիցներից շատերին... այդ թվում նաև ձեր կնոջն ու որդուն։
Վարդանը ներքուստ եռում էր։ Սակայն նա չպետք է վաներ այդ մարդուն, որն այս պահին միակն էր, որ կարող էր իրեն օգնել։ Նա անվրդով ասաց.
— Ես չեմ դատապարտում Ռըզա բեյին, առավել ևս չեմ հանդիմանում անգլիացիներին նրա հետ համագործակցելու համար։ Միակ բանը, որ ուզում եմ, իմ հարազատներին գտնելն է։
— Դա լիովին հասկանալի ցանկություն է, պարոն Պալյան,— համաձայնեց Պուտնամը, գոհ մնալով, որ այցելուն ողջամտություն էր ցուցաբերում և խուսափում էր աղմուկ բարձրացնելուց։— Իսկ ես, անձամբ, կհետևեմ գործի ընթացքին։ Ես անթույլատրելի եմ համարում, որ այդ գավառապետը ձեր կնոջը գերի պահի իր հարեմում։
Վարդանն առանց աչքը թարթելու լսեց այդ նախադասությունը, որը վիրավորում էր նրա ինքնասիրությունը։ Քարտուղարը շարունակեց.
— Ես ասում եմ, որ նրան պետք է խնայել։ Հետևաբար խոսք անգամ չի կարող լինել նրա տուն զինվորների դասակ ուղարկելու մասին, ձեր ընտանիքը ազատագրելու համար։ Մենք պետք է խուսափենք նրան իր հայրենակիցների աչքում վարկաբեկելուց։
Վարդանը գլխով արեց։ Նա հասկանում էր այդ դիրքորոշումը, չնայած այն իրեն վրդովում էր։ Պուտնամը կռահեց նրա հոգեվիճակը և բարյացակամորեն ասաց.
— Ճիշտ է, սիրտը չի ենթարկվում Պետության շահերին, բայց համաձայնեք, որ երեք տարի սպասելուց հեստ ևս երեք շաբաթ սպասելը սարսափելի չէ։
— Համաձայն եմ։
Դեսպանատան խորհրդականը ոտքի կանգնեց և ձեռքը մեկնեց իր այցելուին, այդպիսով ցույց տալով, որ հանդիպումն ավարտված էր։
— Վստահեք մեզ, պարոն Պալյան, մենք կվերադարձնենք ձեր ընտանիքը։ Դռնապանին թողեք ձեր հասցեն, որպեսզի կարողանամ ձեզ հետ կապվել։
Վարդանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց և ասաց, որ ինքը երբեմն զանգ կտա նորություններ իմանալու համար։
— Համեցեք։
Տիրանի տան մոտ գտնվող սրճարանում, ուր նրանք ժամադրվել էին եղբոր հետ, ազատ տեղեր կային միայն խորքում, պատի տակ։ Սրճարանը լեցուն էր տուն ճաշի վերադառնալուց առաջ մեկ բաժակ խմիչք խմելու եկած տղամարդկանցով և շատ աղմկոտ էր։ Վարդանը վերմուտ պատվիրեց, մտովի վերանայեց Պուտնամի հետ խոսակցությունը, և դա նրան չհանգստացրեց։ Պետական շահ։ Ի՞նչ կշիռ կարող էին ունենալ կինն ու ինը տարեկան երեխան դիվանագիտական խաղերի կողքին։ Նա չէր կարող զուգահեռ չտանել իր և իր ժողովրդի վիճակի միջև։ Ինչպիսի՞ փոփոխություններ կկրեն դաշնակիցների գեղեցիկ ճառերը անկախ մեծ Հայաստանի մասին, երբ կգա Օսմանյան կայսրության ապագան վճռելու հարցը։ Այդ ժամանակ ի հայտ կգան այնքան իրարամերժ շահեր։ Եվ դարձյալ դիվանագիտությունը...
Քեռորդին եկավ կես ժամ անց։ Վարդանը նրա հետ կիսեց իր մտահոգությունները։
— Հնարավորություն ընձեռիր անգլիացիներին ցույց տալու, թե ինչի են նրանք ընդունակ,— պնդեց նա։
— Ուզում եմ ինքս այնտեղ գնալ և զբաղվել այդ գործով։
— Ճիշտ եմ ասում, դու գիժ ես։ Ժամանակ կար, երբ դու ինձ անգիտակից և անխելք էիր համարում։
— Մարոն ու Թովմասը միակն են, ինչ ես ունեմ, Տիրան։
— Եթե հայտնվես Այնթապում, կարող ես նրանց ընդմիշտ կորցնել։ Գավառապետ Ռըզան շատ լավ առիթ կունենա քեզ ոչնչացնելու և կառավարությունը չէ, որ կհանդիմանի դրա համար։
Վարդանը ստիպված էր համաձայնել, որ եղբայրն իրավացի էր։ Վերջինս շարունակեց.
— Հնարավորություն տուր անգլիացիներին գործելու։ Իսկ եթե նրանք անհաջողության մատնվեն, ես քեզ հետ Այնթապ կգամ, երդվում եմ։ Երկուսս և մի քանի բարեկամներ...
Վարդանը գլխով արեց։ Ինքը պետք է իր դժբախտությանը դիմանար։
Քիչ անց նրանք դուրս եկան սրճարանից հունական ռեստորան գնալու համար, ուր Տիրանը հաճախ էր ճաշում։ Սովորականի պես Բերայի գլխավոր փողոցը մարդաշատ էր, իսկ խանութները փակվում էին։ Ռեստորանները լցվում էին այցելուներով, գիշերային ակումբները նախապատրաստվում էին ընդունել իրենց այցելուներին, իսկ մարմնավաճառները իրենց տեղերն էին գրավում փողոցների անկյուններում։
Սուր հայացքով մի թուրք, որը նրանց էր հետևում սրճարանի մոտից, տեղավորվեց ռեստորանի խորքում։
— Այս մարդը սրճարանո՞ւմ էր,— հարցրեց Վարդանը հետաքրքրված։
Գուցե նրանք իր հե՞տքն էին հայտնաբերել։ Իշխանությունները չէին կարող իմանալ իր ով լինելը։ Ամեն դեպքում Հակիի փաստաթղթերը մոտն էին։ Այդուհանդերձ, մի քիչ անհանգստանալով, նա ասաց.
— Ինձ թվում է, որ նա մեզ զննում է։
Տիրանը բարձրաձայն ծիծաղեց.
— Քեզ թվո՞ւմ է։ Նա ստվերի պես ինձ է հետևում։ Ոստիկան է, կամ պետական անվտանգության գործակալ։
— Դա քեզ բոլորովին չի՞ անհանգստացնում։
— Հավանաբար, ինձ հետևելն այս մարդու համար սովորություն է դարձել։ Ես այլևս վտանգավոր չեմ նրանց համար, հատկապես, որ նրանք պարտվել են։ Հակառակը, ես օգտակար եմ նրանց։
— Չեմ հասկանում։
— Արդեն հինգ ամիս է, ինչ այստեղ է Հայաստանի Հանրապետության մի պատվիրակություն։ Ես աշխատում եմ նրանց և Կոստանդնուպոլսի խառը կոմիտեի հետ։ Ավելի պարզ, ես բանակցում եմ կառավարության հետ, որը հետևաբար իրավազոր չէ ինձ բանտարկելու իր ոստիկանության միջոցով։
— Իսկ այդ բանակցությունները որևէ բան տալի՞ս են։
— Նոր կառավարությունը որոշակի ճկունություն է ցուցաբերում։
— Կարծում ես նրանք անկե՞ղծ են,— կասկածանքով հարցրեց Վարդանը։
— Հիմա՝ այո, սակայն շատ շուտ կարող են փոխել իրենց տեսակետները։ Հարկավոր է նրանց խոսքի վրա բռնել և որքան կարելի Է շուտ ներքաշել արևմտյան տերությունները։
— Նրանք նույնպես կարող են արագ փոխել իրենց տեսակետը։
Վարդանը քեռորդուն վստահեց այն կասկածները, որ ծագել Էին բրիտանական դեսպանատան քարտուղարի հետ հանդիպումից հետո։ Տիրանը սկզբում փաստարկներ բերեց այդ խոսքերի դեմ, որոնք պարտվողական Էր համարում, հետո հառաչեց.
— Ճիշտն ասած, ես նույնպես դրա մասին մտածել եմ։ «Հայկական հարցը» մոդայիկ Է օտար մայրաքաղաքներում, սակայն նրանք շատ շուտ մեզ կմոռանան։
— Ես դրանից եմ վախենում։ Հայաստանը ծանրակշիռ փաստարկ չի լինի խաղաղության բանակցություններում։
— Ճիշտ Է։ Ուստի անհրաժեշտ Է, որ արևմտյան թերթերում հայտնվեն հոդվածներ, որոնք կհիշեցնեն արևմտյան տերություններին իրենց խոստումները և իրենց պարտավորությունները։ Դու պետք Է սկսես գրել, Վարդան։
— Պետք Է ուղիներ գտնել այդ հոդվածների համար։
— Ես այդպիսի մարդ ունեմ։ Ուիլյամ Դևսոնը ամերիկացի լրագրող Է, որը համակրում Է մեր գործին։ Ահա։ Աչքերդ փայլեցին։ Ոգևորվո՞ւմ ես, ինչպես տասը տարի առաջ։
— Ոչ, Տիրան։ Ես կորցրել եմ առաջադիմության հանդեպ այն միամիտ հավատը, որ մենք ունեինք այն ժամանակ։
Տիրանը գերադասեց չպատասխանել։ Նա բարձրացրեց մատուցողի բերած վերմուտի բաժակը և շշնջաց.
— Հայաստանի կենացը։
Նրանք մի քանի անգամ խմեցին այդ կենացը։
Последний раз редактировалось Lusine1101 03 май 2017, 17:42, всего редактировалось 8 раз(а).

Алла Пятигорск это нравится.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:24

ԳԼՈՒԽ 16


Մաս 84


Դևիդ Պուտնամը լուսամուտի մոտ կանգնած նայում էր, թե ինչպես էին թափվում ձյան թաց և ծանր փաթիլները, որոնք գետնին հասնելուն պես հալչում էին։ Դա հազվագյուտ երևույթ էր Կոստանդնուպոլսի համար։ Նա նյարդային շարժումով թափ էր տալիս ծխախոտի մոխիրը, որը թափվում էր բազմոցի վրա։ Նյարդայի՞ն։ Ավելի շուտ չարացած, որ ստիպված էր վատ լուր հաղորդողի դերը խաղալ։ Դռնապանը ներս բերեց գերգրգռված Վարդանին, որը մտնելուն պես հարցրեց.
— Ես ստացա ձեր ուղերձը, պարոն Պուտնամ։ Հետո՞։
— Բարև ձեզ, պարոն Պալյան։
Քարտուղարն իր այցելուին ցույց տվեց բազկաթոռը և ծխախոտը հանգցրեց մոխրամանի մեջ։ Լարված կեցվածք ընդունելով՝ նա մի քանի վայրկյան նայեց Նորին պայծառափայլության դիմանկարին և վերջապես որոշեց խոսել։
— Ես չեմ ձգձգի։ Գավառապետ Ռըզա բեյը պնդում է, որ նա օրինական կերպով ամուսնացել է ձեր կնոջ հետ, որը ցանկանամ է մնալ Այնթապում։
— Դա անհեթեթությո՜ւն է,— գոչեց Վարդանը,— անհնարի՜ն։
— Միգուցե,— անդրադարձեց Պուտնամը։— Դուք ձեր կնոջն ավելի լավ եք ճանաչում, քան ես։
— Այո։ Նա այդպես չէր վարվի։
— Այնուամենայնիվ երեք և կես տարի է անցել։
Այդ խոսքերից Վարդանը վեր թռավ։
— Պարոն Պուտնամ, ես ձեզ արգելում եմ նման բաներ հորինել։
— Ես չեմ հորինում, պարոն Պալյան, այլ փորձում եմ հասկանալ։ Ձեզնից բացի, ես այս պատմության գործող անձանցից ոչ մեկին չեմ ճանաչում։
Ձեռքի շարժումով Վարդանը հասկացրեց, որ միջադեպը մոռացված է։
— Ես նույնպես փորձում եմ հասկանալ։ Ձեր ներկայացուցիչն իմ կնոջ հե՞տ է խոսել։
— Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Ես նրանից կհարցնեմ։
Այդ պատասխանը մի քիչ հանգստացրեց Վարդանին։
— Հիմա ես գիտեմ, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ հասկանալի է։ Մարոն ոչինչ չգիտի։ Դա ապացուցում է, որ նա պատանդ է։
— Դուք հավանաբար իրավացի եք,— ասաց Դևիդ Պուտնամը՝ նստելով բազկաթոռին, Վարդանի դիմաց։ Այդ Ռըզա բեյը երևում է ճարպիկ մարդ է, շատ ջերմ, սակայն շատ խորամանկ։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ նա միաժամանակ մի քանի խաղ է վարում։ Այս պահին նա մեզ պետք է։
Դեսպանատան քարտուղարը նայեց ուղիղ Վարդանի աչքերի մեջ և ավելացրեց.
— Ես շատ անհարմար վիճակում եմ, պարոն Պալյան։ Դուք բավականաչափ լավ գիտեք քաղաքական գործընթացը, որպեսզի չհասկանաք, որ ես չեմ կարող վնասել իմ կառավարության շահերին... անձնական գործի համար։
Վարդանը շատ լավ էր հասկանում։ Նա ցրված խաղում էր իր բեղով և ծրագրեր էր կազմում։ Պուտնամին թվաց, որ ինքը կռահեց Վարդանի հղացած միտքը.
— Դուք չե՛ք կարող, պարոն Պալյան։ Եթե գնաք և այնտեղ պատմություններ սարքեք, ապա իմ հովանավորության վրա հույս չդնեք։ Եվ բացի դրանից, մտածեք ձեր հայրենակիցների մասին, որոնք վերադարձել են տարագրությունից և փորձում են Կիլիկիայում նոր կյանք սկսել։ Այդ շրջանը շատ պայթյունավտանգ է։ Ձեր արարքը հաջողությամբ ավարտվի, թե ոչ, կարող է ամեն ինչ խաթարել։
Այդ փաստարկը անհանգստացրեց Վարդանին։ Պուտնամն ավելացրեց.
— Ձեր իրավիճակում ամենալավ տեղը մայրաքաղաքն է։
— Ի՞նչ եք ուզում ասել,— հարցրեց Վարդանը զարմացած։
— Դուք հասկանում եք, որ ես չեմ շփվում մարդկանց հետ առանց նրանց մասին տեղեկություններ հավաքելու։ Ձեր հոդվածներն արևմտյան թերթերում... մահապատժի դատապարտված լինելը Սվասում 1915 թ. ... Ներքին գործերի նախարարությունում դուք շարունակում եք դիտվել որպես ապստամբ։ Գանի բեյը...
— Այդ մարդը բազմաթիվ հանցագործություններ է կատարել հայերի դեմ, և եթե մեզնից կախված լիներ, ապա նա շատ շուտով դատարանի առջև կկանգներ։
—— Գիտեմ, սակայն նա դեռևս իշխանություն ունի։ Նա տեղյակ է, որ դուք մայրաքաղաքում եք, ինչպես նաև գիտի, որ կապեր եք պահպանում մեզ հետ։ Այստեղ նա ոչինչ չի փորձի անել ձեր դեմ, սակայն եթե հեռանաք Կոստանդնուպոլսից և գնաք երկրի խորքը...
Վարդանն իրեն ծուղակի մեջ էր զգում։ Ինքը պարտադրված էր հույսը դնել բրիտանացիների վրա, որոնք ոչ մի արդյունքի չէին հասել երկու ամսվա ընթացքում։ Նա քմծիծաղ տվեց.
— Սպասել։ Անվերջ սպասե՜լ։ Դուք դա՞ եք ինձ խորհուրդ տալու, պարոն Պուտնամ։
Չնայած նրա հեգնական տոնին, դեսպանատան քարտուղարը սիրալիր ժպտաց.
— Նոր հանգամանքներ կան, պարոն Պալյան։ Ռըզա բեյը Կոստանդնուպոլիս է գալու այս երկու շաբաթվա ընթացքում, ավելի շուտ հունվարի 27-ին։ Ես անձամբ դիմավորելու եմ նրան «Հեյդար փաշա» կայարանում։ Վստահեք ինձ, ես համապատասխան փաստարկներ կգտնեմ նրան համոզելու, որպեսզի ազատ արձակի ձեր կնոջն ու որդուն։
Այդ նորությունը չափազանց հետաքրքրեց Վարդանին, սակայն նա ցույց չտվեց և բաժանվեց Դևիդ Պուտնամից՝ նրան վստահեցնելով, որ ինքը մեծ հույսեր էր կապում նրա անձնական միջամտության հետ։ Իրականում նրան թվում էր, որ այդ քայլը ի սկզբանե անհաջողության էր դատապարտված, և ամբողջ օրը, հիվանդանոցում դեղեր պատրաստելիս, տարբեր տեսանկյուններից դիտարկում էր այն միտքը, որը ծագել էր նրա գլխում, առևանգել Ռըզա բեյին և նրան փոխանակել Մարոյի ու Թովմասի հետ։ Դա վտանգավոր էր, միգուցե և անհնարին, քանի որ Կոստանդնուպոլսի բոլոր ոստիկանները կարող էին ընկնել իր հետևից, սակայն Վարդանն այլ լուծում չէր գտնում։ Եվ այն ամենը, ինչ նրան շատ բարդ էր թվում սկզբում, շատ հեշտ էր դառնում, երբ նա պատասխանում էր բոլոր այն հարցերին, որոնք ինքն իրեն առաջադրում էր։ Անսպասելիության գործոնը պետք է իր դերը կատարեր։ Մի քանի վստահելի համագործակիցների առկայությունը և բանտարկյալին պահելու վայրը բավական էին։
Այդ երեկո Վարդանը մնաց տանը, ուր ապրում էր իր քեռորդու հետ և քարտեզի դիմաց կանգնած, ավարտուն դարձրեց իր ծրագիրը։ Տիրանը վերադարձավ կեսգիշերից հետո, թեթևակիորեն հարբած։
— Դատավարությունները շուտով կսկսվեն։ Ափսոս, որ դու մեզ հետ չէիր այդ իրադարձությունը նշելիս։
Տեսնելով Վարդանի մտահոգ դեմքը՝ նա դադարեց ժպտալ։
— Ի՞նչ է պատահել։
— Անգլիացիներին չի հաջողվում ազատել Մարոյին ու Թովմասին։ Դու ինձ խոստացել էիր քո օգնությունը։
— Ճի՛շտ է,— ասաց Տիրանն իսկույն սթափվելով։
Նա աթոռը մոտեցրեց սեղանին, նստեց և ձեռքերը դրեց թիկնակին։
— Լսում եմ քեզ։
Վարդանը շարադրեց իր ծրագիրը։ Տիրանը ոգևորություն չցուցաբերեց, այլ հակառակը։ Նա բռնեց քեռորդու ուսը և հարցրեց բարեկամաբար.
— Ասա ինձ, Վարդան, երբևէ չե՞ս մտածել, որ կարող է Մարոն ցանկություն չունի վերադառնալու։
Վարդանը կտրուկ շարժումով ազատվեց նրա ձեռքից։ Նա բարկացած էր։
— Տիրան, դու հարբած ես։
— Ամենևին։ Ես քեզ հետ խոսում եմ եղբոր պես, Վարդան։ Դու ինձ հազար անգամ կրկնել ես, որ յուրաքանչյուր հարց պետք է քննել բոլոր տեսանկյուններից։ Դե քննի՜ր։ Գոնե մտածե՞լ ես այս հնարավորության մասին։
— Ես հրաժարվում եմ այն դիտարկել։ Մարոն կարո՞ղ էր այդպես վարվել, ի՞նչ ես կարծում։
— Դու իրավացի ես, չէր կարող։ Սակայն...
Նա շփոթված շարժում արեց։ Վարդանը կտրուկ ասաց.
— Մտքինդ ասա՜։
— Պատկերացրու իրավիճակը,— անվստահ շարունակեց Տիրանը։— Այդ մարդը անխուսափելի մահից փրկում է նրան ու Թովմասին։ Նա ամենակարող է, հանդես է գալիս որպես հովանավոր... Մարոն համոզված է, որ դու մահացել ես... Սկզբում նա պետք է վերապրեր Թովմասի հետ միասին, սակայն երեք տարվա ընթացքում, կարծելով, որ ինքն այրի է... Իսկ ինչպիսի՞ մարդ է նա։
— Ես չգիտեմ և չեմ ուզում իմանալ,— անդրադարձեց Վարդանը վրդովված։
Նա տեղից վեր կացավ ծխախոտի պարկն ու թուղթը վերցնելու։ Տիրանը գնաց խոհանոց հանքային ջուր բերելու։
Եղբոր խոսքերը պտտվում էին Վարդանի գլխում։ Նման իրավիճակ հնարավոր էր, սակայն ցանկացած այլ կնոջ դեպքում։ Իսկ ինչո՞ւ Մարոն պետք է բացառություն կազմեր։ Միայն այն պատճառով, որ ինքը չէ՞ր կարողանում նրան պատկերացնել այլ տղամարդու գրկում։
Ցրված տեսքով նա ծխախոտ փաթաթեց։ Արուսյակը, որի մահը նա դեռ սգում էր... Չէ՞ որ ինքը սիրում էր նրան առանց Մարոյին մոռանալու։ Եթե Արուսյակին չսպանեին, ապա ինքը ստիպված կլիներ ընտրելու նրանցից մեկին։ Ոչ, ինքն իրավունք չուներ Մարոյին հանդիմանելու։
Երբ Տիրանը սենյակ մտավ, Վարդանը հանգիստ ծխում էր՝ ուսումնասիրելով սեղանին փռած քարտեզը։ Տիրանը նրա առջև մի բաժակ կոնյակ դրեց։
— Ես մտածեցի, որ սա ավելի տեղին է, քան հանքային ջուրը։ Հետո՞։
— Ի՞նչը։
— Եթե պարզվի, որ Մարոն...
— Վճիռն ինքը պետք է ընդունի,— պատասխանեց Վարդանը հանգիստ և չեզոք ձայնով։— Սակայն նա պետք է կարողանա այդ ընտրությունն ազատ անել։ Եվ ինչ որոշում էլ նա կայացնի, ես ուզում եմ, որ Թովմասն ինձ հետ լինի։ Նա իմ որդին է։
Բավարարվելով այդ դիրքորոշմամբ՝ Տիրանը մի բաժակ կոնյակ խմեց և սուլեց.
— Առևանգել գավառապետի, վտանգավոր բան ես մտածել։ Ծրագիր ունե՞ս։
— Դու պետք է ինձ համար մարդ ճարես։
Նա մատը դրեց Մարմարա ծովից արևելք ընկած մի կետի վրա։
— Ադաբազարը հարյուր հիսուն կիլոմետրի վրա է։ Գնացքն այնտեղ կես ժամ է կանգնում ջրի պաշար վերցնելու և ապրանքափոխանակության համար։ Նախորդ կայարանում՝ Էսկիշեհիրում, Ռըզա բեյը հեռագիր կստանա, որ գյուղատնտեսության նախարարը ցանկանում է նրա հետ մի քանի րոպե խոսել Ադաբազարի կայարանում։ Դու նախարարը կլինես, Տիրան։ Մենք Ռըզա բեյին կնստեցնենք քո մեքենան և նրա հետ կհեռանանք։
Տիրանը, անվստահ տեսքով, քարտեզին էր նայում.
— Մի քիչ կոպիտ է։
— Հետևաբար բոլոր հնարավորություններն ունենք հաջողության հասնելու։ Ինչո՞ւ նա պետք է կասկածի։
Տիրանը ծոծրակը քորեց և մտածեց։ Թերևս Վարդանն իրավացի էր, գավառապետն այդ ծուղակը կընկներ։ Սակայն ոչ Վարդանը, ոչ էլ ինքն այդպիսի գործողությունների փորձ չունեին։ Վարդանը շարունակեց վստահ տոնով.
— Մենք երկու մեքենայի կարիք կունենանք, որոնցից մեկը պետք է շքեղ լինի։
— Հույս ունեմ, որ դու քեզ հաշիվ տալիս ես, որ այդ կայարանին հասնելը անհույս ձեռնարկում է։ ճանապարհը գրեթե անանցանելի է։
— Դա մայրաքաղաքից առաջ վերջին կայարանն է։ Մեզ պետք է միանան ևս երեք տղամարդ։ Անհրաժեշտ է ևս մեկ մեքենա՝ պատանդին այնտեղ նստեցնելու համար։ Դու կարո՞ղ ես այդ ամենը ճարել։
— Իհարկե։
Տիրանը պատասխանեց առանց տատանվելու։ Այդ գաղափարը հետզհետե նրան ավելի էր դուր գալիս։ Վերջապես կոնկրետ գործողություն։
— Ես կդիմեմ նվիրված մի ընկերոջ, որը երկու մեքենա է վարձակալում։ Կարծում եմ, նա կուզենա մասնակցել այս գործին։ Կան նաև մի երկու պինդ տղաներ, որոնց քո գաղափարը դուր կգա։
— Ես նրանց լավ կվճարեմ,— ասաց Վարդանը։
— Երբ իմանան մեր դրդապատճառները, նրանք չեն համաձայնի դրամ վերցնել։ Նրանք կօգնեն համապարտության զգացումից։ Անհաջողության դեպքում մեզ զենք պետք կգա։
Ոգևորվելով Վարդանի ծրագրից, Տիրանը կատակում էր։
— Ընկերներիդ կասես, որ գնացք չենք պայթեցնելու կամ ոստիկանատան վրա չենք հարձակվելու։ Չեմ ուզում, որ մեծ աղմուկ բարձրանա, հակառակը՝ լիակատար գաղտնիություն։ Հիշիր, որ դրանից է կախված Մարոյի և Թովմասի ազատությունը։ Ուստի գտիր այնպիսի մարդկանց, որոնց նյարդերը պինդ են և որոնք կառավարում են իրենց, խելագարներ չեմ ուզում։
— Այո, այո,— խոստացավ Տիրանը։— Ի՞նչ կասեիր Սկյուտարի մասին, որպես բանտարկության վայր։ Այն ասիական մասում է։ Արվարձան, ուր հիմնականում հայեր են ապրում։ Մենք այնտեղ շատ կողմնակիցներ ունենք, և մերոնցից շատերն այնտեղ ապաստան են գտել վերջին տարիների ընթացքում: Ոստիկանությունն ավելի շուտ կփնտրի Ադաբազարի շրջակայքում։
— Հոյակապ է,— ասաց Վարդանը՝ քարտեզը ծալելով։— Գիտեի, որ կարող եմ հույս դնել քեզ վրա։
— Եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, ի՞նչ ես մտադիր անել, երբ գավառապետը մեր ձեռքում լինի։ Կդիմես անգլիացիների՞ն։
— Գերադասում եմ նրանց հետ չկապվել։ Դևիդ Պուտնամը խոսում էր «անձնական պատմության» մասին, ուստի ամեն ինչ կկատարվի անձնական կարգով։ Որևէ մեկը պետք է Մարոյին ու Թովմասին Կոստանդնուպոլիս բերի, և փոխանակումը կկատարվի որևէ գաղտնի վայրում։
Վարդանը վերցրեց կոնյակի բաժակը, որին նա դեռևս չէր դիպել և խմեց՝ նայելով քեռորդու աչքերի մեջ։ Նա ժպտում էր։
Տիրանը փռթկաց.
— Վարդան Պալյան՝ հրոսակախմբի առաջնորդ։ Ես երբեք չէի հավատա։ Քեզ բոլորովին նման չէ։
—– Ես շարունակում եմ դեմ լինել բռնությանը, Տիրան։ Հանգամանքներն են ինձ ստիպում անձամբ հետամուտ լինելու արդարությանը։
— Դա հոդվածներ գրել չէ, Վարդան։ Գիտակցո՞ւմ ես։
— Ես երեք տարի շարունակ Անատոլիայով մեկ փնտրել եմ Մարոյին ու Թովմասին, իսկ այժմ, երբ գիտեմ, թե որտեղ են նրանք, ոչնչի առջև կանգ չեմ առնի։
— Ռըզա բեյը կուզենա վրեժխնդիր լինել։ Առևանգումը հանցագործություն է, և Արևմուտքի ներկայացուցիչները ոչ մի պատճառ չեն ունենա խանգարելու սուլթանի կառավարությանը քեզ պատժելու։ Եվ դուք երեքդ ստիպված կլինեք թաքնվել։
Այդ հեռանկարը կարծես թե չհուզեց Վարդանին։
— Ես մի փոքր գաղափար ունեմ, որի շնորհիվ ոստիկանությունը պետք է որ չխառնվի այս գործին։ Եթե այն իրեն չարդարացնի, ապա ես իմ ընտանիքի հետ կհեռանամ երկրից։
Նա նայեց Տիրանի աչքերին.
— Դու տատանվո՞ւմ ես։ Կգերադասեիր ձեռնպա՞հ մնալ։ Ես քեզ կհասկանամ։
— Ես կգերադասեի, որ ինձ քառատեին։ Ի վերջո խոսքը Մարոյի և Թովմասի մասին է։
Վարդանը նրան սեղմեց իր գրկում և ասաց.
— Հայս ունեմ՝ որ չեմ ափսոսա, որ քեզ ներքաշել եմ այս պատմության մեջ։
— Ես երբեք չէի համաձայնի զրկվել քեզ հետ աշխատելու բերկրանքից։
Առևանգման այս պատմության մեջ Տիրանը տեսնում էր իրենց ուսանողական տարիների արկածների շարունակությունը։ Վարդանն անհանգստացավ, զգալով, որ եղբայրն այդ պատմությունն ընկալում էր որպես զվարճանք, և ինքն իրեն խոստացավ, որ կհետևեր նրան և կաշխատեր, որպեսզի ոչինչ իր աչքից չվրիպեր։ Այդ գիշեր նա դժվարությամբ քնեց, մտովի ստուգելով իր ծրագրի յուրաքանչյուր փուլը, փնտրելով թույլ օղակները և կազմելով ճշգրտման կարիք ունեցող մանրամասների ցանկը։ Կամաց—կամաց ոգևորությունը տիրեց նրան, վերջապես նա այն տպավորությունն ուներ, որ իր ճակատագիրն իրենից էր կախված։

Մաս 85


Փափազյանի ավտոմեքենան՝ վերջին մոդելի «Ռենոն», որը հանգիստ կարող էր գյուղատնտեսության նախարարի մեքենայի տեղ անցնել, կանգ առավ քաղաքի ծայրամասում՝ ասիական ափին։ Դա երկրորդ մեքենայի հետ հանդիպման վայրն էր, որր հենց այդ պահին անցնում էր Բոսֆորը ձկնորսական մի նավի կապված լաստանավով։ «Ռենոն» նույն ձևով էր անցկացվել ասիական ափ գիշերով Փափազյանի եղբոր կողմից, որը ձկնորս էր Գումգափուամ՝ Մարմարա ծովի հյուսիսային ափին գտնվող մի արվարձանում։
Վարդանը դուրս եկավ մեքենայից մի քիչ քայլելու համար։ Նրան հետևեց Հակոբը՝ Տիրանի ընկերը, որին վերջինս ընտրել էր որպես ազգային անվտանգության գործակալի դերակատար։ Ճամփեզրին աճող ծառերի մերկ ճյուղերի մեջ սուլում էր քամին, իսկ մթության մեջ, ոչ հեռու շառաչում էր Մարմարա ծովը։ Մեքենայի ղեկի դիմաց նստած Փափազյանը մի ծխախոտ փաթաթեց, հետո իջեցրեց ապակին ծուխը դուրս թողնելու համար։ Նա հայացք գցեց իր գործընկերների վրա, որոնք հայտնվեցին լապտերի լույսի մեջ, և գլխով արեց.
— Դուք շատ նման եք նախարարի և նրա թիկնապահի։ Նույնիսկ սուլթանը կհավատար։
Հակոբը մուգ կոստյում էր հագել և եզրավոր գլխարկ, իսկ Վարդանը մոխրագույն կոստյում, որը նրան շատ ներկայանալի էր դարձնում։
Վարդանը, փրփրած ծովին նայելով, խորը շունչ քաշեց հանգստանալու համար։ Արդեն մեկ շաբաթ էր, ինչ ամեն ինչ պատրաստ էր, և տղամարդկանցից յուրաքանչյուրը կատարելապես գիտեր իր դերը։ Տիրանը լավ կազմակերպիչ էր։ Փափազյանը, հիսուն տարեկան մի հսկա՝ կախ ընկած խիտ բեղերով, շատ հանգիստ մարդ էր, որին ոչինչ չէր կարող հավասարակշռությունից հանել և որը վարում էր մեքենան աչքի ընկնող վարպետությամբ։ Մնացածները՝ Հակոբն ու Ավետիսը, երկուսն էլ երեսունին մոտ, ընդհատակում էին երեք տարի ի վեր և վտանգից չէին վախենում։ Համարելով, որ նրանք ոստիկանների ավելի էին նման, Վարդանը վճռել էր ինքը կատարել նախարարի դերը, իսկ Տիրանը լինելու էր իր քարտուղարը, գնալու էր Ռըզա բեյին գնացքում հանդիպելու և բերելու էր մինչև մեքենան։
Ամեն ինչ արված էր պատահականություններից խուսափելու համար։ Մի քանի օր առաջ Վարդանը ձի էր վերցրել և ուսումնասիրել էր մինչև Ադաբազար տանող ճանապարհն ու կայարանի մատույցները։ Նա այցելել էր նաև այն վայրը, ուր իրենք պետք է պահեին պատանդին։ Այդուհանդերձ նա այնպիսի տագնապի մեջ էր, որ երկու օր չէր կարողանում քնել։ Հնարավոր էր, որ ոստիկանությունը հետևում էր իր գործընկերներին, և ծրագիրը կարող էր ձախողվել, ինչպես նաև գավառապետը կարող էր լավ թիկնապահներ ունենալ, կամ էլ ուրիշ գնացք նստել։ Վարդանը գիտեր, որ ձախողումը զրոյի կհավասարեցներ Մարոյին ու Թովմսաին վերագտնելու իր հնարավորությունները։
Հակոբը դիպավ նրա ուսին և ասաց.
— Ի՞նչ ես մտածում։
— Ճանապարհը երկար է և վատ վիճակում։ Ցավալի կլիներ, եթե մեքենայի խափանման պատճառով...
— Մի մտածիր, բարեկամ, ամեն ինչ լավ կանցնի։
— Ես սովոր չեմ նման ձեռնարկումների, իսկ բախտախաղի են դրված իմ ամենաթանկագին էակները,— պատասխանեց Վարդանը։
Հակոբը ծխախոտ վառեց, և հրահանի լույսի ներքո Վարդանը տեսավ նրա նիհար դեմքը, իսկ կկոցած աչքերը ոչ մի հուզմունք չէին արտահայտում։ Հակոբն ասաց.
— Ես արդեն մի քանի շատ ավելի վտանգավոր գործողությունների եմ մասնակցել և կարող եմ ասել, որ դրան երբեք չես սովորում։ Լարումը մեզ զգոն է պահում, ինչը նման է դերասանի հուզմունքին բեմելից առաջ։
Վարդանը հիշեց, որ Հակոբը նախքան քաղաքական ասպարեզ ոտք դնելը պատրաստվում էր նվիրվել թատրոնին և որ նա մի քանի անգամ բեմ էր դուրս եկել։
— Դու թատրոնը չե՞ս կարոտում։
Տղամարդը հումորով նկատեց.
— Սիրելիս, աշխարհը բեմ է, իսկ կյանքը՝ պիես, որը վերջ չունի։ Մենք բոլորս դերասաններ ենք, սակայն հանդիսատես չկա։
Ընթացքը դանդաղեցնող մեքենայի աղմուկը Վարդանին ազատեց պատասխանելու անհրաժեշտությունից։ Երկրորդ մեքենան նույնպես Փափազյանին էր պատկանում, որն այն վարձով էր տալիս մայրաքաղաքում գտնվող օտարերկրացիներին։ Այնտեղ երեք հոգի տեսնելով՝ Վարդանը զարմացավ։ Մոտենալով, նա ճանաչեց Արամին՝ մինչև ականջներն իջնող մեծ գլխարկով։ Տիրանը, որը նստած էր ղեկի մոտ, դուրս եկավ և ուրախ հայտարարեց.
— Մենք պատրաստ ենք, գնացինք։
Վարդանը վրդովված մատնացույց արեց Արամին.
— Սա ի՞նչ է։ Մենք երբեք չենք խոսել նրա մասնակցության մասին։
— Դե լավ... Մտածեցի, որ կարող և օգտակար լինել։ Նա արագաշարժ է, ուժեղ և խելացի։ Նա հաճախ է իմ հանձնարարությունները կատարում կամ էլ մարդկանց է հետևում իմ պատվերով։
Վարդանը փրփրել էր, սակայն իրեն զսպեց։ Նա չէր կարող տղային հետը տանել, սակայն չէր կարող նաև ճանապարհին թողնել։ Նա դուռը բացեց և մատը տնկելով Արամի վրա, որը նստած էր առջևի նստարանին, ասաց.
— Կնստես հետևի նստարանին և տեղիցդ չես շարժվի մինչև Կոստանդնուպոլիս վերադառնանք։ Հասկացա՞ր։
Արամը, մեղավոր տեսքով, ուսերը հակեց, և նրա սև վերարկուն է՛լ ավելի նեղ թվաց։
— Զենք ունե՞ս,— հարցրեց Վարդանը ձեռքը պարզելով։
Տղան, ափսոսանքով, նրան մեկնեց սև ու փայլուն «Լյուգերը»:
— Շատ լավ։ Ավետիսին տուր։
Արամը դիմադրեց.
— Բայց... բայց... սա իմն է։
— Արա, ինչ ասում եմ։
— Իսկ եթե դրա կարիքը զգա՞մ,— հարցրեց Արամը աղերսող տեսքով։
— Պաշտպանության հարցում հույսդ դիր ինձ վրա,— ասաց Ավետիսը, որը նստում էր ղեկի մոտ։
Նա ատրճանակը վերցրեց տղայի ձեռքից, դրեց նստարանի տակ և զվարճացած ժպտաց Վարդանին.
— Արամը շատ խելոք կլինի, երաշխավորում եմ։
Նրա կանաչ աչքերը փայլփլում էին, և նա զարմանալիորեն հանգիստ էր։ Նա մաքուր սափրվել էր և հարդարել էր բեղերը, կարծես պատրաստվում էր պարահանդեսի գնալ, և այդ աննշան մանրուքը թուլացրեց Վարդանի լարվածությունը։
— Ես այլևս երեխա չեմ,— մռայլ հայտարարեց Արամը և, դուրս գալով մեքենայից, միացավ Հակոբին երկրորդ նստարանի վրա։
Վարդանը նրան ասաց մեղմացած ձայնով.
— Համաձայն եմ։ Եվ հիմա եկել է ժամանակն այդ բանն ապացուցելու։
Իր գործընկերների ձեռքերը սեղմելուց հետո Վարդանը միացավ Տիրանին «Ռենոյում»: Փափազյանը օսմանյան դրոշն էր ամրացնում շարժիչի կափարիչի վրա։
— Ադաբազա՞ր, պարոն նախարար,— հարցրեց նա ծաղրական տոնով։
Վարդանը ծիծաղելու տրամադրություն չուներ, բայց Տիրանը միացավ խաղին.
— Քշեք, բարեկամս։ Եվ ջանք թափեք շատ չկեղտոտել Նորին պայծառափայլության մեքենան։
Ձմեռային անձրևներից թրջված ճանապարհը պատված էր խորը փոսերով և «Ռենոյի» զսպանները տնքում էին։ Փոսերը շրջանցելով՝ Փափազյանը քշում էր հնարավորին չափ արագ։
— Դիմացկուն մեքենա է,— ասաց նա վստահ ձայնով, ներքուստ աղոթելով, որ ոչ մի անակնկալ չպատահեր։
Նրան ավելի շատ անհանգստացնում էր իրենց հետևող մեքենան, որն ավելի հին էր և որը վարում էր պակաս փորձված վարորդ։ Նա հաճախակի նայում էր հայելուն, ուր երևում էր հետևի մեքենան։ Ավետիսը բավական լավ էր վարում և շուտով Փափազյանն անհոգ տեսքով սկսեց սուլել։
Վարդանը ստեպ—ստեպ գրպանի ժամացույցին էր նայում։
— Մինչև գնացքի ժասանումը դեռ յոթ ժամ կա,— ասաց Տիրանը, որը հասկանում էր եղբոր հոգեվիճակը։
Փափազյանը շրջվեց և ասաց.
— Իսկ մենք այնտեղ կհասնենք հինգ ժամից։
Գունատ լուսաբացի լույսի ներքո Մարմարա ծովն արտացոլում էր արճճե երկինքը, և դա մռայլ տեսք էր հաղորդում շրջակայքին, ուր ցրված էին հյուղակները։
Կես ճանապարհին Ավետիսի վարած մեքենայի անիվը պայթեց, և անհրաժեշտ եղավ այն փոխել։ Փափազյանը օգտվեց կանգառից վառելիք լցնելու և յուղի մակարդակը ստուգելու համար։ Պատահարը խլեց մոտ կես ժամ, և դա ավելացրեց լարումը, որն արդեն տիրել էր բոլորին, և երբ քիչ անց այծերի հոտը փակեց նրանց ճանապարհը, Փափազյանը պոռթկաց։ Նա անհամբերությամբ սեղմում էր շչակին և, գլուխը լուսամատից հանելով, անպատվեց հովիվներին, որոնք ապշել էին առանց ձիերի շարժվող երկու կառքերի տեսարանից։
Վարդանը թփթփացրեց նրա ուսին.
— Հանգստացեք, վերջին այծերն արդեն անցնում են ճանապարհը։
Կարմրած դեմքով վարորդը ցածրաձայն փնթփնթաց և է՛լ ավելի ուժեղ սեղմեց ղեկը։ Երբ ճանապարհը վերջապես ազատվեց, նա կտրուկ տեղից պոկվեց։
Որքան մոտենում էին իրենց նպատակակետին, այնքան բոլորի լարումն ահագնանում էր, բացառությամբ Վարդանի, որի տագնապը խաղաղվում էր։ Վիճակը նետված էր։ Անխուսափելիության առջև նա այնքան հանդարտ էր, որ նույնիսկ ինքն էր զարմացած։ Նա լիովին կառավարում էր իրեն, սակայն ներքին դող էր զգում:
Ադարազարի ծայրամասում Փափազյանը կանգ առավ նշենիներով շրջապատված աղբյուրի մոտ։ Աղբյուրի շուրջը խմբված քողածածկ կանայք, տեսնելով պաշտոնական մեքենան, ցրվեցին։ Գնացքի գալուն մնացել էր մեկուկես ժամ, եթե, իհարկե, այն չուշանար, իսկ դա շատ հնարավոր էր։ Քանի Փափազյանն ու Արամը մաքրում էին ցեխոտված «Ռենոն», Վարդանը զրուցեց իր գործընկերների հետ՝ որքան համոզվելու, որ նրանց վճռականությունը չէր թուլացել, այնքան էլ յուրաքանչյուրին հատկացված դերը ճշգրտելու համար։
Ադաբազարը՝ փոքրիկ գորշ մի քաղաք, որը շրջապատված էր քարքարոտ դաշտերով, իր հարաբերական բարեկեցությամբ պարտական էր երկաթգծին և կարտոֆիլի մշակությանը։ Այդ օրը շուկայի օր չէր, և այդ խոնավ ու սառը առավոտյան փողոցները դատարկ էին, իսկ տղամարդիկ խմբված էին սրճարանում, ուր վառարան էր վառվում։
Քարածխի մեծ կույտը մասամբ քողարկում էր կայարանը, որը տոլածածկ տանիքով տախտակներից կառուցված և պիստակի գույնի ներկած ուղղանկյունի մի շինություն էր։ Շենքից ոչ հեռու արձակուրդ գնացող կամ էլ զորացրված և տուն վերադարձող մոտ քսան անզեն զինվոր տաքանում էին կրակի շուրջը, որը նրանք թեժ էին պահում շոգեքարշի համար նախատեսված քարածխով։ Բեռնակիրները բարձում էին շարժակազմի վերջին վագոնները սայլերով բերված ապրանքով։ Երկաթգծի երկու ծառայողներ հենվել էին կայարանի պատին և ծխում էին։
Մեքենաները կիսաշրջան կատարեցին և կանգ առան կառամատույցից ոչ հեռու՝ պատրաստ տեղից շարժվելու։ Ճանապարհից բավականին հեռու գտնվելով, նրանք չէին գրավի ուղևորների և գյուղացիների ուշադրությունը։ Փափագյանն անջատեց «Ռենոյի» շարժիչը։ Մեքենաների հայտնվելը հետաքրքրեց զինվորներին և սայլապաններին, սակայն տեսնելով շարժիչի կափարիչին ամրացված դրոշը, նրանք չմոտեցան։ Վարդանն իջեցրեց ապակին։ Երկաթգծի երկայնքով ձգվող հեռագրական լարը դողում էր քամուց։ Տիրանը գրպանից հանեց կոնյակի շիշը և փոխանցեց մնացածներին, իր շուրթերին տանելուց առաջ։ Նրանք լուռ սպասում էին։ Քիչ անց երեք կառք հայտնվեց, որոնցից իջան ուղևորներ իրենց ճամպրուկներով։ Քաղաքից եկած ձի հեծած ոստիկանը պատվի առավ «Ռենոյի» մոտով անցնելիս։ Վարդանն իր բաճկոնի գրպանից հանեց ատրճանակը, որը նրան էր տվել Տիրանը, և դրեց նստարանին։ Նա իրեն զսպեց և չնայեց ժամացույցին, սակայն նրա շարժումը չվրիպեց Տիրանի ուշադրությունից, որը շշնջաց.
— Ավելի քան քառորդ ժամ։
Մի քանի հետաքրքրասերներ մոտեցան՝ տղամարդիկ, տղաներ, ավանակ հեծած գյուղացիներ։
Վարդանին թվում էր, որ ժամանակը շատ դանդաղ էր անցնում։ Գնացքն ուշանում էր. քսան, երեսուն րոպե, ավելի քան մեկ ժամ։ Կհասցնեի՞ն իրենք արդյոք մայրաքաղաք հասնել մութն ընկնելուց առաջ։
Վերջապես լսվեց շչակի սուլոցը, և հորիզոնում ծխի սև քուլաներ հայտնվեցին։ Մնում էր հուսալ, որ Ռըզա բեյը գնացքում էր և ստացել էր հեռագիրը, որը նրան էր սպասում նախորդ կայարանում։ Տիրանը հառաչեց։ Նա դեպի Վարդանը դարձրեց լարված դիմագծերով իր դեմքը։
— Մտածիր Մարոյի ու Թովմասի մասին,— ասաց Վարդանը։— Նրանց ազատությունը մեզնից է կախված։
Տիրանը թուքը կուլ տվեց և ձեռքը ազդրին խփեց.
— Անցավ։ Ես պատրաստ եմ։
Շոգեքարշի աղմուկը լսելի դարձավ։ Հակոբը դուրս եկավ Ավետիսի մեքենայից և դիրք գրավեց կայարանի դռան մոտ՝ պատրաստ չեզոքացնելու յուրաքանչյուրին, ով կուզեր միջամտել։ Տիրանը նրան հետևեց հեռվից և խառնվեց կառամատույցի ուղևորներին։ Գնացքը դանդաղեցրեց ընթացքը, պողպատյա անիվները սահեցին գծերի վրա, իսկ ծխնելույզից գոլորշի դուրս եկավ։ Վարդանը հետ չնայեց, որպեսզի գավառապետը չտեսներ իր դեմքը մեքենային մոտենալիս։ Փափազյանը հայելու մեջ հետևում էր անցուդարձին.
— Տիրանը խոսում է կայարանի պետի հետ։ Լավ է, նա գնում է վագոններից մեկի ուղղությամբ։
Տիրանը, ուժգին բաբախող սրտով, քրտնած ափերով, մոտեցավ այն բաժանմունքին, որը նրան ցույց էր տվել ծառայողը։ Գանգուր մազերով երիտասարդ մի արաբ գլուխը դուրս հանեց և շուրջը նայեց, կարծես ինչ—որ մեկին փնտրեր։
— Ռըզա բեյի բաժանմունքը սա՞ է։
Տղան հաստատող նշան արեց և անհայտացավ ներսում։ Դռնակը բացվեց, և սև կոստյումով բարձրահասակ մի մարդ նայեց Տիրանին տիրական հայացքով։
— Հարգանքներս Ձերդ պայծառափայլություն,— ասաց վերջինս գլուխը թեքելով։
— Բարև ձեզ։
— Ես պարոն նախարարի քարտուղարն եմ։ Նա ձեզ է սպասում մեքենայի մեջ, Ձերդ պայծառափայլություն։
- Ուղեկցիր ինձ,— պատասխանեց գավառապետը, որը վայր ցատկեց կառամատույցին առանց սպասելու, որ Տիրանն իջեցներ աստիճանը։
Երիտասարդ արաբը պատրաստվում էր տիրոջը հետևելու, սակայն Ռըզա բեյը նրան ասաց, որ հսկեր իր իրերը։ Հրամայական շարժումներով Տիրանը մի կողմ էր մղում հետաքրքրասերներին և ուղևորներին գավառապետի ճանապարհը հարթելու համար։ Աչքի պոչով նա տեսավ, թե ինչպես էր Հակոբը հետևում իրենց։ Դա ճակատագրական պահ էր, նույնիսկ ամենաաննշան միջադեպը կարող էր ամեն ինչ խաթարել։ Պատեհ կլինե՞ր, որ ինքը խոսեր գավառապետի հետ։ Վարդանը չէր ասել այդ մասին։ Լռությունը խախտեց Ռըզա բեյը.
— Դուք գիտ՞եք, թե ինչ է ուզում նախարարը։
Պատրաստի պատասխան կար.
— Նախ, նա ուզում է ձեզ ողջունել։ Նա այդ բանը Ստամբուլում կաներ, սակայն նա շրջայցեր է կատարում շրջաններում։ Ուզում է նաև տեղեկանալ ձեր գավառի գյուղատնտեսական արտադրանքի մասին։ Մենք դարձյալ լուրջ դժվարությունների առաջ ենք կանգնած։
— Ես դա շատ լավ գիտեմ,— պատասխանեց Ռըզա բեյը ցրված ձայնով։
Նա նայում էր ավտոմեքենային, որի մոդելը նրան ծանոթ չէր։
— Սա ո՞ր մակնիշի ավտոմեքենա է։
— «Ռենո», Ձերդ պայծառափայլություն, Ֆրանսիայում է արտադրվել։
Մեքենայի մեջ Փափազյանը շշնջաց.
— Պատրաստվիր, նրանք գալիս են։
Վարդանը սեղմեց ատրճանակի կոթը։ Տիրանը բացեց դուռը, և Ռըզա բեյը նստեց մեքենան, ասելով.
— Պարոն նախարար...
Նա լռեց, տեսնելով իր վրա ուղղված զենքի փողը, փորձեց նահանջել, սակայն Տիրանը նրան խանգարեց։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում, Ռըզա բեյն ասաց.
— Դուք սխալ եք գործում։
— Լռիր,— չոր տոնով պատասխանեց Տիրանը։
Գավառապետը ուշադիր նայեց Վարդանին, որը խուզարկում էր նրան համոզվելու համար, որ նա զինված չէր։ Հանկարծ նրա աչքերը զարմանքից լայնացան։ Նա ճանաչեց իրեն առևանգողին։ Նա իսկույն հանգիստ ձևացավ և աչքերը հառեց վարորդի ծոծրակին, սակայն վայրկյան տևած այդ զարմանքը չվրիպեց Վարդանի ուշադրությունից։
Ավետիսը պտտում էր «Ռենոյի» ունկը շարժիչը գործի դնելու համար։ Փափազյանը հողմի պես պոկվեց տեղից, իսկ երկրորդ մեքենան նրանց պետք է հետևեր, երբ Ավետիսը կզգուշացներ Ռըզա բեյի ծառային, որ նրա տերը վճռել էր շարունակել ճանապարհը նախարարի հետ մեքենայով և մարդ կուղարկեր նրա հետևից «Հեյդար փաշա» կայարան։
Տիրանը կապեց պատանդի ձեռքերը, որը չէր դիմադրում։ Ամեն ինչ ընթանում էր նախատեսվածի պես, այդուհանդերձ Վարդանը զգուշանալով հաճախակի հետ էր նայում։ Մյուս մեքենան չէր երևում և Ադաբազարից դուրս գալուց հետո Փափազյանը դանդաղեցրեց ընթացքը, որպեսզի գործընկերներն իրենց հասնեին։
Ռըզա բեյը աչքի պոչով ուսումնասիրում էր առևանգողին, որպեսզի մտովի համեմատեր իրենց երկուսին, որ սիրում էին նույն կնոջը։ Վարդանը նույնպես թաքուն ուսումնասիրում էր մյուսին և մտածում էր Մարոյի մասին։ Այս տղամարդը հաճելի արտաքին ուներ, Վարդանն ընդունում էր դա, և, անկասկած, նրա վարվելաձևը, ինչպես նաև ձայնը, կարող էին գայթակղել։ Գուցե սկզբում նա Մարոյին տիրացել էր ուժով, սակայն հետո, ամիսնե՞ր, մեկ տարի՞ անց։ Մարմինը վարժվում է, իսկ սիրտը հետևում է մարմնին։ Սիրահարվե՞լ էր նա արդյոք իր բանտապանին։
Նրանց հայացքները հանդիպեցին։ Ե՛վ մեկի, և՛ մյուսի՝ խանդով սնվող հետաքրքրասիրությունը հաղթում էր հակակրանքը։ Ռըզա բեյը ձևականորեն վրդովվեց, կարծես չգիտեր, թե ով էր իրեն առևանգել։
— Դուք իրավունք չունեք։ Ես գավառապետ եմ։ Դուք պատասխան կտաք։ Ոստիկանությունն ու բանակը կնետվեն ձեր հետքերով։ Թողեք ինձ այստեղ ճամփեզրին ու փախեք։ Խոստանում եմ, որ չեմ բողոքի։ Ձեր խելահեղ ծրագիրը հաջողություն չի բերի և այդ ժամանակ...
— Եվ այդ ժամանակ,–—պատասխանեց Վարդանը,— մենք միասին կզոհվենք, դուք և ես։
Հենց այդպիսի պատասխան կտար Ռըզա բեյը, եթե ինքը լիներ իրեն առևանգողի փոխարեն։ Իմանալով, որ Մարոյի ամուսինը մտավորական էր և դեղագործ, Ռըզա բեյը նրա ամուսնուն պատկերացնում էր որպես նրբամարմին, մի քիչ երկչոտ մարդ, սակայն նա տեսնում էր մարզիկի մարմնով մեկին, որը վճռական էր և պատրաստ ամեն ինչի։ Հետո նա հիշեց, որ Վարդանը երկու անգամ խույս էր տվել Պետրիից և որ երեք տարի շարունակ նա գնացել էր այն շրջանները, ուր նրան փնտրում էին։ Իրենից անկախ Ռըզան հիացավ այդ մարդու կամքով և նրա ցուցաբերած արիությամբ։ Իմաստ չուներ փորձել նրա վրա տպավորություն թողնել։ Ինքն այլ մեթոդի կդիմեր։ Ինքը բարեկամական կեցվածք կընդուներ և փրկիչ կձևանար։ Գուցե ինքն ի վերջո պետք է զիջե՞ր Վարդանի պահանջներին։ Ամեն դեպքում վերջինիս վիճակը կայուն չէր, և Ռըզան կփորձեր որոշ առավելություններ ստանալ:
Վարդանը շարունակեց.
— Անիմաստ է ձևանալը, գավառապետ։ Ես հենց նոր ձեր դեմքի արտահայտությունից հասկացա, որ դուք գիտեք, թե ով եմ ես։
Ռըզա բեյը թեթևակիորեն ժպտաց.
— Դա զարմանքի արտահայտություն էր, պարոն Պալյան։ Մենք կարծում էինք, որ դուք կախաղան էիք հանվել Սվասում։
Վարդանը չէր հավատում նրա և ոչ մի խոսքին և այդ «մենք»–ը, որի մեջ մտնում էր նաև Մարոն, նրան ցավ պատճառեց։ Այդուհանդերձ, նա պահպանեց իր սառը տոնը։
— Դուք գիտեք նաև, թե ինչու եմ ձեզ առևանգել։ Դուք ազատ կարձակվեք միայն այն ժամանակ, երբ իմ կինն ու որդիս ազատ կլինեն։
—— Ազա՞տ,— ասաց Ռըզան վիրավորված ձևանալով։— Սակայն նրանք միշտ էլ ազատ են եղել։ Ես նրանց գտել եմ կիսամեռ վիճակում տեղահանության ճանապարհին, նրանց ապաստանել եմ և վերաբերվել եմ, ինչպես իմ ընտանիքի անդամներին։ Նրանք կարծում էին, որ իրենք միայնակ էին մնացել աշխարհում։ Եվ ո՞ւր կարող էին նրանք գնալ պատերազմից ավերված այս երկրում։
Ամենևին չխաբվելով գավառապետի անկեղծ տոնից, Վարդանը, այդուհանդերձ, գիտակցում էր, որ այդ մարդու շնորհիվ էր, որ Մարոն ու Թովմասը ողջ էին մնացել տեղահանության և պատերազմի տարիներին։ Կարո՞ղ էր ինքը քեն պահել նրա դեմ, որ նա չէր պատասխանել անգլիացիների հարցումներին։
Վարդանը շատ էր ուզում տեղեկանալ Մարոյի, Թովմասի մասին, սակայն նրա համար տհաճ էր հարցեր տալ իր պատանդին, քանի որ այդ դեպքում իր դիրքերը կթուլանային նրա աչքերում։ Ռըզան հասկացավ և առիթը բաց չթողեց իր բարի կամքն ապացուցելու համար։ Նա ծանրակշիռ ասաց.
— Մարոն շատ լավ է։ Թովմասը...
Նրա ձայնը կտրվեց և Վարդանն անհանգստացած բացականչեց.
— Թովմա՞սը։ Ի՞նչ է նրան պատահել։
— Շուտով երկու տարին կլրանա... Նա անհայտացել է ձիով զբոսանքի ժամանակ։ Մենք նրան այլևս չենք տեսել։ Ես ցավում եմ։
Վարդանը, ապշած, զննում էր Ռըզա բեյի դեմքը, կարծես հերքման սպասեր։ Գուցե գավառապետը ցանկանում էր Թովմասին պահել իր մոտ Մարոյի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Սակայն պատանդի աչքերը համոզեցին այդ ենթադրության անհիմն լինելու մեջ։ Վարդանի սիրտը պատռվում էր անանուն մի վշտից, և նա ատամները սեղմեց չհառաչելու համար։ Վախենալով, որ Վարդանի զայրույթն իր դեմ կուղղվեր, Ռըզա բեյն ավելացրեց ցավակցական տոնով.
— Ես Թովմասին սիրում էի հարազատ որդուս պես։ Նա երջանիկ էր իմ տանը։ Ես ամեն ինչ արեցի նրան գտնելու համար, Ալլահը վկա։ Գործի դրեցի բանակը, փոխհատուցում խոստացա։
Տիրանը դուրս էր նայում լուսամուտից, Փափազյանը հետևում էր ճանապարհին, սակայն խոսակցության ոչ մի բառը չէր վրիպում նրանց ուշադրությունից։
— Եթե նա երջանիկ էր, ինչպես դուք եք ներկայացնում, ապա ինչո՞ւ պետք է փախչեր,— հարցրեց Վարդանը հատու տոնով։
— Դա փախուստ չէր։ Նա ձիավարում էր անապատի եզրին, մենակ։ Կարծում եմ, նրան տարել են քոչվորները։
Վարդանը կախեց գլուխը և ամփոփվեց լռության մեջ, որը ոչ մեկը չհամարձակվեց խախտել։ Թովմա՜ս, իսկ ինքը կարծում էր, որ շուտով տեսնելու էր նրան։ Թովմասը, այդքան փոքր և անապատում մոլորված, ո՞ւմ ձեռքերում։ Վարդանը հիշեց Կապադովկիայի քարանձավի որբերին և մտածեց այն փոքր փոսի մասին, որն ինքը խճով էր լցրել։ Մահացա՜ծ, իր որդի՞ն։ Ո՛չ։ Ինքը չէր կարող դա հանդուրժել, ոչ էլ ընդունել։ Երկո՜ւ տարի։ Որտե՞ղ է նա այսօր։ Ի՞նչ վիճակում։ Ծառա՞ է որևէ դաժան գյուղացու տանը, հովի՞վ Քրդստանի լեռներում, ուղտապանի ստրո՞ւկ։ Այդ մտքերը երկար էին տանջում Վարդանին, որը դողում էր անզորությունից։ Ուստի նա պետք է գտներ Մարոյին նրա հետ անասելի մի վիշտ վերապրելու համար։
— Նա ողջ է...— շշնջաց նա առանց իրեն հաշիվ տալու, որ բարձրաձայն էր խոսում։
— Ես նույնպես համոզված եմ,— պատասխանեց Ռըզա բեյը։
Լսելով այդ ձայնը՝ Վարդանը ցնցվեց և գլուխը դարձրեց իր պատանդի կողմը, որը շարունակեց.
— Իմ կարծիքով, Թովմասն ի վերջո մանկատուն է ընկել։ Ես կապվել եմ Կիլիկիայի ու Սիրիայի բոլոր միսիոներների հետ։ Ցավոք, ես միայն բացասական պատասխաններ եմ ստացել։
Վարդանն այդ խոսքերն ընկալեց որպես անթույլատրելի ներխուժում իր վշտի մեջ և պատասխանեց կտրուկ տոնով.
— Իսկ ինչո՞ւ միսիոներները պետք է հայ երեխային հանձնեին հենց այն մարդուն, որը պատասխանատու էր այդքան հայերի տանջանքների և մահվան համար։
Ռըզա բեյը հենց սկզբից վախենում էր, որ իրեն առևանգողները այդ թեմային կանդրադառնային և փաստարկներ էր նախապատրաստել։
— Դա սուտ է, վստահեցնում եմ ձեզ։
— Գուցե դուք կապ չունեք տեղահանությունների հետ։
Մտածելով Իթթիհատի որոշ անդամների դեմ Կոստանդնուպոլսում շուտով սկսվող դատավարության մասին՝ Ռըզա բեյն այս առևանգման մեջ հետապնդումից խուսափելու միջոց տեսավ։ Վարդան Պալյանն անկասկած կապեր կունենար դատախազների շրջանում։ Իր ռազմավարության սկզբնական փուլում Ռըզան վստահորեն պաշտպանվեց.
— Որպես պաշտոնյա ես կատարում էի կառավարության հրամանները։ Ես մեղավոր չեմ այն դաժանությունների համար, որոնք տեղի են ունեցել։ Հակառակը, բազմաթիվ անգամներ միջամտել եմ Բարձր Դռան առջև, որպեսզի դրանց վերջ տան։ Ես պահել եմ իմ նամակների պատճենները։ Ես կարեցածս եմ արել, որպեսզի տեղահանությունները ընթանային մարդասիրական պայմաններում։ Այն հայերը, որոնց թաքցրել և հովանավորել եմ, և այն օտարերկրացի միսիոներները, որոնց ես դրամ և սննդամթերք եմ տվել, որպեսզի նրանք կարողանային օգնել տեղահանվածներին, կարող են վկայել դրա մասին։ Նույնիսկ եպիսկոպոսը...
— Հերիք է,— հրամայեց Վարդանը՝ ընդհատելով նրան։— Մենք հիմա լաց կլինենք, լսելով ձեր բարեսիրական գործունեության մասին։ Իսկ այն երիտասարդ կի՞նը, որին մի քանի ամիս առաջ սպանել էր Ուրգուպում ձեր մարդը՝ Պետրին։
Զարմացած Ռըզա բեյը բացականչեց.
— Ես երբեք չեմ լսել այդ գործի մասին։ Ալլահը վկա, երդվում եմ։ Իմ օգնականը շատ հաճախ իր նախաձեռնությամբ է գործում, երբեմն նույնիսկ իմ տված հրամաններին հակառակ։ Այս դեպքում ես ոչնչից տեղյակ չեմ, կրկնում եմ։ Երդվում եմ մորս արևով։
Տիրանը, զգալով իր եղբոր վրդովմունքը, Ռըզա բեյին նշան արեց լռելու։
— Աչքակապը,— ասաց Փափազյանը։
Տիրանը գրպանից մի մեծ թաշկինակ հանեց և կապեց պատանդի աչքերը, որի հանդարտությունն ու խոսքերը նրան զարմացնում էին։ Ռըզա բեյը բոլորովին նման չէր կոպիտ և բիրտ անձնավորության, դյուրագրգիռ ու անկանխատեսելի էակի, որպիսին նա պետք է լիներ ըստ Վարդանի հավաքած տեղեկությունների ծրագրի նախապատրաստության ընթացքում։ Հակառակը, գավառապետը քաղաքակիրթ բարքերով մարդ էր երևում։ Տիրանը գերադասում էր, որպեսզի իր հակառակորդները պակաս հարգարժան լինեին, և նա գուշակում էր, որ Ռըզայի ազնվական վարքագիծը շփոթեցնում էր Վարդանին։
Մութն ընկնում էր, և նրանցից յուրաքանչյուրը զգում էր ճանապարհին անցկացրած անվերջանալի ժամերի հոգնությունը։ Նրանք ստիպված եղան դադար առնելու մեքենաների բաքերը բենզին լցնելու համար, իսկ հետո ճանապարհը շարունակեցին ավելի դանդաղ ընթացքով, քանի որ լուսարձակները լավ չէին լուսավորում փոսերը։ Վարդանը լուռ մնաց մինչև Սկյուտար հասնելը։
Մեքենաները կանգ առան Ամերիկյան կանացի վարժարանի ցանկապատի առջև։ Դրա պահակը՝ Տիրանի ընկերներից մեկը, եկավ, բացեց դարպասը և ուղեկցեց լույսերը հանգցրած մեքենաները մինչև քարաշեն փոքր տունը, որը գտնվում էր վարժարանի մեծ այգու խորքում։ Քարե նկուղը, ուր հաճախ էին թաքնվում սուլթանի ոստիկանությունից փախչող դիմադրողները, որպես բանտ էր ծառայելու գավառապետի համար։ Անվտանգության համար Ռըզա բեյին պետք է շղթայով գամեին պատի մեջ ամրացրած օղակին։ Նկուղ իջնելուց հետո Ռըզա բեյի աչքակապը, հանեցին և արձակեցին ձեռքերը։ Նա տեսավ Վարդանին՝ մոմակալը ձեռքին, և Տիրանին, որը ստուգում էր շղթայի ամրությունը։ Նա մի հայացք գցեց նկուղին, որի հարմարությունները սահմանափակվում էին ծղոտե ներքնակով և գիշերանոթով։ Նա նայեց երկու տղամարդկանց, որոնց նա ասաց առանց վախ կամ հուզմունք ցուցաբերելու.
— Ծարավ եմ։
— Մենք ձեզ ջուր կբերենք,— պատասխանեց Տիրանը։
Նրանք փակեցին դուռը և ամրացրեցին դարձեկով։
Ճաշասենյակում նրանց գործընկերները էժանագին սպիտակ գինի էին խմում, որը տվել էր Րաֆֆին։ Չնայած Րաֆֆին ծեր չէր, ընդամենը հիսունութ տարեկան, նա լրիվ ճաղատ էր։ Բարձրահասակ ու գեր, նա երջանիկ միայնության մեջ ապրում էր այդ տանը, որը նրան էր տրամադրել վարժարանի տնօրինությունը։ Նա ոսպով ապուր էր պատրաստել և պնդում էր, որ բոլորը ճաշի մնային։
— Ես նաև հաց ունեմ, այծի պանիր և ձիթապտուղ։
Տիրանն ու Ավետիսը Կոստանդնուպոլիս էին շտապում։
Փափազյանն ասաց, որ եղբայրն իրեն էր սպասում մեքենաները գիշերվա ընթացքում մյուս ափ տեղափոխելու համար։ Վարդանը, որը Հակոբի հետ պետք է մնար պատանդին հսկելու համար, ուղեկցեց ընկերներին մինչև դարպաս և շնորհակալություն հայտնեց օգնության համար։
— Առանց փոխօգնության հայերը ոչ մի հույս չեն կարող ունենալ որևէ բանի հասնելու,— պատասխանեց Փափազյանը նրա ձեռքը սեղմելով։
— Ծառայություն՝ ծառայության դիմաց,— ասաց Վարդանը։
— Դու չե՞ս ուզի, որ ես քեզ հետ մնամ,— հարցրեց Արամը, որի համար այդ օրը որպես զվարճանք էր անցել։— Դու տեսա՞ր, որ ես կարող եմ ինձ տղամարդու պես պահել։
Վարդանը թփթփացրեց նրա ուսին.
— Ճիշտ է։ Բայց գնա հանգստանալու, դու դա վաստակել ես։
Տիրանը շատ գոհ էր.
— Գործը գլուխ եկավ։ Մարոն շուտով մեզ հետ կլինի,— ասաց նա իր քեռորդուն, որը բանալիով փակում էր դարպասը։
Երբ Վարդանը տուն վերադարձավ, Հակոբը ապուրի երկրորդ ափսեն էր ուտում։
— Ես քեզ չսպասեցի, որովհետև կարող էի սովից ուշաթափվել,— արդարացավ նա հորանջելով։
Նա զննում էր հյուրասենյակի բազմոցը, որի վրա պետք է քներ, և ավելացրեց.
— Քեզ կարող եմ խոստովանել։ Ամբողջ գիշերը աչք չեմ փակել։ Հուզմունքից։
Վարդանը խոստովանեց, որ ինքն էլ չէր քնել։ Երբ նա ասաց, ուր ուզում էր ուտելիք և ջուր տանել բանտարկյալին, Րաֆֆին պնդեց, որ Վարդանը նախ ուտեր։
— Ձեր գավառապետը թող մի քիչ սպասի։ Դա նրան ավելի զիջող կդարձնի։
Վարդանը նստեց սեղանի մոտ։ Րաֆֆին մի աման ճաշ տվեց և նստեց նրա դիմաց մի բաժակ կոնյակով։ Հակոբն իր ճաշը կերավ ու գնաց հյուրասենյակ բազմոցին պառկելու։ Պահակը նայում էր Վարդանին և լեզվով շոշափում էր ներքևի ատամնաշարի երեք ոսկյա ատամները։
— Րաֆֆի... Մենք միասին չե՞նք աշխատել ժամանակին։
— Այո,—— պատասխանեց պահակը, ուրախանալով, որ հյուրն իրեն հիշեց։
— Դուք հետևում էիք կարգ ու կանոնին ժողովների ժամանակ։
— Ճիշտ է։ Իսկ դուք, պարոն Պալյան, հոյակապ ճառեր էիք արտասանում։
Րաֆֆին մռայլ դեմքով դատարկեց բաժակն ու ասաց.
— Տեսա՛ք, թե դա մեզ ինչ օրը գցեց։ Այդ անիմաստ աշխատանքը...
— Ի՞նչ իմանայինք, պարոն Րաֆֆի։ Իրավիճակը գուցե վատթար լիներ, եթե 1908 թ. ոչինչ չանեինք։
Պահակը դարձյալ լեզուն անցկացրեց իր ոսկյա ատամների վրայով և համաձայնեց։
Հյուրասենյակից խռմփոց էր լսվում։
— Ես կհետևեմ նրա օրինակին,— ասաց պահակը,— քանի որ արթնանում եմ աքաղաղների կանչի հետ։
Երկրորդ հարկ բարձրանալուց առաջ նա Վարդանին ցույց տվեց նրա համար նախապատրաստած սենյակը, որը գտնվում էր նկուղ տանող դռան մոտ։ Վարդանը սկուտեղի վրա ուտելիք դրեց և իջավ բանտարկյալի մոտ։ Ռըզա բեյը, որը պառկել էր, ոտքի կանգնեց, լսելով բանալու ձայնը։ Վարդանը մոմը դրեց սեղանին։ Ռըզա բեյը վերցրեց սկուտեղը և, նստելով ներքնակի վրա, այն տեղավորեց ծնկներին և հաճույքով նայեց ուտելիքին։ Նա հատկապես զգացվեց, տեսնելով մեկ բաժակ կոնյակը։ Վարդանը հենվեց պատին և գլանակ փաթաթեց, որը մոմից վառեց։ Ռըզան բաժակը բարձրացրեց Վարդանի ուղղությամբ որպես լուռ կենաց։
Վարդանը նայում էր ախորժակով ուտող Ռըզա բեյին։ Նա հետին պլան էր մղել Թովմասի անհայտանալու վիշտը։ Այս պահին կարևոր էր ավարտել իր ձեռնարկածը և կարգավորել Մարոյի ազատագրության հարցը։ Նա հետին պլան էր մղել նաև այն զգացմունքները, որ իրեն կարող էր ներշնչել այդ մարդը՝ իր պատանդը։ Նա ջանում էր անտարբեր մնալ այն մարդու հանդեպ, որը եղել էր իր կնոջ սիրեկանը։
— Ձեր կյանքը Մարոյի ազատության դիմաց,— ասաց նա վճռականորեն, երբ բանտարկյալը սկուտեղը գետնին դրեց։
Այդ տոնը Ռըզային դուր չեկավ, քանի որ նա սովոր չէր, որ իրեն վերջնագրեր ներկայացնեին։ Որքան հպարտությունից դրդված, այնքան էլ հաշվենկատությունից ելնելով, նա պատասխանեց շատ ակնարկներ պարունակող ձայնով.
— Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Մարոն ուզում է հեռանալ իմ տնից ձեզ միանալու համար։ Նա իմ տանն այնպիսի կյանք է վարում, որի նմանը դուք նրան չեք կարող ապահովել։
— Օ՜,— փռթկաց Վարդանը, որին այդ խոսքերր վիրավորեցին։— Բանտարկություն ոսկյա վանդակում և դուք դա կյա՞նք եք անվանում։
— Ապահովություն, բարեկեցություն, անհոգ կյանք, ծառաներ... Էլ ի՞նչ կարող է ցանկանալ կինը։
— Ազատություն, ինքնուրույնություն։ Ես բավականաչափ լավ եմ ճանաչում Մարոյին իմանալու համար, որ նա շնչահեղձ է լինում չարսավի տակ և որ նա մահացու ձանձրանում է ձեր հարեմում։
Վերջին խոսքերը Վարդանը գիտակցաբար արհամարհական տոնով արտասանեց։ Ռըզա բեյը լարվեց, սակայն պահպանեց հանգստությունը։ Յուրաքանչյուրը փորձում էր սասանել մյուսի հանդարտությունը։
— Նա փոխվել է այս չորս տարիների ընթացքում։ Դա այլևս այն կինը չէ, որին դուք ճանաչում էիք։
— Չեմ հավատում։
— Առանց ձեզ մոռանալու նա սովորել էր ապրել առանց ձեզ, ինչպես կրկին ամուսնացած այրին։
— Դա նրան նման չէ։ Մարոն այլ մշակույթի ներկայացուցիչ է, նա եվրոպական դաստիարակություն է ստացել։ Ինչպե՞ս կարող եք դուք նրան հասկանալ։
Ռըզա բեյը վրդովվեց.
— Ես սովորել եմ Եվրոպայում։
Գոհ մնալով, որ դիմացինը խաղի մեջ է ներգրավվում, Վարդանը ժպտաց։ Վստահ լինելով իր ուժերին, նա հայտարարեց.
— Մարոն պետք է վճիռ կայացնի։ Եթե նա գերադասի մնալ Այնթապում, ես կընդունեմ նրա որոշումը։
Ռըզայի դեմքը մռայլվեց, և Վարդանը հասկացավ, որ գավառապետը գիտեր Մարոյի պատասխանը։ Ռըզա բեյը ներքուստ ընդունեց իր պարտությունը։ Ինքը միջոցներ կգտներ ձախողելու Վարդանի ծրագրերը։ Ամեն դեպքում նա համաձայն էր կորցնել Մարոյին, եթե դրա դիմաց ստիպված չլիներ փախչել երկրից, ինչպես արել էին Իթթիհատի նախկին ղեկավարները։ Դրա դիմաց նա պատրաստ էր ցանկացած զիջման։ Կարևոր էր նախ համոզել իր բանտապանին իր բարի կամքի մեջ։
— Համաձայն եմ։ Ի՞նչ ձևով եք դուք մտադիր իրականացնել փոխանակումը։
— Ձեր տանը կա՞ այնպիսի մարդ, որը կազատեր Մարոյին պարզապես ձեզնից հեռագիր ստանալով, որևէ մեկը, որը կիմանար, որ հրահանգը ձեզնից է գալիս, հեռագրի մեջ գտնելով այնպիսի բառեր, որոնց մասին գիտեք միայն դուք երկուսդ։
— Իմ մայրը։
— Դուք պետք է հատկապես նշեք, որ ոստիկանությունը չպետք է տեղյակ լինի գործին։
Ռըզան ծամածռվեց.
— Գրաքննությունը դեռևս վերացված չէ։ Իշխանությունները կտեղեկանան հեռագրի բովանդակությանը։
— Ես գիտեմ։ Բրիտանացիները ձեզ կարծես թե գնահատում են։ Համոզված եմ, որ ձեր կյանքը փրկելու համար նրանք կհամաձայնեն հեռագիրը կոդով ուղարկել Այնթապ և վերծանած օրինակը հանձնել ձեր մորը։
— Անկասկած։ Ամեն դեպքում չէի ուզենա չափից դուրս պարտական լինել անգլիացիներին։ Կգերադասեի, որպեսզի այս գործը կարգավորվեր մեր երկուսի միջև։
— Ես նույնպես։
— Ինչպե՞ս անենք։
Վարդանը ձևացավ, թե մտածում է, հետո ասաց.
— Ձեր ընտանիքից որևէ մեկը կուղեկցի իմ կնոջը այստեղ և ինձ կհանձնի նրան ձեր ազատության դիմաց։
Ռըզա բեյը գլխով արեց։ Վարդանն ավելացրեց.
— Գիտեմ, որ ոստիկանությունը զգաստ կլինի, և ես կձեռնարկեմ ապահովության բոլոր միջոցները։ Ձեր ապահովության համար ավելի լավ կլինի, եթե չփորձեք որևէ բան ձեռնարկել։
— Պարոն Պալյան,— բացականչեց Ռըզա բեյը լուրջ տոնով և ձեռքը սրտին դնելով,— ես երբեք չեմ անի այնպիսի բան, որը կվտանգեր Մարոյի կյանքը։ Ես նրան շատ եմ սիրում։ Կարծելով, որ նա այրի էր, ցանկանում էի նրա հետ ամուսնանալ, սակայն նա մերժեց իմ առաջարկը և ես հարգեցի նրա վճիռը։
Համոզված, որ Ռըզան ճշմարտությունն էր ասում, Վարդանը նրան ընդհատեց ձեռքի շարժումով։ Նա գերադասում էր փոխել խոսակցության նյութը.
— Ի՞նչ պետք է գրեմ այդ հեռագրում, որպեսզի ձեր մայրն իմանա, որ այն ձեզնից է։
— Ստորագրեք. «Ռըզա՝ այգաբացի ձեր գառնուկը»։ Նա ինձ այդպես էր անվանում երեխա ժամանակ։
Օրվա բուռն իրադարձություններից ու հուզմունքից Ռըզան շատ էր հոգնել, սակայն իրեն ապահով էր զգում։ Նա կարող էր չվախենալ այս մարդուց, որը կռացել էր սկուտեղը վերցնելու։ Եթե ինքը շարունակեր զգուշությամբ խաղը տանել, ապա ինքն անվնաս դուրս կգար այս պատմությունից։
— Պարոն Պալյան, ես ուզում եմ ձեզ գործարք առաջարկել։
— Գործա՜րք,— զարմացավ Վարդանը։– Դու մի տե՛ս։
— Չե՞ք վախենում, որ ոստիկանությունը ձեզ կարող է հետապնդել իմ ազատագրումից հետո։ Դուք և ձեր կինը հանգիստ չեք ունենա Ստամբուլում։
— Դա իմ հոգսն է։
Այդ պատասխանի սառնությունից թևաթափ չլինելով, Ռըզա բեյը շարունակեց.
— Վախենում եմ, որ ինձնից կպահանջեն ներկայանալ Պատերազմի հանցագործների հանձնաժողով։ Ես ոչինչ չունեմ ինձ հանդիմանելու, սակայն հաճելի չէ հայտնվել մեղադրյալի նստարանի վրա նույնիսկ այն դեպքում, եթե արդարացվելու ես, ինչպես կլինի իմ դեպքում։ Իմ համբավը կարատավորվի այդ կասկածից։
— Ես պետք է այնպես անեմ, որպեսզի ձեր գործը չհանձնվի Հանձնաժողովին, իսկ դուք էլ, այդ դեպքում, իմ դեմ բողոք չեք ներկայացնի ոստիկանությանը։ Դուք դա՞ եք առաջարկում։
Ռըզա բեյը ժպտաց.
— Դուք արագ եք հասկանում, պարոն Պալյան։ Ծխախոտ կտա՞ք։
Վարդանը նրան տվեց ծխախոտի տուփը և թղթի գրքույկը։
— Ո՞վ է ձեզ ասել, որ ես նման իշխանություն ունեմ հնարավոր դատավորների վրա։
— Եթե դուք՝ հռչակ ունեցող հայ մարդ, պաշտպանեք ինձ և հաստատեք, որ ունեք իմ անմեղության ապացույցները, ապա ո՞վ կհամարձակվի ինձ դատապարտել։
Վարդանը մտածեց այդ առաջարկության մասին և շշնջաց.
— Իսկ եթե ինձնից այդ ապացույցները պահանջե՞ն։
— Ես դրանք կտրամադրեմ առանց վարանելու։ Դրանք գոյություն ունեն։ Ես չեմ հոխորտում։
Առաջարկությունը գրավիչ էր, քանի որ գավառապետի հանցանքի հանդեպ նվազագույն կասկածի դեպքում Հանձնաժողովը նրան կարդարացներ։
— Դուք ինձ պետք է անհապաղ տաք ձեր բարի կամքի վկայությունը՝ բրիտանական դեսպանատանն ուղղված՝ մի նամակ, ուր կխնդրեք անգլիացիներին համագործակցել ինձ հետ, և տեղեկացնել օսմանյան կառավարությանը, որ իրենք կզբաղվեն ձեր ազատագրության հարցով։
— Թուղթ ու գրիչ։ Դա մի քանի րոպեի գործ է։
Վարդանը սկուտեղը բարձրացրեց առաջին հարկ և պահարանի դարակներից մեկում գրելու պարագաներ գտավ։ Ռըզա բեյը ծխախոտը հանգցրեց խոնավ գետնին և սկսեց գրել բրիտանական դեսպանատան քարտուղարին հասցեագրված փաստաթուղթը։
— Դուք այդքան սիրո՞ւմ եք կյանքը,— հարցրեց Վարդանը՝ հեգնական երանգ տալով ձայնին։
— Այո, և ես դրանից չեմ ամաչում,— պատասխանեց Ռըզա բեյը առանց աչքը կտրելու թղթից։— Ես երեք կին ունեմ և տասը զավակ, որոշակի կարողություն և առողջություն։ Ես վաստակել եմ երկար և երջանիկ ապրելու իրավունքը։
Նամակը Վարդանին հանձնելուց հետո Ռըզան ասաց.
— Մենք թշնամիներ չենք, պարոն Պալյան։ Ես, ինչպես և դուք, շահագրգռված եմ, որպեսզի այս պատմությունը արագ ու անխափան կարգավորվի։
— Ձեր կյանքը, այո՞։
— Դա և այլ բան։
Վարդանը կասկածեց, որ այդ «այլ բանը» կապ ուներ Մարոյի հետ և, գուցե, այն վշտի հետ, որ զգում էր գավառապետը նրան կորցնելու մտքից։ Առանց ավելորդ խոսքերի Վարդանը նրան տվեց բրդյա վերմակը, որր բերել էր թղթի և թանաքի հետ, ու փակեց դուռը։ Մենակ մնալով՝ նա նորից հիշեց Թովմասին և կրկին զգաց հոր տառապանքը։

Մաս 86


Հենց հաջորդ օրր Կոստանդնուպոլսի թերթերը գրեցին Այնթապի գավառապետի առևանգման մասին։ Իրեն Կոստանդնուպոլիս տանող նավում Վարդանն իր հարևանի ուսի վրայից կարդաց այն մանրամասները, որ հաղորդում էր թերթը, այսինքն գրեթե ոչինչ։ Լրագրողը քննարկում էր այն պատճառները, որոնք դրդել էին անհատ առևանգողներին այդպես գործելու, և առաջ էր քաշում երկու հնարավոր բացատրություն, դրանք կամ կառավարությանն ընդդիմադիր ուժերն էին, որոնց դրդապատճառները քաղաքական էին, կամ էլ պարզապես ավազակներ էին, որոնք հույս ունեին փրկագին ստանալու։
Տիրանը տանը չէր, սակայն Վարդանին նամակ էր թողել։ Բրիտանական դեսպանատան քարտուղարը ուզում էր շտապ տեսնել Վարդանին։ Հագուստը փոխելուց և սափրվելուց հետո նա գնաց բրիտանական դեսպանատուն, ուր Դևիդ Պուտնամն անմիջապես իրեն ընդունեց իր գրասենյակում։ Այնտեղ էր արդեն բրդյա կոստյումով մի մարդ։ Նա ծխամորճ էր ծխում և մի կողմ էր քաշվել, կարծես աննկատ մնալու համար։
Դևիդ Պուտնամը, որն ակնհայտորեն նյարդայնացած էր, նրանց միմյանց ներկայացրեց.
— Պարոն Վարդան Պալյան։ Պարոն Գրեգորի Միլտոն։
Միլտոնը գլխով արեց, իսկ Վարդանն ասաց.
— Շատ հաճելի է, պարոն Միլտոն։ Հետախուզական ծառայությո՞ւն, եթե չեմ սխալվում։
Միլտոնը հանդարտորեն գլխով արեց։ Քարտուղարը առանց Վարդանին նստել առաջարկելու մատը վրան տնկեց.
— Ռըզա բեյի առևանգումը ձե՞ր գործն է։
Քարտուղարի վրդովված տեսքը զվարճացնում էր Վարդանին։
— Ինչո՞ւ եք այդպես մտածում, պարոն Պուտնամ։
— Դուք միակ մարդն եք, որին դա կարող է օգուտ բերել։ Դե խոստովանեք, որ ձեր գործն է։
— Գուցե և...
Պուտնամը աչքերը երկնքին հառեց և ձեռքերն իրար խփեց.
— Ինչո՞ւ չսպասեցիք, որ ձեր կինը վերադարձվեր մեր ջանքերով։
Վարդանը թեթևակիորեն ժպտաց.
— Պարոն Պուտնամ, դուք ինձ ասացիք, որ դա մասնավոր գործ է, որը չպետք է խանգարեր ձեր դիվանագիտական ջանքերին։ Ուստի ես վճռեցի այդ հարցը մասնավոր կերպով լուծել։
Քարտուղարը, անհարմար վիճակում հայտնվելով, թաքուն հայացք նետեց Միլտոնի վրա, որը մեքենայաբար լցնում էր ծխամորճը։ Նա հառաչեց.
— Դուք ձեզ շատ վատ վիճակի մեջ եք դրել, պարոն Պալյան։ Եվ մենք մեր կամքին հակառակ դառնում ենք ձեր հանցակիցները։ Իմ պարտքն է ամեն ինչ հայտնել օսմանցիներին։
— Սակայն, իհարկե, դուք դա չեք անի,— ասաց Վարդանը համոզված տոնով։– Խաղի կանոնները և մյուս կողմից ձեր շահը։
— Մեր շա՞հը,— բացականչեց Պուտնամը հեգնանքով։— Ո՞րն է մեր շահը այս պատմության մեջ։
Միլտոնը մոտեցավ և նստեց, մնացած երկուսին նշան անելով հետևել իր օրինակին։ Վարդանը նստեց բազկաթոռին, որը ձվաձև սեղանով բաժանված էր Միլտոնի և Պուտնամի բազկաթոռներից:
— Դուք մեզ վիսկի կհյուրասիրե՞ք, պարոն Պուտնամ,— ասաց Միլտոնը։
Նա մի քիչ խուլ ձայնով էր խոսում և դանդաղ էր արտաբերում բառերը։ Քարտուղարը լարվեց, համարելով, որ իր աշխատակցի խնդրանքը գրեթե որպես հրաման էր հնչում։ Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ նրանց միջև իշխանական պայքար էր մղվում, որը սակայն դուրս չէր գալիս քաղաքակիրթ ձևերի շրջանակից։
Մինչ քարտուղարը կլցներ բաժակները, Միլտոնը նայեց ուղիդ Վարդանի աչքերի մեջ։
— Իմ գործընկերը ձեզ հարց տվեց, որի պատասխանն ինձ նույնպես հետաքրքրում է։ Ի՞նչ օգուտ կարող ենք մենք քաղել ձեր գործողություններից։
– Ձեր միջամտությունը Բարձր դռան կողմից բարեհաճ ընդունելության կարժանանա։ Դուք կշահեք Ռըզա բեյ գավառապետի երախտագիտությունը և, համապատասխանաբար, նրա կողմից համագործակցության ավելի մեծ պատրաստակամությունը։ Նա համաձայն է ազատ արձակել կնոջս իր ազատության դիմաց և հույս է դնում Բրիտանիայի թագավորի ներկայացուցիչների վրա ձևական կողմը դյուրին դարձնելու համար։
Վարդանը գրպանից հանեց նամակը և մեկնեց Պուտնամին, որը սեղանին դրեց երեք բաժակ վիսկի և մեկ կուժ ջուր։
— Այն գրված է գավառապետի ձեռքով։
Միլտոնը վերցրեց նամակը և, աչքերը կկոցելով, փորձեց վերծանել։ Հետո նա այն տվեց քարտուղարին և ասաց.
— Ճիշտ է։ Ռըզա բեյը մեզ խնդրում է օգնել պարոն Պալյանին։
Իր գործրնկերոջ վարքագծից վիրավորված Պուտնամը շրթունքներն էր կրծում։ Քանի նա կարդում էր, Միլտոնը հարցրեց Վարդանին.
— Իրականում ի՞նչ եք մեզնից սպասում։
— Շատ բան չեմ սպասում, պարոն Միլտոն։ Գավառապետն ու ես վճռել ենք մեր վեճը կարգավորել խաղաղ կերպով, առանց ներքաշելու իշխանություններին։ Ես մի հեռագիր եմ բերել, որը հասցեագրված է Ռըզա բեյի մորը։ Դուք պետք է այն ուղարկեք Այնթապ՝ ձեր մարդկանց, որպեսզի նրանք հեռագիրը հանձնեն այդ տիկնոջը և մեզ բերեն նրա պատասխանը։ Այդ ամենը պետք է կոդավորված լինի, որպեսզի օսմանցիները ոչինչ չկասկածեն։
— Այդքան բա՞ն,— հարցրեց Պուտնամը, որն ուզում էր գործընկերոջ կողմից զավթված նախաձեռնությունն իրեն վերադարձնել։
— Գրեթե։ Դուք պետք է հայտնեք նաև սուլթանի կառավարությանը, որ առևանգողները կապ են հաստատել ձեր դեսպանատան հետ և որ դրանք պարզապես փրկագին պահանջող ավազակներ են։
Քարտուղարը ձեռքով բացասական շարժում արեց.
— Ներքին գործերի նախարարը կցանկանա, և իրավացի կլինի, այդ գործով ինքը զբաղվել։
— Ոչ, եթե դուք ասեք, որ Անգլիան կվճարի փրկագինը, որովհետև նա շահագրգռված է Ռըզա բեյի ազատագրությամբ։ Քանի որ պատերազմը թանկ է նստել, ապա օսմանյան կառավարությունը ձեզ ազատ գործելու հնարավորություն կտա։ Կարևորն այն է, որ նրանք հավատան, որ դա քրեական հանցագործություն է։
Երկու անգլիացիները հարցական հայացք փոխանակեցին։ Միլտոնը հայտարարեց.
— Ազատագրվելով, գավառապետը կբացահայտի իրականությունը։
— Ամենևին, հավատացեք իմ խոսքին։
Քարտուղարը հոնքերը կիտեց.
— Հույս ունեմ, որ դուք նրան չեք վերացնելու։
— Ոչ։ Սակայն Ռըզա բեյը լուռ կմնա, քանի որ խոսքը իր ապագայի մասին է։ Երբ կինս ինձ հետ կլինի, նա կհանձնվի դեսպանատուն։ Այդ ժամանակ դուք կարող եք լրագրողներ հավաքել և այս ամենից մեծ քաղաքական օգուտ քաղել, որը կշարժի ֆրանսիացիների նախանձը։
Դեսպանատան աշխատողների դեմքի արտահայտությունից Վարդանը հասկացավ, որ նրանք իր առաջարկը գրավիչ էին համարում։ Այդուհանդերձ, նրանցից ոչ մեկը չէր հանդգնում համաձայնել և պատասխանատվությունն իր վրա վերցնել։
— Եթե ցանկանում եք այս առաջարկը քննարկել առանց վկաների և խորհրդակցել ձեր գործընկերների հետ, ես կարող եմ հեռանալ։
Դևիդ Պուտնամը թեթևություն զգալով, պատասխանեց.
— Դա իսկապես անհրաժեշտ է։ Սակայն ձեզ նեղություն մի տվեք, պարոն Պալյան, մենք ինքներս դուրս կգանք։ Եթե ցանկանում եք, կարող եք վիսկի խմել։
Նրանք դուրս եկան։ Մոտ քսան րոպե տևած սպասումը չանհանգստացրեց Վարդանին, քանի որ առաջարկը չափից ավելի շահավետ էր անգլիացիների համար, որպեսզի նրանք մերժեին։
— Մենք համաձայն ենք ձեզ հետ համագործակցելու,— հայտարարեց Դևիդ Պուտնամը՝ մտնելուն պես։– Այդպես չէ՞, պարոն Միլտոն։
Վերջինս համաձայնության նշան արեց և առաջարկեց բաժակ բարձրացնել թագավորի առողջության համար։ Հետո նա վերջապես վառեց իր ծխամորճը։
— Մենք կհամագործակցենք, պարոն Պալյան,— ասաց նա,— սակայն եթե հանկարծ ինչ-որ դժվարություն ծագի, ապա մեր օգնության վրա հույս չդնեք։ Այդ դեպքում մենք ուղղակի կժխտենք, որ տեղյակ ենք եղել։
Վարդանը սպասում էր բրիտանացիների նման դիրքորոշմանը։ Նա գլխով արեց և գրպանից հանեց ծալված մի թերթիկ։
— Ես համաձայն եմ։ Ահա հեռագրի տեքստը։
Последний раз редактировалось Lusine1101 03 май 2017, 23:08, всего редактировалось 10 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:26

Մաս 87


Ռըզա բեյի առևանգման լուրը Այնթապում շփոթություն առաջացրեց։ Նրա երեք կանայք և նրա ծեր դայակր նույն ձևով արձագանքեցին, ճիչեր, արցունքներ, հուսահատություն։ Մարոն անկեղծորեն տխրել էր։ Երեխաները սկզբում լացեցին, իսկ հետո սկսեցին իրար հարցեր տալ և զարմանալ, որ ինչ-որ մեկը կարող էր իրենց հորը թշնամաբար վերաբերվել։ Այդ նույն հարցերը նրանք մեծերին ուղղեցին, սակայն պատասխան չստացան։ Միայն Բույուկ խանումն էր նորությունն ընդունել անվրդով։ Նա որդու բացակայությամբ ղեկավարում էր տունը և չպետք է իրեն կորցներ՝ վշտին անձնատուր լինելով։ Լուռ տանջվելով՝ նա իր հարսների և թոռների ներկայությամբ լավատեսություն էր ցուցաբերում, որի միակ հիմքը նրա ցանկությունն էր, որպեսզի այդ դժբախտությունը բարենպաստ ձևով հանգուցալուծվեր։ Անհանգստությունից նա չէր կարողանում քնել և ջանում էր ազատվել տագնապից, կրկնելով.
— Ոչինչ, փրկագին են ուզելու և ազատելու են Ռըզա բեյին, հենց որ մենք վճարենք։
Կամ էլ.
— Ոստիկանությունը նրան շուտ կգտնի, և մեղավորները կճոճվեն պարանի ծայրին։ Չէ՞ որ նա գավառապետ է։
Եվ երբ հարսներից կամ թոռներից որևէ մեկը լաց էր լինում նրա ներկայությամբ, նա բարկանում էր և ուղարկում էր նվնվալու իրենց սենյակներում։ Ընտանիքի մնացած անդամների մռայլ դեմքերը չտեսնելու համար Բույուկ խանումը փակվել էր Ռըզայի գրասենյակում, ուր նա իրեն ավելի մոտ էր զգում որդուն և կարող էր անկաշկանդ տրվել իր վշտին։ Լուսամուտից նա հետևում էր բակին, հույս ունենալով, որ ամեն րոպե կարող էր սուրհանդակ գալ։
Պետրին, որն ապաքինվում էր Աֆիոնում ստացած վերքերից, նստած էր նախասրահում Բույուկ խանումի տրամադրության տակ։
Երեք ամիս առաջ Ռըզա բեյը նրան պատվիրել էր հետևել Մարոյին և խոչընդոտել արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու նրա փորձերին, և այդ զբաղմունքը նրան նվաստացնում էր։ Նա համոզված էր, որ եթե ինքն ուղեկցեր իր տիրոջը Կոստանդնուպոլիս, ապա այս ամենը չէր պատահի։
— Պետրի՛,— լսվեց Բույուկ խանումի տիրական ձայնը։
Պետրին մտավ գրասենյակ, ուր շոգ էր շիկացած մանղալի պատճառով։ Նա կարծում էր, որ Բույուկ խանումն ուզում էր, որ ինքը զանգահարեր քաղաքապետարան կամ որևէ գեներալի։ Առավոտից ի վեր ծեր կինը ժամը մեկ կանչում էր Պետրիին և, մատով ցույց տալով Ռըզա բեյի սեկրետերին դրված հեռախոսը, ասում էր.
— Տե՛ս նորություն չունե՞ն։
Այս անգամ կանչելու պատճառն այլ էր։ Լուսամատի մոտ կանգնած կինը ջղային շարժումներով դուրս էր ցույց տալիս.
— Ո՞վ է սա։
Նա ցույց էր տալիս բակ մտնող բրիտանական բանակի համազգեստով մի ձիավորի։ Պետրին ճանաչեց գնդապետ Թոմպսոնին, որը հաճախ էր այցելում գավառապետին։
— Անգլիացիների կապավոր սպան է Այնթապից, Բույուկ խանում։
— Գնա տես, թե ի՞նչ է ուզում,— ասաց նա ձեռքով արագ շարժում անելով։
Պետրին վազեց դեպի մուտքի դուռը։ Բացի մեջքի ցավից, որ նա զգում էր ձախ ձեռքը շարժելիս, նրա վերքերն այլ հետևանքներ չէին թողել։ Անգլիացին իր ձիուն հանձնեց ծառային և միացավ Պետրիին դռան շեմին և կատարյալ թուրքերենով խնդրեց իրեն շտապ տանել Բույուկ խանումի մոտ։
— Նորությունը լա՞վն է, թե վա՞տ։
— Ավելի շուտ՝ լավ,— պատասխանեց լեյտենանտը խուսափողաբար։
Այցելուին ընդունելու համար Բույուկ խանումը դեմքը ծածկեց։ Որդու սեղանի մոտ նստած նա ներքուստ դողում էր, սակայն արտաքուստ շատ հանգիստ էր թվում։ Այդուհանդերձ, նրա ձայնն ավելի սուր էր, քան սովորաբար։
— Այստեղ մնա,— հրամայեց նա Պետրիին, որն ուզում էր գնալ։
Վստահության այդ նշանը հուզեց Պետրիին, և նա կանգնեց ծեր կնոջ կողքին, մի քիչ հետ քաշված։
— Հարգանքներս, խանում,— ասաց լեյտենանտը, գլուխը խոնարհելով։
Սենյակում չափից ավելի շոգ էր, և նրա ճակատին քրտնքի կաթիլներ հայտնվեցին։ Առանց տուրք տալու ձևականություններին, Բույուկ խանումն ասաց.
— Խոսե՛ք, արա՛գ, պարոն։
— Ձեր որդի գավառապետը կարծես թե լավ է,— պատասխանեց լեյտենանտ Թոմպսոնը իր համազգեստի գրպանից ծրար հանելով։ Ձեզ հեռագիր է ուղարկել։
Պետրին վերցրեց ծրարը և տվեց ծեր կնոջը։ Նա այն բացեց սադափե կոթով թուղթկտրիչով և հարցրեց.
— Ինչո՞ւ է հեռագիրն ինձ հասել ձեր միջոցով։
— Առևանգողները կապ են հաստատել Կոստանդնուպոլսի մեր դեսպանատան հետ։
Բույուկ խանումը նախ նայեց ստորագրությանը։ Ստորագրություն չկար, իսկ ձեռագիրն իր որդունը չէր, սակայն վերջին ողջույնը՝ «այգաբացի ձեր գառնուկ», միայն Ռըզան կարող էր թելադրել։ Լեյտենանտ Թոմպսոնը նայեց ծեր կնոջը, որը հեռացնում և մոտեցնում էր թերթիկը աչքերի համար հարմար հեռավորություն ընտրելու համար։ Կարդալու ընթացքում նրա աչքերը չար արտահայտություն ստացան, և նա հասկացավ, որ ինքը պետք է որ շատ գունատ լիներ իր քողի տակ։
— Այդ կի՛նը, այդ կի՛նը,— բացականչեց նա բարակ ձայնով, ձեռքը սեղանին խփելով։— Հենց որ նրան տեսա, հասկացա, որ նա դժբախտություն է բերելու։
Պետրին չէր կարողանում զսպել հետաքրքրասիրությունը, սակայն չէր համարձակվում հարցեր տալ և նայում էր Թոմպսոնին, որը պահպանում էր սառնասրտությունը։ Բույուկ խանումի աշխույժ աչքերը դիմացը դրված նամակից անցնում էին անգլիացի լեյտենանտի վրա։ Նրա շնչառությունն արագ էր ու աղմկոտ, և նա հազիվ էր զսպում վրդովմունքը։ Նա մտածելու բան չուներ, քանի որ Ռըզա բեյի հրամանները շատ հստակ էին, սակայն նա պատասխանի համար ուզում էր ձևակերպում գտնել, որը կխնայեր նրա ինքնասիրությունը։ ժամանակ շահելու համար նա հրամայեց Պետրիին.
— Կարդա՛։
Վերջապես ինքը կիմանար, թե ինչ էր պատահել։ Նա արագ կարդաց նամակը, կարմրեց, երկրորդ անգամ կարդաց և դրեց գրասեղանին։ Կատաղությունից նա սեղմեց ծնոտներն ու ատամները կրճտացրեց։ Պալյա՜ն։ Դա կարող էր միայն նա լինել։ Նորից նա։
— Թույլ տվեք, ես այնտեղ գնամ, Բույուկ խանում։ Ես Ռըզա բեյին կբերեմ։
Առանց իրեն նեղություն տալու Պետրիին պատասխանելու, նա նայեց անգլիացի սպային և հարցրեց.
— Ե՞րբ է հաջորդ գնացքը Ստամբուլ մեկնում։
— Երկու օրից, խանում։
Նա գլխով արեց։ Թոմպսոնը շարունակեց.
— Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք ընդունում եք պայմանները, խանում։ Ես պետք է պատասխան ուղարկեմ Կոստանդնուպոլիս։
— Մենք ընտրություն չունենք։ Պետրին կուղեկցի կնոջը։
Իր բավարարությունը վատ թաքցնելով, Պետրին հարցրեց անգլիացուն։
— Ի՞նչ է այդ «Թոքաթլյանը», որ հիշատակվում է նամակում։
— Հյուրանոց է մայրաքաղաքում։ Դուք այնտեղ կիջևանեք և կսպասեք, որ առևանգողները ձեզ տեղեկացնեն, թե որտեղ է տեղի ունենալու փոխանակումը։
— Ես կարդալ գիտեմ,— կտրուկ տոնով ասաց Պետրին։
Բույուկ խանումը հարցրեց.
— Լեյտենանտ, ո՞վ գիտի այս նամակի բովանդակության մասին։
— Միայն բրիտանական դիվանագետները։ Մենք գործում ենք որպես միջնորդներ, որովհետև հարգում ենք Ռըզա բեյին և ցանկանում ենք հնարավորինս շուտ նրան ազատագրված տեսնել։
— Շնորհակալություն,— ասաց նա իրեն ստիպելով քաղաքավարի լինել,— մենք գնահատում ենք ձեր օգնությունը։ Իմ որդին հրամայում է, որ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ իշխանությունները տեղեկացված չլինեն։ Ուրեմն պետք է այդպես էլ վարվել։
— Լռությունը մեր մասնագիտության մասն է կազմում, խանում։
Բույուկ խանումը փնթփնթաց հազիվ լսելի ձայնով.
— Չէի ուզենա, որ իմանային, որ այս ամենը տեղի է ունեցել անհավատ կնոջ պատճառով։
Լեյտենանտը զսպեց ժպտալու իր ցանկությունը։
— Պաշտոնական վարկածը կլինի՝ առևանգում փրկագին ստանալու համար։
Նա հրաժարվեց Բույուկ խանումի զուտ քաղաքավարությունից առաջարկած սուրճից, պատճառաբանելով, որ հանդիպում ուներ, և շտապեց դուրս, քանի որ սենյակի շոգից լրիվ քրտնել էր։
Երբ Բույուկ խանումը մենակ մնաց Պետրիի հետ, նրան հանձնարարականներ տվեց.
— Ոչ մեկին ոչ մի խոսք։ Ես կհանգստացնեմ Ռըզա բեյի կանանց և երեխաներին առանց ճշմարտությունն ասելու։ Ուզում եմ, որ Մարոն ոչինչ չիմանա մինչև մեկնելու պահը։
— Ամեն ինչ ձեր ասածով կլինի, Բույուկ խանում։
— Պետրի,— ասաց նա բարեկամաբար, ինչպես երբեք չէր խոսել նրա հետ,— դու Ռըզա բեյին շատ վաղուցվանից ես ծառայում, գրեթե նրա ընկերն ես։ Կատարիր այս հանձնարարականները տառացիորեն։ Ես հավատում եմ քեզ։
Ձեռքը սրտին դնելով՝ Պետրին խորը խոնարհվեց.
— Ձեր ցանկությունը հրաման է ինձ համար, Բույուկ խանում։
Ծեր կինը հետ ընկավ բազմոցի թիկնակին և խորը հոգոց հանեց։ Պետրին անձայն հեռացավ։

Մաս 88


Սաֆիյեն, Մակբուլեն, Լեյլան ու Էմինեն, չկարողանալով մենակ մնալ իրենց սենյակներում, հավաքվել էին հյուրասենյակում, ուր ժամանակին Մարոն դասավանդում էր երեխաներին։ Այն պահից, որ Ռըզա բեյի մոտալուտ վերադարձի հույսը փոխարինելու էր եկել նրա առևանգման բոթին, նրանք սպասումն անվերջանալի էին համարում, և ոչ մի զբաղմունք չէր սփոփում նրանց անհամբերությունը։ Նրանք, իրար ընդհատելով, քննարկել էին Բույուկ խանումի հաղորդած սուղ տեղեկությունները, բազմիցս շեշտել էին իրենց համակած վախն ու ցավը առևանգման լուրը ստանալու պահին և այն թեթևությունն ու ուրախությունը, որ ապրում էին այժմ։ Լռությունը նրանց համար անտանելի էր։ Հիմա նրանցից յուրաքանչյուրը դրվագներ էր հիշում Ռըզայի հետ իրենց կյանքից, կրկնում էր նրա ասած բարի խոսքերը, ակնարկներով ընդգծում էր իր մտերմությունը իրենց բոլորի ամուսնու հետ։ Ինչ վերաբերում է Էմինեին, ապա նա հիշում էր Ռըզա բեյի մանկությունը, կրկնում էր այն ծիծաղելի պատմությունները, որ բոլորն անգիր գիտեին, սակայն նորից էին լսում հիացմունքով։
Մարոն նրանց անուշադիր էր լսում։ Նա հիշում էր հանդիպումը նրա հետ քարանձավի մոտ, ուր մահանում էր իր մայրը։ Դա այնքան վաղուց էր։ Նա այս կալվածքում այնքան վաղուց էր ապրում, որ Ռըզային նախորդող իր անցյալը այնքան անիրական, այնքան աղոտ էր թվում, կարծես երազ լիներ, որն անհայտանում է արթնանալուն պես։ Այն կի՞նն էր ինքն արդյոք, որն ամուսնացել էր Աֆիոնում, ապրել էր դեղագործի հետ Կոստանդնուպոլսում, նրանից երեխա էր ունեցել Սվասում։ Իմացե՞լ էր արդյոք ինքն այլ բան, քան աշխարհից կտրված փափկասուն, կիսավանական այս կյանքն այլ կանանց ընկերակցությամբ, որոնք իր քույրերն էին դարձել։
— Անե՜, նայի՛ր։
Նուրհանը վագում էր նրա մոտ, որպեսզի ցույց տար իր գծագրած տառերը։ Աչքերը բարձրացնելով՝ նա ցնցվեց։ Մի պահ նրան թվաց, որ ինքը Թովմասին էր տեսնում, և նրա անցած կյանքի հիշողությունը ցավագին կերպով վերադարձավ։ Եվ այժմ ներկան էր անիրական թվում։
— Անե՞,— ասաց երեխան, որը թափահարում էր թերթիկները մոր չտեսնող հայացքի առջև։
Մարոն նորից ցնցվեց և ժպտաց՝ ուսումնասիրելով որդու նկարը։ Նուրհանն ընդամենը երկուս ու կես տարեկան էր, սակայն արդեն կարողանում էր վերարտադրել պատերին գրված Ղուրանի սուրահները և պարսկական խալիների բարդ նախշերը։ Էմինեն ասում էր, որ նա բնատուր տաղանդ ուներ։
— Շատ լավ է, թանկագինս,— ասաց Մարոն և կռացավ նրան համբուրելու։
Երեխան գնաց, նորից տեղավորվեց գետնին և վերցրեց մատիտները։ Պահեր կային, երբ Նուրհանը զարմանալի կերպով նման էր լինում Թովմասին։ Գուցե Մարոյին դա թվո՞ւմ էր, քանի որ բոլորը միաբերան ասում էին, որ նա Ռըզա բեյի պատճենն էր։ Թովմասի կորստյան բաց վերքը դարձյալ մի քիչ տանջեց Մարոյին։ Մարոն հույսը չէր կորցնում և նրան խրախուսում էր էմինեն, որը սուրճի բաժակում տեսնում էր, որ Թովմասն առողջ էր։ Մարոն ինքն իրեն ասում էր, որ պատերազմն ավարտվելուց հետո ավելի հեշտ կլիներ գտնել ավագ որդուն։ Նա կուզեր շրջել շրջանով մեկ և փնտրել նրան, գոնե կապվել միսիոներների և հաղթանակած բանակների հետ, որպեսզի նրանք փորձեին իմանալ նրա գտնվելու վայրը, սակայն Ռըզա բեյը նրան արգելում էր դա անել և ինքն էր ձեռնարկում բոլոր քայլերը, քանի որ, ինչպես ինքն էր ասում, իր պաշտոնը հեշտացնում էր գործը։
Հրադադարից հետո Մարոն պակաս ազատ էր, քանի որ անընդհատ գտնվում էր ատելի Պետրիի հսկողության տակ։ Երեք ամսվա ընթացքում նա ոչ մի անգամ դուրս չէր եկել կալվածքից։ Այն պատրվակով, որ հաղթանակող բանակը խառնակ իրավիճակ էր ստեղծել շրջանում, Ռըզա բեյը թույլ չէր տալիս տան կանանց բաղնիք հաճախել։ Մարոն կասկածում էր, որ դա արվում էր, որպեսզի ինքը քաղաք չգնար։
Շատ մոտ ամպերը գոռացին։ Նուրհանը թողեց իր նկարը, վազեց Մարոյի մոտ և դեմքը թաքցրեց նրա փեշի մեջ։ Մարոն գրկեց երեխային և գլուխը քնքշորեն շոյեց.
— Մի վախեցիր, թանկագինս,— շշնջաց նա երեխայի ականջին։— Ես այստեղ եմ և քեզ կպաշտպանեմ։
Հենց որ մայրը նրան գրկեց, Նուրհանը դադարեց դողալ։ Լեյլան հեգնական տոնով ասաց.
— Մեծ տղա ես, իսկ աղմուկից վախենում ես։ Նայիր Աթիլլային, նա վախկոտ չէ։
Վիրավորված Մարոն ուզեց պատասխանել, որ տասնհինգ ամսական Աթիլլան դեռևս կրծքից չէր կտրվել, սակայն չուզեց Լեյլային հնարավորություն տալ իր թույնը թափելու։ Հատկապես, որ երրորդ կնոջ գիրուկ երեխան, որին վերջինս խանդաղատությամբ էր վերաբերվում, դեռևս չէր քայլում և մի քիչ թերհաս էր թվում։
— Պիրի խոջայի դասը պետք է որ ավարտվի և երեխաները շուտով կգան մզկիթից,— հայտարարեց Սաֆիյեն, որը վախենում էր վիճաբանությունից։
Նա լուսամատից դուրս նայեց, ուր փայլեց կայծակը։ Դրան հետևեց որոտը։
— Այս փոթորիկից հետո վերջապես արև դուրս կգա,— ավելացրեց նա։
Արդեն մեկ շաբաթ էր, ինչ հորդառատ և սառը անձրև էր տեղում և առաջին կինը կարոտել էր իր զբոսանքներն այգում։ էմինեն ձեռքը տարավ զգեստի գրպանը և այնտեղից համայիլ հանեց, լաթե եռանկյունի էր, որի մեջ թղթի վրա գրված հատվածներ կային Ղուրանից.
— Սա մեզ կպահպանի վտանգից։
— Դու էլ, քո նախապաշարմունքներով,— ասաց Մակբուլեն արմավը բերանը տանելուց առաջ։
— Փաստ է, որ իմ համայիլները բոլորին պաշտպանել են տիֆից։
Դուռը բացվեց, և մի աղախին հայտարարեց.
— Մարո խանում, տիկինը կանչում է ձեզ։
Մարոն վեր կացավ։
— Ո՞ւր ես գնում, մայրիկ,— հարցրեց Նուրհանը։
— Տատիկի մոտ,— ասաց Մարոն նրա մազերը խառնելով։— Ես երկար չեմ բացակայի։ Մնա Էմինեի հետ։
Նա հետևեց աղախնին մինչև մուտքի նախասրահը։ Բույուկ խանումը կանգնած էր Պետրիի հետ, որի հագին անձրևանոց կար։
— Դուք ինձ կանչե՞լ եք, Բույուկ խանում։
Ծեր կինը կկոցեց աչքերը և ասաց չոր ձայնով.
— Դու գնում ես։
— Ներեցե՞ք,— հարցրեց Մարոն, չհասկանալով։
— Դու հենց հիմա հեռանում ես այստեղից։
Մարոն զարմացած էր։
- Բայց...
— Ամեն ինչ ասված է,— հատեց Բույուկ խանումը թունոտ տոնով։
— Դու գնում ես Կոստանդնուպոլիս ամուսնուդ մոտ։ Նա է, շան որդին, առևանգել Ռըզային։
Ապշած Մարոն չէր կարողանում ընկալել իր լսածի նշանակությունը։ Բույուկ խանումը նշան արեց Այլային, որը կանգնած էր ճաշասենյակի դռան մեջ։ Երեք տարի շարունակ Մարոյին ծառայող հայուհին, որը նրան որպես մայր էր ընկալում, լալիս էր։ Նրա ձախ ձեռքին ծալված մի վերարկու կար, իսկ աջ ձեռքում պաստառից ճամպրուկ ուներ, ուր նա տեղավորել էր Մարոյի հագուստն ու անձնական իրերը։
Իրերը տեսնելով՝ Մարոն սթափվեց։
— Նուրհան,— բացականչեց նա ձեռքերը մեկնելով դեպի դասասենյակը։
— Նա այստեղ է մնում,— պատասխանեց Բույուկ խանումը։— Նա Ռըզայի որդին է։
— Դա ի՛մ երեխան է։ Ի՛մն է։
— Հերի՛ք է։
— Ես առանց նրա չեմ գնա,— ընդդիմացավ Մարոն։
Նա ցանկացավ վերադառնալ Նուրհանի մոտ, սակայն Պետրին փակեց ճանապարհը՝ սպառնալով նրան բարձրացրած ձեռքով։ Նա ոռնաց.
— Հանգի՛ստ, մենք գնում ենք։
Մարոն շրջվեց դեպի Բույուկ խանումը և ծնկի իջավ, աղերսելով.
— Բույուկ խանո՜ւմ։ Բույուկ խանո՜ւմ։ Դուք չեք կարող այդպես վարվել։ Դուք մայր եք և պետք է ինձ հասկանաք։ Դուք չեք կարող ինձ գրկել Նուրհանից։ Ես արդեն կորցրել եմ Թովմասին։
Նա զուր փորձեց բռնել նրա ձեռքը։ Ռըզա բեյի մայրը զզվանքով հեռացավ այդ աղերսող կնոջից և ասաց Պետրիին.
— Դո՛ւրս տար նրան այստեղից։
Պետրին բռնեց Մարոյի մեջքից։ Մարոն փորձում էր ազատվել, հարվածեց նրան և սարսափած բղավեց.
— Նուրհա՜ն։ Նուրհա՜ն։
Պետրին գետնից պոկեց և տարավ բղավող կնոջը։ Բույուկ խանումը գնաց այն սենյակը, ուր գտնվում էին հարսները, որպեսզի թույլ չտար նրանց միջամտելու և որպեսզի Նուրհանն իր աչքի առաջ լիներ։
— Իրերը բեր,– հրամայեց Պետրին աղախնին, երբ դուրս էր գալիս։
Նա հազիվ էր Մարոյին պահում։ Երբ Պետրին Մարոյին տանում էր դեպի անձրևի տակ սպասող կառքը, բակը լցվեց նրա հուսահատ ճիչերով։ Պետրին նրան հրեց կառքի մեջ և բարձրացավ նրա հետևից։ Քանի որ Մարոն փորձում էր մյուս դուռը բացել, Պետրին բռնեց նրա թևը և կոպտորեն հրեց դեպի նստարանը։ Մարոն շարունակում էր ամբողջ ձայնով կանչել Նուրհանին։ Պետրին նրան լռեցրեց ապտակ հասցնելով, որից նա գրեթե ուշաթափվեց։ Կատաղությունից ու վշտից դողալով՝ Այլան շպրտեց վերարկուն ու ճամպրուկը կառքի հատակին և տուն փախավ։ Կառապանը մտրակեց ձիերին, և կառքը շարժվեց կայծակի ու որոտի ուղեկցությամբ։

Մաս 89


Օրեր շարունակ գնացքը Մարոյին հեռու էր տանում Նուրհանից, այն շրջանից, ուր նրա համոզմամբ գտնվում էր Թովմասը, և նրա տառապանքն ահագնանում էր անիվների յուրաքանչյուր պտույտի հետ։ Նրա արցունքները հատել էին, և նա լռության պատվար էր կառուցել իր և իրեն հեգնական հայացքով նայող Պետրիի միջև։ Շոգեքարշի շչակը Մարոյին չարագուշակ էր թվում, կարծես այդ ճիչը իր հոգու խորքից դուրս գար։ Ի՞նչ մեղք էր ինքը գործել Աստծու հանդեպ, որ նա իրեն դատապարտել էր սիրած էակների հավերժ կորստին։ Նա այն զգացումն ուներ, որ իր կյանքն անհաջողությունների շարան էր։ Ինչպե՞ս էր ինքը ուժ գտնում շարունակելու ապրել։ Ինչպե՞ս կարող էր նա նոր կյանք սկսել, ինչպես իրենից սպասում էին։
Բաժանմունքի անկյունում նստարանի ծայրին կծկված Մարոն շատ փոքր էր թվում իր սև շրջազգեստով, որը պարուրում էր նրան ոտքից մինչև պարանոցը։ Շագանակագույն չարսավը թաքցնում էր նրա դեմքը՝ նմանեցնելով նրան բոլոր քողածածկ կանանց, բաց թողնելով միայն աչքերն ու ափերը։ Ուժասպառ՝ նա փակեց աչքերը և քնեց, երազելով այլևս երբեք չարթնանալ։
Պետրին իրենց երկուսի համար մեկ բաժանմունք էր վերցրել, որպեսզի կարողանար անընդհատ հսկել Մարոյին։ Նրան հաճույք էր պատճառում այդ կնոջ տառապանքը, որին արհամարհում էր իր ողջ էությամբ։ Այն պահից, որ նա մտել էր Ռըզայի վրանը, և այն պահից, որ վերջինս թույլ չէր տվել ոստիկաններին բռնաբարելու նրան, Պետրիի հոգում ատելություն էր ծնունդ առել, որը նա չէր կարողանում բացատրել։ Լիրբ հայուհի, որը տրվել էր իր և իր երեխայի կյանքը փրկելու համար, որը բանեցրել էր իր հմայքը Ռըզայի սիրտը շահելու և գավառապետի սիրուհին դառնալու համար։
Վագոնի տարուբերումից Մարոյի գլուխը շարժվեց, և չարսավը նրա գլխից սահեց։ Գունատությունը չէր նվազեցնում նրա արտակարգ գեղեցկությունը։ Մինչդեռ նա շպարված չէր և զարդ չէր կրում։ Պետրին մի բոլ նրան նայեց, մի բան, որ հազվադեպ էր հնարավորություն ունեցել անելու։ Նրա երկար արտևանունքները, փքր այտերը, որոնք կարծես խավով պատված լինեին, բարակ և մի քիչ վեր տնկված քիթը և փքը շրթունքներով այդ գրգռիչ բերանը։ Պետրին ցավ զգաց։ Մարոյի գեղեցկությո՜ւնը... ահա թե ինչու էր նա ատում Մարոյին։ Այդ գեղեցկությունն իր համար չէր։ Դրան տիրանալու համար ինքը պետք է բռնաբարեր երիտասարդ կնոջը Ռըզայի վրանի առաջ մնացած ոստիկանների հետ։ Եվ տարիներ շարունակ Մարոյի ներկայությունն Այնթապում մշտական հիշեցում էր, որ ինքը երբեք չէր լինելու հարուստ և հարգված տեր, այլ լինելու էր օգնական, ծառա, որը մեջք էր թեքում իր տիրոջ առջև, որից նա ստանում էր մնացած ծառաների վրա իշխելու իրավունք։ Ռըզային պատիվ և գեղեցկություն, իսկ իրեն՝ ստոր գործերը և գյուղացի աղջիկներ։ Սակայն ինքը Ռըզայից առավել ուներ առաջնորդի ոգի և ղեկավարելու կարողություն։ Ծագո՜ւմը...
Հոգնածությունից աչքերի տակ հայտնված կապտուկներն ու արցունքներն է՛լ ավելի էին ընդգծել այդ կնոջ գրգռիչ գեղեցկությունը։ Քնած կնոջ դեմքի արտահայտությունը Պետրիին արհամարհական թվաց։ Նա կատաղություն զգաց։ Նա ուզում էր նրան գետնին տապալել բաժանմունքի նստարանների միջև և իրեն ենթարկել, նրան նվաստացնել մինչև իր տեղահանվածի կարգավիճակը, որի կոչումն էր բավարարել բռի ոստիկանների կրքերը։ Մի քանի վայրկյան նա քննում էր իրեն գրգռող այդ գաղափարը, սակայն վախը, որ Ռըզան կիմանար այդ արարքի մասին և կպատժեր, խանգարեց գործի անցնելու։ Եվս մեկ անգամ նա ստիպված էր մեջքը ծռել, և նրա ատելությունը Մարոյի նկատմամբ էլ ավելի սաստկացավ։
Գնացքը մեկ ժամով կանգ առավ Աֆիոն-Գարահիսարի կայարանում։ Մարոն լուսամուտից կռացած հուզմունքով նայում էր այդ քաղաքին, ուր նա ամուսնացել էր գրեթե տասներկու տարի առաջ և փորձում էր գտնել որևէ ծանոթ դեմք կառամատույցին խռնված ամբոխի մեջ։ Հիշողությունների տարափի ներքո նա դարձավ լուսամատից և հենվեց նստարանի կաշվե թիկնակին։
Շրջիկ վաճառականները, վերցնելով զամբյուղները, շտապեցին դեպի գնացքը և լուսամատից լուսամուտ վազելով առաջարկում էին իրենց ապրանքը։ Պետրին հաց, պանիր, միրգ և հանքային ջուր գնեց։ Նա մռայլ էր, քանի որ այդ քաղաքը նրան հիշեցնում էր իր ստացած վերքերը և Մարոյի ամուսնուն վերացնելու անհաջող փորձը։
— Մենք չենք իջնելու,– հայտարարեց նա։
— Ես պետք է անպայման թարմանամ,– աղերսեց Մարոն։
Պետրին իր բաճկոնի փեշը մի կողմ տարավ և ցույց տվեց գոտու տակից դուրս ցցված ատրճանակի կոթը.
— Եթե փախչելու փորձ անես, ես քեզ հաճույքով կսատկացնեմ։ Հագի՛ր չարսավդ։
Նա դժկամությամբ ուղեկցեց Մարոյին մինչև կանացի զուգարանը և սպասեց դռան մոտ՝ ծխելով իր տիրոջ գրասենյակից վերցված սիգարը։ Վերադարձի ճանապարհին նա ծխախոտ և թերթ գնեց, որը սկսեց կարդալ բաժանմունք վերադառնալուն պես։ Մարոն ուտելուց հրաժարվեց, սակայն մի քանի բաժակ ջուր խմեց։ Այդ հա՜մը։ Այդ նույն համն ուներ Պալյանների կալվածքում բխող աղբյուրի ջուրը։ Այս ճանապարհորդությունը բոլորովին նման չէր այն ճանապարհորդությանը, որի մասին երազում էր Ռըզա բեյի տանը հայտնվելուց հետո։ Դա պետք է լիներ վերադարձ Կոստանդնուպոլսի իր ազգականների մոտ՝ ուրախ փախուստ Թովմասի հետ։ Նա տարօրինակ զգացում ուներ, որ իրեն կրկին տեղահանում էին։ Ինքը գրեթե ամեն ինչ այնտեղ էր թողնում՝ որդի, մեկ այլ որդու հիշատակը, մի տղամարդ, որն իրեն սիրում էր։ Առջևում անհայտություն էր։ Երբ գնացքը տեղից շարժվեց, Մարոն դողաց՝ մտածելով, որ իրենք անցել էին Այնթապից մայրաքաղաք տանող ճանապարհի կեսը։ Ինքը հայտնվելու էր այլ իրականության մեջ։ Ինքը չէր վերադառնում դեպի անցյալը, ուր ապրում էին իր սիրած էակները, քանի որ այդ անցյալն անհայտացել էր տեղահանության և պատերազմի տառապանքների մեջ, այլ մուտք էր գործում անհաստատ մի ապագա։
Այսքան տարիներից հետո Վարդանը չէր կարող նույնը մնացած լինել։ Ինչպիսի՞ն էր նա դարձել։ Իսկ ի՞նքը։ Ինքը մնում էր նրա կինը, անկասկած, սակայն այս երկար բաժանումը... Մարոն չէր պատկերացնում, թե ինչպես պետք է վերականգնեին իրենց համատեղ կյանքի բնականոն ընթացքը, և այդ միտքը նրան ճնշում էր։ Ինքը չէր կարողանա նայել Վարդանի աչքերին և չտեսնել դատավորի հանձին նրա։ Ինքը ներկայանալու էր առանց իրենց որդու, հուսահատված, քանի որ իրենից խլել էին մյուս տղամարդու երեխային, և այդ մյուս տղամարդու փաղաքշանքներից պղծված մարմնով։ Մեղավո՜ր։ Եվ այդուհանդերձ անմեղ... Իսկապե՞ս անմեղ։ Առաջին անգամ Մարոն իրեն հարց տվեց, թե արդյոք նա չէ՞ր սիրում Ռըզային, և չէր գտնում այդ հարցի պատասխանը։
Կյանքի ծանրությունից ջախջախված՝ նա կծկվեց նստարանի անկյունում, լուսամուտից հեռու։ Նա այլևս չէր կարողանում իրեն հասկանալ։ Իրականում միգուցե բոլորի համար գերադասելի կլիներ, եթե նա մինչև կյանքի վերջը մնար Այնթապի տանը, ուր ինքն իրեն կարող էր որպես զոհ ընկալել։ Եվ նա կպահպաներ իր պաշտելի Նուրհանին և կշարունակեր պահպանել Թովմասի հիշատակը և կապրեր նրան մի օր տեսնելու հույսով։ Նուրհան, Թովմաս, որոնք, այդուհանդերձ, տարբերակված լինելով իր սրտում, այսօր խառնվում էին նույն սիրո մեջ։
Նա լուռ լալիս էր։ Պետրին, որը շշից օղի էր խմում, բարձրաձայն ծիծաղեց.
— Դու լացում ես ամուսնուդ գտնելո՞ւ, թե Ռըզա բեյին կորցնելու համար։
Մարոն չպատասխանեց։
— Ամուսիններ, որոնք իրար գտել են... Օ՜, ինչպիսի հուզիչ տեսարան։ Ես երջանիկ եմ, որ ներկա կլինեմ դրան; Քնքուշ կինը, որը եղել է ուրիշի սիրուհին և նույնիսկ նրան երեխա է պարգեել։ Ասա ինձ, դու հաճույք ստանո՞ւմ էիր Ռըզա բեյից։
Նա նորից ծիծաղեց, իսկ Մարոն դեմքը չարսավով ծածկեց։
— Եթե դա կարող է քեզ մխիթարել, ապա ամուսինդ նույնպես իրեն զուրկ չի պահել։ Նա կին ուներ Ուրգուպում, մի այրի, որն իրեն Հալիդե էր կոչում։ Նա հայուհի էր, ինչպես և դու, իսկական անունն էլ Արուսյակ էր։ Ավելի երիտասարդ էր, քան դու, և ավելի գեղեցիկ։ Հիշիր, Արուսյակ։ Ոնց որ հուրի լիներ։
Նա ուրախ տեսքով ծխախոտ փաթաթեց։
— Օ՜, շատ հաճելի կլինի ձեզ միասին տեսնել։

Մաս 90


«Թոքաթլյան» հյուրանոցի համարի լուսամատից Մարոն նայում էր Բերայի զլխավոր փողոցին և աչքերին չէր հավատում։ Նա հազիվ էր ճանաչում փողոցը, չնայած շենքերը չէին փոխվել 1913 թ. իր վերջին այցելությունից ի վեր։ Դա երևի նրանից էր, որ մեքենաների երթևեկության աղմուկը, եվրոպական հագուստի առատությունը, գույնզգույն ցուցանակները, հարուստ խանութները, մի խոսքով՝ արդիականությունը հակասության մեջ էին կալվածքի առօրյայի հետ, որը հարմարեցված էր նախորդ դարի ռիթմին և գտնվում էր էլ ավելի հին ավանդույթների իշխանության ներքո։ Դա էր պատճառը, որ Մարոն չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ ինքը երազի մեջ էր։ Քիչ էր մնում հավատար, որ ինքը կախարդանքով տեղափոխվել էր այլ վայր, ինչպես լինում էր Սաֆիյեի այդքան սիրած հեքիաթներում։ Պետրիի ձայնը նրան վերադարձրեց իրականության գիրկը։
— Եթե ամուսինդ շուտով մեզ հետ չկապվի, ապա ստիպված կլինենք քնել նույն անկողնում, սիրունս։
Մարոն իրեն նեղություն չտվեց պատասխանելու և շարունակեց դուրս նայել։ Պետրին մեկ սենյակ էր վարձել, քանի որ չէր ուզում ոչ մի վայրկյան իր գերուհուն աչքաթող անել։ Եվ քանի որ վախենում էր ծուղակներից, նա պահանջել էր, որ ճաշը սենյակ բերեին։ Ըստ հրահանգի՝ նրանց հետևից մեքենա պետք է գար և տաներ այն վայրը, որ պետք է տեղի ունենար փոխանակումը։ Պետրին հուզվում էր և անդադար ծխում։ Նա կգերադասեր դիմել ոստիկանության օգնությանը, սակայն Բույուկ խանումը բազմիցս նրան զգուշացրել էր այդ բանը չանել։ Հետևաբար պետք է իր ուժերին ապավիներ և փոխեր իր վարքագիծը՝ ելնելով հանգամանքներից։
Մութն ընկնելուց հետո, երբ Պետրին կարծում էր, որ փոխանակումը տեղի կունենար հաջորդ օրը, կարմիր համազգեստով մի ծառայող ծեծեց դուռը և հայտնեց, որ իրենց հարցնում էին նախասրահում։ Պետրին կրկին զենքը ստուգեց և հագավ անձրևանոցը։ Մարոն չարսավը գլխին գցեց և վերցրեց ճամպրուկը։ Դուռը բացելիս Պետրին խռպոտ ձայնով ասաց.
— Գառան պես խելոք կպահես քեզ և ամեն ինչ լավ կլինի։
Նա բռնեց Մարոյի ենթադաստակից և հետևեց ծառայողին՝ ծիծաղկոտ աչքերով մի պատանու, որը նրանց ուղեկցեց նախասրահ և մոտեցրեց սյանը հենված մի տղամարդու։ Երբ տղան գնաց, Ավետիսը խնդրեց կնոջը դեմքը բացել, որպեսզի համոզվեր, որ դա հենց Մարոն էր, որի լուսանկարը նրան ցույց էր տվել Վարդանը։ Համոզվելով՝ նա ասաց.
— Հետևեք ինձ։
— Ո՞ւր ենք գնում,— հարցրեց Պետրին։
Առանց պատասխանելու Ավետիսը գնաց դեպի դուռը։ Պետրին հետևեց նրան՝ ավելի ուժգին սեղմելով Մարոյի ձեռքը։ Նա կիսաբաց արեց իր վերարկուն՝ պատրաստ լինելով ցանկացած անակնկալի։ Փողոց դուրս գալով՝ Ավետիսը նշան արեց մի մեքենայի, որը սպասում էր ոչ հեռու։ Պետրին և նրա պատանդը նստեցին հետևի նստարանին, Ավետիսը՝ վարորդի կողքին։ Փափազյանն իսկույն տեղից պոկվեց, արագ բարձրացավ փողոցով մինչև Տակսիմ պուրակը և շարժվեց դեպի Հարբիյե թաղը։ Պետրին, լարվելով, փորձում էր հիշել իրենց անցած ճանապարհը։
Հարբիյե՜։ Սա այն թաղն էր, ուր ապրում էին Մեսրոպյանները։ Վարդանին նորից տեսնելու մտքից Մարոյին խելահեղ մի վախ պատեց։ Այն պահից ի վեր, որ նա առավոտյան ոտք էր դրել Կոստանդնուպոլիս, նրա ուղեղն ամբողջությամբ զբաղված էր Վարդանով, սակայն տագնապը գերակշռում էր ուրախությանը։ Այս քաղաքում էր ծնունդ առել և հասունացել իրենց սերը, այստեղ էին նրանք հասել կատարյալ մտերմության, իսկ այժմ Մարոյին թվում էր, որ ինքը հանդիպման էր գնում օտար մարդու հետ։
Մութն ընկել էր, և Հարբիյե թաղից մի քանի կիլոմետր այն կողմ տեղադրված բուլղարական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Շիշլիի հայկական գերեզմանատան ծառերի տակ խոնավ էր։ Անմշակ դաշտերով շրջապատված այդ ամայի վայրը Վարդանն ընտրել էր, որովհետև մեկուսացած էր և ապահով։ Մուտքի մոտ գտնվող շինություններից մեկում ապրող պահակը Տիրանի ծանոթն էր։
Վարդանն ու Ռըզա բեյը քամուց պատսպարվել էին սպիտակ մարմարից գերեզմանաքարի հետևում, որի ճակատը զարդարված էր թևերը պարզած հրեշտակներով։ Նրանք սպասում էին մթության քողի տակ։ Հակոբի մեքենան, հանգցրած լուսարձակներով, կանգնած էր տասը մետրի վրա՝ կենտրոնական ծառուղում։ Տիրանն ու Արամը պատսպարվել էին քիչ այն կողմ գտնվող մահարձանների հետևում և զինված էին անակնկալներին դիմագրավելու համար։
Գերեզմանատան պարսպի երկայնքով շարված սոճիների ճյուղերի մեջ քամու սուլոցը գրավեց Վարդանի ուշադրությունը։ Հեթանոսական շրջանի հայկական առասպելի համաձայն այդ աղմուկը գերբնական ազդեցություն ուներ մարդկանց վրա։
— Կարո՞ղ եմ ծխել,– հարցրեց Ռըզա բեյը ցածրաձայն։
Քանի որ նա սնահավատ էր, այդ դեկորը ուժեղ ազդեցություն էր թողել նրա վրա։ Այն ընդգծում էր պահի դրամատիկ բնույթը։
— Ծխեք,– պատասխանեց Վարդանը, որն ավելորդ էր համարել կապել պատանդի ձեռքերը։
Ռըզա բեյը ծխատուփից մի ծխախոտ վերցրեց, մյուսն էլ առաջարկեց Վարդանին։ Վերջինս վերցրեց ծխախոտը և, վառելով, հրահանը տվեց Ռըզային։
— Վերցրեք, ձերն է։ Ես այն ձեզնից վերցրել էի Ադաբազարում։
— Շնորհակալություն, սա հիշատակ է։
Վարդանի երկու այցելություններից հետո նրա և բանտարկյալի միջև հաստատվել էին սառը քաղաքավարի հարաբերություններ, որոնք այնուամենայնիվ երանգավորված էին փոխադարձ հարգանքով։ Ռըզա բեյը Վարդանին ո՛չ ատելություն էր ներշնչում, ո՛չ էլ քեն, միայն անհաղթահարելի խանդ։ Ռըզայի տեսակետից Վարդանի արարքը բնական էր, սակայն եթե նա փիլիսոփայաբար էր ընկալում իր պարտությունը, այդուհանդերձ տանջվում էր, որ այդ խաղում խաղադրույքը Մարոն էր։ Եվ այս գերեզմանատանը, երբ սպասումը ձգձգվում էր, նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ իրենք մտածում էին նույն կնոջ մասին։ Ռըզան կտեսներ նրան, տանջվելով, որ դա վերջին անգամ էր, իսկ Վարդանը կրկին կտեսներ նրան առանց վստահ լինելու այն զգացմունքների վրա, որ այդ կինն ուներ իր հանդեպ։
— Պատմեք Թովմասի մասին,— ասաց Վարդանը։
Ռըզան զարմացավ և մի քիչ հապաղեց։
— Ես մի որդի ունեմ՝ Քենան, որը մոտավորապես Թովմասի տարիքին է։ Նրանք կապված էին եղբայրների պես։ Երկուսն էլ հաճախ էին ինձ ուղեկցում ձիավարելիս։ Ես Թովմասին ազնվացեղ ձի էի տվել, և նա շատ շուտ կատարյալ ձիավոր դարձավ։ Նա ուժեղ, գեղեցիկ և խելացի տղա է։ Ես համոզված եմ, որ նա...
Նա լռեց, քանի որ սուլիչի ձայնը խախտեց լռությունը։ Պահակն այդ ձևով զգուշացնում էր մեքենայի ժամանման մասին։ Լսվեց մետաղյա դարպասի ճռռոցը, շարժիչի ձայնը, իսկ հետո մեքենայի լապտերը լուսավորեց մահարձանները, խաչերն ու գերեզմանները, որոնց միջև վեր էին խոյանում ծառերի սև բները։
— Առանց պատմությունների,– ասաց Վարդանը Ռըզային, նրան թեթևակիորեն հրելով դեպի ծառուղին։
Մեքենան կանգնեց առաջին մեքենայից հիսուն մետրի վրա, սակայն լապտերը վառ թողեց ծառուղին լուսավորելու համար։ Պետրին, ատրճանակը ձեռքին, դուրս եկավ մեքենայից՝ իր հետևից քարշ տալով Մարոյին, որի ձեռքին ճամպրուկ կար։ Նրանց դիմացից բղավոց լսվեց.
— Առա՛ջ շարժվեք։
Մարոն ճանաչեց Վարդանի ձայնը, և նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա երկու տղամարդ տեսավ լապտերի լույսի մեջ, և նրան ժամանակ պետք եղավ նրանց տարբերելու համար։ Վարդանն ու Ռըզան նման էին իրար, բեղերը, դեմքի և մազերի գույնր և նրանց մուգ հագուստը շփոթմունքի առիթ էին տալիս։ Այդ երկու տղամարդկանց կողք կողքի տեսնելով, Մարոն ցնցվեց և զգաց, որ ոտքերը թուլանում են։
Պետրին անշարժացավ և ձախ ձեռքով Մարոյին պահեց իր դիմաց որպես վահան։ Նա ատրճանակը մոտեցրեց կնոջ քունքին։ Նրա մեջքի սպիները ցավում էին, և նա դա վերագրեց խոնավությանը։ Ավետիսը, իր մեքենայում նստած, բարձրացրեց ատրճանակի ձգանը, պատրաստ միջամտելու։ Այդտեղից քիչ հեռու Արամը, տեսնելով Արուսյակին սպանողի կիսադեմը, լարվեց։ Նա հրացանի փողը ուղղեց դեպի Պետրիի գլուխը։ Նրա մատը դողում էր ձգանի վրա։ Ծառուղու մյուս ծայրում Տիրանը շշնջաց ատամների արանքից.
— Առա՜ջ շարժվիր, շան որդի։
Նա ինքն իրեն հարցրեց, թե արդյոք այդ քողածածկ կինը Վարդանի՞ կինն էր։
Սոճիների բների արանքում փչող քամին ուժգնացավ։ Լարումը մեծ էր։ Սխալ կամ կտրուկ շարժում և փոխհրաձգություն կսկսվեր։
— Առաջ շարժվիր,– հրամայեց Վարդանը։
Պետրին Մարոյին հրեց իր դիմաց։ Մեքենայի լույսերից գրեթե կուրացած Վարդանը տեսնում էր միայն նրա ուրվագիծը, սակայն ճանաչեց Մարոյի քայլվածքը, նրա կոնքի թեթևակի ճոճումը, այնքան աննշան, որ երևի միայն ինքն էր նկատում։ Նա ավելի էր հուզվում, քան Ռըզայի առևանգման ժամանակ։
Մարոն քայլում էր փայլող խճի վրայով։ Նրան նայող երկու զույգ աչքերը՝ մեկը տխուր, մյուսը տենդագին, շփոթեցնում էին նրան։ Խաղաքարտի վրա էր դրված իր կյանքը, և ինքր խոսքի իրավունք չուներ։ Ավելի վատ...
— Հերիք է,– ասաց Վարդանը հրամայական տոնով։
Նա իջեցրեց զենքը։
Պետրին կանգ առավ՝ մատը ատրճանակի ձգանին։ Նա հանեց պատանդի չարսավը և գետնին գցեց։ Մարոն այնքան գունատ էր, որ նրա դեմքը երևում էր մթության մեջ։ Վարդանը զգաց, որ շունչը կտրվում էր։ Մարոն ավելի գեղեցիկ էր, քան իր հիշողության մեջ։
— Թո՛ղ, որ գա,— ասաց նա։— Ես ազատում եմ քո տիրոջը։
Պետրին կատարեց հրամանը։ Մարոյին մոտենալով՝ Ռըզան ծածկեց Վարդանին, և Մարոն տեսնում էր միայն այն մարդու հուսահատ դեմքը, որն ավելի քան երեք տարի եղել էր իր հովանավորն ու սիրեկանը։ Թե ինչպիսի՞ն էր իր դեմքի արտահայտությունը, ինքը չէր էլ պատկերացնում։ Մոռացվել էին այն դեպքերը, երբ Ռըզա բեյը խիստ էր իր նկատմամբ, մոռացվեց, որ ինքն իրեն բանտարկյալ էր զգում, որ նա իրեն թույլ չէր տվել կապվել իր ընտանիքի հետ։ Հիմա նա հիշում էր նրա քնքշությունը և նրա սերը Թովմասի նկատմամբ։
Երբ նրանք դեմ դիմաց հայտնվեցին, դանդաղեցրին քայլերը։ Ռըզայի հայացքում անսահման տխրություն կար։
Վարդանը նկատեց այդ հապաղումը և զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Արդյոք նրանք խոսո՞ւմ էին։ Նա շատ հեռու էր, չէր կարող նրանց լսել։ Իսկ մեքենայի լույսերից շլացած, նա չէր կարողանում տեսնել Մարոյի դեմքի արտահայտությունը։ Սակայն նրան թվաց, որ նա կծել էր շրթունքը։ Նրա արյունը սառեց։
Մարոն անշարժացավ և խեղդված ձայնով շշնջաց.
— Նուրհանը...
— Նա կլինի քո կենդանի հիշատակը,— պատասխանեց Ռըզան՝ նայելով Մարոյի աչքերին։
Անկարող լինելով դիմանալ այդ ողբերգական պահին՝ Մարոն շարունակեց քայլել։ Մեկ քայլ, և ամեն ինչ վերջացավ։ Մեջքը դարձնելով անցյալին՝ Մարոն գնում էր դեպի Վարդանը, որը նույնքան հուզված էր, որքան ինքը։ Հենց որ Մարոն մոտեցավ Վարդանին, նա գրկեց նրա ուսերը, վերցրեց ճամպրուկը և նրան տարավ դեպի մեքենան։
Պետրին բարձրացրեց զենքը և ասաց Ռըզային, որը փակում էր իր տեսադաշտը.
— Պառկե՛ք։
— Ոչ,— բղավեց Ռըզան և մեկ քայլ անելով կանգնեց Պետրիի դիմաց, որը մի կողմ էր գնում կրակելու համար։
Կրակոց լսվեց։
Մարոն ճչաց և շրջվեց, չնայած նրան խանգարելու Վարդանի ճիգերին։
Պետրին, Արամի գնդակից ջախջախված գլխով, վայր տապալվեց Ռըզա բեյի ոտքերի մոտ։
— Նրան ոչինչ չի պատահի,— ասաց Վարդանը։— Արի՛, այս ամենը մեզ այլևս չի վերաբերում։
Նա Մարոյին նստեցրեց մեքենայի հետևում և նստեց նրա կողքին։ Մարոն գլուխը դրեց ամուսնու կրծքին և փակեց աչքերը ոչինչ չտեսնելու համար։ Մեքենան հավասարվեց Ռըզային, որին միացել էին Տիրանը, Արամը, Ավետիսը և Փափազյանը։ Ռըզա բեյը, որը և՛ ազդված էր Պետրիի մահից, և՛ բարկացած էր նրա վրա, իրեն շրջապատող մարդկանց ասում էր, որ նրանք թաքցնեին այդ մարմինը։ Վարդանը Հակոբին նշան արեց, որպեսզի նա չկանգներ։

ԳԼՈՒԽ 17


Մաս 91


Հակոբի մեքենայի աղմուկը խախտեց մեծ գյուղի պես քուն մտած Հարբիյե թաղի անդորրը։
Մարոյի ծոծրակն այրվում էր Վարդանի ձեռքի տակ։ Նա դեմքը թաքցրել էր ամուսնու կրծքին։ Երրորդ մարդու ներկայությունը նրանց հնարավորություն էր տալիս լռելու։ Ամեն դեպքում թե՛ մեկը, թե՛ մյուսը չէին գտնում այն բառերը, որոնք կհամապատասխանեին այդ պահին։ Վարդանի փաղաքշող ձեռքը Մարոյի պարանոցին արդեն շատ էր, և նրանք սկսել էին հասկանալ, որ իրենց վերամիավորումը ավելի բարդ էր ընթանալու, քան կարծել էին։
Մեքենան կանգ առավ մի նեղ փողոցում, որը գտնվում էր թաղի հենց սրտում և ուր Վարդանը մեկ ամիս առաջ բնակարան էր վարձել։ Հակոբին հրաժեշտ տալուց և իրենց երախտագիտությունը հայտնելուց հետո նրանք հայտնվեցին դատարկ մայթին՝ գազի լապտերի լույսի տակ։ Միայն այդ ժամանակ նրանք պարզորոշ տեսան միմյանց։ Վարդանը պահել էր Մարոյի ճամպրուկը։ Մարոյին նա ծերացած թվաց և ավելի գեղեցիկ։ Նրա քունքերը ճերմակել էին, աչքերի անկյուններում կնճիռներ էին հայտնվել, ճակատը մի քիչ բացվել էր, և դեմքի նիհարությունն ընդգծում էր նրա դիմագծերի առնականությունը։ Նրա հայացքը մեղմացել էր և բարիացել, իսկ այդ հատկանիշները պակասում էին նրան երիտասարդ տարիքում։ Մինչդեռ անցել էր ընդամենը չորս տարի։ Մարոն զգաց, որ իր կոկորդը սեղմվում էր։
— Թովմասը...— սկսեց նա անվստահ ձայնով։
— Գիտեմ։
Նա այդ բառերն արտասանեց հանգիստ ձայնով, ձեռքով նշան անելով, որ Մարոն չշարունակեր։ Նա ուզում էր նայել Մարոյին, քանի դեռ բառերը չէին ներխուժել իր զգացմունքների մեջ։ Նա մոռացել էր Մարոյի նրբին տեսքը, որը միշտ ցանկություն էր առաջացնում նրան պաշտպանելու, և հիմա զարմանում էր, որ նա կարողացել էր դիմանալ տեղահանության սարսափներին, որոնց շատ ավելի ամուր տղամարդիկ և կանայք չէին վերապրել։ Նրա խիստ հայացքը և աչքերում ընթերցվող լուռ տառապանքը է՛լ ավելի ցայտուն էին դարձնում նրա գեղեցկությունը։ Վարդանն ուզեց նրան գրկել և համբուրել, սակայն ինչ-որ կաշկանդվածություն, որի պատճառը միգուցե Մարոյի զուսպ կեցվածքն էր, նրան խանգարեց այդ բանն անելու։
Շփոթմունքը քողարկելու համար նա ասաց.
— Ես գտել եմ Մերձավոր Արևելքի բոլոր մանկատների ցուցակը և սկսել եմ նրանց գրել Թովմայի կապակցությամբ։
— Նա ողջ է, ես դա զգում եմ իմ ողջ էությամբ,— բացականչեց Մարոն դողալով։— Մենք նրան կգտնենք։
— Այո, մենք նրան կգտնենք։
Վարդանը Մարոյին իրեն հետևելու նշան արեց, ներս գնաց և սկսեց բարձրանալ նեղ սանդուղքով։ Գիշերային նավթավառը լուսավորում էր միայն աստիճանավանդակը, մինչդեռ սանդուղքը մնում էր ստվերում։ Մարոն, ծանրաքայլ, մագլցեց աստիճաններով։ Արաբական տարազի լայն շրջազգեստը քողարկում էր նրա մարմինը, և նա ավելի փոքր էր թվում, քան կար։ Հասնելով աստիճանավանդակին՝ Վարդանը ձեռքը դրեց Մարոյի ուսին և ստիպեց նրան շրջվել, նա փորձեց համբուրել նրան, սակայն ապարդյուն, քանի որ Մարոն փարվել էր իրեն՝ դեմքը թաքցնելով նրա կրծքին։
— Հավատս չի գալիս, որ սա երազ չէ,— մրմնջաց նա։— Իսկապես դու ես...
Նա քիչ էր մնում ասեր, որ ինքը ճանաչեց Վարդանի հոտը, սակայն համարեց, որ դա անպատեհ կլիներ, չափից ավելի մտերմիկ։ Նույն վստահալի տոնով ավելացրեց.
— Ես համարյա թե հույսս կորցրել էի։
— Ես քեզ փնտրել եմ անդադար, Մարո։ Ես Գալստյանի այրուց իմացա, որ քեզ և Թովմային մի պաշտոնյա տարել էր իր հետ։
Մարոն լարվեց և նախապատրաստվեց ինքնապաշտպանության՝ սպասելով շարունակությանը։ Վարդանը զգաց դա և հանգստացրեց.
— Ինչպիսի երջանկություն, որ ստիպված չեք եղել հետևել քարավանին մինչև Սիրիա։
Մարոն զգաց, որ Վարդանը իրեն չի հանդիմանելու և հանգստացավ։
— Դու պետք է որ չափազանց հոգնած լինես,— ասաց նա։— Արի։
Պատվանդանին դրված նավթավառը լուսավորում էր միջանցքը, որը ծառայում էր նաև որպես նախասրահ։ Վարդանը բարձրացրեց պատրույգը, կտրեց ծայրը, որպեսզի չմխար։ Բնակարանի պատերը սպիտակեցված էին, սակայն այն կահավորված էր միայն անհրաժեշտ իրերով և ոչ մի նկար չէր զարդարում դրա պատերը։
— Սա ժամանակավոր կացարան է,— ներողություն հայցող տոնով ասաց Վարդանը։
Նա ձեռքը վերցրեց նավթավառը և ցույց տվեց դիմացի սենյակը.
— Հյուրասենյակ։
— Ինչպե՞ս են Մեսրոպյանները,— հարցրեց Մարոն՝ նրան հետևելով։
— Շատ լավ։ Նրանք անհամբերությամբ քեզ էին սպասում։
— Ես երեք անգամ փորձել եմ նրանց նամակ ուղարկել։
— Նրանք ոչ մի նամակ չեն ստացել։
— Իսկ քո եղբա՞յրը։
— Նա Տիրուհու հետ ապաստանել էր Երուսաղեմում։ Նրանք շուտով կվերադառնան։
Հյուրասենյակը կահավորված էր մուգ կարմիր մի բազմոցով, նույն գույնի բազկաթոռով և ցածր փափուկ մի աթոռով, որի վրա դրված էր ուդը։ Լուսամատի մոտ, սեղանին կիտված էին գրքեր և գրելու թուղթ և այն որպես գրասեղան էր ծառայում։ Մարոն մոտեցավ ուդին և երազկոտ տեսքով մատներով հպվեց լարերին և հնչեցրեց դրանք։
— Դու դեռ նվագո՞ւմ ես։
— Այս վերջին տարիներին ես մի դերվիշի շրջիկ խմբի երաժիշտն էի։ Պատկերացնում ես, նույնիսկ անցել եմ Այնթապով։
Մարոն չպատասխանեց և հեռացավ նվագարանից։ Նրանք շարունակեցին ծանոթանալ բնակարանին։ Փոքր խոհանոցին հարող ճաշասենյակից հետո փոքր լոգարանն էր։ Քիչ հեռու երկու դուռ կար։ Վարդանը բացեց նեղ մահճակալով և ցածր պահարանով կահավորված առաջին ննջարանի դուռը։ Նա մռայլ տեսքով ասաց.
— Թովմասի մասին իմանալուց առաջ էր...
Մարոն Վարդանի ձեռքից վերցրեց ճամպրուկը և լույս աշխարհ հանեց նավաստու ճմռթված մի գլխարկ, որը նա թափահարեց տեսքի բերելու համար։
— Այս գլխա՜րկը։— զարմացավ Վարդանը՝ ձեռքը մեկնելով։
— Այո, Արմենինն է։ Թովման պահում էր իր մահճակալի մոտ։ Նրա համար թանկարժեք մասունք էր։
Վարդանը պատկառանքով շուռումուռ էր տալիս գլխարկը։
— Արմեն... Ինչպե՞ս նա մեռավ։
— Առևանգման փորձ կատարող ավազակից ինձ պաշտպանելիս։
Նա սևեռուն հայացքով նայում էր գլխարկին, որ Վարդանը պահել էր ձեռքին։ Գրեթե նվաղած ձայնով նա ավելացրեց։
— Հետո Արաքսին էր, հետո մայրս... Դա սարսափելի էր, Վարդան։
Մարոն մտածեց Թովմայի կորստի ողբերգության մասին, Նուրհանի վշտի մասին և հասկացավ, որ դեռ արիության շատ մեծ պաշարի կարիք է ունենալու։ Վարդանը նրա վշտահար տեսքը վերագրեց տեղահանության հուշերին և վճռեց այլևս իր նախաձեռնությամբ չանդրադառնալ դրանց։ Նա գլխարկը դրեց Թովմայի համար նախատեսված մահճակալին և փակեց դուռը։
Հյուրասենյակի մեծության իրենց ննջարանի լուսամուտը դեպի արևելք էր նայում և դուրս էր գալիս ներքին բակը։ Լուսամատի գոգին խղճուկ մի խորդենի ցուցադրում էր իր կարմիր ծաղիկները։ Մարոն մոտեցավ մահճակալի մոտ դրված փոքրիկ սեղանին, որի վրա հարսանյաց մի լուսանկար էր ցուցադրված։
— Սա Արփինե մորաքրոջ լուսանկարն է,— բացատրեց Վարդանը։
Մարոն վերցրեց լուսանկարը և ուշադիր զննեց։ Աստված իմ, ի՜նչ երիտասարդ էին։ Նաև անմեղ և անտեղյակ, թե ինչ էր իրենց սպասում ապագայում։ Ինքն ամեն ինչ կտար այդ ժամանակը վերադարձնելու համար...
— Մենք կվերսկսենք մեր կյանքն այն պահից, ուր կանգ է առել,— ասաց Վարդանը։
Մարոն գլխով արեց՝ ինքն իրեն հարցնելով, թե ինչպե՞ս պետք է դրան հասնեին։ Վարդանն ավելացրեց.
— Մենք կգտնենք Թովմասին, և ամեն ինչ նախկինի պես կլինի։
Հավատո՞ւմ էր նա, թե փորձում էր ինքն իրեն համոզել։ Մարոն գիտեր, որ ինքն այլևս չէր կարողանալու իր հիշողությունից ջնջել այն ամենը, ինչ պատահել էր, ոչ էլ հնարավոր էր այդ ամենը մոռանալ։ Ուստի պետք էր ապրել կեղծելո՞վ։ Նա վայր դրեց լուսանկարը և մոտեցավ կաղնեփայտից պատրաստված կոմոդին, որի վրա դրված էին ածելին, փուզան և սափրվելու օճառը թասի մեջ, և նույն ակնթարթին նա մտովի տեսավ Վարդանին սափրվելիս ձերբակալությանը նախորդող առավոտյան։ Բարձրացնելով աչքերը՝ նա նկատեց իր ամուսնու արտացոլանքը հայելում և իրեն անհարմար զգաց այս սենյակում գտնվելու փաստից, շատ ավելի անհարմար, քան իրենց առաջին ամուսնական գիշերը։ Նա ապարդյուն ինքն իրեն համոզում էր, որ ութ տարի շարունակ ամուսիններ են եղել, ոչինչ չէր օգնում, այս տղամարդը անծանոթ էր։
Վարդանը նրբանկատ կերպով նրան հնարավորություն տվեց ուսումնասիրելու սենյակը, ընտելանալու դրան։ Նա հարցրեց.
— Քաղցած չե՞ս։
— Ոչ, շնորհակալ եմ։
— Ծարա՞վ։
— Գուցե։
— Խմի՞չք։ Թե՞յ։
— Թեյ, խնդրեմ։
— Ես ջուր կտաքացնեմ լվացվելու համար։
Մարոն գլուխը թեքեց, որպեսզի Վարդանը չնկատի, որ ինքը կարմրել էր։ Վարդանը բացեց պահարանը և ցույց տվեց կախիչներին կախված զգեստները.
— Լուսիկն ինձ օգնեց քեզ համար հագուստ և կոշիկներ գնելիս։ Մնացածը դարակներում կգտնես։
Մարոն, զգացվելով այդ ուշադրությունից, վերջապես ժպտաց։
— Դու շատ բարի ես։
Մատների ծայրերով հեռացնելով սև կիսաշրջազգեստը մարմնից՝ նա ասաց.
— Ես սա կհանեմ։
Կռահելով, որ նա ցանկանում էր մենակ մնալ սենյակում հագուստը փոխելու համար, Վարդանն ասաց, որ ինքը Մարոյին կսպասի հյուրասենյակում։
Նա թեժացրեց վառարանի կրակը և, սպասելով, որ ջուրը եռա, մտովի վերանայեց իրենց զրույցը սկսած այն պահից, երբ Մարոն մեքենա նստեց։ Ինչ անհամ նախադասություններ։ Նա այսպես չէր պատկերացրել իրենց հանդիպումը, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել։ Նույնքան շփոթված լինելով, որքան և Մարոն, նա իրեն անզոր էր զգում, շփոթված և անճարակ։ Այս անհամ նախադասությունները անհրաժեշտ պատվար էին երկուսին էլ ցնցող բուռն և անվերահսկելի, միգուցե հակասական զգացմունքների համար։ Հարաբերությունների վերականգնումը պետք է պահանջեր համբերություն և նրբանկատություն։ Այսպիսի տափակ նախադասությունները անհրաժեշտ կլինեն զրույցները լցնելու համար, մինչև իրենք վերստին կվարժվեն միմյանց օրերի և, ինչու չէ, գիշերների ընթացքում։ Մարոն այլևս իր կինը չէր, այլ, ավելի շուտ, մի կին, որին նա սիրել էր, որին նա շարունակում էր սիրել և որին նա վերստին պետք է նվաճեր։
Բազկաթոռի ծայրին նստած Վարդանը ուդ էր նվագում, երբ Մարոն մտավ հյուրասենյակ երկնագույն մետաքսից տնային զգեստը հագած և անշարժացավ դռան բացվածքում։ Նրա գանգուր մազերը թափված էին ուսերին՝ ընդգծելով նրա գեղեցիկ դեմքը։ Նրան չշփոթեցնելու համար Վարդանը աչքը չէր կտրում ուդի լարերից։ Մարոն նստեց բազմոցին, տաք թեյի բաժակի առջև։
— Ես աշխատում եմ Յեդիկալեի կենտրոնական հիվանդանոցում,— ասաց Վարդանը առանց ընդհատելու նվագը,— և որպես կամավոր աշխատում եմ մի մանկատանը։
Ոչինչ չպարտադրող խոսքեր, որոնք համապատասխանում էին իրավիճակին։ Գլխի շարժումով ցույց տալով լուսամուտի դիմաց գտնվող սեղանը՝ նա գրեթե մեղավոր տեսքով ավելացրեց.
— Եվ, բնականաբար, հոդվածներ եմ գրում օտար մամուլի համար։
— Իսկ ես օգտակար չե՞մ կարող լինել այդ մանկատանը։ Չեմ ուզում անգործության մատնվել, քանի սպասում եմ։
— Իհարկե, այնքան գործ կա... Ինչին սպասելո՞վ։
— Թովմայի վերադարձին։ Դու ամենուր գրե՞լ ես։ Սի՞րիա։ Պաղեստի՞ն։ Պարսկաստա՞ն։
— Եվ Կիպրոս։ Եվ Եգիպտոս։ Սակայն մանկատների ցուցակն այնքան մեծ է, որ դեռևս չեմ ավարտել։
— Ես քեզ կօգնեմ։ Վաղվանից գործի կանցնեմ։
Երբ Վարդանը Մարոյին միացավ ննջասենյակում, նա արդեն անկողնում էր և վերմակր քաշել էր մինչև պարանոցը։ Վերմակը բարձրացնելով նրա կողքին պառկելու համար՝ Վարդանը նկատեց, որ բաց վզով և ժանյակներով զարդարված մետաքսյա գիշերանոցի փոխարեն, որը նա գնել էր այս առաջին գիշերվա համար, Մարոն հագել էր մյուս՝ բամբակյա գիշերանոցը, որն ավելի հարմար էր, սակայն գրգռիչ չէր։ Ուղերձը հասկանալի էր, հատկապես որ նրա աչքերը կարմրած էին։ Կողքի պառկած Վարդանը նայում էր Մարոյի գեղեցիկ կիսադեմին, երբ նկատեց նրա պարանոցին կախված մեդալիոնը։ Այդ մեդալիոնը։ Ինքն այն Մարոյին էր նվիրել Բերայի խանութներից մեկում, իրենց ամուսնությունից քիչ անց։ Մարոն բացեց մեդալիոնը, իրենց լուսանկարները ցույց տալու համար։ Վարդանը խաղում էր այդ զարդով, հիանալով, որ միայն զգացմունքային արժեք ունեցող այդ զարդը անցել էր բոլոր այդ տարիների միջով։
— Սվասից միայն սա է մեզ մնացել,— ասաց Մարոն։
— Ոչ, կանք նաև մենք երկուսս։ Եվ Թովմասը։ Մենք նորից կսկսենք, Մարո, և դա ավելի լավ կլինի, քան առաջ էր։
Մարոն գլխով արեց, ջանալով վստահ տեսք ընդունել։ Վարդանը կռացավ և նրան համբուրեց։
— Քնենք,— ասաց նա,— օրը երկար և դժվարին է եղել։
Վարդանը լամպը հանգցրեց և մեջքին պառկեց։ Թեթևություն զգալով, որ Վարդանը չէր պնդում, Մարոն ձեռքը պարզեց և բռնեց նրա ձեռքը, և նրանց մատները միահյուսվեցին։
— Բարի գիշեր, Վարդան։
— Բարի գիշեր, թանկագինս։
Մարոյի ձայնում այնքան երախտագիտություն կար, որ Վարդանը հասկացավ, թե ինչ դիրքորոշում ինքը պետք է որդեգրեր։ Ինքը Մարոյին պետք է ընտրության հնարավորություն տար, հնարավորության, որը նա երբեք չէր ունեցել Ռըզայի հետ։ Դա կլիներ նրանից տարբերվելու լավագույն միջոցը։ Վարդանը ոչ մի իրավունք չուներ Մարոյի նկատմամբ, միայն սիրելու և սեր ներշնչելու իրավունք։ Նա կսպասեր այնքան, մինչև նախաձեռնությունը կստանձներ Մարոն։
Մարոն ճանաչեց այդ նրբազգացությունը, որը բնորոշ էր Վարդանին՝ դիմացինին հարգելու ունակությունը, որի պակասը նա զգացել էր շատ երկար ժամանակ։ Նա ուզում էր այդ ասել նրան, սակայն համապատասխան բառեր չէր գտնում, և մի քիչ ավելի ուժեղ սեղմեց Վարդանի ձեռքը։ Քնա՞ծ էր նա արդյոք։ Նա լսում էր Վարդանի կանոնավոր շնչառաթյունը, մտածելով՝ արդյոք նա գուշակո՞ւմ էր, որ ինքը երբեք չէր դադարել նրան սիրելուց։ Վերմակի տակ նա զգում էր ամուսնու մկանուտ մարմնի ջերմությունը։ Մթության մեջ նրա հոգում խաղաղություն հաստատվեց, որր փոխակերպվեց ապահովության զգացման, որին նա չէր համարձակվում տեղի տալ, վախենալով, որ այն իսկույն կանհայտանար։ Նրան համակեց այն զգացումը, որ այդ տղամարդուց իրեն ոչ մի վտանգ չէր սպառնում։ Այդուհանդերձ վախն ու անվստահությունը այնքան խորն էին արմատավորվել նրա հոգում, որ նա դեռևս չէր կարող անձնատուր լինել։
Նրա աչքերի առաջ հայտնվեց Ռըզա բեյը։ Ոչ թե Այնթապի գավառապետի հպարտ և վստահ դեմքը, ոչ էլ հլու Մարոյին իր կամքին ենթարկող գոռոզ սիրեկանի դեմքը, այլ պարտված մարդու դեմքը, որին նա տեսել էր գերեզմանատանը։ Մարոն նրան չէր խղճում։ Մինչդեռ թվում էր, որ ինքն անկեղծորեն սիրում էր նրան։ Եվ ահա ինքը լիովին անտարբեր էր նրա հանդեպ։ Այն բարդ զգացմունքները, որ Մարոն ուներ նրա նկատմամբ, անհայտացել էին հենց այն պահին, երբ ինքը դուրս էր եկել նրա իշխանության տակից։ Սե՞ր։ Ավելի շուտ կիրք, որին Ռըզան ծնունդ էր տվել՝ հաստատելով այնպիսի հարաբերություններ, որոնց առկայությամբ ինքը կորցնում էր ազատ ընտրության հնարավորությունը, և որոնք նա պահպանում էր, թելադրելով խաղի կանոնները, պարտադրանք և պարգև, քնքշություն և խստություն։ Ռըզան իրեն փակել էր անիրական մի աշխարհում, և այդ աշխարհը փլուզվել էր։ Այն պահից ի վեր, որ Ռըզան տիրացել էր իրեն ձիթենու այգում, Մարոն ապրել էր միակ և նույն օրը, ուր ամեն ինչ խառնվում էր իրար։ Միայն Թովմասի, Նուրհանի, Սաֆիյեի և մնացած կանանց, Էմինեի, նույնիսկ Բույուկ խանումի գոյության շնորհիվ էր, որ իր կյանքն Այնթապում միս ու արյուն էր առնում և բաշխվում էր տարիներով։ Ռըզայի հետ իր կապի միջադեպը դուրս էր մնում այդ պատմությունից, այն անժամանակյա էր և կարող էր տևել ինչպես քսան օր, այնպես էլ քսան տարի։
Մարոյի հոգին թեթևացավ, երբ նա հասկացավ, որ ինքը երբեք չէր ափսոսալու այդ մարդուն կորցնելու համար։ Մնում էր Նուրհանը...
Последний раз редактировалось Lusine1101 04 май 2017, 01:08, всего редактировалось 7 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:27

Մաս 92


Ինչպես և Վարդանը կանխատեսել էր, մայրաքաղաքի թերթերը չէին դադարում գովաբանել բրիտանական դիվանագետներին, որոնք բանակցել էին Այնթապի գավառապետին ազատելու համար։ Ռըզա բեյը կարծես թե խոստումը կատարել էր, քանի որ բոլոր թերթերում խոսվում էր ավազակների և փրկագնի մասին։ Ավելին, հոդվածներից ոչ մեկում հիշատակություն չկար նրան նվիրված մարդու՝ Պետրիի սպանության մասին։ Հետևաբար Վարդանը կարող էր ենթադրել, որ պատմությունն այդքանով էլ կավարտվեր, եթե, իհարկե, Ռըզան չէր վստահել իրական պատմությունը ոստիկանությանը, և այդ դեպքում կարելի էր անախորժությունների սպասել։ Նա այդ բանը շատ շուտ կիմանար։
Երբ Վարդանը աշխատանքից տուն վերադարձավ՝ հիացավ, տեսնելով Մարոյին կանաչ զգեստով, որը ծածկում էր սրունքների կեսը և բաց էր թողնում նրա կոճերը։ Հետպատերազմյան նորաձևությանը համապատասխան կարված այդ զգեստը նրան շատ էր սազում։
— Դու հիասքա՜նչ ես։
Մարոն ժպտաց և չկարողացավ թաքցնել հուզմունքը։ Գիշերը նրանց միջև հաստատված մտերմությունն անհայտացել էր առավոտյան նախաճաշի եկած Տիրանի հայտնվելուց հետո, և նրանք նորից օտար էին։ Այդուհանդերձ, չնայած իր զուսպ և սառը կեցվածքին, Մարոն երջանիկ էր Վարդանի վերադարձի համար։ Առաջին օրվա համար դա բավարարում էր Վարդանին։ Նա կկարողանար անսահման համբերություն ցուցաբերել, որը, ինչպես նա գիտակցում էր, անհրաժեշտ էր իրենց պարագայում։ Նա համբուրեց Մարոյի այտերը, հարցնելով, թե ինչպես էր նա։ Մարոն ցույց տվեց կնքված և հասցեագրված ծրարների կույտը գրասեղանի անկյունում։
— Ես ավարտեցի ցուցակը։ Բայց չհամարձակվեցի դուրս գալ դրանք ուղարկելու համար։
Նա տատանվեց, մեղավոր տեսքով ավելացնելուց առաջ.
— Հիմարություն է, բայց քաղաքն ինձ վախ է ներշնչում։
Վարդանը հուզված էր։
— Մենք միասին կվարժվենք Կոստանդնուպոլսին։ Վաղը ես ազատ եմ։ Եթե դու ի վիճակի լինես, մենք կայցելենք տարբեր դեսպանատներ և Հայ օգնության կոմիտե՝ տեսնելու, թե նրանք որևէ տեղեկություն ունե՞ն Թովմասի մասին։
— Այո, իհարկե։
Երբ տնից դուրս եկան, Մարոն կառչեց Վարդանի թևից։ Ժամանակին հարազատ եղած թաղը հիմա նրան վախ էր ներշնչում։ Գուցե նրան ազատությո՞ւնն էր վախեցնում, որից նա հետ էր վարժվել։ Նա չէր պատկերացնում, որ այսուհետ ինքը կարող էր գնալ և գալ իր ցանկությամբ և որևէ բան անելու կամ չանելու ընտրությունն ունենալ։
— Մենք շուտ ենք դուրս եկել, արի զբոսնենք, ուզո՞ւմ ես։
Վարդանը հաճույքով ընդունեց այդ առաջարկը։ Մայր մտնող արևը նարնջագույն ցոլքերով արտացոլվում էր վերևի հարկերի լուսամուտների ապակիներից, փողոցի վրայով թևերի սոսափյունով աղավնիների մի երամ անցավ։ Նրանք հասան պողոտային, որը տանում էր Տակսիմի պուրակը։ Նրանց դիմաց Զինվորական դպրոցն էր, որը շրջապատված էր ձիարշավարաններով, որտեղից հեծելազորի մի գունդ վերադառնում էր դեպի ախոռները։ Մարդիկ հավաքված էին հասարակական աղբյուրի մոտ, որից օգտվում էր ամբողջ թաղը։ Կառապանները հերթ էին կանգնել իրենց ձիերին ջուր տալու համար։
— Սուրբ Հակոբ եկեղեցին հեռու չէ...— ասաց Մարոն։
Այնտեղ գնալու համար պետք է ճանապարհից շեղվեին, բայց Վարդանը մտածեց, որ կինը տարիներ շարունակ ոտք չէր դրել եկեղեցի։ Նրանք գնացին պողոտայով, ուր արագ ընթանում էին կառքերն ու ֆայտոնները։ Կամաց-կամաց Մարոն հանգստացավ, քայլվածքն ավելի ճկուն դարձավ, քայլն ավելի վստահ, և նա այլևս չէր կառչում Վարդանի թևից։ Վերջինս դա լավ նշան համարեց և մտածեց, որ Մարոն շատ շուտ կընտելանա Կոստանդնուպոլսի իր կյանքին և իրեն էլ կվարժվի։
— Երբ ուզենաս, մենք կգնանք զբոսնելու Բերայի գլխավոր փողոցով և, ինչպես առաջ էինք անում, «Մարկիզա» կմտնենք թեյ խմելու։ Հիշո՞ւմ ես։
— Այո,— ասաց Մարոն երազկոտ տեսքով։
Մարոն միշտ կապված էր իր հոր՝ Հակոբ Արթինյանի, հովանավոր Սուրբ Հակոբ եկեղեցու հետ, և այնտեղ մտնելով հուզվեց։ Արևի վերջին ճառագայթները ավելի վառ էին դարձրել վիտրաժները և գունավորել էին պատերը։ Խունկի և այրվող մոմերի հոտը Մարոյի սրտում թանկ հուշեր արթնացրեց, և նա ծնկի իջավ։ Երբ սկսեց աղոթել, հեռավոր անցյալի պատկերները ջնջվեցին, քանի որ նա աղոթում էր իր երկու որդիների համար։ Նա երկար ծնկաչոք մնաց։ Նստարանին նստած Վարդանը աչքի պոչով նայում էր Մարոյին և նախանձում էր նրա հավատին, քանի որ ինքը կորցրել էր հավատը։ Նա այլևս գրեթե չէր հավատում, սակայն իրենց միացումը բնորոշելու համար գտնում էր միայն «հրաշք» բառը։ Կամաց-կամաց Մարոյի կիսադեմը փոխարինվեց Արուսյակի կիսադեմով։ Չնայած իր սիրուն Մարոյի նկատմամբ, Ուրգուպի երիտասարդ կինը կենդանի էր Վարդանի սրտում։ Եվ Վարդանը, ներքուստ, նրա համար արտասանեց հոգեհանգստյան աղոթքը։
Եկեղեցուց դուրս գալուց առաջ նրանցից յուրաքանչյուրը երկու մոմ վառեց և այն կանգնեցրեց ավազով լի ամանի մեջ, որն այդ նպատակով դրված էր Աստվածամոր պատկերի առաջ։ Մարոն՝ Թովմասի ու Նուրհանի համար, Վարդանը՝ Թովմասի ու Արուսյակի համար։ Եվ նրանցից ոչ մեկը չհամարձակվեց հարցնել, թե ում համար էր այդ երկրորդ մոմը։
Նրանք արագ հեռացան, որպեսզի չուշանային։ Մարոն ավելի հանգիստ էր, սակայն երբ հասան Շահին բեյ փողոցը, ուր ապրում էին Մեսրոպյանները, նա նորից լարվեց, և այդ լարումն ավելացավ նրանց նպատակակետին մոտենալուն պես։ Հևալով՝ նա կանգ առավ դռանը մի քանի քայլ չհասած։ Վարդանը հասկացավ, որ այդ այցելությունը նրան վախեցնում էր։ Նա շոյեց կնոջ ձեռքը։
— Նրանք այնքան երջանիկ են, որ կարող են քեզ նորից տեսնել։
— Ես նույնպես, սակայն...
Մարոն հոգու խորքում պահեց իրեն միշտ որպես իրենց դստերը վերաբերվող մարդկանց կողմից դատապարտված լինելու վախը։ Վարդանն ուզեց նրան վստահություն ներշնչել։
— Ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ հետ եմ։
Այս վերջին խոսքերը հուզեցին Մարոյին։ «Ես քեզ հետ եմ»՝ շատ ավելին էր, քան պարզապես «Ես քեզ ուղեկցում եմ»։
Արփինե մորաքույրը ձեռքերը երկնքին պարզեց և չկարողացավ արտաբերել այն բառերը, որոնք կարտահայտեին իր հրճվանքը։ Հուզմունքից ճիչեր արձակելով, նա նետվեց Մարոյի վրա և համբուրեց նրա այտերը, հետո ճակատը, հետո նորից այտերը և նորից ճակատը։ Համբույրների արանքում նա ասում էր. «Տերը լսեց մեր ձայնը։ Տերը լսեց մեր ձայնը»։ Հետո հևալով նա գրկեց զարմիկի կնոջն ու անձնատուր եղավ արցունքներին։ Ազդվելով այդ ջերմությունից և համարելով, որ մորաքույրն իրեն չէր դատապարտում, Մարոն նույնպես համբուրեց նրան։
— Մորաքույր, մորաքույր, ես շատ երջանիկ եմ։
Ձեռքերը Մարոյի ուսերին դնելով՝ Արփինեն մի քայլ հետ գնաց և նրան նայեց մոր հիացական հայացքով։
— Դու չես փոխվել։ Դու նույնիսկ է՛լ ավելի ես գեղեցկացել։
Նրա դեմքը լրջացավ և նա ասաց տխուր ձայնով.
— Խե՜ղճ աղջիկ։
Վարդանը գերադասեց ցրել մորաքրոջ վերջին խոսքերի երկիմաստությունը։
— Մի մտածեք, Արփինե մորաքույր, մենք կգտնենք Թովմասին։ Մարոն գրել է արդեն բոլոր որբանոցներին և միսիոներներին, որոնք հավաքում են հայ երեխաներին։
Արփինեն հասկացավ, որ այսպիսով Վարդանը հասկացնում էր, որ ինքը չխոսեր Մարոյի տարած փորձությունների մասին։
Հաջորդը Մեսրոպն էր։ Նրա թաց աչքերը, լայն ժպիտը, տարածած ձեռքերը կանչում էին Մարոյին։
— Արի, քեզ համբուրեմ, աղջիկս։
Նրան մոտենալիս Մարոյին թվաց, որ ինքը նրա աչքերում հետաքրքրասիրության անցողիկ արտահայտություն նշմարեց, կարծես նա պատկերացներ Մարոյին օտար տղամարդու հետ։ Դա պատրանք էր, որը նրան թելադրել էր մեղքի սրված զգացումը։ Սակայն այն, որ նա մի պահ գրեթե աննկատ հապաղեց Մարոյին գրկելուց առաջ և որ փորձում էր ուրախ բացականչություններով քողարկել համբույրի սառնությունը, չվրիպեց Մարոյից։ Քեռու աչքերում նա անկասկած պղծված էր։ Կուլ տալով իր վիշտը՝ Մարոն ուրախ բացականչեց.
— Բոլորովին չի երևում, որ հիվանդ եք եղել, Մեսրոպ քեռի։ Դուք ավելի երիտասարդ եք երևում։
Քեռին հիացած տեսք ուներ, սակայն նրա պատասխանը երկիմաստ հնչեց։
— Հիվանդության ավերածությունները միշտ չէ, որ տեսանելի են։ Դու նույնպես լավ տեսք ունես։
— Ինձ հանձնեք նրան,— բացականչեց Լուսիկը՝ հոր թևքը քաշելով։— Մարոն իմ քույրն է։
Լուսիկի գրկախառնությունն անկեղծ էր, և Մարոն հաճույքով անձնատուր եղավ դրան։ Մի քանի րոպե նրանք լռում էին, սակայն յուրաքանչյուրին թվաց, որ իրենք անփոփոխ վիճակում վերագտան իրենց երբեմնի բարեկամությունը։
— Տղամարդկանց թողնենք հյուրասենյակում, իսկ մենք գնանք խոհանոց,— հայտարարեց Լուսիկը՝ բռնելով Մարոյի թևը։
Վարդանը նստեց բազմոցին։ Մեսրոպը շամպայնի շիշ հանեց, որը նրան նվիրել էր ֆրանսիական դեսպանատան ծառայողներից մեկը, ում համար նա տպագրական աշխատանքներ էր կատարել։
— Եվրոպացիների վերադարձի հետ աշխատանքի պակաս չի զգացվում,— ասաց նա խմիչքը բաժակների մեջ լցնելով։
Նրանք բաժակներն իրար խփեցին։ Քեռին նստեց իր սիրած բազկաթոռին զարմիկի առջև և առաջին կումն անելուց հետո լեզուն հաճույքով ճպճպացրեց։ Հետո, անմիջական տոնով ասաց.
— Մարոն կարծես կաշկանդված լինի։
— Նա այնպիսի ողբերգություն է ապրել, որի մասին դուք անգամ պատկերացում չունեք, Մեսրոպ քեռի։ Մեզնից քչերը կկարողանային անխաթար դուրս գալ այդպիսի փորձություններից։ Նրա ճակատագիրը միահյուսվում է մեր ժողովրդի ճակատագրի հետ, քեռի։ Միգուցե նա անհարմար է զգում մեզ համար, որոնք համեմատաբար ավելի հեշտ ճակատագիր ենք ունեցել։
Ուղերձը պարզորոշ էր, և Մեսրոպը, բարկանալով, որ իրեն դաս են տալիս, մրմնջաց.
— Ես հենց այդ էի ուզում ասել...
Անհարմար վիճակից դուրս գալու համար Վարդանն ասաց.
— Այս շամպայնը շատ բարձր որակի է։
— Իսկապես։ Ես կփորձեմ քեզ համար մի շիշ ճարել։
Որոշ ժամանակ նրանք խոսում էին եղանակի մասին, սակայն հետաքրքրասիրությունից դրդված՝ Մեսրոպը սկսեց հարցեր տալ Վարդանին.
— Ես այսօրվա թերթերն եմ նայել։ Այնտեղ զետեղված էր գավառապետի լուսանկարը։
— Այդ գործը փակված է։
— Դա նա է, որ...
Վարդանը նրան ընդհատեց.
— Մեսրոպ քեռի, ես չեմ ուզում այլևս դրա մասին խոսել և չեմ ուզում, որ Մարոյին հիշեցնեն տեղահանության մասին։ Հնարավորություն տանք նրան, եթե նա կարող է, մոռանալ այն դժբախտությունները, որոնց ականատես է եղել։ Ես կարծում եմ, որ պահանջածս մեծ բան չէ։
Մեսրոպին մնում էր միայն ենթարկվել այդ վճռական տոնին։ Նրա բնական բարությունը և Մարոյի նկատմամբ նրա սերը հաղթող դուրս եկան։
— Խեղճ երեխա,— ասաց նա։— Մեր սերը նրան կօգնի մոռանալ այդ փորձությունները։
Խոհանոցում տարածվել էր տապակած սոխի և քիմիոնի հոտը։ Մարոն ուզում էր Լուսիկին օգնել պատրաստելու խորտիկները։ Արփինեն, որը ստուգում էր ջեռոցի վրա դրված կաթսաները, հարցրեց.
— Ինչո՞ւ չեք գնում Լուսիկի սենյակ զրուցելու։ Ես ամեն ինչ կանեմ։
Մարոն բաստուրմա էր կտրում։
— Թույլ տվեք օգնեմ ձեզ, Արփինե մորաքույր։ Ես այնքան վաղուց գործ չեմ արել։
— Այնտեղ շա՞տ ծառայողներ կային։
— Այո։
— Մայրիկ,— վրդովվեց Լուսիկը։— Մարոն երևի ուզում է մոռանալ այն, ինչ եղել է և նոր կյանք սկսել։ Ես այդպես կանեի։ Իսկ դո՞ւք, մայրիկ։
— Իրավացի ես,– պատասխանեց մայրը սրտնեղած։— Ես հիմար պառավ եմ։
Մարոն նրան գրկեց.
— Այդպես մի ասեք, մորաքույր։ Դուք հրեշտակ եք, և ես ձեզ պաշտում եմ։
— Ա՜հ, ես, ինչպես և բոլորը, թերություններ ունեմ։
Նա շրջվեց, քնքշորեն նայեց Մարոյին և նրա այտը շոյեց, մտածելով այն մասին, որ նա կորցրել էր մորը։
Լուսիկը, որը չափից ավելի զգայուն էր, վատ էր տանում հուզիչ տեսարանները, որոնք նրան հունից հանում էին։
— Դուք լացելու մտադրությո՞ւն ունեք, մայրիկ։ Ավելի ճիշտ կլիներ երգել։
Իր դստերը լավ ճանաչելով՝ Արփինեն պաշտպանվեց ձևականորեն.
— Իսկ ուրախությա՞ն արցունքները, դու դրանց գոյության մասին չգիտե՞ս։
Նրանք ավարտեցին գործը՝ խոսելով առօրյա հոգսերի մասին։ Արփինեն խոսում էր սննդամթերքի գների, որոնք բարձրանում էին, և իրեն անհանգստացնող այտուցված ոտքերի մասին։ Լուսիկը խոսում էր փարիզյան վերջին նորաձևության մասին, որի նմուշները կարելի էր տեսնել գլխավոր փողոցի խանութներում, և բարձրաձայն ծիծաղելով, նա ասաց, որ այնտեղ կարելի է նաև տեսնել ֆրանսիական նավատորմիղի գեղեցիկ սպաներին։ Մարոյին թվում էր, որ ինքը վերադարձել էր 1908 թվականը։ Հին ընկերությունը վերադառնում էր, և նա զգաց, որ մորաքույրն ու քույրը իրեն ընդունում էին առանց վերապահումների։ Այս երկուսին մանրամասներ պետք չէին, որպեսզի պատկերացնեին, թե ինչպիսին էր եղել Մարոյի կյանքը վերջին տարիների ընթացքում, և նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ ինքը նույն ձևով կպահեր իրեն։ Նրանց դիրքորոշումից հանգստանալով՝ Մարոն համաձայնեց Լուսիկին քաղաք ուղեկցել երկու օր հետո։
Խոհանոցի անբռնազբոս մթնոլորտը ճաշասենյակ տեղափոխելու Արփինեի ու Լուսիկի ջանքերին հակառակ, սեղանի շուրջը տիրում էր որոշակի լարվածություն։ Մարոն դարձյալ փակվեց իր խխունջի մեջ, քանի որ Մեսրոպ քեռու հայացքը անընդհատ վերադառնում էր նրա վրա, և այդ հայացքում հետաքրքրասիրություն կար, որը վիրավորում էր Մարոյին։ Նա բարձրաձայն էր խոսում, ծիծաղում էր, պատմում տպարանում տեղի ունեցած ծիծաղելի միջադեպերը, ասում էր, որ փառք էր տալիս Աստծուն, որ նա վերջապես միացրել էր Վարդանին ու Մարոյին, և ցանկանում էր, որ Թովմասն էլ շուտով միանար նրանց, խուսափում էր ակնարկել Մարոյի մոտակա անցյալի մասին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր, քանի որ ծեր մարդը չէր կարողանում իր ձայնին բնական հնչեղության տալ։ Բայց դա ցանկության պակասից չէր։ Իրենից անկախ նա մնում էր իր ստացած դաստիարակությունից ժառանգած նախապաշարմունքների և պատվի մասին մի քիչ սահմանափակ պատկերացումների գերին։ Չնայած այն հանգամանքներին, որոնք արդարացնում էին Մարոյին, այդուհանդերձ քեռու աչքերում նա մնում էր որպես հավատարմությունը դրժած կին։ Մեսրոպի հոգում վերակենդանացել էր խանդի և սեփականատիրոջ զգացումը, որոնք Արփինեն արդեն վաղուց ի վեր չէր գրգռում և երբեք առիթ չէր տվել դրան, և նա իրեն պատկերացնում էր իր զարմիկի իրավիճակում։ Այդ բանը բնազդաբար զգում էին մնացած հյուրերը։
Վարդանը սեղանի տակ սեղմեց Մարոյի ձեռքը, որպեսզի նա իմանար, որ ինքը նրա կողմն էր բռնել։ Մարոն դարձավ դեպի Վարդանը և տեսավ նրա սիրահարված հայացքը։ Դրանից նրա տագնապն ավելի խորացավ։
— Տիրանը չի՞ գալու ճաշի,— հարցրեց Վարդանը քեռուն և մորաքրոջը։— Իսկ Արա՞մը։
Լուսիկը կատակով պատասխանեց.
— Նրանք, ինչպես միշտ, ինչ-որ խորհրդավոր գործով են զբաղված։
Նա լուրջ չէր ընկալում եղբոր գործունեությունը, որը նա պատրվակ էր համարում ընտանեկան ապարանով չզբաղվելու համար։ Մեսրոպը բարձր հառաչեց, դարձավ իր զարմիկին և նորից խոսեց իրեն տանջող խնդրի մասին։
— Դու գիտե՞ս, որ նրանք ուզում են Կովկաս՝ Հայաստան գնալ։
Նա նեղացած էր։
— Հետո ի՞նչ,— ասաց Վարդանը՝ ուսերը թոթվելով։— Դուք դեմ չէիք, երբ Պարգևը Նյու Յորք էր գնում։
Մեսրոպը պայթեց.
— Դա կապ չունի։ Նյու Յորքը Նյու Յորք է։ Նյու Յորքում պատերազմ ու սով չկար։
Վարդանը հանդարտեցնող շարժում արեց.
— Մեսրոպ քեռի... Հիշեք, որ Հայաստանն այն է, ինչի համար նա պայքարել է ամբողջ կյանքը։ Դուք պետք է որ վաղուց հասկացած լինեիք, որ նա ձեզ չի փոխարինելու տպարանում։
— Ի՞նչ է լինելու տպարանի վերջը։
— Կվաճառեք և թոշակի կանցնեք։ Կարող եք ճանապարհորդել Արփինե մորաքրոջ հետ։
Ծեր մարդը խեղճացավ.
— Տպարանը ես ժառանգել եմ հորիցս։ Այն օտարի՞ զիջել։ Երբե՛ք։
— Չէի՞ք ասում, որ մտածում էիք Արամի մասին։
Մեսրոպը գլուխը թափ տվեց.
— Այդ տղան տեղում հանգիստ չի մնում։ Նա նմանվում է Տիրանին։ Ի միջի այլոց, նա էլ է ուզում Հայաստան գնալ։
Քանի որ Վարդանի փաստարկները սպառվել էին, նա կես կատակ, կես լուրջ առաջւսրկեց.
— Վերջապես մի օր Լուսիկը կգտնի իր հավանած մարդուն։ Ձեր փեսան...
Երիտասարդ կինը չընկալեց կատակը և վճռական ձայնով ասաց.
— Ես կամուսնանամ, երբ կսիրեմ, և ոչ թե այն պատճառով, որ տպարանին տեր է հարկավոր։
Նա գլուխը թեքեց և հոր աչքերի մեջ նայելով, հարցրեց քաղցրաձայն.
— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող լինել տպարանի տերը։ Ես տիրապետում եմ այդ գործին։
Քեռին սարսափած բացականչեց.
— Մեսրոպյան և դուստր։ Ապա մի սրան տեսե՜ք...
— Դա այդքան էլ վատ գաղափար չէ,— ասաց Արփինե մորաքույրը մտածելուց հետո։— Ես պատկերացնում եմ Լուսիկին գործարար կնոջ դերում։
Ականջներին չհավատալով՝ Մեսրոպը նայեց կնոջը, որը պահպանում էր լրջաթյունը։ Նա գերադասեց չպատասխանել և սկսեց ուտել առանց աչքերը ափսեից կտրելու։
Արփինեն խորամանկ աչքով արեց մյուսներին։

Մաս 93


— Անե՜, անե՜,– բղավում էր Նուրհանը, վազելով անձրևի տակ իր մորը տանող կառքի հետևից։
Մարոն ցնցվեց և արթնացավ, իսկ որդու ձայնը շարունակում էր հնչել ականջներում։ Մղձավանջը նման էր այն երազին, որը տանջում էր իրեն ամիսներ շարունակ Թովմասի անհայտանալուց հետո։ Թովմասն անապատում էր, նրան տարել էր պտտահողմը, և նա բղավում էր «մայրիկ, մայրիկ», իսկ Մարոն չէր կարողանում նույնիսկ ձեռքը շարժել։
Կնոջ կտրուկ շարժումը արթնացրեց Վարդանին։
— Ի՞նչ է պատահել, Մարո։
— Ոչինչ, վատ երազ էր։
Վարդանը կուզենար, որ Մարոն բացատրեր, սակայն, ներողություն խնդրելով արթնացնելու համար և բարի գիշեր մաղթելով, նա մեջքով շրջվեց Վարդանին։ Նա լսեց, թե ինչպես էր Մարոն թաքուն լալիս, կարծելով, որ իր հեկեկոցը չէր լսվում, սակայն Վարդանը չհամարձակվեց նրան հարցեր տալ։ Նա ինչպես միշտ կպատասխաներ, որ ինքն առանց պատճառի ընկճված էր, կամ էլ՝ որ ինքը տանջվում էր Թովմասի համար։ Վարդանը գուշակում էր, որ պատճառն այլ էր։ Ի՞նչ պատճառ։ Իհարկե, մյուսը։ Ռըզա բեյը, որը նույնիսկ հեռվից կանգնած էր իրենց միջև։
Պարզվեց, որ առաջին օրերի նրա համոզմունքը, որ իրենց հարաբերությունները շատ շուտ առաջվա պես կդառնային, սխալմունք էր։ Մարոյի ամաչկոտությունը խոչընդոտ էր դառնում, իսկ զսպությունը՝ սառնություն։ Ամեն երեկո տուն վերադառնալիս նա հայտնաբերում էր, որ Մարոն ավելի էր իրենից հեռացել, ավելի և ավելի բացակա էր։ Իսկ Վարդանի համբերությունը հատում էր, և խանդը բույն էր դնում հոգում։ Չորրորդ օրը Մարոն զգալ տվեց, որ չէր մերժի իրեն, և նրանք սիրեցին իրար։ Կամ գոնե Վարդանը փորձեց այդ բանն անել։
Նա իր անկողնում հայտնաբերեց սառցե մի լուլա, լարված և անշարժ մի կին, որն ի վիճակի չէր հաճույքին տրվելու, կամ գոնե միայն տենչին։ Դա նման չէր Մարոյին, և Վարդանը սարսափով եզրակացրեց, որ Մարոն անտարբեր էր իր նկատմամբ։ Այդ օրվանից նա նրբանկատ և քաղաքավարի էր Մարոյի հետ, սակայն դադարել էր նրան սիրահետել, ապարդյուն սպասելով նախաձեռնության նրա կողմից։ Նախ, անհրաժեշտ էր, որ փլվեր լռության այդ պատվարը, որը Մարոն կառուցել էր իր վշտի շուրջ, և որ լցվեր այն վիհը, որը գոյացել էր նրանց միջև երեք տարվա բաժանումից։ Ինչպես դա պետք է տեղի ունենար, Վարդանը չգիտեր։ Նա սպասում էր և, կնոջ դատարկ կամ այլուր ուղղված հայացքը չտեսնելու համար, նա նստում էր իր աշխատասեղանի առջև և գրում էր մինչև քնելու պահը։ Տարօրինակ կերպով, Մարոյի կեցվածքը թեժացնում էր Վարդանի սրտում Արուսյակի կորստյան վիշտը, և նա շատ հաճախ էր նրան հիշում։ Եվ, հակառակը, այդ պարզ և երջանիկ սիրո հուշը ավելի տանջալի էր դարձնում իր կնոջ հետ կապ հաստատելու անկարողությունը։
Տան ճնշող մթնոլորտից խույս տալու համար, Վարդանը մասնակցում էր մայրաքաղաքի տարբեր հայկական կազմակերպությունների հավաքներին, կազմում էր Իթթիհատի հանցագործների թղթապանակները, մասնակցում էր խաղաղության բանակցությունների նախապատրաստությանը, որոնք հավանաբար տեղի էին ունենալու Ֆրանսիայում։ Եվ երբ ուշ երեկոյան տուն էր վերադառնում, նախ հետաքրքրվում էր փոստով եկած նորություններով։ Թովմասին գտնելու հույսը, որ նրանք շարունակում էին փայփայել, նրանց միավորող միակ կապն էր։
Շաբաթներն անցնում էին։ Բացառությամբ Կոստանդնուպոլսի շրջակայքում գտնվող մանկատներից ստացած բացասական պատասխաններից, նրանք ոչինչ չէին ստացել Զմյուռնիայից, Սիրիայից, Կիպրոսից և այլ վայրերից։ Բոլոր հնարավորություններն օգտագործելու համար, նրանք նամակներ էին գրել Գերմանիայի և Շվեյցարիայի բողոքական եկեղեցիներին, որոնք կարող էին միսիոներներ ունենալ Անատոլիայում պատերազմի ժամանակ։ Իսկ փոստը վատ էր աշխատում։
Վարդանը քնեց։ Մարոն, մեջքին պառկած, նայում էր առաստաղին արտացոլվող փողոցային լույսերին։ Միգուցե ավելի, քան Վարդանը, նա ընկճված էր իրավիճակից և ազդվում էր տեսնելով, թե ինչպես էր նա իրենից հեռանում։ Նա գիտեր, որ իրենց սերը հարատևում էր, և ազդակ էր պետք, որպեսզի դառնար ամուր և կենսունակ առաջվա պես։ Պարզապես իրենք մոռացել էին այդ սերն արտահայտող լեզուն։ Ինչ էլ մտածեր Վարդանն այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, մեղքը միայն իրենը չէր։ Իրենց երբեմնի սիրային ծեսն այլևս չէր կիրառվում, քանի որ ժամանակն այն ընդհատել էր և իմաստազրկել։ Իրենք պետք է նոր ծես հնարեին, որը կարող էր միայն ինքնաբերաբար ծնվել։ Այդպիսի ծես զույգը ոչնչից կարող էր ստեղծել միայն համատեղ կյանքի ծեգին։ Իսկ այն ծեսը, որը պետք է ստեղծեին Մարոն ու Վարդանը, պետք է իր մեջ ներառեր մոտավոր անցյալը, արմատավորվեր երեք տարվա բաժանման մթության մեջ՝ տառապանքի, վախի և խաբված հույսերի տարիներում, առանց մոռացության մատնելու անցողիկ ուրախությունները և պատրանքները։ Պայմանները չէին նպաստում դրան։ Նախ պետք էր վերացնել այն խոցը, որը թունավորում էր նրանց հարաբերությունները, իսկ իրենցից ոչ մեկը այս պահին չուներ այդ բանն անելու ոչ ուժը, ոչ էլ քաջությունը։
Վարդանը սխալվում էր՝ կարծելով, թե ինքը տանջվում էր Ռըզայի համար։ Իր համար գավառապետը այլևս գոյություն չուներ, ավելի քան մեռած Պետրին, որի գլուխը ջախջախել էր գնդակը։ Այն ցավը, որից նա ազատում չէր գտնում, իրեն պատճառում էր Նուրհանը։ Նուրհանը, որին հիշեցնում էին մանկատան բոլոր երեխաները, և նա աշխատում էր այնտեղ՝ փորձելով դժոխքից ազատված այդ փոքրիկներին մի քիչ սեր պարգևել։ Նուրհանը, որին մոռանալ չէր տալիս նրա եղբորը գտնելու հույսը։ Ինչպես Թովմասի անհայտանալու առաջին շաբաթների ընթացքում, ցավը պակաս անտանելի կլիներ, եթե նա մահացած լիներ։ Մինչ կյանքի վերջը Մարոն ամեն առավոտ պետք է կորցներ այդ երեխային, նրա հիշատակը վառ պահելու փոխարեն։ Ինչպես և Թովմասի դեպքում, ինքը դատապարտված էր հավերժ նրան կորցնելու։ Ինչպես կարող էր նա այդ իրավիճակում սկսել նորից սիրել մի տղամարդու։
Տիրանը, ինչպես և ընտանիքի մնացած անդամները, հասկանում էր, որ Մարոյի և Վարդանի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին։ Նա նույնքան կապված էր երիտասարդ կնոջը, որքան իր քեռորդու հետ, և այն լարվածությունը, որ զգում էր նրանց հարաբերություններում, վշտացնում էր նրան։ Ուստի նրանց ավելի հազվադեպ էր այցելում, քան կուզեր։ Այդ երեկո նա եկավ Վարդանի մոտ անհետաձգելի մի հարցով և իրեն ավելի վստահ զգալու համար, իր հետ բերեց Արամին։
Մարոն սուրճ պատրաստեց և տղամարդկանց միացավ հյուրասենյակում։ Նա սուրճ հրամցրեց Տիրանին, որը տեղավորվել էր բազկաթոռում, և Արամին, որը Վարդանի աշխատասեղանի մոտի աթոռը դրել էր իր ուսուցչի կողքին և նստել։ Մարոն նստեց ամուսնու կողքին բազմոցին։
— Դու հազվադեպ ես գալիս,– ասաց Վարդանը քեռորդուն։
— Դրա համար ծանրակշիռ պատճառներ կան։ Արամն ու ես լրտեսներ ենք դարձել և գաղտնի գործակալներ։
Երիտասարդը, քանի որ Արամը շատ արագ մեծացել էր և այլևս պատանու նման չէր, գլուխը հպարտորեն բարձրացրեց։ Նրա վերին շրթունքի վրա արդեն աղվամազ էր հայտնվել։ Տիրանը սուրճը խմեց՝ հաճույք ստանալով եղբորը սպասեցնելուց։ Հիսաթափվելով նրա զսպությունից, նա բացատրեց.
— Մենք փաստաթղթեր ենք փնտրում, որոնք կարող են պատմության ընթացքը փոխել։ Դատարանում հնչած բազմաթիվ վկայություններից պարզվել է, որ կառավարության ժողովների արձանագրությունները, ներքին գործերի նախարարության շրջաբերականները, ձեռագրերն ու նամակագրությունը, այսինքն տեղահանություններին վերաբերող բոլոր փաստաթդթերը անհայտացել են։ Շատերն այրվել են, մի մասը գողացել են այն մարդիկ, որոնց դրանք բացահայտում են։
— Գիտեմ,— ասաց Վարդանը։
— Սպասիր, նորություններ կան։ Մեզ լուրեր են հասել, որ այդ փաստաթղթերի մի մասը վաճառվում է շատ թանկ գնով։
— Մենք հետքը գտել ենք,— ավելացրեց Արամը։— Սակայն դա նրբին գործ է։ Շատերն են ուզում տարբեր պատճառներով ձեռք բերել այդ փաստաթղթերը, և վաճառողները շատ զգույշ են։
Վարդանը մտածեց, որ տղան շատ ավելի լավ էր մտքերը շարադրում։ Նա օգտագործում էր Տիրանին հատկանշական արտահայտությունները և նախադասությունները, երբեմն նույնիսկ նրա ձայնի երևէջները։
— Պաշտոնական փաստաթղթերի առկայությամբ,— շարունակեց Տիրանը,— մենք կկարողանանք ապացուցել, որ տեղահանությունների քողի տակ երիտթուրքերի կառավարությունը պարզապես ծրագրել էր հայերի բնաջնջումը։
Վարդանը գլխով արեց.
— Դա կամրապնդի մեր դիրքերը դաշնակիցների աչքում գալիք բանակցություններում։ Սակայն շատերը շահագրգռված են, որ այդ փասթաթղթերն անհայտանան, և դա վտանգավոր է մեզ համար։
— Մեզ ոչինչ չի վախեցնում,— համառեց Արամը։
Տիրանը, որն ավելի իրատես էր, ավելացրեց.
— Արժե փորձել։ Օսմանյան դիվանագետները շատ ակտիվ են։ Նրանք հարցականի տակ են դնում ջարդերի ծավալները, որոնց պատասխանատվությունը փորձում են բարդել առանձին անհատների վրա, այդպիսով ազատելով այդ ժամանակաշրջանի կառավարությանը պատասխանատվությունից։ Եթե մենք թույլ տանք, որ նրանք այդ անեն, կգա մի օր, երբ ողջ աշխարհը վստահ չի լինի, որ այդ սարսափելի ոճիրն իրականացվել է։ Ահա թե ինչու պետք չէ հաշվի առնել վտանգները։
Վարդանը համաձայնության նշան արեց.
— Ինչպես դու ես ասում՝ արժե փորձել։
— Իսկ դու, Վարդան, դու ի՞նչ ես հիմա անում։
— Ես հավաքել եմ Գանի բեյի թղթապանակը։
— Դա այն մարդն է, որը Սվա՞ս էր եկել,— հարցրեց Մարոն։
— Հենց նա։
— Օ,– բացականչեց Մարոն,— ես հույս ունեմ, որ նա կախաղան կհանվի, այդ սրիկան։
Տիրանը լեզուն ճլթճլթացրեց՝ իր անվստահությունն արտահայտելու համար։
— Երեք օր առաջ նա փախել է մայրաքաղաքից և, համաձայն տեղեկությունների, Ավստրիա է մեկնել։ Նա հեռակա կդատապարտվի։
Վարդանը Մարոյի կողմը դարձրեց տխրած դեմքը։
— Այդ թղթապանակն ուսումնասիրելիս ես սարսափելի մի բան իմացա։ Գնդապետ Իբրահիմը մահացել է կտտանքներից հարցաքննության ժամանակ։
— Կտտանքների՞ց։ Բայց ինչո՞ւ,— բացականչեց Մարոն սարսափած տեսքով։— Նա թուրք սպա էր։
— Նա ինձ ազատել էր բանտից Հալիթ փաշայի օգնությամբ։ Վերջինս նույնպես սպանվել է։
Մարոն հետաքրքրվեց։
— Ուրեմն նրա շնորհիվ է, որ... Իբրահիմը պատվի մարդ էր, նա ինձ խոստացել էր, որ քեզ չէր լքի։ Ես հույս ունեմ, որ նա Ալլահի դրախտում է։
Տիրանը զարմացավ, որ Մարոն չգիտեր, թե ինչպես էր Վարդանը Սվասից փախել։ Այս երկուսն ուրեմն ոչինչ չէին պատմել իրենց դժբախտությունների և արկածների մասին։ Հետևաբար նրանց հարաբերությունների բարդություններն ավելի լուրջ էին, քան ինքը կարծում էր։
— Կարո՞ղ եմ ծխել,— հարցրեց Արամը, իր բաճկոնի գրպանից անգլիական ծխախոտի տուփ հանելով։
— Խնդրեմ,– ասաց Մարոն, ցույց տալով աշխատասեղանի անկյունում դրված մոխրամանը։
Արամը լուցկին վառեց և աչքի պոչով զննեց Մարոյին։ Նա Արուսյակից գեղեցիկ էր, սակայն պակաս քնքուշ, պակաս աշխույժ և, անկասկած, պակաս արի էր։ Այս մռայլ և լռակյաց քաղաքացի կնոջ հետ Վարդանը կթուլանար և փալաս կդառնար։ Նա ավելի երջանիկ կլիներ Արուսյակի հետ։ Արուսյակի սերը պետք է որ ավելի կենսախինդ լիներ։ Նախօրեին Արամը Տիրանի և Ավետիսի հետ գնացել էր հասարակաց տուն, ուր նա զրկվել էր կուսությունից, և այդ պահից նա համարում էր, որ մեկ հայացք գցելով, ինքը կարող էր դատել կնոջ զգայական ներուժի մասին։
Տիրանը գավաթը սեղանին դրեց և կոկորդը մաքրեց իր այցելության պատճառը բացատրելու համար։
— Ասա, Վարդան.. Դեսոնը՝ ամերիկացի լրագրողը, քեզ արդեն խորհուրդ է տվել Վաշինգտոն գնալ, այդպես չէ՞։
— Նա վստահեցնում էր, որ հայկական հարցին լավագույնս ծառայելու համար հարկավոր է ճնշումներ գործադրել Ներկայացուցիչների պալատի, սենատորների և նախագահի շրջապատի վրա։
— Կոմիտեն նույնպես համոզված է դրանում։
— Այդպես եմ մտածում նաև ես,— ասաց Վարդանը։— Նախագահ Վիլսոնը կողմ է մեր երազած միացյալ Հայաստանի ստեղծմանը, իսկ ամերիկացիները միակն են, որ կարող են այդ գաղափարը պարտադրել խաղաղության կոնֆերանսին։
— Ճիշտ է։ Հետևաբար հարկավոր է այդ տրամադրությունները թեժ պահել, քանի որ կոնֆերանսն ամենայն հավանականությամբ տեղի կունենա միայն հաջորդ տարի։
— Շատ չէ, իսկապես։
— Հատկապես, որ հետնաբեմում ֆինանսական և արդյունաբերական շահեր ունեցողները ճնշումներ են գործադրում քաղաքական գործիչների վրա Օսմանյան կայսրությունը պահպանելու համար։
— Գիտեմ,— ասաց Վարդանը ծամածռվելով։– Սակայն մերոնք էլ բավականաչափ գործունյա են, թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Եվրոպայում։ Ինչպես երևում է, կաթողիկոսն էլ կոչ է արել նախագահ Վիլսոնին։
Տիրանը գլխով արեց և վերցրեց սուրճի գավաթը։ Մարոն հետաքրքրությամբ էր հետևում խոսակցությանը և, ինչպես և Վարդանը, սպասում էր շարունակության։ Նա բավականաչափ լավ գիտեր Տիրանին, որպեսզի հասկանար, որ արդեն մի քանի րոպե էր, ինչ նա պտտվում էր բուն նյութի շուրջ։ Տիրանն այդպես էր վարվում, երբ համոզված չէր իր փաստարկների ճշտության և իր դիրքորոշման հիմնավորվածության վրա։ Նա հազաց պատասխանելուց առաջ.
— Հաշվի առնելով այս իրավիճակը՝ կոմիտեն վճռել է քեզ ուղարկել Վաշինգտոն։
— Վճռե՞լ է,— վեր թռավ Վարդանը։— Արդեն իմ փոխարե՞ն են վճռում։
Տիրանն ուզեց ուղղել իր սխալը.
— Ոչ, այդպես մի ընկալիր։ Կոմիտեն կցանկանար...
Մարոն տագնապով հետևում էր Վարդանին, քանի որ գիտեր, թե որքան էր նա տարված միվորված Հայաստանի գաղափարով։ Այն միտքը, որ նա կարող էր մեկնել, նույնիսկ մի քանի ամսով, նրա համար անտանելի էր։ Վարդանը պատասխանեց կտրուկ տոնով.
— Իմ պատասխանն է՝ ոչ։
— Դու չես կարող հրաժարվել,— աղերսեց Տիրանը։
Վարդանը մեղմացավ.
— Ես չեմ պատկերացնում, թե էլ ի՞նչ պետք է անեմ, ինչ չեն անում Վաշինգտոնում մեր օգտին աշխատող մարդիկ։
— Նրանք քեզ պես տեղահանված չեն եղել։ Դու ականատեսն ես այն ամենի, ինչ տեղի է ունեցել Անատոլիայում։ Քո հոդվածները...
— Կան շատ մարդիկ, որոնք նույնքան բանիմաց են և որոնք շատ երջանիկ կլինեն Ատլանտյան օվկիանոսից այն կողմ հայտնվել։
— Կոմիտեն այդ կարծիքին չէ։
Վարդանը կորցրեց համբերությունը։
— Այդ դեպքում քո կոմիտեն թող ինձ մոտ բերի իմ որդուն, և այն ժամանակ մենք կխոսենք այդ թեմայով։
Տիրանը կարմրեց և մեղավոր հայացք գցեց Մարոյի վրա։ Ներողության փոխարեն նա ասաց.
— Դու իրավացի ես, Վարդան։ Ես նույն ձևով կվարվեի։ Ես խոսում էի լոկ որպես կոմիտեի վստահված անձ։
— Շատ լավ,— ասաց Վարդանը հանգստանալով։– Այդ դեպքում դու կկարողանաս ընկերներիդ համոզիչ բացատրել իմ մերժման պատճառները։
Մարոն իրեն թեթևացած զգաց։
— Էլի սուրճ ուզո՞ւմ եք,— հարցրեց նա սիրալիր տոնով։
Տիրանը ժողովի պատրվակով հրաժեշտ տվեց նրանց։ Նա չէր ուզում երկարաձգել իր այցելությունը, քանի որ վախենում էր, որ խոսակցությունը կանցներ Թովմասի թեմային, իսկ ինքը չէր կիսում նրանց լավատեսությունը որդուն օրերից մի օր գտնելու հարցում։ Այնքան հայ երեխաներ մահացել կամ ձուլվել էին մահմեդական ընտանիքների հետ և չէին արձագանքում ու չէին էլ արձագանքելու իրենց ուղղված կանչերին։
Արամը հանդիսավոր կերպով սեղմեց տանտերերի ձեռքերը։ Սակայն աստիճանավանդակում, երբ Տիրանն ու Վարդանը ժամադրվում էին, նա ցածրաձայն, որպեսզի տղամարդիկ չլսեին, հարցրի Մարոյին.
— Տիկին... Իսկ «Վա-շինգ-տոն-ում» կովբոյներ կա՞ն։
— Մի քանի հոգի երևի կան,— պատասխանեց գվարճացած Մարոն։
Մեծի տեսք ընդունած Արամի հոգում երեխան շատ հեռու չէր թաքնված։

Մաս 94


Փետրվար ամիսն ավարտվեց, և Կոստանդնուպոլսի պուրակներում ծառերը բողբոջեցին։ Մարոն տխրում էր, տեսնելով, թե ինչպես Է այն զույգը, որ իրենք պետք է կազմեին Վարդանի հետ, վերածվում միմյանց հանդեպ հարգալից և հաճելի հարաբերություններ ունեցող մարդկանց ընկերակցության, սակայն որոնք ի վիճակի չէին միմյանց հետ հաղորդակցվել և բացել իրենց հոգու խորքում եղած զգացմունքները։ Մինչդեռ ժամանակին, ութ տարվա ամուսնությունից հետո նրանք անսպառ էին, և օր չէր անցնում, որ նրանք ժամերով չզրուցեին։ Մեկը մյուսին էր վստահում իր հոգսերը, ուրախությունները և երազանքները, որոնք դառնում էին ընդհանուր հոգսեր և ձեռքբերումներ։ Չհաշված այն փոխադարձաբար ասվող խոսքերը, հաճոյախոսությունները, որոնց միակ նպատակն էր ընդգծել մեկի նշանակությունը մյուսի համար։
Այդ ամենն անհայտացել էր, և Մարոն չէր պատկերացնում, թե երբ իրենք կկարողանային այդպիսի հարաբերություններ հաստատել։ Չափից ավելի չասված բաներ կային, որոնք խոչընդոտում էին իրական անկեղծության հայտնվելուն, և դատապարտում էին իրենց լինելու մակերեսային և քաղաքավարի, իսկ դա լռության քողարկված տարատեսակն էր։ Մարոն իրեն պատասխանատու էր զգում նման իրավիճակի համար։ Նրա գաղտնիքն օրեցօր ավելի էր ծանրանում, և նա չէր կարողանում դրանից ազատվել։ Իսկ այդ ընթացքում երևակայական զույգի հարաբերությունները խաթարվում էին։ Այդ իրավիճակում ամեն օր փոստով եկող բարոյալքող լուրերը նպաստում էին նրանց փոխադարձ ինքնամփոփմանը։ Երբ վերջին մանկատունը նրանց կհայտներ, որ լուր չուներ Թովմասի մասին, եթե այդ բանը պետք է տեղի ունենար, ապա նրանց միացնող վերջին կապը կխզվեր։
Չկարողանալով դիմանալ այդ վիճակին և հուսահատության վերջին աստիճանին հասնելով՝ Մարոն այցելեց Արփինե մորաքրոջը։ Կեսօր էր, երբ, Մարոյի տվյալներով, Լուսիկը տպարանում էր։
— Ես հանպատրաստից եմ եկել,— ներողություն խնդրեց նա։
— Ոչ այդքան, աղջիկս,— ասաց Արփինեն՝ վերցնելով Մարոյի վերարկուն — Ես սպասում էի քո այցին։
Մորաքույրը մայրական տոնով էր խոսում, այն տոնով, որով խոսում են կանայք մխիթարելու, սրտապնդելու և ներելու համար։ Իսկ Մարոն հենց դրա մասին էր երազում։ Արփինեն, որի հետևից Մարոն խոհանոց էր գնում, նրան հիշեցրեց իր մորը՝ Ազնիվ խանումին։ Սակայն եթե մազերի ճերմակությունը մի կողմ դրվեր, նրանք բոլորովին միմյանց նման չէին, ոչ հասակով, ոչ քայլվածքով, ոչ էլ շարժուձևով։ Միայն ձայնն էր։
— Ջուրը եռում է։ Տեսնում ես՝ կանխազգում էի, ջուրը երկուսի համար եմ դրել։
Արփինեն թեյ պատրաստեց։ Չնայած Մարոն շատ կապված էր Լուսիկի հետ, սակայն երբեք չէր մտածի նրա հետ կիսվելու մասին։ Այդ խնդիրներից ի՞նչ կարող էր հասկանալ քսանինը տարեկան անփորձ կինը, որը դեռևս փնտրում էր իր առաջին սերը։ Այդ խոստովանության համար պետք էր մի կին, որն ապրել էր տղամարդու հետ, որն իր գրկում պահել և կերակրել էր փոքր էակների, որոնք նրա համար ավելի թանկ էին, քան իր սեփական կյանքը։ Մայր։
— Մորաքույր...
— Սուս,– ասաց Արփինեն մատը շրթունքներին մոտեցնելով։— Ոչ այստեղ։ Ոչ էլ հյուրասենյակում կամ ճաշասենյակում։ Այս պատերը սովոր չեն։ Արի, վերցրու բաժակդ։
Նա Մարոյին տարավ ամուսնական ննջասենյակը և դուռը փակեց։
— Այստեղ մենք կարող ենք խոսել, պատերն ականջներ չունեն։
Վարագույրները մթնեցնում էին սենյակը, որից վարդի բնահյութի, սափրվելու օճառի, ճանդանի ու նավթալինի հոտ էր գալիս։ Ոլորուն սյուներով մեծ մահճակալի և պատի միջև ծվարած պահարանը, զարդասեղանը և մահճասեղանները ծանրաբեռնում էին սենյակը և նեղվածք էին ստեղծում։ Կանայք ստիպված եղան նստել մահճակալի եզրին՝ խաչով և սրբապատկերներով զարդարված պատի դիմաց։ Թեյի բաժակները մահճասեղանին դնելու համար Արփինեն ակնածանքով տեղաշարժեց ձիթենու տերևները, որոնք նա պահպանել էր Ծաղկազարդի տոնից։
Մարոն, որը մի քիչ առաջ խոհանոցում պատրաստ էր խոստովանության, հիմա չէր կարողանում արտաբերել այն նախադասությունը, որն ինքը նախապատրաստել էր վաղօրոք։ Գլուխը կախ նա նյարդայնացած ափերն էր իրար շփում։ Արփինեն իր ափով ծածկեց նրա ձեռքերը և սեղմեց Մարոյի մատները։ Քանի որ Մարոն ոչինչ չէր ասում, մորաքույրը շշնջաց.
— Վարդանի հետ հարաբերությունները չե՞ն կարգավորվում։ Նա չի՞ ներում։
— Նա չգիտի։
— Գուցե ավելի լավ կլիներ նրան ասել։ Նա խելացի և բարի մարդ է։
Մարոն չպատասխանեց։
Մորաքույրը խորը շունչ քաշեց և շշուկով հարցրեց.
— Դու սիրո՞ւմ ես այդ գավառապետին։
— Ոչ։
— Դու այլևս Վարդանին չե՞ս սիրում։
— Խնդիրը այդ չէ։
Արփինեն չկարողացավ թեթևության հոգոցը զսպել։ Սակայն ի՞նչն էր տանջում Մարոյին։ Զարմուհին չէր ասում, և Արփինեն նորից հարցրեց.
— Ինչ-որ բան, որ մենք չգիտե՞նք Թովմասի կապակցությամբ։
— Ոչ։
Վերցնելով բաժակները՝ Արփինեն մեկը Մարոյին տվեց։
— Թեյը սառչում է։
Նրանք խմեցին։ Արփինեն փորձում էր հանդիպել Մարոյի հայացքին, սակայն վերջինս փախցնում էր աչքերը։
— Ի՞նչը չի ստացվում Վարդանի հետ։ Նա փոխվե՞լ է։
— Ես եմ փոխվել։
-, Մարո, ես ճանաչում եմ այն կնոջը, որը այցելում էր մեզ։ Լուսիկը ասում է, որ ինքը գտել է իր երբեմնի ընկերուհուն։
Նա մի կում թեյ խմեց և ավելացրեց.
— Վարդանը նույնպես չի փոխվել։ Բայց նաև ճիշտ է այն, որ երբ միասին եք՝ փոխված եք։ Ի՞նչն է ձեզ բաժանում։
— Լռությունը... լռությունը, մորաքույր։
— Լռությո՞ւնը,— հարցրեց Արփինեն զարմացած։— Լռությունն ինքնին ոչինչ է։ Այն կարող է դատարկ լինել և կարող է ինչ-որ բան թաքցնել։ Քոնը կարծես թե մեծ դժբախտություն է պարունակում։
Նա համարում էր, որ ինքը բավականաչափ հարցադրումներ էր արել և հիմա զարմուհին պետք է նախաձեռնություն ցուցաբերեր։
Մարոն վայր դրեց բաժակը և սևեռուն հայացքով նայեց պատին ամրացված փայտե խաչին։ Նրա աչքերը արցունքով լցվեցին։ Նա սեղմեց Արփինեի ազդրը և ասաց դողդոջուն ձայնով։
— Ես այդ գավառապետից երեխա եմ ունեցել, մորաքույր։
Բաժակը դոդաց Արփինեի ձեռքում։ Նա սարսափած ձայնով ասաց.
— Երեխա՞...
— Տղա, Նուրհան։
Այդ անունը տալով՝ Մարոն սկսեց հեկեկալ։ Նա գլուխը դրեց մորաքրոջ հակված ուսին, որը գրկեց նրան և հոնգուր–հոնգուր լացեց մի քանի րոպե։ Արփինեն հիմա ամեն ինչ հասկացավ՝ Մարոյի երբեմն դատարկ հայացքը, նրա բացակայող տեսքը, նրա ձայնում իրենից անկախ հայտնվող տագնապը։ Ծեր կինը բացատրության կարիք չուներ և շատ լավ էր հասկանում այն ողբերգությունը, որ ապրում էր երիտասարդ կինը, և նրա մարմինն ու սիրտը արձագանքում էին նրա ցավին։ Նա շոյեց Մարոյի մազերը։
— Խեղճ փոքրիկ,— շշնջաց նա խուլ ձայնով,— խեղճ փոքրիկ։
— Ես նրան կորցրել եմ առհավետ։ Ի՞նչ է ուզում Աստված ինձնից։ Թող գնա ուրիշներով զբաղվի։
Նա նորից սկսեց լացել՝ կառչելով մորաքրոջ ձեռքից, որը չարձագանքեց սրբապիղծ բառերին։ Աստված պետք է որ ավելի խիստ բառեր լսած լիներ, և նա դրանք հաշվի չէր առնում, քանի որ նա սրտերն էր քննում։ Իսկ ի՞նչ սիրտ կարող էր տառապել այնքան, որքան մեկը մյուսից հետո երկու որդի կորցրած մոր սիրտը։
Արփինեն Մարոյին պառկեցրեց մահճակալին և մնաց կողքին շփելով մեջքը, ինչպես անում էր լացող երեխաների հետ։ Նա աղաչում էր Աստվածամորը, որպեսզի ուժ տար Մարոյին այս փորձությանը դիմանալու համար, և խնդրում էր նրա միջնորդությունը փոքր հրաշքի համար, որ այս վիրավոր կնոջը վերադարձվեին իր որդիները, գոնե ավագը։
Կամաց-կամաց Մարոն հանդարտվեց։ Վիշտը կիսելուց հետո Մարոյին թվաց այն թեթևացել էր։ Նա կողքի շրջվեց, արմունկին հենվեց և նայեց մորաքրոջը առանց մտահոգվելու իր տեսքի մասին։
— Նա հրեշտակ է, մորաքույր։ Զարմանալի է, բայց նա նման է Թովմասին։ Նույնքան ժպտադեմ է, նույն խոշոր և խելացի աչքերը։
— Քանի՞ տարեկան է։
— Երկուս ու կես։ Նա ավելի լավ է նկարում, քան վեց տարեկան երեխան։ Նա տաղանդ ունի։
Մարոն, երազկոտ տեսքով, նկարագրում էր որդուն և պատմում էր, թե որքան արագ էր նա զարգանում։ Արփինեն ուզում էր հարցեր տալ։ Ո՞վ էր արգելել Մարոյին նրան իր հետ վերցնել։ Արդյոք ոչ մի հնարավորություն չկա՞ր նրան տեսնելու։ Սակայն նա ոչինչ չասաց, իր զարմուհու վիշտը չուժգնացնելու համար։ Նուրհանին քնքշորեն հիշելու փաստն անգամ խոսում էր այն մասին, որ Մարոն պատրաստվում էր նրան սգալ։ Գուցե դա ավելի լավ էր, մտածում էր ծեր կինը, քանի որ նա չէր պատկերացնում, թե ինչպես կընդուներ Վարդանն այդ երեխային, որը Մարոն ունեցել էր այլ տղամարդուց։
— Դուք մայր եք ինձ համար, Արփինե մորաքույր։ Ինչպե՞ս կարող եմ ես իմ երախտագիտությունն արտահայտել։
— Ինձ կրկին վստահելով անհրաժեշտության դեպքում։ Եվ բացի դրանից, եթե դու ցանկանում ես, ապա զգացված կլինեմ, եթե դու երբեմն ինձ մայրիկ անվանես։
— Մայրիկ,— կրկնեց Մարոն՝ համբույրներով ծածկելով մորաքրոջ այտերն ու ճակատը։
Վերադառնալով հյուրասենյակ, Մարոն զգաց, որ ազատվել էր ծանր բեռից։ Երբ իր տանջանքն անտանելի դառնար, նա հնարավորություն կունենար գալ և վիշտը կիսել մորաքրոջ հետ։ Նրանց զրույցն ավելի զուսպ դարձավ։
— Մարո, քո տեղը փնեի, Վարդանին կասեի։ Ինձ թվում է, որ դրանից հետո ձեր հարաբերություններն ավելի պարզ կդառնային։
Մարոն վախեցած տեսք ուներ.
— Ես վախենում եմ նրան վիրավորել։ Նա տղամարդ է, իսկ դուք գիտեք, թե որքան բծախնդիր են տղամարդիկ պատվի հարցերում։ Ես երեխա եմ պարգեել ուրիշ տղամարդու, իսկ իր երեխային կորցրել եմ։
— Դու Թովմասին չես կորցրել,— հակաճառեց Արփինեն։— Դու պետք է այդ միտքը գլխիցդ հանես։
Մարոյի դեմքը մռայլվեց.
— Հեշտ չէ։
Արփինեն ձեռքերը դրեց նրա ուսերին և ջերմորեն նրան խրատեց.
— Այս կյանքում ոչինչ հեշտ չէ, աղջիկս։ Այսօր քո կյանքում միայն աղետներ ես տեսնում, մտածիր, որ դա գալիք երջանկության սերմնացանն է։ Աստված գիտի, թե ինչ է անում։ Իսկ դու պետք է արժանի լինես նրա պարգևներին։ Դու պետք է անտրտունջ դիմանաս մինչ այն պահը, երբ նա կպարգևի քեզ վերապահված ընծաները։ Այդպես էր ապրում քո մայրը՝ Ազնիվը, և այդպես եմ սովորել ապրել ես։ Դա միակ ձևն է։
Մարոն կուզենար ունենալ այդ կույր հավատը։ Այդպես մտածելու դեպքում նույնիսկ մահը դադարում էր սարսափելի թվալ։ Այդ հավատի շնորհիվ էր, որ Ազնիվ խանումը փակել էր աչքերն առանց վախենալու, խաղաղությամբ։ Մարոն պետք է բավարարվեր իր փոքր հավատով, որն Աստծուն հնարավորություն էր տալիս սխալվելու։ Իսկ դժվարությունները հաղթահարելու համար ինքը կարիք կունենար դիմելու իր բանականությանը։

Մաս 95


Մեսրոպյանների հյուրասենյակում նստած Նուբար Պալյանը, ինչպես միշտ, երբ լսարան էր ունենում, անսպառ էր։ Նա ասացողի բնական տաղանդ ուներ և գիտեր ունկնդրի ուշադրությունը գրավելու բոլոր հնարքները։ Ցանկացած ամենաննշան միջադեպը նա օգտագործում էր որպես հենակետ մանրամասներով և շեղումներով հարուստ պատմություն կերտելու համար, և ամենաառօրեական իրադարձությունը թրթռուն պատմություն էր դառնում նրա կատարմամբ։ Նա երբեք չէր հեռացել Աֆիոնից, բացառությամբ Կոստանդնուպոլիս կատարվող կարճատև այցելությունները, և Երուսաղեմում նրա անցկացրած աքսորի չորս տարիները նյութ էին տվել իսկապես էպիկական պատմությունների համար։
Այդ կիրակի, Զատկի տոնի կապակցությամբ, նրանք բոլորը եկել էին ճաշելու Մեսրոպյանների տանը և բոլորը լսում էին նրա պատմությունները։ Կինը՝ Տիրուհին, որը նստած էր նրա կողքին, երբեմն միջամտում էր, լրացնելու համար նրա պատմությունը, պնդում էր որևէ մանրամասնի վրա, որր հետագայում պետք է դերակատարություն ունենար։ Այդ դեպքերում Նուբարը հազում էր՝ նրան կարգի հրավիրելով, և նա իսկույն լռում էր մեղավոր տեսքով։ Սակայն նա չէր կարողանում իրեն զսպել և քիչ անց կրկին միջամտում էր։
Տիրուհին տարիների հետ գիրացել էր, և նրա վարդագուն շրջազգեստը, չնայած իր լայնությանը, չէր թաքցնում նրա գիրուկ մարմինը, կարճ թևքերը բաց էին թողնում նրա թմբլիկ թևերը, իսկ ճարպոտ այտերը էլ ավելի կարճ և կլորիկ էին դարձնում նրա քթիկը։ Նրա գիրությունը ստվեր էր գցում աքսորում նրանց կրած զրկանքների և մնացած հայերի հետ հաղթահարած դժվարությունների մասին պատմող շարադրանքի վրա, հատկապես, որ Նուբարը նույնպես գիրացել էր։ Նրա երբեմնի զարգացած մկանները տեղը զիջել էին ճարպին, և նա կարծես կարճացած լիներ։ Նրա խիտ մազերը, որոնցով ժամանակին նա շատ էր հպարտանում, նոսրացել էին և գլխին կուլակ հիշեցնող ճաղատ էր հայտնվել։ Այդուհանդերձ, նրա շարժումները ճկուն էին, ձայնը դյութիչ, իսկ հայացքը՝ ջերմ։
Վարդանը հիացմունքով հայտնաբերել էր, որ եղբայրը չէր կորցրել կենսախնդությունը և ոգեշնչումը, որոնք բնորոշում էին նրան ժամանակին։ Այդպիսին էր Նուբարը։ Նույնիսկ դժվարությունների տակ կքած, երբ ուրիշները թևաթափ կլինեին, նա նորից սկսում էր երազել, հնարքներ էր փնտրում իրավիճակից դուրս գալու և առանց իրեն խնայելու գործի էր լծվում նպատակին հասնելու համար։
Երբ ամուսինը նկարագրեց այն խարխուլ սենյակը, ուր նրանք ապրել էին Երուսաղեմում, Տիրուհին ասաց.
— Բոլոր մարդկանց բախտ չի վիճակվել պատերազմի տարիները պալատում անցկացնելու...
Այս անգամ Նուբարի հազոցը ուղեկցվեց զայրացած հայացքով։ Մեսրոպն իր դժգոհությունն արտահայտեց.
— Զատկի տոնը սիրո տոն է։
Մի պահ բոլորն իրենց անհարմար զգացին։ Արփինեն ոտքի կանգնեց և Տիրուհուն խնդրեց իրեն հետևել.
— Գնանք, ցույց տամ ներկած ձվերը։
Իր մորաքրոջ տիրական ձայնից Տիրուհին հասկացավ, որ չափն անց էր կացրել և որ ներողություն խնդրելն է՛լ ավելի կխորացներ իր աննրբանկատությունը։ Ուստի դուրս եկավ սենյակից։ Մարոն անվրդով էր։ Տիրուհու հակակրանքը նրա համար նորություն չէր։ Պալյանների ընտանիքում Մարոյի հայտնվելուն պես, Տիրուհին նրան ընկալել էր որպես ախոյան, և նրա խանդն իր գագաթնակետին էր հասել Թովմասի ծնվելու հետ, քանի որ ինքը, կարծես թե, դատապարտված էր ամլության։ Իսկ այսօր, երբ նրա դեմքն ու մարմինը կրում էին անցած ժամանակի հետքերը, նա տեսնում էր, որ Մարոն մնացել էր գեղեցիկ ու նրբագեղ։
— Խմիչքը բեր,— խնդրեց Մեսրոպը դստերը։— Մենք կխմենք Նուբարի ու Տիրուհու վերադարձի կապակցությամբ։
Նա ուզում էր միջադեպը հարթել։ Նրա համար Զատկի այս տոնն առանձնահատուկ նշանակություն ուներ՝ խորհրդանշում էր հայ ժողովրդի չարչարանքների վերջը և Հայաստանի հարությունը։ Միակ բանը, որ խաթարում էր նրա տոնական տրամադրությունը, ավագ որդու՝ Պարգևի, որը չէր կարողացել արձակուրդ ստանալ ֆրանսիական բանակից, և Թովմասի բացակայությունն էր, որից դարձյալ նորություններ չկային։ Սակայն դա չէր խանգարում Մեսրոպին փառք տալ Աստծուն, որ մնացածները ներկա էին և համեղ ուտեստներ էին ճաշակում քառասնօրյա պահքից հետո։
Նուբարը սեղմեց Վարդանի ուսը և գրգռված ծիծաղեց։ Նախորդ գիշերը Պաղեստինից ֆրանսիական նավով ժամանելով, նա դեռևս ցնցված էր իրենց հանդիպումից գրեթե դատարկ նավամատույցին։ Չնայած հոգնածությանը՝ եղբայրները զրուցել էին մինչև լուսաբաց։ Նրանց սերը նույնքան վառ էր, չնայած տարիների բաժանմանը, և նոր, ավելի ամուր կամուրջներ գցելու համար նրանք ոգեկոչել էին իրենց ընդհանուր հիշողությունները, հետաձգելով ապագային վերաբերող հարցերը։
Տիրուհու պատճառով տեղի ունեցած միջադեպը կտրեց Նուբարի պատմության թելը, և սեղանի շուրջը առանձին խոսակցություններ սկսվեցին Մեսրոպի և Արամի, Մարոյի ու Տիրանի միջև։ Քեռին խրատում էր Արամին, որպեսզի նա ավելի կանոնավոր աշխատեր տպարանում, ակնարկելով, որ մի օր նա կարող էր դառնալ դրա տերը կամ գոնե կառավարիչը։ Արամը չէր ուզում հիասթափեցնել Մեսրոպին, որն այդքան բարյացակամ էր իրեն ընդունել, սակայն նա չէր ցանկանում իր օրերն ավարտել արհեստանոցի չորս պատերի մեջ։ Հայաստանում նրան արկածներ և ավելի ազնիվ աշխատանք էր սպասում, ինչպես պնդում էր Տիրանը։
Մարոն Տիրանի հետ խոսում էր այն աշխատանքի մասին, որ ինքճ անում էր մանկատանը, իսկ վերջինս հուզմունքով լսում էր նրան։ Այնթապ առաքելությամբ մեկնած մի ընկերոջ միջոցով նա իմացել էր, որ տեղի գավառապետը երեխա էր ունեցել մի հայուհուց։ Նա պարզորոշ հասկանում էր, որ խոսքը Մարոյի մասին էր։ Այս փաստը, որը նա ոչ մեկին չէր բացահայտել, նրա համար հասկանալի էր դարձրել Վարդանի և նրա կնոջ դժվարությունները, նրան մտերմացրել էր եղբոր կնոջ հետ, և նա հասկանում էր նրա հոգեվիճակը։
Կորցնելով իր լսարանը՝ Նուբարը դարձավ դեպի Վարդանը.
— Դերվի՜շ,– բացականչեց նա զվարճացած։— Դա քեզ հե՞տ է պատահել։ Ես շատ անհանգիստ էի քեզ համար, սակայն հոգումս հնչում էր մի թույլ ձայն, որն ասում էր. նրանք նրա հախից հեշտ չեն գա, նա ճարպիկ է։ Եվ ես իրավացի էի։
Նա նորից ծիծաղեց, հետո նրա հոնքերի միջև մի կնճիռ հայտնվեց, և նա լրջացավ։
— Ուրեմն դու տեսե՞լ ես մեր հողերը։
Չնայած խոսակցությունների աղմուկին, այդ նախադասությունը գրավեց բոլորի ուշադրությունը։ Լսվում էր նույնիսկ ճանճի բզզոցը և Վարդանի պատասխանը որպես դատավճիռ հնչեց.
— Դաշտերի երեք քառորդը խոպանի է վերածվել, ոռոգման համակարգը խցանված է ավազով։ Պլանտացիան կարգի բերելու համար ահռելի աշխատանքներ պետք է իրականացվեն։
— Ինչո՞ւ ես անվստահ ասում դա, Վարդան,— հարցրեց Մեսրոպը։
— Որովհետև ոմն Էրկեմ էֆենդի տիրացել է դրան։ Իսկ ես համոզված չեմ, որ կառավարությունը կցանկանա նրան տեղահան անել։
Մեսրոպը նկատեց, որ Նուբարը համամիտ էր եղբոր հետ և գլխով էր անում։ Նա վրդովվեց.
— Ոչ։ Այդ սեփականությունը դուք ստացել եք ձեր հորից և այն պատկանել է ձեր ընտանիքի բազմաթիվ սերունդների։ Նրանք չեն կարող ձեզնից խլել այն։
— Դա արդեն տեղի է ունեցել,— ասաց Նուբարը փիլիսոփայական տոնով։— Հարյուր հազարավոր ագարակներ, առևտրական ձեռնարկություններ, տներ իբր լքվել են հայերի կողմից, իսկ պաշտոնյաները յուրացրել են դրանք։ Ես համամիտ եմ Վարդանի հետ և չեմ պատկերացնում, որ օսմանյան կառավարությունը կցանկանա քշել այդ մարդկանց։
Այդ դիտողությունը պարտվողական համարելով, հիսաթափված Մեսրոպը դարձավ Տիրանին և հայացքով նրա կարծիքը հայցեց։
— Կարծում եմ,— պատասխանեց որդին,— որ իմ քեռորդիները սթափ են մտածում։ Կասկածից վեր է, որ սուլթանի կառավարության համար ինքնասպանության պես բան կլիներ իր դեմ հանել իրեն սատարող ազգաբնակչության մի մասը։
Մեսրոպը հրաժարվում էր ընդունել այն, ինչ մնացածներին ակնհայտ էր թվում.
— Իսկ այդ հանձնաժողովը, որը քննում է հայերից բռնագրավված ունեցվածքի վերադարձի հարցը, գոյություն ունի՞, թե ոչ։
— Աշխատանքն առաջ չի գնում,— ասաց Տիրանը ծամածռվելով։— Լավագույն դեպքում կարելի է ակնկալել դրամական փոխհատուցում հողի և անշարժ գույքի կորստի համար։
Լուսիկն ու Տիրուհին, բաժակներով սկուտեղներր ձեռքին, անշարժացան դռան մեջ։ Վշտացած Մեսրոպը դարձավ Վարդանին.
— Դու ոչինչ չե՞ս անելու, որպեսզի քեզ վերադարձնեն Սվասի տունդ։
— Թող իրենց մնա,— բացականչեց Մարոն։— Մենք երբեք այնտեղ չենք վերադառնա։
Նա իսկույն զղջաց, որ պատասխանեց ամուսնու փոխարեն և, կարմրելով, նրան նայեց։ Վարդանը նրան շարժումով հանգստացրեց։
— Ես Մարոյի հետ համաձայն եմ։
Ոգևորվելով իր տագրոջ դիրքորոշումից՝ Տիրուհին մեկնաբանեց.
— Մարոն իրավացի է։ Մենք նույնպես չենք ուզում Աֆիոն վերադառնալ, այդպես չէ՞, Նուբար։
Բարկանալով, որ կինն այդպես ուղղակիորեն և անպատեհ պահի բացահայտեց իրենց մտադրությունները, Տիրանը մազերը հարդարեց և հազաց։
— Դա ճի՞շտ է,– հարցրեց Մեսրոպը, որը Նուբարի շփոթված տեսքից ամեն ինչ կռահեց։
Նուբարը ձեռքով լայն շարժում արեց և այն սրտին դրեց.
— Դուք ինձ ճանաչում եք։ Ես այն մարդը չեմ, որը նահանջում է հենց առաջին խոչընդոտին հանդիպելիս։ Սակայն ես հորիցս սովորել եմ նաև, խաղաղություն նրա հոգուն, որ պետք չէ համառել անհույս գործի դեպքում։
Մեսրոպը մոռացել էր Նուբարի այդ շնորհքը՝ պատասխանել առանց ոչինչ ասելու։ Նա պնդեց.
— Ի՞նչ ես անելու։
— Աշխատելու եմ լավ գումար ստանալ մեր հողերի դիմաց։ Վարդանը համաձայն է ինձ հետ։
Չբավարարվելով՝ քեռին շարունակեց պնդել.
— Իսկ հետո՞։
Նուբարը գլուխը տմբտմբացրեց և խուսափողական պատասխան տվեց.
— Դե....
Եվ նորից Տիրուհին չկարողացավ իրեն զսպել և փրփրեց.
— Գնալու ենք Միացյալ Նահանգներ։ Սենք այլևս չենք կարողանա ապրել այս երկրում։ Բռնությունները կարող են վերսկսվել ցանկացած ժամանակ։ 1895, 1915, սերունդը մեկ։ Չհաշված տեղական ջարդերը։ Ո՛չ։ Մենք ուզում ենք մեր օրերն ավարտել երջանիկ, մի տեղ, ուր ամեն երեկո պետք չէ հարցնել, թե արդյոք առավոտյան երկինքը չի՞ փլվելու գլխիդ։
Ավանդապահ փնելով՝ Մեսրոպը տանել չէր կարողանում այն ազատությունը, որը ձեռք էին բերել նոր սերնդի կանայք, միջամտելով տղամարդկանց խոսակցությանը։ Նա մատը տնկեց Նուբարի վրա, իսկ Տիրուհուն նայեց խիստ հայացքով.
— Ես Նուբարին եմ դիմում։
Նեղանալով՝ Տիրուհին մեջքը նրան արեց և սկսեց մատուցել խմիչքը։
Վարդանը, նույնքան զարմացած, որքան քեռին, նայեց Նուբարին։ Նուբարը հազաց։ Ի՞նչ կարող էր նա ավելացնել կնոջ խոսքերին։ Տիրուհին ամփոփել էր իր միտքը, բառացիորեն կրկնելով իր որոշ նախադասությունները։ Քեռին գուցե ավելի լա՞վ հասկանար նյութական դրդապատճառները։
— Այնտեղ շատ հնարավորություններ կան ձեռներեց մարդու համար։ Ես մտածում եմ ներմուծումով և արտահանումով զբաղվել։ Պարգևը շատ կապեր ունի Նյու Ցորքում, ես կապեր եմ հաստատել Երուսաղեմում, իսկ մենք միասին...
Քեռին նրան ընդհատեց.
— Պարգև՞ը։ Նա ի՞նչ կապ ունի։
Իր ծրագրերով ոգևորված Նուբարը չափից ավելի էր ասել։ Քանի նա պատասխան էր փնտրում քեռուն հանգստացնելու համար, վերջինս մտահոգ շարունակեց.
— Պարգևը մտադի՞ր է Նյու Ցորք վերադառնալ։ Նա քեզ ասե՞լ է։
Նուբարը չխոստովանեց, որ համագործակցության այդ ծրագրի կապակցությամբ նրանք քեռորդու հետ նամակներ էին փոխանակել։
— Ոչ, չի ասել։ Ես ենթադրում էի, որ նա կարող էր վերադառնալ։
Այդ բացատրությունը չշփոթեցրեց Մեսրոպին, և առավոտից նրան տիրած խանդավառությունն անհայտացավ։ Նա ողջ սրտով հուսացել էր, որ իր ավագ որդին կվերադառնար Կոստանդնուպոլիս, քանի որ չէր կարող այլևս Պալյանների ներկայացուցիչը լինել Նյու Յորքում ափիոնի վաճառքի գործում։ Իր երկու որդիները լքելու էին իրեն, և այս ընտանեկան ճաշը կորցնում էր իմաստը։ Ի՞նչ տեսք է նա ունենալու, երբ կեսօրից հետո իր ծառայողներն ու բարեկամները գային զատկական ավանդական այցելությամբ։ Նա դարձավ դեպի դուռը՝ փնտրելով կնոջ հայացքը։ Լսելով ամանեղենի աղմուկը՝ նա հասկացավ, որ նա ճաշասենյակում էր։
— Գնամ տեսնեմ սեղանը պատրաստ է, թե ոչ,— ասաց նա դուրս գալով սենյակից։ Նա գնաց Արփինեի մոտ, որպեսզի նա իրեն մխիթարեր։
Տիրուհին նստեց ամուսնու կողքին։ Քեռու անվստահ ձայնը նրան զարմացրել էր։
— Ի՞նչ պատահեց նրան,— հարցրեց նա։— Նա պետք է որ ընտելացած լիներ, որ Պարգևը արտասահմանում է ապրում։
Տիրանը երկար հոգոց հանեց և բացատրեց.
— Իմ Հայաստան գնալը նրան շատ է վշտացնում։ Նա մխիթարվում էր, կարծելով, որ Պարգևը վերադառնալու էր։
Նուբարը միշտ շատ շուտ էր լուծումներ գտնում։
— Ինչո՞ւ հորդ ու մորդ հետդ Հայաստան չես տանում։
— Ես նրանց առաջարկել եմ ինձ հետ Հայաստան գնալ։ Հայրս պատասխանեց, որ ծեր ծառերի արմատները նոր տեղում չեն կպչում։ Նրանց պետք է հասկանալ, նրանք այստեղ են ծնվել։ Նրանց համար Հայաստանը առասպելական երկիր է և գտնվում է աշխարհի ծայրին։
— Խուսափենք մեկնումների մասին խոսակցություններից գոնե այսօր, քանի որ Մեսրոպ քեռին և մորաքույրը տոնում են ժամանումները,— ասաց Վարդանը։
Համոզվելով, որ քեռին չէր վերադառնում հյուրասենյակ, նա ցածրաձայն հարցրեց եղբորը.
— Դու կայացրե՞լ ես վերջնական որոշումը, Նուբար։
— Այո։
— Ե՞րբ։
— Սկզբում կփորձեմ մեր հողերի համար փոխհատուցում ստանալ։ Ես ենթադրում եմ, որ մի քանի ամիս կտևի։ Իսկ դո՞ւ, Վարդան։ Դու ինձ ոչինչ չես ասել ապագայի քո ծրագրերի մասին։
Վարդանի և Մարոյի հայացքները հանդիպեցին։ Մարոյի հայացքում կարծես տագնապ լիներ։
— Այս պահին մենք միայն մեկ նպատակ ունենք՝ գտնել Թովմասին։ Հետո...
Նա անորոշ շարժում արեց, քանի որ Մեսրոպը գալիս էր նրանց սեղանի մոտ հրավիրելու։ Նա նորից հանդարտ էր և սովորական աղոթքից հետո ավելացրեց դողդոջուն ձայնով.
— Տեր, ամենակարող Աստված, քո զավակները, որ հավաքվել են այստեղ քո հարության օրը, աղերսում են մեզ վերադարձնել մեր զավակին՝ Թովմաս Պալյանին, որը դաստիարակվել է քո սուրբ անվան պաշտամունքի մեջ։ Ամեն։
Բոլորը խաչակնքվեցին և անշարժ մնացին։ Վարդանը նստելու ազդանշան տվեց՝ բարձրացնելով իր բաժակը.
— Արփինե մորաքրոջ և Մեսրոպ քեռու կենացը։
Մնացածները կրկնեցին կենացը։ Արամը, որը մինչ այդ լուռ էր և մի քիչ շատ էր խմել, մի քանի բառ ասաց խուլ ձայնով.
— Ձեր բոլորի կենացը։ Դուք դարձել եք իմ միակ ընտանիքը։
Արփինեն բռնեց նրա ձեռքը։
— Դու մեր որդին ես, Արամ... Եվ ես քեզ կասեմ այն, ինչ միշտ ասել եմ իմ որդիներին, շատ մի խմիր։
— Ի վերջո այսօր տոն է,— ասաց Մեսրոպը։— Թույլ տուր, որ մի քիչ խմի։
Մեսրոպի լավ տրամադրությունը առերես էր, այդուհանդերձ զատկական այս ճաշկերույթն այդ տանը վերջին ժամանակները տեղի ունեցածներից ամենաաշխույժն էր։
Հյուրերը միաժամանակ մի քանի խոսակցություն էին վարում, որոնք խաչաձևվում էին, մի պահ ընդհատում էին միմյանց, իսկ հետո շարունակվում էին՝ փոխելով նյութը։ Մարոն չէր խոսում և գրեթե չէր լսում։ Նա մտածում էր Նուբարի մեկնելու վճռի մասին և հատկապես Տիրուհու խոսքերի մասին, որոնք այդքան լավ էին բնորոշում իր սեփական վախը, որ հաստատված դեռևս շատ փուխր անդորրը կարող էր նորից փլվել։ Երեկ, ինչպես շատ ուրիշ անգամներ, ինքն արթնացել էր գիշերվա կեսին այն զգացողությունից, որ ոստիկաններր ջարդում էին տան դուռը՝ նորից տեղահանության քարավաններն իրենց ուղարկելու համար։ Եվ ամեն ինչ նորից էր սկսվելու. Վարդանի ձերբակալությունը, մոր մահը, Ռըզա բեյը, Թովմասի անհետանալը, Նուրհանի կորուստը։ Վերականգնվելո՞ւ էր արդյոք մի օր իր հոգու անդորրը։ Փլվելու պատրաստ փուխր աշխարհի մեջ էր մտնում նաև իրենց կազմած զույգը, քանի որ Վարդանին և իրեն դեռևս չէր հաջողվում իսկապես վերականգնել կապը։ Մարոյի մեղքով Վարդանը հրաժարվում էր նրա սիրտը նորից նվաճելու փորձերից, խորասուզվում էր իր աշխատանքի ու հոդվածների մեջ և կամաց-կամաց հեռանում էր Մարոյից։ Եթե այսպես շարունակեին, ապա կնմանվեին այն զույգերին, ուր սերը փոխարինվում էր սովորությամբ, իսկ ջերմությանը փոխարինելու էր գալիս անտարբերությունը։
Մարոն բարձրացրեց աչքերր։ Վարդանն իրեն էր նայում, և դժգոհ էր, որ Մարոն նորից բացակա էր։ Մարոն շրջվեց։ Ինչպե՞ս կարող էր Վարդանին բացատրել իր հոգեվիճակը։
Последний раз редактировалось Lusine1101 05 май 2017, 21:59, всего редактировалось 10 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 18 апр 2017, 15:29

Մաս 96


Մի օր, երբ Վարդանն ու Մարոն տուն վերադարձան որբանոցից, ուր նա մտել էր Մարոյին վերցնելու համար, նրանք տեսան, որ իրենց դռան կողպեքը ջարդված էր։
— Մնա այստեղ,— ասաց Վարդանը Մարոյին, որը գունատվել էր։
Նա մտավ բնակարան համոզվելու համար, որ անկոչ հյուրերը արդեն գնացել էին։ Նրանց ննջարանի զգեստապահարանը շրջված էր մահճակալի վրա, կոմոդների դարակների պարունակությունը գետնին էր։ Խոհանոցի հատակը ծածկված էր կոտրած ամանեղենի բեկորներով, ճաշասենյակի աթոռները կոտրված էին։ Մարոն Վարդանին միացավ հյուրասենյակում, որի բազմոցի երեսը պատռած էր դանակի հարվածներով, իսկ վարագույրները բզկտված էին։ Աչքերին չհավատալով՝ Մարոն սենյակին նայեց, նկատեց գրասեղանը, որի վրայից անհետացել էին Վարդանի թղթերն ու գրքերը, և հուսահատ պատին հենվեց։ Վարդանը նրան մոտեցավ։
— Ոչինչ,— ասաց նա,— ես ամեն ինչ տեղը կդնեմ։
Մարոն հեգնանքով ծիծաղեց և բարկացած բացականչեց.
— Ոչի՜նչ։ Դու համարում ես, որ սա չնչի՞ն բան է։ Մեր դուռը ջարդում են, տունը ավերակի են վերածում և դա ոչի՞նչ է։ Իսկ եթե ես այստեղ լինեի՞։
— Բայց դու այստեղ չէիր,— ասաց նա սառը տոնով։
— Իսկ մյուս անգա՞մ։
Վարդանը պատասխան չգտավ։
— Նրանք կվերադառնան, Վարդան,— շարունակեց նա՝ ցույց տալով սեղանը։— Քո հոդվածների պատճառով։ Նրանք գիշերով կգան քեզ ձերբակալելու, ինչպես Սվասում։
Վարդանը փորձեց հնարավորինս նվազեցնել իրեն սպառնացող վտանգը, սակայն չէր հասցրել բերանը բացել, երբ Մարոն սկսեց հեկեկալ։
Վարդանը գրկեց նրան և ուժգին սեղմեց իրեն՝ հանգստացնելու համար։ Եվ Մարոն, կառչելով նրան, անձնատուր եղավ արցունքներին։ Երբ արցունքների տարափը սպառվեց, Վարդանը շշնջաց.
— Ոչնչից մի վախեցիր, ես այստեղ եմ։
Գլուխը նրա ուսից չվերցնելով՝ Մարոն ասաց ընդհատվեղ ձայնով.
— Դու այնքան հաճախ ես բացակայում։ Մեկ՝ ժողով, մեկ՝ կոմիտե։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու խուսափում ես ինձնից։
— Միգուցե...— ասաց նա հառաչելով։— Սակայն երբ ես այստեղ եմ լինում, դու ես բացակայում։ Դու այստեղ ես և միևնույն ժամանակ ներկա չես, դատարկ հայացքով, դեմքդ այլայլված տառապանքից։ Ամեն օր ես տեսնում եմ քո կարմրած աչքերը։ Այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, Մարո։
Նա խորը շունչ քաշեց և ավելացրեց.
— Ասա ինձ անկեղծորեն, ես սխա՞լ եմ կատարել՝ քեզ Այնթապից այստեղ բերելով։
Զարմանալով՝ Մարոն գլուխը բարձրացրեց Վարդանի ուսից նրա աչքերի մեջ նայելու համար և բացականչեց.
— Վարդան, դու շատ լավ գիտես, որ ոչ։
— Այդ դեպքում, որտե՞ղ ես դու մտովի դեգերում, եթե ոչ Այնթապում։
Չկարողանալով հերքել այդ պնդումը՝ Մարոն գունատվեց։ Վարդանը շարունակեց խուլ ձայնով.
— Ո՞ւմ համար ես ողբում, եթե ոչ Ռըզա բեյի համար։
— Դու սխալվում ես,— պաշտպանվեց Մարոն։
Տեսնելով Մարոյի բաց դեմքը՝ Վարդանը շփոթվեց։ Նա հավատում էր Մարոյին, և դա ավելի էր խորացնում նրա շփոթմունքը։ Երբ նա լացում էր Թովմասի համար, ապա դա լինում էր իր ներկայությամբ։ Եվ դա լինում էր հատկապես այն դեպքերում, երբ իրենք նոր բացասական պատասխաններ էին ստանում։ Եվ ամեն անգամ Վարդանին հաջողվում էր նրան հույս ներշնչել։ Ուստի ո՞րն էր այն վշտի պատճառը, որը գրեթե անդադար տանջում էր Մարոյին։
Վարդանը բացատրության էր սպասում։ Մարոն թուքը կուլ տվեց և շարունակեց նայել Վարդանի աչքերին։ Նրան հաջողվել էր հաղթահարել ամոթը, և նա կարծես մարտահրավեր նետեր։ Ամեն ինչ այդ պահին պետք է որոշվեր։
— Ռըզա բեյն ինձ պարտադրեց իրեն սիրել... և պահեր էին լինում, որ ինձ թվում էր, թե ես սիրում էի նրան։ Բայց դա այդպես չէր։ Ես նրա պարտապանն էի, ես նրան պարտական էի Թովմասի և իմ կյանքի համար։
Վարդանը, բաբախող սրտով լսում էր, թե ինչպես է նա առաջին անգամ խոսում իր կյանքի այդ միջադեպի մասին։ Նա բռնեց նրա ձեռքը.
— Դու չպետք է արդարանաս, Մարո։ Ջնջենք անցյալը։
— Նախ, պետք է դրա մասին խոսել։ Քանի դեռ մենք հայացք ենք թեքում այդ տարիներից, դրանք որպես պատվար կանգնելու են մեր միջև։
Վարդանը լարված շրթունքներն էր կծում։ Նա գլխով այո արեց։
— Այդ մարդն ինձ փրկեց, հետո ես ինձ նրա գերուհին էի զգում, հետո...
— Մանրամասների կարիքը չկա,— ասաց Վարդանը՝ չցանկանալով, որ նա ավելին ասեր։
— Ոչ, ես պետք է ամեն ինչ ասեմ, ես եղել եմ նրա սիրուհին, ես ապրել եմ նրա կանանց հետ չորս տարի շարունակ։
Վարդանն անշարժ էր։ Մարոն շարունակեց.
— Սակայն ես երբեք չեմ դադարել քեզ սիրել։ Օր չի եղել, որ ես քեզ չհիշեի, չաղոթեի քեզ համար, և ես միշտ ինձ համարել եմ քո կինը։
Վարդանի աչքերն արցունքներով լցվեցին, և նրա ձայնը դողաց.
— Այդ խոսքերն ինձ հաճույք են պատճառում, Մարո։ Իմացիր, որ ես երբեք չեմ դատապարտել քեզ։ Դու արել ես այն, ինչ պետք էր վերապրելու համար... ինձ մոտ վերադառնալու համար։
Նա տատանվեց խոստովանելուց առաջ.
— Ես էլ, այլ կնոջ եմ սիրել։
— Ես գիտեմ,— ասաց Մարոն՝ ուսերը թոթվելով։
— Դու գիտեի՞ր,— զարմացավ Վարդանը։— Իմացիր, որ շարունակում էի քեզ սիրել և ես թողեցի նրա ապահով տունը քեզ փնտրելու համար։
Մարոյի շրթունքներին ժպիտ երևաց։ Հուզմունքից դալալով՝ նրանք երկար իրար էին նայում։ Հետո Վարդանի դեմքը մռայլվեց։
— Այդ դեպքում ես չեմ կարող հասկանալ քեզ տանջող վշտի պատճառը։
Մարոն շիկնեց։ Վարդանը զգաց, թե ինչպես քրտնեց նրա ձեռքը, և նա մեղմորեն պնդեց.
— Էլ ի՞նչ կա։
Ազատ ձեռքով Մարոն երկու անգամ հարվածեց իր կրծքին.
— Թե իմանայիր, ինչպես եմ ես տառապում։ Թե իմանայիր, ոնց եմ տանջվում։ Օ՜, Վարդան, ես տանջվու՜մ եմ, տանջվու՜մ։
Նա շունչ քաշեց և ողբերգական ձայնով գրեթե բղավեց.
— Ես նրանից որդի եմ ունեցել։ Նուրհա՜ն... Նուրհա՜ն։
Երեխայի անունը նա հառաչանքի պես արտաբերեց, կարծես վիրավոր կենդանու ճիչ լիներ։ Վարդանը նրան գրկեց։ Մարոն դողում էր, սակայն պատրաստ էր պաշտպանության։
Վարդանն առաջին պահին թեթևություն զգաց, ընդամենը դա էր։ Հետո հանկարծ հասկացավ իրավիճակը և ամաչեց շաբաթներ իրեն տանջող խանդի համար։ Մարոյին ստիպել էին լքել այդ որդուն, որին նա պետք է որ Թովմասի չափ սիրեր։ Նա կորցրել էր նաև երկրորդ երեխային։ Առանց ցանկանալու, նա հաղորդակից եղավ Մարոյի վշտին այդ երեխայի համար, որին չէր ճանաչում, ուրիշ տղամարդու երեխայի համար նա զգաց գրեթե նույն վիշտը, որ ապրել էր Թովմասի կորստյան մասին լուրը ստանալիս։ Նա Մարոյին ավելի պինդ սեղմեց իրեն։
— Իմ խեղճ սիրելիս... խեղճ սիրելիս։
Ցավակցական այդ խոսքերը ազդանշան եղան Մարոյի համար, որն անձնատուր եղավ իր վշտին։ Այնթապից հեռանալուց ի վեր նրան ուղեկցող լարումն անցնում էր։ Նրա տառապանքը չէր թեթևանալու, սակայն գոնե չէր լինի այդ թաքուն ընկճվածությունը, որը նրան հնարավորություն չէր տալիս ապրելու։ Թեթևություն զգալով, որ Վարդանը հարցեր չէր տալիս, նա թույլ տվեց, որ Վարդանն իրեն օրորեր իր ուժեղ բազուկներում։
Նա իրեն պարպված էր զգում, ուժասպառ և աչքերով նստելու տեղ փնտրեց։ Հյուրասենյակի տեսքը նրան սթափեցրեց։
— Այսպես չի կարելի շարունակել, Վարդան։
— Ի՞նչ,— ասաց նա՝ չհասկանալով, թե ինչ էր նա ասում։
— Սա,— ասաց նա՝ ցույց տալով սենյակը։— Ես վախենում եմ։
— Արդեն անցել է։
— Ոչ։ Սեղանիդ նայիր։ Նրանք տարել են հոդվածներդ։ Նրանք քեզ հետևում են։ Նորից ամեն ինչ վերսկսվելու է, ինչպես մեր ամուսնության սկզբում։
Վարդանը փորձեց նրան հանգստացնել իր հանգիստ տոնով.
— Այսօր իրավիճակը փոխված է։ Կայսրությունը տանուլ է տվել պատերազմը, և իմ հոդվածներն այլևս հանցագործություն չեն։
— Սակայն սուլթանի ոստիկանությունը գոյություն ունի։ Եթե նրանք չեն կարող քեզ օրինական կերպով ձերբակալել, ապա...
Նա չկարողացավ բառն արտաբերել։
— Դու զուր քեզ տանջում ես, Մարո։
— Ինքդ չես հավատում քո խոսքերին։ Ես զգում եմ մեզ շրջապատող վտանգը։ Արդեն քանի օր է, ինձ թվում էր, որ մեզ հետևում են։ Իսկ հիմա գիտեմ, որ չէր թվում։
Վարդանն ուսերը վեր քաշեց։
— Ի՞նչ ես ուզում, որ անենք։
— Տեղափոխվենք։
— Նրանք մեզ կգտնեն։
— Դադարիր հոդվածներ գրել։
— Մարո։ Դու իրավունք չունես ինձնից դա պահանջելու։
— Ես չեմ ուզում քեզ նորից կորցնել։ Գուցե ընդմիշտ...
Մարոն սեղմեց Վարդանի թևը։
— Ես վախենում եմ, Վարդան։
Մարոյի աչքերն աղերսում էին։ Կնոջը պատասխանելու փոխարեն, Վարդանը գերադասեց ցրել նրա ուշադրությունը.
— Կողպեքը կոտրված է։ Մենք չենք կարող գիշերն այստեղ մնալ։
Մարոն հուզմունքից աչքաթող էր արել այդ հանգամանքը։ Նա վախով միջանցքի կողմը նայեց։
— Հագուստ վերցրու, մենք հյուրանոց կգնանք։
— Հետս ննջարան արի։
Չնայած Վարդանը նախազգուշացրել էր, Մարոն ցնցվեց՝ տեսնելով ննջարանի վիճակը։ Վարդանը բարձրացրեց զգեստապահարանն ու պատին հենեց։ Մարոն հավաքեց մահճակալին թափված հագուստը։ Բամբակյա գիշերանոցը պատառոտված էր, և Մարոն այն զզվանքով գետնին գցեց։ Մետաքսե գիշերանոցը, որն ավելի թանկ էր, պատահաբար խուսափել էր բարբարոսների դանակից։ Մարոն հարդարանքի պարագաներ վերցրեց, դրեց կտորից ճամպրուկի մեջ, որով եկել էր Այնթապից։ Սանդուղքի վրա Վարդանը ստուգեց իր ատրճանակը բաճկոնի տակ։
— Դու զինվա՞ծ ես,— զարմացավ Մարոն, որը դրանում իր տագնապի հաստատումը տեսավ։
— Պարզապես զգուշություն է։ Կոստանդնուպոլիսը մեծ քաղաք է։
Մութ և ամայի փողոցներով նրանք գնացին մինչև զինվորական դպրոցը, որի առջև կանգնած էին ֆայտոնները։ Մարոն լարված ականջ էր դնում հնարավոր քայլերը լսելու համար և հաճախակի հետ էր նայում։ Կառապաններից մեկը, որը թուղթ էր խաղում գործընկերների հետ աղբյուրի եզրին դրված ջահի լույսի ներքո, շտապեց նրանց ընդառաջ։ Նրանք գնացին «Բերա Պալաս» հյուրանոցը։
Հյուրանոցի լուսավորված նախասրահը մտնելուն պես, ուր բազմաթիվ օտար զինվորականներ կային, Մարոն հանգստացավ։ Խոսակցությունների աղմուկը, ուր Մարոն տարբերում էր ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն բառեր, նրան լավագույն երաժշտությունը թվաց։ Այս աշխարհն այնքան էր տարբերվում նրանից, որտեղից իրենք նոր ներս էին մտել։
Վարդանը լոգարանով սենյակ վերցրեց և խնդրեց, որպեսզի ճաշը ներսում մատուցեին։
— Սպասավորներից մեկը ձեզ ճաշացանկը կբերի, պարոն։
Ճաշասրահում նվագախումբ էր նվազում, սակայն ո՛չ Մարոն, ո՛չ էլ Վարդանը ցանկություն չունեին այդ ամբոխի մեջ ճաշելու։ Սպասավորը նրանց մինչև սենյակ ուղեկցեց, երկրորդ հարկ, որի լուսամուտները նայում էին դեպի Ղալաթիա տանող պողոտան։
Սպասավորներից մեկը սեղան գցեց լուսամատի առջև, երկրորդը եկավ՝ իր դիմաց հրելով անիվներով փոքր սեղանը, ուր դրված էր Վարդանի պատվիրած ձուկը։ Վարդանը նրանց հավելավճար տվեց։
— Դուք կարող եք գնալ։ Ինքներս մեզ կսպասարկենք։
Լսելով փակվող դռան ձայնը՝ Մարոն, որը հագուստն էր փոխում լոգարանում, հարցրեց.
— Նրանք գնացի՞ն։
— Այո, կարող ես դուրս գալ։
Մարոն եկավ։ Շքեղ գիշերանոցի վրա նա հագել էր մետաքսյա տնային զգեստ, իսկ մազերն արձակել էր ուսերին։ Նրա տեսքից և շփոթվածությունից Վարդանը հասկացավ, որ Մարոն նոր դիրքորոշում էր որդեգրել իր նկատմամբ։ Նրա աչքերի կարմրությունն անցել էր, իսկ դեմքը հանգիստ էր։ Վարդանը չէր կարողանում հավատալ, որ մեկ ժամ առաջ այդ կինը ընկճված վիճակում էր։
— Դու հիասքանչ ես։ Ինձ թվում է, որ ես քեզ տեսնում եմ Փարիզում։ Հիշո՞ւմ ես Ռիվոլի փողոցի այն հյուրանոցը։
Մարոն գլխով արեց։ Իրենց ամուսնական ճանապարհորդությունը... Դա այնքան վաղուց էր և, այդուհանդերձ, այնքան մոտ։
Նրանք խմեցին իրենց սիրո կենացը և երկար համբույր փոխանակեցին։ Նրանք լուռ ուտում էին՝ պերճախոս հայացքներ գցելով միմյանց վրա, երբ փողոցի աղմուկը խաթարեց նրանց անդորրը։ Վարդանը մի կողմ տարավ վարագույրը։ Մի խումբ ցուցարարներ անցնում էին՝ բռունցքները թափահարելով և կոչեր հնչեցնելով։
— Ովքե՞ր են,– հարցրեց Մարոն։
— Ազգայնականներ, որոնք բողոքում են արևմտյան ներկայության դեմ։
Ոստիկանությունը վրա հասավ։ Վարդանը քաշեց վարագույրը։ Կամաց-կամաց աղմուկը մարում էր, երբ կրակոց լսվեց։ Դրան հետևեց տարօրինակ հանդարտություն, հետո փախուստի դոփյունը։
Մարոն, գունատվելով, վայր դրեց դանակն ու պատառաքաղը և տագնապով ամուսնուն նայեց։
— Օրերից մի օր ամեն ինչ նորից տակնուվրա է լինելու, ինչպես ասում էր Տիրուհին, Վարդան, ես այլևս չեմ կարող այս երկրում ապրել։ Ամեն գիշեր տեղահանությունը նորից է սկսվում։
— Մարո, մենք չենք կարող գնալ։
— Ես գիտեմ։ Բայց երբ Թովմասը մեզ հետ կլինի...
Կնոջ խնդրանքը Վարդանին հանկարծակիի բերեց։ Իհարկե, արտագաղթելու միտքը իրեն այցելել էր, հատկապես այն պահից, երբ իմացել էր երկրից հեռանալու Նուբարի որոշման մասին, սակայն մեկնելը իր համար պարտություն կլիներ։
— Մենք ծնվել ենք աշխարհի այս անկյունում, Մարո։
— Սա այլևս մեր հայրենիքը չէ։
— Այստեղ այնքան բան կա անելու մերոնց համար։
— Դու քո բաժինն արել ես։ Հարկավոր է մի քիչ էլ մեր մասին մտածել, մենք քիչ ժամանակ ունենք։ Մենք կարող ենք մեր կյանքը սկսել այլ երկնքի տակ։ Այստեղ ես չեմ կարողանա երջանիկ լինել։ Հողը ներծծված է արյունով, իմ մոր, Արմենի, անհամար մարդկանց արյունով։ Չխոսես ինձ հետ Հայաստանի մասին գոնե այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենակիցները, որոնք նոր են սկսել կառուցել իրենց երկիրը, ամեն վայրկյան կարող են հայտնվել պատերազմի ճիրաններում։ Ես այլևս ուժ չունեմ շուրջս մեռնող մարդկանց տեսնելու։ Իսկ այն միտքը, որ քեզ նորից կարող են ինձնից խլել, անտանելի է ինձ համար։ Ես ամեն ինչ կորցրել եմ քեզնից բացի, Վարդան, ես ուզում եմ այստեղից գնալ։
Նա հանգիստ էր խոսում, սակայն պերճախոս Էր, և չնայած նրա հանդարտությանը նրա ասածի կարևորությունն ակնհայտ Էր։ Վարդանը մտորումների մեջ ընկավ։
— Նույնիսկ այլ երկրում ապրելով՝ դու կարող ես օգնել մերոնց,— շարունակեց Մարոն։— Քեզ առաջարկում են Վաշինգտոն մեկնել ամերիկյան կառավարության առջև վկայություններ տալու համար։
— Ճիշտ Է,— համաձայնեց Վարդանը։— Սակայն ես չեմ Էլ ուզում դրա մասին մտածել, քանի դեռ մենք չենք պարզել Թովմասի ճակատագիրը։
Հակառակ իր սովորության, նա չօգտագործեց «գտնել» բառը իրենց որդու մասին խոսելիս։ Մարոն ուշադրություն չդարձրեց այդ խոսքերին, որոնք հնարավորություն Էին տալիս ենթադրելու, որ Վարդանը հավանաբար հաշտվել Էր վատթարագույնի հետ։ Մարոն վեր կացավ, շրջանցեց սեղանը, նստեց Վարդանի ծնկներին և գրկեց նրան։
— Երբ Թովմասը մեզ հետ կլինի, մենք կկարողանանք մեկնել Վաշինգտոն։ Կասկածից վեր է, որ հենց այնտեղ դու շատ օգտակար կլինես։ Ես չեմ պահանջում, որ մենք ընդմիշտ գնանք։ Մեկ կամ երկու տարի։ Այդքան է պետք սիրուն նորից ընտելանալու և սարսափները մոռանալու համար։ Մենք կտեսնենք, թե ինչպես Է կյանքը հունի մեջ մտնում այնտեղ...
Մարոյի Կոստանդնուպոլիս գալուց ի վեր Վարդանն առաջին անգամ Էր տեսնում, թե ինչպես Էր տենչը ծնունդ առնում նրա աչքերում։ Եվ նա ուզեց, որ այդ կրակը երբեք չմարեր։
— Ճիշտ Է, այնտեղ ես ավելի լավ կկարողանամ օգնել Հայաստանի կայացմանը։
Մարոն ծիծաղեց և համբուրեց Վարդանի այտը։
— Խոստանո՞ւմ ես, որ մենք կմեկնենք, հենց որ Թովմասը մեզ հետ կլինի։
— Այո։ Եվ որպեսզի գործը չձգձգվի ես հենց հիմա կսկսեմ թղթերը նախապատրաստել ամերիկյան դեսպանատան համար։
Մարոյի ժամանումից հետո նրանք իրար սիրել էին միայն մեկ անգամ։ Վարդանը տենչում Էր Մարոյին, իսկ վերջինս պարտք Էր կատարում, և դա այնքան մեխանիկական կենակցություն Էր և այնքան զերծ Էր սիրուց, որ Վարդանն այլևս չէր դիպել Մարոյին։ Այդ գիշեր նարդոսի բուրմունք արձակող անկողնում Մարոն ինքն անձնատուր եղավ ամուսնուն և տրվեց անմնացորդ՝ և՛ կրքոտ, և՛ քնքուշ, նախաձեռնող և ինքնամոռաց։ Նրանք այդպես պառկեցին ազդրը ազդրին, մատները միահյուսված։ Լռության մեջ նրանք հետևում էին, թե ինչպես էին հաճույքի ալիքները տեղի տալիս, և ինչպես էին հանգչում նրանց հառաչանքների արձագանքները։
Խոստումների և ծրագրերի համար դեռ վաղ էր։ Վարդանը քնքշորեն հարցրեց.
— Քանի՞ տարեկան է Նուրհանը։
Մարոն ցնցվեց։ Ինչպե՞ս կռահեց, որ հենց այդ պահին ինքը հիշել էր իր երկրորդ որդուն։ Նրա կոկորդը սեղմվեց.
— Մոտ երեք տարեկան։
Մի պահ լռություն տիրեց։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ անհնարին էր այդ երեխային վերցնել իր հորից և որ նա ընդմիշտ կորսված էր Մարոյի համար, սակայն նրանցից և ոչ մեկը չէր կարող արտաբերել այդ ճակատագրական դատավճիռը, ինչպես նաև չէին կարող պատրանքների մեջ ընկնել։ Նուրհանի հիշատակը ողբալու փոխարեն, ինչ անում էր սովորաբար Մարոն, նա վճռեց նրան ապրեցնել խոսքի միջոցով։
— Զարմանալի է, բայց նա նման է... նման է Թովմասին։
— Ուրեմն մորը։
— Այո, նա իմ աչքերն ունի։ Նա վարժ է խոսում, բայց քիչ։ Նա երևի ինքնամփոփ կլինի։ Նա նկարելու զարմանալի շնորհք ունի։
Մարոն շնչակտուր լռեց։ Առաջին անգամ լինելով, բավական էր, ինքն ավելի ուշ կշարունակեր։
Նա գլուխը դրեց Վարդանի կրծքին և լսեց նրա սրտի ուժգին ու արագացած բաբախյունը։ Նա փակեց աչքերը և քնեց աշխարհի մնացած ձայները խլացնող այդ երաժշտության նվագակցության ներքո։

Մաս 97


Վարդանը, ծանրաքայլ, բարձրացավ իրենց բնակարանի աստիճաններով։ Արդեն մի քանի շաբաթ նամակներ չէին գալիս մանկատներից։ Հարկավոր էր հաշտվել իրականության հետ. Թովմասը չէր ընկել միսիոներների ձեռքը։ Եթե նա ողջ էր, ապա գտնվում էր որևէ թուրքի կամ քրդի մոտ որպես աշակերտ, ագարակում աշխատող բանվոր, հովիվ կամ ուղտապան։ Այդ դեպքում նրան հայտնաբերելու հավանականությունը զրոյի էր հավասարվում։ Անհրաժեշտ կլիներ խուզարկել Անատոլիայի, Սիրիայի, Արաբական թերակղզու յուրաքանչյուր քաղաքը, գյուղը, ագարակը։ Վերջին հույսը տեղում աշխատող օգնության տարբեր կոմիտեներն էին, սակայն հազարավոր նմանատիպ դեպքեր կային, իսկ այդ կազմակերպությունները բավականաչափ աշխատողներ չունեին։
Հակառակ իր սովորության Մարոն ամուսնուն ընդառաջ չեկավ։ Վարդանը նրան գտավ բազկաթոռում նստած։ Նա գունատ էր և չէր կարողանում խոսք անգամ արտաբերել։ Նրա ձեռքին մի նամակ կար, որը նա արդեն տասն անգամ կարդացել էր։ Ծրարը գետնին էր ընկած։
— Ո՜չ,— բացականչեց Վարդանը, որը չգիտեր, թե ինչ պետք է աներ՝ ուրախանար, թե վշտանար։
Քարացած Մարոն դարձյալ նրան ոչինչ չբացատրեց։ Նա վերցրեց ծրարը, որի վրա գրված էր Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի Կոստանդնուպոլսի հասցեն։ Դրա մեջ մեկ այլ ծրար կար, որը ճարվել էր Շվեյցարիայում և հասցեագրված էր փարիզյան մի թերթի, որի հետ Վարդանը համագործակցում էր։
— Հետո՞,— հարցրեց նա անհամբերությամբ։
Պատասխանելու փոխարեն Մարոն նրան մեկնեց նամակը, որը նա արագ կարդաց։ Նա աչքերին չէր հավատում։ Նամակի ներքևում զմուռսի վրա կնիքով դրված էր իր անունը հայերենով։ Նա բարձրաձայն կարդաց նամակը։
— «Հարգարժան պարոն Վարդան Պալյան։ Ժնևում վերջերս բացված մեր հաստատությունն ընդունում է հայ երեխաների, որոնք մեծ մասամբ, իհարկե, որբեր են։ Այս շաբաթ շվեյցարացի մի միսիոներ մեզ է հանձնել մի հայ երեխայի, որին անցած տարի ինքն ու իր կինը բերել են Բաղդադից։ Այդ երեխան, որը տասը տարեկան է և կրում է Թովմաս անունը, պնդում է, որ իր հոր անունն է Վարդան Պալյան։ Քանի որ ձեր անունն ինձ ծանոթ է բազմաթիվ հոդվածներից, ապա ես ինձ թույլ եմ տալիս գրելու թերթի հաշվին։ Կորցրե՞լ եք արդյոք Թովմաս անունով որդի։ Նա սևահեր է, շագանակագույն աչքեր ունի, կանոնավոր դիմագծերով կանոնավոր դեմք և մի քիչ ավելի բարձրահասակ է, քան իր հասակակիցները։ Չունենալով նրա լուսանկարը՝ ես այս նամակի վրա դնում եմ նրա խոսքերով իր հոր կնիքի պատճենը։ Ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի նա ծնողներին վերադարձնի այս տղային և անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին։ Անդրանիկ Բաղրամյան»։
Մարոն լսում էր նամակը, որը նա անգիր էր արել, և գլխով էր անում։
— Այս կնիքն իմն է,— ասաց Վարդանը՝ զննելով զմուռսը։ Այո, սա իմն է։
Մարոն վերջապես վերագտավ խոսելու ունակությունը.
— Թովմւսսն այն վերցրել էր քո գրասեղանից Սվասը լքելուց առաջ։
Վարդանն ապշած նայեց նրան և ճիչ արձակեց։ Նա չկարողացավ արցունքները զսպել և բացականչեց.
— Թովմա՜ս... Թովմա՜ս։ Դու հասկանա՞մ ես, Մարո։ Թովմասը Ժնևում է։
Մարոն ոտքի կանգնեց և նետվեց Վարդանի գիրկը, որը և լալիս էր, և ծիծաղում։ Նա բռնեց կնոջ ուսերից և նրան թափ տվեց.
— Թովմասը։ Մեր Թովմասը։
Մարոն նույնպես հուզմունքից ծիծաղում էր, քանի որ արցունքները սպառել էր օրվա ընթացքում։ Վարդանը նրան գրկեց և հետը պտտվեց։ Նա խոսքեր չէր գտնում և անընդհատ կրկնում էր որդու անունը։
Հանկարծ նա կանգ առավ և հարցրեց.
— Պատասխանե՞լ ես։
— Ես քեզ էի սպասում, որպեսզի միասին պատասխանեինք։
Վարդանը նայեց ժամացույցին.
— Հեռագրատունը դեռ բաց է։ Եթե շտապենք, ապա կհասցնենք։ Արա՛գ։
— Վերարկուի կարիք չկա,— ասաց Վարդանը դռան մոտից,— ապրիլյան այս երեկոն ամենատաքն է աշխարհագործությունից ի վեր։
Փողոցում նա գրկեց Մարոյին և ստիպեց նրան արագ քայլել։ Նրանք շնչակտուր հասան փոստատուն, որի դռներն արդեն փակում էին։ Վարդանը գիտեր, որ բողոքելն անիմաստ էր, չնայած մինչև աշխատանքի ավարտը դեռևս տասը րոպե կար։ Նա ուղղակի դրամ տվեց ծառայողին, որը հարթ մազերով և բարակ բեղերով քառասուն տարեկան տղամարդ էր, և նա համաձայնեց հեռագիրն ուղարկել։
Շտապող ծառայողի անհամբեր հայացքի ներքո Մարոն ու Վարդանը կազմեցին հեռագիրը, որը հասցեագրված էր Անդրանիկ Բաղրամյանին։
— Հարկավոր է մի քանի բառ էլ Թովմասին գրել,— ասաց Մարոն։
— Ի՞նչ ես կարծում. «Խոսքը մեր որդու մասին է։ Կետ։ Մարոն և Վարդանը երջանիկ են, որ նա ողջ է։ Կետ։ Շուտով կժամանենք։ Կետ»։
— Ավելացրու. «Նրան սիրում ենք բոլորից շատ»։
— Դա անհրաժե՞շտ է,— հարցրեց Վարդանը։
— Այո։ Թող իմանա, որ մենք բարկացած չենք նրա փախուստի համար։
Վարդանն ավելացրեց այդ բառերը։ Նրանք համոզվեցին, որ ծառայողը ուղարկեց հեռագիրը և դուրս եկան փոստատնից նրա հետ միասին։ Երբ հեռագրիչը բանալին էր պտտում կողպեքի մեջ, նա, որ կարողանում էր ուղարկել յուրաքանչյուր տառը, սակայն չէր հասկանում բովանդակությունը ֆրանսերենով, հարցրեց հեռագրի բովանդակության մասին։
— Մենք գտել ենք մեր որդուն, որին կորցրել էինք մի քանի տարի առաջ,— բացատրեց Մարոն ոգևորված։
— Օ՜,— բացականչեց տղամարդը, որը վեց երեխա ուներ։— Ես ուրախ եմ ձեզ համար։ Ալլահը մեծ է։
— Թող նա ողորմած լինի ձեր նկատմամբ,— պատասխանեց Վարդանը՝ հրաժեշտ տալով հեռագրիչին։
Ո՛չ Վարդանը, ո՛չ էլ Մարոն ցանկություն չունեին տուն վերադառնալու։
— Գնանք «Մարկիզա»,— առաջարկեց Մարոն։— Մենք այնտեղ նամակ կգրենք Թովմասին։
— Այո, և ճաշենք քաղաքում, որպեսզի նշենք ճակատագրի այս պարգևը։ Վերադարձի ճանապարհին կմտնենք Մեսրոպյանների մոտ և նրանց կհայտնենք այս արտակարգ լուրը։
Թևանցուկ արած՝ նրանք դանդաղ քայլերով գնում էին փողոցով և չափից ավելի հուզված էին խոսելու համար։ Յուրաքանչյուրն ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք դա երազ չէ՞ր։ Մի քանի փողոց այն կողմ Վարդանը հանկարծ կանգ առավ և նայեց Մարոյին։ Նա ոգեշնչված ասաց.
— Դու քեզ հաշիվ տալի՞ս ես, որ սա զուտ պատահականություն է։ Մեր ձեռնարկած քայլերից և ոչ մեկն արդյունք չտվեց, և ահա այդքան սպասված նորությունը երկնքից է ընկնում գլխներիս։ Իմ հոդվածների շնորհիվ։ Հոյակապ է, չէ՞։ Այդ մարդը մեզ հետ է կապվել, որովհետև կարդացել է իմ անունը թերթերում։
Վախենալով, որ իր երջանկությունը կախված էր հանգամանքների պատահական շղթայից, Մարոն հակաճառեց.
— Պատահականություն, պատահականություն, հեշտ է ասել։ Դու ավելի մոտ ես իրականությանը, երբ ասում ես «երկնքից ընկած»։ Մեզ պատասխանում է Բարձրյալը։
Վարդանը, որը շատ ուրախ էր, չկարողացավ իրեն զսպել և կնոջ հոգու հետ մի քիչ խաղաց.
— Համաձայնենք, որ երկնային նախախնամությունն այնպես արեց, որ այդ Բաղրամյանը լավ թերթեր է կարդում։
Մարոն տրամադիր չէր զվարճանալու։ Նա մտածում էր, թե ինչ վիճակում էր Թովմասը և թե ինչպես կվարվեր իր հետ։

ԳԼՈՒԽ 18


Մաս 98


1919 թ. մայիսի 10-ին Մարոն ու Վարդանն իջան «Արևելյան էքսպրեսից» Ժնևի «Կորնավեն» կայարանում։ Նրանք այլևս Կոստանդնուպոլիս չէին վերադառնալու։ Վարդանը համաձայնել էր Վաշինգտոնում աշխատելու Տիրանի ընկերների առաջարկին։ Նա կաշխատեր այնքան, որքան անհրաժեշտ կլիներ։ Նրանց մեկ ամիս էր անհրաժեշտ եղել իրենց ճանապարհորդությունը կազմակերպելու և վիզաները ստանալու համար, ու արդեն վերջում Վարդանը չէր կարողանում զսպել իր անհամբերությունը։ Վերջապես եկավ մեկնելու պահը։ Հրաժեշտը շատ զգացմունքային էր, քանի որ Մեսրոպ քեռին համոզված էր, որ ինքն այլևս նրանց չէր տեսնելու։ Վարդանի ճանապարհորդությանը ավելացել էր ևս մեկ նպատակ։ Տիրանն ու նրա ընկերները հայտնաբերել էին, որ նախկին օսմանյան կառավարության պաշտոնական փաստաթղթերը, հենց այն փաստաթղթերը, որ իրենք փնտրում էին ամիսներ շարունակ, հիմա գտնվում էին Էվիանում՝ Ֆրանսիայում, ոմն Գաբրիել դը Ռոքվիլի մոտ։ Թովմասին որբանոցից վերցնելուց հետո Մարոն ու Վարդանը պետք է գնային Էվիան, որտեղից էլ Մարսել, ուր նրանք պետք է նավ նստեին Միացյալ Նահանգներ մեկնելու համար։ Գաբրիել դը Ռոքվիլը, որը կոլեկցիոներ էր, գնել էր այդ փաստաթղթերը Կոստանդնուպոլսում աշխատող ֆրանսիացի մի լրագրողի միջոցով։ Քանի որ նա համակրում էր հայերին, համաձայնել էր դրանք նվիրել այն մարդկանց, ովքեր կկարողանային ազնիվ նպատակով դրանք օգտագործել։
Թեթև գլխապտույտ զգալով՝ Մարոն անշարժացավ գնացքի սանդուղքի վերևի աստիճանին։ Կառամատույցին, դռան մոտ կանգնած ծառայողը նրան օգնեց իջնելու։
— Ինչպե՞ս ես,— անհանգստացավ Վարդանը։
Մարոն գլխով դրական նշան արեց։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չէին քնել նախորդ գիշեր։ Վիեննայից նրանց տիրած ոգևորությունը անհամբերության էր փոխակերպվել, երբ գնացքը մոտեցել էր Շվեյցարիայի սահմաններին, իսկ այն պահից, որ գնացքը շարժվում էր Ալպյան լեռների երկայնքով, նրանց տիրել էր տագնապը։ Երկու տարի շարունակ Մարոն աղոթել էր Թովմասի հետ այս հանդիպման մասին, Վարդանը՝ չորս տարի, և հիմա նրանք վախենում էին, որ ինչ-որ անսպասելի աղետ կարող էր խոչընդոտել այդ ամենաթանկ երազի իրականացմանը։
Մինչ Վարդանը պայմանավորվում էր բեռնակրի հետ, Մարոն ցրված նայում էր ուղևորներին, որոնք հավաքված էին կառամատույցին։ Հետո նա աչքերը բարձրացրեց Ալպյան լեռներին նայելու համար։ Նրա կանգնած տեղից լեռները չէին երևում, սակայն նա գիտեր, որ դրանք շատ մոտ էին և փակում էին հորիզոնը։ Քարե այդ պատվարը, որը վեր էր խոյանում իր և Օսմանյան կայսրության միջև, նրան ապահովության զգացում էր պարգևում, որը հարաճուն կերպով ամրապնդվում էր, որքան գնացքը նրան հեռացնում էր Բոսֆորի ափերից։ Նա այլևս չէր վախենում, որ գաղտնի ոստիկանությունը կարող էր ձերբակալել Վարդանին։ Եթե իրենից կախված լիներ, ապա նա այլևս երբեք չէր վերադառնա իր ծննդավայրը՝ Անատոլիա, ուր հանգչում էին հայրն ու մայրը։ Թովմասի և այլ երեխաների համար, որոնց նա մտադիր էր ունենալ, նա ցանկանում էր ազատություն և այնպիսի հայրենիք, ուր նրանց իրավունքներր կհարգվեին, և նրանք առանց վախի կկերտեին իրենց ապագան։
— Արի։
Նա վեր թռավ Վարդանի ձայնից։ Նա բռնեց Մարոյի ձեռքը և հոգատար ձայնով հարցրեց.
— Շատ չե՞ս հոգնել։
— Ոչ, ավելի շուտ նյարդային եմ։
Վարդանը շոյեց նրա ուսը։
— Ամեն ինչ լավ կլինի, կտեսնես։
Մարոն զգում էր, որ Վարդանը նույնքան հուզված էր, որքան և ինքը։ Սայլակը քաշող բեռնակրի ուղեկցությամբ, նրանք մոլորված մտան սպասասրահը, որը բզզում էր փեթակի պես։ Վարդանը կանգ առավ թերթերի կրպակի մոտ, ուր նա ժամադրվել էր այն զույգի հետ, որը Հայկական կոմիտեի կողմից պետք է իրենց դիմավորեր։ Շրջակայքում չկային այնպիսի մարդիկ, որոնք կհամապատասխանեին Վարդանի ստացած նկարագրությանը։
— Մենք մեր ընկերներին ենք սպասում,— ասաց Վարդանը բեռնակրին։— Կարող եք ճամպրուկներն այստեղ դնել։
Տղամարդը կատարեց Վարդանի խնդրանքը և գնաց նոր հաճախորդներ գտնելու։ Այդ սպասումը նյարդայնացրեց Մարոյին։ Վարդանը նրան առաջարկեց նստել փոստի բաժանմունքի մոտ, պատի տակ դրված նստարանին։ Մարոն հրաժարվեց և սկսեց կարդալ կրպակում ցուցադրված թերթերի խորագրերը։ Վարդանը միաժամանակ հետևում էր մուտքի և դեպի կառամատույց դուրս եկող դռներին։
Սպասասրահը կամաց-կամաց դատարկվեց։ Երբ Վարդանն արդեն վճռել էր ֆայտոն վարձել և հյուրանոց գնալ, հայտնվեցին իրենց դիմավորողները։ Տղամարդը պետք է դեղին փողկապ կրեր, իսկ կինը՝ վանդակավոր բրդյա կտորից կարված զգեստ, իսկ ձեռքին սպիտակ մեխակներ ունենար։ Սուրեն Զաքարյանը՝ մոտ երեսուն տարեկան նիհար դեմքով մի տղամարդ, հանդարտ և ուժեղ մարդու տպավորություն էր թողնում։ Նրա կինը՝ Նազենին, մի քիչ ավեփ երիտասարդ էր և տղայի էր նմանվում իր կարճ կտրած և հարթ սանրած սև մազերով։ Այդուհանդերձ, նա շատ գեղեցիկ էր։
— Սուրեն Զաքարյա՞ն,— հարցրեց Վարդանը։
— Ներող եղեք ուշացման համար,— ասաց Սուրենը՝ ձեռքը մեկնելով։— Մեզ սխալ էին հայտնել գնացքի տեղ հասնելու ժամը։
— Ոչինչ։ Ես երջանիկ եմ ձեզ հետ ծանոթանալու, պարոն Սուրեն։
— Ես էլ, պարոն Պալյան։
— Մենք միշտ մեծ հետաքրքրությամբ ենք կարդում ձեր հոդվածները,— ավելացրեց կինը։
Սուրենը ներկայացրեց իր կնոջը, Վարդանը նույնպես, և Նազենին ծաղիկները Մարոյին հանձնեց։
— Ես այնպես երջանիկ եմ ձեզ համար, տիկին։ Երջանիկ եմ երեխայի համար։
Մարոյի դեմքը լուսավորվեց.
— Դուք տեսե՞լ եք որդուս։
— Նրա գոյության մասին մենք իմացանք, երբ մեզ հայտնեցին, որ Էվիանում կարևոր փաստաթղթեր կան և որ ձեր ամուսինը պետք է գա և դրանք վերցնի։ Ես չկարողացա դիմանալ և գնացի պարոն Բաղրամյանի որբանոցը։
Մարոն երիտասարդ կնոջը բազմաթիվ հարցեր տվեց.
— Խոսե՞լ եք Թովմասի հետ։ Ինչպե՞ս է նա։ Գիտի՞, որ մենք այսօր ենք ժամանելու։
Նազենիի աչքերը փայլում էին, քանի որ բարի լուր հաղորդողի դերը նրան հաճելի էր։ Նա չէր հասցրել պատասխանել, իսկ Մարոն նորից հարցրեց.
— Նա առո՞ղջ է։
— Հոյակապ տղա է, բարձրահասակ, ամրակազմ, գրեթե մեկ մետր վաթսուն սանտիմետր հասակով։ Նա մարզիկի մարմին ունի, պարոն Պալյան, ինչպես դուք։ Խելացի է և ժիր աչքեր ունի։ Աչքերը նման են մոր աչքերին, որքան հասկացա։
— Նա առո՞ղջ է,— կրկնեց Մարոն։
— Երբեք չէիք հավատա, որ նա դժվարին պահեր է ապրել։ Ըստ տնօրենի՝ նա կաշկանդված էր և չէր հաղորդակցվում երեխաների հետ, սակայն ձեր նամակը ստանալուց հետո վարքագիծը փոխվել է։ Նա ավելի անմիջական է դարձել և հաճույքով խաղում է մնացած երեխաների հետ։
Վարդանը նույնպիսի ագահությամբ էր կլանում Նազենիի խոսքերը, որքան և իր կինը։ Նրանք անվերջ կլսեին, եթե Սուրենը չասեր, ճամպրուկները վերցնելով.
— Գնացինք։
Վարդանը վերցրեց ճամպրուկներից մեկը։ Նրանք բեռները բարձեցին տաքսիի մեջ, և Սուրենը վարորդին տվեց իր բնակարանի հասցեն։
— Մենք ձեզ նախ մեր տուն կտանենք մի բան խմելու և հանգիստ զրուցելու համար։
Մարոն հուսահատ նայեց Վարդանին, որը պատասխանեց.
— Դուք շատ բարի եք, Սուրեն, սակայն մենք կգերադասեինք նախ մանկատուն գնալ։
— Պարոն Բաղրամյանը ձեզ ճաշից հետո է սպասում։
— Սուրեն, պատկերացրու, որ դու իրենց վիճակում ես,— պատասխանեց Նազենին, որը հասկանում էր Մարոյի ու Վարդանի անհամբերությունը։— Դու դեռ ժամանակ կունենաս մարդկության ճակատագիրը վճռելու պարոն Պալյանի հետ։
Սուրենը ժպտաց.
— Լա՛վ։ Մենք ձեզ մանկատուն կտանենք, իսկ վերադարձի ճանապարհին իրերը կթողնենք «Բելմոնտ» հյուրանոցում։ Դա մեր տան կողքին է։ Վարորդ, գնացեք դեպի Լոգանի ճանապարհը։

Մաս 99


— Թովմա՜ս։ Արի՛, մեր դարպասը պահիր, թե չէ կպարտվենք։
Թովմասը Գրիգորին ասաց, որ այդ պահին ֆուտբոլն իրեն այնքան էլ չէր հետաքրքրում։ Իմանալով, թե ինչ կարևոր օր էր դա ընկերոջ համար, Գրիգորը չպնդեց։ Նա վերադարձավ խաղահրապարակ՝ մի քիչ նախանձելով իր ընկերոջը, ինչպես մնացած երեխաները։ Այս մանկատան հիսուներեք տղաներից ո՞ր մեկը չէր երազում, որ մի օր կտեսներ իր ծնողներին։ Նույնիսկ նրանք, ովքեր տեսել էին իրենց ծնողների մահը։
Ժնևի ծայրամասում դեպի Լոզան տանող ճանապարհին կառուցված տղաների հին դպրոցի պատին հենված՝ Թովմասը հեռվից հետևում էր դարպասին և միևնույն ժամանակ դպրոցի բակում ընթացող ֆուտբոլի մրցմանը։ Երեք շաբաթ առաջ նա նամակ էր ստացել ծնողներից, և այդ պահից օրերն անվերջ էին թվում նրան։ Երբ Թովմասը հեռագրից իմացավ Կոստանդնուպոլսից իր ծնողների մեկնման օրը, նա դասարանի աշխարհագրական մեծ քարտեզի վրա հետևում էր գնացքի առաջխաղացմանը, ամեն առավոտյան, կեսօրին և երեկոյան տեղաշարժելով քորոցը, հետևելով պարոն Բաղրամյանի ցուցումներին։ Այս առավոտ նա այն տեղադրել էր ժնևը նշող կետի վրա։
Անկանոն քայլերի ձայն լսելով՝ Թովմասը շրջվեց։ Անդրանիկ Բաղրամյանն էր՝ տնօրենը։ Նա ճաղատ և կաղ մարդ էր, որը Թովմասից շատ բարձրահասակ չէր, իսկ կաղում էր ոտքի հին վերքից։ Բաղրամյանը սիրալիր ժպտաց տղային։
— Նրանք կգան ճաշից հետո, համբերիր։
Համբերի՜ր։ Թովմասը հենց դա էլ անում էր։ Բացի դրանից, նա կանխազգացում ուներ, որ ծնողներն անմիջապես կգային իրեն տեսնելու։
— Պարոն Բաղրամյան...– ասաց Թովմասն անվստահ ձայնով։
— Այո՞։
Թովմասը, լուրջ ձայնով, որը զարմանալի էր այդ տարիքի երեխայի համար, սկսեց արտասանել այն բառերը, որոնք նա նախապատրաստել էր այդ առավոտ։
— Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեր բարության համար։ Ինձ համար մեծ երջանկություն էր ձեզ հանդիպելը։ Դուք գտաք իմ ծնողներին, ես այդ բանը երբեք չեմ մոռանա։
Տնօրենը, հուզված, թփթփացրեց նրա ուսին.
— Ինձ շնորհակալություն հայտնելու միակ ձևը, Թովմաս, ազնիվ և աստվածավախ մարդ դառնալն Է։ Մարդ, որը մտածում Է ուրիշների մասին և նրանց օգնության Է գալիս։
— Ես հենց այդպիսի մարդ կդառնամ, պարոն։
Երբ տնօրենը պատրաստվում էր հեռանալ, Թովմասը հարցրեց մանկական ձայնով.
— Ի՞նչ եք կարծում, հայրս ինձ կճանաչի՞։
— Նա քեզ չի տեսել չորս տարի։ Կարծում եմ, կճանաչի։
Անդրանիկ Բաղրամյանը գնաց դեպի մուտքի դուռը իր գրասենյակը վերադառնալու համար։ Նա փառք էր տալիս Աստծուն այս երեխայի երջանկության համար և աղոթում էր, որ Բարձրյալը ևս մի քանի նման հրաշքներ կատարեր։ Էջմիածնի ճեմարանի նախկին սանը հրաժարվել էր հոգևոր կարգից ուսուցիչ դառնալու և ամուսնանալու համար։ Նրա բանտարկությունից հետո կինն ու չորս երեխաները այրվել էին իրենց տանը, որը հրդեհել էին ջարդարարները 1915 թ. տեղահանությունների ժամանակ։ Անդրանիկին, ինչպես և Վարդանին, բանտից փրկել էր մի թուրք բարեկամ։ Նա փախել էր երկրից՝ անցնելով Պարսկաստանով և եկել էր Շվեյցարիա, ուր և նա ապրում էր այդ ժամանակից ի վեր։
Մարգագետնում աղմկող կեռնեխները շեղեցին Թովմասի ուշադրությունը, և նա նկատեց սև ավտոմեքենան միայն դարպասից ներս մտնելուց հետո։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Դա տաքսի էր, որը չորս ուղևոր էր բերել։ Մեքենայից մի տղամարդ և մի կին իջան։ Թովմասը նախ մորը տեսավ և նկատեց, որ նա կտրել էր մազերը։ Այս բարձր հասակը, այս դեմքը... իր հայրը՝ Վարդանը։ Թովմասը բերանը բացեց բղավելու համար, սակայն նրա կոկորդից ձայն դուրս չեկավ։ Մի վայրկյան նա վախեցավ, որ այդ տեսիլքը կցրվեր երազի պես, սակայն Մարոն ու Վարդանը գնում էին դեպի դպրոցի մուտքը, և պարզորոշ լսվում էր խճի ձայնը նրանց կոշիկների տակ։ Չնայած նրանց գրկում հայտնվելու խելահեղ ցանկությանը, Թովմասը չկարողացավ նետվել ծնողներին ընդառաջ, այլ, հակառակը, հետ-հետ գնաց և թաքնվեց շենքի անկյունում, որպեսզի նրանք իրեն չտեսնեին։
Տեսնես մայրիկը ներե՞լ էր իր փախուստը Ռըզա բեյի տնից։ Շարունակո՞ւմ էր իրեն սիրել այսքան տարիներից հետո։ Հոր սերը կասկած չէր հարուցում, սակայն նա չգիտեր, թե ինչպես իրեն պահեր նրա հետ։ Ինչպե՞ս իրեն բնական պահեր, երբ նա գիտեր մոր դավաճանության մասին։ Թովմասը չէր ուզում հակասություններ առաջացնել ծնողների միջև և, հետևաբար, պետք է հետևեր իր յուրաքանչյուր խոսքին։ Իսկ եթե հայրը իրեն հարցե՞ր տար... Թաքցնե՞լ իրականությունը։ Ստե՞լ։ Ի՜նչ բարդ էր այդ ամենը։
— Թովմա՜ս։ Արի օգնության։
Թիմակիցները խմբով կանչում էին իրեն։ Ավելի լավ կլիներ, եթե ծնողներն իրեն հայտնաբերեին ֆուտբոլ խաղալիս, քան դպրոցի պատի հետևում թաքնվելիս, քանի որ այդ դեպքում նրանք չէին հասկանա, թե ինչու նա իրենց ընդառաջ չէր նետվել։ Թովմասը վազեց դեպի ֆուտբոլի դաշտը և գրավեց դարպասապահի իր սովորական դիրքը։ Խաղը վերսկսվեց։ Նրա թիմակիցները, ոգևորվելով Թովմասի ներկայությունից, լավ էին խաղում և բազմաթիվ հարվածներ կատարեցին դեպի դարպասը, սակայն հարվածները նպատակին չէին հասնում։ Ուշադիր հետևելով խաղին՝ Թովմասը թաքուն հայացքներ էր գցում դեպի ծառուղին, որով գալիս էին ծնողները։ Վերջապես տեսավ, թե ինչպես երեք ուրվագիծ հայտնվեց։
Մարոն հուզմունքից և մի քիչ էլ մեղքի զգացումից կարկամած կանգնել էր դպրոցի պատի մոտ Բաղրամյանի հետ։ Վարդանը մենակ գնաց դեպի դաշտը։ Խաղացողներից մեկը գոռաց Թովմասին.
— Ուշադրությո՜ւն։
Մեծ Թորոսը մոտենում էր գնդակով։ Լավագույն խաղացողն էր, արագաշարժ և ճարպիկ։
— Դե, Թովմա՛ս, փակիր նրա ճանապարհը։
Վարդանի ձայնն էր։ Այն ձայնը, որի ո՛չ տեմբրը, ո՛չ ելևէջներն ինքը չէր մոռացել։ Հայրը նրան իսկույն ճանաչել էր մոտ քսան տղաների մեջ։ Ոգևորված՝ Թովմասը նետվեց դեպի հակառակորդը, որն անցել էր պաշտպանական գիծը։ Ինքը չէր վրիպի։ Թորոսը գնդակն ուղղեց դեպի ձախ անկյունը։ Թովմասը նետվեց և բռնեց գնդակը։ Իր թիմի ողջույնների ներքո նա ոտքի կանգնեց և, հպարտությունից փայլելով, գլուխը դարձրեց դեպի հայրը, որը տարածել էր ձեռքերը և բղավում էր.
— Ապրե՜ս։ Ապրե՜ս։
— Հայրի՜կ։
Թովմասը վազեց։ Հայրը չէր փոխվել, միայն թե այսօր նա իրեն այդքան բարձրահասակ չէր թվում։ Թովմասի աչքերը թրջվեցին, և հոր դեմքը աղոտ դարձավ։ Վարդանը բռնեց նրան և բարձրացրեց նույնպիսի հեշտությամբ, ինչպես ժամանակին բարձրացնում էր թամբի վրա։ Վարդանը Թովմասին կրծքին սեղմեց։ Նրա ձայնը դողաց.
— Թովմա՜ս։ Թովմա՜ս, որդի՜ս։
Հորը փարվելով, Թովմասը երջանկությունից ողջ մարմնով դոդում էր։
— Հայրի՜կ։ Ես համոզված էի, որ դու կվերադառնաս։
— Ես քեզ փնտրել եմ բոլոր այս տարիների ընթացքում, Թովմաս։
Ավելին ասելու անկարող, նրանք այդպես գրկախառնված մնացին մի քանի րոպե։
Քիչ այն կողմ Մարոն հենվել էր պատին, քանի որ ծնկները ծալվում էին։
— Աստված մեծ է,— շշնջաց Բաղրամյանը։
Մարոն չպատասխանեց։
Երբ հայրը նրան վայր իջեցրեց, Թովմասը գրպանից հանեց արծաթյա մի տուփ, որը առավոտյան փայլեցրել էր։ Կնի՜քը։
— Ես այն վերցրել եմ Սվասի քո աշխատասենյակից։
Վարդանը բացեց կափարիչը և զգուշությամբ զննեց երկկողմանի կնիքը, որի մի կողմում փորագրված էր իր անունը հայերենով, իսկ մյուս կողմում՝ թուրքերենով։ Նա փակեց տուփը և հանձնեց Թովմասին։
— Քո պապը նվիրեց ինձ այս կնիքը, երբ գնում էի վարժարանում սովորելու։ Դու այն պահպանել ես այսքան ժամանակ և հիմա կնիքը քեզ է պատկանում։ Պահիր այն։
— Շնորհակալություն, հայրիկ,— ասաց նա հանդիսավոր ձայնով և կնիքը դրեց իր կարճ տաբատի գրպանը։
Վարդանը հիացմունքով նայում էր, թե որքան էր մեծացել որդին և թե ինչպես էր ֆիզիկապես զարգացել։ Մանկությանը հատուկ դիմագծերին հավելվել էին տարրեր, որոնք ուրվագծում էին ապագա պատանու կերպարը։ Թովմասը նայեց մոր կողմը, և մի պահ նրա դեմքին հայտնվեց անորոշ արտահայտություն, ուր միահյուսվել էին ուրախությունն ու տագնապը։ Հասկանալով որդու հոգեվիճակը՝ Վարդանը հարկ համարեց նրան հասկացնել, որ ինքը տեղյակ էր Մարոյի կյանքին Այնթապում։ Այդ դեպքում այլևս ոչ մի երկիմաստություն գոյություն չէր ունենա։ Նա կռացավ դեպի Թովմասը և ասաց.
— Ռըզա բեյը թույլ չի տվել, որ Նուրհանը ուղեկցեր մորդ։ Դու հիմա պետք է մորդ սիրես երկուսի փոխարեն։ Դու միակ որդին ես, որ նրան մնացել ես։
Թովմասը, զարմանալով այդ խոսքերից, թեթևացած հորը նայեց։ Նա այլևս ստիպված չէր լինելու թաքցնել եղբոր՝ Նուրհանի գոյության փաստը։ Հոր մեղմ ձայնից Թովմասը հասկացավ, որ Վարդանը չէր դատապարտում Մարոյին Ռըզա բեյից երեխա ունենալու համար։ Տղան շատ էր վախենում, որ ծնողները կընդհարվեին և չէին սիրի միմյանց։ Նա բարձրացավ մատների ծայրերին և երախտագիտությամբ համբուրեց Վարդանի այտը։ Հետո շրջվեց և վազեց դեպի Մարոն, որը սպասում էր տնօրենի կողքին կանգնած։
— Մայրի՜կ,— բղավեց նա ամբողջ ձայնով։
— Թովմա՜ս։ Թովմա՜ս։
Մարոն ընդառաջ շտապեց Թովմասին և գրկեց նրան։ Թովմասը նույնպես գրկեց մորը և գլուխը սեղմեց նրա կրծքին։
— Մայրիկ, ես այլևս չեմ լքի քեզ,— մրմնջաց նա լացակումած ձայնով։
— Սիրելի՜ս... Վերջապե՜ս։
Մարոյի այտերով արցունքներ էին հոսում։ Նա իրենից հեռացրեց որդուն և շոշափեց նրա գլուխը, դեմքը, ուսերը, կարծես ուզում էր համոզվել, որ դա երազ չէր, որ նա առողջ էր։ Հետո նա երեխայի դեմքը համբույրներով ծածկեց։
— Ես այնքան եմ խնդրել Աստծուն, որ նա քեզ ինձ վերադարձներ։
— Ես էլ եմ աղոթել, մայրիկ։ Ես աղոթել եմ Ազնիվ տատիկին և կնքահայր Արմենին։
— Նրանք քեզ լսել են և միջնորդել են քեզ համար Տիրոջ առջև։
Անդրանիկ Բաղրամյանը, որը մի կողմ էր քաշվել, չկարողացավ իրեն զսպել և գլխով հավանության նշան արեց Մարոյի այդ խոսքերին։ Նրա համար այս ընտանիքի պատմությունը, ինչպես նաև այլ բազմաթիվ ընտանիքների պատմությունները, որոնք միացել էին ողբերգական բաժանումից հետո, Աստծո ողորմածության վկայությունն էր։
Մարոն պայուսակից հանեց Արմենից Թովմասին մնացած ծովային գլխարկը։ Հիացած երեխան աչքերը լայն բացեց և վերցրեց գլխարկը։
— Իմ գլխա՜րկը, իմ գլխա՜րկը։
Նա գլխարկը գլխին դրեց։
— Իսկն է, մայրիկ։ Իսկը գլխովս է։
Իրականում գլխարկը մեծ էր, սակայն Մարոն թուղթ էր դրել աստառի մեջ։ Վարդանը մոտեցավ և գրկեց կնոջն ու որդուն։ Արմենի գլխարկը նրան տարավ դեպի անցյալը։ Նա հիշեց իրեն բանտում, երբ պատին փորագրում էր կախաղան հանվածների անունները, հետո Կապադովկիայի ստորգետնյա մատուռում, երբ փորագրում էր Անուշի անունը։ Մի օր նա պետք է այդ ամենը պատմեր և խոսքերով հուշարձան կանգնեցներ այն մարդկանց հիշատակին, որոնց անունները չէր պահպանել ոչ մի արձանագրություն։ Սակայն նախ պետք էր ապահովել նրանց ապագան, ովքեր վերապրել էին, օգնել հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության ամուր հիմքերը գցել։
— Ինչի՞ մասին ես մտածում, հայրիկ,– հարցրեց Թովմասը։
Վարդանը վեր թռավ և նկատեց, որ մնացածները զարմացել էին իր բացակա տեսքից։
— Օ՜... Անցյալի մասին։ Ամերիկա մեր ճանապարհորդության մասին։
— Հայրիկ, ճի՞շտ է, որ մենք նավով ենք ճանապարհորդելու։ Ես կարո՞ղ եմ կրել նավապետի գլխարկս։
— Իհարկե,— պատասխանեց Վարդանը՝ նրա գլուխը շոյելով։
Մարոն մեկ ամուսնուն էր նայում, մեկ որդուն։ Անսահման երջանկությունից նա կորցրել էր խոսելու ցանկությունը և անխռով ժպտում էր։
— Ձեր երջանկությունը մարդու սիրտը ուրախությամբ է լցնում,— նրան ասաց Անդրանիկ Բաղրամյանը հուզված ձայնով։
Վարդանը պատասխանեց կնոջ փոխարեն.
— Դա ձեր շնորհիվ է, պարոն Անդրանիկ։
Բաղրամյանը, որը մտածում էր իր զոհված կնոջ և երեխաների մասին, գերադասեց փոխել խոսակցության թեման։
— Սուրենն ինձ ասել է այն փաստաթղթերի մասին, որոնք Գաբրիել դը Ռոքվիլը պետք է ձեզ հանձնի։ Ի՞նչ եք մտադիր անել։
— Հետս Վաշինգտոն կտանեմ, որպեսզի զեկուցում պատրաստեմ, որը, կարծում եմ, մեզ կօգնի ներկայանալ ամերիկյան կառավարությանը, իսկ հետո խաղաղության բանակցություններում։ Եթե դա հենց այն փաստաթղթերն են, որոնց մասին խոսում են, ապա դրանց միջոցով մենք անհերքելի կերպով կապացուցենք, որ տեղահանություններին ուղեկցող ջարդերը ոչ թե «չնախատեսված միջադեպեր» էին, այլ սառնասրտորեն ընդունված բնաջնջման քաղաքականության հետևանք։
Վարդանի պերճախոսությունից տպավորված Թովմասը փքվեց։ Իր հայրը ոչնչով պակաս չէր տնօրենից, որն այնքան լավ էր խոսում.
— Մաղթում եմ, որ դուք դրան հասնեք,– հառաչեց Անդրանիկը։
Վարդանը համեստաբար նվազեցրեց իր դերը.
— Ես մենակ չեմ այս գործում, գիտեք։ Մերոնցից շատերն անձնազոհ կերպով ճգնում են, որպեսզի արդարությունը հաղթանակի։ Ի դեպ, ինձ ասացին, որ դուք ճանաչում եք Ռոքվիլին։ Ի՞նչ մարդ է նա։
— Մեծահոգի մարդ է։ Ինչպես այստեղ, այնպես էլ արտասահմանում գտնվող մեր մանկատները օգտվում են նրա առատաձեռնությունից։ Նա մեր համակիրն է։ Եվ եթե նա ոսկու գնով, ինչպես ինձ ասել են, ձեռք է բերել ձեզ հետաքրքրող փաստաթղթերը, ապա միայն դրանց ոչնչացումը կանխելու համար։ Այն, որ նա փաստաթղթերը ձեզ է հանձնում, վկայում է նրա մեծահոգության մասին։ Ռոքվիլը հին և հազվագյուտ փաստաթղթերի կրքոտ կոլեկցիոներ է։
— Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ հանդիպմանը։
— Դուք չեք հիսաթափվի։ Ի դեպ, նա կարդացել է ձեր հոդվածները և շատ է հավանում դրանք։ Նա հենց ձեզ է ուզում հանձնել այդ փաստաթղթերը և նույնպես անհամբեր ձեզ է սպասում։
Թովմասը բռնեց հոր ձեռքը.
— Ես այլևս չեմ ուզում քեզնից բաժանվել, հայրիկ։
Մինչդեռ Վարդանը փաստարկներ էր փնտրում, որպեսզի որդուն բացատրեր, որ իր բացակայությունը երկար չէր տևելու, Բաղրամյանն ավելացրեց.
— Դուք պետք է ձեզ հետ տանեք ձեր կնոջն ու Թովմասին։ Գաբրիել դը Ռոքվիլի առանձնատունը Ամֆիոն-լը-Բենում իսկական թանգարան է։ Առանձնատան պարտեզը գտնվում է Լեման լճի մեջ խորացող ցամաքալեզվակի վրա, որտեղից աննման մի տեսարան է բացվում։
Հանգստանալով՝ Թովմասը հայտարարեց.
— Գնամ հրաժեշտ տամ ընկերներիս։
— Կարող ես գնալ և նրանց ցտեսություն ասել,— պատասխանեց տնօրենը,– բայց դու մեզ այսպես չես լքի։ Վաղը մենք տոն կկազմակերպենք քո մեկնելու առիթով։
Նա դարձավ դեպի Մարոն և Վարդանը.
— Կգա՞ք Թովմասի հետ մեզ մոտ ճաշի։ Դա հաճույք կպատճառի իմ պատանի սաներին։ Նրանց հավատ կներշնչի։ Չնայած նրանց հետ իմ կապվածությանը, ես վառ եմ պահում ծնողներին գտնելու նրանց հույսը կամ էլ հուսադրում եմ, որ որևէ ընտանիք նրանց կորդեգրի։
Մարոն Վարդանին նայեց, ապա պատասխանեց.
— Դա պատիվ է մեզ համար, պարոն Բաղրամյան։
— Ես ձեզ կծանոթացնեմ ընկերներիս հետ,— ասաց Թովմասը՝ վազելով դեպի ֆուտբոլի դաշտ, ուր ավարտվում էր խաղը։
Այդ երեկո Վարդանը և նրա ընտանիքը ճաշեցին «Բելմոնտ» հյուրանոցի ճաշասրահում։ Թովմասը պնդեց, որ ծնողները կողք կողքի նստեին, իսկ ինքը տեղավորվեց դեմ դիմաց։ Այդպես նա անընդհատ տեսնում էր նրանց։ Բոլոր այն զգացումները, որ նրանք չէին կարողացել արտահայտել հանդիպման պահին, նրանք ապրել էին հետագա ժամերի ընթացքում, երբ զբոսնում էին քաղաքում։ Այժմ բոլորի հոգում խաղաղություն էր հաստատվել, որն արտաքնապես հոգնության տպավորություն էր թողնում։ Նրանք դժվարությամբ էին հավատում, որ այդքան սպասված իրադարձությունը տեղի էր ունեցել։
Թովմասն իր դանակն ու պատառաքաղը դրեց դատարկ ափսեի մեջ և հանգիստ սկսեց պատմել իր պատմությունը, կարծես այդ ամենը պատահել էր մեկ ուրիշի հետ։
Մութն արդեն ընկել էր, երբ նա հասավ Ռըզա բեյի կալվածքից հարավ-արևելք ընկած և դեպի անապատ տանող սարերին։ Առավոտյան նա փորձել էր գտնել հետդարձի ճանապարհը։ Մոլորվելով՝ նա ձիուն ուղղել էր հեռվում երևացող ուղտերի քարավանի կողմը։ Այդ մարդիկ ո՛չ թուրքերեն էին խոսում, ո՛չ էլ հայերեն և իրեն Այնթապ տանելու փոխարեն, ինչպես ինքն էր խնդրել, խլել էին իր ազնվացեղ ձին։ Չնայած իր դիմադրությանը, մի տղամարդ նրան նստեցրել էր իր ուղտին։ Նրանք երկար ժամանակ ճանապարհին էին եղել, և Թովմասը ստիպված էր եղել մնացած ծառաների հետ վրաններ խփել, անասուն խնամել և ծառայել տղամարդկանց։ Ի վերջո, նրանք Բաղդադ էին հասել, ուր Թովմասը փախել էր ոստիկանությանը հանձնվելու համար։ Նա հանդիպել էր անգլիացի զինվորների, որոնք նրա ասածներից ոչինչ չէին հասկացել։ Փորձելով խոսել իր պարզունակ ֆրանսերենով՝ նա գրավել էր մի սպայի ուշադրությունը, որը թարգմանիչ էր բերել տվել։
— Սակ Նոթ պարետն ինձ ասաց, որ ես չեմ կարող Այնթապ վերադառնալ, քանի որ դա ճակատից այն կողմ էր։ Նա փարթամ շեկ բեղեր ուներ, որոնք հասնում էին մինչև այտերը և վանդակավոր կիսաշրջազգեստ էր կրում։ Նա ինձ համար սենյակ գտավ սպաների գրասենյակի վերևում։ Վարձահատույց լինելու համար ես փայլեցնում էի նրա կոշիկները և մաքրում համազգեստը։
Վարդանն ու Մարոն շունչները պահած լսում էին իրենց որդուն։ Չնայած փաստացի մանրամասներից բացի Թովմասը այլ բան չէր հաղորդում, սակայն երեխայի չեզոք տոնը երբեմն մատնում էր նրա հուզմունքը։ Նա արագ հաղթահարում էր այն և շարունակում ակնհայտ հպարտությամբ։ Ի վերջո, այդ ամենն իրեն պատահել էր, երբ ինքն ընդամենը ութ տարեկան էր։
Մի քանի շաբաթ անց Մակ Նոթ պարետը Թովմասին հանձնել էր շվեյցարացի միսիոներների, որոնց նա ճանաչում էր և գիտեր, որ երկու ամիս անց նրանք վերադառնալու էին իրենց երկիրը։ Ուստի Թովմասը հայտնվել էր Ցյուրիխում, Վարտբուրգ քահանայի և նրա կնոջ հետ։ Արդարացի և բարի այս մարդիկ երբեք չէին ծիծաղում։
— Նրանք ամեն օր մի քանի ժամ աղոթում էին, և ես չէի հասկանում այն խոսքերը, որ կրկնում էի։ Սակայն ֆրաու Վարտբուրգը համով թխվածքներ էր թխում։
Վարտբուրգների մոտ էր, որ Անդրանիկ Բաղրամյանը տեսել էր Թովմասին։ Նա հեշտությամբ համոզել էր քահանային, որ ավելի լավ կլիներ, եթե երեխան դաստիարակվեր հասակակիցների հետ և կրթություն ստանար իր լեզվով և հաճախեր իր ազգային եկեղեցին։
— Պարոն Բաղրամյանը գրել էր Ռըզա բեյին, սակայն պատասխան չէր ստացել։ Որբանոցում սնունդն ավելի վատն էր, քան քահանայի տանը։
Թովմասը խորամանկ ժպտում էր։ Հիմա, երբ ծնողների հետ էր, իր արկածներն իրեն շատ հեռու և գրեթե աննշան էին թվում, մինչղեռ նա գիշերներ շարունակ լացել էր հուսահատությունից։
Մատուցողը հաջորդ ուտեստը բերեց, և երբ նա հեռացավ, Մարոն ասաց.
— Ինչպիսի երջանկություն է, որ քեզ այդքան գթասիրտ մարդիկ են հանդիպել։ Մենք պետք է հատուցենք նրանց՝ ուրիշներին լավություն անելով։
— Ճիշտ է,— համաձայնեց Վարդանը։— Սակայն ակնհայտ է նաև, որ Թովմասը շատ քաջ է եղել։
Նա դարձավ դեպի որդին.
— Դու բարձր ես պահել Պալյանների պատիվը, տղաս։
Թովմասը շիկնեց։ Ոչ մի այլ գնահատական նրան այդքան հաճույք չէր պատճառի։
— Իսկ դո՞ւ, հայրիկ։ Ինչպե՞ս կարողացար փախչել Սվասի բանտից։ Հետո ի՞նչ ես արել։
Վարդանը հասկացավ, որ Թովմասն ուզում էր իմանալ հոր գլխով եկածն այնպես, ինչպես գիտեր մոր հետ պատահածը, քանի որ դա իրենց ընդհանուր պատմությունն էր։ Հակառակ դեպքում ընտանեկան հիշողության մեջ միշտ դատարկ տեղեր կմնային։ Նրա կարծիքով, ողբերգական հիշողություններից հրաժարվելը, ինչպես վարվում էին տեղահանությունը վերապրած հայրենակիցներից շատերը, սխալ էր։ Հակառակը, ոչինչ չէր կարելի մոռանալ։ Վարդանը մի կում գինի խմեց և սկսեց իր պատմությունը՝ դիմելով իր որդուն այնպես, ինչպես կդիմեր իր ընկերոջը կամ վստահելի մարդու։
— Ինձ ձերբակալեցին քո վեցերորդ տարեդարձի տոնական ճաշկերույթից մի քանի ժամ անց։ Մենք պատրաստվում էինք հեռանալ Սվասից Ազնիվ խանումի, Արմենի, Արաքսիի հետ, երբ...
Մարոն նրան շատ ուշադիր էր լսում, քանի որ ոչինչ չգիտեր, իրենց բաժանումից հետո Վարդանի կյանքի մասին։ Եվ երբ նա պատմում էր ինչ-որ իրադարձությունների մասին, Մարոն փորձում էր հիշել, թե ինչ էր ինքն անում այդ պահին, որպեսզի իրենց հիշողությունները համընկնեին։

Մաս 100


Մարսելի հին նավահանգիստը շատ աշխույժ էր։ Ձկնորսական նավերը մոտենում էին նավամատույցին։ Նրանց դիմավորում էին ձկնավաճառները, որոնք գնում էին ամբողջ որսը՝ շուկայում վաճառելու համար։ Սակարկությունն ընթանում էր հետաքրքրասերների աչքի առաջ, և նրանք երբեմն մասնակցում էին դրան։ Երկինքը պարզ էր։
Թովմասը, նավապետի գլխարկը գլխին, քայլում էր հոր և մոր առջևից, որոնք թևանցուկ հետևում էին նրան։ Վարդանի նվիրած հեռադիտակով Թովմասը ուսումնասիրում էր Իֆ կղզու ժայռը, որի վրա կանգնած բանտը ուրվագծվում էր հորիզոնին։
— Այնտե՜ղ,– բացականչեց նա՝ ցույց տալով նավահանգստի մյուս ծայրում կանգնած նավը։— Այս նավը Ամերիկա՞ է գնում, հայրիկ։
— Հեռադիտակդ տուր։
Վարդանն ուսումնասիրեց նավի քթամասը։
— «Պելոպոնեսի աստղ»։ Սա է։
— Արա՜գ, գնանք մոտը։
Մարոն ժպտաց՝ տեսնելով որդու անհամբերությունը։
— Շտապելու կարիք չկա,— ասաց նա։— Մեզ նավ կթողնեն միայն երկու ժամից։
Շրջիկ լուսանկարիչը՝ ցածրահասակ մի մարդ, որը մեջքին էր քարշ տալիս իր ծանր լուսանկարչական սարքը եռոտանիով, մոտեցավ նրանց և ողջունեց։
— Ներեցեք պարոնայք, լսեցի, որ դուք մեկնում եք։ Չէիք ուզենա լուսանկարվել որպես հիշատակ։
Վարդանը տատանվում էր.
— Իսկ ժամանակին պատրաստ կլինի՞։
— Արհեստանոցս գտնվում է հենց այս փողոցի անկյունում, անմիջապես սրճարանի հետևում,— ասաց տղամարդը՝ ցույց տալով սրճարանը։— Մեկ ժամից դուք կստանաք լուսանկարները։
Զգալով, որ դա հաճելի կլիներ Մարոյին, Վարդանը համաձայնեց։
— Նախ երկուսդ միասին նկարվեք,— ասաց Մարոն։— Եվ ես կկարողանամ հիանալ իմ երկու տղամարդով։
Լուսանկարիչը նրանց կանգնեցրեց նավամատույցի եզրին, կայմերի անտառի ֆոնին։ Վարդանը պահել էր մի փոքրիկ ճամպրուկ, այն փաստաթղթերով, որ նրան էր վստահել Գաբրիել դը Ռոքվիլը Վարդանի՝ Էվիան կատարած այցելության ընթացքում։ Մյուս ձեռքը նա դրեց որդու ուսին, որը ցուցադրում էր իր հեռադիտակը։
— Նրանք բոլորը մեր թիկունքում են,– շշնջաց Վարդանը Թովմասին, որը շրջվեց հետ նայելու համար։
— Ո՞վ, ոչ ոք չկա։
— Մեր նախնիները։ Իմ հայրը, իմ պապը... Դու տասնյակ սերունդների արգասիքն ես։ Այդ մարդիկ մշակույթ են ստեղծել, որը քո ժառանգությունն է։ Դու պետք է լինես այդ մշակույթի կրողը և հարստացնես, որպեսզի այն կենդանի մնա, և այդպիսով դու կապրեցնես քո նախորդներին։
Թովմասը համոզված չէր, որ լավ էր հասկանում, և լրացուցիչ պարզաբանումներ կուզենար, սակայն լուսանկարչի համբերությունը հատեց.
— Խնդրում եմ դադարեք խոսել և մի շարժվեք։
Նա լուսանկարեց։ Հետո Մարոն միացավ ամուսնուն և որդուն։ Վարդանը ճամպրուկը ոտքերի մոտ դրեց և գրկեց հարազատներին։
Իր սարքի հետևում կանգնած լուսանկարիչը հուզվեց.
— Ի՜նչ հաճելի է տեսնել մի ընտանիք, որն անհոգ կյանք է ունեցել։ Դուք երևի ձեզ վրա չեք զգացել պատերազմի դժվարությունները։
Մարոն ու Վարդանը հազիվ զսպեցին ծիծաղը։
— Մի շարժվե՛ք... Ուշադրությո՛ւն... Ահա՛։
Փոքրիկ տղամարդը շտապ հավաքեց սարքը իրեն մոտեցած Թովմասի հետաքրքրված հայացքի ներքո։ Լուսանկարիչն իր այցեքարտը տվեց տղային։
— Ծնողներիդ կասես, որ մեկ ժամից անցնեն։
Վարդանը շրջվել և առանց տեսնելու նայում էր նավակների վրայով ճախրող ճայերին։ Նա դեպի արևելք էր նայում, մտածելով, որ Միջերկրականի մյուս ծայրամասում գտնվում էր Կոստանդնուպոլիսը, ավելի հեռու՝ Անատոլիան, իսկ է՛լ ավելի հեռու Արարատ լեռան հովանու տակ՝ Հայաստանը։ Մարոն, կռահելով Վարդանի մտքերը, կանգնեց նրա կողքին և նայեց նույն ուղղությամբ։ Այնտեղ ինքը թողնում էր իր որդուն, որին նա այլևս երբեք չէր տեսնելու։ Նրա ձեռքը լարվեց ամուսնու թևին։
Նրանք վեր թռան Թովմասի ձայնից։ Նա մատով ցույց տվեց դեպի արևմուտք և համոզված ասաց.
— Դուք սխալվում եք։ Ամերիկան այն կողմն է։
Последний раз редактировалось Lusine1101 05 май 2017, 23:18, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель

Հակոբ Խաչիկյան - Ամառ առանց այգաբացի

Сообщение Lusine1101 » 28 апр 2017, 14:25

ՎԵՐՋԱԲԱՆ


Վարդան Պալյանի և նրա ընտանիքի Միացյալ Նահանգներ մեկնելուց մի քանի ամիս անց Կոստանդնուպոլսի դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան կայսրության կառավարության նախկին ղեկավարներին, որոնք մեղավոր էին ճանաչվել պատերազմի հանցագործությունների, հիմնականում հայկական փոքրամասնության բնաջնջման փորձի համար։ Ղեկավարների մեծ մասը արդեն փախել էր արտասահման։ Մի քանի նախարարներ, ինչպիսիք էին Թալեաթ փաշան և ուրիշներ ու նրանց աջակիցները, հետագայում սպանվելու էին հայ վրիժառուների կողմից։
1920 թ. գարնանը դաշնակիցների գերագույն խորհուրդը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարեց գծել Հայաստանի սահմանները։ Սակայն երկրներից և ոչ մեկը պատրաստ չէր երաշխավորելու նոր պետության անվտանգությունը, նույնիսկ ամերիկյան կոնգրեսը մերժեց նախագահի խնդրանքը մանդատ իրականացնել Հայաստանի հանդեպ։ Պարոն Վիլսոնը, այնուամենայնիվ, գծեց Հայաստանի սահմանները, որը բացի ռուսահպատակ Արևելյան Հայաստանից, պետք է ներառեր հայաբնակ օսմանյան վիլայեթների մեծ մասը։ Սակայն նույն տարին Սևրում կնքված պայմանագրի կետերը այդպես էլ չիրականացվեցին։
Պատճառն այն էր, որ Օսմանյան կայսրությունում երկու կառավարություն կար. Կոստանդնուպոլսի կառավարությունը, որը բանակցում էր հաղթանակած տերությունների հետ, և Մուսթաֆա Քեմալի կառավարությունը, որը հաստատվել էր Անկարայում և հրաժարվում էր զիջել օսմանյան տարածքները։ 1920 թ. սեպտեմբերին Լենինի կարմիր բանակի զորամիավորումները հարձակվեցին Հայաստանի վրա։ Մինչ Կովկասում արյունահեղ կռիվներ էին ընթանում, Ազգությունների լիգայի՝ Հայաստանին օգնելու կոչերը անպատասխան էին մնում։ Պատերազմից նոր դուրս եկած ազգերը ոչ մի ցանկություն չունեին ներգրավվելու նոր ընդհարումների մեջ։ Եվ, այդպիսով, նոյեմբեր ամսին Հայաստանը բռնակցվեց Խորհրդային Ռուսաստանին։ Այդուհանդերձ, հնուց ի վեր հայերի ապրած տարածքներում մեծ հայրենիք ունենալու երազանքը չէր մեռնելու և երկար ժամանակ զբաղեցնելու էր նրանց միտքը։
Այս իրադարձությունների հետևանքով Վարդան Պալյանը, հիասթափվելով, որ իր և իր հարյուրավոր հայրենակիցների ջանքերն ապարդյուն էին անցել, վճռեց հաստատվել Միացյալ Նահանգներում։ Շուտով նրան միացավ եղբայրը՝ Նուբարը, որն իրենց քեռորդի Պարգևի հետ ներմուծող գործակալություն էր ստեղծել։ Պալյանները, ինչպես և մնացած հայերը, որոնք ունեցվածք էին կորցրել Օսմանյան կայսրությունում, այդպես էլ հատուցում չստացան Աֆիոն-Գարահիսարում և Սվասամ իրենց բռնագրավված սեփականության համար։
Հրաժարվելով դեղագործի իր մասնագիտությունից՝ Վարդանը հայկական թերթ հիմնադրեց, որը ժամանակի ընթացքում ազդեցիկ դարձավ։ Հարյուր հազարավոր հայրենակիցներ հաստատվել էին աշխարհի տարբեր երկրներում, և շատ կարևոր էր, որ նրանք կապ պահպանեին, չնայած նրանց բաժանող սահմաններին և օվկիանոսներին։ Մարոն, որը տնօրինում էր թերթը, Վարդանին պարգևեց երեք դուստր՝ Ազնիվ, Արաքսի և Նաիրի, իսկ հետո երկրորդ որդուն, որի ավազանի անունը Հակոբ էր, մորական պապի պատվին։ Ինչ վերաբերում է Թովմասին, ապա ցանկանալով թեթևացնել մարդկային վշտերը, նա վճռեց բժիշկ դառնալ։
Մեսրոպ Մեսրոպյանը մահացավ Տիրանի ու Արամի Հայաստան մեկնելուց առաջ։ Քանի որ Պարգևն արդեն Միացյալ Նահանգներում էր, պատասխանատվություն զգալով իր մոր հանդեպ, Տիրանը ստանձնեց ընտանեկան տպարանի ղեկավարությունը։ 1923 թ. Մուսթաֆա Քեմալի կողմից Թուրքական Հանրապետության հռչակումից հետո, Տիրանն առիթ չուներ վախենալու իր նախկին քաղաքական հակառակորդներից։ Հրաժարվելով քաղաքական գործունեությունից՝ նա դարձավ Կոստանդնուպոլսի մեծ հայ համայնքի պատվարժան անդամներից մեկը։
Ռըզա բեյը բավականաչափ ճարպիկ գտնվեց և պահպանեց գավառապետի իր պաշտոնը, երբ շրջանը անգլիացիների վերահսկողությունից անցավ ֆրանսիացիներին։ Եվ քանի որ նա ծածուկ օգնում էր քեմալականներին, ապա ոչ մի խնդիր չունեցավ հանրապետության հռչակումից հետո։ Նա թողեց պաշտոնը՝ իր կալվածքները կառավարելու և հարստությունը հանգիստ վայելելու համար։
Մարոյի մեկնումից քիչ անց իր որդուն կորցրած Լեյլայի և Ռըզա բեյի կողմից գուրգուրված Նուրհանը մոռացավ իսկական մորը։ Նրա թլփատման օրը Սաֆիյեն ցանկացել էր հայտնել, թե ով էր իսկական մայրը, սակայն Լեյլան հակառակվել էր դրան։
Տարիների ընթացքում Նուրհանը բազմիցս թերթել էր տատի ալբոմը, և յուրաքնչյուր անգամ, երբ նրա հայացքը կանգ էր առնում Մարոյի ժամանման օրը արված խմբակային լուսանկարի վրա, նա մտածկոտ նայում էր կանանցից մեկի գեղեցիկ դեմքին առանց իմանալու, որ հենց այդ կինն էր իրեն կյանք պարգևել։

2 людям это нравится.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель



Вернуться в Վեպեր



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз